#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Այս իշխանությունն արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած փորձում են մեկ անգամ ժողովրդին մոլորեցնելու հաջողությունը կրկնել․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Այս իշխանությունն արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած փորձում են մեկ անգամ ժողովրդին մոլորեցնելու հաջողությունը կրկնել․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Մարդիկ, որոնք բացարձակապես ոլորտից գաղափար չունեն, սկսեցին այդ ոլորտը ղեկավարել, պաշտոնին նստելուց հետո սկսում են հավատալ, որ իրենք այդ ոլորտի փորձագետն են, առաջնորդն են և սկսում են որոշումներ կայացնել, որոնք փոխանակ այդ ոլորտը առաջ տանելու, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև հիմա։ Այս մասին Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» դաշինքը առաջնորդող Ռոբերտ Քոչարյանը։ «Էլիտայի դեմ պայքարը ավելի շատ դասակարգային տերմին է և 2018-ի հեղափոխության ոգին արթնացնելու նպատակ ունի, մենք տեսանք սրա հետևանքները, ծանր են, այս ամենի համար կան մեղավորներ և պատասխանատու անձինք»,- ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Ու քանի որ ասելիք չկա, աշխատանքի արդյունք չկա, այս իշխանությունները պետք է ուրիշների վրա հարձակվեն, անհաջողությունների մեղքը ուրիշներ վրա բարդեն, պետք է գոռան, ճվան, լաչառություն անեն, մատ թափ տան, կապիկություններ անեն ամբիոնից, այս հարցում լավ վարպետ են»։
12:45 - 13 հունիսի, 2021
Ոչ միայն 15 գերի է վերադարձել, այլ վերադարձի գործընթացը վերակենդանացել է. Փաշինյանը՝ քարտեզների փոխանցման մասին |armtimes.com|

Ոչ միայն 15 գերի է վերադարձել, այլ վերադարձի գործընթացը վերակենդանացել է. Փաշինյանը՝ քարտեզների փոխանցման մասին |armtimes.com|

armtimes.com: «Երեկ Հայաստանում ցնծություն էր՝ կապված 15 հայ ռազմագերիների վերադարձի հետ, ընդդիմադիր դաշտում էլ սուգ ու շիվան էր՝ նույն թեմայի հետ կապված»: Այս մասին այսօր, Եղվարդում, նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանին հանձնված քարտեզների մասին: «Այո, երեկ ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, բայց տպավորություն են ուզում ստեղծել, թե ինչ ունենք, տվել ենք: Չեմ կարող ասել, որ ոչ շոշափելի մաս է տրվել, շոշափելի հատվածն է տվել, բայց՝ փոքր մի մաս:   Հարցնում են, թե ինչպե՞ս եղավ, որ հենց հիմա, այս շրջանում վերադարձվեցին գերիները: Երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռոքերը եկավ Հայաստան, ասաց, որ իրենք պատրաստվում են շատ լուրջ ջանքեր գործադրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերակենդանա: Նա հարց հնչեցրեց, թե մենք պատրա՞ստ ենք այդ վերադարձի դիմաց ինչ-որ բան առաջարկել: Որոշ ժամանակ առաջ էլ են քարտեզներ տրվել: Դրանք այն տարածքների քարտեզներն են, որոնք հայտնի հանգամանքների բերումով գտնվում են Ադրբեջանի թիկունքում: Տարօրինակ է, որ թեպետ այս ընթացքում արդեն շատ դեպքեր կան, որ ականապատ տարածքներում մարդիկ են զոհվել, խաղաղ բնակիչներ, բայց Ադրբեջանը չէր քայլ անում, որպեսզի մենք այս գործն առաջ տանենք: Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ ու պատրաստ ենք կրկին անել: Երբ մենք տեսանք, որ Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձի գործընթացը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների տրամադրման գործընթացը: 15 ընտանիքներ երջանկացան: Ու այստեղ խոսքը ոչ միայն 15 գերիների վերադարձի մասին է, այլ գերիների վերադարձի գործընթացի վերակենդանացման»,-ասաց Փաշինյանը։
12:40 - 13 հունիսի, 2021
Արագածոտնի մարզպետը հերքում է քարոզարշավի ընթացքում Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Արագածոտնի մարզպետը հերքում է քարոզարշավի ընթացքում Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Ի պատասխան Mediaport լրատվական կայքի «Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին» վերտառությամբ հրապարակման, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հերքում է հրապարակել: Նա նշում է, որ Հացաշենում առհասարակ որևէ միջադեպ չի գրանցվել, հետևաբար՝ ոչ ոք իրեն ծեծի չի ենթարկել: Հերքումը ներկայացնում ենք ստորև. «Հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ, իբրև թե, նախընտրական քարոզարշավի շրջանակում Թալինի տարածաշրջան կատարածս այցի ընթացքում Հացաշեն համայնքում ծեծկռտուք է եղել, որևէ աղերս չունի իրականության հետ, սուտ է և ամբողջությամբ հորինվածք: Նախընտրական այցերիս ընթացքում ոչ մի նման միջադեպ չի գրանցվել, հետևաբար ոչ մեկ ծեծի չի ենթարկվել և առավել ևս ոստիկանությունը չի միջամտել: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներին որևիցե մեկը չի կարող ծեծել, և այդ մենք ենք մեր կողմնակիցներին զսպվածության կոչ անում սադրանքներին չտրվելու և միտումնավոր լարվածություն հրահրող ուժերին կոշտ ձևով չսաստելու: Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ շրջանառելով նմանօրինակ կեղծ հրապարակումներ, նպատակ են հետապնդում միտումնավոր խեղաթյուրել իրականությունը և անհաջող կերպով փորձում են անարգել իմ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը: Ի հեճուկս նման շրջանակների՝ հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպումներն անցնում են բավականին հարթ և ջերմ մթնոլորտում: Հետևաբար, գուցե, հենց մարզի բոլոր համայնքներում այդ ջերմ ընդունելությունն ու ժողովրդի ոգևորվածությունն է որոշ շրջանակների կողմից նման կեղծ տեղեկություններ տարածելու շարժառիթ հանդիսացել:  Հայտնում եմ, որ պատրաստ եմ ցանկացած օր ու ցանկացած ժամի լրագրողների հետ այցելել Հացաշեն համայնք, նրանց ներկայությամբ հանդիպել բնակիչներին և տեղում պարզել՝ ենթադրյալ ծեծի որևէ միջադեպ եղել է, թե՝ ոչ:  Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին»ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հրապարակել սույն հերքումը։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան»։
12:15 - 13 հունիսի, 2021
Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզ ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի. Էդմոն Մարուքյան |tert.am|

Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզ ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ: Այս մասին Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: «Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի: Բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով»,- ասաց Մարուքյանը: Մարուքյանը նշեց՝ բոլոր նրանք, ովքեր կասեն՝ մենք կարող ենք գալ և ընտրություններից հետո պատերազմով ադրբեջանցիներին հանել այնտեղից, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ՝ ստախոս: Անդրադառնալով Ադրբեջանին միջանցք տրամադրելու և ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ խոսակցություններին՝ Մարուքյանը նշեց՝ ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի. «Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, ոչ, չպետք է տրվի, սահմանները բացել, խնդրեմ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմանները բացելուն, սակայն ՀՀ-ի կողմ լինելը եղել է ուղղակի հայտարարոթյուն, բայց ոչինչ չի արվել, որ օրենսդրությունը հարմարեցվի»:
12:05 - 13 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 7. ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|

Քարոզարշավ օր 7. ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|

armenpress.am: Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:   «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Գեղարքունիքի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 10։00-ին կլինեն Գավառում, այնուհետև կշարժվեն դեպի Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի մարզում։ Հանդիպումները կսկսեն 10։30-ին Եղվարդ քաղաքից։ Կլինեն նաև Նոր Գեղիում, Նոր Հաճնում, Աբովյանում, Բյուրեղավանում, Չարենցավանում, ապա Հրազդանում, որտեղ հանրահավաք տեղի կունենա ժամը 18։00-ին։ Ժամը 19։00-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում կլինի իրազեկման երթ, մեկնարկը կտրվի Գարեգին Նժդեհի հրապարակից։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 12-ին լինելու է Սյունիքի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումները կանցկացվեն Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ից սկսած հանդիպումներ կլինեն Նոյեմբերյանում, Բերդում, Իջևանում, ինչպես նաև Դիլիջանում։  «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը հանդես կգա ասուլիսով։ Դաշինքի կենտրոնակայանում տեղի կունենա պատգամավորի թեկնածու, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի մամուլի ասուլիսը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը կլինի Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Կապանում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Լոռու մարզում։ Նրանք կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը: 11։30-ին կայցելեն Ջրաշեն գյուղ, իսկ 13։00-ին՝ Վանաձոր։ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 13-ին, առավոտյան կլինեն Երևան քաղաքում՝ Ավան վարչական շրջանում։  «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը ժամը 15։00-ին կլինի Ազատության հրապարակում, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կամփոփի քարոզարշավի առաջին 6 օրը։ Այնուհետև նույն օրը, ժամը 16։00-ին կուսակցության անդամները կլինեն Մասիս քաղաքում, ապա Արտաշատում, Արարատում և Վեդիում։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի Արարատի մարզում։ Ներկայացուցիչները հավաք են նախաձեռնել Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում։ Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 
11:22 - 13 հունիսի, 2021
Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան |news.am|

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել: Այս մասին հունիսի 12-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ քաղաքացու հարցին ի պատասխան ասել է Սերժ Սարգսյանը: «Բայց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ եմ աշխատել էնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ՝ այդպիսի հարց ընդհանրապես Հայաստանի որեւէ իշխանություն չի քննարկել: Ինքը քամի անող է, հասկանու՞մ ես, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա: Մի անգամ գոնե մի բան պիտի՞ ցույց տա, թե՞ չէ։ Հավայի խոսում է, ու հետո ասում ես՝ ցույց տուր փաստաթուղթը, ասում է՝ հետո ցույց կտամ: Թող հիմա հանի, ցույց տա:Ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների մասին: Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա: Էդ մարդը տանուլ տված մարդ է, էդ մարդը կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, էդ մարդու խղճին աառնվազն 5000 զոհ կա, էդ թվում՝ նաեւ քո երեխան, ախր թող դրանց պատասխանը տա, նոր սկսի ինչ-որ բանակցություններ վարել»,-ասել է նա:  
11:15 - 13 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 6

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 6

23:24- Գյուղատնտեսական վարկեր պետք է լինեն 0 տոկոս։ Մինչև երեք միլիոն վարկերը պետք է ներվեն ժողովրդին։ Ժողովուրդը չի կարողանում վարկերի տակից դուրս գալ։ Մինչև երկու միլիոն մարդու վարկ պետք է ներեն։ Դրանից հետո գոնե 2 տոկոսանոց վարկեր տրամադրեն։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի։ Օրենքով պետք է վերահսկեն վերավաճառողների գործունեությունը, որպեսզի վերավաճառողն արտադրողից շատ եկամուտ չունենա։ Հայկական արտադրանքը սպառման մեծ ներուժ ունի արաբական երկրներում։[ԲՀԿ վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյան] |1lurer.am|   23:21- «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ ընդհանուր գումարը կազմել է 22 մլն 900 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Վանեցյանը հայտարարագրել է 1 բնակարան։   22:35- Կարևորում եմ, որ յուրաքանչյուր ձևավորվող կառավարություն դաշտ բերի օրակարգ, որն ուղղված կլինի 50 տարվա ծրագրի վրա:  Ունենանք երկար տեսլական, ձևավորենք արժեքներ և սկզբունքներ, և ձևավորվող կառավարությունը կարողանա իր ծրագիրը հարմարեցնել այդ օրակարգին: Այդ օրակարգը կդառնա ուղեցույց մեր հանրության համար: Միայն երկար տեսլականով կկարողանանք կառուցել մարտունակ բանակ, հզոր տնտեսություն։ [«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան] |1lurer.am|   22:21-Կարևորը անվտանգությունն է. մինչև երկրում այն չապահովենք, որևէ զարգացում չի լինի: Այս համոզմունքն ունեն «Վերելք» կուսակցության անդամները: Քարոզարշավի 6-րդ օրը «Վերելքը» հանդիպել է Սիլիկյան թաղամասի բնակիչներին: Կուսակցության անդամներն ընդգծել են, եթե մարդն իր երկրում իրեն անվտանգ չի զգում, ոչինչ չի կարող անել: «Վերելք» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Արսինե Աղաջանյանը նշել է, որ սկսելու են ֆիզիկական, սահմանային անվտանգությունից, որը ենթադրում է նաև այլ բնագավառների անվտանգություն: Եթե ունենանք պաշտպանված քաղաքացիներ, կունենաք այլ ոլորտների զարգացում, աճ ու բարելավում: |1lurer.am|   21:42- Մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, մենք խոսում ենք օրենքներից, Սահմանադրության փոփոխություն պետք է լինի։ Քաղաքացին՝ ցանկացած մեկը, պետք է կարողանա այդ Սահմանադրությունը ապահովել, այդ մարդը իր պոտենցիալը, դրական լիցքերը պետք է ներդնի իր երկրում, ստեղծի, ստեղծագործի, արարի, և պետությունը պետք է օգտվի, հարկի։ Պետք է Սահմանադրությունը այդ ճանապարհը ապահովի, մեր Սահմանադրությունը դա չի ապահովում, դրա համար այդ պոտենցիալը ունեցող հայերը դուրս են գալիս արտասահման, ցանկացած երկիր, կարողանում են ստեղծել, ստեղծագործել, արարել։ [«Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայան]   21:42- Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Սահմանամերձ Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանդիպումների ընթացքում, խոսելով երկրի անվտանգության մասին, նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը կարևորել է սոցիալական ոլորտում մարդկանց ապահովության զգացումը․ «Բոլորովին չստորադասելով մարդու ֆիզիկական անվտանգությունը՝ ցանկանում եմ շեշտել, որ մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում։ Քանի որ առանց դրա ֆիզիկական անվտանգույան համար պայքարելու իմաստ չի տեսնի»։   20:52- Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները նորից եկել, ուզում են իշխանություն վերցնել, բայց նրանք ուր պետք է լինեին․․․։ Բանտում չեն, որովհետեւ մեր իշխանությունը թույլ է։ Ասում են՝  դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, չի բարեփոխվում, դանդաղ, կրիայի քայլերով առաջ ենք գնում, չգիտեմ՝ մինչեւ երբ ենք սենց շարժվելու։ Ասում են՝ ընտրական օրենսգիրք պիտի բարեփոխվի, Սերժի գրած ընտրական օրենսգրքով ուզում են ընտրություն անցկացնել, դրա համար ամեն տեղ՝ բոլոր քաղաքներում, գյուղերում, պաստառներ են կպցնում՝ բոլորդ գիտեք՝ ում փողերով են անում։ [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը` քարոզարշավի ընթացքում, զրուցելով քաղաքացիների հետ]   20:16- Ամենակարևոր ուղերձը պիտի համախմբումը լինի, բոլորը ունեն լավ ծրագրեր, բայց առանց համախմբման ոչ մի կարևոր ծրագիր կյանքի չի կոչվելու․ որովհետև ներուժ չի լինելու։ Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ ԼՀԿ-ն առաջարկում է հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր վերցրեց թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը` Գյումրիում քարոզարշավի ընթացքում] |tert.am|   19:57- Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար: Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները:   19:41-Խոսում են իմ նախագահության տարիներին բռնապետության մասին: Միգուցե, այդ ժամանակ նման ինչ-որ բան մի թեթև եղել է, բայց միայն պետական կառավարման հանդեպ: Իմ նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն։ Պետք է ծրագիր իրականացնել` ճղվիր, բայց իրականացրու ծրագիրը: Պատասխանատվության բռնապետություն: Ինչը հիմա բացարձակապես չկա: Բռնապետություն ընդդեմ ստի: Ոչ մի պաշտոնյա չի կարող ստել: Ես այդ գործը լավ եմ անում: Մենք գալիս ենք, որպեսզի բերենք արժանապատիվ խաղաղություն, վերականգնենք բանակը, պաշտպանենք սահմանները, ապահովենք տնտեսական աճ․․․Եթե ցանկանում եք, որ պետական համակարգն աշխատի ժամացույցի պես, վստահեք մեզ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Վանաձորում կայացած հանրահավաքում]   19:30- Պաշտպանության ոլորտում առաջարկում ենք անհապաղ անցնել արհեստավարժ բանակի, որոնհետև միայն այդպիսի բանակն է ունակ հինգերորդ սերնդի պատերազմների պարագայում առանց կենդանի ուժի կորստյան ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր պետականության անկախությունը։ Կարծում ենք, որ պետական անվտանգությունը բոլոր դեպքերում հնարավոր է ապահովել միայն արդիական սպառազինության, ֆիզիկական ու տեխնիկական բարձր պատրաստվածությամբ օժտված անձնակազմի միջոցով, որի համար նախատեսում ենք պայմանագրային աշխատավարձ սահմանել ՀՀ–ում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ [«Ազատական» կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար, պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյան]    18:47- Մեր կուսակցությունը հավաքներ չի կազմակերպում, քանի որ դրա կարիքը չկա: 26 ուժ է մասնակցում ընտրություններին, պատկերացրեք ցանկացած մարդու հոգեվիճակ, երբ որ միանգամից 26 ուժ է իր հետ խոսում, այդ մարդը ընկնում է հոգեկան տվայտանքների մեջ: Այդ պատճառով մենք աշխատում ենք այցելությունների միջոցով հանդիպել մարդկանց հետ: Միջադեպի արդեն հանդիպել ենք. երբ Լոռու մարզում իրականացնում էինք քարոզարշավ, միկրոավտոբուս եկավ՝ «Ապագա կա պաստառով», մի անձնավորություն իջավ և հարձակվեց մեր կին թեկնածուներից մեկի վրա: Ոստիկանները ժամանակին արձագանքեցին, և այդ մարդը տեղափոխվեց բաժին: [«Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյան] |armtimes.com|   18:32- Ընտրապայքարը, քարոզարշավը և ձևակերպումները բավականին կտրուկ են և թեժ են։ Մի կողմից սա լավ չի, որովհետև, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ ունենալ քաղաքական բանավեճ քաղաքական բովանդակության շուրջ՝ մի քիչ այլ տերմինաբանությամբ, բայց մյուս կողմից գուցե բարին այս է, և պետք է վերջնականապես գծեր քաշվեն, այդ մերժվածների կույտը ընդհանրապես նետվի պատմության աղբանոց։ Իրավունք չունեն և տեղ չունեն նրանք հայկական իրականության մեջ, որքան էլ որ իրենց միլիոնների հաշվին փորձեն մի քանի հոգի հավաքել իրենց կամ իրենց շտաբերի շուրջ և ինչ-որ շարժման իմիտացիա ստեղծել։ [Արարատ Միրզոյանը՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում]   18:17- Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր։ [«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյան]   17։51- Մենք հաստատ չենք կրկնի նախորդների սխալը, որը հետևյալն էր․ իրենք չգիտես ինչու փորձ էին կատարում բանակցել Ադրբեջանի հետ։ Աշխարհում չկա ազգերի ինքնորոշման խնդիր, որը լուծվել է ուղիղ մետրոպոլիայի հետ բանակցություններով։ Դու չես կարող Ալիևի հետ բանակցել, որ էդ խնդիրը լուծես։ Դու պիտի բանակցես ամբողջ աշխարհի հետ, որ, ամբողջ աշխարհի մեծամեծներ անվանենք, գերտերություն անվանենք, ՄԽ համանախագահ երկրներ անվանենք, ճնշում գործադրեն մետրոպոլիայի վրա, որ դու կարողանաս ստանալ խնդրի լուծում։ Այլ կերպ ասած, լուծման տրամաբանությունը կարող է լինել միայն միջազգային շփումների և ոչ մի դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ։ [«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]   17։41- ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պիտի լուծվի հարցը, որը լուծված չէ, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Եթե նկատել եք, վերջին շրջանում միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակտիվորեն խոսում են սրա մասին, և անհրաժեշտ է վերաակտիվացնել ՄԽ գործունեությունը, միաժամանակ սրանից անհնար է տարանջատել մեր անվտանգային համակարգը, մեր բանակի արդիականացումը պիտի սրան զուգահեռ ընթանա։ [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]   17։32- Հայաստանը ծնկած, ջարդված, կազմալուծված, կազմաքանդված վիճակում է այս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ։ Մի օրինակ բերեմ․ խոսում ենք Արցախի հարցի կարգավորման մասին, Հայաստանում այսօր ԱԳՆ գոյություն չունի։ Ինչ պետք է անի նոր իշխանությունը։ Առաջինը՝ պետք է լուծի պետական համակարգի կառավարելիության հարցը և պետական ինստիտուտների անխափան աշխատանքի հարցը, ապահովի ներքաղաքական կայունությունը, որպեսզի ունենա ուժեղ թիկունք բանակցություններում, երրորդը նաև բանակի վերականգնումը և ակտիվորեն ներգրավի Արցախի հարցով արտաքին դիվանագիտական հարաբերությունների մեջ և՛ գործընկերների, դաշնակիցների, դաշնակից կազմակերպությունների, և՛ նաև հակառակորդների՝ այդ թվում Ադրբեջանին։ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]   17։24- Մենք, ի վերջո, պիտի ընդունենք փաստը, որ խաղաղությունը չեն մուրում, չեն խնդրում, այն պարտադրում են։ Ե՛վ նախկին իշխանությունները, և՛ այսօրվա իշխանությունները ձախողել են իրենց պետականաշինության գործը, և դրա արդյունքում երկուսն էլ հրաժարվում են ստեղծել պարիտետային քննիչ հանձնաժողով, որը կքններ բացթողումները։ [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]   16։58- Չենք բացառում, որ դաշինքներ կարող են ստեղծվել, բայց դաշինքների մասին պետք է խոսել երևի հաջորդ փուլում՝ ընտրություններից հետո։ Մի բան ակնհայտ է՝ բոլոր խոհեմ ուժերը շատ հստակ հայտարարել են, որ որևէ համագործակցություն չի կարող լինել Փաշինյանի ղեկավարած ուժի հետ։ Եվ ակնհայտ է, որովհետև նրանք քաղաքականությամբ չեն զբաղվել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու մասին]   16:41- Վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը և բազմաթիվ այլ հարցեր, որովհետև երկիր կառավարելը կրկես ու թամաշա չէ՝ լուրջ արվեստ է, և այդ արվեստը տիրապետող մարդիկ պետք է կարողանան երկիրը ղեկավարել ու երկրի անվտանգության հարցը լուծել։ Մենք պետք է ժողովրդին փրկենք երկընտրանքից․ չկա երկընտրանք՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար: Երկուսն էլ չարիք են (Ն․ Փաշինյանը և Ռ․ Քոչարյանը)։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան] |armenpress.am|   16:38- Փաշինյանի հեռացումը ինքնանպատակ չէ, ավելին՝ նպատակը երկրի անվտանգ զարգացումն է, և Փաշինյանի հեռացումն ընդամենը անհրաժեշտ պայմաններից է։ Այսինքն՝ բոլոր երեք ուժերը («ՀԱԿ», «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք - խմբ․) համարում են, որ Փաշինյանի առկայության պայմաններում մեր երկիրը կործանվելու է։ Եվ էստեղ միասնական է դիրքորոշումը։ Երկրի զարգացման հետ կապված՝ կան որոշակի տարբերություններ։ Սակայն չեմ կարող ասել՝ դրանք արմատական տարբերություններ են։ Ռեալ-պոլիտիկի տեսանկյունից երբ դու ունես զարգացման ուղիների հետ կապված որոշակի տարբեր մոտեցումներ, սա ոչ նպատակահարմար է, և ես կարծում եմ՝ դա թյուր պատկերացում է, որ դրանով մեր ընտրազանգվածը փոշիանում է։ Չի փոշիանում, դա շատ լուրջ ընտրազանգված է, որի մի խումբը պաշտպանում է երրորդ նախագահի, մի խումբ՝ երկրորդ նախագահի, և վստահ եմ՝ բավականին մեծ խումբ նաև առաջին նախագահի մոտեցումները։ [Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան]   16:04- Դատարանը բավարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ [ՀՔԾ] |armenpress.am|   15։39- ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, հաշվի առնելով տարընկալումները, թե ընտրական որ հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով, պարզաբանել է, որ ներկայում www.arlis.am կայքի առաջին էջում հասանելի նոր ընդունված Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է գործող օրենսգրքով, ի թիվս այլնի, նախատեսված ընտրական հանցագործությունները։   15:11- Այս մարդիկ այս օրերին գյուղ առ գյուղ, քաղաք-քաղաք փորձում են կրկին մեր ժողովրդին խաբել, մոլորեցնել, հիմա էլ ասում են՝ մեզ պողպատյա մանդատ տվեք, բայց հետաքրքիրն այն է, որ այդ մանդատն ուզելիս չեն ասում, որ այն օգտագործելու են թշնամու դեմ, պողպատյա մանդատ չեն ուզում թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար, մանդատ են ուզում ՀՀ-ում վենդետաներ անելու, մարդկանց բանտարկելու, եկեղեցու, ազգային արժեքների դեմ պայքարելու, մեր երկիրը կրկին ծնկի բերելու համար։ Հայ մարդը դրանց պետք է տա հեռացման մանդատը, պատասխանատվությունը, պատիժ կրելու մանդատը՝ երկրն այս վիճակին  հասցնելու համար։ [«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյան] |tert.am|   15։03- «Պատիվ ունեմ» դաշինքն առաջնահերթություն է դիտարկում ՀՀ անվտանգության ապահովումը, այդ թվում դրա տարբեր բաղադրիչները՝ սահմանային անվտանգությունը, այն մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմից հետո: Մենք գնալու ենք ՀՀ-ի հզորացմանը՝ իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ: Երկրորդ ուղղությունը՝ միջազգային գործընկերների հետ կապերի խորացումն է։ [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյան]   14։38- «Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին՝ արդյոք Ռուսաստանը կհեռանա՞ տարածաշրջանից, թե ոչ։ Բանավեճի որոշ մասնակիցներ նշում էին, որ մոտ է այն օրը, երբ Ռուսաստանը կլքի տարածաշրջանը, ինչպես պատմական տարբեր ժամանակահատվածներում է արել։ Որոշ ներկայացուցիչներ էլ նշում էին, որ Հայաստանը իր քաղաքականությունը պետք է կառուցի հայակենտրոնության վրա, դառնա արժեքավոր գործընկեր ու դաշնակից՝ «փրկիչներ» փնտրելու փոխարեն։   14։32- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը  նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում: Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին հասարակության պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամանքը: Նրանք կոչ արեցին ազգային շահերից շարժվող քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել: |armenpress.am|   14:19- Մենք երբեք չենք կարողանում հաշտվել իրար հետ, դա մեր ներքին պայքարն է, և դա բուժել է պետք։ Դա դաստիարակության խնդիր է, մեր հասարակությունը չունի այդ դաստիարակվածությունը, չունենք քաղաքացու դաստիարակության դպրոց, թե ինչպիսին պետք է լինեն նրա պարտականությունները երկրի, ազգի, դրոշի, զինանշանի և մնացած ամեն ինչի հանդեպ։ [«Վերելք» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանը՝ նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ժամանակ]   14։15- Պետք է հետ գնալ և հիշել, որ հենց 2018 թ․ մենք բաժանվեցինք՝ կոռուպցիայի և համակարգային քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծողների դեմ պայքար և նոր Հայաստանի բարձրագույն ժողովրդավարական արժեքների դեմ պայքար։ Փորձը ցույց տվեց, որ այսպիսի բարձր կարգախոսներով պայքարը հետո վերածվեց անձնային պայքարի, մենք անցանք անձի մերժման՝ «Մերժի՛ր Սերժին», չմերժեցինք համակարգը, իսկ համակարգի չմերժումը բերեց այս իրավիճակին՝ պառակտման»։ [«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարինե Դիլբարյանը՝ նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ժամանակ]   14։12- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով կուսակցության անդամների «պայքարի ուղին»։   14։03- Տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների համար նախատեսված դեղորայքը պետք է ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակներում։ Դա առաջնային լուծման հարց է։ Խոստանում եմ իշխանության գալու դեպքում անպայման լուծել այդ հարցը, հատկապես եթե խոսքը անապահով ընտանիքների մասին է։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան] |hetq.am|   13։58- Մենք բոլորս իրար հետ պետք է կարողանանք հոգ տանել, որ ձկան պաշարները վերարտադրվեն: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում պարտաճանաչ վճարել հարկերն ու տուրքերը, որովհետև դրանք դառնում են ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, դառնալու են ձկան պաշարների վերականգնում, Սևանի մաքրման աշխատանքներ, սահմանների պաշտպանություն, բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում հպատակ լինելու փոխարեն, անձը լինի քաղաքացի։ [ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Ծովագյուղում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|   13։47- Տնտեսական  նոր կարգ, առաջընթաց և զարգացում․1. Սոցիալ-տնտեսական զարգացման հիմք պետք է լինեն սեփական հումքի ու քաղաքացու ստեղծագործ ներուժի վրա գործող գիտաարդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրները, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական հասարակության ստեղծման պետական քաղաքականությունը2. Սոցիալական ծայրահեղ բևեռացման բացառում սոցիալ-տնտեսական նոր կարգի՝ սոցիալական-շուկայական տնտեսության հայեցակարգի միջոցով՝ ապահովելով աշխատողի և գործատուի համահավասար և համատեղ պատասխանատվությունն ու իրավունքները և կանխելով անհատների ու կազմակերպությունների ձեռքում տնտեսական հզորությունների գերկենտրոնացումը3. Բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական փոքր, միջին և խոշոր ծրագրերի շնորհիվ ստեղծել նոր աշխատատեղեր, մեծ բիզնեսն ու խոշոր նախագծերը դարձնել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման քարշակ, այլ ոչ թե նրանց կլանող ու ոչնչացնող։ [Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք]   13։34- Երեկ՝ «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի շուրջ։ Բանավեճի որոշ մասնակիցներ ընդգծում էին, որ ՀԱՊԿ-ը ապացուցել է, որ անգործունակ կառույց է։ Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է ճանապարհ հարթել դեպի Արևմուտք։  Բանախոսներից ոմանք հակադարձում էին այս տեսակետներին՝ հիշեցնելով, որ Արցախը այս պահին պաշտպանում են ռուս խաղաղապահները։ Բանավեճի որոշ մասնակիցներ էլ հորդորում էին խոսել հայկական շահերից, ոչ թե եվրոպական, ռուսական կամ ամերիկյան արժեքներից։   12։37- Կոչ եմ անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը։ [2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյան] |armenpress.am|   12։34- Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, մարդիկ, որ հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ ԼՀԿ-ի մասին։ Սուտ համար 1․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտան, որովհետև ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ համար 2․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտաք, որովհետև ԼՀԿ-ն օգնելու է ներկա իշխանության վերարտադրմանը, սուտ համար 3․ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են՝ ԼՀԿ-ն նպաստելու է նախկինների վերադարձին։ Այս երեք սուտը փաստում են այն, որ ԼՀԿ համերաշխության և միասնության օրակարգը արդեն հասանելի է դառնում բոլորին։ [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյան]   12։23- Գործող կառավարությունը վերջին երեք տարիներին ոչինչ չի արել Սպիտակի համար: Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել, թե ինչ ենք արել։ Մենք բերելու ենք հանգստություն: Ես դա ասում եմ բոլոր հանրահավաքների ժամանակ: Չի կարող բևեռացած, իրար նկատմամբ թշնամացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել: Հնարավոր չէ ոչինչ անել, եթե մի բռունցքի պես չմիանանք և մեր առջև չդնենք՝ ունենալ բարեկեցիկ, զարգացող, ուժեղ Հայաստան։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան] |armenpress.am|   12։22- Մեր անվտանգային համակարգը, ըստ էության, 2020 թ-ին ապացուցեց իր կայացած չլինելը։ Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից։ [«Ազատական» կուսակցության անդամ Արամ Ղլեչյանը՝ «Հայաստանն ընտրում է» նախաընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում]   12։13- «Հայոց հայրենիք» կուսակցությունն այն ուժն է, որը երկար տարիներ պայքարել է հանուն Հայաստանի պետականության, հանուն երկրի ու Արցախի տարածքային ամբողջականության, ինչը ոմանց դուր չի գալիս, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության անվտանգության մասին իրապես մտածող չկա, և տարածքային ամբողջականության հարցը ոմանց չի էլ մտահոգում։ Մեր նախընտրական կարգախոսն է՝ «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»։   12։00- ՀՀ-ն կանգնած է օրհասական խնդրի առաջ։ Խնդիր ունենք մեր պետականության և ինքնիշխանության։ Ստեղծված իրավիճակը պահանջում է մեզնից կատարել կտրուկ քայլեր։ Այդ քայլերը պիտի ուղղենք մեր երկրի բնական ռեսուրսները ճշգրիտ օգտագործելու, մարդկային ռեսուրսները ճշգրիտ ներգրավելու և աշխատատեղեր ստեղծելու, ներդրումների համար համապատասխան ներդրումային միջավայր ստեղծելու առումով։ Նման գործընթացները պահանջում են ճշգրիտ քայլեր։ [«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյան]   11։38- 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին մեկ բան, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը առ ոչինչ է, ի զորու չէ ոչինչ անել, և այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն։ [Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ բանավեճի ընթացքում]   11։36- Պարտությունից, նվաստացումից հետո ստեղծվել է անկայուն մի իրավիճակ, որում ոչ մի բանակցված պլան չկա։ Էլ չկա վիճակ, որ ՄԽ համանախագահությունը ինչ-որ պլան ունի, որ դրված է սեղանին։ Այսինքն՝ մենք գտնվում ենք շատ ավելի անկայուն վիճակի մեջ։ Դուք հարցնում եք՝ որն է ձեր դիրքորոշումը, ես էլ ասում եմ՝ չգիտեմ, որովհետև մենք գիտենք մեթոդոլոգիան, բայց չգիտենք այդ պլանը պոտենցիալ ներկայացնող տերությունների դիրքորոշումները։ Այդ նոր պլանը իսկապես երկարատև բանակցությունների արդյունքում պետք է ձևավորվի։ Եվ մենք այն քաղաքական ուժն ենք, որը ունի այդ փորձառությունը, որ մտնի այդ բանակցությունների մեջ և բերի առավել նպաստավոր պլանը և՛ Արցախի համար, և՛ Հայաստանի համար։ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]   11։21- ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլև որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը։ [ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում]   11։19- Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր դաշնակցությունը միայն ռազմական անվտանգություն չէ։ Նրանց աջակցությամբ դառնալով հարավ-հյուսիս հսկա նախագծի հանգույց՝ ստանալու ենք բազմամիլիարդանոց ներդրումներ և նոր տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ կստեղծվեն հարյուր-հազարավոր աշխատատեղեր, իսկ երկիրը թռիչքային կերպով կզարգանա, և մենք կլուծենք բոլոր սոցիալական հարցերը և կլինենք բարեկեցիկ։ [«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը՝ Երևանում հանրահավաքի ժամանակ]   11։00- Միայն մենք ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ճանաչում ենք ընդամենը որպես հրադադարի և հումանիտար հարցերի փաստաթուղթ, իսկ մնացած մասով դա ռուս-թուրքական հարյուրամյա դաշինքով մեզ պարտադրված հերթական ցեղասպան ու հայրենազրկող ապօրինի փաստաթուղթն է։ Հայտարարում ենք, որ մեր իրական դաշնակիցների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առ ոչինչ ենք դարձնելու այդ փաստաթուղթը և վերադարձնելու ենք գերիներին, որը մեզ համար առաջնային հարց է։ [«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը՝ Երևանում հանրահավաքի ժամանակ]   10:48- Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում՝ նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել։ [ՄԻՊ Արման Թաթոյան]   10:39- Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել՝ անցնելով ՀՀ բոլոր մարզերի քաղաքներով և գյուղերով: Ժամանակացույցը՝ այստեղ:   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 5
23:47 - 12 հունիսի, 2021
Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է |1lurer.am|

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է |1lurer.am|

1lurer.am: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է։ Եթե իրենց չընտրեն, միևնույնն է, չեն նեղանալու՝ Արարատի մարզում հանդիպման ժամանակ հայտարարել է Ծառուկյանը։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը կարևորել է վարկերի համաներումը, ընդգծել՝ մարզում ամենաբերրի հողերն են, սակայն ժողովուրդը, միևնույնն է, վարկեր ունի: «Գյուղատնտեսական վարկեր պետք է լինեն 0 տոկոս։ Մինչև երեք միլիոն վարկերը պետք է ներվեն ժողովրդին։ Ժողովուրդը չի կարողանում վարկերի տակից դուրս գալ։ Մինչև երկու միլիոն մարդու վարկ պետք է ներեն։ Դրանից հետո գոնե 2 տոկոսանոց վարկեր տրամադրեն։ Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի։ Գյուղոլորտի կառավարումից խոսելով՝ կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ իր գործարանների կառավարիչների աշխատանքին՝ նույնը ակնկալելով պետական համակարգից»,-նշել է ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։Օրենքով պետք է վերահսկեն վերավաճառողների գործունեությունը՝ ասել է Ծառուկյանը։ Որպեսզի վերավաճառողն արտադրողից շատ եկամուտ չունենա։ Հայկական արտադրանքը սպառման մեծ ներուժ ունի արաբական երկրներում։ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին, ինչո՞ւ է ջուրը թափվում Արաքս, մինչդեռ կարող էր անվճար հասնել գյուղացուն։ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև արտագաղթին։ Նշել՝ ամեն ինչ անելու են, որ մարդիկ չլքեն Հայաստանը։ Խոսելով երկրի անվտանգության հիմնախնդիրներից՝ շեշտել է՝ մեր ապագան Ռուսաստանի հետ է:Երկրի զարգացմանն ուղղված՝ «Բարգավաճ Հայաստանը» 30 կետից բաղկացած ծրագիր ունի: Եթե չկիրառեն, իրավիճակը կվատթարանա՝ վստահեցրել է Գագիկ Ծառուկյանը։ Ծրագրով նախատեսում են առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել. բյուջեից հատկացրած 250 միլիոն դոլարը, ըստ Ծառուկյանի, բավարար չէ։Վարչապետի թեկնածուն նաև ներդրումներից է խոսել, ընդգծել՝ իր առաջարկներն այս իշխանության օրոք չեն ընդունվում: Խոսքն ավարտել է պնդումով՝ չլուծվող խնդիր չկա, արդյունավետ կառավարում է անհրաժեշտ։
23:23 - 12 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երրորդ [«Պատիվ ունեմ» դաշինք]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երրորդ [«Պատիվ ունեմ» դաշինք]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորների թեկնածուների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Infocom-ն արդեն ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերում առկա դրամական միջոցները, ինչպես նաև ընկերություններում նրանց ներգրավվածությունը։ Այժմ ներկայացնում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրած դրամական միջոցները, անշարժ և շարժական գույքը։ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ ընդհանուր գումարը կազմել է 22 մլն 900 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Վանեցյանը հայտարարագրել է 1 բնակարան։ Դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներից ամենաշատ դրամական միջոց հայտարարագրել է Միհրան Պողոսյանը։ Պողոսյանի դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 556 մլն ՀՀ դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար, ՀՀ դրամի վերածած՝ 581 մլն 800 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Պողոսյանը հայտարարագրել է 2 բնակելի տուն, 1 ավտոտնակ, 9 հասարակական տարածք և 1 ավտոմեքենա՝ «Range Rover supercharged 5.0 vogue» մակնիշի։ Համաձայն հայտարարագրի՝ Միհրան Պողոսյանը չի աշխատում։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ի արտահերթ նիստով ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Միհրան Պողոսյանի գրանցումը: Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու և  իրեն գրանցված թեկնածու ճանաչելու համար: Պատգամավորի թեկնածու Սամվել Ղումաշյանը հայտարարագիր ներկայացնելու պահին ունեցել է 450 մլն ՀՀ դրամ և 250 հազար ԱՄՆ դոլար։ Դրամի վերածած, ընդհանուր առմամբ, Ղումաշյանի դրամական միջոցները կազմում են 578 մլն 875 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Ղումաշյանը հայտարարագրել է 2 առանձնատուն։ Նա բաժնետեր է «Կայծակ 1» ՍՊԸ-ում։ Արտավազդ Սարգսյանը հայտարարագրման պահին ունեցել է 217 մլն 607 հազար ՀՀ դրամ և 376 հազար ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, կազմում է 411 մլն 623 հազար։ Սարգսյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 3 բնակարան և 1 ավտոմեքենա՝ «Mercedes Benz S550» մակնիշի։ Սարգսյանը 25% բաժնեմաս ունի «ՎԻԱ գրուպ» և «Վալեմ» ընկերություններում։ Դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 25 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար, 110 հազար եվրո, 4 մլն 800 հազար ռուբլի, 40 հազար ֆունտ ստերլինգ և 112 հազար կանադական դոլար։ Դրամի վերածած՝ ընդհանուր գումարը կազմում է 314 մլն 863 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Բաբայանը հայտարարագրել է 1 բնակարան, ձեռքի՝ 30 հազար դոլար արժողությամբ «IWC-IW392103» ժամացույց, ձեռքի՝ 18 հազար դոլար արժողությամբ «Cartier» ժամացույց և ձեռքի՝ 16 հազար դոլար արժողությամբ «Vacheron Constantin»  ժամացույց։ Բաբայանը 100% փայատեր է «Բաբայան Քոնսալթինգ» և «Babayan Consulting» (UK) ընկերություններում։ Պատգամավորի թեկնածու Արման Սահակյանը հայտարարագրման պահին ունեցել է 298 մլն 615 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Սահակյանը հայտարարագրել է 1 հասարակական շինություն, 1 անավարտ շինություն, 2 բնակարան և 1 «Toyota Camry 2.5» ավտոմեքենա։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Արդինի ստուդիա», «ԳԾՏԱ» և «Հայր և որդի Սահակյաններ» ընկերություններում։ Վլադիմիր Ասլանյանը հայտարարագիր ներկայացնելու պահին ունեցել է 89 մլն 500 հազար ՀՀ դրամ, 115 հազար ԱՄՆ դոլար և 95 հազար եվրո։ Դրամի վերածած, ընդհանուր առմամբ, սա կազմում է 208 մլն 205 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Ասլանյանը հայտարարագրել է 4 ավտոմոբիլային միջոց՝ «Range Rover», «Velar», «BMW x5» մակնիշների (4-րդ ավտոմեքենայի մակնիշը նշված չէ)։ Ասլանյանը «Ինտեր Քոնսթրաքշն» ընկերության 100% բաժնետերն է։ Ռոբերտ Հարությունյանը հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 25 մլն ՀՀ դրամ և 350 հազար ԱՄՆ դոլար գումար, դրամի վերածած՝ 205 մլն 425 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Հարությունյանը հայտարարագրել է 1 հողամասով բնակելի տուն, 2 հողամաս և 2 «Volkswagen Touareg 3.2» ու «Nissan X-Trail 2.5 I» մակնիշների ավտոմեքենա։ Հարությունյանը բաժնեմաս ունի 3 ընկերություններում՝ «Ռ ընդ Դ», «Էռ Էյչ Գրուպ» և «Գոտմենգ (Եվրասիա) ներդրումների կառավարման ընկերություն»։ Արմեն Պողոսյանը հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 70 մլն ՀՀ դրամ և 190 հազար ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, ընդհանուր առմամբ, կազմում է 168 մլն 40 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Պողոսյանը հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նունպես ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 մլն ՀՀ դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար, 50 հազար եվրո և 1 մլն 500 հազար ռուբլի։ Ընդհանուր գումարը, դրամի վերածած, կազմում է 167 մլն 755 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Մարգարյանը հայտարարագրել է 1 ամառանոց և «Mercedes S 450» մակնիշի 1 ավտոմեքենա։ Մարգարյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում։ Դավիթ Գրիգորյանը հայտարարագրման պահին ունեցել է 28 մլն ՀՀ դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար և 158 հազար եվրո գումար, որը դրամի վերածած կազմում է 163 մլն 981 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանը հայտարարագրել է 1 շենք-շինություն, 3 տրանսպորտային միջոց՝ «Audi A8 40 quattro», «Nissan Tiida 3.5» և «Nissan X-Trail 2.0» մակնիշների։ Պատգամավորի թեկնածուն, համաձայն հայտարարագրի, չի աշխատում։ Պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանը, թեև չի աշխատում,  հայտարարագրել է 1 բնակելի տուն, 6 հողամաս և «Kia Sportage 2.0 GDI turbo» մակնիշի 1 ավտոմեքենա։ Թեկնածուի դրամական միջոցները կազմում են 9 մլն 972 հազար ՀՀ դրամ։ Պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը մինչև «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրվելը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2018 թվականի ընտրություններին առաջադրված է եղել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Մինչև 2018 թվականի ընտրությունները ներկայացված հայտարարագրով Թագուհի Թովմասյանը ունեցել է 2 բնակարան և 11 մլն 828 հազար ՀՀ դրամ գումար։ Այժմ՝ 2,5 տարվա պատգամավորական գործունեությունից հետո, Թովմասյանը հայտարարագրել է 3 բնակարան, 1 հողամաս և 9 մլն 439 հազար ՀՀ դրամ գումար։ Մարտուն Գրիգորյանը հայտարարագրել է 15 անշարժ գույք և 1 «Toyota Camry 2.5 GAS» ավտոմեքենա։ Գրիգորյանի դրամական միջոցները կազմում են 252 մլն 464 հազար ՀՀ դրամ։ Նա «Տրանս Ակնթարթ» ընկերության 50% բաժնետերն է։ Ստանիսլավ Համբարձումյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն, 4 հողամաս, 1 բազմաֆունկցիոնալ շենք, 1 պարիսպ, 1 բնակելի տուն, 1 շինություն և ավտոմոբիլային տրանսպորտային 1 միջոց՝ «ԳԱԶ-2705-222» մակնիշի։ Համբարձումյանը 90% բաժնեմաս ունի «Բենթլի Երևան» ընկերությունում և 100% բաժնեմաս՝ «Էս Էռ Հոթել», «ԷսԷռ Պրինտ», «Լիբեր» ընկերություններում։ Տավրոս Գևորգյանը հայտարարագրել է 1 շենք և շինություն, 1 տաղավար, 1 ավտոտնակ, 1 ավտոկայանատեղի, 2 բնակելի տուն, 2 բնակարան, 7 հողամաս և 1 ավտոմեքենա՝ «Mercedes Benz» մակնիշի։ Գևորգյանը 100% բաժնեմաս ունի «Տ․Տ․Տ», «Տագեհաուս» և «ԳՏՍ Քնսթրաքշն» ընկերություններում։ Նրա դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 179 մլն 950 հազար ՀՀ դրամ։ Նաիրի Սահակյանը, թեև չի աշխատում, հայտարարագրել է 38 անշարժ գույք, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության 22 հողամաս, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 4 հողամաս, 1 էներգետիկ, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության և 11 բնակավայր։ Սահակյանը ունի 4 տրանսպորտային միջոց՝ 3 մարդատար և 1 բեռնատար մեքենա։ Նրա դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 10 մլն ՀՀ դրամ։ Կարեն Գրիգորյանը հայտարարգրել է 1 բնակարան, 1 անասնաշենք, 1 ձկնաբուծարան, 1 թռչնաբուծարան, 6 հողամաս, 8 վարելահող, 2 սառնարանային պահեստ և 2 խոտհարք։ Գրիգորյանը «Սեկտոր Քվանտ» ընկերության 100% բաժնետերն է։ Նրա դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 75 մլն 576 հազար ՀՀ դրամ։ Վանուշ Թարթիկյանը հայտարարագրել է 4 տնամերձ հողամաս, 2 բնակելի տուն, 1 շենք-շինություն, գյուղատնտեսական նշանակության 4 հողամաս, հասարակական կառուցապատման 1 հողամաս, արդյունաբերական նշանակության 1 հողամաս։ Թարթիկյանը «Վան Օիլ» ընկերության 100% բաժնետեր է։ Նա հայտարարագրման պահին ունեցել է 27 մլն 417 հազար ՀՀ դրամ գումար։ Լուսառատ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանը նույնպես ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում։ Հակոբյանը հայտարարագրել է 22 անշարժ գույք, որից 13-ը գյուղատնտեսական նշանակության հողամասեր են, 7-ը՝ տնամերձ հողամաս, 1-ը՝ բնակարան, 1-ը՝ բնակելի տուն։ Համայնքի ղեկավարն ունի նաև 4 տրակտոր։ Հակոբյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 23 մլն 559 հազար ՀՀ դրամ։ Այգավան համայնքի ղեկավար, պատգամավորի թեկնածու Վիգեն Հարությունյանը հայտարարգրել է 7 անշարժ գույք, 4 ավտոմեքենա և 5 մլն 982 հազար ՀՀ դրամ գումար։ Հարությունյանը «Վիգհաս» ընկերության 100% բաժնետեր է։ Պատգամավորի թեկնածու Արմեն Երեմյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն, 5 հասարակական տարածք և 2 ավտոմեքենա։ Երեմյանը «Մագաս» ընկերության 50% բաժնետեր է։ Որպես դրամական միջոց հայտարարգրել է 16 մլն 465 հազար ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ, «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված բոլոր թեկնածուների ներկայացրած դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 483 մլն 592 հազար ՀՀ դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
23:03 - 12 հունիսի, 2021
Անվտանգությունը՝ զարգացման երաշխիք. «Վերելքը» հանդիպել է Սիլիկյան թաղամասի բնակիչներին |1lurer.am|

Անվտանգությունը՝ զարգացման երաշխիք. «Վերելքը» հանդիպել է Սիլիկյան թաղամասի բնակիչներին |1lurer.am|

1lurer.am: Կարևորը անվտանգությունն է. մինչև երկրում այն չապահովենք, որևէ զարգացում չի լինի: Այս համոզմունքն ունեն «Վերելք» կուսակցության անդամները: Քարոզարշավի 6-րդ օրը «Վերելքը» հանդիպել է Սիլիկյան թաղամասի բնակիչներին: Կուսակցության անդամներն ընդգծել են, եթե մարդն իր երկրում իրեն անվտանգ չի զգում, ոչինչ չի կարող անել: Սահմանների պաշտպանության մասին ամենալավը կարող են խոսել զինվորականները. իրենք գործի մարդիկ են: Կուսակցությունից շեշտում են՝ իրենց թիմում նախկին զինվորականներ ու գիտնականներ են հավաքվել: «Վերելք» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Արսինե Աղաջանյանը նշել է, որ սկսելու են ֆիզիկական, սահմանային անվտանգությունից, որը ենթադրում է նաև այլ բնագավառների անվտանգություն: Եթե ունենանք պաշտպանված քաղաքացիներ, կունենաք այլ ոլորտների զարգացում, աճ ու բարելավում: «Մենք պետք է շարունակ մեր սահմանային գյուղերի հզորացումը, սահմանի հզորացումը, ցանկացած քաղաքացու ռազմական պատկերացումները, պատերազմելու մեջ պրոֆեսիոնալ մոտեցումները դնենք օրակարգային հարց: ՀՀ-ում ամեն քաղաքացի պետք է լինի զինվորի հոգեբանությամբ և կրթությամբ մարդ»,- նշել էԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանը։
22:20 - 12 հունիսի, 2021
Մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում․ ՔՈ անդամները եղել են Տավուշում և Գեղարքունիքում

Մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում․ ՔՈ անդամները եղել են Տավուշում և Գեղարքունիքում

Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը Քաղաքացու որոշում կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Հանդիպումների ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել են անվտանգային համակարգում առկա խնդիրների լուծման եղանակներին ու համայնքային զարգացման իրենց մոտեցումներին, ինչպես նաև ներկայացրել են նախընտրական ծրագրում ներառված այլ դրույթներ։ Սահմանամերձ Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանդիպումների ընթացքում, խոսելով երկրի անվտանգության մասին, նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը կարևորել է սոցիալական ոլորտում մարդկանց ապահովության զգացումը․ «Բոլորովին չստորադասելով մարդու ֆիզիկական անվտանգությունը՝ ցանկանում եմ շեշտել, որ մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում։ Քանի որ առանց դրա ֆիզիկական անվտանգույան համար պայքարելու իմաստ չի տեսնի»։  Իսկ կուսակցության անդամ Իրինա Հովհաննիսյանը Գավառում խոսել է արդեն երկրի էկոլոգիական անվտանգության մասին, նշելով, որ իրենք Հայաստանը հումքային կցորդից վերածելու են վերամշակող արտադրության, իսկ հետո՝ արդյունաբերական երկրի․ «Մենք դեմ ենք նոր հանքերի բացմանը, հետևաբար կիրառելու ենք բոլոր հնարավորությունները՝ հանքերի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, որպեսզի քաղաքացին ապրի առողջ միջավայրում և սահմանին կանգնած զինվորը պաշտպանի ոչ միայն հողը, այլ նաև արժանապատիվ կյանք ունեցող մարդկանց»։  Քաղաքացու որոշում կուսակցության կարգախոսն է՝ զրո քվե ճգնաժամին։
21:37 - 12 հունիսի, 2021
Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, մենք խոսում ենք օրենքներից, Սահմանադրության փոփոխություն պետք է լինի։ Այս մասին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտարարել է «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։ «Քաղաքացին՝ ցանկացած մեկը, պետք է կարողանա այդ Սահմանադրությունը ապահովի, այդ մարդը իր պոտենցիալը, դրական լիցքերը պետք է ներդնի իր երկրում, ստեղծի, ստեղծագործի, արարի, և պետությունը, օգտվի, հարկի։ Պետք է Սահմանադրությունը այդ ճանապարհը ապահովի, մեր Սահմանադրությունը դա չի ապահովում, դրա համար այդ պոտենցիալը ունեցող հայերը դուրս են գալիս արտասահման, ցանկացած երկիր, կարողանում են ստեղծել, ստեղծագործել, արարել»։ Անդրադառնալով անվտանգային հարցերին, ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում լինելու հանգամանքին, Սամվել Բաբայանն ասաց, որ Հայաստանը ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները։ «Մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Ասում էին՝ ՄԱԿ-ին դիմենք։ Պետք է Ադրբեջանը թույլ տա իր տարածքում այդ կողմերը հետ քաշվեն,  եթե Ադրբեջանը ցանկանում է՝ այդ խնդիրը լուծվի, Ադրբեջանին պետք չի Հայաստանի սահման մտնի, հետո այլ ուժեր բերի, իր տարածքում տեղակայի։ Մի քիչ լրջանալ է պետք։ Մենք պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք։ Մեզ այլընտրանք չունենք»։ Սամվել Բաբայանը անդրադարձավ նաև Արցախյան առաջին պատերազմին ու հայկական կողմի հաղթանակին։ «Մտովի հետ գնացեք 1992 թ․։ Ի՞նչ վիճակում եք եղել և ինչ պարտություն էր ձեր ճակատին գրված, և դրանից հետո ինչ փոխվեց Արցախում, որ մենք հաղթեցինք։ Եթե այդ պերիուդը հստակեցնեք ամենքդ ձեր համար, հասկանալի կլինի՝ ինչ է կատարվել։ Քանի որ ես բնավորությունով այսքան տարի չեմ խոսել, չեմ ասել իմ դերը կամ մյուսի դերը, մնացածը կարողացել են իրենց ներկայացնել, որովհետև պետությունը, լրատավական միջոցները, գումարները, իրենց ձեռքին են եղել։ Ներկայացրել են, որ դա իրենք են, փրկել են, հաղթող են։ Մարդը ՀՀ տարածքում չի եղել այդ տարիներին, այդ տարածքները ազատագրելուց, մարդիկ կան, որ ներկայացնում եք հերոս, 1993 թվականի մայիսից 1993 թվականի օգոստոսի վերջ ՀՀ տարածքում չի եղել»։
21:36 - 12 հունիսի, 2021
Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ Դավիթ Սանասարյան

Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ Դավիթ Սանասարյան

Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները նորից եկել, ուզում են իշխանություն վերցնել, բայց նրանք ուր պետք է լինեին․․․։ Բանտում չեն, որովհետեւ մեր իշխանությունը թույլ է։ Այս մասին քարոզարշավի ընթացքում, զրուցելով քաղաքացիների հետ, ասել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։ «Ասում են՝  դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, չի բարեփոխվում, դանդաղ, կրիայի քայլերով առաջ ենք գնում, չգիտեմ՝ մինչեւ երբ ենք սենց շարժվելու։ Ասում են՝ ընտրական օրենսգիրք պիտի բարեփոխվի, Սերժի գրած ընտրական օրենսգրքով ուզում են ընտրություն անցկացնել, դրա համար ամեն տեղ՝ բոլոր քաղաքներում, գյուղերում, պաստառներ են կպցնում՝ բոլորդ գիտեք՝ ում փողերով են անում»,-նշել է Սանասարյանը։ Նրա խոսքով՝ հիմա էլ ամեն տեղ խոսակցություն է տարածվում, որ փորձում են «փողով ժողովրդից ձայն առնել», բայց ժողովուրդը պետք է թույլ չտա, որ նման բան տեղի ունենա․ «Դրա թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որ Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ ոչ մի խոստում կյանքի չի կոչվել, որոշ բաներ փոխվել են, բայց ժողովուրդը դրա համար չի տվել լիազորությունը , որ գնար քիչ-միչ ինչ-որ բաներ աներ։ Ժողովուրդն ասել է՝ գնացեք, թալանչիներին նստացրեք, երկրում կարգուկանոն հաստատեք, այնպես արեք, որ ժողովուրդը շնչի, նորից չմտածի երկրից դուրս գալու մասին»,-ասել է Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ մեր զոհված տղաները մեզ պատգամ են տվել՝ պետք է լինենք արժանապատիվ, բոլորով բռունցք դառնանք, ուժեղանանք եւ այս վիճակից դուրս գանք։
20:51 - 12 հունիսի, 2021