ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով

ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով։ Այս մասինտեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ «Նախ, Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ստորագրել եմ ՀՀ դատախազությանն ուղղված հանցագործության վերաբերյալ հաղորդում: Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն և Ազգային ժողովում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր: Դրանից բացի, իրավապահ մարմիններին` Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով բարձրացրել եմ այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցանցերում հրապարակումներ են անում, սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները: Հարց եմ բարձրացրել նաև այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ նման պաշտոնյաների արարքները նույնպես պետք է դիտվեն ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ներքո: Ցավոք, մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետական պաշտոնի նկատմամբ և զբաղված են անօրինական արարքներ կատարելով: Խոսքն այն պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք իրենց սոցիալական ցանցերի գրառումներով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են  բռնությունը: Սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է  վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը մեր հասարակությունում: Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա: Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի: ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի նկատմամբ: Այս հաղորդումներն ուղարկելը նաև պայմանավորված է նրանով, որ խոսքը գնում է պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող գրառումների մասին: Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական: Ուստի, Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը, յուրաքանչյուրին իր իրավասության սահմաններում ուղղվել են հարցադրումներ՝ հաշվի առնելով քրեական քաղաքականության իրականացման, իրավախախտումների, այդ թվում՝ հանցանքների նախականխման ու կանխման գործում նրանց կարևոր գործառույթները: Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն հանրային համերաշխության ու խաղաղության հաստատման համար, իրենք են պարտավոր բացառել բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք կամ ատելություն, առավել ևս այս արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։
12:29 - 17 ապրիլի, 2021
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

 |armenpress.am|

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել |armenpress.am|

armenpress.am: Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց մահացու վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց:
19:00 - 16 ապրիլի, 2021
Արաբկիրի թաղապետը Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման խնդրով դիմել է դատախազություն

Արաբկիրի թաղապետը Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման խնդրով դիմել է դատախազություն

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջը: «Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան, 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։ Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ և առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում. հետևաբար, խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
14:40 - 16 ապրիլի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է քրեաիրավական պրակտիկայի բարելավմանը միտված առաջարկներ

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է քրեաիրավական պրակտիկայի բարելավմանը միտված առաջարկներ

ՀՀ գլխավոր դատախազությունը, ելնելով իր սահմանադրական բուն լիազորությունների իրացման արդյունավետության բարձրացման հրամայականից և հանդես գալով որպես պետության քրեական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին, շարունակում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում  փոփոխությունների առաջարկություններով քրեական արդարադատության ոլորտիարդիական խնդիրների լուծմանը, իրավակիրառ պրակտիկայի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «2020թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել քրեական և քրեական դատավարության ոլորտները կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 16 նախաձեռնություն, որը 2-ով ավելի է 2019թ․և 13-ով՝ 2018թ. համեմատ։ Նշված նախաձեռնություններից կարելի է առանձնացնել քրեական արդարադատության ոլորտին առնչվոող հետևյալ մի քանիսը։ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի մի նախագծով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանմանև օգտագործման կանոնները խախտելը) 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես լրացուցիչ պատժատեսակ։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայում առաջարկվել է խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող իրավակարգավորումների պայմաններում անձին ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ ընտրելիս պետք է նշանակվի կամ տուգանք, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը։ Այսինքն՝ այն դեպքում, երբ դատարանի կողմից նշանակվում է միայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը, անձն ընդամենն ազատվում է իր զբաղեցրած աշխատանքից և առավելագույնը երեք տարի ժամկետով կարող է զրկվել այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Ակնհայտ է, որ վերջինս չի համապատասխանում այդ հանցագործության հասարակական վտանգավորությանը և բնույթին։ Իսկ եթե նշանակվում է տուգանք, ապա այդ դեպքում էլ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժը նշանակվել չի կարող։ Դա այն դեպքում, երբ արարքը կապված է աշխատանքային թերացումների, պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետ, և շատ դեպքերում այդ պատժի չնշանակումը կարող է չկանխել հետագայում անձի կողմից համանման բնույթի հանցագործությունների կատարումը։ Մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 3-րդ մասը փոխել և նախատեսել, որ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ 316-րդ հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը: Բացի այդ, առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 3171 հոդվածով, որի 1-ին մասով նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է եղել, մինչդեռ հնարավոր չի եղել արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, քանի որ վերը նշված կարգադրիչ լիազորությունը բացակայել է: Բացի այդ, գործող կարգավորումներով «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քրեական պատասխանատվություն նախատեսված չէ (որոշակի բացառություն է կազմում ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածը)։ Դա հաճախ արարքի որակման առումով խնդիրներ է ստեղծում և հանգեցնում ոչ արդարացի քրեաիրավական գնահատականի: ՀՀ դատախազության մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4341 հոդվածում կատարել լրացում, համաձայն որի՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց և դատարան ներկայացնելուց հետո, դատարանը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին: Այսպիսի կարգավորմամբ կապահովվի դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի գործառույթների լիարժեք իրացումը և պատժի ի կատար ածումը: ՀՀ դատախազության անմիջական ներգրավվածությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Վերջինս ուղղված է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարման կասեցմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցմանը, ինչը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտվելու նշված գործիքակազմից: Փաթեթը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ուղարկվել է Ազգային ժողով: 2020թ․ ՀՀ դատախազությունում իրականացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի կիրառման շուրջ եռամյա պրակտիկայի վերլուծություն: Արդյունքում մշակվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը նաև բխում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից։ Մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, որպեսզի որակավորման հանձնաժողովի անդամների մեծամասնությունը նշանակվի ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությունը չներառող ընթացակարգով:Որպես լուծում՝ նախագծով առաջարկվել է տվյալ իրավասությունը վերապահել ՀՀ դատախազության կոլեգիային: Հիշեցնենք, որ ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովը զբաղվում է դատախազների թափուր պաշտոնների համալրման բաց և փակ մրցույթների, դատախազների ատեստավորման անցկացման և ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման հարցերով»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:46 - 15 ապրիլի, 2021
Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են գաղտնի. Դատախազության արձագանքը՝ ԲԴԽ նախագահին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ |tert.am|

Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են գաղտնի. Դատախազության արձագանքը՝ ԲԴԽ նախագահին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ |tert.am|

tert.am: Մամուլում լուրեր էր հրապարակվել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց Դատախազության մեկնաբանությունը շրջանառվող լուրերի վերաբերյալ. «ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»:
13:38 - 15 ապրիլի, 2021
Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

Դատախազությունն արձանագրել է լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և դրանք ուղարկել Ոստիկանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։ Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ»,- գրել է նա։    
21:16 - 14 ապրիլի, 2021
Վարձկան ահաբեկիչների գործն ուղարկվել է դատարան. ավելի քան 30-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

 |armenpress.am|

Վարձկան ահաբեկիչների գործն ուղարկվել է դատարան. ավելի քան 30-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դատաքննությունը նախատեսված է սկսել առաջիկա երկու շաբաթում: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը նշեց, որ հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան: «Հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ավելի քան 30 վարձկանների կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև վերջիններիս կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը»,- ասաց Խաչատրյանը: Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը: «Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- եզրափակեց Խաչատրյանը: Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը: Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով:
17:59 - 13 ապրիլի, 2021
Դատախազը ՃՈ-ում պետգնումների գործընթացում խախտումները վերացնելու միջնորդագիր է ուղարկել ոստիկանապետին

Դատախազը ՃՈ-ում պետգնումների գործընթացում խախտումները վերացնելու միջնորդագիր է ուղարկել ոստիկանապետին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: «Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում 2019թ․փետրվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։  Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պայմանագրային ծառայություններն իրականացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կ․ Կ․-ի կողմից կազմված և նույն ծառայության պետի կողմից հաստատված առաջադրանքները: Մասնավորապես, պարզվել է, որ Կ․Կ․-ն 2018-2019թթ-իընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ կերպով է կատարել իր պարտականությունները։ Մասնավորապես, պատշաճ հսկողություն չի իրականացրել ընկերության կողմից գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, առանց համոզվելու դրանց փաստացի, ամբողջությամբ և տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված լինելու մեջ։ Արդյունքում, անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 255.824.768,8 ՀՀ դրամի գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ: Վերոգրյալ արարքը կատարելու համար Կ․Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու մասին։  Այսինքն քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի կողմից Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման նպատակով իրականացված աշխատանքների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը նպաստել է հանցանքների կատարմանը, որի արդյունքում՝ խաբեության եղանակով, պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը հիշատակված գնման գործընթացը նույնպես տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Թեև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել  հիշյալ գնումների գործընթացներում գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն նույն որոշմամբ հաստատված է համարել, որ հանձնաժողովն անտեսել է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, այն է՝ առանձին բնութագրեր ունեցող ծառայությունները 1 չափաբաժնում խմբավորած լինելը, գնման հիշյալ գործընթացներին այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնող, արհեստականորեն բարդեցված տեխնիկական բնութագրեր կազմելը, և միջոցներ չի ձեռնարկել դրանք օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։   Բացի այդ, հանձնաժողովը «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և հրավերով պահանջված՝ «Մասնագիտական փորձառության» չափանիշն ապահովելու համար ընկերության կողմից գնման երեք ընթացակարգերում ներկայացված, որպես նախկինում նմանատիպ կատարված աշխատանքների վերաբերյալ 2014թ-ին․և 2016թ․-ին կնքված, փաստացի այդ պահանջը չբավարարող պայմանագրերը գնահատել է բավարար: Միաժամանակ, հանձնաժողովը խախտել է ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 61-րդ կետի 4-րդ ենթակետը՝ սահմանված կարգով չի արձանագրել առկա անհամապատասխանությունները և չի ծանուցել մասնակցին՝ ընկերությանը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկելու անհամապատասխանությունները: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնոդրագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում տեղ գտած վերը հիշատակված թերությունները, դրանց պատճառներն և նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված պաշտոնատար անձի և ընկերության տնօրենի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու»,- ասդված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:47 - 13 ապրիլի, 2021
Գլխավոր դատախազությունն Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնության փաստով քրգործ է հարուցել

Գլխավոր դատախազությունն Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնության փաստով քրգործ է հարուցել

ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան: «Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ՝ իմ դեմ սուտ մատնության փաստով։ Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար»,- գրել է Էլիբեգովան: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն մերժել էր Անժելա Էլիբեգովայի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։ «Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ՝ իմ դեմ սուտ մատնության փաստով։ Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար»,- գրել է Էլիբեգովան: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն մերժել էր Անժելա Էլիբեգովայի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։  
12:55 - 13 ապրիլի, 2021
Նարեկ Սարգսյանը կկալանավորվի․ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը

Նարեկ Սարգսյանը կկալանավորվի․ Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան։ «Հաշվի առնելով նշված գործի հանդեպ հանրային հետաքրքրությունը՝ հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով։ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2020թ․ հեկտեմբերի 9-ին նրա վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, և դատարանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Նարեկ Սարգսյանի պաշտպանները, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ բավարարվել էր մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, Ն․Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25մլն դրամի չափով։ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել էր Վճռաբեկ բողոք, որն ամբողջությամբ բավարարվել է։ Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է հետաքննության մարմնին, և Ն․ Սարգսյանը կալանավորվել է»,- հայտնել է Աբրահամյանը։  
12:44 - 13 ապրիլի, 2021
2020թ.-ի կոռուպցիոն քրգործերով 26.6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել

2020թ.-ի կոռուպցիոն քրգործերով 26.6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել

2020թ.-ի կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ: 2020թ.-ի ընթացքում  ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն 2019թ.-ի համեմատ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը:   Այս նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով: Նախ՝ մինչև ՀՀ քրեական օրենսգրքում 2020թ.-ի մարտի 25-ի փոփոխությունը, կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել էր ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, համաձայն որոնց՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություն է համարվել 70 հանցակազմ: Ներառյալ 2019թ.-ի տվյալներն ամփոփվել են հենց նշված քանակի հանցակազմերի շրջանակներում։ Մինչդեռ 2020թ.-ի կատարված օրենսդրական փոփոխությամբ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքով, որում ընդգրկված է  28 հանցակազմ, և  2020թ.-ի արդյունքներն ամփոփվել են հենց այդ հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա։ Երկրորդ հիմնական պատճառը իրավապահ մարմինների համար 2020թ.-ի ընթացքում կորոնավիրուսային համավարակի, դրանով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված սահմանափակումների, ինչպես նաև արցախյան պատերազմ հարուցած խնդիրներն էին: Այսուհանդերձ, նման առանձնահատուկ պայմանների առկայության և քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2020թ.-ին ավարտել կոռուպցիոն բնույթի 716 քրեական գործի վարույթ, որից 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Տարվա ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2535 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 անձ, ինչը 2019թ.-ի համեմատ ավելի է 7.3-ով։ 204 անձի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է, որոնցից 61 տոկոսը՝ ոչ արդարացման հիմքերով: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարժընթացի՝ թվարկված օբյեկտիվ գործոններով պայմանավորված միտումների պայմաններում լուրջ աշխատանք է կատարվել հատկապես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման ոլորտում: Մասնավորապես, կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով շուրջ 223%-ով կամ 2․5 մլրդ ՀՀ դրամի չափով ավելի վնաս է վերականգնվել (2019թ․-ին՝ 2 մլրդ ՀՀ դրամ, 2020թ․-ին՝ 4․5 մլրդ ՀՀ դրամ գումար)։ Իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 227 մլրդ ՀՀ դրամ՝ 2019թ.-ին արձանագրված շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամի դիմաց: 2020թ.-ի ընթացքում քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի վնաս՝ կամ 2019թ.-ի համեմատ շուրջ 12.6%-ով ավելի: Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով արգելանք է դրվել 84.5մլն ՀՀ դրամի, շուրջ 5.9մլրդ ՀՀ դրամ հաշիվների, 87 անուն շարժական և 149 անշարժ գույքի ու 22 հողատարածքի վրա: 2020թ.-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019թ.-ի համեմատ (530) ավելի է 26.6%-ով: Նրանց թվում են ՀՀ պաշտոնաթող նախագահ, ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր, նախարարներ, նախարարի տեղակալներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սնանկության դատարանի դատավորներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ,  ԲՈՀ-ի  նախկին նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀ նախկին դեսպան, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, բուժհաստատությունների տնօրեններ, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ, դպրոցների տասնյակ ներկա ու նախկին տնօրեններ, փոխտնօրեններ, Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, տարածքային բաժնի պետեր, սոցիալական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ՀՀ ԶՈւ շուրջ մեկուկես հարյուր պաշտոնատար անձինք, այդ թվում զորամասերի հրամանատարներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի ներկա ու նախկին ղեկավարներ, տեղակալներ, համայնքների 100-ից ավելի ներկա ու նախկին ղեկավարներ, առանձին պետական ընկերությունների տնօրեններ և այլն: 
21:33 - 12 ապրիլի, 2021
Անհեթեթություն է, որ այդ հարցազրույցը կարող է դառնալ քրեադատավարական գործընթացի սկիզբ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. փաստաբան |news.am|

Անհեթեթություն է, որ այդ հարցազրույցը կարող է դառնալ քրեադատավարական գործընթացի սկիզբ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. փաստաբան |news.am|

news.am: Ես տեղեկություն չունեմ այդ փաստի մասին, բայց Սերժ Սարգսյանի հարցազրույցը ուշադիր լսել եմ եւ անհեթեթություն եմ համարում, որ այդ հարցազրույցը կարող է դառնալ քրեադատավարական գործընթացի սկիզբ՝ ընդդեմ նախագահի։ Այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով Infocom.am-ի այն հրապարակմանը,  թե Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ «Սերժ Սարգսյանն առնվազն 20 տարի շփվել է պետական գաղտնիքի հետ եւ նա շատ լավ այդ սահմանները տիրապետում է, թե որտեղից է սկսվում տեղեկությունը, որտեղից՝ պետական գաղտնիքը։ Հարցազրույցը տրվել է փետրվարին, բա ո՞րն է իրավական այն տրամաբանությունը, որ ի լուր աշխարհին տված այդ հարցազրույցում, եթե կա պետական գաղտնիք, չնայած, պնդում եմ, որ չկա, նոր տեսա՞ն այդ հարցազրույցը։ Սա աբսուրդ է, ի՞նչ է՝ հիմա է պետք։ Ամեն ինչ պիտի չափ ու սահման ունենա»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի՝ ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություններով փետրվարին հրապարակված հարցազրույցը միայն ապրիլին է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ ՌՈ-ից Infocom-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում ապրիլի 8-ից։
17:18 - 12 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Իսկ ահա Ռազմական ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում․ նյութերի նախապատրաստման ժամկետը տասը օր է, որից հետո որոշում է կայացվում կամ քրեական գործ հարուցելու կամ քրգործի հարուցումը մերժելու մասին։ Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ Հարցազրույցի հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ արդյոք որեւէ փաստաթղթով նախատեսված եղե՞լ է 2018-2020 թթ․ ձեռք բերել 1000-ից ավելի հարվածային եւ հետախուզական ԱԹՍ եւ «Տոր» զենիթահրթիռային համալիրներ։ Հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել՝ եթե հայցվող տեղեկությունները պարունակում են որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ հայտարարությունը համարվու՞մ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Մարտի 31-ին Պաշտպանության նախարարությունը մերժեց տեղեկության տրամադրումը՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում արեց հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Ինչ վերաբերում է մեր հարցին՝ եթե այդ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք, ապա գաղտնիքին հասանելիություն ունեցած անձի՝ Սերժ Սարգսյանի կողմից դրանց մասին հայտարարելը չի՞ համարվում պետական գաղտնիքի բացահայտում, Պաշտպանության նախարարությունից բանավոր առաջարկեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն։ Նույն օրը՝ մարտի 31-ին, ՊՆ-ի խորհրդով հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԱԾ՝ հայտնելով, որ ՊՆ-ից ստացած պատասխանի համաձայն՝ ԱԹՍ-ներ, զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական եւ ծառայողական գաղտնիք։ Նշել էինք, որ այս տեղեկությունների  մասին Սերժ Սարգսյանը խոսել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, ըստ այդմ՝ Սարգսյանի՝ նույնաբովանդակ հրապարակային հայտարարությունները համարվո՞ւմ են պետական եւ ծառայողական գաղտնիքի բացահայտում, եւ եթե այո, ապա պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար նյութեր նախապատրաստվե՞լ են։ Ապրիլի 6-ին ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N173 որոշման համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը բացահայտող տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությունները վերապահված են ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ԱԱԾ-ն էլ իր հերթին առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ՊՆ։ Իսկ ՊՆ-ից, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին դիմել ԱԱԾ։ ԱԱԾ ուղարկած հարցումը մարտի 31-ին ուղարկել էինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ ապրիլի 9-ին հայտնել են, որ հրապարակումն ուղարկվել է Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։  Այսպիսով, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն չեն կողմնորոշվում, թե իրենցից որն է իրավասու պարզաբանել՝ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած, գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացած անձի կողմից հրապարակվե՞լ են ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, թե՞ ոչ։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի՝ ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություններով փետրվարին հրապարակված հարցազրույցը միայն ապրիլին է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու։ Հայարփի Բաղդասարյան
15:10 - 12 ապրիլի, 2021