Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները

Ծառայությունն իր գործառույթների շրջանակներում շարունակաբար ապահովել է Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգի մարմիններում, պետական հիմնարկներում և համայնքներում իրականացվել են շուրջ 100 վերահսկողական գործառույթներ (շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, շուրջ 7 տասնյակ մշտադիտարկումներ), որոնց արդյունքում, դեռևս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր և այլն։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են նաև ՀՀ պետական բյուջեի տնտեսումներ։ Վերահսկողական գործառույթն իրականացվել է ՀՀ վարչապետի համաձայնությամբ, Ծառայության ղեկավարի հանձարարագրերի, ինչպես նաև ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-բողոքների, մամուլի հրապարակումների և այլ հիմքերով: Ուսումնասիրությունների արդյունքում կազմված գրեթե բոլոր տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, ներկայացված են մեղադրանքներ: Անհրաժեշտ է ընդգծել, որ իրականացված որոշ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների հիման վրա կազմված տեղեկանքներում առկա են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հրապարկման ենթակա չեն: Ընդհանուր առմամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել և իրականացվում ՀՀ ոստիկանությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, ՀՀ ՊԵԿ-ում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, «Հայաստան համահայկական հիմնադրամում», «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում, ՀՀ էկոնոմիկայի (տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ում, ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում, , , ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, թվով 6 ջրօգտագործող ընկերություններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում», Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, «Սևանի իշխանի պարշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում, Երևանի քաղաքապետարանում, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի համայնքապետարաններում, ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում, «ԲԷՑ» ՓԲԸ-ում, «Հայավտոկայան» ՓԲԸ-ում, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում և այլ պետական վերասկողության ենթակա մարմիններում և բնագավառներում: Որոշ դեպքերում, վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջականացնելու նպատակով իրականացվել են հանդիպակած ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ: Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ՀՀ-ում իրականացվող ներդրումային ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործընթացներում ներգրավված այլ մարմիններում կատարվել է ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման գործառույթների օրինականության և արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակներում կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ Վարչապետին։ Ուսումնասիրությունը շարունակվում է։ Տարվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվել և գրանցվել են 753 դիմում, որից 14-ը էլեկտրոնային եղանակով ստացված դիմումներ: Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիներից և զանգվածային լրատվության միջոցներից ստացվել է 50 հարցում, որոնց բոլորին տրվել է պատասխան: Կատարվել է 163 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ: Ծառայությունը իր՝ www.supervision.am կայքում ներդրել է քաղաքացիների «դիմումների առցանց ընդունման» համակարգ, որի արդյունքում ՀՀ և օտարերկյա քաղաքացիները իրենց դիմում-բողոքները, հարցումները և առաջարկները կարող են ուղարկել Ծառայություն առցանց տարբերակով, հետևել դիմումի ընթացքին և ներբեռնել դիմումի պատասխանը կայքից: Ծառայության դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունում գործում է «Թեժ գիծ»: Վերը նշված ժամանակահատվածում 171 քաղաքացիների տրվել է պարզաբանում իրենց կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:Վերահսկողություն իրականացնելու արդյունքում մշակվել և համապատասխան իրավասու մարմիններին ներկայացվել են նաև բազմաբնույթ առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների և հետագա աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
07:51 - 09 հունվարի, 2020
Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում

Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝1․ 2019 թվականին ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ընկերություններից մեկը չի ստացել անհրաժեշտ թույլտվությունը, քանի որ վերոնշյալ գործակալության մասնագետները հայտնաբերել են խնդիրներ: Ըստ էության, հայտնաբերված խնդիրները պետք է նկատված լինեին նաև Կոմիտեի վերահսկողական գործառույթն իրականացնող վարչությունների կողմից: Սակայն վերջիններիս կողմից արձանագվել են գործակալության արձանագրած խնդիրներից միայն մի քանիսը: Հայտնաբերված խնդիրները, պայմանավորված կոմիտեի փաստաթղթաշրջանառության կարգավորումների թերություններով, ընթացք չեն ստացել։2. Ուսումնասիրվել են ՀՀ օդանավ շահագործողի վկայականների տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերը և/կամ դրանց առկայությունը, հայտատուներին ներկայացվող պահանջները: Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում:3. Առկա են ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանման մի շարք դեպքեր։ Մասնավորապես՝ թեև ՀՀ օրենսդրությամբ մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման իրավասություն կարող են ունենալ բացառապես կոմիտեի պաշտոնատար անձինք, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով նման իրավասություն է տրամադրվել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակցին։4. ՀՀ օրենսդրության համաձայն, սկսած 21.01.2017թ-ից օդանավ շահագործողների կողմից ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր (օտարերկրյա օդանավ շահագործողների դեպքում), ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվություն ստանալու հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումը պետք է իրականացվեր www.e-gov.am կայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով։ Վերոնշյալ նպատակով USAID-ի ֆինանսավորմամբ ձեռք են բերվել շուրջ 22.5 հազար ԱՄՆ դոլարի սարքավորումներ և 45․8 մլն դրամի ծրագրային հավելված։ Թեև վերոնշյալ համակարգը գործարկման նպատակով, ըստ էության, պատրաստ է եղել 2018 թվականի դեկտեմբերից, սակայն մինչ օրս կոմիտեն հայտերը և դրանց կից փաստաթղթերը ընդունում է այլ, ոչ էլեկտրոնային եղանակով։5. ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տրամադրելու միայն մեկ կարգ, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները տարանջատվել են որպես օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների։ Օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ստանում են միևնույն թույլտվությունները, որոնց տրամադրման աշխատանքները, սակայն, կատարում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Ընդ որում, ըստ կոմիտեի, օդանավակայանի ներսում վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն միայն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ները։6. ՀՀ օրենսդրության համաձայն միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման։ Մասնավորապես, ՀՀ օդանավ շահագործող ընկերություններից մեկը կոմիտեի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի ձեռնարկում նշել է ավելի քան 7 տասնյակ ուղղաթիռադաշտեր, որոնք դեռևս սերտիֆիկացված չեն։7․ Բացակայում են ավիացիային առնչվող մի շարք հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերը։ Մասնավորապես՝ կարգավորված չեն ՀՀ-ում անձնական, ոչ առևտրային գործարարական, հատուկ ավիացիոն աշխատանքների իրականացման՝ հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող օդանավերի դեպքում օդանավ շահագործողի վկայական տալու հետ կապված հարաբերությունները։8. Առկա են զգալի օրենսդրական բացթողումներ նաև կոմիտեի կողմից իրականացվող վերահսկողության բնագավառում: Որևէ իրավական ակտով կարգավորված չէ կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև, ինչպես նաև կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները։9. Բացակայում են օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերը, հետևաբար նաև կոմիտեի կողմից համապատասխան վերահսկողությունը։Բացահայտված թերությունների վերացման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ:Տեղեկանքին ի պատասխան ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշել է, որ կամփոփի իր անելիքները և վերհանված թերությունների վերացման ուղղությամբ կձեռնարկի համարժեք միջոցներ՝ համաձայն գործողությունների պլան-ժամանակացույցի:Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
12:14 - 27 դեկտեմբերի, 2019
80 մլն դրամի խախտումներ Վայքի համայնքապետարանում

80 մլն դրամի խախտումներ Վայքի համայնքապետարանում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝• 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։• Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:• Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար:• 2017-2018թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր:• Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր։• 2016-2019թթ. Համայնքապետարանի, ինչպես նաև իրականացված այլ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների ուսումնասիրություններով արձանագրվել են փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքներ:• Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
09:14 - 25 դեկտեմբերի, 2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամում խախտումներ են հայտնաբերվել գրեթե 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամում խախտումներ են հայտնաբերվել գրեթե 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամում վերահսկողություն է իրականացվել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով ՀՀ հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում: Ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամին և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին իրականացվել են առաջարկություններ www.armeniangenocide100.org կայքի հանձնում-ընդունումն իրականացնելու և շահագործելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:  
08:33 - 23 դեկտեմբերի, 2019
«ՋՐԱՌ» ՓԲԸ-ում արձանագրվել են 2,103,987.7 հազ. դրամի խախտումներ և թերություններ

«ՋՐԱՌ» ՓԲԸ-ում արձանագրվել են 2,103,987.7 հազ. դրամի խախտումներ և թերություններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2,103,987.7 հազ. դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝- Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1,001,433.3 հազ. դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր:-Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40,758.8 հազ.  դրամի աշխատավարձ:-Ընկերությունը 318,618.0 հազ.խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321,804.0 հազ. դրամ:- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել են 386,725.5 հազ. դրամ ավելի գումար:- Խախտելով հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալների ընդունելի մակարդակներից գերազանցել են 90,372.8 հազ. մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204,590.6 հազ. դրամ:- Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1,145.0 հազ.կվտ էլ.էներգիայի ավել ծախս է կատարվել 44,105․4 հազ. դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։- Ընկերության մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր՝ 11,897.6 հազ. դրամի չափով։- Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս է գրվել 55,242.1 հազ. դրամ սկզբնական արժեք ունեցող թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։- 2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5,097.6 հազ. դրամի խողովակաշարի պակասուրդ և 407.2 հազ. (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր) դրամի խողովակաշարի ավելցուկ:- ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26,668.7 հազ. դրամ, որը ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:- Ընկերության կողմից Ապարանի ջրամբարից բաց է թողնվել 5,204.9 հազ․խմ չհաշվառված ջուր, որը ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5,256.9 հազ․ դրամ։- Ընկերությունն իր կարիքների համար խախտելով «Գնումների մասին» օրենքի, ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշումներով սահմանված պահանջները, կատարել է ապրանքների և ծառայությունների գնում:Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:
06:37 - 11 դեկտեմբերի, 2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով» սահմանված նպատակները էականորեն թերակատարված են. ՊՎԾ

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով» սահմանված նպատակները էականորեն թերակատարված են. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողության ծառայության ֆեյսցուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում խախտումների ծավալը կազմում է 3,314.0 մլն. դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը հանդիսացել է ծրագիրը համակարգող մարմին: Նշենք, որ հիմնադրամի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմնադրամի կողմից ստեղծվել է երկու ՓԲԸ-ներ, որոնց գործունեության հիմնական նպատակը եղել է ձկան վերամշակումը և կենդանի ձկան արտադրությունը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՓԲԸ-ների միակ բաժնետերը հանդիսացել է հիմնադրամը՝ առևտրային գործունեության արդյունքում գոյացած շահույթը նույնպես պետք է ծառայեր բնապահպանական խնդիրներ լուծելու նպատակով։ 2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հասկացվել է 9,000․0 մլն (ինը միլիարդ) դրամ։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ծրագրով նախատեսված հիմնական նպատակների կատարողականի գնահատման արդյունքում կատարված եզրահանգումը եղել է այն, որ ծրագրով սահմանված նպատակները էականորեն թերակատարված են։ Ուսումնասիրությունն իրականացվել է գնումների գործընթացների, աշխատավարձերի հաշվարկման, գործունեության արդյունավետության, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրային ցուցանիշների կատարողականի նկատմամբ՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում։ Գումարային արտահայտությամբ խախտումների ծավալը կազմում է 3,314.0 մլն. դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։ Ստորև ներկայացված են արձանագրված խախտումները՝ 1. Ոչ մրցակցային կամ «ձևական» գնման արդյունքում կապալառու և ենթակապալառու ընկերությունները տարաբնույթ խախտումներով կատարված աշխատանքների արդյունքում պայմանագրով նախատեսված 8% շահույթի փոխարեն փաստացի ստացել են 86% շահույթ՝ կամ 777.0 մլն. դրամով ավելի։ Կապալառու ընկերության ձեռքբերումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա են 409․0 մլն. դրամի անապրանք փաստաթղթերի ձեռքբերման վերաբերյալ հիմնավոր կասկածներ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 163.0 մլն. դրամ հարկ։ 2. Վերահսկվող օբյեկտի կողմից կատարվել է 1,251.0 մլն դրամի անարդյունավետ ծախս։ Այսինքն՝ վերոգրյալ ծախսերի արդյունքում գոյացած ակտիվները 2-ից 4 տարվա ընթացքում երբևէ չեն օգտագործվել և որևէ նպատակի չեն ծառայել։ 3. Առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ վերահսկվող օբյեկտի կողմից իրականացվել է 273.0 մլն. դրամ վճարում X ընկերությանը, որի դիմաց ապրանքը փաստացի չի ստացվել, սակայն փաստաթղթերով ձևակերպվել է որպես ստացված։ 4. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց ենթադրյալ անգործության հետևանքով Սևանա լճի կանխատեսելի սառցակալման և սառույցի հալման հետևանքով ցանցավանդակները պատռվել են և տեղի է ունեցել 520.0 մլն. դրամի կենսաբանական ակտիվների (ձկներ) և գույքի կորուստ։ 5. Վերահսկվող օբյեկտի հաշվապահական հաշվառման ծառայությունը մատուցվել է երբևէ նման ծառայություն չմատուցած Y ընկերության կողմից։ Վերահսկվող օբյեկտի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել մրցակցային պայմաններում առավել մատչելի ծառայություն մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով, որի արդյունքում Y ընկերությունը 128.0 մլն. դրամի ծառայություն մատուցելու արդյունքում ձևավորել է 71.0 մլն դրամ շահույթ։ Բացի այդ, վերահսկվող օբյեկտում աշխատել են ֆինանսիստներ և հաշվետարներ, որոնց հաշվարկվել է 46․0 մլն դրամ աշխատավարձ։ 6. Ուկրաինական Z ընկերությանը իրականացվել է 234.0 մլն. դրամի վճարում, սակայն Z ընկերությունը մինչ օրս չի մատակարարել պայմանագրով նախատեսված աշխատանքային կատամարանը և չի էլ նախատեսվում, որ երբևէ կմատակարարի։ Z ընկերության հետ կապված խնդիրների պատճառը վերահսկվող օբյեկտի գործողություններն են։ Մասնավորապես՝ ապրանքի մատակարարման պայմանագրի փոխարեն (ինչպես նախատեսված էր գնումների պլանով և գնման հրավերով) կապալի պայմանագիր կնքելը, այնուհետև առանց ապրանքը ստանալու՝ վճարումներ իրականացնելը։ Բացի այդ, Z ընկերությանը կատարվել է 55.0 մլն դրամի վճարում, որը չպետք է իրականացվեր։ 7. Աշխատավարձի մասով հայտանաբերվել է 87.0 մլն դրամի տարատեսակ խախտումներ։ 8. Ք. Երևանի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկում վարձակալված 171քմ տարածքում վերահսկվող օբյեկտի կողմից հիմնադրվել է «Պեպո» խանութ-խորտկարանը։ Վերջինիս հիմնադրման և գործունեության նպատակով ծախսվել է 129.0 մլն դրամ, սակայն եկամուտը կազմել է 32 մլն դրամ։ Վերահսկվող օբյեկտի կողմից ճաշացանկերի և նյութածախսի նորմատիվներ չեն սահմանվել և երբևէ միջոցներ չեն ձեռնարկվել նման վնասներով (97.0 մլն դրամ) գործունեության պատճառները բացահայտելու ուղղությամբ։ 9. A ընկերությանը վճարվել է 20.0 մլն դրամ, որպեսզի վերջինս հրաժարվի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված վարձակալական պայմանագրից, որի ժամկետի ավարտին մնացել էր 2 տարի, իսկ 2 տարվա վարձավճարը պետք է կազմեր 640.0 հազ. դրամ։ Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի գործարքի կողմ հանդիսացող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուցափելու վերաբերյալ նյութեր, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ՀՀ պետական վերահսկողական ծառայության պահանջով մասնագիտացված գիտական կազմակերպության կողմից ստացվել է կարծիք Սևանա լճում էնդեմիկ «գեղարքունի» և «ամառային» ենթատեսակի իշխան ձկան պաշարների վերականգնմանը և բնական վերարտադրությանը խոչընդոտող պատճառների վերաբերյալ։ Կարծիքում ներկայացված պատճառների վերացման ուղղությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացվել են առաջարկություններ։
10:22 - 25 սեպտեմբերի, 2019
ՀՀ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ

ՀՀ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ։ Վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ: Ընդհանուր գումարային արտահայտությամբ Երևան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 169.000.000 դրամ (հարյուր վաթսուն իննը միլիոն դրամ)։ Մասնավորապես ընկերության կողմից ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերվել խորանարդ մետրի հաշվարկներով, սակայն ջրտուքը իրականացվել է հեկտարի հաշվարկով, ջրի կառավարման համակարգ է մուտքագրվել խորքային հորերի և պոմպակայանների արտադրաողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներ, ինչպես նաև չհիմնավորված դեբիտորական պարտքեր, աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարների գծով նախատեսվածից ավել հաշվարկ է եղել: Ջրի կորուստի ծավալը 2014-2018 թվականներին ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցել է 2,348.9 հազ. մ³-ով: Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհի կարգով ստացած միջոցների հաշվին իրականացվել են նաև ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումներ` չառաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ։ 2017 թվականին «Մասիս» և «Երևան» ՋՕԸ միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված հանձնման-ընդունման տեղեկանքում բացակայել են մինչ այդ «Մասիս» ՋՕ ընկերության հաշվեկշռում առկա արժեքով գույքային միավորները: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:
13:11 - 11 սեպտեմբերի, 2019
1.8 միլիարդ դրամի խախտումներ. ՊՎԾ-ն դիմել է դատախազություն

1.8 միլիարդ դրամի խախտումներ. ՊՎԾ-ն դիմել է դատախազություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ։Ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1,855,337․7 հազ. դրամ (մեկ միլիարդ ութ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր դրամ)։ Խախտումները հիմնականում վերաբերել են չհիմնավորված դեբիտորական պարտքերին, ներկայացված ոչ ճշգրիտ հաշվետվություններին, ջրի կորուստների ծավալներին, ոռոգման ջրի վարձավճարների գանձմանը, խորքային հորերի և պոմպակայանների արտադրողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներին, ընկերությունում առկա սեղմված գազի պակասուրդին, պակաս հաշվարկված անդամավճարի գումարներին, հիմնական միջոցների՝ առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս գրմանը, պոմպերի վերանորոգման անարժանահավատ աշխատանքներին, շինարարական աշխատանքների արժեքի ոչ պատշաճ հաշվարկմանը և ավել ծախսերին, աշխատավարձերի ավել հաշվարկմանը, բենզինի, դիզելային վառելիքի, և սեղմված բնական գազի խոշոր չափով ուռճացված ծախսերին: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն, տեղեկացնում են ՊՎԾ-ից:
08:34 - 06 սեպտեմբերի, 2019
Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել |factor.am|

Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել |factor.am|

factor.am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իր սանիկին` Արթուր Նահապետյանին, հուլիսի 4-ին նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Արթուր Նահապետյանը: Նա ասաց, որ առաջիկայում այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: ՊՎԾ-ի մեր աղբյուրներն էլ պնդում են, որ վեց ամիս անց հենց Արգիշտի Քյարամյանի սանիկն է նշանակվելու պետի տեղակալ։ Հարցին, թե ինչպես եղավ, որ նշանակվեց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Դիմում եմ ներկայացրել ու համապատասխան ընթացակարգերից հետո նշանակվել եմ»: Արթուր Նահապետյանը 29 տարեկան է: Նախկինում, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, 2014-2015 թվականներին, եղել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ ահա 2015 թվականին նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Արթուր Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչը հանդիսացավ պատճառ, որ հրաժարվի նման պաշտոնից և տեղափոխվի ՊՎԾ՝ ընդամենը վարչության պետի տեղակալի պաշտոնակատարի կարգավիճակով: «Երևան տեղափոխվելու անհրաժեշտությունը»,- պատասխանեց երիտասարդ պաշտոնյան:   Ավելին՝ factor.am-ում
13:22 - 22 հուլիսի, 2019
ՊՎԾ-ն ներկայացրել է ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունների արդյունքները

ՊՎԾ-ն ներկայացրել է ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ինչպես հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և բացահայտվել են մի շարք երևույթներ։ Մասնավորապես, Ուսումնասիրությամբ պարզվել են, որ խորքային հորերի և պոմպակայանների կողմից փաստացի ծախսված էլ. էներգիայի պայմաններում խորքային հորերի և պոմպակայանների իրական արտադրողականության հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում ընկերության կողմից մատակարարված ջրի դիմաց տարեկան հասույթը պակաս է ցույց տրվել, որը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։ Այսինքն, ուսումնասիրություն իրականացնող խմբի և Ջրային պետական կոմիտեի համապատասխան մասնագետների կողմից ջրաչափումներ են իրականացվել բոլոր պոմպակայաններից և խորքային հորերից փաստացի ծախսվող էլ․էներգիայի և մղվող ջրի ծավալների մասով՝ ստացվել են յուրաքանչյուրի արտադրողականությունները և դրանք համեմատվել Ջրային համակարգում առկա տվյալների հետ։ Արդյունքում պարզվել է, որ Ջրային համակարգում առկա տվյալները՝ արտադրողականությունները և հզորությունները, պակաս չափով են մուտքագրված, հետևաբար՝ նույն չափով ծախսված էլ․էներգիայի պայմաններում ցույց է տրվել ավելի քիչ չափով մատակարարված ոռոգման ջուր, սակայն կարելի է փաստել, որ ջուրը մղվել է, դրա դիմաց հասույթը գանձվել է, սակայն չի արտացոլվել հաշվետվություններում, կամ այդ չափով պակաս էլ․էներգիայի գումար պետք է հաշվարկվեր և վճարվեր։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից ընկերության սպասարկման տարածքում հայտնաբերվել են մշակվող հողատարածքներ, որոնք փաստացի ոռոգվել են, սակայն ՋՕԸ-ի հետ չեն ունեցել համապատասխան պայմանագրեր։ Հետևաբար, կարելի է պնդել, որ ոռոգման ջուրը մղվել է, սակայն դրա դիմաց հասույթը չի արտացոլվել Ջրային համակարգում։ Յուրաքանչյուր ՋՕԸ-ի համար սահմանված են ջրի կորուստների ընդունելի մակարդակներ, սակայն արձանագրվել են դեպքեր, երբ ընկերության կողմից ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցվել են։ Ընկերությունը ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերում խորանարդ մետրի հաշվարկներով, իսկ իրացումը կամ ջրտուքը իրականացնում է հեկտարի հաշվարկով։ Տվյալ դեպքում ստացվում է անհամադրելի հաշվարկներ և անհնարին է դառնում հաշվարկել տնտեսական գործունեության իրական արդյունքները։ Դեբիտորական պարտքերի վերաբերյալ։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոռոգման համար մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողները ունեն մեծ պարտքեր, որոնք ջուրը օգտագործել են, սակայն վճարումներ չեն կատարել և Ջրային համակարգում առկա են պարտքեր։ Չհիմնավորված վարկային միջոցների ներգրավում և բանկային տոկոսների մասով լրացուցիչ չհիմնավորված ծախսերի կատարում։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն հողատարածքի ոռոգման համար տարբեր տարիների համար օգտագործվել է տարբեր ծավալի ջուր, ինչը ոչ իրատեսական է։ Արդյունքում, ստացվում է, որ ոռոգման ջրի դիմաց հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել։ Առանց համապատասխան ջրային թույլտվությունների ձկնաբուծական տնտեսությունների շահագործում։ Այդ մասով, վերջիններիս կողմից ջրի մատակարարումը իրականացվում է ՋՕԸ-երի կողմից, որի դիմաց վճարվում է միայն սպասարկման գումար։ Գարնան նախապատրաստական աշխատանքներում ներառված ջրանցքների մաքրման աշխատանքների համար ծախսված գումարների ճշտության ուսումնասիրությունը գրեթե դառնում է անհնար, քանի որ չեն համապատասխանում կատարողական ակտերը թերությունների ակտերին և ստուգայցերի արդյունքներին։ Ինչպես նաև գնացուցակներով կատարված հաշվարկները չեն հիմնավորվում քանի որ հաշվարկի հիմքում դրված գործակիցների ընտրությունը հիմնավոր չեն, կամ կատարված աշխատանքների համար հաշվարկված արժեքները չեն հիմնավորվում։ Տրանսպորտային միջոցների վարձակալությունը 2017-2018թթ-ին կատարվել է ոչ խելամիտ գնագոյացման շրջանակներում, քանի որ մեկ տարվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վարձակալության ընդհանուր գումարը գերազանցում է դրանց վաճառքի շուկայական արժեքին, որը հիմնավորվում է նաև այն փաստով, որ Ընկերությունը 2018թ-ին նույն տեսակի տրանսպորտային միջոցները վաձակալում է 3-7 անգամ թանկ, քան 2015թ-ին։ Հիմնական միջոցների հաշվառման ուսումնասիրությամբ պարզվեց, որ Ընկերության կողմից կատարվել են հիմնական միջոցների դուրս գրումներ, որոնց վերաբերյալ բացակայում են դուրս գրման ակտերը։ Հիմնական միջոցների հաշվառման ուսումնասիրությամբ պարզվեց, որ Ընկերության կողմից կատարվել են հիմնական միջոցների դուրս գրումներ, որոնց վերաբերյալ բացակայում են դուրս գրման ակտերը։  
11:26 - 09 հուլիսի, 2019
ՊՎԾ-ն ամփոփել է քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՊՎԾ-ն ամփոփել է քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և կապալառու կազմակերպությունների միջև կնքված շինարարական աշխատանքների կատարման պայմանագրերին՝ պետք է փաստել, որ մի շարք դեպքերում աշխատանքները իրականացվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում աշխատանքները կատարվել են անորակ, իսկ օգտագործված նյութերը չեն համապատասխանել պայմանագրով սահմանված չափանիշներին:Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։Ամփոփելով վերոգրյալը անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։Ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
11:32 - 18 հունիսի, 2019
ՊՎԾ-ն կոչ է անում ԵՊԲՀ-ի մասին իրենց տարածած հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»

ՊՎԾ-ն կոչ է անում ԵՊԲՀ-ի մասին իրենց տարածած հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել՝ անդրադառնալով հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններին։ «Հաշվի առնելով մամուլում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում ընդգծել․ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:Ավելին, հայտարարությամբ հստակ նշված է, որ հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Այնպես որ, բոլոր լրատվական միջոցներին և ԵՊԲՀ-ին կոչ ենք անում հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ տեղեկատվությունը հրապարակվել է նախքան վերահսկվող օբյեկտից կարծիք ստանալը, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որևէ իրավական նորմով կաշկանդված չէ հրապարակումներ իրականացնելու ինչպես ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ ուսումնասիրության ավարտից հետո։Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորված և անձնավորված ուսումնասիրություններ երբևէ չի իրականացրել և չի իրականացնում։ Ինչպես հայտնի է, ուսումնասիրություններ են իրականացվել նաև այլ ԲՈՒՀ-երում, ներկայումս ևս մեկ ուսումնասիրություն է իրականացվում ԲՈՒՀ-երից մեկում։ Բացի այդ, խնդրո առարկա ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրության ողջ ժամանակահատվածի, այդ թվում նաև՝ 2017-2018 թվականներին իրականացված գործունեության վերաբերյալ։ Ուսումնասիրության մաշտաբայնության հետևանքով արդյունքների ամփոփումը տևել է մոտ մեկ ամիս։Հետգրություն։ Կոչ ենք անում ԵՊԲՀ-ի պաշտոնատար անձանց տեղեկանքում առկա տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության չհրապարակել՝ հաշվի առնելով այն, որ տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմնի»,-ասված է հաղորդագրության մեջ։
15:52 - 12 հունիսի, 2019
Պետական վերահսկողական ծառայությունը պատասխանել է Վալերի Օսիպյանին

Պետական վերահսկողական ծառայությունը պատասխանել է Վալերի Օսիպյանին

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հայտարարություն է տարածել, որում նշված է. «Թեև ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի չի առել ՀՀ քրեական քաղաքականությունից բխող մի կարևոր սկզբունք. այն է՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի քրեադատավարական ընթացակարգի միջոցով, ինչը ենթադրում է, որ պետական վերահսկողական ծառայությունը իր վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքում առերևույթ հանցագործության մասին վկայող տեղեկություններ հայտնաբերելիս ցանկացած պարագայում պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմնի։ Նշվածը թույլ է տալիս փաստել, որ ոստիկանապետն իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում, հաշվի առնելով միայն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, ինչի արդյունքում ճեպազրույցի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել։   Ավելին՝ հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային։Միևնույն ժամանակ, պետական վերահսկողական ծառայությունը հորդորում է վարչապետի վերահսկողական գործառույթն ապահովող մարմնի ներկայացուցչի վերաբերյալ կարծիք հայտնելիս լինել առավել շրջահայաց և խուսափել չհիմնավորված որակումներ տալուց։Ավելացնենք նաև, որ խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են և վաղը կներկայացվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն»։
14:02 - 23 մայիսի, 2019