ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանություն է հրավիրվել «Ֆեյսբուք»-ի օգտատերը անչափահաս որդու հետ. տղան ասել է, որ գիրքը ոչ թե տվել են, այլ գտել է

Ոստիկանություն է հրավիրվել «Ֆեյսբուք»-ի օգտատերը անչափահաս որդու հետ. տղան ասել է, որ գիրքը ոչ թե տվել են, այլ գտել է

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերը անչափահաս որդու հետ: Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր։
19:20 - 27 մայիսի, 2020
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից․ Հայտարարություն

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից․ Հայտարարություն

Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում, մասնավորապես՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի, Աղավնավանքի, Գոշավանքի, Հայրավանքի, Մայրավանքի, Ծաղկեվանքի, Գեղարդավանքի, Ամբերդի և այլ սրբատեղիների հարակից տարածքներում և տեսարժան վայրերում՝ Շրեշտասարում, Շիկահողի արգելավայրում, Շառաչի և Խոսրովի անտառի ջրվեժների մոտակայքում և այլ վայրերում։Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով Պարետի որոշումները։
15:26 - 27 մայիսի, 2020
Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|

Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: Որպեսզի ինստիտուցիոնալ բարեփոխումը չլինի մակերեսային, այլ իրապես տեղի ունենա, մեզ անհրաժեշտ են որակական փոփոխություններ, հակառակ դեպքում մեր հանրությանը հազիվ թե հետաքրքրի բուն ծառայության անվանումը. իրեն պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն։ Այս մասին այօր ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քնննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին խնդրեց ամփոփիչ ելույթի ժամանակ ավելի մանրամասն ներկայացնել այն չափանիշներն ու պահանջները, որոնք պետք է ապահովեն որակական փոփոխություններ ոստիկանության համակարգում։ Խաչատրյանի համոզմամբ՝ եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի։ Այսպես նաեւ, եթե անցկացվում են նոր մրցույթներ, դրվում են նոր որակական պահանջներ: Շատ կարեւոր է, որ սահմանվեն նոր պահանջներ եւ չափանիշներ՝ կրթական, լեզվի իմացության, ֆիզիկական պատրաստվածության մասին։ Պատգամավորի խոսքով՝ նաեւ շատ կարեւոր է ոստիկանի պատրաստման, կրթական բազայի կատարելագործման ու զագացման հարցը։ Իհարկե, նա հաստատեց, որ սա միանգամից չի լինում, պետք է արվի զուգահեռաբար, հիմնավորեց, որ եթե այս համակարգին դեռ պատրաստ չեն մարդիկ, հայտարարվի մրցույթ, կունենանք մակերեսային փոփոխություններ։ Ավելին՝ armtimes.com-ում
12:38 - 27 մայիսի, 2020
Նոր պարեկային ծառայության ներդրման համար պետբյուջեի վրա բեռը կկազմի 4 մլրդ դրամ |armenpress.am|

Նոր պարեկային ծառայության ներդրման համար պետբյուջեի վրա բեռը կկազմի 4 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն նոր՝ պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ պետբյուջեի վրա բեռը կկազմի մոտ 4 մլրդ դրամ:  ԱԺ-ում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեlու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: «Երևանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության տարեկան աշխաատվարձային ֆոնդը շուրջ 3 մլրդ դրամ է: Իսկ նոր՝ նախատեսվող պարեկային ծառայության դեպքում ունենք 4,3 մլրդ դրամ: Բայց հաշվի ենք առնում, որ ՃՈ և ՊՊԾ-ի գծով մենք ունենք նաև պրագևատրման ֆոնդ: Եվ այդ ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 մլրդ դրամի հետ, մենք Երևանում մի բան էլ խնայում ենք»,-ասաց փոխնախարարն ու հիշեցրեց՝ խոսքը, սակայն, 2021 թվականի բյուջեի մասին է: Մեքենաների և սպառազինությունների գծով 3,3 մլրդ դրամի ծախս է հաշվարկված այս առումով: Սրանք շատ նախնական թվեր են, քանի որ ձեռքբերումները մրցույթներով են լինելու, հաղթելու է նվազագույնը գին-առաջարկը: Շինությունների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքների համար կհատկացվի 720 մլն, նոր շինություններ չեն կառուցվելու: «Այս բոլոր թվերի համադրմամբ պետական բյուջեի վրա բեռը ծառայության ներդրման ուղղությամբ 4 մլրդ դրամի կարգի է լինելու»,-նշեց փոխնախարարը:
12:23 - 27 մայիսի, 2020
Պարեկային ծառայողները վարչական արձանագրություններ կազմելու համար կունենան պլանշետներ |armenpress.am|

Պարեկային ծառայողները վարչական արձանագրություններ կազմելու համար կունենան պլանշետներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվող պարեկային ծառայության ներդրման արդյունքում վարչական արձանագրությունների կազմման գործընթացները առավելագույնս կավտոմատացվեն, պարեկային ծառայողները կունենան պլանշետներ: ԱԺ-ում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե արյդոք նախատեսվո՞ւմ է ստեղծել էլեկտրոնային որևէ հարթակ, որում մուտք կատարելով՝ վարչական իրավախախտման արձանագրություններն ավտոմատ կերպով կմուտքագրվեն համակարգ: «Լինելու է տեխնիկական հագեցման մաս՝ մասնավորապես էլեկտրոնային գործիքների ներդրմամբ, GPS քարտերի ներդրմամբ, բազաներին որոշակի հասանելիություն ունենալով, նաև տեսախցիկներով: Վարչական իրավախախտումների արձանագրումը տեսախցիկներով հնարավոր է: Եվ ավտոմատացումը կենտրոնական դեր է ունենալու: Արդեն ունենք ծրագիր՝ պարեկային ծառայողներին պլանշետներով հագեցնելու հնարավորություն, որպեսզի նրանք ձեռամբ արձանագրություններ չկազմեն: Դա հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տարբեր բազաներին և կազմել էլեկտրոնային արձանագրություններ»,-ասաց Գրիգորյանը: Նա նաև նշեց՝ պարեկային ծառայությունն անընդհատ շարժման մեջ է լինելու: Ուստի վարչական արձանագրությունների կազմման գործընթացը ավտոմատացվելու է առավելագույնս, որպեսզի ժամանակի խնայողություն արվի, ամեն մի իրավախախտման ժամանակ ծառայողը երկար ժամանակ կանգնած չմնա մի վայրում:
11:27 - 27 մայիսի, 2020
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում

ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները, ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության աշխատակիցները և ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջը հայտնում է, որ վարչական շրջանում վաղ առավոտից մեկնարկած շրջայցի և մշտադիտարկման ընթացքում վերահսկողական գործառույթներ է իրականացվել թվով 65 մարդատար տաքսի ավտոմոբիլներում և հայտնաբերվել է իրավախախտման 20 դեպք (առջևի նստատեղերում՝ վարորդի կողքին ուղևորի առկայություն)։Գործառույթներ են իրականացվել թվով 55 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հայտնաբերված իրավախախտումների թիվը կազմել է 4-ը, որից 3-ի դեպքում արձանագրվել է, որ միկրոավտոբուսի առջևի նստատեղերում փոխադրվում է միաժամանակ 2 ուղևոր, որոնք այդ պահին իջեցվել են տրանսպորտային միջոցից կամ նրանց առաջարկվել է տեղափոխվել միկրոավտոբուսի հետնամաս, իսկ 1 ավտոբուսի դեպքում վարորդը երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակի։ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախատումների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություններ։ Նշվում է, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ Դավթաշեն վարչական շրջանում Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։
20:44 - 26 մայիսի, 2020
ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը |armenpress.am|

ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: «Այս փաթեթի ընդունումը բխում է այս տարվա ապրիլի 23-ին կառավարության կողմից հաստատված՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է պարեկային ծառայության ստեղծումը: Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը»,-ասաց փոխնախարարը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5 ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Այս ընթացքում Երևանում գործարկման պայմաններում մարզերում գործելու են ՃՈ-ի երկրորդ սպայական գումարտակը և պարեկապահակային ծառայությունը՝ մինչև ողջ հանրապետությունում կներդրվի: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որ բացի զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթները, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն: Կենտրոնն ունենալու է ժամանկակից տեխնիկական հագեցվածություն, միացած է լինելու պարեկային ծառայության տեսախցիկներին:
17:37 - 26 մայիսի, 2020
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել |hetq.am|

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել |hetq.am|

hetq.am: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հարցին ի պատախան ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը։ Տիգրան Աթանեսյանը հայտնել է այն մասին, որ մայիսի 21-ին իր տան մերձակա տարածքում մի քանի անձ  հայհոյել ու սպառնացել են  իր տիկնոջն ու անչափահաս երեխաներին։ Այդ ժամանակ փաստաբանը տանը չի եղել։ Երբ կինը տեղյակ է պահել տեղի ունեցածի մասին, Աթանեսյանը տուն է եկել և, իր խոսքով, այդ մարդիկ հարձակվել իր վրա։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանության աշխատակիցներն են նրանց դեպքի վայրից հեռացրել։ Դեպքի առթիվ Աթանեսյանի ընտանիքի անդամները բացատրություններ են ներկայացրել։ Փաստաբանը դիմել է պահնորդական ծառություն՝ իր  տան անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Տեղի ունեցածը Տիգրան Աթանեսյանը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։
16:10 - 26 մայիսի, 2020
Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ |armtimes.com|

Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ |armtimes.com|

armtimes.com: Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ: Ձերբակալվածներից Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր բավավարել է իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Ստեփանյանի ձերբակալման որոշումը: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը դեռ չի ստացել: Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ Մարատ Ստեփանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ. «Կասկածանքը չի ընդունել, մնացած առումով ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից»: Պաշտպանը նշեց, որ Մարտիրոսյանը մինչ այս պահը ունի կասկածյալի կարգավիճակ: Մյուս քաղաքացու՝ Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ մեր զրույցում նշեց, որ Համբարձումյանին որեւէ ծանուցում ուղարկած չեն եղել, բերման են ենթարկել կոպիտ ձեւով, ապա՝ ձերբակալել: Ձերբակալման որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել, որը բավարարվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այդպիսով, Ստեփանյանի ձերբակալումը եւս ճանաչվել է ոչ իրավաչափ:Ավելին՝ Armtimes.com-ում։
19:11 - 25 մայիսի, 2020
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ

Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Մայիսի 18-ից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Մայիսի 18-ից մայիսի 24-ը ներառյալ ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են հիշյալ կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից և դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։ Մայիսի 18-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ հայտնաբերվել է 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են հիշյալ պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։ Մայիսի 18-ից մայիսի 24-ը ներառյալ հայտնաբերվել է 145 անձ, որոնք դիմակ չեն ունեցել։ Այս փաստերով ևս կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։
18:50 - 25 մայիսի, 2020
Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ Ոստիկանություն

Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ Ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ սկսած 2016 թվականից` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցում և կամերային նվագախմբում, 2015 թվականի սեպտեմբերից մեկ դրույքով հրամանագրվել է նաև Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում: Սակայն, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ըստ աշխատանքային պայմանագրի` ամեն օր, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը, աշխատանքի չի ներկայացել, բայց նրա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայությունները նշելու փոխարեն գրառումներ են կատարվել ներկա լինելու վերաբերյալ և 2015 թ. սեպտեմբերի մեկից մինչև 2020 թ. ապրիլ ամիսը վճարել մոտ 4 միլիոն դրամ:Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:
14:16 - 25 մայիսի, 2020
ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, ովքեր նշել են, որ Ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները, իրենք այցելել են Ոստիկանության բաժին, սակայն Ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Այս ահազանգերից քիչ անց փաստաբանները կրկին տեղեկացրել են, որ արգելանքի վերացված անձանցից երկուսն արդեն գտնվում են քննչական մարմնում: Փաստաբանների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան Ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ բերման ենթարկված և ազատ արձակված անձի վրա առա են մարմնական վնասվածքներ, Ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում, ինչպես նաև նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ: Ըստ ահազանգի՝ նա ներկայում հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները: «Ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թե ՛ կենտրոնական մարմինը, թե՛ Սյունիքի մարզային ստորաբաժանումը նախաձեռնել են անհրաժեշտ քայլեր: Աշխատանքներ են տարվել Ոստիկանության և քննչական մարմինների հետ: Կապի մեջ ենք փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: Այս հարցով մենք կապի մեջ կլինենք քննչական մարմնի հետ: Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ Ընդ որում, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև: Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի Դատախազություն և Ոստիկանություն։ Փաստաբանները նշել են, որ ահազանգից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին առավոտյան կներկայացնեն լրացուցիչ գրավոր բողոք, ինչը նույնպես հաշվի կառնվի մեր գրավոր պահանջները կազմելիս: Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-գրել է Թաթոյանը։ Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիների ահազանգերի, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանք ծեծի են ենթարկվել: ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:
17:25 - 24 մայիսի, 2020