Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով
 |1lurer.am|

Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 28-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, նշել է, որ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Նշվել է, որ Երևանի քաղաքապետը կունենա տեղակալ, որը կհամակարգի ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու նշված ոլորտներում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները:Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 
20:03 - 28 ապրիլի, 2021
«Կորեայի ձորի»-ի կամուրջը կքանդեն ու նորը կկառուցեն

«Կորեայի ձորի»-ի կամուրջը կքանդեն ու նորը կկառուցեն

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերից մեկն է: Աշխատանքներն արդեն մեկնարկել են:  «Շրջանցող ճանապարհներից մեկը նաև այս կամուրջն է, որից շատ հաճախ չեն օգտվում մեր քաղաքացիները, քանի որ անմխիթար վիճակում է: Անցած տարի նախատեսեցինք նախագծային փաստաթղթերը և այս տարի արդեն ունենք բարեհաջող անցած մրցույթ, որով էլ սկսվել է շինարարությունը»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:Ի սկզբանե նախատեսված էր ամրացնել կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվեց հիմնովին նոր կամուրջ կառուցել:«Փաստացի պետք է կամուրջն ամբողջությամբ քանդենք և նորից կառուցենք: Գոյություն ունեցողը հիմա 4մ է, դառնալու է 8մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր»,- ասում է Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը:«Կորեայի ձորի»-ի այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն նաև Դավթաշեն վարչական շրջանները:«Մենք հնարավորություն ենք ունենում առանց քաղաք մուտք գործելու միանգամից դուրս գալ դեպի Թբիլիսյան խճուղի, որը և՛ երթևեկության հոսքը կնվազեցնի, և՛ քաղաքացիներին հնարավորություն կտա անվտանգ երթևեկելու: Այնուամենայնիվ, կամրջի վերանորոգումով չենք կարող սահմանափակվել, պետք է նաև ճանապարհը նորոգել, որպեսզի այն ողջ իր ողջ հնարավորությամբ կարողանա նպատակին ծառայել»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը:
12:39 - 26 ապրիլի, 2021
Երեւանի քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Հ. Կարապետյանը՝ Բաղրամյան 79 հասցեում տեղի ունեցած ծառահատումների մասին

Երեւանի քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Հ. Կարապետյանը՝ Բաղրամյան 79 հասցեում տեղի ունեցած ծառահատումների մասին

Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով Արաբկիրում՝ Բաղրամյան 79 հասցեում նախօրեին տեղի ունեցած ծառահատումների թեմայի վերաբերյալ քննարկումները: Կարապետյանի գրառումը՝ստորև. «Խնդրո առարկա տարածքը մասնավորեցվել է տարիներ առաջ: Դեռ 2008 թվականին տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, որի հիման վրա, սակայն, երբեւէ շինթույլտվություն չի տրվել: Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Սույնի վերաբերյալ, ի դեպ, տարակուսանք է հարուցում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որը թյուրընկալման տեղիք կարող է տալ: Տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը, ըստ «168 ժամ» պարբերականի հրապարակման, մասնավորապես ասում է, որ [ծառահատումների հետ կապված] «խնդիրը հիմնականում Բնապահպանության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցության բացակայության հետևանքն է։ Երևանի քաղաքապետարանը տալիս է շինթույլտվություն, որտեղ կան կենսունակ ծառեր, որի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչությունը տեղեկացված չի լինում»։ Կրկնում ենք՝ Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է շատ տարիներ առաջ (լրագրող գործընկերները կարող են Կադաստրի պետական կոմիտեից պարզել տվյալ տարածքի օտարման հանգամանքները»:
15:03 - 14 ապրիլի, 2021
«Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել

«Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում մի քանի օր է՝ պեղումներ են սկսվել: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորները մասնագետների աչքից չեն վրիպել, և շինարարությունն անմիջապես դադարեցվել է: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրատապ պեղումներ սկսելու թույլտվություն է տվել, ինչի արդյունքում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: «Սափորի մի բեկոր է՝ հորադիր գծանախշներով և փայլանախշերով: Ունենք նաև ուրարտական թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ: Հիմնականում մեր գտած նյութը թվագրվում է Ք.ա 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերի են»,-՝պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Նրա խոսքով՝ վերին հատվածում կառույցի հետքեր կան: Դա է հուշում քարերի շարվածքը: «Եթե ուշադիր նայենք՝ տեսնում ենք 3 քար, որոնք շարված են մի ուղղությամբ: Սա կարող է լինել դամբարան, պատ կամ այլ կառույց: Մարդիկ, իհարկե, կնայեն ու չեն հասկանա, բայց դա հնագիտական առումով կարևոր է շատ»,-ասում է Միքայել Բադալյանը: Ամեն օր խմբին միանում են նոր կամավորներ: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր այս մարդկանց համախմբել է սերը քաղաքի ու նրա պատմության հանդեպ: Հնագետների ցուցումով կամավորներն իրենց առաջին պեղումներն են անում: Սանտիմետր առ սանտիմետր հողաշերտից բացվում են հնագույն պատմության նոր շերտերը: «Շերտ առ շերտ ստուգում ենք հողի խտությունը, կարծրությունը: Երբ հողի գույնը փոխվում է, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն լինի»,-նշում է Միքայել Բադալյանը: Նոր ճանապարհին հարող հատվածում պեղումները կշարունակվեն: Այս տարի պեղումներ կարվեն նաև հնավայրի գլխավոր մուտքից աջ ընկած հատվածում: Արարատյան թագավորության ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները: «Երևում է պատի արտաքին հատվածը, որը մոտ 2 մետր լայնություն ունի և շարունակվում է: Այստեղ, ըստ երևույթին, ինչ-որ նոր թաղամաս կամ պարսպաշարեր կան: Եթե այստեղ բացվեն 1.5 մետրանոց պատեր, ապա հնարավոր է արտակարգ գտածոներ գտնենք»,-ընդգծում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը: Տարածքում գտնված սեպանախշերով խեցեղենի բեկորը կհամալրի թանգարանի հավաքածուն. քիչ հանդիպող բացառիկ նմուշ է: «Կարմիր բլուր» հնավայրն աշխարհին նոր ու հետաքրքիր դեռ շատ բացահայտումներ կարող է անել ու պատմել ավելին, քան այսօր գիտենք, նաև դառնալ հնագիտական զբոսաշրջության զարգացման կենտրոն:    
17:26 - 07 ապրիլի, 2021
Նպատակ ենք դրել արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ գնում կազմակերպելու փոխարեն. Հայկ Մարության

Նպատակ ենք դրել արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ գնում կազմակերպելու փոխարեն. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ: Այս մասին քաղաքապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում:   «2020-ի սկզբին մեր ստեղծած կազմակերպությունը արդեն կայացման լուրջ ճանապարհ է անցել: Ավելի քան 30 միավոր նոր տեխնիկա է ձեռքբերվել՝ ամբարձիչներ, թափոնատարներ, բեռնատարներ և այլ հատուկ տեխնիկա: Իսկ ջերմոցն ու տնկարանը մեկ տարվա ընթացքում անճանաչելիորեն փոխվել են: Նպատակ ենք դրել զարգացնել համայնքի ջերմոցային տնտեսությունը և արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ ամեն տարի ծաղիկների և թփերի գնում կազմակերպելու փոխարեն: Խնդիր ունենք մոտ ապագայում մեր ջերմոցների միջոցով 100%-ով ապահովել Երևանի պահանջարկը, ինչու ոչ, նաև բույսեր մատակարարել Հայաստանի մյուս քաղաքներին»,-գրել է Մարությանը:
14:49 - 06 ապրիլի, 2021
Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

Երևանը կօգտագործի արևի էներգիան, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ մեկնարկել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Ըստ հաղորդագրության՝ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը: Երևանի քաղաքապետարանը նշում է, որ ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Ընտրվել են, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերը։ Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության: Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար․ ամբողջ գիշեր շենքերի բակերը լուսավոր կլինեն։ Ինչպես քաղաքապետարանն է նշում, ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:
16:12 - 05 ապրիլի, 2021
Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ

Հայկ Մարությանն այցելել է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների ու կամուրջի շինհրապարակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Մարությանը:    «Այցելեցի Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացա աշխատանքների ընթացքին: Ճանապարհը իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից: Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնեղ հինգերորդ կամուրջը: Աշխատանքները ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին»,- գրել է Մարությանը:   Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանց, 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև մեկ տրանսպորտային հանգույց Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում: Ճանապարհը լուսավորվելու է LED տիպի լուսադիոդային լամպերով: Ճանապարհահատվածի տակ գտնվող գրեթե բոլոր հաղորդուղիները տեղափոխված են:   Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետրերկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:
12:44 - 02 ապրիլի, 2021