Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման գործընթացը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ տեղում վեր հանված իրավախախտումներին: Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է: Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսավարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է խոսնակը:
11:53 - 13 օգոստոսի, 2020
Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման, ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի ժ/պ՝ Էդգար Փիրումյանը, BioGreen & BlueEnergy Network (BBN) համաշխարհային ընկերության ներկայացուցիչ՝ Թոմաս Հոֆֆմանը, «էներջի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ Ռաֆայել Ախաբեկյանը։ Քննարկման ընթացքում  կարևորվել են Սևանա լիճ թափվող և լճի ջրերի առանձնահատկությունները, ջրերի կառավարման, կեղտաջրերի մաքրման, որակի բարելավման կարիքները, լճում առաջացող կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման պատճառներն ու հետևանքները և մի շարք այլ հարցեր։ BBN համաշխարհային ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հոֆֆմանը ներկայացրել է ջրային ռեսուրսների մաքրման ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես կենսաբանական, քիմիական և այլ վտանգավոր նյութերի աղտոտումից մաքրելու, կապտականաչավուն ջրիմուռների ծաղկումը վերահսկելու մարտահրավերներն ու ռազմավարությունը՝ կարևորելով ԱՄՆ-ում, Կորեայում և եվրոպական մի շարք երկրներում տեխնոլոգիաների կիրառման ընթացքում գրանցված դրական արդյունքները։ Հանդիպման ավարտին ոլորտի պատասխանատուների կողմից եղել են առաջարկներ մանրամասն  ուսումնասիրել և կրկին քննարկել տեխնոլոգիաների տեղայնացման, մաքրման մեխանիզմների համակցության հնարավորությունները, ջրերի մոնիտորինգը, կենդանական ու բուսական աշխարհների առանձնահատկությունները։
11:19 - 12 օգոստոսի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է  Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա

ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում  բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ»  տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված  առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում: Բացի այդ, ստացված տվյալների համաձայն, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալները վկայում են, որ ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և վաճառել ապօրինի արդյունահանված ձուկը: Այն տարբեր խմբաքանակներով պահեստավորվել է իրենց պատկանող կամ վարձակալությամբ տրամադրված սառնարանային տնտեսություններում, պարբերաբար իրացվել է կա՛մ ՀՀ տարածքում, կա՛մ այլ ձկնատեսակի անվան տակ մաքսանենգ ճանապարհով արտահանվել երկրից: Ապօրինի արդյունահանված ձկների իրացման ուղիները պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԱԾ-ի կողմից կանխվել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով «Սևանի սիգ»  տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու և կանխելու ուղղությամբ` հերթական անգամ ընդգծելով բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնության առանձին ռեսուրսների նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունները կանխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ և հորդորում է զերծ մնալ բնակչության բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու, բնական ռեսուրսների հաշվին անօրինական ճանապարհով եկամուտներ ստանալու գործելաոճից՝ կարևորագույն այս հարցում ակնկալելով հանրության լայն շերտերի համախմբումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:16 - 10 օգոստոսի, 2020
Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, եւս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման, ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Եւ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության եւ կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:Սա միայն ափամերձ հողերի մասով։Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման եւ քանդման։Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարեւորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սեւանա լճի էկոհամակարգը»,- գրել է նա:
17:15 - 08 օգոստոսի, 2020
Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի երկու տեղամասերում իրականացվող շինարարության ընթացքին։ Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար յոթ կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավել է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:  Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ շինտեղամասի նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: «Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծակույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Աշխատանքներն ընթանում են սահմանված` չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ»,-ներկայացրեց շինարարության պատասխանատուն։ Նախարարի այցի հաջորդ կանգառը նույն ճանապարհի` Մարտունի քաղաքով անցնող Կամոյի փողոցում էր։ Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, պետական միջոցներից շինարարության իրականացման նպատակով հատկացվել է անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-­ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Կասֆալտապատվի  շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Օգոստոսի յոթի դրությամբ կառուցվում է ջրահեռացման համակարգը, հանվել է ամբողջությամբ հին ասֆալտբետոնյա ծածկույթը եւ ծածկի հիմքը, մոտակա օրերին կսկսվի մայթերի կառուցումը, կտեղադրվի ճանապարհի նոր հիմք եւ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Նախարարը հորդորեց շինարարներին` հնարավորինս արագացնել շինարարության տեմպերը, որպեսզի այստեղով Արցախի ու Իրանի հետ կապող ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր լինի ավարտել սահմանված ժամկետներում:
17:36 - 07 օգոստոսի, 2020
Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, Ամուլսարում իրավիճակը գնալով բարդանում է։ Շատերը նշում են, որ Ամուլսարը, որտեղ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, փորձաքար է Ձեզ համար: Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիաները, դրանք ի՞նչ ցույց տվեցին, և այս խնդիրն ինչպիսի լուծում է ունենալու: Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը: Այսինքն՝ Դուք դեռ ուսումնասիրո՞ւմ եք խնդիրը: Այո, դրա համար ես չեմ ուզում հիմա գնահատականներով հանդես գալ: Ես ասել եմ, որ այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը այս օրերի զարգացումներին միջամտելու ոչ մանդատ ունի, ոչ էլ ասելիք: Պարզ է, որ մեր ոլորտն է և ասելիք ունենալու եմ և ունեմ, բայց երեկվա զարգացումները, տնակներ տանել-բերելը շրջակա միջավայրի հետ ոչ մի կապ չունի: Երկու սուբյեկտների միջև խնդիր է ծագել, բողոքի ակցիաներ են ընթանում: Շրջակա միջավայրի նախարարությունն այդտեղ բովանդակային հարց ունի լուծելու, ոչ թե կոնկրետ երեկվա զարգացումների վերաբերյալ: Ես կրկնեմ, որ դեռ հարցը պետք է ուսումնասիրեմ, և իմ կարծիքը, բնականաբար, պետք է կառուցվի բացառապես փաստերի, փաստարկների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների հետ աշխատելուց հետո: Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու և դիրքորոշում արտահայտելու համար: Ժամկետ չեմ կարող ասել, բայց շատ չենք ուշացնի: Հատկանշական էր նախարարի պաշտոնում Սևանի խնդրի շուրջ Ձեր առաջին քայլը. Ինչո՞ւ սկսեցիք Սևանի ափին հենց ձեր թիմակցի կողմից շահագործվող ապօրինի կառույցի գործունեությունից՝ արգելելով այն: Քանի որ այդ հարցը հանրային մեծ հնչեղություն էր ստացել, և դա համընկավ իմ նշանակման հետ, բնականաբար, ես այդ դեպքով էլ անմիջապես սկսեցի զբաղվել: Իմ թիմակցի անվան հետ կապվում է, բայց առնվազն տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերն ու տվյալները դե յուրե ոչ մի աղերս չունեին իմ թիմակցի հետ, բացառությամբ այն դրվագի, որ վերջինս ասաց, որ ընկերական հարաբերություններ ունի և պարզապես այցելում է այնտեղ: Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է տնօրինում այդ ափը, ով է տնտեսվարող և ով ինչ կապ ունի մեր թիմակցի, մեր պատգամավորի հետ, մենք այդ առումով որևէ անձով չենք պայմանավորում աընդունելի երևույթները: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ափի տնտեսվարողը ափի տնօրինման իրավական կարգավիճակ չունի, և ապօրինի է թե տաղավարների, թե մնացած ժամանցի ենթակառուցվածքների տեղակայումն այդ ափին: Հետևաբար, ես կարգադրեցի «Սևան ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ամենասեղմ ժամկետներում կասեցնել դրա գործունեությունը և ապամոնտաժել տաղավարները: Տարօրինակ չէ՞, որ հեղափոխությունից հետո այսպիսի երևույթներ կան, հատկապես, եթե դրան թեկուզ անուղղակի առնչություն ունի ձեր թիմակիցը: Ինձ համար ոչ միայն տարօրինակ է, այլև շատ անընդունելի է, և իմ նախկին կարգավիճակում գործունեությունս նաև մեծապես միտված է եղել նոր Հայաստանում բացառելու նման երևույթները ոչ միայն նախկինից ժառանգած, այլև մեր իշխանության ընթացքում եղած նման փորձերը: Այդ պատճառով էլ Կոտայքի մարզում ունեցել ենք բավականին թեժ կետեր, թեժ զարգացումներ, տարբեր, այդ թվում օլիգարխիկ, կլանային շահեր հետապնդող շրջանակների թեժ դիմադրությանն ենք հանդիպել: Այժմ արդեն կարծես ավելի լայն մասշտաբի շրջափուլ է մտել դա: Այո, պետք է բոլոր նմանատիպ ապօրինի հողազավթումները կասեցնել, վերադարձնել նախկին տեսքին, ապա միայն ըստ նպատակահարմարության և բացառապես պետական շահից ելնելով, մրցույթների միջոցով, ամենաօբյեկտիվ ընթացակարգերով դրանք տրամադրել տնտեսվարողներին: Բոլոր ափերի հետ կապված նմանատիպ ուսումնասիրություններ արդեն արվո՞ւմ են: Այո, արդեն արվում են, և մոտ 300 այդպիսի ապօրինի գործող տնտեսվարող կա: Այս պահին «Սևան ազգային պարկի» տարածքում 970 պայմանագիր կա, և հաստատ դրանց շարքում կլինեն ապօրինի գործողներ, նմանատիպ դրվագներ ունենալու ենք: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:25 - 05 օգոստոսի, 2020
Սևանի ափին ամեն քայլափոխի հանդիպում են բնապահպանական աղետի. Փաշինյան |armenpress.am|

Սևանի ափին ամեն քայլափոխի հանդիպում են բնապահպանական աղետի. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի ափամերձ հատվածում առկա իրավիճակը «բնապահպանական աղետ» որակեց: Այս մասին Վարչապետն ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելու ընթացքում: «Սևանա լճի խնդիրը մեր ամենալուրջ խնդիրներից մեկն է: Երկար տարիների ընթացքում մենք խնդիրը ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ, հետո, երբ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ բա ո՞ւր է նայում նախարարը, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ դա նույնիսկ ամենավատ նախարարի կամ կառավարության գործունեության պարագայում չէր կարող տեղի ունենալ մեկ շաբաթում, մեկ ամսում, մեկ տարում և, նույնիսկ, 10 տարում: Դա ամենօրյա մեր կենցաղավարման արդյունքն է՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսավարման ձևերից, սկսած նրանից, թե Սևանի ափին ինչ կառույցներ են կառուցում և ինչ տրամաբանությամբ: Սևանի ափին այսօր քայլելով մենք ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ»,- ասաց Փաշինյանը:
11:34 - 31 հուլիսի, 2020
«Այս տարի Սևանա լճի ծաղկման պրոցեսը ուշ սկսեց, շուտ էլ վերջանալու է». ՇՄՆ պաշտոնյաները ներկայացրին լճի կանաչումը սահմանափակելու համար կատարված աշխատանքները |tert.am|

«Այս տարի Սևանա լճի ծաղկման պրոցեսը ուշ սկսեց, շուտ էլ վերջանալու է». ՇՄՆ պաշտոնյաները ներկայացրին լճի կանաչումը սահմանափակելու համար կատարված աշխատանքները |tert.am|

tert.am: Կախված եղանակային պայմաններից՝ այս տարի Սևանա լճի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ սկսեց և շուտ էլ վերջանալու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը: «Սևանա լճում ունենք վատ էկոլոգիական վիճակ, հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որ ծաղկման պրոցեսները շարունակական լինեն, թափանցիկությունը մինչև 4 մետր է, և այս բոլոր բնութագրական ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ունենք կենսածին նյութերի բավարար քանակություն: Սա նշանակում է, որ այս պահին լճում վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,-ասաց նա: Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը հայտարարեց, թե այսօր Կառավարության կողմից շատ խիստ և հրատապ հանձնարարականներ են տրված՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները, ներկայացնել բոլոր ծրագրերը, թե ինչ պետք է անել, որ եկող տարի Սևանում կա՛մ չլինեն կանաչած հատվածներ, կա՛մ շատ քիչ լինեն: Ինչ վերաբերում է Սևանում լողալու անվտանգությանը, Ջիլավյանը նշեց, թե այն տարածքներում, որտեղ կանաչում առկա չէ, կարելի է լողալ, սահմանափակում չկա: «Փոքր Սևանում, որտեղ հիմնական լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու խնդիր չունենք»,-հավելեց նա: Անդրադառնալով Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերացման վերաբերյալ խոսակցություններին՝ ՇՄ նախարարի պաշտոնակատարը ասաց, թե պաշարների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: «Մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր ունենք: Հենց հիմա գործընթացների մեջ ենք, և հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց կողակի մանրաձուկ բաց կթողնենք լիճ»,-նշեց նա՝ հավելելով, թե սիգ ձկնատեսակի պաշարների հետ կապված խնդիրներ չկան: «Կառավարության որոշմամբ արդեն իսկ նախաձեռնել ենք այս տարվա առաջին արդյունագործական որսը՝ թույլատրելով 200 տոննա սիգի որս իրականացնել: Շուրջ 150 դիմում ունենք, մոտակա 10 օրվա ընթացքում պայմանագրերը կկնքվեն: Որևէ այլ ձկնատեսակի համար օրինական որս չի թույլատրվել»,-ասաց Ջիլավյանը: Նա նաև հայտնեց, թե այս պահին Սևանա լճում մոտավորապես 50 հա տարածք արդեն իսկ մաքրվել է: Ավելին՝ tert.am-ում
13:40 - 29 հուլիսի, 2020
Սևանա լճի տարածքում իրականացվել են թունաբանական հետազոտություններ

Սևանա լճի տարածքում իրականացվել են թունաբանական հետազոտություններ

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի  դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության  մասին վկայող փոփոխություններ չեն  նկատվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է լինել ուշադիր, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ  ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:  Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված  ջրի որակի դիտարկումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:01 - 25 հուլիսի, 2020
Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|

Աշխատանքներ տարվում են, բայց դրանք բավարար չեն․ Սանոսյանը՝ Սեւանա լճի կանաչելու մասին |armtimes.com|

armtimes.com: Ցավոք սրտի, արդեն 3-րդ տարին է՝ Սեւանա լճի կանաչելու պրոցես ունենք մեծ մասշտաբներով։ Այս մասին այսօր Սեւանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Սեւանի կանաչելու վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ այս պրոցեսը միշտ եղել է, բայց մասշտաբներն ամբողջովին այլ են եղել, հիմնականում՝ սեպտեմբեր ամսին քիչ ծավալով։ «Աշխատանքներ, իհարկե, տարվում են, բայց ես խոստովանում եմ, որ մեր աշխատանքները բավարար չեն։ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման, գետերի հուների մաքրման, մաքրման կայանների տեղադրման առումով թեեւ որոշակի աշխատանք կա, բայց խոստովանում եմ, որ այդ աշխատանքները դանդաղ են ընթանում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց մարզպետը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում բանակից հետո երկրորդ տեղը, ուր պետք է գումար հատկացնել, դա Սեւանա լիճն է: «Մեր Կառավարությունը, մեր գործընկերները կարծում եմ՝ սա շատ լավ գիտակցում են, բազմաթիվ անգամներ ասել են ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- նշեց Սանոսյանը։ Նրա խոսքով՝ ներկա պահին մարզում 3 մաքրման կայան է գործում՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս համայնքներում, որոնք, սակայն, միայն մեխանիկական մաքրում են իրականացնում. «Հաշվի առնելով մարզի բնակավայրերի կոյուղացման ցածր մակարդակն ու անգամ որոշ գյուղերում դրանց բացակայությունը՝ մարզն առնվազն 4 կենսաբանական մաքրման կայանի կարիք ունի»:
14:32 - 24 հուլիսի, 2020
Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ |armenpress.am|

Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում այս տարի տեղումների առումով եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, և որոշ հատվածներում հայտարարված է սակավաջուր տարի: Այդ իսկ պատճառով վերջին տվյալների համաձայն, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ, Սևանից 19 մլն խմ-ով ավելի ջրառ է իրականացվել: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ, չնայած դրան, Արփա-Սևան թունելով լիճ է տեղափոխվել մոտ 20 մլն խմ ջուր: «Ինչպես գիտեք, գետերում ջրերի սակավաջրություն է եղել, դա է պատճառը, որ ներկա փուլում այդքան ջուր է վերցվել: Տաք ձմեռը խիստ ազդեց ջրամբարների լցվածության վրա: Ամեն դեպքում, հաշվի առնելով ոռոգվող տարածքների մեր ունեցած պլանները, կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ, եղած ջուրը կբավարարի, և Սևանին հավելյալ դիմելու անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Կարեն Սարգսյանը
15:05 - 23 հուլիսի, 2020
Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Զ․ Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեւանա լճի կանաչելու խնդրին։ Նախապես նշելով, որ ինքը բնապահպանական հարցերից չի հասկանում՝ Սարգսյանը գրառման մեջ մի այսպիսի հարց է հնչեցրել․ «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում եւ գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երեւալու համար գոնե մայկաներդ ճղեք»։ Սարգսյանը շարունակել է, թե՝ չեն անի, որովհետեւ Սեւանի համար վճարող չկա, ակնարկելով, որ ամիսներով Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները՝ իր խոսքով՝ բնապահպանները, այդ պայքարի համար գումար են ստանում․  «Իսկ դուք, հայրենի բնությանը մինչեւ վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը՝ վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարեւոր է, կարեւորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն»,- եզրափակել է նախկին վարչապետը։ Infocom․am-ն այս հրապարակմամբ ներկայացնում է, թե որքանով են Արամ Զավենի Սարգսյանի գրառման մեջ տեղ գտած պնդումները համապատասխանում իրականությանը եւ թե ինչ մանիպուլյացիոն երանգներ ունեն դրանք։ Ամուլսարի պահպանման համար պայքարողները․ բնակի՞չ, թե՞ բնապահպան Արամ Սարգսյանն իր գրառման մեջ դիմել է, իր բնորոշմամբ, «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ»»-ին՝ ակնարկելով, թե Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման դեմ պայքարող մարդիկ գումար են ստանում դրա համար։ Նախ հարկ է նշել, որ չնայած Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ներգրավված են նաեւ իրենց բնապահպան դիրքավորող մի շարք խմբեր եւ անհատներ, սակայն հենց հանքի շրջակայքում պայքար իրականացնողներն ու ճանապարհներ փակողները ազդակիր համայնքների բնակիչներն են։  2018 թվականի մայիսի 19-ին քաղաքացիները փակել էին Ամուլսար տանող ճանապարհները։ 4 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ճանապարհները բացելուց հետո ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի տարածքում որեւէ շինարարական աշխատանք եւ հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, որոնք իրավական եւ բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին: Բնակիչները հայտնել էին, որ դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու:  Արդեն հունիսի սկզբին Ջերմուկ քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչները դարձյալ փակել էին Ամուլսար տանող ճանապարհն ու ավելի քան տասը օր թույլ չէին տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակեր հանքի կառուցման աշխատանքները: Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը նկատել էր՝ չնայած քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու՝ վարչապետ Փաշինյանի կոչին՝ իրենք շարունակում են պայքարը, քանի որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում։ Ցուցարար մեկ այլ բնակիչ էլ ասել էր, որ աշխատանքների ընթացքում ընկերությունը ջրատար խողովակ էր վնասեր, դրա պատճառով էլ ցեխաջրերը լցվել էին համայնք։ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:  2019 թվականի օգոստոսին՝ շուրջ 1 տարի անց, երբ արդեն հայտնի էին ELARD-ի փորձաքննության արդյունքները, Ջերմուկի բնակիչները շարունակում էին իրենց բողոքի ակցիաները՝ պնդելով, որ հանքը չպետք է շահագործվի։ Ջերմուկցիներից մեկը Ամուլսարի հարցով կազմակերպված բաց քննարկման ժամանակ հայտարարել էր, որ իրենց հետ անիմաստ է խոսել Ամուլսարի հանքի` լավ կամ վատ բանակցությունների մասին. իրենց կբանակցեն միայն հանքի փակման համար։ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ իր խոսքում նշել էր, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռ մեկ տարի առաջ են փակել։  Ընդ որում, այդ շրջանում Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ պատժամիջոցներ էր իրականացնում, ինչի վերաբերյալ հայտարարություն էին տարածել Հայկական բնապահպանական ճակատը եւ մի խումբ իրավապաշտպաններ, որին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, որտեղ շուրջ 1500 բնակիչ ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները դիմավորել էին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս նախընտրել էր այցելել տներ եւ ակցիային չմասնակցող բնակիչներից կարծիքներ լսել։ Արդյունքում՝ ոչ մի բնակարանում Ամուլսարի հանքին կողմ ջերմուկցի չէր հանդիպել։ Փաշինյանը նաեւ ելույթ էր ունեցել Ջերմուկ քաղաքի հրապարակում, որտեղ եւս տարաձայնություններ էր ունեցել Ամուլսարի պահապանների հետ։ Ամուլսարի պահապանները մեկ անգամ եւս հիշեցրել էին, որ միանշանակ դեմ են ցանկացած հանքի շահագործմանը։ Տեղի էր ունեցել առանձնազրույց՝ Ամուլսարի պահապանների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ջերմուկ քաղաքի բնակիչները մնացել էին իրենց դիրքորոշմանը։ Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաեւ Սարավան եւ Գորայք համայնքներ, որտեղ բնակիչները կողմ էին հանքի շահագործմանը։ Այստեղ հարկ է հաշվի առնել կողմ եւ դեմ համայնքների բնակչության թվերը։ Սարավան եւ Գորայք համայնքներն ունեն համապատասխանաբար 303 եւ 478 բնակիչ, իսկ Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքները ունեն համապատասխանաբար 4265 եւ 795 բնակիչ (տվյալները՝ Ampop.am )։ Ջերմուկցիներն այսօր էլ շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարները։ Նրանք պնդում են, որ կառավարությունը պետք է խնդրի լուծման այլ ելքեր փնտրի։ Սակայն, փաստորեն, Արամ Սարգսյանը չի նշել, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարուն են հենց տեղի բնակիչները, այլ ոչ թե բնապահպանները, իսկ բնակիչներն իրենց երբեք որպես բնապահպան չեն դիրքավորել։ Բնապահպանները Սեւանի համար Թեեւ Սեւանա լճի խնդիրներով պետք է զբաղվի պետությունը՝ համապատասխան գերատեսչություններով ու կառույցներով, այնուամենայնիվ անհատ բնապահպանները կամ բնապահպանական խմբերը տարիներ շարունակ բարձրաձայնել են այդ խնդիրների մասին, հնարավոր լուծումներ առաջարկել, ինչը կամ անտեղյակության պատճառով կամ էլ միտումնավոր՝ չի նկատել Արամ Սարգսյանը։ Այսպես, 2010 թվականի հուլիսին, երբ Սեւանա լճի մակարդակը հասել էր 1899մ-ի, տասնյակ շինություններ, Սեւանի շուրջը տնկված արհեստական անտառներ, ավտոճանապարհներ մնացել էին ջրի տակ։ Այդ ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգել էր, որ ջրի տակ մնացած կանաչ զանգվածը չի հասցնում արագ քայքայվել, եւ հնարավոր է` լիճը չհասցնի ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու եւ ճահճանալու վտանգը: 2011 թվականի նոյեմբերին բնապահպաններն ահազանգեցին, որ Սեւանը բնապահպանական աղետի եզրին է․ շարունակում էր շահագործվել Սոթքի հանքը։  Թեեւ բնապահպաններին 2009թ.-ին հաջողվել էր կասեցնել Սոթքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը, սակայն 2011-ի մարտին «GeoProMining Gold» ընկերությունը, խախտելով «Սեւանա լճի մասին օրենքը» եւ չունենալով բնապահպանական փորձաքննություն, լճի ավազանում՝ Սոթքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր։ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նույն թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով Սեւանա լճի աղտոտման եւ հանքավայրի ազդեցության մասին, հայտարարել էր, որ Բնապահպանության նախարարությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե տվյալ տարածքում հանքավայր կառուցելու թույլտվություն է եղել 1990-ական թթ.-ից: Սանասարյանն ընդգծել էր, որ Սեւանա լճի տարածքում արգելվում է նման արդյունաբերական հանգույցների շահագործումը, բայց Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է: Համատեղ ասուլիսի ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանն էլ տեղեկացրել էր, որ մի քանի անգամ եղել է Սեւանա լճի տարածքում, որտեղ ամբողջությամբ սփռված են եղել աշխատանքի արդյունքում առաջացած քարեր եւ նյութեր, որոնք Սոթք գետով լցվում են լիճ։ Ի դեպ, այդ շրջանում բնապահպանները հետեւողականորեն զբաղվում էին հանքավայրի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ․ մտահոգություն կար, որ մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը կկուտակվեն Սեւանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվի Սոթքի արտադրության պոչ լճի:  2012 թվականի նոյեմբերին «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրաձայնեց, որ Սեւանի էկոհամակարգին ոչ միայն ջրի տակ անցած եւ դեռեւս չմաքրված ափամերձ տարածքներն են վնաս հասցնում, այլեւ այն աղբը, որ գետերի միջոցով լցվում է լիճ, եւ բացի կոյուղաջրերը՝ Սեւան է լցվում նաեւ պլաստիկ աղբ, արտադրական թափոններ։ Բնապահպանն այդ ժամանակ կարծիք հայտնեց, որ ճնշումը Սեւանի վրա տարեցտարի ավելանում է․ այդ տարի լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությունը, Զարաֆյանի պնդմամբ, հիմնավորված չէր, եւ արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի սանտիմոտրով իջել էր: 2014 թվականին Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի հ/կ-ներն ահազանգել էին, որ կառավարության 2 նախագծերով անվերադարձ կորցնում ենք Սեւանա լիճը։ Նախագծերից առաջինը վերաբերում էր լճից ջրի տարեկան բացթողումների ծավալին: Առաջարկվում էր մինչեւ 2019թ. հունվարի 1-ը Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ: Երկրորդ ծրագրով մշակվել էր «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր», որով նախատեսվում էր Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ.-ը, տարեկան 50 հազար տոննա իշխան բուծել` ձկներին կերակրելով ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կերով:  Սեւանա լճին վերաբերող այս երկու նախագծերի թեմայով 2014թ. ապրիլի 11-ին «Էկոլուր» հ/կ-ն հանրային քննարկում էր նախաձեռնել, որին ներկա «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Սեւան» Ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ «Սեւանի Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրել էին Սեւանա լճի համար օրինագծերի վտանգներն ու  բացասական հետեւանքները: Ըստ բնապահպանների` կառավարությունը ծրագիրը մշակել էր առանց Սեւանա լճի բնակավայրերի բնակիչների կարծիքը հաշվի առնելու: Նրանք նշել էին, որ  Արփա-Սեւան ջրատարը համառորեն չի վերակառուցվում (արդեն վերանորոգվել է,- հեղ․), Կեչուտի ջրամբարից տարեկան 250 մլն խմ եւ Որոտանից 165 մլն խմ ջուր Սեւանա լիճ չեն լցվում: Այդ ֆիզիկական ծավալները, եթե Սեւան լցվեին, լճի դրական հաշվեկշիռը կպահպանվեր նույնիսկ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու պարագայում, իսկ գետերից լիճ լցվող ջրի ծավալները լճի դրական հաշվեկշիռը չեն ապահովել:  2016 թվականի մայիսին բնասերների մի խումբ նախաձեռնել եւ իրականացրել էր համաՍեւանյան աղբահավաք՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված եւ քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն եղել տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցել էին նաեւ բնապահպանական կազմակերպություններ, արշավական խմբեր, ուսումնական հաստատություններ, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, Սեւան ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի հասարակական կազմակեպությունները։ 2017 թվականին «Հայկական բնապահպանական ճակատն» ու մի շարք բնապահպանական կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացրել էին միջազգային անկախ փորձագետների իրականացրած մասնագիտական հաշվետվություններն ու եզրահանգումները՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։  Դիմումի մեջ նշված էր, որ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի եւ նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, եւ բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը, Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաեւ Սեւանա լիճը։  Բնապահպանական հկ-ները շեշտել էին, որ պետք է հաշվի առնել՝ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել լճի, նրա որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված):  2018 թվականի օգոստոսին բնապահպանները հայտարարել էին, որ Սեւանա լիճն այդ տարի հայտնվել է աղետալի վիճակում եւ ճահճացման վտանգը հեռու չէ։ Լճի խնդիրներով զբաղվող մասնագետներին անհանգստացրել էր հատկապես այն փաստը, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ցանկանում է օրենքի փոփոխությամբ հավելյալ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարել։ Թեեւ, ըստ կոմիտեի, դա կօգներ խուսափել ոռոգման խնդիրներից, սակայն, բնապահպանների կարծիքով, Սեւանի հաշվին ոռոգման հարցը լուծելն անթույլատրելի է։ Նույն շրջանում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտել էր, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու Սեւանա լճի համար, սակայն նախարարությունը գոնե մի միջոցառման պլան չի ներկայացրել, որ հասկանալի լինի՝ այդ ջուրն ինչի համար եւ ուր է գնում։ Զարաֆյանը տեղեկացրել էր «S.O.S. Սեւան» արշավի մեկնարկի մասին, որի շրջանակներում պատրաստվում են գնալ Սեւանի բոլոր համայնքները, նաեւ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում այնտեղ, այդ ջուրը տեղ հասնում է, թե ոչ։ 2018 թվականին «Հայկական բնապահպանական ճակատը» հրապարակել էր ծավալուն հոդված՝ մանրամասն անդրադառնալով Սեւանի ջրի մակարդակի բնականոն աճի խաթարման խնդրին, առաջարկելով հնարավոր լուծումներ։ Հոդվածում նախանշվել էր, որ Սեւանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատեւման երաշխիքը եղել եւ մնում է նրա մակարդակի շարունակական եւ անշեղ բարձրացումը՝ առանց զարտուղի եւ դավադիր ուղիներով  նրա մակարդակի բնականոն աճի կասեցման՝ մի խումբ ապազգային, անհայրենիք, իշխանական հզոր լծակներ «զավթած» օլիգարխ-իշխանավորների կողմից։  Նախորդ տարի՝ 2019-ին, լճի ծաղկելու խնդիրը դարձյալ անտարբեր չի թողել բնապահպաններին։ Բնապահպանների հիմնական քննադատությունն այն էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ոչինչ չի արել ամեն տարի առաջացող այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը համոզմունք էր հայտնել, որ ջրիմուռների նման ծավալի ակտիվացումը խոսում է լճի ճահճացման գործըթնացի մասին, նա նշել էր, որ Սեւանում համալիր տեսչական ստուգման անհրաժեշտություն կա, որ երբեւէ չի իրականացվել։ Երբ ինքը տեսչական մարմնի ղեկավարն էր, փորձել է սկսել այդ գործընթացը․ «Վեր էինք հանելու բոլոր տեսակի խնդիրները: Ոչ միայն նրանք, որոնք հանգեցնում են ճահճացման երեւույթներին, այլեւ կան շատ ավելի վտանգավոր գործընթացներ, որ մարդիկ չեն տեսնում տեսանելի չէ: Վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել: Օրինակ, Սոտքի հանքավայրից թթվային ջրերի հնարավոր արտահոսքը դեպի Սեւան: Կան որոշակի ուսումնասիրություններ, որ անգամ որոշ ձկնատեսակներ մուտացիայի են ենթարկվում Սեւանա լճում, եւ պատճառները ոչ ոք չի ուսումնասիրում»: Ամուլսարից՝ Սեւան Արամ Սարգսյանը պնդում է արել, ըստ որի՝ «հայրենասեր բնապահպանները» Սեւանի համար չեն պայքարում, որովհետեւ, գումար չեն ստանում դրա դիմաց, իսկ ահա Ամուլսարի դեպքում՝ հակառակը։ Իրականում, ինչ-որ չափով նաեւ Ամուլսարի շահագործումն է Սեւանա լճին սպառնացող վտանգ հանդիսանում։ Եւ սա արդեն պնդում են ոչ թե բնապահպանները, ոչ թե տեղի բնակիչները, այլեւ վերը հիշատակված ELARD-ի փորձագետները։ Ի սկզբանե, երբ պատվիրվել է այս փորձաքննությունը, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։ Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։  Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։ Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։ Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն,  միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել ազբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։ Ովքե՞ր են գումարով բնապահպան աշխատողները Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այս երկու տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հանրային-քաղաքական գործիչը այդ պայքարի մասնակիցներին ներկայացնում է որպես որեւէ տեղից գումար ստացող բնապահպաններ։ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանն էր մի այդպիսի հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, թե կան ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է, բայց, ըստ իրեն, կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ, որոնք բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որ այդ արշավը կազմակերպվի: Այս հայտարարության վերաբերյալ բնապահպանները դիմել էին Ավինյանին՝ ճշտելու, թե արդյոք իրե՞նց է նկատի ունեցել, նա չէր պատասխանել: Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա: Դրանից հետո 15 բնապահպան դիմել էր դատարան՝ պարզելու իրե՞նց է նկատի ունեցել Ավինյանը: Եթե՝ այո, ապա զրպարտության պահանջ են ներկայացրել, որպեսզի հերքի այդ տեղեկությունը, թե իրենք ֆինանսավորվում են: Դատարանը, սակայն, որոշել էր մերժել քաղաքացիական գործով հայցն ընդդեմ Տիգրան Արմենի Ավինյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին։ Նույն հարցը տվեցինք Արամ Սարգսյանին․ ո՞ւմ է նկատի ունեցել եւ արդյոք իր պնդման վերաբերյալ փաստական հիմքեր ունի՞։ Սարգսյանը եւս պատասխանեց, որ իր գրառումը հավելյալ մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում։   Սեւանա լճի խնդրի արմատները Սեւանա լճի ծաղկման գործընթացը նոր ի հայտ եկած խնդիր չէ։ Լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտվել է դեռեւս 1930-ականներին՝ էներգիայի արտադրության եւ ոռոգման համար ջրի անխնա օգտագործման պատճառով։ Թերեւս, մասնագիտական շրջանակներից, բնապահպաններից ու տեղացիներից բացի՝ հանրության մի ստվար զանգվածի եւս հայտնի է, որ Սեւանա լճի էկոլոգիական վիճակը վատթարացել է հատկապես վերջին տասնամյակներին։ Դրա համար հիմք են հանդիսացել ջրի մակարդակի իջեցումը, թունաքիմիկատների եւ օրգանական նյութերի հոսքը, անթրոպոգեն բացասական ազդեցությունը՝ լճի հարուստ կենսաբազմազանության վրա եւ այլն։ Լճի ջրի կորուստն առաջ է բերել ադապտացիոն ներուժի կրճատման, օրգանական նյութերի հանքայնացման, լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ եւ կառուցվածքային փոփոխությունների ու ջրում նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտման, ջրի միջին ջերմաստիճանի բարձրացման: Այս գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում: Լճի ճահճացման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4°C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը, քանի որ այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Բայց երբ ջրի ծավալը եւ խորությունը նվազում է, այդ պաշտպանիչ շերտը վերանում է, լիճը սկսում է ճահճանալ:  Վերջին տարիներին Սեւանա լճից իրականացվող ջրառի չափի թեման մշտապես արդիական է եղել։ Օրինակ, 2015 թվականին Սեւանից իրականացվելիք ջրառի չափաքանակ է սահմանվել շուրջ 170.0 մլն խոր. մետր, 2016 թվականին՝ դարձյալ նույնքան, 2017 թվաքանին ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 270.0 մլն խոր. մետր, 2018 թվականին՝ 170, 2019-ին՝ նույնքան։ 2019 թվականին Սեւանա լճից իրականացված ջրառը նվազագույնն է եղել վերջին 5 տարիների ընթացքում․ նոյեմբերի 1-ի (բացթողման վերջին օրվա) դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143, 857 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56,076 մլն խմ-ով: ՀՀ կառավարության 06.06.2019թ «Ոռոգման նպատակով 2019թ Սեւանա լճից ջրառի մասին» N698-Ա որոշմամբ սահմանված մինչեւ 170 մլն խմ ջրառի չափաքանակից պակաս է բաց թողնվել 26,140 մլն խմ-ով։   Պետությունը Սեւանի համար 2017 թվականի վերջի դրությամբ, (վերջին 5 տարիների ընթացքում Սեւանից ջրառի ամենամեծ չափաքանակն է նախատեսվել հենց 2017-ին) Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ (1900.46մ) նվազել է 0.04մ-ով:  2017 թվականի համար Սեւանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչեւ 270մլն խմ չափաքա­նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ, ինչը 99.622մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2017 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2017-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրածածկ անտառտնկարկներով տարածքներից մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա-ը՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ ՊՈԱԿ-ի կողմից, 14,1 հա՝ ֆիզիկական անձանց կողմից՝ ՊՈԱԿ-ի հետ կնքված ջրածածկ անտառների մաքրման պայմանագրերով։ 2017 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներով պարկի տարածքում իրականացվել են 8.48 հա անտառավերականգնման աշխատանքներ:  ՀՀ կառավարության՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1018 որոշմամբ հաստատվել է Սեւանա լճի էկոհամակարգի, վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման՝ 2019 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը։  Ծրագրով նախատեսվում էր բարելավել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգը, անտառմաքրման աշխատանքներ իրականացնել լճի շրջակայքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում, նոր անտառշերտ հիմնել լճի շրջակայքում, իրականացնել ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքներ՝ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում, կենդանական ռեսուրսների հաշվառում անել լճի եւ դրա ջրահավաք ավազանում, սահմանել օգտագործամն թույլատրելի չափաքանակներ, մաքրել լճի ջրահավաք ավազանում առաջացած կեղտաջրերը, համալրել ձկան պաշարները, կանխել ապօրինի աղբավայրերի գոյացման ընթացքը եւ այլն։ Շրջակա միջավայրի նախարարության՝ 2019 թվականի գործունեության հիմնական արդյունքների հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2019 թվականի ընթացքում Սեւանա լճի վիճակը վատթարացել է: Նշված է, որ Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ են հանդիասանում լճի ջրի տաքացումը եւ լճում կենսածին տարրերի, հատկապես, ֆոսֆորի առկայությունը: Բացի այս՝ լճի աղտոտման հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց կենսաբանական մաքրման արտահոսքերը Սեւանի ՋԿՏ-ի գետեր կամ անմիջապես Սեւանա լիճ: 2019թ. «Անտառային մոնիթորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է 1901.5 բացարձակ նիշն ընկած տարածքների մանրամասն ուսումնասիրություններ եւ գնահատում, ինչպես նաեւ ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքերի միջոցով: Փաստաթղթի համաձայն՝ նախարարության եւ «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի միջեւ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված 2019-2021 թվականների համար Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված էր 2019 թվականին մաքրել ընդհանուր 98 հա տարածք, որից 4-ը՝ ջրածածկ։ Լիարժեք մաքրված տարածքները կազմում են շուրջ 30 հա, եւս 50 հա անտառածածկ տարածքներում հիմնականում ավարտվել են ծառերի, թփերի հատման աշխատանքները։ Անտառածածկ տարածքների աննախադեպ խտությունը, անկանխատեսելի խորությամբ ճահճուտները, եղանակային անբարենպաստ պայմանները նախատեսվածից ավելի կոճղերի առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում ավարտելու համար։ Ի դեպ՝ 2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է նախագիծ, որով բացառել է Սեւանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառ իրականացնելու հնարավորությունը: Կառավարությունն այսուհետ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հնարավորության համար կարող է դիմել միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։  2019 թվականի հունիսին ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնել էր, որ բարձր ջերմաստիճանի եւ վերը նշված մի շարք բացասական գործոնների համադրության արդյունքում Սեւանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում, բայց նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոկարգվեն եւ կնվազեն աղտոտումները։  Հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՇՄ նախարարությունը միջազգային գործընկերների հետ արդեն իսկ ախտորոշել է խնդիրը, երկրորդ փուլն են սկսում։ ՇՄ նախկին նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ միանշանակ է՝ կեղտաջրերը չպետք է լցվեն Սեւան, մաքրման կայաններ պետք է լինեն, մաքրվեն ջրի տակ մնացած բուսական հատվածները, եւ այլն։ Նախարարությունը վստահեցրել էր, որ մինչեւ 2021-ը 770 հա տարածք կմաքրվի, մինչդեռ նախկինում տարեկան 80հա պլանային մաքրումներ էին նախատեսված։  Օրեր անց՝ հուլիսի 25-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:  Երեկ արդեն՝ հուլիսի 21-ին, ՇՄ նախարարությունը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։ Բացի այդ՝ սկսվել են Սեւանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները, եւ, ըստ նախարարության հայտարարության, համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Իսկ մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ ՇՄ-ն հավելել է, որ մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։ Այսպիսով, Արամ Սարգսյանի գրառումը մանիպուլյատիվ ու խնդրահարույց պնդումներ է պարունակում․ քաղաքական գործիչը, առանց անուններ նշելու, հայտարարել է, թե ՌԴ-ից օրավարձով գումար ստացող բնապահպաններն են փակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, այնինչ բազմաթիվ են վկայությունները, այդ թվում՝ վարչապետի՝ Ջերմուկ կատարած այցի տեսքով, որ հանքի շահագործմանը դեմ են տեղի ու հարակից համայնքների բնակիչները, որոնք իրենց երբեւէ չեն ներկայացրել որպես բնապահպան։ Իսկ բնապահպաններն իրենց՝ գումարով ակցիա անելու վերաբերյալ Ավինյանի հայտարարությունից հետո վերջինիս դեմ դատական հայց էին ներկայացրել՝ զրպարտության համար։ Ինչպես Ավինյանը, այնպես էլ Արամ Սարգսյանը, մինչ այս պահը որեւէ փաստ չեն ներկայացրել բնապահպանների՝ որեւէ տեղից ֆինանսավորվելու մասին։ Հաջորդիվ, Սարգսյանը պնդել է, որ բնապահպանները Սեւանի հարցով լռել են, քանի որ դրա համար գումար չեն ստացել։ Սակայն, ինչպես արդեն ներկայացրինք, բնապահպանները դեռ 2000-ականներից են ահազանգում Սեւանա լճի խնդիրների մասին։ Բացի այդ, նախկինում Սոթքի, այսօր արդեն Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր խնդիրների մասին խոսելիս բնապահպանները ինքնըստինքյան խոսում են ի շահ Սեւանա լճի, մանավանդ, ինչպես նշված է ELARD-ի փորձաքննության մեջ, երկրաշարժի դեպքում Ամուլսարի հանքից թունավոր նյութեր կարող են լցվել լիճ՝ այս անգամ Կեչուտի ջրամբարով։ Հավելենք նաեւ, որ երեկ «Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի գրառման վերաբերյալ՝ ներկայացնելով, թե վերջինս ինչ կապ ունի Ամուլսարը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ըստ հրապարակման՝ վերջին շրջանում Ամուլսարում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորումները ներկայացել են «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ, իսկ այս ընկերությունը համագործակցում է «Լիդիան Արմենիա»-ի հետ։ Ընկերության տնօրենը Կառլեն Մինասյանն է, որն էլ 2018թ․ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում էր։ Ի վերջո, եթե նույնիսկ բնապահպաններ կամ բնապահպանական խմբեր չլինեն, պետության տարածքում էկոլոգիական խնդիրները կանխում կամ լուծում են կառավարությունները՝ համապատասխան գերատեսչություններով, եւ բացի անհատական-քաղաքացիական պատասխանատավությունից՝ որեւէ մեկը այլ պարտավորություն չունի ամեն օր հայտարարել, որ Սեւանա լիճը ծաղկում է, վերջնակետը ճահճացումն է, եւ այլն, որպեսզի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն կամ որոշեն լուծել հարցը։  Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սեւանա լճի խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր կատարում է։ Հայարփի Բաղդասարյան, Ասպրամ Փարսադանյան
13:54 - 23 հուլիսի, 2020