ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Իմ տեսակը հանձնվողներից չէ․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ հրաժարականի պատճառների մասին

Իմ տեսակը հանձնվողներից չէ․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ հրաժարականի պատճառների մասին

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հրաժարականի պատճառներին: «Հարգելի՜ հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն: Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում՝ ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018 թ.-ից: Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պրոֆեսիոնալներին ում հետ բախտ ունեցա աշխատել վերջին երկու տարիների ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, բուհերի ռեկտորներին, կրթության բոլոր շահառուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին և իմ շատ սիրելի սպորտսմեններին: Բոլորին ցանկանում են քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք հանուն մեր պետության ապագայի և քաղաքացիների արժանապատիվ կյանքի»,-գրել է նախկին փոխնախարարը: Հիշեցնենք, որ երեկ Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, այն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել էր:
15:39 - 25 սեպտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից: ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ հրամանով սահմանվել են ուսհաստատություններում կանխարգելիչ ու սանիտարահակահամաճարակային միջոցառումների և աշխատանքի ընդհանուր կազմակերպումը, տարածքների ախտահանմանը, սննդի կազմակերպմանը և սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև սովորողներին ներկայացվող պահանջները։ Հաստատվել են նաև ախտահանման գործընթացի, սովորողների և անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ գրանցամատյանները և ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկը։ Ըստ ԿԳՄՍ նախարարությա հաղորդագրության՝ սահմանվել է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, որի կողմից նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Վերոնշյալ հրամանով լրամշակվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ, մասնավորապես ամրագրվել է՝ Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը,4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը, դրանք պարտադիր ախտահանվում են:7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-անոց սպիրտային հիմքով։ Մասնագիտացված և հատուկ դպրոցների մասով սահմանվել են գործունեության հստակեցված կանոններ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։
13:30 - 25 սեպտեմբերի, 2020
Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ

Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տիկին դեսպանն ասել է, որ ուշի-ուշով հետևել են վերջին երկուսուկես տարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքերով, իրականացվող բարեփոխումները վերջնականացնում են հեղափոխության օրերին սկիզբ առած գործընթացները: Եվրամիության անդամ Լիտվայի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պատրաստ են աջակցել մեր երկրին բազմավեկտոր բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ողջունելով դիվանագետին՝ նախարար Ա.Հարությունյանը ներկայացրել է կատարված և ընթացիկ աշխատանքները․ նա նշել է, որ արդեն փոխվել են նախադպրոցական կրթության, հանրակրթության մասին օրենքները, վերանայվում է Հանրակրթության պետական չափորոշիչը, շրջանառվում է բուհերի ու գիտության բնագավառները կարգավորող օրենքի նախագիծը, մշակման փուլում են ոլորտային ռազմավարությունները: Նախարար Ա.Հարությունյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը` փաստելով, որ Հայաստանի դպրոցների շուրջ կեսում արդեն գործում են ինժեներական լաբորատորիաներ։ Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված են ԲՏ ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ։ Տիկին Ի.Ստանիտե-Տոլոչկինեն նաև անդրադարձել է լիտվացի ճարտարապետ Յուրգիս Բալտրուշակտիսի անվան կրթաթոշակի հաջողությամբ իրականացվող ծրագրին և եկող տարի մշակույթի բնագավառում երկկողմ նախագծեր և սպորտի ոլորտում մրցաշարեր անցկացնելու հնարավորությանը՝ միևնույն ժամանակ կարևորելով Լիտվայում հայ համայնքի ակտիվ գործունեությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-լիտվական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր:
11:34 - 25 սեպտեմբերի, 2020
Կփոխհատուցվեն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

Կփոխհատուցվեն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

Հանրային քննարկման ենք ներկայացրել մանկավարժներին և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը, որով առաջարկում ենք մի շարք փոփոխություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «-Առաջարկում ենք երեխաների տրանսպորտային ծառայությունները փոխհատուցել՝ անկախ հեռավորությունից, եթե երեխան իր փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ. մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում է այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում – հստակեցվել է շահառուների շրջանակը՝ նշելով, օրինակ, զինղեկներին, որոնց մասով հաճախ թյուրընկալումներ էին լինում, հստակեցված է, որ 2022-ից կարգը կգործի նաև ուսուցչի օգնականների և հատուկ մանկավարժների համար. -0.5-ից ավել հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների վրա, այլ նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա. -Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ. – լուծում է առաջարկվել այն դեպքերի համար, երբ չկա միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղի և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայությունների ց օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից, այսինքն ենթադրվում է, որ արդյունավետ չի լինի նաև միավորվել, համատեղ օգտվել, օրինակ, մեկ տաքսուց, այս դեպքում վերջիններիս տրամադրվող փոխհատուցման չափը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ»,- գրել է նա։
09:40 - 25 սեպտեմբերի, 2020
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայսատանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին ծրագրի հաջող իրագործման համար՝ հատկապես կարևորելով գյուղատնտեսական ոլորտում կրթության դերի բարձրացումը կրթական բարեփոխումների այս շրջանում: «Վերջին շրջանում պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական ոլորտին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, և սա կարևոր քայլ էր Ագրարային համալսարանի կողմից: Կրթությունը մեկ քայլ առաջ պետք է լինի, քանի որ գիտելիքով զինված մարդիկ են, որ վաղը պետք է նոր ջերմոցներ ու հիդրոպոնիկ ջերմատներ բացեն: Սա նաև լավ մոտիվացիա է սովորողների ու դիմորդների համար, որոնք հստակ մասնագիտական կողմնորոշմամբ կգան համալսարան»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսկերպ ընդլայնվում են նաև ուսանողների և դասախոսների կրթական գործընթացի հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ նշել է, որ կրթական ոլորտը նոր շունչ է ստացել, և սա նոր խոսք է գյուղատնտեսական ոլորտում: Նա նաև անկեղծացել է, որ լինելով Ագրարային համալսարանի շրջանավարտ՝ միշտ երազել է Հայաստանում ևս տեսնել գյուղատնտեսական ուղղվածության՝ աշխարհի առաջադեմ համալսարանների մոտեցումը: Նշենք, որ ՀԱԱՀ բակում տեղակայված վերակառուցված ջերմատունը բաժանված է 4 առանձին ջերմոցների, որտեղ ուսանողների մասնակցությամբ և դասախոսների ղեկավարությամբ մշակվում են տարբեր մշակաբույսեր: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Ճապոնիայի կառավարության անունից ողջունել է ներկաներին՝ ասելով. «Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ ծրագիրը լիովին համահունչ է պետության գերակայություններին: Ջերմատան նոր գործնական վերապատրաստման հնարավորություններից կօգտվեն ինչպես Ագրարային համալասարանի ուսանողները, այնպես էլ ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի շուրջ 70 սովորող»: Ծրագրին աջակցել են նաև բոստոնահայ գործընկերներ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաև «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ն, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բարձր տեխնոլոգիական մեքենայացված Ֆարմ-Բոտ ռոբոտը: Ներկաները շրջել են ջերմատան տարածքում, հետևել Ֆարմ-Բոտի կատարած աշխատանքին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ ուսանողներն արդեն իսկ մեծ ոգևորությամբ են մասնակցում դասերին՝ դրանք որակելով որպես արդյունավետ գործնական դասեր ջերմոցային ճիշտ միջավայրում: «Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բարձր տեխնոլոգիաները կիրառվել գյուղատնտեսության մեջ»,- եզրափակել է նա:
19:45 - 24 սեպտեմբերի, 2020
«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|

«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կվերսկսվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում Դիանա Գալոյանը, որը ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցութում հաղթել էր, դիմելով բուհի բոլոր դասախոսներին, հորդորեց սկսել դասերը։ Գալոյանը տեղեկացրեց, որ բուհի անձնակազմը պատրաստվում է պայքարն այլ հարթակներով ու այլ ձեւաչափով շարունակել: Նա չշտապեց տեղեկացնել՝ ի՞նչ նկատի ունի նոր գործիքակազմ ասելով, նշեց, որ պայքարը կարող է իրականացվել սոցիալական հարթակների միջոցով, իրավական դաշտում կամ այլ տարբերակով: Ձեւափափը կորոշի կազմկոմիտեն: Գալոյանը տեղեկացրեց, որ երեկվա հայտարարությամբ, որտեղ նշել էին ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին, երկխոսության էին հրավիրել նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, բայց արձագանք չեն ստացել: Ուսումնական գործընթացը դադարեցվել էր, քանի որ ՀՀ կառավարությունը չի հաստատել ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթի արդյունքները: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ անորոշ վիճակը վնասում է բուհին, որպես օրինակ նշեց, որ ՀՊՏՀ-ն միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, սակայն գործընկերները չեն կնքում պայմանագրեր ռեկտորի պարտականությունը կատարողի հետ: Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը խոսքն ուղղեց բուհի խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին: «Ես պարոն Առաքելյանին խորհուրդ կտամ ընթերցել Որակի ապահովման ազգային կենտրոնի հաշվետվությունը՝ մեր բուհի վերաբերյալ: Սեւով սպիտակի վրա գրված է մենեջմենթի հաճախակի փոփոխությունների, խնդիրների նաեւ, օրինակ, կառավարման խորհրդի որոշ անդամների իրենց առաքելությունը շատ լավ եւ շատ խորը չըմբռնելու եւ այլ խնդիրների մասին, դա միայն մեր բուհին չի վերաբերում»: Նա նշեց, թե կարծում է, որ լիազոր մարմինը եւ հիմնադիրը բուհերի կառավարման խորհրդի անդամներ նշանակելիս շատ լուրջ ընտրություն պետք է կատարեն անհատների միջեւ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:17 - 24 սեպտեմբերի, 2020
Ազգային ինքնությունը կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. ԿԳՄՍ նախարար

Ազգային ինքնությունը կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին: «Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա տարիներին իր առաջարկած ծրագրերն իրականացնել մեզ համար կարևոր մշակութային հաստատությունում: Վստահ եմ, որ նախարարության և մրցույթին մասնակցած մեր գործընկերների աջակցությամբ տիկին Թորոյանը կյանքի կկոչի իր առաջարկած հետաքրքիր գաղափարները»,- նշել է Ա.Հարությունյանը: Նախարարը նշել է, որ թանգարանի նմուշները պետք է հավուր պատշաճի ներկայացվեն հանրությանը: «Թանգարանում ունենք ժողովրդական արվեստի գանձեր, որոնք հասանելի չեն մեր հանրությանը: Այդ ամենի հանրահռչակումն է, որ բարձրացնում է ազգային գիտակցությունը, և դա պետք է արվի նաև 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիական գործիքներով: Դպրոցական աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել աշակերտներին, քանի որ Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության գործողությունները հաջորդ տասնամյակներում հենց նրանք են իրականացնելու: Ռազմավարությունում ազգայինն անցնում է կարմիր թելով, ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով: Որևէ մշակութային հաստատություն ես այլևս չեմ պատկերացնում առանց կրթության: Նախարարությունների միավորումը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետև մենք չենք պատկերացնում մշակույթն առանց կրթության և կրթությունը՝ առանց մշակույթի»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել թանգարանի արդեն նախկին տնօրեն Հովիկ Հովեյանին վերջին տարիներին իրականացրած աշխատանքի համար. «Վստահ եմ` այն լավագույն ավանդույթները, որ եղել են թանգարանում և նաև Ձեր կառավարման տարիներին ներդրվել են, կշարունակվեն և լավ հիմք կհանդիսանան այս հաստատության հետագա զարգացման համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել թանգարանի աշխատակիցներին և վստահություն հայտնել, որ նրանք կաջակցեն նոր տնօրենին՝ իր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում, քանի որ դրանք կարող են իրագործվել միայն, եթե կա անձնակազմի աջակցությունը և ըմբռնումը»,-ասել նախարարը: Հովիկ Հովեյանն իր հերթին հաջողություն է մաղթել նորընտիր տնօրենին՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի հետաքրքիր և ինքնատիպ հաստատություն հանդիսացող թանգարանում ձևավորված լավագույն ավանդույթները: Նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանի խոսքերով, թանգարանն ունի հսկայական ռեսուրս, որն օգտագործելով՝ կարելի է մեր մշակութային արժեքները հանրահռչակել ամբողջ աշխարհում: «Հուսով եմ, որ թանգարանի յուրաքանչյուր աշխատակից կդառնա մեր ընդհանուր նպատակների և գաղափարների կրողը և կունենա ընդհանուր երազանք»,-եզրափակել է Թորոյանը:
15:55 - 24 սեպտեմբերի, 2020
Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին |armtimes.com|

Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր դաս չկա, փոխարենը բուհի բակում բաց քննարկում է։ Հավաքվել են ուսանողներն ու դասախոսական կազմը։ Հավաքի պատճառը ՀՀ կառավարության կողմից ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները դեռեւս չհաստատելն է։ Հավաքվածներն այսօր արդեն չեն պնդել, թե մինչեւ արդյունքների հաստատումը դասապրոցեսը չի վերսկսվելու: Ասել են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ-երկու օրից ու որ իրենց նպատակը պարզապես խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է: Բուհն անորոշ վիճակից տուժում է։ Նշենք, որ քննարկման նպատակն այն է նաեւ, որ իրենց դժգոհությունը ներկայացնեն ուսանողները։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահը նշեց, որ ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն։
11:59 - 24 սեպտեմբերի, 2020
Լսողության և խոսքի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների դիմակների կրումը պարտադիր չէ․ ԿԳՄՍՆ

Լսողության և խոսքի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների դիմակների կրումը պարտադիր չէ․ ԿԳՄՍՆ

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ, Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝ 1️․ ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում, 2️․յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ, 3․ յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․ 4️․ Յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ, 5️․ Պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ, 6․ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են: 7․սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։
09:11 - 24 սեպտեմբերի, 2020
Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը՝ հոկտեմբերի 15-ից

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը՝ հոկտեմբերի 15-ից

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի: Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, որում նշված լինի, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել դրսեկը և որ առարկաներից: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար: Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ: Ինքնակրթությամբ զբաղված անձը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով: Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև։
14:01 - 23 սեպտեմբերի, 2020
Էականորեն ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում

Էականորեն ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: Այն արդեն 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Կահիրեի (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանները, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանը և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումն հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։ Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի և հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնել հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնել միջազգային հեռաքրքրությունը մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչպես նաև տեղի հայ համայնքներում նպաստել հայկական արժեքների պահպանմանը: Դասավանդումն իրականացվում է հիմնականում տեղի հայագիտական ոլորտի կադրերի կողմից, երբեմն նաև Հայաստանից գործուղված մասնագետի միջոցով (Բուխարեստի համալսարան): Հաստատություններում հայերենի իրավական կարգավիճակը տարբեր է. Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայերենը դասավանդվում է 3 ուսումնական տարի՝ լեզվաբանների համար։ Բուխարեստում այն ընտրովի առարկա է։ Պրահայում և Զալցբուրգում դասավանդվում են նաև այլ հայագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Հայ քրիստոնեության պատմություն, Հայ գրականություն և այլն։ 2020 թ․ առաջին անգամ ֆինանսավորվել են հետազոտական աշխատանքներ, որի նպատակով հուշագիր է ստորագրվել Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուի և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ: Հարկ է նշել, որ ԿԳՄՍՆ–ն հետևողական աշխատանքներ է տանում արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ:
11:39 - 23 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Նախարար Ա.Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նախ, շնորհավորել է տիկին Հաթինգին նշանակման կապակցությամբ և ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջող փորձառությունը նաև հետայսու շարունակելու ցանկություն կա: Նրա խոսքերով, բարեփոխումների առանցքում երեխաների իրավունքների պաշտպանությունն է, մասնավորապես, կրթության իրավունքի իրացումը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մենք նույն ալիքի վրա ենք նշված ուղղություններով և հույս ունենք ջանքերը մեկտեղելով ավելի մեծ արդյունքներ գրանցել»,-ասել է Ա.Հարությունյանը: Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել` պատրաստ են աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին: Ի պատասխան նախարար Ա.Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին շուրջ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների: Նա նաև արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության պարագայում կրթական գործընթացները վերսկսելն իսկապես լուրջ մարտահրավեր է շատ երկրների համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախադպրոցական կրթության թեմային, հայտնել է, որ նոր օրենքի ընդունումից հետո անելիք շատ կա. մինչև 2023 թվականն այդ բնագավառում նույնպես անցում է կատարվելու համընդհանուր ներառակության: Տիկին Հաթինգն էլ ասել է, որ պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է «Գլոբալ գործընկերություն կրթության ոլորտում» (Global Partnership for Education) միջազգային կազմակերպության հետ հնարավոր համագործակցության մասին, որի շրջանակներում կարևորվել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցային դերը:
12:54 - 22 սեպտեմբերի, 2020
Մոտ 103 մլն դրամ՝ Ազգային կինոկենտրոնին, մոտ 48 մլն դրամ՝ Սունդուկյանի անվան թատրոնին. վերանորոգման հատկացումներ կարվեն

Մոտ 103 մլն դրամ՝ Ազգային կինոկենտրոնին, մոտ 48 մլն դրամ՝ Սունդուկյանի անվան թատրոնին. վերանորոգման հատկացումներ կարվեն

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարկանի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորություն է՝ բացառելու կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը։ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Սանհանգույցներում կիրականացվեն կապիտալ վերանորոգում և գույքի փոխարինում: Հիմնովին կվերանորոգվեն նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 2 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար: Ձեռքբերվող նոր սարքավորումները, որոնց հիմնական մասը LED համակարգի է, կտեղադրվեն թատրոնի մեծ և փոքր բեմերում: Դա հնարավորություն կստեղծի կազմակերպելու զուգահեռ ներկայացումներ: Ձեռք կբերվի նաև մշուշի, ծանր ծխի և ձյան գեներատորներ, որոնք կավելացնեն հատուկ էֆեկտների հնարավորությունը: Սարքերը բազմագույն են, բազմաֆունկցիոնալ և հաշվի առնելով LED տեսակները, հնարավորություն կտան տնտեսել էներգոծախսը: Տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ. մարտի 31-ը: Նոր լուսային համակարգը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին և հնարավորություն կտա թատրոնի բեմում ընդունել աշխարհի լավագույն թատերախմբերը: «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար: Մասնավորապես՝ ձեռք կբերվեն 2 հատ «Canon 5DMark4» լուսանկարչական ապարատ, «Canon24-70mm», «Canon70-200mm» ոսպնյակներ, 2 հատ եռոտանի, ձայն գրող «Zoom H6» 2 հատ հիշողության քարտ 64 գբ, արտաքին հիշողության քարդ 4 գբ: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեո նկարահանելու համար:
11:35 - 22 սեպտեմբերի, 2020
Գործադիրը Կինեմատոգրաֆիայի օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ ունի. համահեղինակն արձագանքեց |armenpress.am|

Գործադիրը Կինեմատոգրաֆիայի օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ ունի. համահեղինակն արձագանքեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ ունի՝ մասնավորապես ֆինանսական հատվածի հետ կապված: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում Կինեմատոգրաֆիայի  մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկմանը:  Արա Խզմալյանը նշեց, որ գործադիրը տվել է առարկությունների և առաջարկությունների մեծ փաթեթ: Խզմալյանը հորդորեց, սակայն, արվեստի ոլորտում առանձին ճյուղերի վերաբերյալ օրենքների ընդունման հարցում լինել շատ զգուշավոր:  «Ամենասկզբունքային հարցը ԱԱՀ-ի հարկի մեղմացումը կամ վերացումն է: Սա իսկապես հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը՝ առանձին ոլորտների չտալ հարկային արտոնություններ, սա բարդացնում է հարկահավաքման գործընթացը: Բացի այդ, մենք դեռևս չունենք հստակ կանխատեսումներ, թե ավելացված արժեքի հարկի վերացմամբ ի վերջո ինչ ներդրումային միջավայր ենք ձևավորելու, ինչ մեթոդով ու սկզբունքով ենք կանխատեսում հարկի վերացման հնարավոր արդյունքները, հարցը բաց է:  Գործադիրն առաջարկում է այս առումով գուցե դիտարկել նպատակային դրամաշնորհային ծրագրերի միջոցով ոլորտը խթանելու հավանականությունը»,-ասաց Խզմալյանը: Նա՝ որպես ոլորտի պատասխանտու, խոսեց նաև հետագա բարդությունների մասին՝ այն առումով, որ պետք է հստակ կարողանան ձևակերպել, թե ինչու համերգային, թատերական գործունեության ասպարեզներում չեն սահմանում ԱԱՀ-ի արտոնություններ, բայց կինոարտադրության ոլորտում սահմանում են:  «Կարծում եմ՝ օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման, օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային կանոնակարգային իմաստով բեռնաթափում պետք է ունենա»,- հավելեց փոխնախարարը: Օրենքի նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ըստ էության արձագանքեց՝  նշելով, որ նախագիծը նախապես համաձայնեցված է եղել ոլորտային գերատեսչության հետ: Նա ընդունեց, որ ֆինանսական մասով կան խնդիրներ: «Ի վերջո, խոսքը հարկային արտոնությունների մասին է: Ընդունում եմ, որ առանձին ոլորտներին նման հարկային արտոնություններ տալն ինչ-ինչ առումներով ռիսկային է, սակայն այստեղ մենք պետք է այլընտրանքային լուծումներ առաջարկենք»,-նշեց նա: Մխիթարյանը կարծում է, որ բոլորովին այլ կողմից պետք է մոտենալ կինո երևույթին: «Անընդհատ փողից ենք խոսում, թե հարկավահաքության վրա կազդի, թե չի ազդի»,-նշեց նա ու հավելեց՝  կինոն ուղղակիորեն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի, կարծում է, որ կինոյի դերը տասնամյակներ շարունակ ստորադասված է եղել: Պատգամավորը նշեց՝ 1 տարուց ավելի աշխատել են մայր օրենքի մշակման շուրջ, ընդունում է, որ իդեալական չէ, սակայն բաց են ծանրակշիռ առաջարկներ ընդունելու համար, ֆինանսական մասով Մխիթարյանը անելիքներ է տեսնում, հույս հայտնում, որ գործընկեր համահեղինակները ևս զիջող կլինեն:
14:15 - 18 սեպտեմբերի, 2020