Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը շարունակում է ռազմածովային զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ |1lurer.am|

Իրանը շարունակում է ռազմածովային զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ |1lurer.am|

1lurer.am: Առաջադեմ նավատորմ ունեցող հզոր պետությունները ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել Իրանի զինված ուժերի հետ և պատրաստ են դա իրականացնել տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը: Իրանցի բարձրաստիճան զինվորականի հավաստմամբ՝ այս ամենը խոսում է ծովում Իսլամական Հանրապետության զինված ուժերի մեծ կարողությունների մասին: Զինվորականը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերն այնքան հզոր են, որ կարող են անվտանգություն ապահովել Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Հյուսիսային Հնդկական օվկիանոսում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, ուր պահանջում է Իրանի շահը: Ռուս-իրանական ռազմածովային զորավարժություններից հետո ռազմական գործողություններին միանալու ցանկություն էին հայտնել նաև Չինաստանն ու Հնդկաստանը:
16:26 - 09 մարտի, 2021
Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները

Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը: «Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում: Դեսպան Թումանյանն անդրադարձել է տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման միտումներին, փոխշահավետ համագործակցության ուղղությունների և ծրագրերի հստակեցման և դրանց ակտիվ կենսագործման անհրաժեշտությանը։ «Մ․ Զոլնուրը խոսեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների և ձեռնարկած քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին»,- հայտնում է դեսպանությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը, համակողմանի և արդյունավետ համագործակցության խորացումը բխում է ինչպես երկու բարեկամ երկրների շահերից, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունից։
14:48 - 08 մարտի, 2021
Հայկական ինքնաթիռի արկածներն ու անպատասխան հարցերը |hetq.am|

Հայկական ինքնաթիռի արկածներն ու անպատասխան հարցերը |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական ինքնաթիռի արկածները շարունակվում են: Սա բազմաշերտ պատմություն է, որում ներգրավված են մի քանի գործող անձինք՝ օդանավի սեփականատերը, շահագործող ընկերությունը՝ «Fly Armenia Airways»-ը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, Իրանն ու իրանական ընկերությունը, որն, ըստ ամենայնի, փորձել է ձեռք բերել այս օդանավը, ԱՄՆ-ն, որի արտադրանքն է «խաղասեղանին»: Եվ այդ «խաղասեղանի» մոտ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող մեր հարավային հարեւանը, ինչը չի կարող չմտահոգել ու, ճիշտ կլինի ասել, չզայրացնել ԱՄՆ-ին: Կծիկը քանդելու համար մի փոքր հետ կգնանք ու տեղի ունեցած առանցքային իրադարձությունները կներկայացնենք հերթականությամբ: 2020 թ. հուլիսին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացած «Fly Armenia Airways» ավիաընկերության անունով (որպես շահագործող) անցյալ տարեվերջին օդանավերի ռեգիստրում գրանցվել է ամերիկյան արտադրության 2 ինքնաթիռ՝ «Boeing 737-400» եւ «Boeing 737-300»: Սրանցից առաջինը Ուկրաինայից Հայաստան էր տեղափոխվել նոյեմբերի 26-ին ու դեկտեմբերի 28-ին ՔԱԿ-ի կողմից գրանցվել ռեգիստրում որպես EK-FAB (ուկրաինական նախկին գրանցումը՝ UR-CNP): 1989 թ. արտադրված ինքնաթիռը նախկինում շահագործվել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հրվ. Կորեայում, Բելգիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ինդոնեզիայում, Ղրղըզստանում, Իրաքում, Ուկրաինայում, Հորդանանում, Էրիթրեայում: Օդանավի սեփականատերը ԱՄԷ-ում գրանցված «Eastok Avia (FZC)» ընկերությունն է: Հայաստան բերվելուց եւ մեկ ամիս անց հայկական գրանցում ստանալուց հետո մինչ օրս EK-FAB-ը կայանված է «Զվարթնոցում» (լուսանկարում):     Ըստ «Fly Armenia Airways»-ի կայքի՝ այն նախատեսված է 152 ուղեւորի համար: Օդանավի գրանցումը Հայաստանում վավեր է մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 12-ը, ինչն, ըստ էության, պայմանավորված է արաբական սեփականատիրոջ եւ հայկական շահագործողի միջեւ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետով: EK-FAB-ի գրանցումից 2 օր անց՝ դեկտեմբերի 30-ին, ՔԱԿ-ը գրանցել է «Fly Armenia Airways»-ի երկրորդ օդանավը որպես EK-FAA: Սա էլ արտադրվել է 1997 թ., նախկինում շահագործվել է Նոր Զելանդիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Աֆղանստանում, Հունաստանում, Ջիբութիում, Սլովենիայում, Ռումինիայում, Լիտվայում, Գերմանիայում, Թունիսում, Իռլանդիայում: 2020 թ. ապրիլի 6-ին այս «Boeing 737-300»-ի շահագործող լիտվական «GetJet Airlines»-ը Կաունասից օդանավը տեղափոխել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, որտեղ ինքնաթիռը մնացել է մի քանի ամիս: Planespotters.net-ն ինքնաթիռի սեփականատեր է նշում ամերիկյան «World Star Aviation»-ին, ինչը մի փոքր դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով, որ օդանավը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանում, ու այդ ամենից սեփականատերը դժվար թե անտեղյակ լիներ:     Դեկտեմբերի 30-ին հայկական EK-FAA գրանցումը ստացած օդանավը մինչ օրս Հայաստան չի բերվել: «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի արգելում մեր երկրում գրանցել օդանավ, եթե նույնիսկ գրանցման պահին այն Հայաստանում չի գտնվում: Այդպես էլ արվել է: ՔԱԿ-ը մարտի 4-ին հայտարարեց, որ չնայած գրանցվելուն՝ «Fly Armenia Airways»-ի ինքնաթիռին չի տրվել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ (չնայած այս հայտարարությանը՝ հունվարի 8-ին կոմիտեի հրապարակած ցուցակում նշում չկա այն մասին, որ EK-FAA-ն չունի նման սերտիֆիկատ. սա գուցե վրիպակ է, որովհետեւ փետրվարի 1-ի ու 22-ի ցուցակներում նման նշում կա): Թռիչքային պիտանիության սերտիֆիկատն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որը թույլ է տալիս օդանավը երկինք բարձրացնել: Էստոնիայի մայրաքաղաքում գտնվող հայկական EK-FAA-ն ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից չի ստացել նման սերտիֆիկատ, քանի որ Տալլինի օդանավակայանում տեխսպասարկում անցնելիս է եղել: «Fly Armenia Airways»-ը եւ ՔԱԿ-ը հայտարարել են, որ տեխսպասարկման աշխատանքների մի մասը պետք է կատարվեին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւից ոչ հեռու գտնվող Գոստոմել (Հոստոմել) քաղաքի օդանավակայանում: Տալլին-Գոստոմելի փոխարեն՝ Տալլին-Վառնա. ինչպե՞ս Տալլին-Գոստոմել տեխնիկական թռիչքի համար «Fly Armenia Airways»-ը, բնականաբար, պետք է թույլտվություն ստանար: ՔԱԿ-ը մարտի 4-ին հայտարարեց, որ ինքը «հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «օդանավի թռիչքի թույլտվություն» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թ. փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիեւ ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թ. փետրվարի 12-22-ը վավերության ժամկետով»։ Թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չունեցող օդանավին թռիչքի թույլտվություն տալը նորմալ պրակտիկա է, եւ այն չի հակասում գործող նորմերին: ՀՀ կառավարության 2015 թ. որոշումը սահմանում է. «Այն դեպքերում, երբ օդանավը կարող է կատարել անվտանգ թռիչք, սակայն չունի օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, կոմիտեի կողմից ICAO-ի «Թռիչքային պիտանիության ձեռնարկի» (DOC 9760) դրույթներին համապատասխան տրվում է օդանավի թռիչքի թույլտվություն»: Կոմիտեն առաջնորդվել է հենց այս նորմերով: Ավիատոր Հակոբ Ճաղարյանն ասում է, որ թռիչքի իրավունք ստանալու կարգն այսպես է. շահագործողը թույլտվության համար դիմում է իր գրանցման երկրի ավիացիոն իշխանություններին (այս դեպքում՝ ՀՀ ՔԱԿ-ին)՝ նշելով թռիչքի նպատակը, ուղղությունը: Թույլտվությունից հետո (ինչպես վերեւում ասվեց, կոմիտեն այն տվել է փետրվարի 11-ին)՝ թռիչքից 2-3 օր առաջ, կազմվում է թռիչքի նախնական պլան, որի հիման վրա ստացվում են տարանցիկ չվերթի թույլտվություններ այն երկրներից, որոնց երկնքով անցնելու է օդանավը: Տալլին-Գոստոմել թռիչքի ժամանակ EK-FAA-ն, բացի Էստոնիայից ու Ուկրաինայից, պետք է օգտագործեր Լատվիայի ու Բելառուսի օդային տարածքները: Բնականաբար, ստացվում են նաեւ մեկնակետից ու վերջնակետից, այս դեպքում՝ Էստոնիայից եւ Ուկրաինայից, թռիչք ու վայրէջք կատարելու թույլտվություններ: Նախնական պլանի հիման վրա բուն թռիչքից 1-1,5 ժամ առաջ արդեն պետք է պատրաստ լինի թռիչքի պլանը (flight plan)՝ բոլոր մանրամասներով: Ինչպես արդեն գրել ենք, փետրվարի 19-ին EK-FAA-ն Տալլինից ուղղություն է վեցրել դեպի բուլղարական Վառնա՝ անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի վրայով (տես նկարում):     Ինչպե՞ս է օդանավն իրավունք ստացել Ուկրաինայում վայրէջքի փոխարեն տարանցիկ (տրանզիտ) չվերթ կատարել դրա վրայով, ապա նույնկերպ անցնել Ռումինիայի երկնքով ու վայրէջք կատարել Բուլղարիայում, եթե նախնական պլանում եւ «flight plan»-ում պետք է լիներ Տալլին-Գոստոմել թռիչք Էստոնիա-Լատվիա-Բելառուս-Ուկրաինա ուղեգծով: Հարց է ծագում. արդյո՞ք «Fly Armenia Airways»-ը կեղծ փաստաթղթեր է կազմել ու այդպես օդանավը հասցրել Բուլղարիա: Մարտի 4-ին ՔԱԿ-ի տարածած հայտարարությունից հետեւում է, որ ամբողջ մեղավորությունը Տաջիկստանի քաղաքացի օդաչուներինն է:   Տաջիկական անձնակազմը «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է. «ՀՀ-ում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիները, եթե կոմիտեն բացառության կարգով այլ որոշում չի կայացնում»: Կոմիտեն հայտարարել է, որ «Fly Armenia Airways»-ը դիմել էր իրեն՝ «ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները եւ թույլատրել այդ անձնակազմով իրականացնել «մեկ թռիչք» դեպի Գոստոմելի օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թ. փետրվարի 12-20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիեւ երթուղիով»: Կառավարության 2015 թ. մեկ այլ որոշմամբ հաստատվել է թռիչքային անձնակազմի անդամների՝ այլ պետությունների կողմից տրված վկայականների ճանաչման կարգը: Ըստ այդ կարգի՝ հայկական օդանավ շահագործողը (այս դեպքում՝ «Fly Armenia Airways»-ը) սահմանված հայտ է ներկայացնում կոմիտեին՝ կցելով օդաչուներին վերաբերող մի շարք փաստաթղթեր, այդ թվում օտարերկրյա պետության կողմից տրված վկայականի պատճենը: Եթե դրանցում կոմիտեն խնդիր չի հայտնաբերում, էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրած պետության լիազոր մարմնին՝ վկայականի իսկությունը հավաստելու համար: Այս դեպքում էլ խնդիրներ չծագելու դեպքում կոմիտեն հայտատու ավիաընկերությանը տեղեկացնում է օդաչուների մասնագիտական համապատասխանության գործընթացի մասին, որը ներառում է անգլերենի իմացության չորրորդ մակարդակի թեստավորում: Թեստավորման դրական արդյունքի դեպքում ավիաընկերությանը տրամադրվում են օդաչուների վկայականների վավերագրերը, այսինքն՝ այդ ձեւով վկայականները ճանաչվում են ՔԱԿ-ի կողմից: Մարտի 4-ի իր հայտարարության մեջ կոմիտեն միայն հայտնել է, որ «իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները»: Այսինքն՝ ՔԱԿ-ի կողմից Տաջիկստանի քաղաքացիների անգլերենի թեստավորման մասին խոսք չկա: Նկատենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված վերոնշյալ կարգը չի տարբերակում՝ այլ պետության կողմից տրված եւ ՀՀ-ում վավերացման ենթակա վկայական ունեցող օդաչուները հայկական օդանավով մե՞կ թռիչք պետք է կատարեն, թե՞ մեկից ավելի, կամ նրանք Հայաստանի՞ քաղաքացի են, թե՞ այլ երկրի: Կարգի առանցքում այլ պետության կողմից տրված վկայականի ճանաչում-վավերացումն է՝ վալիդացիան: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:02 - 06 մարտի, 2021
Ռոհանին քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ու կոչ արել միջուկային համաձայնագրին վերադառնալու քայլեր անել |tert.am|

Ռոհանին քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ու կոչ արել միջուկային համաձայնագրին վերադառնալու քայլեր անել |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթնաժողովի ընթացքում, դատապարտել է Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները, հայտնում է Tehran Times–ը։«Ինչ վերաբերում է Իրանի իմաստությանն ու խորաթափանցությանը, միջուկային համաձայնագիրը մինչ այժմ գոյատևել է, չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգներն ընտրել է դրա ոչնչացումը: ԱՄՆ-ն, որպես համաձայնագիրը խախտած կողմ, պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին: Իրանի Իսլամական Հանրապետությունը գործողությանը պատասխանելու է գործողությամբ: Համաձայնագրին վերադառնալու ուղին պարզ է,  եթե ԱՄՆ–ի կառավարությունը վճռական է տրամադրված, բանակցությունների կարիք չկա», – ասել է Ռոհանին:Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը՝ Ռոհանին կարևորել է կազմակերպությանը դերը տարածաշրջանում և նշել, որ կազմակերպության շրջանակներում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ մեծ քայլեր են արվել և արձանագրվել են նշանակալի նվաճումներ։ Այնուամենայնիվ, ըստ Ռոհանիի, այդ նվաճումները չեն արդարացրել սպասելիքները։
12:08 - 06 մարտի, 2021
Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը՝ Իրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ

Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը՝ Իրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԱԾ-ում կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Հարգելի քաղաքացիներ, Ի լրումն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին տրված պարզաբանման՝ կապված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ավիաընկերություն) Boeing 737-300 տիպի (գրանցման համարը EK-FAA) օդանավի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետևաբար՝ օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է Ավիաընկերությունը: Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է Կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ: Հարկ ենք համարում նշել, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։ Այդ ժամանակահատվածում օդանավը գտնվել է Էստոնիայի Տալլին քաղաքի օդանավակայանում տեղակայված տեխսպասարկման կայանում՝ օդանավի թռիչքային պիտանիության ապահովման համար նախատեսված տեխսպասարկման աշխատանքներն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ տեխսպասարկման կայանում ոչ բոլոր աշխատանքներն են իրականացվել և անհրաժեշտություն է առաջացել չիրականացված աշխատանքներն ավարտին հասցնել Գոստոմել քաղաքում (Ուկրաինա) տեղակայված տեխսպասարկման կայանում՝ Կոմիտեն, հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թվականի փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով։ Միաժամանակ, Ավիաընկերությունը դիմել է Կոմիտեին՝ ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները և թույլատրել այդ անձնակազմով իրականացնել «մեկ թռիչք» դեպի Գոստոմել օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։ Այդուհանդերձ, օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացվել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Նշենք նաև, որ Ավիաընկերությունը նույնպես Կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։ Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար: Կոմիտեի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ստեղծված իրավիճակի հանգամանքները, պատճառները պարզելու համար, մասնավորապես՝ կապ է հաստավել Բուլղարիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության հետ: Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։ Համաձայն Քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի 13–րդ Հավելվածի (ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն), ինչպես նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Կոմիտեում իրականացվում է քննություն վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրամադրվել են իրավապահ մարմիններին: Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։ Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Թեհրանում Ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրանակացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ։ Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների և քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում։ Նախաքննության շահերից ելնելով՝ խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- ասված է Քաղավիացիայի տարածած հայտարարության մեջ:
17:05 - 04 մարտի, 2021
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը փրկելու հնարավորության պատուհանը դեռևս փակ չէ, սակայն շատ բան ԱՄՆ-ից է կախված. Լավրով |tert.am|

Իրանի հետ միջուկային համաձայնագիրը փրկելու հնարավորության պատուհանը դեռևս փակ չէ, սակայն շատ բան ԱՄՆ-ից է կախված. Լավրով |tert.am|

tert.am: Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է փակուղուց դուրս գալ, եթե Վաշինգտոնը Թերանին՝ համաձայնագրին վերադառնալու ԱՄՆ-ի մտադրությունների լրջությունը ցույց տվող ազդանշան ուղարկի։Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։«Միջուկային համաձայնագիրը փրկելու հնարավորության պատուհանը դեռևս փակ չէ: Նախապայմանը 2015 թվականիի համաձայնագրի լիարժեք և հետևողական իրականացումն է՝ դրանք մշակած և կնքած բոլոր երկրների կողմից: Մենք սերտորեն համագործակցում ենք համաձայնագրի անդամ բոլոր պետությունների հետ՝ այդ նպատակին հասնելու համար», - ասել է Լավրովը «Ռուսկայա Միսլ» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում: Ըստ Լավրովի, Ռուսաստանը մշտական կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, սակայն շատ բան Միացյալ Նահանգներից է կախված:«Հիմնական կետը Բայդենի վարչակազմի դիրքորոշումն է», – նշել է Լավրովը և հավելել, - «Մեր կողմից մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում»։Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առկա իրավիճակը շուտով դեպի լավը կգնա։ Լավրովն ընդգծել է իրավիճակի կարգավորման հարցում Իրաի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը։
16:54 - 04 մարտի, 2021
Շուրջ 365 կգ հերոինը Իրանից ՀՀ տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա․ տարբեր երկրների քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է․ ՊԵԿ

Շուրջ 365 կգ հերոինը Իրանից ՀՀ տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա․ տարբեր երկրների քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա: Հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։ ԱԱԾ հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ` միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից:
13:51 - 03 մարտի, 2021
ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բանակցությունների ձևաչափի վերաբերյալ պայմաններ չի սահմանում․ Պետդեպ |tert.am|

ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բանակցությունների ձևաչափի վերաբերյալ պայմաններ չի սահմանում․ Պետդեպ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ, բայց չգիտի՝ ինչ պայմաններում պետք է անցկացվի հանդիպումը, երբ Թեհրանը մերժել է ԵՄ-ի համապատասխան առաջարկը: Այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։«Ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ ենք մասնակցել կառուցողական դիվանագիտությանը՝ միջուկային գործարքի պահանջների պահպանմանը փոխադարձ վերադարձի հասնելու համար»,- նշել է դիվանագետը։Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ի վերադարձը գործարքին «չի կարող կայանալ առանց բոլոր կողմերի միջև մանրամասների քննարկման»:Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է հանդիպել Իրանի հետ»՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը քննարկելու համար՝ նշելով, որ «բանակցությունների ձևաչափի վերաբերյալ ԱՄՆ-ն պայմաններ չի սահմանում»։
10:12 - 02 մարտի, 2021
Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|

Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը մերժել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի պայմանների հարցով ոչ պաշտոնական քննարկում անցկացնելու Եվրամիության առաջարկը: Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։ Իրանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը շարունակում է իր նախորդի քաղաքականությունը՝ գործադրելով Թեհրանի վրա առավելագույն ճնշում։ Սպիտակ տնից հայտարարել են, թե հիասթափված են Իրանի պատասխանից, միևնույն ժամանակ շեշտելով, որ շարունակում են դիվանագիտական ուղիներ փնտրել միջուկային գործարքի պայմանների պահպանմանը վերադառնալու ուղղությամբ։ Անցած փետրվարին Բրյուսելը Վաշինգտոնին և Թեհրանին առաջարկել է հանդիպել և քննարկել միջուկային գործարքը, որին Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի միակողմանի որոշմամբ այլևս մաս չի կազմում։ Խզելով Իրանի և գերտերությունների միջև կնքված պատմական համաձայնագիրը՝ Թրամփի վարչակազմը «նոր թափով վերականգնել» էր Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ:
14:25 - 01 մարտի, 2021
Թուրքիան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին՝ պաշտոնական բողոք արտահայտելու |azatutyun.am|

Թուրքիան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին՝ պաշտոնական բողոք արտահայտելու |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան Արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամա Ֆերազմենդին՝ Անկարայի պաշտոնական բողոքն արտահայտելու։ Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումը Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։ Իրանի դեսպանը նաև ասել էր, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ի պատասխան, «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, թուրք պաշտոնյաները ընդգծել են՝ Անկարան Թեհրանից աջակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում և ոչ թե դիմակայություն։ Թուրքիայի զինուժը պնդում է, թե Իրաքի հյուսիսում ամրացած քուրդ գրոհայինները սպառնում են Թուրքիայի անվտանգությանն ու կայունությանը։
19:20 - 28 փետրվարի, 2021