Սահման

Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով Սյունիքում ստեղծված իրադրությունը

Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով Սյունիքում ստեղծված իրադրությունը

Մայիսի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները, նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը։ ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրադրության առնչությամբ պաշտնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն ու Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 13-ի երեկոյան, որի ավարտից հետո ՀԱՊԿ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում էր. «Կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»։
17:56 - 14 մայիսի, 2021
Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Կառավարությունն ուզում է քայլերով առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Ստեփան Գրիգորյան

Երեկ ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղարին, արտգործ եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Այսօր Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու եւ հնարավոր զարգացումներից խուսափելու համար։  ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության եւ հնարավոր զարգացումների մասին Infocom-ը զրուցել է 1996-1999 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։  Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը երեկ արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ինչը հիմք է հանդիսանում, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները արձագանքեն իրենց լիազոր ներկայացուցիչների մակարդակով։ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով, ինչը, քաղաքագետի մեկնաբանմամբ, նշանակում է, որ պետությունները իրար պետք է աջակցեն ու առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական աջակցություն տան․  «Հայաստանը ճիշտ արեց, որ դիմեց։ Այո՛, մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ում, մեղմ ասած, պետություններից շատերի շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, բայց, այնուամենայնիվ, ճիշտ է դիմել, որ պատասխան ստանանք, որ Հայաստանի ներսում քաղաքական ուժերը չշահարկեն։ Այսօր լուրջ սպառնալիքի առջեւ է հենց բուն Հայաստանը, ու կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը կարձագանքի՞, թե՞ ոչ։ Հիմա սպասենք ՀԱՊԿ-ի պաշտոնական արձագանքին։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ ասաց, որ իրենք հետեւում են իրադարձություններին»,- ասաց Գրիգորյանը։  Խոսելով այն կարծիքների մասին, թե Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին դիմեր ոչ թե 2-րդ, այլ 4-րդ հոդվածով, Գրիգորյանն ասաց, որ, իր կարծիքով, ճիշտ է դիմել 2-րդ հոդվածով, քանի որ այդ հոդվածով պետությունները պարտավոր են իրար աջակցել սպառնալիքի դեպքում, խոսքն առաջին հերթին քաղաքական եւ դիվանագիտական աջակցության մասին է։ Չորրորդ հոդվածի համաձայն՝ այն երկիրը, որը հարձակվել է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, ՀԱՊԿ-ը դիտում է որպես թշնամի ու նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն։ Գրիգորյանի խոսքով՝ պետությունները չէին օգտագործի չորրորդ հոդվածը, այդ պատճառով այս փուլում ճիշտ որոշում է 2-րդ հոդվածով դիմելը։ «Չեմ հավատում, որ Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը «մեր խաթր» կպատերազմեն Ադրբեջանի դեմ, ակնհայտ է, որ չորրորդ հոդվածով դիմելը պետք է ավելի ուշ թողնել, բայց ակնհայտ է նաեւ, որ դա չի իրականանա, քանի որ մեր շահերը այդ երկրների շահերի հետ չեն համընկնում, միգուցե 20 տարի առաջ համընկնում էին, բայց հիմա բոլորս գիտենք, որ Բելառուսը եւ կենտրոնասիական երեք երկրները նույնիսկ ողջունեցին Ադրբեջանի հաջողությունները այս պատերազմում։ Ուրեմն՝ չորրորդ հոդվածով դիմելը նախատեսում է նաեւ ռազմական աջակցություն, ինչն այս փուլում անիմաստ էր»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես Բելառուսը ագրեսիվ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Վերջինիս խոսքով՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ Բելառուսը հանդես եկավ մեր դեմ ուղղված հայտարարություններով, չբավարարվեց նեյտրալ հայտարարություններով՝ հանդես գալով պրոադրբեջանական եւ մեզ դատապարտող հայտարարությամբ։ Իսկ Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, ըստ վերլուծաբանի, ավելի զուսպ են, բայց իրենք էլ չեն պաշտպանի մեզ, քանի որ լուրջ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ։ Մեր զրուցակիցը ՀԱՊԿ-ից առանձնապես ոչինչ չի ակնկալում․ նրա խոսքով՝ շատ տրամաբանակն է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, քանի որ 90-ական թվականներին ոչ մի այլ կազմակերպություն չկար, որ կապահովեր մեր անվտանգությունը․ «1990 թվականին մեր շահերը Բելառուսի, Ղազախստանի շահերին բավական մոտ էին, այսպիսի տարաձայնություններ չկային, նույնիսկ մինչեւ 1997-1998 թվականը Ադրբեջանը եւ Վրաստանն էին ՀԱՊԿ անդամ։ Այն ժամանակ շատ տրամաբանակն էր մեր՝ այդ կազմակերպությունում լինելը, բայց հիմա պարզ չէ, որովհետեւ այդ կազմակերպությունը չի պաշտպանում մեր անվտանգությունը, չի էլ պլանավորում պաշտպանել։ Այստեղ մեր հույսերը պետք է կապենք Ռուսաստանի հետ։ Այո՛, Ռուսաստանն էլ իրեն բարդ է պահում, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի դեպքը մի փոքր այլ է, մյուս երկրները մեզ հետ համընկնող շահեր չունեն, դա պարզ երեւում է։ Երբ ասում եմ՝ ոչ մի համընկնող շահ, նկատի ունեմ՝ անվտանգային, ռազմական, ռազմակտեխնիկական առումով»։  Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը երեկ զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Մակրոնն իր խոսքում նշել էր. «Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»: Այս հատվածը, սակայն, ներառված չէր հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Թե ինչու մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր Ֆրանսիայի նախագահի հայտարարության այդ հատվածը եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մեջ, Ստեփան Գրիգորյանը մեկնաբանեց․ «Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է եւ կփորձի աջակցել։ Եթե հիմա դիմենք Ֆրանսիային, կասկած չունեմ, որ ինչ-որ ձեւ կգտնի մեզ աջակցելու՝ հաշվի առնելով նաեւ այն, որ իրենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամ են։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը քայլերով է առաջ գնում․ դիմում է ՀԱՊԿ-ին, հետո կդիմեն Ռուսաստանին։ Երեկ մենք դիմեցինք նաեւ ԵԱՀԿ երկրներին, մեր դեսպանը ԵԱՀԿ շրջանակներում հայտարարությամբ հանդես եկավ։ Ըստ իս՝ կառավարությունը ուզում է քայլ առ քայլ առաջ գնալ, բայց, ի վերջո, պետք է հասնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ շարունակելով, որ, միգուցե, մեր կառավարությունը համարում է, որ այս փուլում դիմելը վաղ է, եւ մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին հասնելը՝ պետք է օգտագործել մյուս ինստիտուտներին դիմելու հնարավորությունը։  Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը բարեկամ երկրներ շատ ունի, որոնք կաջակցեն մեզ, ուստի Ադրբեջանին դժվար կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում հեքիաթներ պատմել, այդ հեքիաթները կարող են այստեղ՝ մեր տարածաշրաջնում պատմել․ «Այստեղ պարզ է, որ պրոբլեմատիկ կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է վետոյի իրավունքն օգտագործել, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստը չկայանա։ Ես կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներում հարցը չլուծվի, մեր կառավարությունը հանդես կգա ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հայտարարությամբ։ Ուղղակի պետք է բոլոր գործիքներն օգտագործել, ի վերջո նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն էլ պետք է ստիպել Ռուսաստանին, որ Ադրբեջանին կարգի բերի։ Եթե այս մեխանիզմները չաշխատեն, այդ դեպքում պետք է դիմել ՄԱԿ ԱԽ-ին»,- ասաց Գրիգորյանը։  Եւ վերջում մեր զրուցակիցն ընդգծեց՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Սյունիքում առկա իրավիճակը լուծվի միայն դիվանագիտական եւ քաղաքական խողովակներով,  եւ ոչ ռազմական ճանապարհով։ Ասպրամ Փարսադանյան
17:40 - 14 մայիսի, 2021
Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր

Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր

Մի շաբաթ առաջ՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խորհրդարանի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն ընտրվել է Գեղարքունիքի մարզից, հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություն հայտնելով, որ պատերազմի ավարտից մոտ կես տարի է անցել, բայց առաջնագծի կահավորման խնդիր կա։ «Գոնե մեր մարզում (Գեղարքունիքում- խմբ․), ինչպես նաև ականատես եմ եղել Սյունիքում, մենք մեծապես չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունն, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում։ Ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային վերջանական ճշգրտումները, ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»,- հարցրեց պատգամավորը։ Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հարցին կոշտ արձագանքեց՝ նշելով․ «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ Խնդրում եմ՝ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներո՛վ հրապարակեք, ասե՛ք՝ օրինակ, կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի ա ստեղից մտնել»։  Պատգամավորը հակադարձեց վարչապետի պաշտոնակատարին՝ ասելով․ «Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են։ Այստեղ որևէ կոորդինատի հարց չկա, ես որևէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի, ընդամենը հարցրի՝ ինչու է մեր պաշտպանական համակարգը գտնվում այդ վիճակում»։  Պատգամավորի հակադարձմանը և հարցին Նիկոլ Փաշինյանը տվեց խուսափողական պատասխան՝ ընդամենն ասելով, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թովմասյանը չեն կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է․ «Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է»։ Մայիսի 12-ի առավոտյան հայաստանյան մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե ադրբեջանական կողմը ներխուժել է Սև լճի՝ ՀՀ տարածքում գտնվող հատված, այսինքն՝ Սյունիքի մարզ։ Պաշտպանության նախարարության՝ ավելի ուշ տարածած հաղորդագրությունում ասվում էր․ «Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։  Մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, և վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Նույն օրը՝ երեկոյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց «Հանրային» հեռուստաընկերությանը։ Լրագրողը հարցրեց ԱԽ քարտուղարին, թե ինչպես է ադրբեջանցի զինվորներին հաջողվել ներխուժել ՀՀ տարածք։ Արմեն Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր․ «Նոյեմբերի 9-ից հետո ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ Սահմանագիծը ևս երկարացել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել։ Բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում այս բոլոր հարցերը կարողանալու ենք կարգավորել․ էնպես չի, որ 94 թվականին մենք ամբողջ սահմանը միանգամից կահավորած ունեցել ենք, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, սա էլ որոշակի ժամանակ կպահանջի»։ Նույն օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին։ Պետրոս Ղազարյանը պատգամավորին ուղղեց նույն հարցը․ ինչպե՞ս է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել ՀՀ սահմանը։ Պատգամավորը պատասխանեց, որ հենակետերի միջև կան տարածքներ, որոնք հենակետային պահմանման տարածքներ չեն․ «Առայժմ սահմանների այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են։ Այսօրվա սահմանների այս վիճակով, եթե նպատակ դրվի սողոսկել, հաստատ կլինի»։ Պետրոս Ղազարյանը հակադարձեց, որ խոսքը ոչ թե դիվերսիոն խմբի մասին է, որին հաջողվել է սողոսկել ՀՀ տարածք, այլ մի ամբողջ վաշտի։  «Ես դա համարում եմ սողոսկել, որովհետև հենակետերի արանքի տարածքով են ներս մտել, որոշակի տարածության միջակայքում կան հենակետեր, բայց տարածքներ կան, որտեղ հենակետեր չկան։ Այո՛, այդպիսի տարածքներ կան, հետևաբար, ադրբեջանցիներն օգտվել են այդ առիթից և այդ տարածքով մուտք գործել»,- պատասխանեց պատգամավորը։ Պետրոս Ղազարյանի հաջորդ դիտարկմանը, թե այդ դեպքում ճիշտ են ասում, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում Սյունիքի անվտանգությունն ապահովել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Պետք է քննության առարկա դառնա, թե ինչպես են մտել, և պետք է պարզաբանվի, թե արդյոք այդ պայմաններում, ձմեռային պայմաններում հնարավոր էր իրականացնել այդ աշխատանքները, հենակետեր տեղադրել»։ Լրագրողը կրկին հակադարձեց՝ նշելով, որ արդեն գարունն ավարտվում է։ Իսկ պատգամավորն ասաց, որ չնայած գարուն է, բարձր լեռնային գոտիներում ձմեռային իրավիճակը նոր է անցել, շատ վայրերում գուցե դեռ ձյուն կա․ «Բայց պետք է քննության առարկա դառնա՝ արդյոք ինչ-որ մի տեղ պատկան մարմինները՝ պաշտպանության նախարարությունը կամ սահմանապահ զորքերը, թերացե՞լ են, թե՞ ոչ, ինչ-որ անգործություն դրսևորվե՞լ է, թե՞ չի դրսևորվել»։ Ամփոփելով նշենք, որ մի շաբաթ առաջ պատգամավր Թագուհի Թովմասյանը հիմնավորված հարց էր բարձրացրել՝ նշելով, որ սահմանները լավ չեն կահավորված, և դա մտահոգիչ է մեր անվտանգության համար։ Վարչապետի պաշտոնակատարն, ըստ էության, չէր պատասխանել պատգամավորի հարցին, միայն անորոշ ձևակերպումներ էր տվել այն մասին, որ սահմանին կատարվող աշխատանքները պարզապես տեսանելի չեն։  Չնայած պատգամավորի հարցին Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ էր, վերջինս նաև ակնակրեց, որ սահմանների չկահավորված լինելու հարցը բարձրացնելով՝ թշնամուն են օգնում, ուղիղ մի շաբաթ անց պարզվեց, որ Թովմասյանի մտահոգությունները տեղին էին։ Վերջինս խոսում էր Գեղարքունիքի և Սյունիքի սահմանների մասին, իսկ ադրբեջանական կողմը սահմանի հենց այդ հատվածներում է ներխուժել ՀՀ տարածք։ Իսկ ՀՀ սահմանն աննկատ հատելը Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով բացատրվում է հետևյալ կերպ․ «Ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել»։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը հաստատվում են նաև «Իմ քայլի»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններով․ «Այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են»։ Աննա Սահակյան  
15:47 - 14 մայիսի, 2021
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  «Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ: Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի 12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար: Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական և անձնուրաց ծառայություն իրականացնող սպաների ու զինվորերի հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր: Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:40 - 14 մայիսի, 2021
Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀՀ պետական սահմանին իրավիճակի հանգուցալուծման քայլերը

Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀՀ պետական սահմանին իրավիճակի հանգուցալուծման քայլերը

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղեկացրել է ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով: Մտքեր են փոխանակել ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:
15:34 - 14 մայիսի, 2021
Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|

Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|

armtimes.com: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին РИА Новости-ին է հայտնել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ Մասնավորապես գլխավոր քարտուղարը իրավիճակն այսօր ևս մեկ անգամ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ»,- ասել է Զայնետդինովը։ Քիչ առաջ էլ Գորիսում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ՀԱՊԿ-ին դիմումը պաշտոնապես ուղարկվել է:
15:21 - 14 մայիսի, 2021
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին, վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Տիգրան Ավինյան |tert.am|

Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին, վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադաձելել է Սյունիքի Սև լճի տարածքում տիրող իրավիճակին։«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն»,– ասաց նա։ Ավինյանը շեշտեց, որ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների։ «Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»,– ընդգծեց նա։ Հարցին՝ ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա են ադրբեջանցիները հատել ՀՀ պետական սահմանը, Ավինյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս անհայտ ծագման քարտեզներ։«Այս քարտեզները որևէ աղերս չունեն իրականության հետ, որոնց հիմքով առաջ են եկել նրանց սահմանապահ զորքերը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորման իրենց քայլերը և ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ցանկանում ձեռնարկել, բայց ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին»,– հավելեց նա։Ավինյանը շեշտեց, որ ՀԱՊԿ-ին դիմել են ճգնաժամի կառավարման կետով։ Ըստ նրա՝ պետք չէ իրողությունները չափազանցնել։ «Մինչ այս պահը մեր գործողություններում մենք եղել ենք համարժեք։ Դիմումը պաշտոնապես ուղարկվել է ՀԱՊԿ-ին, եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին ՊՆ-ն և ԱԳՆ-ն տեղյակ կպահեն»։
15:05 - 14 մայիսի, 2021
Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում: «Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը: ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը: ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:
15:01 - 14 մայիսի, 2021
Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով |tert.am|

Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի կողմից օգնության թեման: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը և Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը:
14:24 - 14 մայիսի, 2021
ՌԴ-ը պատրաստ է շարունակել նպաստել Հվ. Կովկասում իրավիճակի կարգավորմանը․ Զախարովան՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

ՌԴ-ը պատրաստ է շարունակել նպաստել Հվ. Կովկասում իրավիճակի կարգավորմանը․ Զախարովան՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Մենք ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Tert.am-ի դիտարկմանն առ այն, թե Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցողի հետ կապված, և հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն դրա և նաև այն բանի վերաբերյալ, որ ՀՀ-ը առանձին ՌԴ-ին, որպես ռազմավարական գործընկեր, չի դիմել օգնության համար: «Մենք ելնում ենք նրանից, որ նման բոլոր դեպքերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասված է պատասծանում։
13:01 - 14 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով:
11:33 - 14 մայիսի, 2021