Գիտություն

Գիտարբուք Հայկ Սարգսյանի հետ. Քվանտային աշխարհը ներխուժում է մեր առօրյա կյանք

Գիտարբուք Հայկ Սարգսյանի հետ. Քվանտային աշխարհը ներխուժում է մեր առօրյա կյանք

Գիտարբուք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսյանի հետ. - Ինչպե՞ս ծնվեց քվանտային ֆիզիկան - Ատոմի կառուցվածքի բացահայտումը - Լուի դը Բրոյլի տեսությունը - Շրյոդինգերի հավասարումը և քվանտային մեխանիկայի «երկրորդ ծնունդը» - Քվանտային մեխանիկայի կիրառական նշանակությունը - Նանոտեխնոլոգիաների դարաշրջանի սկիզբը - Քվանտային տելեպորտացիայի, գրավիտացի և ժամանակը հետ պտտելու մասին - Բելլի անհավասարությունները և դաբլ սլիթ փորձը - Լարերի տեսություն - Գրաֆենային ծածկույթների կիրառությունն անվտանգության ոլորտում - Կենդանի օրգանիզմների տելեպորտացիայի մասին - Շրյոդինգերի կատու. վերադրման սկզբունք - Քվանտային համակարգիչներ - Քվանտային տեխնոլոգիաները բոլորին հասանելի դարձնելու մասին - Դիտորդ - դիտման օբյեկտ - փոխազդեցություն երրորդությունը և դիտորդի դերը - Հայաստանի հնարավորությունները քվանտային հետազոտությունների ոլորտում - Գերլուսային արագության մասին
17:03 - 07 մարտի, 2023
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեկ միջազգային գիտահետազոտական կենտրոնը Հայաստանի գիտական և կրթական էկոհամակարգի վրա

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեկ միջազգային գիտահետազոտական կենտրոնը Հայաստանի գիտական և կրթական էկոհամակարգի վրա

Խորհրդային ժամանակաշրջանից մնացած գիտական ժառանգություն, արագ զարգացող բարձր տեխնոլոգիական ոլորտ, Սփյուռքի մեծ ներուժ և երկրում ներդրումներ կատարող միջազգային կազմակերպություններ. Հայաստանի այն առավելությունները, որոնք գրավեցին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» միջազգային ընկերությանը, և երրորդ գիտահետազոտական կենտրոնը (R&D Center) բացվեց Հայաստանում։ Արդյունքում 2018 թվականին բացված PMI Science գիտահետազոտական կենտրոնն արդեն շուրջ 16 միլիոն դոլար է ներդրել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում, համագործակցում է Հայաստանի 150-ից ավելի գիտնականների, գրեթե բոլոր գիտահետազոտական ինստիտուտների ու պրոֆիլային համալսարանների հետ։ Կենտրոնի նպատակն է իր ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստել Հայաստանում այնպիսի գիտական էկոհամակարգի ձևավորմանը, որը խթանում է նորարարութունը, երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը հրապուրիչ է  դարձնում և ունակ է ներդրումներ գրավելու մասնավոր հատվածից։    Նորարարությունն ու գիտությունը՝ ընկերության գործունեության հիմքում «Ֆիլիպ Մորրիսի»  PMI Science գիտահետազոտական կենտրոնը գտնվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում։ Կենտրոնը Հայաստանում բացվել է 5 տարի առաջ և PMI-ի երրորդ գիտահետազոտական կենտրոնն է ամբողջ աշխարհում։ Մյուս երկուսը գտնվում են Շվեյցարիայում (Կուբ) և Սինգապուրում։ PMI-ի՝ տարբեր երկրներում տեղակայված մասնաճյուղերն ու գիտահետազոտական կենտրոնները որդեգրել են գործունեության մատրիցային կառավարման սկզբունքը. բոլորը բոլորի հետ աշխատում են, նույն խնդիրների լուծման շուրջ համագործակցում և գիտելիքներ փոխանակում։  Ըստ հաղորդակցման և գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի՝ PMI-ի բոլոր կենտրոններն էլ տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում են։ Դժվար է գտնել արտադրանք, որի գաղափարը կամ արտադրությունը սահամափակվի միայն մեկ երկրով։ Բոլոր ծրագրերը փոխկապակցված են նոր սերնդի այլընտարնքային պրոդուկտների հետ, որոնց վրա էլ ընկերությունը կառուցում է իր զարգացման ռազմավարությունը։  Նոր արտադրանքների և ոլորտների զարգացումը PMI-ում սկսվել է դեռևս 1990-ականների վերջերին։ 2008 թվականին PMI-ը բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում գիտության և գիտնականների հետ աշխատանքներ իրականցնելու ուղղությամբ։  Որոշ ժամանակ անց հստակ ռազմավարություն է մշակում, ըստ որի՝ 2025 թվականին իր եկամուտների 50 տոկոսը ստանալու է այլընտրանքային պրոդուկտներից։ Ընկերությունն արդեն իսկ 9 միլիարդ դոլարից ավելի ներդրումներ է  իրականացրել անծուխ արտադրատեսակների մշակման ու գիտական գնահատման համար։  «Ցանկացած խոշոր ընկերության զարգացման միակ ճանապարհը նորարարություններն են։ Եթե այդ ուղղությամբ քայլեր չեն արվում, ապա ընկերությունը գոյատևել չի կարող։ Հենց սրա համար է կենտրոնը կարևորում աշխատանքը գիտնականների հետ»,- նշում է ընկերության ավագ գիտաշխատող Վարդան Սարգսյանը։   Ուժեղացնել Հայաստանի գիտական և կրթական էկոհամակարգը ներսից Շվեյցարիայի գիտահետազոտական կենտրոնում ներքին ծրագրերի վրա աշխատում է ավելի քան 900 գիտնական, իսկ Հայաստանի գիտահետազոտական կենտրոնը ավելի շատ շեշտը դնում է արտաքին հետազոտությունների վրա՝ դրանով իսկ ձեռք բերելով յուրահատուկ աշխատելաոճ․ ծրագրերի մեծամասնությունը իրականացվում է գիտական ինստիտուտների հետ համագործակցությամբ։ PMI-ը տարեկան 10 մագիստրոսի տրամադրում է կրթաթոշակ, 10 ասպիրանտ ամեն ամիս 350 հազար դրամից ավելի աջակցություն է ստանում։ Գիտական խմբերն իրենց գաղափարներն իրականացնելու համար նույնպես ստանում են աջակցություն. յուրաքանչյուր խումբը՝  շուրջ 7 մլն դրամ։  «PMI-ի որդեգրած սկզբունքն այն է, որ համագործակցենք համալսարանների և գիտական ինստիտուտների հետ։ Դրա համար մեզ մոտ ներքին հետազոտությունները քիչ են, և հիմնական հետազոտություններն իրականացնում են մեր արտաքին գործընկերները։ Այս ընթացքում համագործակցել ենք ֆիզիկայի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների, Պոլիտեխնիկի, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական համալսարանի և այլ համալսարանների ու ինստիտուտների հետ»,- պատմում է նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը։  Թե ինչպես է ընտրվում համալսարանը կամ գիտական ինստիտուտը, որի հետ համագործակցելու են, կախված է իրականացվող նախագծի բնույթից։ Իսկ նախագծերի թեմաները, ինչպես ցանկացած նորարարական ընկերությունում,  PMI գիտահետազոտական կենտրոնում ևս կարող են կտրուկ տարբերվել։ PMI Science գիտահետազոտական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնցից անվճար կարող է օգտվել Հայաստանի ցանկացած գիտնական կամ գիտական կազմակերպություն։ Կենտրոնն իր գիտական և կրթական ծրագրերով նպաստում է Հայաստանում մի շարք գիտակարգերի զարգացմանը՝ նյութաբանություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա և այլն։  Գիտահետազոտական կենտրոնում միջազգային չափանիշներին համապատասխանող աշխատանքային գործընթացները նպաստում են Հայաստանի գիտական էկոհամակարգում համագործակցության մթնոլորտի և աշխատանքային մշակույթի զարգացմանը։     «Հայաստանում գիտական աստիճան ստանալուց հետո շատերը թողնում են գիտությունը և անցնում  այլ աշխատանքի, որը, ի տարբերություն գիտության, ֆինանսապես ավելի շահավետ է։ Գիտական աշխատանքը մեր ապագան է, և ընկերությունը շատ լավ գիտակցում է, որ եթե չունենա գիտնականներ և համապատասխան մասնագետներ, նորարական բազմաթիվ խնդիրներ լուծելն անհնար կլինի: Այդ է պատճառը, որ PMI-ը երիտասարդ գիտնականների համար տարբեր ծրագրեր է իրականացնում։ PMI-ի կողմից տրամադրվող աջակցությունը նպաստում է, որ երիտասարդ գիտնականները մնան գիտության մեջ, նույնիսկ եթե նրանք այս պահին մեզ հետ չեն համագործակցում։ Բացի այդ` ընկերությունը սեփականության իրավունքի ոչ մի հավակնություն չունի այն աշխատանքների նկատմամբ, որոնք արվում են դրամաշնորհ ստացած երիտասարդ գիտնականների և ուսանողների կողմից»,- ասում է Վարդան Սարգսյանը։  «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում գիտությունը թերֆինանսավորված է,- ասում է Տաթևիկ Հովհաննիսյանը։- Մենք ունենք լավ գիտնականներ, բայց, միևնույն ժամանակ, գոյություն ունի գիտնականների արտահոսք, որոնք հեռանում են ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքներով։ Գիտության հարատևությունն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են երիտասարդ կադրեր։ Եթե նայենք, թե ինչ է կատարվում աշխատանքային շուկայում և մասնագիտական կողմնորոշման ոլորտներում, ապա կտեսնենք, որ երիտասարդների քիչ տոկոսն է, որ իրեն տեսնում է որպես ապագա գիտնական։ Գիտնականները չեն ստանում այն ֆինանսավորումը, որին արժանի են։ PMI-ը մշակել է էկոհամակարգի զարգացման ռազմավարություն։ Ենթադրվում է որ գիտնականին կամ այն մարդուն, որ որոշել է դառնալ գիտնական, մենք տանք աջակցություն՝ սկսած հենց մագիստրոսական կրթությունից»։ Ըստ Վարդան Սարգսյանի՝ Հայաստանի գիտական էկոհամակարգի պոտենցիալը բավականին մեծ է։ Մեր գիտնականներն անգամ ամենաանելանելի ու սուղ պայմաններում կարողանում են լուծումներ գտնել։ Սակայն գիտական հոդվածների տպագրման համար գիտնականները պետք է որաշակի չափումներ իրականացնեն, որոնք պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Դա անհնար է դառնում սարքավորումների բացակայության պայմաններում։ Թվում է, որ խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել, սակայն գիտական համայնքի հաջորդ խնդիրը  լոգիստիկան է։ Շատ հաճախ դրսից սարքավորում պատվիրելը տևում է վեց ամսից մինչև մեկ տարի։ Այս դեպքում անհրաժեշտ սարքավորման բացակայության պատճառով գիտնականը մեկ տարի չի կարող աշխատել, հետևաբար նա այլևս մրցունակ չէ։    Գիտությունը և բիզնեսը պետք է ընկերություն անեն PMI Science գիտահետազոտական կենտրոնի նպատակներից է զարգացնել Հայաստանի մասնավոր հատվածում R&D-ով զբաղվելու մշակույթը։ Գիտահետազոտական (R&D) կենտրոնների աշխատանքի շնորհիվ նոր գիտելիք է ստեղծվում, բարելավվում են եղած տեխնոլոգիաները, արտադրանքները կամ գործընթացները, երկրում զարգանում է գիտահետազոտական, նորարարական միջավայրը՝ հիմք ստեղծելով բարձր տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար։  Պետական և մասնավոր հատվածում R&D էկոհամակարգի զարգացումը հատկապես կարևոր է նոր զարգացող երկրների համար, որոնց շարքում է նաև Հայաստանը։ Մասնավոր հատվածում գիտահետազոտական աշխատանքներ զարգացնելու համար պետությունները պետք է ոչ միայն ուժեղ և աշխատող խթանիչներ մշակեն՝ երկրում գործող ընկերություններին ներգրավելով գիտահետազոտական (R&D) աշխատանքների մեջ, այլև միջազգային ընկերությունների համար գրավիչ պայմաններ ստեղծեն՝ երկրում գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այս տեսանկյունից «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի գիտահետազոտական կենտրոնն իր տեսակով Հայաստանի համար կարևոր նախադեպ է։  «Հայաստանում միջազգային գիտահետազոտական կենտրոնը նպաստում է երկրում գիտության և բիզնեսի զարգացման համար կարևոր արժեշղթայի ստեղծմանը և հետագայում դրա կայուն զարգացմանը»,- ասում է PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանը։ Ըստ Վահե Դանիելյանի՝ Հայաստանի գիտական էկոհամակարգում ամենամեծ անորոշություններից մեկը կապված է գիտելիքի առևտրայնացման (knowledge transfer) հետ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գիտահետազոտական ինստիտուտների ստեղծած գիտական արդյունքի և այդ արդյունքի առևտրայնացման միջև բազմաշերտ համակարգ է աշխատում՝ հստակ գործողություների շղթայով, որ Հայաստանում գրեթե ամբողջությամբ բացակայում է։ Այդ համակարգի կառուցման և զարգացման մեջ պետության դերը անփոխարինելի է։ Միայն պետությունը, համագործակցելով մասնավոր ընկերությունների, հիմնադրամների հետ, կարող է մշակել գիտելիքի առևտրայնացման` Հայաստանի համար աշխատող համակարգ։  Հայաստանում գիտությունն ամենատարածված ոլորտներից է եղել։ Մենք ունեցել են գործարաններ ու լաբորատորիաներ, որոնք զբաղվել են կոնկրետ խնդիրների լուծմամբ։ Եղել է  համագործակցություն տնտեսության ու գիտության միջև։ Գիտնականը խնդիր չի ունեցել իր աշխատանքն առևտրայնացնելու, որովհետև պետությունը պատվերը տվել է ու հետո գնել է արդյունքը։ «Էկոհամակարգի խնդիրներից մեկն էլ այն է, որ ինստիտուտները դեռևս չեն կարողանում մասնավոր հատվածի հետ համակարգված աշխատել։ Մասնավոր հատվածն այն շարժիչ ուժն է, որը հիմա թելադրում է գիտությանն այն խնդիրները, որոնց վրա կարելի է աշխատել։ Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների զարգացման համար շատ կարևոր է ունենալ մասնավոր հատվածում ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են R&D-ներով։ Հետևաբար կարևոր է, որ պետությունը խթանող մեխանիզմներ դնի գիտությանը աջակցելու համար, բացահայտի իր ուժեղ կողմերը, ուղղությունները և փորձի շահագրգռել մասնավոր R&D աշխատանքներ անելու համար»,- նշում է ինովացիաների և էկոհամակարգի զարգացման պատասխանատու Աննա Գևորգյանը։ PMI Science գիտահետազոտական կենտրոնը համոզված է՝ որքան շատ ընկերություններ լինեն Հայաստանում, որոնք կզարգացնեն մասնավոր հատվածը, կզբաղվեն R&D աշխատանքներով և պատրաստ կլինեն համագործակցել հատկապես ֆունդամենտալ գիտության հետ, այնքան գիտական համայնքը կշահի, Հայաստանում գիտական էկոհամակարգը կզարգանա։  Հոդվածը գրվել է «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացի շրջանակում, որը կազմակերպել էին «Գիտուժ» նախաձեռնությունը և ISTC հմնադրամը։ Հոդվածի հեղինակ՝ Լուսինե Գուլյան
13:14 - 04 մարտի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [32] Արսեն Բոբոխյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [32] Արսեն Բոբոխյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի տասմկեկերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի հետ։ - Ինստիտուտի գործունեությունը և հետազոտությունների մեթոդաբանությունը - Հնագիտական հետազոտությունները և դրանց կապը այլ գիտակարգերի հետ - Տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում տպագրվելու մասին - Գիտական քաղաքականություն և գիտական արտադրանք - «Բրենդային» ուղղություններ - Ինքնությունն ու հիշողությունը ազգային անվտանգության համատեքստում - Հայ հումանիտար մտքի լճացման մասին - Ինստիտուտի զարգացման հեռանկարները - Ինստիտուտի շենքի ճակատագիրը - Պետական մարմինների հետ գործակցության մասին
16:43 - 03 մարտի, 2023
Գիտարբուք Արշակ Բալայանի հետ. Գիտությունը հանրային կյանքում

Գիտարբուք Արշակ Բալայանի հետ. Գիտությունը հանրային կյանքում

Գիտարբուք փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանի հետ։ - Ներածություն - Գիտության փիլիսոփայություն. փիլիսոփայությունը՝ գիտությունների մայր - Ճշմարտություն, դատողություն, պատճառ - Գիտության զարգացումը և գիտական ճշմարտությունը - Գիտության հեգելյան սահմանման ակտուալությունը - Փիլիսոփայական հեղափոխության հնարավորությունը - Ֆալիբիլիզմը գիտության փիլիսոփայության համատեքստում - Գիտական փորձագիտության խնդիրը - Պատասխանատվություն սխալ փորձագիտական կարծիքի համար - Գիտնականների/գիտության սխալականությունը - Գիտնականների մասին կարծրատիպերը - Փիլիսոփաների պահանջարկը շուկայում - Բարոյագիտության նպատակները - Գիտության ներդրումը հանրային կյանքում - Փորձագետների պատասխանատվությունը հանրային կյանքում - Փորձագետներին ընտրելու սեփական փորձը ______________ Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun  
15:34 - 28 փետրվարի, 2023
«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն լայն կոնսենսուսի պարագայում»․ ԳԱԱ-ն դեմ է ինստիտուտների և բուհերի միավորմանը

Վերջին օրերին սկսել է քննարկվել գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորման հարցը։ Այս թեմայով խոսակցություններ կային դեռևս նախորդ տարվա սկզբին, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։   Հնարավոր միավորման մասին առաջին խոսակցությունները 2022-ի ամռանը կառավարությունը հաստատեց «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս խոսեց նաև առաջարկվող կարևոր փոփոխությունների մասին․ «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել պետական բուհերի, ըստ ուղղությունների, խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը։ Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»։  Նախագծում նշվում է նաև, որ առաջարկվող փոփոխություննների արդյունքում 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Խորհրդարանն ընդունել է նախագիծը, իսկ Հանրապետության նախագահն այն ստորագրել է 2022-ի դեկտեմբերին։ Գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի միավորման թեման վերջին օրերին սկսեց կրկին քննարկվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ)։ Այստեղ նա հանդիպեց Ակադեմիայի ղեկավարության և ԳԱԱ կազմում ընդգրկված ինստիտուտների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հանդիպման ընթացքում, դատելով ԳԱԱ տարածած մամուլի հաղորդագրությունից, քննարկվել է նաև ինստիտուտների ու բուհերի միավորման թեման։ Ինստիտուտների տնօրենները դեմ են արտահայտվել նման հնարավոր փոփոխությանը, իսկ ԳԱԱ ղեկավարությունն ունի փոփոխությունների սեփական առաջարկը։   Ինչպես հարցը բերվեց օրակարգ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը պատմում է, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր և համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև․ «Հուլիսի 1-ին այն պետք է արժանանար վերջնական հավանության և ապա գնար Ազգային ժողով»։ Հիշեցնենք, որ օրենքի նախագծի առաջին տարբերակն ԱԺ-ն ընդունել էր 2021-ին, սակայն դրա որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել։ 2022-ի ամռանն այն լրամշակման փուլում էր (վերջին լրամշակված տարբերակը հրապարակվել է 2022-ի հոկտեմբերին)։ 2022-ի հուլիսին օրենքի լրամշակված տարբերակը չդրվեց շրջանառության մեջ, քանի որ կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը։ Ապա վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն, ըստ Արթուր Իշխանյանի, սկսեց գործել 2022-ի աշնանից։ «Ստեղծվեց այդ աշխատանքային խումբը, որի  կազմում ընդգրկված է, որքան գիտեմ, 9 հոգի։ Ոչ մի բուհի ռեկտոր չկա, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն չկա․ միայն Ակադեմիայի նախագահն է, Գիտկոմի նախագահը, իսկ մյուսները բավականաչափ հեռու են ոլորտից։ Եվ սա շատ մեծ անհանգստություն է առաջացնում։ Քննարկումները եղել են փակ, օպերացիոն մակարդակի հիմնական շահառուների մասնակցայնության զրո աստիճանով»,- ասում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։ Նրա խոսքով հենց այս աշխատանքային խումբն էլ քննարկել է գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու սցենարը, ընդ որում՝ առաջարկվում է այս փոփոխությունն իրականացնել 8 ամսվա ընթացքում։ Ակադեմիայի ղեկավարությունը դեմ է եղել նման փոփոխությանը։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ներկայացրել է Ակադեմիայի մշակած առաջարկը, որին, ըստ Արթուր Իշխանյանի, իրենց համաձայնությունն են տվել նաև ԳԱԱ ինստիտուտների տնօրենները։ Կառավարությունը, սակայն, հակված չէ ընդունելու ԳԱԱ առաջարկը։ Արթուր Իշխանյանը շեշտում է՝ այն հանգամանքը, որ քննարկումը կայացել է առանց ռեկտորների և ինստիտուտների տնօրենների հետ խորհրդակցելու, ինստիտուտների տնօրենների մոտ զարմանք և դժգոհություն է առաջացրել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ ունեցել են մասնավոր քննարկումներ բուհերի ռեկտորների հետ, և իրենց տպավորությամբ նրանք էլ են դեմ որոշմանը։ «Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն մեծ, լայն կոնսենսուսի պարագայում։ Այդ կոնսենսուսին կարելի էր հասնել, եթե նմանատիպ քննարկումներին մասնակցեին շահագրգիռ կողմերը։ Այսպիսի հարցում այս գործելաոճն անընդունելի է»,- նշում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։    Ինչու է ԳԱԱ-ն դեմ միավորմանը Խոսելով հետազոտական ինտիտուտների և բուհերի համագործակցության կարևորությունից՝ Արթուր Իշխանյանը նախ նշում է երկու խնդիր։ Առաջին խնդիրն ինստիտուտներում է․  գիտական համակարգը կարիք ունի սերնդափոխության, նոր, երիտասարդ կադրերի ներգրավման, և այդ նոր կադրերը պետք է գան բուհերից։ Երկրորդ խնդիրը բուհերում է․ «Բուհերն ունեն ուսման մակարդակի բարձրացման խնդիր։ Բուհերում գոյություն ունեն որոշ դեպքերում հնացած կրթական ծրագրեր, շատ քիչ են այդ ծրագրերն առնչվում արդիական գիտական ուսումնասիրություններին»։  Խնդիրներից մեկն էլ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, այն է, որ բուհերի դասախոսների ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տալիս զբաղվելու գիտական աշխատանքով։ Անդրադառնալով արդեն ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորմանը՝ Արթուր Իշխանյանը նշում է․ «Խոսքն ավելի շատ մեխանիկական միավորման մասին է, որ բուհերի հաշվետվություններում ներգրավվի Ակադեմիայի տված գիտական արդյունքը, որը դեռևս բավականաչափ բարձր դիրքեր է զբաղեցնում։ Արդյունքում տվյալ համալսարանի գիտական արդյունքը կշատանա, և դա նրան հնարավորություն կտա վարկանիշային աղյուսակներում ինչ-որ զարգացում ունենալ, բարձրանալ։ Սկսենք նրանից, որ թեպետ գիտական արդյունքը ռեյտինգների կազմման հարցում կարևոր ցուցանիշ է, բայց միայն դրանով չէ, բազմաթիվ այլ ցուցանիշներ կան՝ սկսած սաքավորումների քանակից և այլն։ Միայն դրանով շատ բանի հասնել հնարավոր չէ։ Կա Վրաստանի տապալված փորձը, երբ այդ մեխանիկական միավորման արդյունքում ինստիտուտները բացարձակ տուժեցին, մեծամասամբ վերացան․ օրինակ, 270 գիտաշխատող ունեցող 3 ինստիտուտից մնաց գումարային ընդամենը 32 գիտաշխատող։ Իսկ 20 տարվա ընթացքում Վրաստանի համալսարանը կարողացավ միայն 100 կետով բարձրանալ մինչև մոտ 1500-րդ տեղ։ Այսինքն, մեխանիկական միավորման  իրական արդյունքն, ըստ երևույթին, լինելու է բավական աննշան»։ Հիշեցնենք՝ կառավարությունը խոստանում է, որ 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում։ Արթուր Իշխանյանի խոսքով կառավարությունը ռիսկերի գանահատում չի իրականացրել։ Նա մի քանի կարևոր կետեր է առանձնացնում, թե ինչու է ռիսկային գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնելը։  Համապատասխան ֆինանսական ռեսուրսների ներհոսք չկա նման լայնածավալ փոփոխություն իրականացնելու համար։ Բուհերը շոշափելիորեն ավելի ծանրաքարշ կառույցներ են․ «Բուհերում, օրինակ, գնումների գործընթացը տևում է անգամներ երկար։ Դա բացասական է անդրադառնալու ինստիտուտների գործունեության վրա»։ Բուհական համակարգը չունի բրգաձև կառույց․ «Բրգաձև կառույցը ֆիզիկայից հայտնի է որպես առավել կայուն, իսկ կայունության ծարավ այսօր մենք ունենք ամեն ինչում։ Եվս մեկ ցնցում հարուցել առանց դրա էլ ցնցված մեր այս իրավիճակում անընդունելի է»։ Հասարակական-քաղաքական կայունության ժամանակը․ «Եթե մենք ունենայինք քաղաքական կայունության երաշխիքներ 20-ամյակի կտրվածքով, ինչպիսին ուներ Էստոնիան՝ Եվրամիության անդամ լինելով, խնդրեմ։ ԵՄ-ի նման կայուն, կայացած, քաղաքակրթական համակարգում կարելի է անել այդպիսի ռեֆորմներ։ Մենք կարո՞ղ ենք խոսել քաղաքական կայունության մասին։ Չէ՞ որ 10 տարի տևելու պարագայում հաջորդ կառավարությունը կարող է գալ, ասել՝ ո՛չ, չենք անում։ Իսկ եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ եղա՞ն»։ Ակադեմիան ունի պատմական նշանակություն․ «Տեսեք՝ այս 30 տարվա ընթացքում որքան ոտնձգություններ են եղել գիտական համակարգի գույքի, տարածքների նկատմամբ։ Նույնիսկ սեփականաշնորհել էին Արագածի կայան գնացող էլեկտրագծերը։ Ապօրինի կերպով սեփականաշնորհել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լողավազանը և այնտեղ հիմա շինարարություն են անում։ Ակադեմիայի համակարգից դուրս գտնված ինստիտուտների մեծ մասը վերացել է։ Իսկ Ակադեմիան մեծամասամբ պահպանվել է։ Սա պատմական առաքելություն էր, որն Ակադեմիան իրականացրել է, և որը պետք է ողջունվի, գնահատվի պետական տեսակետից։ Ակադեմիական համակարգի կայունությունը կարևոր հանգամանք է»։ Արթուր Իշխանյանը հավելում է, որ, ընդհանուր առմամբ, Ակադեմիան ավելի զարգացած է, քան բուհական համակարգը․ «Ուստի, առնվազն ինտուիտիվ մակարդակով տրամաբանական չէ պակաս զարգացած համակարգի գերակայությունը ավելի զարգացածի նկատմամբ։ Ես հակառակը կառաջարկեի՝ Ակադեմիայի կողմից բուհերի նկատմամբ որոշ վերահսկողություն՝ առնվազն գիտական մասով, կարելի է նաև՝ ուսումնական։ Դե իսկ, բացի ասվածից, գաղտնիք չէ նաև, որ բուհական համակարգը շատ ավելի քաղաքականացված է և կոռումպացված, քան Ակադեմիան (hամենայն դեպս, այդպիսին է հանրային կարծիքը)։ Ընդհանրապես, պետք է ասել, որ Ակադեմիան շատ ավելի դեմոկրատական կառույց է։ Եվ մենք հիմա դմեոկրատական քայլեր ավելի ենք անում, որովհետև բաց հարթակներ ենք ստեղծել, որտեղ լսում ենք բոլորին։ Ամեն գիտնական կարող է գալ, ներկայացնել ծրագիր, մենք դա քննարկում ենք, ընթացք ենք տալիս, կարող է բարեփոխումների պրոցեսին մասնակցել և այլն։ Նմանատիպ բաներ պատկերացնել բուհերում քիչ հավանական է հենց թեկուզ այն պատճառով, որ բուհերում շատ ավելի շատ են քաղաքականացված անձինք, իսկ Ակադեմիայի կազմում հիմնականում առավելապես միայն գիտությամբ հետաքրքրված մարդիկ են, նրանք ավելի քիչ են դրան ենթակա»։   Բարձրագույն կրթության և գիտության համագործակցության սցենարներ 2018-ին ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՄ Եվրոպական խորհրդին խորհրդատվական աջակցության համար։ Եվրոպական խորհուրդն անկախ փորձագետներից աջակցման խումբ էր ձևավորել, որը ՀՀ կառավարությանը պետք է առաջարկություններ ներկայացներ հետազոտական ինստիտուտների գործունեության ամրապնդման և բուհերի ու ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման համար։ Անկախ փորձագետների խումբը 2019-ին երկու անգամ այցելել էր Հայաստան, իսկ ուսումնասիրություններից հետո զեկույց կազմել, որը հրապարակվեց 2020-ին։ Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի կրթության ու գիտության առկա վիճակը, զարգացման հնարավոր սցենարները, ինչպես նաև այլ երկրների օրինակներով խորհուրդ-առաջարկներ, թե ինչ փոփոխություններ է պետք իրականացնել։ Հետազոտական համակարգի համախմբման համար անկախ փորձագետներն այս փաստաթղթում ներկայացնում են երեք հնարավոր սցենար․ Պահպանել ինստիտուտների ստատուս քվոն և փորձել խթանել ինստիտուտների ու համալսարանների համագործակցությունն ու «կամավոր» միավորումները։ ԳԱԱ կազմում ընդգրկված և դրանից դուրս գործող այլ ինստիտուտներն ինտեգրել բուհերում։ Փաստաթղթում նշվում է, որ այլ երկրներում այսպիսի փոփոխությունը տևական ժամանակահատվածում է իրականացվում, և բերվում է  Էստոնիայի օրինակը, որտեղ նախկին ԳԱԱ ինստիտուտների ամբողջական ինտեգրումը համալսարաններին տևել է առնվազն մեկ տասնամյակ։ Ուժեղացնել բուհերի հետազոտական բաղադրիչը և վերակազմավորել ինստիտուտները՝ որպես հանրային աջակցություն ունեցող մեկ կամ մի քանի հետազոտական կազմակերպություններ, որոնք նման են եվրոպական երկրներում գործողներին (օրինակ՝ CNRS-ը Ֆրանսիայում, Ֆրաունհոֆերի, Լայբնիցի, Հելմհոլցի և Մաքս Պլանկի ինստիտուտները Գերմանիայում և այլն):  Փորձագետները խորհուրդ չեն տալիս միանգամից ռադիկալ փոփոխություններ իրականացնել, որ սցենարն էլ ընտրելու լինի կառավարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ գիտահետազոտական ինստիտուտների արագ միավորումը բուհերի հետ կարող է հանգեցնել արդյունավետության թուլացման․ «Հայաստանյան բուհերի կարողությունները՝ ապահովելու այնպիսի հիմք, որի շրջանակներում ինստիտուտները կարող են որակյալ հետազոտություններ իրականացնել, թույլ է: Բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացի արդյունքներն ընդգծում են, որ քիչ բուհեր ունեն բավարար ռազմավարություններ՝ իրենց ԳՀՓԿ գործառույթը կառավարելու համար: Հայաստանը պետք է ուշադիր ուսումնասիրի Վրաստանում և Մոլդովայում նմանատիպ բարեփոխումների դասերը և խուսափի սխալներ թույլ տալուց, ինչպես, օրինակ, թերի բարեփոխում իրականացնելը՝ թողնելով ինստիտուտներին անորոշ կարգավիճակով, առանց բավարար ֆինանսավորման, համալսարաններ տեղափոխված հետազոտողներին դարձնելով «երրորդ կատեգորիայի» կադրեր և այլն»։   Ինչ է առաջարկում ԳԱԱ-ն Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ-ն այս երեք սցենարներից բացառում է առաջինը և երկրորդը։ Առաջինն, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, պահպանողական տարբերակ է․ «Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մեզնից պահանջում են ավելի ակտիվ քայլեր։ Մենք շատ երկար ժամանակ չունենք, պիտի ձգտենք նաև ինչ-որ արագություն ապահովել»։ Երկրորդ՝ միավորման սցենարին դեմ են և՛ ԳԱԱ ղեկավարությունը, և՛ ինստիտուտների ղեկավարները վերևում թվարկված ռիսկերի պատճառով։ ԳԱԱ-ն, ինչպես արդեն նշեցինք, իր սեփական առաջարկությունների ծրագիրն է մշակել ու  ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը շատ նման է փորձագետների ներկայացրած երրորդ սցենարին։ Այսպիսով, ԳԱԱ-ն առաջարկում է, որ չփոխվեն ո՛չ ինստիտուտների, ո՛չ բուհերի կարգավիճակները, փոխարենը ստեղծվեն համատեղ հետազոտություններ իրականացնող գիտաուսումնական ցանցեր, որտեղ կներառվեն և՛ բուհերը, և՛ ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ կարող է, օրինակ, ձևավորվել կենսաբանական ուղղության ինստիտուտների և համալսարանների կենսաբանական ուղղվածության ֆակուլտետների ցանց։ Այս ցանցերում կիրականացվեն համատեղ գիտական աշխատանքներ, որոնց համար Գիտկոմը կհայտարարի համապատասխան դրամաշնորհային մրցույթներ։ Հետազոտությունները համատեղ կղեկավարեն Ակադեմիայի և բուհերի գիտնականները, իսկ խմբերում կներառվեն բուհերի մագիստրոսներն ու ասպիրանտները։ Ակադեմիային նաև կտրվի համապատասխան բուհական ծրագրերի փորձաքննությունը։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ըստ ԳԱԱ առաջարկի՝ այս ցանցերը չեն լինելու միայն «մաքուր» հետազոտական․ որոշ ցանցեր կլինեն գիտաարտարդրական, այսինքն՝ գիտական արդյունքը կհասցվի մինչև արտադրական փուլ։ ԳԱԱ առաջարկած սցենարն, ըստ Արթուր Իշխանյանի, կլուծի և՛ ինստիտուտներում կադրերի խնդիրը, և՛ բուհերում հետազոտական բաղադրիչի խնդիրը․ «Այսպիսի ցանցերի ձևավորումը կբարձրացնի համալսարանական գիտության մակարդակը և միաժամանակ կսկսի անդրադառնալ մագիստրոսական ծրագրերի վրա, որովհետև այդ ծրագրերում պարտադիր ընդգրկվելու են մագիստրոսներ և ասպիրանտներ։ Ակնհայտարաբար, այն գիտնականները (ինչպե նաև մագիստրոսները և ասպիրանտները), որոնք կընդգրկվեն այդ հետազոտություններում, կծանոթանան գիտության առաջնագծային արդյունքներին․ դա չի կարող չարտացոլվել ծրագրերում։ Մագիստրոսական ուսումը հետազոտական բաղադրիչ է ենթադրում, և մագիստրոսները հենց այդ հետազոտական բաղադրիչը կսկսեն անել»։  Անդրադառնալով այն հարցին, որ բուհերի դասախոսները հաճախ գործող գիտնականներ չեն և գիտությամբ չեն զբավում՝ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտները բուհերին միավորելը չի լուծի այս խնդիրը։ Նրա խոսքով այժմ էլ ակադեմիայի 600 գիտնականներ դասավանդում են հայաստանյան բուհերում, իսկ բուհերն ավելի շատ կադրեր չեն կարող վերցնել, քանի որ դասաժամերը զբաղված են։ «Պետք է դասախոսների ծանրաբեռնվածություններն իջեցվեն, և որոշակի ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմը հատկացնի գիտական հետազոտություններին, դրանով տեղյակ լինի արդի զարգացումներից և արտացոլի դա իր ուսումնական ծրագրերում։ Դա՝ մեկ։ Ապա՝ իր հետազոտական ծրագրերում պետք է ներգրավի իր ուսանողներին՝ նրանց մագիստրոսական ծրագրերն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այդ ծանրաբեռնվածության նվազեցումը կբերի կրկնակի էֆեկտի,- նշում է Արթուր Իշխանյանն ու շեշտում, որ իրենց առաջարկած սցենարով շարժվելու դեպքում փոփոխությունները չպետք է իրականացվեն միանգամից։- Այսպիսի մի ցանց պետք է ստեղծել, փորձարկել 1-2 տարի այդ մոդելը, եթե հաջողված է, եթե մենք տեսնում ենք, որ արդիականացվեցին ուսումնական ծրագրերը, և գիտական արդյունքի աճ գրանցվեց, այդ գնահատականի հիման վրա արդեն հաջորդ քայլին ստեղծել այդպիսի 5-10 ցանց»։   Ով պիտի ղեկավարի ցանցերը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում Արթուր Իշխանյանը նաև նոր առաջարկ էր արել, որն, ըստ նրա, լրացնում է ԳԱԱ մշակած առաջարկը։ Այն է՝ ստեղծվելիք ցանցերն ունենան ղեկավար մարմին, որտեղ մեծամասնություն կլինի և որոշումներ կայացնելու լիազորություն կունենա Ակադեմիան։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս առաջարկն ունի երկու պատճառ․ առաջինն այն է, որ Ակադեմիան ավելի կայացած կառույց է, քան բուհերը, երկրորդը, որ Ակադեմիայի ինստիտուտներն ունեն ավելի մեծ աշխատակազմ, քան բուհերի համապատասխան ֆակուլտետները, և տալիս են ավելի շատ գիտական արդյունք․ «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն, օրինակ, ունի համեմատաբար քիչ թվով աշխատակիցներ, իսկ մեր 7-8 ինստիտուտներն ավելի մեծ թվով աշխատակիցներ, որոնք տալիս են շոշափելի գիտական արդյունք։ Կամ պատմության ֆակուլտետում կա 30-ի կարգի աշխատակից, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ունի 180 աշխատակից։ Անտրամաբանական է վերջիններս միավորել բուհերին, ընդ որում՝ բուհերի թուլության պարագայում»։  Արթուր Իշխանյանի խոսքով Ակադեմիայն պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել․ «Մենք կարող ենք բուհերին մեր դրական փորձը փոխանցել, բայց եթե պահպանողական միջավայր լինի, նրանք լինեն մեծամասնությունը, ապա մեր առաջարկներին ընդառաջ չեն գնալու, որովհետև այդ առաջարկներն իրենց համար երբեմն ցավոտ են լինելու»։  Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ ղեկավարությունը կողմ է իր այս առաջարկին։ Հաշվի առնելով, որ ինստիտուտները բուհերին միավորելու նախագիծ դեռ չկա, և խոսքն աշխատանքային խմբի առաջարկի մասին է, Արթուր Իշխանյանը կարծում է, որ խոհեմությունը կհաղթի։   Ինստիտուտների օպտիմալացումը և ԳԱԱ բարեփոխումների օրակարգը Ինստիտուտները բուհերին միավորելու խոսակցությունների ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք շարունակում է օրակարգում մնալ ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացման թեման, որի մասին խոսվում է դեռ 2021-ից։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միացմամբ խոշոր կենտրոնների ստեղծման հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Չնայած Ակադեմիան պլանավորում էր ինստիտուտների միավորմամբ 8-9 խոշորացված կենտրոն ստեղծել, կառավարությունն առաջարկում է առայժմ 2 նման կենտրոն ստեղծել։ Պատճառն այն է, որ օպտիմալացումը ենթադրում է ֆինանսական միջոցների հատկացում՝ ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման նպատակով, և այս պահին միջոցներ կան միայն 2 կենտրոնի ստեղծման համար։  Նշված երկու կենտրոնները կստեղծվեն այս տարի․ առաջինում կմիավորվեն Բուսաբանության և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտները, երկրորդում՝ Մոլեկուլային կենսաբանության և Կենսաքիմիայի ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ գործընթացը ոչ շատ արագ տեմպերով իրականացնելն ունի դրական կողմեր․ «Մենք էլ շատ չէինք ուզի շտապել այն պատճառով, որ բոլոր դեպքերում, որքան սահուն, անցնցում տեղի ունենան պրոցեսներն, այնքան լավ։ Բացի այդ՝ երկրորդ, իմ անձնական տեսակետն ավելացնեմ․ մենք այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք գտնվում, որ չափից շատ են տարատեսակ ցնցումները, և կայուն ու սահուն քայլերն ավելի նպատաահարմար եմ համարում։ Ավելացնեմ երրորդը․ նմանատիպ գործունեություն ծավալելիս միգուցե մարտավարական տեսանկյունից ձեռնտու է ունենալ մեկ-երկու այդպիսի միավորում, հագեցնել դրանք ժամանակակից սարքավորումներով, արդիականացնել ենթակառուցվածքները, ապա փորձարկել, ցույց տալ, որ այդ միավորումը աշխատում է գործնականորեն, նոր արդեն միանգամից անել մնացած 6-ը»։  Քննարկումներ են եղել նաև Ակադեմիայից անկախ գործող գիտական կազմակերպությունների հետ, և ապագայում ստեղծվելիք կենտրոններում ԳԱԱ ինստիտուտների հետ կմիավորվեն նաև այդպիսի մի քանի կառույցներ։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միավորմամբ նոր՝ խոշոր կենտրոնների ստեղծման նախագիծը ԳԱԱ-ն մշակել ու ներկայացրել է վաղուց, սակայն ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս գործադիրը ուշ է արձագանքել։ ԳԱԱ կառուցվածքին, կանոնադրությանը, անդամների ընտրության կարգին վերաբերող մի շարք հարցեր կան, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում, իսկ կառավարությունն ամիսներով ԳԱԱ առաջարկները թողնում է անպատասխան, երբեմն՝ առանց հիմնավորման։ Այս խնդրի մասին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը խոսել էր նաև ԳԱԱ նախագահը։ Ակադեմիան ունի բարեփոխումների օրակարգ․ հինգ բաժանմունքի փոխարեն ԳԱԱ-ն ցանկանում է ունենալ երեքը, քանի որ բաժանմունքներն այս տարիներին տկարացել են։ Փոփոխության առաջարկով դիմել են կառավարությանը, բայց դեռ արձագանք չկա։  Մի տարի առաջ ԳԱԱ-ն առաջարկել էր ղեկավար կազմում պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային շեմի սահմանում։ Անցած տարվա վերջին միայն Ակադեմիայի առաջարկը ներառվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, սակայն նախագիծը դեռ չի ընդունվել։ Պետք է իրականացվեն Ակադեմիայի նոր անդամների ընտրություններ, և ԳԱԱ-ն ցանկանում է ընտրությունների համար բարձր չափանիշներ սահմանել, ինչը հնարավորություն կտա երիտասարդ, բարձրակարգ կադրերի ներգրավելու, որ վերջիններս ղեկավարեն ԳԱԱ բաժանմունքները։ Այս առաջարկին ևս արձագանք չկա։ Չնայած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունները քննարկվել էին ԳԱԱ ղեկավարության հետ, և նախագծում ներառվել էին Ակադեմիայի որոշ առաջարկներ, օրենքի լրամշակված տարբերակում այլ լրացումներ էլ են արվել, որոնց մասին ԳԱԱ-ն տեղյակ չէ։ Խոսքը, մասնավորապես, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորմամբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու մասին է։ Ստեղծվելիք կառույցը կիրականացնի նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս կառույցների՝ միմյանցից առանձին լինելը գործադիրի թևերի միջև լծակների որոշ հավասարակշռություն էր տալիս․ «Ընդհանուր դատողությունների տեսակետից՝ ամեն ինչ բերել մի կետի տակ պարունակում է և՛ վարչական միջամտությունների, և՛ սուբյեկտիվ որոշումների, և՛ քաղական ռիսկեր։ Այսինքն՝ հավասարակշռության մեխանիզմներից մենք զրկվում ենք։ Բայց ամեն ինչ, իհարկե, կախված է այն բովանդակությունից, որ կդրվի այդ միավորման տակ»։   Աննա Սահակյան
18:38 - 14 փետրվարի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [31] Մարինա Աղայան | Լիլիթ Մարգարյան

Երկար զրույց գիտության շուրջ [31] Մարինա Աղայան | Լիլիթ Մարգարյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի տասերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Լիլիթ Մարգարյանը զրուցում է AIP Scientific ընկերության համահիմնադիր, քիմիական գիտությունների թեկնածու Մարինա Աղայանի հետ։ - Ինչո՞վ է զբաղվում ընկերությունը - Գիտությունը եկամտաբեր դարձնելու և արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության մասին- Ընկերության նոու-հաուն․ ժամանակի ընթացքում քայքայվող իմպլանտների արտադրության մասին- Պետության դերը՝ ԳՀՓԿ աշխատանքների խթանման գործում․ Էստոնիայի փորձը- Ինդուստրիայի հետ աշխատելու անհրաժեշտության մասին- Հայաստան վերադառնալու և կարճ ժամանակում գործուն թիմ ձևավորելու մասին- Ինդուստրիայից գիտություն մարդիկ բերելու մասին- Մարզերի երիտասարդների ավելի մոտիվացված լինելու մասին- Մայրերի աշխատանքը խրախուսելու մասին- Գիտական ինստիտուտների և համալսարանների միավորման խոսակցությունների մասին․ միավորում սուզվող նավի հետ- Պետության ռազմավարության ներկայացման անհրաժեշտության մասին- Գիտության մեջ ռազմավարական ուղղությունների ընտրության անհրաժեշտության մասին- Հայաստանում քիմիական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների զարգացման պոտենցիալի մասին- Արտերկրից նոր մարդիկ, գաղափարներ ներգրավելու և երկակի նշանակության խնդիրներ լուծելու կարողությունների մասին- Գնումների ընթացակարգերում առկա խնդիրների մասին․ ժամանակի կորուստ և հավելյալ ծախսեր- Գիտության հանրայնացման, գիտության շաբաթի և գիտության բաց թանգարանների մասին
15:56 - 12 փետրվարի, 2023