Ինֆոքոմ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ Նա մասնավորապես գրել է, որ Հայաստան կացելի երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին՝ նաև տարածելով իր պատասխանը խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Նշենք, որ այսօր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտնել է, որ Փարիզն ուսումնասիրում է Երևանի պաշտպանական կարիքները՝ նշելով, որ չի կարծում, որ Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ «Ֆրանսիան այսօր շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, քանի որ այժմ դա է վտանգված»։  
21:06 - 01 հոկտեմբերի, 2023
Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․

Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․

Ստեփանակերտից Գորիս, Գորիսից Վայք, Վայքից Երեւան․ նախկինում սովորական թվացող այս ուղեգիծը այսօր անսովոր տեսք է ստացել․ աղետի միջով անցած, աղետով բարձված մեքենաներում՝ թեւաթափ ու թեւատ մարդիկ, որ գնում են առաջ, գնում են անվերջ ու անվերջ, գնում են՝ մի նոր տանիք, մի նոր երկինք, մի չեղած անդորր գտնելու հույսով։ Մեքենաների շարասյան մեջ նստած՝ նայում եմ այս պատկերին ու մտքիս մի բան է միայն՝ աղետի ուրվականը ողջ Հայաստանում է արդեն։ Ու զնգում է մի հարց, զրնգում վերստին՝ այս ամենից հետո ինչպե՞ս ապրել նորից։ – Որ էդքան նկարում եք, մի օգուտ կա՞,– հիշում եմ Գորիսում վերջին ֆոտոներն անելիս ինձ դիմած մի քաղաքացու հարցը, որ եկել էր՝ Արցախից բռնի տեղահանված իր հարազատների հետեւից։ Մեղավոր ու անմեղ՝ փորձում եմ բացատրել, որ այն, ինչ կատարվում է, պատմություն է, ու մեր աշխատանքն է դա վավերագրելը․ – Բայց տխուր պատմություն է, ախր,– ասում է նա հուսահատ։ Եվ այդ հուսահատության մեջ ես հիշում եմ մարդկանց, որ, Հայաստանի սահմանը նոր–նոր հատած, իմ թաց աչքերին ի պատասխան՝ ասում էին․ – Քուրիկ ջան, մի հատ ինձ էլ նկարի,– եւ ժպտում էին մարդիկ ցավի միջից, եւ ժպտում էին մարդիկ՝ չգիտես, թե ինչպես։ Բռնի տեղահանված արցախցին Հիշում եմ Կոռնիձորում նրանց դիմավորող անխոնջ կամավորներին, որ, քուն ու դադար թողած, բառացիորեն կռիվ էին տալիս՝ մոտեցող ամեն մեքենային ավելի ու ավելի շատ քաղցրավենիք ու քացրավենիքից շատ՝ սեր ու ջերմություն հասցնելու համար։ Նրանցից մեկը արտասահմանյան մի լրագրողի ինչ–որ բան էր ասել, սա էլ չէր հասկացել ու խնդրել էր՝ թարգմանեինք։ Պարզվել էր՝ ասում էին՝ դուք էլ օգտվեք, քաղցրավենիք վերցրեք։ Եվ համոզում էին, որ վերցնենք։ Արտասահմանցին շնորհակալություն է հայտնում․  –It for Artsakh, not for us,- ու սիրտը լցված՝ պատասխանում է։ Կամավորները Եվ իսկապես, սա Արցախի համար է՝ հուսահատության ու տխրության մեջ լույսի այս փոքրիկ շողերը, որ պիտի օգնեն մի օր պատասխան գտնել հարցին՝ այս ամենից հետո ինչպես ապրել նորից։ *** Տիկին Միրան վերջին արցախցին է, որի հետ զրուցում եմ մինչ Երեւան ուղեւորվելը։  Նախապես հարցնում եմ՝ կհամաձայնի՞ խոսել կատարվածի մասին, ասում է․ «Պատմելը կպատմեմ, պատմելը դժվար չէ․․․»։ Ու անավարտ է մնում միտքը․ երեւի ապրելն է դժվար։ Միրա Ասրյանը Ստեփանակերտի բնակիչ է՝ 63 տարեկան, 44-օրյա պատերազմից հետո աշխատում էր Ննգի գյուղում՝ որպես ակումբավար։ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո բռնի տեղահանվել է Հայաստան ողջ ընտանիքով՝ որդու, հարսի եւ 2 թոռների՝ Անիի ու Արամի հետ։ Ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Անին եւ Արամը Վերհիշելով սեպտեմբերի 19-ը՝ տիկին Միրան պատմում է՝ աղջիկ թոռը, որ առաջին դասարան է, դպրոցում էր, ուզել էր միայնակ տուն վերադառնալ, չէին թողել․ «էրեխուն վերցրի, եկա, ասում եմ՝ Անի ջան, ցավդ տանիմ, էլ ասես ոչ մինակ գամ, կացա, հլը կռիվ ա, փիս ժամանակաշրջան ա, խաղաղությունը կըլի, էն վախտ ուժե մինակ կգաս»,– թոռան հետ խոսելով՝ տուն է վերադարձել դպրոցի ճամփով վերջին անգամ։ Ու տանը, երբ պատրաստվելիս են եղել՝ պարի գնալու, տագնապի ազդանշանը միացել է․ «էրեխին բերել եմ տուն, հաց եմ տվել, հենց կոֆթան հանել եմ, մեկ էլ տեսա՝ պայթյունը սկսել ա, էրեխեքը՝ ընդի տկլոր, էն ա որ կոֆթա, շալվար վերցրել եմ, վազել ենք նկուղ։ Դրանից հետո արդեն՝ ահավոր ձեներ, ահավոր բան, հարսս ոնց ա հասել պադվալը՝ չեմ կարող ասել, 10 րոպեում հասել ա, բա՝ էրեխեքս–էրեխեքս, տենց էլ մնացինք պադվալում, 2 օր մնացինք, 3–րդ օրը ասեցին՝ հրադադար ա, բանակցություններ պիտի լինեն․․․ Հետո ասեցին՝ բանակցություններն ավարտվել են, որոշել են բանակը վերացնել, էնքան զինվորներ, էնքան անմեղ տղաներ զոհվին, վիրավորվին, տեհա պիտի լիներ՝ բանակը ցրեին, սկի էդքան զոհն էլ չտայինք․․․ Կրակել են սաղ շտաբների վրա, պոստերի վրա, լրիվ զենք–զինամթերք ոչնչացրել են, բանակը ցրել, ասել են՝ ամեն գյուղի բնակչությունը հետ է գնալու իր տուն, դրանից հետո ճանապարհը բաց է լինելու, ով կցանկանա Ադրբեջանի դրոշի տակ ապրել․․․ Ով չէ, ճանապարհը բաց է»։ Բայց ադրբեջանցիների հետ համատեղ ապրելը, ըստ տիկին Միրայի, այսօր հնարավոր բան չէ․ «2020 թ․ պատերազմից հետո դա անհնարին է, մեր էրեխեքը չգիտեն, բայց ես իմ հասակում․․․ Երբ դեռ ԼՂԻՄ էր, ես իրենց հետ ապրել եմ, մեր գյուղում ֆերմայի աշխատողները սաղ ադրբեջանցի էին,  իմ սկեսրայրս անասնաբույժ է եղել, էնքան է որպես ընկեր իր հետ բերել մեր տուն, հաց են կերել, էն վախտ ուրիշ էր, բայց հիմա անհնար է, հիմա ահավոր է, մեկը մյուսին ուզում չի տեսնել, մեկը մյուսի նկատմամբ ատելությամբ է լցված»։ Այսպես ստիպված՝ ընտանիքը բռնել է տեղահանության ճամփան․ «Հենց ասել են, որ պիտի հայաթափվի, սաղս էլ եկել ենք․․․ Տուն–տեղ թողած, դատարկ ձեռքով․․․ Ընդամենը մի երկու հագուստ՝ էրեխեքին, մեկը հագնես, մյուսը լվանաս, ի՞նչ պիտի էլ հասցնեինք [վերցնել]»։ Ադրբեջանական անցակետում, տիկին Միրայի խոսքով, հանգիստ է անցել, անձնագրերն էլ չեն ստուգել․ «Ավտոն բացել են, տեսել են՝ քանի հոգի ա,  ոչ մի գռուզ չեն թափել, հանգիստ անցել ենք, իրենց էլ էդ ա պետք, որ տեսնեն՝ Արցախից քանի շունչ ա գալիս, իրենց список ա պետք ռուսների հետ միասին, հա, ռուսը մեզ պահել ա, ռուսն էլ որ չլիներ, մեզ կկոտորեին, բայց ռուսի համաձայնությամբ, Ադրբեջանի համաձայնությամբ մեզ տեղահանեցին․․․ Ճանապարհն էլ շատ ահավոր էր, հենց հասել ենք Շուշի, 2 սուտկա է՝ Լաչինի ճանապարհի վրա էինք․․․ Առավոտ ժամը 8–ին Հակարիի կամուրջը հատել ենք, խցանում էր, կես ժամ կանգնում էինք, 10 րոպե ճանապարհ գալիս, 2 ժամ կանգնում, 5 րոպե գալիս, մի ահավոր վիճակ»։ Թե ինչ են անելու Հայաստանում, ուր են գնալու՝ դեռ անորոշ է, տիկին Միրան ասում է՝ եթե ֆինանսի խնդիր չլիներ, մի ժամ էլ չէին մնա, կգնային Ռուսաստան, թեկուզ էնտեղ էլ մի բան չի․ «Տղաս 88 թ․ շարժմանն է ծնված, էս հասակում կամաց–կամաց իր կվարտիրն է ստեղծալ, մեքենա է առալ, սաղ թողալ է, եկել, էրեխեքին ինչ ուզել են, իրենց սրտով, կերել են, քնել են, ման են եկել, ո՞վ ա իմացել, որ կարողա Արցախը հանձնել, որ փողը կուտակեն»։ Նրա խոսքով՝ քաղաքում էլ է ապրել, գյուղում էլ, կուզի ինչ–որ հողամաս ունենալ, դրանով զբաղվել․ «Ես չգիտեմ, նենց չի, որ էստեղ բարեկամ չունենք, ախպեր ունեմ, մի քույրս Կրասնոդար է, մեկը՝ Ուկրաինա, բայց մենք իրենց նեղություն չենք ուզում տալ, փախցրել են, հանել բերել են, մեր հոգսը [թող] քաշեն, գոնե տան վարձը տան, ժողովուրդը իր հոգսը քաշի, տհենց բան կլինի՞, հիմա էլ ուզում են ծայրամասային տեղեր տան, պետք չի, հանց որ էգուց էլ գան, արցախցու գլխին վեր ընգնին․․․ Ես ասում եմ՝ Հայաստանա տղերքը էնքան մեղկ են, Արցախի համար զոհվել են, դե զոհվել են, շարժումն արել են, ասել են՝ միացում Հայաստան, ժողովուրդը համաձայնել է, բայց դու պերես, ստորագրես, հանձնե՞ս, գոնե ինքնավար մարզ էլ չես թողալ․․․ Գոնե տանին ոչ ծայրամասեր»։ Հիմա Աստծուն փառք է տալիս, որ իր ընտանիքը նոր զոհեր չի ունեցել, բայց շատ է ցավում, որ շատ ծնողներ իրենց 20-22 տարեկան տղաների շիրիմները, ինքն էլ իր հարազատների շիրիմները ստիպված են եղել թողնել։ Ու ծնկները, ասում է, թուլանում են, երբ պատկերացնում է, որ հաջորդը կարող է Հայաստանը լինել։ Բայց թուլացող ծնկներին ամուր պահելու է հասնում փոքրիկ Անին, որ ողջ ընթացքում եղբոր հետ, վազվում էր տարածքում վանդակից դուրս եկած, կապույտ երկինք գտած աղավնու պես թեթեւ։ Գալիս է, խիզախորեն կանգնում տեսախցիկի առաջ ու ասմունքում Արցախի մասին մոր սովորեցրած տողերը․ –Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա,  Իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի եւ Ռոման Աբովյանի  
20:50 - 01 հոկտեմբերի, 2023
Այսօրվա ընթացքում Արցախից բռնի տեղահանված 31 անձ է եկել Հայաստան

Այսօրվա ընթացքում Արցախից բռնի տեղահանված 31 անձ է եկել Հայաստան

Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն Հայաստանում է, հաշվառված է 85 975-ը։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 12։00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը 100 483 էր, այսինքն՝ այս ժամերի ընթացքում եկել է 31 անձ։  Բաղդասարյանը հայտնեց նաև որ Հակարիի կամուրջը հատել է 21 106 տրանսպորտային միջոց։ Նա նաև հիշեցրեց, որ Գորիսից Ստեփանակերտ էր մեկնել ավտոբուս, որը 15 ուղևոների է բերել արդեն․ «Յուրաքանչյուր զանգի հետևից մենք գնալու ենք։ Եթե մարդիկ ուզում են տեղափոխվել Հայաստան, տեղափոխումը կատարվելու է»։ Այս մասին քիչ առաջ հայտնել է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Հաշվառված քաղաքացիների 49 տոկոսը տղամարդիկ են, 51-ը՝ կանայք։ Ընտանիքների թիվը 22 650 է, միջին ցուցանիշով 4 անդամից բաղկացած ընտանիքներ են։ ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների պատճառով, 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են։ Մնացյալ բուժառումները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են ԲԿ-ներում, այդ թվում՝ սրտի ստենտավորմամբ։ Մեծ թիվ են կազմում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները, որոնց մեջ կան նաև երեխաներ։  Հիվանդանոցներից տվյալներ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 8003 համարով, որը ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծն է։ Շուրջ 700 երեխայի՝ ուսումնական հաստատություններում տեղավորելու հարցը լուծվել է, բայց ընդհանուր առմամբ 20 000 երեխա է մուտք գործել։ Այս հարցով զբաղվում է ԿԳՄՍՆ-ն։ Հղիների թիվը 222 է, հաշմանդամություն ունեցողներինը՝ 2105, վիրավորներինը՝ 283։ Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 48 649 քաղաքացի։ Տեղաբաշխվածությունը ըստ մարզերի՝ հետևյալն է․ Արագածոտն՝ 2305 Արարատ՝ 12 445 Արմավիր՝ 4461 Գեղարքունիք՝ 3996 Լոռի՝ 2686 Կոտայք՝ 11 630 Շիրակ՝ 2275 Սյունիք՝ 4592 Վայոց ձոր՝ 1937 Տավուշ՝ 2322   Լուսանկարը՝ Մարութ Վանյանի, 25․09․2023, Ստեփանակերտ
20:19 - 01 հոկտեմբերի, 2023
«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու համար օգտագործել է իսրայելական զենքեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը։  Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև, հարցերում ներառված բոլոր պնդումները հեղինակինն են։ Կարո՞ղ եք Ձեր տեսանկյունից նկարագրել ներկայումս Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն։ Այն, ինչ տեղի է ունենում, դասական էթնիկ զտում է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տարածքի բնիկ ժողովուրդը, մարդիկ, որոնք ապրել են այնտեղ 3000 տարի, լքում են իրենց տները՝ թողնելով իրենց հոգևոր ու ազգային ժառանգությունը, թողնելով իրենց սիրելիների գերեզմանները։ Ինչո՞ւ են նրանք հեռանում։ Բացի ԼՂ-ից հեռանալուց՝ նրանք այլ ընտրություն չունեն, որովհետև նրանց կյանքը անտանելի է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ 120 000 հայ էր ապրում այնտեղ։ Այսօր մոտ 100 000-ն արդեն լքել է։ Հոկտեմբերի 1-ի ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 490 անձ արդեն Հայաստանում է։ Ադրբեջանը պաշտոնապես պնդում է, որ իրենք ցանկանում են, որ բնակիչները մնան, և միակ մարդիկ, որ հեռացել են Ղարաբաղից, ռազմական անձնակազմն է։ Ո՞վ է ճիշտն ասում։ Հեռացած մարդկանց պաշտոնական թիվը 95 000 է։ Դուք հավատո՞ւմ եք, որ այդ տարածքում 95 000 զինվորական կար։ Դուք կարող եք տեսանյութերը նայել հեռուստացույցով։ Կանայք և երեխաները վտարվել են, որովհետև ապագա չեն տեսնում այնտեղ։ Նրանց կյանքերի համար ոչ մի երաշխիք չկա։ Նույնիսկ ադրբեջանցիները երաշխիքներ չունեն, որովհետև բռնապետության ներքո են ապրում, ինչպե՞ս կարող ենք հայերի իրավունքները երաշխավորվել։ Պատմեք ականների մասին, որը, ինչպես հաղորդվում էր, հայերն էին տեղադրում տարածքում, կամ գետնի վրա ռազմական անձնակազմի մասին պատմեք։ Այս ականների պայթյուններից տասնյակ ադրբեջանցի քաղաքացիական անձինք և զինվորներ են մահացել։ Արդյո՞ք սա հրադադարի խախտում չէր, և արդյո՞ք երկիրը չէր սպասում արձագանքների։  Դրանք ինքնապաշտպանական ուժեր էին, որոնց նպատակը տեղի հայերին ադրբեջանցիներից պաշտպանելն էր։ Երկու պատերազմ է եղել [1990 և 2020թթ․], և մարդկանց անվտանգությունը երաշխավորված չէր։ Եվ հանրությունը իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու։ Էլ ո՞վ պետք է պաշտպաներ նրանց։ Ադրբեջանը պնդում է, թե այս միավորումները ՀՀ կանոնավոր բանակի մի մասն էին։ Դա սուտ է։ Լեռնային Ղարաբաղում ՀՀ կանոնավոր բանակ չկա։ Հայերի դրությունը կհամեմատեի՞ք պաղեստինցիների ներկա իրադրության հետ։ Ոչ, չէի համեմատի։ Իմաստ չկա հակամարտությունները համեմատելու։ Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է։ Ղեկավարները հանդիպումներ են ունեցել վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ի՞նչ կարգավիճակ ունեն այդ բանակցությունները, կա՞ որևէ բան, որ դուք տեսնում եք, որ տեղի է ունենալու շուտով։ Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, և մենք շարունակում ենք լավատես մնալ համաձայնագրի հասնելու հարցում։ Բայց ներկա իրադրության պայմաններում, երբ հայերը վտարվում են իրենց պապենական հայրենիքից, [դժվար է կանխատեսում անել]։ Ես հույս ունեմ, որ [Փաշինյան-Ալիև հոկտեմբերի 5-ին կայանալիք] հանդիպումը տեղի կունենա, որովհետև սեղանի շուրջ նստելն ու բանակցելն այլընտրանք չունեն։ Արդյո՞ք Իսրայելը շատ ադրբեջանամետ է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն է Իսրայելի օրակարգում։ Մենք տեսել ենք ռազմական լայն համագործակցություն՝ Ադրբեջանն Իսրայելից գնում է միլիարդավոր դոլարներ արժեցող զենքեր, և կա համագործակցություն ռազմական պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Իրանը ևս դրա մի ֆակտորն է։ Ես չէի ասի, որ Իսրայելն արդբեջանամետ է, բայց համագործակցությունը շատ ամուր է, մարտավարական գործակցությունն է շատ ամուր։ Ամեն անգամ, երբ էսկալացիա է լինում մեր տարածաշրջանում, 2020-ի պատերազմից մինչև սեպտեմբերի 19-ը, մենք գիտենք, որ Ադրբեջանի «Silk way ավիաուղիներ»-ը հաճախակի թռիչքներ է իրականացնում Իսրայելից զենքեր տեղափոխելու համար։ Նախքան վերջին էսկալացիան ԼՂ-ի հյուսիսում գտնվող Գյանջա քաղաք ուղիղ թռիչք է իրականացվել Իսրայելից։ Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել ու գնել։ Հարցն այն է, որ այս զենքերը հայտնվում են մեր սահմանին և օգտագործվում խաղաղ բնակիչների դեմ։ Այսպիսով, եթե դուք հարցնում եք՝ Իսրայելը ադրբեջանամե՞տ է, ես չեմ կարող պատասխանել, բայց երկրների մարտավարական, ռազմական և հետախուզական համագործակցությունը ամուր է, և դա գաղտնիք չէ։ Դա մի բան է, որը երկու կողմերն էլ հպարտորեն հայտարարում են։ Արդյո՞ք Իսրայելը հակառակ է Հայաստանին։ Ոչ։ Քաղաքացիական հասարակությունը շատ Հայաստանամետ է Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցերում։ Կհամեմատեի՞ք ԼՂ հայերի դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին հերաների դրության հետ։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին, ավելի աջակցություն չե՞ք սպասում Իսրայելից։ Զուգահեռներ կարող ենք գտնել։ Հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեն։ Մենք երկու ժողովուրդներ ենք, որոնք տուժել են սարսափելի ցեղասպանություններից՝ հայերը Առաջին, հրեաները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Կա՞ որևէ բան, որ կուզեիք ավելացնել, որի մասին Ձեզ հարց չտրվեց։ Մենք ականատեսն են սարսափելի մարդկային ողբերգության, ինչն աննախադեպ է 21-րդ դարում։ Հայերը բռնի դուրս են հանվում իրենց պատմական հայրենիքից՝ թողնելով իրենց ժառանգությունը, եկեղեցիները, տաճարները և գերեզմանաքարերը։ Ես նրանց համար ոչ մի հույս չեմ տեսնում։ Քանի դեռ Ադրբեջանը բռնապետություն է, մենք շարունակելու ենք ականատես լինել այս ողբերգության։ Ես նաև շնորհակալ եմ այն իսրայելցիներին, որոնք զանգում են դեսպանատուն, բաց նամակներ են գրում, հայերին աջակցող հայտարարություններ են տեղադրում տեղի թերթերում։ Ես շնորհակալ եմ բարի կամքի և աջակցության համար։
19:01 - 01 հոկտեմբերի, 2023
«Սա լավ կյանք չի, չէ․․․»․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը դեռ չի պատկերացնում իր կյանքը տանից հեռու

«Սա լավ կյանք չի, չէ․․․»․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը դեռ չի պատկերացնում իր կյանքը տանից հեռու

Աշխարհի ամենաերկար՝ գաղթի ճանապարհից հոգնած ու մռութները կախած փոքրիկ տղան բացում է գունավոր տուփը, որի միջից թափվում են կոնֆետներ։ Նա ոտքերը գետնին խփելով նվնվում է, ընկնում խոտերի վրա ու սկսում լաց լինել հողի մեջ՝ դեմքը խոտերին դրած։ Գրպանումս երկու կոնֆետ կա, այն սպիտակ կլորիկներից, որոնք արջուկի տեսք ունեն։ Մոտենում եմ տղային, կոնֆետները դնում սպիտակ թաթիկների մոտ, նա լացը կտրած, զարմացած ինձ է նայում։  - Կկանգնե՞ս, ձագ ջան, հողը խոնավ է,- ասում եմ,- կանգնի, կուզե՞ս նկարեմ քեզ այ սրանով,- ցույց եմ տալիս ֆոտոխցիկը, որ միշտ հետաքրքիր է երեխաներին։ Տղան գլխով է անում՝ չհասկանալով էլ՝ էս ով է, ինչ է խոսում։ Նա ընդհանրապես չի ժպտում։  Չորսամյա Մաքսն իր ընտանիքի հետ Վայքի մշակույթի տան մոտ սպասում է, թե որտեղ է տանիք գտնելու երրորդ անգամ։ Նա մոր, քույրերի, տատի ու մյուս հարազատների հետ ժամերով ընդունման կետի բակում է, մեկ մեքենայում, մեկ՝ բակում, մեկ՝ մոր գրկին։ Նրանց ընտանիքը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է տունը Շուշիում, հիմա՝ Ստեփանակերտում։ Քույրերին՝ Անիին ու Իրային, հարցնում եմ՝ շտեղանա՞ եք, չեն ասում՝ ստեփանակերտցի, այլ երկուսով միաձայն՝ շուշվեցի։ Անին եւ Իրան Շուշվեցի քույրերը կարմիր սվիտրներով կարմիր մեքենայի մեջ սպասում են։ Խոսում են, խաղ անում, լռում, աչքերը կկոցելով նայում արեւին, կարմի՞ր է, թե՞ դեղին։ Ի տարբերություն իրենց եղբայրիկի, նրանք մի քիչ ավելի ժպտադեմ են։ Իրենց լուսանկարները տեսնելուց ավելի են ոգեւորվում՝ էդ միանգամից ցույց ա՞ տալիս։ Ինն ու տասնամյա աղջիկները Ստեփանակերտում երաժշտական դպրոց էին գնում, նրանցից մեկը կիթառ է սիում, մյուսը՝ ջութակ։ Կարոտել են իրենց ընկերներին։ Բայց չգիտեն՝ նրանցից ով է եկել, ասում են՝ կեսը՝ գնում են Երեւան, կեսը՝ Ռուսաստան։ Երբ պատերազմն սկսել է, տանը խաղալիս են եղել։  - Շատ ե՞ք վախեցել,- հարցնում եմ։  Անին Իրային է ցույց տալիս հայացքով՝ ինքը հա, ես չէ։  - Էդ ո՞նց։ Անին թոթվում է ուսերը, թե՝ եսի՞մ։ Այդ «եսիմ՝ ոնց չեմ վախեցել»-ից ես հիշեցի, որ 2020թ․ ձմռանը Մարտունիում մի փոքրիկ աղջիկ ինձ պատմում էր, որ հակառակորդը հրթիռակոծել է քաղաքը, իսկ նրա ընկերուհին ուղղում էր՝ էդ օրը Մարտունին չի հրթիռակոծվել, ռմբակոծվել է։ - Մեզ պադվալ չկա, մեր տոնը լոխ առաջին հարկ ա, մեր տոնը պադվալ ա իլալ,- պատմում է Անին, - մեր տան վրա էլ են կրակալ, պենը, էն վերջումը, թխում էր Ստեփանակերտի մեջ։ Մեր զրույցին միանում է երեխաների տատը՝ Աիդա Մկրտումյանը։ «Հա՜, Շուշիից ընք, դուրս եկալ, եկալ ընք Ստեփանակերտ․․․ Տունս-տեղս թողած․․․ Թողալ ընք, եկալ, հինչ ա՞նինք, Ստեփանակերտա տուս են արալ, հլա չգիտեմ՝ շտեղընք մնալ, սպասում ընք տեսնանք, գրանցում անեն, տեսնանք, ինչ են ասում»,- պատմում է նա։ Հարցնում եմ՝ այստեղ կյանքը ո՞նց են պատկերացնում, ո՞նց են ապրելու․ «Ի՜հ, հինչ ա՞սիմ, սա լավ կյանք չի, չէ․․․»։ Տիկին Աիդան Հետո տատիկը երեխաների ձեռքից բռնած՝ գնում է ընդունման կետի մոտ, որտեղ քաղցրավենիք են տալիս։ Վայքի մշակույթի տան մոտ այսօր էլ հարյուրավոր արցախցիներ են հավաքված․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հաշվառում են այստեղ, առաջնային կարիքների գնահատում անում, կացարան գտնում նրանց համար, տրամադրում նոր հեռախոսահամարներ։ Այստեղ նրանց հատկացվում են հիգիենայի պարագաներ ու սնունդ, ովքեր կարիք ունեն՝ նաեւ այլ իրեր, այդ թվում հագուստ են վերցնում, որոնք հավաքվել են հումանիտար օգնության տարբեր նախաձեռնությունների ու անհատների միջոցով։  Կամավորներ Ի տարբերություն տեղահանության ու ՀՀ-ում մեր հայրենակիցներին տեղավորելու առաջին օրերի՝ այսօր ընդունման կետում գործընթացն ավելի համակարգված է։ Բացի դրանից՝ հիմա հոսքն ավելի թեթեւ է․ արդեն 100 հազարից ավելի անձ ժամանել է ՀՀ։ Կամավորներ Տասնյակ կամավորներ վազքի մեջ փորձում են օգնել հերթում սպասող բոլոր մարդկանց, առաջնահերթ՝ տարեցներին ու երեխաներին։  Ընդունման կետի բակում նաեւ վրաններ են տեղադրվել, որտեղ քաղաքացիները կարող են սնվել ու հանգստանալ։ Ընդունման կետի բակում իր երեխաների հետ կանգնած է Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից տեղահանված Սոնյա Սահակյանը։ Նրա երեխաները փոքր են, ամեն մեկը մի զբաղմունք գտել է։ Սոնյան Երբ կռիվը սկսվել է, նրանց ընտանիքն էլ, սովորականի պես, տանն է եղել։ Հետո գյուղապետը հանել է գյուղից, Ստեփանակերտ են գնացել, որովհետեւ այլեւս ապահով չի եղել մնալը․ «Տուն-տեղ թողած եկել ենք, ուրիշի տանն ենք մնում, տեսնենք՝ ոնց ենք անում»,- ասում է ու աչքերը լցնում։ Ներսիկը՝ նրա որդին, տեսախցիկը տեսնում, չարաճճիություն է անում, քույրը՝ Լիլիան, եղբոր ուսի հետեւից թաքուն նայում է։ Լիլիան ու Ներսիկը Մշակույթի տան դահլիճում՝ հերթից հեռու, միայնակ նստած է մի տարեց կին։ Նրա ոտքերի առաջ մի քանի տոպրակ է դրված․ այն իրերն են, որը Սվետիկ տատը հասցրել է վերցնել իր հետ Մարտունու շրջանի Ճարտարի գյուղից դուրս գալուց։ Նրա ամուսինը մահացել է, տղան՝ զոհվել 44-օրյա պատերազմում վիրավորում ստանալուց։ Սվետիկը մեն-մենակ է։ Նա անորոշ հայացքով նայում է ուղիղ իր դիմաց, որտեղ այլ տեղահանվածներ հագուստ են ջոկում իրենց համար։  Սվետիկ տատը - Ներվերս չի հերիքում արդեն,- անհանգիստ ասում է տատը։ Նա արդեն մի քանի ժամ է՝ այդտեղ նստած է, ասել են՝ սպասի, որ հենց ավտոբուսը լինի, իրեն ճանապարհեն։ Կարմիր խաչն է հոգալու նրա տեղափոխման հարցը։ Տատը խնդրում է իրեն հեռու գյուղեր չուղարկել։ Կամավոր երիտասարդները գալիս, նրա որպիսությունն են հարցնում, նոր հեռախոսահամար բերում, նրան օգնում՝ գնալ-գրանցվել, ու փորձում տատի խնդրանքն անել՝ հեռու տեղ չուղարկել։ «Թուրքի տունը քանդվի, չվայելեք էդ տունը, ես չվայելեցի, հիմա էլ դուք չվայելեք, քոչվորի կյանք եմ վայելում օր ծերության»,- սիրտը լցնում է տատը։ Երազիս իմ տատին եմ տեսել, չէր գտնում իր հաստ շալը, հետո գտավ խոնավ, գցեց ուսերին, էլ չեմ հիշում։ Չգիտեմ՝ ինչ զուգադիպություն է, բայց Սվետիկ տատն ինչ-որ անհանգիստ շարժումներ է անում հանկարծ, տոպրակներն է բարձրացնում, ու քթի տակ ասում․ «Մի հատ մեծ, քառակուսի շալ ունեի, ուր ա, է, չեմ գտնում, ո՞ւր թողեցի։ Չհասցրի մի նորմալ բան վերցնեմ, էնքան արագ ասին՝ դուրս պիտի գաք»։ Սվետիկ տատին ասում եմ՝ գուցե գնանք իր համար էլ հագուստ նայենք, ասում է՝ թող նայեն նրանք, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն։ Երբ կամավորները նրան գալիս են օգնելու, ասում է՝ կներեք, որ ձեզ խանգարում եմ, մի բաժակ ջուր են տալիս՝ ցածրաձայն ասում է՝ «մերսի շատ, լավ մարդիկ մնացել են․․․»։ 30.09.2023Հայարփի Բաղդասարյան
16:10 - 01 հոկտեմբերի, 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն դարձյալ թիրախավորել է սփյուռքահայերին՝ արձագանքելով Կալիֆորնիայի համալսարանի միջադեպին

Թուրքիայի ԱԳՆ-ն դարձյալ թիրախավորել է սփյուռքահայերին՝ արձագանքելով Կալիֆորնիայի համալսարանի միջադեպին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցած միջադեպին։ «Մտահոգիչ է, որ մեր երկիրը և Ադրբեջանը, իսկ վերջերս Հայաստանի Կառավարությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացը թիրախավորած սփյուռքի ծայրահեղական խմբերի ատելության խոսքը բռնության է վերածվում։ Մեր պատվիրակության վրա ֆիզիկական հարձակում կատարողների դեմ կնախաձեռնենք անհրաժեշտ իրավական գործընթաց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ մոտ 50 հայ ուսանող ուրբաթ առավոտյան հավաքվել էր Անենբերգ սրահի մոտ՝ բողոքելու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի որոշման դեմ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրատ Մերջանի մասնակցությամբ միջոցառում կազմակերպելու համար: Անվտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են սրահից, ինչից հետո ուսանողները փակել են սրահի մուտքերը, և թուրք դիվանագետը չի կարողացել դուրս գալ։ Ոստիկանները ուժով հեռացրել են նրանց։
17:20 - 30 սեպտեմբերի, 2023
2 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվն ավելացել է 20-ով

2 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվն ավելացել է 20-ով

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Նրանցից հաշվառված է 82 827-ը։ Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21 062 տրանսպորտային միջոց։ Նշենք՝ ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 417 էր։ Առավոտյան շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել էր Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են։ Մեքենաները արդեն դուրս են եկել Ստեփանակերտից, շարժվում են դեպի Գորիս։ Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 34 607 քաղաքացի։ Ժամը 14։00-ի դրությամբ տեղաբաշխվածությունը ըստ մարզերի՝ հետևյալն է․ Արագածոտն՝ 1 878 Արարատ՝ 8194 Արմավիր՝ 3104 Գեղարքունիք՝ 3009 Լոռի՝ 1626 Կոտայք՝ 9490 Շիրակ՝ 1391 Սյունիք՝ 2273 Վայոց ձոր՝ 1740 Տավուշ՝ 1902
16:06 - 30 սեպտեմբերի, 2023
Հայտնի է, թե Բաքուն ինչ կեղծ մեղադրանքներ է առաջադրել Դավիթ Բաբայանին ու Լևոն Մնացականյանին

Հայտնի է, թե Բաքուն ինչ կեղծ մեղադրանքներ է առաջադրել Դավիթ Բաբայանին ու Լևոն Մնացականյանին

Ըստ Ադրբեջանի գլխավոր Դատախազության՝ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, պատրաստելու, սկսելու ու տանելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց ուսուցանելու ու պատերազմում ներգրավելու, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգային թշնակմություն սերմանելու» կետերով։ Մեղադրանքի մանրամասներում նշվում է, թե Բաբայանը «2020թ․ հոկտեմբերի 17-ին Գյանջա քաղաքի ոչ ռազմական տարածքները հրթիռակոծելու ու դրա հետևանքով քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու մեջ» է կասկածվում նաև։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը մեղադրվում է խոշտանգման մեջ, «իբր նա մի խումբ անձանց հետ 2002թ․ Ֆիզուլիում գերեվարել է ադրբեջանցիների ու խոշտանգել նրանց»։ Նա բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին Լաչինի ապօրինի անցակետում։ Բաբայանն ու Մնացականյանը դեռևս մեկուսարանում են։ Նրանց խափանման միջոցը դեռ որոշված չէ։
15:29 - 30 սեպտեմբերի, 2023
Արդյո՞ք միջազգային դիտորդները ստուգելու են՝ ինչպես են պաշտպանվում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը․ Բեգլարյան

Արդյո՞ք միջազգային դիտորդները ստուգելու են՝ ինչպես են պաշտպանվում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը․ Բեգլարյան

Արցախը գրեթե դատարկ է․ միայն մի քանի 100 մարդ է մնացել, որոնք ևս հեռանում են։ Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։ Նշենք, որ Բեգլարյանը ավելի վաղ հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի կարող հայտնել իր գտնվելու վայրը։  «Արդյո՞ք միջազգային դիտորդները գնում են ստուգելու, թե Ալիևի ցեղասպան ռեժիմը ինչպես է պաշտպանում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը։ Միջազգային ամուր երաշխիքների առկայության դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տներ»,- գրել է Բեգլարյանը»։ Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը նաև գրել էր, որ իր տեղեկություններով Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ, որոնք նույնպես պատրաստվում են մեկնել։ Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ այս շաբաթ ՄԱԿ-ի առաքելություն է մեկնելու Արցախ։ Միջազգային դիտորդական առաքելության մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը դրական է արձագանքել միջագզային դիտորդական առաքելություն ընդունելուն։ Գաղափարին աջակցել է նաև Գերմանիայի ԱԳՆ-ն։
14:51 - 30 սեպտեմբերի, 2023
1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին

1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին

Միացյալ Թագավորությունը հայտարարել էր, որ էական էական ֆինանսավորում է տրամադրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, քանի որ այն ԼՂ-ի և ավելի լայն տարածաշրջանի խոցելի մարդկանց համար ապահովում է կենսական բժշկական, առողջապահական և այլ անհրաժեշտ աջակցություն։ Այս մասին նշված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով աջակցությունը նաև ԿԽՄԿ-ի՝ վիրավորներին փոխադրելու և տեղահանված ընտանիքների հետ կապը պահելու համար է։ «Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ է առել Լեռնային Ղարաբաղի շրջանը, որի բնակչության մեծ մասը՝ էթնիկ հայերը, Ղարաբաղից մեկնել են հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետություն և բախվել սուր մարդասիրական մարտահրավերների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ասել է, որ ԼՂ-ում իրադրությունը մեծ ճնշման տակ է դրել մարդկանց խմբերին։ Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությունը ընտանիքները պաշտպանելու և ամենախոցելի մարդկանց օգնելու համար է։ «Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նախարար Դոքերթին երկու կողմերին էլ կոչ էր արել վերադառնալու երկխոսության և ապահովելու անարգել հումանիտար հասանելիությունը խոցելի մարդկանց, ինչպես նաև ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած համայնքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:37 - 30 սեպտեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ

Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ

Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկեր ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անհապաղ տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան»,- գրել է գերմանացի դիվանագետը։  Ըստ նրա՝ սա կարող է միայն սկզիբը լինել: «Մեր գործընկերների հետ միասին մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենակ չէ»,- նշել է Բերբոքը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ։ Միաժամանակ հավելենք, որ 2023թ․ սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ Արցախից 100 417 մարդ բռնի տեղահանվել է դեպի Հայաստանի Հանրապետություն։ 
13:21 - 30 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ-ից հաստատում են՝ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ից հաստատում են՝ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է Ղարաբաղի տարածաշրջան։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը՝ ՄԱԿ-ի աջակցության բարձրաստիճան պաշտոնյայի ղեկավարությամբ, այս շաբաթ կմեկնի Լեռնային Ղարաբաղ։ Սա համաշխարհային կազմակերպության առաջին այցն է 30 տարվա ընթացքում, գրում է Reuters-ը։ «Այնտեղ գտնվելու ընթացքում խումբը կձգտի հասանելիություն ունենալ իրադրությանը գետնի վրա և նույնականացնել հումանիտար խնդիրները և՛ այնտեղ մնացող, և՛ այնտեղից հեռացող մարդկանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դյուժարիկը՝ բոլորին հորդորելով հարգել միջազգային իրավունքը։ «Կենտրոնացումը կլինի մարդասիրական, ինչպես նաև որպես դրա մաս՝ պաշտպանության հարցերից»,- ասել է նա։   Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր
13:00 - 30 սեպտեմբերի, 2023
Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին

Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին

Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ նշեց, որ հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում։ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նաև Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների վերաբերյալ տվյալներ։  Նրա խոսքով ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 361 բուժառու: Մինչև այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 14 մահ։ Մեծաթիվ բուժառուների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և՛ պայթյունից, և՛ մարտական գործողությունների հետևանքով են վիրավորում ստացել։ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։ Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
12:31 - 30 սեպտեմբերի, 2023