Նիդերլանդներ

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. դեսպանություն

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. դեսպանություն

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին, իրականությանը չի համապատասխանում։ Դեսպանությունը ստացել է Նիդերլանդների իրավապահ մարմինների պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ Աննա Հակոբյան անունով անձի նկատմամբ որևիցե ոտնձգության դեպք չի գրանցվել, ուստի, նման միջադեպ տեղի չի ունեցել։ Ավելի վաղ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լրատվամիջոցները հրապարակում էին արել ֆեյսբուքյան մի գրառման հիման վրա: Հայտնվում էր, որ Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Օգտատիրոջ գրառումն ավելի ուշ հեռացվել էր:
09:34 - 11 մայիսի, 2021
Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին տեղեկությունը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին տեղեկությունը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն

Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ, այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այդ մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:   «Այն լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։ Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։ Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից, մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մի խումբ ադրբեջանցիներ դանակահարել են Աննա անունով հայ կնոջը էթնիկ պատկանելության պատճառով:
13:03 - 08 մայիսի, 2021
Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն աջակցություն են հայտնում հայերին |armenpress.am|

Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն աջակցություն են հայտնում հայերին |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները կարևորում են հիշողությունը վառ պահելն ու աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հայտնի դարձնելը` դրա կրկնության բացառման համար: Պատգամավորներն այս մասին շեշտում են ուղերձներում: Նիդերլանդների ազատական կուսակցության պատգամավոր Ռուբեն Բրեյքմանսը նշում է. «Այս սարսափելի ողբերգությունից արդեն անցել է 106 տարի: Եվ, քանի որ աշխարհում լարվածությունը մեծանում է, և բռնության սպառնալիքն իրական է, կարևոր է ճանաչել այս ողբերգությունը և գիտակցել, որ նման վայրագությունները երբեք չպետք է կրկնվեն»; Պատգամավորը հավելում է, որ այս օրն իր մտքերը Հայաստանի և իր բոլոր հայ ընկերների հետ են: Նիդերլանդների խորհրդարանի «Քրիստոնեական Միություն» կուսակցության ղեկավար Խերտ-Յան Սեխերսն էլ նշում է, որ միշտ հայերի կողքին են կանգնել` առաջարկելով ավելի քան 100 տարի առաջ հայերի ցեղասպանության ճանաչման բանաձև, որը մեծամասնության սատարմամբ ընդունվել է: «Ողբերգական դրվագ, ողբերգական էջ է մեր պատմության գրքում: Եվ ինչու՞ է սա այդքան կարևոր: Ցանկացած ցեղասպանության վերջին փուլը դրա մերժումն է: Մենք չենք ընդունում ցեղասպանության ժխտումը: Այդ պատճառով առաջարկեցինք նման բանաձև»,-ասում է նա: Պատգամավորը շեշտում է, որ հայերի հետ ուս ուսի տված՝ ցանկանում են ամեն կերպ աջակցել: Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էփինքն էլ, որը մինչ այդ Եվրախորհրդարանի անդամ էր Բրյուսելում, հիշեցնում է, որ անցյալ տարի Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, ինքը ևս խոսել է Հայոց ցեղասպանության մասին: «Շատ կարևոր է հիշողությունը վառ պահել և աշխարհին հայտնի դարձնել Հայաստանի պատմության այս իրադարձությունները, քանի որ կարևոր է դրանց կրկնության բացառումը»,- ասում է պատգամավորը: Նա նշում է նաև, որ իր որդին հայերեն է սովորում ու խոսքը փոխանցում է նրան: «Ես ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Հետաքրքրում է ինձ հայկական հարուստ մշակույթը: Այս օրերին մեր բոլոր մտքերը ուղղված են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիատակին»,- ասում է պատգամավորի որդին`Սաշան:
11:29 - 24 ապրիլի, 2021
Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին»

 |armenpress.am|

Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին» |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: Այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած հայերի սաղավարտների հետ լուսանկարներին: Դրանք շատ տհաճ պատկերներ են: Ավելի վաղ ես արդեն այս հակամարտության վերաբերյալ հայտարարել եմ, որ կողմերին կոչ եմ անում լուծմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով և զերծ մնալ վարքագծից, որն անհնարին կդարձնի վերջնական որոշումը»,- ասել է նախարարը:
19:17 - 19 ապրիլի, 2021
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:  Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը, ինչպես նաև բարձր է գնահատել Նիդեռլանդների Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և իրավունքի գերակայության խթանման նպատակով իրականացվող բարեփոխումներին:  Նիկոլաս Սխերմերսն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միտված հայ-նիդեռլանդական միջդատարանական կապերի ամրապնդմանը՝ առաջնահերթություն տալով իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցությանը։  Երկուստեք հեռանկարային է համարվել իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը:  
21:50 - 14 ապրիլի, 2021
ՊԵԿ նախագահը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև, Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների  միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման ընթացքը, որոնք նպաստում են ՊԵԿ  աշխատակիցների կարողությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
17:23 - 08 ապրիլի, 2021
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները

Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության բացումը և հույս հայտնել, որ Հայաստանում դեսպանի ներկայությունը թույլ կտա առավել ակտիվացնել երկու երկրների միջև շփումներն ու հարաբերությունները: Նիդերլանդների դեսպանը հավաստիացրել է փոխվարչապետին, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց մեղմման ուղղությամբ Կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ: Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները: Փոխվարչապետը կարևորել է և հեռանկարային է համարել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության զարգացումը՝ ներկայացնելով դեսպանին Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի ներդրումային ներուժը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է ՀԸԳՀ հիմքի վրա մշակված տարբեր ոլորտների ռազմավարությունների ընթացքը: Երկուստեք կարևորվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: 
19:07 - 02 մարտի, 2021
Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ բանաձևեր է ընդունել. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հերթը կառավարությանն է |armenpress.am|

Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ բանաձևեր է ընդունել. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հերթը կառավարությանն է |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը ողջունում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից երկու բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնում նման հստակ դիրքորոշման համար: «Բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն թուրքամետ խմբակցությունը (3 պատգամավոր) դեմ քվեարկեցին։ Ջոել Ֆորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու այս մեծամասնության կողմից ընդունված բանաձևի դրույթները»,-նշեց Հախվերդյանը։ Պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդևինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում Ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Ֆորդևինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։ FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,-նշում է FAON-ը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։ Խորհրդարանը, դեռ 2004թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում կրկին՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։ «Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,-նշում են Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիայից։
10:57 - 26 փետրվարի, 2021
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից, բանաձևը ստորագրել են նաև պատգամավորներ Մ. Վան Հելվերտը (CDA), Ս. Կարաբուլուտը (SP), Բ. վան Օյիկը (GroenLinks), Գ. Վիլդերս (PVV), Թ. Բոդեն (FvD), Ք. վան դեր Ստայը (SGP), Գ. վան Օտերլոն (50PLUS), Ֆ. վան Կոտեն-Արիսսենը, Լ. վան Ռանը (PvdD) և Հ. Քրոլը։ «Բանաձևին պատգամավորների լայն աջակցությունը ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։Բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։ FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։FAON-ը ենթադրում է, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրագործի այն։Ավելի վաղ բանաձևերով, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:50 - 09 փետրվարի, 2021
Վահե Ղազարյանն ընդունել է Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին

Վահե Ղազարյանն ընդունել է Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին

Փետրվարի 5-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Նիդեռլանդների իրավապահ կառույցների համագործակցությունը։ Ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար։ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ խոսելով ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ձևավորման մասին։ Նիկո Սխերմերսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացմանը, որն ուղղված կլինի օրենքի գերակայությանն ու հանցավորության դեմ պայքարին։ Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:18 - 05 փետրվարի, 2021
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 3-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ինչպես տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝  փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ: Կողմերը քննարկել են Արցախի հիմնահարցն ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին: Փոխվարչապետը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի ներկայիս փուլը՝ հարցը համարելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունը: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանին՝ Արցախի հարցում ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին բանաձևի ընդունման համար: Հանդիպման օրակարգում են եղել նաև հայ-նիդերլանդական տնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական բարեփոխումների հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները տնտեսական կյանքի վերականգնման ուղղությամբ: Տիգրան Ավինյանը խոսել է տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու Հայաստանի մտադրության մասին, որը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների ներգրավման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, նորարարությունների ու գիտության ոլորտում համագործակցության վրա: Այս համատեքստում կարևորվել է հայ-նիդերլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և այլ ոլորտներում: Կողմերը միաժամանակ բարձր են գնահատել միջազգային ֆինանսական հաստատություններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:
18:40 - 03 փետրվարի, 2021
Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար: Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ: Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրել է հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։  Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
20:08 - 21 հունվարի, 2021