ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև՝ պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակում քրեաիրավական գնահատական տալու համար: Այդ մասին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:  Նրա խոսքով՝ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
16:25 - 17 մարտի, 2021
Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին |hetq.am|

Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին |hetq.am|

hetq.am: Դատախազությունը չի բողոքարկել «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին և  «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»  հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին չկալանավորելու որոշումները։ Այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Բեքարյանը, Ավագյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը մեղադրվում են Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումների առթիվ հարուցված քրեական գործով։ ԱԱԾ-ն պնդում է, թե այս էջին հասանելիություն է ունեցել մի քանի անձ, այդ թվում՝ գործով մեղադրյալները։ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորված են եղել, և ազատ են արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանի և Լուսինե Աբգարյանի որոշումներով։ Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանից, Մհեր Ավագյանի պաշպան Միքայել Շխիմյանից, Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանից տեղեկացանք, որ նրանց պաշտպանյալների նկատմամբ այս պահին խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ այս պահի դրությամբ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Նշենք, որ Սարգսյանը մարտի 15-ին է կալանքից ազատվել։
15:42 - 17 մարտի, 2021
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է. Գլխավոր դատախազության պարզաբանումը

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է. Գլխավոր դատախազության պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: «Այսօր, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ակնհայտ խեղաթյուրելով միջազգային կառույցի, նրա լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները, օգտվելով դրանց վերաբերյալ լայն հանրության չիրազեկվածությունից, «սկանդալայինի» անվան տակ փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ, որոնք անհիմն շահարկման առարկա են դարձել նաև այլ շրջանակների կողմից։ Այդ պատճառով հարկ ենք համարում հանրությանն իրազեկել հետևյալի մասին. 1․Համաձայն Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (այսուհետև՝ Ինտերպոլ) կանոնադրության՝ այն քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ, ինչպես շեշտադրում է, հավանաբար, դրանից անտեղյակ պատգամավորը։ Այդ կառույցը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլ չի էլ ստուգում մանրամասները։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ Ինտերպոլի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ նրա նպատակն է ապահովել և զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջև …, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը և դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը: Այլ կերպ ասած, Ինտերպոլի գործունեությունը հիմնվում է հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների համապատասխան մարմինների փոխհամագործակցության զարգացման սկզբունքի վրա։ Նշվածն աներկբա կերպով վկայում է այն մասին, որ Ինտերպոլը չի հանդիսանում նման փոխհամագործակցության շրջանակում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին։ Ընդ որում, նման դիրքորոշում Ինտերպոլի կողմից դրսևորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունը առանձին երկրներում նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների մեջ մեղադրվելու կամ պետությունների միջև կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով համագործակցությունն Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա սահմանափակվել է: Սակայն Ինտերպոլի կողմից մշտապես ընդգծվել է, որ Կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նմանատիպ գործերով իրականացվող քրեական վարույթի վավերականության (validity) առնչությամբ որևէ դիրքորոշում չի հայտնում և նման որոշումները հիմնված են Ինտերպոլի կանոնադրությամբ և կանոններով նախատեսված պահանջների վրա միայն և դրանց միակ հետևանքը կայանում է նրանում, որ անձի վերաբերյալ միջազգային ոստիկանական համագործակցություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հարցումը չի կարող շրջանառության մեջ դրվել Ինտերպոլի ուղիներով: Հետևաբար՝ նման դիրքորոշումը առաջին կամ եզակի դեպքը չէ, ինչպես հատուկ շեշտում էր պատգամավորը՝ թերևս փորձելով արժեք հաղորդել իր հայտնած «սենսացիային»։ Վերը նշված բաղադրիչ ունեցող բազում դեպքերով ևս Ինտերպոլը նման դիրքորոշում հայտնել է: Այսպիսով՝ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ և Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն և խիստ սուբյեկտիվ է, ինչն ակնհայտ է կոնկրետ դեպքում՝ ցանկալին իրականության փոխարեն հրամցնելու տրամաբանությամբ: Հարկ ենք համարում նշել, որ մեղադրյալ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմնավորվածությունը՝ (առնվազն հիմնավոր կասկածի մակարդակում) երեք անգամ գնահատականի է արժանացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախ՝ նախաքննական մարմնի, ապա ևս երկու անգամ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա), իսկ կայացված որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգվել և հաստատվել է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերով: Ընդ որում, մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ տարածքում հետախուզում չհայտարարելու վերաբերյալ փաստարկը բազմիցս նրա պաշտպանի կողմից ներկայացվել է ՀՀ դատարաններին, սակայն օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերով հաստատվել է ՀՀ դատախազության դիրքորոշումն այն մասին, որ սույն փաստարկը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի օրինականությունը և հիմնավորվածությունը գնահատելու հետ: Ելնելով վերոգրյալից՝ հարգելի պատգամավորին հորդորում ենք պետական հաստատությունների վերաբերյալ գնահատականներում լինել կոռեկտ, կոնկրետ գործերով և անձանց նկատմամբ շարունակաբար ցուցաբերվող սուբյեկիտվ շահագրգիռ մոտեցումները չհանրայնացնել անաչառության քողածածկույթի տակ, միջագային հեղինակավոր կառույցների գործունեությունը, նրանց ձևավորած պրակտիկան դիտավորյալ կամ սեփական անտեղյակության պատճառով չենթարկել խիստ յուրովի, մակերեսային մեկնաբանությունների:  Հաշվի առնելով, սակայն, նման մեթոդներով, այսպես կոչված «սենսացիաներով» պետական մարմինների գործունեությունը, կոնկրետ գործով քննության օբյեկտիվությունը հանիրավի ստվերելու փորձերը՝ հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով հայտնում ենք նաև հետևյալը: Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել այն արարքների կատարման համար, որ նա, ի պաշտոնե տեղեկանալով 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պետական իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մանրամասների՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված հանցավոր գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողների ակտիվ հանցավոր մասնակցության, նշված ստորաբաժանումների զինծառայողների կողմից ապօրինի հրազեն գործադրելու մասին, 2008 թ. մայիսից մինչև 2009 թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է ՀՀ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց և վարույթն իրականացնող մարմնին՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, կատարել վերը նշած հանցագործության գործիքների ու միջոցների, ինչպես նաև հանցագործության հետքերի, պարտակում, պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցներ: Բացի այդ, նշված կեղծ տեղեկությունները եվրոպական կառույցների հետ ի պաշտոնե շփումների ընթացքում վերջիններիս տրամադրելու դիտավորությամբ՝ Գևորգ Կոստանյանը, զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը, 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, սահմանադրական կարգի տապալման առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու խմբային շահից ելնելով, 2012 թ. նոյեմբերից մինչև 2017 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում օգտագործել է վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իր դրդմամբ կազմված և սույն քրեական գործում առկա կեղծ պաշտոնեական փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ կառավարության դիրքորոշում և դրանք հանձնել Եվրոպական դատարանին: Նշված հանգամանքները հիմնավորվել են մեղադրյալ Գ.Կոստանյանի հանցակիցների, ինչպես նաև ականատես այլ վկաների ցուցմունքներով, փաստաթղթերով: Ընդ որում, այդ արարքներին առնչվող առերևույթ հանցանք կատարելու համար, որպես Գ.Կոստանյանի հանցակիցներ, մեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնցից երկուսը չեն վիճարկել իրենց մեղսագրված արարքները և համաձայնություն են տվել նախաքննական մարմնին ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
19:19 - 16 մարտի, 2021
Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.   «Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։    Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»։    
20:22 - 14 մարտի, 2021
Հայաստանում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են. Գոռ Աբրահամյան

Հայաստանում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ 2020թ. ընթացքում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են կապված 2019թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, այս կատեգորիաների անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու արարքները քրեականացնելու հետևանքով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  2020թ. ընթացքում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսված վերոնշյալ հանցակազմերով հարուցվել է 974 քրեական գործ: Վարույթն ավարտված 670 քրեական գործից 617-ը նույնքան անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում այս հոդվածով քննվել է 367 քրեական գործ, որից 360-ով նույնքան անձ դատապարտվել է տարբեր պատիժների: Մասնավորապես՝ ճնշող մեծամասնության՝ 327 անձի նկատմամբ նշանակվել է պատիժ տուգանքի ձևով, 1-ի նկատմամբ՝ կալանք, իսկ 7 անձ դատապարտվել է ազատազրկման: 25 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Նման վիճակագրությունը վկայում է, որ նշված արարքների քրեականացումը, պատասխանատվության խստացումը և այդպիսի դեպքերի հայտնաբերումն ու օբյեկտիվ քրեաիրավական գնահատականների արժանացնելը էականորեն մեծացնում են ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ դատարանների՝ առանց այն էլ զգալի ծանրաբեռնվածությունը: Սակայն դա այն «գինն» է, որը վճարվում է պետության կողմից վարվող՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման քրեական քաղաքականության, տրանստորտային երթևեկության անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի ու առողջությամբ պաշտպանության պետության պոզիտիվ պարտականության կատարման համար: Այս մոտեցումը կարծես թե ստեղծում է դրական արդյունքների շոշափելի նախադրյալներ և սպասելիքներ: Մասնավորապես, եթե 2019 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ավելացել էր 225 դեպքով, ապա 2020 թվականին, տրանսպորտային միջոցների քանակի աճին զուգահեռ, այն նվազել է 163 դեպքով: Տվյալ դեպքում, առաջնայինը հենց նման նվազման շարունակականության ապահովումն է, անշեղ միտումների վերածելը, իսկ քրեական պատասխանատվության ապահովումն առավելապես զսպող, կանխարգելող նշանակություն ունի: Այս իմաստով չափազանց կարևոր է դառնում հատկապես վարորդների կամ պոտենցիալ վարորդների իրազեկվածությունն այն մասին, որ նախկինում վարչական իրավախախտում համարված վերոնշյալ արարքները այլևս քրեական հանցագործություններ են՝ դրանից բխող հետևանքներով: Հետևաբար նրանք պետք է իմանան, որ՝ Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ զրկված լինելով դրա իրավունքից, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք: Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ դրա իրավունքը կասեցված լինելու պայմաններում, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք: Եթե տրանսպորտային միջոց եք վարում՝ չունենալով դրա իրավունքը, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք: Վերոնշյալ հանցավոր արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Եթե վերոնշյալ երեք դեպքում էլ տրանսպորտային միջոցը վարում եք ոչ սթափ վիճակում կամ հրաժարվում եք սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա դա համարվում է ավելի ծանր հանցավոր արարք և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
16:41 - 13 մարտի, 2021
Պաշտոնեական անփութության պատճառով պետական բաժնեմասով ընկերությունը շուրջ 1.1 մլրդ դրամի վնաս է կրել

Պաշտոնեական անփութության պատճառով պետական բաժնեմասով ընկերությունը շուրջ 1.1 մլրդ դրամի վնաս է կրել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությունը 2017 թ. մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և խնդրել է անվավեր ճանաչել «N» ԲԲ ընկերության հետ 2016 թ. դեկտեմբերի 5-ին կնքած «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերն», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1.092.593.543 ՀՀ դրամ: Դատարանը 2018 թ. հուլիսի 27-ի վճռով մերժել է ընկերության պահանջը` պատճառաբանելով, որ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք են հանդիսացել կողմերի միջև կնքված պայմանագրերը, սակայն հայցվորը դատարան չի ներկայացրել վկայակոչած պայմանագրերը և չի ապացուցել պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2018 թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի բերած վճռաբեկ բողոքը 2018 թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ թողել է առանց քննության: Մինչդեռ, Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև համագործակցության պայմանագիր և հետագայում նաև պայմանագրի ժամկետները երկարաձգելու վերաբերյալ համաձայնագրեր կնքվել են, դրանք առկա են եղել ընկերությունում, սակայն չեն ներկայացվել դատարանի գնահատմանը, ինչն էլ հիմք է հանդիսացել հայցը մերժելու համար: Բացի այդ, պարզվել է նաև, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն, սակայն չի ներկայացրել գույքային դրության վերաբերյալ ապացույցներ: Այսինքն՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք վկայակոչված քաղաքացիական գործի շրջանակներում օժտված լինելով դատարանի կողմից բաշխված բեռի ապացուցման պարտականությամբ, 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաև չեն շտկել վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները: Դրա հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ծանրաբեռնվել է նաև շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրա հետևանքով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջանալու հանցավոր արարքի առերևույթ կատարման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
15:31 - 12 մարտի, 2021
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգագեին, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։ Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը և արձանագրել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցում Խորհրդի կողմից իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում փաստելով կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ նաև Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարծիքների հաշվառմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ գործողության մեջ է և այդ ինստիտուտը լրջագույն գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում։ Գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ Խորհրդի կողմից ներգրավված փորձագետների կարծիքները լուրջ ներդրում են եղել դրանց կատարելագործման համար, և նշել, որ օրենսգրքերի ընդունումից հետո դրանց գործնական պատշաճ կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել նաև կադրերի ուսուցման և վերապատրաստման, գիտագործնական, մեթոդական ուղեցույցների ու մեկնաբանությունների մշակմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ։ Մաքսիմ Լոնգագեն տեղեկացրել է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հանձնառու է աջակցելու քննարկված ոլորտներում բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի շրջանակներում շարունակելու է մասնակցել անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը։ Առանձին անդրադառնալով խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին՝ կողմերը ծավալուն քննարկում են ունեցել ՀՀ դատախազության կողմից նախաձեռնված՝ իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ պաշտոնատար անձանց վիրավորանքի քրեականացման գաղափարի շուրջ, որի ընթացքում Մաքսիմ Լոնգանգեն փաստել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի միջոցները չպետք է դառնան խոսքի ազատությունն ու քննադատությունը սահմանափակող գործիքներ։ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ առաջ քաշված գաղափարն ու դրա հիման վրա կազմված օրենսդրական փոփոխությունների նախագիծը քննադատության դեմ պայքարի միջոց չէ և ուղղված է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ նրանց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պետության, պետական ինստիտուտների հեղինակությունը պաշտպանելուն։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և առավել ակտիվացնել համագործակցությունը՝ քննարկված հարցերի լուծման նպատակով։
11:40 - 12 մարտի, 2021
Վարչապետի խորհրդականի և քննիչի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
 |factor.am|

Վարչապետի խորհրդականի և քննիչի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ |factor.am|

factor.am: Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը ուղղումներ է կատարում ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում։ Ըստ տեսանյութի և լրատվամիջոցների հրապարակումների՝ էլեկտրոնային նամակագրության մյուս կողմում քննիչ Արթուր Այվազյանը և քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանն են։ Հայրապետյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, թե դեպքի առնչությամբ գրավոր հաղորդում է ներկայացնելու Գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ նշվածի վերաբերյալ հրապարակումները դատախազությունն արձանագրել է իրականացվող մոնիթորինգի շրջանակում։ «Նախնական ուսումնասիրությունից հետո դրանք ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում հրապարակումներում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով: Դատախազություն ստացվել էր նաև հանցագործության մասին հաղորդում փաստաբանի կողմից այն ևս կուղարկվի ԱԱԾ՝ քրեական վարույթի մաս դարձնելու համար»,- ասվում է Դատախազության պատասխանում:
19:28 - 11 մարտի, 2021
Լոռու մարզում անտառհատումների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

Լոռու մարզում անտառհատումների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2021թ.-ի մարտի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել են 11 քրեական գործեր: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դրանք վերաբերում են նշված մասնաճյուղերի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս և առաջացել են այլ ծանր հետևանքներ: Դատախազների կողմից նշված գործերով վարույթները կասեցնելու վերաբերյալ որոշումների օրինականությունը ստուգելու և գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսությունների մի քանի անտառպետությունների 10 պահաբաժիններում 2020թ.-ին արձանագրվել են անտառախախտման բազմաթիվ դեպքեր, որոնցով արձանագրվել է տարբեր տեսակի և տրամագծերով ընդհանուր 4416 ապօրինի հատված ծառերի կոճղեր: Դրանց հետևանքով բուսական աշխարհին և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր  չափերի՝  ընդհանուր շուրջ 182 մլն ՀՀ դրամի վնաս: Նախնական քննությամբ, սա­կայն, հանցա­գոր­ծութ­­յունները բացա­հայտ­ել չի հաջողվել, չեն պարզ­­­վել առերևույթ ապօրինի անտառահատումների կատարած անձինք, ինչով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված նշված գործերով կայացվել էին վարույթը կասեցնելու որոշումներ: Գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, սակայն, որ մեծաքանակ ապօրինի ծառահատումները կարող են կատարված լինել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատախազները վերացրել են այդ որոշումները և կայացրել քրեական գործ հարուցելու որոշումներ, որոնցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Մարզի դատախազի կողմից նախաքննական մարմնին տրվել է ցուցում՝ նշված պաշտոնատար անձանց արարքներին հնարավորինս արագ քրեաիրավական գնահատական տալու համար իրականացնել պատշաճ քննություն՝ տալով համապատասխան առարկայական գործողություններ կատարելու հանձնարարություն:         Միաժամանակ, մարզի դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու, իսկ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականության համաձայն՝ հատկապես մեծաքանակ ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքում անտառների տվյալ պահաբաժինների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի ծառահատումներին հնարավոր հանցակցության հանգամանքները պարտադիր պետք է դարձվեն քննության առարկա, ինչը և տվյալ դեպքում ապահովվել է:    
17:23 - 11 մարտի, 2021
Արմավիրի մարզում կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 տոկոսով

Արմավիրի մարզում կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 տոկոսով

Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Ուսումնասիրությունը  պարզել է, որ Արմավիրի  մարզում 2020թ.-ին 30 դեպքով կամ 1.8%-ով ավելացել են ընդհանուր հանցագործությունները. 2019թ.-ի 1677 դեպքի դիմաց 2020թ.-ին արձանագրվել է 1707 դեպք:  10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝  ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները 2019թ.-ի համեմատ ավելացել են 12 դեպքով: 5-ով ավելացել են սպանության, 3-ով՝ սպանության փորձի, 10-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները Արմավիրի մարզում 2019թ.-ի համեմատ պակասել են 5.3 %-ով կամ 39 դեպքով: Հատկանշական է, որ անցած տարում մարզում ավազակության դեպք  չի գրանցվել՝ 2019թ. 4 նման դեպքի դիմաց: 2019թ.-ի համեմատ էականորեն՝ 34,6%-ով նվազել են բնակարանային գողությունները, որին նպաստել են համավարակով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմիով սահմանված սահմանափակումների պարագայում սեփական բնակարաններից մարդկանց շատ չբացակայելու, ինչպես նաև նախընթաց տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս հանցատեսակի կանխարգելման նպատակով Ոստիկանության և ՏԻՄ-երի հետ իրականացված միջոցառումները: Ընդ որում՝ բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը ևս զգալիորեն աճել է 2019թ. 43,8%-ի փոպարեն կազմելով 49,5%: Այս արդյունքների հետագա բարելավման նպատակով մարզի դատախազությունը բնակարանային գողությունների կանխարգելման, պատճառների վերացման նպատակով համապատասխան վայրերում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության վերաբերյալ 10 միջնորդագիր է ուղարկել  Մեծամորի, Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերին, Հայկավանի համայնքի ղեկավարին։ Ամփոփումը ցույց է տվել, որ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառելու 67 դեպք է գրանցվել  (2019թ.-ին՝ 66 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 103 դեպք, 1-ով նվազել են ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան դեպքերը: Մարզի տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման  ընդհանուր ցուցանիշներում արձանագրվել է նվազում 1,6%-ով: Մասնավորապես որոշ չափով նվազել են գույքի հափշտակությունների, խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Փոխարենը աճել են կողոպուտի, գողությունների, յուրացման ու վատնման, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների բացահայտման ցուցանիշները։ Մարզի տարածքոմ բարելավվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մասնավորապես եթե կաշառք տալու և ստանալու դեպքերի բացահայտումը 2019թ. համեմատ աճել է 10.9 %-ով, ապա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերինը՝ 16.2 %-ով: Տարվա ընթացքում մարզի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է կոռուպցիոն բնույթի 28 քրեական գործ, վարույթում քննված 74 քրեական գործից ավարտվել է 24-ի վարույթը, որից 6-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Տարբեր բնույթի հայցագործությունների պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու, հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների ամբողջությունն ապահովելու, պարզված թերացումները վերացնելու, հանցավորության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիր կազմելու նպատակով մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ուղարկվել է 48 հաղորդում կամ միջնորդագիր, որը 2019թ.-ի համեմատ ավելի է շուրջ 30%-ով: 2020թ.-ի ընթացքում նախապատրաստված նյութերով, քննված, ավարտված քրեական գործերով, նաև՝ ոչ արդարացման հիմքով կարճված ու դատարաններում քննված ու ավարտված գործերով հանցագործությամբ  պատճառված և հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 86.5մլն ՀՀ դրամ, որից 79մլն-ն՝ համայնքներին, մնացածը՝ պետությանը: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 7.362.000 ՀՀ դրամը: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից ուսումնասիրությունն եր են կատարվել երկու ոլորտներում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների օգտագործման իրավաչափության և հիմնավորվածության, ինչպես նաև մարզի տարածքում գործող, այդ թվում` նաև շահագործման նախապատրաստվող և շահագործումը դադարեցված, սակայն լիցենզիայի գործողության ժամկետում գտնվող ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շահագործվող հանքերի հողերի նպատակային նշանակության համապատասխանությունը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հետաքննության մարմիններին հանձնարարվել է ստացված բազմաթիվ տվյալներն ստուգման առարկա դարձնել քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման միջոցով, ինչի արդյունքում 2020թ.-ին հարուցվել է 7 քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:07 - 09 մարտի, 2021
Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները |armenpress.am|

Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: Հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը: Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել:
13:24 - 09 մարտի, 2021
Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են

Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են

2020թ. ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման, փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողության աշխատանքի ակիվացմամբ: Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող, ինչպես նաև դատարանում քննված և ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17մլն  ՀՀ դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար: Դատարանում քննված և ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղվել՝է ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ: 2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ 28 անձի վերբերյալ: Ապօրինի անտառահատումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ, ըստ որի յուրաքանչյուր հանցավոր դեպքի քննության ընթացքում պարտադիր քննության առարկա է դարձվում նաև դրանցում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածության հնարավորությունը: Այս մոտեցումը նպաստում է իրենց սպասարկման գոտու հանդեպ վերանշյալ կատեգորիայի պաշտոնատար անձանց զգոնության և պատասխանատվության մեծացմանը: 2020թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Երկու անտառապահի մեղադրանքներ են առաջադրվել հատված փայտանյութն ապօրինի կերպով անտառներից դուրս բերելու դիմաց կաշառքի ստանալու համար: Նշված քրեական գործերով իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցավոր թերացումների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանոր առմամբ 96 մլն ՀՀ դրամի վնաս: Մարզի դատախազության կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 14 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու 2 միջնորդություն, նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված 3 միջնորդագիր: Արդյունքում իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ, այդ թվում նաև աշխատանքից ազատման տեսքով:   Մասնավորապես, առանձին նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահները, անտառներին հարակից բնակավայրերի բնակիչների հետ նախապես պայմանավորվելով, նրանց կողմից ներկայացված տոմսակների հիման վրա անտառներից հավաքում, մթերում, ապա իրենց անձնական օգտագործման մեքենայով տեղափոխում և նրանց են հանձնում թափուկ փայտանյութ ՝ այդ ամենի դիմաց ստանալով նախապես պայմանավորված գումարը: Այսինքն պարզվել է, որ փաստացի անտառից ապօրինի փայտանյութ չի մթերվել, սակայն հաստատվել է անտառապահների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, իրենց աշխատաժամանակի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու՝ գումարի դիմաց թափուկ փայտանյութի պատրաստելու, մթերելու և տեղափոխելու հանգամանքը: Ընդ որում՝ դա տեղի է ունենում նրանց աշխատանքի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ անտառապետերի, անտառտնտեսության տնօրենների թողտվության կամ անուշադրության պայմաններում: Մարզի դատախազի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո «Հայանտւսռ» ՊՈԱԿ-ում ձեռնարկված միջոցների արդյունքում պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի, ընդհուպ աշխատանքից ազատման: 2021թ. ևս ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը շարունակում է մնալ Տավուշի մարզի դատախազության առաջնահերթություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:35 - 05 մարտի, 2021
Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրգործերով վերականգնվել է 127մլն ՀՀ դրամի վնաս

Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրգործերով վերականգնվել է 127մլն ՀՀ դրամի վնաս

2020թ.-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է լայնածավալ ուսումնասիրություն համայնքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի հատկացման գործընթացների իրավաչափության կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Դատախազությունների կողմից համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ: Արդյունքում՝ հանրապետության 9 մարզերի 76 համայնքներում (այդ թվում՝ խոշորացված համայնքների մաս կազմող բնակավայրերում) կատարված նույնատիպ սխեմատիկ չարաշահումների դեպքերով 2020թ.-ի ընթացքում նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի տարբեր մասի, առանձին դեպքերում՝ նաև 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է 77 քրեական գործ: Ըստ քրեական գործերի նյութերի՝ 2004թ.-ից սկսած պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը համայնքի ղեկավարի որոշմամբ, երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել ֆիզիկական անձանց, այդ թվում նաև հենց համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին, ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասերը բազմապատիկ, որոշ դեպքերում մինչև 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող՝ դրանցում տեղակայելով և շահագործելով բջջային կայաններ: Այսինքն՝ օրենսդրությամբ ունենալով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու լիազորություն և շատ դեպքերում նախապես իմանալով, որ նշված հողատարածքներն ամսական անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության է տրամադրվելու ընկերություններին և օգտագործվելու է ապօրինի՝ ոչ իրենց գործառնական նշանակու­թյամբ, այդ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, կանխարգելելու փոխարեն համայնքների ղեկավարները չեն առարկել ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Արդյունքում՝ հողամասերի վարձակալները երկարատև՝ 15-25 տարի ժամկետներով, պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Քրեական գործերով համայնքների գործող կամ նախկին 34 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ: Վերոնշյալ քրեական գործերից 5-ը 5 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, մյուսներով դատական քննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործերով համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 472. 5մլն ՀՀ դրամ, որից շուրջ 127մլն ՀՀ դրամն արդեն իսկ վերականգնվել է: Միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ : Համայնքների խախտված իրավուքնները վերակագնելու և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու խնդիրը լուծելու նպատակով մարզերի դատախազությունների հետևողականությամբ և նախաձեռնողականությամբ 27 համայնքներում (բնակավայրերում) վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոնց զգալի դեպքերում համայնքների և կապի օպերատոր նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին: Բազմաթիվ դեպքերով նախնական քննությունը դեռևս ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:09 - 04 մարտի, 2021
Դատախազների՝ պետական շահերի պաշտպանության հայցերով 2020-ին բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, բացահայտվել է պետությանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. Դատախազություն

Դատախազների՝ պետական շահերի պաշտպանության հայցերով 2020-ին բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, բացահայտվել է պետությանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. Դատախազություն

Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ծավալուն աշխատանքները՝ չնայած Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմներին, դրանց հետևանքով ի հայտ եկած բարդություններին, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հանրապետության դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից բազմաթիվ ոլորտներում, ընդհանուր առմամբ, կատարվել է 819 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 763 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ջրային կենսառեսուրսների, ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության, կրթության, պետական գնումների, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները: Պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են 153 անձինք: Միայն դատախազական ներգործության այս միջոցի կիրառման արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել է 512 մլն դրամ:Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 77 հաղորդում և միջնորդագիր: Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել պետական շահերի պաշտպանության 56 հայց՝ ընդհանուր  շուրջ 620 մլն. ՀՀ դրամ հայցապահանջով: Դատարաններում քննված 44 հայցերից 33-ով, այդ թվում նաև նախախորդ տարիներին հարուցված, բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, ինչը շուրջ 65 անգամ գերազանցում է 2019թ. արդյունքները: Քննության ընթացքում է գտնվում մոտ 6,9 մլրդ ՀՀ դրամի հայցապահանջով 95 հայց: Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 249 քրեական գործ, իսկ 440 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։ Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, գնահատման և մրցութային ընթացակարգերում, պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներում, առանձին սոցիալական ուղղություններով պետական միջոցների օգտագործման, պետական մարմինների կարիքների համար գնումների գործընթացներում, Սևանա լճից արդյունագործական որսի և արտահանման, պետական կամ համայնքային սեփականության հողամասերը վարձակալության տրամադրելու, ոռոգման ջրի մատակարարման, ձկնաբուծարանների գործունեության և բազմաթիվ այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ: Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2020թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ: Վերականգնվել է շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ: Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի լիարժեք վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ: Պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրվող արդյունքները՝ հատկապես ուսումնասիրությունների ծավալների, դրանց հիման վրա հարուցվող քրեական վարույթների մասով,  շարունակում են  պայմանավորված լինել նաև պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով իրականացված ստուգումների արդյունքները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի պահպանվող բարձր տեմպերով, պետական շահերի համատեքստում տարատեսակ իրավախախտումների, հանցավոր երևույթների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն առավել հետևողականորեն ուսումնասիրման առարկա դարձնելու հանգամանքով:
15:44 - 03 մարտի, 2021