Փաստերի ստուգում

Սպիտակ դրոշով հայերին մոտեցող ադրբեջանցիների տեսանյութը նոր չէ․ այն նկարահանվել է 2020-ի հոկտեմբերի հրադադարի ժամանակ

Սպիտակ դրոշով հայերին մոտեցող ադրբեջանցիների տեսանյութը նոր չէ․ այն նկարահանվել է 2020-ի հոկտեմբերի հրադադարի ժամանակ

Հայալեզու որոշ կայքեր տարածել են մի տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները սպիտակ դրոշով մոտենում ու հայ զինծառայողների մոտից տանում մի դիակ։ Կայքերը չեն նշել, սակայն, թե տեսանյութը երբ է նկարահանված եւ որն է դրա սկզբնաղբյուրը։ Թեեւ կայքերը չեն նշել նյութի աղբյուրը, սակայն տեսանյութի վրա երեւում է տելեգրամյան ալիքի հղում։ Տեսանյութը այս տարվա դեկտեմբերի 11-ին հրապարակվել է այս ալիքում՝ կից գրությամբ, որ այն արվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին հրադադարի ժամանակ։ Նշված է նաեւ, որ տեսանյութը Արցախի Մարտակերտի 140-րդ մարտական դիրքից է արված։ Նախքան կայքերում տարածվելը՝ տեսանյութը նույն օրն ավելի ուշ հրապարակվել է iPress-ի յութուբյան ալիքում՝ «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները պարզում սպիտակ դրոշը» վերնագրով՝ դարձյալ առանց հավելյալ մեկնաբանության եւ աղբյուրի նշման։ Տեսանյութը ավելի քան չորս հազար դիտում ունի։ Կայքերն իրենց մոտ տեղադրել են հենց iPress-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութը։ Այսինքն՝ տարածվող տեսանյութը նոր չէ, այն նկարահանվել է դեռ պատերազմի օրերին, հրապարակվել միայն հիմա։ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին՝ ռազմական գործողություններից մեկնարկից 13 օր անց էին համաձայնել հրադադար հաստատել Արցախում։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ Մոսկվայում ավելի քան տասը ժամ տեւած բանակցություններից հետո: Կողմերը համաձայնել էին հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ: Հենց այդ ժամանակ էլ, ըստ ամենայնի, ադրբեջանցիները կարողացել են վերցնել դիակը։
12:43 - 14 դեկտեմբերի, 2021
Տարածվող տեսանյութը, որտեղ սպան ծեծում և խոշտանգում է երկու զինվորների, 10 տարվա վաղեմության է

Տարածվող տեսանյութը, որտեղ սպան ծեծում և խոշտանգում է երկու զինվորների, 10 տարվա վաղեմության է

Նոյեմբերի 30-ին սոցիալական հարթակներում տարածվեց օգտատեր Ռոման Բաղդասարյանի ուղիղ եթերից հատված, որտեղ վերջինս մեղադրում է Արցախի պաշտպանության բանակին, սպաներին ու գեներալներին պատերազմի ընթացքում կատարած սպանությունների, սպանություններ կատարելու հրամաններ տալու և Մատաղիսում 200 մարդ սպանելու մեջ։  Հաջորդ օրը Արցախի դատախազությունը Ռոման Բաղդասարյանի տեսանյութին կից հաղորդագրություն, տարածեց, համաձայն որի, Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները քննության կառնվեն։ Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաև Արցախի ԱԱԾ-ն․ հաղորդագրությամբ Ռոման Բաղդասարյանին առաջարկում էին ներկայանալ Արցախի ԱԱԾ՝  պարզաբանումներ ներկայացնելու։ Սրանից 2 օր անց՝ դեկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան մի կեղծ օգտատեր տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է մի սպա ծեծում և խոշտանգում երկու զինվորների։ Կեղծ օգտատերը տեսանյութին կից գրել է, որ «սա մեծ ապացույց է Ռոման Բաղդասարյանի համար»: Կարդալով տեսանյութին կից տեքստը և մեկնաբանությունները՝ տպավորություն է ստեղծվում, թե դեպքը եղել է ոչ վաղ անցյալում և ապացուցում է Ռոման Բաղդասարյանի խոսքերը։ Նշված տեսանյութը կեղծ օգտատիրոջ էջում հավանել է 1300-ից ավելի, տարածել՝ 5600-ից ավելի օգտատեր։ Տեսանյութն, ընդհանուր առմամբ, դիտել են 137 հազարից ավելի անգամ։ Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ դարձավ, որ այն նոր չէ։ Նշված տեսանյութը հնարավոր եղավ գտնել Յութուբում, որտեղ այն վերբեռնվել է 2010 թվականի սեպտեմբերի 12-ին։  Յութուբում շրջանառվող տեսանյութը լայն հնչեղություն էր ստացել, որից հետո Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ձեռնարկվել էին համապատասխան միջոցներ տեսանյութում երևացող անձանց ինքնությունները պարզելու և բռնություն կիրառողներին պատժելու ուղղությամբ։ Օրեր անց պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ նոր մանրամասներ հրապարակեց, որտեղ նշվում էր բռնության ենթարկող սպայի անունը, և որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մայոր Սասուն Գալստյանին 2010 թվականի սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գործը մեղադրական եզրակացությամբ նույն թվականի նոյեմբերի 2-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը նույն թվականի դեկտեմբերի 9-ին Սասուն Գալստյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Այսպիսով՝ տարածվող տեսանյութը նոր կամ վերջին ժամանակների չէ, որևէ առնչություն չունի և չի կարող ապացույց լինել Ռոման Բաղդասարյանի խոսքերին, քանի որ այն 10 տարվա վաղեմության է, իսկ տեսանյութում բռնություն գործադրող սպան դատապարտվել է կատարած արարքի համար։ Նարեկ Մարտիրոսյան
17:50 - 10 դեկտեմբերի, 2021
Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները

Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները

Նոյեմբերի 14-ին սոցիալական հարթակներում սկսեցին շրջանառվել տեղեկություններ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվում էր Սիսիանի, Նախիջևանի և Ջերմուկի հատվածներում իրավիճակի սրման մասին։  Այս տեղեկություններից որոշ ժամանակ անց Պաշտպանության նախարարությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի՝ այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայ դիրքապահները կանխել էին այդ տարածքում հակառակորդի դիրքավորվելու փորձերը։ Նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտնվեցին տեսանյութեր՝ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների՝ հայկական տարածք ներխուժման և հայկական դիրքերին մոտենալու վերաբերյալ։ Infocom-ը տեղորոշել է տարածված տեսանյութերը և ամբողջացրել վերջին օրերի դեպքերի հաջորդականությունն ու մարտերին զուգահեռ արված հայտարարությունները։ Որտեղ են ընթացել մարտերը և որ դիրքերից են տեսանյութեր հրապարակել ադրբեջանական աղբյուրները Նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները մոտենում էին հայկական դիրքերին։ Այս  տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ներխուժել էր հայկական տարածք և սկզբում մոտեցել հայկական առաջին դիրքին։Ստորև ներկայացված լուսանկարում դեղինով պատկերված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծը՝ ըստ Google Earth-ի, կարմիրով պատկերված է այն ճանապարհը, որով ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները մոտեցել են Հայաստանի պետական սահմանից ներս ընկած հայկական դիրքին։ Լուսանկարներից առաջինը հայկական դիրքից հարավ-արևելք ընկած բլուրն է՝ Google Earth արբանյակային լուսանկարով, իսկ երկրորդ լուսանկարում նույն բլուրն է, որը երևում է ադրբեջանական տեսանյութում։ Այս լուսանկարի բլուրը հայկական դիրքի հյուսիս-արևմուտքում է։ Առաջին լուսանկարը վերցված է Google Earth-ից, իսկ երկրորդը՝ ադրբեջանական տեսանյութից։  Սույն տեսանյութում, առաջին դիրքից բացի, երևում է նաև հաջորդ հայկական դիրքը, որտեղից ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները տեսանյութ չեն հրապարակել, սակայն տեսանյութ է հրապարակվել դրան հաջորդող երրորդ հայկական դիրքից։ Այսինքն՝ ադրբեջանական խմբավորումները եղել են նաև երկրորդ դիրքում և անցել են այնտեղով։ Ստորև կարող եք տեսնել ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների առաջխաղացումը, որի վերլուծությունը հիմնված է հրապարակված ադրբեջանական տեսանյութերի վրա։ Իսկ ներքևում կարող եք տեսնել տեսանյութի այն լուսանկարը, որտեղ երևում է վերոնշյալ հայկական դիրքը։ Հայկական այս դիրքը ՀՀ պետական սահմանից 280 մետր խորության վրա է։ Նոյեմբերի 14-ին ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտված հաջորդ տեսանյութը դարձյալ Հայաստանի տարածքում է՝ սահմանագծից շուրջ 1,5 կմ հեռավորության վրա։ Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ադրբեջանցիների նկարահանած տեսանյութը ստորև ցուցադրվող հայկական դիրքից է։   Ինչպես նշեցինք, այս մարտական դիրքը ՀՀ պետական սահմանից 1,5 կմ խորության վրա է։ Ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները ենթադրաբար այս դիրք են հասել ստորև ներկայացվող ճանապարհով։     Քանի որ գլխավոր դատախազի խորհրդականը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքի՝  ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու առթիվ հարուցվել է քրեական գործ, ապա հավանականություն կա, որ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները եղել է նաև ստորև բերվող հայկական դիրքում, որը պետական սահմանից շուրջ 2 կմ հեռավորության վրա է։ Լուսանկարում կարմիրով պատկերված է ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների՝ նշված հայկական դիրքին մոտենալու հավանական ճանապարհը, իսկ դեղինով՝ պետական սահմանագծից հեռավորությունը։  Նոյեմբերի 15-ին Անվտանգության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, թե Ադրբեջանի ներխուժման հետևանքով 4 դիրք հայտվել է շրջափակման մեջ։ Բանակցությունների հետո Ադրբեջանի զինտեխնիկան և զորքը դուրս էին բերվել ՀՀ տարածքից, իսկ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս էին եկել այդ դիրքերից։ Այսինքն՝ ստացվում է, որ ըստ հայտարարության՝ վերոնշյալ չորս դիրքերում բանակցություններից հետո չեն եղել ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայկական զինված ստորաբաժանումներ։ Նոյեմբերի 16-ին վերսկսվեցին մարտական գործողությունները։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ իրադրությունը շարունակում էր լարված մնալ, որոշ դեպքերում՝ նույնիսկ ծայրահեղ լարված։ Ավելի ուշ հաղորդվեց, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչպես նաև 2 մարտական դիրքի կորուստ։ Հաշվի առնելով նոյեմբերի 14-ի տեսանյութերի վերլուծությունից ստացված պատկերը՝ կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմը վերահսկողություն էր հաստատել  հայկական առաջին երկու դիրքերի նկատմամբ։     Ավելի ուշ «Զինուժը» հրապարակեց հակառակորդի զրահատեխնիկայի խոցման երկու տեսանյութ [1,2]։ Այս տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ հակառակորդի զրահատեխնիկան խոցվել է Հայաստանի պետական սահմանի ներսում, այսինքն՝ հակառակորդը զրահատեխնիկայով հատել է Հայաստանի սահմանը։ Տեսանյութերից առաջինում ադրբեջանական զրահատեխնիկան խոցվել է ՀՀ պետական սահմանից ներս՝ շուրջ 550 մետր խորության վրա։   Երկրորդ տեսանյութում երևում է խոցված 3 զրահատեխնիկա։ Տեսանյութի խոցված զրահատեխնիկաներից առաջինը նախորդ տեսանյութում խոցված զրահատեխնիկայի կողքին է։ Հաջորդ կադրում երևում է նույն խոցված զրահատեխնիկան՝ խոշոր պլանով։ Այս դեպքում զրահատեխնիկայի հետևում նշմարվում է բլրի քարքարոտ հատվածի ստորին մասը, ինչից էլ կարող ենք հասկանալ, որ տեխնիկան խոցվել է հենց այդ վայրում։   Մյուս երկու զրահատեխնիկաները խոցվել են ՀՀ սահմանից շուրջ 400 և 450 մետր խորությունների վրա։ Ըստ տեսանյութերի վերլուծության՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական 4 զրահատեխնիկա։ Խոցված տեխնիկաների տեղադիրքը կարող եք տեսնել ստորև ներկայացվող քարտեզում, որտեղ դեղինով նշված է հայ-ադրբեջանական սահմանը (ըստ Google Earth-ի), իսկ կարմիրով՝ խոցված զրահատեխնիկաները։ Նոյեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական և հայկական մեդիայում հայտնվեց խոցված զրահատեխնիկայի երկու տեսանյութ։ Այս տեսանյութերում նույն զրահատեխնիկան էր, ինչի մասին արդեն խոսեցինք։ Տեսանյութերից մեկում նկարողը խոսում է ադրբեջաներեն, իսկ մյուսում՝ հայերեն, այսինքն՝ այս տեղանքում ինչ-որ պահի եղել են ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները, մեկ այլ պահի՝ հայկական։ Սակայն հայտնի չէ, թե այս պահին ում վերահսկողության տակ է նշված տարածքը, որը ՀՀ պետական սահմանից ներս է։ Ստորև ներկայացվող լուսանկարներից ձախում ադրբեջանական տեսանյութից հատված է, որտեղ երևում են խոցված երկու տեխնիկաները, իսկ աջում լուսանկար է Google Earth-ից, որտեղ նշված են խոցված տեխնիկաների տեղադիրքերը։ Պատկերը հնարավոր է նույնականացնել դիմացի բլրով։   Ստորև մեկ այլ լուսանկար է, որտեղ երևում է ադրբեջանական ռազմական խոցված մեքենան, որը հնարավոր է նույնականացնել մեքենայի հետևում երևացող բլրով։   Այսպիսով՝ եթե ամփոփենք վերջին օրերին ստացված պաշտոնական հաղորդագրությունները և հրապարակված տեսանյութերը, կարող ենք մոտավոր պատկերացում կազմել, թե որ հատվածներում են ընթացել մարտերը։ Ստորև ներկայացվող քարտեզում նշված է հենց այդ հատվածը։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե այս պահին ում վերահսկողության տակ է ՀՀ պետական սահմանների ներսում գտնվող նշված տարածքը։ Նարեկ Մարտիրոսյան
17:12 - 20 նոյեմբերի, 2021
Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Սոցցանցերում և սունկ կայքերում երբեմն կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ նշվում է, թե մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել վիտամիններով հարուստ սնունդ կամ դեղահաբերով վիտամիններ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Չնայած որոշ վիտամինների ընդունումն ունի հակաբորբոքային, իմունիտետը խթանող ազդեցություն, չկան բավարար տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները կարող են կանխել կորոնավիրուսով վարակվելը կամ էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսային հիվանդության ընթացի վրա։ Իսկ առանց բժշկի թույլտվության դեղահաբերով վիտամիններ ընդունել չի կարելի, քանի որ որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այժմ պատասխանենք մի քանի կարևոր հարցերի․ ինչե՞ր են վիտամինները, ի՞նչ գործառույթներ են կատարում օրգանիզմում, ինչպե՞ս ենք մենք ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինները, ըստ գիտական հետազոտությունների՝ ինչպե՞ս են վիտամիններն ազդում կորոնավիրուսային հիվանդության վրա, ինչո՞ւ չի կարելի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։   Ինչե՞ր են վիտամինները Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնք առկա են բուսական և կենդանական սննդի մեջ։ Մենք որոշ վիտամիններ ստանում ենք սննդից, որոշ վիտամիններ էլ արտադրում է մեր օրագնիզմը։ Վիտամիններն անհրաժեշտ են մեր օրգանիզմին աճելու և զարգանալու համար․ յուրաքանչյուր վիտամին օրգանիզմում որոշակի գործառույթ ունի, և վիտամինների պակասը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Վիտամին C-ն, օրինակ, մեծ դեր ունի իմունային համակարգի գործունեության և կարգավորման հարցում, այս վիտամինի պակասն ասոցացվում է շնչառական վարակների և թոքաբորբի հանդեպ ընկալունակության բարձրացման հետ։ Վիտամին D-ն էլ օգնում է իմունային համակարգին տարբեր եղանակներով, այդ թվում՝ պաշտպանելով վիրուսներից և նվազեցնելով սուր շնչառական վարակների ռիսկը։ Բավականաչափ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը հավասարակշռված սննդակարգն է, որը ներառում է տարբեր սննդատեսակներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում վիտամինների պակասը լրացնել դեղահաբերի միջոցով, բայց նման դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ  որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են խնդիրներ առաջացնել։   Վիտամինները և կորոնավիրուսը Գիտական տարբեր հետազոտություններ են իրականացվել և շարունակում են իրականացվել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում վիտամինների որոշ տեսակներ կարող են արդյունավետ լինել։ Հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն։ Օրինակ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ COVID-ով հիվանդների կլինիկական վիճակը բարելավվել է վիտամին C-ի ընդունման դեպքում։ Կան նաև հետազոտություններ, ըստ որոնց՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների մոտ այս վիտամինն ընդունելը դրական արդյունքներ չի ունեցել։ Նույնը վերաբերում է վիտամին D-ին։ Եթե մի հետազոտության դեպքում D վիտամինի պակաս ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է եղել, ապա կան հետազոտություններ, որոնց արդյունքներով D վիտամինը որևէ ազդեցություն չի ունեցել վարակումը կանխելու հարցում։ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նշում է, որ հետազոտությունների արդյունքում առավել դրական ազդեցություն դրսևորել է վիտամին D-ն, որն առաջին, երկրորդ մակարդակի ապացուցողական հիմք ունի՝ մեղմելու հիվանդության ընթացքը, նվազեցնելու թթվածնային կախվածությունը և ավելի բարվոք ելքի բերելու։ Սակայն, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ դեռևս շարունակական ապացուցողական տվյալներ են անհրաժեշտ, որպեսզի այս վիտամինը մտցվի բուժական ընթացակարգի մեջ՝ որպես խթանող, բուժմանն օժանդակող միջոց։  «C վիտամինը սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ որպես օգնող, օժանդակող միջոց, խորհուրդ տվում է կիրառել, բայց վիտամինն օժանդակ միջոց է և որևէ առանցքային նշանակություն չունի։ Ճչացող վերնագրեր դնել, որ դա համար մեկ թշնամին է, շատ սխալ է։ Եթե մենք այսօր ունենք կորոնավիրուսի իրական համար մեկ թշնամին՝ պատվաստումը, հիմնվել հանրամատչելի, ոչ գիտական տվյալների վրա, ասել՝ նուռ կերեք, կիվի կերեք և դրանով կկանխեք COVID-ը, գիտական որևէ հիմք չունի»,- նշում է նա։ Մերի Տեր-Ստեփանյանը խորհուրդ չի տալիս առանց բժշկի խորհրդի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու կամ կորոնավիրուսային հիվանդության ընթացքը թեթևացնելու նպատակով։ «Ցանկալի է վիտամիններն ընդունել հենց սննդի միջոցով, դեղահաբերի տեսքով սննդային հավելումներից, լրացուցիչ վիտամիններից և հանքային նյութերից հնարավորինս խուսափել առանց բժշկի խորհրդի, որովհետև դրանք կարող են ունենալ նաև հակառակ ազդեցությունը։ Վիտամին C-ն որոշ դեպքերում կարող է ալերգիկ պրոցեսներ խթանել, դրա ավելցուկ քանակները կարող են բերել փորլուծության, սրտխառնոցի, փսխման, որոշ տվյալների համաձայն՝ բջիջների ատիպիկ զարգացման և գերաճի: Այնպես որ, վիտամիններին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Եկեք հիմնվենք բժշկի խորհրդի վրա և վիտամինների հիմքը ստանանք սննդի միջոցով, ոչ թե դեղահաբերի»,- ասում է մասնագետը։ Մերի Տեր-Ստեփանյանը հավելում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու արդյունավետ միջոցը առաջին հերթին պատվաստումն է, իսկ հետո՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում և այլն։ Ամփոփելով՝ նշենք․ վիտամինները մեր օրգանիզմի համար կարևոր նյութեր են, որոշ վիտամիններ ունեն հակաբորբոքային նշանակություն և պաշտպանում են սուր շնչառական վարակներից, օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգն է․ դեղահաբերով վիտամիններ կարելի է ստանալ միայն բժշկի ցուցումով, քանի որ մեծ չափաբաժինները կարող են խնդիրներ առաջացնել, կորոնավիրուսային հիվանդության վրա վիտամինների ունեցած ազդեցության վերաբերյալ կան հետազոտություններ, սակայն դրանց արդյունքները միանշանակ չեն․ չկան հստակ տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները դրական ազդեցություն ունեն կորոնավիրուսային հիվանդության ընթացքի վրա կամ կարող են կանխել վարակումը։ Գլխավոր լուսանկարը՝ Nature-իԱննա Սահակյան
17:52 - 19 նոյեմբերի, 2021
ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

Նոյեմբերի 1-ին oragir.news լրատվական կայքը «Կառավարությունը շարունակում է «խաղաղության» օրակարգը․ պատերազմին մասնակցած ուսանողների վարձն այլևս չի զեղչվում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, հղվելով ԵՊՀ իր աղբյուրներին, հայտնում էր, որ այս ուսումնական տարվա սկզբից  ԵՊՀ-ն հրաժարվում է 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչել, և ուսման վարձը չզեղջելու որոշումը կայացրել է կառավարությունը, սակայն այն դեռևս թղթային ձևակերպում չունի։ Նշված լուրի իսկությունը ստուգելու համար հարցումով դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև կապ հաստատեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ անցյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 44-օրյա պատերազմի մասնակից 4200 ուսանող ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում։ Սա եղել է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ։ Նախարարության պատասխանի համաձայն՝ ամռանը զորացրված 1200 ուսանող նույնպես կստանա այդ փոխհատուցումը, և գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ դեռ կան ուսանողներ, որոնք չեն զորացրվել։ Բացի տրամադրված փոխհատուցումից՝ փոփոխություններ են կատարվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» օրենքում, և ավելացվել է ուսման զեղչ ստացող ուսանողների շրջանակը, մասնավորապես՝ «մարտական գործողությունների մասնակից ուսանողներին լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հատվածը։ Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում։ Գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկանալ նաև, թե արդյոք ուսման վարձի փոխհատուցման խնդիրներ առաջացել են, և արդյոք շարունակվելու են պատերազմական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումները։ Համաձայն նախարարության պատասխանի՝ բուհերում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման որոշակի խնդիրներ առաջացել են։ Դրանք վերաբերել են ուսումնական տարվա սկզբում ուսանողների հրամանագրմանը և բուհի հետ պայմանագրեր կնքելուն, որի համար ուսանողները պետք է որոշակի վճարումներ կատարեին։ Ինչ վերաբերում է այս ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրելուն՝ պատասխանում նշված է, որ նախարարությունն արդեն սկսել է բուհերի ներկայացրած տվյալների ամփոփումը, որոնց հիման վրա էլ ուսանողները պետք է ստանան ուսման վարձի համապատասխան ֆինանսական փոխհատուցում։ Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ ենք հաստատել նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերը, թե ԵՊՀ-ն հրաժարվում է ուսման վարձերը զեղչել, իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգորյանի խոսքով ԵՊՀ-ում բնականոն հավաքագրվում են ուսանողների փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն նախարարություն, որից հետո նախարարությունը պետք է ուսումնասիրի և պահանջներին համապատասխանելու դեպքում կատարի ուսանողների վարձի փոխհատուցումը (Ազնիվ Գրիգորյանի հետ զրուցել ենք նոյեմբերի 1-ին)։ «Մենք քննում ենք յուրաքանչյուր ներկայացված դիմում, լինում են, որ դիմումները թերի են լինում, այդ դեպքում էլ ուսանողները մերժում չեն ստանում, մենք ուղղորդում ենք նրանց և ժամանակ տրամադրում, որ փաստաթղթերը կարգի բերեն և նորից ներկայացնեն։ ԵՊՀ անունից տեղեկացնեմ, որ ուսանողները  մտավախություն չպետք է ունենան, որովհետև երբ վարձավճարի փոխհատուցման որոշումը կայացվի, եթե անգամ վարձավճարի մի մասը ուսանողները վճարած լինեն, ավել վճարված գումարները կվերադարձվեն»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը։ Այսպիսով՝ տարածվող տեղեկությունները, թե ԵՊՀ-ն և կառավարությունը հրաժարվում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների փոխհատուցում տրամադրելուց, ճիշտ չէ, քանի որ ԵՊՀ-ում դիմումների հավաքագրումն իրականացվում է բնականոն, իսկ նախարարությունը պատրաստակամ է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձերը։ Նարեկ Մարտիրոսյան
17:03 - 13 նոյեմբերի, 2021
Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Եվրախորհրդարանում պատվաստումներից տուժածների ֆոնդ ստեղծելու առաջարկի մասին լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Նոյեմբերի 2-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, որ COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով Եվրախորհրդարանի անդամ երկրներում տուժածների համար առաջարկվել է ստեղծել փոխհատուցման ֆոնդ։ Գրառման մեջ նշված են չորս պատվաստանյութերի՝ «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» կողմնակի հետևանքների ու մահվան դեպքերի վերաբերյալ թվեր, ինչպես նաև կցված է Եվրախորհրդարանի կայքում ֆոնդ ստեղծելու առաջարկի հղումը։ Տեղեկությունը հրապարակվել է analitik.am կայքում՝ «Կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել են ավելի քան 5000 մարդ. Եվրապառլամենտ» վերնագրով։   Եվրախորհրդարանում ֆոնդ ստեղծելու առաջարկի հետքերով Առաջին հայացքից թվում է, թե գրառման մեջ ամեն ինչ ճիշտ է․ Եվրախորհրդարանի կայքում իրոք նշված են նույն թվերն ու առաջարկը, և հղում է արվում Դեղերի եվրոպական գործակալությանը, որի կայքում պատվաստանյութերի կողմնակի հետևանքների վերաբերյալ թվային տվյալներ, իրոք, առկա են։ Սակայն իրականում պատվաստումների կողմնակի հետևանքների ու մահերի թվերը մանիպուլյատիվ են ներկայացվում։ COVID-19-ի դեմ պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ ստեղծելու մասին բանաձև ընդունելու առաջարկն արել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոնը (Virginie Joron)։ Այն, որ Ժորոնն առաջարկել է այդպիսի ֆոնդ ստեղծել, չի նշանակում, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևը։ Երբ Եվրախորհրդարանի պատգամավորը որևէ բանաձև ընդունելու առաջարկ է անում, այն մի քանի փուլ է անցնում և կարող է ընդունվել միայն քվեարկության դրվելուց հետո։ Եթե փնտրենք Եվրախորհրդարանի կայքում, կտեսնենք, որ այդպիսի ֆոնդ ստեղծելու մասին որևէ բանաձև չի ընդունվել։ Բացի այդ՝ պատվաստումից հետո գրանցված կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացված են համատեքստից կտրված՝ առանց նշելու մի քանի կարևոր կետեր․ Եվրամիության երկրներում որքա՞ն մարդ է պատվաստվել, և պատվաստվածների քանի՞ տոկոսի մոտ են առաջացել կողմնակի հետևանքներ, կամ գրանցվել է մահ։ Որքա՞ն մարդ է ԵՄ երկրներում մահացել հենց կորոնավիրուսային հիվանդությունից, և որքանո՞վ են պատվաստանյութերը նվազեցնում կորոնավիրուսից մահանալու հավանականությունը։ Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ եթե պատվաստվելուց հետո հաղորդվել է կողմնակի հետևանքի կամ մահվան մասին, պարտադիր չէ, որ դա կապ ունենա հենց պատվաստանյութերի հետ։   Պատվաստվելուց հետո կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ տվյալներ Ինչ վերաբերում է կողմնակի հետևանքների և մահերի վերաբերյալ թվերին, ապա Ժորոն առաջարկը ներկայացրել է 2021-ի սեպտեմբերի 23-ին և նշել է այդ պահի դրությամբ առկա տվյալները։ Մենք կներկայացնենք Դեղերի եվրոպական գործակալության վերջին տվյալները։ Այսպես, Դեղերի եվրոպական գործակալության «EudraVigilance» համակարգի նպատակն է Եվրոպական տնտեսական տարածքում թույլատրված դեղերի կասկածելի անբարենպաստ ռեակցիաների (adverse reactions) մասին տեղեկությունների վերլուծությունը։ Այս համակարգի միոցով նշված տարածքի երկրների բնակիչները որևէ դեղամիջոց կամ պատվաստանյութ ստանալուց հետո կարող են հաղորդել կասկածելի հետևանքների մասին։  Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ պատվաստումներին հետևած առողջական խնդիրները պարտադիր չպետք է կապված լինեն պատվաստանյութերի հետ․ դրանք կարող են կապված լինել այլ հիվանդության կամ նույն ժամանակահատվածում ընդունած այլ դեղամիջոցի հետ։ Գործակալությունը պարբերաբար թարմացնում է Եվրոպական տնտեսական տարածքում օգտագործվող պատվաստանյութերի՝  «Պֆայզերի», «Մոդեռնայի», «Աստրա-Զենեկայի», «Ջոնսոն և Ջոնսոնի» մասին տվյալները։ Բացի կողմնակի հետևանքների մասին տվյալներից՝ գործակալությունը նաև անհատական դեպքերի մասին տվյալներ է ներկայացնում։ Կողմնակի հետևանքների և անհատական դեպքերի մասին տվյալները կարող են չհամընկնել, քանի որ յուրաքանչյուր անհատական դեպք վերաբերում է կոնկրետ մեկ պացիենտի, և մի քանի կողմնակի հետևանքներ կարող են ներառվել մի անհատական բողոքի մեջ։ Դեղերի եվրոպական գործակալությունը նշում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հայտնի կողմնակի հետևանքների ճնշող մեծամասնությունը թեթև է և կարճատև․ առողջական լուրջ խնդիրները խիստ հազվադեպ են։ Այսպիսով, անհատական դեպքերի մասին վերջին թարմացումը գործակալությունն արել է նոյեմբերի 6-ին։ «Պֆայզերի» դեպքում անհատական դեպքերի թիվը 549 762  է, «Մոդեռնայի» դեպքում՝ 152 101, «Աստրա-Զենեկայի» դեպքում՝ 406 132, «Ջոնսոն և Ջոնսոնի» դեպքում՝ 36 166։ Հիշեցնենք՝ այս թվերն ավելի մեծ են, քան Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորի նշած թվերը, քանի որ նա առաջարկը ներկայացրել է սեպտեմբերին։ Համաձայն Եվրոպայի՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախորդ շաբաթվա տվյալների (վերցվել են նախորդ շաբաթվա տվյալները, քանի որ անհատական դեպքերի մասին տվյալները վերջին անգամ թարմացվել են նոյեմբերի 6-ին)՝ Եվրոպայի տնտեսական տարածքում ամբողջովին պատվաստվել է 293 341 966 մարդ, իսկ միայն մեկ դեղաչափ ստացել է 297 423 576, այսինքն՝ պատվաստվել է, ընդհանուր առմամբ, 590 765 542 մարդ (ներառված չեն պատվաստանյութերի լրացուցիչ և չդասակարգված դեղաչափերը)։ Եթե գումարենք վերը նշված պատվաստանյութերից հետո «EudraVigilance» համակարգի միջոցով գրանցված անհատական դեպքերը, կստացվի 1 144 161 դեպք, ինչը պատվաստված մարդկանց  ~0,19%-ն է։  Ֆրանսիացի պատգամավորն իր առաջարկում խոսում է նաև պատվաստանյութերից հետո գրանցված մահերի մասին։ Այս տվյալները ևս նա վերցրել է Դեղերի եվրոպական գործակալության կայքից։  Ինչպես արդեն նշեցինք, բացի անհատական դեպքերի մասին հաղորդումներից՝ գործակալությունը յուրաքանչյուր պատվաստանյութի համար ներկայացնում է կողմնակի հետևանքների և գրանցված մահերի մասին տվյալներ՝ շեշտելով․ «Այն փաստը, որ որևէ մեկն առողջական խնդիր է ունեցել կամ մահացել է պատվաստվելուց հետո, պարտադիր չի նշանակում, որ դա եղել է պատվաստանյութի պատճառով։ Պատճառը կարող էին լինել պատվաստանյութի հետ կապ չունեցող առողջական խնդիրները»։  Մենք ներկայացնում ենք գործակալության ամենաթարմ տվյալները, այդ պատճառով պատգամավորի առաջարկում մահվան դեպքերն ավելի քիչ են։ Այսպիսով, ըստ թարմացված վերջին տվյալների՝ մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է «Պֆայզերի» հնարավոր կասկածելի հետևանքների 361 767 դեպքի մասին, որից 5113-ը՝ մահվան ելքով։ Գործակալությունը նշում է, որ նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Պֆայզերի» ավելի քան 420 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 210 մլն մարդ, և մահ գրանցվել է պատվաստված մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։ «Մոդեռնա» ստացածների շրջանում մինչև սեպտեմբերի 30-ը հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 80 486 դեպքի մասին, որից 495-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Մոդեռնայի» ավելի քան 59.8 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 29,9 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է պատվաստանյութը ստացած մարդկանց առավելագույնը ~0,002%-ի մոտ։ Մինչև սեպտեմբերի 30-ը «Աստրա-Զենեկայով» պատվաստված մարդկանց շրջանում հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 199 999 դեպքի մասին, որից 1211-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են «Աստրա-Զենեկայի» ավելի քան 68.7 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 34․35 մլն մարդ, և մահվան դեպք գրանցվել է «Աստրա-Զենեկա» ստացած մարդկանց առավելագույնը ~0,004%-ի մոտ։ Մինչև սեպտեմբերի 30-ը «Ջոնսոն և Ջոնսոնի» պատաստանյութը ստացած մարդկանց մոտ հաղորդվել է հնարավոր կողմնակի հետևանքների 23 455 դեպքի մասին, որից 171-ը՝ մահվան ելքով։ Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տնտեսական տարածքում մարդիկ ստացել են նշված պատվաստանյութի ավելի քան 14.3 մլն դեղաչափ, այսինքն՝ պատվաստանյութը ստացել է առնվազն 7․15 մլն մարդ, և մահվան դեպք արձանագրվել է պատվաստանյութ ստացած մարդկանց առավելագույնը 0,002%-ի մոտ։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե որքան մարդ է մահանում հենց կորոնավիրուսից։ Եվրոպայում առ այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 67 527 367 դեպք, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1 345 578 մարդ, այսինքն՝ վարակվածների ~1,99%-ը (ներկայացված են նոյեմբերի 12-ի՝ ժամը 17։55-ի տվյալները)։  Ֆրանսիացի պատգամավոր Վիրջինի Ժորոն իր առաջարկում նաև նշել է, որ «Պֆայզեր» պատվաստանյութը ստանալուց հետո 75 000 մարդու մոտ առաջացել են նյարդաբանական լուրջ խնդիրներ։ Նյարդաբանական խնդիրներ են համարվում անոթային խանգարումները, Ֆունկցիոնալ խանգարումները (օրինակ՝ գլխացավ, էպիլեպսիա) և այլն: Դեղերի եվրոպական գործակալության ներկայացրած վերջին տվյալներով՝ «Պֆայզեր» ստացած մարդկանց շրջանում նյարդաբանական լուրջ խնդիրների մասին հաղորդումների թիվը 85 948 է։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա դրությամբ Եվրոպայի տնտեսական տարածքում պատվաստվել է 590 765 542 մարդ, այսինքն՝ նյարդաբանական լուրջ խնդիրներ առաջացել են պատվաստված մարդկանց 0,01%-ի մոտ։ Հոկտեմբերի 25-ին «Nature» գիտական գրախոսվող ամսագրում հրապարակված հետազոտություններից մեկում ուսումնասիրվել են «Աստրա-Զենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերից, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությունից հետո նյարդաբանական բարդությունների դեպքերը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած պատվաստվելուց հետո նյարդաբանական բարդությունների ռիսկ կա, այդ ռիսկն ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո։   Պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ քիչ է COVID-19-ից մահանալու հավանականությունը Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ երկրում չպատվաստված մարդկանց մոտ շատ ավելի մեծ է կորոնավիրուսով վարակվելու և մահանալու հավանականությունը, քան պատվաստվածների մոտ։ Օգոստոսին ԱՄՆ-ում չպատվաստված մարդկանց մոտ վարակվելու ռիսկը 6,1 անգամ ավելի մեծ է եղել, քան պատվաստվածների մոտ, իսկ մահանալու ռիսկը չպատվաստված մարդկանց մոտ 11,3 անգամ է ավելի մեծ եղել։  «The Lancet» գիտական ամսագրում հոկտեմբերի 28-ին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել են Շոտլանդիայում «Պֆայզերով» և «Աստրա-Զենեկայով» պատվաստվելուց հետո COVID-19-ից մահվան դեպքերը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 65-79 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 64,8 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 4,2։ 80+ տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 420,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 14,0։ 18-64 տարեկանների շրջանում մահացության մակարդակը չպատվաստվածների դեպքում 10000 հոգուց 3,1 է, ամբողջովին պատվաստվածների դեպքում՝ 0,8։  Հոդվածում նշվում է, որ COVID-19-ից մահանալու դեպքերը և՛ «Պֆայզերով», և՛ «Աստրա-Զենեկայով» պատվաստված լինելու դեպքում խիստ հազվադեպ են։ Երկու դեղաչափ ստացած և կորոնավիրուսից մահացած մարդկանց մեծ մասը եղել է 75 տարեկանից բարձր և ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ։ Ամփոփելով նշենք․ Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն առաջարկել է ստեղծել պատվաստման հետևանքով տուժածների համար փոխհատուցման ֆոնդ, սակայն նման բանաձև չի ընդունվել։ Analitik.am-ի վերնագիրը մանիպուլյատիվ է․ Եվրախորհրդարանը չի հայտարարել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է ավելի քան 5000 մարդ։ COVID-19-ի դեմ պատվաստումների կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները ներկայացնելիս կարևոր է նշել, որ եթե պատվաստվելուց հետո առաջացել են առողջական խնդիրներ, կամ գրանցվել է մահ, պարտադիր չէ, որ պատճառը հենց պատվաստանյութերը լինեն։ Կողմնակի հետևանքների և մահերի մասին տվյալները պետք է ներկայացվեն ճիշտ համատեքստում՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու հանավանականությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է։ Տարբեր երկրների տվյալները ցույց են տալիս, որ պատվաստված մարդկանց մոտ մի քանի անգամ ավելի քիչ է կորոնավիրուսից մահանալու հավանականությունը, քան չպատվաստվածների: Գլխավոր լուսանկարը՝ «The New York Times»-ից Աննա Սահակյան
21:23 - 12 նոյեմբերի, 2021
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության «առեղծվածը»

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության «առեղծվածը»

Հոկտեմբերի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի լրատվական կայքը «Բաքվում ԱՄՆ դեսպանը «Զանգեզուրի միջանցքը» պատկերացնում է որպես «տարածաշրջանային համագործակցության միջանցք»» վերտառությամբ նյութ էր հրապարակել՝ հղվելով «Ապա» լրատվական գործակալության հրապարակմանը։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ դեսպանը, մեկնաբանելով «զանգեզուրյան միջանցքի բացման» հարցը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։ Ֆեյսբուքյան իր էջում նշված հրապարակմանն արձագանքեց ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը։ Վերջինս հրապարակել է երկու լուսանկար, որոնցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի նյութն է, իսկ մյուսը, ըստ նրա, հավանաբար նյութի բնօրինակը, որտեղ չի եղել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Հրապարակման հեղինակը նշում է, որ «Ազատություն» ռադիոկայանը տարածում է ադրբեջանական պրոպագանդան և չի ճշտում նյութի իսկությունը։ Հրապարակման հեղինակի տեղադրած լուսանկարում ադրբեջանական «Report» լրատվական գործակալության լուրն է, համաձայն որի, դեսպանն ասել է, թե ԱՄՆ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի հաստատմամբ։ «Դա վերաբերում է ցամաքային, երկաթուղային և օդային տրանսպորտին։ Մենք աջակցում ենք քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսական զարգացմանը»,- նշել է դեսպանը և հավելել․ «Միացյալ նահանգները շարունակում է բանակցել կողմերի հետ այս քայլերի զարգացմանը նպաստելու համար»։ Այս լուրը նույնպես հոկտեմբերի 28-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր՝ հղվելով «Թուրան» լրատվական գործակալությանը։ Ի՞նչ է ասել ԱՄՆ դեսպանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը հոկտեմբերի 27-ին այցելել է Գյանջա՝ հանդիպելու քաղաքային իշխանությունների հետ, ելույթ ունենալու USAID-ի միջոցառմանը և ավելին իմանալու Գյանջայի մշակույթի և պատմության մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգից։ ԱՄՆ դեսպանի՝ Գյանջա կատարած այցից տեսանյութեր չկան․ միայն ադրբեջանական լրատվական կայքերում առկա հրապարակումներն են և դեսպանատան թվիթերյան միկրոբլոգի թվիթները։  Համաձայն «Ապա» գործակալության հրապարակման՝ դեսպանն ասել է․ «Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային համագործակցության միջանցքներից՝ մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի հաստատման հարցով․ դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ»։ Իսկ ըստ «Report» գործակալության հրապարակման՝ դեսպանը նշել է․ «Միացյալ նահանգները շատ հետաքրքրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի կառուցմամբ։ Դա վերաբերում է ցամաքային, երկաթուղային և օդային տրանսպորտին։ Մենք աջակցում ենք քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսական զարգացմանը»։ Երկու հոդվածների վերջում էլ մեջբերվում է դեսպանի ուղղակի խոսքից հատված, համաձայն որի, Միացյալ նահանգները  շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ երկու հոդվածներն էլ վերաբերում են դեսպանի այն խոսքերին, որոնք նա ասել է Գյանջա կատարած այցի շրջանակներում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ ————————————————————————————————————————— Եթե դիտարկենք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն ըստ ժամանակագրության, ապա սկզբում հրապարակվել է «Ապա» գործակալության լուրը, որից մոտ 20 րոպե հետո հրապարակվել է «Report» գործակալության լուրը։   Այնուամենայնիվ՝ ԱՄՆ դեսպանն իր խոսքում չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։ Համաձայն «Ապա» գործակալության հրապարակման՝ դեսպանը պատասխանել է «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցին։ Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի լուրի սկզբնաղբյուրին, այն «Report» լրատվական գործակալության լուրը չէ, քանի որ հրապարակման մեջ նշված սկզբնաղբյուրը փաստացի առկա է։ Բացի դրանից «Report» լրատվական գործակալությունը լուրը հրապարակել էր ավելի ուշ, քան «Ապա» գործակալությունը։ Նարեկ Մարտիրոսյան
19:33 - 04 նոյեմբերի, 2021
Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

2020-ի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց «Պֆայզեր» պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում  COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար: 2021-ի ապրիլի 30-ին էլ ԱՀԿ-ն հաստատեց «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառումը։ Ի տարբերություն կորոնավիրուսային հիանդության դեմ մյուս պատվաստանյութերի՝ այս երկու պատվաստանյութերը պատրաստված են նոր տեխնոլոգիայով և կոչվում են ի-ՌՆԹ պատվաստանյութեր։ Թերևս սա է պատճառը, որ  «Պֆայզերի» ու «Մոդեռնայի» մասին սոցիալական ցանցերում, սունկ կայքերում բազմաթիվ միֆեր են տարածվում․ օրինակ՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերն ազդում են մեր ԴՆԹ-ի վրա և փոխում մեր գեները, ի-ՌՆԹ-ով պատվաստված մարդիկ գենետիկորեն փոփոխված երեխաներ են ունենում։  Որպեսզի պարզ լինի, թե ինչու ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող ազդել մեր ԴՆԹ-ի վրա և փոխել մեր գեները կամ էլ գենետիկորեն փոխված երեխաների ծնվելու պատճառ դառնալ, պետք է իմանալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ․ ինչպե՞ս է կորոնավիրուսային վարակ առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, թափանցում մեր բջիջներ, ինչպե՞ս են ի-ՌՆԹ պատվաստանյութերը պայքարում կորոնավիրուսի դեմ, ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն, ի՞նչ գործառույթներ են կատարում ինֆորմացիոն ՌՆԹ-ները կամ ի-ՌՆԹ-ները։ Ինչպե՞ս է կորոնավիրուսը թափանցում բջիջ․ ինչո՞ւ են անհրաժեշտ պատվաստանյութերը Կորոնավիրուսի մակերեսին կան մի քանի տեսակի սպիտակուցներ։ Այս սպիտակուցներից մեկը կոչվում է S սպիտակուց (spike protein)։ S սպիտակուցների օգնությամբ է վիրուսը կարողանում ներթափանցել բջիջ և վարակել այն։ Բնական ճանապարհով վարակվելիս մեր օրգանիզմն S սպիտակուցների դեմ հակամարմիններ է արտադրում։ Պատվաստանյութերի նպատակն էլ այդ սպիտակուցների դեմ հակամարմիններ առաջացնելն է, որպեսզի հետագայում, երբ բնական ճանապարհով վարակվենք, մեր օրգանիզմն արդեն ունենա պատրաստի հակամարմիններ և ավելի արդյունավետ պայքարի վիրուսի դեմ։   Ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն Մեր օրգանիզմում կան սպիտակուցների բազմաթիվ տեսակներ, որոնք տարբեր գործառույթներ ունեն (օրինակ` սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակությանը, ունեն կառուցվածքային նշանակություն, քանի որ մեր բջիջների որոշ հատվածներ կազմված են սպիտակուցներից և այլն)։ Բջջի ներսում կա օրգանիզմի համար կարևորագույն նշանակություն ունեցող ևս մի մոլեկուլ, որը կոչվում է դեզօքսիռիբոնուկլեինաթթու կամ կարճ՝ ԴՆԹ։ ԴՆԹ-ն պարունակում է տեղեկություն սպիտակուցների կառուցվածքի մասին, այսինքն՝ որպեսզի մեր բջիջներում ստեղծվեն սպիտակուցներ, նախ պետք է «կարդալ» սպիտակուցի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը։ Բայց քանի որ ԴՆԹ-ները գտնվում են հիմնականում բջջի կորիզում, իսկ սպիտակուցների սինթեզն իրականացվում է բջջի այլ հատվածում, անհրաժեշտ է, որ ԴՆԹ-ում պահվող կամ «կոդավորված» տեղեկությունը դուրս գա կորիզից ու հասնի այնտեղ, որտեղ սինթեզվում են սպիտակուցները։ Հենց այստեղ էլ օգնության են հասնում ռիբոնուկլեինաթթու կամ ՌՆԹ կոչվող մոլեկուլները։ Կան ՌՆԹ-ի մի քանի տեսակներ, որոնք օրգանիզմում տարբեր գործառույթներ են կատարում։ Անդրադառնանք միայն ինֆորմացիոն ՌՆԹ-ներին կամ ի-ՌՆԹ-ներին։ Վերջիններս ձևավորվում են բջջի կորիզում, «արտագրում» կամ «պատճենում» են սպիտակուցների կառուցվածքի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը և դուրս գալիս կորիզից։ Այնուհետև ի-ՌՆԹ-ները հասնում են բջջի համապատասխան հատված և հրահանգներ են տալիս, թե ինչպես պիտի ձևավորվի այս կամ այն տեսակի սիպատակուցը։ Հենց այդպես էլ մեր օրգանիզմում տեղի է ունենում սպիտակուցների սինթեզը։ Ի-ՌՆԹ-ները սովորաբար երկար կյանք չեն ունենում և հեշտ քայքայվում են։   Ինչպե՞ս են աշխատում ի-ՌՆԹ պատվաստանյութերը Հիմա, երբ արդեն լավ պատկերացնում ենք, թե ինչ գործառույթներ են կատարում ԴՆԹ-ն,  ի-ՌՆԹ-ն, ինչպես նաև գիտենք, թե ինչպես է վիրուսը վարակում բջիջները, շատ ավելի լավ կհասկանանք, թե ինչ են անում ի-ՌՆԹ պատվաստանյութերը, երբ հասնում են մեր բջիջներին։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերն ունեն հետևյալ կառուցվածքը․ կենտրոնում ի-ՌՆԹ-ն է, որը պատված է լիպիդների շատ փոքրիկ մասնիկներով (նանոմասնիկներով)։ Լիպիդները քիմիական կառուցվածքով ճարպերին նման նյութեր են, որոնք ի-ՌՆԹ մոլեկուլի համար կարծես «փոխադրամիջոց» լինեն․ դրանք պաշտպանում են ի-ՌՆԹ-ն, մինչև պատվաստանյութը ներթափանցում է բջիջ և կատարում իր գործը։ Պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն պարունակում է տեղեկություն S սպիտակուցի կառուցվածքի մասին։ Սա, հիշեցնենք, այն սպիտակուցն է, որի միջոցով վիրուսը թափանցում է մեր բջիջներ, և որի դեմ մեր օրգանիզմը բնական ճանապարհով վարակվելիս հակամարմիններ է արտադրում։  Հայտնվելով մեր բջիջներում՝ ի-ՌՆԹ-ն համապատասխան «կարգավորումներ» է տալիս, որից հետո բջիջը սկսում է սինթեզել S սպիտակուցներ (կամ S սպիտակուցի որևէ հատված) և այդ սպիտակուցները դուրս հանել բջջից։  Մեր օրգանիզմը հասկանում է, որ դրանք օտար սպիտակուցներ են, և սկսում է հակամարմիններ արտադրել։ Այդպես մեզ մոտ իմունիտետ է ձևավորվում։ Երբ բնական ճանապարհով վարակվենք և կորոնավիրուսի մակերեսի S սպիտակուցները մոտենան մեր բջիջներին, օրգանիզմը կճանաչի դրանք, և սպիտակուցի դեմ պատվաստանյութի օգնությամբ արդեն ձևավորված հակամարմինները գործի կանցնեն՝ պայքարելով վիրուսի դեմ։ Ի տարբերություն ի-ՌՆԹ պատվաստանյութերի՝ մյուս պատվաստանյութերը պարունակում են S սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերը, փաստորեն, «հրահանգներ են տալիս», որոնց օգնությամբ մեր օրգանիզմն ինքն է սինթեզում S սպիտակուցներ։ Կարևոր է հիշել, որ պատվաստանյութի սինթետիկ ի-ՌՆԹ-ն ունի նույն հատկությունները, ինչ մեր բջիջների ի-ՌՆԹ-ն, այսինքն՝ այն չի կարող վնասել մեր ԴՆԹ-ն և փոխել մեր գեները, որոնցից յուրաքանչյուրը ԴՆԹ մոլեկուլի մի որևէ հատված է։ Ավելին, հենց պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն տալիս է անհրաժեշտ կարգավորումներն ու ավարտում գործը, մեր բջիջները հեշտությամբ քայքայում և դուրս են հանում այն։ Ի-ՌՆԹ-ն չի հասնում բջջի կորիզ, որտեղ գտնվում է ԴՆԹ-ն։ Հետևաբար, անհիմն են այն պնդումները, թե պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն կարող է հասնել բջջի կորիզ, վնասել ԴՆԹ-ն, փոխել մեր գեները կամ պատճառ դառնալ, որ պատվաստված մարդիկ գենափոխված  երեխաներ ունենան։ Աննա Սահակյան
18:40 - 04 նոյեմբերի, 2021
ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է,  բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին

ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է, բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերել ՀՀ երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ․ «Փոփոխությունների էությունը հետևյալն է․ մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը։ Մենք բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թ․ կունենաք բոլորովին այլ որակի երկաթուղի»։ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Վահե Դավթյանը վարչապետի հայտարարությունից հետո ասաց, որ ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել այն ձեռքբերումները, որոնց համար հող է նախապատրաստվել դեռևս 2018-ից առաջ։  «Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղուն», ապա ընկերությունը, 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը: Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է»,- նշել էր Վահե Դավթյանը։ Վահե Դավթյանը ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանի նշած 39 միլիարդ դրամ ներդրումը  կոնցեսիոն պայմանագրով հաստատված 174,5 մլրդ դրամի շրջանակում է։ 2020-2024 թթ․ ներդրումների ծավալի մասին համաձայնությունը, սակայն, ձեռք է բերվել 2019-ին և հաստատվել 2020-ին։ Այսպիսով, 2008 թվականին ստորագրվեց հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին) փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիր։ Կոնցեսիոն պայմանագիրը նշանակում է, որ այդ պայմանագրով ներդրողին են հանձնվում որևէ ենթակառուցվածի կամ այլ օբյեկտի տնօրինման և օգտագործման իրավունքները։  Պայմանագրով ՀԿԵ-ն, ինչպես նշել էր Վ․ Դավթյանը, պարտավորվեց մինչև 2038 թ․ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության՝  2009 թ․ N 994-Ա որոշմամբ հասատվեց ՀԿԵ-ի ներդրումային ծախսերի ծրագիր, որը փոփոխվեց 2010-ին։ 2009-ի ծրագրով 2021-2025 թթ․ ընթացքում ՀԿԵ-ն 174,5 մլրդ դրամի շրջանակում պետք է իրականացներ 15 202,1 մլն դրամ ներդում։ 2010-ին փոփոխված ծրագրով նույն ժամանակահատվածում նախատեսվում էր իրականացնել 15 136.7 մլն դրամ ներդրում։ 2019-ի հոկտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ ցանկություն կա ՀԿԵ-ի՝ մինչև 2038 թվականն իրականացվելիք ներդրումային ծրագրերը ճշգրտելու։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հաստատել են, որ Նիկոլի Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումներն իրականացվելու են կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծախսերի ծրագրի շրջանակում։ Ինչպես փոխանցել են ՏԿԵՆ-ից, միջկառավարական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև 2020-ի սեպտեմբերի 2-ին ստորագրվել է արձանագրություն՝ մինչև 2024 թ. 39 մլրդ դրամի ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ ՏԿԵՆ-ին նաև խնդրել էինք մանրամասնել, թե Փաշինյանի նշած ներդրումները կոնկրետ ինչ նպատակներով են ծախսվել կամ ծախսվելու։ «2021 թ. բեռնափոխադրումների համար ձեռք է բերվել 26 նոր կիսավագոն (2020-2024թթ. համար նախատեսված է ընդհանուր 310 միավոր), միջազգային ուղևորափոխադրումների համար՝ նոր, ժամանակակից 27 վագոն, ներհանրապետական հաղորդակցության համար՝ 2 ԷՊ2Դ նոր, ժամանակակից էլեկտրագնացք: Եվս մեկ ԷՊ2Դ էլեկտրագնացք ձեռք կբերվի 2022թ.: Կիրականացվեն 18 միավոր լոկոմոտիվների արդիականացման և այլ աշխատանքներ»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում: Համաձայն նախարարության փոխանցած տվյալների՝ նախատեսված է 2020-2024թթ. հիմնանորոգել 45 կմ երկաթգիծ, 26 կմ հպակային ցանց, իրականացնել 6 շենքերի և կառույցների, 77 շենք-շինությունների վերանորոգում, 116 000 կոճերի փոխարինում և այլն: «Այժմ քննարկումներ են ընթանում 2025-2038 թթ. համար ներդրումային ծախսերի ծրագրի փոփոխման և մինչև 2023թ. ավարտը ֆինանսական աղբյուրների և մեխանիզմների որոշման ուղղությամբ՝ նշված ժամանակահատվածի համար ներդրումային ծավալները մինչև 95 մլրդ դրամի հասցնելու նպատակով»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում: Ստորև ներկայացված գրաֆիկում կարող եք տեսնել, թե կոնցեսիոն պայմանագրով նախատեսված 174,5 մլրդ դրամ ներդրումների շրջանակում որքան գումար է հատկացվել 2008-2020 թվականների ընթացքում, և որքան գումար է նախատեսված 2021-2024 թթ․ համար։ Ինչպես երևում է գրաֆիկում, ՀԿԵ-ն կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ամենամեծ ներդումը (ավելի քան 25 մլրդ դրամ) կատարել է 2009-ին։ Իսկ 2020-ի արձանագրութունից հետո ամենամեծ ներդրումը նախատեսված է այս տարի (ավելի քան 16 մլրդ դրամ)։ Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամը նախատեսված է 2020-2024 թթ․ համար, իսկ 2020-ին արդեն ներդրվել է 5 595,81 մլն դրամ, ապա 2021-2024 թթ․ ներդրումները 33 404,19 մլն դրամ են։ 2010-ին, հիշեցնենք, նախատեսված էր, որ 2021-2025 թթ․ իրականացվելու է 15 136.7 մլն դրամ ներդրում։  Այպիսով, պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումը 2008-ին ՀԿԵ-ի ստորագրված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների շրջանակում է, ճիշտ է։ Սակայն 2020-2024 թթ․ իրականացվող ներդրումների համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ի սեպտեմբերին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև ստորագրված արձանագրությամբ։ Լուսանկարը՝ ՀԿԵ-ի Աննա Սահակյան
15:18 - 04 նոյեմբերի, 2021
Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել  ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահի նստավայրում, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների, ընդունելություն էր կազմակերպվել։ Ընդունելության ժամանակ մասնակիցների մեծամասնությունը բժշկական դիմակով չէր եղել, ինչն էլ մեծ դժգոհության և քննարկումների առիթ էր դարձել համացանցում։  Այս դժգոհություններից հետո, «Ժողովրդի» հարցմանն ի պատասխան, նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ միջոցառման բոլոր մասնակիցներն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ «․․․ Միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության․․․»,- ասվում է «Ժողովրդի» հարցման պատասխանում։ Միջոցառմանը, բացի օտարերկրյա հյուրերից, մասնակցում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։  Հարցումով դիմել էինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ խնդրելով տրամադրել միջոցառման հյուրերի ցանկը և ՊՇՌ թեստերի բացասական պատասխանները։ Նշենք, որ նախօրոք խնդրել էինք տեղեկությունները տրամադրել՝ ծածկելով անձնական տվյալների և այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Նախագահի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան, նշել են, որ միջոցառմանը հրավիրված են եղել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բոլոր մասնակիցները, ինչպես նաև կառավարության անդամները։ Որպես ՊՇՌ բացասական թեստի ապացույց նշվում է, որ մասնակիցները հիմնականում եղել են օտարերկրացիներ, և առանց ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հնարավոր չէ Հայաստան մուտք գործել։ Իսկ ինչ վերաբերում է մեր խնդրած տեղեկությանը՝ հյուրերի ցանկի և ՊՇՌ թեստերի բացասական արդյունքների վերաբերյալ, նշվում է, որ դրանք պարունակում են անձնական տվյալներ և հրապարակման ենթակա չեն։ Սական, ինչպես արդեն նշվեց, մենք խնդրել էինք ծածկել անձնական կամ այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Մենք հարցումով դիմել էինք նաև կառավարության ներկայացուցիչներին, որոնք ճանաչելի էին միջոցառման տեսանյութից։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ուղղված մեր հարցման պատասխանում նշվում է, որ Առողջապահության նախարարը նախագահի աշխատակազմ ՊՇՌ թեստ ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե որտեղից է նախագահի աշխատակազմը վստահ եղել, որ Անահիտ Ավանեսյանն ունեցել է ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նույնպես միջոցառումից առաջ նախագահական նստավայր ՊՇՌ թեստի պատասխան չի ներկայացրել։  Հարցումով դիմել էինք նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Ստացած պատասխանի համաձայն՝ նախարար Խաչատուրյանը թեստավորված չի եղել։ Այսինքն՝ նախագահի աշխատակազմի այն պնդումը, թե միջոցառման բոլոր մասնակիցները ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կեղծ է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարի հրամանի հիմքով միջոցառման մասնակիցները ենթակա չեն վարչական պատասխանատվության։ Խոսքը նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանի մասին է, որի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ ՀՀ նախագահի, կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների։  Այսպիսով, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է եղել, և միջոցառման բոլոր մասնակիցներն իրավունք ունեցել են դիմակ չկրելու, սակայն նախագահի աշխատակազմի պնդումը, թե բոլորն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, չի համապատասխանում իրականությանը։   Նարեկ Մարտիրոսյան
12:03 - 04 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Մարինա Խաչատրյանը սխալվում է․ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվելիս արդյունավետ են հոսպիատալացման ու մահվան դեմ և չեն կարող վարակել մարդկանց

Մարինա Խաչատրյանը սխալվում է․ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվելիս արդյունավետ են հոսպիատալացման ու մահվան դեմ և չեն կարող վարակել մարդկանց

«Առողջ հանրություն» հասարակական կամակերպության նախագահ  Մարինա Խաչատրյանը հոկտեմբերի 27-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հարց է բարձրացնում, թե ինչու է պետք պատվաստվել, եթե հիմա գերիշխում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, իսկ պատաստանյութերը նախորդ շտամի դեմ են։ Նույն գրառման մեջ Մարինա Խաչատրյանը պնդում է, թե բոլոր պատվաստվածները պատասխանատու են հիվանդության տարածման համար․ «Դուք դարձել եք հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր, ու դու՛ք եք մարդկանց վարակում։ Երբ որ սա գիտակցեք, վազելով կգնաք տուն, կմտնեք մի թաքուն տեղ ու երկու շաբաթ այդտեղից դուրս չեք գա»։  Գրառումը տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նաև հրապարակվել սունկ կայքերում։ Անդրադառնանք Խաչատրյանի պնդումներին առանձին-առանձին։   Ինչո՞ւ պատվաստվել «Դելտա» շտամի առկայության պայմաններում Նախ հասկանանք, թե ինչեր են կորոնավիրուսի տարբեր շտամերը։ Կորոնավիուսը կամ SARS-CoV-2-ը, ինչպես այլ վիրուսներ, տարածվում է՝ վարակված մարդու օրգանիզմում բազմանալով։ Բազմանալու ընթացքում վիրուսը, այսպես ասած, պատճենում է իր գենոմը (օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն), սակայն երբեմն պատահում է, որ բազմանալու ընթացքում վիրուսի գենոմում որոշ փոփոխություններ են կատարվում։ Եվ հազվադեպ է պատահում, որ վիրուսի բազմացման ընթացքում առաջացած նոր տարբերակները փոխում են վիրուսը՝ դարձնելով այն ավելի հեշտ տարածվող կամ ավելի ծանր հետևանքներ առաջացնող։ Հենց այդպիսի փոխոխության արդյունք է կորոնավիրուսի հայտնի «Դելտա» շտամը։ Երբ տարբեր երկրներում սկսեցին կիրառվել օգտագործման թույլտվություն ստացած պատվաստանյութերը, «Դելտա» շտամը դեռևս դոմինանտ չէր։ Կլինիկական փորձարկումների շրջանում պատվաստանյութերի ցույց տված արդյունավետությունը չէր վերաբերում այս շտամին։ Սակայն դա չի նշանակում, որ ներկայումս օգտագործման թույլտվություն ստացած պատվաստանյութերն անարդյունավետ են «Դելտա» շտամի դեմ։ Infocom-ը պատվաստանյութերի արդյունավետության մասին պատմող հոդվածում այս հարցին արդեն անդրադարձել է։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է․ «Տարբեր երկրներում, որտեղ դոմինանտ է «Դելտա» շտամը, հետազոտությունները ցույց են տալիս՝ ավելի քիչ է հավանականությունը, որ պատվաստված մարդիկ կհայտնվեն հիվանդանոցում»։ Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշում է, որ ԱՄՆ-ում կիրառվող պատվաստանյութերը («Մոդեռնա», «Պֆայզեր», «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութ) բոլոր շտամերի դեպքում (այդ թվում՝ «Դելտայի») մեծ արդյունավետություն ունեն մահվան և հոսպիտալացման դեմ, չնայած «Բետտա», «Գամմա» և «Դելտա» շտամերի դեպքում վարակի և սիմպտոմատիկ հիվանդության դեմ արդյունավետությունն ավելի քիչ է, քան «Ալֆա» շտամի դեպքում։ ԱՀԿ-ն նաև որոշ պատվաստանյութերի դեպքում ներկայացրել է, թե քանի տոկոս է արդյունավետությունը «Դելտա» շտամով վարակվելիս։ «Աստրա-Զենեկան», օրինակ, առաջին դեղաչափից հետո «Դելտա» շտամի դեպքում հոսպիտալացման դեմ ունի 71% արդյունավետություն, երկրորդ դեղաչափից հետո՝ 92%։ Ըստ «Սպուտնիկ-Վի»-ի (պավաստանյութը հաստատել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը) պաշտոնական կայքի տվյալների՝ պատվաստանյութն ունի 83․1%։ արդյունավետություն «Դելտա» շտամի դեմ։ Ըստ այս պատվաստանյութը ստեղծած Գամալեայի անվան ինտիտուտի տվյալների՝ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը Մոսկվայում 70% արդյունավետություն է ցույց տվել «Դելտա» շտամի դեմ պատաստումից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Բացի ԱՀԿ-ի և առողջապահական այլ կառույցների ներկայացրած տվյալներից՝ տարբեր շտամերի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը հասկանալու համար նաև անկախ հետազոտություններ են իրականացվում։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ «New England Journal of Medicine» գիտական ամսագրում հրապարակված հոդվածներից մեկի հեղինակներն ուսումնասիրել են Անգլիայում «Պֆայզեր» և «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի արդյունավետությունը «Դելտա» շտամի դեպքում սիմպտոմատիկ (այսինքն՝ ախտանշաններով արտահայտված) վարակի դեմ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի դեպքում էլ «Դելտա» շտամի դեմ արդյունավետությունն ավելի քիչ է, քան «Ալֆա» շտամի դեմ։ «Պֆայզերի» երկու դեղաչափն «Ալֆա» շտամի դեմ ունեցել է 93.7% արդյունավետություն, «Դելտա» շտամի դեմ՝ 88.0% արդյունավետություն։ «Աստրա-Զենեկայի» երկու դեղաչափը «Ալֆա» շտամի դեմ ունեցել է 74.5% արդյունավետություն, «Դելտա» շտամի դեմ՝ 67.0% արդյունավետություն։ Հետազոտության հեղինակները նշում են, որ «Ալֆա» և «Դելտա» շտամերի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը քիչ է տարբերվել երկու դեղաչափ ստանալուց հետո։ Այդ տարբերությունը շատ ավելի մեծ է եղել միայն մեկ դեղաչափ ստանալու դեպքում։ Քաթարում անցկացված հետազոտություններից մեկում ուսումնասիրվել է «Պֆայզեր» և «Մոդեռնա» պատվաստանյութերի արդյունավետությունը «Դելտա» շտամի դեպքում սիմպտոմատիկ և ասիմպտոմատիկ վարակի դեմ։ Հետազոտությունը ցույց է տվել հետևյալ արդյունքները․ «Դելտա» շտամի դեմ «Պգայզերի» արդյունավետությունը եղել է 64.2% առաջին դեղաչափից 14 օր անց և 53.5%՝ երկրորդ դեղաչափից 14 օր անց։ «Մոդեռնայի» արդյունավետությունը «Դելտա» շտամի դեմ եղել է համապատասխանաբար 79.0% և 84.8%։ «Դելտա» շտամով վարակված լինելու դեպքում հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի դեմ արդյունավետությունը երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց «Պյֆայզերի» դեպքում եղել է 89.7%, «Մոդեռնայի» դեպքում՝ 100.0%։  Հետազոտության մեջ նշվում է, որ երկու պատվաստանյութերն էլ «Դելտա» շտամի դեպքում մեծ արդյունավետություն ունեն հոսպիտալացման և մահվան դեմ, բայց պակաս արդյունավետ են վարակը կանխելու հարցում։ Մեկ այլ հետազոտություն էլ իրականացվել է Կանադայում․ ուսումնասիրել է «Պֆայզեր», «Մոդեռնա» և «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի արդյունավետությունը։ Հետազոտությունը ցույց է տվել հետևյալ արդյունքները․ «Դելտա» շտամի դեպքում սիմտպոմատիկ վարակի դեմ առաջին դեղաչափից հետո «Մոդեռնան», «Աստրա-Զենեկան» և «Պֆայզերն» ունեցել են համապատասխանաբար 70%, 68% և 57% արդյունավետություն։ Երկրորդ դեղաչափից հետո պատվաստանյութերն ունեցել են համապատասխանաբար 95%, 87% և 92% արդյունավետություն։ «Դելտա» շտամով վարակվելու դեպքում մահվան դեմ առաջին դեղաչափից հետո «Պֆայզերը», «Մոդեռնան» և «Աստրա-Զենեկան» համապատասխանաբար ունեցել են 81%, 90% և 91% արդյունավետություն, երկրորդ դեղաչափից հետո պատվաստանյութերի արդյունավետությունը 90%-ից բարձր է եղել։ Հավելենք, որ Քաթարում և Կանադայում անցկացված հետազոտությունները դեռևս չեն գրախոսվել։ Գիտական հոդվածները նախ անցնում են գրախոսություն, այսինքն՝ ոլորտի այլ գիտնականներ կարդում են դրանք, կարծիք հայտնում, որից հետո հեղինակներն, ըստ անհրաժեշտության, կարող են փոփոխություններ անել։ Գրախոսություն անցնելուց հետո պարզ կլինեն այս երկու հետազոտությունների վերջնական արդյունքները։   Պատվաստանյութերը մարդկանց չեն վարակում Ինչ վերաբերում է Մարինա Խաչատրյանի այն պնդմանը, թե պատվաստված մարդիկ դարձել են հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր, ապա այս պնդումը կեղծ է։ Infocom-ն իր նախորդ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել է այն հարցին, որ ներկայումս կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում և Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերից ոչ մեկը կենդանի չէ, այսինքն՝ չի պարունակում վիրուսի կենդանի, սակայն թուլացած հատված։  Ի-ՌՆԹ տեխնոլոգիայով պատրաստված պատվաստանյութերը՝ «Պֆայզերը» և «Մոդեռնան», պարունակում են ինֆորմացիոն ՌՆԹ մոլեկուլ, որի տված «հրահանգների» միջոցով մեր օրգանիզմը արտադրում է հատուկ սպիտակուց։ Կորոնավիրուսը հենց այդ սպիտակուցի միջոցով է ներթափանցում մեր բջիջներ։ Պատվաստվելուց հետո մեր օրգանիզմն այդ սպիտակուցի դեմ հակամարմիններ է ստեղծում, որոնք հետագայում մեզ պաշտպանում են վարակվելուց։ Մյուս պատվաստանյութերի պատրաստման տեխնոլոգիան այլ է․ դրանք պարունակում են նշված սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերից ոչ մեկը չի կարող մարդուն վարակել, հետևաբար պատվաստված մարդիկ ո՛չ վարակի կրող են, ո՛չ էլ տարածող։ Ամփոփելով նշենք, որ Մարինա Խաչատրյանի հարցը, թե ինչու է պետք պատվաստվել, եթե հիմա տարածված է «Դելտա» շտամը, ունի շատ պարզ պատասխան․ պատվաստանյութերի արդյունավետությունը նվազում է «Դելտա» շտամի առկայության պայմաններում, սակայն ԱՀԿ-ի, առողջապահական այլ կառույցների, ինչպես նաև անկախ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվեու դեպքում արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ։  Իսկ պնդումը, թե պատվաստված մարդիկ հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր  են, կեղծ է․ պատվաստվելուց հետո հնարավոր է բնական ճանապարհով վարակվել, սակայն պատվաստանյութերը կորոնավիրուսային հիվանդություն առաջացնել չեն կարող։ Աննա Սահակյան
16:47 - 29 հոկտեմբերի, 2021
Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Նախորդ կառավարությունն իր ծրագրում նշել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերի նման միջոցների կիրառումը (էջ 27):  Խորհրդարանում նոր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ ծրագրի այդ հատվածին՝ նշելով․ «Երբ մենք խոսում ենք քաղաքական հետապնդումների, բռնապետության մասին, ախր ո՞նց է ստացվում, որ 19 թվականին դուք ասում եք՝ քաջալերելու եք այլընտրանքային խափանման միջոցները, բայց ստացվում է՝ «Հայաստան» խմբակցությունից մենք ունենք երեք կալանավորված պատգամավոր։ Խոսքը չի գնում գործերը կարճելու մասին, մենք ասում ենք՝ կալանավորում չպետք է լինի, թող լինի խափանման այլ միջոց, բայց չի լինում»։  Սեպտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ Վարդևանյանի հնչեցրած մտքերին։ «Էսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձը կա։ Այսինքն՝ երբեք Հայաստանի պատմության մեջ այսքան քիչ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, որքան հիմա»,- նշեց Փաշինյանը։ Infocom-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2000 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քանի կալանավորված անձ է պատիժ կրել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թվերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ամսա առաջին օրվա դրությամբ։ Սրանից կարող են եզրակացնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին ասում էր, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, նկատի ուներ սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալները Քրեակատարողական ծառայությունից մեզ տրամադրել են 2005-2014 թվականների՝ հունվարի 1-ի դրությամբ կալանավորվածների քանակի վերաբերյալ տվյալները։ 2015-2021 թվականների համար տրամադրվել են յուրաքանչյուր տարվա բոլոր ամիսների վերաբերյալ տվյալները։ Համաձայն քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2021-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քերակատարողական հիմնարկներում եղել է 1150 կալանավորված անձ, ինչը Հայաստանի պատմության ամենափոքր թիվը չէ։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել 2005-2014 թվականներին տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ կալաավորների քանակը։ Գրաֆիկ 1 Ինչպես տեսնում եք, 2005, 2007-2009 և 2014 թթ․ առաջին ամիսների դրությամբ կալանավորված անձանց թվերը ավելի քիչ են եղել (համապատասխանաբար՝ 1099, 688, 617, 861, 1035), քան 2021-ի սեպտեմբերի 1-ին։ Գրաֆիկ 2-ում կարող եք տեսնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2015-2021 թթ․ բոլոր ամիսներին կալանավորված անձանց մասին տվյալները։ Գրաֆիկ 2   Ինչպես տեսնում եք, չնայած 2018-ի հունիսից մինչև 2021-ի հունվար որոշակի տատանումներով կալանավորված անձանց թվերի նվազման միտում է նկատվում, բայց փետրվարից կալանավորվածների թիվը կրկին սկսել է աճել՝ սեպտեմբերին դառնալով 1150։ Իսկ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2005, 2007, 2008, 2009, 2014 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները, ինչպես 2015-ի հունվարից մինչև 2016-ի մայիսն ընկած ժամանակահատվածի բոլոր ամիսների ցուցանիշները։   Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշը եղել է 2021 թվականի հունվարին՝ 914 կալանավորված անձ։ Սակայն այս ցուցանիշը ևս ամենացածրը չէ, այն գերազանցում է 2007, 2008, 2009 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները։   Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե այս պահին (սեպտեմբերի դրությամբ) ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է։   Աննա Սահակյան
18:51 - 12 հոկտեմբերի, 2021
Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի՝ պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի մասին խոսքերը մանիպուլյատիվ են ներկայացվում

Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի՝ պատվաստումից հետո հոսպիտալացման դեպքերի մասին խոսքերը մանիպուլյատիվ են ներկայացվում

Կարեն Ավետիսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը երեկ հրապարակում է արել, որտեղ, մեջբերելով Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը, նշել է, թե քովիդով հիվանդ, ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված մարդկանց 50%-ից ավելին պատվաստված մարդիկ են։ Կարեն Ավետիսյանի խոսքով՝ Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանը (Þórólfur Guðnason) նման հայտարարություն արել է օգոստոսի 3-ին։ Օգտատերը, սակայն, մանիպուլյատիվ է ներկայացնում համաճարակաբանի խոսքերը։  Երբ իսլանդական մամուլում փնտրում ենք օգոստոսի 3-ին գլխավոր համաճարակաբանի վերաբերյալ հրապարակումները, տեսնում ենք, որ այդ օրը նա ներկայացրել է իրենց երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին տվյալներ։ Համաճարակաբանն այդ օրը հայտարարել է, որ չնայած Իսլանդիան հասել է COVID-19-ի ամենաբարձր ալիքին, պատվաստումները, կարծես, նվազեցնում են հիվանդության ծանր ընթացքը և հոսպիտալացումների դեպքերը։ «Հուլիսի 1-ից հետո վարակված մարդկանց 70%-ը եղել է լիովին պատվաստված, և նրանց մոտ 1%-ն է հոսպիտալացվել։ Մարդկանցից, որոնք պատվաստված չեն եղել և վարակվել են, հոսպիտալացվել է 2,4%-ը»,- նշել է նա։ Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը նույն կերպ են ներկայացված մի քանի լրատվամիջոցներում (1, 2, 3, 4,)։ Այսպես, օգոստոսի սկզբի դրությամբ Իսլանդիայում վարակված մարդկանց 70%-ը եղել է պատվաստված, նրանց մոտ 1%-ը հոսպիտալացվել է, իսկ չպատվաստված և վարակված մարդկանցից հոսպիտալացվել է 2,4%-ը։ Այսինքն՝ անգամ եթե բացարձակ թվերով պատվաստված և հոսպիտալացված մարդիկ լինեին ընդհանուր հոսպիտալացվածների կեսը, տոկոսային հարաբերությամբ պատվաստվածների մոտ ավելի քիչ է եղել հոսպիտալացվելու հավանականությունը։ Այդ մասին իր խոսքում նշել է նաև Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանը; Առհասարակ, օգոստոսին տեղեկություններ էին տարածվում, թե Իսլանդիայում պատվաստված մարդկանց մեջ շատ են COVID-19-ով վարակվողները, ինչը փորձ էր արվում ներկայացնելու որպես պավաստանյութերի անարդյունավետության ապացույց։ «Reuters» գործակալության փաստերի ստուգման թիմն անդրադարձել էր այս լուրերին՝ նշելով, որ պատվաստվողների շրջանում վարակման հաճախակի դեպքերը չեն խոսում պատվաստման անարդյունավետության մասին։  «Իսլանդիայում 16 տարեկանից բարձր բնակիչների 85․3%-ը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, 4.9%-ն էլ մասնակի է պատվաստված։ Զարմանալի չէ, որ նոր դեպքերի մեծ մասը պատվաստված մարդկանց շրջանում է։  Հուլիսի 9-ից սկսած՝ վարակի դեպքերի 77%-ը եղել է վարակված մարդկանց շրջանում»,- հայտնել էին «Reuters»-ին Իսլանդիայի առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով այդ երկրում օգոստոսի սկզբին առկա տվյալները։ «Reuters»-ի նյութում նշվում է, որ մի երկրում, որտեղ պատվաստման մակարդակը բարձր է, պատվաստված մարդկանց շրջանում վարակի հաճախակի դեպքերը սպասելի են։  Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են աշխատում պատվաստանյութերը։ Պատվաստանյութերի նպատակը մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ առաջացնելն է, որոնք հետագայում կպաշտպանեն վարակից։ Ավելի պարզ ասած՝ պատվաստելուց հետո դուք կարող եք վարակվել, հիվանդանալ, սակայն հիվանդության ընթացքը թեթև և առանց ախտանշանների կլինի, իսկ «Դելտա» շտամով վարակված լինելու դեպքում պատվաստված լինելը կփրկի հոսպիտալացումից և մահից։ Իսլանդիայի բնակիչների ընդհանուր թիվը 341 243 է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի, ընդհանուր առմամբ, 12 035 դեպք, մահացել է 33 մարդ։ Եթե նայենք մահերի վիճակագրությունը, կտեսնենք, որ Իսլանդիայում կորոնավիրուսային հիվանդության պատճառով վերջին անգամ մահ գրանցվել է օգոստոսի 30-ին։ Այդ օրը մահացել է մեկ հոգի, ինչից հետո մահվան նոր դեպքեր չեն եղել։ Ինչ վերաբերում է հոսպիտալացվածներին, համաձայն Իսլանդիայի կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալների՝ այս պահին երկրում հոսպիտալացված է 8 հոգի, իսկ հոսպիտալացվածների ընդհանուր թիվը 462 է։ Նշենք, որ համաձայն Իսլանդիայի կառավարության ներկայացրած վերջին տվյալների՝ երկրում 12 տարեկանից բարձր մարդկանց 88%-ը պատվաստված է։ Բացի պատվաստման բարձր մակարդակից՝ Իսլանդիայում մահերի փոքր թվի պատճառ կարող են լինել նաև ներքին սահմանափակումները (սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում, բազմամարդ հավաքների սահմանափակում և այլն), որոնք օրերս երկարաձգվեցին։ Այսպիսով, Կարեն Ավետիսյան անունով օգտատերը մանիպուլյատիվ է ներկայացրել Իսլանդիայի գլխավոր համաճարակաբանի խոսքերը․ վերջինս նշել է, որ պատվաստանյութերը նվազեցնում են ծանր հիվանդանալու դեպքերը և հոսպիտալացումների թվերը։    Գլխավոր լուսանկարը՝ grapevine.is կայքից Աննա Սահակյան
18:26 - 08 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Այսօր ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը հայտնեց, որ ադրբեջանական ավիաընկերությունը քաղաքացիական չվերթների համար օգտագործում է Հայաստանի օդային տարածքը։ Լուրն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում և սոցիալական հարթակներում, սակայն որոշ լրատվական կայքեր ինչպես նաև սոցիալական հարթակում որոշ անհատներ այս լուրը ներկայացրին մանիպուլյատիվ:  Մասնավորապես Գագիկ Համբարյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում «Խայտառակություն.Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին (լուսանկար)» վերտառությամբ գրառում է կատարել, որում Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքների համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։ Այս գրառումը տարածել են mamul.am, blognews.am, antifake.am լրատվական կայքերը։  Բացի այս գրառումից լրատվական կայքերը գրում են, որ Հայաստանն իր օդային սահմանը բացել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքների համար։ Արագորեն տարածվող լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության ֆեյսբուքյան էջի գրառումն է, որտեղ ասվում է, որ այսուհետ «Ազալ» ավիաընկերությունն Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներն սկսում է իրականացնել նաև Հայաստանի օդային տարածքով, քանի որ այդպես կրճատվում է թռիչքի ժամանակը և վառելիքի ծախսը։ Բացի սրանից ասվում է, որ «Ազալն» այսուհետ կօգտագործի օդային բոլոր ճանապարհները թռիչքներ իրականացնելու համար, այդ թվում Հայաստանի և Իրանի օդային սահմանները։ Սակայն Հայաստանն իր օդային տարածքն ադրբեջանական ավիաընկերությունների համար չի բացել, քանի որ այն փակ չի էլ եղել։ Այսպես, օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և խնդրել պատասխանել թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների՝ Հայաստանի օդային տարածքով թռիչքների վերաբերյալ մի քանի հարցերի։  Մասնավորապես հարցրել էինք, թե ադրբեջանական ավիաընկերությունը վերջին 10 տարիներին Հայաստանի օդային տարածքով Թուրքիա և Ադրբեջան թռիչքներ իրականացրել է, թե ոչ։ Քաղավիացիայից ստացած գրության համաձայն՝ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունը դեպի Թուրքիա թռիչքներ չի իրականացրել, իսկ դեպի Նախիջևան վերջին թռիչքներն իրականացվել են 2014 թվականին: Մենք նաև խնդրել էինք տրամադրել թռիչքային կոդերի համարները, սակայն վաղեմության պատճառով թռիչքների կոդերն ու օրերը ներկայացնելը հնարավոր չի եղել:  Թուրքական ավիաընկերության վերաբերյալ Քաղավիացիայի տրամադրած պատասխանում նշված է, որ Հայաստանի օդային տարածքով Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ի՞նչ թռիչքներ են իրականացվել Հայաստանի օդային տարածքով Դեռևս հուլիսի 30-ին անդրադարձել էինք Հայաստանի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու-Ստամբուլ երթուղով քաղաքացիական թռիչքներին և ներկայացրել վերջին մեկ տարվա տվյալներ։ Այժմ ներկայացնենք Flightradar-ում պահպանված թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների Գյանջա-Նախիջևան-Գյանջա և Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքները։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK 326 թռիչքային կոդով թուրքական ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան երթուղով թռիչքը Հայաստանի օդային տարածքով իրականացրել է 20 անգամ՝ մայիսի 15-ին, 29-ին, հունիսի 5-ին, 12-ին, 19-ին, 26-ին, հուլիսի 3-ին, 10-ին, 17-ին, 24-ին, 31-ին, օգոստոսի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին, սեպտեմբերի 4-ին, 11-ին, 18-ին, 25-ին և հոկտեմբերի 2-ին։ Այս ընթացքում Իրանի օդային տարածքով թռիչք իրականացվել է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին։ Նախիջևան-Գյանջա երթուղով թռիչքները նույնպես իրականացվել են Հայաստանի օդային տարածքով։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK328 թռիչքային կոդով իրականացվել է 21 անգամ՝ մայիսի 18-ին, 25-ին, հունիսի 1-ին, 8-ին, 15-ին, 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին, օգոստոսի 3-ին, 10-ին, 14-ին, 24-ին, 31-ին, սեպտեմբերի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին և հոկտեմբերի 5-ին։  Նույն թռիչքային կոդով Հայաստանի օդային տարածքով 5 թռիչք էլ իրականացվել է Գյանջա-Ստամբուլ ուղղությամբ՝ հունիսի 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 24-ին և սեպտեմբերի 14-ին։  Ադրբեջանական ավիաընկերությունը, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի օդային տարածքով թռիչք չի իրականացրել 2014 թվականից ի վեր։ Սակայն այսօր՝ հոկտեմբերի 6-ին,  J2251 թռիչքային կոդով ադրբեջանական ավիաընկերությունն իրականացրել է Բաքու-Նախիջևան թռիչքը Հայաստանի երկնքով։ Նույն օրվա ընթացքում մեկ թռիչք էլ եղել է Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ J2252 թռիչքային կոդով։ Հետաքրքրական է J2252 թռիչքային կոդով մայիսի 16-ին իրականացված թռիչքը, որը եղել է Իրանի օդային տարածքով, սակայն, ըստ Flightradar-ի հետագծի՝ ինքնաթիռը մտել է Հայաստանի օդային տարածք։  Ի՞նչ է ասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիան 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում մի շարք երկրներ վավերացրել են սույն կոնվենցիան, որով կարգավորվում է երկրների քաղաքացիական ավիացիաների միջև կապը, և համաձայն որի՝ գործում են համընդհանուր օրենքներ։ Սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 18-ից։ Համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերի՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից:  Հետևաբար՝ կոնվենցիան վավերացրած պետությունները չեն կարող արգելքներ սահմանել կոնկրետ մի պետության քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ և արգելք սահմանելիս էլ պետք է այն գործի բոլոր օդանավերի նկատմամբ անկախ դրանց ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ Հայաստանի օդային տարածքը մշտապես բաց է եղել և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ավիաընկերությունների համար։ Թեմայի վերաբերյալ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այսպիսով՝ այն լուրերը, թե Հայաստանը օդային տարածքը բացել է կամ «օդային միջանցք» է տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, մանիպուլյատիվ են։ Նարեկ Մարտիրոսյան
16:35 - 06 հոկտեմբերի, 2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում

«FreeNews» լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը և տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, և որն ունի նաև վերգետնյա հեռարձակման իրավունք, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00։27-ին, տարածել է «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ» վերտառությամբ, իսկ ժամը 21։37-ին՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։  Freenews.am-ն այս նյութերը վերահրապարակել է armenianews.net և medianews.site լրատվական կայքերից․ սրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն չի գրվել։ Բացի սրանից՝ այս երկու կայքերն իրար նման են և՛ արտաքնապես, և՛ բովանդակությամբ։ Երկու կայքերն էլ ունեն նույն բաժինները՝ «Լուրեր», «Հետաքրքիր», «Մարդիկ և բլոգեր», «Թեստեր» և «Ժամանց»։ Freenews.am լրատվական կայքը այս երկու կայքերից վերահրապարակումներ արել է 87 անգամ, որից 58-ը armenianews.net կայքից, 29-ը՝ medianews.site կայքից։ Այս նյութերը մեծամասամբ հիմնավոր չեն, աղբյուրները հավաստի չեն և քարոզչական բնույթի են՝ հօգուտ գործող կառավարության։  Օրինակ՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածի վերնագիրը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե սա ուղիղ մեջբերում է Հայկ Մարությանի խոսքից, սակայն նյութը կարդալիս պարզ է դառնում, որ այդ մասին ասել են Medianews-ի «հավաստի» աղբյուրները, այսինքն՝ ներկայացվածը ոչ թե փաստ է, այլ անապացուցելի պնդում։ Մեկ այլ՝ «Կապանի քաղաքապետը դռնեդուռ ընկած ասում է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի» վերտառությամբ հոդվածում ևս բոլոր պնդումները Medianews-ի աղբյուրներինն են։ Սակայն այս դեպքում պատկերն ավելի է ամբողջանում, քանի որ «Freenews»-ը հղում է կատարել «Armenianews»-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է «Medianews»-ին։ Օրինակ՝ վերոնշյալ հոդվածում ասվում է․ «Փարսյանի (Կապանի քաղաքապետը,-հեղ․) հայտարարություններն այս՝ ինչպես վերջինս էր ասում, «դավաճանական» իշխանության մասին նույնպես չեն մոռացվել: Ու ամենևին բացառված չէ, որ շատ շուտով Փարսյանն արժանանա Մխիթար Զաքարյանի ճակատագրին: Իշխանությունների համար դժվար չէ Փարսյանի` համայնքապետի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել անօրինակություններ ու մեկընդմիշտ լուծել Փարսյանի հարցերը: Այնպես որ, մանր ժուլիկություններ անելու փոխարեն Փարսյանն ավելի լավ է խոր շունչ քաշի ու ինքնակամ հեռանա Կապանի քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ ստիպված չէ ճաղերի հետևից նայել արևին: Ի վերջո, դավաճան քաղաքապետին ոչ քաղաքն է ընդունում, ոչ էլ այս իշխանությունները»: Armenianews.net կայքը «Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի ցինիկ ժպիտով երթը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, ընդհանուր առմամբ, բովանդակություն չկար՝ բացի լուսանկարներից, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը ժպտում են։ Նշված հրապարակումը տարածել են medianews.site-ն ու freenews.am-ը։  Տպավորություն է ստեղծվում, որ այս կայքերը հստակ քարոզչական արշավ են իրականացնում այն մարդկանց դեմ, որոնց հետ իշխանության ներկայացուցիչներն ունեն տարաձայնություններ։ Ո՞ւմ են պատկանում armenianews.net և medianews.site կայքերը Համաձայն դոմեններն ստուգող who.is հարթակի՝ armenianews.net կայքն ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 12-ին։ Այն գրանցված է Դավթաշեն 2-րդ թաղամասի 18/5 հասցեում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով (նշված հասցեում գրանցված է նաև Չախոյանը)։   Who.is համակարգում medianews.info կայքի տվյալները թաքցված են, սակայն հնարավոր եղավ պարզել, որ այս կայքը ևս կապ ունի armenianews.net կայքի հետ։ Ուսումնասիրելով armenianews.am կայքի «դիտել էջի աղբյուր» բաժինը՝ հնարավոր է գտնել երկու կայքերի կապը։ Այսպես, եթե նույն անձը երկու կայքերը կառավարում է Google Analytics-ի իր հաշվից, ապա կայքերի «դիտել էջի աղբյուր» բաժնում Google Analytics-ի կոդը լինում է նույնը՝ բացառությամբ վերջին թվի։ Այս երկու կայքերի դեպքում  Google Analytics-ի կոդերը UA-112931850-1 և UA-112931850-2-ն են, որտեղ UA-ը Google Analytics-ի ընդհանուր դասիչն է, իսկ թվերը (112931850)՝ անձնական հաշվի համարը։ Սրան հաջորդող -1 և -2 թվերը նույն հաշվին կցված երկու կայքերն են։ Այսինքն՝ armenianews.net և medianews.info կայքերը ղեկավարում է նույն անձը։ Ո՞ւմ է պատկանում freeNews.am լրատվական կայքը Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հունիսի 15-ին։ Ընկերության 100% բաժնետերը եղել է Հասմիկ Դանիելյանը։ 2021 թվականի մայիսի 11-ից «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 51%-ը անցել է Արմեն Ղալեչյանին։ Վերջինս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ «Ֆրի Նյուզ»-ի տնօրենը, ըստ ռեգիստրի, Մարիամ Մարգարյանն է, որը նաև լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Վերջինս Ալեն Սիմոնյանի կինն է։ Մարգարյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Հասմիկ Դանիելյանի հետ։  Հասմիկ Դանիելյանը, բացի «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ից, 2021 թվականի ապրիլի 1-ին հիմնադրել է «Մեր Լուրեր» ՍՊԸ-ն, որը «Ֆրի Նյուզ» ընկերության հետ գրանցված է նույն հասցեում։  Infocom-ը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին՝ խնդրելով մեկնաբանել՝ արդյոք armenianews.net և medianews.site կայքերը կապ ունե՞ն նրա հետ, թե՞ ոչ, սակայն Չախոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Այսպիսով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված armenianews.net և medianews.site կայքերը հրապարակում են մի շարք  խնդրահարույց բովանդակությամբ նյութեր, որոնք էլ վերահրապարակում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ղեկավարությամբ գործող freenews.am լրատվական կայքը։  Նարեկ Մարտիրոսյան
18:28 - 04 հոկտեմբերի, 2021