ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Զարուհի Բաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Զարուհի Բաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: «Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու և այս քննարկումն իրականացնելու Ձեր պատրաստակամության համար: Չնայած, որ հաճախ ենք աշխատանքային հանդիպումներ ունենում, այս մեկը փոքր-ինչ տարբեր է, որովհետև Ձեզ հետ՝ որպես ռազմավարական գործընկերոջ, քննարկելու ենք շատ զգայուն հիմնախնդիր: Գիտեք, որ մեր քաղաքականությունը ներառական է և ուղղված խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարին։  Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ մեկուսացվում են՝ իրենց կամքին հակառակ և տվյալ հարցում աջակցությունը դժվար է տարբեր առումներով»,- ասել է Զարուհի Բաթոյանը: Նախարարը նշել է, որ նախարարության համակարգում գործող երկու հաստատություններում ապրում է հոգեկան առողջության խնդիր ունեցող շուրջ 600 մարդ: Մարդկանց մեծ խումբ խնամվում է նաև Առողջապահության նախարարության համակարգում գործող հիմնարկներում, սակայն նրանք, հաճախ, հայտնվում են հաստատություններում՝ չնայած այն հանգամանքին, որ բուժման մշտական կարիք չունեն. նրանք, պարզապես, գնալու այլ տեղ չունեն. «Օրենսդրական բարեփոխումների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին զուգահեռ, մենք ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, լուրջ պակաս ենք զգում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ ծառայությունների մատուցման, նրանց ապաինստիտուցիոնալացման, ինչպես նաև՝ հանրային վերաբերմունքի փոփոխության համար, քանի որ շատ հաճախ այս մարդիկ զրկվում են իրենց քաղաքացիական իրավունքներից՝ անգործունակ ճանաչվելու և հարկադրաբար հաստատություններում հայտնվելու հետևանքով»,- ասել է նախարարը: Զ. Բաթոյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված քայլերը՝ սկսած պաշտպանված բնակարանների ձեռքբերումից, մինչև փոքր տների մոդելի կիրառումը: Նախարարը նշել է, որ ձեռնարկվող քայլերն, իհարկե, կարևոր են, սակայն դրանք բավարար չեն համակարգային փոփոխությունների իրականացման համար: «Սա լուրջ, համակարգային խնդիր է շատ երկրների համար, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկուսացնում են հասարակությունից՝ ապահովելով նրանց անվտանգ կեցությունը, սակայն զրկելով հասարակության հետ հարաբերվելու իրավունքից: Սա խնդիր է, որի հաղթահարումը սերտորեն կապված է նաև հասարակական կարծրատիպերի հաղթահարման հետ: Միևնույն ժամանակ, աշխարհում կան շատ հաջողված մոդելներ, որոնք կարելի է ուսումնասիրել և տեղայնացնել: Այս համատեքստում ես միշտ հպարտությամբ եմ նշում «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի օրինակը, որում աշխատում են Դաունի համախտանիշ ունեցող երիտասարդները և նրանց ծնողները»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա նշել է, որ այս համատեքստում օրենսդրական լուրջ փոփոխությունների կարիք կա՝ սկսած հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքից, մինչև անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը: Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:
16:28 - 02 մարտի, 2020
ԱԱՏՄ աշխատողները մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերապատրաստում են անցել

ԱԱՏՄ աշխատողները մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերապատրաստում են անցել

Աշխատանքի միջազգային կազմակերպության ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի շուրջ 3 տասնյակ աշխատող անցել է ձեռնարկություններում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման մեկշաբաթյա վերապատրաստում։ Դասընթացները եղել են տեսական եւ գործնական։ Աշխատանքային քննարկումներին զուգահեռ այց է կազմակերպվել նաեւ հայաստանյան գործարան։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն աշխատանքային շաբաթվա ամփոփմանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ հետագայում եւս կազմակերպել այսպիսի դասընթաց, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱԱՏՄ գործող կանոնադրությունը նոր լիազորություններին համապատասխանեցնելու առումով։ Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ ընդլայնված լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2021 թ․ հուլիսից։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարեւորել է գործընկերների կողմից այս աջակցությունը՝ նկատելով, որ ներկայում քաղաքացիներն ու տնտեսվարողները շատ հաճախ են տեսչական մարմին դիմում աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով։ Սակայն, քանի դեռ ԱԱՏՄ-ն այս առումով լայն լիազորություններ չունի, չի կարող աջակցել։ Միաժամանակ, ըստ նրա, տեսչական մարմնի վերջնանպատակը տուգանելը չէ, այլ աշխատանքային իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելը։ Դա ապահովելու համար ուժեղացվում են տեսչական մարմնի աշխատանքային թիմի մասնագիտական եւ տեխնիկական կարողությունները։ ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ այս դասընթացները եւս նշված միջոցառումների շարքից են՝ ունենալու մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ։ Վերապատրաստումների ամփոփիչ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։ Դասընթացները ֆինանսավորվել են ԵՄ կողմից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերի (GSP+) շահառու երկրներին աջակցության շրջանակներում։
17:44 - 29 փետրվարի, 2020
Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 18 հազար փախստականներ են հատել Թուրքիայի և Եվրամիության միջև սահմանը՝ սիրիական Իդլիբում զինված հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Շաբաթ օրը վաղ առավոտյան հունական ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանին արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների խմբերի ուղղությամբ, ականատեսների վկայությամբ, փախստականներն իրենց հերթին քարեր են նետել դեպի ոստիկանները՝ փորձելով ներխուժել Հունաստանի տարածք: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Անկարան պատրաստ է միլիոնավոր փախստականների համար անվտանգ գոտի ստեղծել երկրի հարավում: Էրդողանը միևնույն ժամանակ սպառնացել է փախստականներին ուղարկել Գերմանիա, եթե Բեռլինը չկատարի միգրանտների ճամբարների ֆինանսավորման իր խոստումը:
16:49 - 29 փետրվարի, 2020
ԵՏՄ-ն չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել ԵՄ-ին․ Կարեն Սիմոնյան |factor.am|

ԵՏՄ-ն չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել ԵՄ-ին․ Կարեն Սիմոնյան |factor.am|

factor.am: Հայաստանի տնտեսությունն ինտեգրված է Եվրասիական տնտեսական համագործակցությանը, բայց մեզ ոչինչ չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել Եվրամիությանը։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման թեմայով կազմակերպված լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին: «Ես համաձայն եմ, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, բայց ո՞նց դա համատեղենք, եթե տնտեսությունն ինտեգրված է ԵՏՄ-ի մեջ»,- հարց ուղղեց քաղաքագետը։ «Ես հենց այդ նպատակով առանձնացրեցի քաղաքական համագործակցությունը, կարող է՝ տնտեսությունը ինտեգրված է եվրասիական տնտեսական համագործակցության մեջ, բայց մեզ ոչինչ չի արգելում քաղաքականապես ինտեգրվել Եվրոպական միությանը, ունենալ այն կառույցները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության կայացման համար»։ - նշեց պատգամավորը։
16:09 - 26 փետրվարի, 2020
Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել դատաիրավական, հակակոռուպցիոն եւ ՄԻՊ ոլորտներում. ԱՆ փոխնախարարը ԱԺ-ում է |news.am|

Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել դատաիրավական, հակակոռուպցիոն եւ ՄԻՊ ոլորտներում. ԱՆ փոխնախարարը ԱԺ-ում է |news.am|

news.am: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցում է  Ազգային ժողովում հրավիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներին: Ելույթի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգը, հիմնական ուղղություններն ու անդրադարձել Կառավարության ռազմավարական տեսլականներին՝ դրանցից առանձնացնելով Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն եւ Մարդու իրավունքների պաշտպանության, Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարություններն ու յուրաքանչյուրով նախատեսված գործողությունները: Բոլոր ռազմավարությունների դեպքում, նախարարի տեղակալ Գրիգորյանի տեղեկացմամբ, մշակումն իրականացվել է մասնակցային եւ ներառական կերպով, ապահովվել են քննարկումները մարզերում, կատարվել է ֆինանսական գնահատում, հաստատվել են ռազմավարական հաղորդակցության պլանները։ Դատաիրավական ռազմավարությունով նախատեսված միջոցառումներից Քրիստիննե Գրիգորյանը հատկանշական է համարել սահմանադրական եւ ընտրական օրենսդրության բարեփոխումների կոնկրետ քայլերը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներն ու  ուղղությունները, ինչպես նաեւ դատավորների անկախության, անաչառության եւ արդյունվետության ապահովմանն ուղղված գործողությունները: Վերջինի առումով փոխնախարարը մանրամասնել է, որ դրանք վերաբերում են դատավորների թեկնածուների որակավորման ստուգման եւ նշանակման, դատավորների եւ ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության գործընթացի, բարեվարքության գնահատման ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաեւ թիրախավորվել են դատավորների թվի ավելացման եւ սոցիալական երաշխիքների ամրապնդման, ծանրաբեռնվածության նվազեցման եւ գործի քննության իրապես ողջամիտ ժամկետների ապահովման հարցերի լուծումները, էլեկտրոնային արդարդատության գործիքների կիրառման ու դատական իշխանության հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման խնդիրները։ Ռազմավարության կարեւոր ուղղություններից է նաեւ իրավապահ համակարգի (դատախազության, քննչական մարմինների) եւ քրեական արդարադատության համակարգի փոփոխությունը, քաղաքացիական եւ վարչական վարույթների արդյունավետության բարձրացումը։ Անդրադառնալով Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը՝ Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը եւ նշել, որ Ռազմավարությամբ սահմանվել են կանխարգելման, բացահայտման եւ քննության մարմինները, դրանց գործունեության երաշխիքներն ու համագործակցության, փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմները։ ՄԻՊ ազգային ռազմավարությունից խոսելով՝ փոխնախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ դրանով տրվել է մարդու իրավունքի պաշտպանության իրավիճակի գնահատականը, անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարությունների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ պետության հոգածության ներքո գտնվող, կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրներին: Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ ռազմավարությունների մշակման աշխատանքներում նախարարությանն աջակցելու, կարեւոր խորհրդատվությամբ ապահովելու համար եւ ընդգծել, որ ռազմավարական պլանավորման եւ իրականացման գործընթացին մեծապես նպաստել է Արդարադատության ոլորտի երկխոսության ձեւաչափը, որը, լինելով ոլորտի բոլոր շահառուների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարթակ, միանշանակ ապացուցել է իր արդյունավետությունը։  
15:15 - 26 փետրվարի, 2020
ԵՄ-ն ցանկանում է պահպանել եւ ամրապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը. դեսպան |news.am|

ԵՄ-ն ցանկանում է պահպանել եւ ամրապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը. դեսպան |news.am|

news.am: Եվրամիությունը ցանկանում է պահպանել եւ ամրապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը: Այս մասին այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նրա խոսքով՝ եվրոպացիներն ակտիվորեն համագործակցում են այդ ուղղությամբ իրենց բոլոր գործընկերների հետ: «Մենք բոլորս հավատարիմ ենք փոխադարձ համագործակցության խորացման սկզբունքին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ազատություն, անվտանգություն եւ արդարադատություն»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ այդ ամենն արվում է նաեւ իրավունքի գերակայության եւ հիմնարար ազատությունների ամրապնդման համար Այդ ուղղությամբ, Վիկտորինի գնահատմամբ, գրանցվել են լուրջ հաջողություններ եւ ձեռքբերումներ: 
13:56 - 26 փետրվարի, 2020
Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան |aysor.am|

Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան |aysor.am|

aysor.am: ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալների ավելացումը, խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը: Նա նկատեց՝ 2019 թվականին գործողությունների ծրագրով նախատեսվող աջակցության չափը նախորդ տարիների համեմատ ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո: Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս տարի աջակցության ծավալը կավելանա:  «2020 թվականի աջակցության ուղղություններն արդեն իսկ նախատեսվել և հստակեցվել են, հուսով եմ՝ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր», - ասաց Գրիգորյանը: Նա նկատեց՝ 2020 թվականի ծրագրով աջակցություն է նախատեսված արդարադատության և ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների համար, որոնք ընդգրկված են կառավարության գերակայությունների ցանկում: «Համաձայանգիրը մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, և դրա կիրարկումը կառավարության առաջանահերթություններից է», - ավելացրեց փոխվարչապետը:
12:50 - 26 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ

Փետրվարի 25-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ երկկողմ և բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը: Ըստ հաղորդագրության՝ ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին:
10:36 - 26 փետրվարի, 2020
ԱՄԿ եւ ԵՄ աջակցությամբ ԱԱՏՄ աշխատակիցները վերապատրաստվում են

ԱՄԿ եւ ԵՄ աջակցությամբ ԱԱՏՄ աշխատակիցները վերապատրաստվում են

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ գործակցության շրջանակներում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողներն անցնում են մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, դրանք կազմակերպվել են՝ նպատակ ունենալով լրջորեն պատրաստվել 2021 թ․ հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ լիազորությունների ընդլայնմանը։ «Վերապատրաստում ձեռնարկությունում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերաբերյալ» խորագրով դասընթացները լինելու են թե տեսական, թե գործնական՝ հիմնվելով աշխատատեղում աշխատանքի պայմանների գնահատման վերաբերյալ հայերեն թարգմանված մասնագիտական գրականության վրա։ Գործնական վերապատրաստումներն ընթանալու են հայաստանյան մի շարք արտադրական կազմակերպություններում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը մեծապես կարեւորել է տեսչական մարմնի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված այս նախաձեռնությունը։ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման նոր լիազորությունների ստանձնումը «սարերի հետեւում» չէ։ Նախկինում գործող աշխատանքի տեսչության գործառույթների վերականգնումը եւ դրանք ԱԱՏՄ-ին վերապահելը կարեւորագույն որոշում էր գործող կառավարության կողմից՝ աշխատողների իրավունքների պաշտպանության առումով։ Ուստի մենք պետք է ըստ արժանվույն պատրաստ լինենք դրան՝ կադրերի վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ տեխնիկական հագեցվածություն ապահովելու առումով»,-վերապատրաստման դասընթացների մեկնարկին նախորդած աշխատանքային հանդիպման ժամանակ շեշտել է Հակոբ Ավագյանը։ ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն շեշտել է, որ վերապատրաստումները հնարավորություն կտան գնահատել՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ ԱՄԿ կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը։ Ըստ այդմ՝ կլրացվեն բացերը, կհզորացվի ռեսուրսը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը հիշեցրել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրով ամրագրվել են միջազգային չափորոշիչներ, որոնց պահպանմամբ ՀՀ-ում աշխատանքային իրավունքները պետք է լինեն առավել պաշտպանված եւ պատշաճ մակարդակի։ Ազարյանն ընդգծել է, որ ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ փորձ է արվում օժանդակել ԱԱՏՄ-ին՝ ունենալ մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ։ Վերապատրաստման դասընթացներին զեկույցներով ու խորհրդատվությամբ հանդես են գալիս ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն, ԱՄԿ փորձագետ Եկատերինա Կուզնեցովան։ Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը, ԱՄԿ ծրագրի օգնական Մարիաննա Ավդալյանը։
09:19 - 26 փետրվարի, 2020
ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

news.am: ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Սիրիայի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում: Այս մասին ասված է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որոնք ուրբաթ օրը արտահերթ ժողով են անցկացնում Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սիրիական ռեժիմի եւ Իդլիբում իր աջակիցների նոր ռազմական հարձակումը, որն իր հետ հսկայական մարդկային տառապանքներ բերեց, անընդունելի է: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ հակամարտության կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն սիրիական կարգավորման վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները: «ԵՄ-ն կրկին ամենավճռական կերպով բոլոր կողմերին կոչ է անում ապահովել կայուն հրադադարի հաստատումը, երաշխավորել քաղաքացիական անձանց պաշտպանությունը եւ լիովին կատարել իրենց պարտավորությունները 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի շրջանակներում»,- նշվում է դրանում: Բացի այդ, ԵՄ առաջնորդները կոչ են արել «անախոչընդոտ եւ ուղիղ հումանիտար հասանելիություն ապահովել բոլոր կարիքավորների համար»: «Պատասխանատվությունը միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների իրավունքի խախտումների համար էական առաջնահերթ նշանակություն ունի: Ուստի ԵՄ-ն կրկին կոչ է անում Սիրիայում իրավիճակը փոխանցել Միջազգային քրեական դատարանի քննմանը: ԵՄ-ն հանձնառու է ուժեղացնել իր մարդասիրական օգնությունը Իդլիբի ամենախոցելի քաղաքացիական բնակչության համար»,- նշվում է հայտարարության մեջ:
11:43 - 21 փետրվարի, 2020
Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց միանգամից երեք միջազգային համաձայնագրեր: Դրանցից առաջինը ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «ԵՄ-ն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ նրա բաղկացած է 5 մլն եվրո Սեւանա լճի մաքրման, 3.7 մլն եվրո էներգոարդյունավետության համար եւ եւս 17 մլն եվրո հատկացվել է հարեւանության ներդրումային հարթակ գործիքով: «Նպատակները Սեւանի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: Իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի, որովհետեւ ամբողջությամբ պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք: Ըստ էության, բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով իրականացվող բարենորոգման կամ նորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով: Սեւանի մասով համակարգող կլինի Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մյուս երկու բաղադրիչով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասաց փոխվարչապետը: Երկրորդ համաձայնագիրը «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է: Առաջին բաղադրիչը համայնքների տնտեսական զարգացումն է՝ 10.1 մլն եվրո. «Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն եւ ձեւավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսավարողների բիզնեսի կամ նախաձեռնությունների զարգացմանը: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային միգրանտների բիզնեսներին»,- ասաց Գրիգորյանը: Երրորդ համաձայնագիրը վերաբերում է SEPA-ի իրագործմանը, այսինքն ճանապարհային քարտեզին, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել. «Առաջին բաղադրիչը 18.7 մլն եվրո է կազմում, որը հենց համաձայնագրի կիրառման աջակցությունն է: Դա ենթադրում է բարձր մակարդակի փորձագետների ներգրավում ըստ ոլորտների: Երկրորդը՝ ԵՄ տների հանգույցների ձեւավորումն է, որը հիմնականում ունի տեղեկատվական եւ միջոցառումների կազմակերպման ֆունկցիա իրականացնելու տրամաբանություն: Այստեղ եւս 2 մլն եվրո հատկացնում է Արեւելյան գործընկերության հարթակ գործիքը եւ ենթադրվում է քաղհասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի համար: Սա իրականացնելու է ԵՄ Հայաստանի գրասենյակը: Երրորդ բաղադրիչը որակի ենթակառուցվածքների բարելավումն է՝ 4 մլն եվրո, չափագիտական լաբորատոր հզորությունների արդիականացում եւ փորձագիտական աջակցություն: Դա ըստ էության, ենթակառուցվածք է, որը նպաստելու է Եվրոպա արտահանման խթանմանը: Ընդհանուր բյուջեն 65 մլն եվրո է, որը կրկնակի ավելի է քան 2018 թվականին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր երեք համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո: Փոխվարչապետն ընդգծեց, որ խոսքը 2019-ի համագործակցությանն է վերաբերում. «Մենք հիմա 2019-ի ամփոփումն ենք անում: 2020 թվականի համաձայնագրերի բյուջեն ավելին կլինի, քան 2019-ինը»:
12:21 - 20 փետրվարի, 2020
Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Դերակատարների տեղական մակարդակով հզորացում զարգացման համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ, որից ԵՄ օժանադակությունը կկազմի 14 մլն եվրո, ևս 1 մլն եվրո կֆինանսավորվի շահառու հանդիսացող լիազորված մարմնի կողմից:  Ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ և գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին առաջնահերթությունների նախանշմանը և տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար: Միաժամանակ կձևավորվեն գործողությունների իրականացման տեղական խմբեր, կխթանվի տարբեր շահագրգիռ կողմերի (հանրային, մասնավոր, քաղաքացիական հասարակության), ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայնքների ռազմավարությունների իրագործման գործընթացում առաջնային դերը և նախաձեռնությունը վերապահել համայնքի անդամներին։
11:42 - 20 փետրվարի, 2020
Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝  նախարարը կարևորել է այդ ոլորտում ԵՄ-ի կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող  գաղափարներն և վերջնարդյունքը: ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը: Կողմերը ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:
17:15 - 19 փետրվարի, 2020