ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանության 3 ծառայող կազատվի աշխատանքից, երեքին խիստ նկատողություն կտրվի

Ոստիկանության 3 ծառայող կազատվի աշխատանքից, երեքին խիստ նկատողություն կտրվի

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։ Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», ևս 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» և 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։
21:49 - 11 սեպտեմբերի, 2020
Ոստիկանությունն առաջարկում է հետաձգել վարորդական իրավունքի տրամադրման նոր կարգի կիրառումը |armenpress.am|

Ոստիկանությունն առաջարկում է հետաձգել վարորդական իրավունքի տրամադրման նոր կարգի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի կիրառումը: Այս մասին տեղեկանում ենք e-draft կայքից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 26-ին համապատասխան որոշում էր ընդունել` նախատեսելով խստացումներ  վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում, որը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 27-ից: Ոստիկանությունը, սակայն, առաջարկում է այդ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ, սահմանել նաև անցումային դրույթ այն անձանց համար, ովքեր դրական արդյունքով հանձնել են որակավորման տեսական քննությունը մինչև որոշումների ուժի մեջ մտնելը, սակայն գործնական վարման քննությունը պետք է հանձնեն որոշումների ուժի մեջ մտնելուց հետո։ Նշված կարգավորումները հնարավորություն կտա ներկայումս գործող կարգով ապահովել  վկայական հատկացնելու պատշաճ գործընթացը՝ խուսափելով նոր հերթերի գոյացումից։ 
20:29 - 11 սեպտեմբերի, 2020
Հայ սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում. Ոստիկանություն

Հայ սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում. Ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը: Ներկայացնում է ՀՀ ոստիկանության պարզաբանումը. «Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ նշված երկրի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։ Հայտնում ենք, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում։ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին եւ համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք եւ Ինտերպոլի Գլխավոր Քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ»։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի գլխավոր դատախազությանը, հայտնել են, որ գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների  հիման վրա Ադրբեջանում քրեական գործ են հարուցել 2 հայ սպայի նկատմամբ: Նշվում էր, որ նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
15:13 - 11 սեպտեմբերի, 2020
«Սև բերդ» ամրոցն ապօրինի կերպով օտարվել է ֆիզիկական անձի․ Ոստիկանություն

«Սև բերդ» ամրոցն ապօրինի կերպով օտարվել է ֆիզիկական անձի․ Ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ Գյումրու «Սև բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումով ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է պաշտպանության նախարարությանը։ Այնուհետև, պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «Բ» ենթակետի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, որի շրջանակներում ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերող՝ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշմանը, պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած ֆիզիկական անձի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջների խախտմամբ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից։ Այնուհետև, ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, նույնպես անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները և խախտելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, 2005 թվականի մայիսի 19-ին «Սև բերդ» ամրոցը գրանցել են հիշյալ ֆիզիկական անձի անվամբ, ինչի հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
16:57 - 10 սեպտեմբերի, 2020
Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնեց պաշտպան Գոռ Միքայելյանը։  Օգոստոսի 30-ին Կասկադում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են։ Երիտասարդներին սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ին և 23։45-ին եղբայրներն ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել էր Մալաքյան եղբայրներից Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ նույն դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բավարարել էր Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Վերջինս կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը՝ պահանջելով ազատ արձակել Էդգար Մալաքյանին։ Վերաքննիչ բողոքով վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածը, թե՛ կալանավորման հիմքերը։ Նշենք, որ այժմ Մալաքյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում և, փաստաբանի խոսքով, որքան էլ գիտակցում է, որ անիմաստ գտնվում է անազատության մեջ, տրամադրությունը փորձում է նորմալ պահել։ Կալանավորումից հետո նրա մասնակցությամբ նոր քննչական գործողություններ չեն եղել։
16:44 - 09 սեպտեմբերի, 2020
Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը

Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության տակ գտնվող «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲ ընկերությունն ընդգրկված է եղել պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։ 2013 թվականին պետական գույքի կառավարման վարչության իրավասու պաշտոնատար անձինք, «Լոգիստիկ-կենտրոն» ընկերությունը մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ և նշված ընկերության օգտին օգտագործելու դիտավորությամբ, հանձնարարել են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությանը» կատարել ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատում, որի շրջանակներում գործակալության իրավասու պաշտոնատար անձինք՝ օտարվող գույքը ընդհանուր՝ 200 միլիոն 537 հազար դրամի շրջանակներում գնահատելու վերաբերյալ ղեկավարության բանավոր ցուցումը կատարելու խմբային շահերից ելնելով, նույնպես չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց ընկերության շարժական գույքերի փաստացի հետազոտություններ կատարելու, ինչպես և գույքերի գնահատման ոչ արդյունավետ մեթոդաբանություն կիրառելու եղանակով, կեղծ տեղեկություններ ներառելով գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ, կազմել և հաստատել են տվյալ գույքերի շուկայական արժեքների գնահատման՝ բովանդակությամբ կեղծ հաշվետվություններ, ինչպես և եզրափակիչ ու այլ ակտեր, որոնք 2013 թվականի հունիսին հաստատվել են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության» գլխավոր տնօրենի կողմից։ Ապօրինությունների հետևանքով «Լոգիստիկ-կենտրոնի», վերարտադրման արժեք կազմող, ընդհանուր՝ 326 միլիոն 871 հազար դրամ արժողությամբ գույքի արժեքներն արհեստականորեն նվազեցվել են շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի չափով, որոնք գնահատվել են ընդամենը 200 միլիոն 537 հազար դրամ շուկայական արժեքով, իսկ 2013 թվականի օգոստոսին, Կառավարության որոշմամբ, դրանք 30 տոկոս նվազեցված՝ 140 միլիոն դրամով, ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի նյութական վնաս։Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:
16:16 - 09 սեպտեմբերի, 2020
Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել

Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել

Այս տարվա հունիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նախորդ օրը ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողություններին, որի հետեւանքով առաջացած հրմշտոցի պատճառով տուժել էին լրագրողներ, վնասվել էր նրանց տեխնիկան։ Լրագրողի դիտարկմանը, որ փոխոստիկանապետի՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներողությանը հաջորդել է ոստիկաններից մեկի ռեպլիկը՝ «սա դեռ մեր ամբողջ պոտենցիալը չէր», Սիմոնյանը պատասխանել էր. «Չեմ լսել այդ ռեպլիկը, եթե լինեն օրինախախտումներ, ուժ կիրառելու պոտենցիալը օգտագործվելու է՝ ըստ անհրաժեշտության, անկախ նրանից, թե դա ում է վերաբերում: ՀՀ-ում օրենքը գործել է եւ գործելու է: էլ չեմ ասում, որ ոստիկանական զորքերի մեջ կան 20 հազարից ավելի աշխատակիցներ: Նույնիսկ մեկ ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի՝ առնվազն ազնիվ չէ»,- ասել էր Սիմոնյանը։ Ոստիկանության, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության թվաքանակի, ոստիկանության կողմից զենք-զինամթերքի գնումների վերաբերյալ ու մի շարք այլ տեղեկություններ, սակայն, ՀՀ ոստիկանության պետի՝ 2016 թվականի փետրվարի 29-ի թիվ 1-Ն որոշման համաձայն՝ դասվում են գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկության շարքերին: Ոստիկանությանն ուղղված մեր հարցին՝ ՀՀ ոստիկանության զորքերում առկա՞ են 20 հազարից ավելի աշխատակիցներ, թե՞ ոչ, պատասխանել են, որ ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի փետրվարի 29-ի՝ «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 4-րդ հավելվածի 4-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանելու մասին» թիվ 539-ՆԳ որոշման համաձայն՝ Ոստիկանության զորքերի թվաքանակը գաղտնի է եւ ենթակա չէ տրամադրման:  Իրավական ակտի այն հատվածում, որին հղում է արել ոստիկանությունը, նշված է, որ տեղեկությունները, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխումը, նրանց իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը եւ թվաքանակը, համարվում են հույժ գաղտնի։  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածից տեղեկանում ենք․ «Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել:»։ «Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»: Ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկությունը եւս, ըստ էության պետական գաղտնիք է համարվում։ Մենք նաեւ գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզելու՝ արդյոք վերջինս որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիքի տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ, եւ մասնավորապես տիրապետո՞ւմ է ոստիկանության զորքերի թվին։ Ալեն Սիմոնյանն առաջին հարցին բացասական պատասխան է տվել, իսկ ոստիկանության զորքերի թվին հասանելիություն ունենալու մասին հարցին պատասխանել է այսպես․ «Իմ՝ որպես ԱԺ պատգամավորի՝ պետական գաղտնիքներին առնչվելու հասանելիության փաստը հրապարակման ենթակա չէ»։ Այժմ առանձնացնենք, թե ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ինչ հիշատակումներ կան պետական կամ ծառայողական գաղտնիքի մասին։ Այս օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ մասի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։ 17-րդ հոդվածում, որտեղ սահմանված է ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հոդված 21-ում, որտեղ սահմանված է քննիչ հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում: Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ հոդված 88-ում ասված է, որ բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Կառավարության լիազորած անձինք: Հոդված 122-ի 5-րդ մասում ասված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:  Infocom-ը ՀՀ ոստիկանությունից ճշտել էր նաեւ՝ ԱԺ պատգամավորն ի պաշտոնե հասանելիություն ունի՞ ոստիկանության զորքերի թվաքանակին, ինչին ի պատասխան՝ դարձյալ հղում են արել ԱԺ կանոնակարգին, որի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։ Ոստիկանությունից լրացուցիչ նշել են նաեւ, որ նույն Օրենքի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու կառավարությանը, բանավոր հարցումներով դիմելու կառավարության անդամներին, հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, որն ի պաշտոնե կարող է տիրապետել պետական եւ ծառայողական գաղտնիքի, այդ թվում՝ ոստիկանության զորքերի թվաքանակին, իրավունք չուներ հրապարակել ոստիկանության զորքերի նույնիսկ մոտավոր թիվ, քանի որ մոտավոր թիվը, ըստ ոստիկանության, եւս համարվում է գաղտնի տեղեկություն։ Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակելու առչությամբ նյութեր չեն նախապատրաստվել եւ քրեական գործ չի հարուցվել։ Հայարփի Բաղդասարյան
19:44 - 07 սեպտեմբերի, 2020
Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ամուլսարում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ չմանրամասնելով, սակայն՝ արդյոք կա՞ն բերման ենթարկվածներ, թե՞ ոչ։ Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում․ «Կռիվը եղել է գիշերը։ Արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված իրավիճակ է, ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում, սակայն այդ ժամանակ էնտեղ եղել է միայն երկու ոստիկան»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, իսկ բերման ենթարկվածների մասին ինքը տեղեկություն չունի։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ ծեծի ենթարկվածներից երկուսի վիճակը լավ է, մյուսի մասին որևէ տեղեկություն չունի։ Բունիաթյանի խոսքով՝ Ամուլսարի պահապանները նկատել են, որ բռնություն է գործադրվել նաև ոստիկանների նկատմամբ։ Դեպքի առնչությամբ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը՝ օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգության․ «Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ Կից տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին։ Բոլոր նրանք, ովքեր այս հանցավոր խմբավորմանը ներկայացնում են որպես «խաղաղ ցուցարարներ», առիթ ունեն համոզվելու, որ քարերով սեփական համայնքի բնակիչների վրա հարձակվող փոքրաթիվ խմբավորումը չի ներկայացնում համայնքը, և ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում գտնվելով, իրականացնում է հանցավոր քայլեր` սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։  Նույն տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են իրենց «բնապահպան» ներկայացնող անձինք տանջում տարածքում ապրող շներին։ Այս խմբավորմանը որպես «հերոսներ» ու «բնապահաններ» ներկայացնողների խղճին ենք թողնում իրենց ստեղծած կերպարների պահվածքը։ Ոստիկանությունից պահանջում ենք իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել համայնքների բնակիչների անվտանգությունը։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ երկամյա անպատժելիությունից հղփացած այս խմբավորումն այլևս ընդունակ է ցանկացած հանցագործության։ Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը և վերակագնել օրենքն Ամուլսարի շրջակայքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի մեկից փոխվել են «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները, ինչը, ըստ ընկերության, կապված է պահնոդրական նախորդ ծառայության ժամկետը լրանալու հետ։ Ամուլսարի պահապան ջերմուկիցների պնդմամբ, փաստորեն, ինչպես նախորդ պահնորդները, այնպես էլ նորերը դիտավորյալ սադրիչ գործողություններ են իրականացնում։ Լուսանկարը՝ Հետք-ի Մարի Արշակյան
13:23 - 07 սեպտեմբերի, 2020
ՀՅԴ ՀԵՄ-ը հերքում է իր առնչությունը Եռաբլուրում կատարվածին

ՀՅԴ ՀԵՄ-ը հերքում է իր առնչությունը Եռաբլուրում կատարվածին

ՀՅԴ Հայ երիտասարդական միությունը հերքել է ոստիկանության հայտարարությունը, թե Եռաբլուրում շիրմաքարերին հայտնված մոմի հետքերը նախօրեին ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած մոմավառության հետևանքով են առաջացել։ ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում մասնավորապես ասված է․  «Սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, որ պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։ Ոստիկանությունը, առանց պատշաճ քննություն անցկացնելու, հապշտապ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը նախօրեին մեր կազմակերպած մոմավառության արդյունք են։ Մինչդեռ նկարներից պարզ երևում է, որ մեր կողմից իրականացված մոմավառության ընթացքում մոմերը՝ հատուկ տարրաներով դրված են միանգամայն այլ վայրում, իսկ հետքերը հայտնվել են հերոսների դեմքերին։ Հիշեցնենք նաև, որ նույնանման դեպք տեղի էր ունեցել նաև անցած տարի, որից հետո մենք պատրաստակամություն էինք հայտնել Եռաբլուրում՝ անհրաժեշտության դեպքում, սահմանել հսկողություն։ ՀՅԴ ՀԵՄ-ը տարիներ շարունակ, պարբերաբար Եռաբլուրում իրականացնում է մոմավառություններ, որոնց արդյունքում երբեք որևէ նման խնդիր չի առաջացել։ Մենք՝ քաջ գիտակցելով վայրի արժեքը, չափազանց զգուշավոր ենք Եռաբլուրում անցկացվող մեր բոլոր միջոցառումների ժամանակ։ Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության ընկեր ներկայացել է Ոստիկանություն և պարզաբանում ներկայացրել, որ մեր կողմից իրականացված մոմավառության արդյունքում անհնար էր նման հետքերի հայտնվելը։ Հորդորում ենք ՀՀ Ոստիկանությանը պատշաճ քննություն անցկացնել և բացահայտել եղելությունը՝ զերծ մնալով անհիմն մեղադրանքներից և ապատեղեկատվություն տարածելուց»։ 
16:00 - 06 սեպտեմբերի, 2020
Փոխոստիկանապետը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նոր ղեկավարին

Փոխոստիկանապետը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նոր ղեկավարին

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Քրեյգ Գոլդշտեյնին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:  Շնորհավորելով պարոն Գոլդշտեյնին նշանակման կապակցությամբ՝ Արա Ֆիդանյանը հույս հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ: Նա հատկապես կարևորեց դեսպանության աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը: Քրեյգ Գոլդշտեյնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին շնորհավորեց Արա Ֆիդանյանին՝ նշանակման կապակցությամբ և ընդգծեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ: Հանդիպման ընթացքում խոսվեց դեսպանության անվտանգության աշխատակիցների և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների առավել սերտ փոխգործակցության կազմակերպման մասին, նաև քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
20:46 - 04 սեպտեմբերի, 2020
Թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի վիճակը գիշերը կտրուկ վատացել է. նա դատարանից տեղափոխվել է հիվանդանոց |armtimes.com|

Թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի վիճակը գիշերը կտրուկ վատացել է. նա դատարանից տեղափոխվել է հիվանդանոց |armtimes.com|

armtimes.com: Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. ժամը 3-ի սահմաններում՝ նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, 50-ամյա Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն ասաց, որ տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի, շաքարի թիվը շատ բարձր է, երեւի այդ չքնած, սթրեսային վիճակից ընկավ ցնցումների մեջ, դողում էր, ծայրահեղ վատացավ, շտապօգնությունը եկավ, ճնշումը չափեց, շատ բարձր էր, թթվածին միացրին, ներարկումներ արեցին, նոր պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց»: Ըստ պաշտպանի՝ այդ պահին գիտակցությունը մթագնած էր, հիմա, ինչպես հարազատներն են նրան տեղեկացրել, ներարկումների արդյունքում գիտակցությունը վերականգնվել է, շնչում է ինքնուրույն. «Ես դեռ չեմ հանդիպել, բայց ներարկումների, սիստեմաների տակ է, բուժզննում է անցնում պատճառները պարզելու համար»: Հարցին՝ դեռեւս պարզ չէ՞՝ արդյոք նրան հիվանդանոցային բուժում է անհրաժեշտ լինելու, պաշտպանը պատասխանեց. «Դե, հիմա պառկած է, հետազոտություններ է անցնում, բայց կոնկրետ արդյունք դեռեւս չունենք»: Գոռ Գեւորգյանի խոսքով՝ վիճակը բարելավվելու դեպքում դատարանին կտեղեկացնեն, որպեսզի նիստ նշանակվի, եւ շարունակվի միջնորդության քննությունը: Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք առաջադրեց Հովսեփյանին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:51 - 04 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ |azatutyun.am|

Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը մերժել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Գոռ Մալաքյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը: Ավելի վաղ, սակայն, մեկ ամսով կալանավորվեց Մալաքյան եղբայրներից ավագը՝ Էդգար Մալաքյանը։ «Դատարանը Էդգար Մալաքյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, բավարարեց իմ բողոքը, բայց կալանավորման միջնորդությունը նույնպես բավարարեց: Իհարկե, մասնակի` մեկ ամսով: Քննիչը պահանջել էր երկու ամիս, բավարարեց մեկ ամսով: Համաձայն չենք որոշման հետ ու բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան», - ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը` հավելելով, որ որոշումն անընդունելի է. - «Ո՛չ հիմնավոր կասկածը կա, ո՛չ կալանավորման հիմքերը»: Եղբայրներին երեկ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։
09:19 - 04 սեպտեմբերի, 2020
Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

armtimes.com: Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով նույն մարզի բնակիչ Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով` կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ: Նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն ինքը միջնորդել է նիստը հետաձգել, որպեսզի հասցնի քրեական գործի նյութերին ծանոթանալ եւ գրավոր առարկություններ ներկայացնել:  Պաշտպանի խոսքով` Հովսեփյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ավելի վաղ նա մանրամասն ցուցմունք էր տվել կասկածանքի վերաբերյալ: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
09:08 - 04 սեպտեմբերի, 2020
Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|

Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսել: Նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, թե հաջորդ տարի Երևան քաղաքում ունենալու ենք ամբողջովին ներդրված Պարեկային ծառայություն, ոստիկանապետը դրական պատասխան տվեց: Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ հիմա արդեն իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերին կմեկնարկի հնգամսյա դասընթացի փուլ: Նախարարը նշեց նաև, որ մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հնարավորությամբ: «Պարեկային  ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը նախատեսված է ձեռք բերել աշնան ընթացքում»,- ասաց նա:Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ընդհանուր բարեփոխման համար միջոցներ բյուջեով չեն նախատեսվել և տրամաբանությունն այն է եղել, որ կնախատեսվեն ըստ անհրաժեշտության: Ավելին՝ tert.am-ում
13:25 - 03 սեպտեմբերի, 2020
Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին

Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանին։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արա Ֆիդանյանը ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ 20 տարի, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ։ Վահե Ղազարյանը նշել է, որ Արա Ֆիդանյանի ղեկավարությամբ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ունեցել է կարևոր ձեռքբերումներ և հույս հայտնել, որ արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ իրեն առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատվով և բարձր պատասխանատվությամբ։
13:22 - 03 սեպտեմբերի, 2020