ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Հայաստանում այսօր մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 13-ը: Առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրակրթության բովանդակության փոփոխություններում մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, և շրջանավարտների կարողունակություններից մեկը հենց թվային և մեդիա ոլորտին է վերաբերում: Մեր խնդիրն է, որ դպրոցն ավարտելիս նրանք կարողանան կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, իմանան մեդիայի դերը, վերլուծեն, քննադատեն դրա ազդեցությունը իրենց և մյուսների արժեքային համակարգի, պատկերացումների և գործողությունների վրա: Կարևորում ենք նաև, որ շրջանավարտը կարողանա ինքը ստեղծել մեդիաարտադրանք` նպաստելով քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը: Այսօր մենք պատերազմում ենք նաև տեղեկատվական դաշտում, և մեդիագրագետ լինելը, առաջին հերթին, անվտանգության խնդիր է: Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը, անկախ իր ընտրությունից, պատերազմի մասնակից է մեդիահարթակում: Եվ այս օրերին մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն կարևոր եմ համարում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է նախաձեռնությանն աջակցել նաև հետագայում»,-ասել է Ժ. Անդրեասյանը: Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում անցկացվող դաս-քննարկումները վերաբերելու են ճգնաժամային իրավիճակում մեդիայի աշխատանքին ու մեդիագրագիտությանը, այդ թվում` ինչպես խուսափել լրատվական վարակներից, կողմնորոշվել տեղեկատավական հոսքերում, տարբերել կեղծն ու հավաստին, արդյունավետ կիրառել մեդիա գործիքները:
20:15 - 09 նոյեմբերի, 2020
Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը ներառյալ կդադարեցվի

Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը ներառյալ կդադարեցվի

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը ս.թ. նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից։ «Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում: Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում կցանկանան գրանցվել և ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս, հոգ չէ, գրանցումը ևս կարող ենք առցանց կազմակերպել: Անհրաժեշտ է ընդամենը լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել ստորև նշված էլհասցեին:[email protected]  Ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտաձև https://is.gd/wUslLj »,- ասված է հայտարարության մեջ:
16:02 - 09 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվեն ավելի քիչ գումար, քան հատկացվել էր 2020-ին: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: «Մեր 2021-ի բյուջեն շուրջ 2 մլրդ դրամով ավելի քիչ է՝ այս տարվա բյուջեից: Իրականության մեջ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսային ծրագիր) հայտով մեր ներկայացրած բյուջեից այն պակաս է շուրջ 20 մլրդ դրամով: Դա պայմանավորված է համավարակով բյուջեի սղությամբ, նաև նրանով, որ շատ զանգվածային միջոցառումներ թե Հայաստանում, թե արտերկրում հետաձգվել կամ չեղարկվել են՝ օբյեկտիվ պատճառներով»,- ասաց Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնցում հատկացումների վերանայումներն էական են: «Մեծ նվաճումների սպորտում» կա 10.5 տոկոս աճ, ինչը կապված է շահառու խմբի ընդլայնմամբ: Դա մասնավորապես կապված է օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին տրամադրվող պատվովճարների չափի և շահառուների թվի ավելացման հետ: Նախնական և միջին արհեստագործական մասնագիտական կրթության մեջ անվճար տեղերի թվի կրճատմամբ կատարվել են վերանայումներ, նվազում է եղել ավելի քան 1 մլրդ դրամի չափով: «Դա պայմանվորված է նրանով, որ առանձին մասնագիտությունների դեպքում վճարովի տեղերի հանդեպ կա պահանջարկ: Հետևաբար, դրանք կարող են տրամադրվել նաև վճարովի հիմունքով: Կինեմատոգրաֆիայի ծրագրում արվել է նվազեցում՝ 15.2 տոկոս»,-ասաց փոխնախարարը: Նախարարության 2021-ի պետբյուջեից կհատկացվի 177.6 մլրդ դրամ:
15:57 - 09 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում, նախապես իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հատատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Առանձնացվել են այն բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, կամ այն անցկացնում է այդ առարկան հինգ տարուց պակաս դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը։ Երևանի և Տավուշի մարզի ուսումնական հաստատություններն ի սկզբանե չեն դիտարկվել, քանի որ Երևանի դպրոցներում չկան ուսուցիչների բացակայության պատճառով չդասավանդվող առարկաներ, իսկ Տավուշի մարզի միջնակարգ և հիմնական հանրակրթական ուսումնական հաստատությունները նախատեսվում է համալրել անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Արդյունքում՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով վերազինման նպատակով ընտրվել են մարզային 101 ուսումնական հաստատություններ։ Ուսումնասիրելով դրանցում առկա համակարգչային սարքավորումների քանակը և ձեռքբերման ժամանակահատվածը՝ հեռավար ուսուցման որակն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով բոլոր հաստատություններին կտրամադրվի արդի համակարգչային սարքավորումների մեկ ամբողջական փաթեթ (մեկ համակարգիչ, մոնիտոր, անխափան սնուցման սարք, վեբ տեսախցիկ, բարձրախոս, միկրոֆոն, բազմաֆունկցիոնալ սարք, պրոյեկտոր, եռաոտանի), որը լավագույնս կապահովի բոլոր սարքավորումների համատեղելիությունը և համակարգի անխափան գործարկումը։ Հաշվի առնելով, որ ավագ դպրոցները շատ ավելի են հագեցած համակարգչային սարքավորումներով և կարող են տեղերում հանդես գալ որպես մենթոր դպրոցներ, հեռավար կրթություն իրականացնելու նպատակով՝ 99 ավագ դպրոցների կտրամադրի նաև մեկական կոնֆերանս տեսախցիկ: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ներկայում հիմնանորոգվող 8 ավագ դպրոցի կոնֆերանս տեսախցիկ կտրամադրվի հաջորդ տարի: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է հեռավար ուսուցման համալիր էջում՝ https://icttraining.armedu.am, ինչպես նաև շուրջ 3000 մանկավարժի համար իրականացվել են ՏՀՏ վերապատրաստումներ։
12:38 - 09 նոյեմբերի, 2020
Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի անդրանիկ նիստին

Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի անդրանիկ նիստին

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ նոյեմբերի 5-ին կայացել է համաժողովի առաջին նիստը։ Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Առցանց նիստի ընթացքում քննարկվել է Եվրոպական մարզական խարտիայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար սպորտի ոլորտում քաղաքականությունների մշակման առանցքային փաստաթղթի վերանայումը: Այդ շրջանակում դիտարկվել են մի շարք հարցեր՝ սպորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարզիկների իրավունքների պաշտպանությունը, սպորտային կառույցների կողմից լավ կառավարման սկզբունքների որդեգրումը, սպորտային շարժումների միջև համերաշխության ամրապնդումը, COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում սպորտի առավելությունների շուրջ հանրային իրազեկության բարձրացման կարևորումը և այլն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
14:34 - 07 նոյեմբերի, 2020
ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը
 |armtimes.com|

ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը |armtimes.com|

armtimes.com: Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի չափորոշիչները կվերանայվեն։ Հաշվի են առնվում այն բոլոր ռիսկերը, մարտահրավերները, որոնք կան։ Նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը, որը թույլ է տալու ապահովել առարկայի գործնական բաղադրիչը, այսինքն՝ աշակերտները ստանալու են տեսականից բացի՝ գործնական հմտություններ։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա հավելեց, որ բացի ՆԶՊ-ից, դպրոցներում պետք է բարձրացվի քաղաքացիական պաշտպանության կանոնների ու սկզբունքների ուսուցման արդյունավետությունը։ Հիշեցրեց, որ ՆԶՊ առարկայի չափորոշիչների վերանայման հարցի մասին նշվել էր դեռ պատերազմից առաջ, եւ արդեն քննարկումներ եղել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ռազմական բուհերի ներկայացուցիչների հետ։  
15:54 - 05 նոյեմբերի, 2020
Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները |armenpress.am|

Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահայության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասաց նախարարի տեղակալը: Ինչ վերաբերում է միջին և ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման: Այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական և փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել: «Այստեղ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է: Այդտեղ միջին և ավագ դասարանների օղակներն, ըստ ամենայնի, նախընտրելի է, որ  դասընթացները հեռավար շարունակեն»,-ասաց նա: Այդ բոլոր հարցերի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում: Նախարարի տեղակալը նշեց, որ առաջիկայում վերջնական որոշումը պարզ կլինի: Այս ընթացքում նախարարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը հեռավար ուսուցման համար մեթոդական, տեխնիակական գործիքները տրամադրելու առումով:   
13:52 - 05 նոյեմբերի, 2020
Հրթիռակոծության հետևանքով վնասված կրթական ենթակառուցվածքները լուրջ վերականգնման կարիք են ունենալու. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|

Հրթիռակոծության հետևանքով վնասված կրթական ենթակառուցվածքները լուրջ վերականգնման կարիք են ունենալու. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեցին նոյեմբերի առաջին հինգշաբթին նշել դպրոցում բռնության դեմ պայքարի օր։  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ այսօր արցախցի երեխաների նկատմամբ բռնություն իրականացվում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։ Փոխնախարարն ընդգծեց, որ շուրջ 33 հազար երեխայի կրթության իրավունք է խախտվել, նրանք հնարավորություն չունեն իրացնելու իրենց սովորելու իրավունքը դպրոցում, մանկապարտեզում, քոլեջում և բուհում: Անդրեասյանն անդրադարձավ նաև կրթական օջախների ավերածություններին։ «Արդեն իսկ վերջին տվյալներով՝ շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալի ավերածությունների են ենթարկվել, ենթակառուցվածքները ունենալու են լուրջ վերականգնման կարիք»,- ասաց փոխնախարարը։ Անդրեասյանի խոսքով՝ կրթության իրավունքի խախտման իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների սովորողները։ Ասաց, որ դեռևս պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայքների երեխաների կրթությունը կազմակերպվել է հեռավար եղանակով։ «Մենք ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր ՀՀ-ում՝ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Կութի և Սոթքի դպրոցները նույնպես վնասվեցին այս հարձակման հետևանքով»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ պատերազմական դրությունը մեծապես վտանգում է երեխաների կրթության իրավունքը՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով նաև նրանց հոգեկան  առողջության, կյանքի իրավունքի, առողջության պահպանման տեսանկյունից։
13:39 - 05 նոյեմբերի, 2020
Կարվի առավելագույնը Արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար

Կարվի առավելագույնը Արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով, որի թիրախում այլ քաղաքացիական ենթակառուցվածքների կողքին հայտնվել են նաև կրթական հաստատությունները: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունն ու ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները գործադրում են առավելագույն ջանքերը արցախցի ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ ներկա փուլում առանձնացնելով ուսումնական գործընթացի մեջ արցախցի ուսանողների ներգրավման ապահովման և առաջիկա կիսամյակային քննությունների պատշաճ կազմակերպման խնդիրները: ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Հ. Մինասյանն իր հերթին ներկայացրել է պատերազմով և համավարակով պայմանավորված այն դժվարությունները, որ արցախյան բուհերն ունեն իրենց ուսանողների հետ կապի հաստատման, ուսումնական գործընթացի վերագործարկման առումով՝ մեծապես կարևորելով հայաստանյան բուհերի կողմից տրամադրվող աջակցությունը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել օպերատիվ աշխատելու առկա խնդիրներին միասնական մոտեցում ապահովելու, բայց և ուսանողների խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու առումներով:
10:55 - 04 նոյեմբերի, 2020
Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է ՀՀ բոլոր մարզերում համակարգված աշխատանքը՝ Արցախից ժամանած երեխաների կրթության շարունակականության կազմակերպման գործում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախից ժամանած երեխաների համար անհրաժեշտ գրենական պիտույքների, դասագրքերի, սարքավորումների և այլ պարագաների կարիքների գույքագրման, ինչպես նաև երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ  տրանսպորտային ծառայությունների  գնահատման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը նաև անդրադարձել է երեխաների՝ դպրոցում ընդգրկման պարագայում նոր դասարանների կոմպլեկտավորման և ուսուցիչների ներգրավման համար անհրաժեշտ ֆինանսավորման պլանավորման և ապահովման խնդիրներին։ Նախարարի տեղակալը ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններին հորդորել է ամենօրյա ռեժիմով շարունակել ԿԳՄՍ նախարարություն տվյալներ ներկայացնել, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։ «Ես հորդորում եմ բոլորիդ՝ անհատապես աշխատել այն բոլոր երեխաների և նրանց ծնողների հետ, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր և անհրաժեշտության դեպքում տրամադրել, այդ թվում՝ հոգեբանական աջակցություն, որպեսզի երեխաներն անպայման իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Սա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նա մարզերի պատասխանատուներին կոչ է արել այս հարցում սերտ համագործակցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության մարմինների հետ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ վարչության պետերին առաջարկելով մինչև ուսումնական գործընթացի մեկնարկն իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում արցախցի երեխաներին նաև ինտերնետ հասանելիությամբ ապահովելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև արցախցի ուսուցիչների՝ ուսումնական գործընթացում ներգրավման հնարավորության մասին։ Արցախցի երեխաներին դպրոցներում ընդգրկման պարագայում նոր ուսուցիչների ներգրավման անհրաժեշտության դեպքում առաջնահերթ կերպով այդ աշխատանքներում կընդգրկվեն Արցախի Հանրապետության ուսուցիչները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Արցախի Հանրապետությունից ժամանած սովորողների՝ կրթության այլ մակարդակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և դրանք ԿԳՄՍ նախարարություն փոխանցելու հարցերին: Նրա խոսքով՝ արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ժաննա Անդրեասյանը մարզային կրթության պատասախանատուներին ներկայացրել է նաև աշնանային արձակուրդներից հետո կրթության կազմակերպման հարցերը, մասնավորապես, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցների պատրաստվածության, անհրաժեշտ միջոցներով հագեցվածության, առկա և հեռավար ուսուցում իրականացնող դպրոցների քարտեզագրման, ինչպես նաև հեռավար ուսուցման դեպքում ուսուցիչների վերապատրաստմանն ու տեխնիկական ապահովվածությանն առնչվող խնդիրները։ ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հեռավար ուսուցման կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ բոլոր դպրոցներին կոչ անելով տեղեկատվության անվտանգության ապահովման տեսանկյունից այդ դասերն իրականացնել «Microsoft Teams» ուսումնառության համակարգի միջոցով։ Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և կրթության մարզային պատասխանատուներն իրենց հերթին ներկայացրել են վերոնշյալ աշխատանքների վերաբերյալ իրենց ծավալած գործունեությունը։ Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ կոչ է արել տեղերում իրականացնել ամենօրյա աշխատանքներ, որպեսզի աշնանային արձակուրդից հետո բոլոր դպրոցները հավուր պատշաճի պատրաստ լինեն անխափան ուսումնական գործընթացի։
13:19 - 03 նոյեմբերի, 2020
Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Արցախից տեղափոխված աշակերտների մի մասն արդեն դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:«Մենք դեռ ամբողջական պատկեր չունենք, թե աշակերտների որ մասն է կցված դպրոցներին, բայց ունենք տարբեր տեղերում ժամանակավոր բնակություն հաստատած աշակերտներ, որոնք արդեն միացել են այն ուսումնական հաստատություններին, որոնք մոտ են բնակության վայրին, որպեսզի ժամանակի անտեղի վատնում չլինի և դասապրոցեսները շարունակեն ինչպես հարկն է: ՀՀ-ում  մանկապարտեզները, դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, ԲՈՒՀ-երը իրենց դռներն են բացել Արցախից ժամանածների համար: Այս ամենին զուգահեռ, մենք ունենք ուսուցիչներ Արցախից, որոնք առցանց եղանակով արդեն սկսել և շարունակում են իրենց դասերը»,-ասաց նախարարը:Նա նաև նշեց, որ 2 շաբաթ աշնանային արձակուրդի երկարաձգման ժամանակահատվածում ուսումնասիրությունները հստակ պատկերացում կտան, թե Հայաստանում հաստատված աշակերտներից ովքեր ներգրավված չեն դասապրոցեսներում, որպեսզի կազմակերպեն նրանց գոնե առցանց ուսուցումը, որովհետև չեն կարող կրթության ընթացքը դադարեցնել: Ըստ Լուսինե Ղարախանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կան  ավերված 61 դպրոց,10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ: «Ավերվել են նաև Արցախում գործող թանգարաններից երկուսը, վնասվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, Գոհար տիկնոջ մզկիթը: Դպրոցներում ունենք ավերածություններ բառի բուն իմաստով, ունենք հրդեհված, հրետակոծված դպրոցներ, որոնց վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու և գնալով դրանց թիվն աճում է»,-նշեց նախարարը:Պատերազմական այս իրավիճակում անգամ սփյուռքից բարերարներ, մտավորականներ կան, որոնք պարբերաբար զանգում և իրենց պատրաստակամությունն են հայտնում վերականգնելու, վերակառուցելու այս կամ այն շենք-շինությունը: «Այս առումով պատկերը հուսադրող է: Սակայն պատերազմի ավարտից հետո անհրաժեշտ է լինելու որոշ քաղաքներում և գյուղերում նորից կառուցել մշակույթի տներ՝ հիմնահատակ ավերված լինելու պատճառով, օրինակ Ասկերանում և Այգեստանում: Կան լրիվ ավերված և մասնակի ավերված շինություններ»,-ասաց Լուսինե Ղարախանյանը: Նախարարը նշեց, որ հիասթափված է միջազգային հանրության «հանցավոր անտարբերությունից», նրանց ամենատես աչքի առաջ կոպտորեն խախտվում է մարդկանց կրթության իրավունքը, մշակույթի իրացման իրավունքը: «Ես նամակ էի գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որն այդպես էլ անպատասխան է մնացել մինչև այժմ: Մեկ այլ նամակ գրել եմ ՄԱԿ-ի կրթության իրավունքի գլխավոր զեկուցողին, որտեղ ներկայացրել եմ կրթության իրավունքի իրացման իրավիճակը,բայց էլի պատասխան չկա: Մեր ուսուցիչներն են զոհվում. ունենք դպրոցների զոհված տնօրեններ, զինղեկներ: Ես խորապես հիասթափված եմ և հույսս դնում եմ միայն ու միայն սահմանին կանգնած զինվորի վրա»,-ավելացրեց նախարարը:
15:04 - 02 նոյեմբերի, 2020
Դպրոցները միանում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնությանը

Դպրոցները միանում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնությանը

Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ «Սիրելի՛ աշակերտներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։ Դպրոցներ՝ Երևան Երևանի Ղ․ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց Երևանի Մ․ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց Երևանի Վ․ Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոց Երևանի Ս․ Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց Երևանի Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց Երևանի Մ․ Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց Երևանի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց   Երևանի Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց Գլոբալ Բրիջ դպրոց Կոտայքի մարզ Գառնիի ավագ դպրոց Աբովյանի կրթահամալիր Աբովյանի Ա․ Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոց Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց Հրազդանի Հ․ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց Նոր Հաճնի ավագ դպրոց Չարենցավանի Ե․ Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոց Արզնիի Ս․ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց Արամուսի Վ․ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց Լեռնանիստի Ս․ Նազարյանի անվան միջնակարգ դպրոց Ջրվեժի միջնակարգ դպրոց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
16:12 - 01 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է

Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է

Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:  Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։   Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով, սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ:Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսին նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ներկայացված էին նաև վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվել էր դառնալ աշխարհահռչակ։ Այդ գործը հենց «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակն է։Հուշակոթողի վերականգնումն ու տարածքի բարեկարգումն իրականացվել է վերջին տարիներին՝ գործարար Կարեն Ավագումյանի միջոցներով:  
11:50 - 01 նոյեմբերի, 2020
Խաղաղության կռունկներ. արցախցի փոքրիկները կպատրաստեն օրիգամիներ՝ խաղաղության և հաղթական մաղթանքներով

Խաղաղության կռունկներ. արցախցի փոքրիկները կպատրաստեն օրիգամիներ՝ խաղաղության և հաղթական մաղթանքներով

Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։ Օրվան նվիրված` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «Խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները կպատրաստվեն արցախցի փոքրիկների կողմից և կուղարկվեն առաջնագիծ, իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում»,- հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
19:07 - 31 հոկտեմբերի, 2020
Մեկտեղել արցախցիներին տրամադրվող կրթական աջակցությունը. ԿԳՄՍ նախարարությունն անցկացրել է քննարկում

Մեկտեղել արցախցիներին տրամադրվող կրթական աջակցությունը. ԿԳՄՍ նախարարությունն անցկացրել է քննարկում

Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է տարբեր կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, միաժամանակ` ընդգծելով այդ գործընթացում երեխաների անձնական տվյալների գաղտնիության, ինչպես նաև համավարակի ընթացքում հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրականացվել է Արցախից ժամանած երեխաների կարիքների գնահատում և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվել են լուծումներ։ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, ներկայացրել է ռազմական դրության հայտարարումից հետո ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները։ Նրա խոսքով՝ ապահովվել է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք ընդգրկվել են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականներն ապահովվել են նաև անհրաժեշտ դասագրքերով։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ ուսումնական հաստատություններում։ Ըստ փոխնախարարի՝ ամենօրյա ռեժիմով իրականացվում է մոնիթորինգ․ ՀՀ մարզերից և Երևանից ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ է ստանում, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։   «Պարբերաբար կապի մեջ ենք մարզերի պատասխանատուների հետ․ ինքս եմ անընդհատ այցելում երեխաների ժամանակավոր կացության վայրեր, որպեսզի տեղում ծանոթանամ՝ ինչ խնդիրների են նրանք բախվում։ Մենք խրախուսում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր, իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, իսկ համայնքներին կոչ ենք անում՝ ակտիվ ներգրավվել այս աշխատանքներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նրա խոսքով՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչներն այս շաբաթ կայցելեն այդ ընտանիքներ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ այս հարցում կարևորելով ջանքերի մեկտեղման հարցը։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում այդ երեխաներին նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով, ինչպես այն արդեն իրականացվել է սահմանամերձ համայնքների սովորողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար նոյեմբերի 1-ից կիրականացնի վերապատրաստման հեռավար դասընթացներ՝ «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով։ Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախատեսվում է զարգացնել նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները աղետների դիմակայունության ուղղությամբ, բարձրացնել ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։ Ամփոփելով իր խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց ծրագրերը՝ ինչ ուղղվածության ունեն դրանք և որ համայնքներում են իրականացվում՝ դրանց մասին միմյանց իրազեկելու, աշխատանքները մեկտեղելու և ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու նպատակով։   Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց իրականացրած ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, երեխաների ժամանց, էքսկուրսիաներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներ, մրցութային խաղեր, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Արցախի ուսուցիչներին և այլն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ներկայացրել են կատարված աշխատանքները։ ՄԻՊ-ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի մոնիթորինգային խմբերը պարբերաբար այցելում են Արցախից ժամանած ընտանիքներին և նրանց իրազեկում, այդ թվում՝ կրթություն ստանալու իրավունքի մասին։ Նրա խոսքով՝ միջգերատեսչական համագործակցության և առավել համակարգված աշխատանքների արդունքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է տարբեր կազմակերպությունների և ծառայությունների քարտեզագրման ու համակարգման, տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև առաջնային և խորքային կարիքների գնահատման խնդիրներին։ Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ հնչեցված կարևոր դիտարկումների, վերհանված խնդիրների և աջակցության համար, որոնք, ըստ փոխնախարարի, հաշվի կառնվեն հետագա աշխատանքների պլանավորման, ավելի համակարգված իրականացման և առավել հասցեական արձագանքման տեսանկյունից։
18:39 - 31 հոկտեմբերի, 2020