ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Անցնող տարվա ընթացքում պարբերական շփումը հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական բնույթը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Անցնող տարվա ընթացքում պարբերական շփումը հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական բնույթը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։ Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Հարգելի Նիկոլ Վովայի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»։
13:18 - 29 դեկտեմբերի, 2021
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները: ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին հանդես է եկել մանրամասն զեկույցով: Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:
18:07 - 28 դեկտեմբերի, 2021
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սպասվում Է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների:  Հանդիպմանը ներկա Է նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց Է ունեցել նրա հետ:
16:27 - 28 դեկտեմբերի, 2021
Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովը

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովը

ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը դեկտեմբերի 21-ին գումարել է  տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով։ Այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի հարուցած դժվարություններին, որպես նախագահող կողմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փորձել է առավել սերտ շփում ապահովել Դաշինքի անդամ պետությունների միջև, հնարավորինս լուծել ծագած խնդիրները՝ դրանք չթողնելով հաջորդ տարի նախագահությունը ստանձնող կողմին. «Թե որքանո՞վ է դա հաջողվել, գնահատականը կտան Դաշինքի մեր գործընկերները»։ Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել Դաշինքի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Նշվում է, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և ԱՄԿ Մոսկվայի բյուրոյի տնօրեն Օլգա Կուլաևան կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը՝ աշխատանքային նորմերի պահպանման և աշխատատեղերում արդարության ապահովման տեսանկյունից․ «Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և պատրաստ ենք հնարավորինս աջակցել։ Աշխատանքի շուկան ահռելի փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում, այսօր էլ համավարակը նոր իրողություններ է ստեղծել։ Այս պայմաններում Տեսչական մարմիննները կարևոր դերակատարություն ունեն»։ «Համաժողովի ընթացքում՝ - ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անունից Հակոբ Ավագյանը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ղեկավար Օլգա Կուլաևան ստորագրել են Համագործակցության Հռչակագիր, - հաստատվել է Դաշինքի անդամ երկրներում աշխատանքային միգրանտների կողմից ներկայացվող բողոքների հարցում Տեսչական մարմինների փոխգործակցության միասնական կարգի մասին փոխըմբռնման հուշագիր, - ներկայացվել է Դաշինքի 2021 թ-ի գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը, - քննարկվել է Դաշինքի Տարվա լավագույն տեսուչ անվանակարգի ներդրման մեխանիզմի հարցը, - 2022 թ-ին Դաշինքի նախագահող երկիր է ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԱՏՄ-ից հայտնում են, որ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը շնորհակալություն հայտնելով, նշել է, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի գործունեության ակտիվությունը պահպանելու և արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։
22:09 - 21 դեկտեմբերի, 2021
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով նիստին

ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 10-րդ նիստին։ Նիստն անցկացվել է առցանց ձևաչափով` Ուզբեկստանի Հանրապետության նախագահությամբ։ Մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստը նախագահող, Ուզբեկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և աղքատության հաղթահարման նախարարի առաջին տեղակալ Խոլխուջաև Սաիդկահոր Մուհամմադկարիուղլին։ Օրակարգային հարցերի շրջանակում Վաչե Տերտերյանը ներկայացրել է ԱՊՀ պետությունների հետ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից հաշվետու տարում իրականացված աշխատանքները։ ՏԿԵ նախարարի տեղակալն անդրադարձել է ինչպես հոկտեմբերին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 8-րդ համաժողովի, համաժողովի շրջանակում աշխատանքային համատեղ խմբի աշխատանքներին, այնպես էլ ՌԴ նահանգների, Բելառուսի, Ուզբեկստանի և Հայաստանի ՏԻՄ-երի միջև համագործակցության աշխարհագրության ընդլայնման և փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև առցանց հանդիպում՝ Ղազախստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության հարցերի քննարկման նպատակով։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել հաշվետու տարում միջտարածաշրջանային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ մասնակից մյուս պետությունների զեկույցները։ Քննարկումներ են ծավալվել օրակարգում ընդգրկված մյուս հարցերի շուրջ։ Նիստի արդյունքներով անդամ երկրները ստորագրել են արձանագրություն, հավանություն է տրվել խորհրդի 11-րդ նիստը Բելառուսի Հանրապետությունում անցկացնելու որոշմանը:
21:31 - 15 դեկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգի  Տավրիդյան պալատում մասնակցել է  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին: ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են դրվել COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած բազմաբնույթ փոփոխությունները:  Զրույց է ծավալվել համավարակի հետեւանքով հանրային առողջապահության ոլորտը կարգավորող միջազգային եւ տեղական օրենսդրության շուրջ: ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները եւ խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու փորձի փոխանակում են իրականացրել: Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը: Խորհրդարանականները քննարկել են տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերին առնչվող քայլերի քարտեզագրման հեռանկարային ուղղությունները: Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
12:29 - 26 նոյեմբերի, 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո |1lurer.am|

1lurer.am: Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ կողմերից որևէ մեկը չփորձի վերսկսել ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ երկկողմ հանդիպմանը: «Լրացել է ուղիղ մեկ տարի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից։ Երեք պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) իմաստություն ունեցան՝ արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղ երկխոսության անցնելու համար փաստաթուղթ ստորագրելով: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով տարածաշրջանում պահպանվում է լարվածությունը»,- ասել է Մատվիենկոն: Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցություն է առաջարկել սահմանազատման հարցերում՝ հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները պահվում են Ռուսաստանում։ «Նրանք ստուգված և ճշգրիտ են, հստակ սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահմանները։ Բանակցությունները կարելի է վստահորեն վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանն ու Ադրբեջանը աջակցում են նման մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կան, բայց գործընթացը դանդաղ է ընթանում»,- հավելել է Դաշնության խորհրդի նախագահը: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և դրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ:
16:33 - 25 նոյեմբերի, 2021
Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ էբեսենի հետ: Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը և կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին և ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք: Քննարկվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի և ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում: Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգսյին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու և օրակարգային առաջնահերթություները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:  
16:29 - 25 նոյեմբերի, 2021
Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:Ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.«Հարգելի Ակիլբեկ Ուսենբեկի,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հույս ունեմ և վստահ եմ, որ համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի շարունակել զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները: Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնել առևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ղրղզստանի վարչապետն ասել է.«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Հուսով եմ՝ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:Իհարկե, վերջին երկու տարում, համավարակի պայմաններում մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր, բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է: Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և Ձեր կողմից նշված կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
15:15 - 18 նոյեմբերի, 2021
Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |armenpress.am|

Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: «Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը...»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
11:40 - 17 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին |armenpress.am|

Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին: Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,- ասել է Միշուստինը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում: «Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն է: Ռուսաստանում մենք այդ հարցերին լուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաեւ Համագործակցության գծով մեր բարեկամներին»,-նշել է Ռուսաստանի վարչապետը: Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:49 - 12 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:Նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Նիստի հարգելի մասնակիցներ,Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի կազմակերպիչներին և Գործադիր կոմիտեին կատարված մեծ և արդյունավետ աշխատանքի համար:Վերադառնալով այսօրվա նիստի օրակարգի հարցերին՝ նշեմ, որ օրակարգում ներկայացված փաստաթղթերը հայկական կողմը դիտարկում է որպես ԱՊՀ պետությունների ջանքերի դրսևորում՝ ուղղված տնտեսական փոխգործակցության խթանմանը, ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և նրանց դիրքերի ամրապնդմանը համաշխարհային համակարգում։ Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում անվտանգության ապահովման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում։ Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրները առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Ժամանակակից աշխարհում թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները համարվում են պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացման, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու, շարունակական տնտեսական աճ ապահովելու և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելու համար առանցքային գործիքներ։ Այս համատեքստում կցանկանայի նշել մինչև 2030 թվականը ԱՊՀ պետությունների նորարարական համագործակցության միջպետական նախագծի իրականացման համալիր ծրագրի կարևորությունը։ Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների համատեղ կենտրոնների գործունեությունը, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման միջոցով տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումը կբարելավեն ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև թույլ կտան առևտրայնացնել տեխնոլոգիաները՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու նպատակով։ Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների անխուսափելի զարգացումը՝ պատշաճ ուշադրություն պետք է դարձնել մտավոր սեփականության իրավական պաշտպանության խնդիրներին։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ընդունումը թույլ կտա միավորել թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ջանքերը, հաստատել ընդհանուր մոտեցումներ և մշակել մեխանիզմներ հեղինակների և հեղինակային իրավունքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հայկական կողմը աջակցում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանունակության հետագա զարգացմանն ուղղված համակարգված միջոցառումների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ընդունմանը։ Նիստի հարգելի մասնակիցներ, Չեմ կարող չնշել մեր համագործակցության մշակութային ասպեկտի դերը։ Ժողովրդական արվեստի ավանդույթների, պատմամշակութային ժառանգության, արվեստի, գրականության բնագավառում ժառանգության պահպանումը, ժողովրդական արհեստների և ժողովրդական արվեստի յուրացումը մեր երկրների փոխգործակցությունը միավորող գործոններ են։Այս առումով ողջունում ենք 2022 թվականին ԱՊՀ-ում ժողովրդական արվեստի և մշակութային ժառանգության տարի անցկացնելու միջոցառոումների ծրագրի ընդունումը։Ամփոփելով նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ակտիվ և կառուցողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հետևողականորեն խթանել փոխշահավետ համագործակցությանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։Շնորհակալություն ուշադրության համար»:
16:43 - 12 նոյեմբերի, 2021