Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։  Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը՝ հիմնավոր չէ: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։
16:05 - 08 հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «անընդունելի են» (չակերտները-խմբ․) Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ուղղություններով հարցերի էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» (չակերտները-խմբ․), թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում «թյուրըմբռնում» (չակերտները-խմբ․) առաջացնելու փորձերը՝ «խուսափելով» Հայաստանի ստանձնած պարտավորություններից: «Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի հանդիպման, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։  Որպես կանոն, այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող  բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»,- նշված է հայտարարության մեջ:
10:33 - 05 հունիսի, 2023
Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ  ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար |news.am|

Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսների որոնման ճանապարհով, կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով, մի մասով արդեն արդյունքներ էլ ունենք, մի մասով էլ դեռ բանակցությունները շարունակվում են: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով զինամթերքի գնման հնարավորություններից: «Այսինքն՝ Հայաստանը ոչ թե, եթե խնդիր է առաջացել, այլընտրանքներ չի որոնում, Հայաստանը եթե խնդիրներ է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում, մինչև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում գոյացած խնդիրը, զենքի մատակարարման մասով լուծվի»,- ասաց նա: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցին՝ նա նշեց, որ ՀԱՊԿ-ը նախկինում որոշակի սահմանափակումներ էր ստեղծում այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալու:  «ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ: Վերջերս արևմտյան մի երկրի հետ անվտանգության ոլորտում աշխատելու քննարկումներ էինք ունենում, ու մեզ ոչ ռազմական տարբերակով աջակցության հարց էր քննարկվում։ Սկզբնական շրջանում, երբ մենք քննարկում էինք, նրանք ասում էի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց, երբ աշխատանքային խումբն այցելել է ու քննարկումներ ենք ունեցել, նրանց վերաբերմունքը բազմաթիվ հարցերում Հայաստանի նկատմամբ փոխվել է»,- ասել է նա: Գրիգորյանն ասել է, որ Արդբեջանի երեք հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն չի ցույց տվել, երբ ՀՀ-ն այլընտրանքներ է փնտրել և գտել, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը: «Մենք ինտենսիվ աշխատում ենք արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու համար ու շարունակելու ենք աշխատել»,- ասաց նա:
10:10 - 05 հունիսի, 2023
ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային  անվտանգային միջավայրը: «Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում  Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:  
20:22 - 30 մայիսի, 2023
ՀՀ ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ պանելային քննարկման ժամանակ կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

ՀՀ ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ պանելային քննարկման ժամանակ կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: Քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:
17:34 - 30 մայիսի, 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա և Մոլդովա

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա և Մոլդովա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԽՔ օգնական Սեւակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը կմեկնեն Սլովակիա և Մոլդովա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ նշվում է՝ հայ պատվիրակները մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա՝ մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը) և Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև՝ հունիսի 1-2-ը ներառյալ):2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ Սլովակիայի Հանրապետություն և Մոլդովայի Հանրապետություն գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված ծախսերի հատուցումը: 3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվաընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - ասված է որոշման մեջ:
14:55 - 29 մայիսի, 2023
ԱԽ քարտուղարը ՌԴ-ում հանդիպմանը կարևորել է ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը

ԱԽ քարտուղարը ՌԴ-ում հանդիպմանը կարևորել է ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում քարտուղարն անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:  ԱԽ քարտուղարը խոսել է 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները:  Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում,  2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը:  Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, և հույս  հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։
15:18 - 24 մայիսի, 2023
ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ղեկավարի ներկայացուցչին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ղեկավարի ներկայացուցչին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը։ «Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:15 - 16 մայիսի, 2023
Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, որ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումներ են եղել։ Փոխնախարարը նշեց, որ չի կարող ժամկետներ նշել, թե երբ են եղել քննարկումները, քանի որ դրանք հավանաբար եղել են Անվտանգության խորհրդում։ Նրա կարծիքով՝ 2022թ․ սեպտեմբերյան իրադարձություններից հետո են եղել։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա»,- ասաց նա՝ չբացառելով, որ ըստ իրավիճակի կարող է նաև լինել նման հարց։ Հարցին, թե ինչն է եղել հիմնավորումը, որ որոշում է կայացվել ՀԱՊԿ-ից դուրս չգալու, փոխնախարարը պատասխանեց, որ քանի որ սպասվում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, և Հայաստանը այդ ժամանակ էլ սպասում էր որևէ արձագանքի։ Դիտարկմանը, որ գագաթնաժողովին էլ չեղավ արձագանք, ինչո՞ւ Հայաստանը դուրս չեկավ, փոխնախարարն ասաց․ «Որոշեցինք շարունակել աշխատանքները։ Իրավիճակը բարդ էր, և մենք, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքներ կբերեն որոշակի արդյունքների։ Դեռևս այդ հույսը կա»։ Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ի առաջարկած փաթեթը ներառել է սպառազինություն, փոխնախարարը ասաց․ «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»։
13:07 - 16 մայիսի, 2023