Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին |armenpress.am|

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղություների շուրջ:   Ողջունելով Հանրապետության նախագահի մասնակցությունը համաժողովին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ լինելով պրոֆեսոր, հաջողակ գործարար, դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը կարողացել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ներկայացնել աշխարհին: «Անկախությունից ի վեր նա մեզ հետ է և իր նպաստն է բերում ոլորտի զարգացմանը՝ այդ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելով, վերազգային ընկերություններին բերելով Հայաստան և աջակցելով մեր ընկերություններին՝ ներկայանալ աշխարհին»,-ասել է Երվանդ Զորյանը: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ լիովին աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին: «Ինձ դուր եկավ համաժողովի անվանումը՝ «Սիլիկոնյան լեռներ»: Կարծում եմ՝ այսօր կատարվող քայլերը «բլուրներ» են, որոնք մի օր միավորվելով՝ կդառնան Սիլիկոնյան լեռներ»,- նշել է նախագահը: Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, մեքենայական ուսուցումը, մաթեմատիկական մոդելավորումը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն ներկայացնող ուղղություններ են: «Ես երազանք և տեսլական ունեմ Հայաստանը նավահանգիստ դարձնել համաշխարհային տվյալների օվկիանոսում: Մենք միշտ ասում ենք, որ Հոնկոնգը, Սինգապուրը, Շանհայը և այլ վայրեր հաջողել են: Պատճառներից մեկն այն էր, որ նրանք նավահանգիստներ ունեին: Եթե 150 տարի հետ գնանք, համաշխարհային առևտրի մեծ մասը իրականացվում էր ոչ թե Մետաքսի ճանապարհով, այլ՝ նավահանգիստների միջոցով: Այն երկրները, որոնք մեծ նավահանգիստներ կառուցելու հնարավորություն ունեին, աստիճանաբար դարձան արդյունաբերության հանգույցներ: Սակայն միայն նավահանգիստ ունենալը բավարար չէ, պետք է շատ աշխատել, համախմբվել և կենտրոնանալ: Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը և ջանքերը՝ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Այդ ուղղություններն են՝ նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը,- ընդգծել է նախագահը:- Աշխարհում այսօր մեծ մրցակցություն կա, և պետք է շատ ջանք գործադրել, շատ աշխատել՝ հաղթելու և տեղեկատվական ոլորտում սեփական նավահանգիստը կառուցելու համար: Մենք կարող են շատ բան անել միասին՝ և՛ արտերկրի մեր հայրենակիցների հետ, և՛ մենք՝ Հայաստանում, որպես պետություն, որպես կառավարություն, որպես մասնավոր հատված, ա՛յն հայերի հետ, որոնք արդեն ներգրավված են արդյունաբերության մեջ, և ա՛յն հայերի հետ, որոնք վաղն են ներգրավվելու: Հավատում եմ, որ կարող ենք «Սիլիկոնյան լեռներ» ունենալ, քանի որ մենք աշխատասեր, ազնիվ, ճկուն ազգ ենք, որը դժվարություններ է վերապրել և գտել ճիշտ լուծումները: Դա մեր ԴՆԹ-ում է: Յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի: Երբ կհամախմբվենք, ջանքեր կներդնենք, կձևավորենք բոլորիս համար գերակա առաջնահերթությունը՝ նոր տեխնոլոգիաների զարգացումը, համարելով, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա աշխարհի տեխնոլոգիական առաջատար երկիր, միայն այդ դեպքում կհաջողենք»: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին, մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը: «Այս նախաձեռնությունը կարող է լինել ևս մեկ բլուր, որը լեռ կստեղծի»,-ավելացրել է նախագահը՝ նշելով, որ նախատեսվում է ATOM-ի շրջանակում միավորել համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ IBM-ը, Dassault systemes-ը, THALES Group-ը, Elettronica-ն, նրանց հետ ստեղծելով գիտահետազոտական կենտրոններ: «Որպեսզի կարողանանք դա անել, պետք է կապեր հաստատենք այդ ընկերությունների հետ՝ դառնալով ոչ թե նրանց արտադրանքը սպառողը, այլ՝ նրանց գործընկերը նոր տեխնոլոգիաների ստեղծման, արհեստական բանականության, մեքենաշինության ոլորտներում: Հենց սա է ATOM-ի նպատակը: Մենք պետք է նրանց բերենք Հայաստան, կազմակերպենք լաբորատորիաներ, որտեղ կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ: Հիշյալ բոլոր ընկերությունները նշում են, որ կցանկանան աշխատել մեզ հետ ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության ոլորտում»,-ասել է նախագահը: Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հրավիրել է նաեւ մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների, այդ թվում՝ հայտնի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրվելու է արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին: Նախատեսվում է նաև մեր երկրում հյուրընկալել STARMUS 6-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։ Հաջորդ տարի ծրագրվող մյուս նախաձեռնությունը Չինաստանին նվիրված՝ Horasis-China միջազգային համաժողովի անցկացումն է, որի շրջանակում Հայաստան կայցելեն շուրջ երեք հարյուր չինական ընկերություններ։ «Մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորիդ: Հուսով եմ՝ միասին կկարողանանք իրականացնել մեր երազանքը՝ Հայաստանը վիրտուալ և տեղեկատվության ոլորտի մեծ միջազգային նավահանգիստ դարձնելով համաշխարհային տվյալների օվկիանոսում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:  
11:56 - 04 դեկտեմբերի, 2019
Telefonica-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. Արմեն Սարգսյանը հանդիպել է ընկերության տնօրենի հետ

Telefonica-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. Արմեն Սարգսյանը հանդիպել է ընկերության տնօրենի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույններից մեկը համարվող՝ իսպանական Telefonica ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անխել Վիլա Բոյի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Telefonica-ն ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և տվյալների փոխանցման, պահպանության ծառայություններ է մատուցում 24 երկրում և ունի ավելի քան 350 միլիոն հաճախորդ։ Զրուցակիցները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները և հնարավորությունները՝ նշելով, որ մեր երկիրը նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջ է ընթանում հաստատուն քայլերով։ Telefonica ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ կուսումնասիրեն Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները մասնավորապես ամպային (cloud) տեխնոլոգիաների ոլորտում և առաջիկայում կներկայացնեն իրենց առաջարկությունները։
10:13 - 02 դեկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է «Սիմենս» ընկերության ղեկավարի հետ

Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է «Սիմենս» ընկերության ղեկավարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձևավորել։ Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։
07:22 - 02 դեկտեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Նշվել է, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել, մասնավորապես, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգություն, զբոսաշրջության, անշարժ գույքի և մի շարք այլ ոլորտներ։
07:16 - 01 դեկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը մասնակցել է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Արմեն Սարգսյանը մասնակցել է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին: Մինչ գագաթնաժողովի բացումը Հայաստանի նախագահը գրառում է կատարել բանկի Պատվավոր հյուրերի գրքում։ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին։ Նշելով, որ Արևելյան գործընկերությունը միավորում է Եվրամիությունն ու Եվրոպայի արևելքում և Կովկասում գտնվող վեց երկրների, և որ այս տարի նշվում է ԱլԳ հիմնադրման 10- ամյակը՝ նա ասել է, որ նախաձեռնության անդամ 6 երկրները միմյանցից շատ տարբեր են իրենց բնակչության թվով, տնտեսությամբ, քաղաքական կառուցվածքով, աշխարհաքաղաքական ու առևտրային ուղղվածությամբ: Առևտրի տեսանկյունից ԵՄ-ն նրանց բոլորի համար հիմնական գործընկերներից է: «ՎԶԵԲ-ը մշտապես նշում է, որ մենք երկարաժամկետ բարեկամներ ենք,-ասել է բանկի նախագահը։ - Արևելյան գործընկերության տարածաշրջանը հարուստ է և խոստումնալից ներդրողների համար: Տասնամյակներ շարունակված հաջող համագործակցությունից հետո այժմ ժամանակն է նայել առաջ: Մենք ՎԶԵԲ-ում հավատացած ենք, որ քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է լինեն լավ կառավարումը և օրենքի գերակայությունը»։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցել է Արևելյան գործընկերության երկրներին՝ կառուցելու կայուն տնտեսություն՝ կենտրոնանալով երեք ոլորտների վրա: «Առաջինը՝ մենք անցում ենք կատարել դեպի ավելի դինամիկ տնտեսություն՝ բարելավելով գործարար միջավայրը,-ասել է Յոհաննես Հանը: - Երկրորդը՝ մենք բարելավել ենք գործընկեր երկրների կարողությունը՝ օգտվելու ԵՄ և միմյանց հետ համագործակցության առավելություններից: Մենք նաև աջակցություն ենք ցուցաբերել գործընկեր երկրներին՝ հասնելու մակրոտնտեսական կայունության: Ես քաջալերում եմ ձեզ բոլորիդ՝ բիզնես հանրությանը, ինչպես նաև մյուսներին, շարունակել ներդրումներ կատարել այս տարածաշրջանում: Այստեղ մեծ ներուժ կա»: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի վարչապետների, Վրաստանի փոխվարչապետի հետ մասնակցել է «Խթանելով աճը. հնարավորություններ ներդրողների համար» խորագրով լիագումար քննարկմանը։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, ներդրումային միջավայրի ու մթնոլորտի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև մարտահրավերները։ Մինչ քննարկումը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ կատարած հիանալի աշխատանքի համար: «Ես անձամբ գիտեմ, որ դա հեշտ չէ, քանի որ տարիներ առաջ՝ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ես խորհրդատվություն էի տրամադրում ՎԶԵԲ նախագահներին»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Կատարած աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ հանձնակատարին և մաղթել նոր հաջողություններ։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողները մտնեն Հայաստանի պես փոքր շուկա ունեցող երկիր, նախագահ Սարգսյանն ասել է, որ կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է պետք ներդրումներ անել Հայաստանում: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը:- Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն բնակչություն, սակայն, փոքր երկիր լինելով, համաշխարհային ազգ է: Արտասահմանում բնակվում է 4-5 անգամ ավելի շատ հայ: Նրանց մեծ մասը նաև ՀՀ քաղաքացիներ են: Ես ամեն ամիս ստորագրում եմ մարդկանց բազմաթիվ դիմումներ, ովքեր ստանում են Հայաստանի անձնագիր: Ուստի, երբ մտածում եք Հայաստանի մասին, պետք է մտածեք փոքր պետության, բայց համաշխարհային ազգի մասին: Մեր շուկան 15 միլիոնանոց շուկա է, ոչ թե 3 միլիոնանոց: Արտասահմանում բնակվող շատ հայեր, հատկապես հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում: Ուստի, երբ մտածում ենք Հայաստանում ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ կան տեղացի հայեր, համաշխարհային հայեր և այլք: Երկրորդը՝ հայկական շուկան փոքր է, սակայն մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և սպասում ենք դրա վերջնական վավերացմանը, որպեսզի ավելի ու ավելի մոտ լինենք ԵՄ-ին թե՛ տնտեսական կապերի, թե՛ առևտրի, թե՛ այլ առումներով: Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, ինչը հավելյալ 170 մլն մարդ է ենթադրում: Հայաստանը կարող է լինել դարպաս ցանկացածի համար, ով ուզում է ներդրումներ անել տարածաշրջանում: Էլ չեմ խոսում այն փաստի մասին, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի մասին համաձայնագրեր ստորագրում ԵԱՏՄ և նախկին Խորհրդային Միության անդամ երկրների հետ։ Երրորդը, դուք կարող եք վստահել Հայաստանին: Մեկուկես տարի առաջ մենք ունեցանք հեղափոխություն, որի ղեկավարները շատ անցնցում կերպով դարձան կառավարության անդամներ։ Դա հեղափոխություն էր, որը ստացավ թավշյա անվանումը։ Սա մի երկիր է, որտեղ ձեր խոնարհ ծառան՝ նախագահը, առանց վախենալու, առանց թիկնապահների փողոցներով քայլեց դեպի այնտեղ, որտեղ 200-300 հազար մարդիկ ցույցի էին դուրս եկել: Դուք կարող եք վստահել Հայաստանին, մեր երկրում անգամ ամենամեծ փոփոխությունները կարող են իրականացվել շատ հանգիստ։ Դուք կարող եք Հայաստանին վստահել ձեր գումարները: Եթե հազարավոր տարիներ հետ դառնանք, մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում հայերը հայտնի էին որպես առևտրականներ, թանկարժեք զարդեր պատրաստողներ: Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դուք կարող եք վստահել Հայաստանին: Կարող եք ձեր գումարը վստահել Հայաստանին՝ որպես պետություն և որպես ֆինանսական կենտրոն: Հայաստանի բանկային սեկտորն այն քչերից է, որը ներկայացնում է միջազգային բանկային ոլորտը: Մեր երկրում ունենք մեծ եվրոպական բանկեր, տարածաշրջանային, ռուսական և այլ բանկեր: Եվ բանկային համակարգը մեզ մոտ շատ կայուն է: Հայաստանը փոքր երկիր է, բայց հարուստ է բնական պաշարներով՝ պղնձով, ոսկով, գյուղատնտեսական ներուժով: Նա հարուստ է նաև ջրով: Բնությունն արտադրում է շուրջ 8 միլիարդ խորանարդ մետր ջուր: Հայաստանն օգտագործում է միայն 1 խորանարդ մետրը: Մենք կարող ենք մեր պաշարները կիսել մեր հարևանների հետ: Սա փոքր, սակայն հարուստ երկիր է, չունի նավթ կամ գազ, սակայն ունի այլ հարստություններ: Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով: Խորհրդային Միությունում նա հայտնի էր որպես մի վայր, որտեղ խիստ զարգացած էին ակադեմիական գիտությունը, հետազոտությունները: Երբ նայում ես 10-12 միլիոնանոց հայկական համայնքին, որտեղ էլ որ նրանք լինեն՝ Արգենտինայից Նյու Յորք, Լիբանան կամ Կալկաթա, նրանք ամեն տեղ առաջինը կառուցում էին եկեղեցի, ապա դպրոց: Հայաստանը մի վայր է, որտեղ դպրոցական երկրորդ դասարանից սովորեցնում են շախմատ խաղալ: Եվ վերջապես, Հայաստանը կենտրոնացած է ապագայի վրա, այդ իսկ պատճառով մեր բնական պաշարների վրա հիմնված արդյունաբերությունների հետ մեկտեղ մենք կենտրոնանում ենք նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ տեղեկատվության կառավարման վրա: Անգամ երկրի նախագահն ունի իր՝ նախագահական նախաձեռնությունը, քանի որ նախագահը նաև մաթեմատիկական մոդելավորման մասնագետ է: Ուստի ես հրավիրում եմ ձեզ Հայաստան: Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը»։ Ի պատասխան այն հարցի, թե ինչ մարտահրավերներ կան, նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բոլորս համաձայնեցինք, որ շատ ընդհանրություններ ունենք ոչ միայն պատմականորեն, մշակույթի առումով, այլև տնտեսական գրավչության տեսանկյունից: Կարծում եմ՝ բոլորս միասին կարող ենք շատ ավելի գրավիչ լինել, քան անհատապես: Կուզենայի տեսնել համատեղ նախագծեր, որոնք կիրականացնենք Վրաստանի հետ միասին, որը աջակցություն կստանա ԵՄ և ՎԶԵԲ կողմից: Հայաստանը երիտասարդ երկիր է ոչ թե բնակչության տարիքի, այլ ոգու առումով: Երկրում մեծ թվով ստարտափներ են գործում: Մենք երիտասարդ ժողովուրդ ենք, և, որպես այդպիսին, ուրախ չենք, որ ունենք 7 տոկոսանոց տնտեսական աճ: Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք ավելին: Որպես երկրի նախագահ՝ պետք է նշեմ, որ Հայաստանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Հպարտ եմ, որ մեր հասարակությունը փոխվում է՝ դառնալով ավելի ժողովրդավար, բաց քաղաքացիական հասարակություն: Սա Հայաստանում փոփոխությունների հիմքն է: Այս աշխարհը դառնում է շատ ավելի անկանխատեսելի ու բարդ, և պետք է ավելի ժողովրդավար դարձնես սեփական երկիրդ, ամուր քաղաքացիական հասարակությամբ, տնտեսական աճի ազատությամբ: Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Այս հարցում կարևոր է ունենալ իմունիտետ: Ես զգացողություն ունեմ, որ իմ երկրում մենք ի վերջո հասնում ենք նրան, որ ոչ թե պայքարենք կոռուպցիայի դեմ, այլ ստեղծենք հասարակություն, որն ունի իմունիտետ ընդդեմ կոռուպցիայի: Արագ աշխարհը, արագ փոփոխությունները, արագ որոշումները ժամանակ են պահանջում՝ երկիրն անձեռնմխելի դարձնելու համաշխարհային ռիսկերից: Եվ դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ ոչ մի կոռուպցիա, պետք է լինի ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, բաց տարածք ներդրումների և բոլորի համար»: Ամփոփելով իր խոսքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հետևյալ ուղերձն է հղել․ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, շատ սերտ հարաբերություններ ունի ԵՄ, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետ: Սա եզակի երկիր է, որը մոտ հարաբերություններ ունի Եվրոպայի և Եվրասիայի, հյուսիսի և հարավի հետ: Ես հրավիրում եմ եթե ոչ գալիք, ապա դրան հաջորդող տարում ՎԶԵԲ-ի՝ նման մի հանդիպում էլ կազմակերպել Հայաստանում՝ կենտրոնանալով ԵՄ և ԵԱՏՄ միջև հնարավոր համագործակցության վրա»։ Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին և իր գործընկերներին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների: «Դրանցից մեկը կլինի հայտնի «Մտքերի գագաթնաժողով»-ը, որի թեման լինելու է արհեստական բանականությունը, տնտեսական կառավարումն ու աշխարհաքաղաքականությունը,- ասել է Հայաստանի նախագահը: - Գագաթնաժողովին կմասնակցեն բարձրաստիճան միջազգային գործիչներ: Ցանկանում եմ ձեզ նաև հրավիրել հաջորդ տարի մեզ մոտ կայանալիք Doing Business մեծ համաժողովին, որը կազմակերպվում է Չինաստանի հետ: Եվ վերջապես, հրավիրում եմ բոլորիդ սեպտեմբեր-հոկտեմբերին գալ Հայաստան, որտեղ կազմակերպվելու է հայտնի STARMUS-ի 6-րդ փառատոնը: Սա լինելու է տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության, արվեստի և բիզնեսի փառատոն: Այն նվիրված է լինելու «Ապոլլոն-Սոյուզ» թռիչքին, մասնակցելու են տիեզերագնացներ, գործարարներ, երաժիշտներ: Հաջորդ տարի բոլորիդ հրավիրում եմ Հայաստան»։
13:58 - 22 նոյեմբերի, 2019
Նախագահը և փոխվարչապետը Լոնդոնում մասնակցում են ՎԶԵԲ Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին

Նախագահը և փոխվարչապետը Լոնդոնում մասնակցում են ՎԶԵԲ Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին

Նախագահ Արմեն Սարգսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր Լոնդոնում մասնակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Արմեն Սարգսյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին: Գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնելու ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանելու Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը: Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը կունենա նաև երկկողմ հանդիպումներ։ Փոխվարչապետի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Տիգրան Ավինյանը, ով ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչն է, ներդրումային գագաթնաժողովի շրջանակում նաև հանդիպումներ է ունենալու Deutsche Bank-ի ու Goldman Sachs-ի ներկայացուցիչների հետ:
10:57 - 22 նոյեմբերի, 2019
Նախագահ Սարգսյանը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Նախագահ Սարգսյանը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին: Գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնելու ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանելու Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը: Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ։
13:43 - 21 նոյեմբերի, 2019
Չես կարող կյանք, հաջողություն, գիտելիք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում․ նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում

Չես կարող կյանք, հաջողություն, գիտելիք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում․ նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային բազմոլորտ հարթակ է: Գագաթնաժողովը Կատարի հիմնադրամի նախաձեռնություններից մեկն է, անցկացվում է հիմնադրամի նախագահ և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հովանավորությամբ՝ սկսած 2009 թվականից։ Գագաթնաժողովի նախկին բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը և այլ հեղինակավոր գործիչներ։ Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։ Ելույթ ունենալով համաժողովում՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է․ «Ցանկանում եմ սկսել շնորհակալության խոսքով՝ ուղղված Նորին Գերազանցությանը, որը հրավիրել է ինձ ներկա գտնվել այստեղ ոչ միայն խոսելու, այլև լսելու և սովորելու համար, քանի որ կրթությունը հավերժ է և բոլորի համար:Կրթությունը մեր կյանքի, մեր գործունեության, մարդկության ամենակարևոր մասն է: Ցանկանում եմ Նորին Գերազանցությանը շնորհակալություն հայտնել նաև Կատարի հիմնադրամ այցելելու հնարավորության համար: Այն իսկապես միջազգային հիանալի, ապագային նայող վայր է: Սակայն ամենաշատն ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ՝ գրադարան այցելությունը կազմակերպելու համար: Ես իսկապես մեծ հաճույք ստացա: Դրա մի մասը, որը նման է հնագիտական վայրի, պարունակում է 65 հազար ձեռագրեր, որոնք պատմում են ոչ միայն Կատարի, այլև ողջ տարածաշրջանի մշակույթի ու մարդկության պատմությունը: Կան միլիոնավոր գրքեր, որոնք պատմում են այսօրվա մարդկության պատմությունը, ներկայացնում են ողջ հարստությունն այն ամենի, ինչ ունենք՝ գիտություն, տեխնոլոգիաներ, մշակույթ: Այնտեղ գտնվելու ժամանակ իմ մեջ միտք առաջացավ այս վայրը անվանել «ժամանակի դարպաս», որը մեզ կապում է հարյուր հազարավոր տարիներ հետ գնացող մեր անցյալի հետ, սակայն նույն գրադարանում կարող ես նայել դեպի ապագան, մտածել, թե ուր պետք է շարժվել: Իհարկե, երբ մտածում ես «ժամանակի դարպասի» մասին, սկսում ես մտորել ժամանակի մասին, այն մասին, թե որտեղ ենք մենք ու ինչ ենք անում: Այսօր աշխարհը փոքր-ինչ շփոթված է․ մենք չգիտենք, թե ուր ենք շարժվում, այնքան շատ հարցեր կան ու քիչ պատասխաններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում այս աշխարհում: Աշխարհն անկանխատեսելի է թվում, անկառավարելի: Ի՞նչ ենք անելու հաջորդիվ: Թույլ տվեք այս մասին հայտնել իմ կարծիքը, և ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպաս»-ը՝ հետ գնալով 100-150 տարի: 100-150 տարի առաջ մարդկությունն օգտագործում էր այն մեծ գաղափարներն ու տեսությունները, որոնց հեղինակներն էին Իսահակ Նյուտոնն ու մյուսները: Դասական մեխանիկան կառավարում էր ամեն բան, այն պատասխան էր տալիս ամեն հարցի: Գիտությունը կարողանում էր բացատրել ամեն բան, այդ թվում՝ տիեզերքն ու մոլորակները: Սակայն աստիճանաբար իրավիճակը փոխվեց։ Հատկապես խորը տիեզերական ուսումնասիրությունների կամ փոքր մասնիկների ուսումնասիրությունների ժամանակ դասական մեխանիկան այլևս չէր կարողանում շատ երևույթների բացատրությունը տալ: Երբ համեմատում ես 150 տարի առաջ գիտության մեջ տեղի ունեցած երևույթները ներկայի հետ, տեսնում ես, որ պատմությունը կրկնվում է: Այսօր ևս գիտությունը փոքր-ինչ շփոթված է, շփոթված են գիտնականների, ուսուցիչների, համալսարանների մեծ մասը, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ սովորեցնել երեխաներին, այնքան շատ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Իսկ պատասխանը եկավ ինքն իրեն: Մարդկային հանճարները, ի դեմս Ալբերտ Էյնշտեյնի, Հայզենբերգի և մյուսների, ստեղծեցին հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան: Սա ամբողջությամբ փոխեց մեր մոտեցումը, փիլիսոփայությունը և տրամաբանությունը շատ հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է փոխել ողջ մտածելակերպը՝ ընդունելով քվանտային աշխարհը, որտեղ ամեն բան ներդաշնակ է: Հաջորդ 100 տարիների ընթացքում աշխարհը, երկրներն ու հասարակությունները, մենք բոլորս քաղելու ենք այն արդյունքները, որոնք բերել է քվանտային աշխարհի նոր մտածելակերպը: Երբ մտածում եմ մեր օրերի աշխարհի մասին, այսօր շփոթմունքն ավելի մեծ է: Ի՞նչ պետք է անել հաջորդիվ: Ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպասը»: Աշխարհը բացարձակ տարբեր է: Երբ նայում եմ «ժամանակի դարպաս»-ի միջոցով, տեսնում եմ հետևյալ կարգախոսը՝ «Բարի գալուստ նոր, քվանտային աշխարհ»: Սա մի աշխարհ է, որտեղ կարևոր է անհատի ուժը: Նայեք մեր երեխաներին: Նրանք ծնվում են, բնության հետ նրանց առաջին շփումը ոչ միայն մեխանիկական է կամ նյութական, այլև վիրտուալ: Նրանք սկսում են ապրել երկու կյանքով՝ իրական ու վիրտուալ: Սմարթ հեռախոսները դառնում են նրանց առօրյայի մասը: Նրանց համար իրական գրքերը չաշխատող iPad-ներ են: Փոխվել է առողջապահությունը: Արհեստական բանականության, քվանտային ֆիզիկայի ներդրմամբ մենք կկարողանանք շատ արագ կարդալ մեր ԴՆԹ-ն, կկարողանանք ավելի երկար ապրել, հաղթել հիվանդություններին: Կփոխվի նաև արդյունաբերությունը: Այսուհետ մեքենա կարող են ստեղծել երկու ռոբոտներ: Այս դեպքում՝ ո՞րն է լինելու մարդկային գործունեությունը: Մարդկային գործունեությունը լինելու է ստեղծարարությունը, դիզայնը, այս ամենի վերահսկումը: Անհատներն այսուհետ փոխկապակցված են լինելու: Մենք արդեն քվանտային ենք այն առումով, որ մեր հաղորդակցումը կարող է տեղի ունենալ լույսի արագությամբ: Մեզնից յուրաքանչյուրն իր գրպանում գիտելիքների մի ամբողջ շտեմարան ունի: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք կարող ենք դա օգտագործել, կարևոր ու գեղեցիկ բան ստեղծել այդ գիտելիքից: Քվանտային աշխարհում, որտեղ մենք ապրելու ենք, լինելու է անհատի ուժը: Մենք արդեն իսկ ապրում ենք այդ աշխարհում: Քվանտայինը դարձել է նաև մեր քաղաքականության մի մասը»,-ասել է նախագահը: Իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորել է կրթությունը՝ տաղանդը գտնելու իր կարևոր առաքելությամբ: «Ամեն երեխա ծնվում է տաղանդով: Բախին չեն սովորեցրել գրել երաժշտություն, նա ծնվել էր այդ տաղանդով, սակայն պետք է ստեղծել ճիշտ միջավայր և խրախուսել տաղանդը,- ասել է Արմեն Սարգսյանը: - Իհարկե, տաղանդ գտնելը հեշտ չէ, դա պահանջում է համբերություն, սեր, մեծ աշխատանք: Սակայն դա շատ կարևոր է, որպեսզի երեխաները գտնեն իրենց տաղանդը»։ Հայաստանի նախագահն ընդգծել է, որ եթե նույնիսկ մարդը հաջողակ, տաղանդավոր և հզոր է, երբեք չպետք է մոռանա, որ իր շուրջը կան հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնք հասանելիություն չունեն նույն տեխնոլոգիաներին, տեղեկատվությանը: Ուստի, երբեք չպետք է մոռանալ մյուսների մասին: «Հանճարները չեն ծնվել հարուստ քաղաքներում, նրանք ծնվել են փոքր գյուղում՝ քիչ հայտնի վայրում: Պարտականություն ունեք միշտ հիշել այդ ամենի մասին»,- ասել է նախագահը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեր կանքի նոր խթանիչ ուժը պետք է լինի այն, որ երիտասարդները հավատան իրենք իրենց: «Դուք պետք է հավատաք, որ կարող եք լինել ստարտափ և լինել հաջողակ, քանի որ սա ստարտափերի ժամանակաշրջան է,-ասել է նախագահը։ - Հավատացեք ինքներդ ձեզ: Արդյոք գիտելիքները, տեղեկատվությունը բավական են: Կարծում եմ՝ ոչ, քանի որ կա մեկ այլ՝ ավելի կարևոր բան՝ ձեր ինքնությունը, ձեր մարդկային արժեքները, հավատը, ձեր մշակույթը: Դուք պետք է ձեր մշակույթը շատ լավ իմանաք: Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ տաղանդը բացահայտելու և դրան աջակցելու համար, բայց նաև պետք է համոզված լինենք, որ, այդ տաղանդը կարող է ավելի հարստանալ մշակույթի, ազգի, ընտանիքի շնորհիվ: Մարդկային էներգիան, տաղանդն ու հանճարը կարող են լինել և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ: Այն, ինչը մեզ պաշտպանում է, մարդկային արժեքներն են, սեփական պատմության, մշակույթի, կրոնի մասին գիտելիքները, ինչը շատ կարևոր է: Ես հավատում եմ, որ կարող ես ապրել անապատում ու ունենալ հաջողակ կյանք, անապատում ստեղծել գիտելիք ու մշակույթ: Սակայն չես կարող կյանք, հաջողություն, գիտելիք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում»։ Ելույթի վերջում հաջողություն մաղթելով բոլորին՝ նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մարդ մնում է երիտասարդ, երբ ապրում է ամեն օր մի նոր բան սովորելով, սովորեցնելով կամ ստեղծելով: «Մաղթում եմ բոլորին երիտասարդ, գեղեցիկ ու առողջ կյանք»,- եզրափակել է Հայաստանի նախագահը:
12:26 - 20 նոյեմբերի, 2019
Հայաստանի և Կատարի միջև փոխգործակցության մեծ հնարավորություններ կան․ Արմեն Սարգսյան

Հայաստանի և Կատարի միջև փոխգործակցության մեծ հնարավորություններ կան․ Արմեն Սարգսյան

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։ Վարչապետ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատարի Պետություն՝ կարևորելով միջպետական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետության կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանն աջակցելու համար՝ նշելով, որ այն նոր որակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները և հույս հայտնելով, որ մոտ ապագայում Կատարը ևս իր դեսպանությունը կունենա Երևանում: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ ունի։ Փոխգործակցության համար մասնավորապես հետաքրքիր են համարվել շինարարության, անշարժ գույքի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում։
10:19 - 19 նոյեմբերի, 2019
Դեսպանատունը պետք է ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև նպաստի հարաբերությունների սերտացմանը․ նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը

Դեսպանատունը պետք է ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև նպաստի հարաբերությունների սերտացմանը․ նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։ «Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Թինքճյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական «Մեսրոպյան» վարժարանի սաները։ Ողջունելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն օրը պատմական և սպասված է համարել բոլորի համար։ «Կատարը բարեկամական երկիր է՝ բարեկամ ժողովրդով։ Երկար տարիներ բոլորս սպասել ենք դեսպանության բացմանը։ Իմ բազմաթիվ այցերի ժամանակ, երբ հանդիպում էի ձեզնից շատերին, խոսվում էր, թե երբ է Հայաստանի Հանրապետությունը վերջապես Կատարում ունենալու իր դեսպանությունը,– հիշել է նախագահը։ – Այսօր դա իրականություն է, և կարծում եմ՝ հատկապես ձեր՝ Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի, քանի որ դուք ավելի սերտ ու անմիջական կապված կլինեք հայրենիքի հետ, հայրենիքի ներկայությունը կլինի ոչ միայն ձեր սրտերում, այլև ձեր ամենօրյա կյանքում։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Կատարը շատ անելիքներ ունեն թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում, թե՛ գործարար հարաբերություններում և մշակութային կյանքում։ Դեսպանատունը պետք է այն կամուրջը լինի, որ ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև Հայաստան-Կատար հարաբերությունները սերտացնի։ Այսինքն, ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում եմ, որ ակտիվորեն ներգրավվեք և մասնակից լինեք Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացմանը»։ Շնորհավորելով բոլորին դեսպանության բացման առիթով՝ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին՝ դեսպանատան բացմանն աջակցելու համար։ «Դեսպանատան բացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարի կամքն ու հսկայական, նաև՝ նյութական աջակցությունը։ Իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում թե՛ Կատարի ժողովրդին, թե՛ կառավարությանը, թե՛ էմիրին,-ընդգծել է նախագահը։ – Սա բարեկամության առանձնահատուկ քայլ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի այն, պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն։ Այնպես որ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, բարի գալուստ ձեր տուն»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
07:39 - 19 նոյեմբերի, 2019
Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի. նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ

Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի. նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ: Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին պատճառված վնասներով և հնարավոր աջակցության տարբերակներով: Վանահայրը Հայաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է իրավիճակի մասին՝ հայտնելով, որ Մայրավանքի շենքն ու շրջակայքը, ինչպես նաև կղզու մոտ կառանած «Արմենիա» առագաստանավը զգալի վնասներ են կրել: Բարեբախտաբար, վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանն անվնաս են մնացել: Արդեն իսկ սեփական ուժերով ձեռնամուխ են եղել որոշակի աշխատանքների իրականացմանը: Իր զորակցությունը հայտնելով Մայրավանքի վանահորը և միաբանակից հայրերին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ այսօր պահպանվում են Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյանների ժառանգությունը, նախագահը նշել է, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի և միասնականորեն պետք է նեցուկ լինենք մեր հոգևոր հարստության ու պատմամշակութային ժառանգության պահպանության գործին: Հայր Համազասպ վարդապետ Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հեռախոսազանգի համար՝ նշելով, որ Հանրապետության նախագահի մտահոգության ու սրտացավության մեջ զգում և տեսնում են Հայաստանի պետության ու ողջ ժողովրդի աջակցությունը:
12:51 - 16 նոյեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
06:00 - 15 նոյեմբերի, 2019
Ուզում ենք ավելի զարգացնել երկկողմ գործընկերությունը․ ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Ուզում ենք ավելի զարգացնել երկկողմ գործընկերությունը․ ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ամերիկյան գործակցության բարձր մակարդակը տարբեր ոլորտներում: Նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և բարձր գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը: Նա նշել է, որ յուրաքանչյուր, անգամ փոքր քայլ կարող է շատ մեծ արդյունքների հանգեցնել: Դեսպան Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է առավել զարգացնել արդյունավետ գործընկերությունը Հայաստանի հետ և ընդգծել, որ դրական փոփոխությունների համար շատ հնարավորություններ կան: Նա տեղեկացրել է, որ հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով: Նշվել է, որ ամերիկյան կողմի հատկացրած միջոցները հիմնականում ուղղվում են Հայաստանում ժողովրդավարական զարգացման աջակցությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Ներկայացվել են նաև տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջանակում իրականացվող հիմնական ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը և, մասնավորապես, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա առաջարկել է դիտարկել նաև այս ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
07:11 - 13 նոյեմբերի, 2019