ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:
18:55 - 01 դեկտեմբերի, 2022
Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի հետ

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի հետ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լեհական Լոձ քաղաքում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ:Զրուցակցիների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները` ընդգծելով Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունների ու ՀՀ ինքնիշխան տարածնքերի նկատմամբ իրականացվող ագրեսիաների անընդունելիությունը: Հայկական կողմն շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը: Երկուստեք կարևորվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը։
16:40 - 01 դեկտեմբերի, 2022
Չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում. Միրզոյանը՝ հույն գործընկերոջ հետ հանդիպմանը

Չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում. Միրզոյանը՝ հույն գործընկերոջ հետ հանդիպմանը

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Արտգործնախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյան շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։  Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
16:07 - 01 դեկտեմբերի, 2022
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է էստոնացի գործընկերոջը

Արարատ Միրզոյանը հանդիպել է էստոնացի գործընկերոջը

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում ընթացող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը։ Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ Հայկական կողմը նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
14:35 - 01 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկման  շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկման շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ մամուլի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը օրեր առաջ հայտնել էր, որ ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում։  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Infocom-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին: Նա նաև հայտնել է,  որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»։
11:54 - 01 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյանի հարցազրույցը


 |armenpress.am|

Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:   Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց, խոսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը:  - Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։  Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ:  – Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ։  Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության: Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ: Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ: – Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ:   – Իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք։ Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։ - Ադրբեջանը հայտարարում է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 2019թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին։ Նմանօրինակ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանն այս շրջանում իրականացրել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես այս տարվա փետրվար և օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը էթնիկ զտումների չենթարկվելու համար անհրաժեշտություն ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, սա ևս որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։  – Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում առկա իրավիճակը տարածաշրջանում։ Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։ Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն  հաստատելու համար:  
17:21 - 28 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը

Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա):   Կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը և համոզմունք հայտնել, որ այդ քայլը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:   Հաշվի առնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու միջպետական շփումների դինամիկան:   Նշվել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:   Արարատ Միրզոյանը և Էլիսոն ԼըՔլերը կարևորել են հայ-կանադական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:   Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:   Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշմամբ և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
19:20 - 25 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ

Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:  Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը, իսկ նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
17:45 - 25 նոյեմբերի, 2022
Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: -Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա՞ այս առումով: -Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։
14:53 - 25 նոյեմբերի, 2022
ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ
 |azatutyun.am|

ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին։ Այս մասին ասաց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: «Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման», - ասաց նա՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանը, որոնք այդպես էլ չընդունվեցին, արդյունքում չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը: Վահան Հունանյանը հավելեց՝ ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ 3 փաստաթուղթ չի ընդունել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։ ՀՀ վարչապետը նոյեմբերի 24-ի Կառավարության նիստում հայտարարեց, որ թեև ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ինքը դրական է համարում քննարկումը։ 
16:55 - 24 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել

 |armenpress.am|

ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։ «Օրակարգը բավականին հագեցած է, կքննարկվեն հարցերի լայն շրջանակ՝ թե քաղաքական, թե անվտանգային հարցեր»,- ասաց Միրզոյանը։ Արտաքին գործերի նախարարը ներկայացրեց նաև ՀԱՊԿ համատեղ նիստի բոլոր մասնակիցներին։ «Ջերմորեն ողջունում եմ և մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք»,- եզրափակեց Միրզոյանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ  Զասը իր հերթին ներկայացրեց նիստի օրակարգը։ «Առաջին հերթին կքննարկվի ՀԱՊԿ երկրների ռազմաքաղաքական անվտանգության հարցը, հետո տեղեկություն կտրամադրեմ 24 փաստաթղթերի վերաբերյալ, որոնք արդեն մշակվել են, համաձայնեցվել, դրանք կներկայացվեն ձեզ քննարկման համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ»,- ասաց Զասը։  
12:50 - 23 նոյեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։  Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։  
11:37 - 23 նոյեմբերի, 2022
Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե հակաադրբեջանական դրույթները հանվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում շաբաթավերջին ընդունված ու Հայաստանին համերաշխություն հայտնող բանաձևի նախագծից, չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այդ բոլոր փաստաթղթերը ինչպես որ ներկայացվել են նախարարական համաժողովում, այդպես էլ ընդունվել են կազմակերպության կողմից, այսինքն՝ նախագիծն ամբողջությամբ ընդունվել է գագաթնաժողովի կողմից: Եթե իրապես Ադրբեջանը հասած լիներ իր ուզածին, և եթե իրապես ցանկալի սցենարով ամեն ինր գնար, այսքան շարունակական հայտարարություններ իրենց կողմից չէին լինի», - ասաց Վահան Հունանյանը: «Ազատության» ձեռքի տակ է հայտնվել «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որը վաղն է պաշտոնապես հրապարակվելու։ Հունանյանը հաստատեց՝ հենց այդ փաստաթուղթն է գագաթնաժողովում ընդունվել։ Կետերից մեկով կազմակերպության 50-ից ավելի երկրներ իրենց համերաշխությունն են հայտնում անդամ Հայաստանին, նաև մտահոգություն հայտնում բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղ գտած ռազմական էսկալացիայի, հատկապես այդ առճակատման հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ: Կազմակերպությունը ընդունված բանաձևով կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը, հակամարտությունը լուծել խաղաղ՝ հարգելով տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքները։ Նաև ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Ըստ «Ազատության» ձեռքի տակ եղած նախագծի՝ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերի վերաբերյալ վերապահումներ են ունեցել Ալբանիան, Ռումինիան ու Մոլդովան։ Հունանյանի ծոսքով՝ այս երկրները փորձել են խոչընդոտել ձևակերպումների ընդունմանը, բայց ի վերջո բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես նախագծում ներկայացվել էր: Վերապահում ունեցող երկրները կարող էին վետոյի գործընթաց սկսել, որին, ըստ ԱԳՆ խոսնակի, չեն գնացել։ «Ալբանիան Ռումինիայի և Մոլդովայի աջակցությամբ փորձում էր վերաբացել այդ կետերի շուրջ քննարկում, սակայն թե հայկական պատվիրության նախարարական համաժողովի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատանքի և ընդհանրապես Ֆրանկոֆոնիայում առկա Հայաստանի նկատմամբ համերաշխությունը բերեց նրան, որ այդ քննարկումը տեղի չունեցավ, այսինքն՝ չկարողացան ադրբեջանական ազդեցության տակ այդ նախաձեռնությունն արած երկրները հասնել իրենց ուզածին», - շեշտեց գերատեսչության խոսնակը: Արդյոք Երեւանը փորձե՞լ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձևակերպում ներառել։ Տեքստում նման ուղիղ դրույթ չկա։ Այս ձևակերպումներով էլ, ըստ Վահան Հունանյանի, փաստաթուղթը գոհացնում է Երևանին. «Մինչև նախագծի հասնելը նախարարական համաժողով ինքը անցնում է որոշակի համաձայնեցման պրոցեսներ, 54 անդամ պետություն կա, գումարած 7 ասոցացված և դիտորդներ: Իհարկե, ցանկացած պարագայում կարելի է ունենալ էլ ավելի լավ բանաձև, էլ ավելի խիստ դատապարտում, բայց սա այն հնարավորն էր, որին կարողացել ենք հասնել, և ես կարծում եմ, որ ունենք շատ լավ փաստաթուղթ»: Շարունակությունը՝ azatutyun.am -ում  
09:46 - 23 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության գործունեության հետ կապված հարցեր

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության գործունեության հետ կապված հարցեր

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը և այս առումով կարևորվել հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը: Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր:
20:05 - 21 նոյեմբերի, 2022