ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Հայաստանի բուհերն ու գիտական շրջանակը միջազգային գործընկերներին ներկայացնում են իրականությունը թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած պատերազմի մասին

Հայաստանի բուհերն ու գիտական շրջանակը միջազգային գործընկերներին ներկայացնում են իրականությունը թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած պատերազմի մասին

Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ինչպես նաև բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է բարձրաձայնել սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերձած ռազմական ագրեսիայի մասին։ Նախարարի տեղակալը կոչ է արել բուհերին և գիտական կազմակերպություններին իրենց միջազգային գործընկերների հետ իրականացնել հետևողական և հասցեական աշխատանք՝ համապարփակ տեղեկատվություն տրամադրելով հակառակորդի կողմից կրթամշակութային հաստատությունների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ ցույց տալով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի ցեղասպան գործելաոճն ու նպատակները։Հանդիպմանը ներկա գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։ Գիտությունների ազգային ակադեմիան 82 երկրի ակադեմիաների և ՀՀ ԳԱԱ 130 արտասահմանյան անդամների նամակներ է ուղարկել՝ գիտական հանրությանը կոչ անելով անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան մեծաթիվ վիրավորներ և զոհեր։Ի թիվս կրթական և գիտական կառույցների կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տարված աշխատանքի, ներկաներն արձանագրել են նաև, որ արդեն համապատասխան նամակներ են ուղղվել նաև միջազգային տարբեր գիտական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ Պատմաբանների միջազգային ասոցիացիային, Եվրոպական համալսարանների ասոցիացիային, Սևծովյան համալսարանների ցանցին, Եվրասիական բուհերի ասոցիացիային, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը և այլն:Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը խոսել է առաջիկայում միջազգային գիտաժողովների անցկացման կարևորության մասին: Հանդիպման մասնակիցների կարծիքով, գործընկերներին պետք է ներկայացվի, որ թուրքադրբեջանաահաբեկչական ագրեսիան զսպելու, տարածաշրջանում հումանիտար աղետը կանխարգելելու և երկարատև խաղաղության հիմքեր ստեղծելու լավագույն միջոցը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է:Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև աշխարհի տարբեր բուհերում գործող հայագիտական կենտրոնների հետ այս շրջանակներում ջանքերի համադրման անհրաժեշտությունը։
13:57 - 15 հոկտեմբերի, 2020
Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ից․ ԿԳՄՍ նախարար

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15-ից․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն (հոկտեմբերի 15-ից): Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը, - Հաշվի առնելով՝ կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը: Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը: Մեր պահանջն ու կոչն է, որ ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դրանով հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը: ՀՀ առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից: Համապատասխան գրությունները այսօր կուղարկվեն ուաումնական հաստատություններին»։
15:56 - 14 հոկտեմբերի, 2020
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է. Ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը: Ըստ այդմ՝ առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում կձևավորվի առանձին խորհուրդ, իսկ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում կամ համայնքներում գործող հաստատությունների դեպքում կգործի միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն: Համաձայն նախագծի՝ առանձին խորհուրդը բաղկացած է 11, իսկ միացյալ խորհուրդը՝ առավելագույնը 19 անդամից: Ներդնել խորհուրդների անդամների ռոտացիայի սկզբունք՝ սահմանելով, որ նույն անդամը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի քան երկու անգամ: Սրանով գործընթացը կդառնա առավել մասնակցային, և ավելի մեծ թվով մանկավարժներ և ծնողներ հնարավորություն կստանան ներգրավվել խորհրդի աշխատանքներում։ Ընդլայնել խորհրդում ներգրավվելու իրավունք ունեցող մանկավարժների շրջանակը՝ հանելով տվյալ հաստատությունում առավելագույնը երեք տարի ստաժ ունենալու պահանջը։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև, որ խորհրդի ձևավորման կարգի փոփոխությունից հետո սահմանված ժամանակահատվածում պետք է իրականացվեն գործող հաստատությունների խորհուրդների ամբողջությամբ վերաձևավորելու գործընթացներ: Նշենք, որ ներկայում դպրոցների կառավարման խորհուրդներին վերապահված է լիազորությունների լայն շրջանակ։ Ոլորտում արվող հետազոտությունները, դպրոցների գործունեության պարբերական մոնիտորինգի տվյալները, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացող առանձին դեպքեր ցույց են տալիս, որ այդ խորհուրդները ոչ միշտ են գործում իբրև դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին և հիմնականում ձևավորվում են մեկ գլխավոր նպատակի՝ տնօրենի ընտրության համար, որն էլ իր հերթին ստվերում է խորհրդի մյուս լիազորությունները։ Տևական ժամանակ դպրոցների կառավարման խորհուրդների մի մասը ներքաշված է եղել նաև քաղաքական, մասնավորապես, ընտրական գործընթացներում, ինչը զգալի բացասական ազդեցություն է թողել այս օղակի արդյունավետ գործունեության վրա։ Փոքրաթիվ բնակչությամբ համայնքների դեպքում առանձին խնդիր է նաև ազգակցական կապերի պարագայում շահերի բախումը բացառելը։
11:27 - 14 հոկտեմբերի, 2020
Ամփոփվել է հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն դրամաշնորհային ծրագիրը

Ամփոփվել է հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն դրամաշնորհային ծրագիրը

Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է  սեպտեմբերի 12-ին կայացած առցանց  համաժողովում:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի արդյունքներ: Մասնավորապես, մշակվել է բարձրագույն կրթության հնգամյա ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, ստեղծվել է Study in Armenia էլեկտրոնային կայքը, նկարահանվել է նույնանուն հոլովակը, մասնակից բուհերը մշակել, իսկ գիտխորհուրդները հաստատել են բուհերի միջազգայնացման ընթացակարգերը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով առցանց հավաքի մասնակիցներին ԵՄ «Էրազմուս+» դրամաշնորհային ծրագրի ավարտական համաժողովին, բարձրացրել է կրթության իրավունքի ոտնահարման խնդիրը, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով: Ներկայացնելով համավարակի և պատերազմի պատճառով առկա մարտահրավերները կրթական գործընթացներում՝ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը և կրթական հաստատություններն առավելագույն ջանք են գործադրում կրթության իրավունքի իրացման, կրթության շարունակականության  ապահովման համար՝ բարեփոխումների օրակարգում առանձնահատուկ կարևորելով բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված ծրագիրը: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)»  դրամաշնորհային ծրագրի ձեռքբերումներն զգալի են բարձրագույն կրթության որակի բարելավման և հայաստանյան բուհերի միջազգայնացման առումով և որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է ապահովել  ծրագրի շարունակականությունը: Ըստ նախարարի տեղակալի՝ ակնհայտ է, որ կրթության միջազգայնացումն աշխարհում տիրող պանդեմիայի հետևանքով խաթարված է: Փոխելով միջազգայնացման ձևը՝  առաջնահերթությունը տրվելու է «Միջազգայնացում տնից» բաղադրիչին՝ նախկինում լայն կիրառություն ունեցող շարժունության փոխարեն: Նշենք նաև, որ Եվրոպական միության «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրը համակարգել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը: Ընդգրկված են եղել նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, իսկ պետության մասնակցությունն ապահովել են ԿԳՄՍ նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի ԵՄ գործընկերներներն են  Իսպանիայի Կատալոնիայի պոլիտեխնիակական, ինչպես նաև Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարանները, Էստոնիայի Տալինի տեխնիկական համալսարանը, Շվեդիայի Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտը և Լիսաբոնի համալսարանը՝ Պորտուգալիայից:
14:31 - 13 հոկտեմբերի, 2020
Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից․ ՀՀ ԿԳՄՍՆ

Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից․ ՀՀ ԿԳՄՍՆ

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում: Հիշեցնենք, որ, արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանի նամակներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներին, մշակութային և կրոնական վայրերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ էր արել նաև զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց՝ ապահովել կրթության իրավունքը «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:
12:12 - 13 հոկտեմբերի, 2020
Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ համաշխարհային մշակույթի գանձարանում. ԿԳՄՍՆ-ի նոր նախաձեռնությունը

Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ համաշխարհային մշակույթի գանձարանում. ԿԳՄՍՆ-ի նոր նախաձեռնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ: «Արցախի գանձերը. Ձեռագրական ժառանգությունը Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում են նաև գրչության արվեստը և մատենագրությունը, ստեղծվում են գրչության կենտրոններ՝ իրենց մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով: 18-րդ դարի երկրորդ կեսին զարգացել է հայկական կազմարարությունը: Կաշվե կազմերի ձևավորման և զարդարման, կազմարձանագրությունների արտահայտման ինքնատիպ սկզբունքներով առանձնանում է Արցախ-Ուտիքի դպրոցը։ Այդ դպրոցի կազմերին բնորոշ են ծաղկադրոշմները, զարդապատկերները, ինչպես նաև ձեռագրերի լուսանցակողերի կապույտ գույնը»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։ Մանրամասները՝ https://escs.am/am/news/7284 
15:19 - 11 հոկտեմբերի, 2020
Հանրային քննարկման է ներկայացվել բուհերի բակալավրի 2021/2022 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը |shantnews.am|

Հանրային քննարկման է ներկայացվել բուհերի բակալավրի 2021/2022 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը |shantnews.am|

shantnews.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների: ՀՀ բուհերը, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը: Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական, ոչ պետական, բոլոր դիմորդների համար նախատեսվում է ապահովել ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն 2 ընդունելության քննության հանձնում, կամ թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականի փոխանցում նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից: Ներկայում վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում մաuնագի­տու­թյունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշով նշված առար­կաների համար` որպեu մրցութային գնահատական, դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեu­տատի կամ ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահա­տականը, իսկ դրա բացակայության դեպքում` տարեկան գնահատականը: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:
11:18 - 10 հոկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի վրա

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի վրա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն  Օդրի Ազուլեին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թիրախավորելու հարցով: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «»Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա: Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելլենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը»,- գրել է Հարությունյանը: Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով նախարարը ցույց է տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում: «Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները»,- գրել է Հարությունյանը:
21:15 - 09 հոկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է մրցույթները

ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է մրցույթները

Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Հիմք է ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ շատ քաղաքացիներ հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել են և այդ պատճառով զրկված են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։ Մրցույթների իրականացման գործընթացը կվերսկսվի ռազմական դրության ավարտից հետո, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ իրազեկում։
16:23 - 07 հոկտեմբերի, 2020
Բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրները

Բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:   Քննարկվել են պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը։ Նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակում բուհերի՝ որպես առավել մեծ թվով շահառու ունեցող հաստատությունների առանցքային նշանակությունը։ Ա. Հարությունյանն անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներին՝ կոչ անելով պատշաճ ուշադրություն դարձնել հակահամաճարակային կանոնների պահպանմանը` դրանով նաև աջակցելով բուժհաստատություններին։   Նախարարը կարևորել է նաև պատերազմի պայմաններում բուհերի բնականոն աշխատանքը ապահովելու, քաղպաշտպանության հետ կապված հարցերը կարգավորելու և այդ գործում ուսանողների ներգրավվածությունը խրախուսելու ուղղությունները:   Ռեկտորներն իրենց հերթին ներկայացրել են առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված գործողությունները: Նշվել է, որ ստեղծված իրավիճակում ուսումնական հաստատությունները ներգրավված են կամավորական աշխատանքներում. ուսանողները և դասախոսները շարունակական աջակցություն են ցուցաբերում դրա կարիքն ունեցող անհատներին և կառույցներին, կազմակերպում տարաբնույթ ակցիաներ:   Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև հեռակա սովորող ուսանողների և դիմորդների թեմային. քանի որ նրանց շարքում կան զորակոչվածներ և հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրվածներ, քննարկվել է այդ քաղաքացիների համար բուհերի հեռակա համակարգի ընդունելությունը պատերազմից հետո առանձին կազմակերպելու հնարավորությունը։  
12:56 - 07 հոկտեմբերի, 2020
Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար

Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող ռազմական ագրեսիան: Նա ընդգծել է՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` ուսումնական հաստատություններ, ինչը հատկապես համավարակի պայմաններում պետք է խստորեն դատապարտվի առաջադեմ մարդկության, միջազգային կառույցների կողմից: «Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում, անշուշտ, դանդաղում է կրթական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր առաջնային է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Տիկին Հելեն Ֆեյզին, համակարծիք լինելով նախարարի տեղակալի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական մյուս հաստատությունները չպետք է թիրախավորվեն: Կողմերը քննարկել են Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունը  և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Մարտիրոսյանը, կարևորելով կրթության ոլորտի համագործակցությունը, Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը հատկապես անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում, նշել է, որ արդյունավետ գործակցությունը կարող է շարունակվել և ընդլայնվել: Ա. Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտների բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, մշակվում են ոլորտային ռազմավարությունները՝ ընդգծելով այս հարցերում բրիտանական կողմի փորձագիտական աջակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր` պայմանավորվածություն ձեռք բերելով զարգացման օրակարգին անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո:
11:49 - 06 հոկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է Արցախի հերոսների մանկավարժներին

ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է Արցախի հերոսների մանկավարժներին

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի հերոսներ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, Էդգար Էդվարդի Մարկոսյանը, Յուրա Հայկարամի Ալավերդյանը, Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու) և Սերգեյ Սլավիկի Շաքարյանը, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու, հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար նախարարության բարձրագույն պարգևի՝ մեդալի են արժանացել Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ, Երևանի թիվ 78 հիմնական, Երևանի Թ. Կրպեյանի անվան թիվ 62 ավագ, Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ, Երևանի թիվ 150 հիմնական, Արարատի մարզի Վեդու թիվ 1 հիմնական դպրոցները, ինչպես նաև Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը, ԱՀ Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցը։ Միաժամանակ, «Ուսուցչի օրվա» կապակցությամբ մի խումբ մանկավարժներ ևս համավարակի պայմաններում հեռավար ուսուցման կազմակերպման ընթացքում տեղեկատվական հաղորդակցական գիտելիքներ և հմտություններ կիրառելու, առարկայական պատրաստվածություն ցուցաբերելու, ստեղծագործական աշխատանք կատարելու համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով։   ԿԳՄՍ նախարարության մեդալի են արժանացել Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի պատմության ուսուցիչ Արամ Ղանդիլյանը, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի լեզվի ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանը, Արմավիրի մարզի Լեռնագոգի միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մարինե Քամալյանը, Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական քոլեջի զինղեկ Կարեն Սարգսյանը։ Պատվոգրով են պարգևատրվել Երևանի թիվ 143 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Կարինե Կոստանյանը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Արմինե Գրիգորյանը, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սիրանուշ Սահակյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Կարապետյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նազելի Գիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը, ՀՀ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Արմինե Սաֆարյանը, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Ալինա Մովսիսյանը։ Եվս երեք տասնյակ մանկավարժներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրով։
09:59 - 06 հոկտեմբերի, 2020
Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները

Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները

Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստման համակարգի սկզբունքային նոր մոտեցում ցուցաբերել: Ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի հաստատած ժամանակացույցով: Գործընթացը զգալի չափով թվայնացվելու է՝ կրճատելով ժամանակն ու վարչարարությունը։ Մասնավորապես, ատեստավորման և վերապատրաստման ենթակա ուսուցիչների մասին ուսումնական հաստատությունների տնօրենները նշում են անելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ներբեռնելով նաև անհրաժեշտ տվյալները։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում լրացրած տվյալների հիման վրա նախարարությունը ինքնաշխատ կերպով կձևավորի ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները: Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները, որոնք մշակում են համապատասխան մոդուլներ՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Ուսուցիչը նախարարության հրապարակած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ընտրում է իր ցանկացած ընկերությունը, որի ծառայության դիմաց վճարում է դպրոցը՝ դրա համար հատկացվող միջոցներից: Գործընթացի էական փոփոխությունն է, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորելու է նաև դասընթացներ, այդ թվում՝ առցանց: Ուսուցիչները կարող են ընտրել ինչպես երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկի վերապատրաստումը, այնպես էլ երաշխավորված դասընթացներ։ Ընդ որում, հաշվի կառնվեն նաև ուսուցիչների՝ նախորդ տարիներին արդեն իսկ անցած վերապատրաստումները։ Այդ տեղեկատվության հիման վրա ուսուցիչները կստանան համապատասխան կրեդիտներ և հնարավորություն կունենան բաց թողնել վերապատրաստման տվյալ բաղադրիչը՝ կրճատելով դրա վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։ Վերապատրաստման ավարտից հետո ուսուցչին տրվում է վկայական, որտեղ նշվում է դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների մասին։ Վերապատրաստման ծրագրի բաղադրիչ են համարվում ՏՀՏ գործիքների և նոր մեթոդների կիրառումը: Վերապատրաստման մասնակից ուսուցիչները ներկայացնում են ավարտական հետազոտական աշխատանքներ: Վերապատրաստող կազմակերպությունը հաստատում է դրանցում ակադեմիական ազնվությունը և գրագողության բացակայությունը, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/): Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած և սահմանված նվազագույն կրեդիտները հավաքած ուսուցչին դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որը վավեր է ինչպես նույն դպրոցում, այնպես էլ աշխատանքի վայրը փոխելու դեպքում` այլ դպրոցում:
16:33 - 05 հոկտեմբերի, 2020