ԿԱՐԴԱԼԻՔ

ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի սահմանել առաջին անգամ զենք ձեռք բերելու քննության կարգը

ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի սահմանել առաջին անգամ զենք ձեռք բերելու քննության կարգը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որն արդեն մի քանի ամիս է՝ ուժի մեջ է, դեռեւս ամբողջությամբ չի գործում։ Դրա կիրարկման ծանր ընթացքը տարբեր պատճառներ ունի․ այժմ այդ պատճառներից մեկն այն է, որ ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի կատարել օրենսդիր մարմնի կողմից իրեն պատվիրակված գործառույթը՝ չի սահմանել կարգը, որով պետք է քաղաքացիները քննություն հանձնեն՝ առաջին անգամ զենք ձեռք բերելու համար։  Այսպես, այս տարվա հուլիսի 13-ին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած եւ անհետաձգելի համարած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում։ Օրենքի այդ նախագծով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ «առաջին անգամ զենք, այդ թվում՝ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած կարգով հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն»: Նույն օրենքում նշված է, որ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանը պետք է ընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Օրենքն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ նախագահի ստորագրելուց հետո այն հրապարակվում է պաշտոնապես։ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Խնդրո առարկա օրենքը նախագահը ՍԴ չի ուղարկել եւ այն ստորագրել է օգոստոսի 3-ին, օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 8-ին։  Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ից հաշված՝ ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարությունը, 15 օրվա ընթացքում պետք է սահմաներ զենքի հետ կապված քննության կարգը, իսկ նախարարը՝ ստորագրեր այն։ Սակայն մինչ այս պահը հրապարակված չեն ոչ կարգը, ոչ հրամանը, ինչը, փաստացի, օրենքի խախտում է։ Infocom-ը նախ կապ հաստատեց ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ խնդրելով պատասխանել, թե ինչու դեռեւս չկա նախարարի հրամանը, եւ ինչու հաստատված չէ համապատասխան կարգը։ Չնայած մեր հավաստիացումներին, որ զենքի հետ կապված քննության վերաբերյալ դրույթը սահմանող օրենքն ուժի մեջ է մտել, եւ կարգի սահմանման համար նախատեսված ժամկետն արդեն անցել է, Գաբրիելյանը պնդեց, որ ընդունվել է ընդհանուր օրենքը, իսկ նշյալ դրույթը Ազգային ժողովում քննարկման փուլում է, եւ դրանով է պայմանավորված, որ կարգը դեռ չկա։ Մեր ճշտող հարցին՝ խոսքը վերաբերում է այն դրույթին, ըստ որի՝ ՆԳՆ-ն պետք է հաստատի քննության կարգը, Գաբրիելյանը դրական պատասխան տվեց՝ առաջարկելով ԱԺ կայքում նայել։ Նրա խոսքով՝ այս պահին նոր ընդունված օրենքի այդ փոփոխությունը կրկին փոփոխության է ենթարկվում, եւ այդ մասով ուժի մեջ մտած չէ։ Ազգային ժողովի կայքում, սակայն, ոչ նիստերի օրակարգում ընդգրկված, ոչ օրակարգում դեռեւս չընդգրկված նախագծերի բաժնում, ոչ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում զենքի մասին օրենքին առնչվող որեւէ նախագիծ զետեղված չէ։ Infocom-ը մեկնաբանություն ստացավ նշյալ հանձնաժողովի անդամ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից․ վերջինս, հակառակ ՆԳՆ-ից ստացած մեկնաբանության, փոխանցեց, որ Ազգային ժողովում զենքի ձեռքբերման քննության կարգի վերաբերյալ որեւէ նախագիծ ներկայում չի քննարկվում, եւ պետք է հիմք ընդունել արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքը, որն ամենասկզբում հիշատակեցինք։ Սա նշանակում է, որ օրենքի ամբողջական կիրարկման համար հետագա աշխատանքները ՆԳՆ տիրույթում են։ Ըստ այդմ դարձյալ կապ հաստատեցինք ՆԳՆ աշխատակցի հետ՝ տեղեկացնելով, որ նույնիսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովից են վստահեցնում, որ նոր նախագիծ չի քննարկվում։ Պարոն Գաբրիելյանը բանավոր մեկնաբանություն չտվեց՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուց հետո այն կհրապարակենք։ Հային զինվել է պետք, ու այդ ճանապարհին փնթիությունները հանգեցնելու են տխուր բաների Զենքի օրենքն այնքան է ծամծմվել, որ էլ չափ ու սահման չկա, ասում է «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գեւորգյանը․  «Փաստացի, լավ բան անելու փորձը, այն է՝ մարդուն թույլատրել զենք գնել՝ գիտելիքի հիման վրա, այսօր ողբալի ձեւով է ընթանում։ Իրականում մեր բոլոր գործընթացները նման ձեւով են արվում, այսինքն՝ սկզբից թվում է, թե լավ բան է արվելու, բայց այնքան վատ է արվում, որ կարող է՝ եթե չարվեր, ավելի լավ լիներ»,- մեր զրույցում ասաց Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ «Ազատազէն»-ի հրաձգարանը միայն վերջերս է լրիվ օրինական դարձել, այն էլ դատական կարգով․ «Պետք էր հրաձգարան բացելու համար լիցենզավորված հրահանգիչ ունենալ, ու երկրում չկա այդ լիցենզավորված հրահանգիչը, որովհետեւ դրա կարգն էլ ոստիկանությունը չի սահմանել»,- նշեց Գեւորգյանը։ Այդ կարգն էլ, ի դեպ, մինչ օրս սահմանված չէ։ Գեւորգյանի խոսքով՝ հիմա էլ եթե մեկը որոշի դատական կարգով իրացնել զենք ձեռք բերելու իրավունքը, ապա, ըստ ամենայնի, կհաջողի, որովհետեւ այդ իրավունքի իրացման համար անհաղթահարելի ուժ է ստեղծվել, ինչը չպիտի անձի դեմ գործի։ Բայց այդ ճանապարհն էլ հեշտ ընթացքով չէ․ «Այն իրականությունում, որում մենք ենք ապրում, մարդուն բերել գցել այդ վիճակի մեջ, որ եթե ուզում ես զինվել, պետք է իրավաբան վարձես, պայքարես, ոչ մի տեղ չենք հասնի։ Մենք ռազմամարզականների ասոցիացիայով քննարկել ենք նաեւ այս հարցին իրավական ընթացք տալը, բայց խնդիրը ոչ թե նրանում է, որ մենք դա էլ դատով կհաղթենք, այլ հարցն այն է, որ գործը փնթի է արվում․ մի քանի տարի առաջ որոշվել է զենքի օրենքը փոխել, բայց փոխում-փոխում ենք, չենք փոխում։ Բայց բոլորն են հասկանում, որ հային զինվել է պետք, ու այդ ճանապարհին փնթիությունները հանգեցնելու են տխուր բաների»,- ասաց Գեւորգյանը՝ հիշեցնելով նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն անցկացվելիք պահեստազորայինների վարժական հավաքներին ներգրավվել է ընդամենը հազարից մի փոքր ավելի քաղաքացի, եւ մեր զրուցակցի մտահոգությունն այն է, որ վաղը եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ինչի հավանականությունն առկա է, մենք ունենալու ենք մոբ ռեսուրսի այն նույն մարդկանց, որոնք պատշաճ պատրաստված չեն։  Գեւորգյանը նշեց, որ մյուս շաբաթվանից ավելի ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս խնդիրը լուծվի․ «Խայտառակություն է, որ պատերազմից երեք տարի հետո դատով պետք է բացվի երկրի առաջին հրաձգարանը, կամ մեկը պիտի հունից դուրս գա՝ դատով զինվի։ Բոլոր հայերը պետք է ուշադիր սպասեն, ով ինչ քայլ կարող է՝ անի, որ կարգը լինի, քանի որ սա տարբերակ է, որ մարդը հույսն իր վրա դնելով՝ իր ռազմական գիտելիքները բարձրացնի, լինի զինված, որովհետեւ Ջերմուկի քաղաքացին չգիտեր, որ հակառակորդը կարող է հասնել Ջերմուկի մատույցներին, վաղը կարող է Արմավիր հասնելու փորձ անեն․․․։ Այս կարգը կլինի շուտ թե ուշ, բայց պետք է գիտակից քաղաքացիներ շատ լինեն, որ գնան, կարգ ու կանոնով զինվեն ու պատրաստ դառնան, որ մեկ ազատազեն մարդ շատանա․ ազատազենը զինված ու երկիրը պահելուն պատրաստ մարդն է, որը խաղաղ ժամանակ անկախ է բանակից»։ Հայարփի Բաղդասարյան
18:57 - 25 օգոստոսի, 2023
Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Կախված առաջարկվող կրթական ծրագրերից և գիտական աստիճաններից՝ համալսարանները լինում են տարբեր։ Բուհերը սովորաբար իրենց դիրքավորում են կա՛մ որպես հետազոտական համալսարաններ (research universities), կա՛մ որպես կրթական համալսարաններ (teaching universities)։ Լինում են նաև հիբրիդային՝ այսինքն՝ համալսարաններ, որոնք ներառում են երկու ուղղություններն էլ։  Գիտահետազոտական բաղադրիչը չափազանց կարևոր է բուհերի համար։ Այն նպաստում է գիտելիքների ընդլայնմանը, խթանում նորարարությունը և բարձրացնում կրթության որակը: Դասախոսների՝ դասավանդմանը զուգահեռ հետազոտություններում ներգրավվելը հնարավորություն է տալիս առաջատար լինել իրենց ոլորտներում և հարստացնել ուսումնական գործընթացը ժամանակակից գիտելիքներով:  Հայաստանյան բուհերը, սակայն, իրենց հստակ չեն դիրքավորում որպես հետազոտական կամ ոչ հետազոտական համալսարաններ. այդ տեղեկությունը բուհերի կայքերում չգտանք։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական կարողությունների գնահատումը հատկապես կարևոր է գիտահետազոտական կազմակերպությունները ՀՀ պետական բուհերին միացնելու մասին խոսակցությունների ու քայլերի համատեքստում։ Տրամաբանությունը հուշում է, որ վարվող այս քաղաքականության և իրականացվող փոփոխությունների հիմքում պետք է լինեն նաև այս պահին բուհերի ունեցած հետազոտական ներուժն ու կարիքները արտահայտող ցուցանիշներ։ Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ցուցանիշներ առկա չեն, իսկ գոյություն ունեցող որոշակի տվյալներն էլ ոչ ամբողջական են։ Այս հոդվածում փորձել ենք ցույց տալ բուհերի գիտահետազոտական արդունքները վերջին երկու տարիների ընթացքում՝ հենվելով բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրապարակված հոդվածների քանակական տվյալների վրա։ Մինչ դրան անցնելը, սակայն, պիտի փորձենք հասկանալ՝ ինչ է գիտությունը համալսարանների համար։ Դա հասկանալու համար զրուցել ենք Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ներկայացուցիչների հետ։   Հայաստանյան բուհերը կարևորո՞ւմ են, որ դասախոսները զբաղվեն գիտությամբ Հարցազրույցների ընթացքում առաջին հարցը, որին անդրադառնում էինք, գիտության դերն է համալսարանների համար․ փորձում էինք հասկանալ, թե որքանով են բուհերը կարևորում դասախոսների՝ գիտությամբ, հետազոտական աշխատանքով զբաղվելը։ Նկարներում ամփոփել ենք բուհերի ներկայացուցիչների պատասխանները վերոնշյալ հարցին։ Բուհերի ներկայացուցիչների հետ զրուցելով՝ արձանագրեցինք, որ դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը և հետազոտական աշխատանքներում ներգրավվելը կարևորում են բոլորը։    Խոսենք թվերով Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ապրիլին ներբեռնեցինք տվյալներ այն մասին, թե այնտեղ ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու ինչ ցուցանիշներ ունեն հայաստանյան բուհերը։ Web of Science-ը մեկն է ամենահայտնի ու կիրառելի շտեմարաններից, որտեղ ինդեքսավորված ամսագրերը համապատասխանում են գիտաչափության ստանդարտներին, իսկ տպագրված հոդվածներն ու հետազոտությունները վերաբերում են գիտության գրեթե բոլոր ոլորտներին։ Դիտարկել ենք Web of Science շտեմարանում 2021-2022 թվականներին հրապարակված գիտական հոդվածները։  Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից, բայց նախորդ տարիների փորձը դիտարկելով՝ նշենք, որ տվյալների տատանումը սովորաբար շատ մեծ չի լինում և ընդհանուր պատկերի օբյեկտիվ ըմբռնման վրա գրեթե ազդեցություն չի ունենա։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ ԵՊՀ-ն տարեկան մոտ 300 հոդված է տպագրում Web of Science կամ Scopus միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Web of Science շտեմարանից վերցված տվյալները հուշում են, որ ԵՊՀ-ն 2021-22 թվականներին հրապարակել է շուրջ 500 հոդված. հրապարակումների ամենամեծ կտորը՝ շուրջ 52%-ը, բաժին է ընկնում ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի ոլորտներում հետազոտություններին։ Հումանիտար և հասարակագիտական գիտությունների հոդվածները միջազգային ինդեքսավորված շտեմարաններում շատ քիչ են։ Մյուս բուհերի հետ համեմատած՝ ԵՊՀ-ն այս ցուցանիշով առաջատարն է, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ԵՊՀ-ն նաև ամենամեծ բուհն է թե՛ ենթակառուցվածքների և թե՛ անձնակազմի հաշվարկով։ Մոտավոր տվյալներով Երևանի պետական համալսարանում աշխատում է 1350 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 233 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 17 հոդված։ Հրապարակումների թվով երկրորդը Երևանի պետական բժշկական համալսարանն է՝ շուրջ 300 հոդվածով։ ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշում է, որ բուհում փորձում են մեծացնել սեփական հոդվածների թիվը։ Այսինքն՝ այն հետազոտությունների, որոնք կատարվել են բուհում՝ դասախոսների կամ գիտաշխատողների կողմից․ «Եթե 2015-2016 թվականներին մենք խոսում էինք Web of Science-ի 16 հոդվածի մասին, 2022 թվականը փակել ենք Web of Science-ի 101 հոդվածով։ Այո՛, մենք հիմա երկրորդն ենք համալսարանների շարքում՝ տպագրություններով զիջելով ԵՊՀ-ին, որը մուլտիդիսցիպլինար է։ Մենք պրոֆիլային ենք»։  Պարոն Ենկոյանը նշում է, որ բուհի ցուցանիշները բարելավելու համար ընտրել են գերակա ուղղություններ։ Կարևորում են սեփական հոդվածները և կարծում, որ ավելի լավ է ունենալ քիչ հոդվածներ, որոնք տպագրված կլինեն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում և հասանելի կլինեն միջազգային գիտական հանրությանը․ «Դու կարող է քանակը քիչ էլ տաս, կարող ես տպագրել, օրինակ, տասը հոդված, մեկ ուրիշ հաստատություն ունենա երկու հարյուր, բայց քո էդ 10-15-ով քեզ ավելի շատ ճանաչեն։ Որովհետև դրանք կլինեն այստեղի կատարած արդյունքը, իրենք շատ հղումներ կունենան, դաշտում ճանաչելի կդարձնեն քեզ։ Մենք ընտրեցինք գերակա ուղղություններ և  սկսեցինք զարգացնել դրանք»։ ԵՊԲՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ բուհում աշխատում է 1100 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 150 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 14 հոդված։ Տպագրությունների թվով երրորդ բուհը Հայ-ռուսական համալսարանն է` շուրջ 160 հոդվածով։ Հոդվածների շուրջ 82%-ը տպագրվել է բնագիտության ոլորտում։ Բուհի ներկայացուցչից մեկնաբանություն չունենք, քանի որ բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և մեկնաբանել ինչպես տվյալները, այնպես էլ իրենց ռազմավարությունը։ Չորրոդ տեղում Հայաստանի ամերիկյան համալսարանն է՝ շուրջ 50 հոդվածով։ Հոդվածների 39%-ը տպագրվել է բժշկագիտության ոլորտում։ «Այժմ մենք անգամ մոտ չենք այն արդյունքին, որին ձգտում ենք հասնել։ Դասախոսներին աշխատանքի ընդունելիս մենք շեշտը դնում ենք հետազոտական կարողությունների վրա։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ այն մարդիկ, որոնց աշխատանքի ենք ընդունում կարող են հետազոտական աշխատանքներ կատարել, ունեն տպագրվելու կարողություն և հետաքրքրություն։ Այսպիսով, մենք գոհ չենք ներկայիս արդյունքից, բայց դրա համար նաև օբյեկտիվ պատճառներ կան. առաջինը՝ մենք չունենք ասպիրանտական ծրագրեր, երկրորդը՝ մեզ մոտ մեծ է դասավանդման ծանրաբեռնվածությունը։ Բայց այս ամենի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշեց ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը (հարցազրույցի պահին նա դեռ պաշտոնավարում էր)։ Հինգերորդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում շուրջ 45 հոդվածով։  «Մենք տարվա կտրվածքով ունեցել ենք հոդվածի տեսքով 450 հրապարակում, ևս 22-ը՝ պատենտի տեսքով։ Սա խոսում է այն մասին, որ մեր տեղական ամսագրերում, այսինքն՝ Պոլիտեխնիկի գիտական ամսագրերում, շատ անգամ ավելի ակտիվ է, և հրապարակումները շատ են»,- նշում է բուհի ռեկտորը։ Նշելով, որ տեղական ամսագրերում տպագրվելը շատ լավ է, Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասում է, որ պետք է գնալ ոչ միայն միջազգային գիտական ամսագրերում հրապարակվելու ճանապարհով, այլ մեր գիտական ամսագրերը պետք է միջազգային վարկանիշավորում անցնեն, որպեսզի տեղական ամսագրերում հրապարակումը արդեն իսկ համարվի ազդեցության գործոն ունեցող միջազգային գիտական ամսագրում հրապարակված աշխատանք․ «Հակառակ դեպքում, եթե մենք միայն բռնենք ճանապարհը և խրախուսենք, որ ազդեցություն ունեցող գիտական ամսագրերում հրապարակումներ լինեն, ապա կգա մի պահ, որ տեղական գիտական ամսագրերում ուղղակի հրապարակումներ չեն լինի»։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը նշում է, որ Հայաստանում հարյուրից ավելի գիտական ամսագրեր կան, բայց դրանցից մոտ վեցն են ինդեքսավորված համապատասխան միջազգային շտեմարաններում․ «Ինչի՞ համար է դա պետք։ Երբ գիտնականը նոր իդեա է գեներացնում, դա չի արվում իր սեփական լաբորատորիայի ներսում մնալու համար, պետք է տեսանելիությունը մեծացնել։ Եթե լավ գաղափար է, ինչո՞ւ չտարածել միջազգային շուկայում։ Այս շտեմարաններն այն միջավայրն են, որտեղ կարող ես ներկայացնել քո աշխատանքը»։ Որպեսզի ամսագիրը կարողանա ինդեքսավորվել միջազգային շտեմարաններում, պետք է համապատասխանի միջազգային ստանդարտների՝ տեխնիկական (օրինակ՝ կայքի համապատասխանություն),  էթիկական (այսինքն՝ խմբագրության կողմից էթիկական նորմերը պահելը, որակական բովանդակություն ապահովելը)։ Այս երկուսի համապատասխանության դեպքում խմբագրությունը կարող է հայտ ուղարկել միջազգային շտեմարաններ, որտեղից միջինում վեց ամսվա ընթացքում կստանա պատասխան։ Շուշանիկ Սարգսյանը նշում է նաև, որ միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար ներդրումներ են պետք ու ռեսուրսներ՝ և՛ ֆինանսական, և՛ մարդկային։  Պոլիտեխնիկական համալսարանում դասավանդում է շուրջ 700 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 24 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 3 հոդված։ Web of Science շտեմարանից վերցված տվյալների համաձայն՝ վեցերորդ տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է՝ շուրջ 30  հոդվածով։ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն ասում է, որ տարեկան հրապարակումների ընդհանուր թվի տեղաշարժ կա, աճի տենդենց կա, որը անդրադառնում է նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումների վրա․ «Օրինակ՝ 2022 թվականին հրապարակվել է 281 գիտական աշխատանք, որից 118-ը՝ արտերկրի տարբեր պարբերականներում և գիտաժողովների նյութերում։ Նախորդ տարի եղել է 181։ Ընդհանուր թվի էական տեղաշարժ կա։ Բացի դրանից՝ էական տեղաշարժ կա նաև բարձր ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հրապարակման գործընթացում։ Եթե 2021 թվականին հրապարակվել է 25 հոդված, ապա 2022-ին այդ թիվը դարձել է 39»: Ագրարային համալսարանում դասավանդում է շուրջ 250 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 19 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 8 հոդված։ Հաջորդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է՝ շուրջ 20 հոդվածով։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը կարծում է, որ 20 հոդվածը, իհարկե, փոքր ցուցանիշ է, սակայն հաշվի առնելով, որ Տնտեսագիտական համալսարանը պրոֆիլային բուհ է հասարակագիտական գիտությունների ուղղությամբ՝ պատկերն այդքան էլ վատ չէ․ «Հասարակագիտական գիտությունների պարագայում բարդ է, որովհետև բնական գիտությունների պարագայում եթե արեցին փորձ, այն հաջողվեց, ապա ենթակա է հրապարակման․ հասարակագիտության մեջ այդպիսի ընթացակարգով հրապարակումը բարդ է»։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հրապարակումների փոքր թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դասախոսների որոշ տոկոս համատեղությամբ է աշխատում բուհում, դասավանդելը նրանց հիմնական աշխատանքը չէ, ուստի հոդվածներում որպես պատկանելություն (affiliation) Տնտեսագիտական համալսարանը չեն նշում։ Նշենք, սակայն, որ հոդվածներում պատկանելությունը ցույց է տալիս այն տեղը, որտեղ հետազոտությունը կատարվել է։ Հեղինակներն իրենք են որոշում՝ որ հաստատությունը նշել որպես աֆիլյացիա։ Ընդ որում՝ որոշում են ոչ միայն հաստատության անվանումը, այլև քանակը։ Եթե հեղինակը հոդվածի վրա աշխատանք կատարել է մի քանի հաստատություններում, օրինակ՝ մի տեղ կատարել է գիտափորձեր, մեկ այլ տեղում կատարել է տվյալների հետ աշխատանք ու մի երրորդ հաստատությունում կատարել է տեսական ուսուսմնասիրություններ, ապա կարող է երեք հաստատություններն էլ նշել որպես աֆիլյացիա։  Պարոն Մկրտչյանը հետազոտական ցածր արդյունավետությունը մեկնաբանելիս նշեց նաև, որ երկար ժամանակ ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում տպագրության որևէ պահանջ չի եղել․ «Երկար ժամանակ պահանջի բացակայությունը բերել է ոլորտային «ռազբռոսի»։ Անցյալ տարի մենք փորձեցինք ուսումնասիրել, թե մեզ հետ աֆիլացվող դասախոսները որքան հոդվածներ ունեն Scopus-ում կամ Web of Science-ում, պարզվեց, որ մարդիկ հրապարակվել են՝ առանց իմանալու, որ դա Scopus-ում կամ Web of Science-ում հրապարակում է։ Չի եղել պահանջ, իրենք պարզապես հրապարակվել են իքս ժուռնալում, հետո այդ ամսագիրը, պարզվել է, որ ինդեքսավորվել է Scopus-ում կամ Web of Science-ում, ու մարդիկ չգիտեն դրա մասին, ու դա նորմալ է»։ Բուհերի ցանկում նախավերջինը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է՝ 11 հոդվածով։ Բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և տվյալները մեկնաբանել։ Մեր ցանկի վերջին տեղում Հայկական պետական մանկավարժական համալսարանն է՝ 10 հոդվածով։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին հարցրինք՝ ինչպես կգնահատի բուհի արդյունքը՝ 11 հոդված։ Նշեցինք նաև, որ մեր վերցրած տվյալները դեռ վերջնական չեն, ու հնարավոր է փոքր տատանում։  «Երևի հենց աֆիլյացիան հաշվի առնելով՝ իրական պատկերն այդ պահին ամփոփված չի եղել, ամփոփելով տվյալները՝ բավակին բարձր են և շատ գոհացնող են, նվազում չունենք, ակնկալում ենք, որ ավելի բարձր ցուցիչներ կունենանք ապագայում»,- պատասխանեց տիկին Իսպիրյանը։ Մանկավարժական համալսարանում դասավանդում է շուրջ 600 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 5 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 1 հոդված։ * Այս ինֆոգրաֆիկայի ցուցանիշները հաշվարկել ենք 2021-ին յուրաքանչուր համալսարանի WOS-ում հրապարակած ընդհանուր հոդվածների քանակը բաժանելով դասախոսների թվին և բազմապատկելով 100-ի։   Իսկ ինչպե՞ս են բուհերը խրախուսում դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը Գրեթե բոլոր բուհերի դեպքում մեխանիզմը նույնն է՝ խրախուսման մեխանիզմներ՝ լրավճարների ու հավելավճարների տեսքով։ Տարբեր են միայն լրավճարների ու հավելավճարների չափերը։ Գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական ամսագրերը սովորաբար բաժանվում են չորս քառորդի՝ Q1, Q2, Q3, Q4: Այս բաժանումն իրականացվում է՝ ըստ ամսագրերի ազդեցության գործոնի՝ «գիտական վարկանիշի»։ Եթե բոլոր գիտական ամսագրերը դասավորենք՝ ըստ ազդեցության գործոնի նվազման, ցուցակի առաջին 25%-ը՝ ամենաբարձր ազդեցության գործակից ունեցողները, կհայտնվեն Q1 քառորդում։ Q2-ում կլինեն 26-50%-ի խմբում հայտնված ամսագրերը, Q3-ում՝ 51-75%, իսկ Q4-ում՝ մնացածը։ Համալսարանները լրավճարներ սահմանելիս առաջնորդվում են հենց այս բաժանմամբ։ ԵՊՀ-ն Q1 քառորդում տպագրված հոդվածի համար, եթե այն ունի մեկ հեղինակ ու մեկ աֆիլյացիա՝ ԵՊՀ, տրամադրում է 440 000 դրամ, Q2 քառորդի համար՝ 330 000 դրամ, Q3-ի համար՝ 220 000 դրամ, իսկ Q4-ի համար՝ 110 000 դրամ։ ԵՊՀ-ն լրավճարներ է սահմանել նաև տեղական ամսագրերում տպագրությունների, արտերկրում տպագրված գրքերի, մենագրությունների համար։ Իհարկե, այս լրավճարները զգալիորեն ավելի փոքր են։ Այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը փոխհատուցում է Web of Science և Scopus շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում տպագրական ծախսերը, սակայն, պրոռեկտորի խոսքով փոխհատուցումից բացի նախատեսում են ներդնել նաև լրավճարների տրամադրման կարգ, որը կկապվի ազդեցության գործոնի հետ։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հնարավոր է նաև խրախուսման մեկ այլ տարբերակ, որ Q4 քառորդում ընդգրկված ամսագրերում տպագրվելու համար չվճարեն, սակայն Q1-ում վճարեն ավելի շատ։ Նրա խոսքով այս դեպքում մոտիվացիան ոչ միայն հրապարակվելը կլինի, այլ նաև հրապարակվելը ավելի բարձր ազդեցության գործոն ունեցող ամսագրում, որը նաև հետազոտական գործունեության խրախուսում է։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Q1 քառորդում ընդգրկված ամսագրերում հրապարակումների համար նախատեսում է  200 000 դրամ լրավճար, մյուս քառորդների դեպքում արդեն որոշակի նվազում կա։ Սահմանված են նաև լրավճարներ Բարձրագույն որակավորման կոմիտեում ինդեքսավորված ամսագրերում տպագրությունների համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ասիստենտից դոցենտ և դոցենտից պրոֆեսոր առաջխաղացումը պահանջում է հետազոտական արդյունավետություն: Իսկ առաջխաղացումը նաև ենթադրում է աշխատավարձի բարձրացում, նոր, ավելի բարձր կարգավիճակ։ Սրանից բացի դասախոսների խրախուսման համար կան ներդրված այլ մեխանիզմներ․ դրանցից է, օրինակ, այն, որ դասախոսները կարող են դիմել դասավանդման ժամերի կրճատման համար։ Նրանք առաջարկ են ուղարկում իրենց հետազոտական գաղափարով, որի վրա ուզում են աշխատել, իսկ համալսարանն ամեն տարի մրցութային հիմունքներով մի շարք դասախոսների տալիս է այդ հնարավորությունը։ Այդպիսով նրանք մեկ դասընթաց պակաս են դասավանդում, փոխարենը ավելի շատ ժամանակ են հատկացնում հետազոտական աշխատանքին։ Համալսարանը նաև տրամադրում է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դրամաշնորհներ. այն է՝ որոշակի գումար գիտաժողովների, աշխատարանների մասնակցելու, հոդվածների հրատարակչական ծախսերը վճարելու կամ հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մեկ այլ հնարավորություն, որը բուհը տրամադրում է, այն է, որ եթե դասախոսները կարողանում են ֆինանսավորում ստանալ հետազոտությունների համար, նրանք կարող են «գնել» դասավանդման գործընթացը։ Սա նշանակում է, որ դրամաշնորհից որոշ հատված ծածկում է նրանց աշխատավարձի մի մասը, և նրանք ավելի քիչ են դասավանդում, ուստի ավելի շատ ժամանակ են ծախսում հետազոտության վրա։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, անդրադառնալով դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը խրախուսելուն, նշեց. «Համալսարանը, խրախուսելով իր դասախոսների և ասպիրանտների՝ գիտությամբ զբաղվելու հանգամանքը, նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, ֆինանսավորում է նրանց վճարովի տպագրությունը այդ հեղինակավոր ամսագրերում, որպեսզի վճարման բեռը նրանց ուսերին չմնա»։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Q1, Q2, Q3, Q4 քառորդներում ընդգրկված ամսագրերում տպագրությունների համար տրամադրում է լրավճարներ 150 000 - 350 000 դրամի սահմաններում։ Ռեկտորի խոսքով նպատակ ունեն լրավճարների չափը բարձրացնել։  «Դրա շնորհիվ այսօր պրոֆեսորները, 720 - 1 080 ժամ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, ստանում են 540 000 - 810 000 հազար դրամ աշխատավարձ», - նշեց Գոռ Վարդանյանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը պատմեց, որ խրախուսման մեխանիզմներ ներդնելը բուհում սկսել են՝ պահանջ դնելով, որ բոլոր նախապաշտպանությունների ժամանակ մարդիկ ներկայացնեն աշխատություններ, որոնք ունեն տպագրություններ Web of Science-ում․  «Բերեցինք նրան, որ հիմա դոկտորական դիսերտացիայի մակարդակով թեմա չեն էլ կարող հաստատել, եթե առաջին կամ վերջին հեղինակ չեն։ Թեկնածուականները հիմա մեզ մոտ դուրս են գալիս նախապաշտպանության միայն այն դեպքում, երբ ատենախոսությունը պաշտպանող և ներկայացնող անհատը ունի տպագրություն Q1-Q4 քառորդում՝ առաջին հեղինակությամբ»։ Եթե ամսագրի ազդեցության գործոնը մեկ է, հեղինակը ստանում է 100 000 դրամ։ Եթե հետազոտությունն ամբողջությամբ արված է ԵՊԲՀ-ում, 100 000-ը բազմապատկվում է 1,5-ով (150 000 դրամ), այլ տոկոսադրույք է սահմանված, եթե հետազոտությունն արվել է արտասահմանցի համահեղինակների հետ, բայց պատասխանատու՝ առաջին կամ վերջին հեղինակը, բուհի դասախոսներն են։  Շատ բուհերի ներկայացուցիչներ նշեցին, որ փոխհատուցում են տպագրության ծախսերը, ու նաև ասացին, որ եղել են դեպքեր, որ դասախոսներն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրում չեն տպագրվել ոչ թե այն պատճառով, որ հոդված չեն ունեցել, այլ այն պատճառով, որ տպագրվելը բավականին թանկ է, և համապատասխան միջոցներ չեն ունեցել։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը բացատրեց, որ կան միջազգային ամսագրեր, որտեղ տպագրվելու համար պետք է վճարել․ դա փոքր գումար չէ՝ 1000 և ավելի դոլար կամ եվրո։ Հիմնականում վճարովի են այն ամսագրերը, որոնք բաց հասանելիությամբ են տպագրվում․ այդ տարբերակը կոչվում է open access․ «Եթե ուզում ես քո հոդվածը բաց, հասանելի լինի միջազգային հանրությանը, դրա համար պետք է վճարես։ Կան մի շարք այլ ամսագրեր, որտեղ դու ոչինչ չես վճարում, ուղղակի այդ հարթակներում քո հոդվածի միայն մետատվյալներն են երևում, հոդվածի համար փոքրիկ գումար է՝ մոտավորապես 30 եվրո, որ պետք է վճարես հրատարակչությանը և էլ փոստին ստանաս տվյալ հոդվածը»։   Դասախոսների ո՞ր տոկոսն է միայն դասավանդում Բուհերի ներկայացուցիչներին հարցրինք՝ արդյո՞ք կա վիճակագրություն՝ դասախոսների որ տոկոսն է միայն դասավանդում, և որ տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում նաև հետազոտական աշխատանքով։  Մեր հնչեցրած հարցին բուհերի ներկայացուցիչների ամբողջական պատասխաններերը կարող եք տեսնել տեսանյութում։   Գիտությամբ զբաղվելու հիմնական խոչընդոտները Մեր ուսումնասիրության արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ մեծ թվով դասախոսներ, այնուամենայնիվ, չեն զբաղվում հետազոտական աշխատանքով կամ հետազոտություններ անում են հազվադեպ։ Ուստի փորձեցինք պարզել նաև, թե ինչ խոչընդոտներ են հետ պահում դասախոսներին հետազոտական աշխատանքից։ Բուհերի ներկայացուցիչների, ինչպես նաև դասախոսների հետ զրույցներից առանձնացրինք երկու հիմնական խոչընդոտ՝ դասավանդման ժամերի ծանրաբեռնվածությունը և լեզվական խոչընդոտները։ Մեկ ուսումնական տարում դասախոսների լրիվ դրույքաչափով ծանրաբեռնվածությունը կազմում է 700-1080 ժամ, որը ներառում է ոչ միայն բուն դասավանդման գործընթացը, այլև դասին պատրաստվելու, հանձնարարություններ պատրաստելու-ստուգելու և դասընթացի հետ կապված այլ աշխատանքների կատարումը։ Չկա որևէ հստակ սահմանում՝ արդյո՞ք այս 700-1080 ժամը ներառում է կամ կարո՞ղ է ներառել հետազոտական աշխատանքով զբաղվելը, թե՞ ոչ։ Դասախոսները նշում են, որ այսպիսի գրաֆիկով դասավանդելու պարագայում հետազոտական աշխատանքին շատ քիչ ժամանակ է հնարավոր հատկացնել։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի խոսքով ԵՊՀ-ում դասախոսի մեկ դրույքաչափ ծանրաբեռնվածությունը կազմում է 700 ժամ․ «Մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ դասախոսները զգալի էներգիա են ծախսում, զգալի ժամանակ են ծախսում դասավանդման համար, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ դա այդքան մեծ խնդիր է։ Կիսելով այդ խնդիրը, փորձելով դա նվազեցնել՝ չեմ կարծում, որ գլխավոր ազդող կետը հենց դա է»։  Պարոն Բարխուդարյանը նշում է, որ կան օրինակներ, երբ դասախոսները 1,5 դրույքաչափ են աշխատում, նույնիսկ երկու համալսարաններում՝ մեկական դրույքաչափ։ Ուստի նա ամբողջությամբ չի կիսում այն կարծիքը, որ ծանրաբեռնվածությունը մեծ խոչընդոտ է հետազոտական աշխատանքով զբաղվելու համար։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ փորձում են մշակել մի նոր հնարավորություն, որի դեպքում հետազոտական աշխատանքով զբաղվելը կներառվի դասախոսների անհատական ծանրաբեռնվածության մեջ։ Դասախոսները կկարողանան մեկ կիսամյակի ընթացքում մեկ դասընթաց պակաս դասավանդել, փոխարենը կատարել որևէ հետազոտական աշխատանք։ ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի խոսքով դասախոսները շաբաթվա ոչ բոլոր օրերին են դասավանդում։ Համալսարանում այդ ծանրաբեռնվածությունը հաշվի առնված է, լրացուցիչ դրույք չեն տրամադրում, և եղած պայմանները լրիվ հարմար են գիտական աշխատանքով զբաղվելու համար։  ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը նշեց, որ դասախոսների դասավանդման ժամերը հաշվարկելիս հաշվի են առնվում գիտահետազոտական այնպիսի աշխատանքներ, ինչպիսին է, օրինակ, ուսանողների հետազոտական աշխատանքների ղեկավարումը։ ՀԱՀ-ում ամբողջ դրույքաչափով աշխատող դասախոսներից ակնկալում են երեք գործողություն՝  դասավանդում, հետազոտական աշխատանք և ծառայություններ։ Դասախոսները յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում դասավանդում են երեքական առարկա։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի խոսքով ծանրաբեռնվածության մեջ ներառված են գիտահետազոտական աշխատանքները, թեզերի ղեկավարումը, ավարտական աշխատանքների, մագիստրոսական, ասպիրանտական, դոկտորական խորհրդատվությունները։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ավելի քան վստահ է, որ պոլիտեխնիկական համալսարանում դասաժամերի ծանրաբեռնվածությունը խոչընդոտ չէ։ «Եթե այդ ժամաքանակը դասական տարբերակով վերցնենք՝ մեկ դրույքը՝ 720  ժամ, այս դեպքում շատ մեծ քանակությամբ ժամանակ է մնում գիտությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելու համար։ Գիտությամբ զբաղվող մարդու համար ժամանակի խնդիրը մի քիչ չափազանցված է, որովհետև գիտությամբ զբաղվող մարդկանց համար ցանկացած րոպեն կարելի է օգտագործել»։  Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը, որ նաև դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, նշեց՝ իդեալական տարբերակն է, որ դասախոսը դասավանդմանը զուգահեռ նաև գիտության մեջ ներգրավված լինի, բայց դա կախված է նրանից, թե նա դասախոսական ինչպիսի ծանրաբեռնվածություն ունի․ «Եթե դասախոսը առավոտյան 9:30-ից մինչև 4-5-ը դասավանդում է, չեմ կարծում, որ հինգից հետո կարող է նոր իդեա գեներացնել, հոդվածի վրա աշխատել, նորարարական միտք զարգացնել և այլն։ Իմ փորձից կարող եմ ասել, որ դասախոսություններից, դասերից հետո ես սպառվում եմ։ Դրանից հետո ի վիճակի չեմ նորարարական ինչ-որ բանով զբաղվել, դրանից հետո ես անում եմ իմ հետազոտության տեխնիկական կտորը»։ Գիտական հոդվածները միջազգային ամսագրերում տպագրելու համար դրանք պետք է գրված լինեն մեծամասամբ անգլերենով։ Որոշ ամսագրերի դեպքում հոդվածի անգլերեն լինելը պահանջ է։ Իսկ մյուս կողմից էլ անգլերենը կարելի է համարել գիտության միջազգային լեզու, քանի որ հետազոտողների մեծ մասը հենց այդ լեզվով է հաղորդակցվում։ Ու եթե անգամ անգլերենով տպագրվելը պարտադիր չէ, խիստ ցանկալի է, քանի որ այդ կերպ հնարավոր է գիտական արդյունքը ներկայացնել հնարավորինս լայն լսարանի։ Հաշվի առնելով Հայաստանի խորհրդային անցյալը՝ դասախոսների որոշ մասը անգլերենին չի տիրապետում ընդհանրապես, մի մասն էլ չի տիրապետում հետազոտական աշխատանքները միջազգային ամսագրերում տպագրելու մակարդակի։ Բուհերի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ Ամերկյան համալսարանի, քանի որ այնտեղ ուսուցումը մեծամասամբ անգլերեն է) համաձայն են, որ օտար լեզվին չտիրապետելը ինչ-որ չափով խոչընդոտում է հետազոտական արդյունավետությանը, սակայն նշում են նաև, որ շատ բան հենց դասախոսներից է կախված։ Բուհերի մեծ մասում կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, ներկայացուցիչների մի մասն էլ նշեց, որ պատրաստ են նմանատիպ դասընթացներ կազմակերպել, եթե դասախոսները ցանկություն հայտնեն բարելավելու իրենց՝ օտար լեզուների իմացությունը։   Ի՞նչ է ասում Գիտության կոմիտեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգում գործում է Գիտության կոմիտեն, որի միջոցով է ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում գիտությունը պետական և ոչ պետական տարբեր հաստատություններում։  Գիտկոմի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի խոսքով 2021 թվականին Կառավարության որոշմամբ դադարեցվել են որոշ բուհերում բազային ֆինանսավորումները, քանի որ այդ բուհերը վերջին հինգ տարիներին Scopus-ում առնվազն մեկ հոդված չունեին, կամ արդյունավետությունը շատ ցածր էր։ Գործող բազային ֆինանսավորում ստացող բուհերից են ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՃՇՀԱՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՌՀ-ն։  Պարոն Մովսիսյանը նշում է, բուհի աշխատողների մեծ մասը դասախոսներ են, բայց նույնիսկ հիմա կան բազային ֆինանսավորման մեջ ներգրավված մասնագետներ, որոնք ուսումնական պրոցեսին մասնակից չեն։ Կան նաև դասախոսներ, որ ներգրավված չեն բազային ֆինանսավորման մեջ, բայց ակտիվ զբաղվում են գիտությամբ։  «Հեծանիվ հորինել պետք չի, պետք է նայել՝ մյուս տեղերում, աշխարհում ոնց է կառուցված համակարգը։ Կան դասախոսներ՝ այսպես ասած teaching professor-ներ, որոնց գործը միայն ուսումնական պրոցեսի մեջ ներգրավվելն է։ Կան դասախոսներ, որոնք և՛ գիտությամբ են զբաղվում, և՛ ներգրավված են ուսումնական պրոցեսում։ Բակալավրում սովորական գիտելիքներ տալիս շատ պարտադիր չէ, որ դասախոսը լինի նաև հետազոտող։ Ավելի բարձր կուրսերում, օրինակ՝ մագիստրատուրայում, երբ արդեն իսկ մագիստրատուրայի թեզը հետազոտական աշխատանք է, խիստ ցանկալի է, որ լսարան մտնեն հետազոտող դասախոսներ»,- ասաց Արթուր Մովսիսյանը։   Նա նաև նշեց, որ բուհերում կան հետազոտողներ, որոնք ներառված չեն ուսումնական գործընթացում, և դա, ըստ նրա, պետք է փոխել։ Այն հետազոտողները, որոնք զբաղվում են մրցունակ գիտությամբ և պատրաստ են մասնակցել նաև ուսումնական գործընթացին, պետք է հնարավորություն ունենան։ Խոսքը վերաբերում է նաև գիտական կազմակերպությունների այն հետազոտողներին, որոնք ցանկանում են ժամանակ տրամադրել, շփվել ուսանողների հետ, որոշակի կուրսեր կարդալ։ Պետք է նրանց հնարավորություն տալ՝ ներգրավվելու ուսումնական գործընթացում։  «Պետք է ցավով նշեմ, որ տարիներ շարունակ մեր տպագրված հոդվածների քանակը Web of Science, Scopus համակարգերում նվազում է։ Հուրախություն մեզ՝ 2022 թվականին նվազումը կարծես դադարել է, նույնիսկ աճ ունենք, բայց արդյունքը գոհացուցիչ չէ։ Որպեսզի մենք խրախուսենք, որ, օրինակ, դասախոսներն ավելի շատ տպագրվեն, մենք մրցույթով տրվող դրամաշնորհների քանակն ենք շատացրել, որը կախված չէ բազային ֆինանսավորումից։ Այն դասախոսների առջև, որոնք ունեն գիտությամբ զբաղվելու հակում, ունակություն, ձգտում, բացվել է առնվազն 5-6 անգամ ավելի շատ հնարավորություն, որպեսզի գիտությամբ զբաղվելուց բացի նաև գիտությունից մրցունակ գումար ստանան»,- նշեց պարոն Մովսիսյանը։   Ամփոփում Մեր հավաքած տվյալներն ամփոփելով՝ 2021-2022 թվականներին Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում հայաստանյան բուհերը միասին հրապարակել են մոտ 1030 հոդված։ Ինչպես նշեցին մեր զրուցակիցները, գիտության ոլորտում ֆինանսավորման բարձրացումը, ինչպես նաև բուհերում խրախուսման մեխանիզմների ներդրումը, անշուշտ, դրական է ազդել ցուցանիշների վրա։ Սակայն դրական կողմին զուգահեռ կան նաև խոչընդոտներ, որոնք պատշաճ արձագանքի կարիք ունեն։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից Բուհերի ներկայացուցիչները կարևորում են գիտության դերը, փորձում են խրախուսել դասախոսներին՝ զբաղվելու հետազոտական աշխատանքով։ Բայց ավելի բարձր հետազոտական արդյունավետություն ապահովելու համար բուհերի առջև պետք է դրվեն հստակ պահանջներ, որոնք, սակայն, պետք է լինեն հիմնավորված և ոլորտի կարիքներին համապատասխան։ Ինֆոգրաֆիկան պատկերում է հայաստանյան բուհերի հրապարակումների դինամիկան վերջին տասը տարիներին։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից   Ինչ էինք ուզում ու ինչ ստացվեց Ինչպես սկզբում նշեցինք, ի սկզբանե որոշել էինք հաշվել՝ բուհերում դասախոսների քանի տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում հետազոտական աշխատանքով։ Թվում էր, թե այդ տոկոսը շատ հեշտ կլիներ հաշվել. պետք էր պարզապես մի քանի տվյալ ստանալ բուհերից։ Բուհերին հարցումներ ուղարկելու առաջին փորձից տեղափոխվեցինք իրականություն, երբ իմացանք, որ մեզ անհրաժեշտ տվյալները բուհերը կամ չունեն, կամ ունեն, բայց չեն ուզում տրամադել, կամ չունեն ու չեն էլ ուզում ունենալ։ Իհարկե, մեզ այդպես չեն պատասխանել, ամեն ինչ ավելի պարզ է, մեզ կամ թերի տվյալներ են ուղարկել, կամ շատ ավելի հեշտ ճանապարհով են գնացել՝ պարզապես չեն պատասխանել։ Իսկ մենք հայցել էինք այնպիսի տվյալներ, որ առաջին հայացքից բուհերը պիտի ունենային. ֆակուլտետներն ի՞նչ գիտական հոդվածներ են հրապարակել։ Խնդրել էինք տրամադրել ցանկն ըստ ամբիոնների՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, հոդվածի ամբողջական վերնագիրը, հոդվածի հղումը, ամսագրի անվանումը, հրապարակման ամսաթիվը։  Որոշեցինք այլ տարբերակով հասնել մեր նպատակին. ինչպես նշել ենք՝ Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ներբեռնեցինք այդ շտեմարանում ինդեքսավորված ամսագրերի բոլոր այն հրապարակումները, որոնք արվել են հայաստանյան բուհերի կողմից։ Շտեմարանից ստացած տվյալները հայաստանյան՝ վերը հիշատակված 9 բուհերի մասին էին՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայ-ռուսական համալսարան։ Web of Science-ից վերցված տվյալները վերլուծելուց հետո փորձեցինք կապ հաստատել բուհերի հետ՝ զրուցելու ռեկտորների կամ գիտության գծով պրոռեկտորների հետ։ Զրուցեցինք 9 համալսարաններից 7-ի ներկայացուցիչների հետ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչները հրաժարվեցին հարցազրույցից։ Լյուսի ՄանվելյանԿատյա Մամյան
16:04 - 23 օգոստոսի, 2023
«Չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում»․ հրապարակվեց Սեւակ Աբրահամյանի գործով մեղադրական եզրակացությունը

«Չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում»․ հրապարակվեց Սեւակ Աբրահամյանի գործով մեղադրական եզրակացությունը

2020 թվականի հոկտեմբերի 2-ին 6-րդ պաշտպանական շրջանի՝ շրջափակման վտանգի մեջ հայտնված  ողջ անձնակազմը Պաշտպանության բանակի՝ այդ ժամանակվա հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանի որոշմամբ հետ է քաշվել՝ զբաղեցնելով պաշտպանական նոր բնագիծ, նույն օրը Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են մի շարք մարտական դիրքերի թիկունքային հատվածներ օրեր շարունակ մխրճված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 44-օրյա պատերազմի այս եւ հարակից դրվագները նկարագրված են 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի մեղադրական եզրակացության մեջ։ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Թալիշ եւ Մատաղիս գյուղերի անկումը, ըստ մեղադրանքի, հենց այդ ծանր հետեւանքն է։ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում այսօր սկսվեց Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով հիմնական դատալսումների փուլը, որի ժամանակ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ինչից հետո պաշտպանական կողմը ծավալուն ելույթ ունեցավ։ Ավելի քան մեկ տարի՝ 2022 թ․ հուլիսի 29-ից Աբրահամյանը կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրողի խոսքով՝ Սեւակ Աբրահամյանը չի պահպանել ԳՇ պետի եւ ՊԲ հրամանատարի կարգադրություններով եւ հրամաններով սահմանված պահանջները Ընթերցելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հայտնեց՝ Սեւակ Աբրահամյանը, 2019 թ․  նոյեմբերի 4-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 4-ը զբաղեցնելով ՊԲ N զորամասի (6-րդ պաշտպանական շրջան) հրամանատարի պաշտոնը, խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Այսպես․ 2020 թ․ սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը արձակել է N 041 կարգադրությունը, որով Պաշտպանության բանակի հրամանատարին հրամայել է բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը եւ դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ կարգադրության հիման վրա ՊԲ հրամանատարն էլ իր հերթին հաջորդ օրը՝ 2020 թ․ սեպտեմբերի 24-ին արձակել է N 0661 հրամանը, որով, ի հավելումն նշված հանձնարարությունների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահությունում գտնվող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թվում` հարվածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում, դրությունում եւ գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել ըստ վերադասության, պաշտպանական շրջանների, այդ թվում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպեանոց պատրաստականության վիճակում մարտական գործողությունների վարմանը պատրաստ մեկ վաշտ: Մեկ օր անց՝ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը արձակել է մեկ այլ՝ N  046 կարգադրությունը, որով ՊԲ հրամանատարին հանձնարարել է սեպտեմբերի 25-ից բարձրացնել անձնակազմի զգոնությունը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզության բոլոր ձեւերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ, մինչեւ սեպտեմբերի 26-ը` ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զորամիավորումների, միավորումների, կառավարման կետերը ծավալել հրամանատարների կողմից նախորոշված շրջաններում եւ անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի, նույն ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի վարչակազմերի կողմից զբաղեցնել կառավարման կետերը եւ անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի, իրենց որոշմամբ իրականացնել լրացուցիչ միջոցառումներ։ Նշված կարգադրությունը նույն օրը էլեկտրոնային փոստով առաքվել է ՊԲ դիվիզիաների, պաշտպանական շրջանների ղեկավարներին։ Այս կարգադրության հիման վրա էլ նույն օրը ՊԲ հրամանատարը արձակել է N 0672 կարգադրությունը, որով հանձնարարվել է վարչություններին զբաղեցնել հրամանատարական կետերը, հստակեցնել պահպանության գոտիներ դուրս բերված լրացուցիչ ստորաբաժանումների խնդիրները, պատրաստ լինել հանկարծակի ծագած խնդիրների կատարմանը: Մեղադրողի խոսքով՝ Սեւակ Աբրահամյանը չի պահպանել թվարկված կարգադրություններով եւ հրամաններով սահմանված պահանջները։ Մասնավորապես, պարտավոր լինելով հետեւել, որ զորամասի հրամանատարական կազմը մշտապես գտնվի նախատեսված հրամանատարական կետերում, իմանա իր դիմաց տեղակայված հակառակորդի կազմը, դիրքը, վիճակը, գործողությունների հավանական բնույթը, ուսումնասիրի հետախուզական տեղեկությունները, ամեն օր դրանք վերլուծի եւ համաձայն շտապ տեղեկագրերի ցանկի` զեկուցի վերադաս շտաբ, իսկ կարեւոր տեղեկությունների (հակառակորդի կազմի, մարտական դիրքերի դասավորվածության փոփոխությունների, զորքերի տեղաշարժի) մասին զեկուցի անհապաղ, իմանա զորամասի պահպանության մարտական խնդիրները, պահպանությունից պաշտպանության անցնելու կարգը եւ դրա ժամանակ հմտորեն ղեկավարի ենթակա ստորաբաժանումների գործողություները, ժամանակին հայտնաբերի եւ կանխի պետական սահմանի, շփման գծի եւ օդային տարածության խախտումները, բացառի եւ կասեցնի հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը եւ այլն՝ հակառակ ծառայության եւ պետության շահերի` չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ։ Դրա փոխարեն, ըստ մեղադրողի, սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ իր կողմից հրավիրված այլ հյուրերի` Պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված նույն զորամասի 1-ին եւ 4-րդ հրաձգային գումարտակների հրամանատարներից ստացել է առաջնագծում եւ հակառակորդի թիկունքում ուժերի եւ միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, որոնցով վերջիններս ներկայացրել են նաեւ վերախմբավորում կատարելու, պաշտպանության անցնելու եւ այդպիսով չպահվող մարտական դիրքերն անձնակազմով համալրելու վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ մեղադրողի՝ Աբրահամյանը, Մարտական կանոնադրության պահանջների համաձայն ի պաշտոնե պարտավոր լինելով ձեռնարկել մի շարք գործողություններ ենթակա զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանական բնագծի չպահպանվող մարտական դիրքերում զորամասի բոլոր տեսակի միջոցներով եւ անձնակազմի քանակով համալրելու ուղղությամբ, բավարարվել է միայն ստեղծված իրավիճակի մասին անմիջական պետին բջջային հեռախոսով զեկուցելու փորձերով, որից հետո այլ միջոցներ չի ձեռնարկել։ Ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը Այնուհետեւ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, ՊԲ N զորամասի պահպանության բնագծում գտնվող Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների եւ անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում Սեւակ Աբրահամյանը, ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը եւ միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով չպահվող մարտական դիրքերը համալրելու եւ այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու եւ այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսեւորել անգործություն եւ չի կատարել հիշյալ կանոնադրություններով եւ հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող ստորաբաժանումները ժամանակին չեն զբաղեցրել չպահվող մարտական դիրքերը, պաշտպանական գիծը չի համալրվել զորամասի բոլոր տեսակի միջոցներով եւ անձնակազմի քանակով․ «Արդյունքում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում է գործել ՊԲ N զորամասի պաշտպանական բնագծի երկայնքով եւ առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք, մասնավորապես՝ 107, 136 մ/դ-ի առաջին խրամատը, 150-164 մարտական դիրքերի, «Գառնի», «Սիս», «Մուշ» հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը եւ կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները եւ հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթեւյան հատվածում մարտնչող անձնակազմին, որի հետեւանքով ՊԲ հրամանատարի որոշմամբ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել եւ զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ` Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ, իսկ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,– նշեց Վազգեն Վարդանյանը։ Զորամասի 1-ին եւ 4-րդ գումարտակների անձնակազմերը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը մարտական հերթապահության են ընդգրկված եղել պաշտպանության շրջանում տեղակայված 73 մարտական դիրքերից 37 մարտական դիրքերում։ Ըստ պաշտպանական կողմի՝ այս մեղադրանքի պայմաններում պաշտպանությունն անիրական է Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտարարեց՝ այս մեղադրանքից հնարավոր չէ պաշտպանվել, քանի որ իրենց համար այն ավելի քան անհասկանալի է։ Իր այս հայտարարությունը պաշտպանը պատճառաբանեց մի քանի հանգամանքով․ «Սկսեմ նրանից, որ մեղադրանքի մեջ ասվում է, որ  կատարած արարքը նախատեսված է 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած 545–րդ հոդվածի 5-րդ մասին։ Պաշտպանական կողմը պիտի հասկանա՝ մեղսագրվող արարքը կոնկրետ ո՞ր նյութական նորմով է սահմանված, ո՞ր նորմից փորձի պաշտպանվել, բնականաբար, այս երկու նորմերն էնպիսի տարբերություններ ունեն, որ անհնար է երկուսից պաշտպանվել»։ Ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը Նշենք, որ 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել 2021 թ․-ին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), եւ նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել 2003 թ․ ընդունված արդեն նախկին օրենսգիրքը (այսուհետ՝ նախկին օրենսգիրք)։ Աբրահամյանին մեղադրանքն առաջադրվել է նախկին օրենսգրքով, մեղադրողը միաժամանակ նշել է, թե նույն արարքը նոր օրենսգրքի որ հոդվածին է համապատասխան։ Նախկին օրենսգրքի հիշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքի համար, որը առաջացրել է ծանր հետեւանքներ։ 1-ին մասը սահմանում է հետեւյալը․ «ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել», իսկ 2-րդ մասը՝ հետեւյալը․ «Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով եւ առաջացրել է էական վնաս»։ Ինչ վերաբերում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածին, ապա դրա 5-րդ մասը սահմանում է․ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն» (հոդվածների լուսապատճենները՝ ստորեւ)։ Քրեական օրենսգիրք, 2003 թ․ Քրեական օրենսգիրք, 2021 թ․ Պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ մեղադրող կողմը չի հստակեցրել՝ Աբրահամյանին մեղսագրվում է 365-րդ հոդվածի 1-ի՞ն թե՞ 2-րդ մասով սահմանված արարքը, որը ծանր հետեւանք է առաջացրել, դրանից բացի, որեւէ տեղ չի նշել՝ կանոնների ենթադրյալ խախտումը դիտավորությա՞մբ է կատարվել թե՞ անզգուշությամբ․  «Մենք ունենք քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որում նկարագրված գործողությունների մեծ մասը եւ հետեւանքը նշված են որպես անզգուշություն (վարույթը նախաձեռնվել է զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով,–հեղ․), եւ ունենք մեղադրանք, որում ոչինչ նշված չէ, այս մեղադրանքի պայմաններում պաշտպանությունն անիրական է»,– ասաց նա։ Դրանից բացի, Թամրազյանը հիշեցրեց՝ նորմը ունի հետադարձ ուժ, եթե հանցագործությունը լրիվ կամ մասնակի վերացնում է կամ պատժելիությունը՝ մեղմացնում, իսկ անձի վիճակը վատթարացնող, պատիժը խստացնող նորմերը հետադարձ ուժ չունեն։ Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, նոր օրենսգիրքը մարտական հերթապահության կանոնների անզգուշությամբ խախտումը հանցագործություն չի դիտել, այսինքն՝  արարքը ապաքրեականացվել է, ուստի Աբրահամյանը դրա համար մեղադրվել չի կարող։ Նշենք, որ նախորդ դատական նիստերում նա նաեւ միջնորդություն է ներկայացրել այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որի լուծումը դատարանի որոշմամբ հետաձգվել է։  Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հաջորդիվ պաշտպանը պնդեց՝ ԳՇ պետի տված կարգադրությունը զորամասի հրամանատարի համար պարտադիր չէ, վերջինիս համար պարտադիր է դիվիզիայի հրաամանատարի կարգադրությունը։ Տվյալ դեպքում, ըստ նրա, Դիվիզիայի հրամանատարի կարգադրության մեջ չի նշվել մարտական աշխատանքային ռեժիմի անցնելու մասին, իսկ այն, ինչ նշվել է, ըստ պաշտպանի, Աբրահամյանն արել է․ «Մեղադրանքը հանդիսանում է զինվորական գործի մասին պատկերացում չունեցող անձի երեւակայության արդյունք, որովհետեւ միայն զինվորական գործի մասին պատկերացում չունեցող մարդը կարող է ենթադրել, որ եթե խնջույքը չկազմակերպվեր, հակառակորդը Թալիշ եւ Մատաղիս գյուղերը չէր գրավի»։ Միաժամանակ պաշտպանը պնդեց՝ մարտական աշխատանքային ռեժիմը զորքերին չի էլ վերաբերում, դա շտաբի համար է․ «Նորմատիվ ակտի մեջ հայերենով գրված է՝ ղեկավարման մարմինը՝ շտաբը, կարող է բերվել մարտական աշխատանքային ռեժիմի զորքերը լրիվ մարտական պատրաստության վիճակի բերելուց հետո՝ մոբիլիզացիայի պայմաններում, այսինքն՝ պիտի հայտարարվի զորակոչ, զորքերը բերվեն մարտական պատրաստության աստիճանի, դրանից հետո նոր ղեկավարման մարմնի համար սահմանվի մարտական աշխատանքային ռեժիմ։ Հիմա ԳՇ պետը մոբիլիզացիա չի հայտարարել, զորքերը չեն բերվել մարտական պատրաստության վիճակի, բայց շտաբի համար որոշել է սահմանել մարտական աշխատանքային ռեժիմ։ Սա ապօրինի, ոչ իրավաչափ կարգադրություն է, ոչ մի բանի մասին չկվայող․ եթե զորքերը բերված չեն մարտական պատրաստության վիճակի, մոբով համալրված չեն, սահմանես մարտական թե ֆանտասնտիկ աշխատանքային ռեժիմ՝ դրանից ոչինչ չի փոխվի»,– ասաց նա։ Սեւակ Աբրահամյանի խոսքով՝ դիվիզիայի հրամանատարն իրեն տված կարգադրությունը մեկ օր անց չեղարկել է Մեղադրյալ Սեւակ Աբրահամյանն իր բացման խոսքը սկսեց՝ դիմելով հանրային մեղադրողին․ «Ճիշտն ասած, հարգելի՛ դատախազ, խնդրում եմ չնեղանալ, ես ոչ մեկին ոչինչ չունեմ ասելու, անկեղծ եմ արտահայտվում, որեւէ մեկի աշխատանքին գնահատական չեմ տալիս, հասկանում եմ՝ Ձեր աշխատանքի բնույթը այլ է, զինվորականինը՝ այլ, բայց պատվարժա՛ն դատարան, մեղադրական եզրակացության բովանդակությունը նայելով՝ ես ինչի՞ համար եմ մի տարի ասում՝ չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում, հայերեն է գրված, բայց չեմ հասկանում, որովհետեւ պարզ երեւում է, որ մեղադրանքի բովանդակությունը գրողը կամ հաստատողը կոնկրետ ինչ նպատակով է դա կատարել։ Եթե ողջամիտ, մոտս կասկածներ են առաջանում, որ ինադու նենց է արված, որ այս ամենը երկարաձգվի, խի՞, որովհետեւ, որովհետեւ․․․»։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Ներկայացնելով զինվորական կանոնադրությունների մի շարք դրույթների վերաբերյալ իր պարզաբանումները՝ Աբրահամյանը պնդեց՝ ԳՇ պետի կարգադրությունները իրեն չեն վերաբերել, վերաբերել են ՊԲ հրամանատարին, վերջինս իր հերթին հրամաններ է տվել դիվիզիաների հրամանատարներին, նրանք էլ՝ զորամասերի հրամանատարներին։  Ըստ այդմ, ինքը, որպես զորամասի հրամանատար, իր անմիջական պետից՝ դիվիզիայի հրամանատարից, հրաման ստացել է, սակայն դրա մեջ եւս մարտական աշխատանքային ռեժիմի մասին խոսք չի եղել։ Ավելին, այդ հրամանը, ըստ Աբրահամյանի, իր պետը մեկ օր անց չեղարկել է․ «ԳՇ պետը տվել է ինչ–որ կարգադրություն, դրանից ելնելով՝ ՊԲ հրամանատարը տվել է ինչ–որ կարգադրություն, դիվիզիայի հրամանատարը տվել է կոնկրետ կարգադրություն 6–րդ Պաշտպանական շրջանի հրամանատարին, նույն դիվիզիայի հրամանատարը իր ցուցմունքում էլ է նշել՝ ինձ տվել է կարգադրություն ամսի 25-ին, բայց ամսի 26-ի առավոտյան ասել է՝ իմ տվածը всё, ավարտել էդ կարգադրությունը, отбой։ Պատճառներից մեկը եղել է սնունդը, իսկ կոնկրետ պատճառը ես չգիտեմ, ինքը նշել է, թե բանակի հրամանատարն է էդ խնդիրը առաջադրել․․․ Հիմա ես ո՞ւմ հրամանը չեմ կատարել, բացատրե՛ք ինձ, խնդրում եմ։ Ես պիտի՞ կատարեի դիվիզիայի հրամանատարիս ամսի 26-ի բանավոր հրամանը․ բանավոր թե գրավոր՝ տարբերություն չկա, ֆակտ էն է, որ էդ կարգադրությունը էդ մարդը տվել է, որ գնացեք տուն, աշխատանքային օրը՝ սովորական՝ մինչեւ 14։00․․․ Վերջին զանգը ՊԲ հրամանատարի հետ ես ունեցել եմ ժ․ 15։00–ին, ասել եմ՝ պարո՛ն գեներալ, հիմա ի՞նչ ենք անում, էդ միջոցառումը անո՞ւմ ենք թե՞ չէ, ասել է՝ դուք արեք, ես կարող է՝ չկարողանամ գալ, ասել եմ՝ ե՞րբ անենք, ասել է՝ կեսօրից հետո։ Ժ․ 18։00–ին որոշում ենք անել․․․ Նույնը խոսում եմ դիզիզիայի հրամանատարիս հետ, բա բանակի հրամանատարը սա ասաց, դուք ի՞նչ եք ասում, ասել է՝ մենք գալու ենք»,– պատմեց Աբրահամյանը՝ վերջում հարց հնչեցնելով․ «Ուրեմն՝ ես հանցագործություն եմ կատարում, հրավիրում եմ, որ իմ աջ թե ձախ կողմը, չեմ հիշում, նստեն զինվորական դատախա՞զը թե՞ ռազմական ոստիկանության պետը թե՞ Մարտակերտի շրջվարչակազմի պետը, որոնք որ մասնակցել են այդ միջոցառմանը»։ Ըստ նրա՝ միջոցառմանը ներկա մարդիկ հիմնականում այն մարդիկ էին, որոնք պիտի իրենց տներում լինեին՝ հանգստի, քանի որ վերջին կարգադրությունը դա է եղել․ «Նույն բանը ասում է իմ անմիջական պետը, նույն բանը ասում են ենթակաները․ հիմա մարդը գնա իր տանը հաց ուտի, թե գա, կոլեկտիվի հետ նստի, դա ո՞նց կարելի է գնահատել հանցագործություն»։ Ըստ Աբրահամյանի՝ ձախաթեւյան զորքին անհայտ հանգամանքներում հեռացրել են այդտեղից Անդրադառնալով մեղադրանքում նշված ձախաթեւյան շարքին, ուր մխրճվել է թշնամին, Սեւակ Աբրահամյանն ասաց՝ այդտեղի զորքը հանվել է անհայտ անձանց կողմից, եւ ըստ իրեն՝ դրա հետեւանքով է, որ Թալիշն ու Մատաղիսը ընկել են․ «Թուրքը կռիվ անելո՞վ է տիրացել Թալիշին, տենց բան չի եղել, թող էդ հարցի պատասխանը տան հետնահանջ տվողները, թող տան ձախթեւային երկու վաշտ, մի գումարտակ, հակատանկային ստորաբաժանում եւ ականանետային մարտկոց, ո՞վ է էնտեղից փախցրել զորքը, ո՞ւր են տարել»։ Աբրահամյանն ասաց, որ իր առաջին ցուցմունքում ինքն այս մասին նշել է, սակայն մինչ օրս դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել․ «Ես ի վիճակի չեմ, 3 տարի չեմ կարողանում հասնել նրան, որ գործ հարուցվի պարզվի՝ ոնց է էդ զորքը մահացել․․․ Աբրահամյա՛ն Սեւակ, գնա կալանքի, քանի որ դու սկսել ես դրա մասին խոսել։ Կգնամ, ձեր ցավը տանեմ, համաձայն եմ, բայց խնդրում եմ՝ բացվե՛ք, ճիշտը նշե՛ք․․․ Վերջում հակառակորդը որ եղել է, Աբրահամայան Սեւակն է եղել՝ հետը 20 քանի հոգի մարդ, փառք Աստծո, էդ մարդկանցից ոմանք իրենց ցուցմունքներում նշում են, ես եմ թուրքին տեսել, ինձ ոչ ոք չի զեկուցել»։ Բացատրելով Թալիշի, Մատաղիսի տեղադիրքերը եւ իր տեղակայումը՝ Աբրահամյանը նշեց, որ հակառակորդը ոչ թե իր դիմացով կամ իրենց ճեղքելով է առաջ անցել, այլ թիկունքով․ «Թուրքը սենց (իր դիմացը ցույց տալով,–հեղ․) չի եկել, չի կարողացել, դրա մասին բոլորը գիտեն՝ ե՛ւ Բանակի հրամանատարը, ե՛ւ դիվիզիայի հրամանատարը․․․ Թուրքը թեւանցել է, հետեւով է եկել, իմ թիկունքով է եկել, հասել է իմ հետեւը, որի մասին ես 2-րդ օրվանից իմացել եմ, գոռում–ճվում եմ, որ հետեւս թուրք կա, խնդրում եմ՝ ստուգեք, մաքրեք, որովհետեւ դա իմ տարածքը չէր, ես չէի կարող էնտեղ մտնել, ընդ որում, զորք էլ չունեի էնտեղ տանելու․․․ Ոչ մի բան չարեցին․․․ Վերջում թուրքը հայտնվի հետեւս, ես ուզենամ տեղս փոխել, ընկնեմ դարանակալման մեջ, վիրավորվելով, կոտորվելով՝ դուրս գամ, մի ձեւ գնամ, որ զորքը իրար գլխի հավաքեմ, պարզվի, որ թուրքը ամսիի 26-ի պատճառո՞վ է հայտնվել էդտեղ»։ Աբրահամյանը բացատրեց՝ այս ամենը չբացահայտելու պատճառով ինքը դուրս է եկել բանակից, այս ամենը բացահայտելու համար ինքը մեկ տարի առաջ հասել է Քննչական։  Ընդհատելով ելույթը՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ․ – Պատվարժա՛ն դատարան, ես չեմ հասկանում՝ սա բացման խո՞սք է թե՞ հանցագործության մասին հաղորդում,– ասաց նա։ – Ճիշտ այդպես, խնդրեմ,–արձագանքեց մեղադրյալը։ – Եթե պարոն Աբրահամյանը անհայտ անձանց կողմից ձախ թեւից զորքերի դուրսհանումը դիտարկում է հանցագործություն եւ հանցագործության մասին հաղորդում, նախազգուշացնենք սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, եւ թող դրա վերաբերյալ հաղորդում ներկայացնի,– ասաց մեղադրողը՝ նշելով, որ այդ դրվագը Աբրահամյանի մեղադրանքի հետ առնչություն չունի։ – Բացե՛ք իմ առաջին ցուցմունքը, մեջը էդքանը գրած է, ի՞նչ հաղորդում, ես հաղորդում չեմ տալիս, պահանջում եմ, որ կատարեք,– բղավեց Աբրահամյանը,– Իսկ կապ ունի կամ չունի՝ էական չէ արդեն, բա որ կապ չունի, Մատաղիսն ու Թալիշը ո՞նց  հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ,– զայրացավ Աբրահամյանը։ – Պարո՛ն Աբրահամյան, իմ հետ մուննաթով մի՛ խոսեք, հանգի՛ստ խոսեք, որ էդպես խոսում եք՝ ձեռքով–ոտքով, հուզմունքով, ինձ էդպես մի՛ նայեք,– իր հերթին բղավեց մեղադրողը։ – Ո՞նց եմ նայում․․․Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։ – Այսի՞նքն։ – Որտեղ եղել եմ, դուք եղե՞լ եք, ի՞նչ եք իմանում՝ ես մարդուն ո՞նց եմ նայում։ Մեղադրող Վազգեն Վարդանյանը դատարանին խնդրեց կարգի հրավիրել մեղադրյալին, պաշտպան Արման Թամրազյանն էլ բացատրեց՝ Աբրահամյանի բարձր խոսելը պայամանվորված է նրա առողջական վիճակով։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ մեղադրյալի պահվածքում միտումնավոր ոչինչ չկար․ «Ինչ վերաբերում է հուզմունքին, բարձր տոնին, ցանկացած մարդ կարող է նման իրավիճակում էդպիսի արտահայտություններ անել․․․ Դա վիրավորական չէ Ձեր նկատմամբ, եթե տեսնեմ կամ իմանամ կամ հասկանամ, որ մեղադրողի հասցեին վիրավորական արտահայտություն է, ես ինքս կմիջամտեմ,»– նշեց դատավորը՝ հորդորելով նիստը չվերածել վիճաբանության։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի  
23:55 - 18 օգոստոսի, 2023
«Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ»․ շրջափակման հետեւանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են

«Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ»․ շրջափակման հետեւանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են

Արցախի շրջափակման օրերն անընդմեջ աճում են, անկարողությունն ու հուսահատությունը՝ դրան զուգահեռ։ Երբ հանկարծ թվում է՝ շարունակելու ուժ այլեւս չունենք, պատահում են մարդիկ, ում պատմությունները հուշում են՝ իրականում հանձնվելու իրավունք չունենք։ Ուժի ու իրավունքի ամենօրյա պայքարի արանքում դարձյալ որոշում ենք պատմել շրջափակման հետեւանքով բաժանված ընտանիքի, նրանց առօրյա ապրումների մասին։ Ես՝ այստեղից՝ Երեւանից, Աստղիկը՝ Արցախից՝ Ստեփանակերտից։ Իսկ պատմությունն այս անգամ Մարտակերտի բնակիչներ Հովհաննիսյանների ընտանիքի մասին է, որը բաժանված է արդեն 9 ամիս․ 19-ամյա Մերին միայնակ Երեւանում է, ծնողները, կրտսեր երկու եղբայրները՝ 17-ամյա Արշակն ու 12-ամյա Արմանը՝ Մարտակերտում։ Մինչ ես հանդիպում եմ Մերիին, Աստղիկն ասում է՝ Ստեփանակերտից Մարտակերտ հասնելու ճոխությունն էլ է արդեն անցյալում․ ինքն Արշակի հետ հեռախոսով պիտի զրուցի։ Բայց հեռախոսի երկու կողմերում տեւական լռություն է, մեր նամակագրությունը եւս ընդհատվում է օրերով, աղմկում է միայն օդում կախված նույն հարցը՝ այսպես մինչեւ ե՞րբ... Մերին վերջին անգամ նոյեմբեր ամսին է տանը եղել Մերի Հովհաննիսյանը, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից է, արդեն 9 ամիս է՝ չի հանդիպել իր ընտանիքին։ Ընդունվելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարկետինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ 19-ամյա արցախցին 2022 թ․ օգոստոս ամսից տեղափոխվել է Երեւան, դրանից հետո միայն մեկ անգամ է տուն վերադարձել․ «Մի անգամ՝ նոյեմբերին, երբ չէի դիմանում կարոտին, ուրբաթ–շաբաթ–կիրակի օրերին գնացի Արցախ, դա եղել է վերջին անգամը, հետո պիտի գնայի արդեն դեկտեմբերին, բայց այդպես էլ չկարողացա ձմեռային արձակուրդս այնտեղ անցկացնել»,- պատմում է Մերին, որ մինչեւ տարեվերջ էլ հավատում էր՝ տուն կվերադառնա։  Մերին՝ Երեւանում Այդ հավատն էր, որ նրան դրդել էր դասախոսներին խնդրել բոլոր ստուգարքներն ու քննությունները առաջինն իրենից վերցնել, որպեսզի հնարավորինս շուտ ավարտի ու ճանապարհ ընկնի․ «Արդեն չէի կարողանում էստեղ մնալ, բոլորը հանձնեցի, վերջացրի, ու ամեն ինչ պլանավորված էր, պիտի դեկտեմբերի 17-ից գնայի ու մինչեւ հունվարի սկիզբ մնայի Արցախում, բայց դեկտեմբերի 12-ին ճանապարհները փակվեցին, ու 12-ից մինչ 17-ը ես էլի չէի հուսալքվել, այդ ընթացքում էլ դասախոսներին դեռ խնդրում էի, որ շարունակեն ինձնից ստուգարք վերցնել, որ ես շուտ գնամ Արցախ, բայց արդյունքում, բոլորը գնացին իրենց մարզեր, իսկ ես այդպես էլ չգնացի»,– ասում է նա՝ անկեղծանալով՝ ձմռան վերջին հավատը կորցրել էր, բայց ամառային արձակուրդին ընդառաջ՝ դարձյալ հույսի փոքրիկ լույս էր ծագել, դարձյալ՝ ապարդյուն։ Առաջին Ամանորը՝ Տավուշի մարզում եւ առանց ծնողների Մերին, որ ներգրավված է հասարակական տարբեր ծրագրերում եւ բազում ընկերներ ունի ՀՀ-ում, 2022 թ․-ի տարեվերջին տարբեր մարզերի ընկերներից հրավերներ էր ստանում՝ Ամանորն իրենց տանը նշելու, բայց ասում է՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը ոչ մեկին համաձայնություն չէր տալիս՝ հույսով, որ եթե անգամ 31-ին ճանապարհը բացվի, տուն կվերադառնա․  «Բայց դեկտեմբերի 31-ին որ չբացվեց, ընտրեցի Տավուշի մարզի Չինարի սահմանամերձ գյուղը, ընկերներիցս մեկը հրավիրեց, եւ հենց այնտեղ նշեցի Ամանորը։ Ինչո՞ւ Չինարի․ որովհետեւ այն մի քիչ ավելի մոտ էի համարում Արցախին»,- պատմում է նա ու անկեղծանում՝ ընկերոջ ընտանիքն ամեն ինչ արել է, որ ինքն իրեն միայնակ չզգա, բայց երբ կեսգիշերին կապ է հաստատել իր ընտանիքի հետ, հուզվել է, իրեն լիարժեք չի զգացել։ Մերին՝ Չինարիի Խորանաշատ վանքի մոտ Այսօր էլ, ըստ Մերիի, մենակության այդ զգացողությունն է դժվարություններ ստեղծում, թեեւ շրջափակման ընթացքում սկսել է ավելի ինքնուրույն դառնալ․ «Այս պահին էլ միայնակ եմ ապրում ու չգիտեմ՝ շուտ է սկսվել այդ փուլը թե ոչ, բայց ես արդեն սկսել եմ ինքնուրույն մտածել, ինքնուրույն գործել, ինձ թվում է՝ մի քիչ անկախանում եմ, բայց իրականում չէի ուզի այսքան շուտ անկախանալ ընտանիքից»։ 1 Snickers-ը՝ 4 հոգու համար Մերին ասում է՝ ընտանիքի եւ ընկերների հետ կապ է հաստատում օրական 1-2 անգամ, առաջ ավելի հաճախ էին խոսում, բայց հիմա անջատումների պատճառով չեն կարողանում․ «Առաջին հարցը, որ մերոնց հետ կապվելիս տալիս եմ՝ այսօր ի՞նչ եք կերել․․․ Իրականում ես ինչ իմանամում եմ Արցախի, դժվարությունների մասին, իմանում եմ ավելի շատ ֆեյսբուքյան խմբերից եւ ընկերներիցս, քանի որ ընտանիքս, չգիտեմ՝ ստում է թե չէ, բայց ասում է՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է, իրենք ամեն ինչ ունեն․․․ Բայց մի անգամ մերոնց հետ էի խոսում, փոքր եղբայրս մի Snickers էր գտել, ուրախացած ասում էր՝ Մերի՜, նայի՜ր, էսօր Snickers ենք ուտելու․․․ Բերեց, 4 մասի բաժանեց էդ փոքր Snickers-ը, որ բոլորով ուտեն․․․ Շատ դժվար է նայել, թե ոնց են էնտեղ սնվում կամ ինչ–որ բանով զբաղվում ու ոնց՝ էստեղ»։ Ընտանեկան լուսանկար Փոխադարձ կարոտը խեղդում է նաեւ ընտանիքին․ միջնեկ եղբայրը՝ Արշակը, այս ընթացքում օնլայն շփման միջոցով է փորձում դա մեղմել․ «Գրվում ենք հիմնականում, մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ, բայց էնպես չէ, որ զանգեմ, մի կես ժամ խոսենք, էդպես շատ է հուզիչ, խուսափում եմ։ Դե, բայց մերոնք որ զանգում են, կողքից միանում, խոսում եմ»,- ասում է նա ու նշում՝ ընտանիքի անդամներից կարոտն ամենադժվարը իրենց փոքր եղբայրը՝ Արմանն է հաղթահարում․ «Արմանը երազում է՝ ճանապարհը բացվի, գնա Մերիի մոտ։ Շատ է կարոտում։ Դե, բոլորս ենք կարոտում, ուղղակի ինքը մի քիչ ավելի էդպիսինն է․․․ Հեքիաթային»,– ասում է Արշակը։ Վերջինս ընկերների հետ ժամանակ անցկացնելուց բացի զբաղվում է փոքր պարտեզով, որ շրջափակման ընթացքում են սկսել մշակել․ «Առանձնապես սեր չենք ունեցել հողագործության նկատմամբ, բլոկադայի սկզբում էլ չէինք մշակում, բայց հետո տեսանք, թե բանջարեղենի գները ինչքան բարձր են, ասացինք՝ մենք էլ մշակենք, ինչո՞վ ենք պակաս որ»,- ասում է նա։  ՀԱՊՀ-ի ապագա ուսանողը չգիտի՝ ինչպես է իրացնելու կրթության իր իրավունքը Արշակն այս տարի է ավարտել դպրոցը, անվճար ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ պետք է արհեստական բանականությամբ համակարգեր կրթական ծրագիրն անցնի, սակայն ոչ ոք հստակ պատասխան չունի, թե Արցախի շրջափակման պայմաններում նա ինչպես է Երեւան հասնելու եւ իրացնելու կրթության իր իրավունքը։ «Ամռան սկզբում ասել էին, որ իբր մոտ 300 ուսանողի ուղարկելու են Երեւան, հետո մի պահ ասացին՝ օնլայն են լինելու մեր դասերը, մոտ մեկ շաբաթ առաջ էլ նորից զանգեցին, անձնագիր ուզեցին ԿԳՄՍՆ-ից, բայց իրենք էլ չգիտեն՝ ոնց են ուղարկելու, ու ոչ մի երաշխիք չեն տալիս։ Հարցնում եմ՝ ինչքանո՞վ է հավանական, որ կստացվի գնալը, ասում են՝ մեզ էդպիսի հարցեր մի տվեք»,- պատմում է Արշակը։ Արշակն ու Արմանը՝ Արշակի վերջին զանգին, հեռախոսի էկրանին՝ Մերիի լուսանկարը Նա ի սկզբանե անհամբեր էր, թե երբ պիտի տեղափոխվի Երեւան, նոր կյանք սկսի որպես ուսանող, սակայն հիմա երկմտում է՝ ուզու՞մ է առհասարակ գնալ, թե՞ ոչ․ «Բանակի հարց կա, ախր, եթե գնամ, հետո հետ չբերեն, որ ծառայեմ, «աբիդնի» կլինի։ Հունվարին պիտի գնամ բանակ։ Եսիմ, շատ եմ ուզում նորմալ կրթություն ստանալ, բայց համ էլ ուզում եմ վստահ լինել, որ կարողանալու եմ հետ գալ, պարտքս տալ հայրենիքին»,- անկեղծանում է տղան։ Մարտակերտը՝ կրկնակի շրջափակման մեջ Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքի ամբողջական դադարեցումից հետո Մարտակերտ քաղաքը, որ ամենահեռու շրջկենտրոնն է Ստեփանակերտից, օրեր շարունակ կրկնակի շրջափակման մեջ էր, մայրաքաղաքից լրիվությամբ կտրված։ Արշակի խոսքով՝ պետական մի տրանսպորտ կար, որ երբեմն միայն հիվանդներին էր տեղափոխում, բայց դրա վառելիքն էլ սպառվել է, այլեւս չի գործում։ Փոխարենը վերջերս մասնավոր մի տրանսպորտ է սկսել աշխատել, շաբաթական 1-2 անգամ քիչ քանակությամբ մարդկանց է կարողանում տեղափոխել։ Գինն էլ՝ կրկնակի․ «Ես էլ էի զանգել, որ Արմանի հետ գնամ քաղաք, տեսնենք՝ սեպտեմբերի մեկի համար ինչ հագուստ կկարողանայինք գտնել, որ եղբայրս դպրոց գնա, բայց վարորդն ասաց, որ տեղերը սպառված են, նույնիսկ երկուսիս չի կարող վերցնել»,- նշում է նա։ Դատարկ հանրախանութ Ստեփանակերտում Արշակը, սակայն, առանձնապես ծանր չի տանում տրանսպորտի բացակայությունը եւ Ստեփանակերտ հասնել չկարողանալը․ «Տարբերություն չկա, կամ Ստեփանակերտ կամ Մարտակերտ, մեկ է՝ ոչ մի տեղ էլ ոչ մի բան չկա, էնպես չէ, որ Ստեփանակերտում ինչ-որ առանձնահատուկ բան կա։ Բայց դե, գոնե կկարողանայինք շոր գտնել, գնել։ Մարտակերտում ընդհանրապես անհնար է գտնելը»։ Շրջափակման ընթացքում՝ դասընթացներ երեխաների համար Արշակն ու Մերին, որ, ըստ Աստղիկի, Մարտակերտ քաղաքում եւ առհասարակ Արցախում ամենաակտիվ եւ ստեղծարար պատանիներից են, իրենց մի քանի ընկերների հետ շրջափակումից առաջ մի ծրագիր էին սկսել՝ անունը Bitty, նպատակը՝ բազմաֆունկցիոնալ co-working space-ի ստեղծումը։ Դրամաշնորհ էին հաղթել, տարածք ստացել եւ համոզված էին, որ կարողանալու են նոր շունչ ու կենդանություն պարգեւել քաղաքին։ Այսօր, սակայն, բոլոր աշխատանքները դադարեցված են, եւ պատճառը կրկին շրջափակումն է։ Շինանյութ չկա, եղածն էլ պետք է առավել ռացիոնալ օգտագործել։ Մերիի բացակայության պայմաններում Արշակն ասում է՝ էլ ոչնչի հավես չունի․ «Անիմաստ ապրում ենք»,- հեգնական ծիծաղով նշում է նա եւ ավելացնում, որ ծրագրավորման դասընթացի էր գրանցվել, բայց անգամ դրան չի մասնակցում։ Bitty-ի թիմը շրջափակման ընթացքում՝ ձեռքին Մերիի լուսանկարը Մերին էլ մանրամասնում է՝ քանի որ ծրագիրը նաեւ համայնքային զարգացման բաղադրիչ ունի, շրջափակման ընթացքում սկսել են երեխաների համար դասընթացներ ու ժամանցային միջոցառումներ կազմակերպել, Մոխրաթաղի պատանիներին սովորեցրել են՝ ինչպես կայք պատրաստել․ «Այդ աշխատանքային պրոցեսին ես մասնակցում էի այստեղից, ի դեպ, դա էլ էր մեծ դժվարություն, որովհետեւ էրեխեքը էնտեղ հավաքվում էին, իսկ ես էստեղից զանգով էի միանում իրենց, բայց էլի հաղթահարում էինք»,- ասում է Մերին ու անկեղծանում՝ Արցախ գնալուն պես ուզում է այդ բոլոր միջոցառումները նորից կազմակերպել եւ անձամբ ներկա գտնվել։ Մերին՝ Երեւանում Արցախում ծրագրեր իրականացնելուց բացի Մերին այժմ ՀՀ մարզերի համայնքներում է ծրագրերի մասնակցում, կամավորում է տարբեր կազմակերպություններում ու նախաձեռնություններում, ինչպիսիք են, օրինակ, «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ–ն, «Impact Hub»-ը, «Հայաքվե»-ն․ «Ինձ միշտ հարցնում են՝ ո՞նց ես հասցնում այդքան ծրագրի մասնակցել, պատճառներից մեկն այն է, որ ես փորձում եմ ինձ ցրել ամառային արձակուրդին, որովհետեւ ես հիմա պիտի Արցախում լինեի, եթե մնամ տանը, անընդհատ դա եմ հիշելու, եւ բացի այդ, ես այն ծրագրերին եմ մասնակցում, որոնք սոցիալական ազդեցություն են ունենում տարբեր համայնքներում, եւ այդ ուժը երեւի նրանից է, որ ես ուզում եմ ապրել այն Հայաստանում՝ Արցախն էլ հետը, որտեղ մեր երիտասարդները ավելի կրթված կլինեն եւ ավելի հայրենատեր»։ Ապագան՝ անորոշ, բայց Արցախում Մերին, ինչպես ընտանիքից կտրված շատերը, ասում է՝ հեռավորությունը օգնել է վերաարժեւորել այն պահերը, որ անցկացրել են միասին․ «Եթե հետ դառնամ, այն պահերը, որոնք անցկացնելու եմ ընտանիքիս, Արցախում գտնվող ընկերներիս հետ, ուրիշ ձեւով եմ վայելելու, որովհետեւ դա մի ուրիշ զգացում է, ու ես հիմա սկսել եմ վերաարժեւորել հենց այդ ժամանակը, որ անցկացնում եմ իրենց հետ, բայց առաջ այնքան էլ չէի արժեւորում»։ Անկախ ամեն ինչից՝ Մերին իր ապագան Արցախում է տեսնում․ «Հիմա կարոտին դիմակայելու համար փրկում է հույսը, այն հույսը, որ մի օր վերջապես վերադառնալու եմ տուն, ապրելու եմ նպատակներով, որ ունեմ Արցախի հետ կապված, որովհետեւ իմ բոլոր նպատակները, երազանքները այս պահին Արցախի հետ են կապված, Արցախի մարդկանց, Մարտակերտի ու այնտեղի։ Ես այս պահին երազում եմ ապրել Արցախում, մնալ արցախցի ու իրականացնել այդ բոլոր նպատակները»։ Մերին՝ Արցախի ապաշրջափակման պահանջով ցույցերի ժամանակ Արշակն էլ նշում է՝ Արցախի շրջափակման այս օրերին ամենաշատը ճնշում է ոչ թե ուտելիքի կամ տրանսպորտի բացակայությունը, այլ որ Արցախը կտրված է Հայաստանից, եւ չկա աննշան հստակություն ու վստահություն վաղվա օրվա հանդեպ։ «Ուզում ենք ապագայի պլաններ կազմել, բայց մաքսիմում մինչեւ այսօր գիշերվա անելիքները կարող ենք պլանավորել։ Ամենաշատը դա է ճնշում, որ զուտ ամեն օրով ենք ապրում։ Էն ժամանակ մի հազար տարվա պլաններ ունեինք, հիմա դարձել է հազիվ մեկ-երկու օրվա»,- նշում է նա։ 17-ամյա պատանին դժվարանում է դրական կամ ուժ տվող որեւէ բան մատնանշել, հետո կատակում է․ «Հա, մեկ էլ «Naruto»-ն եմ սկսել նայել, մի քանի հարյուր սերիա նայել եմ արդեն, օգնում է ժամանակն անցկացնել»: Կիլոմետրերով իրարից հեռու, իրարից անկախ՝ քույր ու եղբայր նույնն են ասում՝ իրենց միայն հույսն է մնացել, եւ ուրիշ ոչինչ։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Արմանը, Մերին, Արշակը Միլենա Խաչիկյան, Երեւան Աստղիկ Քեշիշյան, Ստեփանակերտ  
18:25 - 18 օգոստոսի, 2023
«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ Էրիկ Գասպարյանն ու Արայիկ Գալստյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Իշխան Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին Էրիկ Գասպարյանը միայն լսել է Էրիկ Գասպարյանը պատմեց, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17-ին, պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող, որը կրակային պարապմունքներ գրեթե չէր անցել։ Սեպտեմբերի 27-ից Էրիկը եղել է Ջրականում, հոկտեմբերի սկզբներին՝ նահանջից հետո՝ տեղափոխվել նախ Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Խոսելով Խուռհատ սարում մարտական առաջադրանքի մասին՝ Էրիկն ասաց՝ սար բարձրանալու հրամանն իրենց փոխանցել է իրենց վաշտի հրամանատար, կապիտան Վազգեն Վարդանյանը, որը ողջ ընթացքում հիմնականում իրենց հետ է եղել (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․)։ Տուժողներ Էրիկ Գասպարյանը, Արայիկ Գալստյանը Իշխան Վահանյանին Էրիկը սարը բարձրանալիս է տեսել, դրանից հետո` մեկ էլ մի անգամ, երբ իջել են՝ սարի ներքեւից սնունդ վերցնելու․ «Հաց բերելիս ինքը մի քանի հոգու հետ կանգնած էր, ծառերով ծածուկ, ավելի հով տեղ էր, չեմ կարող ասել՝ թաքստոց էր թե զուտ հով էր, դրա համար էին էդտեղ նստել, համարյա սարի տակ էր, լանջերին, դրանից հետո իրեն չեմ տեսել, լիքը բաներ են խոսել իր հետ կապված, որ փախել է․․․ Ես դրանք չեմ տեսել, չեմ կարող ասել, իմ իմացածն էն է, որ ինքը էդտեղ էր, հետո էլ էդտեղ չէր, թե ոնց է գնացել, արդեն չգիտեմ»։ Վահանյանի ենթադրյալ վիրավորման մասին էլ Էրիկը ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է։ Տուժողի խոսքով՝ երբ բարձրացել են սարը, ինքը մի քանի նորակոչիկների հետ տեղակայվել է ձախակողմյան հատվածում․ «Մեր կողքը արդեն ձոր էր, մեր հետեւը՝ անտառ, ձախակողմյա հատվածում այլ ստորաբաժանում չի եղել, միայն կողքի թմբի վրա ինչ–որ խումբ կար, դա մի քիչ հեռու էր, ոնց որ մեր սարը ավարտվեր, դա սկսվեր, չէինք իմանում՝ ովքեր են, նույնիսկ մեր կապիտանը սնայպեր էր վերցրել, որ ստուգեր՝ մերոնցական են թե չէ, հետո, որ սկսեցին կրակել, հասկացանք, որ ադրբեջանցիք են»։ Մարտի ժամանակ Էրիկը ռադիոկապ չի տեսել, հրամանները կամ վաշտի հրամանատարից՝ Վազգենը Վարդանյանից է լսել, կամ զինվորներն են իրար փոխանցել․ «Երբ բոյը սկսեց, խուճապահար սաղ փախնում էին, մեկս մեկիս պահելով՝ իջնում էինք սարի տակ․․․ Իրենք արդեն անտառից էին մոտենում մեզ, սարով ֆռացել էին, անտառից էին մոտիկանում՝ թիկունքից, կարելի է ասել․․․ Իջնում ենք, սպասում՝ վաշտը հավաքվի՝ իրար հետ քայլենք, էդ ժամանակ Վազգեն եկավ, ասաց՝ եկեք արագ քայլենք, ո՞ւմ եք սպասում, խառնված էր մի քիչ, էդ եղել է առաջին անգամ, երբ ես իրեն տեսել եմ խառնված, ինքը միշտ եղել է, հա, էլի սթրեսի մեջ, բայց ավելի հանգիստ վիճակում»։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Էրիկի խոսքով՝ դրանից հետո բարձրացել են մեկ այլ սար՝ Զանգելանի ուղղությամբ, որտեղ 3-րդ գումարտակն է մարտի եղել, բարձրացել են դադարներով, քանի որ բարձր սար է եղել, իսկ իրենք՝ հոգնած, նստել են, հանգստացել, շարունակել ճանապարհը․ «Ասացին՝ սարի վերեւը 3-րդ գումարտակը  բոյ է տալիս, չենք իմանում՝ որ կողմը ինչ է, մի հելեք վերեւ, էնտեղ տեղ չկա թաքնվելու, մենք սարի ներքեւից սպասում էինք, հետո չգիտեմ, թե ով ասաց՝ հետ ենք իջնում, նույն ճանապարհով իջանք, մի հատ ստարշ կար մեր հետ, հետո իմացել եմ, որ Գյումրիից էր, անունն էլ՝ Արտյոմ (խոսքն այն կամավորական քեռու մասին է, որին հիշատակում են գրեթե բոլոր հարցաքննվողները,–հեղ․), ինքն ասաց՝ համբերեք, տեսնենք՝ քանի հոգի ենք, Հարութը (խոսքը սերժանտ Հարութ Ղարախանյանի մասին է, որը զոհվել է,–հեղ․) հաշվեց, 90 եւ ավելի էինք, ստարշը զանգեց Վահանյանին, ասաց՝ զորքդ՝ 100 հոգի նորեկ, էստեղ է, ի՞նչ ես կարողանում անել, նա էլ ասաց՝ չեմ կարող օգնել, ինչ ուզում եք, արեք, ես հոսպիտալում եմ»։ Դրանից հետո, ըստ Էրիկի, այդ կամավորական Արտյոմն իրենց ասել է՝ կա՛մ պիտի այդ 100 հոգով գնան դեպի Հադրութ՝ այնտեղ գտնվող հայերին օգնության, կա՛մ ով ինչ ուզում էր, պիտի աներ։ Զորքը ընտրել է միասին լինելը, ուստի սկսել են շարժվել Հադրութի ուղղությամբ։ Եվ քանի որ թշնամին արդեն այնտեղ է եղել, ճանապարհին նկատել է նրանց, մարտի բռնվել։ Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու այդ կամավորականը զոհվել են։ Թե կոնկրետ ով է եղել այդ կամավորականը, առ այսօր պարզված չէ։ Էրիկը մինչ օրս չգիտի՝ նահանջի ժամանակ բարձրացած սարը հետ իջնելու հրամանն ով է տվել Զորքի կիսվելու այս դրվագի վերաբերյալ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր տվեց տուժողին․ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Դու ունես վաշտի հրամանատար, որի հետ բարձրացել ես սարը․․․ – Իր հետ չենք բարձրացել, ինքը ուղղակի ասաց՝ բարձրացեք սենց, ու ինքը արագ–արագ քայլեց, որ  տեսնի՝ դիմացը ինչ է, մեզ ուղղղորդի, հետո արդեն թե ինքը որ մասում է եղել, ես չգիտեմ։ – Դուք ի վիճակի չե՞ք եղել հետեւել նրան։ – Ինքը ասում էր՝ մի հելեք էստեղ, ապասնի է, չգիտենք՝ 3-րդ գումարտակի կողքերը ինչ կա–ինչ չկա, դրա համար ասաց՝ սարի տակի վրա սպասեք, մենք էլ ահագին զորքով՝ 50 եւ ավելի, սպասում էինք։ – Եվ ճշտե՞ց։ – Հետո արդեն չգիտեմ՝ ինչ եղավ, զինվորները, մեզ փոխանցելով, ասացին՝ հետ իջեք։ – Իսկ հետագայում չե՞ս փորձել տեղեկանալ՝ ոնց եղավ, որ Վազգենը զորքի մի մասի հետ գնաց այդ ուղղությամբ, դուք՝ չէ։ – Դե, որ ասում են՝ հետ եք իջնում, ինձ թվում է՝ սպա կա, որ ասում է՝ էսինչ հրամանը կատարեք, զինվորներն էլ անում են, ես չէի ասի, թե ինչ–որ զինվոր ուղղակի կասեր՝ տղերք, եկեք իջնենք, ու բոլորով հետ իջնեինք․․․ Բայց մինչեւ հիմա էլ ես չեմ իմանանում՝ դա զինվո՞ր է որոշել, շուխուռ գցել, թե՞ ստարշն է ասել․․․ Զինվորներն ասում էին՝ վռոձի Վազգենն է ասել՝ հետ ենք գնում, բայց ես չգիտեմ էլ՝ ինքն է ասել թե ոչ, ինքը հելավ սարի վերեւը ու վերջ, ես իրեն էլ չեմ տեսել․․․  Հիմա որ նայում ենք ավելի սառը, եթե մենք էդ ճամփով փախել, հելել էինք, հետո խի՞ էինք նույն ձեւով հետ իջնում, միտք չկա էդտեղ, ուղղակի էդ ժամանակ խուճապահար ասում են՝ իջնում ենք, ուրեմն՝ ճիշտը էդ է․․․ Էս ամենը հասկանում ես, երբ գալիս ես, խաղաղ ժամանակ է, հանգստանում ես․․․ Հասկանում ես, թե ոնց է եղել, ճիշտը ոնց պիտի լիներ, ու խի տենց չի եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, Գայանե Հովակիմյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց՝ որոշ սպաներ ասում էին՝ այդ հատվածում հրետակոծություն է եղել, դրա համար իրենք չեն կարողացել հետ գալ սպասող անձնակազմի մոտ։ Էրիկը, սակայն, ասաց՝ ինքը նման բան չի տեսել, չի լսել։ Հարցին՝ հիմա, երբ ամեն ինչ ավարտվել է, ինքը կարո՞ղ է ասել՝ ցանկության կամ հրամանատարական նորմալ կազմի դեպքում հնարավոր էր արդյոք պաշտպանությունն ավելի ճիշտ կազմակերպել, նա դրական պատասխան տվեց։ Վերլուծելով կատարվածը՝ Էրիկն ասաց՝ ճիշտ ուղուց շեղվելու, Հադրութ շարժվելու եւ հակառակորդին բախվելու պատճառը եղել է նախեւառաջ սպաների ոչ ճիշտ հրամաններ տալը, հրամաններ չտալը ընդհանրապես եւ խուճապահար վիճակը։ Պատերազմում երկու որդիներին կորցրած Գեղամ Ղազարյանը խնդրեց հայտնել՝ ընդհանուր առմամբ կատարվածը ի՞նչ էր, իրենք ինչի՞ զոհ են ի վերջո․ «Ընդհանուր սպաների կողմից դավաճանություն էր, որ իրենք թողեցին, փախան առանց մեզ հրաման տալու կամ ինչ–որ բան ասելու, առավել եւս, եթե ստարշը ճիշտ է ասել, որ զանգել է Վահանյանին, նա ասել է՝ ինչ ուզում եք, արեք, էդտեղից սկսած՝ մենք կամբատ չենք ունեցել»։ Սխալ ուղղությամբ այդ նահանջի ժամանակ մարտի բռնվելով թշնամու հետ՝ անձնակազմն արդեն ցրվել է։ Էրիկի խոսքով՝ Վանք գյուղի տներում ի սկզբանե 21 հոգով են մնացել, հետագայում՝ բաժանվել 3 խմբի։ Ինքը 8-հոգանոց խմբում է եղել՝ սերժանտ Հարութ Ղարախանյանի գլխավորությամբ, պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 12-ին գերեվարվել է, 2021 թ․ հունիսին՝ վերադարձել հայրենիք։ Արայիկ Գալստյանի խոսքով՝ շրջափակման միջից իրենք զանգել են օգնության, սակայն ոչ ոք այդպես էլ չի եկել Հարցաքննված մյուս տուժողն Արայիկ Գալստյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 3 ամսվա զինծառայող։ Արայիկը դժվարացավ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, մեծամասամբ նշեց, որ չի հիշում։ Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին եւս նա ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է, որ վիրավորվել է, նստել մեքենան ու գնացել։ Արայիկը չգիտեր նաեւ, թե նահանջի հրամանն ով է տվել։  Արայիկ Գալստյանը Դատավարության մասնակիցները նրանից եւս փորձեցին տեղեկանալ, թե ինչպես է ստացել, որ զորքը կիսվել է․ – Կեսը վերեւ էին հելնում, կեսը ներքեւ, ես ներքեւ իջա։ –  Դա ո՞նց որոշվեց։ –  էդ չեմ հիշում, առանձնացան, ես էլ ներքեւ գնացի։ –  Իսկ որ իջնում էիր, գիտեի՞ր, թե որ ուղղությամբ ես գնում։ –  Չէ։ –  Գիտեի՞ր, որ էդ կողմը հակառակորդն է։ –  Չէ, ես տարածքին ծանոթ չեմ եղել։ –  Իսկ կամավորականը կամ Հովհաննես Մուրադյանը, ըստ քեզ, գիտեի՞ն։ –  Չեմ կարող ասել։ –  Դու ի վիճակի եղե՞լ ես լսելու, ընկալելու հրամանները։ –  Այո։ Հարցաքննության ավարտին իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց․ ծնողներին նյարդայնացրեց Վահանյանի՝ նրանց խոսքով արհամարհական հայացքը, նրանք սկսեցին վիրավորել Վահանյանին՝ բղավելով, որ վերջինիս պատճառով ուռուցք են ձեռք բերել, գերեզմաններում գիշերել․․․ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հոկտեմբերի 10-ին Արայիկը վիրավորվել է, շրջափակման մեջ մնացած անձնակազմի հետ մնացել Վանք գյուղի տներում, հետագայում՝ գերեվարվել։ Նրա խոսքով՝ տանից զանգել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, վերջինս ասել է՝ սպասեք, կգանք, բայց ոչ ոք այդպես էլ չի եկել։ Գործով վկա Արսեն Ղուկասյանը  (նրա եղբայրը զոհվել է, եղբորորդին անհետ կորած է մինչ օրս) հայտարարությամբ հանդես եկավ՝ դատարանին տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստից հետո ինքը խոսել է Գարիկ Վարդերեսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, տղաների շրջափակման մասին իմանալով, ի՞նչ է արել․ «Բա ես ամսի 11–ին գնացել եմ Թութակներ, տեսել եմ գեներալ Աղաբեկյան Արթուրին եւ Մանուկյան Դավիթին, որոնց տեղեկացրել եմ, որ անտառում ունեմ զինվորներ, որոնց օգնություն է պետք, էնտեղից իրեն ասել են՝ մենք հատուկ օպերացիա ենք պատրաստում, մեզ մի խանգարեք, լքեք տարածքը»,– ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ Վարդերեսյանը պատրաստ է կրկին դատարան ներկայանալ եւ հաստատել իր այս խոսքերը (Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ)։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 29-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:48 - 17 օգոստոսի, 2023
«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Գլխավոր լուսանկարը՝ ԵԽ կայքից Այն, որ Ադրբեջանի Հանրապետությունը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, միայն ՀՀ ինքնիշխան տարածքի եւ սահմանների ուղղությամբ զինված էսկալացիաները չեն, որ ապացուցում են։ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ պետական քաղաքականության մակարդակում փորձում է առաջ մղել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» մտացածին եզրույթները՝ նկատի ունենալով ՀՀ գյուղերն ու քաղաքները եւ նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիներին։  Վերջին շրջանում ադրբեջանական այդ թեզերը դուրս են եկել պարզապես խոսույթի մակարդակից՝ դիմումների ձեւաչափով հասնելով ընդհուպ միջազգային հեղինակավոր կառույցներ, այդ թեմայի մասին սկսել են խոսել ամերիկացի, եվրոպացի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ակնարկելով, որ հայ-ադրբեջանական միջնորդավորված բանակցություններում այդ հարցն առնվազն քննարկման առարկա է։  Ադրբեջանական կողմի քայլերը Այսպես, Ադրբեջանը «էթնիկ ադրբեջանցիների՝ ՀՀ իրենց տներ վերադառնալու» հարցով տարբեր գործողություններ է իրականացնում։ Մասնավորապես, Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն, որը հովանավորվում է ադրբեջանական ռեժիմի կողմից, մեկ տարի առաջ վերակազմավորվել է՝ կոչվելով «Արեւմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի «տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հարցերով», իսկ արդեն դեկտեմբերին Ալիեւը հանձնարարականներ է տվել այդ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք էլ կարճ ժամանակ անց սկսել են իրականացվել։ 1 ամիս անց նշյալ կազմակերպությունը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի միջոցով դիմում է փոխանցել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որով Հայաստանի կառավարությունից պահանջել է ստեղծել էթնիկ ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու պայմաններ եւ խնդրել է այս հարցում միջազգային հանրության աջակցությունը, իսկ մեկուկես ամիս անց համանման նամակ է ուղարվել ԵՄ խորհրդի նախագահին։ Արդեն այս տարվա մարտին կազմակերպությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի՝ Ալիեւի նախանշած հայեցակարգը, որում նշվում է՝ քանի որ իրենք անվտանգության հարցերով չեն վստահում Հայաստանին, անհրաժեշտ է ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում տեղաբաշխել անվտանգության հարցերով միջազգային առաքելություն՝ բաղկացած իրենց համար վստահելի երրորդ երկրների ուժերից, որոնք կունենան ադմինիստրատիվ եւ ոստիկանական լիազորություններ, իսկ ադրբեջանցիները պետք է ունենան տեղական անվտանգության ուժեր ձեւավորելու եւ դատարանում դերակատարում ունենալու հնարավորություն։ Այս հայեցակարգում բազմաթիվ են նաեւ լեզվին, սեփականությանը եւ այլ հարցերի վերաբերվող կետերը։ Մի քանի օր առաջ նշյալ ՀԿ-ն նոր նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ասվում է, թե «Հայաստանը հրաժարվում է այս երկրից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն վարել ու բացառում է նրանց վերադարձի իրավունքը» եւ այլն։ Նամակում ՄԱԿ գլխավոր քարտուղարին կոչ է արվում «ազդել Հայաստանի վրա, որ նա կատարի իր պարտավորությունները, եւ Հայաստան ուղարկի ՄԱԿ հատուկ առաքելություն, որպեսզի օգնի վերադարձի գործընթացին»։ Իսկ մեկ շաբաթ առաջվանից սկսել է գործել ՀԿ-ին համանուն ինտերնետային հեռուստաալիք՝ իբրեւ թե լուսաբանելու «Արեւմտյան Ադրբեջանի» իրողությունները։ Այսօր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակներով դիմել է Human Rights Watch-ին և Amnesty International-ին՝ խնդրելով աջակցել «Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ոտնահարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնմանը»։ Բրյուսելյան հանդիպմանը փախստականների հարց քննարկվե՞լ է Մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում։ Հայկական կողմը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված ճգնաժամին, սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրմանը, գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։ Փաշինյանը, Միշելն ու Ալիեւը՝ Բրյուսելում, 2022թ․ Մինչդեռ ադրբեջանական մամուլը գրում էր, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Հայկական կողմից այդ հրապարակումների վերաբերյալ հերքում կամ հաստատում չէր եղել։ Փաշինյանն ըստ էության չի հերքում Բրյուսելյան բանակցություններից տասը օր անց՝ հուլիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին [1, 2]՝ արդյոք բանակցություններում քննարկման առարկա՞ է կամ եղե՞լ է այս հարցը, եւ եթե ոչ, ապա ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, որ ադրբեջանական հերթական օրակարգը բանակցությունների առարկա չի դառնա։ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Ադրբեջանը ադրբեջանցիների՝ Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցը օրակարգ է բերել որպես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցի, կարելի է ասել, որպես հայելային օրակարգ [ձեւակերպումը՝ խմբ․]։ Նա նշել էր, որ հայկական կողմի արձագանքը դրան եղել է եւ շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, ապա համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից տեղահանված հայերի իրավունքների թեմային։ Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի օրը Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմի հայտարարություններից ու գործողություններից հասկանալի է դառնում, որ իրենց նպատակադրումն այդքան էլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցին հակընդդեմ օրակարգ ստեղծելը չէ, եւ որ Ադրբեջանն այս հարցում կոնկրետ պետական քաղաքականություն է վարում, Փաշինյանն արձագանքել էր այսպես․ «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում, օրինակ, Ադրբեջանից փախստականների կազակերպություններ իրենց հերթին հանդես են եկել իրենց հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ։ [․․․] Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը [այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերաբերյալ] համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են՝ այդ թվում, իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից եւ այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք եւ կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են։ Եվ մենք ասում ենք, որ ինչու, օրինակ, չեք մեջբերում Նախիջեւանից հեռացած հայերի հայտարարությունը, ինչու ձեր հարցը նրա մասին չէ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում հասցեագրել Նախիջեւանի հայերի [իրավունքները]»,- ասել էր Փաշինյանը՝ հետագայում հավելելով, որ փախստականների վերաբերյալ հարցը «Հայաստանում կարող է եւ պետական քաղաքականություն չէ այն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները»։ Նա պնդել էր, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունները եւ միջոցները բավարար են, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարել Հայաստանի շահերին համապատասխան»։  Փաշինյանի ասուլիսի օրը Լավրովը տրամագծորեն հակառակ հայտարարություն է անում Հենց Փաշինյանի ասուլիսի օրը ՌԴ-ում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը, ի թիվս այլնի, շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրման կարեւորությունը: Հաղորդագրությունում փախստականների, տեղահանվածների կամ ազգային փոքրամասնությունների մասին քննարկման վերաբերյալ որեւէ նշում չկա։ Այդ հանդիպումից հետո, սակայն, Լավրովը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ, որում նշել էր երկու երկրներում «ազգային փոքրամասնությունների» իրավունքների երաշխիքների շուրջ համաձայնության գալու մասին․ «Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների հարցում համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաեւ իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»,- ասել էր Լավրովը։ Լավրովը՝ ասուլիսի ժամանակ Լավրովին հերքում են Մարուքյանն ու Միրզոյանը Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հուլիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին՝ Հայաստանը քննարկո՞ւմ է ադրբեջանցիների հնարավոր վերադարձը Հայաստան, քանի որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Մարուքյանն այս առնչությամբ ասել էր․  «ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այս իմաստով նույնպես չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Տեսեք, ՌԴ ԱԳ նախարարն ունենում է երկկողմ հանդիպում՝ երկու ԱԳ նախարարների հետ, հետո՝ եռակողմ, հետո ամփոփիչ ինչ-որ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ, որ փորձել է այնպիսի հայտարարություն անել, որ նաեւ Ադրբեջանի ուզած նարատիվն այստեղ տեղ գտնի, բայց, կարծում եմ, ՌԴ ԱԳ նախարարը, լավ կլիներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի (որ ՌԴ նախագահն էլ է ստորագրել) 7-րդ կետին անդրադառնար, որ, օրինակ, ներքին տեղահանված անձինք վերադարձե՞լ են, թե՞ չեն վերադարձել, այս պարտավորությունն իրականացվե՞լ է, թե՞ չէ»,- նշել էր Մարուքյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի փորձը՝ Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների հարցը հավասարեցնել ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների հետ, շատ թույլ եւ անիմաստ է․ «Որովհետեւ դրանով փորձում են ԼՂ բացառիկությունը նվազեցնել, իսկ էդ բացառիկությունը ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ որպես ամենավերջին, թարմ փաստաթուղթ»։ Ճշտող հարցին՝ Հայաստանը բանակցո՞ւմ է նման բան, թե՞ ոչ, Մարուքյանը պնդել էր՝ Հայաստանը չի բանակցում, բանակցային սեղանին չկա նման թեմա․ «Դա Ադրբեջանի կողմից պրոպագանդվող քարոզչություն է։ Եթե հասնենք այդ հարցին, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով փախստականները եւ ներքին տեղահանված անձինք (սա իրավական պարտավորություն է, էն մասով որեւէ իրավական պարտավորություն չունենք) կվերադառնան, ուզենան խոսեն էս մասին, ուրեմն էդ խոսակցությունը կբացվի։ Իսկ էդ խոսակցությունն ինչի՞ մասին է, որ իրենք ասում են, որ ՀՀ-ից գնացել են ադրբեջանցիները, բա Ադրբեջանից էլ են գնացել հայերը, հայերը գնացել են մազապուրծ, սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքի տակ, ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, փոխհատուցում ստանալով, այսինքն՝ դրանք անգամ այդ մասով չեն հավասար։ Բայց երբ պահը գա, որ էդ հարցը բացեն, առաջնային հարցը հետեւյալն է, որ կան փախստականներ Ադրբեջանից, եւ եթե կան փախստականներ կամ Հայաստանից էդ ժամանակ գնացած ադրբեջանցիներ, դրանք են իրար հավասար, բայց ԼՂ-ն դրա հետ կապ չունի։ Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն բերի դրան հավասարեցնի, որը չի ստացվում, որովհետեւ ի հակադրություն գոյություն ունի Ադրբեջանից փախստական դարձած հայերի խնդիր, եւ մենք ունենք կառույցներ, հայտարարություններ են անում, ունենք կազմակերպություններ, ովքեր նույնպես ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Ադրբեջանն ուզում է կտրել այս ամբողջ ձեւավորված նարատիվը, որը միջազգային իրավունքով պարտադիր ուժ ունի՝ ԼՂ տարածք, ԼՂ տարածքում ապրող մարդիկ, ում իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն միջազգային մեխանիզմի շրջանակում»,- ասել էր Մարուքյանը։ Հուլիսի 28-ին էլ Արարատ Միրզոյանն էր անդրադարձել Լավրովի խոսքերին՝ ասելով, որ «Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող եւ որեւէ զուգահեռ չունեցող հիմնահարց է»։ Միրզոյանը նշել էր, որ այն որեւէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված եւ ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ․ «Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում եւ առավել եւս համաձայնություն չի եղել»,- ասել էր նա: Էթնիկ փոքրամասնությունների հարց արծարծվել է նաեւ ավելի վաղ Հատկանշական է, որ փախստականներին առնչվող հայտարարություն հնչել է նաեւ վերը հիշատակված երկու եռակողմ բանակցություններից առաջ, սակայն այն այնքան էլ ուշադրության չէր արժանացել, գուցե նաեւ այն պատճառով, որ հայկական կողմից այդ ձեւակերպումներին հերքում չէր էլ եղել։ Ինչի մասին է խոսքը։ Այս տարվա մայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ հովանու ներքո ընթանում էին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ եռակողմ ձեւաչափով։ Մայիսի մեկին նախ կայացել է Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը, ապա նույն օրը նաեւ եռակողմ հանդիպումը՝ Բլինքենի, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Մայիսի 3-ին եւս մեկ եռակողմ հանդիպում է կայացել՝ այս անգամ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ։ Ի վերջո, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, չորս օր Վաշինգտոնում բանակցությունների արդյունքով նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Միրզոյանի ու Բլինքենի հանդիպումը մայիսի 1-ին Մայիսի 2-ին՝ բանակցություններին զուգահեռ, «Ամերիկայի ձայնը» մի հրապարակում է արել, որտեղ նշված էր, որ «ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում» Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների վերաբերյալ։ Այդ հրապարակման համաձայն՝ «Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը»: Նկատենք, որ լրատվամիջոցի հրապարակման մեջ չկա նշում այն մասին, թե Պետքարտուղարությունից հստակեցրել են՝ ովքեր են նկատի առնվում «էթնիկ փոքրամասնություններ» հոգնակի ձեւակերպման մեջ։  Այս հրապարակման եւ պետքարտուղարության հաղորդած տեղեկության վերաբերյալ, ինչպես նշեցինք, հայկական կողմից որեւէ հրապարակային պաշտոնական արձագանք չէր եղել։ Այսպիսով, Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակում տարբեր գործողություններ է իրականացնում այդ օրակարգն առաջ տանելու համար։ Ընդ որում՝ ադրբեջանական այդ խոսույթը ոչ թե վերաբերում է պարզապես ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձին, այլ, ըստ էության, տարածքային նկրտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է տարբեր պաշտոնյաների, այդ թվում եւ Ալիեւի հայտարարություններով․ նրանք ՀՀ տարածքներին ադրբեջանական կեղծ անուններով են անդրադառնում, ՀՀ ինքնիշխան տարածքները հեռուստատեսությամբ ներկայացնում են իբրեւ ադրբեջանական եւ այսպես շարունակ։ Իսկ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում միջնորդ երկրների ներկայացուցիչները, օգտագործելով տարբեր եզրույթներ, խոսում են այն մասին, որ այսպես կոչված փախստականների վերադարձի հարց քննարկվում է։ Սկզբնական շրջանում հայկական կողմից այդ հայտարարություններին արձագանք չկար, միայն Փաշինյանի ասուլիսի ժամանակ այդ հարցի բարձրաձայնումից եւ նույն օրը Լավրովի հայտարարությունից հետո հայ պաշտոնյաները հանդես եկան հերքումներով։  «Աղդամյան հումանիտար միջանցք»․ միջնորդների հայտարարությունները հերքելու մեկ այլ դեպք Ի հավելումն հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցություններից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Ստեփանակերտին Աղդամով «օգնություն» տրամադրելու հարցում որն է եղել իր դիրքորոշումը Միշելի ու Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ, եթե այդ հարցը քննարկվել է, ասել էր, որ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկեու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։ Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել էր, որ անակնկալ չէր, ապա նորից շեշտել էր, որ ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե քննարկում եղել է, ուղղակի ի՞նքը չի մտել քննարկման մեջ, Փաշինյանն արձագանքել էր․ «Ես ասել եմ՝ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։ Այսինքն Փաշինյանն, ըստ էության, չէր հերքել, որ բանակցություններում այդ հարցը բարձրացվել է։ Ասուլիսի հաջորդ օրը, երբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մթերքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ շարժվեցին դեպի Կոռնիձոր՝ այնտեղից խաղաղապահների միջոցով Արցախ տեղափոխվելու համար, Նիկոլ Փաշինյանը թուիթերյան միկրոբլոգում գրել էր․ «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Այս գրառման լուսապատճենն իր թուիթերյան էջում դնելով՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը գրել էր, թե «Համաձայն Բրյուսելով ձեռք բերած պայմանավորվածության՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է ամեն տեսակի բեռների տեղափոխման համար»։ Նույն օրը Հանրայինի եթերում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, որ Հաջիեւն իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել, նման պայմանավորվածություն չի եղել․ «Սա ադրբեջանական նարատիվ է, եւ նաեւ եթե անգամ նայենք, թե ինչ է ասել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա ուղղակի ասում է, որ Լաչինով․․․ էստեղ ճանապարհ բառն է օգտագործել, որը, բնականաբար, էլի մեր նարատիվը չէ, դա ճանապարհ չէ, Լաչինի միջանցք է, բայց, ամեն դեպքում, նա ասում է՝ «ես կարեւորել եմ Լաչինի ճանապարհով բեռների փոխադրումը հումանիտար, ես նաեւ նշում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով տրամադրել հումանիտար ինչ-որ բեռներ, սնունդ, աջակցություն»։ Սա Շառլ Միշելի ասածն է, սա Հայաստանի հետ որպես պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է»,- ասել էր Մարուքյանը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհն օգտագործելու մասին սուտ հայտարարության վերաբերյալ «բնականաբար, համապատասխան արձագանք կտրվի»։ Հերքումներ՝ միայն հանրային տիրույթում քննարկումներից հետո․ դիվանագետի մեկնաբանությունը Որպես կանոն՝ բանակցություններից հետո կողմերը, այդ թվում միջնորդ կողմը, հանդես են գալիս բանակցային տվյալ փուլի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով եւ հայտարարություններով, որոնք սովորաբար արմատական տարբերություններ չեն ունենում, սակայն կողմերն, իհարկե, քննարկված հարցերը եւ բանակցություններից իրենց տպավորություններոը ներկայացնում են սեփական տեսակետից։ Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ Կարեն Միրզոյանն infocom.am-ի հետ զրույցում նշում է, որ, իհարկե, ակնկալվում են համաձայնեցված հայտարարություններ, բայց եթե նման համաձայնության հասնել չի լինում, ապա յուրաքանչյուր կողմ իրեն իրավունք է վերապահում է հանդես գալ տարբեր հայտարարությամբ՝ նշելով, թե որ կետերեն է ընդունել կամ չի ընդունել․ «Երբ բանակցություններ են ընթանում, անկախ հանգամանքից՝ դրանք պսակվում են հաջողությամբ, թե ոչ, ընդունվում է հայտարարություն, որի նպատական է իրազեկել հանրությանը բանակցությունների արդյունքների մասին, ինչպես նաեւ ամրագրել ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ իրավիճակը բանակցային գործընթացում։ Եւ պարտադիր չէ, որ ամեն բանակցային փուլից հետո կողմերն ունենան համընկնող տեսակետներ, դրանք կարող են տարբերվել, բայց դրա մասին էլ պետք է խոսել»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական կողմից բանակցություններին մասնակից մյուս կողմերի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումները կան հերքումները սովորաբար հնչում են այն ժամանակ, երբ հանդրության ներսում ինչ-որ հարցեր են սկսում առաջանալ․ «Նման հայտարարություններ երբեք չեն արվել միջնորդի կամ մյուս կողմի հայտարարություններից անմիջապես հետո։ Հարց է առաջանում՝ եթե կոնկրետ հարց չի բանակցվել, ինչո՞ւ է հայկական կողմը նախընտրել թեման լռության մատնել, չի ահազանգել այն մասին, որ փաստորեն աղավաղվել է բանակցային փուլի էությունը, եւ միայն հանրության ընդզվումից հետո ինչ-ինչ հայտարարություններ է արել»։  Այն, որ բանակցային փուլից հետո միջնորդը եւ մասնակից մյուս կողմը հանդես են գալիս միանման հայտարարությամբ, որը, ըստ հայկական կողմի, չի համապատասխանում իրականությանը, ըստ պարոն Միրզոյանի՝ նշանակում է՝ ինչ-որ բան չի ընթացել բնականոն հունով։  Արձագանքելով հարցին՝ արդյոք այդ իրողությունը չի՞ նշանակում, որ հայկական կողմը բանակցություններում չի թելադրում իր օրակարգը կամ առնվազն չի պաշտպանում այն, մեր զրուցակիցը նկատում է՝ բանակցություններին մասնակից մարդիկ, ակնհայտ է, չեն տիրապետում բանակցային մեթոդաբանությանը։ Նրա խոսքով՝ իհարկե բուն բանակցությունների մասին հարցեր պետք է ուղղել հենց դրանցում ուղիղ մասնակցություն ունեցող անձանց, սակայն յուրաքանչյուրը, որը մի քիչ բանականություն ունի, հասկանում է, որ բանակցային գործընթացում պետք է լինել ազնիվ, չփորձել խաբել դիմացինին, այլ ճիշտ ու հասկանալի ներկայացնել սեփական տեսակետները եւ պատրաստ լինել պայքարել դրանց պաշտպանության համար։ Հավանակա՞ն է արդյոք, որ միջնորդ երկրների ներկայացուցիչներն իսկապես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անեն բանակցություններում քննարկված հարցերի վերաբերյալ․ պարոն Միրզոյանը նկատում է, որ բանակցային գործընթացում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց կեղծ լուրեր տարածելու ազդեցությունը երկարատեւ չի լինում, որովհետեւ ճշմարտությունն ի վերջո ջրի երես է դուրս գալիս, եւ բանակցողը կամ միջնորդը, որը դիմել է նման քայլի, հայտնվում է խայտառակ իրավիճակում։  Հարցին՝ միջնորդների հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի հերքումները կարո՞ղ են բացասաբար ազդել բանակցություններում մեր ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի վրա, Կարեն Միրզոյանը պատասխանում է․ «Իհարկե ազդում են, նախ եւ առաջ դրանք քայքայում են քո վստահելիությունը՝ որպես բանակցային գործընթացի գործընկեր, պարզ է, որ քչերը կուզեն գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը բանակցայն գործընթացի ողջ էությունն աղավաղում է կամ հանդես է գալիս միակողմանի մեկնաբանություններով»։ Իսկ միջնորդների արձագանքը, ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ՝ լինի հրապարակային։ Նրանք կարող են փակ ձեւաչափով արձագանքել կամ անմիջապես հողի վրա զարգացումներով, որոնց, պարոն Միրզոյանի խոսքով,  ականատես ենք լինում հետագայում, օրինակ, սահմանին տիրող, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը եւ այլն։ Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ մարդիկ, որոնք մասնակցում են բանակցություններին ու կրում են պատասխանատվություն, նախընտրում են հանրության ուշադրությունը թմրեցնել ինչ-ինչ հայտարարություններով, մինչդեռ պետք է ներկայացնեին ճշմարտությունը։ Հայարփի Բաղդասարյան
21:56 - 14 օգոստոսի, 2023
«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ, ավագ հրաձիգ Արթուր Հարությունյանն ու գնդացրորդ Կարեն Մանուկյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ Հադրութում արդեն հակառակորդն է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել․ Արթուրն ու ծառայակից 5 ընկերները 70 օր թաքնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում եւ դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ հրաշքով փրկվել, իսկ Կարենը, որ Վանք գյուղի այլ տան մեջ է եղել, իր 4 զինծառայակիցների հետ նոյեմբերին գերեվարվել է, ամիսներ անց՝ վերադարձել հայրենիք: Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Ըստ Արթուր Հարությունյանի՝ Ջրականից Հադրութ նահանջի հրամանը Հայկազ Գրիգորյանը վերադասության հետ չի համաձայնեցրել Արթուր Հարությունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 6-ին, մինչ պատերազմը 2 անգամ է կրակայինի մասնակցել, ավելի շատ բան, ըստ իրեն, պատերազմի ընթացքում է սովորել։  Արթուրը պատմեց, որ պատերազմի առաջին իսկ օրից իրենք ներգրավված են եղել մարտական գործողությունների մեջ սկզբում Ջրականի, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութի տարածքում։ Խոսելով այդ, պայմանական ասած, առաջին նահանջի մասին՝ Արթուրը բացատրեց՝ իրենց վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը տեսել է, որ իրենց ահռելի զորք է մոտենում՝ ահռելի սպառազինությամբ, եւ կարծելով, որ իրենք չեն կարողանա դիմակայել՝ նահանջի հրաման է տվել․ – Այսինքն՝ անմիջապես հարձակում տեղի ունեցա՞վ թե՞ կարծեցիք, որ հնարավոր է՝ նման հարձակում լինի,–հարցրեց մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը։ – Երկրորդը,– պատասխանեց տուժողը։ – Իսկ վերադաս հրամանատարությունը տեղյա՞կ էր նահանջի մասին։ – Եթե ճիշտ եմ հիշում, փորձել էր ռացիայով կապ հաստատել, բայց չէր ստացվել ,– պատասխանեց տուժողը՝ մանրամասնելով, որ իրենցից առաջ՝ առաջին գծում, եղել են հայկական ստորաբաժանումներ, որոնք հենց կռվի մեջ են եղել թշնամու հետ, բայց ընթացքում հարվածներ նաեւ իրենց ուղղությամբ են եղել, ընդհուպ մինչեւ զոհ են ունեցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ իրենք պատկերացում ունեի՞ն, որ իրենց դուրս գալով՝ ճեղքում է առաջանում, եւ դիրքերը բացվում են թշնամու առաջ, ինչին ի պատասխան՝ տուժողն ասաց՝ իրենց հրաման է տրվել, իրենք այն կատարել են։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը – Եթե ձեզնից առաջ գտնվող մեր ստորաբաժանումները դեռ չեն ոչնչացվել, ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչու եք դուք նահանջում, – հետաքրքրվեց դատավոր Ջոն Հայրապետյանը։ – Հարց առաջացավ, – պատասխանեց տուժողը։  – Հայկազ Գրիգորյանը ինչի՞ց եզրակացրեց, որ դուք այդ դիրքը պետք է թողնեք։ – Ինձ թվում է՝ ավելի լավ է Հայկազ Գրիգորյանին նման հարցեր տաք, – պատասխանեց նա։ Նշենք, որ Հայկազ Գրիգորյանն արդեն իսկ հարցաքննվել է դատարանում եւ այս դրվագի մասին խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ են եղել, բայց թե ում հրամանով են նահանջել, չի կարողացել նշել։ Տուժողի խոսքով՝ Վահանյանն իրենց հավասար նահանջելիս է եղել, մեկ էլ հանկարծ ասել է, որ վիրավոր է ու սկսել կաղալ Դրանից հետո զորքը գնացել է Հադրութի զորամաս, հաջորդ օրը՝ դպրոց, որտեղ էլ Արթուրն առաջին անգամ տեսել է Վահանյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահանյանն այդ ժամանակ ոտքից վիրավոր է եղել, սակայն թե՛ Արթուրը, թե՛ նախկինում հարցաքննված բազում զինծառայողներ նրա քայլքի մեջ փոփոխություն, որեւէ վերք չեն նկատել․ «Որոշ ժամանակ դպրոցում մնալուց հետո ասացին, որ գնում ենք մարտական դիրքեր, մեր ստորաբաժանումը բաժանվեց մասերի, երկու մասով գնացինք, սարի վրա զուտ դիրքավորված սպասում էինք մարտական հրամանների, բայց երբ սկսեցին կրակոցներ, տարբեր ուղղություններով խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց», – պատմեց տուժողը՝ նշելով, որ դիրքավորվելու հրամանը Վահանյանն է տվել, այլ կոնկրետ հրամաններ չեն եղել։ Նա հիշեց՝ մինչեւ մարտը սկսվելը Վահանյանը սարի երկայնքով գնում–գալիս էր, սկսվելու պահին որտեղ է եղել՝ չի տեսել, մեկ էլ նահանջի ժամանակ է նրան հանդիպել։ Ձախից՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Ո՞ւմ հրամանով է նահանջը տրվել, – հարցրեց մեղադրողը։ – Եթե ճիշտ եմ հիշում, Վահանյանի, բայց վստահ չեմ։ – Իսկ կոնկրետ ասել է՝ ո՞ւր նահանջեք։ – Ավելի շուտ ցույց տալով․․․ Սկզբում մեր հետ էր քայլում, բայց հետո ասաց՝ վիրավոր եմ, չեմ կարող քայլել, եւ մեքենայով գնաց, ես էդ ժամանակ իրեն շատ մոտ էի, մոտավորապես 2 մետր, եւ հենց էդ ընթացքում ասաց, որ վիրավոր է։ – Իսկ այդ ընթացքում ձեր ուղղությամբ կրակ նկատե՞լ եք։ – Այո։ – Ի՞նչ տեսակի զենքից՝ հրաձգայի՞ն թե՞ հրետանային։ – Հրաձգային, – ասաց տուժողը՝ ենթադրելով, որ եթե իրենց ուղղությամբ հրետանային կրակ լիներ, հնարավոր չէր, որ Վահանյանը բեկորային վիրավորում ստանար, իսկ ինքը՝ ոչ։ – Ըստ քրեական գործի՝ Վահանյանի վիրավորումը բեկորային է, այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ այդ վիրավորումը կարող էր ստանալ այդ պայմաններում։ – Այն ընթացքում, որ ես իրեն մոտ էի, բացառում եմ, բայց դրանից առաջ եղել է թե ոչ, չեմ կարող ասել։ – Բայց ինքը ասաց, որ այդ պահի՞ն է վիրավորում ստացել։ – Ինքը ասաց՝ վիրավոր եմ, պետք է գնամ։ – Բայց մինչ այդ վիրավորման մասին որեւէ հայտարարություն չէ՞ր հնչել։ – Ոչ․․․ Կամ ես չեմ լսել։ – Այդ ընթացքում նրա մարմնի վրա որեւէ վիրավորում, արյան հետք նկատե՞լ եք։ – Քայլքի փոփոխություն նկատել եմ, կաղալ եմ նկատել,  բայց վիրավորում, արյուն ընդհանրապես չեմ նկատել ,– ասաց տուժողը՝ ընդգծելով, որ կաղալը սկսվել է վիրավոր լինելու հայտարարությունից հետո։ – Այսինքն՝ մինչ էդ ձեզ հետ հավասար նահանջում էր մոտ 2 մ հեռավորության վրա, հայտարարությունից հետո սկսեց կաղա՞լ։ – Այո, – պնդեց տուժողը։ – Եվ ի՞նչ գործողություն կատարեց։ – Ասաց՝ վիրավոր եմ–վիրավոր եմ, մեքենա նստեց, որը չեմ տեսել, մարդիկ շատ էին, ու նենց չի, որ իրեն էի հետեւում, եւ հիշում եմ, որ իր հետ այլ վիրավոր զինծառայող նստեց (ըստ տուժողի՝ Արտակ Արսենյանը,–հեղ․), ու գնացին, – պատասխանեց Հարությունյանը՝ հավելելով, որ կապի միջոցը կամ պարտականությունները այլ սպայի փոխանցելու դրվագ ինքը չի նկատել։ Տուժողը աբսուրդ որակեց սպաների խոսքերը, թե զինծառայողները հրամանները ընկալելուն ունակ չեն եղել Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո շարունակել են նահանջել դեպի մեկ այլ սար, բայց ընթացքում բաժանվել են երկու մասի․ մի մասը արագ էր քայլում եւ հասցրեց անցնել սարի մյուս կողմ, իսկ իրենք կամավորական քեռու եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ մոտ 90 հոգով հետ մնացին։  Արթուրի հիշելով՝ հետ մնացած անձնակազմով նահանջելիս են եղել Հադրութից հարավ, բայց Հովհաննես Մուրադյանը հեռախոսակապով խոսել է ինչ–որ մեկի հետ, որը ասել է, որ նահանջեն դեպի Հադրութ, որովհետեւ այնտեղ զինվորներ կան, թեեւ չգիտեն՝ հայ թե ադրբեջանցի։ Այդ նահանջի ընթացքում էլ արդեն ադրբեջանցիները մոտեցել են իրենց, եւ հարձակում է սկսվել։  Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժող Արթուր Հարությունյանը Ինչպես հայտնի է, հարձակման ընթացքում նորակոչիկների անձնակազմի հետ մնացած միակ սպա Հովհաննես Մուրադյանը, նաեւ՝ այդ կամավորական քեռին, զոհվել են։ Դրանից հետո ողջ մնացած անձնակազմը՝ մոտ 21 հոգի, թաքնվել է գյուղի տներում, կապ հաստատել զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հետ․ «Ասաց՝ ինչ–որ ձեւ գտեք, դուրս եկեք, ասում էինք՝ վիրավորներ ունենք, ասում էր՝ ծանր է, հասկանում եմ, բայց ձեւ գտեք, այսինքն՝ չի ասել, որ մեր հետեւից գալու են կամ ճանապարհ ցույց չի տվել»,– հայտնեց Արթուրը։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը խնդրեց արձանագրել, որ Քարամյանը, փաստորեն, իրենց խաբել է՝ ասելով, թե տղաներին ճանապարհ է ցույց տվել։ Նշենք, որ այս դրվագի շուրջ հարցաքննվելիս Արթուր Քարամյանը դատարանում հայտնել է, որ մեկ անգամ խոսել է շրջափակման մեջ գտնվող զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Դրանից հետո, ըստ Քարամյանի ցուցմունքի, տղաների մասին տեղեկացրել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողին տեղեկացրեց, որ հրամանատարական կազմը նշել է, թե զորքը գտնվել է այնպիսի խուճապային վիճակում, որ արդյունավետ չէր հրամաններ տալը, որովհետեւ, մեկ է, ի վիճակի չէին ընկալելու․ «Իմ համար դա ուղղակի աբսուրդ է, նույնիսկ եթե էդպես է, հրամանատարները պատասխանատու են զորքի համար եւ պարտավոր են մինչեւ վերջին պահը կազմակերպել այնպես, որ զորքը չմնա առանց սպայի եւ չզոհվի»,– ասաց Հարությունյանը։ Կարեն Մանուկյանի տեղեկություններով՝ Վահանյանն անձամբ է ինքն իրեն վիրավորել Հարցաքննված մյուս տուժողը՝ Կարեն Մանուկյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հունիսի 14-ին, նույն հետագիծն է անցել․ սկզբում եղել է Ջրականում, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութում։ Մանուկյանը, սակայն, Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտում չի եղել, այլ Վահագ Բարսեղյանի, եւ Գրիգորյանենց հետ չի նահանջել։ Ավելին, նա կարծիք հայտնեց, որ հենց այդ առաջին նահանջի հետեւանքով է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իրենք թշնամու հետ մարտի են բռնվել, թեեւ իրենցից առաջ դեռ յուրային ստորաբաժանումներ են եղել․ ենթադրեց՝ այդ հատվածն է բացվել, թշնամին ներթափանցել է։ Իրենց վաշտի հրամանատարն էլ, ըստ տուժողի, լիարժեք չի տիրապետել տեղանքին․ «Վաշտիս հրամանատարը եղել է Բարսեղյան Վահագը, բայց պատերազմի ընթացքում, որպես էդպիսին, ենթարկվել եմ Սեւան Ղազարյանի հրամաններին, նենց չի, որ Վահագը հրաման տար, չէի անելու, ուղղակի ես իրեն չէի ճանաչում որպես նորմալ սպա, տենց դեպքեր եղել են․․․ Հոկտեմբերի 5–ին անձրեւոտ իրիկուն էր, զորքը նահանջ էր տվել, մենք մնացել էինք շրջափակման մեջ, Վահագը տարածքին ծանոթ չէր, մենք ենք տրամաբանորեն գտել դեպի «9–րդ կմ» գնացող ճանապարհը, էն ճանապարհով, որով մեզ սնունդ է եկել, գնացել ենք, հասել մեր զորքին»։ Կարեն Մանուկյանը Մանուկյանը եւս Վահանյանին Հադրութի դպրոցում է հանդիպել, քայլքի փոփոխություն չի նկատել։ Նրա խոսքով՝ դպրոցում զինծառայողների եւ սպաների միջեւ վիճաբանություն է եղել, զինծառայողները համապատասխան սպառազինություն են պահանջել․ «Հադրութը, ուր պիտի բարձրանայինք, անտառային տարածք էր, իսկ մեզ մոտ համապատասխան սպառազինություն չկար, էդ պահին Բադալյան Մանուկին եմ հիշում, Վահանյանին, Գարիկին (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանն է), ասում էին՝ կլինի, ոչինչ, բարձրանանք, կերեւա, իսկ մենք ուզում էին՝ զենքը լիներ, նոր բարձրանայինք, ոչ թե բարձրանայինք, սպասեինք»։ Ի վերջո, ըստ տուժողի, առանց համապատասխան զենքերի են բարձրացել, միայն հագուստն են փոխել։ Խոսելով արդեն Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձություններից՝ տուժողը ասաց՝ անձամբ չի տեսել, բայց լսել է Վահանյանի փախուստի մասին․ «Պատերազմը սկսելու օրվանից Իշխան Վահանյանի գործողություններին ծանոթ չեմ եղել, կոնկրետ տեսել եմ Հադրութում էն ժամանակ, երբ բարձրացել ենք սարը, դիրքավորվել ենք, դրանից հետո ուղղակի լսել եմ, որ ինքը իրեն ոտքից անձամբ վիրավորել է ու փախուստի դիմել»։ Տուժողը նաեւ տրամաբանական չհամարեց այդտեղ բեկորային վիրավորում ստանալը։ Նաեւ նշեց՝ հրամանները իրար փոխանցելով էին ստանում։ Թե ենթադրյալ փախուստից հետո ինչպես է զորքը կիսվել, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել․ «Չեմ կարող կոնկրետ ասել, խառնաշփոթ էր տեղի ունենում, որովհետեւ հակառակորդը խաչաձեւ կրակ էր բաց թողնում, տարբեր ուղղություններից կրակում էր, ու ստորաբաժանումը չէր հասկանում՝ ով որտեղից ոնց արժե նահանջ տալ, ու դրա պատճառով տարբեր ուղղությամբ են նահանջել, տարբեր տղերքի բախտ տարբեր ձեւ է եղել»,– ասաց Կարենը՝ հավելելով, որ ինքն իրենից կախված ամեն ինչ արել է․ «Ֆիզիկապես ունակ եղել եմ, բարոյահոգեբանորեն՝ առավել եւս»։ Ըստ նրա՝ Հադրութ գնալու խորհուրդը տվել է այլ ստորաբաժանման մի ծառայող, որի հետ բջջայինով են կապ հաստատել։ Կարենը շրջափակման մեջ մնացած 21 հոգու կազմում է եղել․ «Սկզբում տան մեջ 20–ից ավելի էինք, բայց մնացածը, որ վիրավորում չունեին, ասացինք՝ գնացեք, հրամանատարներին ասեք, որ մենք էստեղ ենք, մնացինք 9 հոգով․․․ Հետո մենք էլ անձամբ զանգեցինք Գարիկին, ինքն էլ ասաց՝ մի երկու ժամից էդտեղ կլինեմ, տեղներդ չփոխեք, բայց տենց էլ չեկավ․․․ Պիտի Վահանյան Իշխանը տեղում լիներ, որ բանը չհասներ նրան, որ մենք շրջափակման մեջ ընկնեինք», – ասաց նա՝ հավելելով, որ կատարվածը դավաճանություն է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:55 - 11 օգոստոսի, 2023
«Չեմ ուզում երեխաներս սովամահ լինեն, ցեղասպանվենք, ուզում եմ ապրենք Արցախում, մեր հայրենիքը շենացնենք» [Բլոկադան ներսից]

«Չեմ ուզում երեխաներս սովամահ լինեն, ցեղասպանվենք, ուզում եմ ապրենք Արցախում, մեր հայրենիքը շենացնենք» [Բլոկադան ներսից]

Ստեփանակերտցի Լիանա Ոսկանյանը, որ վեց անչափահաս երեխաների մայր է, ստիպված մի քանի տեղ է աշխատում, որ կարողանա ապահովել երեխաների կարիքները։ Իսկ բլոկադայի պայմաններում դա ծայրահեղ դժվար է։ 38-ամյա Լիանայի երեխաների հայրը Երեւանում է, Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց ի վեր չի կարողանում գնալ ընտանիքի մոտ․ 15, 11 եւ 9 տարեկան տղաներին, 13 եւ 3 տարեկան աղջիկներին ու վեց ամսական նորածին Ավոյին՝ Ավետիսին, Լիանան խնամում է միայնակ։ Նրա մայրը մահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ ամուսնու մոր հետ շփում չկա, նրա սրտով չի եղել վեցերորդ երեխայի ծնունդը, բայց Լիանան որոշել է անպայման ունենալ տղային․ «Ես մեր հայրենիքը շատ եմ սիրում, մենք հայրենիքի համար շատ զոհեր ենք տվել, ես ուզում եմ իմ պետությանն օգուտ տալ, ու որոշեցի մի տղա էլ ունենալ»,- ասում է Լիանան։ Երեխաների հայրն ասել է՝ հենց գա Արցախ, ընտանիքին Երեւան է տանելու, բայց Լիանան համաձայն չէ․ «Մենք ստեղից դուրս եկողը չենք»,- ասում է։ Լիանան՝ զավակների հետ Լիանան, որը դերասանուհի է ու 28 տարի աշխատում է Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, այսօր օրը մեջ աշխատում է հացի փռում, զբաղվում է դիմահարդարմամբ, որ հասցնի անհրաժեշտ գումարն աշխատել․ հիմա Արցախում ինչ էլ մնացել է, թանկ արժե։ «Հիմա փռում եմ աշխատում, լավաշ եմ թխում օրը մեջ, որ գոնե հացի փող ունենանք։ Մթերային խանութներում ընդհանրապես ոչինչ չկա, երեւի մենակ կոնյակ, օղի ու քացախ են վաճառում, մեկ էլ կրակայրիչներ։ Միրգ բանջարեղեն մեկ-մեկ հանդիպում ա, էն էլ էնքան թանկ ա՝ լինում ա՝ հասցնում եմ գնել, լինում ա՝ չի լինում։ Արդեն երկու օր ա՝ մեր տանը ձեթ էլ չկա, լվացքի փոշի չկա։ Ուտելիքից խոսում ենք, բայց կենցաղը ոչ պակաս կարեւոր ա, որովհետեւ երեխաների մաքրությունը շատ հիվանդություններից ա զերծ պահում, օճառ, ամանի հեղուկ, լվացքի փոշի չկա, զուգարանի թուղթ չկա։ Երեւի ավելի հեշտ ա ասել ինչ ա վաճառվում, քան ասել՝ ինչ չկա»,- ասում է Լիանան։ Հիմա նա հացի փռում աշխատելու շնորհիվ հասցնում է երկու օրվա հաց գնել, բայց, ասում է, շատերը ուղղակի չեն դիմանում հերթերում, վատանում են, ուշաթափվում են, ոմանք խնդրում են իրենց հերթը պահել, մինչեւ գնան, մի կտոր բան ծամեն, գան, որ տեղում չվատանան, ոմանք գումարը թողնում են, որ իրենց բաժին մի կտոր հացը մի կողմ դնեն, մինչեւ գան հետեւից։ Իսկ շուկաներում միրգ-բանջարեղեն գտնելն արդեն անհնար բան է, հազիվ մեկ-երկու կգ լոլիկ, վարունգ կարողանան գտնել, թե չէ։ Մսի կգ-ն անցած տարվա համեմատ կրկնակիից ավելի է թանկացել՝ դառնալով մինչեւ 7000-7500 դրամ։  Արցախում հիմա ընդհանրապես չի գործում հանրային տրասնպորտը, վառելիք չկա։ Լիանան, ինչպես մյուսները, ամեն օր ոտքով է գնում աշխատանքի։ Եթե մեծ մեքենաներ էլ լինում են, մարդիկ վախենում են նստել, որովհետեւ այնքան լիքն են լինում, որ շուռ գալը անհավանական չէ։ Օրվա ընթացքում հովհարային անջատումների ժամին Լիանան շտապում է տուն, որ հասցնի երեխաներին կերակրել, հաց սարքել, լվացք փռել, հետո նորից գնում է աշխատանքի։ Այս ամենի հետ Լիանան հույսը չի կորցնում․ «Մեծ հույս ունեմ, որ Հայաստանում ապրող հայերը ոտքի կկանգնեն, որ միասնական լինենք, սարեր շուռ կտանք։ Վերջին ժամանակներում ատելությունը, պառակտումը շատ-շատ էր, երեւի սա մեծ փորձություն ա, որ մենք ուշքի գանք։ Չեմ ուզում երեխաներս սովամահ լինեն, ցեղասպանվենք էստեղ, ուզում եմ ապրենք Արցախում, մեր հայրենիքը շենացնենք։ Ու թեեւ որոշ հայեր Արցախը համարում են Ադրբեջան, բայց պետք է հիշել, որ Արցախը Մեծ Հայքի նահանգ է եղել․ ինչքան պատմությունը մոռանանք, այնքան կկորցնենք»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Լիանա Ոսկանյանը Հայարփի Բաղդասարյան
16:20 - 10 օգոստոսի, 2023
«Ուղղակի անտանելի է, երբ գերի ես քո հողում․ բոլորն ուզում են ապրել, բայց ապրելը կասկածի տակ է դրված» [Բլոկադան ներսից]

«Ուղղակի անտանելի է, երբ գերի ես քո հողում․ բոլորն ուզում են ապրել, բայց ապրելը կասկածի տակ է դրված» [Բլոկադան ներսից]

Գլխավոր լուսանկարում՝ Անի Լազարյանը Շրջափակման մեջ ամենաբարդը հենց բլոկադա ասվածն է․ շատ ծանր զգացողություն է, երբ խոր մտածում ու հասկանում ես, որ պատանդ ես քո տան մեջ։ Այսպես է իր զգացողությունները նկարագրում 17-ամյա Անի Լազարյանը, որը Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է։ Արցախում բլոկադայի պայմաններում կենցաղային բոլոր դժվարությունների, անմարդկային պայմանների մասին շատերի հետ եմ խոսել, Անին, ըստ էության, նոր բան նկարագրել չի էլ կարող, դրա համար մեր զրույցն ավելի շատ մարդկանց ու հենց իր հոգեբանական վիճակի մասին է։ Ասում է՝ ուղղակի անտանելի է, երբ գերի ես քո հողում, ու, միաժամանակ, անհնար է համակերպվել։ Անին ապագա թարգմանիչ է, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Արցախի երիտասարդական միության անդամ է։ Սովորում է ավարտական դասարանում, հիմա հիմնականում տանն է լինում, հետաձգել է պարապմունքները, որովհետեւ այժմ հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, վառելիք չկա, որ հասնի Ստեփանակերտ։ Զրուցակիցս, որ, երեւում է, շատ նրբազգաց է, նաեւ գիրք է հեղինակել պատերազմի մասին, կոչվում է «Նրանք»։ Բլոկադան, իհարկե, կենսական ամենաանհրաժեշտ հարցերում անհարմարություններ առաջացնում է, բայց ամենաանտանելին, Անիի խոսքով, ոչինչ չանելն է։ Ի՞նչ պետք է անել, հարցնում եմ․ «Եթե խոսքը վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա մենք բառիս բուն իմաստով շղթայված ենք, երեւի հիմա անզօր ենք ինչ-որ բան անել: Արցախում ապրող յուրաքանչյուրը հիմա քնում ու արթնանում է միայն վաղվա օրվա հերթին հասնելու համար․․․: Առհասարակ, այս հարցի մասին շատ-շատ եմ մտածել, ու, կարելի է ասել, միշտ էլ երկմտել եմ հստակ պատասխան տալու համար։ Ըստ իս՝ մարդկանց գործը այս հարցում շատ մեծ է, ամեն ոք իր իսկ աշխատանքով կարող է նպաստել մեր երկրին, բայց, ցավոք, չկա այդ օգնությունը: Միայն կարող եմ ասել որ մարդիկ շատ տարբեր են, երբ կա ամեն ինչ, եւ առավել քան տարբեր, երբ չկա ոչինչ»: Բլոկադան իրականում շատ ահավոր է, ասում է Անին, որովհետեւ բոլորն ուզում են ապրել, բայց ապրելը հիմա կասկածի տակ է դրված․ «Անհամար հերթեր կան, թիվն անգամ մարդն ի զորու չէ ասել, եւ այդ շարքերում էլ մենք ենք, որ կանգնած սպասում ենք մեր հերթին այն հույսով, որ շուտով կբացվի մեր լույսի ճանապարհը: Գյուղում ապրելն ինչ-որ չափով հեշտ է, առավել դժվար է նրանց համար, ովքեր բնակվում են քաղաքում ու գրեթե ոչինչ չունեն համապատասխան կենսակերպի համար»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ ինքն իրականում երբեւէ հերթ չի կանգնել, որովհետեւ միշտ մտածել է, որ կկորչի բազմության մեջ․  «Մարդկանց շարքը քաղաքի սկզբից սկսում էր, վերջում ավարտվում»:  Հացի հերթ Մի անգամ, պատմում է Անին, ընկերուհուն սպասելիս տեսել է շատ սիրուն, բայց միաժամանակ անչափ տխուր դրվագ․ երկու տարեց մարդիկ, իրար ձեռք բռնած, գնացել էին միրգ գնելու, ու մինչեւ մի կերպ փողոցն անցել են ու հասել խանութին, միրգը վերջացել է․ «Սահմանափակ քանակով էր միրգը, միայն մի խնձոր էր մնացել, այն էլ վաճառողը ուղղակի տվեց նրանց։ Նրանք էլ նորից հուսահատ հետ էին գալիս, մի պահ իրար էին նայում ու խոր հոգոց հանում, հետո նորից ժպտում, երեւի թե որ այդ խնձորն էլ իրենց մնաց… Շատ ազդեցիկ էր»։ Արցախում մթերքներ գրեթե չեն մնացել, ծննդյան տորթին ձմերուկն է փոխարինում Առաջին պատերազմը, Ապրիլյանը, 44-օրյան․․․ պատերազմների վերքերը չլացաված՝ հիմա էլ բլոկադան։ Ճակատագի՞ր է, թե՞ ուղղակի մեր գլխին խաղացվող խաղ, հարցնում է Անին․ «Երբ ես ու իմ տարեկիցները մտածում էինք դրսում ուսում ստանալու, հայրենիք նորամուծություններ մտցնելու ու հիասքանչ ապագա կերտելու մասին, հիմա արդեն մտածում ենք մի կերպ գոյատեւելու մասին: Սա գոյության պայքար է։ Ապրել Արցախում ու պայքարել Արցախում ապրելու համար արդեն խիզախություն է, որին բլոկադան չի կարող խանգարել: Մենք երազում ենք, որ մի օր կբարձրանանք կանաչ լեռները ու բարձրից կհիանանք լույս տղաներով։ Շրջափակված են մեր տղաները, մեր հերոսները, որոնց ծնողները չեն կարողանում այցելել սեփական որդիների գերեզմաններին։ Անտարբեր մի եղեք, խնդրում եմ, մի թողեք, որ աշխարհը ջնջի մեզ երկրի երեսից․․․»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Անի Լազարյանը Հայարփի Բաղդասարյան
13:48 - 08 օգոստոսի, 2023
Արցախցի բազմազավակ մայրը տանը մնացած վերջին մթերքներով քաղցրավենիք է պատրաստում ու բաժանում թաղի երեխաներին [Բլոկադան ներսից]

Արցախցի բազմազավակ մայրը տանը մնացած վերջին մթերքներով քաղցրավենիք է պատրաստում ու բաժանում թաղի երեխաներին [Բլոկադան ներսից]

Արդեն որերորդ տեքստն է եւ որերորդ օրը, որ ընթերցողին արցախցի մեր հայրենակիցների շուրթերով պատմում եմ բլոկադայի մասին՝ ամեն անգամ հիշեցնելով, որ սնունդ չկա, լույս չկա, գազ չկա, երբեմն ջուր չկա, միրգ չկա, բանջարեղեն չկա, դեղորայք չկա, տրանսպորտ չկա, մանկություն չկա, որովհետեւ Ադրբեջանը յոթ ամսից ավելի է՝ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապրհը՝ կյանքի ճանապարհը։ Այս պայմաններում ով ինչ պահած ուներ, արդեն գրեթե սպառել է, ով էլ չի սպառել, փորձում է կիսել հայրենակիցների հետ։ Այդպես ստեփանակերտցի Լուսինե Սահակյանը, որ հինգ երեխաների մայր է, իր տանը մնացած շաքարավազից քաղցրավենիք ու շաքարի խորանարդիկներ է պատրաստում, բաժանում թաղի երեխաներին, հարեւաններին։ Լուսինեն մի ժամանակ հրուշակեղենի փոքրիկ արտադրություն է ունեցել, հետո, երբ երեխաները ծնվել են, մի պահ դադար է տվել, իսկ բլոկադայի ընթացքում, երբ ճանապարհը դեռ ամբողջությամբ փակ չէր, նորից մթերքներ է ձեռք բերել, որ շարունակի։ Մինչեւ հունիս դեռ կարողանում էր պատրաստել, բայց ամսի 15-ից արդեն Հայաստանից ընդհանրապես հումք չէր մտնում Արցախ, ու Լուսինեն որոշում է ունեցածը խնայել՝ մի քիչ շաքարավազ, մի քիչ ալյուր, մի քիչ աղ․․․։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ հերթը հասել է խնայողություններին, ու, ինչպես ասում է զրուցակիցս, ինքը չի կարող դրանք վաճառել։ «Մի երկու ամիս աշխատեց, հետո ճանապարհները փակվեցին, մի անգամ աղը չկար, մի անգամ պեսոկը չկար, մի անգամ ալյուրը որակով չէր, որոշեցի դեռ սպասեմ, որովհետեւ ապրանքներ չէին գալիս, չուզեցի վերջին մթերքներն օգտագործել։ Հետո սկսեցի մարդկանց տալ, մեկ մեշոկ պեսոկը անգամ բաժակով էի բաժանում, ութ ամսական երեխու համար մայրը խնդրում էր, ասում էր՝ ինչ գին ասեք՝ կվճարեմ, ես գումար չեմ ուզում, չեմ կարող գումար վերցնել, տվեցի, որ երեխուն մի բան հասնի»,- պատմում է Լուսինեն, որի ձայնի մեջ անչափ հոգատարություն ու նաեւ անհանգստություն եմ զգում։  Լուսինե Սահակյանը Հետո ունեցածով նա կեքսիկներ է թխել, բաժանել թաղի երեխաներին։ Մի տոպրակ էլ հետը վերցրել է, երբ գնացել է կաթնամթերքի արտադրամաս՝ հերթում սպասելու․ «Առավոտյան վեցին գնացել ենք կաթնամթերքի արտադրամասի մոտ հերթի, 350 հոգի էր սպասում, սաղ գիշեր մարդիկ նստած սպասել են հերթում։ Բայց առանց ոչ մի բան վերցնելու արդեն հետ եկա, ահավոր էր էդ տեսարանները տեսնելը, երեխա էր ուշաթափվում, մարդիկ էին վատանում։ Կեքսիկներից տարել էի հետս, ասացի՝ հերթում երեխաներ կլինեն, ու տենց էլ եղավ, մի քանի երեխա կար, մոտս կանգնել էին, տվեցի տոպրակը երեխեքին, ասացի՝ ամենքդ մի հատ կերեք, որ չուշաթափվեք»։ Ծայրամասերում, որտեղ Լուսինեն է ապրում, դեռ վիճակը մի քիչ տանելի է, ասում է՝ կենտրոնական մասերում են հերթերն ահավոր, մարդիկ կան՝ չեն դիմանում, երեխաների հետ պառկում են գետնին։  Լուսինեն մի կադր է ուղարկում, որտեղ քարին նստած տարեց կին է՝ ձեռքին երկու կտոր հաց։ Տատիկն այս շոգին ահավոր երկար քայլել, գնացել էր փռի մոտ, կեսգիշերից մինչեւ լուսաբաց սպասել, որ հերթը հասնի։ Երեկ էլ Լուսինեն շաքարաքլորներ է պատրաստել, բաժանել թաղեցի փոքրիկներին, շաքարի խորանարդներ՝ տարեցների համար․ «Ասացի՝ հինգ-հինգ տանեմ, բաժանեմ թեյ խմելու համար»։  Լուսինեն, որը Արցախի սոցիալական զարգացման նախարարությունում է աշխատում, արդեն պայմանավորվել է մանկատան տնօրենի հետ, որ առաջիկա օրերին նաեւ այնտեղի սաներին քաղցրավենիք տանի․ «Երեխաների թիվը որոշել եմ ճշտել, կեքսիկ-շաքարաքլոր սարքեմ, հասցնեմ իրենց։ Իրենք դրա կարիքն ավելի ունեն, որովհետեւ մյուսները ինչ կարողանում, ճարում են։ Ինձ որ ասում են՝ պահի, երեխա ունես, ասում եմ ես չեմ ուզում մենակ մնալ, ոնց դուք, նենց էլ ես, ձեր հետ հավասար, ես չեմ կարող դրանք վաճառել»,- ասում է Լուսինեն, որն այսօր էլ է թաղի երեխաներին քաղցր հյուրասիրել։ Զրուցակիցս բակում փոքրիկ բանջարանոց ունի, էդտեղից էլ դեռ կարողանում է մի քիչ բերք ստանալ՝ լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, բայց դա էլ անսպառ չէ։ Գյուղերից հիմա հնարավոր չէ ապրանք բերել քաղաք։ Լուսինեի բալիկներն էլ արդեն չեն սիրում մակարոնեղեն, նրանց, ինչպես մյուս երեխաներին, վիտամիններ, նորմալ սնունդ է հարկավոր, բայց այդպիսին գտնելն արդեն գրեթե անհնար է դարձել։ Նրա երեխաները 17, 16, 9, 6, 4 տարեկան են։ 6-ամյա Անուշը, 4-ամյա Գրիգորին, 9-ամյա Ռոմանը Լուսինեի հայրն ազատամարտիկ է։ Նա մասնակցել է Արցախի պաշտպանության բոլոր պատերազմներին, առաջին պատերազմում լուրջ վիրավորում է ստացել։ Զրուցակիցս հիշում է, որ իննսունականներին, երբ հայրը Քարվաճառի ազատագրմանն էր մասնակցում, իր ծննդյան օրը զանգել էր եղբորը [Լուսինեի հորեղբորը] ու ասել, որ դստեր ծնունդն անպայման նշեն, գուցե ինքը չկարողանա վերադառնալ․․․ Լուսինեն հրաժարվել էր՝ ոչ մի ծնունդ առանց հոր․ «Մի քանի շաբաթ առաջ հորս պատմել են էս պատմությունը, մինչ էդ չգիտեր, հորս աչքերն արցունքոտվել են։ Հիշում եմ՝ էդ օրերին հորեղբայրս դրսում խոսում էր, ես լսում էի՝ հայրս ասում էր, որ ես չգամ, էրեխուս ծնունդն ամեն տարի կնշես, էդ իմ մեջ տպավորվել էր, ու սկսել էի ծնունդիս օրը չսիրել։ Հետո հայրս հաղթանակած, բայց վիրավոր ու արնաքամ վերադարձել էր, դա տեսել եմ։ Ու հիմա չեմ կարողանում շնորհավորել․․․ Հաղթանա՞կ են թողել․․․ Բայց իմ հույս էն ա, որ ես նորից էդ օրը կարողանալու եմ շնորհավորել»,- պատմում է Լուսինեն, ու ես հիշում եմ, որ նոյեմբերի 9-ի գիշերն այդ միտքը գլխիցս դուրս չէր գալիս՝ ես ո՞նց եմ հորս շնորհավորելու մայիսի 9-ին։ Այն էլ հայրս երկար չդիմացավ, հիմա նրա գերեզմանի առաջ այդ օրը լռում եմ։ Բայց Լուսինեին հույս եմ հայտնում, որ նա իր հորը դեռ կկարողանա նորից շնորհավորել։ «Ես հուսով եմ, որ Աստված օգնելու է մեզ, եթե պետությունները լռում են այս իրավիճակում, Աստված ամեն ինչ տեսնում է։ Իսկ մենք պետք է իրար սիրելով, իրար ձեռք մեկնելով, համախմբելով կարողանանք դիմակայել։ Մենք պատրաստ ենք սովին դիմանալու, մենակ թե մնանք մեր հողում, էդ է մեր միակ նպատակը, ու հույս ունենք, որ էդպես էլ լինելու է»,- ասում է Լուսինեն։ Նա երկրից գնալու հնարավորություն միշտ էլ ունեցել է, բայց այդ քայլին չեն գնացել, ուզում են իրենց հայրենիքում ապրել։ Լուսինեի ամուսնու հայրն էլ զոհված ազատամարտիկ է։ Նրա ընտանիքը Բաքվից փախստական է։ 80-ականների վերջին եկել են Սպիտակ ու գիշերը չլուսացրած՝ երկրաշարժն է եղել։ Մի կերպ փլատակներից մազապուրծ հասել են Արցախ, հետո հայրը գնացել է պատերազմ ու զոհվել․ «Ամուսինս ասում է՝ իմ հայրը եկել, էստեղ զոհվել է, որ ես հիմա գնա՞մ։ Ահասարսուռ պատմություն է․․․ Բայց մենք չենք ուզում գնալ»։ Հիմա նրանց ընտանիքը նորոգում է տունը, կարգի բերում նկուղը։ Լուսինեն ասում է՝ ինչ իմանաս՝ ինչ կլինի, ապաստարանները պետք է նորմալ վիճակում լինեն, որ հանկարծ ու նորից պատերազմ սկսվի․․․  2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Լուսինե Սահակյանը Հայարփի Բաղդասարյան
19:53 - 07 օգոստոսի, 2023
«Երբ մեր երկրում ենք, դիմանում ենք, կարեւորը էստեղ որպես հայ ենք ապրում, հացն ու սովը էական չեն լինում» [Բլոկադան ներսից]

«Երբ մեր երկրում ենք, դիմանում ենք, կարեւորը էստեղ որպես հայ ենք ապրում, հացն ու սովը էական չեն լինում» [Բլոկադան ներսից]

Գլխավոր լուսանկարում՝ Տաթեւիկ ԱղաջանյանըԱյնտեղից, որտեղից գրում եմ այս նյութը, մինչեւ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ 328կմ է։ Այս կետից մինչեւ Հռոմ՝ անհաշվելի շատ։ Հռոմ, որտեղ իմ հիշողությունները կիսող ավելի քիչ մարդ կա, քան Ստեփանակերտում, որտեղ ինձ կապող ավելի քիչ բան կա, քան 328կմ այնկողմ, ես կարող եմ գնալ, իսկ Արցախ գնալու ճանապարհը արդեն յոթ ամսից ավելի է՝ փակ է։ Արցախը բլոկադայի մեջ է։ Բայց ոչ միայն Արցախը․ այնպես չէ, թե ճանապարհները փակվել են միայն նրանց առաջ, ճանապարհները փակ են նաեւ մեր առաջ, ինչո՞ւ ես կարող եմ գնալ Հռոմ, բայց ոչ Ստեփանակերտ։ Առավոտից գլխումս պտտվում է այս տողը․ «Սիրտ կեղեքող կարոտն անանց․․․ սիրտ կեղեքող կարոտն անանց»։ Երեւի եթե հիմա Արցախում լինեի, սիրտս ավելի հանգիստ կլիներ։ Ներեցեք այս զեղման համար, որովհետեւ պատմությունն այս իմ ու իմ զգացումների մասին չէ։ Այս փոքր նյութը մասին է Ստեփանակերտում ապրող իմ կոլեգայի՝ Տաթեւիկ Աղաջանյանի եւ Արցախում ապրող յուրաքանչյուրի, որոնք դիմադրում են՝ հանուն ինքնորոշման իրավունքի։  Տաթեիկ Աղաջանյանը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է, ապրում է Ստեփանակերտում։ Այստեղ բլոկադան ավելի ծանր է, քան գյուղերում․ այնտեղ մարդիկ գոնե այգիներ են մշակում, մի քիչ բերք ստանում։ Կենցաղի, կենսական պայմանների դժվարություններից զատ՝ հարազատներից հեռու լինելու տխրությունն էլ կա։ Տաթեւիկն ամսից ավելի է՝ հայրենի գյուղ չի կարողանում գնալ, տրանսպորտ չկա, վառելիք չկա։ Եթե վերջին շրջանում գյուղից մեքենաներ եկել են, ապա դրանցով գյուղ գնալը ռիսկային է եղել՝ բա որ վառելիքը լրիվ վերջանա՞ր․ զրուցակիցս Ստեփանակերտում է աշխատում եւ ապրում։ Մի բուռ հատապտուղ՝ գյուղից Կապի խնդիր էլ կա Արցախում։ Միշտ չէ, որ ստացվում է հեռախոսով շփվել հարազատների հետ։ Հովհարային անջատումները միայն հոսանքի վրա չէ, որ ազդում են, ջրամատակարարման խնդիր էլ է առաջանում․ «Ջրի պոմպերը չեն հասցնում մղել ջուրը, ու ջրամատակարարումը պարբերաբար դադարում է։ Պատերազմից հետո էլ մի ընթացք այդպես էր։ Երեխաները իջել, փոքր ամաններով ջուր էին տանում ցայտաղբյուրից,- պատմում է Տաթեւիկը, որի լրագրողական աչքը դրսում կատարվող շատ դրվագներ է նկատել, օրինակ՝ ինչպես է երբեմնի հպարտ մի կին նեղսրտած, կռացած ջուր լցրել տարան՝ քթի տակ խոսելով, թե՝ այս ինչ օրի ենք։ Այս բլոկադան ընկճում է մարդկանց, բայց, ինչպես համոզված է Տաթեւիկը, մարդիկ Արցախում ուժեղ են ու դիմանում են, պարզապես այդ տեսարաններն են տխուր․ «Շատ ազդվեցի, երբ տեսա, թե ինչպես է մի կին լացակումած աչքերով նայում հացի հերթում սպասող մարդկանց։ Ցավալի է, որ մարդիկ ստիպված են մի կտոր հացի համար ժամերով սպասել»,- ասում է զրուցակիցս՝ նկատելով, որ շատերը հիմա էլ չեն էլ գնում հաց վերցնելու, որովհետեւ շատ դժվար է այս շոգին, արեւի տակ ժամերով սպասելով հարյուրներով հերթում։ «Ինձ համար մի քիչ հեշտ է առանց հացի մնալը, որովհետեւ ես մենակ եմ, երեխա չկա տանը, եթե հաց չլինի մի օր, չեմ կարծում, թե մեզ համար մեծ խնդիր է, բայց ով մի քանի երեխա ունի տանը, իրենց համար է շատ դժվար․․․ Հատկապես Ստեփանակերտում ապրողների համար, որովհետեւ չեն կարողանում մթերքները գյուղերից հասցնել։ Չգիտեմ էսքան ինչքան կարող է շարունակվել»։ Մինչեւ տոտալ բլոկադան՝ մարդկանց մթերքներ ձեռք բերելու կտրոններ էին տրամադրվում, որոնք դատարկության պայմաններում արդեն անիմաստ են Տաթեւիկն ասում է՝ մարդիկ հիմա առավել քան ուշադիր են իրար հանդեպ․ «Մեր աշխատանքի տեղը մի կին հիվանդացել էր, բոլորն էլ գիտեն, որ ոչ մի բան չկա խանութներում, բայց ամեն մեկը մի բան սարքում, բերում էր, որ տանեն այդ կնոջը, որովհետեւ գիտեն, որ նրա տանն էլ բավարար ուտելիք չկա»,- պատմում է զրուցակիցս։ Նույնիսկ ծաղիկներ չկան արդեն, եւ մարդիկ իրար ծնունդի ունեցած-չունեցածն են հավաքում, նվիրում, որ համ էլ օգտակար լինեն։  Տաթեւիկի ծննդյան «ծաղկեփունջը» Դեղորայքի, նորմալ սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների մասին հարցերն ու խոսքերն այլեւս կրկնվող են։ Մեկ բառ կա ասելու՝ չկան։ Դրա համար Տաթեւիկին հարցնում եմ՝ ինչն է դիմանալու ուժ տալիս։ Նա հստակ պատասխանում է․ «Ես ուրիշ տեղ ապրել չեմ կարող։ Երբ մեր երկրում ենք, դիմանում ենք, ինչքան հնարավոր լինի՝ կդիմանանք, կարեւորը էստեղ որպես հայ ենք ապրում, արժանապատիվ ենք ապրում, հացն ու սովը էական չեն լինում»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Տաթեւիկ Աղաջանյանը Հայարփի Բաղդասարյան  
18:17 - 06 օգոստոսի, 2023
«Սոված էլ կքնեմ, քաղցրավենիքն էլ չեմ ուտի, բայց մի բանի դիմաց՝ ապրեմ իմ հայրենի հողում՝ Արցախում» [Բլոկադան ներսից]

«Սոված էլ կքնեմ, քաղցրավենիքն էլ չեմ ուտի, բայց մի բանի դիմաց՝ ապրեմ իմ հայրենի հողում՝ Արցախում» [Բլոկադան ներսից]

Կյանքը կարծես կանգ առած լինի Արցախում․ ո՞նց էր «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմում, երբ ամենը սառած էր, մի տեսակ այ էդ մթնոլորտն է․ շարժ չկա, մարդիկ չեն կարողանում նույնիսկ Ա կետից Բ կետ տեղափոխվել։ Արցախի բլոկադայի մասին այսպես է պատմում Մարտունու շրջանի Հացի գյուղի 22-ամյա բնակիչ Տիրուհի Գասպարյանը, որ ամեն կերպ փորձում է սիրտ ջերմացնող դրվագներ էլ մտաբերել։ Մի շատ լուսավոր բան կա մարդկանց մեջ, ասում է, բոլորը փորձում են միմյանց օգտակար լինել․  «Իրենց ունեցած-չունեցածով են կիսվում, էգոիզմ չկա մեր մեջ, ամենքս հոգ ենք տանում ու մտածում շրջապատի մարդկանց մասին։ Երեւի հենց էդ հոգատարությունն էլ մեզ ուժ է տալիս, որ չկոտրվենք ու զինվենք համբերությամբ, չհանձնվենք, այլ պայքարենք»։ Տիրուհի Գասպարյանը Տիրուհին սովորել է Արցախի պետական համալսարանի զբոսաշրջության բաժնում։ Արդեն 2 տարի է՝ ամռանն աշխատում է որպես զբոսավար, իսկ մշտական՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակում։ Մինչեւ Արցախի բլոկադան զբաղվում էր նաեւ մոմագործությամբ, նրա մոմերը նույնիսկ արտասահման էին հասնում, չնայած, ասում է, շրջափակումը սրա վրա էլ է ազդել։ Բայց Տիրուհին նվնվալ չի սիրում անգամ ամենադժվար իրավիճակում։ Եւ այդ բնավորությունը ամրապնդվել է նաեւ այս ընթացքի՝ իրար հանդեպ մեծացող հոգատարության շնորհիվ։ Տղամարդիկ, պատմում է, ով ինչքան ծխախոտ ունի, մեկ ուրիշին էլ է տալիս, որ բոլորով ծխեն։ Տարօրինակ է, չէ՞, ծխելը վնասակար է առողջությանը, բայց դրամատիկ րոպեին ո՞վ է մտածում դրա մասին․ ծխելը վնասում է, բայց ընկերոջ հետ դժվարության մեջ ընկելը հարսանիք համարելու մասին ասացվածքը բոլորդ գիտեք, ուրեմն ընկերությունը երեւի կյանք է երկարեցնում։ Արցախում հիմա ոչ նորմալ սնունդ կա, ոչ քաղցրավենիք։ Եթե մեկը մի կտոր շոկոլադ կամ մի կոնֆետ է ունենում, տասը մասի են բաժանում, որ բոլորին հասնի։  Իսկ ծննդյան օրերին տորթի փոխարեն ձմերուկի վրա են մոմեր շարում ու կեսգիշերին թակում հարազատի դուռը․ «Հոբելյարին էլ ձմերուկ ենք նվիրում, շուտով ձմերուկը մեզ մոտ պաշտամունքային միրգ կդառնա, ցանկացած իրավիճակում փրկում է մեզ,- կատակում է Տիրուհին,- հացի փոխարեն` ձմերուկ, տորթի փոխարեն՝ էլի ձմերուկ, քաղցրի փոխարեն՝ ձմերուկ․․․»։ Հացի հերթերի մասին էլ չենք խոսում, արդեն բոլորին է հայտնի, որ արցախցին մի կտոր հացի համար ժամերով հերթ է կանգնում՝ հաստատ չիմանալով անգամ՝ իրեն կհասնի, թե ոչ։ Միայն թե Ստեփանակերտում ավելի դժվար է, գյուղում գոնե մարդիկ պահած ալյուր ունեն, իրենք են հաց թխում։ Մի քիչ էլ միրգ-բանջարեղեն են աճեցնում այգիներում։ Այսպես պատմում է Տիրուհին ու միանգամից հավելում․ «Իրականում այդքան էլ լավ չէ վիճակը, ուղղակի ես նվնվալ չեմ սիրում․ սոված էլ կմնամ, կարեւորը իմ հողում լինեմ»։ Թեյ, սուրճ, աղ, նման բաներն էլ են գրեթե վերջացել։ Տիրուհին ասում է, որ երբ նկատեցին, որ թեյի պաշարը նվազում է, ինքն ու ընկերուհին իրենց անտառից բույսեր ու վայրի հատապտուղներ հավաքեցին, որ թեյ պատրաստեն։ Մի ջերմ պատմություն է հիշում Տիրուհին բլոկադայի օրերից, երբ խմբով այցելել էին Ամարասի վանական համալիր․ «Էնտեղ մի բարի պապիկ կա` վանքի պահապան պապիկը։ Մինչ խումբը մտել էր եկեղեցի՝ մոմ վառելու (ես շուտ էի դուրս եկել), զրուցեցինք պապիկի հետ ամենատարբեր թեմաներից ու քայլելով շրջեցինք վանքի այգում։ Պապը գրպանից մի սուր գործիք հանեց ու բանջարեղեն հավաքեց այգուց՝ ասելով` կտանիս իփիս, օտիս, կարիս աղ էլ տինիս, համովա ինում (թթու դնես)»։ Իսկ ճանապարհին Ճարտար գյուղում նրանց տաք, նոր թխված հաց են հյուրասիրել։ Տիրուհին այդ օրվա նկարն է ցույց տալիս։  Գազի ու լույսի պարբերաբար բացակայության պայմաններում ամռան շոգին մարդիկ հաճախ ստիպված են լինում փայտե վառարանի վրա ճաշ պատրաստել։ Գյուղում այդպես գոնե կարող են, մտածում եմ՝ բա, ասենք, Ստեփանակերտի շենքերի բնակիչները ո՞նց են անում։ Տիրուհին լավատեսությունը չի կորցնում։ Ասում է՝ դա իրեն փրկում է ամեն փորձության մեջ․ «Ես այդ բնավորության պատճառով շատ դժվար իրավիճակներում կարողանում եմ նորից ոտքի կանգնել, դրական ազդեցություն ունենալ շրջապատիս մարդկանց վրա։ Երկու քարի արանքում էլ կապրեմ, սոված էլ կքնեմ, քաղցրավենիքն էլ չեմ ուտի՝ պատճառաբանելով՝ ոչինչ, քաղցրի դիետա է։ Բայց մի բանի դիմաց` ապրեմ իմ հայրենի հողում` Արցախում։ Փորձություններն ու դժվարություններն էլ մարդու համար են։ Սիրում եմ կյանքը, ուրեմն սիրում եմ նաեւ պայքարել հանուն նրա։ Իմ միակ վախը հայրենիքի ու հարազատի կորուստն է։ Ուրիշ ոչինչ»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Տիրուհի Գասպարյանը Հայարփի Բաղդասարյան
13:42 - 05 օգոստոսի, 2023
«Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, եւ դա ավելի կարեւոր է, քան ուտելիքի մասին մտածելը» [Բլոկադան ներսից]

«Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, եւ դա ավելի կարեւոր է, քան ուտելիքի մասին մտածելը» [Բլոկադան ներսից]

Արցախում վիճակը ոչ թե օր օրի, այլ արդեն ժամ առ ժամ է վատանում, ասում է ստեփանակերտցի Ժաննա Արզումանյանը։ Նա, որ ծնվել, մեծացել եւ ապրում է Արցախի մայրաքաղաքում, որեւէ կերպ չի պատկերացնում իր պետությունը լքելը։ Ահագնացող սովի, դեղորայքի բացակայության, մեկ խոսքով՝ ծանր բլոկադայի պայմաններում անգամ նա առաջին հերթին մտածում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին․ ասում է՝ կամ ինքնապաշտպանվում ենք, կամ տեղահանվում, իսկ ինքնորոշումը, կարծես, առանց զրկանքների չի լինում։ Ժաննա Արզումանյանը Արզումանյանը նկատում է՝ արդեն ուշաթափության դեպքերը շատանում են, այդ թվում՝ երեխաների, դիաբետով հիվանդների։ Բուժհաստատություններ հասնելը գրեթե անհնար է, երբ վառելիք չկա, բայց եթե հասնել լինում էլ է, դեղերն են վերջացել․ «Երկու օրից կարող է ընդհանրապես ոչինչ չլինի Արցախում։ Հայաստանին կապող միակ ճանապարհը հունիսին ամբողջությամբ փակվեց, ու այս ընթացքում մարդիկ ինչ պահած ունեին, օգտագործել են, ինչը բնական է»,- ասում է զրուցակիցս ու մտահոգվում՝ երեխաների մոտ արդեն ավիտամինոզ է սկսվում, բավարար սննդի բացակայությունն իրենն անում է։ «Այս պայմաններում ոտնահարվում են երեխաների իրավունքները, նրանք մանկություն չեն տեսնում»,- նեղսրտում է Արզումանյանը՝ ասելով, որ իր 13-ամյա թոռնիկը վաճառել է հեծանիվը, որ զինվորների համար սուրճ ու ծխախոտ գնի։ Թեեւ արդեն սուրճն էլ է վերջացել։ Մի տեղից՝ մեկ տուփ, մի տեղից՝ մեկ բլոկ ծխախոտ է առել տղան, սպասում է՝ հերթափոխի հետ ուղարկի․ «Մանկությունը վայելելու փոխարեն երեխաները ժամանակից շուտ մեծանում են․․․»։  Արզումանյանն էլ, ինչպես հիմա Արցախում բոլորը, կտրոնով է հացը ստանում։ Վաղ առավոտյան՝ լույսը չբացված, պիտի գնա, սպասի իր հերթին, որ գոնե մի հաց ձեռք բերի։ Զրուցակիցս մտայնություն ունի, որ մեզ՝ հայերիս, հիմա պակասում է միասնականությունը․ «Բոլորս պիտի կանգնենք մի գաղափարի շուրջ, ձեռք ձեռքի բռնենք եւ այս վիճակից դուրս գանք։ Միասնություն՝ նկատի ունեմ ամբողջ հայ ազգի միջեւ, ոչ միայն Արցախում։ Մենք պետք է բոլոր կարծրատիպերը մի կողմ դնենք, բոլոր քաղաքական տեսակետները մի կողմ դնենք եւ անցնենք լուրջ գործի, որովհետեւ կոչ անելով կամ գրառումներով, նամակներով ոչնչի չենք հասնում։ Գուցե վաղը հասնենք, բայց մեզ այսօր ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ»։ Արցախի Փաստաբանների պալատի անդամ Ժաննա Արզումանյանը գիտի՝ իրենց ուժ է տալիս անցած դժվարին ճանապարհը՝ մի քանի պատերազմներ, այդքան երիտասարդ կորսված կյանքեր, այդքան ապրումներ, ուրեմն ինչպե՞ս լքել Արցախը․ «Ինչքան արյուն է թափվել էս հողի վրա, որպեսզի Արցախը մնա հայկական։ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, եւ դա ավելի կարեւոր է, քան ուտելիքի մասին մտածելը»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Ժաննա Արզումանյանը Հայարփի Բաղդասարյան
23:56 - 04 օգոստոսի, 2023
 «Որ մեր հացը хлеб չդառնա»․ արցախցի տատիկն ուզում է՝ թոռները մեծանան հայրենիքում, որտեղ թեև փող կա, բայց կոշիկ չկա

 «Որ մեր հացը хлеб չդառնա»․ արցախցի տատիկն ուզում է՝ թոռները մեծանան հայրենիքում, որտեղ թեև փող կա, բայց կոշիկ չկա

Գլխավոր լուսանկարում՝ Զաբելլա ԱդամյանըՀարևաններիս տուն եմ մտնում՝ հրաժեշտ տալու այդ հարազատ մարդկանց, քանի որ գյուղից Ստեփանակերտ եմ տեղափոխվում։ Եվ որոշում եմ ձայնագրել զրույցս Զաբել տոտայի հետ, որ Արցախի իմ տատիկն է եղել երկու տարի շարունակ և միակ կինը, որին թույլատրված էր բարկանալ ինձ վրա, երբ նորմալ չէի սնվում կամ օրերով տանից դուրս չէի գալիս։ Զաբելլա Ադամյանը Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչ է, շատ տարիներ առաջ Արցախի իմ պապիկ Դոնիկ ձյաձյայի հետ ամուսնանալուց հետո այստեղ է տեղափոխվել նույն շրջանի Զագլիկ համայնքից։ Երեք երեխա ունի, ապրում է ամուսնու և որդու ընտանիքի՝  երեք թոռնուհիների հետ։ Զաբելլայի ամուսինը՝ Դոնիկը Տուն եմ մտնում այն պահին, երբ քննարկում են որևէ կերպ Մարտակերտ հասնելու, դպրոցահասակ թոռնիկների համար կոշիկներ գնելու հարցը։ 8-9 կմ դեպի շրջկենտրոն քայլելն այլընտրանք չունի, որովհետև մեքենա չեն գտնի, իսկ քաղաքում մի քանի զույգ մանկական կոշիկ է մնացել, պետք է հասցնել գնել, որ աղջիկները սեպտեմբերին առանց նոր կոշիկի չմնան։ Տիկին Զաբելլան ցավով նկատում է, որ երբ իր երեխաներն էին այդ տարիքին, Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին, և եթե նույնիսկ կոշիկ գտնել հնարավոր լիներ, գումար չկար։ Իր երեխաները մեկ զույգ կոշիկը փոխնեփոխ էին հագնում։ Հիմա՝ այսքան տարի անց, երբ թվում էր՝ կարողացել են հնարավորինս ապահովված կյանք ստեղծել, փող կա, կոշիկ չկա։  Հետո սննդի խնդրից ենք խոսում․ այն պակաս ծայրահեղ է՝ Ստեփանակերտի հետ համեմատած։ «Այս պահին, փառք Աստծո, դեռ սովի մատնվելու խնդրի առաջ չէ մեր ընտանիքը, ժամանակին տալոններով ուտելիք ենք ձեռք բերել, դեռ մի քիչ կա, փոքր բաղչան էլ բանջարեղենով լիքն է՝ լոբի, կարտոֆիլ, դդմիկ, կանաչի։ Բայց ճիշտ է, մեծերս արդեն վաղուց մի լավ, կուշտ փորով չենք ուտում, որ էրեխեքին մնա։ Մի կիլո կանֆետ ենք առել ժամանակին, հիմա օրը մի հատ տալիս ենք էրեխեքին, մենք չենք ուտում, որ մի քիչ երկար հերիքի»,- ասում է Զաբելլան։ Նա պատմում է, որ դժվարություններ նախկինում շատ է տեսել, մի կոնֆետը ստիպված էր լինում երեք երեխաների մեջ բաժանել, և դրա հետևանքով է, որ հիմա առավել զգուշավոր է, մի քիչ քաղցրավենիք է պահել՝ գոնե թոռները շատ չզգան այդ նույն դժվարությունները։ Զաբելլայի բակը «Շատ ափսոս, որ միրգ չկա, մրգեղենից զուրկ ենք։ Չկա, որովհետև մեծ մասը Հայաստանից էր գալիս, բայց ինչն էլ այստեղ աճում էր, կարկուտ եկավ, ամբողջ բերքը տարավ»,- նշում է հարևանս։Իսկ մեկամյա թոռնուհուն, քանի որ մանկական կերեր այլևս հնարավոր չէ գտնել, հիմնականում տալիս են այն, ինչ իրենք են ուտում, կամ էլ հավ են մորթում, միսը խնայողաբար օգտագործում միայն փոքրիկի համար։ Տիկին Զաբելը տխրությամբ է նշում, որ մյուս թոռնուհիներն էլ երբեմն տեսնում, իրենք էլ են մսով ապուր ցանկանում, սակայն ստիպված համոզվում են թողնել դա փոքր քրոջ համար։ Զաբելլայի թոռնուհիները և իմ լավագույն ընկերուհիները՝ Մանեն ու Մելինեն Մոխրաթաղ գյուղում, որտեղ հիմա ապրում է հարևանուհիս, ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, գյուղը բացառապես հայերով է բնակեցված եղել, բայց նրա ծննդավայր Զագլիկում հայ ու ադրբեջանցի ապրել են կողք կողքի։ «Մեր գյուղն ու մի թուրքի գյուղ՝ Ումութլուն, ինտերնացիոնալ համայնք են եղել, երկու գյուղը՝ միասին։ Որպես ղեկավար միշտ թուրքի են նշանակել, իսկ չարքաշ բանվորը հայն ա եղել։ Մի անգամ մամայիս փոխարեն գնացինք՝ կուկուռուզի սերմացու ջոկելու։ Մենք շուտ-շուտ աշխատում էինք, մի օրում երևի հիսուն կիլո հավաքել էինք, թուրքերն էլ մի դոշակ վերցրած եկել, նստել, մարդա մի բուռ կուկուռուզ էին հավաքել։ Ամսվա վերջում տեսնում ենք՝ թուրքերը մերոնցից շատ փող են ստացել։ Ամեն ձևի միշտ տուժել ենք, լավ գործն իրենցն ա եղել»,- հիշում է տիկին Զաբելլան՝ ավելացնելով, որ դպրոցը նույնպես ինտերնացիոնալ էր, որտեղ տնօրենը թուրք էր, զինղեկը, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ լոխ (բոլորը) թուրքեր, հայերից չէին նշանակում․ «Մեր հայկական դպրոցը միհարկանի էր, մի քանի փոքր դասարան էր, իսկ իրենցը՝ կից, երկհարկանի բարձր դպրոց։ Տարբերությունը միշտ զգացվում էր։ Հա, ճիշտ ա, չէինք վախենում իրարից, էն ժամանակ տենց բան չկար, որ թուրքից վախենայինք, իրար հետ մնում էինք, բայց ջոկողությունը միշտ կար։ Կամ հանկարծ մի հայ մի թուրքի ինչ-որ վիրավորական բան ասեր, մյուս օրը կա՛մ անասունդ էին գողանում, կա՛մ դպրոցում երեխուդ էին վնասում, մի բան անպայման անում էին»,- պատմում է նա։Զրուցակիցս չի ժխտում՝ հարևանություն անում էին ադրբեջանցիների հետ, ծանոթներ կային, գնում-գալիս էին իրար ուրախ ու տխուր առիթներին, բայց և պատմում է այսպիսի մի դրվագ․ «90-ականներին Հաթերքից մի բժշկի բռնում, տանում են։ Ու այդտեղ պարզ ասում են իրեն, որ ձեր Եղեռնի օրը մենք մի հայի գլուխ պիտի տանեինք, մեր մոլլայի առջև դնեինք։ Մենք էլ փոքր երեխաներ էինք, հա լսում էինք, որ էսինչ տեղից մի հայ կորավ, էնինչ տեղից մի հայ կորավ, չգիտեինք՝ ուր են կորում։ Հետո հաթերքցի կանայք օմոնականների են գողանում, ռուսներին «զալոժնիկ» վերցնում, էդ բժշկին ազատում։ Նա էլ էդքանը պատմում ա, իմանում ենք թուրքի արածները»։Նա նաև հիշում է, որ հատկապես մոլեռանդ մուսուլմանների հետ էր բարդ հարևանություն անելը․ «Մի ծանոթ թուրք ունեինք, նրա տղու բանակի քեֆին գնում ենք, մամաս պիտի խոհարարը լիներ։ Նրանց տատիկը եկավ, ասեց՝ Մարո՛, քեփիդ նի չկյա, մենք (մուսուլմանների էդ տեսակին չեմ հիշում՝ ինչ են ասում, վերջը)... մենք հայի հացը չենք ուտում։ Էդ ճաշը, որ դու էփեցիր, մենք չենք ուտելու։ Մամաս էլ ասեց՝ չեք ուտելու, դուք էլ ձեր հացը սարքեք։ Բայց ջահելներն էդպիսին չէին։ Իրենց մոտ թեև ընդունված չէր խոզի միս, ձուկ ուտելը, բայց որ գալիս էին մեր տուն, ասում էին՝ Մարո՛, ձուկ ժարիտ արա, ուտենք»։Ես չեմ էլ հասցնում ընդհատել սիրելի տատիկին, երբ ինքը կանխում է սպասվող հարցս․ «Հիմա՝ չէ, հիմա էլ ոչ մի դեպքում հնարավոր չի իրար հետ ապրելը, պատկերացնելու էլ չի։ Ոչ մի ինտեգրացիա, նրանք մենակ մեր հողն են ուզում, մեզ չեն ուզում։ Հնարավոր չէ նրանց հետ ապրելը, նրանց կազմի մեջ մտնելը»։Զաբելլա Ադամյանը ուզում է հավատալ, որ մնալու են իրենց տներում, շարունակեն իրենց հողի տերը լինել։ «Մարդիկ կան, որ մտածում են գնալու մասին, իրենց ապրանքները ծախում են, մենք էլ դրանք առնում ենք»,- դառը ծիծաղում է հարևանուհիս ու նշում՝ երեխաները պիտի Ղարաբաղի լեզուն չմոռանան․ «90-ական թվականներին, որ փախել ենք, իմ էրեխեքը համարյա նույն հասակին էին, ինչ թոռներս են, սաղ մերոնք գնացին Ռուսաստան, բայց ես չեմ ուզել, որ իմ էրեխեքի լեզուն փոխվի։ Հայաստանում մնացել ենք, նորից եկել ստեղ։ Էլի նույն ձևի, էլի չեմ ուզում, որ թոռներս ուրիշ տեղ ապրեն, որ… մեր հացը хлеб չդառնա»,- զրույցը եզրափակում է իմ սիրելի արցախցի բաբոն։  Աստղիկ Քեշիշյան
21:57 - 04 օգոստոսի, 2023
Պահեստային դատավոր․ ընդունված, բայց չկիրառվող ինստիտուտ Հայաստանում

Պահեստային դատավոր․ ընդունված, բայց չկիրառվող ինստիտուտ Հայաստանում

Արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ քրեական գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի հարցը մշտապես ամենաարդիականներից է։ Պետությունները պարբերաբար միջոցեր են ձեռնարկում ազգային եւ միջազգային օրենսդրությամբ ամրագրված այդ կարեւորագույն իրավունքի ապահովման գործիքակազմերը բարելավելու համար։  Գործերի՝ տարիներով ընթացող քննությունը պայմանավորված է լինում տարբեր՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառներից մեկը գործը քննող դատավորի փոխարինումն է։ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է, որ եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, հայտնել է ինքնաբացարկ, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են կամ առկա են գործի քննությանը նրա մասնակցությունը բացառող այլ հիմքեր, ապա նրան հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ (հոդված 46)։ Դատավորի փոխարինումից հետո քննությունը ոչ թե շարունակվում է ընդհատված կետից, այլ սկսվում է ամենասկզբից (Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 269)։ Դա պայմանավորված է վարույթի բանավորության եւ անմիջականության սկզբունքով, որից բխում է, որ դատական նիստի ընթացքում դատարանի եւ դատական վարույթի մասնակիցների միջեւ բոլոր շփումները, այդ թվում՝ նրանց ելույթները, միջնորդությունները եւ հայտարարությունները կատարվում են բանավոր, իսկ վարույթի մասնակիցները եւ հատկապես դատարանը բոլոր ապացույցներն ու նյութերը ենթարկում են անմիջական հետազոտման (Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 286)։ Քննությունը ամենասկզբից սկսելու պահանջը միեւնույն ժամանակ կարող է խնդրահարույց լինել, եթե խոսքը վերաբերի, օրինակ, արդեն իսկ տարիներ շարունակ քննված բազմահատոր եւ բազմավկա գործին։ Հասկանալի է, որ դրա քննությունը վերսկսելը կարող է ոչ միայն ուղեկցվել խոչընդոտներով՝ նույն վկաներին դարձյալ դատակոչելու հավանական անհնարինության, տուժողների դեպքում՝ կրկնակի զոհականացման եւ այլ տեսանկյուններից, այլ նաեւ հանգեցնել ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետի լրացմանը, ինչը կնշանակի, որ անգամ հանցանքում մեղավոր ճանաչվելու դեպքում անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, ըստ այդմ, լիարժեք չի վերականգնվի սոցիալական արդարությունը։ 2021 թ․-ին ՀՀ-ում ներդրվեց պահեստային դատավորի ինստիտուտը  2021 թ․ ընդունված Քրեական դատավարության նոր օրենսգրքով ՀՀ-ում ներդրվեց պահեստային դատավորի ինստիտուտը (հոդված 32)։ Այն սահմանում է, որ եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից եւ ծավալից կախված, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը մինչեւ նախնական դատալսումները սկսվելը այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դրա նպատակն այն է, որ գործը քննող դատավորի մասնակցությունը բացառող հիմքերի դեպքում պահեստային դատավորը փոխարինի նրան` վարույթը շարունակելով ընդհատված տեղից, այլ ոչ թե վերսկսելով այն։ Օրենքի տեքստում ուղղակիորեն նշված չէ, թե որ դատարանում կարող է նշանակվել պահեստային դատավոր, բայց հաշվի առնելով, որ հիշատակված նախնական դատալսումների փուլը գործի՝ միայն առաջին ատյանում քննության փուլերից է՝ կարող ենք եզրակացնել, որ պահեստային դատավոր նշանակվում է միայն առաջին ատյանի դատարաններում (այդ թվում՝ մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանում) քննվող քրեական գործերով։  Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի հիմնավորումներում պահեստային դատավորի ինստիտուտի վերաբերյալ առանձին դրույթ առկա չէ, միայն նշված է, որ արդեն նախկին օրենսգիրքը (ընդունված 1998թ․) իր փիլիսոփայությամբ եւ տրամաբանությամբ, կառուցվածքով եւ ներուժով, տարատեսակ փոփոխություններով, նոր ներդրված ինստիտուտներով, բազմատեսակ եւ իրարամերժ մեկնաբանություններով, իսկ որոշ դեպքերում նաեւ հակասական պրակտիկայով օբյեկտիվորեն ի վիճակի չէ համապարփակ կարգավորման ենթարկել քրեական գործերի քննության եւ լուծման ընթացակարգը, այդ գործընթացի շրջանակներում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, հետեւաբար եւ քրեական դատավարության խնդիրների լուծումն ու նպատակների նվաճումը։ Ուստի նախագծի նպատակներից է, ի թիվս այլնի, ստեղծել արդարադատության արդյունավետությունն ապահովող եւ արդար դատաքննության տարրերի իրականացումը երաշխավորող գործուն կառուցակարգեր։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում պահեստային դատավոր չի նշանակվել Ինչպես արդեն նշեցինք, Քրեական դատավարության նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թ․-ին, ուժի մեջ մտել՝ 2022 թ․ հուլիսի 1-ից։ Infocom–ը կապ է հաստատել առաջին ատյանի ընդհանուր իրավասության ՀՀ բոլոր դատարանների՝ Երեւանի եւ 9 մարզերի (Արագածոտնի, Արարատի եւ Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի) դատարանների նախագահների կամ նրանց աշխատակազմերի հետ՝ խնդրելով հայտնել՝ արդյո՞ք 2022 թ․ հուլիսի 1-ից մինչ օրս որեւէ քրեական գործով դատարանի նախագահը նշանակել է պահեստային դատավոր։ Հիշյալ բոլոր աշխատակազմերը (բացառությամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազի, որտեղից չեն կարողացել հարցին պատասխանել՝ նախագահի արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ) հայտնել են, որ նշված ժամանակահատվածում իրենց դատարանում պահեստային դատավոր չի նշանակվել։  Գործունեության մեկնարկից ի վեր Հակակոռուպցիոն դատարանում եւս, ըստ նախագահ Խաչիկ Ղազարյանից ստացված տեղեկության, պահեստային դատավոր չի նշանակվել (Դատարանն իր աշխատանքը սկսել է 20․08․2022 թ․-ից)։  Ամբողջական տեղեկություն ունենալու համար նաեւ լրացուցիչ հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտ, որն ի պատասխան գրավոր հարցման՝ հայտնել է, որ ՀՀ որեւէ դատարանում պահեստային դատավոր նշանակելու դեպք Դեպարտամենտին հայտնի չէ։  Փաստացի, կարող ենք ասել, որ այս ինստիտուտի ներդրումից ի վեր այն երբեւէ ՀՀ-ում չի կիրառվել։ Պահեստային դատավորի ինստիտուտը արդարադատության թանկ տեսակ է Փաստաբան Արմինե Ֆանյանը մեր զրույցում կիրառելիության այսպիսի բացակայությունը պայմանավորում է նրանով, որ պահեստային դատավորի ինստիտուտի գաղափարը թեեւ լավն է, բայց արդարադատության թանկ տեսակ է, որը Հայաստանի նման պետությունը իրեն դեռեւս չի կարող թույլ տալ․ «Հաշվի առնելով գործերի մեծաքանակությունը, դատավորների գերծանրաբեռնվածությունը, դատավորների նկատմամբ, իմ գնահատմամբ, ռեպրեսիաները, նրանց լիազորությունների անընդհատ դադարեցումը, անընդհատ տեղափոխությունները՝ կարելի է ասել, որ սա իրականում չաշխատող կարգավորում է»,- ասում է Ֆանյանն ու բացատրում՝ մեծածավալ գործերով, որպես կանոն, ամեն շաբաթ նիստի մեկ օր ֆիքսում են, որպեսզի յուրաքանչյուր անգամ համաձայնեցնելու խնդիր չլինի, իսկ պահեստային դատավորի շաբաթվա մեկ օրը ամբողջությամբ այդպես զբաղեցնելը, նրան այլ դատավորի նախագահությամբ նիստին նստեցնելը իրատեսական չէ։ Չնայած օրենքի պահանջն այլ է, փաստաբանները երբեմն միջնորդում են վարույթն ընդհատված տեղից շարունակել Ֆանյանի համոզմամբ՝  իրականում շատ կարեւոր է, որ դատավորը ապացույցը ընկալի իր իսկ տեսածով, կարողանա հարցադրումներ ուղղել այն վկային, որը մինչ գործը իր կողմից վարույթ ընդունելը հարցաքննվել է, կամ անմիջականորեն մասնակցի ապացույցների հետազոտմանը, բայց գործնականում ոչ միշտ է դա նպատակահարմար լինում․ «Կոնկրետ մեր փորձից ասեմ․ Գյումրիում սպանության գործ ունեմ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ եմ, որով 4-5 դատավոր է արդեն փոխվել, դատաքննության շատ մեծ մաս ենք սպառել, ամեն նոր դատավոր էլ, որ վարույթը ստանձնում է, առնվազն մի քանի ամիս կորցնում ենք, որովհետեւ մինչեւ ծանոթանում է, մինչեւ նիստ է նշանակում, մինչեւ հունի մեջ ենք ընկնում․․․ Այսքան երկար քննվելու արդյունքում նաեւ ամբաստանյալը կալանքից ազատվել է, պատկերացրեք՝ տուժողի իրավահաջորդի վիճակը, երբ իր որդուն սպանած անձը, ազատության մեջ գտնվելով, ամեն նիստին գնում–գալիս է․․․ Ու տեսեք՝ ինչ խնդիր ունենք․ մենք ենք ամեն անգամ միջնորդում, որ գործի քննությունը շարունակվի ընդհատված տեղից, որովհետեւ մենք արդեն իսկ տուժել ենք ողջամիտ ժամկետի խախտման հետեւանքով»։  Այս մոտեցումը, ըստ Ֆանյանի, արդյունավետ չէ այն նույն պատճառաբանությամբ, որ պատշաճ գնահատական տալու եւ օբյեկտիվ որոշում կայացնելու համար դատավորը անձամբ պետք է ընկալի ապացույցները, բայց նրա խոսքով՝ պետությունն է քաղաքացուն նման անելանելի դրության մեջ դրել, որ նա, արդարադատության շահով պայմանավորված, միջնորդի վարույթը շարունակել ընդհատված տեղից՝ հաշվի առնելով, որ գործի քննության բոլոր ողջամիտ ժամկետները վաղուց արդեն խախտվել են․ «Դրա համար մենք՝ որպես իրավաբաններ, որպես բավականին երկար փորձ ունեցող մասնագետներ, արդարադատության շահով պայմանավորված միջնորդություն ենք հարուցում, որ նպատահակարար չէ վերսկսել վարույթը, որ այսքան զրկանքներ են կրել․․․ Եվ եթե կողմերից ոչ մեկը չի առարկում, դատարանը որոշում է կայացնում ընդհատված տեղից շարունակել, թեեւ օրենքի պահանջը այլ է»։ Սպանությունից 7 տարի անց գործը դեռ դատարանում է Քրեական գործը, որ հիշատակեց փաստաբանը, վերաբերում է Արտյոմ Ադանալյանի սպանությանը, որ կատարվել է 2014 թ․–ի հոկտեմբերի 29-ին։ Ըստ մեղադրանքի՝ ընտանեկան ճաշկերույթի ժամանակ ծագած վիճաբանության ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով, այնուհետեւ իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից Ադանալյանը մահացել է: Սպանվածի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, տարիներ շարունակ բարձրաձայնել է իր գնահատմամբ ոչ ամբողջական նախաքննության, չպարզված հանգամանքների, խախտումների մասին։ Գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան սպանությունից մեկ տարի անց՝ 2015 թ․ հոկտեմբերի 1-ին եւ մակագրվել դատավոր Աշոտ Մանուկյանին։ 3 տարի անց՝ 2018 թ․ մարտի 20-ին, դատարանը Արթուր Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել սպանության մեջ՝ դատապարտելով 11 տարի ազատազրկման։ 1 ամից անց տուժող եւ պաշտպանական կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել, եւ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Մանուշակ Պետրոսյանի, կազմով Ռուզաննա Բարսեղյանի եւ Մխիթար Պապոյանի, 2018 թ․ նոյեմբերի 16-ին որոշել է բեկանել դատավճիռը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Պաշտպանական կողմի բողոքին դատարանը բովանդակային չի անդրադարձել, բեկանման հիմք են հանդիսացել դատավարական այն խախտումները, որ իր բողոքում ներկայացրել է տուժողի իրավահաջորդը։ 2019 թ․ հունվարի 24-ին գործը ստացվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Վահե Միսակյանին։ Մեկ տարի չանցած՝ նույն թվականի դեկտեմբերի 19-ին, գործը վերամակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին, քանի որ Միսակյանը տեղափոխվել է Երեւանի քրեական դատարան։ Մեկուկես տարվա քննությունից հետո՝ 2022 հունիսի 27-ին, դարձյալ կազմի փոփոխություն է եղել․ Նարեկ Բեգլարյանի գործուղման ժամկետը Շիրակի մարզում ավարտվել է, այս անգամ գործը վերամակագրվել է դատավոր Արամայիս Ասատրյանին։ Ասատրյանն էլ իր հերթին է 8 ամիս անց տեղափոխվել այլ դատարան, եւ 2023 թ․ փետրվարի 21-ին գործը վերամակագրվել է դատավոր Հայկ Իսրայելյանին։ Այս պահի դրությամբ նա, փաստորեն, 4-րդ եւ առայժմ վերջին դատավորն է, որ դատավճռի բեկանումից հետո քննում է այս գործը։ Նկատենք՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ դատավճիռը կայացվել էր գործը դատարան ուղարկելուց 2․5 տարի անց, իսկ դատավճռի բեկանումից եւ նոր քննության ուղարկելուց հետո անցել է արդեն 4․5 տարի։   ՄԻԵԴ-ը՝ ապացույցների անմիջական հետազոտման սկզբունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացույցների անմիջական հետազոտման սկզբունքին անդրադարձել է փոքր-ինչ այլ՝ վկաներին դարձյալ հարցաքննելու անհնարինության համատեքստում։  Եվրոպական դատարանը սահմանել է ընդհանուր սկզբունքներ (Al‐khawaja and Tahery v. The United Kingdom), որոնք պետք է կիրառվեն այն դեպքերում, երբ վկան բացակայում է, սակայն նրա ավելի վաղ տված ցուցմունքը ճանաչվել է ապացույց։ Դրա համար, ընդհանուր առմամբ, պետք է տալ երեք հարցի պատասխան։ Առաջին հարցն այն է՝ առկա՞ են արդյոք հարգելի պատճառներ վկայի բացակայության, ինչպես նաեւ վերջինիս ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար, երկրորդ հարցը՝ բացակայող վկայի ցուցմունքները արդյո՞ք եղել են միակը կամ վճռորոշ մեղադրական դատավճիռ կայացնելու համար կամ ունեցե՞լ են այնպիսի նշանակալի կշիռ, որ կարող էին վնասել պաշտպանության իրավունքին։ Երրորդ հարցն էլ այն է՝ եղե՞լ են արդյոք հակակշռող բավարար գործոններ, այդ թվում՝ դատավարական վստահելի երաշխիքներ՝ չեզոքացնելու համար այն թերությունները, որոնց չստուգված ապացույցների ճանաչման արդյունքում բախվում է պաշտպանության կողմը։ Ընդ որում, որքան կարեւոր է այդ ապացույցը, այնքան ավելի մեծ կշիռ պետք են ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատավարությունն ամբողջությամբ համարվի արդար (Schatschaschwili v. Germany)։ Որպես հակակշռող գործոններ այլ գործոնների հետ համակցությամբ ՄԻԵԴ-ը դիտարկում է բացակայող վկաների հարցաքննության տեսագրությունը, նախաքննության փուլում մեղադրյալի եւ վկաների առերեսման փաստը եւ այլն (Chmura v. Poland)։ ՄԻԵԴ-ը կարեւորել է նաեւ այն հարցը՝ դիմումատուին դատապարտած դատարանի կազմը փոխվել է ամբողջությա՞մբ թե՞ միայն մասամբ (Chernika v. Ukraine)։ Հայաստանի օրինակով քննարկվող համատեքստում համանման երաշխիքների գոյությունը, ըստ Ֆանյանի, գործի վարույթը շարունակելու մոտեցումը ընդունելի կդարձնի․ թեեւ դատարանի մոտ այդ դեպքում էլ կարող է ծագել հարց, որը վկային տալու հնարավորությունից նա զրկված կլինի, այնուհանդերձ այդ երաշխիքները կնվազեցնեն ոչ օբյեկտիվ որոշում կայացնելու ռիսկը։ Ֆանյանն ընդգծում է՝ ողջամիտ ժամկետների խախտումից բացի վարույթը վերսկսելու այլ վտանգ էլ կա․ «Վարույթ կա, որ վերսկսես, էլ ապացույց չի լինի, ոչ վկաներին կգտնես, անգամ եթե գտնես, այդ վկան 7 տարի անց գալու է, ասի՝ ոչինչ չեմ հիշում»,- ասում է նա՝ հիշեցնելով՝ Հայաստանն արդեն տեսել է նման օրինակ Սասնա ծռերի գործով․ «Այսինքն՝ ես կողմ կլինեի, որ դատարանը նման լիազորություն ունենար, բայց դա լիներ հայեցողություն․ երբ կողմերը չառարկեն, դատարանը առանձին դեպքերում օրենքով ամրագրված նման լիազորություն ունենա, եւ ինքը որոշի՝ կոնկրոտ դեպքում դա նպատակահարմար է թե ոչ»։   Միլենա Խաչիկյան
21:14 - 04 օգոստոսի, 2023
«Տատիկս քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ, դեղերն էլ վերջացել են» [Բլոկադան ներսից]

«Տատիկս քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ, դեղերն էլ վերջացել են» [Բլոկադան ներսից]

Բլոկադա՝ օր անհաշվելի․ յոթհոգանոց ընտանիքին ժամեր շարունակ հերթում սպասելուց հետո երեկ գեթ մեկ հաց է հասել․ «Առավոտը նախաճաշին հաց չունեինք, մեծ եղբայրս հերթում էր, եկավ՝ մի հաց ձեռքին․ մեծ ընտանիքին մի հացն ի՞նչ է»,- ասում է Արցախի Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի 19-ամյա բնակիչ Ալյոնա Սայիյանը, որն ապրում է իր քրոջ, եղբայրների ու ծնողների հետ, որոնք զինվորականներ են։  Ալյոնան ասում է՝ Արցախում վիճակն ահավոր է․ հացը չի հերիքում, վառելիք չկա, միրգն ու բանջարեղենը՝ սակավ։ «Որ հովհարային անջատումներ են լինում, չեն հասցնում հաց թխել, հերթեր են գոյանում, մեկը գնում է, հերթում սպասում, իրեն հասնում է, ում չի հասնում, գնում, նորից է գալիս, որ գոնե մի քիչ ուշ հաջողի հաց ստանալ։ Բայց այսօր կտրոններ են բաժանել, մարդիկ հայտնել են՝ ով որ խանութից է գնումներ անում, այդ խանութներին ընտանիքների հաշվով հաց են ուղարկում»,- ասում է Ալյոնան՝ հույս ունենալով, որ այս կարգավորումը գոնե մի քիչ կմեղմի հերթերում ժամերով սպասելու դժվարությունը։ Ամսվա օրերի թերթիկի վրա էլ ամեն օր նշումներ են արվելու, որ իմացվի՝ ընտանիքն այդ օրը հաց ստացել է, թե ոչ։ Ալյոնան մտահոգվում է, որ ձմռանն է ավելի բարդ լինելու․ «Առաջ դվիժոկներն աշխատում էին, կապ լինում էր, ալյուրը կարողանում էին քաղաքից հասցնել, բայց ձմռանը շատ դժվար է լինելու»։ Մարտակերտում, ի համեմատ Ստեփանակերտի, մթերքների առումով իրավիճակը դեռ աղետալի չէ, որովհետեւ մարդիկ իրենց բակերում ու շրջանում հողեր ունեն, որտեղ կարտոֆիլ, լոբի, լոլիկ ու կանաչի են աճեցնում։ Դեղերն էլ գրեթե վերջացել են։ Մարդիկ ինչ ունեին, վերջին օրերին երեւի արդեն սպառել են։ Ալյոնայի տատիկն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի․ «Տատիկս հիվանդ է, քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ։ Շատ թանկ դեղեր են անհրաժեշտ նրան։ Այն ժամանակ մի կերպ ՌԴ խաղաղապահների հետ դեղերի առաջին փաթեթն իջավ, հիմա էլ չկա։ Պետք է հասցնել քաղաք՝ ԿՏ անելու, որ հասկանանք՝ հիվանդությունն ինչ փուլում է, ինչ դեղեր են պետք, բայց վառելիք ու տրասնպորտ չկա, ԿՏ-ի նյութն էլ վերջացել է»,- ասում է Ալյոնան։ Տատի հետ քննարկել են ԿԽՄԿ միջնորդությամբ ՀՀ տեղափոխելու հարցը, բայց նա մտահոգվում է, որ գուցե գա Երեւան, չկարողանա հետ գալ, կամ, որ ավելի վախենալու է, ադրբեջանցիներն առեւանգեն, ինչպես վերջին օրերին առեւանգել են Արցախի երկու այլ քաղաքացիների․ «Տատիկս ասում է՝ լավ ա մնամ երեխեքիս կողքին, քան գնամ՝ չթողնեն հետ գամ։ Նա իննսունականներին էլ, 2016-ի ու 2020-ի պատերազմների ժամանակ էլ Արցախում է եղել՝ պապիկի կողքին, որն առաջին պատերազմի մասնակիցներից է»։ Մարդիկ էլ չեն կարողանում հիվանդանոց գնալ, սկսել են բաց թողնել բուժման կուրսները։ Որոշ ժամանակ անց գուցե մահացության դեպքերն էլ աճեն․ «Երեխաները սկսել են նիհարել, վիտամինների պակաս ունեն»,- նեղսրտում է զրուցակիցս, ու հիշում, որ բլոկադայի ընթացքում եղած ամենատխուր դեպքը, որ ցնցել էր բոլորին, մարտակերտցի երկու փոքրիկների մահն էր․ «Ամենաշատը մեզ այդ դեպքը ցավեցրեց։ Ես այդ երեխաներին Ստեփանակերտ գնալիս հաճախ էի հանդիպել տրանսպորտում․․․ Շատ ենք ազդվել։ Մտածում ենք՝ կարող է վաղը մենք էլ չկարողանանք մեր երեխեքի համար ինչ-որ բան հայթայթել, որովհետեւ հիմա շատ դժվար է դարձել․․․»։ Ալյոնան հիշում է, որ բլոկադայի ընթացքում, երբ մի քանի լիտր կաթ էր կարողացել տանել Ստեփանակերտ, խանութում մի քանի պապիկներ էին եղել, կաթնամթերքը բոլորին չէր հասել, ինքն էլ տխրել էր դրանից։ Մտածում է՝ ինչու մինչ այսօր մարդիկ ավելի շատ չեն աշխատել՝ այսքան բանի միջով անցելով։ Նրա ընտանիքը անասնաֆերմա ունի․ բlոկադայի ընթացքում Ալյոնան որոշել է դասընթացների գնալ ու արդեն սկսել է կաթի արտադրությամբ զբաղվել, ասում է՝ մի փոքր լուսավոր կետ է այս դժվարին օրերում։ Մի շատ կարեւոր որոշում էլ է կայացրել Ալյոնան․ նշանադրվել է, ու որոշել են, որ իրենց երեխաներն էլ պիտի Արցախում ծնվեն ու ապրեն։ Ասում է՝ մի քանի պատերազմներով են անցել, ամեն ինչ հաղթահարել, հիմա չի կարելի թողնել-գնալ։ Ինքն էլ մի պահ որոշել է, որ գնա դրսում սովորելու, բայց վերջին պատերազմը ցույց է տվել, որ Արցախը մարդկանց կարիքն ունի։ Ալյոնան հիմա Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է սովորում՝ անասնաբուժության բաժնում։ Ուզել է սննդի անվտանգության մասնագետ դառնալ, բայդ այդ բաժինը համալսարանում չկա։ Այս հանգամանքը նրան չի ընկճել, որոշել է այս ոլորտում էլ հրաշալի մասնագետ լինել․ դա Արցախին պետք է։ Ալյոնան եւ իր ընտրյալը 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Ալյոնա Սայիյանը Հայարփի Բաղդասարյան
01:26 - 04 օգոստոսի, 2023