Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

ՀՀ-ի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում առկա բոլոր փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ. կաթողիկոսը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

ՀՀ-ի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում առկա բոլոր փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ. կաթողիկոսը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը ճակատագրական ժամանակներ է ապրում և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու ջանքերը շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44–օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։ Նորին Սրբությունը և ԱՀ նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։ Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի թեմի գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։
14:17 - 30 ապրիլի, 2022
Մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը․ Գարեգին Երկրորդ

Մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը․ Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում և գաղթի ճանապարհներին՝ մարտիրոսությամբ վկայելով հավատարմությունը նախնյաց հավատին, դավանած արժեքներին և ազատ ու անկախ կյանքի տեսիլքին։   Եղեռնահար ու հայրենազրկված մեր ժողովուրդը, առ Աստված ապավինությամբ, կամք և ուժ գտավ՝ վերընձյուղելու իր անկախ պետականությունը պատմական հայրենիքի արևելյան փոքր հատվածում և շեն ու բարօր կյանք կերտելու իր զավակներին ապաստան տված աշխարհի տարբեր երկրներում։   Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։   Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։   Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։   Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։   Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։   Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն»։  
11:17 - 24 ապրիլի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։   Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։   Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տասնամյակներին երկու երկրների միջև գործակցությունն առավել խորանում և ընդլայնվում է՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը:   Նորին Սրբությունը նկատել է, որ հայ և վրաց ժողովուրդները դարեր շարունակ հարատևել են քրիստոնեական հավատքի շնորհիվ և միմյանց զորավիգ լինելով՝ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:   Շնորհավորելով վրաց ժողովրդին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության գալիք տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթել է, որ երկու ժողովուրդների համագործակցությունը լինի արդյունավետ և նպաստի երկու բարեկամ պետությունների զարգացմանը, առաջընթացին ու բարօր կյանքի կերտմանը։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:   Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ընդգծել է, որ նման այցերը նպաստում են երկու երկրների պետական կառույցների փոխհարաբերությունների առավել սերտացմանը։   Պարոն Շոթաձեն Վեհափառ Հայրապետին փոխանցել է նաև Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետի ողջույնները։  
17:45 - 19 ապրիլի, 2022
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Քրիստոսի Հարության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Քրիստոսի Հարության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քրիստոսի Հարության տոնի առիթով պատգամ է հղել․ Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ» (Ժամագիրք)։   Սիրելի հավատավոր զավակներ,   Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ համախմբվեցին հուսալքված ու շփոթահար առաքյալները և Հարության բերկրությունն ու մխիթարությունը իրենց սրտում՝ Քրիստոսի կենարար վարդապետությունը տարածեցին աշխարհում և տերունապատվեր սիրո պատգամը հաստատեցին հավատացյալների հոգիներում։   Այսօր մենք և ազգիս աշխարհասփյուռ հավատավոր զավակները համախմբված եկեղեցիներում՝ Վերնատանը հավաքված առաքյալների պես զգում ենք Տիրոջ օրհնաբեր ներկայությունը, յուղաբեր կանանց հետ տեսնում թափուր գերեզմանը, լսում Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»։   Քրիստոսի Հարության տոնը մարդու հանդեպ աստվածային անսահման սիրո, մեղքի ու մահվան հանդեպ հաղթանակի տոնն է։ Փրկչի սերը թեև հանդիպեց ատելության ու թշնամանքի, սակայն Տերը երբեք չտարակուսեց և չընկրկեց։ Մարդկանց նկատմամբ Նրա հոգատարությունը թեև բախվեց մերժումի, Նրա բերած ճշմարտությունը հակադարձվեց կեղծիքով, բայց Քրիստոս իրագործեց Իր առաքելությունը՝ հանուն մարդկության փրկության, և հարություն առնելով հաշտություն հաստատեց աշխարհի և Աստծո միջև։ Արդարև, հարությունը այնտեղ է, որտեղ տերունավանդ սերն է հաղթանակում։ Հարության փրկարար շնորհով զորանում են հավատացյալ անձերը և արժանի դառնում հավիտենական կյանքի։ Հարությունը կենդանություն է բերում մեղքերով ծանրաբեռնված հոգիներին և մարդու ընթացքը ամուր պահում հույսի, սիրո և արդարության մեջ։   Քրիստոսի փրկագործությամբ արշալույսված դարերի հոլովույթում հարության հավատն ու շնորհը վերափոխել են անձերի ու ժողովուրդների, գոտեպնդել պատուհասների ու փորձությունների մեջ, զորություն պարգևել հաղթահարելու խաչելությունները, վեր հառնելու գողգոթաներից և հաղթանակած քայլելու հարուցյալ կյանքի ճանապարհով։ Այս ճշմարտությամբ ներշնչված է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը օրհնաբանում Տիրոջ հրաշափառ Հարությունը՝ ասելով. «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ»։   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր մարդկության կյանքը ալեկոծված է պառակտումներով, հակառակություններով, ազգամիջյան ատելության կորստաբեր ընթացքներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգների մեջ է աշխարհը ծավալվող քաղաքական զարգացումներով, որոնք հանգեցնում են միջպետական, տնտեսական և սոցիալական լրջագույն խնդիրների, խաթարում են երկրների և ժողովուրդների ներդաշնակ համակեցությունը։ Աղոթենք, որ փոխհասկացողության և համերաշխության ոգին առավել զորանա մարդկանց մեջ, և խաղաղությունը տիրի ողջ աշխարհում, հատկապես այս օրերին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների կյանքում: Թող Աստծո առաջնորդությամբ մարդկության կյանքում շուտափույթ հանգուցալուծում գտնեն բոլոր բարդ ու մտահոգիչ իրավիճակները՝ զերծ պահելու աշխարհը նոր աղետներից։ Մեր Տերը այսօր էլ մարդկությանը տալիս է խաղաղության, եղբայրսիրության պատգամները և կոչում ապրելու աստվածապաշտությամբ ու մարդասիրությամբ։ Միայն հարուցյալ ընթացքով, Քրիստոսի պատվիրանների համաձայն ապրելով կարող ենք նոր կյանք արարել, որպեսզի, ըստ առաքյալի հորդորի, «ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4)։   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Հարության ավետիսն այսօր առանձնակի մխիթարություն ու սփոփանք է բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի պատերազմի արհավիրքներ ապրած մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր այս պահին էլ վշտերի, նեղությունների մեջ են, անկայուն խաղաղության ու անապահովության պայմաններում։ Հատկապես այս դժվարին ժամանակներում մեր կյանքը հավատքի և հավատո գործոց կարիքն ունի, որպեսզի հարատևի հարության ուրախության մեջ և բարեզարդվի նորանոր իրագործումներով ու հայրենաշեն ձեռքբերումներով։ Ազգային մեր անդաստանում հարուցյալ կյանքը նաև նշանակում է ողջախոհություն, անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից՝ առ հայրենին հավատարմություն և ազգին անսակարկ նվիրում։ Այս ոգով մեր կյանքից պիտի մերժենք անտարբերությունը, անհանդուրժելի, աղետաբեր հարմարվողականությունը և հզորություն, միաբանություն ու առաջընթաց ապահովենք աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շեն ու բարօր ապագա՝ սերունդներին։   Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, ներհասարակական ու ներքաղաքական անհանգստություններով ու լարվածությամբ։ Մտահոգ ենք մեր հայրենյաց սրբազան մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները։ Սիրելի արցախցիներ, Մենք քաջ գիտենք ձեր հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու հաստատակամությունը։ Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարությունների հանդիման և շենացնելու եք ձեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, որ պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ազգովի զորակից լինենք ծանր փորձությունների միջով անցնող Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, նեցուկ դառնանք կարիքի մեջ գտնվող մեր ազգակիցներին և գոտեպնդված հարության հույսով՝ նվիրական մեր երկիրը դարձնենք հրաշափառ հարության իրական վկայարան։ Հայրապետիս հայցն է առ հարուցյալ Տերը, որ ազգս հայոց տեսնի իր կրած տառապանքների վարձքը և կերտի սրբազան հայրենիքի վերածնունդը։   Մաղթանաց այս աղոթքը Մեր շուրթերին և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով հարուցյալ Փրկչի երկնառաք օրհնությունն ու օգնականությունը և գահակալության արևշատ ու արդյունավոր տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։   Զատկական այս լուսապայծառ առավոտ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված և խնդրում, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր Հարության շնորհները հեղի մարդկության կյանքին, Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղություն, բարօրություն ու ապահովություն։ Թող հարության կենարար խորհրդով զորացյալ ազգս հայոց իրականության առաջնորդի նախնյաց և մեր նվիրական իղձերն ու տեսիլքները՝ ի փառս մեր երկրի և ի հավետ պայծառություն մեր ժողովրդի։ Տիրոջ սերը, խնամքը և ողորմությունը թող հովանի լինեն ազգիս ու հայրենյաց, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։   Քրիստոս յարեաւ ի մեռելոց,   Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի  
16:23 - 17 ապրիլի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստանի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներին՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի։   Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։   Ողջունելով ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել ներկաներին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում աջակցության և մշտական ուշադրության համար։   Նորին Սրբությունն իր մտահոգություններն է հայտնել Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել միջազգային հանրության հետևողական ջանքերը գերության մեջ գտնվողների վերադարձման ուղղությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ արձանագրել է ՄԹ Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի և Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ գործակցությունը։   Իր խոսքում խմբի նախագահ Թիմ Փոլ Լոութընը կարևորել է ջանքերի գործադրումը հանուն Արցախում խաղաղության հաստատման և արցախահայության ապահով կյանքի իրավունքի, նաև պատրաստակամություն հայտնել  այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր աջակցությունը բերելու հայ ժողովրդին։   Այցի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է հայտնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ ու նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության և Արցախին մշտապես ցուցաբերվող զորակցության համար։   Զրույցի ընթացքում ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի և Լորդերի պալատի անդամ, Անգլիական Եկեղեցու Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոն Բոքսվորթը Նորին Սրբությանը փոխանցել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի ողջույնները։ Քովենթրիի եպիսկոպոսը նաև հետաքրքրվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի մասին։ Վեհափառ Հայրապետը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
17:08 - 05 ապրիլի, 2022
Հրամայական է հայրենիքի ապագայի շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

 |armenpress.am|

Հրամայական է հայրենիքի ապագայի շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայիս մարտահրավերների պայմաններում հրամայական է համարում ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, շեշտում է՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինել երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս մասին ասաց ՀՀ նախագահի՝ երդմամբ պաշտոնը ստանձնելուց հետո, իր հայրապետական օրհնության խոսքում: «Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է Արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, երբ հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին: Այսօր ամենքս մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում և Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը և ապագան անորոշություններ է պարունակում: Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում հրամայական համարեց ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել  պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել ազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: «Որպես պետության գլուխ՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով պարոն նախագահ, պետք է նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը: Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը: Հայոց եկեղեցին, ինչպես բոլոր ժամականերում, իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը՝ Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի, միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը՝ նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ։ Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա»,-ասաց նա: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց նաև՝ չափազանց մեծ է այն գինը, որ հայ ժողովուրդը վճարել է անկախ պետականության վերակերտման ճանապարհին: «Հայրապետական մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք ու եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շախաղենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ բոլորին հրավիրելով միասնական հոտնկայս աղոթքի:
14:13 - 13 մարտի, 2022
Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը . Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել

Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը . Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձը է հղել մարտի 8-ի առիթով: Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:   Որղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։ Այսօր վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության և բազում այլ կարևոր բնագավառներում։ Մեր երկիրն այսօր դժվարություններ է կրում, դեռ հաղթահարված չեն պատերազմի ծանր հետևանքները և շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, նախանձախնդրությամբ և արիությամբ հանձնառու են իրենց առաքելությանը։ Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար՝ հայցելով, որ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո քաջառողջ պահպանի ձեզ և հավատով ու սիրով լեցուն, որպեսզի նույն նվիրումով ծառայեք ձեր ընտանիքների ապահովությանն ու երջանկությանը և մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին։ Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը ապագայի հանդեպ,հասակ առնի ջերմ հավատքով, ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։ Թող Բարձրյալի շնորհով ձեր կյանքի և համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը։ Ապրե՛ք առ Աստված ապավինությամբ և աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին. «Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ» (Սղմ. 105. 4)։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:
10:50 - 08 մարտի, 2022
Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների․ Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների․ Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատգամ է հղել Սուրբ Ծննդյան և աստվածահայտնության տոնի առիթով: «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստին իջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառ շողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում է անհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջ մարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնության վկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24): Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության և գրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո առ մարդն ունեցած անսահման սիրո և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող է վերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանության վայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության. «Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը» (Եսայի 40.4-5)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը այս օրերին՝ աղետալի պատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններով անհանգիստ մեր սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում, որ Տիրոջ փրկարար շնորհներով զորանանք, հավատով փոխակերպվենք և հույսով հաղթանակենք։ Այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները և հզորանալ որպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք և սփյուռք։ Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկուն լինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ու կարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։ Թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհասփյուռ մեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզ հեռացնող ընթացքները և մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մեր ժողովրդի հարատևությունը երաշխավորած ազգային և հոգևոր արժեքների վրա։ Ամենքս սրբազան պարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակների հիշատակի առջև՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախի ազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնության անխաթար պահպանության։ Միշտ հիշենք՝ հայրենիքի շահը վեր է ամենից, մեր ժողովրդի ազատ ու ապահով կյանքը՝ առաջնահերթություն։ Հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումը պահանջում է հանձնառության և անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդար գործելակերպ և հոգևոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։ Այդ առաքելությունը հնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավ պաշտոն, ծառայություն և պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։ Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորություն կունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։ Փրկչի Սուրբ Ծննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք, կարող պիտի լինենք կերտելու նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսի պարգևած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհը համայն։ Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, և մեր ժողովրդի զավակների հոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջի օգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով և փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն: Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս»:
13:24 - 06 հունվարի, 2022
Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ ժողովրդին. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ ժողովրդին. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել Ամանորի առիթով:    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։   Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից:   Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով ու հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը և միասնական կամքով ամեն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ։   Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ փրկչական 2022 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի։ Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի և հարատևության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչպես և՝ ազգային ու հոգևոր արժեքների վրա խարսխված ապրելակերպն ու գործերը։   Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության և ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում։   Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք մեր ներքին խաղաղությունը։ Մեր նահատակ զավակների սրբազան հիշատակի առջև խոնարհումով ու երախտագիտությամբ և հայրենիքի ու ազգի հանդեպ մեր հերոսների անձնվիրումի ու սիրո օրինակով ամեն կարելին ի գործ դնենք երկրի ու պետության առաջընթացի, համայն մեր ժողովրդի բարօրության համար։ Ամուր ու անսասան մնանք համազգային շահով առաջնորդվելու նախանձախնդրության մեջ, և Աստված մեզ համար պիտի աճեցնի արդարության պտուղները:   Տարեմուտի նվիրական այս պահին հրավիրում ենք բոլորիդ միասնաբար աղոթելու, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները անձնական, ընտանեկան, ազգային ու հայրենական կյանքում։ Աղոթենք Հայոց բանակի, հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորների համար: Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայության մեջ են դիմավորում Ամանորը։ Աղոթենք նեղյալների, կարիքավորների, հիվանդների, հաշմանդամ դարձած, գերեվարված և անհայտ կորած մեր որդիների և նրանց վշտակիր ընտանիքների համար։ Աղոթենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում դժվարությունների մեջ ապրող մեր զավակների համար, որպեսզի Երկնավոր Տիրոջ զորակցությամբ հաղթահարվեն նրանց առջև ծառացած խնդիրները։   Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։ Եվ Աստված, որ մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույս, իբրև շնորհ, թող մխիթարի և հաստատ պահի մեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ։ Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու օրհնությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի: Բարի Նոր տարի»,- ասված է ուղերձում։
00:19 - 01 հունվարի, 2022
Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Դեկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին՝ անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր հարաբերություններին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայորդիների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունները մշտապես ցուցաբերել են հոգածու վերաբերմունք։ Այս առիթով Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ ֆրանսահայությունը ևս իր մեծ նպաստն է բերում հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զորացման գործում։ Հայոց Հայրապետն, ի դեմս տիկին Վալերի Պեկրեսի, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճաանաչման և Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև՝ 44–օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ կարևոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութան ճանանչման բանաձևի ընդունումը։ Տիկին Վալերի Պեկրեսը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, խոսեց հայ համայնքի հետ ունեցած փոխհարաբերությունների, կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության տեսլականների մասին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել  խորացումն ու ամրապնդումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության, պատերազմի ընթացքում վնասված հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին՝ կարևորելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը։
21:50 - 21 դեկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունն ունեն հարուստ պատմություն։ Երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում, ըստ նորին սրբության, իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։ Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի և ակնկալիքների վերաբերյալ։ Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևոր է նկատել նաև երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում Գարեգին երկրորդ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանն արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։ Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդյունքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացման:
20:28 - 20 դեկտեմբերի, 2021