Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Փոխվարչապետ Ավինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա

Փոխվարչապետ Ավինյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա

Փետրվարի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն առանձնանում են դարավոր բարեկամությամբ՝ հիմնված փոխվստահության ու փոխադարձ հարգանքի վրա: Կողմերը համակարծիք էին, որ հայ-իրանական համագործակցությունն ունի ընդգրկուն օրակարգ, որը պետք է քայլ առ քայլ կյանքի կոչել այն: Կայունությունը, խաղաղությունն ու կայուն զարգացումը դիտելով Հայաստանի և Իրանի ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա՝ որպես Հայաստանի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիր: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Դեսպան Զոհուրին կարևորել է համատեղ ջանքերը, որպեսզի տնտեսական հարաբերություններում առկա ներուժն առավելագույնս օգտագործվի: Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համատեքստում Տիգրան Ավինյանն ընդգծել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ու «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացումը: Փոխվարչապետը նշել է նաև, որ համագործակցության ռազմավարական հիմնական ուղղություններից է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ կարևորելով համաձայնագրի ժամկետները երկարացնելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը խոսել է նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, այդ թվում՝ Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար տարածաշրջանային հեռահաղորդակցության նախագծի շրջանակներում:
19:12 - 05 փետրվարի, 2021
Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձը

Միքայել Մելքումյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձը

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 4-ին հանդիպել է մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Խոսելով հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի և դրա հետևանքների մասին՝ հանձնաժողովի նախագահն ամենահրատապ խնդիրը համարել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Դեսպանի խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով: Կողմերը փաստել են, որ չնայած երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ, անհրաժեշտ է մշակել  ճանապարհային քարտեզ, սահմանել հստակ ժամանակացույց և քայլ առ քայլ շարժվել առաջ: Մելքումյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի հինգերորդ առևտրային գործընկերն է, 2020 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 մլն դոլար, ինչը, ըստ զրուցակիցների, անհրաժեշտ է կրկնակի ավելացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ նաև նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
18:28 - 04 փետրվարի, 2021
Հայկական կողմը հետամուտ է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը. Վահան Քերոբյան

Հայկական կողմը հետամուտ է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը. Վահան Քերոբյան

Աշխատանքային այցով հունվարի 22-26-ը Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել IRNA լրատվական գործակալությանը։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը նպատակ ունի ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչմամբ և տնտեսական ոլորտում համագործակցության խորացմամբ առավել բարենպաստ մթնոլորտ ձևավորել՝ համատեղ նախագծերի իրականացման համար։ Նախարարը հստակեցրել է, որ վերոնշյալ նպատակին հասնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի գործունեությունն ուղղված է լինելու սեղմ ժամկետում իրանական կողմի հետ պայմանավորվածությունների իրականացման օրակարգ մշակելուն։ Խոսելով Հայաստան-Իրան բազմակողմ համագործակցության մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ շինարարական սարքավորումները, շինանյութը, մրգերը, բանջարեղենը, նավթաքիմիական արտադրանքը, սահմանափակ քանակությամբ մետաղը և տեխնիկական սարքավորումները։ Կարևոր խնդիր համարելով ապրանքաշրջանառության փոքր ծավալների ավելացումը՝ նախարարը նշել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչություններում առկա է այն համոզմունքը, որ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ներուժը թույլ է տալիս զգալիորեն գերազանցել ներկայիս ծավալները: Ընդգծելով Հայաստանի՝ ԵԱՏՄ մեծ շուկայի անդամ պետություն լինելը և հիմք ընդունելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի ընդարձակ կապերը՝ նախարար Քերոբյանը նշել է, որ իրանցի առևտրականների և արտադրողների համար առկա են նպաստավոր պայմաններ՝ ԵԱՏՄ շուկայի նկատմամբ հասանելիություն ունենալու համար: Խոսելով այն մասին, որ Իրանը կարող է «օգտագործել» Հայաստանը որպես «կամուրջ» համայն աշխարհին ապրանքներ վաճառելու նպատակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է իրանցի գործարարներին Հայաստանի տարածքում հիմնել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ՝ վերջիններիս արտադրանքը երրորդ երկրների շուկա դուրս բերելու նպատակով։ Վահան Քերոբյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրաշրջանառության շուրջ 400 մլն դոլար կազմող ներկայիս ծավալին, նշել է, որ 2020 թ. դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է առաջիկա 6 ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ միլիարդ դոլարի, որն էլ երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեկնակետ կդառնա։ Տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները որակելով էական խոչընդոտ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում՝ նախարարը նշել է, որ այդ խնդիրը համարում է «մղձավանջային», քանի որ բազմաթիվ դժվարություններ կան Հայաստանի բեռնափոխադրամիջոցների՝ Իրան մուտք գործելու և իրանական ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրների տարածք փոխադրելու համար: Մյուս կողմից՝ իրանական բեռնատարները Հայաստանի տարածք մուտք գործելու համար մեծ գումարներ են վճարում։  Նախարարը հավելել է, որ հայկական կողմը հետամուտ է առկա դժվարությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը և ջանքեր է գործադրում խոչընդոտների շուտափույթ հաղթահարման ուղղությամբ։ Տրանսպորտային խնդիրների լուծման տարբերակներից մեկը համարելով Երևան-Թեհրան երկաթգծի գործարկումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադադարի մասին ստորագրած եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ճանապարհներն ապաշրջափակվելու են, որը թույլ կտա գործարկել Երևան-Ջուլֆա-Թեհրան երկաթգիծը։ Խոսելով գազամատակարարման շուրջ բանակցությունների մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի առավելագույն ծավալին հասնելու համար հարկավոր է ավարտին հասցնել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որպեսզի հնարավոր լինի գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակներում ավելացնել դրանց ծավալները։ Թուրքական ծագման 2250 ապրանքատեսակի՝ Հայաստան ներմուծման արգելքի առնչությամբ նախարարը նշել է, որ այդ ապրանքատեսակները կարող են փոխարինվել իրանական, չինական և այլ երկրների, ինչպես նաև Հայաստանում արտադրվող ապրանքներով։ Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում կարող են օգուտ քաղել թե´ արտադրողները և թե´ առևտրականները։ Խոսելով այն մասին, որ Հայաստանը հիշյալ ապրանքատեսակների հետ կապված մտահոգություններ չունի, Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստան-Իրան առևտրային ենթակառույցները պատրաստ են քննարկել դրամական փոխանցումների կապակցությամբ առկա խնդիրների լուծման մեխանիզմները, որոնք անհանգստացնում են տնտեսվարողներին։    
13:41 - 04 փետրվարի, 2021
Իրանը հաջողությամբ գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը |1lurer.am|

Իրանը հաջողությամբ գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը |1lurer.am|

1lurer.am:  Իրանը հաջողությամբ գործարկել է նորագույն Zul-Janah համակցված արբանյակակիրը: Այդ մասին հայտնել է Pars Today-ը: Իրանի պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է. «Երկրի ամենահզոր կոշտվառելիքային շարժիչով հագեցած արբանյակակրի գործարկումը և այդ շարժիչի տեխնոլոգիային հասանելիությունը կարևոր ձեռքբերում են տիեզերական ոլորտում և տեղի է ունեցել առաջին անգամ»: Նա հավելել է. «Տեխնիկական բնութագրի տեսանկյունից արբանյակակիրն ունի երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ մրցունակ է աշխարհում: Արբանյակակիրն ունի կոշտ վառելիքի երկու փուլ և հեղուկ շարժիչով մեկ փուլ: Փոխադրողն ունակ է 500 կմ հեռավորությամբ ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ»:   Հոսեյնին հավելել է, որ տիեզերական այս փորձի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը արբանյակակրի հզորությունն է, որը գերազանցում է 750 տոննան և դրա կառուցման ժամանակ կիրառված նոր տեխնոլոգիաները:
11:27 - 02 փետրվարի, 2021
Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը

Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը

Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը՝ այն դարձնելով 3+3՝ ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա։ Այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Հայտնում է tass.ru-ն։ «Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Ու մենք այդ նպատակին հասնելու համար համագործակցելու ենք նաև 3+3 ձևաչափով»,- նշել է արտգործնածարարը։  Չավուշօղլուն նաև նշել է, որ «Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման լոկ ցանկություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցության ընդլայնմամբ հասնել կրակի մշտական դադարեցմանը»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:41 - 29 հունվարի, 2021
Զարիֆը ժամանել է Թուրքիա |1lurer.am|

Զարիֆը ժամանել է Թուրքիա |1lurer.am|

1lurer.am:  Տարածաշրջանային այցի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Զարիֆն ասել է. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի հետ խորհրդակցությունը և համաձայնությունը կենսական է»: Ընդգծելով Կովկասի տարածաշրջանում երկրների համագործակցության միջոցով խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ Զարիֆը հավելել է. «Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարած իմ այցերի ընթացքում այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մանրամասնորեն քննարկել եմ այս հարցը: Թուրքիայում մեր եղբայրների հետ հանդիպման ժամանակ նույնպես այս հարցը քննարկվելու է: Մենք քննարկելու ենք հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարանցման և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հաստատման համար ենթահող ստեղծելու հարցը»:   Անդրադառնալով վեցակողմ համագործակցության մեխանիզմին՝ Զարիֆը նշել է. «Այս հարցը բարձրացվել է ավելի վաղ, Էրդողանի կողմից: Տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ ես քննարկել եմ այս հարցը և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կներկայացնեմ արդյունքները»: Տարածաշրջանայկին այցի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի ժամանել էր Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Թբիլիսի:
10:31 - 29 հունվարի, 2021
Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան. Իրանի բանակի խոսնակ |tert.am|

Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան. Իրանի բանակի խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մամուլի խոսնակը զգուշացրել է, որ եթե իսրայելական հարձակում տեղի ունենա, Իրանը «կոչնչացնի» Թել Ավիվ և Հայֆա քաղաքները, հայտնում է Al Arabiaya լրատվականը:Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավիի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի դեմ ուղղված գործողությունների ծրագրերը վերանայվում են:«Եթե Իսրայելն ամենափոքր սխալն անգամ թույլ տա Իսլամական Հանրապետության նկատմամբ, մենք կհարվածենք այն հրթիռային կայաններին, որոնք ըստ իրենց, օգտագործվելու են Իրանի դեմ հարձակման նպատակով, ինչպես նաև, հնարավորինս սեղմ ժամկետում հողին կհավասարեցնենք Հայֆան և Թել Ավիվը», - Ֆարս լրատվական գործակալությանն ասել է բրիգադային գեներալ Աբուլֆազլ Շեքարչին:
13:05 - 28 հունվարի, 2021
Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ: Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում»: ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ այս առիթը ընձեռեցիք ինձ և իմ գործընկերներին՝ հանդիպելու Ձեզ հետ: Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, և նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն և հաջողություններ: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարևանն է, և մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի հանդեպ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլն արեցիք: Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք:Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաև Դուք գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին և միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ և ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ընդունելության, ինչպես նաև այս հանդիպման առիթն ընձեռելու համար»: ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին: Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին`նշելով, որ ջերմությամբ և տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:  
16:48 - 27 հունվարի, 2021
Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար |armenpress.am|

Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է: Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ: «Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը: Նա ցավակցություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք  աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: «Մենք այն երկիրն ենք, որը պատերազմ է տեսել և ծանոթ ենք այն ցավերին ու տանջանքներին, որ ժողովուրդը կրում է պատերազմի ընթացքում: Իրանը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու համար»,- ասել է Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը հավելել է՝  պատրաստակամ են առավել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում: «Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը»,- նշել է նա:
16:25 - 27 հունվարի, 2021