#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Մարդիկ, որոնք չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խաղաղության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին․ Լևոն Զուրաբյան |news.am|

Մարդիկ, որոնք չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խաղաղության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին․ Լևոն Զուրաբյան |news.am|

news.am: 1990-ականներին մենք կրկին փայլուն էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։ «Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, մենք ապագա չենք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, այդ մարդիկ հասնում են ամենամեծ հաղթանակներին։ 1990-ական թվականների հաղթանակի բանալին սա էր»,- ասաց նա։ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ այս ընտրությունները հատուկ գործողություն են պետությունը փրկելու ուղղությամբ։ «Այս ընտրություններն իրականում արդյունքն են այդ պատերազմի։ Ընտրությունները չէին լինի, եթե չլիներ պատերազմը,որը, ցավոք, Հայաստանի և Արցախի համար ավարտվեց պարտությամբ։ Որևէ հասարակության մեջ ոչ մի բան ավելի թանկ չի համարվում, քան մարդու պատրաստակամությունը զոհաբերել սեփական կյանքը և անվտանգությունը հանուն հողի ու տան պաշտպանությանը»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ուժեղ են այն հասարակությունները և ազգերն, որոնք կարողանում են իրենց զինվորի նկատմամբ անհրաժեշտ պետական հոգատարությունը ցուցաբերել։      «Պետական հոգատարության համար մենք առաջին հերթին պետք է ունենանք պետություն, որը կարողանում է այդ հոգատարությունը կազմակերպել։ Տպավորություն է, որ այսօրվա գործող իշխանությունները հայտնվել են մի ճահճի մեջ և մեզ էլ են այդ ճահիճը տանում։ Մենք այսօր մոտեցել ենք այն շեմին, որ պետականությունը վնասված է, և մենք պետություն կարծես չունենք։ Ես չեմ կարծում եմ, որ մեր պետության թուլացումը միայն պատերազմի հետևանքն է։ Իրականում մեր պետության թուլացումը արդեն կարելի էր ակնկալել մեր իշխանությունների որդեգրած մտածելակերպից»,- հավելեց Լևոն Զուրաբյանը։
19:40 - 08 հունիսի, 2021
Դատախազությունն ընտրական հանցավոր իրավախախտման 51 ահազանգ-հաղորդում է ստացել, 8 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Դատախազությունն ընտրական հանցավոր իրավախախտման 51 ահազանգ-հաղորդում է ստացել, 8 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 51 հաղորդում: Դրանցից  11-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 24-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, դիմումներ, 2-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ստացված տվյալներ և 3-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Դատախազության հանրային կապերի բաժինը: Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում: Ենթադրյալ ընտրական հանցավոր իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 42 հաղորդում, ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Դրանցից 16-ով իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տեղեկությունները չեն հաստատվել, ինչով պայմանավորված՝ դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 26 հաղորդման  առնչությամբ ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են: ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ևս 16 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ստուգման կամ նյութերի նախապատրաստման նպատակով ոստիկանություն ուղարկված առերևույթ հանցավոր իրավախախտումների դեպքերից 44-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 3-րդ կետ), իսկ 2-ը՝ այլ բնույթի են: ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին, ընտրություններին մասնակցող սուբյեկտներին հորդորում է  իրենց հայտնի դարձող՝ ընտրական հանցագործության յուրաքանչյուր առերևույթ դեպքի վերաբերյալ տեղեկությունները, որոնք իրենց մեջ պարունակում են որոշակի կոնկրետություն, հասու դարձնել իրավապահ մարմիններին՝ հնարավոր բոլոր իրավաչափ հաղորդակցային միջոցներով:
19:10 - 08 հունիսի, 2021
Քաղաքական վենդետայի և կադրային ջարդի հայտարարությունները կապ չունեն բռնության հետ. Փաշինյան

Քաղաքական վենդետայի և կադրային ջարդի հայտարարությունները կապ չունեն բռնության հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Ապարանում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքական վենդետայի և կադրային ջարդի մասին այսօր Թալինում արած իր հայտարարություններին: Փաշինյանն ընդգծեց՝ իր հայտարարությունները կապ չունեն ֆիզիկական կամ որևէ բռնության հետ:  «Այլ կապ ունի քաղաքական դիրքորոշումների, քաղաքական մանդատի ճշգրտման հետ»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ժողովուրդն իրենից դժգոհ է թավիշի համար: «Ժողովուրդը դժգոհ է, որ 2018 թ. հետո կադրային ջարդ չիրականացրինք, բազմաթիվ ապաշնորհներ մնացին իրենց տեղերում, այսօր էլ փորձում են ընտրություններից առաջ քաղաքացիների նկատմամբ ապօրինի հարկադրանքի մեթոդներ, վարչական սպառնալիքներ կիրառել: Այդ համատեքստում ասացի՝ բոլոր այդ համայնքների ղեկավարները, որ այդպես են վարվում, ընտրություններից հետո պետք է հրաժարական տան ու հեռանան, բոլորը՝ առանց բացառության: Եվ եթե սրա համար չլինեն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, գործի կդրվեն քաղաքական մեխանիզմները»,- նշել է Փաշինյանը: Ըստ նրա՝ հունիսի 21-ից այդ պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացն սկսվելու է: «Առանց բռնությունների, առանց ապօրինությունների, և այո՛, դա մենք անվանելու ենք քաղաքական և ժողովրդական վենդետա, կադրերի ջարդ, բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից»,- ասել է նա:
18:53 - 08 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանության հիշեցումը

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանության հիշեցումը

ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանվել է Ազգային ժողովի ընտրություններին այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրը ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, ինչպես և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրվելու իրավական հնարավորություն: Հիշեցնում ենք, որ օրենքով սահմանված հիշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` 2021 թվականի հունիսի 10-ը ներառյալ, համապատասխան դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություններ, ինչի հիման վրա հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կընդգրվեք ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում և այդ կապակցությամբ կտրվի սահմանված ձևի տեղեկանք: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դիմումները կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 14:00-ն:
18:25 - 08 հունիսի, 2021
Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան

Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան

Ես գնում եմ մենակ, իմ թիմի հետ։ Իմ ծրագրերը իրականացնելու համար հարկավոր է, որ կարողանամ ունենալ մեծ ձայներ, որ իմ ասածները անմիջապես կյանքի կոչեմ, մի բան էլ ավել անեմ։ Գավառում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ես ուզում եմ իմ հնարավորությունը, ծանոթությունը, կապերը, փորձը օգտագործելով իմ երկիրը զարգանա, իմ երկիրը հզորանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, գնացողները հետ վերադառնան, մենք կարող ենք անել դա»։ Ծառուկյանը նաև անվտանգությանը վերաբերող հարցերին անդրադարձավ։ «Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա, դա Ռուսաստանն է՝ դարավոր մեր գործընկերը, բարեկամը, հարազատը, որ միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել։ Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային, բարեկամական իրականացնենք, ամրապնդենք և այսօր սահմանների վրա պետք է կանգնած լինի հայ և ռուս զինվորը: Իրենք ուս ուսի տված, ուս ուսի կանգնած, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի, և մենք էլ ապահով լինենք»։ Ծառուկյանը նաև ասաց, որ գումար պետք է ներդնեն փակ գործարանները բացելու համար։ «Մենք պետք է հասնենք զարգացման, աշխատանքի, ներդրման։ Առանց գումարի չի լինելու։ Չի կարող լինի։ Գումար պետք է դնենք տարեկան 2 միլիարդ, միլիարդ ու կես, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսական հողերը մշակենք՝ ինչ-որ կարելի է մշակել, ինչ- որ կարելի է արտադրել։ Լիարժեք դրա սպառումը աշխարհով մեկ կա, որ կարողանան սպառեն, բյուջեի գումարը ավելանա, դրա հիման վրա կարա բարձրանա թոշակը, աշխատավարձը, որ լիարժեք դա պետք է մենք անենք»։ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ անհրաժեշտ է բացել գյուղատնտեսության նախարարությունը։ «Գյուղնախարարը չի կարող 5 հատ նախարարություն լինի միասնական մի հատ ղեկավար։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա»։
17:42 - 08 հունիսի, 2021
Հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը․ Արամ Սարգսյան

Հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը․ Արամ Սարգսյան

Մեր նախընտրական կարգախոսն է անվտանգություն և աշխատատեղ։ Մենք համարում ենք, որ այդ երկու բաղադրիչները իրար հետ փոխկապկացված են։ Այս մասին Էջմիածնում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առանց ուժեղ տնտեսության չկա ուժեղ բանակ, չկա ուժեղ գիտություն, չկա ուժեղ առողջապահություն, չկա ուժեղ սոցիալական ապահովություն, և որպես խնդրի լուծման տարբերակ առաջարկում ենք հույսներս դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել մեր ունեցած հանքային բոլոր ռեսուրսները, կառավարել մեր ունեցած ջրային ռեսուրսները, դրանից եկած փողը տանել բանակ, տանել գիտություն և կրթություն, սպառազինել մեր բանակին այնպես, որ կարողանա առաջիկա մի քանի տարի հետո արդեն իսկ շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ թշնամին մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել»։ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը իր պահվածքով չի բավարարում այն չափանիշները, որպեսզի կարողանա օժանդակել ՀՀ-ի սահմանները պահելուն։ «Ավելին՝ օժանդակում է հակառակորդին, և մենք հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը, դիմելով ՄԱԿ-ին, դիմելով Մինսկի խմբի եռանախագահող երկներին՝ այս խնդրում իրենց մասնակցությունն ունենալու, որովհետև մենք համոզված ենք, որ եռակողմ համաձայնագիրը բխում է Ադրբեջանի շահերից, որ եռակողմը իրականում քառակողմ է և դրանում մասնակցում է Թուրքիան, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո անցել է վեց ամիս և վիճակը ոչ միայն չի կայունացել, այլ օր օրի համար ավելի վատ հանգամանքներ են ի հայտ գալիս, և այս տեմպը շարունակվելու դեպքում եթե որևէ փոփոխություններ չլինեն, մենք անընդհատ կորցնելու ենք, դրա համար արտաքին քաղաքական նոր խաղացողների ներգրավում է պետք»։
16:02 - 08 հունիսի, 2021
ԼՀԿ-ն Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը տեսնում է բանակցությունների միջոցով |armenpress.am|

ԼՀԿ-ն Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը տեսնում է բանակցությունների միջոցով |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում է բանակցությունների միջոցով ադրբեջանական զորքը դուրս հանել Հայաստանի տարածքից, արտաքին քաղաքականության հարցում հանդես բերել բալանսավորված մոտեցում: Այս մասին ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում: Մարուքյանը նախ նշեց, որ ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, ընդդեմ թշնամու միասնական հանդես գալու իրենց թեզերը գնալով ավելի ու ավելի է արդիական դառնում՝ հատկապես երեկվա քարոզչական օրվանից հետո: ԼՀԿ նախագահը մտահոգիչ է համարում թե վարչապետի պաշտոնակատարի, թե ընտրապայքարին մասնակցող նախկին իշխանությունների, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի՝ միմյանց ուղղված հայտարարությունները: Ըստ նրա՝ ԼՀԿ-ի ուղերձն այլընտրանքային է: Խոսելով իրենց մոտեցումներից՝ Մարուքյանն ասաց. «Արտաքին քաղաքականության մեջ կարողանում եմ բալանասավորված մոտեցումներ բերել: Իմ արած աշխատանքով աչքի եմ ընկել»: Նա համոզված է, որ հակառակորդին Հայաստանի տարածքից պետք է դուրս հանել բանակցություններով: Մարուքյանը պնդում է, որ «Լուսավոր Հայաստանը» դիվանագիտական ճակատում կարող է մեծ ներդրում ունենալ: «Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերը հանելու ենք ՀՀ տարածքից: 540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով»,- ասաց նա:
14:57 - 08 հունիսի, 2021
«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» սխալ ահազանգեր է անում |fip.am|

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» սխալ ահազանգեր է անում |fip.am|

fip.am: Այսօր՝ հունիսի 7-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտե» նախաձեռնող խումբը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Մեծամորում և Կապանում փակցված պաստառների նկարներ՝ պնդելով, որ դրանք փակցված են օրենքի խախտմամբ:  Կոմիտեի ահազանգը տարածել են մի շարք կայքեր, այդ թվում՝ tert.am֊ը, news.am֊ը, armlur.am֊ը, 168.am֊ը, aravot.am֊ը և այլն։  Մեծամորում Մասնավորապես, Մեծամորում պաստառը փակցված է 15/02 տեղամասի պատին, ինչը, ըստ այդ խմբի, արգելված է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով: Համաձայն ԿԸՀ որոշման՝ 15/02 տեղամասը տեղակայված է Մեծամորի մշակույթի տանը, որտեղ այսօր ցերեկը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ընտրողների հետ:  Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառներ, իսկ որտեղ՝ ոչ: Այդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ ամրագրվել է, որ «Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ՝ այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են…»: Օրվա վերջում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչը տրամադրել էր նկարներ, որոնք փաստում են, որ պաստառներն արդեն հանված էին: Հետևապես, այսօր Մեծամորի մշակույթի տան մուտքի մոտ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: Կապանում Սյունիքի մարզկենտրոնում, ըստ նախաձեռնող խմբի, ՔՊ-ի քարոզչապաստառը փակցված է «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի վրա, ինչը օրենսգրքի նույն՝ 21-րդ հոդվածի խախտում է: Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածն իրոք ենթադրում է, որ իրավաբանական անձանց պատկանող, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի վրա քարոզչապաստառներ կարելի է փակցնել միմիայն որոշակի դեպքերում (և սա այդ դեպքերից չէ): Շարունակությունը՝ fip.am-ում
14:40 - 08 հունիսի, 2021
ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի դիմումն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը օրենքով սահմանված ժամկետից՝ հունիսի 7-ից, շուտ են սկսել իրենց քարոզարշավը: ԿԸՀ-ի հունիսի 8-ի նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Լևոն Բաղդասարյանի դիմումի բովանդակությունը: «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դիմումը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 5-ին: Նշվում է, որ թեպետ օրենքի ուժով քարոզարշավը սկսվելու է հունիսի 7-ից, սակայն որոշ կուսակցություններ ու դաշինքներ բացահայտ ձևով իրականացնում են քարոզարշավ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը: Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նա հարկ է համարում արձանագրել, որ թույլ տրված խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը անվանվում է նախընտրական քարոզչություն: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է: «Նշված իրավանորմերի վերլուծությունը վկայում է, որ քարոզչություն իրականացնելու համար ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկօրյա ժամկետային սահմանափակում, այն է, քվեարկության օրը և դրա նախորդ օրը: Նշվածից զատ որևէ այլ ժամկետային սահմանափակում առկա չէ»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Ինչ վերաբերում է դիմումի փաստարկին առ այն, որ տարբեր միջոցներով քարոզչության առկայությամբ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, ապա ԿԸՀ որոշմամբ, պնդումն անհիմն է: Որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի արգելված չէ քարոզչություն իրականացնելու հնարավորությունը: 
14:21 - 08 հունիսի, 2021
Մենք ենք այն քաղաքական ուժը, որն ունի գիտելիք, փորձ, կամային հատկություններ և վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Մենք ենք այն քաղաքական ուժը, որն ունի գիտելիք, փորձ, կամային հատկություններ և վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Մենք առջևում ունենք ճակատագրական իրադարձություն, բայց այս ընտրություններին մեր գնալու նպատակը զուտ թիմի փոփոխությունը չէ և առհասարակ՝ այս ընտրությունները անձերի մասին չեն։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Այս ընտրությունները ունեն յուրահատկություն, որը հետևյալն է՝ մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք ծնկաչոք ապրել, մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև, աճող տնտեսություն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, մենք ուզում ենք ներքին համերաշխություն, կայունություն, թե՞ ուզում ենք, որ շարունակվի ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած մեր երկիրը և ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի, քաղաքական ուժերի և միավորների»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նաև խորհուրդ տվեց քաղաքացիներին կատարել 3 քայլ, ըստ որոնց նրանք կհասկանան, թե որ քաղաքական ուժին պետք է ձայն տալ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ, նաև ընդգծեց՝ երկրի առաջ ծառացած խնդիրները գործող իշխանությունը չի կարող լուծել։ «Վերցրեք թուղթ ու գրիչ և փորձեք թղթին տալ, թե ձեր կարծիքով՝ որոնք են երկրի առջև կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ և ինքներդ ձեզ հարց տվեք, թե այս իշխանությունը արդյո՞ք ի վիճակի է այս խնդիրները լուծել։ Առաջարկում եմ վերցնել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակը և որոշել, թե ձեզ համար ո՞րն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ փորձ, բավարար կամային հատկություններ, վճռականություն երկիրը այս վիճակից հանելու համար և մենք համարում ենք, որ այդ ուժը մենք ենք»,- նշեց ՀՀ 2-րդ նախագահը։
13:17 - 08 հունիսի, 2021
ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մեկ թեկնածուի դեպքում ինքնաբացարկի դիմումը մերժվեց:  Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյան: ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումը ճանաչել ուժը կորցրած: Նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը ևս ներկայացրել էին ինքնաբացարկի դիմում: Նրանց պարագայում ևս ԿԸՀ-ն ընդունեց դիմումը և գրանցումը ճանաչեց ուժը կորցրած: Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Քննարկելով դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Ինքնաբացարկի հաջորդ երկու դիմումը «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից էին: Պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումներն ուժը կորցրած ճանաչվեցին: Ինքնաբացարկի դիմում է ստացվել էր նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանից: Դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ նման դեպքում դիմումատուն պետք է ներկա գտնվի նիստին: Քանի որ նա ներկա չէր, ԿԸՀ-ն որոշմամբ նրա դիմումը մերժվեց:
13:07 - 08 հունիսի, 2021
Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձ չեն վճարի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձ չեն վճարի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում: Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: «Այգեգործությունը կարող է ավելի հեշտ կատարվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Լուծումն այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, մենք պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և  արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է»,- հայտնեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն տնտեսությունները, որ կաթիլային ոռոգման կանցնեն, հինգ տարի ջրի վարձ չեն վճարի:  Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգմանն աջակցելու նպատակով: «Այնտեղ, որտեղ ջուր չկա, առաջին քայլը եղած ջուրը ամբարելն է և հարցը կաթիլային ոռոգմամբ լուծելը»,- ասաց Փաշինյանը: 
12:57 - 08 հունիսի, 2021
Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի ուժ չի կարող լուծել, կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է. Գևորգ Գորգիսյան |tert.am|

Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի ուժ չի կարող լուծել, կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Գևորգ Գորգիսյանի նախընտրական ելույթ է ունեցել Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Գորգիսյանը նշել է՝ճգնաժամերը պետք է հաղթահարել՝ դրանցից դասեր քաղելով ու ուժեղացած:  «Ծրագրերը շատ են, որոնք կարելի է կյանքի կոչել հունիսի 21-ից սկսած, բայց դրա համար պետք է հանրային համերաշխություն, պետք է, որ ժողովուրդը տա Լուսավոր Հայաստանին այդ մանդատը՝թույլ չտալու միմյանց վերացնել ցանկացող ուժերին՝ վերացնել երկիրը: Կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է: Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի կուսակցություն ու մի ուժ չի կարող լուծել: Լուսավոր Հայաստանը մասնակցում է ընտրություններին հանրային համերաշխության գաղափարախոսությամբ»,- ասաց Գորգիսյանը:
12:44 - 08 հունիսի, 2021
Մենք խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին

Մենք խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին

Մենք փորձում ենք քարոզարշավին բովանդակություն տալ։ Մենք խոսում ենք մեր երկրի զարգացումից, հնչեցնում ենք կոնկրետ թվեր և ցուցանիշներ։ Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ «Հստակ ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում լուծելու ենք մեր բանակի վերակազմակերպման հարցը և երեք տարիների ընթացքում բանակի սպառազինության հարցը։ Ասում ենք՝ փոխելու ենք կառավարության կառուցվածքը՝ վերականգնելու ենք գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները։ Հստակ ասում ենք գյուղոլորտում ինչ բարեփոխումներ ենք անելու, ասում ենք, որ 3 տարվա ընթացքում լուծելու ենք ոռոգման խնդիրը։ Հստակ նշում ենք առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում ինչ ծրագիր ենք անում»,- նշեց Սաղաթելյանը։ Վերջինս նշեց, որ այս ամենով հանդերձ՝ «հակառակ կողմը կրկին շարունակում է իր վայրահաչոցնմերը, լաչառությունը, չկա որևէ բովանդակություն, որոցվհետև ասելիք չունեն, որովհետև մեր երկիրը բերել, հասցրել են անդունդի եզրին»։ «Մենք շարունակելու ենք չարձագանքել այդ վայրահաչոցներին  և խոսելու ենք Հայաստանից և Հայաստանի ապագայից»,- եզրափակեց Սաղաթելյանը։
11:51 - 08 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 2. քաղաքական ուժերը արշավը շարունակում են հանդիպումների և ասուլիսների ձևաչափով |armenpress.am|

Քարոզարշավ օր 2. քաղաքական ուժերը արշավը շարունակում են հանդիպումների և ասուլիսների ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում շարունակվում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում: Հանդիպումները սկսվելու են ժամը 11:30-ին՝ Արագածավանից: Կուսակցությունը լինելու է նաև Արտենիում, Թալինում, Օշականում, Ծաղկահովիտում, Ալագյազում: Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրից «ՔՊ» կուսակցությունը քայլերթով ուղևորվելու է քաղաքի հրապարակ: Երեկոյան 19:00-ին Աշտարակի հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ժամը 11:00-ին հանրահավաք կիրականացնի Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում, այնուհետև 13:30-ին հանդիպում կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը հանդիպումները սկսելու են ժամը 10:30-ին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտից: Սկզբում տեղի կունենա հանդիպում լրագրողների հետ: Ժամը 12:00-ին կուսակցության անդամները կլինեն Զորավար Անդրանիկի փողոցում, այնուհետև 15:00-ին՝ Արարատյան մասիվում: 16:00-ին նրանք կլինեն Գրիգոր Ասատրյան փողոցում (Շիրակ հանրախանութ) և 17:00-ին՝ Տիչինայի փողոցով դեպի Ա-2 թաղամաս:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում: Մեկնարկելու է ժամը 15:00-ին՝ Սևան-Գավառ խաչմերուկից, ապա 16:00-ին նրանք կլինեն Գավառում: «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Ապարանի Ափնա գյուղում, այնուհետև շրջելու են տարբեր գյուղերով: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 8-ին՝ ժամը 18.00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հանրահավաք կանցկացնի, որտեղ կներկայացնի իր պատկերացումները անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:  «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Երևանում, այս անգամ մեկնարկելու են Կոմիտասի փողոցում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Կուսակցության անդամները շրջելու են Երևանի տարբեր փողոցներով: Ժամը 13։00-ին Մաշտոցի պուրակից «Հանրապետություն» կուսակցության անդամները՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, կշարժվեն դեպի Արմավիրի մարզ` Էջմիածին և Արմավիր քաղաքներ։ Կուսակցություններից երկուսը քարոզարշավի երկրորդ օրվա համար ընտրել են ասուլիսային ձևաչափը. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ժամը 11:00-ին ասուլիսով կներկայացնի իր ծրագիրը: Ժամը 12:00-ին էլ լրագրողների հետ կհանդիպի «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը: 
09:15 - 08 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

22:37- «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Ասրյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել։ |tert.am|22:00- Հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ կարևոր նախապայման է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Նախեւառաջ իրավաքաղաքական գնահատական պետք է տալ նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունն է, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը:  Հավաստիացնում ենք, որ կոալիցիա չենք կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ: [Ազգային-ժողովրդավարական բևեռ] |Armtimes.com|21:42- Իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ: Իմ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է, որ ունենամ մեծ թվով ձայներ: Ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա, ինձ ձերբակալել են: Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա է կազմելու: Նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ժողովուրդ ջան, ով որ իր խոսքը գործ է դարձրել, նրան էլ ընտրեք։ [Գագիկ Ծառուկյան] |factor.am|21:28- Ընտրողներին իմ անձնական ուղերձն է՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ [ՔՈ ՍԴԿ առաջին համար Սուրեն Սահակյան]21:14- Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է: Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի, հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ: [Փաշինյանը՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել] |hetq.am| 21:07- Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն։ Էդ հաղթանակով գլուխ գովացող շատերը` Հայաստանի երեք նախկին ղեկավարների գլխավորությամբ, մսխեցին էդ հաղթանակը քյաբաբնոցներում, խաշանոցներում և իրենց բանկային հաշիվներում… Թույլ չենք տալու ամեն ստահակ մեզ մեղադրանք առաջադրի, էս պատմության մեջ մենք մեղադրվող չենք, մեղադրող ենք։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիր գյուղում] |hetq.am|20:50- Տուրիզմը հասել է մինչև Գորիս և մինչև Կապան չի շարունակվել, այն պետք է հասցնել Կապան։ Պետք է կառուցենք ճանապարհներ, Հյուսիս-Հարավ մայրուղին պետք է սկսվեր կառուցվել Սյունիքում։ Իրատեսական եմ համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Կապանում]20:42- Մեր կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չենք խոսելու, բակեր չենք մտնելու, մարդկանց անդորրը չենք խաթարելու։ Մարդկանց հրավիրում ենք` Հյուսիսային պողոտայի մեր շարժական շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է, իսկ բուկլետի փոխարեն քաղաքացիներին ենք տալու մեր թերթոնները: [«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան]20:17- «Վերելք» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: Մեկ ամիս առաջ ստեղծված ուժը ռազմաքաղաքական ուղղվածություն ունի: Քաղաքականություն են մտել առաջին հերթին բանակի ու անվտանգության հարցերը լուծելու համար: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը: Կուսակցությունը նաև առաջարկելու է երկարօրյա դպրոցների ստեղծումը: |1lurer.am|20:14- Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները տվեցին Երևանի կենտրոնում՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության առաջին համարը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը, և որ իրենց համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը, ինչի համար պետք է ունենալ քաղաքական լծակ: Ընտրություններն էլ միջոց է, և որ ինչպես իրենց անվանումն է՝ «Զարթոնք», փորձելու են արթնացնել մարդկանց: |1lurer.am|20:08- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկ, երթ են անցկացրել Երևանի կենտրոնում՝ անցորդներին բաժանելով վարդեր ու կուսակցության թռուցիկները: |1lurer.am|19:51- Մենք երբեք չենք ընդունելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ: Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշին՝ ոչ Նիկոլին, եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: [ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյան] |news.am|19:33- Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Մեր խնդիրը ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ [Սերժ Սարգսյան] |tert.am|19:26- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն։ Նա նշել է, որ խիստ կարևոր է քարոզարշավի օրինական, պատշաճ ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ Դավթյանի՝ իրավապահները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն՝ պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, հեղինակությունների գործադրման և որևէ այլ եղանակով։19:12- Հանրային հեռուստաընկերությունը արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր։ Դրանք անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ, իսկ հունիսի 16-ին և 17-ին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:18:04- Մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ [Լևոն Տեր- Պետրոսյան]17:54- Շարունակվում են քննարկումները «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ: Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն ու ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտների փորձագետների հետ, քննարկել նշված ոլորտներին առնչվող ծրագրային դրույթներ: [«Հայաստան» դաշինք]17։41- Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար։ [Լևոն Տեր-Պետրոսյան]   17։36- Մի հետաքրքիր դրվագ էլ կա, որն ամենաշատն է քննարկվում, թե ինչու ես ու Քոչարյանը մերժեցինք Փաշինյանի՝ բանավեճի հրավերը։ Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009թ․-ին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   17։34- Ինձ համար իսկապես հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը ում է իրեն մրցակից համարում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ամբաստանյալ Սերժ Սարգսյանի՞ն, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի՞ն։ Ո՞վ է իր մրցակիցը։ Արդյո՞ք սա այնպիսի ընտրական գործընթաց է, որտեղ գիտակցված ընտրության միջավայր է ձևավորվել։ Կարծում եմ՝ մեր ժամանակահատվածի ամենադժգույն ընտրություններն են լինելու, երբ իշխանության պայքարի մեջ ընդգրկված են գողեր, ավազակներ, հանցագործներ, որոնք չեն պատժվել, մարդիկ, որոնք ամբաստանվում են։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան]   17։24- Քարոզարշավի առաջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: |tert.am|   17։03- Ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի․ մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող  եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։58- Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։39- «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, պարզաբանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»: |armtimes.com|   16։33- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում։   16։24- Մեր ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև գիտենք, որ բոլոր հաղթանակները ձեռք են բերվում, եթե քո պետական քաղաքականությունը խարսխված է իրատեսական, ստրատեգիական հաշվարկների վրա, աշխարհաքաղաքական իրողությունների ճիշտ գնահատականի վրա։ Այսինքն, հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ նրա շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային նորմերը ու քաղաքականությունը կառուցվում է համաձայն այդ իրավիճակների։ Մենք նաև գիտենք, որ մեր պետությւոնը պարտվում է այն ժամանակ, երբ շեղվում է այս ճիշտ ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, սին, ազգայնական երազանքների ճանապարհը, ցնորամտության ճանապարհը, երբ մենք աշխարհից պահանջում ենք ավելին, քան կարող է տալ։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]   16։19- Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության, թե ինչ խոստումներ են տվել, ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   15։39- Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-երը լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։ Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ [ՀՀ Ոստիկանություն]   15։14- Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին։ Առավոտյան ժամը 9-ից տասը հոգուց բաղկացած խմբեր արդեն իսկ մեկնել են ՀՀ տարբեր մարզկենտրոններ և քաղաքներ: [«5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյան] |armtimes.com|   15։10- Մենք չունենք «զոմբիներ», մենք չունենք «ժեխ» և այլն, մերժում եմ ես նման կատեգորիաները, նման որակումները։ Մենք ունենք մոլորված ժողովրդի մի զանգված, որոնց հետ պետք է աշխատել, որոնց պետք է համոզել, որոնց պետք է բերել մեր դաշտ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   14:35- Այսօր տալիս ենք մեկնարկը խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն հանրապետության և կայսրության միջև: Եվ մեր՝ բոլոր քաղաքական միավորներիս պարտքն է կարողանալ ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, հօգուտ Հայաստանի և հօգուտ պայծառ հայրենիքի։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյան] |factor.am|   14:31- Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի: Այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին․ այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում։ Ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը մոտ է: [«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան] |armenpress.am|   13։40- ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ [ՔԿ]   13։26- Քարոզարշավ օր 1. հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը։   13։21- Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։ [ՀՀ Ոստիկանություն]   12։44- Մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է ՀՀ-ի, մեր բոլորի առջև, անվտանգությունն է, որը պետք է ցավով նշենք, այօրվա Հայաստանում նվազագույնը շատ վատ վիճակում է։ Բոլոր համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին ՀՀ անվտանգությունը, քայքայված են։ Առաջնայինը պետք  է վերականգնենք հարաբերությունները մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ ՌԴ հետ։ Նաև անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը ավելի լավ կհամապատասխանի իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյան]   12։32- Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին ժողովրդին հուզող երկու հիմնական հարց․ առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Հաջորդ հացը տնտեսական իրավիճակն է։ Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   12։17- Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել։ Դա վերաբերում է ինձ, Ձեզ, բոլորին։ Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել։ [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին]   12։09- Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար են, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: [«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Միսկարյան] |lragir.am|   12։05- Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։58- Այս թիմը հասնելու է նրան, որ ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում, որովհետև արդեն հասկացանք, որ պաշտոնյայի սուտը անշառ, կենցաղային սուտ չէ, այն ունի ծանր հետևանքներ երկրի համար, և դա պետք է քրեորեն պատասխանատվության ենթարկվող արարք լինի մեր օրենսդրությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   11։51- Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է խախտում ԲՀԿ կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է լուսանկարի հայտարարությունը։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունից նման առաջարկ կատարելը ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խոստում։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։50- Մեզ համար հունիսի 21-ը այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի, ավելին՝ լարվածությունը այն մակարդակի է, և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։42- Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին։ [«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] 11։40- Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է։ Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ։ [«ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքարում քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների]   11։35- Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]   11։30- «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի-Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը՝ Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ, և այլ պատգամավորներ։ Մենք այստեղ ենք մյուս խմբով։ Առավոտյան ժամը 8-ից մետրոյի «Երիտասարդական» կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Մեր հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։27- Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ՀՀ ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները՝ իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ։ Ուստի խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով: Ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ․ ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից՝ մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի: [«Արդար Հայաստան» կուսացկության նախագահ Նորայր Նորիկյան]   10։56- Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․1.  Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։2.  Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։3.  Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։4.  Մի´ տրվեք որևէ սադրանքի [«Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   10։43- Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: [Գլխավոր դատախազություն]   10։38- Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին  բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը։ [ԿԸՀ]   10։00- Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են։ [Դանիել Իոաննիսյան]   09։40- ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման համար: ԱԱԾ-ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: [ՀՀ ԱԱԾ]   09։19- Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:10 - 07 հունիսի, 2021