Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
«Մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում». Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին |tert.am|

«Մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում». Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին |tert.am|

tert.am: Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր լրագրողներին հայտնել է, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում, գրում է meduza.io-ն: «Այսօրվա դրությամբ մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում: Ցավոք, այժմ նշել չեմ կարող...Սակայն կարող եմ ասել, որ դրանք բոլորն աշխատանքային են, մենք դրանք բոլորը մշակում ենք: Դրանք մշակվում են ռեանիմատոլոգների, նյարդաբանների, նյարդաֆիզիոլոգների կողմից...Մենք բոլորս պայքարում ենք մեր հիվանդի կյանքի համար»,- ասել է նա:  Ըստ նրա՝ բժիշկները շարունակում են անալիզներ վերցնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող Նավալնիից, հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր, փոխանցում է ria.ru-ն:  Մուրախովսկին նշել է նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա:  «Անհրաժեշտ է հիվանդի առողջական վիճակի ամբողջական կայունացմանը հասնել», - ասել է Մուրախովսկին: Ավելի վաղ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։  Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։ Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»:
12:26 - 21 օգոստոսի, 2020
«Այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը»․Նավալնիի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Օմսկի հիվանդանոցի բժիշկները հրաժարվում են նրան Գերմանիա տեղափոխել |tert.am|

«Այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը»․Նավալնիի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Օմսկի հիվանդանոցի բժիշկները հրաժարվում են նրան Գերմանիա տեղափոխել |tert.am|

tert.am: Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հրաժարվել է գործչին գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ: Այս մասին Twitter-ում հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ «Օմսկի հիվանդանոցում առանց սարքավորումների և առանց ախտորոշման մնալն այս իրավիճակում մահացու վտանգավոր է»,- հայտնել է նա։ Յարմիշը բժիշկների արգելքը որակել է Նավալնու «կյանքին ուղղված սպառնալիք»։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն իր հերթին հայտնել է, որ ի սկզբանե բժիշկները Նավալնիի տեղափոխման համար փաստաթղթեր և սարքավորումներ են պատրաստել, բայց հետո նրանք հրաժարվել են տեղափոխել Նավալնիին։ Նավալնիի համախոհներն ավելի վաղ հայտարարել էին, որ բժիշկները հրաժարվում են տեղափոխել գործչին, որպեսզի խանգարեն պարզել, թե վերջինիս ինչ նյութով են թունավորել։
10:48 - 21 օգոստոսի, 2020
Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն. Ֆրանսիան ևս աջակցություն է հայտնել ընդդիմադիր գործչի ընտանիքին |tert.am|

Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն. Ֆրանսիան ևս աջակցություն է հայտնել ընդդիմադիր գործչի ընտանիքին |tert.am|

tert.am: Գերմանիան անհրաժեշտ է համարում պարզաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ծավալվող իրավիճակը և պատրաստ է նրան բուժօգնություն հատկացնել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին, որոնք տեղի են ունեցել ֆրանսիացի առաջնորդի Ֆորտ Բրեգանսոն նստավայրում: «Ինչ վերաբերում է Ֆրանսիային, նույնը վերաբերում է Գերմանիային. մենք պատրաստ ենք բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից»,- ասել է Մերկելը: «Պետք է անհապաղ պարզաբանվի, թե ինչպես է նման իրավիճակ առաջացել: Մենք պնդում ենք դա»,- հավելել է կանցլերը՝ ապաքինում մաղթելով Նավալնուն:   Մակրոնն, իր հերթին, մտահոգություն է հայտնել Նավալնու հոսպիտալացման առնչությամբ և հաստատել նրան և նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:
09:14 - 21 օգոստոսի, 2020
Բժիշկները կոմայի մեջ գտնվող Նավալնու մոտ բացառել են կորոնավիրուսը, սրտի և գլխուղեղի կաթվածը
 |tert.am|

Բժիշկները կոմայի մեջ գտնվող Նավալնու մոտ բացառել են կորոնավիրուսը, սրտի և գլխուղեղի կաթվածը |tert.am|

tert.am: Վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն զննող բժիշկները բացառել են նրա՝կորոնավիրուսով վարակված լինելը, ինչպես նաև սրտի կամ գլխուղեղի կաթվածը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն: Նավալնու առողջական վիճակի և ախտորոշման մասին այլ մանրամասներ ներկա պահին բժիշկները չեն հայտնում: «Հաշվի առնելով լաբորատոր հետազոտությունների, արյան քննության և գործիքային հետազոտությունների արդյունքները՝ կարող ենք ասել, որ տրավմատիկ վնասվածքի, այդ թվում՝ գանգուղեղային վնասվածքի մասին փաստող տվյալներ չկան: Չկան տվյալներ սրտի կամ ուղեղի կաթվածի և որևէ ինֆեկցիոն հիվանդության մասին, այդ թվում՝ կորոնավիրուսի»,- ասել է մասնագետը:
20:50 - 20 օգոստոսի, 2020
Եթե պարզվի, որ Նավալնիին թունավորել են, պաշտոնական հետաքննություն կիրականացվի․ Պեսկով |azatutyun.am|

Եթե պարզվի, որ Նավալնիին թունավորել են, պաշտոնական հետաքննություն կիրականացվի․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե պարզվի, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, ապա իրավապահները պաշտոնական քննություն կսկսեն այդ առթիվ», - մեկնաբանելով ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նախ, սակայն, հարկավոր է բժիշկներին հնարավորություն ընձեռել՝ պարզելու, թե ինչ է կատարվել, ինչն է դարձել Նավալնու գիտակցության կորստի պատճառը», - նշել է Պեսկովը։ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը:
16:16 - 20 օգոստոսի, 2020
Նավալնիին թունավորման կասկածանքով հոսպիտալացրել են. նա վերակենդանացման բաժանմունքում է

Նավալնիին թունավորման կասկածանքով հոսպիտալացրել են. նա վերակենդանացման բաժանմունքում է

Հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ» հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է անգիտակից վիճակում ու վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը թվիթերի իր օգտահաշվում։ Նրա խոսքով՝ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում, որով նա Տոմսկից ուղևորվում էր Մոսկվա։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնիին շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Գրում է dw.com-ը։ Ավելի ուշ Յարմիշը հավելել է, որ քաղաքական գործչին, ըստ երևույթին, թունավորել են՝ ինչ-որ բան լցնելով թեյի մեջ։  «Դա միակ բանն էր, որ ինքը խմել է առավոտվանից։ Բժիշկներն ասում են, որ թույնն ավելի շուտ է ներծծվել տաք հեղուկի հետ։ Հիմա Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- նշել է մամուլի քարտուղարը։  Ռուսական ԶԼՄ տեղեկություններով, Նավալնին վերջին օրերին Սիբիրում էր։ Սկզբում նա եկավ Նովոսիբիրսկ, որտեղ, հնարավոր է, նյութեր էր հավաքում նոր հետաքննության համար, ու հանդիպումներ էր ունեցել կամավորների հետ։ Այնուհետև նա գնացել է Տոմսկ։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:22 - 20 օգոստոսի, 2020
Ալեքսեյ Նավալնիին մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|

Ալեքսեյ Նավալնիին մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ մեղադրելով նրան կեղծ տեղեկություններ տարածելու և Հայրենական մեծ պատերազմի վետերան, 94-ամյա Իգնատ Արտեմենկոյի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար։ Նավալնիի դեմ քրեական գործը հարուցվել էր հունիսի կեսերին, այն բանից հետո, երբ նա ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների RT հեռուստաընկերության եթերով հեռարձակված տեսահոլովակում նկարահանված անձանց անվանել էր «դավաճան և ծախու»։ Տեսահոլովակում նկարահանվածների թվում էր նաև Արտեմենկոն, որը դիմել էր քննչական մարմիններ՝ ընդդիմադիր գործչի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Ռուսական աղբյուրների տեղեկություններով՝ Նավալնիի դեմ հարուցված գործով միանգամից 15 քննիչ է զբաղվում, արդեն իսկ խուզարկություններ են տեղի ունեցել նրա երկու բնակարաններում և աշխատավայրում։
15:16 - 23 հուլիսի, 2020
Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին |armtimes.com|

Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին |armtimes.com|

armtimes.com: Վերջերս Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին մի ռեպորտաժ, որի շրջանակներում մի քանի վայրկյան ժամանակ էր հատկացվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսակետին: Սա աղմուկի առիթ հանդիսացավ: Նախ, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը քննադատությամբ հանդես եկավ, թե ահա, եղբայրական Հայաստանը եթեր է տրամադրել նացիստ Նավալնիին, որը հայերին խաչիկ է անվանում եւ ատում է նրանց: Ապա նաեւ սկսեցին քննադատություններ հնչել հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներից: Ամեն ինչ շրջվեց եւ այդ ուժերի կողմից մեկնաբանվեց այնպես, թե ՀՀ իշխանությունները դարձյալ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Եվ այդ պահին հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարեց. «…ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման եւ մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք եւ ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի եւ եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա…»: Հայ-ռուսական հարաբերություններն արդյոք ունե՞ն փրկելու կարիք, ՀՀ իշխանությունները նախօրոք տեղյակ եղե՞լ են Հանրայինի ռեպորտաժի մասին, դա քաղաքական մեսի՞ջ էր, թե՞ սովորական լրագրողական նյութ. այս ամենի շուրջ զրուցել ենք Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգույթամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի հետ: - Պարոն Սանդիկով, վստահաբար տեղյակ եք, որ ռուս քաղաքական գործիչ Նավալնիի մասնակցությամբ Հանրային  հեռուստաընկերության տեսանյութը առիթ հանդիսացավ, որ Հայաստանում եւ Ռուսաստանում որոշ շրջանակներ սա ընկալեն կամ համենայնդեպս ներկայացնեն որպես ՀՀ իշխանությունների կողմից մեսիջ, հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու փորձ եւ այլն: Նախ, ինչպե՞ս եք գնահատում տեսանյութին հաջորդած այդ աղմուկը: - Իմ համոզմամբ, Ռուսաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լուսաբանելու հարցում Հանրային հեռուստաընկերության միտումը եւ նպատակը հնարավորինս օբյեկտիվ պատկեր (այսինքն՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր դիրքորոշումները, եւ հանրության կարծիքը ներկայացնելու) ցույց տալն էր, եւ դա տալիս էր ընդհանուր պատկերի մասին տեղեկատվություն: Անձամբ Նավալնիի առումով, անկեղծ ասած, ես ինքս էլ կիսում եմ այդ միտքը, որ պետք չէր հենց նրա տեսանյութը ընդգրկել ռեպորտաժի մեջ, որովհետեւ Նալավնու կերպարը թե հայերի համար է անընդունելի՝ որպես հայատյաց, թե Ռուսաստանում է նա ընկալվում  որպես ծայրահեղական: Այդ պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ քաղաքական գործչի հետ հարցազրույց անելը կամ կարծիք հարցնելը, որպեսզի այն խնդիրը, որ դրված էր Հանրայինի առջեւ՝ օբյեկտիվություն, բազմակարծության, խոսքի ազատություն ապահովել տեղեկատվության առումով, այդ բոլոր խնդիրները կատարված կլինեին: Ուստի ես ինքս էլ չեմ ողջունում, որ հենց Նավալնու տեսանյութն էր ընդգրկվել, որը թույլ տվեց այդ դաշտի վրա ստեղծել հակառուսական տրամադրություններ: - Իսկ Նավալնիին եթեր տալը կարո՞ղ էր լինել քաղաքական որոշում: - Ոչ, ոչ, ոչ, ես բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը: Քանիցս թե պաշտոնական հանդիպումները, թե մեր արտգործնախարարների մակարդակով շփումները ցույց են տալիս բոլորովին հակառակը: Ես կարծում եմ այստեղ խոսքի ազատության եւ ժողովրդավարության ֆոնի վրա փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, թե ամեն ինչ վատ է հայ-ռուսական հարաբերություններում: - Ովքե՞ր եւ ինչու են ստեղծում նման օրակարգ: - Դուք ինքներդ տեսել եք, որ թե՛ ներկայիս ԱԺ ընդդիմադիր գործիչներից մի քանիսը սուր արձագանքեցին, թե՛ Ռուսաստանում մեր հայրենակիցները, բայց էլի եմ ասում, դա ավելի շատ արհեստական օրակարգ էր, թե իշխանությունների կողմից դիտավորությամբ հենց Նավալնու էսինչ ելույթը ցուցադրվեց: - Այդպիսի պնդում կար նաեւ Ռուսաստանում հայերի միության քննադատությունում: Ասվում էր, որ մտածված հակահայկական ակցիա է Հանրայինի եթերում: - Ես չեմ կիսում իրենց այդ դիրքորոշումը, ես համոզված եմ, որ այդպես չէ եւ դիտավորություն հենց Նավալնուն ցուցադրելու մեջ չի եղել: Կարծում եմ՝ ավելի հստակ մեկնաբանությունը դուք Հանրային հեռուստաընկերությունից էլ կարող եք ստանալ, դա իմ մոտեցումն է: - Պարոն Սանդիկով, իսկ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները կարո՞ղ են կախված լինել որեւէ եթերից, որեւէ հայտարարությունից: - Համոզված եմ, որ ո՛չ: Իհարկե կարելի է դա դիտարկել որպես ազդակ՝ ուղղված հասարակության այս կամ այն զանգվածին: Բայց գլոբալ առումով քանիցս թե՛ վարչապետի, թե՛ մեր քաղաքական թիմի կողմից հնչեցվել է, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ Հայաստանը վարում է վիզը ծուռ արտաքին քաղաքականություն մեր գործընկերների հետ՝ լինի Ռուսաստանի Դաշնություն, թե լինեն այլ երկրներ: Մենք փորձում ենք շիտակ երկխոսության ճանապարհով բոլոր կնճռոտ հարցերը կարգավորել, եւ ես համոզված եմ, որ ցանկացած գործընկեր երկրի մենք պետք ենք նույնչափ, որքան որ այդ երկիրը մեզ: Այստեղ փոխշահավետության եւ փոխըմբռնման վրա խարսխված գործընկերության մասին է խոսք գնում, ոչ թե ինչպես սոցցանցերում են սիրում՝ հպատակ կամ կայսրություն տերմիններ օգտագործելով երանգներ ապահովել այդ գործընկերության համար: - Ուղղակի եղել են դեպքեր, որ ռուսական եթերում եղած որեւէ ռեպորտաժ ներկայացվել է որպես Ռուսաստանի ղեկավարության մեսիջ՝ ուղղված իրենց հայ գործընկերներին: - Դե գիտեք, հենց այդ նույն ռեպորտաժների համատեքստում էլ, դրան զուգահեռ հնչել է պետական պաշտոնյաների արձագանքը, որ դա բոլորովին չի ներկայացնում պաշտոնական դիրքորոշումը եւ ընդամենը լրագրողների աշխատանքն է, որը բացարձակ կապ չունի պաշտոնական դիրքորոշման հետ: Կարծում եմ մեր երկրների ղեկավարները քանիցս ապացուցել են, որ եթե իրար բան ունեն ասելու, երկխոսությունը միշտ կա: Նույնիսկ երեկ մեր ընդդիմադիր գործընկերները նշում էին, որ սա միտում ունի Հայաստանում գործող ռուսական գործող ռազմաբազան այստեղից հանել: Կարծում եմ, որ գործը ապացուցում է լրիվ հակառակը, որովհետեւ հենց անցած տարի մեզ մոտ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցն էր, որի ընթացքում կրկնապատկվեց ռազմաբազայի պոտենցյալը: Այնպես որ կրկնում եմ՝ այս օրակարգը կեղծ է եւ գոյություն չունի, դա ինչ-ինչ դիվիդենտներ շահելուն միտված օրակարգ է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:27 - 04 հուլիսի, 2020
Զախարովան ընդդեմ Նավալնիի․ մի չստացված զրույցի պատմություն

Զախարովան ընդդեմ Նավալնիի․ մի չստացված զրույցի պատմություն

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ու ընդդիամադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի միջև մայիսի 1-ին կայանալիք չեղարկված բանակցությունների նախապատմությունը Ապրիլի 23-ին Մարիա Զախարովան Instagram-ում լրագրող Միախաիլ Զիգարի հետ հարցազրույցի ժամանակ շատ կոշտ անդրադարձել է արտասահմանյան ուղևորությունների ու զբոսաշրջիկների թեմային։ «Հսկայանական թվով մարդկանց համար ավիափոխադրումները դարձել են այնքան հասանելի, որ այն այլևս չի կարող գոյատևել այն ձևով, ինչ եղել է երկար տարիներ։ Ամբողջ աշխարհում այն մարդկանց համար, որոնք ոչինչ չունեն, ավիափոխադրումները դարձել են սովորական։ Նախկինում դա, այս կամ այն կերպ, հասանելի էր որոշակի խավի ներկայացուցիչների համար՝ բիզնես, ծառայողներ ու զբոսաշրջիկներ, որոնք ունեին այդ հնարավորությունը։ Իսկ հիմա ամեն ինչ խառնվել է»,- ասել է Զախարովան։ Նրա խոսքերով՝ արտասահմանյան ճամփորդությունը լրջագուն, պատասխանատու ու շատ ռիսկային միջոցառում է, ու որպեսզի ամեն ինչ լավ անցնի, շատ փաստեր պետք է համընկնեն, իսկ ապահովության համար պետք է ունենալ կլորիկ գումար կամ լավ կապեր։ «Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ մարդիկ ճամփորդելու համար ծախսում էին ոչ թե վերջին գումարները, այլ պարտքով էին գնում՝ հաշվի առնելով եղած պարտքերը։ Ու գնում էին ոչ թե գումար վաստակելու կամ իրենց հարցը լուծելու համար, այլ ուղղակի որովհետև դա դարձել է կյանքի նորմ։ Իմ դաստիարկայությունն ասում էր, որ դու կարող ես գնալ հանգստանալու այն ժամանակ, երբ ունես միջոցներ, չունես հիպոտեկ, պարտք և այլն։ Ինձ համար դա ակնհայտ էր, սակայն հիմա առերեսվել եմ մի իրավիճակի, երբ այդ տրամաբանությունն աշխատում է փոքրամասնության համար»,- նշել է նա։ Ապրիլի 30-ին Զախարովայի այս խոսքերին անդրադարձ է կատարել Ալեքսեյ Նավալնին՝ իր «Ապագայի Ռուսաստան» յութուբյան ծրագրի եթերում՝ Զախարովային անավանելով «ահավոր կին, որն ի հայտ է եկել հայտնի չէ՝ որտեղից» ու մեղադրել, որ նա հասարակության կաստային բաժանման ջատագովն է։ Նույն օրը Զախարովան արձագանքել է՝ Նավալնիին՝ առաջարկելով առցանց զրույց։ «Ընկեր Նավլանիյ, Ձեզ մոտ օլիգարխները սպառվե՞լ են։ Դե ի՞նչ։ Պատրա՞ստ ես, Ալեքսեյ Անատոլյեվիչ, զրույցի։ Ոչ թե դատարանում, որտեղ կարելի է թաքնվել ձևակերպումների կամ փաստաբանների ետևում, այլ առցանց։ Բայց կվախենաս»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նույն գիշերը Նավալնին ընդունել է մարտահրավերը․ «Սիրելի Մարիա Զախարովա, Դուք երևի ինձ շփոթել եք «Յեդինայա Ռոսիայի» ձեր ղեկավարների հետ։ Իրենք, սկսած Պուտինից, տասնամյակներ շարունակ խույս են տալիս բանավեճերից ու ի վիճակի չեն պատասխանել հարցերի, եթե դրանք նախապես պատրաստված չեն։ Սովորական պայամաններում ես Ձեզ կանտեսեի, դուք ընդամենը տեղեկատվական աղախին եք։ Սակայն Զիգարի հետ հարցազրույցի ժամանակ Ձեր կողմից արված հայտարարություններն այնքան զզվելի են, որ ես մեծ հաճույքով անձամբ կխոսեմ Ձեզ հետ»։ Նավալինին ասել է, որ Զախարովան խայտարակում է և՛ երկիրը, և՛ ԱԳՆ-ն։ «Դրա համար թեկուզ վաղը։ Ուզում եք՝ զումով՝ մեր ալիքով։ Ուզում եք՝ Ձեր ինստագրամում։ Ուզում եք՝ իմ ինստագրամում։ Ուզում եք՝ վարողի հետ։ Ուզում եք՝ առանց։ Ճշմարտությունն ասելն ինձ համար հեշտ է ու հաճելի», - գրել է նա Ֆեյսբուքյան իր էջում։ Մի քանի ժամ անց Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան ու "Навальный LIVE" ալիքի ղեկավար Լյուբով Սոբոլը գրել է, որ Զախարովան իր հետ կապ է հաստատել՝ քննարկելու տեխնիկական մանրամասներն ու զրույցի ձևաչափը։ «Քննարկեցինք, երկու կողմերն եկան հետևյալ համաձայնության․ Զախարովայի ու Նավալնիի բանավեճը տեղի կունենա մայիսի 1-ին 17։00 "Навальный LIVE" ալիքի եթերում։ Որպեսզի որևէ մեկը չչարաշահի ժամանակը, ու յուրաքանչյուրն ունենա ժամանակ ելույթ ունենալու և դիրքորոշումը հայտնելու համար, բանավեճի մոդերատոր կլինի Ալեքսեյ Պիվովարովը։ Բանավեճի առիթ՝ Զիգարին տված Զախարովայի հարցազրույցը», - գրել է Սոբոլը թվիթերյան իր էջում։ Ուրբաթ օրը ցերեկը Ալեքսեյ Պիվովարովը, որը պետք է վարեր բանավեճը, հայտարարել է, որ բանավեճը չի կայանա․ «Բանավեճը չի կայանա նախկինում հայտարարված ձևաչափով։ Առավոտյան կողմերի միջև առաջացան տարաձայնություններ մոդերացիայի անհրաժեշտության հարցի շուրջ, ու քանի որ իրենց չհաջողվեց համաձայնության գալ, որպես հրավիրյալ կողմ ես դուրս եմ գալիս այս պատմությունից ու այլևս ոչ մի ձևով դրան չեմ մասնակցում», - գրել է Պիվովարովն իր թվիթերում։ Չեղարկումից հետո Զախարովան արել է հրապարակում, որտեղ ասում է, թե Նավալնին չցանկացավ իր հետ խոսել ո՛չ հեռախոսով, և ո՛չ էլ եթերում՝ Նավալնիին կոչելով վախկոտ։ «Իմ առաջ դրեցին պայմաններ, որոնք արժանի չեն քննարկման։ Իրենք ասացին, որ կարելի է խոսել ընդամենը մեկ թեմայով՝ հարցազրույց, ու ժամանակի մասին։ Եվ միայն մոդերատորի առկայությամբ։ Ինչի՞ համար է պետք մոդերատորը։ Որպեսզի Նավալնին կարողանա ապահովագրել իրեն։ Ու դա մի մարդ է, որը հայտարարում է խոսքի ազատության մասին։ Դա իր հետ կապ հաստատելու առաջին փորձը չէր, մշտապես եղել են օգնականներ ու խուսափումներ։ Ես էլ երկաթյա չեմ», - ասել է Զախարովան "Подъем" լրատվականին։ Նավալնին ևս ֆեսյբուքյան գրառում է արել, որտեղ պատմել է, որ իրավիճակը մի փոքր այլ զարգացում է ունեցել, ու ինքը չի հրաժարվել բանավեճից։ Մասնավորապես, Նավալնիյի խոսքերով, Զախարովան սկզբից համաձայնել է բոլոր պայմաններին՝ մոդերատոր, սահմանափակ թեմա ու հավասար ժամանակ հարցերին պատասխանելու համար, իսկ առավոտյան հանկարծակի հայտարարել է՝ համաձայն չէ, որ մոդերատոր լինի։«Առանց մոդերատորի բանավեճը տարօրինակ բան է, առավել ևս՝ առցանց։ Բայց ես երեկ խոստացել եմ, որ ցանկացած ձևաչափով պատրաստ եմ։ Դրա համար խնդրել էի Մարիային փոխանցել, որ պատրաստ եմ և առանց վարողի։ Սակայն նա միանգամից հրապարակում է արել, թե ես եմ հարաժարվել ու ինձ անվանել է վերջին վախկոտը։ Մեկ անգամ ևս պարզ ու հանրայնորեն հաստատում եմ, որ իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես համաձայնել եմ այս բանավեճին ու պատրաստ եմ այն անցկացնել անգամ առանց մոդերատորի»,- ասել է նա։ Դրանից հետո Զախարովային զանգահարել են «Էխո Մոսկվիից» ու խնդրել մեկնաբանել իրավիճակը՝ միաժամանակ առաջարկելով զրուցել Նավալնիի հետ ռադիոընկերության եթերում։ Զախարավոն հայտարարել է, որ Նավալնիին բանավեճի չի հրավիրել, այլ՝ զրույցի։ Ու իսկապես, նրա առաջին գրառման մեջ «բանավեճ» բառ չի եղել։ Որպես միջոցառման ձևաչափ այն առաջին անգամ ի հայտ է եկել Լյուբով Սոբոլի գրառման մեջ։ Զախարովայի խոսքերով, ինքը պարզապես ուզում էր խոսել Նավալնիի հետ ուղիղ եթերում ու մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն Զախարովային սկզբից առաջարկեցին մոդերատոր, իսկ հետո պահանջեցին չշոշափել որևէ այլ թեմա, բացի զբոսաշրջիկների մասին իր խոսքերից՝ միաժամանակ շեշտելով, որ ամբողջ ընթացքում իրեն այնպես էլ չի հաջողվել անձամբ խոսել նավալնիի հետ, նա շփվել է միայն օգնականների հետ։ Խոսակցության ավարտին «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն առաջարկել է իրենց եթերում անցկացնել զրույց Նավալնիի հետ՝ խոստանալով իր անձնական երաշխավորությունը, որ չի լինի մոդերացիա ու որևէ սահամանափակում։ Նավալնին տվել է առանց մոդերատորի ու սահմանափակումներ զրույցի իր համաձայնությունը, սակայն Զախարովան հրաժարվել է՝ ասելով, որ մոտավորպես նման պայմաններ քննարկվել են սկզբում, սակայն հետո սկսեցին փոխվել հընթացս։ 
21:14 - 01 մայիսի, 2020