Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։  Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը՝ հիմնավոր չէ: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։
16:05 - 08 հունիսի, 2023
ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

 |factor.am|

ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններին։ Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ «Կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- ասել էր նա։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Զախարովան ասել է․ «Նախ՝ կցանկանայինք, որ ձեր կողմից նշված Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը որոշի՝ կա՛մ նորմալ երկխոսություն վարի, որը պետք է լինի և մեր փորձը, որն ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նմանատիպ հայտարարություններով շարունակի։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է Զախարովան։ Խոսելով տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի մասին՝ նա նշել է, որ դրանով զբաղվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը։ Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
18:11 - 07 հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «անընդունելի են» (չակերտները-խմբ․) Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ուղղություններով հարցերի էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» (չակերտները-խմբ․), թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում «թյուրըմբռնում» (չակերտները-խմբ․) առաջացնելու փորձերը՝ «խուսափելով» Հայաստանի ստանձնած պարտավորություններից: «Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի հանդիպման, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։  Որպես կանոն, այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող  բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»,- նշված է հայտարարության մեջ:
10:33 - 05 հունիսի, 2023
Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ  ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար |news.am|

Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսների որոնման ճանապարհով, կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով, մի մասով արդեն արդյունքներ էլ ունենք, մի մասով էլ դեռ բանակցությունները շարունակվում են: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով զինամթերքի գնման հնարավորություններից: «Այսինքն՝ Հայաստանը ոչ թե, եթե խնդիր է առաջացել, այլընտրանքներ չի որոնում, Հայաստանը եթե խնդիրներ է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում, մինչև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում գոյացած խնդիրը, զենքի մատակարարման մասով լուծվի»,- ասաց նա: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցին՝ նա նշեց, որ ՀԱՊԿ-ը նախկինում որոշակի սահմանափակումներ էր ստեղծում այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալու:  «ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ: Վերջերս արևմտյան մի երկրի հետ անվտանգության ոլորտում աշխատելու քննարկումներ էինք ունենում, ու մեզ ոչ ռազմական տարբերակով աջակցության հարց էր քննարկվում։ Սկզբնական շրջանում, երբ մենք քննարկում էինք, նրանք ասում էի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց, երբ աշխատանքային խումբն այցելել է ու քննարկումներ ենք ունեցել, նրանց վերաբերմունքը բազմաթիվ հարցերում Հայաստանի նկատմամբ փոխվել է»,- ասել է նա: Գրիգորյանն ասել է, որ Արդբեջանի երեք հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն չի ցույց տվել, երբ ՀՀ-ն այլընտրանքներ է փնտրել և գտել, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը: «Մենք ինտենսիվ աշխատում ենք արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու համար ու շարունակելու ենք աշխատել»,- ասաց նա:
10:10 - 05 հունիսի, 2023
Եթե բանակցությունների ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար |1lurer.am|

Եթե բանակցությունների ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի, հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: «Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, եթե այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի առաջընթաց գրանցելու, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը։ Մենք տրամադրված ենք այսպես, որ լինի հնարավորինս շուտ. դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,- «Լուրերի» տաղավարում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան հարթակում Քիշնևից հետո նախատեսված է 3 հանդիպում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսված հոկտեմբերին Գրանադայում։ Հունիսի 12-ին, արդեն հրապարակային հայտարարվել է, որ արտգործնախարարներն են հանդիպելու։
23:30 - 04 հունիսի, 2023
Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են Հայաստանի կողմից. ՀՀ ԱԽ քարտուղար

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են Հայաստանի կողմից. ՀՀ ԱԽ քարտուղար

Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»,- նշեց Արմեն Գրիգորյանը։ Լրագրողի նշեց, թե ԵԱՏՄ շրջանակում միջանցք բառի վերաբերյալ Փաշինյան-Ալիև քննարկումից տպավորություն ստեղծվեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն են նույն կերպ պատկերացնում, բայց Հայաստանի տեսակետը չի համընկնում նրանց տեսակետին․ «Կողմերն իրենց տեսակետները մոտեցրե՞լ են միմյանց», - հարցրեց լրագրողը։ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ միջանցք բառի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները 2020 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել, իսկ ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որին Հայաստանը հետևում է. դա սուվերենությունն է,  յուրիսդիկցիան և փոխադարձությունը։ «Ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ այս սկզբունքների շրջանակում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի վրա երկար ժամանակ տարբեր ձևերով ճնշումներ են գործադրվել այդ սկզբունքներից դուրս լուծումներ գտնելու համար։ Հարցին՝ ճնշում էի՞ն գործադրվում, թե գործադրվում են, Գրիգորյանը պատասխանեց․ «Ներկայումս ավելի հաստատակամ է դարձել, որ Հայաստանն այդ քայլին չի գնալու. միգուցե նախկինում հույս կար։ Կարող եմ ասել, որ սեպտեմբերի պատերազմի պատճառներից մեկը հենց դա է, որովհետև Հայաստանի վրա փորձ է կատարվում ճնշում գործադրել նաև ռազմական ճանապարհով, որպեսզի Հայաստանը իր դիրքորոշումները փոխի, բայց Հայաստանը այս հարցերում հաստատակամ է»։  Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանն այն մասին, թե կողմերը մոտ են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը՝ Արմեն Գրիգորյանն ասաց հետևյալը. «Առաջնային հարցը ոչ թե երկաթուղու շինարարության, այլ քաղաքական համաձայնության գալու հարցն է. քաղաքական համաձայնություններն էլ պետք է լինեն նշված երեք սկզբունքների շրջանակում»։ Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ նա նշեց, որ դրա ամբողջովին փակ լինելը մեծ մտահոգություն է առաջացնում; «Մենք տեսնում ենք՝ Լաչինի միջանցքի շրջանակում նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի պահպանվում, և դա է նաև պատճառը, որ մենք ցանկանում ենք միջազգային ներկայություն հրավիրել Լաչինի միջանցք և ԼՂ, որպեսզի էթնիկ զտման վտանգը, որ այս պահին կա, չեզոքացվի. մենք կարծում ենք, որ միջազգային հանրության ներկայությունը կարող է այդ վտանգը չեզոքացնել»,- ասաց ԱԽ քարտուղարը։
23:16 - 04 հունիսի, 2023
Արմեն Գրիգորյան․ «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»
 |azatutyun.am|

Արմեն Գրիգորյան․ «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - այսօր Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի՝GlobSec-ի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հստակ է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի հայտարարությանը, օրինակ, հիշատակում էր Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքները։ Մի մակարդակում մենք նման հայտարարություններ ենք լսում, մյուս մակարդակում Ադրբեջանը, անձամբ նախագահ Ալիևը երբեք չեն ասում, թե ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարը երկու օր առաջ՝ կիրակի օրը հայտարարեց՝ «մենք ինքներս կարող ենք գծել սահմանը»։ Ինչ-որ առումով սա Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիք է՝ ընդունել Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները կամ էլ նրանք սահմանը կգծեն, որտեղ ցանկանան», - դիմելով քննարկման մասնակիցներին՝ նշում էր Գրիգորյանը՝ պնդելով, որ Բաքվից հնչող նման հայտարարությունները հայկական կողմին չմտահոգել չեն կարող։ Բրատիսլավյան քննարկման ընթացքում Գրիգորյանի զրուցակցի՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի համոզմամբ, սակայն, Իլհամ Ալիևի հայտարարությունները Երևանում նենգափոխում են։ Դրա հետ մեկտեղ, հայկական կողմից հնչող որոշ հայտարարություններ Հաջիևին հակառակը, սկսել են գոհացնել։ «Ես իրոք ուրախ եմ լսել, որ հայկական պատվիրակությունն ու Հայաստանը ավելի լավ են սկսել հասկանալ «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունն ու դրա էությունը։ Մենք բանակցում էինք երեսուն տարի շարունակ և այդ ընթացքում հենց Հայաստանն էր, որ ոտնահարում էր տարածքային ամբողջականության սկզբունքը։ Դա վերաբերում էր Հայաստանի նախորդ կառավարություններին, այդ թվում՝ Փաշինյանի կառավարությանը։ Երբ Փաշինյանը գնաց Ղարաբաղ և հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա բանակցային գործընթացի լիակատար խաթարում էր», - պնդում է Հաջիևը։ Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ Հայաստանը մի կողմից հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Երևանի գործողությունները խաթարում են այդ ամբողջականությունը։ «Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանը շարունակում է ռազմական բեռներ ուղարկել Ղարաբաղ, ֆինանսավորում է Ղարաբաղում գտնվող անօրինական զինված կազմավորումները, մենք նաև տեղեկություններ ունենք, որ այնտեղ հայկական [բանակի] ստորաբաժանումներ են գտնվում», - հայտարարում էր Հաջիևը։ Հայաստանի ԱԽ քարտուղարը, սակայն, մեկ անգամ ևս կրկնել է՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների առկայության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ «Լեռնային Ղարաբաղում որևէ հայկական զորք չկա։ Այնտեղ գոյություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որի կարիքը զգացվում է, քանի որ այնտեղ ապրող մարդիկ անվտանգային մարտահրավերների են բախվում։ Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ այս իրավիճակը փոխվի, նրանք այնպիսի պայմաններ, այնպիսի մթնոլորտ պետք է ստեղծեն, որ մարդիկ այդ Պաշտպանության բանակի կարիքը չզգան», - հայտարարում էր Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ պաշտոնական Երևանի գլխավոր նպատակը տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելն է. - «Նիկոլ Փաշինյանի թիմը խաղաղություն հաստատելու մանդատը ստացել է 2021-ի ընտրությունների ընթացքում, և հայ հանրությունը աջակցում է խաղաղության հաստատմանը»: Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։   
21:47 - 30 մայիսի, 2023
ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային  անվտանգային միջավայրը: «Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում  Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:  
20:22 - 30 մայիսի, 2023
ՀՀ ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ պանելային քննարկման ժամանակ կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

ՀՀ ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ պանելային քննարկման ժամանակ կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: Քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:
17:34 - 30 մայիսի, 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա և Մոլդովա

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա և Մոլդովա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԽՔ օգնական Սեւակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը կմեկնեն Սլովակիա և Մոլդովա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ նշվում է՝ հայ պատվիրակները մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա՝ մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը) և Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև՝ հունիսի 1-2-ը ներառյալ):2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ Սլովակիայի Հանրապետություն և Մոլդովայի Հանրապետություն գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված ծախսերի հատուցումը: 3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվաընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - ասված է որոշման մեջ:
14:55 - 29 մայիսի, 2023
ԱԽ քարտուղարը ՌԴ-ում հանդիպմանը կարևորել է ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը

ԱԽ քարտուղարը ՌԴ-ում հանդիպմանը կարևորել է ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում քարտուղարն անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:  ԱԽ քարտուղարը խոսել է 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները:  Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում,  2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը:  Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, և հույս  հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։
15:18 - 24 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե Հայաստանը մտադի՞ր է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, որոնք կկայանան Ղրղզստանում, եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երբ հայտարարեց, որ ՀՀ-ի օրակարգում եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։ «Կմասնակցենք, չենք մասնակցի՝ քննարկման փուլում է, թե մասնակցելիս էլ ինչ ձեւաչափով եւ ինչ ծավալով, դա լրացուցիչ կքննարկվի եւ կիմացվի։ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցին նախորդ ասուլիսում անդրադարձա՝ դա ինչ է նշանակում կամ ինչու է էդ հարցը բարձրացել, որովհետեւ մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս գալիս ՀՀ-ից։ Այսինքն, եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին Կազմակերպության ունեցած պարտավորությունները, եւ չէի ասի, թե էդ հարցը դուրս է եկել օրակարգից․ դուրս չի եկել օրակարգից, որովհետեւ քանի դեռ էդտեղ հարց կա քննարկելու, էդ հարցը քննարկվում է։ Տեսեք, անընդհատ խոսվում է՝ մոնիտորինգի խումբը գա Հայաստան, թե չգա Հայաստան, ինչու չի գալիս, ինչն է պատճառը, մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք։ Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնու՞մ էմեզ անելու։ Այսինքն, եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի ունեցե՞լ, կամ հնարավորություններ, ոչ թե առաջարկեր, այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե էդ հնարավորությունները եղել են, բայց էդ հնարավորությունների փակ լինելը հիմանակոնւմ բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել ա, որ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- նշեց Փաշինյանը։  Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը չի՞ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանը նշեց․ «Նույն հարցը տալիս եմ, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալը նեգատիվ ազդեցություն ունի՞, թե՞ չունի։ Վերջերս սոցհարցում էր արվել, եւ մենք տեսնում ենք, որ ՌԴ-ի վստահելիությունը ՀՀ քաղաքացիների շրջանում նվազում է։ Բա հարաբերություններ ասելով հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերություննե՞րը չեն»,- ասաց Նիկոլ Փշաինյանը։ 
14:13 - 22 մայիսի, 2023