ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020 թ․ մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ՀՀ ՔԿ նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարաված և 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսեկան 50000 դրամ /տարեկան 600․000 դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա  ընկերությունն, հողի պատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016 թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:   Արդյունքում՝ 2008 թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ:Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար  քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:09 - 18 փետրվարի, 2021
Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  ՀՀ ՔԿ Շիրակի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո  ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի համայնքի (2017թ.-ի նոյեմբերից՝ Անի խոշորացված համայնքի) ղեկավար Ա.Գ.-ն, հաստատապես տեղյակ լինելով համայնքապետրանում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից 2012թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, մասին, այդ ընթացքում նրա կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում հաստատել է նշված ամիսների աշխատավարձի վճարման՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը: Արդյունքում, նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով հափշտակել է այդ օրերի դիմաց տվյալ անձի անվամբ որպես աշխատավարձ հաշվարկված և ելքագրված՝ ընդհանուր զգալի չափերի գումարը: Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ Ա. Գ.-ն 2011թ. դեկտեմբերի 11-ին, առանց հարցը Մարալիկ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու՝ որոշում է կայացրել Մարալիկ քաղաքի Դերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով իր բարեկամուհուն հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ: Այնուհետև, 2012թ.-ի հուլիսի 4-ին, Մարալիկ համայնքի ղեկավարը որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը երբևէ դրանում չբնակված, վարձակալ իր բարեկամուհուն նվիրաբերության եղանակով հատկացնելու մասին, որից հետո բնակարանը նվիրաբերության եղանակով անհատույց օտարվել է վերջինիս: Այդ կերպ էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար 2021թ.-ի փետրվարի 17-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:  Նախաքննությունը շարունակվում է: 
14:41 - 17 փետրվարի, 2021
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

Տնտեսվարողներից առերևույթ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասված է. «ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 26-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող սննդի կետում, ՀՀ ՊԵԿ տարածքային հարկային տեսուչ Ա. Պ.-ի կողմից, նույն սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40.000 ՀՀ դրամ գումարը ստանալուց անմիջապես հետո վերջինս և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Ա. Պ.-ի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ միասին հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 40.000 ՀՀ դրամը։ Դեպքի առթիվ 2021թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նույն օրը նշված տեսուչները ձերբակալվել են: Բացի այդ, թվով մի քանի տնտեսվարողների ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունում հաղորդումներ են ներկայացրել առ այն, որ 2020-2021թթ. ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս, ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսուչների կողմից խախտումները չարձանագրելու և իրենց չտուգանելու համար, նրանց պահանջով տվել են տարբեր չափերի կաշառքի գումարներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է շուրջ՝ 1.390.000 ՀՀ դրամ: Հիշյալ փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել են 3 քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և միացվել են մեկ վարությում: ՀՀ ՀՔԾ-ում իրականավող նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Ա. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա ի պաշտոնե ունենալով ունենալով հարկ վճարողների մոտ հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու, իրավախախտումներ հայտաբերելու և դրանք արձանագրելու, հարկ վճարողների հարկային պարտավորությունների՝ ողջ ծավալով և ժամանակին հայտարարագրումն  ու կատարումը ապահովելու լիազորություններ, խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար մի շարք տնտեսավարողներից պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում խոշոր չափերի գումարներ։ Միաժամանակ, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։ Պատշաճ դատախազական հոկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` ենթադրյալ այլ դեպխքեր հայտնաբերելու, հանցավոր արարքները խմբի կազմում կատարված լինելու, տեսուչների արարքներին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով»։
18:57 - 15 փետրվարի, 2021
Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը

Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  «Խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը:
17:19 - 15 փետրվարի, 2021
Արարատի մարզում գործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ինքնակամ շինություն են. դատախազություն

Արարատի մարզում գործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ինքնակամ շինություն են. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020 թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով  ծանրաբեռնված  հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների, ինչպես նաև ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում: Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների, տարածքների օրիանականացման ուղղությամբ:    Մասնավորապես, մարզի տարածքում կառուցված և գործող ինքնակամ ձկնաբուծարանների ոլորտի ուսումնասիրության շրջանակներում հարցումներ են կատարվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, իրենց համայնքների տարածքներում ձկնաբուծական տնտեսություններ ունեցող 12 ՏԻՄ-եր: Մարզի դատախազությունում կազմակերպվել է ձկնաբուծությամբ զբաղվող 45 տնտեսվարողների ներկայացուցիչների  ընդունելություն: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի 12 համայնքների տարածքում առկա գործող և չգործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են ինքնակամ շինություններ կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք: Խախտումներ են արձանագրվել Արարատի մարզի 4 համայնքների ներկա և նախկին ղեկավարների կողմից հողօգտագործման և հողերի պահպանման բնագավառներում։ Ուսումնասիրության և նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի վրա ՍՊԸ-ի կողմից կառուցվել է 5 հա ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական՝ կազմված լճակներից և այլ ինքնակամ շինություններից: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո Արարատի մարզի դատախազի կողմից նախազգուշացում է ուղարկվել Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարին՝ վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ սահմանված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ: Դրա հիման վրա Սիսի համայնքապետարանում կազմակերպված հանդիպման արդյունքներով համայնքի ղեկավարի որոշմամբ ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն, ապա իրականացվել է նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքի ուղղակի գնման գործընթաց, որի շրջանակներում համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։ Ուսումնասիրության ընթացքում տարված բացատրական աշխատանքների արդյունքում նաև Սիս համայնքի տարածքում գտնվող մեկ այլ՝ 25 հա գյուղատնտեսական նշանակությամբ արոտավայրի վրա ամբողջությամբ ինքնակամ կառուցված 2500 քմ մակերեսով քարաբետոնե ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ կազմվել են համապատասխան սխեմաներ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին՝ ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Օրինականացվելու դեպքում Սիս համայնքի բյուջե կարող է վճարվել ավելի քան 15.000.000 ՀՀ դրամ գումար։ Ուսումնասիրության արդյունքներով մարզի մի քանի համայնքների մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների վերաբերյալ պաշտոնատար համապատասխան անձանց կողմից հողերի վերահսկողության և պահպանման ոլորտում առերևույթ լիազորությունների չարաշահման հանգամանքները լրիվ, օբյետիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքին իրավական գնահատական տալու նպատակով Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո քննվում են մի քանի քրեական գործեր:
14:06 - 13 փետրվարի, 2021
Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքը ամիսների վաղեմություն ունի. գործը դատարանում է |armtimes.com|

Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքը ամիսների վաղեմություն ունի. գործը դատարանում է |armtimes.com|

armtimes.com: Երեկ համացանցում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ՝ ոստիկանների մասնացկությամբ քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Նշվում էր, որ 12 ոստիկան կես ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկում մի երիտասարդի: Այս կապակցությամբ պարզաբանմամբ են հանդես եկել գլխավոր դատախազությունն ու ՀՀ ոստիկանությունը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ իրականում այս դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա կեսերին, դրա կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել և քննվել է քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Ոստիկանության ՃՈ երեք տեսուչների և այդ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այդ մասին, ի դեպ, ՀՀ դատախազությունը նաև հաղորդագրություն է հրապարակել 2021թ. հունվարի 21-ին:   «Ավելացնեմ նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո դատախազի համաձայնությամբ այդ տեսուրչների պաշտոնավարումը կասեցվել է: Ուղղակի զարմանալի է, թե լրատվամիջոցներն ինչպես են արագ կուլ տալիս անգամ վիզուալ ու բովանդակային ակնհայտ հակասություններ ունեցող տեղեկատվական խայծերը: Հ.Գ.-2. Տելեգրամյան ալիքների «տեխնոլոգիան» վերածվում է կոնկրետ գլխացավանքի և «տեղեկատվական դիվերսանտի»»,-գրել է Աբրահամյանը: ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի նախաքննությունն ավարտվել է, և գործը դատաքննության փուլում է։ «Կոչ ենք անում չխեղաթյուրել իրականությունը. ոստիկանությունն ամենաշահագրգիռն է միջադեպի օբյեկտիվ իրավական գնահատման հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ։ Հավելենք, դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին Ոստիկանության «Փոսի գայի» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց:  Նշենք, որ այս գործով մեղադրյալներն են՝  ՃՈ ոստիկաններ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը եւ Սեյրան Սարգսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
12:45 - 12 փետրվարի, 2021
Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել
 |1lurer.am|

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: «Չնայած քրեական գործով մեղադրյալ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դատական քննության վերաբերյալ դատախազության պարզաբանումներին, առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձևավորվել այն անհեթեթ կարծիքը, թե, իբր, Վ. Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով: Հերթական նման փորձը կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ: Մինչդեռ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վ. Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին իր օրինական և հիմնավոր որոշման մեջ, ոչ միայն հիմնավոր կասկածի, այլ նաև՝ օրենքով սահմանված կալանավորման ՄԻ ՔԱՆԻ հիմքերի առկայությունը, որոնք փաստարկված ներկայացված են եղել նաև վարույթն իրականացնող մարմնի միջնորդության մեջ:   Ի թիվս այլ հիմքերի, դատարանը, հատկապես շեշտել է Վ. Բադասյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականությունը:   Այսուհանդերձ՝ ելնելով նախաքննության ընթացքւոմ իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Վ. Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում»,- գրել է Աբրահամյանը:
19:44 - 10 փետրվարի, 2021
Կառավարության շենքը զավթելու փորձի մեջ մեղադրվող անձանց չկալանավորելու որոշումները բողոքարկվել են |hetq.am|

Կառավարության շենքը զավթելու փորձի մեջ մեղադրվող անձանց չկալանավորելու որոշումները բողոքարկվել են |hetq.am|

hetq.am: Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին չկալանավորելու վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք, սակայն, մերժվել են։
19:28 - 10 փետրվարի, 2021
Արթուր Դավթյանը կայազորների զինդատախազությունների հետ քննարկել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

Արթուր Դավթյանը կայազորների զինդատախազությունների հետ քննարկել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթանը ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի և կայազորի զինվորական դատախազությունների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Քննարկվել են 2020թ.-ի ընթացքում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի արդյունքները, 2021թ.-ի գործունեության առաջնահերթությունները: Մանրամասն անդրադարձ է կատարվել կայազորների դատախազների դատավարական հսկողության և ղեկավարման ներքո գտնվող քրեական վարույթների ընթացքին, դրանց վրա պատերազմի և դրա հետևանքների թողած  ազդեցությանը, դրանց հաղթահարման միջոցներին: Համակողմանի քննարկման առարկա են դարձել հետպատերազմյան շրջանում զինված ուժերի վերափոխումների համատեքստում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում հանցավորության վիճակի վերահսկելիության և այս համատեքստում զորամիավորումների ղեկավարության հետ գործակցության խնդիրները:     Արձանագրելով, որ 2020թ.-ը ծանրագույն տարի էր նաև Արցախում ծառայություն իրականացնող քրեական հետապնդման մարմինների և դատախազության ստորաբաժանումների համար՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պատերազմի ամբողջ ընթացքում իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ ծառայողական պարտքը բարեխղճորեն և մեծ նվիրումով իրականացրած կայազորների դատախազության աշխատակիցներին: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերով ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունների իրականացմանը, հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ամբողջականության և լիարժեքության ապահովմանը: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն հետաքրքրվել է նաև պատերազմի նման ողբերգական ելքին հանգեցրած պայմանների, պատճառների վերաբերյալ քննվող քրեական գործերով և տվել է դրանցով վարվող քննությունների օպերատիվությանը, համակողմանիությանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես,  Արթուր Դավթյանը խստիվ շեշտել է ռազմական գործողությունների մասնակիցների, զոհված, անհետ կորած կամ ռազմագերու կարգավիճակում Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող զինծառայողների հարազատների կողմից ներկայացված պատերազմական գործողությունների տարբեր դրվագները, տարբեր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև սոցիալական հարթակներով, զարգվածային լրատվամիջոցներով հրապարակված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ընդհանրության մեջ մանրամասն քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Նա հանձնարարել է նշված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և քննությունների արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառել դատախազական ներգործության՝ օրենքով նախատեսված  հնարավոր բոլոր միջոցները, հատկապես՝ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ տալու, հաղորդումներ ներկայացնելու, իրավասու մարմիններից վերաբերելի և անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները պահանջելու և ստանալու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կայազորների գործունեությանն առնչվող նաև այլ հարցեր:
13:25 - 10 փետրվարի, 2021
ՀՀ դատախազությունը շարունակում է աջակցել Արցախի իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին. Ա. Դավթյանը հանդիպել է Ա. Հարությունյանի հետ

ՀՀ դատախազությունը շարունակում է աջակցել Արցախի իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին. Ա. Դավթյանը հանդիպել է Ա. Հարությունյանի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝  իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր: Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև ԱՀ-ում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին:   
11:22 - 09 փետրվարի, 2021
Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝  ամփոփելու 2020 թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետը, մանրամասն քննարկվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, բնակչության իրավունքների պաշտպանության առումով ստեղծված նոր մարտահրավերները, հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 2020 թ. Սյունիքի մարզում արձանագրվել է հանցա­գործության դեպքերի նվազում 5%-ով՝ 744  դեպք՝ 2019 թ. 783 դեպքի դիմաց: Նվազել են հատկապես առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցա­գործու­թյունների դեպքերը: 2020 թ. արձանագրվել է սպանության 1 դեպք՝ նախորդ տարվա 4 դեպքի դիմաց, սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել, 5 դեպքով ավելացել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 13-8: Մարզում 7 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը: Նախորդ տարվա համեմատ էապես՝ մոտ 38%-ով նվազել են հատկապես բնակարանային գողությունները՝ 19-31: Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմներով նախատեսված սահմանափակումներով, որոնց պայմաններում քաղաքացիներն ավելի քիչ են բացակայել իրենց բնակարաններից:      2020 թ. ընթացքում բացահայտվել է կոռուպցիոն հանցագործության 36 դեպք, ինչը 6-ով կամ 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դրանով պայմանավորված՝ ավելացել է նաև հարուցված քրեական գործերի թիվը:  Սյունիքի մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպոր­տային միջոցների շահագործման կանոնները խախտելու 55 դեպք, գրեթե նույնքան, որքան 2019 թ., սակայն մահվան ելքով պատահարներն ավելի են եղել 2-ով՝ 17-15: Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս տարածքների հետ ՀՀ հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝  հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:               Մարզի տարածքում 2020 թ. արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով կամ գրեթե 4.5 անգամ. 2019 թ. 5 նման դեպքի դիմաց 2020-ին արձանագրվել է 28 դեպք: Նման պատկերը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հաղորդակցության, լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021 թ. ընթացքում ինչպես անհրաժեշտ բացատրական աշխատանքների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործիքակազմի կիրառմամաբ գործուն քայլեր ձեռնարկել մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ՝ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել 2020 թ.՝ հատկապես Սյունիքի մարզի համար ծանրագույն տարվա ընթացքում, արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում, դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ տրանսպորտային, տեխնիկական միջոցների և մարդկանց աննախադեպ հոսքի պայմաններում մարզում օրինապահության, հասարակական կարգի ապահովման  ուղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքը: Արթուր Դավթյանը նշել է, որ 2021 թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ:          Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև քրեական վարույթներով իրականացվող նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
13:24 - 08 փետրվարի, 2021
Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ:   «ՀՀ դատախազությունը հստակ իրավական մոտեցում ունի առ այն, որ քրեական օրենսգրքի իմաստով խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի: Այդ դիրքորոշումը բխում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված իրավական մոտեցումներից:   Ինչպես հայտնի է, Գրիշա Վիրաբյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռով ճանաչել էր Գ. Վիրաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման փաստը:   Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազության կողմից 2016թ. մայիսին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Գ. Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զորգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Եվ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ 2018թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:   Դատաքննության արդյունքում 2019թ. փետրվարի 22-ի դատավճռով նշված երկու անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքների կատարման մեջ, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից (հանցագործության դեպքը կատարվել էր 2004թ..): Հետագայում ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի այդ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները, այն թողել էր օրինական ուժի մեջ՝ ամբողջությամբ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հիմքերի հետ:   Երկու ատյանների դատարանների իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ում գործող օրենսդրության իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս խոշտանգմանը վերաբերող գործերով անմիջականորեն առաջնորդվելու՝ ՄԻԵԴ մի քանի գործերով արտահատված՝ խոշտանգման գործերով վաղեմության ժամկետ չկիրառելու իրավական դիրքորոշմամբ: Հետևաբար, ըստ դատարանների, քանի որ ՀՀ ներպետական օրենսդրությունը ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածը՝ խոշտանգումը, չի ներառում ՀՀ քրեական օրենսգրքով սպառիչ թվարկվող այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով, ապա վաղեմության ժամկետների չկիրառումը կհանգեցնի ամբաստանյալների իրավունքների և օրինական շահերի խախտման, կարող է առաջացնել իրավական անորոշություն և որակվել կամայականություն:   ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը վիճարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ ներկայացնելով համապատասխան բողոք այն հիմնավորմամբ, որ ստորադաս դատարանները, իրենց որոշումներով խախտել են Միջազգային քրեական դատարանի, ՄԻԵԴ-ի կողմից կայացված մի շարք որոշումներով արտահայտված մոտեցումը, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ինչպես նաև՝ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերը խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ:   Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումներով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի կիրառման արգելք խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված որոշ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:   Բացի այդ, օրենսդիրն ամրագրել է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետի կիրառման արգելք է սահմանված:   ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը, սակայն 2021թ. դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել (որը ՀՀ դատախազությունը նոր է ստացել) նշված գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ՝ այն հարցադրմամբ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համահու՞նչ կլինի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, եթե ներպետական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման պահանջ նախատեսված չէ»,- գրել է Աբրահամյանը:        
18:58 - 05 փետրվարի, 2021
Ապօրինի անտառահատումներին դեմ պայքարի շրջանակներում դատախազությունն առաջարկներ է ներկայացրել ՇՄ նախարարությանը

Ապօրինի անտառահատումներին դեմ պայքարի շրջանակներում դատախազությունն առաջարկներ է ներկայացրել ՇՄ նախարարությանը

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը:  ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Այդ շրջանակներում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով: Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող  մի շարք խնդիրրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։ Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ լամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների և անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով  վերազինելը։   Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունն ստուգելը, քանի որ անտառապահների և անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տևողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը: Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաև պահաբաժիններում կամ անտառապետություններում անտառապահների և անտառապետերի պարբերաբար փոխությունը, կամ  մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում  հնարավոր չէ բացառել նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետերի և անտառապահների միջև ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։ Խնդիր է նաև անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ 09։00-ից մինչ 18։00-ն։ Շատ դեպքերում անտառապահները և անտառապետերը հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։ Խնդիրը լուծելու հնարավոր միջոց կարող է լինել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի սահմանումը։ Թեև նման դեպքում կարող է անտառապահների հաստիքների ավելացման անհրաժեշտություն առաջանալ, սակայն ելնելով անտառների պահպանության հարցում պետության որդեգրած քաղաքականությունից, ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը հսկայական վնասներ պատճառվելու հանգամանքից, նշված լուծումը կարող է էական դեր ունենալ անտառախախտումների դեպքերը կանխելու, հայտնաբերելու, թերացած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառների համապատասխան պահաբաժիններում պահպանություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունելիս և վերջիններիս արձակուրդ տարամադրելիս համապատասխան պահաբաժնի հանձնում-ընդունում հիմնականում չի կատարվում։ Նման պայմաններում դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունն անգամ հնարավորություն չի տալիս պարզելու, թե արդյոք ապօրինի ծառահատումը կատարվել է տվյա՞լ պաշտոնատար անձի փաստացի աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում, թե՞ ոչ։ Բացի այդ, անտառատնտեսությունների կողմից տրվող հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող ապրանքի՝ տվյալ դեպքում ծառատեսակի անվանումը հաճախ չի նշվում:  Վերինս, հայտնաբերված և վաճառված ծառատեսակների համապատասխանությունը որոշելու առումով, հրատապ է դարձնում տրվող այդ հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող բոլոր ծառատեսակները հստակ նշելու պարտադիր կարգ սահմանելու խնդիրը: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս, անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձևաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետև մի քանի օր անց այն վերարտադրել և վերակազմել են արդեն սահմանված ձևաթղթով, սակայն, անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման՝ օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։ Վերոգրյալ արձանագրված խնդիրները լուծելու ուղղւոթյմաբ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Գրությամբ բարձրացված խնդիրները և առաջարկվող լուծումները  «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արդեն իսկ դարձել են քննարկումների առարկա, որոնցում ներգրավված է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը, բնության վերականգնման տրամաբանությունից բխող՝ վնասի հաշվարկման նոր  մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:   
14:09 - 05 փետրվարի, 2021
1.2 մլրդ դրամի չարաշահումներ՝ Հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում

1.2 մլրդ դրամի չարաշահումներ՝ Հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում

Գլխավոր դատախազությունը հաղորդում է Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում արձանագրված շուրջ 1.2 մլրդ դրամի առերևույթ չարաշահումների հայտնաբերման մասին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2015թ. ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատու ստորաբաժանման կողմից նախապատրաստվել և ներկայացվել են Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար գնման հայտերը՝ ծառայությունների ձեռքբերման նախահաշվային գինը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 700 մլն 344 հազար դրամ: Հայտարարված գնումների ընթացակարգերում յուրաքանչյուր տարի հաղթող է ճանաչվել միակ մասնակից «Յ...» ՍՊԸ-ն, որի հետ էլ կնքվել են հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման պայմանագրեր՝ համապատասխանաբար՝ շուրջ 716մլն դրամ, 700մլն դրամ, 700մլն դրամ և 703մլն դրամ արժեքներով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման գործընթացի շրջանակում ծառայությունների նախահաշվային գինը սահմանելու համար շուկայի ուսումնասիրություն չի կատարվել: Իսկ նույն Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների նպատակով 2017-2019թթ. նույն ընկերության հետ կնքված պայմանագրերի արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմել է շուրջ 400 մլն դրամ, ինչը 300 միլիոնով պակաս է 2012-2015թթ. կնքված պայմանագրերից: Ըստ դատախազության` ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրավանորմերի պահանջները, Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների ընթացակարգերում չեն իրականացրել շուկայի ուսումնասիրություն, ինչի արդյունքում սահմանվել են չհիմնավորված նախահաշվային գներ, որոնց հիման վրա 2012-2015թթ. ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 1 մլրդ 200 մլն դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
15:27 - 04 փետրվարի, 2021
Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

tert.am: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց. «Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում` ՀՀ ՔՕ -ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»:Հարցին, թե Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ է և դատավարական կարգավիճակ ունեցող անձ կա, Արևիկ Խաչատրյանն ասաց. «Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»:Նշենք, որ ՀՀ ՔՕ -ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորում է ստացել Արցախյան 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ։ Վիրավորման պատճառով նա ազատվել էր Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Միքայել Արզումանյանը։
14:17 - 30 հունվարի, 2021