Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Արցախը միշտ մերն է լինելու․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

Արցախը միշտ մերն է լինելու․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, 34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։ Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաղթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը: Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները: Արցախը միշտ մերն է լինելու»։
16:48 - 20 փետրվարի, 2022
ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է

ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է

Երեկ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում, լրագրողներից մեկը հիշեցրեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)` Ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված փաստաթուղթը․ «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա այդ հայտարարությունն արել էր, որպես դրա վառ ապացույց հիշեցրել ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթերը։ Իշխանությունները և Ձեր (Ռոբերտ Քոչարյանի- խմբ․) այլ ընդդիմախոսներ հաճախ են նշում, որ 1999 թ․, Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով, Դուք նույնպես ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։  Ի պատասխան լրագրողի հարցի՝ Քոչարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է․ «Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ ․․․ Այնտեղ կա անդրադարձ պոստսովետական տարածքում բոլոր կոնֆլիկտներին՝ Մոլդովայում, Վրաստանում, Ռուսաստանում (Չեչնիայի հարցն էր այն ժամանակ), Հայաստանում։ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է․ «Մենք հարգում ենք, վերահաստատում ենք, ևս մեկ անգամ պնդում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»։  Մոլդովայի տարածքային ամբողջականությունն էր վերահաստատվում, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, և միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»։    Ի՞նչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսին՝ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մեղրիի փոխանակման թեման Հայաստանի Հանրապետությունում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին։ Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են այրահայտվել։ Այդ քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի և էնտեղ խոսել է Մեղրիի ռազմական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիան, որի մեջ, ըստ էության, Հայաստանը կողմ է քվեարկել էն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ուզում եմ էսպիսի մի զուգահեռ տանել․ 1996 թվականին տեղի է ունեցել Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ էլի էդպիսի ձևակերպում է եղել, բայց 96 թվականին ՀՀ-ն վետո է դրել այդ որոշման վրա։ Բայց 99 թվականին ՀՀ-ն արդեն կողմ է քվեարկել։ Իհարե, դրանք նույն բաները չեն եղել, բայց բովանդակային առումով»․․․ Այս հատվածում Փաշինյանի խոսքը կիսատ է մնում։ 2021-ի հունիսին Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ ընդունվող փաստաթղթի վրա Հայաստանը վետո էր դրել։ Այնուհետև անդրադարձավ Ստամբուլի գագաթնաժողովին՝ այս անգամ մեջբերելով Եվրոպայում անվտանգության խարտիայից հատված․ «Մարդու իրավունքների` ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։  Փաշինյանն այս հատվածը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Ի՞նչ ա ասում․ ասում ա՝ այո՛, ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն, բայց էդ իրավունքների հարգման պրոցեսում երկրների տարածքային ամբողջականությունը չպետք է խաթարվի, այսինքն՝ երկիրը ամբողջական պետք է մնա»։ Այնուհետև նա շարունակեց մեջբերումը․ «Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պահպանման և խթանման միջոցներն են գոյություն ունեցող պետության ներսում»։    Ի՞նչ է գրված Եվրոպայում անվտանգության խարտիայում 1999-ի նոյեմբերի 18-19-ին Ստամբուլում տեղի է ունեցել ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության խարտիան։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ստորագրած այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Փաստաթղթում, սակայն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Փաշինյանի մեջբերած հատվածը Խարտիայի՝ մարդու իրավունքներին վերաբերող հատվածից է։ «Մարդու, այդ թում՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների լիակատար հարգումը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, կարող է ոչ թե խաթարել, այլ ամրապնդել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր կոնցեպտները, ինչպես նաև վերը նշված, ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ փաստաթղթերում ուրվագծված այլ մոտեցումները գոյություն ունեցող պետության ներսում ազգային փոքրամասնությունների էթնիկ, մշակութային լեզվական և կրոնական ինքնությունը պահպանելու և խթանելու ուղիներ են։ Մենք դատապարտում ենք ցանկացած փոքարամասնության դեմ բռնությունը»,- ասվում է խարտիայում։ Տարածքային ամբողջականությանը փաստաթղթում ևս մեկ անգամ է ընդհանուր անդրադարձ կատարվում․ «Մենք, ԵԱՀԿ մեր պարտականություններին համապատասխան, անհապաղ կխորհրդակցենք անդամ պետության հետ, որն օգնություն է խնդրում՝ իրականացնելու իր անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը այն դեպքում, երբ վտանգված են իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Մենք համատեղ կքննարկենք սպառնալիքի բնույթը և գործողությունները, որոնք կարող են պահանջվել մեր ընդհանուր արժեքների պաշտպանության համար»։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվում Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ասվում է․ «Մենք հատկապես ողջունում ենք ակտիվ երկխոսությունը Հայաստանի և  Ադրբեջանի նախագահների միջև, որոնց կանոնավոր շփումները հնարավորություններ են ստեղծել դինամիկ դարձնելու խնդրին (Ղարաբաղյան- խմբ․)  տևական և համապարփակ լուծում գտնելու գործընթացը: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և խրախուսում դրա շարունակությունը հույսով, որ բանակցությունները կվերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Մենք հաստատում ենք նաև, որ ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը, որը մնում է [հակամարտությանը] լուծում գտնելու ամենահամապատասխան ձևաչափը, պատրաստ են խաղաղության գործընթացի և ապագայում դրա իրականացման հետագա առաջմղմանը՝ ներառյալ կողմերին անհրաժեշտ օգնություն տրամադրելը»։ Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում այլ հակամարտություններին անդրադառնալիս խոսվում է կոնկրետ երկրների տարածքային ամբողջականության մասին: Կոսովոյից խոսելիս, օրինակ, նշվում է Հարավսլավիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, Հարավային Օսեթիային և Աբխազիային անդարադառնալիս՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, և այսպես շարունակ։  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հատվածում Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն, ոչ մի խոսք չկա։ Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց նաև Ռոբերտ Քոչարյանը։  Եվրոպայում անվտանգության խարտիայում, փաստորեն, խոսքը պետության ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին է, և ընդամենը նշվում է, որ դա չի կարող խաթարել պետության տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է միայն Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ևս խոսք չկա Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Իսկ Լիսաբոնյան փաստաթուղթում, որի հետ Նիկոլ Փաշինյանը համեմատում է Ստամբուլյան փաստաթուղթը, խոսվում է կոնկրետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ «Բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի Հանրապետության տարածքային աբողջականության խնդիրը կարգավորելու հարցում  ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Ցավում եմ, որ Մինսկի կոնֆերանսի համանախագահների ջանքերը՝ համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների վերաբերյալ, անհաջող են եղել»։ Այնուհետև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականություն,  Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ սահմանված ինքնորոշման իրավունքի վրա հիմնված համաձայնագրով, որը Լեռնային Ղարաբաղին տալիս է Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձր աստիճան, Լեռնային Ղարաբաղի և դրա բնակչության համար երախշավորված անվտանգություն՝ ներառյալ փոխադարձ պարտավորությունները` ապահովելու բոլոր Կողմերի՝ կարգավորման դրույթների պահպանումը: Այս փաստաթուղթը ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն է: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ պնդում է անում՝ համեմատելով Լիսաբոնյան փաստաթուղթը և Եվրոպայում անվտանգության խարտիան։ Լիսաբոնյան փաստաթղթի դեպքում կոնկրետ ձևակերպում կար Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ադրբեջանի ներսում ԼՂ կարգավիճակի մասին, իսկ խարտիայում այդ մասին խոսք չկա․ այստեղ խոսվում է միայն պետություների ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է ոչ թե Եվրոպայում անվտանգության խարտիայում, այլ Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։   Աննա Սահակյան
14:46 - 18 փետրվարի, 2022
Եթե իշխանությունը ամեն անգամ այսպիսի ռումբեր դնի բանակցային գործընթացի տակ, ապա ոչնչի չենք հասնի, միայն կամրագրենք փաստացի իրավիճակը․ Քոչարյան

Եթե իշխանությունը ամեն անգամ այսպիսի ռումբեր դնի բանակցային գործընթացի տակ, ապա ոչնչի չենք հասնի, միայն կամրագրենք փաստացի իրավիճակը․ Քոչարյան

Ղարաբաղի ձևավորման իրավական հիմքերը անխոցելի են, ուղղակի պետք էր Ղարաբաղը դե ֆակտո պահել, բանակը պահել, պատերազմ չհրահրել, չպարտվել պատերազմում և տնտեսապես հզորացնել Ղարաբաղը, ու փաստացի ճանաչումը ժամանակի հարց էր։  Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 2016 թ․-ին Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական և գործնական հնարավորությունները։ «Այդպիսի կոնֆիլկտները արագ չեն լուծվում, օրինակ եթե այս պատերազմում չպարտվեինք գոնե մի երկու շաբաթ, տաս օր չնահանջեինք որևէ տեղ․․․ամեն օր մենք նահանջել ենք։ Պատերազմը կկանգներ, և հետո իսկապես հնարավորություն կստեղծվեր ճանաչման որոշակի գործընթաց սկսել։ Եթե այսպես շարունակվի, մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու, մենք ամեն օր կորցնում ենք որոշակի հնարավորություններ։ Ես ասացի՝ չեմ պատկերացնում՝ բանակցային գործընթացում ինչ են բանակցելու, և եթե ամեն անգամ իշխանությունը այսպիսի ռումբեր դնի կամ նռնակներ դնի բանակցային գործընթացի տակ, ապա մենք այդ բանակցային գործընթացով ոչնչի չենք հասնի։ Մենք ընդամենը ամրագրելու ենք փաստացի իրավիճակը։ Ես լրջագույն պրոբլեմ եմ տեսնում և համարում եմ, որ այսօր Ղարաբաղը շատ լուրջ դերակատարություն պետք է  ունենա Հայաստանի հետ իր հարաբերություններում՝ ստիպելով, պահանջելով, որ Հայաստանի իշխանությունները բացատրեն, թե ինչ են անում»։ Քոչարյանի տպավորությամբ՝ Արցախի հարցը բոլոր կողմերի համար ծանր թեմա է, և Արցախի իշխանությունները չեն ուզում թեման սրել՝ Հայաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար․ «Պետք է շատ ավելի վճռական լինեն, և պետք է շատ ավելի համարձակ լինեն ՀՀ-ի առջև խնդիրներ դնելու առումով։ Չպետք է նայեն հարաբերությունները կփչանան, թե ոչ։ Անձնական դաշտի մեջ չի այս ամենը, այսօր լինել-չլինելու հարցն է։ Որևէ մեկը գիտի՞՝ ինչ է լինելու 3 տարի հետո, երբ ռուսական խաղաղապահների մանդատի 5 տարին լրանա, ՀՀ ղեկավարությունից որևէ մեկը գիտի՞։ Ոչ մեկը չգիտի, չեն էլ քննարկում այդ հարցը այսօր։ Խուսափում են այդ քննարկումից»։
13:19 - 17 փետրվարի, 2022
Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են․ բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ «А куда они денуться» ֆորմուլայի մեջ․ Քոչարյան

Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են․ բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ «А куда они денуться» ֆորմուլայի մեջ․ Քոչարյան

«Լավ եմ ճանաչում Լուկաշենկոյին։ Կարելի է իրեն ընդունել-չընդունել, հարգել-չհարգել, բայց ինքն ասում է այն, ինչ մտածում է։ Ինձ համար մի քիչ անհասկանալի էր այն բուռն արձագանքը, որ Հայաստանում եղավ իշխանական թիմի կողմից, որովհետեւ այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, հնարավոր չէ ուղղակի համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիեւը Հայաստանի մասին՝ զրո արձագանքով Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ են ակտիվացել Լուկաշնեկոյի պարագայում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ կարծիք հայտնելով Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։ Քոչարյանը նշելով, որ Լուկաշենկոն, Իհարկե չպետք է այդ տոնով ասեր, որոշակի կոռեկտություն պետք է պահեր, ասաց․ «Ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են։ Բոլորը մեր մասին այդպես են մտածում՝ «А куда они денуться» ֆորմուլայի մեջ։ Այսօր իշխանությունն անում է ամեն ինչ, որ այդ մտածելակերպն արմատավորվի, կամ չեն անում ոչինչ, որ այլ պետությունների ղեկավարները մեր մասին այլ կերպ մտածեն»։ Ինչ վերաբերում է միութեանական պետությանը՝ Քոչարյանն ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։
12:47 - 17 փետրվարի, 2022
Մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. Քոչարյանը` ՀԱՊԿ-ի մասին |armenpress.am|

Մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. Քոչարյանը` ՀԱՊԿ-ի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կմիջամտի Հայաստանի վրա հարձակման դեպքում, սակայն այդ կազմակերպությունում մնալը անհրաժեշտություն է համարում: Փետրվարի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը ունի հիմնական երեք ուղղություն` Ռուսաստան-Բելառուս (Արևմտյան ուղղություն), Ռուսաստան- Հայաստան (Հարավային Կովկաս ուղղություն) և Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի երկրներ: Քոչարյանի խոսքով՝  անվտանգային սպառնալիքները տարբեր էին այդ երեք ուղղություններով, շատ դեպքերում՝ իրար հետ չառնչվող: «Բայց այս ամենը ամփոփված էր մեկ կազմակերպության մեջ, քանի որ կենտրոնական դերակատարությունը Ռուսաստանինն էր, և Ռուսաստանը բոլոր այդ սպառնալիքների նկատմամբ շատ զգայուն էր»,- ասաց Քոչարյանը: Երկրորդ նախագահը, գնահատելով Հայաստանի վիճակը ՀԱՊԿ-ի կոնտեքստում, նշեց, որ Հայաստանը հարձակման լրջագույն սպառնալիք ունի երկու երկրներից` Թուրքիայից և Ադրբեջանից, բայց այդ երկու երկրները ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ, բացի Ռուսաստանից, ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ ու շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում, իսկ թուրքախոս երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ նույնիսկ մաս են կազմում այլ կազմակերպությունում: «Հետևաբար, մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա հարձակմանը, կլիներ միամտություն: Ուղղակի դա բացառվում է: Եվ խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում: Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են: Եվ աշխատեց Ղազախստանի պարագայում: Սա փաստ է, և մենք ուղղակի այս փաստի հետ  պետք է հաշվի նստենք: Մնա՞լ ՀԱՊԿ-ում,  թե  ՞ չմնալ: Իհարկե, մնալ: Առաջինը, չկա կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին և երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում ինչ-որ չափով կարգավորվում է: Մնալ, համագործակել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել»,- ընդգծեց Քոչարյանը:
12:26 - 17 փետրվարի, 2022
Թուրքիան դադարելու է մեզ դիտել իր ծրագրերի խոչընդոտ, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա․ Քոչարյան

Թուրքիան դադարելու է մեզ դիտել իր ծրագրերի խոչընդոտ, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի որոշ խնդիրներ է բացահայտել․ «Առաջինը՝ Ռուսաստանի սահմանի հետ բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտության և օժանդակության հնարավոր որոշակի լիմիտներ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու էր Վրաստանի օդային տարածքը փակ ռազմական  բեռնափոխադրումների համար։ Մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինի, թե՞ չեն հաշվարկել, թե՞ իրենց համար էլ էր սա անակնկալ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդի տարածքը ևս փակ էր, և այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա, սա ևս փաստ է։ Եթե չեն հաշվարկել, մեկ մեղադրանք է կարող է առաջադրել, եթե հաշվարկել են այնուամենայնիվ 2020 թ․-ի ամռանը գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ»։ Քոչարյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը Ռուսաստանի միջնորդ լինելն էր Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որը  էականորեն սահմանափակել է Ռուսաստանի՝ քայլեր ձեռնարկելու ազատությունը։ Իսկ երրորդ հանգամանքը, որ բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, Քոչարյանի խոսքով, Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն էր Հարավային Կովկասում։ «Հիմա այս երեք բաղադրիչները մեկ կոնտեքստում նայենք, իհարկե, պատկերը տխուր է, և ես չեմ տեսնում որևէ լուրջ քայլեր, որոնք կփորձեն չեզոքացնել, փոխել այս իրավիճակը և չեզոքացնել այս մարտահրավերները։ Ըստ էության մենք հայտնվել ենք նոր իրավիճակում, և այդ նոր իրավիճակը պահանաջում է որոշակի գործողություններ»։ Նա նշեց, որ իրենք այս իրավիճակում առաջարկում են հրատապ վերականգնել բանակի մարտունակությունը, բանակի հնարավորությունները, բարձրացնել այն նոր մակարդակի, ստեղծել սպառազինության և զինամթերքի ռազմավարական պաշարներ, որը հնարավորություն կտա ավտոնոմ գործել  զինված ուժերին առնվազն կես տարվա կտրվածքով։ Քոչարյանի խոսքով՝ այդ ամենը հնարավոր չէ ինքնուրույն անել․ «Պետք է հասկանալ՝ Ռուսաստանը ինչ չափով է պատրաստ այս ծավալի օժանդակություն և համագործակցություն ունենալ Հայաստանի համար։ Համոզված եմ, որ դա հնարավոր է, կասկածում եմ, որ մեր կողմից այդպիսի ազդակներ և այդպիսի խնդրանք գոյություն ունի»։ Մյուս հարցը, երկրորդ նախագահի խոսքով, օդային տարածքի խնդիրն է․ «Մենք ապագայում կարո՞ղ ենք ևս ունենալ լիարժեք օդային շրջափակում, թե սա ուղղակի ինչ որ դրվագ էր, որը մենք ի վիճակի ենք շտկել։ Խոսքը Վրաստանի օդային տարածքի մասին է»,- ասաց նա՝ նշելով,  որ իր նախագահության տարիներին նման խնդիրներ չեն եղել, ինքը չի պատկերացրել, որ հնարավոր է Վրաստանի հետ այդպիսի հարաբերությունների հասնել։ Ըստ Քոչարյանի՝ այս իրավիճակում կա նաև երկրորդ, իր համար ոչ հաճելի ճանապարհ․ «Այդ ճանապարհը հետևյալն է․ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը՝ որպես անհաղթահարելի գործոն, և ենթարկվել այդ սպառնալիքին։ Եվս ճանապարհ է, գնալ Հայաստանի պլանավորված աջարիզացիայի։ Թուրքիան դադարելու է մեզ դիտել իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա, մեր քաղաքականության վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ, և Թուրքիան պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր, երբ ռուսական ներկայությունը այստեղ սկսի դադարել, և սկսի փոխարինվել թուրքական ազդեցությամբ, և դա հնարավոր է, եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես»։ Համադրելով բոլոր գործընթացները՝ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը անցել է իր նշած երկրորդ տարբերակին։
12:08 - 17 փետրվարի, 2022
Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|

Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։  Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար։   «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները»,- նշվում է մեղադրանքի մեջ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մեղադրանքը պարզ չէ իր պաշտպանյալի և պաշտպանական խմբի համար, ուստի 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։ Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:
15:27 - 15 փետրվարի, 2022
Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է և կալանքով ահաբեկման նոր ալիք․ շուտով գալու է պատասխան տալու ժամանակը․ Ռոբերտ Քոչարյան

Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է և կալանքով ահաբեկման նոր ալիք․ շուտով գալու է պատասխան տալու ժամանակը․ Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել․   «Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է: Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է եւ կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով: Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։ Այս գործընթացները չեն կարող երկար տեւել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել: Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը»:
13:19 - 08 փետրվարի, 2022
Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur.am-ի հարցին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. 1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4. Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է: 5. Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:
18:01 - 15 հունվարի, 2022
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, և որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը։ Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանության գալու պարագայում կատարելու է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն ռազմագերիներն վերաբերող կետը իրականացված չէ․ «Հիմա դա չեղարկելով նաև մեզ մեղադրելու են, ասելու են՝ գերիներին հետ չեն ուզում, որովհետև միակ իրավական փաստաթուղթն է, որտեղ «ռազմագերի» բառն է օգտագործված։ Բրյուսելում ուղղակի շոկ էր, ռազմագերի բառը չօգտագործվեց, ինչի՞ համար ես գնացել այնտեղ»։ Խոսելով Արցախի կարգավիճակի, Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի մասին՝ Քոչարյանն ասաց. «Պետք է  ձգտել ԼՂ-ի տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնել։ Այն, ինչ եղել է, չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելը չի կարող հաջողության գոնե ինչ-որ մասը չիրականցվի»։ Քոչարյանն նշեց նաև, որ քարոզարշավի ընթացքում ժողովուրդը իրենց մեջ տեսել է մի ուժի, որը կարող է փորձել ինչ-որ բան փոխել․ «Սրա վտանգավար հետևանքը կարող է լինել պատերազմը։ Պատերազմից սարսափած ժողովրդի մոտ դա աշխատեց և ամենից մեծ գործոնն էր սա, որ ազդեց ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա մարդիկ տեսնում են, որ, այնուամենայնիվ, անվտանգային հարցերը լուծված չեն, և երկրի հարցումներով 70-80%-ը համարում են այդ հարցերը առաջնահերթ։ Բայց սա մի տարբերակ է, երբ անընդհատ այդ վախը պահելով ժողովրդի գլխին կարելի է գնալ հակաազգային, մեր շահերից չբխող տարբեր լուծումների՝ այդ սարսափը պահելով։ Սա է առկա պահի ամենից մեծ պրոբլեմը, որը պետք է հաղթահարենք, հակառակ դեպքում մենք անընդհատ զիջողի դերում ենք լինելու»։
13:45 - 27 դեկտեմբերի, 2021
Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան

Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան

Թուրքիան միշտ երեք նախապայման դրել է Հայաստանի առջեւ․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, յոթ շրջանի անվերապահ վերադարձը Ադրբեջանին, Ցեղասպանության ճանաչման մասով էնտուզիազմի չդրսեւորում կամ այլ կերպ ասած այդ հարցի փոխանցումը պատմաբանններին։ Հիմա ավելացել է եւս մեկը՝ Զանգեզուրով միջանցքի նախապայմանը։ Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ «Մեր մոտեցումը հետեւյալն էր՝ պատրաստ ենք հարաբերություններ կառուցել՝ առանց նախապայմանների։ Նույնիսկ երբ սահմանից խոսում էին, մենք ասում էինէ՝ մեր կողմից սահմանը բաց է, փակ է մյուս կողմից։ Հիմա ինչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ։ Նախ, ոչ թե յոթ շրջանն է վերադրաձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ։ Ըստ էության այդ նախապայմանն այլեւս գոյություն չունի, քնաի որ բոնուսով իրականացված է։ Ցեղասպանության հետ կապված՝ Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել՝ Հայաստանը որեւէ հաջողության կարող է հասնել Ցեղասպանության ճանաչման գործում․․․ այդ հարցն այսօր իշխանությունները թողել են Հայ դատի գրասենյակների վրա։ Նման հարցերի կարող են դիմել պետություններ, որոնք այս կամ այն պահին կարող են Թուրքիային պատժելու ցանկություն ունենալ։ Հիմա երեք նախապայմաններից երկուսն իրենց համար բարեհաջող լուծված են»,- ասաց Քոչարյանը։ Իսկ ինչ վերաբերում է առաջին նախապայմանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Քոչարյանն ասաց․ «Մինչ Բրյուսել՝ խորհրդարանում վարչապետն ասաց, որ այլեւս չկա 2016-ին նույնիսկ տեսական տարբերակ՝ Ադրբեջանից դուրս Ղարաբաղի համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որեւէ տարբերակ Ադրբեջանից դուրս։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ դա վերահաստատեց։ Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են։ Երբ ասում են պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն ուղղակի դժվար է հորինել, դուք բոլոր նախապայմանները կատարել եք»,- ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ 2003-ին, երբ 2002-ին Էրդողանի կուսակցությունը հաղթել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ «Վարդան Օսկանյանը բավական ոգեւորված էր, զանգեց,ա սաց՝ ոնց որ Թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայամնենրի բանակցությունների, ես ասացի՝ չեմ հավատում, դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանը կխանգարի։ Ասացի՝ դրա մասին մեծ աղմուկ մի հանի, որ չստացվի՝ սպասելիքներ ենք առաջացնում, շարունակեք այդ ոճով։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել էր՝ առանց նախապայմանների։ Այն ժամանակ իրենց ոմտեցումը սա էր, մի քանի ամիս հետո հանդիպումից հետո Օսկանյանը զանգեց, ասաց՝ ոնց որ հետ են քաշվում, երրորդ հանդիպման ժամանակ ամբողջությամբ վերադարձանք այն կետին, ինչից սկսել ենք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ սա է եղել հայ-թուրքական հարաբերությունների հուսադրող պահը, որեւէ տեւել է, նրա խոսքով, վեց-յոթ ամիս։
13:11 - 27 դեկտեմբերի, 2021