Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:
20:33 - 13 մայիսի, 2021
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար |tert.am|

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար |tert.am|

tert.am: Մայիսի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության փոխդեսպան պարոն Ալի Մոհամադ Մոթաղին, որին ընդունեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, տեղեկացնում է ՀԿԽԸ մամուլի ծառայությունը։Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցելու նպատակով։ Օգնությունը ներառում է 1600 ծածկոց, խոհանոցային պարագաների 400 հավաքածու և մոտ 15 000 միավոր բժշկական պարագա, որոնք փոխանցվելու են Այրվածքաբանության ազգային կենտրոնին։«Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր մահիկի հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և վստահ եմ, որ ապագայում էլ կհամագործակցենք՝ ի շահ խոցելի խմբերի բարօրության, -ողջունելով հյուրերին ասաց տիկին Աննա Եղիազարյանը։ Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան պարոն Մոթաղին հիշատակելով Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, այդ թվում՝ կողմերի համագործակցությունը ծանր իրավիճակներում, որին բախվել են երկու երկրները, իր կարեկցանքը հայտնեց Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման ընթացքում տուժածներին և, բարձր գնահատելով Հայկական Կարմիր խաչի ընկերության ջանքերը՝ պատերազմի հետևանքով մոտ հարյուր հազար տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հաջողություն մաղթեց՝ սրացման հետևանքով տուժածներին օգնելու, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներ լուծելու համար: Անդրադառնալով անցյալ տարվա ծանր պայմաններում երկու երկրների համագործակցության շարունակությանը՝ փոխդեսպանը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև բարեկամական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման           հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
16:43 - 12 մայիսի, 2021
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին |tert.am|

tert.am: Իրանի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին:Ինչպես հաղորդում է Associted Press-ը, քաղաքական գործիչն աջակիցների ուղեկցությամբ ուղևորել է ներքին գործերի նախարարությունը ընտություններին մասնակլցելու դիմում ներկայացնելու համար:Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին 2017 թվականին արգելել էր Ահմադինեջադին մասնակցել նախագահության համար պայքարին:Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումն Իրանում սկսվել է նախօրեին: Թեկնածություններ կարող են ներկայացվել 5-օրյա ժամկետում: Հաստատված թեկնածուների ցանկը կհրապարակվի մայիսի 25-26-ը: Ընտրությունները կայանալու են հունիսի 18-ին:  
12:19 - 12 մայիսի, 2021
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախարար Ալի Ասղար Մունեսանին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախարար Ալի Ասղար Մունեսանին

ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարությունում տեղի է  ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը նախարար Ալի Ասղար Մունեսանի հետ։   ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Ալի Ասղար Մունեսանին՝ Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող մեծ աշխատանքի համար։ Նա նշել է, որ ԻԻՀ իշխանությունների նմանօրինակ գործունեությունը և հոգատար վերաբերմունքը տարբեր կրոնական և մշակութային արժեքների և ժառանգության նկատմամբ չափազանց այժմեական է և կարող էր ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար։   Նախարար Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ԻԻՀ կողմից կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում։   Զրուցակիցներն անդրադարձել են հայկական եկեղեցիների և հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, խոսվել է Երևանում Կապույտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին։   Քննարկվել է նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքների ակտիվացման հարցը։  
23:06 - 11 մայիսի, 2021
Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հաստատել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Իրանը եւ Սաուդյան Արաբիան, որոնք 2016 թվականին խզել են դիվանագիտական հարաբերությունները, վերջերս բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով նվազեցնել երկու երկրների միջեւ լարվածությունը: Այդ մասին մայիսի 10-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն: «Խոսակցությունը կենտրոնացել Է ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային հարցերի վրա: Մենք միշտ ողջունել ենք նման կոնսուլտացիաները դրանց ցանկացած ձեւով ու ցանկացած մակարդակով»,-նրա խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը: «Դա, որոշակիորեն, ի շահ երկու երկրների եւ տարածաշրջանների Է՝ նվազեցնել լարվածությունը»,-նշել Է նա, հույս հայտնելով, որ Թեհրանը եւ Էր Ռիադը կփոխեն հարաբերությունների մթնոլորտը եւ կհասնեն նշանակալի փոխըմբռնման: Միեւնույն ժամանակ Խաթիբզադեն կոչ Է արել՝ սպասել բանակցությունների արդյունքներին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը սաուդյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Էր Ռիադը հույս ունի լավ հարաբերութղյուններ հաստատել Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի այդպիսի հայտարարությունները: Էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է 2016 թվականին: Այն ժամանակ Թեհրանում սաուդյան դեսպանության մերձակայքում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ան-Նիմրին: Իսլամում շիա ուղղությունն Իրանում գերակշռողն Է: Mehr գործակալությունն իր հերթին հիշեցնում Է, որ դիվանագիտական հարաբերությունների խզմանը նախորդել Է նաեւ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Եմենի ապստամբների դեմ, հաղորդել Է «Ինտերֆասք»-ը:
17:29 - 10 մայիսի, 2021
ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, սակայն Թեհրանն այդ գումարը կկարողանա օգտագործել միայն մեկ նպատակով. Պետդեպ |tert.am|

ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, սակայն Թեհրանն այդ գումարը կկարողանա օգտագործել միայն մեկ նպատակով. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն մտադիր է ապասառեցնել Իրանի՝ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների մի մասը, որը, սակայն, իսլամական երկրի ղեկավարությունը կկարողանա օգտագործել միայն մի նպատակով:Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է CNN-ը:Ըստ այդմ, ԱՄՆ-ն, Իրանի հետ միջուկային գործարքը վերագործարկելու շուրջ բանակցությունների ֆոնին, քննարկում է 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, որն Իրանի իշխանությունները կարող են օգտագործել միայն մարդասիրական նպատակներով:«Հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ մենք իրանական ակտիվների ապասառեցումը դիտարկում ենք որպես Թեհրանի համար միակողմանի ժեստ, իրականությանը չեն համապատասխանում ... Ինչպես ավելի վաղ ասել ենք, ԱՄՆ ցանկացած իմաստալից քայլ պետք է լինի գործընթացի մաս, որում ներգրավված են երկու կողմերը», - գրել է Փրայսն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
10:17 - 07 մայիսի, 2021
Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է Զարիֆի խոսքը Սոլեյմանիի և Ռուսաստանի վերաբերյալ |1lurer.am|

Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է Զարիֆի խոսքը Սոլեյմանիի և Ռուսաստանի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին դատապարտել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի խոսքը Ռուսաստանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների, ինչպես նաև դրանցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Քասեմ Սոլեյմանիի դերի մասին, հաղորդում է РИА Новости-ն: Խամենեին ասել է, որ «որոշ պաշտոնյաների» կողմից արված հայտարարությունները ԻՀՊԿ-ի և Սոլեյմանիի մասին «ապշեցնում են և մտահոգում»: «Մենք չպետք է խոսենք այնպես, կարծես չենք ընդունում երկրի քաղաքականությունը»,- եզրափակել է հոգևոր առաջնորդը: Ապրիլի 25-ին իրանական լրատվամիջոցները հրապարակեցին Իրանի արտգործնախարարի հետ հարցազրույցից հատվածներ, որում Զարիֆը պնդում է, որ Մոսկվայի համար շահավետ չէ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը, ուստի աշխատում է սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային ծրագրի գործարքը: Նա նաև նշել է, որ ձախողման համար Մոսկվան համագործակցում էր իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի հետ: Մեկ այլ տեղեկությամբ, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել  մեկնաբանությունների համար, որոնք  հրապարակման համար նախատեսված չեն եղել: Նա հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը և գեներալի ընտանիքը կներեն իրեն: Այժմ Թեհրանը Վիեննայում Եվրոպայի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ միջուկային գործարքը վերականգնելու ուղղությամբ:
12:18 - 03 մայիսի, 2021
Ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների համար. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների համար. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել ISNA լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև.   - Ինչպես հայտնի է, Արցախի շուրջ ռազմական գործողությունները տևեցին վեց շաբաթ, որից հետո Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի վերաբերյալ համաձայնություն: Ո՞րն է Ձեր գնահատականն այս իրադարձության կապակցությամբ:   - Զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում՝ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ: Դժվար է այս ողբերգական իրադարձություններին միանշանակ և պարզունակ գնահատական տալ: Մի բան ակնհայտ է՝ Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումը պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը: Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախևառաջ տարածաշրջանի երկրների համար:   - Զինադադարից հետո ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթողության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջներին: Այսօր արդեն սկսվել է արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, և այդ պատճառով վարչապետ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Ձեր կարծիքով ստեղծված պայմաններում ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:   - Բնական է, որ Արցախյան վերջին պատերազմի արհավիրքները լրջորեն ազդել են Հայաստանում հանրային տրամադրությունների վրա: Անհրաժեշտ է կայունացնել ներքաղաքական իրավիճակը, և այդ նպատակով է, որ ՀՀ վարչապետը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը, որոնց գործունեությունը պետք է միտված լինի խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Ներկա մարտահրավերների հաղթահարումը մեծ քննություն է մեր ժողովրդի և պետության համար, որը պարտավոր ենք պատվով հանձնել՝ հանուն մեր նահատակների և ներկա ու ապագա սերունդների:   - Արդյո՞ք ՀՀ կառավարությունը դեռ շարունակում է ճգնաժամի հաղթահարման նպատակով կողմ լինել Մինսկի խմբի հետագա գործունեությանը, թե՞ այն համոզմունքին է, որ տարածաշրջանային երկրներն այդ հարցում կարող են առավել արդյունավետ դերակատարում ունենալ:   - Ըստ հայկական կողմի՝ հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր:   - Ո՞րն է Ձեր տեսակետը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ԻԻՀ առաջարկության կապակցությամբ: Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում:   - Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը:   Հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, մենք կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազեդցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ, կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը:   Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում:    - Գիտեք, որ Արցախի շուրջ ռազմական գործողություններից հետո, ըստ որոշ ԶԼՄ-ների, տարածաշրջանում մնացել են ահաբեկչական խմբավորումներ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կողմ է այդ խմբավորումների դեմ պայքարի նպատակով համագործակցել տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Իրանի հետ:   - Արցախյան վերջին պատերազմին առնչվող ամենադատապարտելի իրողություններից մեկը Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներից վարձկան ահաբեկիչների հավաքագրումը և փոխադրումն էր տարածաշրջան: Այդ ահաբեկիչներն արդեն իսկ հայտնի էին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների դեմ գործած վայրագություններով: Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ:   - Վերջերս Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնության դեպքում պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը համաձայն է դրան:   - Ադրբեջանական կողմը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով: Մի կողմից նշվում է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, մյուս կողմից մերժվում է խաղաղ գործընթացի վերսկսումը: Խաղաղության պայմանագիրը նպատակ է, որին կարելի է հասնել միմիայն խաղաղ գործընթացի շնորհիվ: Ուստի ներկայումս անհրաժեշտ է խոսել ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ խաղաղ գործընթացի վերսկսման մասին:   - Որքա՞ն առաջընթաց է ունեցել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը, հատկապես՝ ԵԱՏՄ հետ հարաբերությունների համատեքստում:   - Այս հարցի կապակցությամբ կարծում եմ՝ նպատակահարմար կլինի առանձին հարցազրույց ունենալ և ներկայացնել ինչպես կատարված աշխատանքը, այնպես էլ առաջիկա անելիքները: Ընդունված է ասել, որ Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները զարգացման մեծ հնարավորություններ ունեն, և դա իրոք այդպես է: Անցած տարիների ընթացքում երկու երկրների տարեկան առևտրային շրջանառությունը կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Ընդ որում, դրա մեծ մասը կազմել է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, իսկ հակառակ հոսքը եղել է չափազանց փոքր չափերի: Պատճառները հայտնի են: Դրանք կապված են ինչպես երկու կողմերի տնտեսական կարողությունների, այնպես էլ գործող առևտրային ռեժիմների և մի շարք սահմանափակումների հետ (բարձր մաքսատուրքեր, ներմուծման և արտահանման արգելքներ և այլն):   Թեև շատ մեծ գործ է կատարված երկու երկրների տնտեսավարողների փոխադարձ իրազեկվածության ուղղությամբ (բազմաթիվ հանդիպումներ, ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ, օրենսդրության, գործարար միջավայրի և տնտեսական բնույթի այլ տեղեկությունների սիստեմատիկ փոխանակումներ և այլն), սակայն անելիքներ դեռևս շատ կան:   Անշուշտ, առկա բարենպաստ գործոնների թվին պետք է դասել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ և մի շարք երկրների հետ առևտրային որոշակի արտոնությունները, ինչպես նաև Իրանի՝ ԵԱՏՄ հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ընդունումը (2019 թ.), անշուշտ նաև Իրանի զգալի տնտեսական ներուժը: Ի դեպ, իրանական ապրանքների արտահանման տեսանկյունից տարածաշրջանային երկրների շարքում (Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան և այլն) ընդամենը շուրջ երեք մլիլիոն բնակչություն ունեցող Հայաստանը գտնվում է առաջին տեղում (Հայաստանի բնակչության մեկ շնչին հասնող իրանական ապրանքների ներմուծման ծավալով): Դա նշանակում է, որ իրանցի տնտեսավարողների համար Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է:   Կասկածից վեր է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկարներ ունեն, և այս իմաստով էական ազդեցություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության (երկաթգիծ, ավտոճանապարհ) ոլորտում սպասվող զարգացումները: Այսպիսով, կարելի է հույս հայտնել, որ առաջիկա տարիները մեր երկու երկրների համար կլինեն հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ժամանակաշրջան՝ ի շահ մեր ժողովուրդների և ողջ տարածաշրջանի: 
09:50 - 03 մայիսի, 2021