ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սուրեն Պապիկյանը կարևորել է Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ ԶՈԻ բարեփոխումներին

Սուրեն Պապիկյանը կարևորել է Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ ԶՈԻ բարեփոխումներին

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ: Անդրադառնալով Հայաստան-Կանզաս ռազմական համագործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրականացվում են արդյունավետ միջոցառումներ խաղաղապահության, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող  մի շարք հարցեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ են փոխանակվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում խաղաղության և կայունության ամրապնդման վերաբերյալ:
14:28 - 03 մայիսի, 2022
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին
 |1lurer.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին:  Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ ծանոթացել են Էդուարդ Մարտիրոսովի պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքի հետ: Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Սա մեր առաջին տեսակցությունն էր այդ անձին: Կարմիր խաչի կոմիտեի ձևաչափի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի և Կարմիր խաչի ուղերձի տեսքով: Տեսակցության առանցքում էր առաջին հերթին գրանցել նրան և ստուգել պահման պայմանները, նրա առողջական վիճակը, իսկ այնուհետև հույս ունենք, որ նման այցերը, քանի դեռ նա այնտեղ է, կլինեն պարբերական: Պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ ճանապարհին, կորել է կապը զինծառայողի հետ: Պարզվել էր, որ Մարտիրոսովը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում, և ձեռնարկվում են քայլեր նրան վերադարձնելու ուղղությամբ:    
17:19 - 02 մայիսի, 2022
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է համածառայակիցը

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է համածառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում: 2022թ. ապրիլի 29-ին համածառայակիցը ձերբակալվել է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:22 - 29 ապրիլի, 2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Նախարարը հետաքրքրվել է հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար: Այցի արդյունքներով՝ պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ:    
23:12 - 28 ապրիլի, 2022
Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է հարվածային անօդաչուների փորձարկումներին

Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է հարվածային անօդաչուների փորձարկումներին

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում։ Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։ Պաշտպանության նախարարը զորամասում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի և 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև «Բաղրամյան» զորավարժարանում, հետևել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին։
18:20 - 27 ապրիլի, 2022
ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերից մեկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, ի թիվս այլնի, հրապարակեց օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի վերաբերյալ որոշ ամփոփ տվյալներ։ Նա, մասնավորապես, ասաց․ «Մենք ունենք տարեկան մոտավորապես 8000-10․000 զինծառայող, ովքեր ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրների հիման վրա կամ այլ խնդիրներ ունենալով... Վերջին 8 տարվա մեջ մենք 60․000-ից ավելի զորակոչիկի ազատել ենք պարտադիր զինվորական ծառայությունից»։ Նիստից հետո՝ փետրվարի 25-ին, մենք գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե 2000-2021 թթ ընթացքում ամեն տարի ՀՀ քանի՞ քաղաքացի է ազատվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից եւ քանի՞ քաղաքացի՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Խնդրեցինք հայտնել նաեւ, թե ազատումներից յուրաքանչյուրը օրենքով նախատեսված ո՞ր հիմքով է եղել (առողջական, այլ պետությունում ծառայած լինելու, բացառիկ եւ այլն)։ Մարտի 4-ին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված էր գրության մեջ։ Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, սական, ՊՆ-ն պատասխանը չտրամադրեց։ Մեկ ամիսը լրանալուն պես՝ մարտի 26-ին, մենք զանգահարեցինք թե՛ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն, սովորության համաձայն, մեր զանգերը մի քանի օր շարունակ մնացին անպատասխան։ Միայն մարտի 29-ին մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ, որից հետո՝ մարտի 30-ին, ստացանք հարցման պատասխանը հետեւյալ բովանդակությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկություաների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի N 9-Ն հրամանի 55-րդ կետի պահանջները»: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, իսկ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հիշյալ դրույթը ամրագրում է, որ գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն: Նախարարի հիշյալ հրամանի համաձայն էլ՝ գաղտագրման ենթակա տեղեկությունների թվում են ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։ ՊՆ այս պատասխանը, իհարկե, սպառիչ կլիներ, եթե պատգամավորը նույնաբովանդակ տվյալներ հրապարակած չլիներ։ Այնուհանդերձ, համոզվելու համար, որ Հայկ Սարգսյանի հրապարակած տվյալների աղբյուրը հենց պաշտպանական գերատեսչությունն է, գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետական որ կառույցը կամ պաշտոնատար անձն է տրամադրել իր հրապարակած թվային տվյալները, որն է դրանց աղբյուրը, եւ խնդրեցինք հնարավորության դեպքում տրամադրել դրանք ավելի ամբողջական տեսքով։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված տեղեկության հիմքում ընկած են հաշվարկներ, իսկ հաշվարկների համար օգտագործվել են գաղտնի եւ ոչ գաղտնի տվյալներ, որոնք տրամադրել են ՀՀ ՊՆ-ն եւ ԳՇ-ն․ «Առավել մանրամասներ չեմ կարող հայտնել այս մասով, միայն կարող եմ հավելել, որ ազատվածների 15․3 տոկոսը պիտանի են ծառայության համար եւ ազատվել են այլ հիմքերով։ Հաշվարկների համար օգտագործված թվերը միչեւ 2020 թվականը ընկած, վերջին 10 տարիների միջինացված թվերն են»,- ասված էր պատգամավորի պատասխանում։ Լրացուցիչ հարցմամբ խնդրեցինք տրամադրել հաշվարկների հիմքում ընկած ոչ գաղտնի տեղեկությունները, ինչին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը տրամադրեց 1984-2001 թթ ծնված տղաների թվաքանակը ՀՀ-ում՝ կից գրությամբ․ «Այս տարեթվերին գումարելով 18՝ ստանում ենք որքան զինծառայող պետք է զորակոչվի 18 տարի հետո։ Այսինքն 2000 թվականին ծնվածները զորակոչվում են 2018 թվականին։ Իհարկե, սա հաշվարկների մեջ շատ չնչին դեր ունեցող տվյալ է, սակայն այստեղ տարակուսելին այն է, որ 1984 -ից 2001 թվականների ընթացքում՝ ընդամենը 17 տարում, ծնված տղաների թիվը կրճատվել է 23502-ով կամ 2,3 անգամ»։ Պարզ է, որ Սարգսյանի տրամադրած այս տվյալները կապ չունեն ՊՆ-ի կամ ԳՇ-ի հետ, նա ինքն էլ նշել է, որ դրանց աղբյուրը Քաղաքացիական կացության ծննդյան վերաբերյալ ակտերն են։ Ուստի անհասկանալի է մնում՝ եթե օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների թվային տվյալները գաղտնիք էին, ապա ինչու է պատգամավորը դրանցից որոշները հրապարակել Հանձնաժողովի նիստում, իսկ եթե գաղտնիք չէին, ապա ինչու ՊՆ-ն, հետագայում նաեւ՝ պատգամավորը, չեն տրամադրում դրանք լրատվամիջոցին։ Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունը Infocom-ի հարցմանն ի պատասխան մերժել է տեղեկության տրամադրումը պետական եւ ծառայողական գաղտնիք համարվելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է նույն այդ տեղեկության վերաբերյալ որոշ տվյալներ։   Միլենա Խաչիկյան
16:54 - 26 ապրիլի, 2022
Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանի միջեւ հեռահար բանավեճը, օրերս թյուրըմբռնման տեղիք տվող մի հայտարարություն է արել։ Նախկին եւ ներկա պաշտոնյաների բանավեճը վերաբերում է ՀՀ զինված ուժերի սպառազինության վիճակին։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա։ Մինչդեռ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, հակադարձելով Փաշինյանի այս հայտարարությանը, ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Անդրադառնալով այս թեմային՝ ժամեր անց «Հրապարակ»-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը, ի թիվս այլնի, ասաց, որ ե՛ւ Փաշինյանը, եւ՛ Տոնոյանը ստում են․ «Տոնոյանը՝ որպես պաշտպանության նախարար, պիտի հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ»։ Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ խոսում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, իսկ Մովես Հակոբյանը պարզապես նշում է զարգացման պլան։ Այս հանգամանքը կարեւոր է այնքանով, որ զարգացման որոշ պլաններ Անվտանգության խորհրդի լիազորությունների տիրույթում են, սակայն կոնկրետ Տոնոյանի կողմից մատնանշված զարգացման ծրագիրը դրանց թվում չէ։ Մասնավորապես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ԱԽ-ն, ի թիվս այլնի, հաստատում է զինված ուժերի զարգացման պլանը, այլ զորքերի զարգացման պլանը եւ այլ պլաններ։ Մինչդեռ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության լիազորությունների ցանկում է։ Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Կառավարության՝ այդ տարի հաստատված ծրագրի «Զինված ուժերը» ենթաբաժնում նշված է, որ քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը եւ ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։  Այսինքն՝ իշխանափոխությունից հետո Կառավարությունը իսկապես մտադրված է եղել վերանայել եւ/կամ վերահաստատել «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը»։ Այնուհանդերձ, հնարավոր չէ ասել, թե ինչ փոփոխություններով եւ երբ է այն ի վերջո վերահաստատվել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ առկա չեն։ Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է ոլորտի գաղտնիությամբ։ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի, մարտական կիրառության հնարավորությունների եւ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ կարող են դասվել պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ «ՀՀ ՊՆ համակարգի գաղտագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանով էլ՝  այդ տեղեկությունները դասվել են պետական գաղտնիքի շարքին։ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի» վերանայման մասին Տոնոյանը խոսել է նաեւ պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարի 25-ին՝ Մեդիամաքսին տված իր հարցազրույցում։ Նա, մասնավորապես, ասել է հետեւյալը․ «․․․ Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։  Տոնոյանի այս խոսքից էլ պարզ է դառնում, որ ԶՈՒ զարգացման պլանը խմբագրվել եւ ընդունվել է ԱԽ-ի կողմից, այնինչ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» այդ պահի դրությամբ Կառավարության կողմից վերանայման փուլում է եղել։ Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատելու լիազորությունը Կառավարությունից փոխանցել Անվտանգության խորհրդին։ Սակայն սա ընդամենը նախագիծ է, եւ առայժմ իրավական որեւէ ուժ չունի։ Ազգային ժողովի պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում այն ներառված չէ ո՛չ ամբողջությամբ ընդունվածների, ո՛չ օրակարգում ընդունված նախագծերի, ո՛չ էլ դեռեւս չընդունվածների ցանկում։ Հրապարակված օրակարգերի համաձայն՝ այն դեռեւս չի քննարկվել նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ Կառավարության նիստերում։ Այսպիսով, Մովսես Հակոբյանի այն հայտարարությունը, թե Դավիթ Տոնոյանը պետք է իմանար, որ զարգացման պլանը հաստատում է ոչ թե Կառավարությունը, այլ ՊՆ-ն, միանշանակ չէ։ Եթե Հակոբյանը նկատի է ունեցել հենց «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», որի մասին խոսում էր Տոնոյանը, ապա նա սխալ է, որովհետեւ այդ ծրագիրը օրենսդրական գործող կարգավորումների շրջանակում իսկապես Կառավարությունն է հաստատում։ Իսկ եթե Հակոբյանը նկատի է ունեցել ԶՈՒ զարգացման պլանը, ապա նա ճիշտ է, որ դա հաստատում է ԱԽ-ն։ Սակայն այդ պարագայում էլ ճիշտ չէ պնդել, թե Տոնոյանը ստում է, որովհետեւ Տոնոյանը այդ պլանի մասին չէր խոսել։   Միլենա Խաչիկյան
12:30 - 26 ապրիլի, 2022
Oրենսդրական պահանջների խախտմամբ գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Oրենսդրական պահանջների խախտմամբ գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ զինվորական դատախազությունում 2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նրանք խախտել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա հետևանքով 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում, 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Նշվում է, որ վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:23 - 26 ապրիլի, 2022