ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Համայնքապետը աճուրդի գնից 425-ապատիկ թանկ ենթավարձակալության է հանձնել համայնքի հողը. ՀՀ գլխավոր դատախազություն

Համայնքապետը աճուրդի գնից 425-ապատիկ թանկ ենթավարձակալության է հանձնել համայնքի հողը. ՀՀ գլխավոր դատախազություն

Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա ապօրինի աճուրդի միջոցով չնչին վարձավճարով համայնքապատկան հողը վարձակալության է հանձնել իր մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության բջջային օպերատորի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ մարզի Փոքր Սարիարի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից համայնքապատկան հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացում առերևույթ չարաշահում թույլ տալու դեպքի առթիվ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա.Ա.-ն, ով դրանից հետո հանդիսանում է Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց վարձավճար վճարելու պատրաստա­կամութ­յան մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն համայնքային բյուջեի փոխարեն ուղղել իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2006թ. օգոստոսի 21-ին իր մոր` Օ. Դ.-ի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան ընդամենը 1125 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու պայմանագիր: «Պայմանագրի հիմքում դրվել է 2006թ. հուլիսի 17-ի մրցութային հանձնաժողովի արձանագրությունը, համաձայն որի՝ ինքը՝ համայնքի ղեկավարը, հանդիսացել է մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխա­ները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը: Այնուհետև, համայնքի ղեկավարը վարձակալության պայմանագիր կնքելուց երեք օր անց՝ 2006թ. օգոստոսի 24-ին, մոր միջոցով նույն հողամասը տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել բջջային օպերատոր հանդիսացող ընկերությանը, որի արդյունք­ում մինչև 2020թ. փետրվարի 17-ն  ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր 5.8 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ փոխարենը համայնքի բյուջե որպես վարձավճար փոխանցելով միայն 15.000 ՀՀ դրամ: Այդ կերպ համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից»,- ասվում է հաղորդագրությայն մեջ:     ՀՀ գլխավոր դատախազությունից նաև հայտնում են, որ 2021թ. մարտի 30-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննության ընթացքում վերջինս հանցագործությամբ պատճառված նյութական վնասից վերականգնել է 2.7 մլն ՀՀ դրամը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: «Շիրակի մարզի 14 համայքներում պարզված՝ համայնքապատկան հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության  նմանատիպ հանցավոր դրսևորումների կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնցով համայնքների գործող կամ նախկին 6 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ: Քրեական գործերով հայտնաբերվել է համայնքներին պատճառված ընդհանուր 89 մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 14մլն ՀՀ դրամը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:05 - 09 ապրիլի, 2021
Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |hetq.am|

Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով մերժել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպանների բողոքը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել անփոփոխ։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերաքննիչ դատարանը դեռևս կողմերին չի տրամադրել որոշումը, Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշման հիմնավորումներին դեռ ծանոթ չէ։ Գևորգ Կոստանյանը դեռևս 2019 թվականի նոյեմբեր ամսին որպես մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1-ի գործով»: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ Քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել։ Կոստանյանի պաշտպաններն այս հոդվածին հղում կատարելով՝ դիմել են առաջին ատյանի դատարան՝ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությամբ, որը քննել և մերժել է դատավոր Աննա Դանիբեկյանը, և պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որտեղ, փաստորեն, նույնպես մերժվել է բողոքը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:43 - 09 ապրիլի, 2021
Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը. «Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում  է գտնվում  ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան: Հիշեցնենք, որ նման մակարդակով սա առաջին այցն է ՀՀ 2013 թվականից ի վեր, իսկ ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում սա Իգոր Կրասնովի առաջին արտերկրյա այցն է։  ՌԴ գլխավոր դատախազի աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 8-ին կայացած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմամբ: Երկու երկրների Գլխավոր դատախազները բարձր են գնահատել իրենց ղեկավարած կառույցների միջև ձևավորված գործընկերության մակարդակը, որի առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ երկուստեք ակտիվորեն գործադրվում են բոլոր հնարավոր կառուցակարգերը: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երկու երկրների գլխավոր դատախազների միջև 2007 թվականից ի վեր ստորագրվել են համագործակցության վերաբերյալ 6 ծրագրեր: Ողջունելով Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում նման այցի կազմակերպումն ինքնին ընդգծում է երկու երկրների համագործակցության ռազմավարական նշանակությունը: Արթուր Դավթյանը գոհունակությամբ նշել է, որ իրավական օգնության, էքստրադիցիայի ոլորտներում ցուցաբերվող որակյալ փոխօգնության արդյունքում շատ դեպքերում ձեռք են բերվում քրեական գործերի ելքերի համար վճռորոշ նշանակություն ունեցող ապացույցներ, իսկ վերջին տարիներին ՌԴ-ի կողմից բավարարվել են հանձնման վերաբերյալ հայկական կողմի բազմաթիվ հարցումներ, որոնց արդյունքում հնարավոր է դարձել ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բազմաթիվ անձանց հանձնումը ՀՀ իրավապահ մարմիններին: Գործակցության նման մակարդակի հասնելու հարցում Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի անձնական ներդրումը, դրսևորած հետևողականությունը:  ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև համագործակցությունը իսկապես խիստ արդյունավետ է և առաջիկայում կարևոր անելիքներ կան հատկապես անդրազգային հանցագործությունների հակազդման, երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման և այլ ուղղություններով։ ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է նաև միջազգային տարբեր կառույցներում ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել մասնակցելու 2021թ․-ի հուլիսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2020թ.-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Բարձր գնահատելով պատերազմի դադարեցման հարցում ՌԴ նախագահի անձնական ներդրումը, ինչպես նաև Արցախում խաղաղության և կայունության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի կատարած աշխատանքը, իրավական բնույթի խնդիրների լուծման նպատակով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև գործող մշտական ամենօրյա կապը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման և հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության  երաշխիք հանդիսանալ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ և ապացույցներ, ինչի առնչությամբ ՌԴ դատախազությունը մշտական կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպման ընթացքում ընդհանուր գծերով ներկայացրել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից կատարված ռազմական հանցագործությունների ամբողջական պատկերը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարումները, ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության ներգրավման վերաբերյալ առկա տվյալները, Ադրբեջանի զինված ուժերի՝ հանցագործություններ կատարած համապատասխան պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկման ուղղությամբ կատարվող աշխատանքները:     ՌԴ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ 2020թ․ նոյմեբերին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացում, հատկապես կապված հումանիտար բնույթի հարցերի հետ, երկու երկրների դատախազությունների ակտիվ ներգրավվածությունը կհանգեցնի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության և իրավակարգի ամրապնդմանը, հանրային կյանքի հիմնական ոլորների բնականոն կենսագործունեության վերականգնմանը, իսկ քաղաքացիների մոտ կձևավորվի վաղվա օրվա հանդեպ կայունության և հանգստության համոզմունք։ Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝  ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը: Այցի շրջանակում նախատեսված է նաև ՌԴ գլխավոր դատախազի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
17:05 - 08 ապրիլի, 2021
Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թ. ընթացքում մարզում արձանագրվել է 38 անչափահասի կողմից կատարված 34 հանցագործության դեպք՝ 2019 թ. 15 անչափահասի կողմից կատարված 16 հանցագործության դեպքի դիմաց: Մարզի դատախազության հսկողության ներքո գտնված քրեական գործերով հանցավոր արարք կատարած անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, որոշ դեպքերում՝ ստորագրությունը չհեռանալու մասին՝ կապված հանցանքը կատարած անձի՝ քննության ընթացքում չափահասության տարիքի հասած լինելու հետ։ Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների  թերի և ոչ հետևողական աշխատանքով:  Մասնավորապես, դեպքերը վկայում են այն մասին, որ հանցավոր հակումներ ունեցող անչափահասների հայտնաբերման, ժամանակին հաշվառման, նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն կատարվել: Բացի այդ, մարզի տարածքում պատշաճ կերպով չի ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը, հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր չեն իրականացվել։ Ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման կապակցությամբ պետական և տեղական տարբեր մարմինների համագործակցության մակարդակը բարձր չէ։ Վերը նշված և անչափահասներին վերագրվող հանցավորությանն առնչվող մի շարք այլ խնդիրների քննարկման ու լուծման նպատակով մարզի դատախազությունից միջնորդագրեր են հղվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ու Լոռու մարզպետարան:  Միջնորդագրերի հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու Լոռու մարզպետարանում կազմակերպվել են խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Լոռու մարզի դատախազի տեղակալը և դատախազության դատախազ: Քննարկումներին որպես մտահոգիչ փաստ արձանագրվել է, որ  երիտասարդների և հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է դանակ կրելու արատավոր սովորույթը, որի պայմաններում առավել մեծանում է նույնիսկ չնչին պատճառով վիճաբանությունների արդյունքում ծանր հետևանքների առաջացման հավանականությունը:  Ընդ  որում,  դանակ կամ այլ կտրող-ծակող առարկաները, որոնք  հայտնաբերվում են անչափահասների մոտ՝ հիմնականում տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող խանութներում և փողոցային առևտրի կետերում դրված են ազատ վաճառքի։ Դատախազության կողմից նշվել է, որ անչափահասների հետ տարվող աշխատանքները պահանջում են համալիր մոտեցում, ուստի, ելնելով անչափահասների հանցավորության յուրահատկություններից և նշված բնագավառում օրենսդրության պահանջներից՝ պետք է իրավիճակից թելադրվող գործուն և կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն՝ ակտիվացնելով, առարկայական դարձնելով Ոստիկանության, ՏԻՄ-երի, ուսհաստատությունների միջև կապը, և դրա հիման վրա պետք է մշակվեն համատեղ գործողությունների ծրագրեր:  Հատուկ ընդգծվել է, որ անչափահասներին հանցավորությանը մղող գործոնների հարցում վճռորոշ նշանակություն ունի նաև սոցիալական հսկողության թուլացումը և շեշտվել, որ այդ առումով մեծ անելիք ունեն ուսումնական հաստատությունները, որտեղ կարող են վեր հանվել ինչպես երեխայի անձնային հատկանիշները, այնպես էլ՝ նրա դաստիարակության և զարգացման գործընթացում սոցիալական, ընտանեկան, կրթական ոլորտներում ի հայտ եկած  բացասական դրսևորումները։ Քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել իրավասու տարբեր գերատեսչությունների աշխատողների համագործակցության մակարդակը, անչափահասների կողմից յուրաքանչյուր հանցագործության կամ այլ իրավախախտման դեպք քննարկել առանձնահատուկ կերպով, վեր հանել դրան նպաստած պայմաններն ու պատճառները և գործուն միջոցներ ձեռնարկել Լոռու մարզում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները թե՛ քանակապես և թե՛ որակապես նվազեցնելու ուղղությամբ: Մարզի դատախազությունը հետևողական է լինելու նախանշված միջոցառումների իրականացման, դրանցով արձանագրվված արդյունքները համատեղ պարբերական քննարկումների առարկա դարձնելու հարցում:   
17:55 - 07 ապրիլի, 2021
Խոշտանգման դեպքերով դատարան ուղարկվող քրեական գործերի թիվը 2 տարում կրկնակի ավելացել է. Գլխավոր դատախազություն

Խոշտանգման դեպքերով դատարան ուղարկվող քրեական գործերի թիվը 2 տարում կրկնակի ավելացել է. Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը շարունակում է խոշտանգումների դեմ պայքարի իրավական գործիքակազմի կատարելագործման ուղեգիծը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ 2020թ.-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվել է 47 նյութ, որը 17.5%-ով ավելի է 2019թ. համեմատ: Դրանց արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է շուրջ 11%-ով: 2020թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննված 6 քրեական գործ՝ 11 անձի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով, 4-ը՝ 7 անձի վերաբերյալ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Պահպանվել է արդեն մի քանի տարի շարունակվող՝ նշված հանցակազմերով դատարան ուղարկվող ինչպես գործերի, այնպես է դրանցով քրեական հետապնդման ենթարկվող անձանց թվի ավելացման միտումը՝ վկայելով այս բնույթի հանցագործթյան դեպքերի արձանագրման, բացահայտման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվող քրեական քաղաքականության արդյունավետությունը: Համեմատության համար նշենք, որ 2019թ.-ին դատարան էր ուղարկվել 5 նման քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:  Հանցագործության նման դեպքերով քիչ չեն անձանց կողմից իրավունքի չարաշահման դրսևորումները: Տարբեր հանցագործություններ կատարած անձինք մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով դիմում-բողոքներ են ներկայացնում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: 2020թ. խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով սուտ մատնության հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում քննված մեկ քրեական գործով 1 պաշտոնատար անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկը մնում է կասկածյալների, մեղադրյալների հարցաքննությունների, նրանց մասնակցությամբ կատարվող քննչական այլ գործողությունների հազվադեպ տեսաձայնագրումը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ դեռևս 2017թ.-ի հունիսին ՀՀ դատախազության կողմից ՀՀ նախաքննական մարմինների ղեկավարներին ուղարկվել են հաղորդումներ՝ միջոցներ ձեռնարկելու քննչական պրակտիկայում կասկածյալների և մեղադրյալների հարցաքննությունների, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կատարվող այլ քննչական գործողությունների տեսագրումն ապահովելու ուղղությամբ՝ առնվազն այն դեպքերում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը չունի պաշտպան: Դատախազության նկատառումների հաշվառմամբ, նաև հիմք ընդունելով «ՀՀ ոստիկանության զարգացման 2020-2023 թվականների ռազմավարությունը»՝ Ոստիկանության մասին ՀՀ օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի՝ ոստիկանությունում խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի  հնարավոր դեպքերի նախականխման և բացառման նպատակով նախատեսվել է ոստիկանության ստորաբաժանումների շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Սահմանվել են տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման կոնկրետ ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու կառուցակարգերը: Առանձին դեպքերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները համապատասխան մարմինների կողմից անհապաղ չեն ուղարկվում համապատասխան քննչական մարմնի քննարկմանը: Այդ պատճառով հետագայում քննության ընթացքում խոչընդոտներ են ստեղծվում օպերատիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման առումով, քանի որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։ Այս խնդիրը լուծելու և խոշտանգման վերաբերյալ գործերով քննության արդյունավետության չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ վերջինիս տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք  ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով: Զուգահեռաբար ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։ Դատախազներին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննական մարմին ուղարկելու հարցը քննարկելու համար։ Խնդիր է դրվել նաև բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներին զուտ գրությամբ պատասխանելու կամ այլ կերպ անհետևանք թողնելու դեպքերը: Ելնելով նման դեպքերով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու պետության պոզիտիվ պարտականությունից՝ հանձնարարվել է անկախ ներկայացվող հաղորդումներում պարունակվող տեղեկությունների ընդհանրական լինելու հանգամանքից, միայն համապատասխան դատավարական անհրաժեշտ գործողությունները կատարելու արդյունքում որոշել քրեական գործ հարուցելու հարցը: Բացի այդ, հանձնարարվել է բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների հիմնավորվածությունը գնահատելուն ուղղված միջոցների հապաղումը, իսկ հիմքերի ընդհուպ նվազագույն հիմնավորվածության պայմաններում հարուցել քրեական գործ։ Խոշտանգման հանցագործության վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները բխում են ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված այն սկզբունքից, որ դրանք  վաղեմության ժամկետ չունեն: Ելնեով դրանից՝  դատախազությունը մեկ գործով 2020թ., ըստ էության, մերժելով ՀՀ դատական համակարգում ձևավորված պրակտիկան, ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ գտնելով, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ անկախ նրանից, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը խոշտանգումը չի ներառում այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով: Այս հարցում վերջնական հստակեցում մտցնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով Դատախազության բողոքը,  դիմել է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու այն հարցի վերաբերյալ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համապատասխանո՞ւմ է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին:
14:48 - 07 ապրիլի, 2021
ԱԻՆ-ը կդիմի դատախազին պետության հսկողության ներքո վերցնելու որևէ մեկի վերահսկողության տակ չգտնվող ապաստարանները

ԱԻՆ-ը կդիմի դատախազին պետության հսկողության ներքո վերցնելու որևէ մեկի վերահսկողության տակ չգտնվող ապաստարանները

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Հասմիկ Ամիրխանյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը: ԱԻ նախարարի հրամանով կատարվող գույքագրման գործընթացն ավարտման կետում է, այն իրականացվել է 5 փուլով: Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ և Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել: Նախարարն առանձնացրել է առաջիկայում լուծում պահանջող խնդիրները՝ այդ թվում ապաստարանների կարգավիճակի հստակեցման վերաբերյալ: Հավելել է, որ հանրապետության դատախազին է ներկայացվելու այն ապաստարանների ցանկը, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն և օրինական կարգով կվերցվեն պետության հսկողության ներքո: Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններին: Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացված փոփոխություն կրող ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, պաշտոնների անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները: 
15:45 - 05 ապրիլի, 2021
Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել |hetq.am|

Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի՝ Գրիգորյանի և Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ է թողնվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում ի սկզբանե մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Նա որոշել էր գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Բացի այդ, դատավոր Գրիգորյանը նաև որոշել էր անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին։ Այս որոշումներից երկու ամիս անց Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Պաշտոնեական կեղծիքն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այն է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննվող բողոքներից մեկով նիստ կայանալու մասին կեղծ արձանագրություն է կազմել։ Դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու հոդվածով։ Գրիգորյանի և Վարդանյանի վերաբերյալ գործը 2020 թվականի մայիսին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին, ով առանց դատաքննություն նշանակելու՝ գործի նախապատրաստման փուլում որոշում է կայացրել Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել այն։ Գլխավոր դատախազը Վերաքննիչ դատարանի դատական այս ակտն է բողոքարկել:
14:28 - 05 ապրիլի, 2021
Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Ավելի քան յոթ տարի առաջ՝ 2013 թվականին, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արդար դատաքննության վերաբերյալ 77 էջանի մի զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը։ Փաստաթղթում ասված էր, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ։ Ըստ Օմբուդսմենի Զեկույցի՝ իրենց բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ, այսպես կոչված, Վճռաբեկի «զոնալ դատավորների» ինստիտուտ: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորն իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով:  Օմբուդսմենի զեկույցում նշված է, որ բազմաթիվ փաստաբաններ իրենց հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս: Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում եւ փոխանցվում դատավորին:  Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը եւ հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում: Ըստ զեկույցի՝ դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլեւ դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում եւ, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ եւ քննարկում գործի մանրամասները: Դատավորը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար։  Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաներին՝ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա 4 կոռուպցիոն մեխանիզմներ, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Զեկույցում առկա տվյալների համաձայն՝ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: («Զոնալ դատավորների», կոռուպցիոն մեխանիզմների եւ մնացյալի մասին առավել մանրամասն՝ Զեկույցում)։ 2013 թվականին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը (այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ), այս Զեկույցին արձագանքեց Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական նամակով՝ նշելով՝ «․․․անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»: Դատախազի պնդմամբ՝ առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերեւույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:  Այս տարիների ընթացքում Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ այդպես էլ քրեական գործ չի հարուցվել, չնայած Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի համոզմամբ՝ դրանում առկա են եղել առանձին տվյալներ, մասնավորապես «զոնալ դատավորների» վերաբերյալ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար։  Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քրեական ոստիկանությունն այն կարծիքին են, որ Զեկույցում քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, թեեւ հենց Դատախազությունն է արձանագրել, որ Զեկույցը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ։  Infocom-ը գրեթե մեկ տարի է՝ պաշտոնական գրագրության մեջ է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ հասկանալու՝ ծավալուն այդ փաստաթուղթն ինչ մակարդակով է ուսումնասիրվել, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել, եւ իսկապե՞ս այն չի պարունակում հանցագործության մասին հաղորդում, որպեսզի արժանանա իրավական գնահատականի։ Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազություն, եւ մայիսի 19-ին ստացանք պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։  Հունիսին հանդես եկանք հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում արեցինք Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացանք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում արեցինք՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանեցին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնք են՝  1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ուղարկեցինք լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ։ Օրեր անց Դատախազությունից պատասխանեցին, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները ՄԻՊ նախկին պաշտպանի գնահատականներն են դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված հաղորդումը քննարկվի ՀՀ ՔԴՕ նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, Դատախազությունը հայտնեց՝ նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, ուստի հիշյալ հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Դատախազության հանձնարարականի վերաբերյալ փետրվարի 19-ին դիմեցինք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր հոդվածով եւ նախաքննական ո՞ր մարմին է այն ուղարկվել, իսկ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանությունը հարցման պատասխանի համար պահանջեց 30 օր եւ մարտի 24-ին ի վերջո պատասխանեց, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք՝ «ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 23.11.2017թ․ 1495-Ն որոշման հավելվածի 68-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։ Իսկ որոշման նշյալ կետում ասված է․  «Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձեւով, ընդունում է որոշում 1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետեւանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշների բացակայությունը»։  Այսինքն՝ ոստիկանությունը կարծում է, որ հացագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշները հիշյալ հրապարակումներում եւ դրանցում հիշատակված Զեկույցում բացակայում են։ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Գենյա Պետրոսյանն, ինչպես նշեցինք վերեւում, Infocom-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, հրապարակված Զեկույցում կան տվյալներ, որոնք կարող են լինել քրգործի հիմք․ «Հաշվի առնելով, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է համապատասխան հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, զեկույցում ներառված տվյալներից բացի այլ տեղեկություններ ներկայացվել չէին կարող: Սակայն Զեկույցում առկա են եղել առանձին տվյալներ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով՝ Զեկույցը հրապարակված է եղել զանգվածային լրատվամիջոցներում: Նրա համոզմամբ՝ այդ խնդիրները պետք է դիտարկել առավել համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Պետրոսյանի խոսքով՝ Զեկույցում բարձրացվել էր, օրինակ, ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու համատեքստում երկակի ստանդարտների կիրառման խնդիրը, ներկայացվել էին բազմաթիվ փաստեր, որոնք ակնառու էին դարձնում այս հետեւությունը, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթի հարուցման մերժումը չպատճառաբանելու պրակտիկան, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների վարույթ ընդունման հարցում հայեցողության կամայական իրականացման, երկակի ստանդարտների կիրառման խնդիրներ եւ այլն․ «Զեկույցը ենթադրել է նաեւ համակարգային բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն՝ բարձրացված բոլոր խնդիրներին լուծում տալու նպատակով եւ ենթադրել է համապատասխան գործընթացում ներգրավված պետական մարմինների լայն շրջանակ»,- ասաց Գենյա Պետրոսյանը: Թե ինչու իրավապահներն այս ողջ ընթացքում քայլեր չեն ձեռնարկում Զեկույցի առնչությամբ, ըստ մեր զրուցակցի՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պայմանավորված է եղել քաղաքական կամքի բացակայությամբ․ «2018թ.-ի հեղափոխությունից ի վեր, թեեւ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, սակայն հաճախ դրանք կրում են հատվածային բնույթ եւ ակնհայտորեն բավարար չեն դատական համակարգի առաջ ծառացած համակարգային խնդիրները լուծելու համար»,- ասաց ՄԻՊ նախկին տեղակալն ու հավելեց՝ դատական համակարգին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք բարձրացված են եղել Զեկույցում, մինչ օրս մնում են նույնչափ արդիական եւ ենթադրում են հստակ լուծումներ: Այսպիսով, հարկ է նշել, որ Հայաստանի իրավապահ մարմինները մեկ անգամ չէ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության պարագայում հարուցում են քրեական գործ, կամ առնվազն քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նյութեր են նախապատրաստում, ուստի թե այս պարագայում քրգործի հարուցումն ինչու է մերժվում, այն էլ այն դեպքում, որ Զեկույցում հստակ նշված են ենթադրյալ հանցագործության օրինակներ, անհասկանալի է։ ՄԻՊ Զեկույցի առնչությամբ նախկին գլխավոր դատախազն ընդամենը հանդես է եկել հրապարակային նամակով՝ նախկին Օմբուդսմենին ասելով, որ անհրաժեշտ է ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնել Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ։ Եւ սա այն պարագայում, երբ Զեկույցի նախաբանում նշված է, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը: Իսկ այժմ, երբ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Դավթյանը, կառույցը մեկնաբանում է, որ քրեական գործ չի հարուցվել, քանզի բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնց թվում նաեւ լրատվամիջոցի՝ հանցագործության մասին հաղորդում պարունակող հրապարակումն է։ Եւ երբ մենք լրատվամիջոցների հրապարակումներ ենք ուղարկում Դատախազություն, կառույցը դրանք ուղարկում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Ոստիկանությունը, միեւնույն է, քրեական գործ հարուցելու հիմք չի տեսնում։ Փաստորեն, իրավապահ կառույցները ՀՀ կարեւորագույն ինստիտուներից մեկի՝ ՄԻՊ-ի՝ ծանրակշիռ հայտարարություններ պարունակող Զեկույցն ուղղակիորեն թողնում են անհետեւանք, իսկ ահա այլ դեպքերով իրավական գործընթաց են սկսում։ Թե ինչ չափանիշներով են առաջնորդվում՝ հստակ չէ։ Ընդ որում՝ ՔԴՕ 176-րդ հոդվածը, որին հարցման պատասխաններից մեկում հղվել էր Դատախազությունը, եւս երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս․ պարզ չէ՝ իրավապահ համակարգը մամուլի ինչպիսի հրապարակումն է հանցագործության մասին հաղորդում դիտարկում։ Բացի դրանից՝ եթե Դատախազությունը մեր բազմաթիվ հարցումներից հետո համարում է, որ լրատվամիջոցների երկու հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, եւ դրանք ուղարկում է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները, ապա անհասկանալի է, թե մինչ այդ հիշյալ նյութերն ինչու չեն հայտնվել այս գերատեսչության դիտակետում ու միայն երկու տարի անց են ուղարկվում օպերատիվ ճանապարհով ստուգման։ Ի դեպ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ դատական համակարգում ապօրինությունների թեման շատ զգայուն է, ուստի պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ իրենց տեղեկությունները հայտնել։  Հայարփի Բաղդասարյան
18:33 - 02 ապրիլի, 2021
Ա․ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է․ Վճռաբեկը բավարարել է դատախազության բողոքը

Ա․ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է․ Վճռաբեկը բավարարել է դատախազության բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազությունը․  2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպված և իրականացված զանգվածային անկարգությունների և այլ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է կատարվում նաև զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով: 2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաքղաքում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր վերջնիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը և Ժ.Ս-ն նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել  կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել մեղադրյալի պաշտպանը որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք: Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնելով  Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու  վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է այն՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անկարգություների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար: 
17:16 - 02 ապրիլի, 2021
Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |1lurer.am|

Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված փաստաբանների ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով: Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Նշենք՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:  Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012 թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018 թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):  
18:05 - 01 ապրիլի, 2021
700.000 դրամի դիմաց պետական նմուշի դիպլոմներ են տրվել ուսանողների, որոնք չեն հաճախել դասի․ Շիրակում առերևույթ չարաշահումների գործով հարուցվել են մի շարք քրգործեր

700.000 դրամի դիմաց պետական նմուշի դիպլոմներ են տրվել ուսանողների, որոնք չեն հաճախել դասի․ Շիրակում առերևույթ չարաշահումների գործով հարուցվել են մի շարք քրգործեր

Հանրապետական և Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի, դրանց շրջանակում կատարվող օպերատիվ հետախուզական միջոցառումների, դատավարական գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական պատշաճ հսկողության արդյունքում մարզում իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար՝ պարզվում են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում անձինք աշխատանքային թույլտվություն ստանալու համար 700.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կոնկրետ բուհից ստացել են համապատասխան մասնագիտութան պետական նմուշի դիպլոմներ:   ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում այս կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր: Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց) 4 աշխատակիցների՝ 3 հոգեբանների  և 1 բաժնի պետի, համապատասխանաբար 2018 և 2019թթ. ընթացքում Գյումրիում գործող «N» արտադրական կոոպերատիվի կողմից տրամադրվել են «Հոգեբանություն» մասնագիտությամբ դիպլոմներ՝ հաստատված պետական քննական հանձնաժողովի նախագահի և ռեկտորի ստորագրություններով: Մինչդեռ, համաձայն նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների, այդ անձինք նշված ուսհաստատությունում ուսումնական գործընթացի չեն մասնակցել: Փաստի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բացի այդ, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ընկերությունում 2020թ.-ի պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցվել են հիվանդանոցում, ինչի միջոցով խաբեությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել և համադրվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում 2020թ. ընթացքում բուժումներ ստացած շահառուների և ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։ Վեց տասնյակից ավելի ծնողներ հաղորդումներ կամ բացատրություններ են տվել այն մասին, որ իրենց երեխաներին 2020թ.-ի ընթացքում տարբեր օրերի, տարբեր գանգատներով բուժօգնության են տեղափոխել նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից երեխային հետազոտելուց և դեղորայքային բուժումներ նշանակելուց հետո, նույն օրը վերադարձել են տուն: Մինչդեռ, ըստ «ԱՐՄԵԴ» համակարգում առկա տվյալների՝ երեխաները որոշակի օրերի ընդունվել են ստացիոնար բուժման և այն ավարտել օրեր անց և նրանց բուժման համար պետպատվերի շրջանակներում բուժհաստատությունը ստացել է համապատասխան չափի ֆինանսավորում: Այսինքն, ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,  առերևույթ կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, դրանք վճարման են ներկայացվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, առերևույթ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումար։Դեպքի առթիվ ևս ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հարկ է փաստել, որ Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական և իրավաչափ լինելու հանգամանքներն ստուգելու նպատակով դեռևս 2021թ.-ի մարտի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում։ Մեկ այլ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրասատման շրջանակներում պարզվել է, որ 2012-2017թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ավագանու տարբեր նիստերի արձանագրությունների համաձայն՝ նույն գյուղի թվով 9 բնակիչների անուններով, որպես սոցիալական անապահով ընտանիքներին հատկացվող օգնություն, պարբերաբար ելքագրվել են տարբեր չափերի՝ ընդհանուր 75000-ից մինչև 350 000 ՀՀ դրամ գումարներ: Մինչդեռ այդ անձինք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն դրանք չեն ստացել, շատերը առհասարակ երբևէ չեն դիմել որպես անապահով ընտանիքներ՝ սոցիալական օգնություն ստանալու հարցով, իսկ առանձին դեպքերում թեև դիմել և մեկ-կամ երկու անգամ ստացել են, սակայն իրենց անուններով մի քանի այլ ելքագրումներից ընդհանրապես տեղյակ չեն: Ընդհանուր առմամբ 2012-2017թթ-ի ընթացքում Ձիթհանքովի գյուղապետարանից՝ որպես դրամական օգնություն դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.790.000 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց չհատկացվելով՝ առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացվել է: Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված երեք քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 01 ապրիլի, 2021
Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման վերաբերյալ

Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման վերաբերյալ

 2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:    Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 216 անձի դեպքում կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 83 որոշում:   Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումները կայացվել են ինչպես օրենքով նախատեսված՝ 50.000.000 ՀՀ դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությամբ պայմանավորված, այնպես էլ այլ հիմքերով:
10:28 - 01 ապրիլի, 2021
Պատերազմի ընթացքում և հետո Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ը դատապարտվել է ազատազրկման

Պատերազմի ընթացքում և հետո Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ը դատապարտվել է ազատազրկման

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի և 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է: 63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դրանց շրջանակում անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, շրջանառության բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակները բացահայտելու, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերք ևս հայտնաբերելու նպատակով: Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում: Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող օպտիկական սարքերով հրազեններ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, վառոդաթելեր, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, տրոտիլի ապահովիչներ, էլեկտրական դետոնացման սարքեր, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ: Վերջիններս պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրվող զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել է հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ ստացվող օպերատիվ տվյալների իրացմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:         2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննված կամ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը: 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով, 2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով: Դատարանում գտնվող 1 գործով դատաքննությունը շարունակվում է։
11:16 - 31 մարտի, 2021