#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը մարզերում մեկնարկել է Տավուշից |tert.am|

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը մարզերում մեկնարկել է Տավուշից |tert.am|

tert.am: Այսօրվանից մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը հանրապետության մարզերում: Քարոզարշավի առաջին օրը դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել  է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: Տավուշցիներին առավելապես հետաքրքրել  են «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցումներն ու լուծման առաջարկները՝ կապված մեր երկրի  անվտանգության, սահմանամերձ համայնքերի պաշտպանվածության ու հետագա զարգացման, Արցախի հիմնախնդրի լուծման, մեր պետության և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների, գերիների վերադարձման հետ:
17:23 - 07 հունիսի, 2021
Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության․ Ռոբերտ Քոչարյան

Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության․ Ռոբերտ Քոչարյան

1998 թվականից այդ քաղաքական գնահատականի թեման ինձ ուղղակի հետապնդում է։ Ես այն ժամանակ որոշել եմ գիծ քաշենք, հետ չնայենք, առաջ շարժվենք, քանի որ նաև տնտեսությունը շատ վատ վիճակում էր և համարում էի, որ պետք է համերաշխության, կանխատեսելիության մթնոլորտ ստեղծել, հետ չգնանք, զբաղվենք ապագայով։ Այս մասին Մեղրիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Ինչ-որ տեղ հաջողության իհարկե հասել ենք, ինձ հաջողվեց որոշակի դինամիզմ հաղորդել երկրի զարգացմանը, բայց դա ստեղծեց այլ խնդիրներ։ Դու մի հարց լուծում ես, բայց մի նոր հարց է առաջանում, պետք  է ուղղակի բալանսը գտնեն։ Ես այդ փորձը ունեմ, ես գիտեմ, որ հունիսի 20-ից հետո պետք է լինելու գնահատականներ տալ։ Անցյալի պռոբլեմը այն է, որ հենց գնում ես անցյալ վտանգ կա, որ կմնաս այնտեղ։ Այս իշխանությունը այդպես արեց և մինչև այսօր իրենց քարոզարշավում խոսում են ոչ թե այս 3 տարիների իրենց արածի կամ չարածի մասին, ինչի մասին ասեք խոսում են»,- նշեց նա։ Քոչարյանի խոսքով՝ ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության։ «80 տոկոսը պետք է լինի իշխանության մասին՝ ինչ խոստումներ են տվել ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ Իմ նախագահության ժամանակ միջին աշխատավարձը աճել է 5 անգամ։ Եթե մենք հետադարձ հայացքով գնահատական չենք տալիս ես ընդունում եմ, որ անպատժելիության  բան է առաջանում։ Դա էլ իր հետևանքները ունի, ես դրա մասին չէր մտածում,  ես մտածում էի առաջ գնանք, երկրի բյուջեն ընդամենը 300 միլիոն դոլլար էր, կենսաթոշակի 2500 դրամ էր։ Ես մտածում էի, եթե հետ գնամ զբաղվեմ այդ ամենով, պետք է շարունակեմ 2500 դրամ թոշակ տալ, ասացի ավելի լավ է այս էջը փակել ու առաջ գնալ»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։
16:19 - 07 հունիսի, 2021
«Պետք է համոզենք մեր դաշնակիցներին, որ ուժեղ Հայաստանը նաև նրանց օգտին է». քաղուժերը ներկայացնում են իրենց լուծումները |hetq.am|

«Պետք է համոզենք մեր դաշնակիցներին, որ ուժեղ Հայաստանը նաև նրանց օգտին է». քաղուժերը ներկայացնում են իրենց լուծումները |hetq.am|

hetq.am: «Հոդված 3» ակումբում այսօր՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած քննարկման ժամանակ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրին՝ ինչ լուծումներ են առաջարկում սահմանային ճգնաժամի կարգավորման ու Հայաստանի անվտանգային համակարգի վերակառուցման ուղղությամբ:  Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 22 կուսակցություն և 4 դաշինք: «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն անդամ Արման Մուսինյանը կարծում է, որ նոր ձևավորվող իշխանությունն առաջին հերթին պետք է ապահովի պետության լիարժեք կառավարելիությունը: «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմալուծել է պետական գրեթե բոլոր համակարգերը: Երկրորդը՝ պետք է ակտիվ քաղաքական, դիվանագիտական շփումների մեջ մտնենք այն երկրների հետ, որոնք տարածաշրջանում գործոն են, նախևառաջ՝ ամենամեծ ազդեցությունն ունեցող և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ»,- ասաց նա: Ըստ Մուսինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններում վեջին երկու տասնամյակում խնդիրը եղել է այն, որ Հայաստանի իշխանությունները փորձել են մանր խորամանկություններ դրսևորել, և այդ հարաբերություններում կորզել ինչպես անձնական, այնպես էլ՝ խնդիրները ձգելու քաղաքականություն: «Ռազմավարական դաշնակցի հետ պետք է լինել հնարավորինս անկեղծ, վստահ եմ, որ այդ հենքի վրա՝ հայ-ռուսական հարաբերությունները կունենան շատ լավ հեռանկար և լուրջ դեր են խաղալու Հայաստանի անվտանգության համակարգի վերակայացման և անվտանգության մակարդակի էական բարձրացման համար: Պարտված ղեկավարը չի կարող բանակցել որևէ բան»,- հայտնեց ՀԱԿ անդամը: Նա համոզված է՝ հրդեհը մարելու առաջին քայլը պետք է լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ից հետո երկրում իշխանություն չլինի: «Պետք է անել նաև այնպես, որ Հայաստանում ձևավորվի իշխանություն, որն իր քաղաքական, անվտանգային, դիվանագիտական մոտեցումները կառուցում է ոչ թե երազանքների, պատրանքների, սին հավատամքների վրա, այլ ելնում է բացառապես ստեղծված քաղաքական իրողություններից և այդ իրողությունների շրջանակում մաքսիմալն անելու հնարավորությունից: Հիմա որևէ ուժ, որը կասի, թե ինքն ունի պատրաստի դեղամիջոց Հայաստանի անվտանգային խնդիրները լուծելու համար, կարծում եմ՝ ազնիվ չի գտնվի: Մինչև ամբողջ տեղեկատվությունը, Հայաստանի ունեցած ռեսուրսները, հնարավորությունները, միջազգային պայմանավորվածությունները ի մի չբերվեն, որևէ իրատես մարդ այսօր չի կարող պատրաստի դեղամիջոց ներկայացնել անվտանգային խնդիրների համար»,- հայտնեց Մուսինյանը: «Հանրապետություն» կուսակցության կարգախոսն է՝ «Անվտանգություն և աշխատատեղ»: Այս մասին տեղեկացրեց կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը: «Կարծում եմ՝ կարգախոսի կարևորումն ինքնին ցույց է տալիս, թե ինչ դեր է տալիս «Հանրապետություն» կուսակցությունը անվտանգության խնդիրներին: Հայաստանի անվտանգությունը իշխանությունը կառուցում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վրա, իսկ ՀԱՊԿ-ն, ըստ էության, դրան պատասխանում է զորավարժություններ անցկացնելով, թմրանյութերի, էլ չգիտեմ՝ ինչի թեմայով: Դա մի պատասխան է, որը նշանակում է՝ ՀԱՊԿ-ը ոչինչ չունի անելու: Ելնելով հենց այդ խնդիրներից՝ «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի անվտանգության ապահովման միջոցը միջազգային կառույցների հետ համագործակցելն է»,- հայտնեց կուսակցության անդամը: Ըստ նրա՝ իրենք անհրաժեշտ են համարում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որին դիմելու առաջին փորձը 1992 թվականի մայիսի 9-ին նախաձեռնել է Լևոն Տեր-Պետրոսյանը: «Կարծում եմ, որ ստանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքները, մենք կկարողանանք ստեղծել անվտանգային միջավայր և ժամանակը, որի օգտագործումով կկարողանանք նաև լուծել բանակի վերազինման, իսկ ամենակարևորը՝ տնտեսության վերականգնման խնդիրը: Մենք կարևորում ենք անվտանգությունը, աշխատատեղերի ստեղծումը և կարծում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն լինել անվտանգության սպառող, և մեր կուսակցությունն, իշխանության գալու դեպքում, հնարավորություն ունի ապահովել դա՝ ելնելով իր ծրագրային դրույթներից: Կարծում եմ՝ Ռուսաստանը, ելնելով այսօր իր տնտեսական վիճակից, Հայաստանի տնտեսության վերականգնմանը կամ բանակի վերազինմանը պարզապես ի վիճակի չէ»,- ասաց նա: Անահիտ Ադամյանի խոսքով՝ այօր մենք պետք է կարողանայինք Սյունիքում տեղակայել մինչև 100 000 դոլար արժողությամբ ԱԹՍ-ներ, որը կկարողանար կասեցնել ադրբեջանցիների մուտքը Սյունիք. «Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը լիներ ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ, այսօր չէինք ունենա այդ վիճակը: Փաստացի այդ հայտարարությունը քառակողմ է. ակնհայտ է Թուրքիայի ներկայությունը»: Մուսինյանն էլ հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը բազմիցս նշել է՝ Ղարաբաղի հարցի բանալին գտնվում է Մոսկվայում: «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինք»-ի ներկայացուցիչն էլ նշեց, որ 1998 թվականից հետո մաս-մաս օտարվում էին այն բոլոր հաղթաթղթերը, որ Հայաստանն ուներ Արցախյան պատերազմի արդյունքում: 1998-ից հետո Արցախի մանդատը որպես հակամարտության կողմ դադարեցվեց: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:07 - 07 հունիսի, 2021
Ոստիկանությունը քաղաքական ուժերին կոչ է անում բացառել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած քայլ

Ոստիկանությունը քաղաքական ուժերին կոչ է անում բացառել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած քայլ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ «Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է լինելու և ունի բոլոր հնարավորությունները օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում կանխելու և բացահայտելու այդ կարգի բոլոր միջադեպերը»։
15:42 - 07 հունիսի, 2021
Դամբարանը մեր հզորության խորհրդանիշն է. «5165» շարժումը քարոզարշավը սկսել է հայոց Արշակունի արքաների դամբարանի մոտից |armtimes.com|

Դամբարանը մեր հզորության խորհրդանիշն է. «5165» շարժումը քարոզարշավը սկսել է հայոց Արշակունի արքաների դամբարանի մոտից |armtimes.com|

armtimes.com: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը  նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձքից` Հայոց Արշակունի արքաների դամբարանի մոտից: Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ որոշվել է քարոզարշավը սկսել դամբարանից, քանի որ այն Հայաստանի երբեմնի փառքի խորհրդանիշն է: «Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, մեր հզորության, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին»,- ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:17 - 07 հունիսի, 2021
Վիճակը ծանր է, բայց կարելի է շտկել. Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը տվեց քարոզարշավի մեկնարկը |armenpress.am|

Վիճակը ծանր է, բայց կարելի է շտկել. Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը տվեց քարոզարշավի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am:  «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է շրջադարձային փոփոխություն կատարել: Դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից: Դաշինիքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնեց, որ անմիջապես հետո այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՝ հարգելու հերոսների հիշատակը: «Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն «հանրապետության» և «կայսրության» միջև: Եվ մեր բոլորի՝ քաղաքական միավորների պարտքն է, որ կարողանանք ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, Հայաստանի, պայծառ և անվրեպ հայրենիքի»,-ասաց Բաբաջանյանը: Դաշինիքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ համահայկական մոբիլիզացիա են հայտարարում: «Մենք ըստ էության ձեր որոնած նոր քաղաքական ուժն ենք՝ երիտասարդ, չկոռումպացված, անարատ կենսագրությամբ»: Ըստ նրա՝ անկողմնակալ յուրաքանչյուրի համար պարզ է, որ, ճիշտ է, վիճակը շատ ծանր է: «Բայց կարելի է և պետք է շրջել: Այդ իմաստով մենք ձեզ հետ շրջադարձ ենք կատարելու դեպի վեհը, ռոմանտիկը…. »,- ասաց Շիրինյանը: Դաշինքի անդամներն այնուհետև նախընտրական բուկլետներ բաժանեցին Էջմիածնում:
14:59 - 07 հունիսի, 2021
Պետական պաշտոնյայի կողմից ստելը պետք է քրեորեն պատժելի արարք համարվի․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Պետական պաշտոնյայի կողմից ստելը պետք է քրեորեն պատժելի արարք համարվի․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Ես երբեք չեմ մտածել, որ մեր ժողովրդին կարելի է այսքան հեշտ խաբել․ ոչ մի ուրիշ ժողովուրդ մեզ միամիտ չի համարել, բոլորը համարում են, որ հայերը խորամանկ են, հարցեր լուծող են․ մենք ինչպե՞ս ենք պրիմիտիվ բաներում խաբվել, մինչև այսօր չեմ հասկանում։ Այս մասին Սյունիքի Մեղրի քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ես սա համարում եմ ոչ միայն ժողովրդի վստահության չարաշահում, սա հանցագործություն է, այդ հանցագործությունը կատարվում էր սեփական ժողովրդի դեմ պետական մարմինների կողմից՝ պետական ֆինանսավորմամբ։ Ձեր բոլորից պետությունը հարկ է հավաքում և այդ հարկային միջոցներն օգտագործում է ձեզ խաբելու համար, իսկ սա ուղղակի խաբել չէ, ապուշացնել է»,-ասաց նա։ Ըստ Քոչարյանի՝ չկա ավելի մեծ հիասթափություն, քան գիտակցումը, որ քեզ խաբել են, շարունակում են խաբել և շարունակելու են խաբել ապագայում, ինչն էլ իր հերթին  դեպրեսիվ միջավայր է ստեղծում։
14:55 - 07 հունիսի, 2021
«Հանրապետությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը |armenpress.am|

«Հանրապետությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի: Հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրվելու դեպքում ո՞ւմ հետ են պատրաստվում համագործակցել: «Շատ կարևոր են ընտրությունների արդյունքները, և այդ արդյունքները պետք է ցույց տան, թե որ ուժերն են անցել, ինչ ձևաչափով և ինչ տոկոսային հարաբերությամբ են մտել խորհրդարան: Մենք խորհրդարանական համակարգի կողմնակիցը չենք եղել, բայց նման խորհրդային համակարգը թե Արևելքում` Իսրայելում, թե Եվրոպայում պարտադրում է շատ արագ ընտրություններ, որովհետև իշխանությունները կոալիցիա չեն կազմում, և այդ կոալիցիաները փլվում են: Եվ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կանխատեսումներ անելը բարդ է, դժվար է: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին` այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու են միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը իրար մոտ է: Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հանրապետությունը» համագործակցի ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ, Սարգսյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ  գաղափարախոսության առումով կատեկորիգ հակառակ մոտեցումներ ու տարբերություններ ունեն, նաև ընկալելի չի լինի հանրության համար: 
14:32 - 07 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև՝ դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 45-Ա հրամանով ՔԿ ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է. - ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև՝ դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին արագ արձագանքել և կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը։ - անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին՝ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի վերաբերյալ։ - Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում և տարածքային ստորաբաժանումներում հունիսի 20-ին սահմանել շուրջօրյա հերթապահություն։ Աշխատանքային խմբի աշխատանքները կհամակարգեն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։ Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքներով Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը հանձնարարվել է ՔԿ մամլո խոսնակին։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հիշեցնում է. Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված՝ - Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելու, դրանք չտրամադրելու կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելու համար, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով: - Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելու համար, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: - Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելու, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
13:29 - 07 հունիսի, 2021
Ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է․ Փաշինյանը՝ ի պատասխան Քոչարյանի՝ դուելի հրավերին

Ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է․ Փաշինյանը՝ ի պատասխան Քոչարյանի՝ դուելի հրավերին

Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Այս մասին Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որում նա ասել էր․ «Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով, բայց չեմ կարծում տղամարդկությունից խոսացողը տղամարդկության հետ առնչություն ունի»։ «Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է»,- հավելեց Փաշինյանը։ Վարչապետի թեկնածուն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հետևյալ հայտարարությանը․ «Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ ա պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, COVID-ի 5000-ը չեմ ասում։ Բացի այդ, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ծաղրումա, 10 կոպեկանոցա դարձնում։ Ասումա՝ դու ո՞վ ես որ քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես»։ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ»։
12:57 - 07 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցության ամենակարևոր մոտիավացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր զգացողությունը չկորցնի: Քարոզարշավի շրջանակներում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք նույնիսկ չենք ասելու, որ «Ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին», մենք ասելու ենք «Ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի շրջանակում երկու դիրքորոշում է ի հայտ բերել` քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ «հեսա գալու ենք իշխանությունը վերցնենք» և իրենց կուսակցությունը, որը հայտարարում է, որ որոշողը ժողովուրդն է: «Ուզում եմ, որ դուք ֆիքսեք տարբերությունը, որովհետև ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո, այսպես ասած, իրենք «կրելու են», մենք էլ ասում ենք` «ձեր պատիժն եք կրելու 2021 թվականի հունիսի 20-ից հետո»:  Էլի եմ ասում քաղաքական առանձնահատկությունը հետևյալն է. մենք ասում ենք «դուք որոշում եք` մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018 թվականին իրենք հանդես են եկել առաջարկով` ժողովուրդը որոշեց, և իրենք իրականացրեցին: «2021 հունիսի 20-ին էլի դուք որոշելու եք, մենք ի կատար ենք ածելու: Եթե ձեր որոշումը լինի այն, որ մենք պետք է շարունակենք առաջնորդել երկիրը, մենք  այդպես էլ կանենք: Եթե ձեր որոշումը կլինի այն, որ այդպես պետք է չլինի` մենք այդպես էլ կանենք»,- եզրափակեց Փաշինյանը:
12:47 - 07 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 7-ից մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից՝ ժամը 11:00-ից: Առաջին կանգառը Փարաքարն է՝ Մշակույթի տան դիմաց, ապա 11:40-ին՝ Էջմիածնում՝ կրկին Մշակույթի տան դիմաց: 13:20-ին կուսակցությունը լինելու է Գայ գյուղում՝ գյուղապետարանի դիմացի այգի, 14:00-ին՝ Գեղակերտում՝ Մշակույթի տան դիմաց, 14:40-ին՝ Մեծամոր քաղաքում՝ Մշակույթի տանը, 15:50-ին Մրգաշատում՝ Մշակույթի տան դիմաց, Փշատավանում՝ Մշակույթի տան դիմաց, 17:40-ին՝ գյուղ Արմավիրում՝ Մշակույթի տան դիմաց, 18:35-ին՝ Քարակերտում՝ Մշակույթի տան դիմաց: Վերջին կանգառը լինելու է քաղաք Արմավիրը՝ Հրապարակում: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է ժամը 11-ից և Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մշակույթի տան դահլիճում, այնուհետև 12:30-ին Մեղրի քաղաքի մշակույթի պալատում հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ: 14:30-ին՝ Քաջարանում՝ Ֆ. Պետրոսյանի անվան հրապարակում և 18:30-ին Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում հանրահավաքներ են լինելու: «Պատիվ ունեմ» դաշինքը ժամը 12:00-ին քարոզարշավ կիրականացնի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից, ապա վերադառնալու են Երևան, որտեղ կլինի ծրագրի հաստատման, քարոզարշավի մեկնարկի արարողություն: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը նախընտրական քարոզարշավը սկսելու է Արմավիրի մարզից: Նրանք ժամը 14:00-ին քայլերթ են իրականացնելու Էջմիածնի ակումբի մոտից մինչև հրապարակ, այնուհետև 16:30-ին նախատեսվում է հավաք Արմավիր քաղաքի նորաբաց այգում: Ժամը 17:30-ին դաշինքի թիմը լինելու է Խանջյան գյուղում, իսկ 20:30-ին քարոզչական օրն Արմավիրի մարզում եզրափակելու են հավաքով՝ «Մեյմանդարի» շուկայում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հունիսի 7-ին ժամը 11:00-ից սկսել են իրենց քարոզարշավը Կասկադ համալիրի ՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ժամը 17:30-ին՝ Աբովյան քաղաքից: Ժամը 19:00-ին նրանք կլինեն Նոր Հաճնում: «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը քարոզարշավը սկսել է 11։00-ից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, այնուհետև 13:30-ին լինելու են Սարուխան գյուղում, 13։30-ին՝ Գանձակում, 15։00-ին՝ Գավառում: Ժամը 18։30-ին քարոզարշավի առաջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կամփոփի Նորատուս համայնքում։ Ազգային-ժողովրդավարական բևեռը քարոզարշավն սկսում է մամուլի ասուլիսով և դրամահավաքով, որոնք տեղի կունենան Ուրարտու ռեստորանային համալիրում (Պռոշյան փողոց, Ձորափի 1)՝ մամուլի ասուլիսը՝ ժամը 18։00-ին։ Դրամահավաքի երեկույթը սկսվում է նույն օրը՝ ժամը 19։00-ին, ռեստորանային համալիրի դահլիճում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը մեկնարկելու է Նուբարաշեն վարչական շրջանից: 17:00-ից Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ հանդիպում   քաղաքացիների հետ. 19:30 Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի դահլիճ.  20:00-ից քայլերթ Էրեբունի Մասիվում
12:40 - 07 հունիսի, 2021
Հայրենի հող հանձնողն այս իշխանությունն է, որն առաջին օրվանից սկսել է հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը․ Ռ․ Քոչարյան |tert.am|

Հայրենի հող հանձնողն այս իշխանությունն է, որն առաջին օրվանից սկսել է հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը․ Ռ․ Քոչարյան |tert.am|

tert.am: Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին մեր ժողովրդին հուզող երկու հիմնական հարցեր, առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հաջորդ հացը, Քոչարյանի խոսքով, տնտեսական իրավիճակն է։ «Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ 4 ամսում 80 հզր մարդ մեկնել է երկրից, այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել վերջին 25 տարում։ Սա ահազանգ է, որ մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք։ Ձեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի հունիսի 20-ին՝ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն քաղաքական թիմը, որը երկիրն այս վիճակին է հասցրել և ընտրել նրանց, ովքեր, ձեր կարծիքով, ի վիճակի են երկիրն այս փոսից, ճգնաժամից հանել»,-ասաց նա՝ նշելով, թե առաջարկում են իրենց։ «Մենք ձեզ ասում ենք, որ մենք այն ուժն ենք, որն ունի փորձ, գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ Ղարաբաղում և Հայաստանում, ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել, և եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու, և մենք գնալու ենք դեպի ուժեղ ՀՀ։ 24 համարն էլ սիմվոլիկ է․ օրն ունի 24 ժամ, մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ»,-հայտարարեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ սա այն թիմն է, որն իր խոստումն ի վիճակի է կատարել։
12:29 - 07 հունիսի, 2021