Շվեդիա

Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար
 |1lurer.am|

Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում «կկայացվի անկախ դատարանների» կողմից: «Շվեդիայում օրենքները կիրառում են անկախ դատարանները: Շվեդիան չի արտահանձնում իր քաղաքացիներին, իսկ ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համատեղելի է Շվեդիայի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի հետ»,- ասել է արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը AFP-ի հարցմանն ի պատասխան: Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 «ահաբեկչի», ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը: Էրդողանը Շվեդիայից և Ֆինլանդիայից նաև պահանջել է չեղարկել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն, որը սահմանվել է ի պատասխան 2019 թվականին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժմանը: Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երեք կողմերը ստորագրել են 10 կետից բաղկացած հուշագիր, որն ուղղված էր փարատելու Անկարայի մի շարք մտահոգություններ: Էրդողանը նախազգուշացրել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետագա վարքագծով է պայմանավորված ՆԱՏՕ-ին անդամակցության նրանց դիմումների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում: «Եթե նրանք կատարեն իրենց պարտավորությունները, մենք դրանք կուղարկենք խորհրդարան։ Եթե ​​ չկատարեն, դա բացառվում է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
13:51 - 01 հուլիսի, 2022
Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրն իր քաղաքացիներին չի արտահանձնելու Թուրքիային

 |factor.am|

Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրն իր քաղաքացիներին չի արտահանձնելու Թուրքիային |factor.am|

factor.am: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների արտահանձնման հարցում իշխանությունները հետևելու են ազգային օրենսդրությանն ու միջազգային նորմերին և չեն արտահանձնելու Շվեդիայի քաղաքացիերին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Թուրքիան խնդրում է արտահանձնման մասին, սակայն ինչպես նախկինում՝ Շվեդիայում մենք, իհարկե, հետևում ենք շվեդական օրենսդրությանն ու միջազգային կոնվենցիաներին, երբ խոսքը գնում է արտահանձնման մասին։ Ես այսօր շատ հստակ հայտարարել եմ՝ մենք երբեք չենք արտահանձնի նրան, ով Շվեդիայի քաղաքացի է։ Եթե դուք ներգրավված չեք ահաբեկչական գործունեության մեջ, ապա անհանգստանալու ոչինչ չկա»,- ասել է Անդերսոնը CNN-ին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիան, Շվեդիան ու Ֆինլանդիան համաձայնության եկան ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ, Անկարան հայտել էր, որ կրկին նրանց կդիմի այն 33 անձնանց արտահանձնման հարցով, որոնց ահաբեկիչ է համարում։ 
15:46 - 30 հունիսի, 2022
Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում
 |1lurer.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում |1lurer.am|

1lurer.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն տևել է 1 ժամ 10 րոպե և անցել է փակ դռների հետևում։ Երկկողմ հանդիպումից առաջ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտության և Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում։ Բայդենը, իր հերթին, ողջունել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և Թուրքիայի դրական դիրքորոշումը, ինչի շնորհիվ Ֆինլանդիան և Շվեդիան նախօրեին Դաշինք հրավիրված երկրների կարգավիճակ են ստացել։ Նախագահներն ընդգծել են նաև Էգեյան ծովում և Սիրիայում կայունության պահպանման կարևորությունը: Բայդենը վերահաստատել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը:
12:54 - 30 հունիսի, 2022
Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով

Թուրքիան կրկին Շվեդիային ու Ֆինլանդիային կդիմի 33 անձանց արտահանձնման հարցով

Այն բանից հետո, երբ Թուրքիան, Շվեդիան ու Ֆինլանդիան համաձայնության են եկել ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ, Անկարան կրկին նրանց կդիմի այն անձնանց արտահանձնման հարցով, որոնց ահաբեկիչ է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ «Ըստ նոր համաձայնագրի՝ մենք Ֆինլանդիային խնդրելու ենք արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Fetö-ի վեցական անդամների։ Շվեդիային խնդրելու ենք արտահանձնել Fetö-ի տասը և Քրդական աշխատավորական կուսակցության տասնմեկ անդամների», - նշել է Բողդաղը։ Fetö-ն քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումն է, որին Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է 2016 թ-ի պետական հեղաշրջման փորձի համար։ Այս շարժումն, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությունը երկրում ահաբեկչական են համարվում։ Մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Շվեդիայի և Ֆինլանդիայի բանակցությունների ֆոնին, երկրները չէին թույլատրել Թուրքիայի պահանջով այս 33 անձանց արտահանձնումը։ Նշենք, որ երեկ Թուրքիան չեղարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։ Երեք երկրները Մադրիդում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։   Նորա Վանյան  
16:49 - 29 հունիսի, 2022
Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհը բաց է․ երկու երկրները Թուրքիայի հետ հուշագիր են ստորագրել

Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհը բաց է․ երկու երկրները Թուրքիայի հետ հուշագիր են ստորագրել

Թուրքիան հանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների դեմ իր առարկությունը՝ ճանապարհ հարթելով երկու երկրների համար՝ միանալու ռազմական դաշինքին։ Այս մասին գրում է Politico-ն։ Երեք երկրները Մադրիդում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երեքշաբթի երեկոյան՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, որը ՌԴ-ն հայտարարել է որպես «հատուկ ռազմական գործողություն», հյուսիսային Եվրոպայի երկու երկրները՝ Ֆինլանդիան և Շվեդիան, հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին, ինչին դեմ կանգնեց Թուրքիան՝ կարծիք հայտնելով, որ Ստոկհոլմն ու Հելսինկին պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ:  Ռուսական կողմն էլ նշեց, որ երկիրը չի համակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ «ՆԱՏՕ-ում մենք միշտ ցույց ենք տվել, որ անկախ մեր տարաձայնություններից՝ մենք միշտ կարող ենք նստել, ընդհանուր լեզու գտնել և լուծել ցանկացած հարց»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «համատեղ հուշագիրն ընդգծում է Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի հանձնառությունը՝ ցուցաբերելու ամբողջական աջակցություն միմյանց անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ»․ «Մեր՝ ՆԱՏՕ-ի դաշնակից դառնալն ավելի կամրապնդի այս պարտավորությունը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ հուշագիրն ունի մի քանի բաղադրիչ։ Նախ, նա նշել է, որ Հելսինկին և Ստոկհոլմը պարտավորվում են «լիովին աջակցել Թուրքիային՝ ընդդեմ նրա ազգային անվտանգության սպառնալիքների»: Ստոլտենբերգն առանձնացրել է Քրդական բանվորական կուսակցությանը, որին Թուրքիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որակել են որպես ահաբեկչական կազմակերպություն․ «Երկու երկրներն էլ կաշխատեն Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը ճնշելու ուղղությամբ․․․ Թուրքիայի հետ համաձայնություն կկնքեն արտահանձնման վերաբերյալ»։ Նա նաև հավելել է, որ սկանդինավյան երկու երկրները «զենքի էմբարգո չեն դնի» Թուրքիայի դեմ։ Բացի Ստոլտենբերգի ընդգծած կետերից՝ հուշագրում նշվում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան նաև պայմանավորվել են «չաջակցել» Սիրիայում քրդական զինված ուժերին, ինչպես նաև գյուլենական շարժմանը:  Արդեն այսօր ՆԱՏՕ-ի առաջնորդները կարող են պաշտոնական որոշում կայացնել՝ հրավիրելու Ֆինլանդիային և Շվեդիային միանալ դաշինքին: Այնուհետև գործընթացը կշարունակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում․ բոլոր 30 խորհրդարանները պետք է վավերացնեն դաշինքի ընդլայնումը: Այս տեխնիկական հարցերի պատճառով Ստոլտենբերգը հրաժարվել է երկու երկրների՝ դաշինքին պաշտոնապես միանալու կոնկրետ ժամկետ հայտնելուց։ Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն շուտով կաճի և ընդգծել «առաջադեմ, լավ զարգացած» ռազմական հնարավորությունները, որոնք երկու երկրները կբերեն դաշինքին: Նշենք, որ Ֆինլանդիան ու Շվեդիան աշխարհագրական դիրքերի տեսանկյունից ռազմավարական դիրք ունեն ՆԱՏՕ-ի համար, և Ստոլտենբերգը ընդգխել է, որ «դա իսկապես կամրապնդի իրենց ներկայությունն աշխարհի այդ հատվածում»։
10:30 - 29 հունիսի, 2022
Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի հովանու ներքո ներկայումս աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա։ Այս մասին Բրյուսելում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը։ «Այժմ մենք միասին աշխատում ենք Շվեդիայի, Ֆինլանդիայի և մեր դաշնակից Թուրքիայի միջև համաձայնագրի շուրջ՝ որպես անվտանգության խնդիրների լուծման շարունակական ջանքերի մաս, այդ թվում՝ զենքի արտահանման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ արդարացված են և պետք է հաշվի առնվեն։ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Հելսինկին և Ստոկհոլմը հայտարարել են դաշինքին միանալու իրենց մտադրության մասին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների  ֆոնին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ այդ երկրները աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին և պատժամիջոցներ են սահմանում Թուրքիայի դեմ։
13:56 - 28 հունիսի, 2022
Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի

Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի

Հազարավոր մարդիկ այսօր ցույցի էին դուրս եկել Իսպանիայի մայրաքաղաքում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, որը կայանալու է Մադրիդում հաջորդ շաբաթ, հայտնում է Reuters-ը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները հանդիպելու են հունիսի 29-30-ըը, ակնկալվում է, որ քննարկվելու է կազմակերպությանը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, որին դեմ է Թուրքիան։ Սկանդինավյան այս երկրներն անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո, որը վերջինս «հատուկ ռազմական գործողություն է անվանում»։ Ցուցարարների պնդմամբ՝ Եվրոպայում պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացումը, որին ձգտում է ՆԱՏՕ-ն, սպառնալիք է խաղաղությանը։ «Ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի [ռազմական] բազա, թող ամերիկացիները հեռանան և մեզ հանգիստ թողնեն՝ առանց պատերազմների և զենքի», - ասում է Մադրիդի բնակիչ Կոնչա Օյոսը։ Մյուս ցուցարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուկրաինական պատերազմի համար լուծում չէ։ Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ մասնակիցների թիվը հասել է 5 հազարի, սակայն Մադրիդի իշխանությունը այլ թիվ է նշել՝ 2,200։ Գլխավոր լուսանկարը՝ REUTERS-ի Նորա Վանյան
20:44 - 26 հունիսի, 2022
Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times

Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times

Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն դաշինքին միանալու համար անհրաժեշտ է դրա բոլոր անդամ երկրների համաձայնությունը։ Թուրքիան մի շարք պահանջներ է առաջ քաշել՝ այդ քայլին կողմ քվեարկելու համար։ The New York Times-ը գրում է այդ պահանջների և սկանդինավյան այս երկու երկրների անդամակցության հեռանկարների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խթան է դարձել, որպեսզի Ֆինլանդիան ու Շվեդիան նախորդ ամիս ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնեն՝ հույս ունենալով արագ և առանց խոչընդոտների միանալու դաշինքին։ Փոխարենը նրանք հայտնվել են անելանելի վիճակում, նրանց ճանապարհը փակել է Թուրքիայի անկանխատեսելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հունիսի 29-ին Մադրիդում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, սակայն հայտերի արագացված քննարկման վերաբերյալ նրանց [Ֆինլանդիայի և Շվեդիայի – խմբ․] սպասումները արագ մարել է  այն բանից հետո, երբ Էրդողանը հետ է կանգնել իր այն խոստումներից, թե չի խոչընդոտելու նրանց։ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ այս երկրներին ընդունելու ժամանակացույց չկա, նա խոսել է անգամ մեկ տարով հետաձգման մասին։ Ֆինլանդիան հատկապես սրտնեղած է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ 830 մղոն սահմանը։ Փետրվարի 24-ի ներխուժումից (Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա – խմբ․) հետո Ֆինլանդիան արագ սկսել է նախապատրաստել իր հայտը, իսկ ֆինն դիվանագետները, արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ «նախապես կապվել են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամ պետությունների հետ և ստացել նրանց հաստատումը»։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի պնդմամբ՝ նրանց թվում էր նաև Էրդողանը։ Սակայն Թուրքիան անսպասելիորեն առարկություններ է հայտնել։ Էրդողանը բազմաթիվ պահանջներ է առաջ քաշել, որոնք հիմնականում վերաբերում են ազգայնականությանն առնչվող ներքին հարցերի, օրինակ, քրդական անջատողականությանն ու ահաբեկչությանը, ինչպես նաև ընդդիմադիր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի որոշ հետևորդների արտահանձնմանը։ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին Էրդողանը մեղադրում է 2016 թ-ին իր դեմ պետական հեղաշրջման անհաջող փորձի համար։ Թուրքիան ուզում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենքները, իրեն հանձնեն որոշ անձանց, այդ թվում՝ մի շարք քուրդ լրագրողների, և չեղարկեն Թուրքիային զենքի վաճառքի ոչ պաշտոնական էմբարգոն, որը սահմանվել է 2019 թ-ին Սիրիաի հյուսիսում Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո։ Այս երկուշաբթի կայացել է Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի՝ վերջին մի քանի շաբաթվա ընացքում առաջին հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, սակայն արդյունքներն աննշան են եղել։ «Մենք մեզ չենք սահմանափակում որևէ ժամանակացույցով։ Այս գործընթացի արագությունն ու մասշտաբները կախված են նրանից, թե ինչպես և որքան արագ այս երկրները կսկսեն համապատասխանել մեր ակնկալիքներին», - հանդիպումից հետո ասել է Քալընը։ Գալիք տարվա հունիսին Թուրքիայում ընտրություններ են անցկացվելու, և Էրդողանի պոպուլյարությունը նվազում է թուրքական տնտեսության անկմանը զուգահեռ։ Քրդական հարցը Թուրքիայում կարևոր է, և Էրդողանն այժմ շահարկում է ազգայնական տրամադրությունները՝ միաժամանակ ճնշելով այլակարծությունն ու անկախ լրագրությունը։ Շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյա Ստեֆանի Բաբստն ասել է, որ Էրդողանի իրական օրակարգը ներքաղաքական է։ «Նախևառաջ, այն ուղղված է նրա ընտրազանգվածին։ Նրան ընտրություններ են սպասվում։ Թուրքիայում տնտեսական իրավիճակը բավականին սարսափելի է, այդ պատճառով էլ նա ուզում է առաջնորդի հատկանիշներ ցուցադրել։ Եվ վախենամ, որ նա օգտագործում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի «հարցը», որ հասնի իր ռազմավարական նպատակներին»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններն «լեգիտիմ են» և պետք է լսելի լինեն և արձագանք գտնեն։ Նա նշել է նաև, որ վստահ է՝ Ֆինլանդիան ու Շվեդիան կնդամակցեն դաշինքին։ Սակայն Պեկկա Հաավիստոն նշում է, որ Էրդողանը նյարդայնացնում է իր դաշնակիցներին պատերազմի փուլում, երբ հարցականի տակ է Եվրոպայի անվտանգությունը։ «Շահարկումներն այն մասին, որ հարցը կարող է հետաձգվել մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները, մեծ հիասթափություն կլինեն ՆԱՏՕ-ի շատ երկրների համար, էլ չեմ խոսում Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին», - ասել է նա։ ԱՄՆ-ն հրապարակավ սատարում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։ Ֆինլանդիայի արտգործնախարար Հաավիստոն պարբերաբար կապի մեջ է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սպիտակ տան մյուս պաշտոնյաների և սենատորների հետ։ Կոնգրեսը նույնպես աջակցություն է հայտնել, Սենատում արդեն լսումներ են նախապատրաստվում վավերացման հարցով քվեարկության համար, հենց Թուրքիայի հետ խնդիրները լուծվեն։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունների օրենսդիր մարմինները նոր անդամների անդամակցության դեպքում պետք է վավերացնեն փոփոխությունները հիմնարար պայմանագրում, և այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։ Սակայն Հաավիստոյի խոսքով՝ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ հավաստիացումներ են ստացել, որ ՆԱՏՕ-ի առանձին երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան իրենց օգնության կգան անհրաժեշտության դեպքում։ «Այնպես որ, մենք մեզ ապահով ենք զգում, - ասել է նա։ - Չնայած որ այս պահին մեր անվտանգության համար անմիջական ռիսկ չկա»»։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։  
19:41 - 23 հունիսի, 2022
Ստոլտենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

 |armenpress.am|

Ստոլտենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am:  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի կարող երաշխավորել, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան շուտով դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ: «Իմ նպատակն առաջվա նման մտահոգությունն է, որպեսզի նրանք (Շվեդիան եւ Ֆինլանդիան) կարողանան անդամակցել (ՆԱՏՕ-ին) ամենամոտ ժամանակներս։ Ես չեմ կարող դա երաշխավորել, բայց ես ասում եմ, որ դա դեռեւս իմ նպատակն է,- ասել է Ստոլտենբերգը հունիսի 22-ին Բրյուսելում կայացած միջոցառմանը, որը կազմակերպել էր ամերիկյան Politico թերթը: Ինչպես գրում է թերթը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի կորցնում լավատեսությունը ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու երկրների անդամակցության առիթով, չնայած Թուրքիայի առարկությանը: «Դա առաջին անգամը չէ, երբ (ՆԱՏՕ-ի գծով) մեկ կամ մի քանի դաշնակիցներ համաձայն չեն մյուսների հետ»,- հիշեցրել է նա: ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին Ստոլտենբերգին են հանձնել Հյուսիսատլանտայն դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը: Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանն այն ժամանակ հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա այդ երկրների ընդունմանը ՆԱՏՕ, քանի դեռ նրանք չեն որոշի իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ: Հունիսի 20-ին Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք Բրյուսելում անցկացրել են հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Ստոլտենբերգն այն համարել է կառուցողական՝ հավելելով, որ Անկարան ունի օրինական անհանգստություններ, որոնք անհրաժեշտ է վերացնել: Թուրքիայում հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:38 - 23 հունիսի, 2022
Ֆինլանդիային չի հաջողվել համոզել Թուրքիային. երկիրը մինչև սեպտեմբեր չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին
 |tert.am|

Ֆինլանդիային չի հաջողվել համոզել Թուրքիային. երկիրը մինչև սեպտեմբեր չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին |tert.am|

tert.am: Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ, հավանաբար, երկիրը մինչև սեպտեմբեր չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հունիսի 21-ին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, գրում է iz.ru-ն։«Հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Թուրքիայի և Շվեդիայի հետ) հանդիպմանն ըստ էության մեծ առաջընթաց չի եղել, բայց մենք գոհ ենք, որ քննարկումը սկսվել է։ Ես չէի ցանկանա ստույգ ժամկետներ նշել, բայց քիչ հավանական է, որ մենք կարողանանք դա անել (ՆԱՏՕ-ին անդամակցել) մինչև սեպտեմբեր»,- ասել է նախագահը Հելսինկիում Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ կայացած մամուլի ասուլիսում:Նախօրեին Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին ասել էր, որ իր երկիրը չի համաձայնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հունիսի վերջին Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Նա հավելել է, որ վաղ թե ուշ այդ երկրները կդառնան դաշինքի անդամ, բայց, ամենայն հավանականությամբ, այս տարի դա տեղի չի ունենա։
12:24 - 21 հունիսի, 2022
Թուրքիայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են անցկացրել

 |armenpress.am|

Թուրքիայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեմս Ստոլտենբերգը հունիսի 15-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտնել է, որ Էրդողանը և Ստոլտենբերգը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումների թեման։ Թուրքական պետության ղեկավարը վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ փարատելու Թուրքիայի՝ անվտանգության վերաբերյալ ունեցած մտահոգությունները։ «Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում առաջընթացն անհնար է առանց Անկարայի մտահոգություններին անդրադառնալու գործնական քայլերի և գրավոր պարտավորությունների՝ վերանայելու սկանդինավյան երկրների՝ ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական-արդյունաբերական համագործակցության մոտեցումների պարադիգմը»,-ասել է Էրդողանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել PKK-ին, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։
18:20 - 15 հունիսի, 2022
Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո

 |armenpress.am|

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի: «Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Նախագահը պարզաբանել է. «Շվեդիայում ասում են, որ ֆիննական հարցը մեր գործն է, եւ հենց նույնպիսին է շվեդական հարցը՝ դա մեր գործն է, իսկ դա նշանակում է, որ մենք առաջ ենք ընթանում ձեռք ձեռքի տված»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկություններն իր համար անսպասելի են դարձել: «Ես զարմացած եմ Թուրքիայի դիրքորոշմամբ, սակայն մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն թեմաներին, որոնց կապակցությամբ նա անհանգստություն է հայտնում»,-ասել է Ֆինլանդիայի ղեկավարը, հույս հայտնելով, որ «կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կբավարարի»: Ստոլտենբերգն իր հերթին, խոսելով Թուրքիայի պահանջների մասին, հայտարարել է. «Դրանք օրինական կասկածներ են, խոսքը ահաբեկչության մասին է, խոսքը զենքի արտահանման մասին է»: Նրա խոսքով՝ հարկ է «հիշել եւ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի տուժել այն մեծ քանակությամբ ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»: Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել մայիսի 18-ին: Սակայն Թուրքիան ներկայում այդ հարտերի քննարկումն արգելափակում է: Անկարան մի շարք պահանջներ ունի սկանդինավյան երկրների նկատմամբ. մասնավորապես, նա նրանց մեղադրում է քրդական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:30 - 13 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հեռանկարի առնչությամբ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության հարցերի շուրջ արդարացված է։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ, հայտնում է DW-ն։ ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր նման քանակությամբ ահաբեկչական գրոհների չի ենթարկվել, որքան Թուրքիան։ Ադ պատճառով էլ Անկարայի մտավախություններին պետք է լուրջ մոտենալ, ընդգծել է Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ։ Վաղը՝ հունիսի 13-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Շվեդիայում բանակցություններ կանցկացնի նաև այդ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և նրա գլխավորած կառավարության անդամների հետ։ Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Այս երկրների անդամակցության համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների համաձայնությունը։ Սակայն Անկարան մին օրս կողմ չի արտահայտվում այդ նախաձեռնությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հիմնավորում է այն «քրդերի հարցում Ֆինլանդիայի և Շվեդիայի հստակ դիրքորոշման բացակայությամբ», որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ։ Բացի այդ, Անկարային դուր չի գալիս, որ 2019 թ-ին Ստոկհոլմն ու Հելսինկին այդ երկրին զենքի մատակարարման էմբարգո են սահմանել։ Նորա Վանյան
19:00 - 12 հունիսի, 2022