ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Էդուարդ Մարտիրոսովն առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին |hetq.am|

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Էդուարդ Մարտիրոսովն առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին |hetq.am|

hetq.am: Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին ադրբեջանական կողմում հայտնված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը, ադրբեջանական կողմի պնդմամբ, առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին։ Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։ Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ, սակայն ԱԳՆ-ից չպատասխանեցին մեր զանգերին։  Հիշեցնենք՝ 2022թ․ ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։
17:00 - 25 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Մայիսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Պաշտպանության նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը: Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ քարտուղարին առաջարկել է բոլոր ընդունված փաստաթղթերի ստորագրումը կազմակերպել անհատական կարգով: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացումը ծրագրվել է 2022 թ. չորրորդ եռամսյակում, Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության վեհաժողովի նախօրեին:
16:15 - 24 մայիսի, 2022
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործով, հսկողություն իրականացնող դատախազի տրված ցուցումի պահանջների կատարման արդյունքում, ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մարտական կարգադրությամբ պաշտպանության հարավային ուղղությամբ նշանակված է եղել զորախմբի հրամանատարի պաշտոնում։ 2020թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։ Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Արդյունքում հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է: Ա․Մ․-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Իր հերթին ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված՝ իրենց երթուղին և վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու և այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու մասին հանձնարարականը, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում և միջոցներ չի ձեռնարկել ընդունված որոշման կենսագործման ուղղությամբ։ Դրա հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020թ․հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն զորամասի շտաբի պետ՝ տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հանձնարարել է իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի որդուն՝ պայմանագրային զինծառայողին, հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Այդ կերպ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ վերջինս զորամասի հիմնական կազմի հետ միասին գտնվել է մարտական ծառայությունում։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երկրորդ դրվագով ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետ և տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
10:53 - 24 մայիսի, 2022
Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, մայիսի 19-ին պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ  մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները, հետագա քայլերը և համագործակցության հնարավորությունները Պատվիրակության անդամներն այցելել են նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացել «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի դասավանդման ծրագրի ներդրման գործընթացին և մեթոդաբանությանը:
16:49 - 20 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է 3-րդ բանակային զորամիավորում: Զորամիավորման շտաբում նախարարը ծանոթացել է սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող աշխատասենյակների տեխնիկական հագեցվածությանը։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարական կազմի հետ, քննարկել զինված ուժերի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը զորամիավորման տարածքում կառուցված հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Այցի ընթացքում պաշտպանության նախարարը եղել է զորամիավորման զորամասերում, ԶՈՒ լեռնային ուսումնական կենտրոնում, ծանոթացել զորամասերի կենցաղային, զորանոցային, մարզական, մարտական պատրաստության պայմաններին, ծանոթացել ընթացող վերանորոգման աշխատանքներին: Սուրեն Պապիկյանը զորամասերի հրամանատարների և զինծառայողների հետ քննարկել է զինված ուժերի արդիականացմանը վերաբերող հարցեր և վստահեցրել, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու և բանակի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, շրջել մասնաշենքերում, այնուհետև զրուցել սաների հետ: Նախարար Պապիկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են լայնածավալ բարեփոխումներ՝ ռազմական կրթության որակն էականորեն բարձրացնելու նպատակով, և որ զուգահեռաբար պատրաստվում է նաև զինծառայողների բնակարանային ապահովման փաթեթ, որը կբարձրացնի սպայական ծառայության գրավչությունը:    
11:02 - 20 մայիսի, 2022
Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով կալանավորվել են համածառայակիցները

Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով կալանավորվել են համածառայակիցները

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2022 թվականի մայիսի 11-ին ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝ ինքնասպան էր եղել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով  և  360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:13 - 16 մայիսի, 2022
Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով ձերբակալվել են երկու համածառայակիցները

Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով ձերբակալվել են երկու համածառայակիցները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել: 2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:43 - 13 մայիսի, 2022
Ըստ ՔԿ-ի՝ զինծառայող Արգիշտի Եղյանը, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով, ինքնասպան է եղել

Ըստ ՔԿ-ի՝ զինծառայող Արգիշտի Եղյանը, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով, ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
13:23 - 12 մայիսի, 2022