ԿԱՐԴԱԼԻՔ

«էրեխեն ոչ մի սնունդ չունի, ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի, եթե վիտամիններ չստանա» [Բլոկադան ներսից]

«էրեխեն ոչ մի սնունդ չունի, ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի, եթե վիտամիններ չստանա» [Բլոկադան ներսից]

44-օրյա պատերազմի պատճառով Անուշ Անդրյանի բազմազավակ ընտանիքը կորցրել է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի իր տունը։ Վեց երեխաների ու ամուսնու հետ Անուշը հիմա ապրում է Ստեփանակերտում՝ պետության հատկացրած հյուրատանը։ Այսօր բլոկադայի պատճառով Անուշի երեխաները նորմալ չեն սնվում, իսկ քաղցկեղի ճիրաններից փրկված 9-ամյա աղջկա առողջությունը ռիսկի տակ է․ վերականգնողական շրջանում լուրջ բժշկական վերահսկողություն ու ստուգումներ են պետք, աղջիկը պետք է ՊԷՏ/ԿՏ հետազոտություն անցնի, իսկ դա միայն ՀՀ-ում կամ այլ երկրում է հնարավոր։  Նվարդը՝ բուժման ընթացքում «Աղջիկս առողջական լուրջ խնդիրներ ունի, էրեխուս հարցն է ստեղ։ Չարորակ ուռուցք է ունեցել, Երեւանում բուժել ենք, էս պահին էրեխես հսկողության տակ է։ Ստեղ կա ԿՏ, բայց ասում են, որ ՊԷՏ/ԿՏ-ի կարիք կա, բայց չենք կարողանում բերել էրեխուն։ ՊԷՏ/ԿՏ Հայաստան կա, Վրաստան, ստեղ չկա։ Իր ուռուցքն էն տեսակի է, որի բջիջների ակտիվությունը մենակ էդ հետազոտությունն է ցույց տալիս։ Աղջիկս պահպանողական փուլում է, էս էրեխեն ոչ մի սնունդ չունի, վիտամիններ են պետք իրեն, սնունդ էլ չստացավ, էդ ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի»,- մտահոգվում է 9-ամյա Նվարդի մայրը՝ նշելով, որ ԿԽՄԿ միջնորդությամբ միայն երեխային հնարավոր չի եղել բերել Երեւան, քանի որ առանց չափահասի ուղեկցությամբ մարդկանց տեղափոխումներ չեն արվում, իսկ Անուշը հարազատներ չունի Արցախում, որ հինգ երեխաներին թողնի նրանց հույսին ու անհայտ ժամանակով գա ՀՀ։ Իսկ ամուսինը ՊԲ զինծառայող է, հերթապահության է լինում, նա էլ չի կարող միշտ զավակների կողքին մնալ։  Անուշը՝ երեխաների հետ «Ահավոր վիճակ ա։ Հերթեր ենք կանգնում, որ մի կտոր մի բան առնենք, բերենք, մեր էրեխեքն ուտեն, միս չկա շատ ժամանակ, եթե կա էլ, էնքան թանկ ա, կիլոն հինգ հազար ու ավելի։ Հերթերից տուն չենք գալիս, ոչ մի բան չկա խանութներում, գոյություն չունի։ Դաժե մի մածուն, մի սմետան, էս շոգ օրին չես կարում ճարես, որ ուտեն, այ էդ վիճակն ա, պատկերացրու՝ աղ էլ չունենք արդեն։  Կարտոշկա եմ մենակ խաշում, ուտում են, էդ ա ու լոբին։ Ուրիշ պրադուկտ չկա։ Էրեխեքը շատ են նեղվում, փոքրս կանֆետ ա շատ ուզում, չկա, քաղցր պիտի ուտեն էրեխեքը, չկա․․․»,- նեղսրտում է բազմազավակ մայրը ու զանգից հետո անմիջապես ուղարկում իր կողքին հավաքված երեխաներից մի նկար։ Փոքր դուստրը՝ Մանեն, 7 տարեկան է, Ալվարդը՝ 12 տարեկան է, Գոռը՝ 13, Էդմոնը՝ 16, Մխիթարն էլ 18 նոր է դարձել, բանակ պիտի զորակոչվի արդեն, սպասում են ծանուցմանը։ Ձախից՝ աջ՝ Ալվարդը, Նվարդը, Մանեն, Էդմոնը Անուշը երեկ ողջ օրը չի կարողացել հաց գնել, մինչեւ երեկոյան տասը սպասել է հերթում, հինգհարյուրքանիերորդ համարն է եղել (հացի ձեռք բերելու համար մարդկանց թղթերի վրա գրված համարներ են տրամադրում, որ հերթն այդպես առաջ գնա)․ «Մինչեւ իրիկունը ժամը տասը հաց չեմ կարողացել առնեմ, տասից հետո էլ էս փոքր էրեխուս եմ տվել թուղթը, ասել եմ էլ հնար չկա։ Մի ժամ յոթ տարեկան էրեխես կանգնել ա, էն էլ լավ ա՝ մարդիկ կարողացել են մեջ գցել, էրեխուս երկու հաց են տվել, կարողացել ա բերել»,- հոգոց հանելով պատմում է Անուշը՝ ասելով, որ լավ է՝ գոնե այսօր հաց թխել-մատակարարելու գործընթացը մի քիչ կարգավորվել է, կարողացել են մի երկու հաց գնել։ Օրեր առաջ Արցախում կրճատվել էր հացի արտադրանքի ծավալը, քանի որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով։ Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հաղորդել էր, որ իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում Արցախում աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:  Բազմազավակ մայրը մտահոգվում է նաեւ երեխաների հոգեվիճակի մասին, ասում է՝ մի դմփոց է գալիս, վախենում են․ «Երեկ հացի հերթում մի մարդու հաց չէր հասել, գնացել էր ավտոմատով հրապարակում կրակել, էրեխեքը ստեղ սրտաճաք էին եղել, որ կարող ա կռիվը սկսեց։ Ահավոր վիճակ ա․․․ Բազմազավակ պապա էր, հաց չէին տվել, իրա էրեխեքը սոված էին, էկել, ստեղ խփել էր, էդ ձեներից ասի էդ ա՝ կռիվը սկսեց։ Փոքր էրեխեք են է, սրտաճաք են լինում․․․»։ Դառը հոգոցներով է ավարտվում այս զրույցը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Անուշ Անդրյանը Հայարփի Բաղդասարյան
18:04 - 03 օգոստոսի, 2023
«Մինչեւ հերթը հասավ ինձ, հացը վերջացավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ուտեմ հացի տեղը» [Բլոկադան ներսից]

«Մինչեւ հերթը հասավ ինձ, հացը վերջացավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ուտեմ հացի տեղը» [Բլոկադան ներսից]

Լուսանկարում՝ Աննա ՄանասյանըԱրցախի Մարտունի քաղաքի բնակիչ 21-ամյա Աննա Մանասյանը երեք շաբաթ է՝ չի կարողանում տուն գնալ․ Արցախում հիմա ընդհանրապես չի գործում հանրային տրասնպորտը, վառելիք չկա, ու նա մնացել է Ստեփանակերտում, որտեղ լավ է գոնե՝ աշխատանք ունի ու դեռ մնալու տեղ․ «Շատ ահավոր է»,- ասում է Աննան, ու հեռախոսի երկու կողմերում լռում ենք։ Աննան այսօր մեկ ժամ սպասել է հացի հերթում ու այդպես էլ ձեռնունայն մնացել․ «Ո՞նց նկարագրեմ, քաղաքում ահավոր է, լավ չէ վիճակը, ոչինչ չկա։ Այսօր էլ մի ժամ հերթում կանգնեցի, իմ հերթը հասավ, բայց հացը վերջացավ․ համարներով են տալիս հացը, թղթերի վրա գրում են, ասենք, մինչեւ 200, այդքան սպասում ես, կարող է հասնի հարյուրին, հացը վերջանա։ Հիմա արդեն հացը, որ չեն հասցնում թխել, խմորն են տալիս, որ մարդիկ գոնե տանը թխեն»,- պատմում է Աննան, որին ասել են՝ մի հատ էլ օրվա մեջ ժամը 3-ին գնա հացի հետեւից, բայց, ասում է, փուռն այնքան հեռու է, ոտքով գնալը շատ դժվար է․ «Հաց որ չեղավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ձմերուկ ուտեմ հացի տեղը, քաղցր է էլի գոնե»,- առանց հավելյալ ողբերգականացնելու ասում է զրուցակիցս։ Եթե հանկարծ պատահում է՝ վառելիքով մեքենա է ճարվում, մայրը Մարտունուց մի քիչ բանջարեղեն է ուղարկում, իր հետ ապրող աղջիկների հետ ով ինչ ունի՝ կիսում են իրար մեջ։ Ասում է՝ լավ է գոնե այնտեղ մարդիկ այգի ունեն, մի քիչ բերք են ստանում, թե չէ Ստեփանակերտում գրեթե ոչինչ չի մնացել․ «Մարտունիում էլի ամեն մարդ իր այգին ունի, որ մեկը մի բան չի ունենում, փոխանցում են իրար, կարող է՝ մեկն ալյուր ունի, հաց է թխում, հասցնում են, բայց Ստեփանակերտում բնակչությունը շատ-շատ է, քաղաքում ոչինչ չկա, բանջարեղեն չկա։ Եթե գյուղից մեկը պազիկ մաշին ճարի, մի արկղ լոլիկ բերեն, կես ժամում կվերջանա, բոլորին չի հասնի»,- նեղսրտում է Աննան։ Այսօր հացի հերթում նա մի տխուր դրվագի է ականտես եղել, ասում է՝ երկու կին էին կանգնած, մեկը՝ մի քիչ տարիքով, մյուսն ավելի երիտասարդ, որ երեխաներ ունի․ «Ասում էր՝ գոնե մի հատ հաց կարողանամ առնել, տանեմ, կիսեմ՝ երեխքն ուտեն, մյուս կինն ասում է՝ բա դո՞ւ, ասում է՝ ես երկու օր ա հաց էլ չեմ ուտում, հացը կիսում եմ, երեխեքն ուտում են երկու անգամ»,- պատմում է Աննան,- «Շատ նեղվեցի․․․»։  Մի օր էլ Աննան ու իր ընկերուհին չեն իմացել՝ ինչով սնվել այդ օրը, ու ստացվել է այնպես, որ մի խանութում պիցցայի մի հատիկ լոշիկ է մնացած եղել․ «Էդ լոշիկը դրել ենք դուխովկա, մի քիչ տաքացրել, էնքան որ հացի տեղ կերել ենք էլի։ Միս չկա, այլ մթերքներ չկան։ Ինչ էլ կա, շատ քիչ է, մարդիկ հազիվ մի տասը-տասնհինգ օրվա պաշար ունեն երեւի տներում։ Հիմա շատ խանութներ արդեն փակվել են, կաֆեներ չկան, որ գոնե երեխեքին տանեն, մի բան ուտեն»,- ասում է Աննան՝ նշելով, որ իրենք գոնե մեծ են, մի քիչ փորձում են թեթեւ անցկացնել, բայց որ երեխաների սիրտը մի բան է ուզում, ծնողները չեն կարողանում գտնել, դա շատ, շատ տխուր է։ Արդեն ամենապետքական դեղերն էլ են սպառվել։ Աննայի ընկերուհին մի կերպ մեքենա էր ճարել երեկ, որ գնա գյուղ, հետն էլ պիտի տատիկի ճնշման դեղերը տաներ, ասում է՝ ողջ քաղաքը ման եկան, այդ դեղը չգտան․ «Շատ քիչ դեղեր են մնացել, ամենօրյա դեղերը, որ տարեցներին պետք են, արդեն չկան»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Աննա Մանասյանը Հայարփի Բաղդասարյան
22:40 - 02 օգոստոսի, 2023
«Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում ՝ բոլորին հասնի» [Բլոկադան ներսից]

«Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում ՝ բոլորին հասնի» [Բլոկադան ներսից]

44-օրյա պատերազմի պատճառով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը կիսվեց՝ ադրբեջանցիները եկան-նստեցին գյուղի միջով անցնող, այսպես ասած, սահմանի տարբեր կետերում։ Ու թեեւ կրակոցների ձայները չեն լռում այդպես էլ, մարդիկ շարունակում են ապրել այնտեղ՝ իրենց տունն է։ Հողը մշակում են հակառակորդի աչքի առաջ՝ չիմանալով՝ օդը ճեղքող հերթական փամփուշտն իրենց կդիպչի՞ այդ անգամ, թե՞ ոչ։ 23-ամյա Մերի Ալավերդյանին դժվար, կամ, ավելի ճիշտ, վտանգավոր այդ դրությունը չի խանգարում կարոտել գյուղը, երբ արդեն երկու շաբաթ է՝ Ստեփանակերտից տուն գնալ չի կարողանում, որովհետեւ մյուս կողմից էլ բլոկադան է իր անմարդկային երեսը ցույց տալիս։ Ես ասեմ բլոկադա, դուք իմացեք՝ դրա տակ ինչ տարբեր բառեր կան։  Մերին աշխատում է Ստեփանակերտում, բայց հիմա, երբ վառելիք չկա, տրանսպորտը չի աշխատում, մեքենա գտնել-գյուղ գնալն անհնար է դարձել։ Մյուս կողմից էլ եթե գյուղում ամեն մեկն իր այգին ունի, ինչ-որ քանակի բերք հավաքում է, ապա քաղաքում համարյա սնունդ չի մնացել․ «Խանութներում բան չի մնացել, բոլորովին դատարկություն է, ուտելիքից ինչ է մնացել․․․ Կարտոֆիլ, երբեմն ձու, դդում։ Մարդիկ հիմա արդեն միայն հացի համար են դուրս գալիս, բայց հիմա էլ հաց չեն հասցնում թխել։ Առաջ, որ գյուղերից կարողանում էին բերք բերել, հիմա դա էլ վառելիքի պատճառով չի լինում։ Իսկ կաթնամթերք, նման այլ բաներ էլ չկան»,- ասում է Մերին ու նշում, որ հացի հերթերում հիմա մարդիկ են վատանում, փռերին հասնելն էլ է դժվար, երբ մեքենա չկա։ Գյուղերում պակաս դժվար է միայն այն բերումով, որ մարդիկ հասցնում են հաց վերցնել, մի քիչ էլ այգու բերքից օգտվել։ Մերի Ալավերդյանը Նույնիսկ սուրճն էլ է վերջանալու վրա, ասում է Մերին՝ բարի ժպտալով (զգացվում է հեռախոսի այն կողմից)․ «Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում՝ բոլորին հասնի»,- ասում է նա։ Մերիի խոսքով՝ երեկոները, երբ զբոսնում են Ստեփանակերտում, տեսնում են շատ մարդկանց՝ գրկներին երեխաներ, եւ դա կարծես ստիպում է մինչեւ վերջ հուսալ, չկորցնել դժվարին այս ժամանակը հաղթահարելու ուժը, ասում է՝ այսքան պատերազմներ են եղել, այսքան զոհեր, նաեւ նրանց ու Արցախում ապրող մարդկանց, երեխաների հանդեպ անարդար կլինի պարզապես հանձնվել, թողնել ու հեռանալ։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Մերի Ալավերդյանը Հայարփի Բաղդասարյան
20:44 - 02 օգոստոսի, 2023
«Ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ»․ Մելքումյան քույրերի առօրյան՝ Արցախի շրջափակման մեջ ու կիսված ընտանիքում

«Ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ»․ Մելքումյան քույրերի առօրյան՝ Արցախի շրջափակման մեջ ու կիսված ընտանիքում

Շուրջ 7 ամիս կամ 231 օր կամ 5544 ժամ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչներ Մելքումյանների ընտանիքը կիսված է․ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով 17-ամյա Նարեն մոր՝ Նարինեի ու պապի՝ Ալբերտի հետ Մոխրաթաղում է, քույրը՝ 19-ամյա Մանեն, հոր՝ Արամի հետ՝ Երեւանում։ 7 ամիս կամ 231 օր կամ 5544 ժամ․ կրկնում եմ՝ փորձելով նախ ինքս պատկերացնել, թե ինչ փորձություն է դա մարդու համար, որն իր գիտակից ու անգիտակից ողջ կյանքն ապրել է մի ընտանիքում, մի հարկի, մի երկնքի տակ։ Ճիշտ նույն փորձության առաջ է նաեւ Աստղիկ Քեշիշյանը՝ իմ վաղեմի ընկեր, մասնագիտությամբ՝ լրագրող, այժմ՝ Նարեի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին։ Ավելի ճիշտ՝ արդեն նախկին ուսուցչուհին, որովհետեւ Աստղիկը Մոխրաթաղ էր տեղափոխվել «Դասավանդի՛ր, Հայաստան» երկամյա ծրագրով։ Ծրագրի ժամկետն ավարտվել է, փորձություններինը՝ ոչ․ արդեն մոտ 2 ամիս է՝ Աստղիկն էլ տուն վերադառնալ չի կարողանում։ Անկարողության ու հուսահատության արանքում փորձում ենք ուժ գտնել՝ պայմանավորվելով միասին պատմել շրջափակման հետեւանքով միջանցքից այս ու այն կողմ մնացած մարդկանց, նրանց առօրյայի, ապրումների մասին։ Որոշում ենք՝ կսկսենք հենց իր աշակերտուհու ընտանիքից․ ինքն այնտեղ՝ Մոխրաթաղում, ես՝ այստեղ՝ Երեւանում։ Ընտանիքն առաջին անգամ Նոր տարին կիսված է դիմավորել Մոխրաթաղում բնակվող Նարեն պատմում է, որ դեկտեմբերի 12-ին, երբ իմացել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելու մասին, չի մտածել, որ դա կարող է այսքան երկար տեւել, ենթադրել է՝ 3-4 օրից կավարտվի․ «Բլոկադայի սկզբում էդքան հուսահատական չէի, որովհետեւ դեռ ընդհանուր պատկերացում չունեի էս ամենի մասին, բայց ընթացքում հասկացա, որ էն հնարավորությունները, որ ունեն ուրիշ տեղ, թեկուզ Հայաստանում ապրող երեխաները, մենք չունենք»։  Նարե Մելքումյանը Ուսման նպատակով Երեւան տեղափոխված քույրը՝ Մանեն էլ է նույն հույսը ունեցել՝ հաշվի առնելով, որ դրանից առաջ ադրբեջանցիները ճանապարհը էլի փակել-բացել էին․ «Բայց ստացվեց այնպես, որ անընդհատ երկարում էր, ու չէի պատկերացնի, որ Նոր տարին կնշեմ Երեւանում։ Քանի որ արձակուրդ էր արդեն, ու մտածում էի՝ գնալու եմ հարազատներիս մոտ, բոլորի համար ամանորյա նվերներ էի գնել,- ասում է Մանեն, որ նվերները մինչեւ հիմա փաթեթավորած պահում է՝ հույսով, որ կգնա տուն եւ վերջապես կնվիրի։ Ամանորյա նվերները Քույրերի խոսքով՝ դա առաջին անգամն էր, երբ իրենց ընտանիքը կիսված է դիմավորել Նոր տարին․ «Ահավոր տխուր էր, օնլայն նշեցինք, օնլայն Նոր տարի էր, ինչ-որ կերպ փորձում ենք օնլայն շփման միջոցով լրացնել մեկս մյուսիս, բայց այն չէ, ինչ պետք է․․․ Մայրիկս էլ է երբեմն շատ հուսահատվում, փորձում եմ իրեն հանգստացնել, որովհետեւ երբ տեսնում եմ, որ ինքը հուսահատվել է, ես ավելի շատ եմ հուսահատվում, ինքը ինձ է հանգստացնում, ես՝ իրեն, փորձում ենք իրար լավատեսություն փոխանցել»,- նշում է արցախցի Նարեն՝ հավելելով, որ կարոտը արդեն խեղդում է, որովհետեւ իրենք շատ սիրալիր, շատ լավ ընտանիք են, ու բաժանված լինելը շատ դժվար է։ Շրջափակումը սովորեցրել է ավելի շատ գնահատել հարազատներին Նարեն, որ սովորում է 12-րդ դասարանում, ասում է, որ այս 7 ամիսների ընթացքում իր համար շատ բան է փոխվել․ «Ավելի շատ եմ սկսել մտածել կյանքի մասին, թե ինչքան տարբեր կարող է լինել մարդկանց կյանքը, ու թե ինչքան բան կարող է փոխվել, ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ, ու մենք կարող ենք մի փոքր բանից երջանկանալ։ Օրինակ՝ սկզբի ընթացքում, որ դեռ միրգ-մանդարին չէին բերում, մի օր ուսուցիչներից մեկը մամայի հետ մի հատ մանդարին էր ուղարկել, փոքր էրեխու պես ուզում էի թռվռալ, կամ թեկուզ ինչ-որ Kinder, որ շատ եմ սիրում, իմ համար առնում էին, ուրախանում էի, բայց բլոկադայից առաջ դա եղել է սովորական, մենք դրանից չենք ուրախացել, հիմա ամեն ինչ շատ մեծ արժեք ունի մեզ համար»։ Նման փոփոխություններ իր կյանքում Մանեն էլ է զգում։ Նա Բժշկական համալսարանի ուսանող է, Երեւան է տեղափոխվել շրջափակումից ամիսներ առաջ։ Ի սկզբանե մենակ է ապրել, բայց դեկտեմբերին հայրը գործերով եկել է, եւ երբ ճանապարհը փակվել է, մնացել է դստեր հետ․ «Սկզբում շատ հանգիստ էի, շատ դժվար չէի տանում, որ մենակ եմ ապրում, որովհետեւ գիտեի, որ միշտ կարող եմ գնալ իմ հայրենիք կամ իրենք կարող են գալ, բայց հետո, երբ հասկացա, որ չեմ կարող, արդեն ավելի դժվար էր, ու ավելի դժվարանում է, քանի որ կարոտի չափը մեծ է։ Անընդհատ խոսում եմ հարազատներիս հետ, մի սովորություն ունեմ՝ մեր հին նկարներով ու վիդեոներով նոր վիդեոներ եմ սարքում, անընդհատ դրանք եմ նայում՝ հույսով, որ էլի կտեսնեմ նրանց»։  Մանե Մելքումյանը Այնուհանդերձ, շրջափակումը, ըստ Մանեի, նաեւ որոշակի դասեր է տվել․ «Այս ընթացքում երեւի միակ լավ բանը այն է, որ սկսել ենք ավելի շատ գնահատել մեր հարազատներին, ավելի շատ սիրել, փորձել ավելի շատ ասել, որ սիրում ենք, կարոտում ենք, որ սպասում ենք, որովհետեւ մինչ էդ գուցե մի քիչ չոր էինք, հաճախ չէինք ասում, իսկ հիմա ավելի շատ ենք կարեւորում»։ Մեծ քույրը նշում է՝ ե՛ւ ինքն ու հայրն են մորն ու քրոջը գոտեպնդում, եւ նրանք՝ իրենց․ «Հավասարապես փորձում ենք միմյանց գոտեպնդել, բայց քույրիկս ու մայրիկս երեւի ավելի ծանր են տանում, ավելի զգայուն են, ես փորձում եմ ավելի ուժեղ լինել, նրանց հույս տալ»,- ասում է Մանեն՝ հիշեցնելով՝ հույսը վերջում է մեռնում․ իրենց հենց այդ հույսն է պահում․ «Հայրիկս էլ է փորձում լինել ավելի ուժեղ, հիմնականում նա լուռ է, ոչինչ չի խոսում, չի պատմում անգամ պատերազմի մասին, ինքն էլ, բնականաբար, շատ մեծ ցավ է ապրում՝ այս ամենը տեսնելով, բայց որպես տղամարդ՝ փորձում է լինել մեր կողքին»։ Առաջին հարցը՝ ի՞նչ եք կերել այսօր Մանեն ամենօրյա ռեժիմով խոսում է ընտանիքի հետ, առաջին բանը, որ հարցնում է՝ ի՞նչ են կերել այսօր․ «Սովորական շաքարավազ, աղ, ալյուր, էդ ամենը գյուղում էլ չես կարող ձեռք բերել կամ էլ կան այնպիսի գներով, որ դժվար է ստացվում ձեռք բերել․․․ Իսկ բերքի վիճակը, թեեւ այս տարի այնքան էլ լավ չէր, քանի որ եղանակները լավ չեն եղել, բայց ամեն դեպքում, գյուղի ժողովուրդը հնարավորություն ունի իր բերքը ստեղծելու, աճեցնելու, քաղաքում, բնականաբար, ավելի դժվար է»։ Նարեն՝ Ալբերտ պապի հետ Նարեն էլ մանրամասնում է՝ շրջափակման սկզբում, երբ գյուղ դեռ մթերք գալիս էր, կտրոններով կարողանում էին ինչ-որ բաներ գնել ու դրանցով ապրել, իսկ հիմա ընդհանրապես ոչ մի ապրանք չի գալիս, ու իրավիճակը գյուղում վատ է․ «Վերջին ժամանակներում միայն ձմերուկ ու նման բաներ են բերում, բայց չկա ապրանք, որ կարող ես գնել, թեկուզ ոչ գյուղում, այլ Ստեփանակերտում էլ չկա, որ կարողանաս գնել այդ կտրոններով։ Ճիշտ է՝ դեռ չի եղել, որ քաղցած քնեմ, դեռ կարողանում ենք ընտանիքով ապրել, բայց ես շատ քաղցրակեր եմ, երեւի այդ քաղցրի պակասն եմ զգում, Instagram-ը թերթելիս անընդհատ տորթ եմ տեսնում կամ քաղցրավենիքներ, որ չի եղել էստեղ, ու ես շատ եմ ուզում, բայց դե, չկա, տանը փորձում ենք դրա պակասը լրացնել, ինչ-որ բան թխել»։ Այս ամենից կտրվելու համար Նարեին երբեմն ընկերներն են օգնում․ «Իմ ընկերների հետ եմ շփվում, ինչ-որ բաներ ենք կազմակերպում գյուղում, դուրս ենք գալիս, դա մոտիվացնում է, ու այդ պահին սկսում ես մոռանալ, թե ինչ է կատարվում շուրջդ, ուղղակի իրենց հետ փորձում եմ ուրախանալ, կտրվել իրականությունից»։ Նարեի նկարները Մանեն էլ իր հերթին փորձում է խուճապի չմատնվել, շատ չարտասվել, բայց ասում է՝ ծննդյան օրը չի դիմացել․ առաջին անգամ տարեդարձին առանց մոր ու քրոջ պիտի լիներ․ «Այնպես ստացվեց, որ հայրս էլ աշխատանքի էր, ու մենակ էի լինելու, բոլորն ասում էին՝ ընկերներիդ հետ մի տեղ գնա, նշի, ես ասում էի՝ չէ, չեմ նշելու։ Երեւանում բնակվող հարազատներս անակնկալ արեցին, եկան էդ օրը, որ էդքան ծանր չլինի, բայց միեւնույն է, էն չէր, որովհետեւ դժվար էր առանց մայրիկիս, քույրիկիս ու առանց իմ հայրենիքի»։ Ամենամեծ երազանքը՝ խաղաղություն Մանեն պատմում է՝ երբ սեպտեմբերին տեղափոխվեց, ամենաառաջինը, որ սկսեց կարոտել, իր գյուղն ու հայրենիքն էր․ «Անընդհատ խոսում էի հարազատներիս հետ, ու էդքան շատ չէի կարոտում, իսկ հայրենիքս, գյուղս ամենաշատն էի կարոտում, անընդհատ ուզում էի բնությունը տեսնել, մեր տունը տեսնել․․․ Հա, ամենաշատը հայրենիքս եմ կարոտում»։ Մանեի համոզմամբ՝ արցախահայության վիճակը հիմա այնքան վատ է, որ դրա նկատմամբ անտարբեր լինելը հային վայել չէ․ «Ես ուզում եմ, որ հիմա բոլորս մի քիչ ավելի անտարբեր չլինենք մեր հայրնեիքի նկատմամբ, որովհետեւ այս ամենը, որ կատարվում է Արցախում, մի օր էլ կարող է կատարվել Հայաստանում, ու էդ շատ ավելի վատ է, պետք է մի քիչ ավելի զգոն լինենք, մի քիչ ավելի շատ սիրենք մեր հայրենիքը, ու ոչ միայն սիրենք կենացներով, այլ ներդնենք մեզնից մի փոքրիկ մաս մեր հայրենիքի մեջ, ու էդ ժամանակ գուցե ինչ-որ բան փոխվի»,- ասում է Մանեն՝ հիշեցնելով մեր պատմության շրջափուլերն ու հույս հայտնելով, որ եթե հիմա վատ է, գուցե գա ժամանակ, երբ ամեն ինչ լավ լինի, եւ բոլորը երջանիկ լինեն։ Մանեի գրասեղանը Ամենամեծ երազանքի մասին հարցն էլ երկար մտածել չի տալիս․ իրարից անկախ, իրարից հեռու՝ քույրերը միեւնույն բառերով միենույն երազանքի մասին են նշում․  «Պետք է խաղաղություն ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում, ու ընդհանրապես, ամբողջ աշխարհում․ եթե խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կլինի»,- ասում է Նարեն։ Մանեն էլ լրացնում է․ «Ամբողջ աշխարհում, եթե դա հնարավոր է»։ Երբ մի օր ճանապարհը բացվի Նարեն ասում է, որ եթե հանկարծ մի օր լուրերը թերթելիս կարդա, որ ճանապարհը բացվել է, սկզբում երեւի թե չի հավատա․ «Դա մի տեսակ անհավատալի լուր է դարձել բոլորիս համար, բայց ճշտելուց հետո մի երկու շոր կհավաքեմ, ու վերջապես կգնանք Երեւան»։  Մանեն էլ իր հերթին հայրենի գյուղ վերադառնալ է նախատեսում․ «Գիտեմ, որ շատ երկար ժամանակով չեմ կարողանա, որովհետեւ սովորում եմ էստեղ, բայց իմ համար շատ կարեւոր է, որ 1-2 օրով տեսնեմ էդ ամեն ինչը, որովհետեւ պատերազմից հետո իմ մեջ անընդհատ վախ կա, որ կարող եմ չտեսնել իմ տունը, իմ հայրենիքը, ինչպես հիմա չենք կարող տեսնել մեր հայրենիքի մի մասը»։ Ապագայի պլանները՝ կապված Արցախի հետ Նարեն այս տարի ավարտելու է դպրոցը, ցանկանում է դիզայներ դառնալ, հանուն որի էլ շրջափակման ընթացքում դժվարությամբ, բայց վճռել է սկսել պարապմունքների հաճախելը․ «Առաջին օրը ահավոր շատ մտածում էի՝ ոնց պիտի գնամ, որ հասնեմ Մարտակերտ, որ հետո էնտեղից էլ գնամ Ստեփանակերտ, մի կերպ կարողացանք մարդ գտնել, որ գնալու էր Մարտակերտ, իր հետ գնացի, ու էլի մի քանի անգամ իր հետ գնացել եմ Մարտակերտ, էնտեղից էլ՝ ավտոբուսով Ստեփանակերտ, բայց գալու հարցն էր շատ դժվար, քանի որ ոչ թե տաքսիներ չկային, կային, բայց դրանք չէին գալիս գյուղ, քաղաքում էին կատարում իրենց ծառայությունները, որովհետեւ վառելիք չկար, մի ամիս էդպես գնացի, երբեմն մնացի Ստեփանակերտում, որպեսզի անընդհատ չգնամ-չգամ, բայց մի շաբաթ առաջվանից արդեն էլ չեմ գնում, օնլայն եմ փորձում շարունակել պարապմունքները, բայց օրվա ընթացքում, հատկապես, երբ հովհարային անջատումներ են լինում, շատ եմ նեղվում, էդ մթությունը մի տեսակ տխրություն է բերում, ավելի շատ եմ սկսում մտածել իրավիճակի մասին, ավելի հուսահատական մտքեր են գալիս»,- ասում է Նարեն՝ միաժամանակ կես կատակ-կես լուրջ հավելում՝ երբ լամպ կամ մոմ են վառում, երեկոն ռոմանտիկ է դառնում․ ուրիշ դրական բան շրջափակումը, ըստ նրա, չունի։ Հովհարային անջատման ժամ Նարեն սկզբում մոտիվացիա չուներ, բայց ասում է՝ ընթացքում փորձեց իրեն հավաքել, մտածել, որ ինչ անում է, իր ապագայի համար է, իսկ այդ ապագայի պլանները կապված են հենց Արցախի հետ․ «Ապագայի պլանների մեջ սովորել, դիզայներ լինելն է։ Իհարկե, գիտեմ, որ չեմ կարողանա էստեղ սովորել, որովհետեւ էստեղ չկա լավ գիտելիքներ ստանալու հնարավորություն, նաեւ այն, որ հայրս ու քույրս Երեւանում են, մի պատրվակ է, որ ես էլ էնտեղ սովորեմ․․․ Բայց չեմ ուզում էնտեղ ապրել, որովհետեւ սա է իմ տունը, ես էստեղ եմ մեծացել, էստեղ էլ կապրեմ, երբեք չեմ ուզել էստեղից գնալ, նույնիսկ, երբ մի քանի շաբաթով գնում եմ ուրիշ տեղ, օրինակ՝ Ստեփանակերտ, իմ մեջ շատ մեծ կարոտ է առաջանում դեպի իմ տուն»,- ասում է Նարեն։ Իսկ Մանեն, քանի դեռ արձակուրդում է, փորձում է Երեւանում աշխատանք գտնել, ինքնակրթությամբ է զբաղվում, որպեսզի լրացնի ազատ ժամանակը։ Դրանից բացի, ՀՀ-ում գտնվող արցախցի երիտասարդներով «Տանեն հեռու խոխեք» անվամբ խումբ են ստեղծել առցանց տիրույթում, միասին մասնակցում են ցույցերին ու հանրահավաքներին։ Մանեն ասում է՝ չգիտի՝ դա ի վերջո կօգնի՞ թե՞ ոչ, բայց ինքը գոնե վստահ կլինի, որ մի բան արել է իր հայրենիքի համար եւ անտարբեր չի եղել․ «Ես զարմանում եմ, որ մարդիկ ասում են՝ ինչի՞ են անում, միեւնույն է՝ չի օգնի, հա, ես համամիտ եմ, դեկտեմբերին էլ ցույցեր կային, էլի մասնակցում էինք, էլի Արցախի երիտասարդներն էին անում, բայց հասկացա, որ չօգնեց, ու հիմա էլ կարող եմ ասել՝ չի օգնում, չեմ անում, բայց միեւնույն է՝ հույսը կա, որ գուցե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի»։ Մանեն անկեղծանում է՝ 44-օրյա պատերազմից հետո մտածում էր Երեւանում ապրելու մասին, մտածում էր՝ Արցախում նորից է պատերազմ սկսելու, բայց մոտ մեկ տարի առաջ ամեն ինչ փոխվեց․ այժմ ուզում է ապրել միայն Արցախում․ «Ես հասկացա, որ ուզում եմ Երեւանում սովորել, էստեղ գալ-գնալ, որովհետեւ սա էլ է իմ հայրենիքը, ու ես սիրում եմ Երեւանը, սիրում եմ Հայաստանը, բայց իմ կյանքը, իմ նպատակները, իմ առաքելությունը պատկերացնում եմ Արցախում, պատկերացնում եմ, որ կդառնամ բժիշկ, կգնամ Արցախ, որովհետեւ շատ քչերն են գնում Արցախ, եւ իրականում Արցախը բժշկի կարիք միշտ էլ ունի»,- ասում է Մանեն՝ վստահ գիտակցումով, որ պիտի լինի այն բժիշկներից մեկը, որն Արցախում է ապրելու եւ օգնելու իր հայրենակիցներին։   Գլխավոր լուսանկարում՝ Մելքումյանների ընտանիքը Միլենա Խաչիկյան, Երևան Աստղիկ Քեշիշյան, Ստեփանակերտ  
16:35 - 31 հուլիսի, 2023
Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների մուտքն Արցախ․ ԱԳՆ-ի պատասխանը՝ ՄԱԿ-ի միջոցով Արցախ պարեն ուղարկելու վերաբերյալ հարցին

Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների մուտքն Արցախ․ ԱԳՆ-ի պատասխանը՝ ՄԱԿ-ի միջոցով Արցախ պարեն ուղարկելու վերաբերյալ հարցին

Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ: Այս մասին infocom.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն դիմե՞լ է ՄԱԿ-ին՝ Պարենի համաշխարհային ծրագրով Արցախ օգնություն ուղարկելու հարցով։ Հետաքրքրվել էինք, թե եթե դիմում եղել է, ապա ինչ պատասխան է ստացվել, իսկ եթե դիմումը մերժվել է, ապա ո՞րն է եղել պատճառաբանությունը։ Հարցրել էինք նաեւ՝ եթե դեռեւս պաշտոնական դիմում չի եղել, ապա արդյոք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստվո՞ւմ է դիմել Կազմակերպությանը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- հարցման պատասխանում վստահեցրել են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի թե երևանյան, թե տարածաշրջանային գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ԱԳՆ-ից հաղորդում են, որ նշյալ հարցը քննարկվել է նաև ս. թ. ապրիլին կայացած՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերի՝ Երևան այցի շրջանակում, եւ այս համատեքստում ընդգծում են, որ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների մուտքն Արցախ․ «ՀՀ ԱԳՆ համակարգմամբ ՊՀԾ ղեկավարության հետ անմիջական կապի մեջ են նաև ՀՀ այլ պատասխանատու գերատեսչությունները: Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի սահմանված կարգով»,- պատասխանել են գերատեսչությունից: ԱԳՆ այս պատասխանը ենթադրել է տալիս, որ հարցը բացառապես քննարկումների մակարդակում է բարձրացվել, եւ պաշտոնական դիմում, այդուհանդերձ, չի եղել։ ԱԳՆ-ն չի պատասխանել հարցին՝ պատրաստվո՞ւմ է պաշտոնական դիմումով հանդես գալ, թե ոչ։ Ի հավելումն նշենք, որ ՊՀԾ-ն համագործակցում է երկրների կառավարությունների հետ։ ՄԱԿ-ը նշում է, որ կարող է հենց ինքը տրամադրել պարենային օգնություն, բայց իր նախագծերը միշտ պահանջում են կառավարությունների լիակատար աջակցությունը և ներգրավվածությունը։  Բացառիկ հանգամանքներում, երբ, օրինակ, որևէ երկրում ճգնաժամ է, և իշխանությունները կորցրել են վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ, ՊՀԾ-ն կարող է օգնություն տրամադրել առանց կառավարության հրավերի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խնդրանքով: Կան նաև հայտնի դեպքեր, երբ հենց կառավարություններն են դիմել ՊՀԾ-ին աջակցության համար։ Եգիպտոսի կառավարությունն, օրինակ, կառույցին է դիմել սիրիացի փախստականներին սննդով աջակցելու համար։ Թուրքիայի կառավարությունը ևս ծրագրին դիմել է սիրիացի փասխտականներին աջակցելու համար։Լուսանկարը՝ ՄԱԿ պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
13:43 - 24 հուլիսի, 2023
Ջուրը՝ որպես կյանքի հոմանիշ․ «լաբորատորիայից ներս» ջրօգտագործման մշակույթի ուսումնասիրություն է

Ջուրը՝ որպես կյանքի հոմանիշ․ «լաբորատորիայից ներս» ջրօգտագործման մշակույթի ուսումնասիրություն է

Ջուրը կյանք է՝ կյանքում հաճախ ենք լսում, բայց թերեւս, այնքան էլ հաճախ չենք մտածում այդ արտահայտության խորքային իմաստների, ընդհանրապես, ջրի բազմաֆունկցիոնալ դերի եւ մեզանում ձեւավորված ջրային մշակույթի նրբերանգների մասին։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) մի խումբ գիտաշխատողներ որոշել են մտածել այս եւ բազում այլ հարցերի շուրջ` փորձելով հասնել «ջրի ակունքներին»։ Այլ կերպ ասած՝ ուսումնասիրել ջրօգտագործման անցյալի փորձը, ջրային ռեսուրսների օգտագործման եւ կառավարման առանձնահատկությունները, ջրային պաշարների ներկային եւ ապագային վերաբերող խնդիրները՝ զուգակցելով դրանք նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ ջրամերձ հուշարձաններից մինչեւ ջրի պաշտամունքին հարող հավատալիքներ ու ծեսեր։ Եվ այս ամենը՝ ոչ թե մեկ, այլ մի քանի մասնագիտական դիտանկյունով։ «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ծրագրում ներառված են հնագիտությամբ, ազգագրությամբ եւ բանագիտությամբ զբաղվող 7 գիտաշխատողներ, որոնց ուսումնասիրության շրջանակում են Սեւանա լճի արեւելյան ավազանը, Շիրակի ջրանցքի, Բերքաբերի ջրամբարի պատմությունը, անձրեւաբեր ու անձրեւախափան մի շարք ծեսեր եւ ոչ միայն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝  Հետգրություն․ հոդվածի ձեւաչափը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս այն կարդալ համակարգչով։ Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Տեսանյութերը՝ Սարգիս Խարազյանի եւ Սվետլանա Մովսիսյանի Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի եւ Ջուլիետտա Հովհաննիսյանի Մոնտաժը՝ Ռոման Աբովյանի
21:15 - 22 հուլիսի, 2023
Մատաղիսի զորամասի հրամանատարը կշարունակի մնալ կալանքի տակ․ պաշտպանն ապօրինի է որակում որոշումը

Մատաղիսի զորամասի հրամանատարը կշարունակի մնալ կալանքի տակ․ պաշտպանն ապօրինի է որակում որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումների փուլը․ դատարանը քննարկեց, թե ինչ հերթականությամբ են հետազոտվելու ապացույցները, անդրադարձավ նաեւ մեղադրյալի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցին։ Գնդապետ Սեւակ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ մեղադրանքի՝ սեպտեմբերի 26-ին հակառակորդի կուտակումների ու շարժի մասին ստացած տեղեկությունները ըստ վերադասության զեկուցելու փոխարեն Աբրահամյանը զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք։ Նա կալանավորված է, մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը միջնորդեց հետազոտել այն հետախուզական տեղեկագրերը, որտեղ պատերազմից առաջ հակառակորդի շարժի մասին տեղեկություններ են եղել Երեկվա դատարանում մեղադրյալի շահերի պաշտպան Արման Թամրազյանը շարունակեց ներկայացնել հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե դրանցից յուրաքանչյուրը վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը) կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Արման Թամրազյանը՝ ձախից, Սեւակ Աբրահամյանը՝ աջից Թամրազյանը առաջարկեց հետազոտել հետախուզական տեղեկագրերը, որոնք, ըստ զննության արձանագրությունների, վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել սկսած 2020թ․ հուլիսից մինչեւ պատերազմի ավարտ։ Այդ հետախուզական տեղեկագրերում, պաշտպանի խոսքով, զետեղված են հակառակորդի շարժերի վերաբերյալ, այդ թվում նաեւ 6-րդ պաշտպանական շրջանի մոտակա հատվածում հակառակորդի շարժերի վերաբերյալ տեղեկություններ, հակառակորդի ուժերի եւ միջոցների, նրա գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, նաեւ զետեղված են, թե ՀՀ հետախուզական մարմիններն ինչ տվյալներ են ստացել այդ օրերի ընթացքում։ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրում են արարք, որ նա ամսի [սեպտեմբերի] 26-ին տեղեկություններ է ունեցել եւ պետք է գնահատեր այդ տեղեկությունները որպես հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան, բայց չի գնահատել։ Սակայն այդ հետախուզական տեղեկագրերում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որ համապատասխան պաշտոնատար անձինք դեռեւս օգոստոս ամսից սկսած հնարավորություն ունեին գնահատել այդ տեղեկությունները որպես հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան»,- նշեց Թամրազյանը՝ հավելելով, որ այդ տեղեկագրերում հստակ տեղեկություններ կան, որ հակառակորդը դեռեւես 2020թ․ օգոստոսից ականազերծման աշխատանքներ է իրականացրել ամբողջ ռազմաճակատի երկայնքով տարբեր տեղերում, մոբիլիզացիա է հայտարարել, ուսումնական կենտրոններում զորքեր է տեղակայել, զորքեր է դուրս բերել, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներ է իրականացրել բնակչության տարհանման վերաբերյալ, սննդի մատակարարող ընկերությունների հետ է աշխատանքներ իրականացրել՝ պատերազմի ժամանակ իրենց զորքին սննդով մատակարարելու համար, տեղեկություններ են եղել նաեւ հակառակորդի կողմից առաջնագիծ մեծ քանակությամբ դագաղներ բերելու վերաբերյալ եւ այլն․ «Անգամ այնպիսի տեղեկություններ են եղել, թե հակառակորդի ուժերում գտնվող՝ Թուրքիայի Հանրապետությանը պատկանող ռազմաօդային ուժերի F16 ինքնաթիռները ինչ թռիչքներ են իրականացրել, դրանք ինչ խնդիրներ են իրականացրել, տեղեկություններ են եղել, որ դրանց օդաչուները հայկական կողմի հակաօդային պաշտպանության միջոցների արձագանքն են ստուգել, դա նշանակում է, որ ֆիքսել են ՀՕՊ միջոցների կոնկրետ գտնվելու տեղերը, այսինքն՝ սրանք այն ցուցիչներն են, որոնք հստակ վկայում են հակառակորդի կողմից հարձակվելուն հստակ նախապատրաստվելու մասին»,- ներկայացրեց պաշտպանը։ Բայց, նրա խոսքով, այսօր առկա է մի իրավիճակ, երբ ամբողջ ՀՀ եւ Արցախի Հանրապետության ԶՈՒ եւ համապատասխանաբար ՊԲ հրամանատարներից բացառապես Սեւակ Աբրահամյանին է մեղսագրվել արարք, որ նա մարտական կանոնադրության պահնջները խախտել է, պահպանությունից պաշտպանության չի անցել, հակառակորդն էլ եկել-գրավել է Թալիշն ու Մատաղիսը։  Ըստ պաշտպանական կողմի՝ վերադաս պաշտոնատար անձինք խախտել են ՀՀ ԶՈՒ ԳՇ 002 դիրեկտիվի՝ հույժ գաղտնի փաստաթղթի պահանջները Հաջորդիվ պաշտպանը միջնորդեց որպես ապացույց հետազոտել ՀՀ ԶՈՒ ԳՇ 002 դիրեկտիվը, որը հույժ գաղտնի փաստաթուղթ է, եւ որով խաղաղ ժամանակ զորքերը լրիվ աստիճանի մարտական պատրաստության աստիճանի բերելու ուղիղ պարտականությունը ԳՇ պետինն ու պաշտպանության նախարարինն է, ոչ թե որեւէ զորամասի հրամանատարինը։ Պաշտպանական կողմն այդ տեղեկագրերով փորձ է անելու ապացուցել, որ վարույթն իրականացնող մարմինը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել Սեւակ Աբրահամյանի նկատմամբ, քանի որ, ունենալով հստակ տեղեկություններ, որ վերադաս պաշտոնատար անձինք խախտել են 002 դիրեկտիվի պահանջները, միայն Սեւակ Աբրահամյանին է մեղադրում 365-րդ հոդվածով, իսկ մյուս պաշտոնատար անձանցից որեւէ մեկն այդ հոդվածով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ Պաշտպանը հատուկ նշեց, որ Սեւակ Աբրահամյանը հետախուզական տեղեկագրերում առկա տեղեկությունների համեմատ շատ աննշան եւ չնչին տեղեկություններ է ունեցել։ Պետք է պարզել՝ սեպտեմբերի 27-ին երբ է եղել արեւածագը, որովհետեւ մեր ԱԹՍ-ն գիշերը չէր կարող ֆիքսել հակառակորդի շարժը Հաջորդ ապացույցը, որը պաշտպանական կողմը միջնորդեց հետազոտել դատարանում, օթերեւութաբանական համապատասխան մարմնից ստացված գրությունն է այն մասին, թե Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում 2020թ․ սեպտեմբերի 27-ին երբ է եղել արեւածագը, որ ժամից որ ժամն է եղել աղջամուղջ, աղջամուղջի մեջ տեսանելիությունն ինչպիսին է եղել, եւ այլն։ Բանն այն է, որ մեղադրանքում նշվում է սեպտեմբերի 27-ի կոնկրետ ժամ՝ 06:10, եւ ասվում, որ դրանից հետո հակառակորդը տանկերը դուրս է բերել առաջանագիծ, ինչ-որ գործողություններ է կատարել, Սեւակ Աբրահամյանը դրա մասին տեղեկություններ է ունեցել, հետո հետախուզության պետն է նայել, ԱԹՍ-ն թռցրել է եւ նկարահանել այդ ամենը։ Պաշտպանն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն կարող էր թռիչք անել եւ տեսանկարահանել հակառակորդի տանկային ստորաբաժանումների շարժը բացառապես ցերեկային լուսավորության պայմաններում, քանի որ այդ տեսախցիկը գիշերային տեսանելիության համար համապտասխան կահավորում չի ունեցել։  6-րդ ՊՇ-ում հակագրոհներ չեն եղել․ պաշտպանը պնդում է՝ հակագրոհներ պետք է կազմակերպեին ՊԲ-ն եւ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան Պաշտպանի հիշատակած մյուս ապացույցն այն զննության արձանագրության վերաբերյալ է, որում տեղեկություններ կան 6-րդ ՊՇ-ում հակագրոհների բացակայելու վերաբերյալ։ Թամրազյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը մեղադրանքին վերաբերում է նրանով, որ Սեւակ Աբրահամյանին մեղսագրված արարքում որպես հետեւանք նշվել է, որ հոկտեմբերի 2-ին հակառակորդը մխրճվել է եւ գրավել Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։ Այդ հետեւանքում վարույթն իրականացնող մարմինը իբրեւ թե պատճառական կապ է գտել եւ Սեւակ Աբրահամյանին մեղսագրել այդ հետեւանքի առաջացումը։ Բայց կոնկրետ դեպքում, ըստ պաշտպանի, հակագրոհները պետք է կազմակերպեին ՊԲ-ն եւ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան՝ իրենց ուժերով, ոչ թե 6-րդ ՊՇ-ի, որովհետեւ մարտական խնդիրներով եւ մարտական կարգադրություններով հստակ կարգավորվել է, թե հակառակորդի հարձակման ժամանակ 6-րդ ՊՇ-ն ինչ գործողություններ պետք է իրականացնի եւ ինչ գործողություններ պետք է իրականացնեն ՊԲ-ն եւ 10-րդ դիվիզիան։ Հաջորդիվ պաշտպանը նշեց, որ քրեական գործում առկա է արձանագրություն, որ քննիչն ուսումնասիրել է ԶՈՒ օպերատիվ շտաբների ծառայության հրահանգը։ Ծառայության հրահանգը նորմատիվ իրավական ակտ է, որը պաշտպանական կողմին հասանելի չէ, որովհետեւ այդ ակտը գաղտնի է։ Այդ պատճառով պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց ձեռք բերել այդ փաստաթուղթը՝ տեղեկացնելով, որ այն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ է։ Առանց այդ փաստաթղթի, Թամրազյանի համոզմամբ, դատարանը չի կարող արդարացի վերդիկտ կայացնել, քանի որ փաստաթղթով հստակ կարգավորված է, թե կոնկրետ ում վրա է դրված պարտականությունը, որ պետք է առաջնագծից ստացվող տեղեկությունները հավաքագրվեն ու զեկուցվեն վերադասին․ «Այս նորմատիվ իրավական ակտը հստակ նախատեսել է, որ դրա պարտականությունը դրված է շտաբի վրա, այսինքն շտաբը ստանում է տեղեկությունները, վերլուծում, ուղարկում վերադասին։ Անգամ գործով հարցաքննված վկաների ցուցմունքներում հղումներ կան այս ակտի վրա»։ Թամրազյանը ներկայացրեց նաեւ, որ առկա է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2014թ․ թիվ 0225 հրամանով հաստատված զորքերի կառավարման հիմունքների ձեռնարկը, որը հստակ նորմեր է պարունակում ստորաբաժանման ղեկավարների կողմից կատարվելիք գործողությունների վերաբերյալ․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրված է արարք, որ նա զորքերը լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերել եւ մինչեւ հակառակորդի հարձակումը անմիջապես վերախմբավորում չի իրականացնել։ Նշված ձեռնարկում կան հստակ տեղեկություններ, թե զորամասի հրամանատարն ինչպես եւ ինչ կագով պետք է գործեր։ Վարույթն իրականացնող մարմինը այս ակտի մասին տեղեկություն չի ունեցել, այն չի պահանջել, քրեական գործով չի ուսումնասիրել եւ չի հետազոտել, բայց դա վերդիկտ կայացնելու համար էական նշանակություն ունի, հետեւաբար միջնորդում եմ դատարանին ձեռք բերել այդ փաստաթուղթը ՊՆ-ից»։ Որպես ապացույց հետազոտման ենթակա մյուս հրամանը Պաշտպանության բանակի հրամանատրի՝ 2012 թվի մարտի 31-ի հրամանն է, որը վերաբերում է նորմատիվներին։ Մասնավորապես, ինչպես նշեց պաշտպանը, սահմանված են համապաասխան ժամանակային նորմատիվներ, թե կոնկրետ դեպքում զորքերի վերախմբավորման ժամանակ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ստորաբաժանումն ինչ-որ տեղից շարժվի մեկ այլ տեղ, ժամանակացույց է, թե հրետանին ինչքան ժամանակում պետք է պատրաստվի կրակ վարելու համար, նորմատիվ է, թե զորքերին վերախմբավորում կատարելու ժամանակ մշտական տեղակայման վայրից մինչեւ առաջնագիծ հասնելն ու այնտեղ ծավալվելը ինչքան ժամանակ է անհրաժեշտ։ Պաշտպանն ասաց, որ քրեական գործում առկա է 2022թ․ ապրիլի 1-ին կազմված՝ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրման արձանագրություն, որին զննությամբ կցված են նաեւ մարտական կարգադրությունների քաղվածքներ, դրանից բացի՝ առկա են գաղտնի փաստաթղթեր 6-րդ ՊՇ-ի՝ պատերազմին նախորդող պահին ունեցած սպառազինության եւ զինատեսակների վերաբերյալ․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրում են արարք, որ եթե խնջույթ չաներ, հակառակորդը Մատաղիսն ու Թալիշը չէր կարող գրավել, չէր կարող մխրճվել պաշտպանության խորքը, բայց կոնկրետ դեպքում մեզ անհրաժեշտ է այդ հետեւանքը հասկանալու եւ գնահատելու համար իմանալ, թե 6-րդ ՊՇ-ն ինչ սպառազինություն է ունեցել եւ ինչքան, որովհետեւ քրեական գործով հարցաքննված անձինք տեղեկություններ են հայտնել հակառակորդի իրականում ունեցած ուժերի եւ միջոցների մասին, եւ այդ մարտական հրամանով ու որոշմամբ հստակ եղել է, թե Սեւակ Աբրահամյանն ինչ ուժերի եւ միջոցների դեմ պիտի պայքարի։ Բայց երբ հարձակումը սկսել է, այդ ուժերը եւ միջոցները տասն անգամ գերազանցել են Սեւակ Աբրահամյանի ունեցած ուժերին եւ միջոցներին»,- շեշտեց Թամրազյանը։ Պաշտպանը դատարանին հայտնեց, որ այս վարույթից նոր վարույթ անջատելու մասին որոշում է կայացվել, եւ միջնորդեց դրա արձանագրությունը եւս հետազոտել։ «Վարույթն իրականացնող մարմինը, որն անընդհատ պնդում է, որ կողմնակալ չէ, Սեւակ Աբրահամյանին չէ միայն թիրախավորել, միջնորդում եմ, ասում եմ քրեական վարույթ նախաձեռնեք․ դուք գտել եք, որ Աբրահամյանն, ունենալով այսքան տեղեկություն հակառակորդի գործողությունների վերաբերյալ, չի ենթադրել, որ հակառակորդը հարձակվել է, բայց դուք ունեք ապացույցներ, որ նրանից տասն անգամ բարձր պաշտոնատար անձը, որն ի պաշտոնե պարտավոր է եղել այդ գործողությունները կատարելու, ունեցել է ավելի ատ տեղեկություններ կոնկրետ հակառակորդի հարձակման օրվա եւ ժամի մասին, ու իր պարտականությունը չի կատարել, այսինքն՝ կատարել է ՔՕ 365-րդ հոդվածով նախատեսված արարք։ Ասում եմ՝ վարույթ նախաձեռնեք, վարույթն իրականացնող մարմինն ասում է՝ մենք մի գործ ենք քննում ընդհանուր պատերազմի հետ կապված, էդ էլ ենք էդ գործի մեջ քննում, էդ վարույթն էլ նախաձեռնված է զինվորական պաշտոնական անփութության հոդվածով, էն որ մեր գործն էլ է էդ հոդվածով։ Ասում է՝ ճիշտ է հանցագործության հատկանիշներ է պարունակում, բայց մենք կկցենք էն գործին, կքննենք»,- ներկայացրեց Թամրազյանը՝ նշելով, որ այդ մերժումն ինքը բողոքարկել է դատարան եւ դատարանը որշոում է կայացրել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդման հետ կապված վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր քրեական վարույթն նախաձեռնել։ Եւ վարույթն իրականացնող մարմինը 2023թ․ մայիսի 5-ին քրեական վարույթ է նախաձեռնել այդ պաշտոնատար անձանց կողմից պարտականությունները չկատարելու վերաբերյալ եւ կրկին վարույթ է նախաձեռնել զինվորական պաշտոնական անփութության հոդվածով․ «Սա կարեւոր նշանակություն ունի դատարանի համար վերդիկտ կայացնելու առումով, որովհետեւ վարույթն իրականացնող մարմնի այս գործողությունը վկայում է այն մասին, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվում․ մի դեպքում փաստերը գնահատում է որպես զինվորական պաշտոնական անփութություն, ինչպես գնահատել է Սեւակ Աբրահամյանին քրեական վարույթ նախաձեռնելու ժամանակ, բայց Սեւակ Աբրահամյանի արարքը դիտել է, որ դա մարտական հերթապահության կանոնների խախտում է եղել, բայց այս անձանց դեպքում, չգիտես ինչու, չի գտել, որ մարտական հերթապահության կանոնների խախտում է տեղի ունեցել»։ «Մենք պետք է 01 հաստիքով համալրվեինք, որ կարողանայի չպահվող բոլոր դիրքերը համալրել» Համաձայնելով իր պաշտպանի դիրքորոշումների հետ՝ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը ներկայացրեց նաեւ, որ ծառայության մեջ իրենք առաջնորդվում են երկու հաստիքով՝ 51 հաստիք եւ 01 հաստիք, առաջինը խաղաղ պայմաններում է, մյուսը՝ մարտական գործողությունների ժամանակ։ Ընդ որում՝ Աբրահամյանը նշեց, որ խաղաղ ժամանակահատվածում անձնակազմը լրիվությամբ համալրված չի լինում։ Նա կարծիք հայտնեց, որ քանի որ մարտական գործողություններում մեր եւ հակառակորդի անձնակազմի հարաբերությունը կատարվում է 01 հաստիքով, ապա նպատակահարմար է ՊԲ-ից պահանջել ՊՇ-ի անձնակազմի եւ սպառազինության մարտական, քանակական կազմը, որպեսզի դատարանում կարողանան ապացուցել, որ եւ հակառակորդն է ավելի շատ եղել, եւ իրենք չենք համալրվել 01 հաստիքով։ «Իմ խնդիրը ես պետք է կատարեմ 01 հաստիքով նախատեսված անձնակազմով, որը համալրվում է մարտական գործողությունների ընթացքում։ Մենք տեսնենք՝ ինչքան անձնակազմ պետք է ունենայինք, եւ ինչքան են մեզ հատկացրել»,- ասաց մեղադրյալը՝ շարունակելով, որ հիշատակված 002 դիրեկտիվում կա փաստաթուղթ, որը կոչվում է մարտական պատրաստականության բերման պլան։ Այն մի փաստաթուղթ է, որտեղ արտացոլվում են զորամասի հրամանատարից մինչեւ ենթակա ու վերադաս բոլոր անձանց գործողությունները, որոնք կատարվում են տագնապի ժամանակ, որից ելնելով անցնում են պաշտպանության․ «Եթե մենք դա ունենանք, կտեսնենք՝ ՊՇ հրամանատարը խաղաղ պայմաններում, եթե զորամասը բերեր բարձր մարտական պատրաստության աստիճանի, ապա ինչ դրական բան կփոխվեր, կտեսնենք որ ոչ մի բան էլ չէր փոխվի։ Ընդհուպ այդ քանակով անձնակազմով ես չէի կարող բոլոր չպահվող մարտական դիրքերը համալրել, մենք պետք է 01 հաստիքով համալրվեինք, նոր կարողանայի չպահվող բոլոր դիրքերը համալրել։ Իսկ 01 հաստիքով համալրում կատարվում է Արցախի Հանրապետության ռեսուրսների հաշվին՝ ԱՀ նախագհի հրամանով, ՀՀ ռեսուրսների հաշվին՝ ՀՀ վարչապետի հրամանով»։ «Չենք կարող հետախուզական տվյալը մեր մարտական դիրքրից 2 րոպեում հաղորդել ՊԲ, բայց մատյանում նման տվյալներ կան» Սեւակ Աբրահամյանը նշեց, որ գործում առկա է հետախուզական տվյալների հաշվառման մատյան։ Ըստ նրա՝ մատյանում ոչ բոլոր տվյալներն են առկա․ «Մատյանում գրառված են այն հետախուզական տվյալները, որոնք հաղորդված են 6-րդ ՊՇ-ից։ ՊԲ-ի եւ զորամասի արանքում կա նաեւ դիվիզիա, մենք հետախուզական տվյալները հաղորդում ենք դիվիզիա, դիվիզիան հաղորդում է ՊԲ։ Մարտական կանոնադրության մեջ ասված է, թե ով է զորքերի ղեկավարումն իրականացնում եւ որտեղից, էս պահին զորամասում հրամանատարն է իր տեղակալների եւ ծառայության պետերի հետ, ղեկավարումն իրականացվում է ղեկավարման կետերից, զորամասում առկա է ոչ թե մեկ հրամանատարական կետ, այլ մի քանի այլ կետեր։ Պարզ երեւում է, որ ՊՇ վարչությունը ոչ թե պետք է զբաղեցնի հրամանատարական կետ, այլ ղեկավարման կետ։ Ընդ որում՝ շտաբի հիմնական խնդիրների մեջ են մտնում հետախուզական տվյալների հավաքումը, հայթայթումը, ընդհանրացումը զեկուցումը վերադաս շտաբ, այլ ոչ թե ՊՇ հրամանատարին անձամբ։ ՊՇ հրամանատարը չի կարող եւ մարտը ղեկավարել, եւ իր ենթականերին խնդիրներ առաջադրել։ Ընդ որում՝ շտաբների ղեկավարումն իրականացվում է անձմաբ ՊՇ շտաբի պետը։ Գնդի շտաբի պետը գնդի շտաբի ու անմիջական վարչակազմի աշխատանքների հիմնական կազմակերպիչն է։ Հիմա այս աշխատանքների կատարման ընթացքում ձեր բերած տվյալներում նույն շտաբի պետի ղեկավարությամբ հետախուզական տվյալները հաղորդվել են դիվիզիա, դիվիզիան հետախուզական տվյալներն ընդունել է, գործում նյութերը առկա են, ըստ որոշ տվյալների՝ այդ նյութերը բանակ չեն գնացել, բայց բանակում հայտնաբերվում է մատյան, որտեղ էդ տվյալները կան գրված։ Մատյանում տվյալները, գրառումները կատարում են երկու-երեք սպա, ձեռագրերը շատ են նույն օրվա ընթացքում, ժամերը, որ գրված են, աղավաղված են։ Մենք չենք կարող երկու րոպեում մեր մարտական դիրքրից հետախուզական տվյալը հաղորդենք ՊԲ, բայց էնտեղ տվյալներ կան, որ հետախուզական տվյալը երկու րոպեում գրանցվել է ՊԲ-ում։ Ինձ մոտ կասկած է առաջանում, որ էդ մատյանն ինչ-որ բանի է ենթարկվել»,- նկարագրեց Սեւակ Աբրահամյանը՝ խնդրելով դտարան ներկայացնել տվյալ մատյանը, հետո փորձաքննության ենթարկել այն։ Պաշտպանական կողմից լսելուց հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Սեւակ Աբրահամյանին տեղեկացրեց, որ նա իրավունք ունի պահպանել լռություն կամ տալ ցուցմունք՝ այդ թվում պաշտպանի ներկայցությամբ։ Աբրահամյանն ասաց, որ ինքը միանշանակ ցանկանում է ցուցմունք տալ․ «Կներեք էլի, ես հայերեն դպրոց եմ ավարտել, ունեմ բարձրագույն զինվորական դիպլոմ՝ բարձր գնահատականներով, բայց մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ինչի մեջ են ինձ մեղադրում, ինչո՞ւ, որովհետեւ մեղադրող կողմից ներկայացված հոդվածները, որ էսինչ փաստաթղթերի էսինչ հոդվածների համաձայն չի կատարել էսինչը, ես կարդում եմ, տեսնում եմ՝ չի համապատասխանում հոդվածին»։ Դատավորն արձագանքեց, որ այդ բոլոր հարցերը, որոնք մեղադրյալին չեն գոհացնում այս պահին, որոնց հետ ինքը համաձայն չէ, մանրամասն, օբյեկտիվ, լրիվ քննության արդյունքում վեր կհանվեն, եւ անհասկանալի բաներ չեն մնա։ Հանրային մեղադրողը պնդում է, թե Արցախի նախագահին, ԱԱԾ նախկին տնօրենին դատարանում հարցաքննելու կարիք չկա Հաջորդիվ հանրային մեղադրող [դատախազ] Վազգեն Վարդանյանն ասաց, որ պաշտպանական կողմի հնչեցրած որոշակի փաստաթղթերի ինքն էլ ծանոթ չէ, դրանք չեն հետազոտվել նախաքննության ընթացքում, ուստի ինքը դրանց վերաբերյալ չի կարող դիրքրոշում հայտնել, դրա համար էլ միջնորդեց դատարանին ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա ասել՝ ունի՞ առարկություն այդ ապացույցների վերաբերյալ, թե ոչ։ Հանրային մեղադրողները, ձախից՝ Վազգեն Վարդանյանը  Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր դատարանում հարցաքննել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ նախկին պետին, հետազոտել Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում հնչեցրած հայտարարությունները․ հանրային մեղադրողը, սակայն, պնդեց, թե այդ հարցաքննությունները եւ հայտարարության հետազոտումը որեւէ նշանակություն չեն կարող ունենալ տվյալ քրեական վարույթով․ «Պաշտպանական կողմից պատրաստք է փորձում ստեղծվել, որ ինչ-որ անձինք կամ բարձրագույն հրամանատարական կազմը իբրեւ թե կատարել են հանցավոր արաք, դրա համար մեղադրանք է առաջադրվել Սեւակ Աբրահամյանին, բայց ամենեւին այդպես չէ, ենթադրյալ հանցավոր արարքի կատրումը կոնկրետ է, դրա վերաբերյալ ապացույցերը վարույթում են, դրա վերաբերյալ առաջադրված է մեղադրանք»,- կարծիք հայտնեց Վարդանյանը՝ շարունակելով ներկայացնել, որ ներկայում Քննչական կոմիտեում քննվում են բազմաթիվ գործեր, այդ թվում բարձրաստիճան սպաների, այդ թվում շարքային, ենթասպայական, սպայական կազմին վերաբերող, եւ, նրա խոսքով, յուրաքանչյուրի անձի որեւէ հանցավոր արարքի գնահատական տալու համար կատարվում է առանձին քննություն։ Միաժամանակ, հանրային մեղադրողը հայտնեց, որ որեւէ առարկություն չկա ՊԲ գաղտնի գործավարության նախկին պետ Մարինե Ծատրյանին հարցաքննելու վերաբերյալ [նրան հարցաքննելու միջնորդությունը ներկայացվել էր նախորդ նիստին], առարկություն չկա նաեւ 002 դիրեկտիվի հետազոտման եւ այլնի մասով։ Կա ցուցմունք, որ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին երկու օր առաջ ասել է, որ թուրքերը հարձակվելու են Պաշտպանը փորձեց պատճառաբանված բացատրություն լսել, թե ինչու չպետք է հարցաքննվեն Արցախի նախագահը, ԱԱԾ նախկին տնօրենը, այդ ժամանակ հանրային մեղադրողը Թամրազյանին ընդհատելով ասաց՝ «բայց ինչի՞ հարցաքննենք»։ Այնուհետեւ պաշտպանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունն ասում է, որ անձն իրավունք ունի ասել՝ այս անձը գալու է՝ իմ օգտին ցուցմունք տա, այս մարդուն ի պաշտպանություն ինձ հարցաքննեք, ինչպես հարցաքննել եք իմ դեմ ցուցմունք տված անձանց․ «Դուք վարույթն իրականացնող մարմնին հսկող դատախազ եք եղել, ձեր հսկողությամբ աշխատող քննիչն Արայիկ Հարությունյանին հարցաքննել է, եթե անհրաժեշտ չի եղե, ինչո՞ւ չեք արգելել, ասել՝ ինչու ես հարցաքննում Արայիկ Հարությունյանին, այդ ցուցմունքը զրո նշանակություն ունի, ինչո՞ւ եք հարցաքննել։ Եթե անգամ չեք հարցաքննել, մենք դա միջնորդում ենք, եւ որեւէ մեկը չի կարող ոչ միայն առարկել այդ միջնորդության դեմ, այլ նաեւ մերժել, որովհետեւ սա սահմանադրական նորմի է վերաբերում։ Նույնը վերաբերում է ԱԱԾ տնօերնին»,- պնդեց պաշտպանը։  Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի արտահայտությանը, թե «պաշտպանական կողմը պատրանք է ստեղծում», Թամրազյանն արձագանքեց այսպես․ «Ի՞նչ պատրանքի մասին է խոսքը։ Դուք ասում եք՝ Սեւակ Աբրահամյանն ամսի 26-ին ամբողջ մոլորակում միակ մարդն է եղել, որ տեղեկություն է ունեցել, որ հակառակորդը հարձակվելու է։ Ես ձեզ ասում եմ, որ ԼՂՀ սահմանադրության համաձայն՝ նրանց նախագահն իրենց երկրի անվտանգության երաշխավորն է, նա է պատասխանատու, եւ եթե հարձակման սպառնալիքի վերաբերյալ տեղեկություններ է ունենում, պարտավոր է արտակարգ դրություն հայտարարել։ Գործով ցուցմունք ունեք, որի մեջ նշված է, որ Ջալալ Հարությունյանին Արայիկ Հարությունյանը երկու օր առաջ ասել է, որ թուրքերը հարձակվելու են։ Դուք այդ ցուցմունքը դրել եք մեղադրանքի հիմքում, չեք ուզո՞ւմ Արայիկ Հարությունյանին հարցաքննել, տեսնել՝ դա իրականությո՞ւն է, թե՞ իրականություն չէ»։ Ի վերջո, լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց հետազոտման ենթակա ապացույցների ցանկը։ Ըստ այդմ՝ հիմնական դատալսումների փուլում կհետազոտվեն մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները, հետո՝ պաշտպանական կողմի, հետո կլինի վկաների հարցաքննության փուլը, վերջում դատարանը կլսի մեղադրյալ Սեւակ Աբրահամյանին։ Դատարանը որոշեց քննել մեղադրյալի կալանքը երկարաձգելու հարցը․ պաշտպանն այդ որոշումն ապօրինի որակեց Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ քանի որ մեղադրյալի կալանքի ժամկետը լրանում է այս մասվա 29-ին, այս նիստում դատարանն անհապաղ պետք է անցնի այս հարցի քննությանը, որ մյուս նիստերին շարունակի մյուս հարցերի քննարկումը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Խափանման միջոցի հարցի վերաբերյալ հանրային մեղադրողը կարծիք հայտնեց՝ նշելով, որ խափանման միջոց կալանքի նպատակը շարունակում է առկա լինել, շարունակում է բարձր լինել ռիսկը, որ մեղադրյալի ազատությունը նվազ սահմանափակող այլ խափանման միջոցի կիրառումը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Թեեւ նա նշեց, որ այս ընթացքում նոր հանգամանք ի հայտ չի եկել․  «Հաշվի առնելով մեղադրյալ Սեւակ Աբրահամյանի նախկինում զբաղեցրած դիրքը, հեղինակությունը, ունեցած դերը, սպայի բարձր աստիճանը, այդ լույսի ներքո հաշվի առնելով մի շարք նախադեպային որոշումներ, որոնց վրաբերյալ նախորդ միջնորդության մեջ հղում եմ կատարել, գտնում եմ, որ կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի եւս երեք ամսով, եւ այլընտրանքային խափանման միջոցն ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումը»,- պնդեց հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։  Պաշտպանը ներկայացրեց, որ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն առնվազն երեք հիմքով անօրինական է Իսկ պաշտպանն, իհարկե, առարկեց այդ միջնորդության դեմ։ Նախ նա նշեց, որ ՔԴՕ 116 հոդվածը կոնկրետ նշել է, կալանքի հարցը քննելիս դատարանը պետք է որոշում կայացնի՝ հիմնավոր կասկած կա՞, թե՞ չկա․ «Ես մեղադրանքի կողմից չլսեցի հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ որեւէ դիրքորոշում։ Հիմնավոր կասկածն ունի հիմնավորվածություն եւ օրինականություն։ Ես հիմնավոր կասկածի հիմնավորվածության մասին չեմ խոսում, ապացույցները չեմ վերլուծում, բայց դատարանը պարտավոր է անդրադառնալ մեղադրանքի օրինականությանը»,- ասաց պաշտպանը՝ մանրամասնելով, թե ինչու է համարում, որ այս մեղադրանքն օրինական չէ։ Նախ, պաշտպանը նշեց, որ այն արարաքը, ինչը մեղսագրվում է Սեւակ Աբրահամյանին, ապաքրեականացվել է․ «Վարույթն իրականացնող մարմնի կողմից նկարագրված մեղադրանքի նկարագրությունում կանոնների խախտումը ենթադրվում է, որ կատարվել է անզգուշությամբ։ Նախկին ՔՕ 365 հոդվածը մարտական հերթապահության կանոններն անզգուշությամբ խախտելը համարել է հանցագործություն, բայց նոր ՔՕ-ն դա հանցագործություն չի համարել, նշանակում է, որ այդ արաքը ապաքրեականացվել է»։ Դարձյալ նշելով, որ Սեւակ Աբրահամյանին ներկայացվել է մեղադրանք նախկին ՔՕ 365-րդ հոդվածի երկրորդ մասով, պաշտպանը հիշեցրեց, որ նույն հոդվածի առաջին մասը նշում է այն արարքի մասին, որը կատարվել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ․ «Այսինքն՝ Սեւակ Աբրահամյանը պետք է մարտական հերթապահության կանոնները խախտեր ՀՀ սահմանները պաշտպանելու ժամանակ, որովհետեւ կոնկրետ դիսպոզիցիայում նշված է, թե որտեղ կարող էր այդ հանցանքը կատարվել։ Այսինքն, եթե այդ գործողությունը ուղղված չէ ՀՀ սահմանների պաշտպանությանը, մենք այս հոդվածի հետ գործ ունենալ չենք կարող, այս հոդվածը չի կարող լինել կիրառելի, որովհետեւ հանցակազմի պարտադիր հատկանիշը բացակայում է»,- ներկայացրեց Թամրազյանը։  Նա նշեց, Արցախի Հանրապետությունն էլ ունի ՔՕ, որը նույնպես ունի մարտական հերթապահության կանոնները խախտելու հանցակազմ, որի մեջ գրված է «Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանն ուղղված մարտական հերթապահության կանոնները խախտելը», այսինքն, ըստ պաշտպանի, ակնհայտ է, որ տարանջատված են Արցախի Հանրապետության սահմանները եւ ՀՀ սահմանները։  Թամրազյանն ասաց, որ Սեւակ Աբրահամյանը հարցում է արել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, հարցրել է՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանը ՀՀ սահմանների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են հետեւյալը․ «ՀՀ սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները, մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից։ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ համայնքների ցանկը, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասկազմով հավելված 2-ում։ Արցախի Հանրապետության ԱԺ 1998թ․ հունիսի 16-ի ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է Հանրապետության վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի շրջանները եւ Ստեփանակերտ քաղաքը»․ «Ինչպես երեւում է վերոնշյալ կարգավորումներից՝ ՀՀ եւ Արցախի վարչատարածքային բաժանումը որեւէ փոխհատում չունի։ Մարտակերտի շրջանը ՀՀ տարածքում չի եղել եւ Արցախի Հանրապետության սահմանները ՀՀ սահմանների հետ չեն նույնանում, դրանք տարբեր են»,- ասաց պաշտպանը։ Այս պատասխանը եւս ապացույցի տեսքով ներկայացրեց դատարանին։ Մեղադրանքի օրինական չլինելու վերաբերյալ պաշտպանի հաջորդ փաստարկն այն էր, որ ՔԴՕ-ն, որն ուժի մեջ է մտել 2022 հուլիսի մեկին, գրել է, որ եթե չկա կոնկրետ հոդվածով կոնկրետ հանցանքի համար նախաձեռնված քրեական վարույթ, քրեական հետապնդում չի կարող լինել․ «Սա դոգմա է, սա քննարկման ենթակա էլ չէ, նախկինում ՔԴՕ-ն, ի տարբերություն նորի, նշել էր, որ նույն անձի վերաբերյալ եթե այլ հանցաքնի դեպք կլինի, բայց հնարավոր կլինի այլ վարույթում քննել, հնարավոր է նոր գործ չհարուցվի, բայց դրա վերաբերյալ էլ գիտնական հեղինակավոր դատավորները կարծիք ունեն, որ դա բացառիկ դեպքերում է կիրառվել, հիմա մենք ունենք պաշտոնական զինվորական անփութության վարույթ եւ ունենք մեղադրանք՝ բոլորովին այլ հանցանքի վերաբերյալ։ Ոչ մի հանցանք մյուսի հետ չի նույնանում»։ Այսպիսով, ներկայացնելով երեք հիմք մեղադրանքի անօրինական լինելու մասին՝ պաշտպանը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս են այս պարագայում պատրաստվում անձի կալանքի երկարաձգման հարց քննարկել, հատկապես, երբ հանրային մեղադրողն ինքն էլ նշում է, որ նոր հանգամանք ի հայտ չի եկել։ Պաշտպանը խնրդեց վարույթում ներգրավված 51 վկաներից գեթ մեկի անունը հնչեցնել, որի վրա Աբրահամյանը կարող է ազդեցություն ունենալ, եւ միաժամանակ վստահություն հայտնեց, որ չի կարող այդպիսի անուն հնչել, քանի որ որեւէ վկայի ցուցմունք պարզապես չի հակասում մեղադրյալի ցուցմունքին։ Նա վրդովմունք արտահայտեց այն իրողության վերաբերյալ, որ տնային կալանք են ընտրում անգամ սպանության կազմակերպչի, թմարմիջոց իրացնողի, քրեական հեղինակության դեպքում․ «Բայց թուրքին վնաս տված, 44 օր կռված, զինվորական, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդկանց դեպքում տնային կալանքը կիրառելի չէ, եւ միակ բացառիկ խափանման միջոցը կալանքն է, որ կիրառվում է, էս է մեր էսօրվա իրականությունը, պիտի թմրամիջոց իրացնող լինես, որ տնային կալանքի տակ լինես, մյուս դեպքերում քեզ տնային կալանք չի սպառնում»։  Սեւակ Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի, ընտանիքը Ստեփանակերտում բլոկադայի մեջ է Պաշտպանը դատարանում հայտարարեց նաեւ, որ Սեւակ Աբրահամյանի հարազատները՝ մայրը, եղբայրները, երեխաները, Ստեփանակերտում են՝ շրջափակման մեջ ու սովի մատնված, եւ գոնե այս իրավիճակում «դադարեցվի սադիզմը», հատկապես, որ Աբրահամյանը հիվանդություններ ունի, մի քանի անգամ ինֆարկտ է տարել, ՔԿՀ-ում՝ կաթված, ու այդ իրավիճակում ինչպե՞ս կարող է 3/4քմ սենյակում մնալ։ Պաշտպանը նշեց, որ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի առողջական վիճակը, կարող է վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը կիրառել գոնե։ Պաշտպանի դիրքորոշումից հետո ինքը՝ Աբրահամյանը ելույթ ունեցավ՝ դատախազին հարցնելով՝ այդ բարձր դիրքն ու անունը ինչ-որ մե՞կն է իր համար ստեղծել, թե՞ ինքն իր համար։ Նա նշեց, որ եթե ուզենար խանգարել գործի քննությանը, առաջին օրից չէր գա ՀՀ, չէր գնա քննչական մարմին․ «Ես ուզում էի էս գործը բացվեր, շնորհակալություն, ես նպատակիս հասել եմ, ուրիշ նպատակ չունեմ էս գործում, ինձ ինչ պետք ա եղել, ես հասկացել եմ։ Ինձ պետք ա եղել՝ ես իմանամ՝ իմ տունս, որ անցել ա թուրքի տարածք, հիմա իմ տունս որ համարվում ա Ադրբեջանի Հանրապետություն, մարդիկ պլանավորե՞լ են էդքանն իրականացնել, թե՞ ոչ։ Աստված մեծ ա, օրը գալու ա, բարին էլ հետը, ամեն ինչ ժամանակավոր ա, բայց իմացեք, միշտ էլ, ե՛ւ հինգ տարի հետո, եւ ինը տարի հետո, ես իմ դիրքը, դերը ունենալու եմ, ու էլի էն իմ հայրենիքս ա, տունս ա, ու միշտ էլ մնալու ա, ու հայրենիքումս ապրողների համար միշտ էլ սիրտս ցավելու ա․․․ Որոշել եք, որ խոչընդոտելու եմ, ձեր գործն ա»,- եզրափակեց մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը։ Դատարանը երկարաձգեց Աբրահամյանի կալանքը Դատարանը, լսելով կողմերին, որոշեց Սեւակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ եւ այն երկարաձգել եւս երեք ամսով՝ մինչեւ հոկտեմբերի 29։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի չորսին, ժամը 12:30։ «Աստված ձեզ հետ»,- ասաց Սեւակ Աբրահամյանը՝ դատական նիստերի դահլիճից դուրս գալիս դիմելով այնտեղ մնացած հանրային մեղադրողներին ու լրագրողներին։ Հայարփի ԲաղդասարյանԼուսանկարները՝ Սվետլանա Մովսիսյանի
17:30 - 22 հուլիսի, 2023
«Մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում»․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննությունը

«Մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում»․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննությունը

«Շրջափակման մեջ գտնվելու ժամանակ մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում, ես, որ այսօր ողջ եմ, Աստծո ձեռքի գործն է»։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Նարեկ Սիրունյանի խոսքերն են։ Նարեկը մեկն է գումարտակի այն զինծառայողներից, որոնց հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Նարեկը 6 զինծառայողների հետ միասին (որոնցից վիրավոր 2-ը այդ ընթացքում զոհվել են) 44 օր շարունակ թաքնվել է Վանք գյուղի տներից մեկում, պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 21-ին, հայտնաբերվել ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ գերեվարվել։ 8 ամիս անց՝ 2021 թ․ ամռանը, Նարեկը վերադարձվել է հայրենիք։ Ավելի քան մեկ տարի է՝ դատարանում քննվում է Խուռհատ սարի վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակում մեղադրյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Նարեկ Սիրունյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 31-ին, երեկ ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու։ Ըստ տուժողի՝ պատերազմի ժամանակ իրենց մեկ գիշեր թողել են բաց երկնքի տակ մեքենաների մեջ Նախքան Խուռհատ սարի իրադարձությունները ներկայացնելը տուժողը պատմեց, որ սկզբնապես մարտական գործողությունների մասնակցել է Ջրականի տարածքում, ներկայացրեց դրա վերաբերյալ որոշ դրվագներ․ «Հոկտեմբերի 5-ի կամ 6-ի մոտակայքում՝ երեկոյան կողմ, անձրեւոտ եղանակ էր, դրանից առաջ լավ թրջվել էիք, համազգեստ բերեցին, տվեցին, դիրքավորվեցինք, դրանից հետո նահանջ հրաման եկավ դեպի «9–րդ կմ» կոչվող տարածք, որտեղից [խոստացվել է, որ] կտանեն ապահով տեղ, պատերազմը դադարում է, ամեն ինչ նորմալ է, դուք մալադոյ եք, ձեզ չեն տանում դիրքեր [եւ այլն, եւ այլն]»: Այդպես զորքը միատողան նահանջել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Լուսանկարում՝ Հրանտիկ Հարությունյանը Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ պրիսյագ ընդունե՞լ է, քանի՞ օրվա ծառայող է եղել այդ ժամանակ, ինչին դրական պատասխանելով՝ Նարեկն ասաց՝ 5 օրվա․ «Հարգելի՛ դատարան, խնդրում եմ արձանագրեք, որ հանցավոր ճանապարհով ստիպել են երդում ընդունել, թեկուզ իմ էրեխեն՝ 2 ամսվա ծառայող է եղել, հրամանատարն անձամբ ինձ է ասել՝ կրակել չի իմացել, առանց կրակելու տարել, երդում են տվել, որ մենք էսօր չկարողանանք ապացուցել, որ մեր էրեխեքին իրավունք չունեին տանել մարտի դաշտ»,– ասաց ծնողը։ Ոչ մինչեւ դպրոց հասնելը, ոչ էլ դպրոցում Նարեկը Իշխան Վահանյանին չի տեսել, չի ճանաչել։ Նրա՝ հոկտեմբերի սկզբի ենթադրյալ վիրավորման մասին ոչինչ չի լսել, բայց հետագայում քայլքի մեջ դա վկայող որեւէ բան չի էլ տեսել։ Հոկտեմբերի 9-ին արդեն զորքը նորանշանակ հրամանատար Վահանյանի գլխավորությամբ բարձրացել է Խուռհատ սար․ «Ասացին՝ նոր հրամանատար ունենք, ու պիտի շարժվենք էդ Վիշկա կոչված տեղը, երեկոյան բարձրացել, նստել ենք էդ զիլ–կամազ–ուրալները, զորքի կեսը շարժվել է, մենք մինչեւ լուսաբաց մնացել ենք դրանց մեջ, հետո մեզ իջեցրել են, ասել են՝ զենք, ով ինչ ունի պակաս, վերցրեք բարձրանում ենք, բարձրացել ենք, դիրքավորվել ենք ու էդ ժամանակ արդեն տեսել եմ իրեն»։ – Մեքենաների մե՞ջ եք մնացել,– վկայի խոսքից զարմացած՝ հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Զարմանքը պայմանավորված էր նրանով, որ մինչ այդ դպրոցի վրա արդեն արկ էր ընկել, ուստի ենթադրելի էր, որ տեղն այլեւս ապահով չէ։ – Հա, հենց մեքենաների մեջ։ – Հարգելի՛ դատարան, ես ձեր եւ մեղադրողի ուշադրությունն եմ հրավիրում, որովհետեւ այս փաստը հաղորդում է հանցագործության վերաբերյալ․․․ Էդքան կամիկաձե վերեւում․․․ Էդ զինվորներին նստեցրել ու մեքենաներով․․․ Ու հարուցված քրեական գործ չկա․․․ Հետեւությունները թողնում եմ ձեզ։ Կամավոր քեռին Նարեկ Սիրունյանին փոքր–ինչ տարօրինակ է թվացել Շարունակելով ցուցմունքը՝ Նարեկը պատմեց՝ սարում Վահանյանն է իրենց դիմավորել։ Անձամբ իրեն, որպես նռնականետի, դիրքավորել են ճանապարհի վրա, այսինքն՝ սարի վրա գտնվող զորքի ու ներքեւի հրամանատարական դիտակետի մեջտեղում։ Այդ օրը հակառակորդի շարժ է նկատվել, որը հարեւան ստորաբաժանումները ճնշել են, գիշերը անցել է հանգիստ։ Ներկա է եղել այն կամավոր քեռին, որի մասին բոլոր վկաները հիշատակում են՝ ասելով, որ նա, որպես տարեց մարդ, իրենց առաջնորդել է, ցուցում տվել  շարժվել Հադրութի ուղղությամբ․ «Մենք որ բարձրացել ենք, քեռին էդտեղ է եղել, ասում էր՝ ես կամավոր եմ, բոլորը փախել են, ես մնացել եմ զորքի հետ, հրամանատարներն էլ ասում էին՝ մենք որ էստեղ չլինենք, իրեն լսեք»։ Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը – Քեռու գործողությունների մեջ արտառոց բան նկատե՞լ եք,– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ – Իմ տպավորությամբ՝ ոնց որ գլխից մի քիչ վերցրած լիներ, թաթալաբազ լեննականցի էր, կարողա բաներ աներ, որ համազգեստ հագնողին հարիր չէին։ – Այսի՞նքն։ – Դե, գիշերը ճամփի մեջտեղ պառկել էր, ասում էր՝ ես սենց քնում եմ, ասում էի՝ գնա մեզնից հեռու, որովհետեւ խռռացնում էր․ գիշերվա մենակության մեջ էդ ձայնից  մարդ վեր է թռնում, երբ շուրջբոլորդ՝ մութ, նայում ես՝ մարդ չկա, դա ազդում է, անձամբ ես լսել, վախեցել եմ, ասել եմ՝ զարթնի կամ գնա ուրիշ տեղ քնի։ – Քեռու ներկայությունը զեկուցվե՞լ է,– հետաքրքրվեց փաստաբանը։ – Ո՞ւմ։ – Զորամիավորում է, անծանոթ մարդ, ում ներկայությունը, ոնց հասկանում եմ, հետագայում մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ գործողության վրա, հրամկազմից որեւէ մեկը չի՞ եկել, հարցներ՝ ո՞վ ես, մի գործողություն եղե՞լ է թե՞ չէ։ – Չի եղել, ավելին ասեմ, խոզեր կային էդտեղ, էդ հոպարը տղերքից մեկից սնայպեր վերցրեց, սկսեց կրակել։ – Առանց մարտի՞։ – Հա, առանց մարտի, եկել էին, որ լցվեին պոստ։ – Բա առանց հրաման կրակոցնե՞ր․․․ – Այ էդ հարցը կար էլի, ո՞նց է՝ ինքը կրակում է, մենք՝ չէ․․․ – Ես արդեն տրամաբանում եմ՝ ինչի էր կրակում, բա ձեր հրամկազմը, բա մեկը չէ՞ր գալիս, ասում՝ տեղանքն ես ցույց տալիս, զորքի դիրքավորումն ես ցույց տալիս,– հարցրեց Գրիգորյանը։ Ձեռքով թկթկացնելով սեղանին՝ տուժողը պատասխանեց․ – Էս էր, ձայն չկար, ոչ մի բան չի եղել։ Մարտական գործողությունների ընթացքում տուժողը մեղադրյալին որեւէ անգամ չի տեսել Հաջորդ օրն առավոտյան կռիվը սկսվել է․ «Առավոտյան սնունդ եկավ, հավաքվեցինք, որ ուտենք, էդ ընթացքում արդեն կրակոցներ սկսվեցին, ամեն մեկը իր զենքը վերցրեց, տեղավորվեց, ու արդեն վիրավոր, զոհ․․․ Էդ ժամանակ գումարտակի հրամանատարին չեմ տեսել, իմ կողքին են եղել Հովոն, Ղարիբյանը, Վարդանյանը (խոսքը սպաներ Հովհաննես Մուրադյանի, Արսեն Ղարիբյանի, Վազգեն Վարդանյանի մասին է,–հեղ․), հետո որ տակից էլ սկսեցին կրակել, Մուրադյանն ասաց՝ մերոնց կեսը անտառի մեջ է, չկրակեք, ու մի հատ պտույտ, արդեն մեզ էլ էին սկսում կրակել»։ Ողջ ընթացքում, ըստ Նարեկի, թշնամին միայն հրաձգային զինատեսակներ է կիրառել, հետեւաբար Վահանյանը, նրա խոսքով, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։ Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Նարեկի խոսքով՝ իջնելիս ինքն ընկել է, ոտքը վնասել, Հովհաննես Մուրադյանի օգնությամբ վիրակապել են, շարունակել, մինչեւ դուրս են եկել ճանապարհի վրա, զորքն արդեն առաջ գնացած է եղել, փորձել են գնալ նրանց հետեւից, բայց շուտով կրակահերթ է սկսվել, նստել են ջրի ափին, փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում։ Այդպես մոտ 100 հոգով անջատվել են զորքից․ ով ի վիճակի էր, մյուս սպաների հետ արագ–արագ առաջ է անցել, ով վիրավոր էր, թույլ, Հովհաննես Մուրադյանի հետ է եղել։ – Չփորձեցի՞ն ձեզ սպասել։ – Ոչ մեկն էլ չի սպասել էդ իրավիճակում, մի հատ Մուրադյան Հովհաննես է եղել, որ առաջին օրից մինչեւ վերջին օրը կանգնել է մեր կողքին, ու եթե մի բան էլ չենք կողմնորոշվել, ձեռքներս բռնել է, ասել է՝ սա սենց պիտի արվի, ուրիշ մարդ ես չեմ տեսել, որ կանգներ մեր կողքին, ասեր՝ էս ուղղությամբ գնա կամ սենց արա։ Ըստ Նարեկ Սիրունյանի՝ իրենք տեղյակ էին, որ Հադրութը օղակի մեջ է Նարեկ Սիրունյանը հերքեց մինչ այս հնչած այն ցուցմունքները, թե պայմանավորվել են սպասել, մինչեւ սպաները բարձրանան հարակից սարի վրա գտնվող 3-րդ գումարտակի մոտ՝ նրանց միանալու հավանականությունը հասկանալու համար, ասաց՝ այդ հարցը քննարկվել է դեռ մարտի ընթացքում, բայց վերջնական որոշում, հրաման եթե լիներ, բոլորով գնացած կլինեին։ Մի շարք վկաներ այդ դրվագով են բացատրել զորքի մասնատումը՝ ասելով, որ 3-րդ գումարտակի մոտ գնացած անձնակազմը մնացել է վերեւում, մյուս մասը՝ ներքեւում, քանի որ թշնամին սկսել է թիրախավորել իրենց, առաջանալ այլեւս չեն կարողացել։ Նարեկը հերքեց նաեւ այն ցուցմունքները, թե դրանից հետո Հովհաննես Մուրադյանի եւ քեռու գլխավորությամբ որոշվել է գնալ գրավված Հադրութի ուղղությամբ․ «Երբ հավաքվեցինք, Հովոյին հարցրի՝ բա էս ո՞ւր են, ո՞ւր գնացին, ի՞նչ պիտի անենք, ասաց՝ պիտի կամաց դուրս գանք, բաժանվենք մասերի, խումբ–խումբ անցնենք․․․ Կապվել են Վահանյանի հետ, Հովոն թե հոպարը՝ կդժվարանամ ասել, էդտեղից հայհոյանքներ է լսվել, լսվել է, որ Վահանյանը չկա, զորքին թողել, թռել է, ո՞վ պիտի զորքին տիրություն անի․․․ Պատճառաբանությունը եղել է այն, որ ծանր վիրավոր է եղել, իրեն շուտ իջեցրել են։ Ու մեզ արդեն ասվել է, որ Հադրութը վերցված է օղակի մեջ, պիտի արանք գտնենք, էստեղից դուրս գանք»։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ըստ Նարեկի՝ Հովհաննես Մուրադյանն առաջարկել է Հադրութի տակով դուրս գալ։ – Չի՞ եղել խոսակցություն, որ պիտի գնաք Հադրութ՝ զորքին փրկելու։ – Զորքը հաստատ չէր մտնի Հադրութ բոյ տալու, որովհետեւ չի կարող 100 հոգին 1000-ի դեմ․․․ Ոնց որ քեզ գցեն առյուծների վանդակ, դա հնարավոր չէր։ – Ինչո՞վ կբացատրեք, որ մի քանի հոգի, այդ թվում՝ ձեզ հետ եղած անձինք, հայտնում են՝ քեռին ասել է՝ գնում ենք Հադրութ, որ օգնենք մեր տղաներին դուրս գալու։ – Հադրութում մնացած են եղել չակերտավոր կամավորականներ, որոնք ամսի 9–ին պիտի մեզ հետ բարձրանային դիրքեր, բայց չգիտես ոնց, չեն բարձրանում, հետո, չգիտես ոնց, անհետանում են, իրե՞նց պիտի օգնեինք։ – Չգիտեմ։ – Զորքից Հադրութում մարդ չի մնացել․․․ Ես կդժվարանամ բացատրել, եթե մի բան չգիտեմ, չգիտեմ, բայց եթե տենց հրաման լիներ, մեկը ես էդ հրամանը չէի կատարի, որովհետեւ էդ պահին, երբ մեզ պետք է էդ մարդիկ հանեին, գազի վրա կոֆե էին եփում, հաց էին ուտում, էս է եղել պատերազմը, այ սենց պատերազմ էինք տանում մենք,– ասաց տուժողը։ Լուսանկարում՝ տուժող Նարեկ Սիրունյանը Սիրունյանը հերքեց նաեւ սպաների այն խոսքերը, թե զորքը բարոյահոգեբանական այն վիճակում է եղել, որ ի վիճակի չի եղել հրաման կատարել․ «էդ նյութերը ով տվել է, իրենք ի վիճակի չեն եղել հրաման տալու, որ զորքն էլ դա կատարեր, երբ իրենք լինեին լավ հրամանատարներ․․․ Ես ինքս մի քանի անգամ կատարել եմ հրաման, որ ինձ տրվել է, եղել եմ ֆիզիկական լավ վիճակում, էդ ո՞նց եղավ, որ ես ի վիճակի էի, մնացածը՝ չէ, եթե լինեին ճիշտ, հստակ հրամաններ, բոլորն էլ ի վիճակի էին, բոլորն էլ եղել են հասուն մարդիկ, մանավանդ էդ 10 օրվա ընթացքում էնքան էին կոփվել, վիրավոր էլ է եղել, որ հրաման է կատարել․․․ Զորքին տալիս էին հրաման մի գիշերում երկու մետր խրամատ փորել, փորում էինք, առավոտյան նվեր էին տալիս թուրքին, մեզ տալիս էին նահանջ,– նկարագրեց նա։ Շրջափակման մեջ մնացած անձնակազմը դիտարկվել է հակառակորդի կողմից, հայկական համազգեստներով ադրբեջանցիներ են նրանց փորձել մոլորեցնել, մարտ է սկսվել, որի ժամանակ էլ Նարեկը 5 տեղից վիրավորվել է, գիտակցությունը կորցրել․ «Լացի, գոռոցի վրա եմ աչքերս բացել, արնաքամ լինելով՝ ջուր են տվել, կապել են, որ արյունը կանգնի, գցել են թեւերից, ընկել եմ ցած, գիտակցությունս էլի գնացել է, պառկեցրել են, ինչով հնարավոր է, փորձել են կապել, գիշերը եկել, ասել՝ մի բան կանենք, ձեզ չենք թողնի էստեղ, տարել են էդ տուն»,– պատմեց Նարեկը։ Նույն մարտի ժամանակ զոհվել է Հովհաննես Մուրադյանը․ «Ես մոշի թփի մեջ եմ ընկնում, ինձ ասում է՝ ի՞նչ եղավ, ու էդ պահին ինքն էլ է ընկնում, էդ հայացքը մինչեւ հիմա իմ աչքի առաջ է, ես էդ հայացքը չեմ կարող մոռանալ, իր խոսքերը չեմ կարող մոռանալ»։ Ըստ որոշ վկաների խոսքերի՝ կամավոր քեռին նույնպես այդտեղ զոհվել է։ Ըստ տուժողի ցուցմունքի՝ իրենց մասին տեղյակ են եղել, բայց օգնության այդպես էլ չեն եկել Տանը հեռախոս են գտել, փորձել կապ հաստատել պատկան մարմինների՝ ՊՆ–ի, ոստիկանության, 911-ի հետ, սակայն որեւէ տեղից չեն պատասխանել։ Նարեկը հոր հետ է խոսել, բացատրել իրենց տեղը, օգնություն խնդրել։ Դրանից հետո հայրը հնարավոր բոլոր դռները թակել է, բայց՝ ապարդյուն։ Թե հատկապես ինչ են նրան ասել, տուժողը դժվարացավ պատասխանել, ասաց՝ իրենց տանը մի թեմա կա, որ փակ է, ու դա պատերազմն է։ Նույն պահին զանգել են նաեւ իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին․ «Տեղանքն ենք բացատրել, բա մինչեւ 6-ը պրոբլեմ չկա, դուրս եք գալիս,  ժամը 6-ն ա, մարդ չկա, 10-11–ն ա, մարդ չկա, ուզում ենք զանգել, մարտկոցը նստում է․․․ 10 օր անցավ, 20 օր անցավ, 40 օր անցավ»։ Այդ ժամանակ թուրքերը արդեն սկսել էին գյուղի տները փորփրել։ 44-րդ օրը հասել են իրենց տանը․․․ – Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ ձեր հարակից տներում էլի հայեր կային։ – Իմացել ենք, որովհետեւ վիրավորներին աղմուկով բերեցին։ Նույնիսկ ուզել ենք միանալ նրանց, բայց որ էնտեղ դուռ–մուռ չի եղել․․․ – էդ օրը 31 հոգի դուրս է եկել, միացել Կիրովականի չաստին, 500 մ քայլել, հասել են, ալարել են էս տղերքին ասել,– վրդովված հայտնեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, որ Սիրունյանի 7-հոգանոց խմբի կազմում զոհված Նարեկ Ղազարյանի հայրն է։ Կազմից զոհված մյուս զինվորը Տիգրան Համբարձումյանն է։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ 5-ով են մնացել այդ տանը․ – Զորքը ո՞ւր է եղել։ – Զորքը գնացել էր՝ օգնություն բերելու, մեջները ղարաբաղցի կար, իբր պիտի ուղղորդեր տեղանքում, բայց արդյունքում ստացվեց այնպես, որ մենք մնացինք էդտեղ․․․ – Իսկ այդ տղերքին պատերազմից հետո չե՞ք հարցրել, գուցե  զանգել են օգնության, չեն եկել․․․ – Ես իրենցից ոչ մեկի հետ առնչություն չունեմ, նպատակ էլ չկա, որովհետեւ երբ պատասխանը լսես, կամ շատ  վատ ես զգալու, կամ նեղանալու ես, կամ վիրավորվելու ես․․․ – Էդ ամբողջից հետո ոնց էլ չլինի հանդիպած կլինեք ձեր մարտական ընկերներին, կա՞ ինֆորմացիա, որ կցանկանաք հայտնել դատարանին։ – Պարո՛ն դատավոր, ես որ եկել եմ, երկար ժամանակ հոսպիտալում եմ եղել, վիրահատություններ եմ տարել, լիքը մարդ եմ տեսել, երբ իրենք գլուխները թեքել են, ես ավելի շատ եմ թեքել, էսօր ես ներել եմ բոլորին, Աստված ասում է՝ ներիր մարդուն, որ դու էլ ներվես, ես ներել եմ, թող Աստված իրենց հետ լինի։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
11:04 - 22 հուլիսի, 2023
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը Երեւանի քրեական դատարանից կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը Երեւանի քրեական դատարանից կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ  ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը դատարան է մուտք եղել 2021 թվականի հունիսի 1-ին, սակայն  տարբեր պատճառներով դրա քննությունը պարբերաբար ձգձգվում է։ Այն նախ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ մակագրվել դատավոր Գնել Գասպարյանին։ Վերջինս 2021 թ․ սեպտեմբերի 7-ին բավարարել էր տուժողների իրավահաջորդների միջնորդությունը՝ որոշելով փոխել գործի տարածքային ընդդատությունը՝ հաշվի առնելով, որ դատավարությանը մասնակից անձանց մեծամասնությունը բնակվում է Երեւան քաղաքի մերձակայքում։ Ըստ այդմ, գործն ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ վերամակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Հարությունյանի նախագահությամբ ավելի քան 1․5 տարվա քննության արդյունքում դատարանը վկաների հարցաքննության փուլում էր։ Սակայն այս տարվա հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո գործը վերամակագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, ով էլ հենց նախագահում էր այսօրվա դատական նիստը։ Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանը Նիստի սկզբում դատավոր Դավիթ Բալայանը ճշտեց վարույթի մասնակիցների ինքնությունը։ Ըստ այդմ, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը հայտնեց, որ  ծնվել է 1982 թ․ հունվարի 18–ին, միայն ՀՀ քաղաքացի է, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել։  Կողմերի ինքնությունը ճշտելուց, ինքնաբացարկի եւ բացարկի միջնորդությունների լինել-չլինելը քննարկելուց հետո դատարանը քննարկման առարկա դարձրեց քրեական գործի ընդդատության հարցը՝ առաջարկելով դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Հանրային մեղադրող (դատախազ) Հայկ Մարգարյանը նշեց, որ մեղադրյալին վերագրվում է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված հանցանք, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածին (2021 թ․ հունիսի 30-ին Ազգային ժողովը ընդունեց Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքեր՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով 2003 եւ 1998 թվականների օրենսգրքերը)։ Այդ հոդվածը, ըստ գործող Քրեական օրենսգրքի հավելված N 1-ի, դասվում է կոռուպցիոն հանցագործությունների շարքին, ուստի գործը, ըստ մեղադրողի, ենթակա է քննության ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։ Լուսանկարում՝ ձախից՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը, տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը, հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը Նշենք, որ Քրեական դատավարության գործող օրենսգրքի 260-րդ հոդվածն է սահմանում, որ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ հիշյալ հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են Հակակոռուպցիոն դատարանին: Տուժողի իրավահաջորդները, իրավահաջորդներից Տաթեւիկ Գալստյանի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Մկրտչյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը եւ վերջինիս պաշտպան Նորիկ Նորիկյանը միացան մեղադրողի դիրքորոշմանը։ Լուսանկարում՝ մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նորիկ Նորիկյանը Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը որոշեց քրեական գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։ Որոշման հրապարակումից հետո դատավորը, դիմելով զոհված զինծառայողների ծնողներին, պարզաբանեց, որ ընդդատության փոփոխության անհրաժեշտությունն իրեն հայտնի է եղել գործը ստանալուց 2 օր անց, սակայն ի տարբերություն Քրեական դատավարության նախկին օրենսգրքի, գործող օրենսգրքով դատարանը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ նման որոշում կայացնել․ դա ներառված է նախնական դատալսումների ժամանակ քննարկման ենթակա հարցերի շարքում։ «Այնպես որ, ձեզ ծանուցելը, դատարան բերելը եւ ճանապարհելը երեւի թե մարդկային չէ, բայց օրենքով է, ամեն ինչ չէ, որ տրամաբանության մեջ տեղավորվում է, բայց այդպես է, եւ մենք չենք կարող շարժվել օրենքից դուրս»,– նշեց Դավիթ Բալայանը։ Դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրական եզրակացության Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
18:20 - 19 հուլիսի, 2023
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կիրարկման ծանր ընթացքը․ ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կիրարկման ծանր ընթացքը․ ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով

Վաղը կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ քննարկվելու է նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին զրկված է զենք ձեռք բերելու իրավունքից Ինչպես հայտնի է՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը գործում է հունիսի 1-ից։ Օրենքը, ի թիվս այլնի, կարգավորում է ՀՀ քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը։ Այս օրենքը վերջին շրջանում ամենաքննարկված, քննադատված եւ սպասված իրավական ակտերից մեկն է։ Եւ քննադատությունները շարունակվում են նաեւ այսօր։  Բանն այն է, որ չնայած այն արդեն գործողության մեջ է, սակայն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում  է, որ առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ: Իսկ օրենքով մինչ այս պահը կարգավորված չէ ռազմամարզական կազմակերպությունների գործունեությունը։ Այլ կերպ ասած՝ նման կազմակերպություններն այս պահին չունեն համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն, չկան քննություն ընդունող մարմիններ։ [Նմանատիպ կազմակերպություններն այժմ գործունեություն են ծավալում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ինչի պատճառով, ըստ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ նախագծի հիմնավորման, «այդտեսակ կազմակերպությունների նկատմամբ պետության կողմից վերահսկողության, փոխգործակցության եւ փոխհամագործակցության համար բավարար հիմքեր ստեղծված չեն»]։ Ինչ փոփոխություններ են նախատեսվում վաղը քննարկվելիք նախագծով ՀՀ Ներքին գործերի նախարարությունն է պատրաստել  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելու մասին նախագիծը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, մինչդեռ դեռեւս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով: Իսկ օրենքի ողջ տեքստից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս վերաբերող կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ: Թե կոնկրետ ինչ խմբագրում է արվել քննությունների անցկացման վերաբերյալ հոդվածում, ավելի տեսանելի լինելու համար համեմատենք գործող հոդվածը եւ առաջարկվող փոփոխությունը․ Հոդված 17, մաս 6․ «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ: Քննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք»:Առաջարկվող փոփոխությունը․ «Բացառությամբ սառը եւ նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություն: Քննությունից ազատվում է այն քաղաքացին, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու թույլտվություն: Պետական մարմինների կողմից քննություն անցկացնելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:»։ Փաստացի, ինչպես նկատում ենք, այս փոփոխությունը ոչ թե լուծում է խնդիրը, այլ խնդրի լուծումը «պատվիրակվում է» պետական լիազոր մարմնին՝ ՆԳՆ-ին։ Միաժամանակ, նախագծում նշված է, որ ՆԳՆ-ն համապատասխան կարգը պետք է սահմանի այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում։ Իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է Օրենքի 1-ին հոդվածում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ Օրենքի դրույթները կտարածվեն նաեւ փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի վրա․ այս պահի դրությամբ oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական եւ ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը եւ դրա հետ կապված հարաբերությունները։ Առաջարկվում է լրացումներ կատարել նաեւ օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ մասում, ինչի արդյունքում այն քաղաքացիները, որոնք ունեն քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու եւ կրելու գործող թույլտվություն, նոր զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն չեն ներկայացնի զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանք, զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացություն եւ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ: Օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ մասում եւս մեկ լրացում է առաջարկվում, համաձայն որի՝ թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար այլեւս կարիք չի լինի ներկայացնել ոչ միայն զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը, այլ նաեւ զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքը։ ՀՀ կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի:  Ռազմամարզական գործունեության վերաբերյալ օրենքի նախագիծ բերվեց ու հետ կանչվեց Դեռ նախորդ տարի՝ նոյեմբերի վերջին, Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը եւ Քրիստինե Պողոսյանը խորհրդարանին էին ներկայացրել «Ռազմամարզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում էին ՀՀ-ում ռազմամարզական գործունեության կարգավորման առարկան, հիմնական նպատակները, սկզբունքները, ռազմամարզական կազմակերպությունների եւ ռազմամարզական կազմակերպությունների միության ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, դրանց կառավարման եւ ղեկավարման մարմինների իրավասությունների եւ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա եւ միջազգային մարմինների եւ կազմակերպությունների հետ դրանց փոխգործակցության եւ փոխհամագործակցության, դրանց կողմից եւ դրանց գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքում ծագող հարաբերությունների առաձնահատկությունները: Նախատեսված էր, որ այս օրենքն ուժի մեջ պետք է մտնի ավելի շուտ՝ այս տարվա մարտին, քան Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը, բայց իրավիճակը փոխվեց։ Դեռ ավելին, Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ուժի մեջ մտնելը որոշ ժամանակով էլ հետաձգվեց, եւ այն ուժի մեջ մտավ հունիսին՝ ապրիլի փոխարեն։ Իսկ ռազմամարզական կազմակերպությունների վերաբերյալ օրենքի այդ նախագիծը, ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից, հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունվարի 9-ին, բայց նոր նախագիծ այդպես էլ շրջանառության մեջ չի դրվել։ Ի դեպ, հարկ է նշել, որ Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելը միակ, այսպես ասած, ուշացումը չէր։ 2022թ․ հունիսին Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հաղորդել էր, որ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է աշնանային նստաշրջան», միեւնույն ժամանակ նշել էր, որ բովանդակային առումով օրենքի վրա աշխատելու կարիք այլեւս չկա:  ՊՆ-ից վստահեցրել էին՝ ռազմամարզականների մասին օրենքը կլինի ողջամիտ ժամկետում  Այս տարվա հունիսի վերջին Անվտանգային եւ ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից հանելով եւ նշված կազմակերպություններին որպես իրավունքի սուբյեկտ համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունից զրկելով՝ պետությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անվտանգության եւ ժողովրդավարական բաղադրիչներում։ Կազմակերպությունը կոչ արեց յոթօրյա ժամկետում հստակեցնել ու հայտարարել, թե երբ եւ ինչպես կլուծվի քաղաքացուն առաջին անգամ զենք տրամադրելու այս օրենսդրական բացի խնդիրը եւ կվերականգնվի ՀՀ քաղաքացիների` առաջին անգամ զենք ձեռք բերելու խախտված իրավունքը։ Բայց յոթօրյա ժամկետում այս խնդիրը չլուծվեց։ Այսօր այս թեմայով ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ «Ազատազէն» ՀԿ խորհրդի նախագահ, Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ խորհրդի անդամ Իշխան Գեւորգյան հայտնեց, որ Պաշտպանության նախարությունում իրենց ասել են, թե «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը ողջամիտ ժամկետում պատրաստ կլինի, բայց չեն հստակեցրել, թե որն է այդ ողջամիտ ժամկետը, միայն ասել են՝ մինչեւ օրենքը։ Այդ ողջամիտ ժամկետը, համենայն դեպս, հանրության սպասելիքներին չի համապատասխանել։ Գեւորգյանը նշեց՝ մինչեւ չհստակեցվի՝ երբ, որտեղ, ինչպես մարդիկ կարող են տալ քննություն՝ զենք ձեռք բերելու համար, իրենք պայքարելու են։ Օրենքի նախագծի հեղինակը պարզաբանում է՝ ինչու են ուշացրել Այս ասուլիսից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիների առաջ ծագած խոչընդոտը ստեղծվել է այն պատճառով, որ ինքն ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չեն կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով․ «Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ եւ լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, եւ առաջիկայում որոշումներ կլինեն նաեւ այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-ի կարիքը մեր պետությունը ունի, ոչ միայն նեղմասնագիտական գործնեության շրջանակներում, այլ նաեւ համափարպակ առումով»,- գրել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ վաղը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանարության կարգավորման մասին» օրենքում, որոնք այս փուլում միջանկյալ լուծում են լինելու․ «Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու եւ պարզեցնելու ընթացակարգերը»,- վստահեցրել է պատգամավորը։ Հայարփի ԲաղդասարյանԼուսանկարը՝ «Ազատազէնի» ֆեյսբուքյան էջից
21:17 - 12 հուլիսի, 2023
Առաջինի լրատվական ալիքի կայքը սկսել է չկիրառել Արցախ անունը՝ խմբագրելով պաշտոնական հաղորդագրություններն ու ուղիղ մեջբերումները

Առաջինի լրատվական ալիքի կայքը սկսել է չկիրառել Արցախ անունը՝ խմբագրելով պաշտոնական հաղորդագրություններն ու ուղիղ մեջբերումները

Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը՝ 1lurer.am-ը, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Արցախին վերաբերող գրեթե բոլոր լուրերում, Արցախ կամ Արցախի Հանրապետություն բառերի փոխարեն գրում է Լեռնային Ղարաբաղ։ Կայքը մոնիտորինգ անելիս նկատում ենք, որ 1lurer.am-ը ոչ միայն իր սեփական ձեւակերպումներում է Արցախի փոխարեն ԼՂ գրում, այլ նաեւ հաղորդագրություններն է խմբագրում, ավելին՝ նույնիսկ արցախցի պաշտոնյաների հայտարարությունների սղագրություններում նրանց հնչեցրած Արցախ անունն է փոխարինում ԼՂ-ով։ Արցախի տեղեկատվական շտաբը, Արցախի Հանրապետության պաշտոնյաները, գերատեսչությունների էջերը հրապարակումներում եւ հայտարարություններում կիրառում են Արցախ կամ Արցախի Հանրապետություն բառերը։  1lurer.am-ը հուլիսի 3-ին, օրինակ, հրապարակել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեքստում թողնելով Արցախ եւ Արցախի ՊՆ բառերը, նույնը նաեւ հուլիսի 5-ի հրապարակման մեջ, իսկ ահա հրադադարի խախտումների մասին հուլիսի 6-ի եւ 7-ի հրապարակումներում Արցախի ՊՆ-ն ու Արցախի ՆԳՆ-ն փոխարինվել են ԼՂ ՊԲ եւ ԼՂ ՆԳՆ հապավումներով։  Այսօր ադրբեջանական կողմը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։ Արցախի ՊԲ-ն այդ հաղորդագրության հերքման տեքստում կիրառել է Արցախի Հարապետություն, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն բառերը, մինչդեռ 1lurer.am-ը հաղորդագրությունը կայքում հրապարակելիս դրանք փոխարինել է ԼՂ, ԼՂ քաղաքացիներ, ԼՂ ՊԲ բառերով։ Եթե հուլիսի 4-ին Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության՝ արցախցիներին ձեթ եւ շաքարավազ տրամադրելու մասին հաղորդագրությունը հրապարակվել էր առանց խմբագրման, ապա հուլիսի 7-ին 1lurer.am-ը նույնանման հաղորդագրությունը հրապարակելիս Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության փոխարեն գրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն։ Հուլիսի 5-ին 1lurer.am-ը Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը կայքում հրապարակելիս ե՛ւ վերնագրում, ե՛ւ տեքստում թողել է Արցախի ԱԳՆ բառակապակցությունը, իսկ ահա Արցախի ԱԳՆ-ի՝ հուլիսի 6-ի հայտարարությունը կայքում հրապարակելիս Արցախը վերնագրում եւ տեքստում դարձել է ԼՂ։ Եթե հուլիսի 5-ին մի հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը նշվել է որպես Արցախի Հանրապետության նախագահ, ապա հուլիսի 10-ի նմանատիպ մի հրապարակման մեջ արդեն՝ ԼՂ նախագահ։ Իսկ Արցախ բառի փոխարեն գրվել է ԼՂ։  Հուլիսի 5-ից հետո արդեն ավելի շատ հրապարակումներում է գործածվում ԼՂ կամ Լեռնային Ղարաբաղ։ Բացի դրանից, մենք նկատեցինք, որ, օրինակ, հուլիսի 7-ի՝ ԿԽՄԿ միջնորդությամբ ՀՀ տեղափոխված բուժառուների մասին հրապարակման վերնագիրը խմբագրված է․ բանն այն է, որ այդ լուրի հղման մեջ պահպանված է վերնագրի նախնական տեքստը՝ այսպես․ «17-բուժառու-Կարմիր-խաչի-ուղեկցությամբ-Արցախից-տեղափոխվել-է-Հայաստանի-բուժկենտրոններ», իսկ կայքի էջում վերնագիրն այժմ այսպես է․ «17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ»։ Հուլիսի 5-ից հետո մի շարք այլ հրապարակումներում [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8] այլեւս չի գործածվում Արցախ բառը, փոխարենը՝ «ԼՂ-ում վառելիքի սղության պատճառով․․․, ԼՂ մարտակերտի շրջանում․․․, ԼՂ ՔԿ, ԼՂ ՊԲ, Հայաստան-ԼՂ գազատար խողովակ․․․, ԼՂ պետնախարար, կյանքը՝ շրջափակված ԼՂ-ում․․․», եւ այսպես շարունակ։ Օրեր առաջ կայացավ Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որին մասնակցում էին Արցախի պետնախարարը, Արցախի ՄԻՊ-ը, Արցախի ԱԳ նախարարը, ՀՀ ՄԻՊ-ը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ 1lurer.am-ը լուսաբանել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ելույթը, սակայն նրա խոսքում հնչած Արցախ բառերը դարձյալ գրելով ԼՂ։ Մասնավորապես, Ներսիսյանն ասել է․ «․․․միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւակայելի ոճրին։․․․»։ 1lurer.am-ը գրել է այսպես․ «․․․միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւակայելի ոճրին:․․․»։ Այնուհետեւ Ներսիսյանն ասել է․ «․․․գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդի էթնիկ զտման գնով։․․․»։ Իսկ 1lurer-ը սղագրել է այսպես․ «Գիտակցեք՝ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման գնով»։ Այս հրապարակման վերնագիրը, ի դեպ, դարձյալ փոխվել է հետագայում․ նյութի հղման մեջ պահպանված է Արցախ բառը։ Կայքը Արցախ բառը ԼՂ-ով է փոխարինել նաեւ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի՝ տեսակամրջի ժամանակ հնչեցրած խոսքի սղագրությունում։ Մասնավորապես, Ղազարյանն ասել է․ «Արցախյան կողմը չի մերժել [Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները՝ խմբ․] մի պարզ պատճառով, որ արցախյան կողմն ամենից շահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ․․․»։ 1lurer-ը գրել է այսպես․ «ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը: [․․․] ԼՂ կողմը չի մերժել մի պարզ պատճառով. որ ամենից շահագրգիռ կողմ է նման իրական երկխոսության մեջ»: Ներսիսյանը նաեւ ասել է․ «․․․ արցախյան կողմը իր հերթին խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին․․․», բայց 1lurer-ը գրել է այսպես․ «ԼՂ կողմն իր հերթին բազմիցս խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ․․․»։ Նշենք նաեւ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ անդրադարձել էր Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանման օգտագործմանը՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում, որովհետեւ մինչեւ վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։  Infocom-ը փորձեց կապ հաստատել կայքի խմբագիր Լուսինե Բարսեղյանի եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ՝ ճշտելու, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Ի դեպ՝ օրերս factor.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն ամեն օր կայքում հրապարակում է Հանրապետության տարածքում սպասվող եղանակի կանխատեսումը, նախկինում ՀՀ մարզերում սպասվող եղանակը ներկայացնելուց հետո՝ վերջում՝ մարզերին կից, ներկայացնում էր նաեւ Արցախում սպասվող եղանակը, բայց հունիսի 28-ից եղանակի կանխատեսման մեջ Արցախի փոխարեն նշում է Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ այն առանձնացված է ՀՀ մարզերից։ Նախարարությունից մեկնաբանել էին, թե «Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ընդունված տերմին է»։ Հայարփի Բաղդասարյան
21:02 - 11 հուլիսի, 2023
Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Ճանապարհորդություն դեպի քարաքոսերի աշխարհ․ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբից ներս

Պատահե՞լ է, որ քարի վրա բարակ, գունավոր շերտ տեսնեք, ու առաջին հայացքից ձեզ թվա, թե դա մամուռ է… Իրականում ձեր առջև քարաքոս է՝ մի հետաքրքիր «օրգանիզմ», որն այնքան էլ օրգանիզմ չէ։ Կային ժամանակներ, երբ քարաքոսերը համարվում էին բույսեր։ Բայց երբ գիտնականները խորությամբ ուսումնասիրեցին դրանք, պարզեցին, որ քարաքոսերն ամենևին էլ բույսեր չեն, այլ բարդ համակարգեր՝ համակեցություններ, որտեղ կան սնկեր և ջրիմուռներ։ Մինչև վերջերս Հայաստանի քարաքոսերի մասին գիտական հետազոտությունների հաճախ չէիք հանդիպի։ Իրավիճակը փոխվեց 2020-ին, երբ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում գիտական նոր խումբ ձևավորվեց, որը սկսեց զբաղվել Հայաստանի քարաքոսերի ուսումնասիրությամբ։ Իսկ ինչպե՞ս ձևավորվեց Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը, ովքե՞ր են աշխատում այնտեղ, ինչպե՞ս են հետազոտում քարաքոսերը․․․ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան,Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի  
21:56 - 10 հուլիսի, 2023
Թուրքական ակումբի՝ ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշանի լուրի հետքերով․ ինչ գիտենք այս պահին

Թուրքական ակումբի՝ ՀՀ զինանշանի նմանությամբ տարբերանշանի լուրի հետքերով․ ինչ գիտենք այս պահին

Վերջին օրերին հայկական մեդիայում, սոցցանցերում և սունկ կայքերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ թուրքական ֆուտբոլային ակումբներից մեկի նոր տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին։ Infocom-ը ներկայացնում է, թե ինչպես է սկսել շրջանառվել այս տեղեկությունը, և արդյոք այն հավաստի՞ է։   Ինչ է ասում հայկական մամուլը Այսպիսով, հուլիսի 8-ին vnews.am-ը գրել էր․ «Թուրքիայի ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Դիյարբեքիրսպորտը» վերանվանվել է «Մեսոպոտամիյասպոր»: Բացի անունը, փոխվել է նաև ակումբի տարբերանշանը, որը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի զինանշանը, հաղորդում է Haber7-ը»։ Նյութում տեղադրված էր նաև զինանշանը, որը վերագրվում է  «Մեսոպոտամիյասպոր» ակումբին (այս նյութը գրելու պահին լուրը հեռացվել է vnews.am-ի կայքից)։ Հաջորդ օրը թեմային անդրադարձավ նաև armsport.am-ը՝ նշելով․ «Թուրքիայի ուժեղագույն երկրորդ լիգայում հանդես եկող «Դիարբեքիրսպոր» ակումբը պատկանում է քրդերին, և նրանք որոշել են ռեբրենդինգ կատարել։ Դեռևս հայտնի չէ՝ սա սեփականատերերի կողմից ժամանակավո՞ր փոփոխություն է, թե՞ լոգոն իսկապես մշտապես այս տեսքը կունենա։ Սակայն նոր լոգոտիպն արդեն պաշտոնապես ներկայացվել է և բազմաթիվ հակասությունների ու զայրույթի պատճառ է դարձել Թուրքիայում»: Այս տեղեկությունը տարածեցին հայկական ևս մի քանի կայքեր (operativ.am, goal24.am)։ Իսկ oragir.news-ը գրեց․ «Թուրքական Դիյարբեքիրսփոր ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը՝ կապված ինչպես ակումբի անվանափոխության, այնպես էլ նոր տարբերանշանի ընդունման հետ։ Ակումբի նախագահ Սերքան Գենչը հայտնել էր, որ ակումբի անվանափոխության մասին լուրերն ու քննարկումները տարածվել են անկախ իրենց կամքից, և ինչպես նախկինում այնպես էլ հիմա, իրենք հպարտորեն կշարունակեն կրել Դիյարբեքիրսփոր անվանումը»։   Ինչ է ասում թուրքական մամուլը Ամեն բան սկսվեց հուլիսի 7-ին, երբ թուրքական մամուլը սկսեց չհաստատված տեղեկություններ տարածել այն մասին, որ «Դիարբեքիրսպոր» ակումբը  դառնում է «Մեսոպոտամիյասպոր» և ունենալու է նոր տարբերանշան (amidahaber.com, rudaw.net): Հաջորդ օրն արդեն թուրքական մամուլն ավելի մանրամասն անդրադարձավ թեմային։ Հուլիսի 8-ին amidahaber.com-ը գրեց. ««Դիարբեքիրսպորը» երեկ հայտարարեց, որ թիմի անունը փոխվել է «Մեսոպոտամյասպոր»։ Հայտնի է դարձել, որ թիմի նոր անվանումը հավանության է արժանացել նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից»։ Կայքը նաև նշեց, որ  նոր տարբերանշանը նման է Հայաստանի զինանշանին, և երբ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտը հաստատի այն, ֆուտբոլային ակումբը հանդես կգա նոր անունով։ Ըստ amidahaber.com-ի՝  սպասվում է, որ «Դիարբեքիրսպորը» պարզաբանմամբ հանդես կգա։ Թուրքական մեկ այլ կայք՝ aydinlik.com.tr-ը, ավելի շատ մանրամասներ ներկայացրեց։ Կայքը, մասնավորապես, նշեց, որ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտում «Մեսոպոտամյասպոր» անունով ֆուտբոլային ակումբ գրանցելու մասին հայտարարություն է հրապարակվել, իսկ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում հայտնվել է նույն անունով ակումբ։  Թուրքիայի արտոնագրության ինստիտուտի կայքում, իսկապես, հայտարարություն կա այն մասին, որ «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977» անունով արտոնագրային ապրանքանշանի գրանցման հայտ է եղել։ Իսկ ներկայացված տարբերանշանը նույնն է, ինչ տարածվում է հայկական և թուրքական կայքերում, և շատ նման է Հայաստանի զինանշանին։ Ապրանքանշանը ենթադրաբար դեռ գրանցված չէ, քանի որ գրանցման ամսաթիվն ու կոդը բացակայում են։  «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977» անունով արտոնագրային ապրանքանշանի գրանցման հայտը Ինչ վերաբերում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին, ապա այստեղ ևս կարող ենք գտնել «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977»-ը։ Այս ակումբը Դիարբեքիր նահանգի սիրողական ակումբների ցանկում է։ Սակայն սա ոչ մի կերպ չի ապացուցում, որ այն հենց փոփոխված անվամբ «Դիարբեքիրսպոր»-ն է։ Վերջին տողում՝ «Մեսոպոտամյասպոր»-ը Բանն այն է, որ «Դիարբեքիրսպոր»-ը կարելի է գտնել Դիարբեքիր նահանգի պրոֆեսիոնալ և ոչ սիրողական ակումբների ցանկում։  Վերջին տողում՝ «Դիարբեքիրսպոր»-ը Ըստ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացայի՝ երկու ակումբներն ունեն տարբեր հասցեներ ու ակումբային համարներ («Դիարբեքիրսպոր», «Մեսոպոտամյասպոր»)։ Սակայն երկուսի նախագահն էլ նշված է նույն անձը՝ Ֆերհատ Ինհանլին։ Ֆեդերացիայի կայքի տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, մի փոքր հին է, քանի որ որ այս տարվա հունվարին «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ է դարձել Սերկան Գենչը, իսկ նախկին նախագահ Ինհանլին վերջին տվյալներով ակումբի փոխնախագահն է։  Երկու ակումբներին միավորում է ևս մի բան․ «Մեսոպոտամյասպոր»-ի անվան մեջ նշվում է 1977 թիվը, իսկ «Դիարբեքիրսպոր»-ը, ըստ թուրքական կայքերի, հիմնադրվել է հենց այդ թվականին։  Իհարկե, սա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այն, որ խոսքը միևնույն ակումբի մասին է։ «Դիարբեքիրսպոր» ակումբի ղեկավարությունից ևս պաշտոնապես հերքող կամ հաստատող հայտարարություններ առայժմ չկան։ Ըստ թուրքական spor.haber7.com-ի՝  «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ Սերկան Գենչը սոցցանցերում հայտարարել է, որ տեղեկությունը տարածվել է ակումբից անկախ, ու նշել․ «Մեզ համար մեծ պատիվ է կրել Դիարբեքիր անունը։ ․․․․ Մենք նախկինի պես կշարունակենք հպարտորեն կրել Դիարբեքիրսպորի անունը»։ Սակայն «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ Սերկան Գենչի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում նման հայտարարություններ չկան, իսկ նրա ինստագրամյան էջը հասանելի չէ։ Այլ սոցցանցերում նրա էջերը գտնել մեզ չհաջողվեց, հետևաբար չենք կարող պնդել՝ այս տեղեկությունը հավաստի՞ է, թե՞ ոչ։ «Դիարբեքիրսպոր»-ի պաշտոնական կայքը, որը նշված է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում, հասանելի չէ, իսկ ակումբի ոչ պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում տեղեկությունը հերքող կամ հաստատող ոչ մի հայտարարություն չկա, հետևաբար չենք կարող հստակ պնդել՝ այս հերքող հայտարարությունը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ։ Այպիսով, թուրքական կայքերում տարածվել էր տեղեկություն, որ «Դիարբեքիրսպոր» ակումբը շուտով կանվանափոխվի՝ դառնալով «Մեսոպոտամյասպոր», իսկ ակումբի նոր տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին։ Այնուհետև թուրքական մամուլում տարածվեց նաև ակումբի նախագահ Սերկան Գենչի հայտարարությունը, որն ավելի շատ հերքում, քան հաստատում է տեղեկությունը: Սակայն այս հայտարարության սկզբնաղբյուրը գտնել մեզ չհաջողվեց։ Մյուս կողմից էլ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտի կայքում տեսնում ենք, որ «Մեսոպոտամյասպոր» անունով մի ակումբ իր անունն ու տարբերանշանը գրանցելու հայտ է ներկայացրել։ Ներկայացված տարբերանշանն ունի նույն տեսքը, ինչ թուրքական մամուլում տարածվող խնդրահարույց լուսանկարները։ Քանի որ ակումբից հաստատված պաշտոնական մեկնաբանություն չկա, չենք կարող հստակ պնդել՝ տեղեկությունը հավաստի՞ է, թե՞ ոչ։   Գլխավոր լուսանկարը՝ spor.haber7.com-ի  Աննա ՍահակյանԹուրքերենից թարգմանությունները՝ Աննա Պալաքյանի
18:21 - 10 հուլիսի, 2023
ԿԿՀ-ն իր նախագահի ու անդամների 2019-2022թթ բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն կիրականացնի

ԿԿՀ-ն իր նախագահի ու անդամների 2019-2022թթ բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն կիրականացնի

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Հանձնաժողովի նախագահի ու անդամների՝ 2019-2022 թվականների բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն իրականացնել։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի 2020-2022 թվականների հայտարարագրերը, որտեղ առկա են մի շարք ուշագրավ տվյալներ, որոնք ևս կարող են Հանձնաժողովի վերլուծության առարկա հանդիսանալ։ Նաև փորձել ենք հասկանալ, թե որքանով է արդարացված օրենսդրական այն կարգավորումը, որ Հանձնաժողովն է ստուգում իր անդամների հայտարարագրերը։ Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների կողմից 2020, 2021 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրեր չներկայացնելու վերաբերյալ «Ինֆոքոմ»-ի հրապարակումն ու որոշել իրականացնել Հանձնաժողովի նախագահի ու անդամների՝ 2019-2022 թվականների բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 22-ին։ Հանձնաժողովի՝ 2023 թվականի մայիսի 22-ի նիստի արձանագրությունից քաղվածք «Հանձնաժողովի նախագահի և անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքները կամփոփվեն և պատրաստ լինելուն պես կհրապարակվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում»,- տեղեկացրել են Հանձնաժողովից՝ ի պատասխան Հայկուհի Հարությունյանի 2020 և 2021 թվականների հայտարարագրերում առկա որոշ տվյալների և Հանձնաժողովի անդամների 2021 թվականի հայտարարագրերի վերլուծության մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը։ Հանձնաժողովը նշել է նաև, որ վերլուծության շրջանակում, ի թիվս այլնի, ներառվել են նաև «Ինֆոքոմ»-ի բարձրացրած հարցերը։ Այդ հարցերին դեռ կանդրադառնանք այս հոդվածում։   2021 թվականին զրոյացած բանկային ավանդը Հայկուհի Հարությունյանը 2020 թվականի տարեվերջի և 2021 թվականի տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է շուրջ 30.7 միլիոն դրամ՝ որպես բանկային ավանդ։ 2021-ի տարեվերջին, սակայն, բանկային այս ավանդը զրոյացել է։  2021 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային ավանդը 2021-ից սկսած՝ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել ծախսերի հայտարարագիր։ Դա ներառում է հանգստի ճանապարհածախսին և կեցությանը, շարժական ու անշարժ գույքի վարձակալության վարձավճարին, ուսման վարձավճարին, գյուղատնտեսական գործունեությանը, վարկի մարմանն ուղղված վճարումներին, անշարժ գույքի վերանորոգմանը վերաբերող այն ծախսերին, որոնց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն դրամը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն դրամը։ Բացի դրանից՝ հայտարարագրման ենթակա է ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույքը, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն դրամը։ Հայկուհի Հարությունյանի հայտարարագրում ծախսեր չեն արտացոլվել, հետևաբար ողջամտորեն հարց է ծագում, թե 30.7 միլիոն դրամի չափով ավանդը 2021-ին ուր է ուղղվել, և 30.7 միլիոն դրամն ինչպես է իրացվել, որ չի գերազանցել հայտարարագրման ենթակա 2 միլիոն դրամը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարով 3 միլիոն դրամը։ «Ինֆոքոմ»-ը ապրիլի 28-ին Հանձնաժողով հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչ ուղղություններով են ծախսվել Հարությունյանի այդ ավանդի գումարները և ինչու չեն արտացոլվել ծախսերի հայտարարագրում։ Հարցմանն ի պատասխան՝ Հայկուհի Հարությունյանը պատասխանել է, որ «ավանդի միջոցները՝ որպես հայտարարագրման ենթակա ծախս, չեն օգտագործվել ու չեն տնօրինվել»։  Ապրիլի 28-ի հարցման պատասխանը Հանձնաժողովի նախագահը նաև հայտնել է, որ նշված դրամական միջոցները գոյացել են մինչեւ 2018-ի նոյեմբերը, և դրանք ստացվել են աշխատանքային այլ գործունեության արդյունքում։  Մեր զրույցում Հարությունյանը պարզաբանեց՝ հայտարարագրում նշված ավանդը ոչ թե ծախսվել է կամ կորել, այլ տեղափոխվել է ընթացիկ հաշիվներ. «Ավանդն ու դրա վրա հավաքված տոկոսները տեղափոխվել են ընթացիկ հաշիվ։ Դա արտացոլված է 2022 թվականի իմ հայտարարագրում»,- հայտնեց Հայկուհի Հարությունյանը։    Մեկ օրվա ընթացքում զրոյացած դրամական միջոցներ Հայկուհի Հարությունյանի՝ 2020-2021 թվականների հայտարարագրերում կա մեկ այլ ուշագրավ տվյալ։ 2020 թվականի տարեվերջի դրությամբ (դեկտեմբերի 31) Հարությունյանը «Դրամական միջոցներ» բաժնի «Բանկային հաշիվների մնացորդներ» ենթաբաժնում հայտարարագրել է 1 815 554 դրամ, 525 դոլար և 7084 եվրո։ Միևնույն ժամանակ, 2021 թվականի տարեսկզբի դրությամբ (հունվարի 1) բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 815 554 դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ տվյալները պետք է ներառվեն դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի դրությամբ։ Սա նշանակում է, որ Հայկուհի Հարությունյանի դրամական միջոցներից 7084 եվրոն ու 525 դոլարը մեկ օրվա ընթացքում զրոյացել են։  2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային հաշիվների մնացորդները 2021 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային հաշիվների մնացորդները Հարությունյանը մեր զրույցում վստահեցրեց՝ այդ միջոցները միանշանակ չեն ծախսվել. «Կարող եմ միանգամից ասել՝ անհնար է, որ դա ծախս է։ Դա կարող է հավաստվել 2022-ի հայտարարագրով, հավանաբար տեխնիկական խնդիր է»,- նշեց Հանձնաժողովի նախագահը։  Նրա հավաստիացմամբ՝ իր հայտարարագրին առնչվող այս դրվագները ստուգվելու են մայիսի 22-ի որոշման շրջանակում․ «ԿԿՀ անդամների հայտարարագրերի ստուգումն ընթացքի մեջ է, որպեսզի դրա նկատմամբ այլ կասկած, անաչառության հետ կապված խնդիրներ չլինեն, ԿԿՀ-ն այդ ստուգման արդյունքները կամփոփի հանրային տարբերակով։ Նույնիսկ այն տվյալները, որոնց հանրային հասանելիություն չկա, օրինակ՝ բանկային գաղտնիք և այլն, դրանք ևս վերլուծության մաս են լինելու, ու Հանձնաժողովը կներկայացնի հետաքրքրված լրագրողներին»,- ասաց Հարությունյանը՝ չբացառելով, որ այդ հայտարարագրերում կարող են լինել սխալներ։    Առերևույթ խնդիր՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրում Հայկուհի Հարությունյանի հայտարարագրերից մեկում առկա մեկ այլ ուշագրավ դրվագ ևս կարող է Հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դառնալ։ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականի ընթացքում Հայկուհի Հարությունյանի հանձնած փոխառություններն աճել են 10.5 մլն դրամով, բանկային ավանդներն ավելացել են 17.8 մլն դրամով, բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների մնացորդներն աճել են 1.7 մլն դրամով, մոտ 3500 դոլարով և 1347 եվրոյով (տարվա վերջին առկա գումարները՝ համեմատած տարվա սկզբին առկա գումարների հետ)։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Հարությունյանի ֆինանսական միջոցներն աճել են ավելի քան 30 մլն դրամով, մոտ 3500 դոլարով ու 1347 եվրոյով, մինչդեռ նրա 2022 թվականի եկամուտները կազմել են ընդամենը 23.5 միլիոն դրամ։  Սրանից հետևում է, որ ֆինանսական միջոցներն ավելի շատ են աճել, քան եղել են եկամուտները։  2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված հանձնված փոխառությունները, բանկային ավանդները և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները Հունիսի 27-ին գրավոր հարցմամբ Հանձնաժողովից պարզաբանումներ խնդրեցինք Հարությունյանի հայտարարագրի այս դրվագի վերաբերյալ։ Հանձնաժողովից պատասխանել են, որ հարցմամբ բարձրացված հարցերը, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի և այլ անդամների ներկայացրած հայտարարագրերին առնչվող այլ հարցերը ներառված են համալիր վերլուծության շրջանակում, ուստի հայտարարագրերի վերլուծության արդյունքներն ամփոփելուց և Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո հնարավորություն կունենանք ծանոթանալ դրանց: Հունիսի 27-ի հարցման պատասխանը   Հանձնաժողովի անդամների՝ 2021 թվականի հայտարարագրերը ստուգվել են 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է ընդունել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին։ Այս որոշմամբ, ըստ էության, սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց 2021 թվականի հայտարարագրերի ստուգումը Հանձնաժողովի առաջնահերթությունն է։ Այդ ցանկում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականացվե՞լ է վերջիններիս 2021 թվականի հայտարարագրերի ստուգում։ Հարությունյանն ասաց, որ այդ հայտարարագրերը ստուգվել են, ու դրանցում խնդիրներ չեն հայտնաբերվել։ ԿԿՀ-ն, որ կարող է ուսումնասիրել նաև բանկային քաղվածքներ, դրա հիման վրա ստուգումներ է անցկացրել ու անձի եկամուտների և ծախսերի տեսանկյունից օրինականության խնդիր չի արձանագրել ԿԿՀ անդամների հայտարարագրերում։ Հարությունյանի խոսքով՝ քանի որ հրապարակում է եղել (նկատի ունի «Ինֆոքոմ»-ի հրապարակումը՝ իր ընտանիքի անդամների կողմից 2020, 2021թթ հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ), և կասկածները վերացնելու կարիք կա, որոշում են ընդունել ստուգել ԿԿՀ անդամների ոչ թե մեկ տարվա, այլ 2019-ից ի վեր ներկայացված հայտարարագրերն ու դրանք դնել համեմատության մեջ։    Հանձնաժողովի անդամների հայտարարագրերը ստուգում է Հանձնաժողովը ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հանձնաժողովի  անդամի հայտարարագիրը ստուգում է հենց Հանձնաժողովը, իսկ այն անդամը, որի վերաբերյալ կարող է որոշում կայացվել, չի մասնակցում քվեարկությանը (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մաս): Որքանո՞վ է այս կարգավորումն ապահովում հակակշիռներ և զերծ պահում շահերի բախումից՝ հետաքրքրվեցինք Հանձնաժողովի նախագահից։ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց՝ ստուգումներն իրականացնում է ԿԿՀ աշխատակազմը՝ համապատասխան վարչությունը, ԿԿՀ անդամների ու աշխատակազմի միջև կա տարանջատվածություն. «Եթե այդպես չլիներ, դուք չէիք էլ իմանա, որ իմ ընտանիքի անդամները հայտարարագիր չեն ներկայացրել։ Եթե ստուգումների արդյունքները հանրային են, դրանով ռիսկը չեզոքացված է»,- ասաց Հարությունյանը։  «Ինֆոքոմ»-ը Արդարադատության նախարարությունից փորձեց պարզել՝ որքանո՞վ է այս կարգավորումը պահպանում հակակշիռներ, և արդյոք շահերի բախման վիճակ ստեղծելուն նպաստելու ռիսկեր չի՞ պարունակում։ Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են. «​​Նշված մեխանիզմն ընդունելի է և գործում է նաև այլ վարույթների դեպքում, մասնավորապես, տարբեր մարմիններում (օրինակ՝ ՍԴ, ԲԴԽ և այլն,-հեղ․) պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը չի մասնակցում այն անդամը, որի վերաբերյալ հարուցվել է կարգապահական վարույթը։ Այս պահի դրությամբ առկա օրենսդրական կարգավորումների փոփոխության հարց չի քննարկվում»։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նկատեց՝ գործող մեխանիզմը տարածված է աշխարհի շատ երկրներում, սակայն Հայաստանի դեպքում առանձնահատկությունն այն է, որ ինստիտուտների թերկայացվածություն կա, ինչը ռիսկերը չի բացառում։  «Իդեալական պայմաններում հանձնաժողովի 5 անդամներից 4-ը պետք է ունակ լինեն որոշում կայացնել, բայց այստեղ պիտի քննարկել նաև՝ արդյոք ԿԿՀ աշխատակազմն ունի՞ կաշկանդվածություն, թե՞ ոչ»,- կարծիք հայտնեց Սահակյանը՝ շեշտելով, որ գործող մեխանիզմին այլընտրանք կարող է լինել խնդրի հանրայնացումը կամ Դատախազության կողմից գործընթացի նախաձեռնումը։  Դատախազությունը, ըստ նրա, մամուլի հրապարակման հիման վրա կարող է քրեորեն պատժելի արարքներ հայտնաբերել և ունի որոշակի ինքնուրույնություն, կարող է պահանջել ԿԿՀ անդամի հայտարարագիր և ուսումնասիրել այն։ Բայց Դատախազությունը կարող է միջամտել, եթե առկա է քրեական արարք․ վարչական խախտման դեպքում նրա գործառույթները սահմանափակ են։  «Ներկա կարգավորումը միջազգային ստանդարտներին չի հակասում, մանավանդ երբ գործ ունենք կոլեգիալ անդամների հետ։ Հայաստանում խնդիր կա ինստիտուտների կայացվածության, ու, իմ կանխատեսմամբ, այս մեխանիզմն ավելի շատ չի աշխատի, քան կաշխատի»,- եզրափակեց Սահակյանը։ Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա ՄամյանԳլխավոր լուսանկարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից
16:07 - 07 հուլիսի, 2023
Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա. կյանքը՝ Արցախում

Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա. կյանքը՝ Արցախում

Երեւանից Արցախ հեռավորությունը, որ մի ժամանակ չորս հարյուր կմ էլ չկար՝ մի քանի ժամվա ճանապարհ, այսօր չափում ենք օրերով։ Եւ հաշիվը կորցնում ենք ապրումակցման ու անտարբերության, կարոտի ու մոռացության արանքում։ Մինչեւ Արցախի Հանրապետության բլոկադան՝ մտքովս անցնում էր մի օր Աստղին հյուր գնալ Մոխրաթաղ, որտեղ նա հայոց լեզու ու գրականություն էր դասավանդում։ Բայց ձգձգեցի, ձգձգեցի առօրյա-կենցաղային հիմարությունների բերումով այնքան, որ պատահեց այս անմարդկային շրջափակումը, եւ ոչ ես գնացի, ոչ նա կարողացավ գալ։ Երեկվանից զրուցում ենք ընդհատումներով, խնդրում եմ պատմել, թե ինչ կա չկա իրենց կողմերը։ Խոսակցությունն այդ չի կարող շրջանցել հումանիտար ճգնաժամի թեման։ Վիճակն ավելի ծանր է դառնում Արցախում ճգնաժամն ահագնանում է։ Աստղն (Աստղիկ Քեշիշյան) ասում է՝ այնպես չէ, թե մարդիկ սոված են մնում, բայց հիմա արդեն թերսնման խնդիր է լինում։ Գուցե լավատեսությունն է նրան դրդում ասել, որ վիճակը դեռեւս ծայրահեղ չէ, բայց կողքից նրան ասում են՝ ծայրահեղ է։  «Դեռեւս հնարավոր է խանութներում թանկարժեք «Նուտելլա» ու նմանատիպ ապրանքներ գտնել, բայց ամենամինիմալ անհրաժեշտության ապրանքներ, օրինակ՝ ձեթ, աղ եւ այլն, ընդհանրապես չկան։ Այս առումով վիճակն ավելի ծանր է դառնում»,- պատմում է նա։ Երեկ Ստեփանակերտ է գնացել, ասում է՝ խանութներում արդեն նորից սկսվում է ձմռան ամիսների կիսադատարկ վիճակը։ Իսկ Ստեփանակերտ գնալու համար Աստղիկը Մոխրաթաղից մոտ 8-9կմ ոտքով քայլել է մինչեւ Մարտակերտ, որ այնտեղից տրանսպորտով հասնի մայրաքաղաք․ ոչ գազ կա ամիսներով, ոչ էլ արդեն բենզին։ Միայն դիզել կա (սոլյարկա), այն էլ ոչ բոլոր մեքենաներն ունեն, հանրային տրանսպորտն է այդ վառելիքով շահագործվում․ «Գազ արդեն ամիսներով չկա, ես կոնկրետ հաշվարկն էլ եմ կորցրել, չեմ հիշում՝ երբվանից։ Իրականում խոսակցություններ էլ չկան, որ գազամատակարարումը մի օր կվերականգնվի, մարդիկ արդեն հույսները կտրել են։ Մինչեւ այս վերջին շրջափակումը գոնե բենզին էր մտնում Արցախ, տրանսպորտն աշխատում էր, տաքսի գտնել հնարավոր էր, իսկ հիմա դա էլ գրեթե չկա, քաղաքում հազվադեպ են հանդիպում շարժվող մեքենաներ»։ Հատկապես գյուղական բնակավայրերից, ինչպիսին Մոխրաթաղն է, շրջկենտրոն կամ այլ քաղաքներ հասնելը գրեթե անհնար է դառնում։ Մոխրաթաղը ոչ Մարտակերտ, ոչ էլ Ստեփանակերտ գնացող տրանսպորտ չունի․ «Մի տեսակ դառնում է կրկնակի բլոկադա,- ասում է Աստղիկը,- մոտ մեկ ժամ քայլում ես մինչեւ Մարտակերտ, ու այդ ընթացքում կարող է գեթ մեկ մեքենա էլ չպատահի կամ, լավագույն դեպքում, «Զիլ» կամ զինվորական մեքենա, որոնք էլի սոլյարկայով են աշխատում, բայց եթե դա էլ սպառվի, իրոք աղետ կլինի»։ Աստղն ասում է՝ մարդիկ արդեն կես-կատակ-կես-լուրջ մտածում են ձի, ավանակ գտնելու մասին, որ ինչ-որ ծայրահեղ դեպք լինելու դեպքում գոնե Մարտակերտ կարողանան հասնել։ Ինքն անձամբ չի բախվել դեղորայք չլինելու խնդրին, բայց գիտի, որ դեպքեր են եղել, երբ մարդիկ շատ երկար են սպասել անհրաժեշտ դեղին, մինչեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մի կերպ տեղ է հասել, երբեմն նույիսկ ուշացած։  Ինտերնետի ու հեռախոսակապի խնդիր էլ կա։ Աստիկը նկատում է, որ Ստեփանակերտում ինտերնետն ու հեռախոսակապը տարօրինակորեն ավելի թույլ են, քան գյուղում։ Ասում է՝ օրեր են լինում, որ ժամերով հնարավոր չի լինում զանգել կամ զանգ ստանալ։ Բայց, իհարկե, այս իրավիճակում երեւի դա ամենասարսափելին չէ։ Կարկուտն էլ մի կողմից Մոխրաթաղում նախկինում այնպես չէ, թե շատ զարգացած է եղել գյուղատնտեսությունը։ Բոլոր ապրանքներն այստեղ են հասել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Աստղը նկատում է՝ միայն բլոկադայից հետո է, որ գրեթե բոլորը սկսել են բակերում բանջարեղեն աճեցնել․ «Մարդիկ սկսել են որոշ բաներ մշակել, կարտոֆիլ, լոբի, դդմիկ, ձմերուկ։ Շատերն ընդունում են, որ ափսոս՝ այդ հասարակ բաները չէին աճեցնում ու կախված էին ՀՀ-ից»,- ասում է ընկերս՝ նույնիսկ կատակելով, թե բոլոկադայի դրական կողմն է որոշակիորեն ինքնուրույնություն ձեռք բերելը։ Հետո դառնացած հիշում է հին ասացվածքը․ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ այս ասացվածքն այստեղ լրիվ իրականություն դարձավ, որովհետեւ մարդիկ նոր սկսել էին սածիլներ դնել, բայց մի քանի անգամ ուժեղ կարկուտ եկավ Մարտակերտում, ու քանի որ գյուղատնտեսությունն այնքան էլ զարգացած չի եղել, ենթադրում եմ՝ հակակարկտային կայաններ չեն եղել, ու այդ ամբողջը, որ պիտի բերք տար, փչացել էր։ Հետո նորից սածիլներ բաժանեցին բնակիչներին։ Ծառերին էլ ընդհանրապես բերք չի մնացել։ Մյուս շրջաններում չգիտեմ՝ ինչ վիճակ է, բայց հենց Մարտակերտ քաղաքի շրջակայքի գյուղերում՝ աղետալի։ Իմ բակում շատ ծառեր կան՝ խնձորի, ծիրանի եւ այլ, նույնիսկ մեկ-երկու ցոգոլ չի մնացել․․․ Կարկուտը լրիվ ավերել է»։ Մնացած բերքը, որ հասնի, բանջարեղենը՝ աճի, հազիվ հերիք անի բնակիչների օգտագործման համար, վաճառքի չի ձգի, հավելյալ եկամտի աղբյուր դժվար թե ծառայի։ Մոխրաթաղում ինչ են անում բլոկադայի այս դժվար օրերին, երբ գյուղում ժամանցի վայրեր չկան, նույնիսկ խնամքի կետեր, եւ այլն․ Աստղիկն ասում է՝ տղամարդիկ հիմնականում Պաշտպանության բանակում են աշխատում կամ Փրկարար ծառայությունում, կանայք՝  դպրոց-մանկապարտեզում։ Բոլորով՝ ուսուցիչ, աշակերտ, գյուղացի մյուսները, փորձում են գոնե մի զբաղմունք կազմակերպել, քայլարշավներ, զբոսանքներ, որ օրերն ինչ-որ կերպ լցնեն։ «Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա,- ասում է Աստղիկը,- այնպես չէ, որ չդիմանալու տարբերակ ունեն, որովհետեւ հո ինքնասպան չե՞ս լինի։ Պիտի դիմանաս»։  Ինչքան ես ճանաչում եմ Աստղին, գիտեմ, որ նա պաթետիկ բաներ ասել չի սիրում։ Եւ այդ բնավորությանը համաձայն՝ եզրափակում է, որ եթե առաջին ամիսներին մարդիկ հասկանում էին՝ ինչի համար են դիմանում, հիմա այդ զգացումն առանձնապես չկա էլ։ Մտքիս է գալիս այն պարզ ճշմարտությունը, որ ժամանակն ամեն ինչի սովորեցնում է մեզ։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Ես չգիտեմ։ Կրկնակի բլոկադա Ես չգիտեմ նաեւ, թե զրույցս ինչպես սկսեմ արցախցի մեր այլ հայրենակիցների հետ, երբ չեմ համարձակվում նույնիսկ հարցնել՝ ո՞նց եք։  «Ինչ կա՞ Ձեզ մոտ»,- բարեւ-ողջույնից հետո միանգամից հարցնում եմ Սասուն Դավիդյանին, որն Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղից է։ Մեծ Շենը, ինչպես շրջանի մյուս երեք գյուղերը՝ Հին Շենը, Լիսագորը, Եղցահողը, ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո լիակատար շրջափակման մեջ են հայտնվել, կտրվել են ոչ միայն ՀՀ-ից, այլ նաեւ Ստեփանակերտից։ Մեծ Շենի մոտ 70-80 բնակիչները մայրաքաղաք գնալու հնարավորություն ունենում են շաբաթական միայն մեկ անգամ՝ երկրի կառավարության տրամադրած մեքենայով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Առավոտյան գնում են՝ առաջին անհրաժեշտության մթերքներ գնելու ու երեկոյան հետ են դառնում։  Սասունն ասում է, որ ներկա պահին որոշակի պաշար ունեն առաջին անհրաժեշտության մթերքների ու դեղերի, բայց դա չի կարող երկար բավականացնել։ Մարդիկ շուտով կսկսեն գյուղի բերքը հավաքել՝ կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, լոբի, բայց դա էլ հո անսպառ չէ՞։ Գյուղում խոտհարքի հետ կապված խնդիրներ կան․ «Վառելիք չկա, մարդիկ տրակտորներով չեն կարողանում դաշտերը հնձել, ստիպված պիտի ձեռքով հնձեն, կամ այլ տեղերից խոտ գնեն։ Եթե էսպես շարունակվի, չգիտեմ՝ մեծ թվով անասուն պահող մարդիկ ինչ են անելու, երեւի ստիպված մորթեն։ Խոզի, հավի կերի հետ էլ խնդիրներ կան, չնայած Հակարիի կամրջի փակվելուց մեկ օր առաջ ՀՀ-ից որոշ քանակությամբ կեր հասցրել էին բերել, բայց դա էլ սահմանափակ քանակությամբ»,- պատմում է զրուցակիցս։  Մեծ Շենը հենց ադրբեջանցիների թիրախում չէ՝ ի տարբերություն հարեւան մյուս գյուղերի։ Ասում է՝ Հին Շենի ու Եղցահողի հենց վերեւում են, նույնիսկ եղել է՝ գյուղից անասուն գողանան։  Գյուղի բնակիչը նշում է, որ արդեն սկսել է քանդվել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը, որն անցնում է գյուղի միջով․ «Ճանապարհն արդեն քանդվում ա, հատվածներ կան՝ անցնում են գետնի տակ, շատ անորակ ա եղել, հողը գնում ա։ Չնայած դեռ օգտագործել հնարավոր ա»։ Այս ճանապարհով են տեղացիները Ստեփանակերտ գնում-գալիս։ Սասունն ասում է՝ բլոկադայի սկզբի օրերի այն խուճապը հիմա էլ չկա, բայց, մեկ է, նոր վտանգավոր բանի ռիսկը շարունակում է մնալ․ «Էն նոր փակվելու ժամանակ ամեն օր սպասում էին մարդիկ, որ մի բան կլինի, հաջորդ քայլը տարածք մտնելն ա, չնայած էդ ռիսկը հիմա էլ կա, բայց ժողովուրդն արդեն մի տեսակ իմունիտետ ա ձեռք բերել։ Բայց էդ ճանապարհի փակ լինելու պատճառով տարեց մարդիկ կան, փոքր երեխեք կան, որ իմանալով՝ չեն կարող գյուղից դուրս գալ, էդ ճնշված վիճակից առողջական խնդիրներ են ունենում․․․»։ Օրվա երկրորդ կեսին խանութներում հաց չի մնում Մարտակերտ քաղաքի բնակչուհի Նարե Ղահրամանյանն էլ է նկատում, որ խանութներում սկսել են սպառվել շատ մթերքներ։ Շոկոլադ կա, մակարոնեղեն կա, օրինակ, բայց օրվա երկրորդ կեսից էլ հաց չի մնում․ «Առաջ, որ հացի խնդիր չկար, հիմա հացն էլ է սկսել շուտ սպառվել, օրվա երկրորդ կեսին էլ հաց չի մնում։ Էն ապրանքները, որոնք ժամանակ առ ժամանակ են ստանում, միանգամից սպառվում են։ Միրգ-բանջարեղեն գրեթե չկա, սեզոնն էլ նոր է սկսվում։ Այլ ապրանքներ էլ ձեռք բերելը շատ դժվար է դարձել»։ Նարեն Արցախի պետական համալսարանում է սովորում, երրորդ կուրս է տեղափոխվել։ Պատմում է, որ Մարտակերտում coworking տարածք բացելու ծրագիր ունեն, բայց բլոկադայի պատճառով այն դադարեցվել է, վերանորոգման աշխատանքների համար պարագաներ ձեռք բերելը բարդացել է։  Զրուցակիցս ասում է՝ մարդկանց մոտ անորոշություն է հիմա, ոչ ոք չգիտի՝ ինչքան երկար է այս ամենը շարունակվելու, եւ արդյոք սա ամենավատն է, թե ավելի վատ օրեր են լինելու․․․։ Մարդիկ ձիերով ու ավանակով են սկսել արտեր գնալ Եթե Աստղիկն ասում էր, որ մոխրաթաղցիք դեռ կատակով են մտածում ձիեր ունենալու մասին, ապա Մարտունու շրջանի Հաղորդի գյուղի 16-ամյա բնակիչ Էլինա Մարտիրոսյանն ասում է, որ գյուղում մարդիկ կան, արդեն ձիով ու ավանակով են գնում արտեր։ Մարտունիում էլ է վառելիքը լուրջ խնդիր։ Հաղորդիում, բարեբախտաբար, բուժկետ կա, որոշ ժամանակ առաջ էլ, երբ դեռ մեքենաներ գնում-գալիս էին, բժիշկներ են եկել ու անհրաժեշտ դեղեր թողել, որոնք դեռեւս հերիքում են տեղացիներին։  Խանութներում դեռեւս մթերքներ կան, եթե ինչ-որ պակաս բան է պետք լինում, փորձում են Ճարտարից կամ Մարտունուց գտնել։ Բերքը դեռ չի հասել, բայց Էլինան էլ է ասում, որ այն միայն գյուղացիների կարիքներին կբավարարի, քաղաքին մատակարարել հնարավոր չի լինի։  Գյուղացիները, ասում է Էլինան, չեն ընկճվում, գյուղի երեխաներն էլ բլոկադայի օրերին մասնակցում են ՄՈՒՆՔ տեխնոդպրոցի օնլայն դասերին, որոշակի զբաղմունք ունեն․ «Ամեն մեկն իր գործով է, մարդիկ էլ համախմբված են, մեկը մյուսին ճանաչում է, միայն թե սահմանի սրացումների ժամանակ են լարվում․․․ Բայց իրար ուժ տալով ապրում են»։ Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի Հայարփի Բաղդասարյան
20:07 - 05 հուլիսի, 2023
«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին

«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին

Դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Երեկվա նիստը նշանակվածից ավելի քան երկու ժամ անց սկսվեց։ Դատավոր Ջոն Հայրապետյանի աշխատակազմից մեկ ժամ հետաձգումից հետո տեղեկացրին, որ մեղադրյալ Վահանյանին դատարան բերելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են եղել, պատճառը ուղեկցողների մեքենայի անսարքությունն է։ Այս հանգամանքն, իհարկե, առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը․ նրանցից ոմանք՝ դատարանի ներսում, իսկ մյուսներն էլ հունիսյան տապին դատարանի բակում հավաքված ժամերով սպասում էին նիստին։ Նրանց հետ էին նաեւ պատերազմի մասնակից այն տղաները, որոնք այս գործով տուժող են ճանաչվել եւ պետք է հարցաքննվեին։ Երեկ նիտին դատակոչվել էին վեց տուժողներ։ Նրանցից մեկը չէր ներկայացել, իսկ ոմանց դեռ նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացվել։ Դատարանում տուժողներից մեկը բարձրաձայնեց, որ ինքը չի ստացել փոստային եղանակով իրեն առաքված ծանուցագիրը՝ դատարան ներկայանալու մասին, ու դատական նիստի օրվա մասին տեղեկացել է դատարանից ստացած զանգի միջոցով։   Դատական նիստին ներկա էին պատերազմի ժամանակ Վահանյանի հրամանատարության տակ գտնվող Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի զինծառայողներ Ալբերտ Գրիգորյանը, Էրիկ Խաչատրյանը, Արայիկ Գալստյանը, Նարեկ Սիրունյանը, Ռոբերտ Վարդանյանը։ Ջրականից նահանջի ժամանակ զինծառայողը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել Առաջինը հարցաքննվեց Ալբերտ Գրիգորյանը։ Նա բանակ է զորակչվել 2020թ․ հուլիսին, եղել է շարքային, ծառայել է Ջրականի զորամասում։ Գրիգորյանն ասաց, որ Վահանյանին ճանաչում է, նրանց հարաբերությունները միայն ծառայողական բնույթի են եղել։  Վերհիշելով պատերազմի օրերը, որոնցով ինքն անցել է, Գրիգորյանը նախ ասաց, որ Վահանյանը Խուռհատ սարքում իրենց հետ չի եղել, հետո արդեն սկսեց պատմել հերթականությամբ՝ պատերազմի սկզբից վերարտադրելով տարբեր դրվագներ։  Գրիգորյանն ու մյուս զինծառայողները պատերազմը սկսվելիս եղել են Ջրականում, այնտեղ տեղափոխվել են այլ մարտական դիրքեր, բայց քանի որ երկու ամսվա զինծառայող է եղել, տեղանքները լավ չի մտաբերում։ Վերջինս, որ հակատանկային դասակից է եղել, նշում է, որ չեն ունեցել վաշտի հրամանատար, դասակի հրամանատար, հիշում է, որ Իշխան Վահանյանը մինչեւ պատերազմը եղել է շտաբի պետ, վերադաս հրամանատարությունից դժվարությամբ մտաբերում է նաեւ այլ անուններ՝ Արտյոմ, Սամվել, Պողոսյան։ Ի սկզբանե՝ Խուռհատի դեպքերից առաջ, ինչպես պատմում է տուժողը, իրենք եղել են հրամանատարական դիտակետի մոտ, հետո տեղափոխվել են այլ վայր։ Իր տեղեկություններով՝ գումարտակի հրամանատարը զոհվել է դիտակետի մոտ, լսել է, որ նա հրթիռի պայթյունից է զոհվել։ Այդ տարածքում Իշխան Վահանյանին չի հանդիպել, ոչ էլ տեղեկություն է ունեցել նրա վիրավորվելու մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողից հետաքրքրվեց, թե ինչպես է եղել իրենց տեղափոխությունը Ջրականից, ինչպես է եղել նահանջը դեպի Հադրութ։ Գրիգորյանի հիշելով՝ նահանջի հրաման է եղել․ «Հրաման եղել ա, Գարիկն ա եղել մեր հետ [նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին,-խմբ․], եղել ա Ղարիբյանը։ [․․․] Ջաբրայիլի պոստում ենք եղել, դրանից հետո եկան, ասեցին նահանջ ա՝ նահանջենք Հադրութ, ոտով դաշտով վազելով գնացել ենք, էդ ժամանակ բոյեր էր բլիժնի, հետեւներիցս խփում էին, վազելով էթում էինք։ Սաղ զորքը ոնց վազում էր, սաղ վազում էինք, ոչ մեկս տարածքին ծանոթ չենք եղել»,- պատմեց տուժողը, եւ, ի պատասխան մեղադրողի հարցին, նշեց, որ այդ պահին ինքը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել։ Ալբերտ Գրիգորյանի խոսքով՝ այդպես վազելով իրենք հասել են մի ինչ-որ տեղ, որը կոնկրետ չի հիշում, այնտեղ մեքենաներ են եկել՝ «Կամազ», այդտեղից մի ուրիշ տեղ են գնացել, մի գիշեր մնացել փակ այդ տեղում, իսկ լուսաբացին գնացել Հադրութի զորամաս, այնտեղ մնացել մի քանի ժամ, սնվել, այնուհետեւ գնացել են Հադրութի դպրոց, մնացել այնտեղ, հետո բարձրացել «Վիշկա» կոչվող հատվածի դիրքեր՝ Խուռհատ սար, որտեղ սկսել է մարտ ընթանալ։ Տուժողը հիշում է, որ Հադրութի զորամասում արդեն հանդիպել է Իշխան Վահանյանին, բայց չի նկատել, թե նրա վրա վիրակապ լինի կամ դժվարությամբ քայլի․ «Զենք-մենք էինք ստանում, էդ մի պահն եմ տեսել, դրանից հետո նենց չի, որ միշտ աչքիս առաջ ա եղել»,- նշեց հարցաքննվողը։ Նա հիշում է, որ դպրոցում իրենց հետ եղել է նաեւ Գարիկ Վարդերեսյանը։ Հետո, երբ հակառակորդը սկսել է հարվածներ տեղալ դպրոցի վրա, զորքն այդտեղից դուրս է եկել ու գնացել «Վիշկի» պոստ։  Գրիգորյանը հիշում է, որ իրենց հետ սերժանտ է եղել, Սերգո են ասել նրան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ ըստ էության այդ սերժա՞նտն է հանդիսացել վերադասը, Գրիգորյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ իրենց սարում պահել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը [գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ]։  - Ո՞ւմ հրամանով է զորքը բարձրացել «Վիշկա» կոչվող տեղանք,- հետաքրքրվեց Գեւորգ Ավետիսյանը։ - էդ ժամանակ, ինչքան հիշում եմ, Գարիկը արդեն պերեվոդ էր եղել, երեւի Իշխանն ա էլի արդեն եղել։ Ասել են՝ բարձրանում ենք, բարձրացել ենք, Գարիկին չեմ տեսել էդ ժամանակ, իմացել եմ, որ պերեվոդ ա եղել։ - Ի՞նչ հանձնարարություն են տվել։ - Բարձրացել ենք սարի վրա, վերեւի պոստը, դիրքավորվել, բոյ ա գնացել։ - Այսինքն անցել եք պաշտպանության։ - Այո։ Թե կոնկրետ որ հատվածում են իրենք դիրքավորվել, որտեղ են եղել հարեւան ստորաբաժանումները, ով է եղել իրենց հետ վերադաս հրամանատարությունից, Գրիգորյանը լավ չի մտաբերում։ Նա նկարագրեց, որ կոնկրետ այն հատվածը, որտեղ իրենց զորքն է եղել, սարի վրա է եղել, դրանից հետո փոս է եղել, հետո բաց դաշտ։ Նա չհիշեց, թե ովքեր են տեղակայված եղել կողային հատվածներում․ «Ընթացքում տեսել ենք [սպաների], եկել-գնացել են՝ տեսել ենք, հանդիպել ենք էդ ընթացքում, «Վիշկի» մասին ա խոսքը։ Արդեն բլիժնի բոյ էր սկսել, հրաման էր տված կրակեինք, անտառի նման տեղ էր մեր հետեւում, հետո հրաման տվին՝ մի կրակեք, մերոնք են, հետո հրաման տվին աջ կողմ կրակենք, իրանք էլ էին կրակում։ Վիրավոր ունեցանք, հետո վիրավորների էինք իջացնում ներքեւ, ավտո էր եկել, որ իրանց տանեին էլի»,- պատմեց Գրիգորյանը։ Նա, սակայն, չի հիշում, թե կոնկրետ ով է այդ հրամաններն արձակել։ «Ընդհանուր էին գոռում «նահանջ»»․ տուժողը չի մտաբերում՝ ով է Խուռհատից նահանջի հրաման արձակել Գրիգորյանը պատմում է, որ այդ տեղանքում փոխհրաձգությունն այնքան է շարունակվել, մինչեւ դարձյալ «նահանջ» հրահանգ է լսվել, ու բոլորով սկսել են հետ քաշվել։ Բայց թե ով է նահանջի հրամանը տվել, նորից անուններ չհնչեցին։ Տուժողը հիշում է, որ ընդհանուր էին գոռում, այն «հրամանը» փոխանցումներով էր հասնում մեկը մյուսին։ Ու այդպես սկսել են կրակելով հետ վազել՝ փորձելով օգնել նաեւ վիրավորներին։ Նրանցից մեկն էլ դատարանում Գրիգորյանի կողքին նստած Ռոբերտ Վարդանյանն է եղել, որի հարցաքննությունը եւս կներկայացնենք այս նյութում։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ո՞վ էր համակարգում այդ գործողությունները։ Գրիգորյանի խոսքով՝ որքանով ինքը տեղյակ է եղել՝ այդ ժամանակ տարածքում եղել է Իշխան Վահանյանը, բայց կոնկրետ իր կողքին չի տեսել։ Մինչեւ վիրավորներին մեքենաների մոտ հասցնելը՝ Գրիգորյանը սպաներից որեւէ մեկին չի տեսել։ Տուժողը հիշում է, որ իրենց հետ է եղել մի կամավոր քեռի, անունը՝ Արտյոմ, որի ցուցումներին իրենք հետեւել են։ Մասնավորապես, ինչպես հիշում է Գրիգորյանը, քեռին ասել է՝ բարձրանան սարը, իրենք բարձրացել են։ Այդ ժամանակ իրենց հետ է եղել սպաներից նաեւ Հովհաննես Մուրադյանը։ [Կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ]։ Տուժողի խոսքով՝ Մուրադյանն իր հեռախոսով կապ է հաստատել ու ճշտել, որ երրորդ վաշտն իրենցից ավելի վերեւ է։ Իրենք գնացել են այդ ուղղությամբ, հետո իրենց ասել են, որ բարձրանալ պետք չէ, պետք է հետ գնալ։ Հետ գալու ճանապարհին, ըստ տուժողի, հակառակորդը սկսել է բոլոր կողմերից կրակել, ու իրենք այդպես ընկել են շրջափակման մեջ։ «Սպասել ենք մի քիչ, Մուրադյան Հովոն էր ուզում էլի կապի դուրս գալ, մի քիչ առանձնացել ա, էդ պահը չգիտեմ՝ ուր ա գնացել, դրանից հետո չեմ տեսել, դրանից հետո մենակ էդ հոպարն ա եղել՝ Արտյոմը։ Դրանից հետո չեմ տեսել Հովոյին, Արտյոմը անտառի մեջ հետներս ա եղել, մութը ընկնում էր արդեն, մեր վերեւով ադրբեջանցիների զորքը գնում էր, մեր հրետանին կրակում էր, մենք լսում էինք, բայց իրանք մեզ անցնում էին, մենք մնացինք ըտեղ, որտեղ մնացել էինք, հարմար տեղ էր, չէինք երեւում։ Առաջ էին գնացել, էդ ձեները, բան, կտրվեց, արդեն լույսը ուզում էր բացվել, որոշեցինք անտառով էթանք, տենանք ուր ենք դուրս գալիս, դուրս ենք եկել, արդեն էդ գյուղ ենք մտել, Վանք գյուղն ա եղել։ Հլը չէինք հասել Վանք գյուղ, էլի վերեւից կրակում էին, թմբի վերեւից մեզ էին կրակում, գռանատը շպրտում էին մեր կողմ, դաժե հայերեն խոսում էին՝ «դուրս եկեք», մենք հասկանում էինք, էլի, որ կարան իրանցից լինեն, սպասում էինք, էդ պահին չէինք կրակում, որ չերեւանք՝ որտեղ ենք։ Որ գռանատը շպրտեցին, վիրավոր ունեցանք, ինձնից մի քիչ էս կողմ ա գռանատն ընկել։ Արտյոմը ասեց, ճամփա էր անտառից հետո, հետո նորից մտնում էր անտառ, ասեցինք վազենք էդ կողմ, որ կրակում էին, կտրենք անցնենք շոշը դեպի անտառի մյուս կողմը։ Զորքից մի քանի հոգի վազեց, էդ ընթացքում խփեցին, վիրավորներ ունեցանք, մահացան կեսը, կոնկրետ Արտյոմին էլ են ըտեղ խփել, մահացել ա։ Վազելով, վիրավորներին բռնած անցել ենք էդ հատվածը՝ դեպի անտառ, քցվել ենք անտառի մեջ, հետո տուն կար, տրակտոր, բան էր կանգնած, մտել ենք էդ տուն, վիրավորներին տնից ինչով կարացել ենք, պերեվյազկա ենք արել, օգնել ենք ու մնացել ենք ըտեղ»,- մանրամասն պատմեց Գրիգորյանը։  Այդ տնից փորձել են կապի դուրս գալ։ Բայց իրենց մոտ եղած կապի միջոցը չի աշխատել։ Կապ են ունեցել միայն հեռախոսով, բայց մարտկոցները նստած են եղել, չեն ունեցել լիցքավորման սարք։ Բայց, բարեբախտաբար, այդ տան բակում մարտկոց է եղել, տղաներից մեկը կարողացել է դրանով լիցքավորել հեռախոսը ու կապ հաստատել․ «Զանգել ենք, մեզ ասել են, որ տարածքը մերը չի, ու պետք ա սպասենք էնքան, մինչեւ օգնություն գա։ Մեր սերժանտն ա խոսացել, սերժանտներից, ասել են, որ սպասեք, մինչեւ տենանք՝ ինչ ա լինում, մնացել ենք մի քանի օր ըտեղ․․․»։ Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական քեռիինն է եղել Գրիգորյանը նորից նշեց, որ դեպի Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական այդ քեռի Արտյոմինն է եղել։ Մեղադրողի հարցին՝ Արտյոմը կամ սպաներից Հովհաննես Մուրադյանը հակառակորդից ի՞նչ տեղեկություն ունեին իր տպավորությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ, ըստ իրեն, Արտյոմը չի տիրապետել՝ որ կողմ կարող են գնալ։ Նա նշեց, որ եթե իմանային, որ Վանք գյուղում հակառակորդն է, ու շրջափակման մեջ են ընկնելու, այդ ուղղությամբ, բնականաբար, չէին գնա․ «Պետք ա լիներ նենց մարդ, որ ճիշտ հրաման տար, մենք էլ կատարեինք»,- ասաց տուժողը։ Նա նշեց, որ Արտյոմի ասածներին անսացել են, որովհետեւ մտածել են՝ տարիքով մարդ է, գուցե ինքն ավելի լավ իմանա։ Մեղադրողը պարբերաբար հարցերով փորձում էր հասկանալ՝ ի վերջո զորքին չէ՞ր հետաքրքրում՝ ուր են սպաները, չե՞ն փորձել ճշտել։ Գրիգորյանն արձագանքեց, որ այնքան խառը վիճակ էր, շրջափակման մեջ էին, որ անգամ եթե շատ ուզենային, չէին կարող իմանալ՝ ուր են։ Տուժողը չհիշեց նաեւ, որ կապի դուրս եկած լինեն Իշխան Վահանյանի հետ, կամ որ կամավորական քեռին զանգած լինի նրան․ «Ես ըտեղ չեմ եղել, հետագայում էլ չեմ իմացել, մենակ էն ենք իմացել, որ պետք ա ստեղ լիներ [Վահանյանը] ու ստեղ չի»,- ասաց տուժողը՝ նշելով, որ պատերազմից վերադառնալուց հետո է իմացել, որ Վահանյանը լքել է մարտի դաշտը․ «Փախել ա, էլի, որ ըտեղ լիներ, ճիշտ հրաման տար, մենք էլ կանեինք, չէինք հայտնվի էդ վիճակում, չէինք ունենա էդքան զոհ․․․ Ու էլի հաստատ լավ կլիներ»։ «Վիշկայի» մոտ, ինչպես հիշում է տուժողը, հակառակորդը սկզբում հրետանիով է կրակել, իրենք նկատել են նաեւ ադրբեջանական տանկեր։ Բայց իրենց վիրավորումները հրազենային են եղել։ Մեղադրողի հարցին՝ նահանջի ժամանակ հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, տուժողը նշեց, որ այդ պահին ավտոմատների կրակ էր․ «Դաժե տեսնում էինք, որ պուլեքը կպնում էին գետնին»։ Այդուհանդերձ, Գրիգորյանը նշում է, որ եթե իրենք նորմալ հրամաններ ստանային, ապա ունակ էին դրանք կատարելու։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն իր հարցերը սկսեց ժամանակագրական հակառակ հաջորդականությամբ՝ Խուռհատից մինչեւ պատերազմի սկիզբ։ Անդրադառնալով նախորդիվ հարցաքննված անձանց ցուցմունքներին, հետաքրքրվեց՝ նահանջի ժամանակ եղե՞լ է դեպք, որ հրամանատարներ Հովհաննես Մուրադյանը, Հայկազ Գրիգորյանը, Վազգեն Վարդանյանը նահանջող զորքը հավաքեն մի տեղ, ապա քննարկեն իրենց անելիքները։ - Ցուցմունք ունենք, որ քննարկում ա եղել, Հայկազ Գրիգորյանը զինվորների հետ չորս սպաներով բարձրացել են դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկ Մուրադյանը ձեր մյուս տղաներով մնացել եք տեղում, սպասել, որ ճշտեն՝ վերեւում ոնց են առաջ գնալու, եղել ա հրետանու կրակ, եւ չեն կարողացել միավորվել։ - Հրետանու կրակ եղել ա, բայց կոնկրետ․․․ - Էդ նահանջի ժամանակ, նահանջից հետո․․․ արդեն Խուռհատ սարից իջել եք։ Սպաները ցուցմունք են տալիս, ասում են, որ իջել ենք, Հովիկ Մուրադյանը տղաներով մեր հետ ա եղել, իջել ենք մի հատված, որտեղ նստել են, քննարկել իրենց անելիքները։ Չորս սպաները՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ, առաջ են գնացել դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկը Մուրադյան մնացել ա էդտեղ։ -  Հայկազ Գրիգորյանի բարձրանալը ես չեմ հիշում, կարող ա առաջ են ընկել, չեմ տեսել։ Քննարկելը չեմ տեսել։ - Հնարավո՞ր էր մի բան կատարվեր էդտեղ՝ կես ժամ, մի ժամ, տասնհինգ րոպե [Գուրգեն Գրիգորյանը նկատի ունի քննարկում,- խմբ․], դուք չտեսնեիք։ - Կտենայինք հաստատ։ Կոնկրետ հավաքված ես չեմ տեսել։ - Իսկ առաջխաղացման մասին ասացիք՝ չեք իմանում, հա՞՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ սպաները որ ուղղությամբ են շարժվել։ - Չէ, չեմ իմացել։ - Իսկ խոսակցություն տղաների մեջ, որ նման բան ա եղել։ - Չէ, էդ պահին ես մենակ որ հիշում եմ՝ իմացել եմ, որ երրորդ վաշտը վերեւում ա եղել, բայց հետո, որ Հովիկն ուզեցել ա կապ հաստատի․․․ - Վերեւում՝ որտե՞ղ։ - Սարի [խոսքը Խուռհատին հարակից այլ սարի մասին է,-խմբ․] ավելի բարձր տեղում, մեզանից լավ առաջ են եղել։ - Այսինքն՝ դուք իրենց ընդհանրապես մոտ չեք գնացել։ - Չէ, երրորդ վաշտի մոտ մենք չենք հասել։ - Չեք հասել։ - Չէ․․․ Իսկ թե ինչու են սպաները նմանատիպ ցուցմունք տվել, Գրիգորյանը չկարողացավ ասել․  - Ինչ իմանամ․․․ - Դա էլ ա պատասխան,- արձանագրեց տուժողների ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է Խուռհատ սարի վրա տեղակայվելուն, տուժողը պատմեց, որ սարի վրա ոչ խրամատ է եղել, ոչ կահավորում, ոչ էլ խրամատ փորելու ու դիրքավորվելու հրաման են ստացել։ Եթե Վահանյանը հրաման տված լիներ, կարվե՞ր այդ հրամանը՝ հետաքրքրվեց Գուրգեն Գրիգորյանը, տուժողը հաստատական պատասխան տվեց։  Վերադառնալով կամավորական քեռու՝ իրենց զորքի հետ լինելու հանգամանքին, Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց տուժողից՝ արդյոք խոսակցություն եղե՞լ է, որ Հադրութի զորամասում տղաներ են մնացել, ու իրենք պիտի գնան նրանց ազատագրելու։ Տուժողը, սակայն, նման դրվագ չէր հիշում։ Թե քեռուն ով էր ճանաչում, որտեղից նրա հանդեպ այդ վստահությունը, տուժողը չկարողացավ ասել։ Ուրիշ կամավորականների Հադրութում, Խուռհատում չեն տեսել․ Գրիգորյանը հիշում է, որ սարը բարձրանալիս քեռին իրենց զորքի հետ է եղել։ Ոչ միայն չի տեսել, այլ նաեւ չի էլ լսել այդ տարածքում այլ կամավորականների մասին։ Բայց այդ պահին իրենց մոտ այդ հարցը չի առաջացել, որովհետեւ շատ խառը վիճակ է եղել։ - Ձեր հրամանատար Մուրադյան Հովիկը պրոֆեսիոնալ սպա ա,- ասաց Գուրգեն Գրիգորյանը,- պրոֆեսիոնալ սպան, սերժանտներ, զինվորներ վստահում են իրենց ճակատագիրը մարդու, որին չեն ճանաչում, այն էլ ոչ զինվորականի։ - Իսկ ո՞ւմ վստահեին։ Ջրականում ԱԹՍ-ն խոցել է զենք-զինամթերքով բեռնված մեքենան, զինվորները հասցրել են պատսպարվել Ալբերտ Գրիգորյանի հարցաքննությունը հասավ մինչեւ պատերազմի առաջին օրերը․ նա պատմեց, որ իրենց դասակն ունեցել է AK74 ինքնաձիգներ, հակատանկային զենք, որը առաջին օրերին բարձրացրել են Ջրականի դիրքեր, նույնիսկ կրակել են «Ֆագոտով»։ Տեղափոխվելիս զենքերը ու արկերը եղել են մեքենաների մեջ, երբ հասել են մի կոնկրետ տեղ, այդ ժամանակ արդեն իրենց ուղղությամբ հարվածներ են սկսվել, զինվորները թաքնվել են, իսկ զինամթերքով բեռնված մեքենան թիրախ է դարձել․ «Ծառ կար մի հատ, փչակի պես էր, մտել էինք մեջը, որ դռոնը գնա, նոր դուրս գանք։ Մեքենան էլ մի քիչ հեռու էր։ Էդ կամիկաձեն [ԱԹՍ,- խմբ․] ուղիղ խփեց մեքենային մեր, էդ սնարյադները բան սաղ մեջն ա եղել, ձենից դուրս ենք եկել, տեսել ենք․․․»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ այդ պահին այդտեղ զորքն է եղել, ու մի պահ Ղարիբյանն է եկել մի վիրավորի հետ, հետո այդ տեղանքից գնացել են։ Իսկ ո՞վ էր կազմակերպում հետնահանջը Ջրականից․ տուժողը դարձյալ կոնկրետ անուն չի նշում, հիշում է միայն, որ դարձյալ ընդհանուր բղավոցներ են եղել, բայց այդ ժամանակ գումարտակի հրամանատար է եղել Գարիկ Վարդերեսյանը․ «Պոստում ենք եղել, գոռացվել ա նահանջ, ընդհանուր ա գոռացվել, որ պետք ա նահանջել դեպի Հադրութ, զորքը ոնց վազել ա, սաղս հելել ենք, տենց վազելով գնացել ենք»։ Գուրգեն Գրիգորյանը հստակեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Ջաբրայիլից սկսյալ՝ զորքի կարգուկանոնը ճիշտ չի եղել։ Դատավոր Ջոն Հայրապետյանն առավել ուղիղ հարցրեց՝ հրամանատարների՞ց եք ստացել հրամանները, թե ինչ գոռոց ստացել եք, այդ ուղղությամբ գնացել եք։ Տուժողը նշեց, որ այդ պահին ինքը հրամանատար չի տեսել․ - Դասակ ունեք, չէ՞, պետք է ենթարկվեք դասակի հրամանատարին,- ասաց դատավորը։ - Կոնկրետ մեր դասակում եղել ա սերժանտ, դաժե մինչեւ կռիվը մենք դասակի հրամանատար չենք ունեցել, բայց նենց չի, որ էդ պահին սերժանտը մեր կողն ա եղել, կարող ա էն կողմ ա եղել։ Ջոն Հայրապետյանը զարմանք արտահայտեց նաեւ այն հանգամանքից, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած անձնակազմին որպես հրամանատարներ ողջ դատաքննության ընթացքում միայն մի քանի հոգու անուն է հնչում, այնինչ, նրա կարծիքով, տասնյակից ավելի սպաներ պետք է լինեին գումարտակի հետ։ Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գեղամը, հարցաքննության վերջում Գրիգորյանին հարց ուղղեց․  - Ձեր կարգավիճակում, որ հայտնվել եք, դժոխքով անցել, եկել եք տուն, ո՞ւմ եք մեղավոր ճանաչում էս ամեն ինչի մեջ։ - Բնականաբար հրամանատարին։ - Իշխան Վահանյանի՞ն նկատի ունեք,- ճշտեց դատավորը։ - Ինքն ա եղել մեր հրամանատարը։ - Այլ հրամանատարներ կա՞ն, որ դուք գտնում եք՝ իրենց պարտականությունները չեն կատարել ձեր ստորաբաժանման հետ կապված։ - Կոնկրետ ով որ պետք ա գլխավոր հրաման տար, էդ եղել ա Իշխանը, որին չենք տեսել։ Ավելի ցածր օղակից չեմ էլ տեսել։ «Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողը հիշում է՝ Վահանյանը մարտի ժամանակ թիկունքում էր Մյուս հարցաքննվողը Ռոբերտ Վարդանյանն էր, դարձյալ նույն շրջանում բանակ զորակոչված։ Իշխան Վահանյանին ճանաչում է, հարաբերությունները՝ ծառայողական։  Մեծավ մասամբ նա համաձայնում էր իր զինակցի պատմածների հետ․ առաջին օրվանից մինչեւ վերջ միասին են եղել։ Միայն թե նա հիշեց, որ հագուստի հետ էլ է խնդիր եղել․ մի քանի չափս փոքր հագուստ են տվել իրենց, իրենք էլ Հադրութում շորի խանութից համազգեստ են վերցրել, հետո, երբ Գարիկ Վարդերեսյանը ժողով անելիս է եղել, հրամանատարներից Մանուկ Բադալյանը այդ շորերից մի օրինակ վերցրել ու իրենց սպառնացել է, որ պատերազմը վերջանա, Ռազմական ոստիկանություն է դիմելու։ Վարդանյանն էլ է նշում, որ շատ անկազմակերպ վիճակ է եղել։ Նա պատմում է, որ գնացել են սար, հետո եղել է նահանջ, իջնելիս Վահանյանը հարցրել է՝ ո՞վ է ասել նահանջեն, ոչ մի նահանջ, ու իրենք մնացել են սարի լանջին, գիշերը լուսացրել այդտեղ․ «Վրա են տվել [հակառակորդը,-խմբ․], հետ ենք հելել էլի էդ սար։ Իմ տեսածով՝ Ղարիբյանն ա սաղ կազմակերպած արել, Ղարիբյանն էր հրամաններ տալիս, դիրքավորում»։  Մարտի ժամանակ նա այլեւս Վահանյանին չի տեսել, տեսել է ներքեւում՝ իրենց թիկունքում։ Ասում է՝ վերջինիս լայն ժպիտն է իր մոտ լավ տպավորվել․ «Ներքեւը ռացիայով բաներ էր խոսում։ Բայց լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․ Որ կողով գլուխը տրաքած զինվոր էին տանում․․․»։ Այս պահին զոհերի ծնողները վրդովվեցին ու վիրավորական բառեր հնչեցրին Վահանյանի հասցեին։ Նրան մի պահ դուրս հանեցին դահլիճից, մինչեւ իրավիճակը հանդարտվեր։  Վարդանյանը հիշեց, որ դպրոցից դուրս գալիս օդում անօդաչուներ կային, այդ ժամանակ իրենց հրահանգել են նստել մեքենաները ու գնալ, իբրեւ դրանից վտանգ չկար․ «Էդ էլ կարար անփութություն լիներ, զոհեր լինեին»,- ասաց տուժողը։ Սպաները, որոնք մարտ էին վարում, Վարդանյանի խոսքով՝ վերեւում էին՝ սարի վրա․ «Ղարիբյանն ա մեջս շատ տպավորվել, Մուրադյան Հովիկը, մեկ էլ հոպարը, էլի, Արտյոմը։ [Վահանյանը] «Վիշկայի» դեմերն էր, ճանապարհից 30-40մ դեպի «Վիշկա», մեր թիկունքում։ Մենք որ նահանջել ենք, էդ վախտ եմ ես իրան տեսել։ Նահանջել ենք, լավ չեմ հիշում, աղոտ եմ հիշում, հետո տեսա ձեռը դրել ա հետեւը, էթում էր նստեր «Ուազիկը», էդ «Ուազիկի» բագաժնիկում, տո լի հետեւը վիրավոր զինվոր կար, ինքն էլ նստեց, ու գնացել ա, բան չի ասել, գլորվելով էթում էր, լավ չէր քայլում ոնց որ»։ Տուժողը տեղեկություն չուներ՝ Վահանյանը հեռանալիս արդյոք իր պարտականությունները փոխանցել էր այլ անձի, թե ոչ։ - Կներեք, բայց մենք լուրջ չէինք վերաբերվում իրան, լուրջ չէինք ընդունում, որ փախներ՝  հուսալքվեինք,- ասաց տուժողը։ - Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր վերաբերմունքը,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Լավ սպան, ինձ չի թվում, զորքին կշարի, կհելնի կկանգնի դեմը, կասի՝ ես մասիվցի տղա եմ, լավ տղա եմ, սաղիդ հերերից լավ ավտո եմ քշում, սաղիդ հերերից շատ փող ունեմ։  Վահանյանն այս խոսքերի ժամանակ քմծիծաղ էր տալիս, ինչը դարձյալ վրդովեցրեց ծնողներին։  Վարդանյանը չէր տեսել Վահանյանի վիրավորվելու պահը։ Բայց, ասում է, չի էլ պատկերացնում, թե ոնց կարող էր բեկորային վնասվածք ստացած լինել, եթե այդ տարածքում հրթիռ չի ընկել, ոչ էլ ԱԹՍ է հարվածել։ Տուժողն ասաց, որ եթե Գարիկ Վարդերեսյանը լիներ, կկարողանար կարգավորել իրավիճակը։ Նա հիշում է, որ կապի միջոցի խնդիր կար, բայց չի մտաբերում՝ Վահանյանն իր մոտի միջոցը իր հետ տարել է, թե ոչ։ Վարդանյանն ասում է, որ վիրավորները սկսել էին դանդաղ քայլել։ Ինքը, կամավորական քեռին։ Հետո պատմում է՝ Հովհաննես Մուրադյանի հետ նստել են, որ կողմնորոշվեն՝ որ կողմ են գնում։ Ասում է՝ հեռախոսով կապ հաստատեցին 911, հետո Արսենի հետ, որը ԱԱԾ համար է տվել, զանգել են, զանգել են նաեւ Վարդերեսյան Գարիկին, ու եկել են այն եզրահանգման, որ պետք է իջնեն ներքեւ։ Իրեն ու վիրավորներին մյուսները քաշելով տարել են Հադրութի այն տունը, որտեղ մնացել են քառասունից ավելի օր։  Մեղադրողը հարց հնչեցրեց՝ ինչ հոգեվիճակում էին սարի վրա, կարո՞ղ էին կատարել հրամանները, եթե դրանք հնչեին։ Վարդանյանն ասում է, որ եղած հրամանները կատարում էին։  «Թուրքերը գերեզմանների կողմից են լցվել Հադրութ» Հրամանատարական կետի մոտ, հիշում է տուժողը, տեսել է մի քանի սպաների․ Վահագ Բաղդասարյանը՝ երկրորդ վաշտի կապիտանը, Վազգեն Վարդանյանը․․․։ Խուռհատից իջնելուց հետո տեսել է Ղարիբյանին, Վազգեն Վարդանյանին, Հայկազ Գրիգորյանին․ «Ղարիբյանը ահագին հետ ընկավ։ Սարի համարյա կեսը մեր հետ եղավ, հետո Արտյոմն էր ասեց՝ գնա տղերքի հետ եղի, թե ինչ, ինքը սկսեց արագ-արագ քայլելը, որ հասցնենք հելնենք։ Ղարիբյանը դաժե մի ձեռով ՊԿ-ն [գնդացիր] էր բռնում, մի ձեռով՝ իրա զենքը, կրակելով իջնում էր»։ Տեղանքում Վարդանյանն այլ սպաների էլ է նկատել, հիշում է․ «ԱԳՍ-ի Հովոն էր, մինամյոտի Ղարիբյանն էր, երկրորդ վաշտի Վահագն էր, մի հոգի էլ փոխգնդապետ, թե գնդապետ կար։ Բայց էդ մարդը, բոյը հենց սկսավ, մի կես ժամ չտեւեց, զոհվավ։ Էդ մարդը դիրքավորելով հելնում էր վերեւ՝ բոյ անելու, դիրքավորում էր՝ ոնց ճիշտ նստենք»։ Հետո մի այլ դրվագ էլ է պատմում տուժողը․ ասում է՝ իրենց առաջ տեսանելի հատվածում հակառակորդի մեքենաներ եկան, հետեւակն իջավ, ապա հայկական կողմից խոցեցին հակառակորդի մի տանկը, տեղանքում, նրա խոսքով, հայ պահեստազորայիններ կային, որոնք փախան․ «Թուրքեր բերին լցրին, հրաման չտվին, որ կրակենք։ Տանկ բերին կանգնացրին դեմներս, մենակ էդ տանկին խփին, տանկը տրաքավ, ու ֆսյո, երեք-չորս «Կամազ» թուրքի զորք բերին լցրին մեջներս։ Ներքեւից գերեզմաններ ա լինում, մեր առաջին վաշտն ա ոնց որ լինում, մեր առաջին վաշտը իջնում ա ներքեւ՝ էդ գերեզմանների մոտ, թուրքը վրա ա տալի, բոյ ա տալի, հետո արդեն ջոկում ա, որ չէ, չի կարում, հետ ա գալի։ Էդ գերեզմանների կողմից ա, ասում են, բացված, թուրքերը արդեն ըտեղից են լցվել Հադրութ։ Սաղ անտառների մեջ թուրք էր»։ Հրամանատարների մասին խոսելիս՝ տուժողն ասաց, որ հրամանատար երկու-երեք հոգի լիներ, թե չէ։ Ըստ նրա՝ իրենց առաջին հրամանատարը Գարիկ Վարդերեսյանն է եղել, որը, նրա պատմելով, Հադրութի դիրքերից մեկում զորքին նահանջ է տվել՝ տեսնելով մոտեցող հակառակորդին, ՊԿ-ով ու նռնակով մնացել է, ողջ գիշեր պահել պոստը։ Կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին Վարդանյանը, ի տարբերություն իր զինակցի, հիշում էր, որ կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին։ Նախ, Վարդանյանն ասում է, որ իրենց ասել են, թե բոլոր կամավորականները փախել են, մնացել է միայն Արտյոմը․ «Պետք ա իջնեինք չաստ, տղերք կային, հանեինք, բայց հետո հասկացանք, որ մենք չէինք կարում դուրս գայինք շրջափակումից, որ մի հատ էլ իջնեինք էդ չաստից տղերքին հանենք։ Մենք իրան որպես հրամանատար էինք ընդունում, հրաման էր տալիս, ընդունում էինք»։ Տուժողը պատմեց նաեւ, որ Մուրադյանն ու քեռին տարբեր զանգեր էին անում, բայց այլ մանրամասներ չմտաբերեց։ Ասում է՝ երբ ինքը վիրավորվել-ընկել է, իրեն սկսել են քաշել-հանել այդտեղից, ու ինքը ճանապարհին տեսել է նախ կամավորականի դիակը, մի քիչ այն կողմ՝ հրամանատար Մուրադյանի։ Ինչ վերաբերում է մյուս հրամանատարներին՝ Վարդանյանը հիշեց, որ Հայկազն իրենցից առաջ է ընկել, որ «գնա հասնի իր վաշտին»․ - Բա դո՞ւք,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ - Մենք արդեն հոպարի հետ էինք, Մուրադյանի հետ էինք։ Մենք հետ ընկանք։ - Դուք էլ էիք իրա հրամանատարության տակ։ - Դե ասում էր արագ քայլեք, բայց որ չէինք կարում․․․ Հետո Հայկազենց այլեւս չեն հանդիպել։ Երբ հետ են ընկել, մի քանի անգամ կանգ են առել, հանգստացել։ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ ընթացքում եղե՞լ է հրետակոծություն, որ, այսպես ասած, կտրի իրենց ու առաջ ընկածների ճանապարհը, ու չկարողանան այլեւս միավորվել [նախկինում այդպիսի բան է հնչել դատարանում]։ Վարդանյանը չհիշեց նման դեպք։  Տուժողի զինակիցն էլ է հիշում՝ «Իշխան Վահանյանը կանգնած՝ խնդալով ռացիայով խոսում էր» Հարցաքննված մյուս տուժողը Էրիկ Խաչատարյանն էր։ Նա հայտնեց, որ ճանաչում է Վահանյանին, ծառայողական հարաբերություններ ունի։  Խաչատրյանը հենց սկզբից անդրադարձավ իր զինակից ընկեր Վարդանյանի հիշած այն դրվագին, երբ Վահանյանը այդ սարսափելի իրավիճակում ժպիտով է եղել․  «Սարից իջնելիս «Վիշկի» ժամանակ վիրավորներին իջացնելիս հասանք կետի, որ մեքենա կար, մոտ քսան վիրավոր տարավ, որ Հադրութում օգնություն ցույց տային։ Հասանք էդ կետին, որ Իշխան Վահանյանը կանգնած, խնդալով ռացիայով խոսում էր։ Մենակ էն եմ հիշում, որ ես ահավոր նեռվայնացած էի իրա արարքի վրա, որ խնդում էր էն ժամանակ, երբ զոհեր ունեինք ու ահավոր վիրավորներ, որ չէինք կարում դաժե վերեւից իջացնեինք։ Իսկ Ղարիբյանը վերեւը բոյ էր տալիս, որ կարանանք վիրավորներին իջացնենք սարից մոտավորապես 1 կմ ներքեւ։ Ինքը չէր կարա վիրավորում ստանար, որտեւ որտեղ որ կանգնած ա եղել, ըտեղ պատրոն չի հասել, վերեւն ա եղել կրակոցները։ Իրա գնալուց հետո ա ըտեղ սկսել կրակոցները։ Ինքը, ձեռը դրած հետեւը, վազում էր։ Նստավ «Վիլիսի» դեմը, հետեւից էլ երկու թե երեք հոգի վիրավոր ունեինք, նստցրեցին ու գնացին»,- պատմեց Խաչատրյանը։ Մեղադրողը հետաքրքրվեց՝ երբ «Վիշկայի» մոտ մարտը սկսվեց, ո՞վ էր ղեկավարում այդ գործողությունը։ Խաչատրյանը դժվարությամբ մտաբերեց, որ սկզբից գնդապետ էր կամ փոխգնդապետ, որը Վահանյանի հետ բարձրացավ վերեւ, տեղավորեցին, դիրքավորեցին, իջան ներքեւ, բայց այդ մյուս սպան նորից բարձրացավ վերեւ ու զոհվեց․ «Էդ ժամանակվանից հետո ես Վահանյանին չեմ տեսել, որ ինքը բարձրանա վերեւ, մեզ դիրքավորի, զենքերը տա, կամ պատրոններ․․․։ Պատրոն էինք ուզում, ասում էին՝ պետքա դիմանաք, վերջացել ա, ինչքան ունեք, էդքանով կրակեք․․․։ Մեկ էլ Ղարիբյանին եմ տեսել, որ ուղղություն տա՝ ուր կրակենք»։ Խաչատրյանը հստակեցրեց, որ Վահանյանին, երբ տեսել են ներքեւում, ոչ մի հրաման չի տվել, ոչ մի այլ գործողություն չի արել։ Նա կարծում է, որ եթե վիրավորված լիներ, չէր կարողանա այդպես քայլել։ Ինքը՝ Խաչատրյանը, վիրավորված է եղել գոտկային հատվածում, եւ, ասում է՝ մոտ մի ժամ չի կարողացել շարժվել, պառկած է եղել ծառերի տակ․ «Չի կարա վիրավորում ստանա ու հելնի վազի»։ Նա հիշում է, որ սերժանտները վիրավոր են եղել, եւ նրանց մեքենան տարել է։ Մյուսները՝ մոտ 100-200 հոգի, որոնք չէին կարողանում արագ քայլել, հետ են մնացել նահանջի ժամանակ, մնացել են Հովհաննես Մուրադյանի հետ, իսկ մյուս զորքը մյուս սպաների հետ գնացել է։ Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ Խաչատրյանը նախաքննության ընթացքում տված ցուցմունքում հիշատակել է կամավորականի ու Վահանյանի հեռախոսազանգի մասին։ Տուժողը հիշեց այդ խոսակցությունը՝ ասելով, որ կամավորականը զանգել է Վահանյանին, բարձրախոսով խոսել, հարցրել՝ ինչու է զորքը թողել, փախել, Վահանյանն անհասկանալի պատասխան է տվել, իսկ կամավորականը «ահավոր վատ բառեր» է ասել ու անջատել հեռախոսը։ Այլ կապի միջոցներ տուժողը չի նկատել։  Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին։ Լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հայարփի Բաղդասարյան
19:50 - 01 հուլիսի, 2023