Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Հայաստանում մշակվող արդյունաբերության տեմպերը 2022 թվականին էապես աճել են, թողարկման ծավալը 13,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1,8 տրիլիոն դրամ: Փոխարենը մի փոքր նվազել են հանքարդյունաբերության տեմպերը: Թե՛ Կառավարության ծրագրով եւ թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրով մենք նախանշել ենք էապես ավելացնել մշակվող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանելով 15 տոկոս. այժմ գտնվում ենք 12 տոկոսի միջակայքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստում:  Նախարարն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակում: «ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»,- ընդգծել է զեկուցողը: Վահան Քերոբյանի խոսքով նախաձեռնությամբ նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակում Կառավարությանը լիազորել ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը փաստել է, որ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով: Նշվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել եւ շուտով Կառավարության հաստատմանը կներկայացնի Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը: Խոսելով օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ հարցում մեր առաջնային թիրախը լինելու են առաջատար 500 ընկերությունները, որոնց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը: Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: Ելույթներում պատգամավորները կարեւորել են Կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, անդրադարձել են մեր երկրում արդյունաբերության զարգացմանը, տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ այս տարի 60 տոկոսից ավելի աճ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Զեկուցողի խոսքով տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակում ստացել են նորարարական գրանտներ: Հակոբ Արշակյանը փաստել է, որ Կառավարությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, որն իր հերթին կբերի նոր ինտելեկտուալ սեփականությունների գրանցման, որի հիման վրա էլ մեր երկիր կգան նոր ներդրումներ:
14:50 - 10 փետրվարի, 2023
Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Այդ մասին Քերոբյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները: Անգնահատելի է Էդուարդո Էռնեկյանի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ։ Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը։ Բացի այդ, մենք քննարկել ենք պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը, ինչն, անշուշտ, կօգնի մեր երկրին արագ ինտեգրվել համաշխարհային գործընթացներին և միտումներին»,- գրել է նա։
23:46 - 06 փետրվարի, 2023
Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյանն ավելի բարձր ցուցանիշ է սպասում
 |armenpress.am|

Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյանն ավելի բարձր ցուցանիշ է սպասում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են, 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ, աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հայաստանից արտահանումը նախորդ տարի աճել է 77.7 տոկոսով: Քերոբյանի խոսքով՝ այս աճը ապահովվել է շատ տարբեր ապրանքատեսակների արտահանման հաշվին: Վերաարտահանումը զգալի մաս է կազմել: Իսկ վերաարտահանման նպատակով տեղում արվում են որոշակի վերամշակման գործողություններ: «Որոշակի կատեգորիաների մասով մեր հետևողական աշխատանքը սկսում է արդեն շատ լավ արդյունքներ տալ: Օրինակ, պետք է նշեմ ադամանդագործությունը: 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում ենք ունեցել, 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում ենք էլ ավելի բարձր ցուցանիշներ, քանի որ անցյալ տարի մի քանի խոշոր ադամանդագործական ընկերություններ աշխարհի առաջատարներից Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Եվ կարծում ենք, որ այս տարի, օրինակ, ադամանդագործության ոլորտում մեր արած աշխատանքը տալիս է զգալի արդյունք»,-ասաց Քերոբյանը: Նախարարը հավանական է համարում, որ տարվա առաջին եռամսյակում այդ նոր գործարաններն արդեն բացվեն: 2022-ին նաև ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: Նախարարի վստահեցմամբ՝ կառավարության ներդրած ջանքերի արդյունքում է, որ այսպիսի արդյունքներ կան, սակայն, դեռ երկար ճանապարհի սկզբին են:
11:17 - 03 փետրվարի, 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան |armenpress.am|

Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը:  Քերոբյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին:   «Մեր տեղեկություններով դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասաց Քերոբյանը: Նախարարը, այնուամենայնիվ, չբացառեց, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան: «Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասաց նախարարը: Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա՝  Քերոբյանն ասաց. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Այս ամբողջը, բնականաբար, պետք չէ լոկալ, փոքր պատկերով նայել: Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»: Շարունակությունը՝ armenpress.am-ում 
10:07 - 03 փետրվարի, 2023
Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանն ու Լեհաստանը քննարկում են առևտրաշրջանառությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:    Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները:   Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը:   Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
15:37 - 24 հունվարի, 2023
Վահան Քերոբյանն իտալական ընկերությունների ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացման միտումները

Վահան Քերոբյանն իտալական ընկերությունների ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացման միտումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:   «Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները և միաժամանակ ընդգծել, որ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը մեզ համար շատ կարևոր են։   Այնուհետև հյուրերի հետ քննարկել ենք ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին վերաբերող ներդրումային ծրագրերի նախագծերը։   Ներկայացրել եմ գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր գործընկերների մոտ։   Խոսել ենք նաև արևային էներգիայի և կանաչ ջրածնի արտադրության մասին։ Հյուրերին տեղեկացրել եմ, որ մենք կանաչ ջրածնի ուսումնասիրման փուլում ենք, շուտով կունենանք առաջին արդյունքները»,- գրել է Քերոբյանը:
20:29 - 23 հունվարի, 2023
Ալկոհոլային որոշ խմիչքների արտադրությամբ զբաղվողները կազատվեն լիցենզիայի պարտադիր պահանջից
 |armenpress.am|

Ալկոհոլային որոշ խմիչքների արտադրությամբ զբաղվողները կազատվեն լիցենզիայի պարտադիր պահանջից |armenpress.am|

armenpress.am: Ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կազատվեն լիցենզավորման պարտադիր պահանջից։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունները վերաբերելու են մասնավորապես գարեջրի, խնձորի և հատապտղային գինիների, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտի պարունակությամբ այլ խմիչքների, ինչպես նաև մինչև 100 հազար լիտր շշալցված կոնյակի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին։ «Այս ոլորտներում լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատվեն ավելորդ թղթաբանությունից։ Այն, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ ավելի շատ թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,- ասաց Քերոբյանը։ Նույն նախագծով առաջարկվում է նաև որոշ ալկոհոլային խմիչքների բիզնեսով զբաղվողների համար նվազեցնել պետական տուրքի չափը։ «Դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են։ Այսօր ընկերությունները պետք է դրանց արտադրության համար վճարեն 15 միլիոն դրամ, հիմա նվազեցնում ենք մինչև 3 միլիոն, ինչը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար։ Այդ տեսակի արտադրանքը բավական մեծ պահանջարկ ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտաքին շուկաներում»,–  նշեց Քերոբյանը։ Նաև առաջարկվում է վերացնել շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայում 1 լիտրի համար կազմում է 25 դրամ։  «Միայն այս տուրքի առկայության պայմաններում արտահանողները տարեկան ընդհանուր շուրջ 450 մլն դրամ են վճարում»,- եզրափակեց Քերոբյանը։  
15:29 - 12 հունվարի, 2023
«Չոր նավահանգիստը» միտված է լուծելու աշխարհի հետ ՀՀ-ի լոգիստիկ վատ կապվածության խնդիրը, մեզ համար ամենացավոտ խնդիրը լուծելու լավ ձև ենք գտել․ Վահան Քերոբյան
 |tert.am|

«Չոր նավահանգիստը» միտված է լուծելու աշխարհի հետ ՀՀ-ի լոգիստիկ վատ կապվածության խնդիրը, մեզ համար ամենացավոտ խնդիրը լուծելու լավ ձև ենք գտել․ Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Եթե ինչ-որ մեկը ուզում է իսկապես հասկանալ, թե ինչ է չոր նավահանգիստը և ինչի համար է նախատեսված, կարող է կարդալ e-draft-ում դրված նախնական տեխնիկակատնտեսական հետազոտությունը, և իր մոտ էլ հարցեր չեն առաջանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այս նախագիծը արդյունաբերական պարկ է, որից Հայաստանում չկա, բայց տարբեր երկրներում բազմաթիվ արդյունաբերական պարկեր կան, որոնք նախատեսված են հենց մշակող արդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ առաջնակարգ  ենթակառուցվածքներով ապահովելուն։ Ինչպես նաև կլինի դրան կից լոգիստիկ կենտրոն, որը պետք է օգտագործվի, որ մի տեսակի տրանսպորտային միջոցից մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով բեռների տեղափոխումը իրականանա բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով։ Նախատեսվում է, որ այնտեղ կլինի ազատ տնտեսական գոտի»,- ասաց նախարարը: Քերոբյանը նշեց, որ անցած շաբաթ վարչապետի մոտ կայացած հանրային ներդրումային կոմիտեում չոր նավահանգստի նախագիծը արժանացել է նախնական հավանության։ «Մենք հիմա թևակոխում ենք խորացված տեխնիկատնտեսական հետազոտության փուլ, որին կհաջորդի նեդրումային ծրագրի իրագործումը։ Նախատեսվում է, որ այն կարվի պետություն-մասնավոր գործընկերություն ընթացակարգով, որի ընթացքում պլանավորում ենք առաջնակարգ արդյունաբերական պարկեր, տնտեսական գոտիների օպերատորներ, որոնք տարածաշրջանում բավականին ակտիվ են»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ  կան ԱՄԷ-ի, Կատարի, եվրոպական, ասիական մի շարք ընկերություններ, որոնք այդ գործով զբաղվում են և որոնց հետ արդեն նախնական քննարկումներ տեղի են ունեցել»,-ասաց Քերոբյանը:
16:45 - 26 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը ուշադրության կենտրոնում կպահի ներդրումային ծրագրերի իրականացումը. ՀՀ վարչապետն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն

Կառավարությունը ուշադրության կենտրոնում կպահի ներդրումային ծրագրերի իրականացումը. ՀՀ վարչապետն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից՝ ըստ ոլորտների իրականացված միջոցառումները: Վարչապետին զեկուցվել է, որ 2022 թ. տարեսկզբից 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 12.1 տոկոս տնտեսական աճ, և ԷՆ գնահատմամբ՝ տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի 14 տոկոս: Աշխատանք է տարվել հանրային ներդրումների կառավարման բարելավման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղություններով, կատարողականը 82 տոկոսից ավելի է: Կազմակերպվել է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը: Ավարտին են հասցվում գործարար միջավայրի բարելավման ծրագիրը և տնտեսական բարդ ներդրումային չափանիշների մասին Կառավարության որոշման նախագիծը: Մշակման փուլում են տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականությունները, կանաչ տնտեսության զարգացման ռազմավարությունը:Կառավարության ղեկավարին ներկայացվել է արդյունաբերական քաղաքականության, ներդրումների և որակի ենթակառուցվածքների ոլորտներում աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ մեկնարկել է «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագիրը», որով հետաքրքրված տնտեսվարողների թիվը գերազանցում է 50-ը, այժմ քննարկման փուլում է 8 ակտիվ հայտ: Ընթացքի մեջ է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության ներկայացրած՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լեռնային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Քննարկվում են ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, արտահանման ուղղություններով մի շարք ներդրումային ծրագրերի հնարավորությունները: Որակի ենթակառուցվածքների զարգացման առումով նախաձեռնվել են քննարկումներ, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում նաև միջազգային գործընկերների հետ: Միջոցառումներ են իրականացվել աշխատանքի արտադրողականության խթանման ուղղությամբ: Մեկնարկել է տնտեսական կարողությունների արդիականացման ծրագիրը, որով ձեռնարկությունների համար հասանելիություն է ստեղծվել՝ մինչև 10 մլրդ ՀՀ դրամ գրեթե անտոկոս վարկավորում ստանալ և ձեռք բերել սարքավորումներ: Պատասխանատուների խոսքով՝ ծրագիրը պահանջված է, և ներկա դրությամբ պորտֆելը կազմում է 42 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծրագիր միտված է արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելուն, որով նախատեսվում է աշխատավարձի սուբսիդավորում. արդեն կա 200 դիմորդ, ակնկալվում է հաջորդ տարվանից մեկնարկել գործընթացը: Նախաձեռնվել են բիզնես գործընթացների թվայնացման աշխատանքներ: ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկությունների կշիռը բարձրացնելու նպատակով՝ մշակվում են ՓՄՁ-ների և կրթության, գիտության միջև կապի խթանմանը, պետություն-ձեռնարկություններ գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրեր: Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում՝ աճ է արձանագրվել ՀՆԱ/ապրանքներ, ծառայություններ հարաբերակցության առումով (45 տոկոս): Աճ է գրանցվել նաև մի շարք երկրների հետ ապրանքաշրջանառության ուղղությամբ, այդ թվում՝ հարևան Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլն: Մշակվել է ՀՀ արտահանման ռազմավարության տեխնիկական առաջադրանքը: Ընթացիկ ծրագրերի շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափով իրականացվել են արտահանման խթանման միջոցառումներ: Շարունակվել են ԵԱՏՄ և ԵՄ հետ տնտեսական գործակցությամբ՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները: Գյուղատնտեսության բնագավառում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022թ. առաջին 9 ամսում, ներառյալ ձկնաբուծությունը, արձանագրվել է 0.5 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսական համախառն  արտադրանքի ծավալը կազմել է 713 մլրդ ՀՀ դրամ: Հաստատվել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որը 2023թ. կմտնի իրականացման փուլ: Ինտենսիվ այգեգործության ծրագրով՝ 2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 1533 հա այգեհիմնման և 2000 հա (ներառյալ այգեհիմնումը) ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ: ԱԺ կողմից ընդունվել է «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը, որով ՀՀ-ում սկիզբ է դրվել տնկանյութի հավաստագրման գործընթացին։ Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի և գյուղապահովագրության ծրագրերը: Մեկնարկել է կենդանիների համարակալման ծրագիրը, համարակալվել է շուրջ 100.000-ը: Գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով 2022թ. երրորդ եռամսյակում տրամադրվել է 6969 միավոր վարկ, որով Կառավարության նախանշած թիրախը գրեթե կատարված է (7000), ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ ՀՀ դրամ, 2023թ. հունվարի 1-ից ծրագիրը կդադարեցվի: Շարունակվել է նաև ընթացիկ մի շարք այլ ծրագրերի իրականացումը և զուգահեռ՝ դրանց արդյունքային մշտադիտարկումը: Մշակվել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունները, որոնք գտնվում են քննարկման/շրջանառության փուլում: Ներկայացված զեկուցումների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների՝ ներդրումային խոշոր նախագծերի ընթացքի, արդյունաբերական քաղաքականության, ոլորտային ինստիտուցիոնալ բազայի, ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերյալ: Երկրի վարչապետը նշել է ներդրումային ծրագրերի ծախսարդյունավետություն/եկամտաբերություն հարաբերակցության ճիշտ գնահատման կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը և օժանդակել գործարար միջավայրի բարելավմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծումը թույլ կտա հաջող իրականացնել նախանշված մի շարք ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև որակի ենթակառուցվածքների ստանդարտացման և հավատարմագրման գործընթացի պատշաճ իրականացման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը, որը լուրջ գործոն է թե՛ արտահանման, թե՛ ներդրումների ներգրավման, թե՛ գործարարության խթանման առումով: Քննարկման արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
19:31 - 08 դեկտեմբերի, 2022
Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարը․«Երկօրյա այցով գտնվում եմ Բելառուսի Հանրապետությունում։ Նախօրեին հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարցերին առնչվող հարցեր, ողջունել ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնակի ավելացումը։ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում քննարկել ենք Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը։ Գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այցի շրջանակում նաև ծանոթացել եմ բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությանը»,-գրել է Քերոբյանը:
10:09 - 03 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը պատրաստակամ է՝ աջակցելու Shell ընկերության մուտքին հայաստանյան շուկա. Վահան Քերոբյան

Կառավարությունը պատրաստակամ է՝ աջակցելու Shell ընկերության մուտքին հայաստանյան շուկա. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Shell ընկերության ղեկավար կազմին՝ հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:   Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։   Նախարարը ողջունել է հյուրերին և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Shell ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությանը առնչվող հարցեր:    Shell ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և ամենաճանաչված բրենդն է վառելիքի շուկայում։
17:06 - 17 նոյեմբերի, 2022
Վարչապետը Եղվարդում ներկա է եղել համակցված կերերի գործարանի բացման արարողությանը

Վարչապետը Եղվարդում ներկա է եղել համակցված կերերի գործարանի բացման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է եղել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ: Վարչապետը շրջայց է կատարել գործարանով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին:  Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել 100-ից ավելի նոր աշխատատեղ: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, արտադրման ամբողջ համակարգն ավտոմատացված է։ Գործարանոում արտադրվելու են լիառացիոն համակցված կերեր, ինչպես նաև տարբեր տոկոսային հարաբերությամբ լրացակերերի (կոնցենտրատների) լայն տեսականի։ Բաղադրատոմսերի հաշվարկը կատարվում է վերջին սերնդի ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ բոլոր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների և թռչունների համար։ Արտադրանքի մեջ օգտագործվող վիտամինային-միներալային հավելումները եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության են:
15:12 - 11 նոյեմբերի, 2022
Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով կիրականացվի 4 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Նոյեմբերի 10-ին Երևանում տրվեց ՄԱԱԶԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով մշակած և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկը: «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ԵՄ-ի հետ մենք որակի ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր ենք սկսում: Ընդհանուր գումարը մոտ 4 մլն եվրոյի չափով է, որի ներքո կարողությունների զարգացում և 4 նոր լաբորատորիաների հիմնում է նախատեսվում: Դրանք պետք է օգնեն լրացնել չափագիտական լաբորատորիաների ծառայությունների մեր բացերը: Եվ կարողանանք այնպես անել, որ մեր որակի ենթակառուցվածքը կարողանա մատուցել ավելի ամբողջական ծառայություններ արտադրողներին՝ իրենց արտադրանքը թե Հայաստանում, թե դրսում, հիմնականում եվրոպական շուկաներում վաճառելու հնարավորություն ստանալու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ Քերոբյանի՝ որոշ օրենքներ լավ չեն գործում, օրինակ, պետք է ստանալ սերտֆիկատ, բայց հնարավոր է առանց այդ սերտիֆիկատը ստանալու շուկայահանել ապրանքը: Դրա համար տուգանքը չնչին է, ինչը հանգեցնում է նրան, որ ընկերությունների մեծ մասը ձեռք չեն բերում այն լաբորատոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են և օրենքով պահանջված՝ մինչև անհրաժեշտ շուկայահանում անելը: Այդ ծառայությունների ձեռք չբերումն էլ հանգեցնում է նրան, որ լաբորատոր ծառայությունների մատուցման բիզնեսը դառնում է ոչ այնքան եկամտաբեր: Եվ  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերները մատնանշել են Հայաստանում այդ խնդրի մասին: Քերոբյանի խոսքով՝ այդ առումով կառավարությունը հիմա ավելի համաչափ է դարձնում պատժիչ մեխանիզմները:   «Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանում բարելավվի արտադրված ապրանքների որակը, ապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը՝ նախադրյալներ ստեղծելով մարդկանց կյանքի որակի բարձրացման, ԵՄ-ի և այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար»,-ասաց նախարարը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքները կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը արտասահմանյան և հատկապես ԵՄ շուկայում: «Հայաստանի արտահանման մի մեծ մասնաբաժին գնում է ԵՄ անդամ 27 պետություններ: Դրա համար մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք՝ Հայաստանից ԵՄ արտահանման համար: Դա ավելի կզարգացնի սոցիալ-տնտեսական կապերը, կօգնի, որ հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցություն ունենան միջազգային առևտրում»,-ասաց Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ-ն հանձնառու են մնում՝ աջակցելու Հայաստանին՝ արդյունավետորեն իրականացնելու Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: «Որպեսզի երկրի, մասնավորի ջանքերը իզուր չլինեն, կարևոր է վստահությունը, պետք է վստահ լինեն, որ կարող են արտադրել որակով, արտահանել և լինել մրցակցային: Իսկ դրա ճանապարհի քայլերն արդեն արված են»,-նշեց նա:
17:43 - 10 նոյեմբերի, 2022
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. Երևանում մեկնարկել է այլընտրանքային ներդրումների թեմայով միջազգային համաժողով

 |armenpress.am|

Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. Երևանում մեկնարկել է այլընտրանքային ներդրումների թեմայով միջազգային համաժողով |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։  Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման։ Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում` խթանելով տնտեսական աճը: Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները՝ մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը՝ որպես այլընտրանքային ակտիվներ խելացի փողով ներդրումներ անելու համար: Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով։ «Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար»,- նշեց «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը: Համաժողովը մեկ ընդհանուր հարթակում է հավաքել ներդրողների, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների, դեսպանատների ներկայացուցիչների։  «Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է մոտ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի  թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերի կողմից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից պակաս են: Զարգացած ֆինանսական էկոհամակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերն ունեն բանկային վարկավորման և արժեթղթերի շուկայի կապիտալիզացիայի հետ համադրելի ծավալներ։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- նշեց BDO-ի գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով համաժողովը, նշեց, որ նախարարությունն ու կառավարությունը նպատակ ունեն զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային շերտերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։  «Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը»,- եզրափակեց Քերոբյանը։  Միջոցառումը կազմակերպվել է Orior Worldwide Innovations-ի և BDO Armenia-ի համագործակցությամբ։   
12:45 - 08 նոյեմբերի, 2022