ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:      Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համանձայն՝ նույն օրենքի 4-33-րդ հոդվածները, որոնցով սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր հիմնական իրավական գործընթացներն ու գործառույթները, ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից։ Նկատի ունենալով, որ արդեն նշանակվել են  պատասխանատու վարչության 5 դատախազներ՝ ստորաբաժանումը համարվում է ստեղծված, և վերոնշյալ օրենքն, ըստ էության, ամբողջությամբ մտնում է ուժի մեջ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի և  նորաստեղծ վարչության նորանշանակ դատախազների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Շնորհավորելով նրանց նշանակվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ստեղծված ստորաբաժանումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության համար նախադեպը չունեցող բնույթի և ծավալների աշխատանք ենթադրող գործառույթներ, ինչը պահանջում է բազմապատիկ ավելի մեծ պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն, նվիրում ստանձնած առաքելությանը և կուռ, թիմային գործունեություն: Արթուր Դավթյանը հավելել է, որ այդ գործառույթների իրացման առումով ստեղծված նոր ստորաբաժանումից, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դատախազությունից հանրային պահանջները չափազանց մեծ են, պարտավորեցնող և բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն օրենքով սահմանված կարգով և բացառապես անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարությունը վերականգնելու և իրականացվող հակակոռուպցիոն պայքարի արյունավետությունն ապահովելու  համար: Ուստի, հիմնվելով մասնավոր և հանրային շահի համափաչ և իրավաչափ պաշտպանության սկզբունքի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից, ինչպես նաև այն ներկայացնող բոլոր դատախազներից պահանջվում է բացարձակ անաչառություն, սկզբունքայնություն, բացառապես օրենքի տառով առաջնորդվելու հաստատակամություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործընթացն առանց ձգձգումների և կանոնակարգված իրականացնելու համար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հստակ չափորոշիչներ սահմանելու, դատախազության այլ ստորաբաժանումներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու՝ օրենքով սահմանված հիմքեր պարունակող քրեական գործերի, վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը վարչությանը համակարգված և սխեմավորված տրամադրելուն առնչվող հարցեր:   
17:51 - 03 սեպտեմբերի, 2020
Պետական սեփականությունն օտարելու գործում հանցագործություն կատարած մեղադրյալների թիվն ավելացել է

Պետական սեփականությունն օտարելու գործում հանցագործություն կատարած մեղադրյալների թիվն ավելացել է

Վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես ՀՀ դատախազության, այնպես էլ քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից հետևողական քայլեր են իրականացվում այս բնույթի հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, պետությանը և համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն առերևույթ չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 49 անձի, ինչը շուրջ 32.5%-ով ավելի է 2019թ. ամբողջ տարվա (37 անձ) համեմատ: Նշված 1.5 տարվա ընթացքում համայնքային և պետական սեփականության անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում ենթադրյալ կոռուպցիոն տարատեսակ չարաշահումներ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես՝ համայնքի 34 նախկին ղեկավարի, այդ թվում Երևանի 2 նախկին քաղաքապետ, համայնքի գործող 15 ղեկավարի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետ, 1-ական՝ պաշտպանության նախկին նախարարի, ՊԵԿ նախկին նախագահի, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի, նախկին մարզպետի, ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավարի, ՀՖՖ նախկին նախագահի, ԱԱԾ մարզային վարչության պետի, պետական ՓԲԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի տնօրենի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի, մարզպետարանի վարչության պետի, բաժնի պետի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր աուդիտորի, գնահատող փորձագետի, ինչպես նաև այդ չարաշահումներում առերևույթ ներգրավված 18 քաղաքացիների:  Քրեական գործերի մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-ը վերը նշված հանցագործությունների վերաբերյալ վարույթում գտնվող 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2020թ. 1-ին կիսամյակում դատարան ուղարկված  քրեական գործով 39 մլն ՀՀ դրամի չափով ներկայացվել է 1 քաղաքացիական հայց, իսկ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով դատախազության կողմից դատարան է ներկայացվել 22մլն ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց։ 2019թ. ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերով, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 956 մլն դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 70մլն ՀՀ դրամը։ Մինչդեռ 2020թ 1-ին կիսամյակում ավարտված նյութերով և քրեական գործերով, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին հանցագործությամբ պատճառված 1 մլրդ 423մլն ՀՀ դրամի վնաս, այսինքն ամբողջ 2019թ. համեմատ մոտ 49%-ով ավելի, որից վերականգնվել է 112 մլն ՀՀ դրամը կամ՝ 60%-ով ավելի: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վերոգրյալ  քրեական գործերից 1-ով 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ (հաստատվել է համայնքային սեփականություն հանդիսացած շուրջ 32 հա հողատարածք ձևական աճուրդով և կեղծիքներով օտարելու փաստը), որից հետո 2020թ. ՀՀ գլխավոր դատախազը առաջարկություն է ներկայացրել  ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարին՝ այդ հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար։ Բացի այդ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2020թ. հայց է ներկայացվել դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող և ձևական աճուրդներով օտարված 55,88 հա հողատարածքների օտարման գործընթացը առոչինչ համարելու պահանջով։ Ապօրինի գործարքներն առոչինչ ճանաչելու, հանցավոր սխեմաներով օտարված բազմաթիվ գույքերն իրենց օրինական տիրոջը՝ պետությանը և համայնքներին վերադարձնելու, այդ նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու կամ իրավասու մարմիններին՝ համայնքային ու պետական մարմիններին ուղղված՝ պետական շահերի պաշտպանության նմանատիպ հայցեր ներկայացնելու առաջարկություններով դիմելու նախաձեռնություններ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ձեռնարկվել են նաև նախաքննության և դատական քննության ընթացքում գտնվող, այսինքն դեռևս չավարտված բազմաթիվ գործերով, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի դրանցով վերջնական արդյունքների ապահովմանը զուգընթաց:     
12:29 - 03 սեպտեմբերի, 2020
Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում անաշխատ եկամուտների ստացմամբ առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում անաշխատ եկամուտների ստացմամբ առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված ենթադրյալ կոռուպիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։  2019թ, ապրիլի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է  Շիրակի մարզային քննչական վարչությունում, հիմնավորվել է, որ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ն  անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով, դպրոցի թվով 5 աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում պարբերաբար, որոշակի ընդհատումներով ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, դպրոցի փոխտնօրեն Գ.Մ.-ի և հաշվապահներ Ս.Գ.-ի ու Ա.Մ.-ի օժանդակությամբ, աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարման տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ աշխատակիցների կողմից նշված ժամանակահատվածում կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա այդ կեղծ փաստաթղթերը հաստատվել են, ինչի հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակիցների  անվամբ հաշվարկվել ու որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր խոշոր չափերի՝ 2.162.618 ՀՀ դրամ   գումար: Արդյունքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է նշված չափերով գումարը և կատարվել է պաշտոնեական կեղծիք։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 14 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 13 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հաշվապահներերից մեկին մեղադրանք է առաջադրվել 11 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 8 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջադրված մեղադրանքներում նշված անձինք ընդունել են իրենց մեղքը, նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ե.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված  գույքային վնասը։ Շիրակի մարզի դատախազությունում հաստատվել է նշված 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:37 - 02 սեպտեմբերի, 2020
Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. քրեական գործ է հարուցվել

Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. քրեական գործ է հարուցվել

Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում և ձևավորվել գնահատող հանձնաժողով։ Հայտարարված գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ է ներկայացրել N ՍՊԸ-ն, վերջինս գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26.950.000 ՀՀ դրամ և 26.730.000 ՀՀ դրամ գնային առաջարկներով։ Նախարարության և ընկերության միջև 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել փոքր տները, որոնք պետք է ունենան առնվազն երկու սանհանգույց և պետք է պիտանի լինեն բնակության համար։ Նախարարության ներկայացուցչի կողմից տրվել է պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն, անհամապատասխանությունների մասին գրառումներ չեն կատարվել և պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է ընկերությանը։ Նախարարության ներկայացուցչի և ընկերության տնօրենի միջև կնքվել է հանձման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար և ունեն երկու սանհանգույց։ Մինչդեռ, ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիներն ու փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեև կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։ Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա և նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների համադրությունը վկայում է, որ փոքր տները չեն համապատասխանում  պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը։ Այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ «հրատապ մեկ անձ» կարգով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է բոլոր հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտե:
13:17 - 02 սեպտեմբերի, 2020
2019-2020թթ հարուցվել է 183 քրգործ՝ համայնքային և պետական գույքերի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով

2019-2020թթ հարուցվել է 183 քրգործ՝ համայնքային և պետական գույքերի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով

ՀՀ գլխավոր դատախազությունում համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ, եթե 2019թ. ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացում արձանագրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է 75 քրեական գործ, ապա միայն 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 108 քրեական գործ, կամ՝ ողջ  2019թ. համեմատ 33.3%-ով ավելի: Նշված ժամանակահատվածում հարուցված ընդհանուր 183 քրեական գործերից 105-ը վերաբերել է անշարժ գույքի օտարման գործընթացում արձանագրված չարաշահումներին, իսկ 78-ը՝ վարձակալության կամ ենթավարձակալության։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես սխեմատիկ հանցավոր դրսևորումներ՝ առավել տարածված է եղել օտարման ենթակա գույքերը ձևական աճուրդներով կամ մրցույթներով իրացնելը։ Մասնավորապես, մրցույթները  կամ աճուրդները կրել են ձևական բնույթ, մրցույթի կամ աճուրդի երկրորդ մասնակիցը ձևական է մասնակցել մրցույթին՝ ապահովելու նախապես որոշված մասնակցի հաղթանակը։ Քննությամբ հիմնավորվել են դեպքեր, երբ հրապարակային սակարկություններին որպես երկրորդ մասնակից հայտ ներկայացրած անձը իրականում չի էլ մասնակցել մրցույթին կամ աճուրդին, կամ նույնիսկ տեղեկություններ չի էլ ունեցել հրապարակային սակարկություններին իր մասնակցության վերաբերյալ: Շահագրգիռ անձ հանդիսացող մյուս մասնակցի կողմից իրենց հաղթանակն ապահովելու համար  ներկայացվել են ծանոթ կամ հարազատ անձանց վերաբերյալ փաստաթղթեր՝ նրանց գրանցելով որպես  երկրորդ հայտատու։ Բացի այդ, եղել են դեպքեր, երբ հողատեսքերն աճուրդով ձեռք բերած քաղաքացիները մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել այդ տարածաշրջանում ղեկավար դիրք զբաղեցրած պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև աճուրդի կազմակերպչի հետ (համայնքի ղեկավար, մարզպետ և այլն): Եվ տվյալ հողատեսքերը թեև գնվել են այդ քաղաքացիների տվյալներով, սակայն դրանց իրական սեփականատերը հանդիսացել են պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք: Հանցավոր սխմայում տեղ են գտել նաև այնպիսի ապօրինություններ, երբ համայնքապետի (քաղաքապետի) անձնական շահագրգռվածությամբ համայնքին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողատեսքերը ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավար աշխատակցի անմիջական մասնակցությամբ, առանց իրավական որևէ հիմքի, փոխվել է գյուղատնտեսականի, ինչի արդյունքում դրանք աճուրդի միջոցով օտարվել են անհամեմատ ցածր գնով (օրինակ՝ մի դեպքում 453.949.600 ՀՀ դրամի փոխարեն հողամասն օտարվել է 712.400 ՀՀ դրամով): Նշված հանցավոր սխեմաներից զատ եղել են նաև դեպքեր, երբ պետական սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով օտարվել է որպես համայնքային սեփականություն, կամ՝համայնքային սեփականություն հանդիսացող վերանորոգված կենցաղի տան շենքը, օրինակ, ներկայացվել է որպես կիսաքանդ շինություն և աճուրդով օտարվել համայնքի ղեկավարի աներոջը,աճուրդով օտարվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում գտնվող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր,չունենալով շենքի վթարայնության աստիճանի և ապամոնտաժման ենթակա լինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կամ որևէ այլ փաստաթուղթ՝ օրինակ, անշարժ գույքի գնահատման մեջ ոչ միայն չի ներառվել 341.656.650 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վարչական շենքը, այլ այն՝ անհիմն դիտարկելով որպես ապամոնտաժման ենթակա կառույց, հողամասի արժեքից նվազեցվել է ապամոնտաժման ծախսերի համար հաշվարկված 80.000.000 ՀՀ դրամ արժեքը և կազմվել է ՀՀ-ում գործող ստանդարտների պահանջների էական խախտումներով շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն՝ գնահատելով գույքն իրականից անհամեմատ ցածր՝ 259.304.000 ՀՀ դրամ,պաշտոնատար անձի որոշմամբ, առանց որևէ հիմնավորման, օրինակ, շուրջ 3000 քմ չափով պակասեցվել է Երևանի դպրոցներից մեկին նախկինում հատկացված տարածքը և աճուրդով օտարվել քաղաքացու, որն էլ կարճ ժամանակ անց, հողամասը բաժանելով երկու մասի, վաճառել է նույն դպրոցի տնօրենի որդուն և պաշտոնատար անձի բարեկամին: Նշված 1.5 տարվա ընթացքում (հիմնականում 2020թ. առաջին կիսամյակում) ՀՀ իրավասու մարմինների վարույթներում գտնվող գործերի քննության ընթացքում ՀՀ դատախազության անմիջական ներգործությամբ լուծվել է օրենսդրության պահանջների խախտումներով կազմված՝ համայնքային կամ պետական սեփականության գույքերի վարձակալության ևենթավարձակալության 33 պայմանագիր, դրանցից շատերի դեպքում ձևավորվել են պետության և համայնքների շահերից բխող նոր իրավապայմանագրային հարաբերություններ։ Առաջիկայում կներկայացվեն նաև նշված բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով իրականացվող քրեական հետապնդման, ինչպես նաև պետությանը և համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:
11:51 - 01 սեպտեմբերի, 2020
Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցում դատախազության փաստարկները

Վճռաբեկը հիմնավոր է ճանաչել Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի հարցում դատախազության փաստարկները

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները։ Այս մասին տեղեկացնում  է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018 թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի  և այդ որոշման վերաբերյալ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ: Վերոնշյալ քրեական գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հետագայում նրան մեղսագրվող արարքները վերաորակվել են, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, 2019 թվականին ուղարկվել էր դատարան և ներկայումս գտնվում է դատական քննության փուլում։ Նշված վճռաբեկ բողոքի կապակցությամբ, այն վարույթ ընդունելուց շուրջ մեկուկես տարի անց, օրերս, ՀՀ վճռաբեկ դատարանը դատախազությանն է ուղարկել Դատախազության բողոքի վերաբերյալ 2019թ. նոյեմբերի 7-ին ընդունած որոշումը, և ընձեռնվել է հնարավորություն ծանոթանալու դրա հիմնավորումներին: «Ըստ էության, որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ հիմնավորված է համարել դատախազության դիրքորոշումը Դավիթ Համբարձումյանի պարագայում գրավը որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց կիրառելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ ուղղակի ամրագրել է, որ ստորադաս դատարանները վերոնշյալ որոշումները կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների այնպիսի էական խախտումներ,որոնք հիմք են նրանց կայացրած դատական ակտերը բեկանելու համար»,- նշում է Աբրահամյանը։ Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել Դ. Համբարձումյանին քննության այդ փուլում մեղսագրված արարքների կատարման եղանակին, ընդգծել, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ենթադրյալ հանցանքը կատարելիս նրա՝ զինված լինելու, պաշտոնատար անձ լինելու հանգամանքները: Վերջինս նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համատեքստում դիտարկվում է որպես էական հանգամանք անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս՝ հաշվի առնելով իր պաշտոնի և հասարակական դիրքի օգտագործմամբ վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու և դրանով իսկ գործի քննությանը խոչընդոտելու առումով ունեցած առավել մեծ հնարավորությունները, առավելևս այն պայմաններում, երբ գործով որպես մեղադրյալ ներգրավվածների մեջ կան անձինք, ովքեր աշխատել են նրա ենթակայության ներքո, գտնվել են նրանից ծառայողական կախվածության մեջ, կամ որոնք նրա հետ գտնվել են մերձավոր, ազգակցական հարաբերությունների մեջ: Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, հանգել է չափազանց կարևոր հետևության առ այն, որ նման փաստական հանգամանքների պարագայում անձի զբաղեցրած պաշտոնի, ունեցած իշխանության, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում գրավը չի կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց: «Ցավոք, սակայն, Վճռաբեկ դատարանն այս որոշումը կայացրել, առավելևս այն դատախազությանն է ուղարկել մի իրավիճակում և ժամանակահատվածում, երբ քրեական գործը վաղուց արդեն դատարանում է, Դ. Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ընդունվել է այլ որոշում և, հետևաբար, կայացվելու պահին արդեն այն հետևանքների առումով որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ: Ցավոք, գործող իրավական ընթացակարգերն այնպիսին են, որ իրավական զարգացման տեսանկյունից նման խիստ կարևոր որոշումները, իրավական մեկնաբանությունները հնարավոր են դառնում այսպիսի ուշացումներով՝ ըստ էության, իմաստազրկելով կոնկրետ գործընթացը և անուղղակի կերպով անհիմն անվստահություն սերմանելով վարույթն իրականացնող մարմնի, դատախազության գործողությունների և դրանց որակի նկատմամբ: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը լավագույն պատասխանն էր այն բոլոր անառողջ քննադատությունների, որոնք նշված քրեական գործի շրջանակներում խափանման միջոցի հարցի իրավական ու հանրային քննարկումների տիրույթում հնչում էին նախաքննական մարմնի և դատախազության հասցեին»,- նշում է Աբրահամյանը:
13:31 - 29 օգոստոսի, 2020
Գլխավոր դատախազը խոշտանգման հատկանիշներով քրգործ է հարուցել

Գլխավոր դատախազը խոշտանգման հատկանիշներով քրգործ է հարուցել

ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը: 2020թ. հունիսի 7-ին Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրից (ՁՊՎ) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում իրազեկում է ստացվել այն մասին, որ ՁՊՎ ընդունվելիս քաղաքացի Կ. Մ.-ի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ և քրեծվածքներ: Այդ կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Կ. Մ.-ն վիճաբանել է իր հարևանի հետ, որից հետո ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և նույն վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ, ձեռքով հարվածներ հասցրել ոստիկանության ծառայողներից երկուսի դեմքին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը Կ. Մ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ մարմնական վնասվածքներն ստացել է տան բակում չորացած ծառի ճյուղերը կտրելու ժամանակ՝ հավելելով, որ որևէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և իրեն մարմնական վնասվածքներ չի պատճառել: Նա հրաժարվել է ենթարկվել նշանակված դատաբժշկական փորձաքննությանը: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2020թ. հունիսի 17-ին կայացվել  է հանցադեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Կ. Մ.-ի առցանց դիմումը, որով նա հայտնել է, որ ԶՊՎ-ում իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնության հետևանք են եղել, իսկ այդ մասին մինչ այդ չի հայտնել իր վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու քննիչի խոստման դիմաց: Նախապատրաստված նյութերին ՀՀ գլխավոր դատախազությունում ծանոթանալու և կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ որոշումը հիմնավոր չէ: Մասնավորապես, ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած մի քանի նախադեպային որոշոմների լույսի ներքո խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության եվրոպական չափանիշներով չեն ապահովվել քննության անկախությունն ու անկողմնակալությունը, քանի որ գործով քննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության այն նույն բաժնի հետաքննիչը,  որի  ծառայողների գործողություններն առնչվել են ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորմանը: Բացի այդ, ողջամիտ կասկածների տեղիք է տվել նաև Կ.Մ.-ի մարմնին հայտնաբերված մարմնական վնասվածքների քանակը և բնույթը: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ըթնացքում միջոցներ չեն ձեռնարկվել այդ վնասվածքները Կ. Մ.-ի բացատրությամբ նկարագրված պայմաններում առաջանալու հանգամանքը պարզելու, մասնավորապես առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ուղղությամբ: Ելնելով վերոգրյալից, դեպքի իրական հանգամանքները միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ նախապատրաստված, հետաքննիչի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են պետական ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից Կ. Մ.-ին առերևույթ խոշտանգելու հանցակազմի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի իրազեկման առթիվ նախապատրաստված նյութերով կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և մի խումբ անձանց կողմից անձին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
11:53 - 28 օգոստոսի, 2020
Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:«Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, 2020 թվականի փետրվարի 24-ին չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:2020 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են քրեակատարողական ծառայության երկու աշխատակից»,- գրել է Աբրահամյանը: Գլխավոր դատախազը հայտնում է, որ պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն՝ դեպքին այլ պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով։
15:58 - 27 օգոստոսի, 2020
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել «Աղձքի հայ արքաների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում․ դատախազություն

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել «Աղձքի հայ արքաների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Պարզվել է, որ Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով 2018թ. հունվարի 30-ի պայմանագրով ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 15մլն ՀՀ դրամ սուբսիդիա: Գրեթե նույն ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեից համապատասխան պայմանագրով ՊՈԱԿ-ին, որպես դրամաշնորհ, հատկացվել է ևս 12մլն ՀՀ դրամ գումար: Դրանց հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայոց Արքաների դամբարանի հետազոտում» ծրագրի շրջանակներում թվով 6 անձանց մասով նույն թվականի ապրիլ- հունիս ամիսների համար սահմանել է ամսական աշխատավարձ և նրանցից 3-ին գործուղել ՀՀ Արագածոտնի մարզ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ նրանց հատկացրնելով նաև վարձակալած տրանսպորտային միջոց՝ ամեն օրվա համար վճարելով 16.700 ՀՀ դրամ վարձավճար և տրամադրելով 15լ բենզին: Պարզվել է, որ չնայած միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված գիտական հաշվետվությանը դրական եզրակացություն է տվել 2018թ. մայիսի 29-ին, սակայն ՊՈԱԿ-ը միայն 2018թ. հունիսին է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն հայտ ներկայացրել հուշահամալիրում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման թույլտվության համար, ինչի հիմքով 2018թ. հունիսի 15-ին ՊՈԱԿ-ին տրվել է թույլտվություն: Բացի այդ, ըստ առկա փաստաթղթերի, Աղձքի հուշարձանի տարածքում մայիս, հունիս ամիսներին պեղումներ չեն կատարվել: Փաստորեն, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով 2018թ. ապրիլից հունիս ամիսներին «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու թույլտվություն չունենալու, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում փաստացի պեղումներ չկատարելու հանգամանքը, կազմել են առերևույթ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր և պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից յուրացման ձևով ենթադրաբար հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9.000.000 ՀՀ դրամ՝ հավելավճարի, գուրծուղման ծախսերի, տրանսպորտային միջոցի վարձակալության, բենզինի, ինչպես նաև բանվորներին որպես աշխատավարձ դուրս գրելու միջոցով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցներին գիշերավարձի և օրապահիկի համար կատարված վճարումներն իրականացվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Իսկ գործուղումների ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցին յուրաքանչյուր օրվա համար 15լ բենզին տրամադրելու հանգամանքը վկայում է, որ աշխատակիցները նույն օրը վերադարձել են աշխատանքի հիմնական վայր, ինչի պայմաններում նրանց չպետք է տրվեին գիշերավարձի և օրապահիկի համար նախատեսված գումարները: Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության կողմից ՊՈԱԿ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում պարզվել է, որ 2015-2018թթ. «Աղձքում» պեղումների համար պետական բյուջեից հատկացված միջոցներից «որպես այլ մասնագիտական ծառայությունների, այլ ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» տողերից պակաս վճարված 11.6մլն ՀՀ դրամն ուղղվել է ծառայողական գործուղումներին և ավտոմեքենաների վարձակալություններին: Ընդ որում, ներքին աուդիտը պեղումների գործընթացի արդյունավետությունը համարել է խնդրահարույց՝ աշխատանքային խմբում համապատասխան մասնագետների բացակայության պատճառաբանությամբ: Այսինքն նախարարության և կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով պեղումների համար հատկացված միջոցների փաստացի կատարված ծախսերի անհամապատասխանությունը նախահաշվին, պեղումների համար կարևոր մասնագիտական ծառայությունների համար հատկացված 11.6մլն ՀՀ դրամի միջոցները պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ուղղել են արշավախմբի անդամների փոխադրումներին և ծառայողական գործուղումներին, թեև դրանց համար արդեն իսկ հատկացված են եղել ֆինանսական միջոցներ: Բացի ադ, արշավախումբը համապատասխան մասնագետներով համալրված չլինելու պայմաններում ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքներն ընդունել են որպես պատշաճ կատարված պարտավորություն՝ պետությանը պատճառելով նույնքան վնաս: Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված՝ առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 27 օգոստոսի, 2020
Բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության հերթական դեպքը. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է

Բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության հերթական դեպքը. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի» և «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ իրենց անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդիրներին վերաբերող վեճերը լուծելու համար քաղաքացիների կողմից դիմելու հերթական դեպքերը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 21-ին հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որտեղ ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են  «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, «քրեական հեղինակության» կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը, այդ խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձը և «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմած անձը: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրենից առերևույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը: Այդ նպատակով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը վեճի լուծման գործընթացին մասնակից է դարձրել իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամնների և այդ խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձանց Բացի այդ դեպքից, պարզվել է, որ «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող  անձը, տեղեկանալով, որ գումար պարտք մնացած անձը, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից տեղափոխվել ու պահվում է, գումարային հարցի  վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) իր անօրինական ազդեցությունն օգտագործելով  լուծելու համար հանձնարարել է «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձին՝ բաց թողնել գումարը պարտք մնացած անձին՝ հետագայում նշված խնդիրը (վեճը) անձամբ լուծելու նպատակով: Հանձնարարությունը «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից կատարվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաատրանի 2020թ. օգոստոսի 26-ի որոշմամբ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
12:40 - 26 օգոստոսի, 2020
26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը

26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների, քրեական հետապնդման մյուս մարմինների, իրավասու գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությամբ շարունակվում է քրեաիրավական հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների և դրա հետ կապված կոռուպցիոն դրսևորումների դեմ: 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 273 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 64-ով կամ շուրջ 31%-ով: Դրանցից 64-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (51 դեպք) ավելի է շուրջ 25%-ով: Նման ցուցանիշները պայմանավորված են լատենտային բնույթ կրող նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման ուղղությամբ իրականացված հետևողական աշխատանքով, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու, հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ: Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 132․909․458 ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17.155.594 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման նպատակով: Միջոցներ են ձեռնարկվում համապատասխան սուբյեկտների կողմից վնասի ամբողջական ծավալը վերականգնելու ուղղությամբ: Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ յուրաքանչյուր հանցավոր իրավախախտման դեպքին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածությունը պարտադիր քննության առարկա դարձնելու քրեական քաղաքականությունը: Դրա ազդեցությամբ բարձրանում է վերջինների զգոնությունը իրենց սպասարկման և պատասխանատվության գոտում գտնվող անտառային տնտեսությունների պահպանման, ծառահատումների դեպքերի արձանագրման, խախտումների մասին օպերատիվ կերպով իրավապահ մարմիններին տեղեկացնելու հարցում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել է 4 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.743.000 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։ 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 26%-ով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործերը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 17 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում՝ 21 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ: Դատարանում քննված և ավարտված 10 քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.891.620 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից պետական իրավասու մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ: Նշված քրեական գործերով դատախազության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 6 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 1 միջնորդություն: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով՝ նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով համապատասխան մարմիններին հղվել է 3 միջնորդագիրր:
17:54 - 25 օգոստոսի, 2020
Սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով. հարուցվել է քրեական գործ

Սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների, հանցավոր դրսևորումների, սնակության կառավարիչների հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին առնչվելու դեպքում այդ տվյալներն անհապաղ հասու դարձնել ՀՀ դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ դատախազություն դիմած՝ սնանկության գործով պարտապան հանդիսացող անձի կողմից ներկայացված հանգամանքների կապակցությամբ: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու նպատակով վերաբերելի անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և տվյալ գործով սնանկության կառավարիչից: Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հունվարի 11-ի վճռով բավարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ դիմումը և «Ջրհան» ՓԲԸ-ին ճանաչել է սնանկ: Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի, Մ. Մաշտոցի փողոցում գտնվող՝ նշված ընկերությանը պատկանող 2,88566 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի և 3939.51 քմ արտադրական նպատակային նշանակության շենք շինությունների շուկայական արժեքը գնահատվել է 50.400.000 ՀՀ դրամ, որը 2019թ. հոկտեմբերի 22-ին օտարվել է ընդամենը 6.808.645 ՀՀ դրամով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականում առկա են եղել նաև 365,5քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք թեև չեն գնահատվել, սակայն նշված գույքերի հետ միասին փոխանցվել են գնորդին: Սնանկության մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը»: Այսինքն սնանկության կառավարիչը, օժտված լինելով գույքի տնօրինման գործառույթով, նախքան գույքի օտարումը չի իրականացրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա գույքի շուրջ 10%-ը կազմող 365,5քմ մակերեսով ինքնակամ շինությունների պետական գրանցում, որի հետևանքով առանց իրական շուկայական արժեքը որոշելու, ակնհայտ անշահավետ պայմաններով օտարել է այն՝ պարտատերերին, այդ թվում՝ պետությանը պատճառելով 5.400.000 ՀՀ դրամի խոշոր չափի վնաս: Մինչդեռ գրանցման արդյունքում էականորեն կավելանար գույքի արժեքը և պահանջարկը: Ընդ որում, օտարված Գույքի ծավալի կազմում առկա է եղել նաև 90 մետր խորությամբ և 219 մմ խողովակներով և զտիչներով ամրակապված խորքային հոր, որը չի ներառվել գույքագրման ակտում և չի գնահատվել, ինչը ևս էականորեն նվազեցրել է գույքի արժեքը: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ակնհայտ անշահավետ պայմաններով գույքն օտարելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:57 - 25 օգոստոսի, 2020
Վայոց Ձորի մարզի հանրակրթական դպրոցներում անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր են պարզվել. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Վայոց Ձորի մարզի հանրակրթական դպրոցներում անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր են պարզվել. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերը պարզելու ուղղությամբ՝ նմանատիպ դեպքերը հետայսու բացառելու նպատակով: Այդ շրջանակներում, Վայոց ձորի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով Վայոց ձորի մարզպետարանից և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից պահանջվել և ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նշված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու և նրանց վարձատրության հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ: Իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական մի շարք դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես պահակի, լաբորանտի, հավաքարարի, դռնապանի, բացի այդ նաև ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին նշանակված անձանց կողմից 2007 թվականից մինչև 2019 թվականը, տարբեր ժամանակահատվածներում,  տևական ժամանակով /10 օրից մինչև մի քանի ամիս/ աշխատանքի չհաճախելու, ընդհուպ հանրապետությունց բացակայելու, սակայն աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պայմաններում նրանց անվամբ աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում Գլաձորի միջնակարգ դպրոցում պարզված փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը  նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մարզի ևս 18 դպրոցներում և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է 2 դեպքում` համաներման ակտի կիրառման, 5 դեպքում վաղեմության ժամկետներն անցնելու, 11 դեպքում` տնօրենների արարքում հանցակազմի բացակայության /պատճառված վնասը չի գերազանցել օրենքով սահմանված շեմը/, մի դեպքում` հանցագործության դեպքի բացակայության  հիմքով: Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը՝ շուրջ 3.000.000 ՀՀ դրամ, դպրոցների նախկին և գործող տնօրենների կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
11:50 - 25 օգոստոսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման:  Նշված գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը: Հիշեցնենք, որ օրենքի հիշյալ դրույթները ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Ներկայումս ընթացող ուսումնառության պրոցեսի ավարտման արդյունքում՝ սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ստորաբաժամման ձևավորումը։ Սոցիալական արդարության վերահաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների մեկնարկելուն և իրականացնելուն ուղղված մի շարք հանձնարարականեր է տվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին և դատախազներին:   Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020թ. ընթացքում վարույթում քննված (ավարտված) կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով  առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր:  Բացի այդ, ըստ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ երկրորդ փուլով դատախազները, համագործակցելով ՀՀ ոստիկանության, հետաքննության և նախաքննության մարմինների, ՀՀ դատական դեպարտամենտի հետ, պետք է  մինչև 2020թ. հոկտեմբերի կեսը ներկայացնեն վերոնշյալ տվյալները պարունակող այն քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք վարույթում քննվել են 2010-2019թթ. ընթացքում: Հանձնարարվել է նաև՝ սկսած այն պահից, երբ ձևավորված կհամարվի ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագուն ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանումը, շարունակաբար տասնօրյա ժամկետում վերջինիս փոխանցել ընթացիկ վարույթում քննվող այն քրեական գործերի տվյալները, որոնցով քննությամբ ի հայտ կբերվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու վերը նշված հիմքերը:
17:54 - 24 օգոստոսի, 2020
Դավիթ Մելքոնյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից․ նրան կփոխարինի Գևորգ Բաղդասարյանը

Դավիթ Մելքոնյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից․ նրան կփոխարինի Գևորգ Բաղդասարյանը

ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը: Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում:  ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով, իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:          Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:  ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Գևորգ Բաղդասարյանի կենսագրությունը Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2008թ. փետրվարի 12-ից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական: 2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ: 2014թ. մարտի 17-ից մինչեւ 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչեւ 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015թ. մարտի 31-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երեւան քաղաքի դատախազի տեղակալ: ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ: ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ: Արդարադատության առաջին դասի խորհրդական է: ՀՀ դատախազության կոլեգիայի եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է: ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է: Բարձրագույն որոկավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է; 2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում: Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի: ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
15:01 - 24 օգոստոսի, 2020
Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան

Կարեն Գաբրիելյանի՝ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ցուցաբերած գործունեության արդյունավետությունը. Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ժողովուրդ» թերթը, հավատարիմ մնալով կեղծիքն ու բանբասանքային ինտրիգը լրատվության հումք դարձնելու իր լավագույն ավանդույթներին, այսօր մի նոր անհեթեթություն է գրել այն մասին, թե իբր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին տեղափոխվել է այն պատճառով, որ վերջին շրջանում նրա գործողությունների շուրջ կասկածելի գործարքների մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվել, և գլխավոր դատախազը նրան «բերել է Երևան վատ հետևանքներից խուսափելու և իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար»։ Ավելորդ է ասել, որ այդ այսպես կոչված լուրը իրականության հետ որևէ աղերս չունի և հեղինակի վառ երևակայության, դատախազության թիրախավորման ընդգծված ուղեգծի և գլխավոր դատախազի դեմ անձնավորված մաղձի հերթական արգասիքն է։ Հատկանշական է նախ այն հանգամանքը, որ հրապարակման մեջ անգամ ձևի համար որևէ «կասկածելի գործարքի» օրինակ, գոնե մեկ քիչ թե շատ խելքին մոտ փաստ չի վկայակոչվում, երկրորդ՝ թերթի ամենաարժանահավատ աղբյուրները, փաստորեն, շարունակում են մնալ տարածվող իբրև թե խոսակցությունները, Գյուլնազ տատի հեքիաթները։ Իրականում Կարեն Գաբրիելյանի՝ ՀՀ գլխավոր դատախազություն տեղափոխման հիմքում ընկած է նրա ղեկավարությամբ Շիրակի մարզի դատախազության ցուցաբերած գործունեության բարձր արդյունավետությունը, ինչը բազմիցս ներկայացվել է դատախազության պաշտոնական հաղորդագրություններով, այդ արդյունավետությունը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն ունեցող՝ Գլխավոր դատախազության նշված վարչության համար ծառայեցնելը, ինչպես նաև շատ դեպքերում հենց պաշտոնեական առաջխաղացմամբ ուղեկցվող ռոտացիայի՝ ՀՀ դատախազությունում վաղուց կիրառվող կառուցակարգը։ Թերթի պրոֆեսիոնալիզմի այսպիսի շրիշակային նշաձողը և նման գործելաոճը, սակայն, նորություն չեն և զարմանալի չեն։ Զարմանալին այն է, թե ինչպիսի թեթևությամբ են լուրի անվան տակ հրամցվող նման անհեթեթ բանբասանքները մամուլի տեսության ժանրում արագ տիրաժավորվում այլ լրատվամիջոցների կողմից՝ անգամ փորձ չանելով ստուգելու դրանում նշվող հանգամանքները»։
12:26 - 22 օգոստոսի, 2020