ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը

Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը։ Այս մասին, «Ukrinform»-ի փոխանցմամբ, Զելենսկին ասել է Եվրոպական խորհրդին և Եվրոպայի ժողովուրդներին ուղղված տեսաուղերձում։ «Գլխավորն այն է, որ դուք համախմբվել եք, և մենք, իհարկե, գնահատում ենք դա։ դուք պատժամիջոցներ կիրառեցիք, դրանք հզոր քայլեր են, բայց մի փոքր ուշացած: Քանի որ եթե դա կանխարգելիչ լիներ, Ռուսաստանը չէր գնա պատերազմի: Դուք արգելափակեցիք «Հյուսիսային Հոսք-2»-ը, մենք դրա համար շնորհակալ ենք, և դա ճիշտ էր, բայց էլի մի փոքր ուշացած: Որովհետև եթե դա արվեր ժամանակին, Ռուսաստանը գազային ճգնաժամ չէր ստեղծի»,- ասել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ գագաթնաժողովը, որտեղ քննարկվել է Ուկրաինայում իրադրությունը։
09:53 - 25 մարտի, 2022
Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանի և Բալթյան երեք երկրների կառավարությունները կոչ են արել Եվրամիությանը ամբողջությամբ արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ամեն օր ռուսական և բելառուսական հազարավոր բեռնատարներ Ռուսաստանին մատակարարում են ապրանքներ և ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրան շարունակել իր ռազմական գործողությունը Ուկրաինայում: Մենք կոչ ենք անում ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու՝ արգելելու ցամաքային բեռնափոխադրումների շարժը թե՛ Ռուսաստանից և Բելառուսից, թե՛ դեպի այդ երկրներ», - ասված է ԵՄ մյուս երկրներին ուղղված հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Լեհաստանի կառավարությունը։ Այն ստորագրել են Լեհաստանի, Էստոնիային, Լատվիայի և Լիտվայի վարչապետերը։ Նշված երկրները նաև կոչ են անում արգելելու ռուսական և բելառուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ։ «Որպեսզի այս երկու միջոցներն իսկապես արդյունավետ լինեն, դրանք պետք է միաժամանակ ձեռնարկվեն: Մենք համոզված ենք, որ վերոնշյալ միջոցները տրանսպորտային ոլորտում կսահմանափակեն Ռուսաստանի ագրեսիան շարունակելու հնարավորությունը»,- ասվում է նամակում։
21:34 - 24 մարտի, 2022
Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Լուսանկարը՝ AFP/Իրպեն քաղաք Ուկրաինա ռուսական ներխուժումից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Բրյուսելում այս թեմայի վերաբերյալ կանցկացվի երեք գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Deutsche Welle պարբերականը գրում է դրա մասնակիցների, կայանալիք հանդիպումների օրակարգերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց Արևմուտքում շարունակում են պատերզմը կանգնեցնելու ուղիներ փնտրել։ Մարտի 24-ին Բրյուսելում միանգամից երեք գագաթնաժողով կկայանա՝ ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) և Եվրամիության։ Բոլոր երեքին էլ կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկին կմիանա տեսակապի միջոցով, Բայդենը ֆիզիկապես ներկա կլինի․ մարտի 23-ի երեկոյան նա արդեն ժամանել է Բրյուսել։   Ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և էներգետիկա Եվրամիությունն Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների արդեն չորս փաթեթ է սահմանել։ ԵՄ-ում պարբերաբար կրկնում են, որ պատրաստ են նոր սահմանափակումների։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նոր փաթեթը կազմելիս ավելի ու ավելի դժվար է դառնում էլ ավելի կոշտ պատժամիջոցներ գտնելը՝ Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը։ Տարբերակներից մեկը Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքն է։ Նախևառաջ, նավթային էմբարգոյի կոչեր են հնչում, չէ՞ որ «սև ոսկին» ավելի հեշտ է գնել այլընտրանքային մատակարարներից, քան գազը։ Այս առաջարկը չի սատարել ԵՄ խորհուրդը մարտի 21-ին։ գագաթնաժողովներին, ըստ ամենայնի, այս գաղափարը կրկին կքննարկվի։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բրյուսելյան հանդիպումների նախօրին ասել է, որ, քանի դեռ պահպանվում է մեծ կախվածությունը ՌԴ էներգակիրներից, էմբարգո չի սահմանվելու։ Միաժամանակ ԵՄ երկրները վստահեցնում են, որ ակտիվորեն աշխատում են այդ կախվածության նվազեցման ուղղությամբ։ Այլ առաջարկներ էլ կան։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է ՌԴ դրոշի տակ նավարկող նավերին արգելել իր նավահանգիստներ մտնել, իսկ ռուսական և բելառուսական բեռնատարներին՝ ապրանք տեղափոխել ԵՄ երկրներ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի երկու աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։ Պատժամիջոցների մասին են խոսելու նախևառաջ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այն անցկացվելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, որտեղ ավելի վաղ անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար շրջանակների հանդիպումը՝ G7-ի երկրների մեծ մասի առաջնորդների, այդ թվում՝ Բայդենի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ։ Բրյուսել կժամանի նաև Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։   ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի հարցերը Հինգշաբթի երեկոյան կսկսվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Առաջին օրվա գլխավոր և միակ թեման կլինի պատերազմն Ուկրաինայում, մյուս հարցերը կքննարկվեն ուրբաթ օրը։ Փետրվարի կեսերին՝ դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն առաջարկել էր Ուկրաինայի համար դոնորների կոնֆերանս անցկացնել։ Այն ժամանակ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով նրա տնտեսական իրավիճակը վատթարանում էր։ Իսկ այժմ այն էլ ավելի է վատթարացել։ Վերջերս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ տնտեսության շուրջ 30%-ը չի աշխատում պատերազմի պատճառով։ Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։ Ինչպես ասել է ԵՄ կառույցներում Deutsche Welle-ի աղբյուրը, կարճաժամկետ հեռանկարում այդ հիմնադրամը պետք է Կիևին միջոցներ տրամադրի պետական իշխանության մարմինների աշխատանքի սատարման, ինչպես նաև պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների հիմնական՝ բնակարանի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների պահանջմունքների բավարարման համար։ Երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամից կֆինանսավորվեն մասշտաբային ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնման համար։ Գումարներ կուղղվեն նաև այն նպատակին, որ Ուկրաինան Արևմուտքում տնտեսապես ավելի արմատավորվի։ Deutsche Welle-ի զրուցակցի խոսքով պլանավորվում է հիմնադրամը ստեղծել միջազգային դոնորական կոնֆերանսի օգնությամբ։   ՆԱՏՕ-ն մի կողմ է քաշվել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից Պատերազմի մեկնարկից հետո ու Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու և Ուկրաինային օգնելու հարցում հիմնական դերը խաղում էր ԵՄ-ն։ Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ փախստականներ ընդունելը ՆԱՏՕ-ի գործը չեն։ Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերողն էլ դաշինքը չէ, այլ դրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը։ Միակ բանը, որ անում է ՆԱՏՕ-ն վերջին մեկ ամսում, իր արևելյան թևի պաշտպանության ուժեղացումն է՝ Բալթյան երկրներից մինչև Ռումինիա և Բուլղարիա։ Նման զսպվածության պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ջանասիրաբար խուսափում է այն գործողություններից, որոնք Մոսկվան կարող է ներկայացնել որպես պատերազմին դաշինքի միջամտություն։ Այս առումով հատկանշական է մարտի 16-ի դեպքը։ Այդ օրը Բրյուսելում կայացել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Սակայն դա արել էր Բայդենը Վաշինգտոնում, այլ ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում»։   Նորա Վանյան
14:20 - 24 մարտի, 2022
Վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա․ ԵՄ դեսպան
 |azatutyun.am|

Վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա․ ԵՄ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ՝ «սառեցնող ազդեցություն» ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա, հղում անելով ԵԽ նախադեպային իրավունքին՝ «Ազատության» հարցման ի պատասխան ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, շեշտելով հատկապես, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ պետություն է։ Ազատ արտահայտման իրավունքը խոչընդոտող օրենքը պետք է շատ կոնկրետ և հստակ սահմանափակում պարունակի, որպեսզի այն իրավաբանորեն կանխատեսելի և հստակ լինի, նշել է դեսպանը։ «Ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ օրենքը կկիրառվի ժողովրդավարական և ոչ կամայական սկզբունքով՝ օբյեկտիվ չափանիշների հիման վրա և արդյո՞ք այն կլինի անկախ դատական վերահսկողության տիրույթում, որտեղ դատավորները կդիտարկեն սանկցիայի համաչափությունը։ Եթե վիրավորանքը հավասարվի ատելության խոսքի, որը կարող է հանգեցնել բռնության օրինականացման, տարածման կամ խթանման, ռասայական ատելության, այլատյացության, հակասեմիտիզմի կամ անհանդուրժողականության վրա հիմնված խտրականության կամ ատելության այլ ձևերի, այդ պարագայում՝ պատժամիջոցները կամ սահմանափակումները կարող են ավելի խիստ լինել», - ասել է Անդրեա Վիկտորինը։ Հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ծանր վիրավորանքի քրեականացման հետ կապված տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգությունները, դեսպանը պատասխանել է, որ Եվրամիությունը՝ բրյուսելյան իր գործընկերների հետ ուշադրությամբ հետևում է իրավիճակին և իրականացնում է սեփական իրավական վերլուծությունը։ Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ընդհանուր խորհրդակցություն են ունեցել Գլխավոր դատախազի հետ և ոչ միայն ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի շուրջ։ «Մենք խոսեցինք մի շարք խնդիրների մասին և շատ խորը և հանգամանալից քննարկում ունեցանք։ Համոզված եմ, որ նա շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին», - եզրափակել է Անդրեա Վիկտորինը։
16:00 - 23 մարտի, 2022
Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել․ Զախարովա

Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել։ Զախարովան նաև պնդել է, որ Ռուսաստանն «ամեն օր հումանիտար միջանցքներ և բնակավայրերից մարդկանց տարհանում է կազմակերպում»։ «Բայց ԵՄ-ն ոչ մի կերպ ազդեցություն չի գործադրում Կիևի վրա, որ ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ բնակչության հետևում՝ օգտագործելով նրանց որպես «մարդկային վահան», և չարգելափակեն նրանց ելքը դեպի Ռուսաստան։ Ըստ երևույթին, ԵՄ-ի կողմից այս փաստերի ճանաչումը կարող է ոչնչացնել արևմտյան լրատվամիջոցներում ջանասիրաբար ստեղծված կեղծ «պատկերը», որը խեղաթյուրում է ռուսական հատուկ ռազմական գործողության իրական առաջադրանքներն ու մեթոդները»,- հայտարարել է Զախարովան։ Այս հայտարարությունը Զախարովան արել է՝ ի պատասխան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի ելույթի, որտեղ նա նշել էր․ «Համոզված եմ, որ Պուտինը փախստականներին օգտագործում է որպես գործիք, որպես զենք: Նրանք (ռուսական կողմը- խմբ․) չեն ոչնչացրել տրանսպորտային ենթակառուցվածքը. նրանք պարզապես ոչնչացնում են քաղաքները՝ սպիպելով, որ խաղաղ բնակիչները սարսափեն և փախչեն։ Մենք պատրաստ ենք օգնելու նրանց բոլորին»։ Բորելը ՌԴ-ին նաև մեղադրել էր Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
14:48 - 23 մարտի, 2022
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Արցախում գազի դադարեցման կապակցությամբ
 |civilnet.am|

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Արցախում գազի դադարեցման կապակցությամբ |civilnet.am|

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի civilnet.am: Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Արցախ գազի մատակարարման երկրորդ անգամ դադարեցման կապակցությամբ։ «Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազամատակարարումը կրկին դադարեցնելու կապակցությամբ։ Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը տեղի տուժած բնակչությանը։ Եվրամիությունը կոչ է անում վերահսկող մարմիններին վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։ Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
14:27 - 23 մարտի, 2022
Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան

Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ՆԱՏՕ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը Ջո Բայդենը գրծընկերների հետ կխորհրդակցի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից։ Երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Սալիվանին հիշեցրել է Չինացի գործընկերոջ հետ հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների զրույցի մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք այդ հանդիպումներից հետո ԱՄՆ-ն որևէ նախանշան տեսել է Չինաստանի՝ ՌԴ-ին աջակցել/չաջակցելու մասով։ Սալիվանը պատասխանել է, որ ինքը չի կարող ապագայի կանխատեսումներ անել․ «Ես կարող եմ ձեզ ասել, որ այդ հանդիպումներից կամ Սի Ծինփինի հետ նախագահի զրույցից ի վեր՝ մենք չենք տեսել, որ Չինաստանը Ռուսաստանին ռազմական տեխնիկա տրամադրի։ Բայց, իհարկե, սա մի բան է, որին մենք ուշադիր հետևում ենք և կշարունակենք հետևել։ Եվ Բայդենը նախագահ Սիին պարզաբանել է նման տեխնիկայի տրամադրման հետևանքները, նրանք շատ լավ հասկանում են միմյանց»: Անդրադառնալով նրան, թե արդյո՞ք ՆԱՏՕ գագաթնաժողովի օրակարգում ընգրկվելու է Չինաստանի հարցը, և փորձ արվելո՞ւ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, եթե Չինաստանը ՌԴ-ին օգնություն տրամադրի, Սալիվանը նշել է, որ Բայդենը Բրյուսելում գտնվելու ընթացքում այդ թեմայի շուրջ կխորհրդակցի ինչպես ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ ԵՄ առաջնորդների․ «Սա հնարավորություն կտա, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի մեր գործընկերները սերտորեն համակարգեն մեր ուղերձը: Մենք հավատում ենք, որ մեր եվրոպացի գործընկերների հետ նույն կողմում ենք և այս հարցում միաձայն ենք արտահայտվելու»։ Ջեյք Սալիվանը մարտի 14-ին հանդիպել էր Չինաստանի իր գործընկերոջը և քննարկել Ուրաինայում պատերազմի համատեքստում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Իսկ մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ երկու ժամ տևողությամբ զրույց էր ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ վերջինիս ներկայացնելով «Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերելու հետևանքները ոչ միայն Միացյալ Նահանգների հետ Չինաստանի հարաբերությունների, այլև ողջ աշխարհի համար»։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին կայանալու է ՆԱՏՕ արտահերթ գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
09:50 - 23 մարտի, 2022
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին
 |1lurer.am|

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին |1lurer.am|

1lurer.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վրա: «Պարո՛ն Կլաար, Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Լեռնային Ղարաբաղը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին: Տիկի՛ն Միյատովիչ, Ձեզ դեռ հետաքրքրո՞ւմ են մարդու իրավունքները»,- գրել է Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Արցախի ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների ուշադրությունը նույնպես հրավիրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: 
14:29 - 22 մարտի, 2022
Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները

Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները

Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները: Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։ Նախարարը հաստատել է, որ Բրյուսելի հանդիպման ժամանակ քաղաքական որոշում կկայացվի կրկնապատկելու ԵՄ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների  ֆինանսավորումը՝ հասցնելով այն 1 միլիարդ եվրոյի։ Բուրբոքի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը հոգ կտանի, որ գերմանական ընկերությունները արագ կատարեն համապատասխան պատվերները։ Միաժամանակ, նախարարը հրաժարվել է խոսել Ուկրաինային զենք տրամադրելու մանրամասների մասին՝ այդ մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար։ Նախարարը նաև հայտարարել է, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում Ուկրաինայում։ Ի պատասպան այն հարցին, թե արդյո՞ք Գերմանիան կաջակցի ռուսական էներգակիրների մատակարարումների էմբարգո սահմանելուն՝ նախարարը խոսել է Բեռլինի՝ նավթի և գազի այլընտրանքային մատակարարներ գտնելու ձգտման մասին․ «Մենք աստիճանաբար, բայց շատ ակտիվորեն կազատվենք ռուսական էներգակիրներից կախվածությունից»։ Հիշեցնենք, որ Ջոզեպ Բորելը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ դեմ էներգետիկ սանկցիաները ներառելու են նաև նավթի էմբարգոն, նշել էր, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն դա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը։
17:51 - 21 մարտի, 2022
Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, այդ թվում՝ նավթի արգելքը․ Reuters

Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, այդ թվում՝ նավթի արգելքը․ Reuters

Եվրամիությունը պետք է խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կենտրոնանալով էներգետիկ ոլորտի վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայտարարել են Լիտվայի և Իռլանդիայի արտգործնախարարները։ Բալթյան երկրներն, այդ թվում՝ Լիտվան, պնդում են, որ պետք է նավթի էմբարգո սահմանվի՝ որպես հաջորդ տրամաբանական քայլ, նշել են Reuters-ի աղբյուրերը։ Սակայն Գերմանիան կոչ է անում հապճեպ որոշումներ չկայացնել՝ հաշվի առնելով Եվրոպայում էներգակիրների արդեն բարձր գները։ «Մենք չենք կարող խուսափել էներգետիկ ոլորտի մասին խոսելուց, և անկասկած կարող ենք խոսել նավթի մասին, քանի որ այն ապահովում է ամենամեծ եկամուտը Ռուսաստանի բյուջեում», - ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։ Կրեմլի դեմ վերջին երեք շաբաթվա ընթացում ԵՄ սահմանած պատժամիջոցների չորս փաթեթները Ռուսաստանին չեն ստիպել փոխել մոտեցումներն ուկրաինական հարցում։ Այդ պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի և Բելառուսի 685 քաղաքացու, ինչպես նաև՝ ռուսական ֆինանսական և առևտրային ոլորտների վրա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Բրյուսել է ժամանելու՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ և G7-ի գագաթաժողովներին մասնակցելու, որոնց ընթացքում քննարկվելու է Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցների խստացումը։ Պատժամիջոցների հինգերորդ փաթեթն ընդլայնելու է ԵՄ «սև ցուցակները»՝ ներառելով նոր անուններ։ Սակայն, հաշվի առնելով ԵՄ կախվածությունը ռուսական էներգակիրներից, տնտեսական առումով ամենաբարդ հարցը ռուսական նավթի ներկրման սահմանափակումն է, որն արդեն կիրառել են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ Reuters-ի աղբյուրները նշել են, որ Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումը կամ դրա մայրաքաղաք Կիևի հուժկու հրետակոծումը կարող է խթան լինել էներգետիկ էմբարգոյի սահմանման համար։ Մոսկվան էլ զգուշացրել է, որ ռուսական նավթի դեմ ԵՄ պատժամիջոցները կարող են իրեն ստիպել փակել գազատարը դեպի Եվրոպա։ Ներկա պահին Եվրամիությունը, որի գազի սպառման 40%-ն ապահվում է Ռուսաստանը, իսկ դրա անդամ Գերմանիան այս հարցում ամենամեծ կախվածությունն ունի Եմ երկրների շարքում, տարակարծիք է էներգետիկ խնդրի լուծման հարցում։ Ֆրանսիայի դիրքորոշումը, որն այժմ նախագահում է ԵՄ-ում, վճռորոշն է լինելու։ Իսկ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատժամիջոցների հարցում «տաբուներ» լինել չեն կարող։ Նորա Վանյան
16:36 - 21 մարտի, 2022
Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով

Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։ Պեսկովի խոսքով նման որոշումը կհարվածի բոլորին։ «Այս թեման (ռուսական նավթի էմբարգոյի- խմբ․) շատ բարդ է, քանի որ նման էմբարգոն կազդի, և այն էլ շատ լուրջ, նավթի համաշխարհային շուկայի վրա: Դա լրջորեն կազդի Եվրոպայում էներգետիկ բալանսի վրա: Միևնույն ժամանակ, ամերիկացիները կմնան իրենց հույսին: Եվ նրանք իրենց շատ ավելի լավ կզգան, քան եվրոպացիները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական ռուսական նավթի էմբարգոյի ներդրումը, և ինչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել Ռուսաստանը այս առումով։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունն իր անանուն աղբյուրին հղումով գրել էր, որ ԵՄ որոշ արտգործնախարարներ ասել են, թե անհրաժեշտ է ռուսական նավթի էմբարգո սահմանել։ Այնուհետև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ դեմ էներգետիկ սանկցիաները ներառելու են նաև նավթի էմբարգոն, նշել էր, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն դա։
16:11 - 21 մարտի, 2022