Փաստերի ստուգում

Մարինա խաչատրյանի պնդումները սխալ են․ COVID-19-ի դեմ պատվաստված անձը երկրորդ դեղաչափի ընդունումից 10 օր անց կարող է դառնալ արյան դոնոր

Մարինա խաչատրյանի պնդումները սխալ են․ COVID-19-ի դեմ պատվաստված անձը երկրորդ դեղաչափի ընդունումից 10 օր անց կարող է դառնալ արյան դոնոր

2021 օգոստոսի 18-ին politik.am լրատվականը հրապարակել էր «Սարսափելի հանցագործություն է կատարվում․ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության փորձ․ ինչ է կատարվում» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը պնդում է, թե Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից իր հարցմանն ի պատասխան նշել են, որ պատվաստված քաղաքացիները նվազագույնը 6 ամիս չեն կարող արյան դոնոր հանդիսանալ։  Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվի քաղաքացիների 80 տոկոսը, եւ Հայաստանի դեմ կրկին պատերազմ սանձազերծվի, ովքե՞ր են արյան դոնոր հանդիսանալու։ Նա հորդորում էր, որ բանակում զինվոր ունեցող ծնողները չպատվաստվեն, որպեսզի հետագայում անհրաժեշտության դեպքում կարողանան իրենց երեխաների համար դոնոր հանդիսանալ։  Infocom.am-ը փորձեց պարզել, թե որքանով են Խաչատրյանի պնդումները ճիշտ։ Մենք զրուցեինք Արյուանաբանական կենտրոնի Արյան Բանկի փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ։ Վերջինս մեր զրույցում նշեց, որ շրջանառվող պնդումներն ամենեւին իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե պատվաստվելուց քանի օր հետո կարող է անձը հանդիսնալ դոնոր, Հակոբյանը պատասխանեց, որ արյունաբանականում պահվում է պատվաստումից 10 օր հետո արյուն հանձնելու ժամկետը, բայց իրենք սպասում են նախարարի հրամանին, որով հստակ ժամկետներ կսահմանվեն։ «Արյան բանկում լրացումներ անելու կարիք ամեն օր կա, որովհետեւ մենք պարտավոր ենք ունենալ մեր անձեռնմխելի պաշարը։ Ցավոք սրտի, արյան կարիք ամեն օր կա, դրա համար մենք պետք է ամեն օր աշխատենք եւ լրացնենք պաշարը»,- ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այս պահին ինչ հագեցվածություն ունի արյան բանկը։  Հակոբյանը տեղեկացրեց, որ գրավոր որեւէ նման նյութ չկա, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է խանգարել արյան դոնոր հանդիսանալուն, նման փաստարկներ չեն ներկայացվել նաեւ այլ երկրներում։ Հակոբյանը շեշտեց, որ, ամեն դեպքում, պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո մարդուց արյուն չեն վերցնում, իսկ երկրորդ դեղաչափ ստանալուց միայն 10 օր հետո անձը կարող է դոնոր դառնալ․ սա արվում է ապահովության համար։ Հակոբյանի համոզմամբ՝ այս դեպքում որեւէ բարդություն չի առաջանա։  «Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակված մարդկանց՝ նրանք ոչ մի կերպ չեն կարող դառնալ դոնոր, չափվում է մարդկանց ջերմությունը, զննում են անցնում, եւ եթե մարդը վարակված է կորոնավիրուսով, ապա չի կարող դառնալ դոնոր։ Եթե կորնովիրուսով վարակված մարդը հիվանդությունը տարել է թեթեւ, ոտքի վրա, առանց մեծ քանակի դեղորայք օգտագործելու, առանց հակաբիոտիկների, բուժվելուց մեկ ամիս հետո կարող է դառնալ դոնոր, սակայն այդ դեպքում նույնպես անցնում են թերապեւտիկ լուրջ զննում։ Եթե վարակվածությունն ընթացել է ծանր՝ արհեստական շրչառություն, մեծ քանակությամբ հակաբիոտիկների եւ դեղերի ընդունում, ապա 6 ամիս արգելում ենք արյուն հանձնել»,- հավելեց Հակոբյանը։ Վերջինս հերքեց նաեւ, թե արյունաբանականից երբեւէ չի նշվել, թե պատվաստվող քաղաքացին 6 ամիս դոնոր չի կարող դառնալ։ Հակոբյանը շեշտեց, որ իր անձնակազմը չի կարող նման պատասխան տալ՝ մինչեւ իրենից չստանա որեւէ ցուցում։ «Այստեղ ամենակարեւորն այն է, որ եթե մարդը գալիս է արյուն հանձնելու, գիտակցի, որ պետք է լինի անկեղծ, ասի ճիշտը, չպետք է թաքցնի որեւէ տվյալ, որը կարող է վնասել իրեն կամ այն անձին, ում ներարկվելու է արյունը»,- եզրափակեց Հակոբյանը։ Ասպրամ Փարսադանյան
11:51 - 28 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։ Արդեն 4 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում են։ Նրանց տեղակայման վայրի, մեր տարածք ներթափանցման խորության, թվի մասին պաշտոնական տեղեկատվությունը գրեթե բացակայում է։ Միայն մի քանի հայտարարություններ են հնչել այս ամիսների ընթացքում․ մայիսի 13-ին, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։  Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին  Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։ Այս դեպքում, պարզվում է, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, այլեւ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա։  Այսպիսով, Պաշտպանության նախարարությանը նախ լրացուցիցիչ ժամանակ անհրաժեշտ եղավ՝ հայտնելու, որ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանցիների թվի ու նրանց տեղակայման վայրի մասին տեղեկությունները գաղտնիք են պարունակում, եւ որ դրանց տրամադրումը կարող է բացահայտել ԶՈՒ կիրառման, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու ու հետախուզական բնույթի տեղեկություններ։  Այնուհետեւ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի զինվորների թվի մասին պաշտոնյաների հայտարարություններում գաղտնիք չկա, եւ այդ հայտարարությունները չեն վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Իսկ երբ խնդրեցինք տալ այդ հայտարարությունների եւ դրանց միջեւ ընկած օրերի դրությամբ հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություն, ՊՆ-ն մեր հարցմանը պատասխանեց, որ այդպիսի թիվ չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ վարչապետն ու ԳՇ պետը ի՞նչ հիմքով են հնչեցրել շուրջ 250, 500-600 եւ շուրջ 1000 թվերը, եւ ինչու է մի դեպքում կոնկրետ օրվա դրությամբ տվյալը համարվում գաղտնի, մի դեպքում՝ ոչ, եւ մեկ այլ դեպքում՝ անհայտ։ Հայարփի Բաղդասարյան
19:56 - 15 սեպտեմբերի, 2021
Հայ գերիների խոշտանգումների մասին Աննա Մկրտչյանի ներկայացրած տվյալները հորինված չեն. Ալեն Սիմոնյանը սխալվում է

Հայ գերիների խոշտանգումների մասին Աննա Մկրտչյանի ներկայացրած տվյալները հորինված չեն. Ալեն Սիմոնյանը սխալվում է

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի   Ազգային ժողովի երեկվա նիստում մտքերի փոխանակության ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ հայ գերիների հարցին՝ ընթերցելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրեր առաջ հրապարակված արտահերթ զեկույցից մի հատված, որտեղ ներկայացվել են գերեվարվածների հանդեպ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը։ Ինչպես հիշատակեց պատգամավորը՝ Պաշտպանը հետաքննությամբ պարզել է, որ ադրբեջանցիները հայ գերիներին ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են՝ մինչեւ գիտակցության կորուստը, սպասում են, մինչեւ գիտակցության գա, շարունակում ծեծը. «Եռման թեյ ու ջուր են լցնում գերիների մարմնի վրա, այրվածքների ստանալուց հետո շարունակում են ծեծը՝ մինչեւ մահանա, հետո դին մի քանի օր թողնում են բանտախցում։ Սնվելու համար տալիս են տասը վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են սննդի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մարմնի մասեր, ողջ կապում են մեքենային ու քաշում, զրկում են ջրից, քնից ու սննդից։ Սա՞ է թուրքերի դրական ազդակը, կառավարության շենքից տեսնվող դրական ազդակը, այսինքն՝ հայերին խոշտանգե՞լն է դրական ազդակ»,- իր ելույթում ասաց Մկրտչյանը։ Երբ նա ավարտեց, նիստերի դահլիճում գտնվող կին պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց՝ « ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ եք խոսում», իսկ Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»։ Երբ Աննա Մկրտչյանը Սիմոնյանի այս արտահայտությանը տեղից արձագանքեց (հստակ չլսվեց՝ նա ինչ ասաց), Սիմոնյանը պատասխանեց, թե՝ «գիրք կարդա, կհասկանաս»։ Ի վերջո, վերադառնալով ՄԻՊ-ի զեկույցին։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով մեր գերիների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքը եւ այդ անմարդկային արարքները կատարողներին ու հենց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։ Թաթոյանը նախ հայտնեց, որ զեկույցը միանգամից հրապարակվում է անգլերեն՝ միջազգային ատյաններում ներկայացվելու համար, ապա շեշտեց, որ այն ապացույցների բազայով բացառիկ հիմնավորվածություն ունի։ Պաշտպանը ներկայացրեց իրենց հավաքագրած փաստերը, որոնք ստուգել են տարբեր աղբյուրներով։ Այսպիսով, նա նշեց, որ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինծառայողները ենթարկվել են համակարգային խոշտանգման՝ ֆիզիկական ու հոգեկան տառապանքների։ Ընդ որում՝ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն ծառայողները, որոնք փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․ «Ամենադաժան վերաբերմունքը եղել է նոր գերեվարման ժամանակ, հատկապես՝ հատուկ ծառայությունների կողմից։ Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, ինչպես էթնիկ պատկանելության ծաղրանքներով, այնպես էլ կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով»։ Թաթոյանը նշեց, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գերիներին չեն տվել ջուր ու սնունդ․ «Եղել են դեպքեր, որ սնունդը գցել են գետնին, ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերուն, սնունդը գցել են աղբարկղը՝ հենց նրա դիմաց, կամ ուտելու համար տվել են տասը վայրկյան ու վերցրել, կամ թքել են սննդի մեջ ու ստիպել ուտել։ Դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների մասով, ստիպել են տանել ուղղակի ցավը, ծեծն ու խոշտանգումը եղել է վերքի վրա մատը դնելով, որ էլ ավելի ցավի»,- ներկայացրեց ՄԻՊ-ը՝ հայտնելով նաեւ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին խոշտանգելու այլ մանրամասներ։ Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Աննա Մկրտչյանը «հնարած տեսարաններ» է ներկայացրել ԱԺ ամբիոնից, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Մկրտչյանն ԱԺ-ում ընթերցեց գերիներին խոշտանգելու միայն մի քանի դեպք, իսկ Թաթոյանը առավել մանրամասն էր ներկայացրել՝ ցուցադրելով նաեւ որոշակի կադրեր։  
10:09 - 15 սեպտեմբերի, 2021
Վիլեն Գաբրիելյանին առնչվող տեղեկություններում, որոնք արձանագրել էր ՄԻՊ-ը, հանցագործության դեպքի բացակայության հիմքով գործ չի հարուցվել

Վիլեն Գաբրիելյանին առնչվող տեղեկություններում, որոնք արձանագրել էր ՄԻՊ-ը, հանցագործության դեպքի բացակայության հիմքով գործ չի հարուցվել

Լուսանկարները՝ խորհրդարանի կայքից եւ ֆեյսբուքյան էջից Այս ամսվա սկզբին քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե այսօր Հայաստանում գործող անարդարադատությունը շարունակում է ապօրինի կերպով կալանքի տակ պահել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ն իր զեկույցում մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին: Մարգարյանի այս գրառումը տարածել էին մի շարք լրատվական կայքեր։ Խոսքը այս տարվա հունիսի 18-ին հրապարակված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի եւ «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները» վերտառությամբ Պաշտպանի հայտարարության մասին է։  ՄԻՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ Պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը (այժմ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր,- հեղ․): Համաձայն հայտարարության՝ ըստ ՄԻՊ աշխատակազմի ձեռք բերած տվյալների՝ Վ. Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաեւ տնօրենին հրահանգներ է տվել, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների՝ տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ: Պաշտպանի հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ հատուկ ուսումնասիրվել են շրջանառված տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների ու աշխատակիցների, ինչպես նաեւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ: Եւ պարզվել է, որ Կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ, ըստ ՄԻՊ-ի հայտարարության, նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին: ՄԻՊ-ի ներկայացրած այս տեղեկությունների համատեքստում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն իր գրառման մեջ նշել է, որ Վիլեն Գաբրիելյանին որեւէ մեղադրանք չի առաջադրվել, եւ նա ՔՊ խմբակցության կազմում մասնակցում է ԱԺ-ի նիստերին: Մարգարյանը գրել է, որ Հայաստանի գլխավոր դատախազի ուշադրությանն է հանձնում ՄԻՊ-ի զեկույցի այդ հատվածը։ Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցմամբ տեղեկացավ, որ դեռեւս հունիսին ՄԻՊ հայտնած տեղեկությունները, այդ թվում՝ Վիլեն Գաբրիելյանի ենթադրյալ գործողությունների վերաբերյալ, ուսումնասիրվել են։ Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի դատախազին է ուղարկվել նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կազմակերպած հանրահավաքին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությունն առերեւույթ հարկադրաբար ապահովելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցի հաղորդումը՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություն տալու համար: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որով հայտնվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգելու, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին ու լրատվամիջոցների՝ տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ պատասխան ներկայացնելու վերաբերյալ հրահանգներ տալու փաստը կրկին ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազին՝ նախապատրաստվող հիշյալ նյութերի հետ համատեղ ընթացքը լուծելու նպատակով: Նյութերի նախապատրաստմամբ, սակայն, ինչպես հայտնել են Դատախազությունից, վկայակոչված հանգամանքները չեն հաստատվել: Մասնավորապես, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ աշխատակիցները, ինչպես նաեւ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը տրված բացատրություններով հերքել են դրանցում տեղ գտած հանգամանքները, իսկ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք չեն տվել: Ուստի 2021թ. հունիսի 29-ին նախապատրաստված նյութերով որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 17-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմի մասնակցության վերաբերյալ տվյալներին, ապա, ինչպես հայտնել են Դատախազությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին՝ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված հանգամանքները չեն հիմնավորվել։ Պաշտպանի արձանագրած մյուս դրվագը վերաբերում է «Հայէկոնոմբանկի» տնօրինության ենթադրյալ հրահանգներին։ Ըստ հայտարարության, հրապարակումներ կան այն մասին, որ բանկի տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: «Հայէկոնոմբանկի» վերաբերյալ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին: Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներին ստիպողաբար ՔՊ ցույցին տանելու վերաբերյալ սոցիալական ցանցում 17.06.2021թ. հրապարակված տեղեկությունը ՀՀ դատախազությունը նույն օրն ուղարկել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ստուգման նպատակով: Դրա շրջանակներում հարցման են ենթարկվել բանկի աշխատակիցները, կառավարիչը, որոնք հայտնել են, որ իրենց կամքով են գնացել հանրահավաքի, իրենց որեւէ մեկը չի ստիպել: Բացատրություն է տվել տեղեկությունը հրապարակած անձը, որը, սակայն, ըստ Դատախազության, որեւէ կոնկրետ տվյալ չի տրամադրել: Նկատի առնելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը չի հաստատվել՝ այն թողնվել է անհետեւանք։ Այսպիսով, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ձեւակերպումը, թե Մարդու իրավունքների պաշտպանը մեղադրել է այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, առնվազն խնդրահարույց է, քանի որ Պաշտպանը միայն արձանագրել է իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ իրավապահների ուշադրությունն է հրավիրել ենթադրյալ ապօրինության վրա, այլ ոչ թե հանցագործության մեջ մեղադրել որեւէ անձի։ Բացի դրանից՝ Դատախազությունից հայտնել են, որ դեռ հունիսին՝ մինչեւ քաղաքագետի գրառումն են ուսումնասիրել ՄԻՊ-ի եւ լրատվամիջոցների հայտնած տեղեկությունները, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում հանցագործության դեպք չի հայտնաբերվել, այդ պատճառով գործ չի հարուցվել։ Այսինքն՝ քրեական գործի հարուցման համար փաստական բավարար տվյալները բացակայել են, ուստի Գաբրիելյանին մեղադրանք չէր կարող առաջադրվել։ Իսկ ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանի մեղադրանքին՝ նշենք, որ այս տարվա հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող ձայնագրության փաստով։ Իսկ ձայնագրությունում լսվում էր Չարչյանի ձայնը, երբ նա բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում էր, թե ինքը որ քաղաքական ուժի ցուցակում է եւ պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Լսվում է նաեւ, թե նա ինչպես է աշխատակիցներին զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Հունիսի 21-ին Չարչյանը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել, նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։  Հայարփի Բաղդասարյան
19:32 - 14 սեպտեմբերի, 2021
Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ՔՊ-ին նվիրատվություն կատարած ընկերությանը

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ՔՊ-ին նվիրատվություն կատարած ընկերությանը

Կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում բավարարեց «Նորմեդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը, որով վերջինիս տրվեց ներկրվող տեխնոլոգիաների մաքսատուրքից ազատման արտոնություն։ Համաձայն կից ներկայացվող հավելվածի՝ ընկերությունը պատրաստվում է Չինաստանից ներկրել երկու տեսակի շարժական վիրաբուժական լույս՝ ընդհանուր 6 մլն 458 հազար դրամ արժողությամբ։ Ու՞մ է պատկանում «Նորմեդ» ՍՊԸ-ն Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Նորմեդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականի փետրվարի 27-ին։ Հիմնադիրները եղել են Ռուզաննա Բարսեղյանը և Գարեգին Ալթունյանը, իսկ տնօրենը՝ Սուրիկ Ալթունյանը։ Այժմ ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Սուրիկ Ալթունյանին, ով նաև ընկերության տնօրենն է։ Գարեգին Ալթունյանը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանի հարազատ եղբայրն է, ինչի մասին վկայում է ՀՀ ընտրողների ռեգիստրը, համաձայն որի՝ Գևորգ և Գարեգին Ալթունյանները գրանցված են միևնույն հասցեում և նրանց հայրանունները նույնն են։ Իսկ ընկերության այժմյան բաժնետերը նրանց հետ ունի բարեկամական կապ։ Սուրիկ Ալթունյանի կապը չի սահմանափակվում միայն Գևորգ Ալթունյանի հետ բարեկամական կապով։ Վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի մորեղբայրն է։ Բաթոյանը հայտարարատու պաշտոնատար անձ է, հետևաբար նրա հետ համատեղ բնակվող անձինք նույնպես պարտավորվում են ներկայացնել տարեկան հայտարարագրեր։ Բաթոյանի հետ որպես համատեղ բնակվող անձ հայտարարագիր է ներկայացրել նրա մայրը՝ Աղավնիկ Աշոտի Ալթունյանը։ Վերջինս Սուրիկ Աշոտի Ալթունյանի քույրն է։ Հատկանշական է, որ արտոնություն ստացած ընկերությունը 2020 թվականին 1 մլն դրամի նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Բացի սրանից հետաքրքիր է այն, որ նշված ընկերությունից պետությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ է կատարել սկսած 2017 թվականից։ Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն պետական գնումների՝ այն էլ մեկ անձից գնման ընթացակարգով, սկսել է մասնակցել Գևորգ Ալթունյանի՝ վարչության պետ դառնալուց հետո, իսկ նշված ընկերությունից պետական գնումները շատացել են Զարուհի Բաթոյանի պաշտոնավարումից հետո։ «Նորմեդ» ՍՊԸ-ի մասնակցությունը պետական գնումներին Հանրային ռադիոընկերությունն ու Առողջապահության նախարարությունը նշված ընկերության հետ կնքել են 14 գնման պայմանագիր, որից 11-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով, 1-ը՝ բաց մրցույթով, սակայն առանց հայտարարության, մյուս երկուսը եղել են որպես գնում չհանդիսացող ծախս։ Ընդհանուր առմամբ՝ բոլոր պայմանագրերի արժեքը միասին կազմել է 91 մլն 520 հազար դրամ, որից 84 մլն 601 հազար դրամը՝ 92,4%-ը, եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների զգալի մասը՝ 10 պայմանագիր, կնքվել է 2020 թվականին, հենց այն տարում, երբ ընկերությունը 1 մլն դրամի նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2020 թվականի գնումների ընդհանուր արժեքը կազմել է 65 մլն 523 հազար դրամ։  Այսպիսով՝ կառավարության որոշմամբ արտոնություն է տրվել մի ընկերության, որը 2020 թվականին 1 մլն դրամ նվիրատվություն է կատարել ՔՊ կուսակցությանը, որի բաժնետերը բարեկամական կապեր ունի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ, և որից պետությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնումներ է կատարել։ Նարեկ Մարտիրոսյան
18:08 - 14 սեպտեմբերի, 2021
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Ազգային Ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը եզրափակիչ ելույթում, խոսելով Սյունիքի մարզում առաջացած խնդրից, անդրադարձավ հյուսի-հարավ ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը նախագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։ Վարչապետը այսպիսի ձևակերպումներով փորձում է հիմնավորել, որ անկլավների և վիճարկելի այլ տարածքների խնդիրը ոչ թե նոր է օրակարգային դարձել, այլ նախկինում ևս օրակարգային է եղել, ինչի ապացույցը, ըստ նրա, հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տիգրանաշենով և Որոտան-Շուռնուխ հատվածով չանցնելն է։ Սակայն վարչապետի պնդումը մանիպուլյատիվ է։ Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի այս ճանապարահահատվածը, որի մասին խոսել է վարչապետը, տրանշ 4-ն է։ Համաձայն հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ի նախագծման աշխատանքների խորհրդատուն իտալական ընկերություն է։ Նախագծված ճանապարհը ներառում է Արտաշատ-Ագարակ ճանապարհահատվածը։ Համաձայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ը բաղկացած է 3 ենթահատվածից՝  Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ։  Վարչապետի հայտարարույթան իսկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ առկա նախագիծը դեռևս նախնական է, որը պարզապես հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե մոտավորապես որ հատվածով է ճիշտ ճանապարհի անցկացումը և ինչքան կարժենա։ «Հիմա քանի որ այս հատվածի վերաբերյալ ունենք ընդամենը նախնական նախագիծ, մենք բանակցություններ ենք վարում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որ ստանանք դրամաշնորհ այդ հատվածի վերջնական նախագիծը պատվիրելու համար։ Գործընթացը քննարկումների փուլում է, հենց դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցինք, մրցույթ ենք հայտարարելու վերջնական նախագծի համար։ Հենց ունենանք վերջնական նախագիծը, նոր հստակ կարող ենք ասել՝ Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ։ Հիմա էնքան նախնական է ամեն ինչ, որ չենք կարող սրա հիման վրա մրցույթ հայտարարել»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Ճշտող հարցին, թե ամեն դեպքում նախնական նախագծով ճանապարհը Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ, վերջինս պատասխանեց, որ Տիգրանաշենով անցնելու է, սակայն մանրամասները դեռ հստակ չեն և չգիտեն կամուրջ է լինելու, թունել թե այլ բան։ Ճանապարհային դեպարտամենտի կայքում առկա քարտեզի համաձայն՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, սակայն ոչ թե Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհով, այլ նոր կառուցվող երթուղիով։  Սակայն պետք է նշել, որ մեր զրուցակցի խոսքով քարտեզում նույնպես կարող են լինել անճշտություններ, քանի որ ծրագիրը նախնական է, իսկ քարտեզը պատրաստել են իրենց IT ոլորտի մասնագետները։ Ինչ վերաբերում է վարչապետի մյուս հայտարարությանը, թե ինչու հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է այնպես, որ թունելներ կառուցվեն, մեր զրուցակիցն ասաց, որ հաշվի է առնվել Մեղրիի լեռնանցքի բարձրությունը, ինչի հետևանքով ձմռանը կարող են երթևեկության հետ կապված խնդիրներ առաջանալ, բացի դրանից թունելի միջոցով որոշակիորեն կրճատվում է ավտոճանապարհի երկարությունը, և սա ամենաօպտիմալ լուծումն է․ «Նախագծման համար հայտարարված մրցույթով ընտրված միջազգային կազմակերպությունները մեզ առաջարկում են ամենաօպտիմալ տարբերակները, որով էլ նախագծվում է Հյուսիս-Հարավ ճանապարհը»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Մեր հարցին, թե նախագծումը կարո՞ղ է որևէ կապ ունենալ անկլավների կամ ԽՍՀՄ քարտեզով ադրբեջանական տարածքների հետ, զրուցակիցն ասաց, որ նախագծումը որևէ աղերս չունի այս խնդիրների հետ․ «Ընտրված տարբերակը որևէ կապ չունի անկլավների և Ադրբեջանի ճանապարհի (Որոտան-Շուռնուխ հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհի,- խմբ․) հետ, որովհետև նախագիծը մշակվել է մինչև պատերազմը․ հետևաբար չէր կարող որևէ կապ ունենալ։ Սակայն հիմա վերջնական նախագծման ժամանակ պետք է հաշվի առնենք նոր իրողությունը, որն առաջացել է պատերազմից հետո»։ Բացի Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ խոսելուց, փորձեցինք կապ հաստատել տրանշ 4 ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանի հետ։ Վերջինս առանց նույնիսկ մեր հարցը լսելու ասաց, որ պատասխան ստանալու համար դիմենք գրավոր հարցմամբ։ Ուստի պաշտոնական գրությամբ դիմեցինք նույն ՊՈԱԿ-ին։ Պաշտոնական գրությամբ ՊՈԱԿ-ին դիմել էինք օգոստոսի 27-ին․ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ հարցման պատասխանը պետք է ստանայինք 5 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 3-ին, սակայն մեր հարցման պատասխանը մեզ տրամադրվեց օրենքի կոպիտ խախտմամբ՝ սեպտեմբերի 9-ին։ Նշված ՊՈԱԿ-ից մեր հարցման պատասխանն ուշացնելը հիմնավորում էին տնօրների գործուղման մեջ լինելով, սակայն օրենքը հստակ է, իսկ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի վարքն օրենքի խախտում է։ Մեզ տրամադրած պատասխանը լղոզված է և ըստ էության չէ։ Մասնավորապես մենք հարցրել էինք, թե արդյոք «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի տրանշ 4-ի նախնական նախագծով նախատեսված եղել է, որ ճանապարհն անցնի Տիգրանաշենով․ պատասխանում նշվում է, որ միջազգային խորհրդատու ընկերությունը 2015-2016 թթ․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ 4-ի Արտաշատ-Սիսիան հատվածի վերակառուցման համար իրականացրել է տնտեսագիտական վերլուծություն և համապատասխան հետազոտություններ։ Ըստ պատասխանի՝ նշված ճանապարհահատվածի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցնելուց հետո պետք է պատվիրվի նախագիծ, որի շրջանակներում կճշտվեն և՛ աշխատակիցների ծավալները, և՛ այլ մանրամասներ։ Այս պատասխանից նույնիսկ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե առայժմ որևէ նախնական նախագիծ չկա և պլանավորվում է առաջիկայում նախագիծ պատվիրել, սակայն և՛ մեր զրուցակիցն ասաց նախնական նախագծի մասին, և՛ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում է նշված, որ նախապատրաստվել է նախնական նախագիծ, և՛ Հյուսիս-հարավ ծրագրի պաշտոնական կայքում է նշված նախագծային աշխատանքներն իրականացնող իտալական ընկերության անվանումը։ Այսինքն՝ նախնական նախագիծ եղել է, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, սակայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը խուսափում է պատասխանել նախագծով նախատեսված եղել է ճանապարհի Տիգրանաշենով անցումը, թե ոչ։ Գրությամբ ասվում է, որ նախատեսվող ճանապարհի համար սահմանվում է հաշվարկային 100 կմ/ժ արագություն, ինչպես նաև՝ այս արագության համար պահանջվող բոլոր երկրաչափական պարամետրերը, իսկ կայքում առկա քարտեզն ընդհանուր առմամբ պատկերացում տալիս է ծրագրի վերաբերյալ, որը սակայն, նոր նախագիծ պատվիրելուց հետո կարող է ճշգրտման ենթարկվել։ Այսպիսով՝ թեև պաշտոնական գրությամբ խուսափում են հարցին լիարժեք պատասխան տրամադրել, սակայն ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետի հետ զրույցի և կայքում առկա քարտեզի հիման վրա կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մանիպուլյատիվ  հայտարարություններ է արել, քանի որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի նախագիծը նախնական է, իսկ երթուղին նախագծվել է հաշվի առնելով օպտիմալ լուծումները։ Մասնավորապես՝ ըստ նախնական նախագծի՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, հստակ չեն միայն ճանապարհի անցկացման տեխնիկական լուծումները, իսկ Որոտան-Շուռնուխ հատվածի թունելը կառուցվելու է հաշվի առնելով ավտոճանապարհի բարձրությունն ու այլ անհարմարություններ։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 13 սեպտեմբերի, 2021
Բրազիլացի գիտնականը մարդկանց  չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից

Բրազիլացի գիտնականը մարդկանց չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից

News.am կայքում սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Բրազիլական իժի թույնն օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է՝ Սան Պաուլոյի գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75%-ով։ «Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուզեպե Պուորտոն, կոչ է արել մարդկանց որսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»,- գրված է հոդվածում։ News.am-ը նյութում հղում է անում lenta.ru-ին։ Lenta.ru-ում սեպտեմբերի 5-ին հրապարակվել է նույն վերնագրով հոդված, որի բովանդակությունը ևս գրեթե նույնությամբ համընկնում է news.am-ի հոդվածին։  Lenta.ru-ում, սակայն, մի հատված տարբերվում է․ «Հետազոտության հեղինակների մեկը՝ Ջուզեպպե Պուորտոն, մարդկանց կոչ է արել չորսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»։ Lenta.ru-ն, իր հերթին, հղում է անում «Reuters» գործակալությանը։ Այսպիսով, reuters.com-ում սեպտեմբերի 1-ին հրապարակված հոդվածում ևս խոսվում է Սան Պաուլոյի գիտնականների բացահայտման մասին։ Ի տարբերություն news.am-ի և lenta.ru-ի, reuters.com-ը նշել է, որ բրազիլացի հետազոտողների գիտական հոդվածը հրապարակված է «Molecules» ամսագրում։ Բացի այդ՝ երեք լրատվամիջոցները տարբեր են ձևակերպել իրենց նյութերի առաջին պարբերությունները։ News.am-ը գրել է․ «Սան Պաուլոյից գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75 տոկոսով»: Lenta.ru-ն գրել է․ «Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները հայտարարել են՝ պարզվել է, որ բրազիլական իժի թույնը 75%-ով  արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար»: Այժմ ընթերցենք «Reuters»-ի նյութի առաջին պարբերությունը․ «Բրազիլացի հետազոտողները օձերի տեսակներից մեկի թույնում հայտնաբերել են մոլեկուլ, որն արգելել է կապիկի բջիջներում կորոնավիրուսի վերարտադրությունը․ հնարավոր է, որ սա COVID-19-ի դեմ պայքարելու համար դեղամիջոց ստեղծելու առաջին քայլն է»: Ինչպես տեսնում ենք, «Reuters»-ը տվել է Սան Պաուլոյի համալսարանի հետազոտողների ուսումնասիրության ճշգրիտ նկարագրությունը և չի պնդել, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը։ Նման պնդում, ի դեպ, չի արել նաև lenta.ru-ն․ կայքը միայն նշել է, որ բրազիլական իժի թույնը արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար, չնայած որ սա էլ լիովին ճշգրիտ ձևակերպում համարել չենք կարող։ Երբ կարդում ենք «Molecules» ամսագրում հրապարակված գիտական հոդվածը, տեսնում ենք, որ այնտեղ էլ ոչ մի խոսք  չկա այն մասին, թե բրազիլական իժի թույնն է ճնշում կորոնավիրուսը։ Հոդվածում նշվում է, որ  «Bothrops jararacussu» անունով օձի թույնից անջատված մոլեկուլը, ըստ իրենց հետազոտությունների արդյունքների, կարող է SARS-CoV-2-ի դեմ նոր դեղամիջոցների մշակման համար նախատիպ դառնալ։ Ինչպես տեսնում ենք, միայն «Reuters»-ի տված նկարագրությունն է լիովին համապատասխանում գիտական հոդվածում ներկայացված տվյալներին։ Բացի այդ՝ «Reuters»-ին տված հարցազրույցում հետազոտության հեղինակներից Ջուզեպպե Պուորտոն նշում է, որ պետք չէ գնալ ու որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով այդ կերպ փրկել աշխարհը, և հավելում․ «Թույնն ինքնին չի բուժում կորոնավիրուսը»։ Այսպիսով, news.am-ը, lenta.ru-ից թարգմանելով Սան Պաուլոյի գիտնականների հետազոտության մասին լուրը, այն ոչ լիարժեք ու սխալներով է ներկայացրել։ Նախ, news.am-ի թարգմանությունից տպավորություն է ստեղծվում, որ օձի թույնն է ազդում COVID-19-ի վրա, մինչդեռ խոսքը թույնից անջատված մուլեկուլի մասին է։ Բացի այդ՝ հետազոտողներից մեկը մարդկանց կոչ չի արել որսալ օձերին, ավելին՝ ասել է, որ իրենք զգուշանում են դրանից, քանի որ օձի թույնը չի բուժում կորոնավիրուսը։   Գլխավոր լուսանկարը՝ reuters.com-ի Աննա Սահակյան
20:55 - 11 սեպտեմբերի, 2021
Եկե՞լ է Սևանում լողալու ժամանակը․ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Եկե՞լ է Սևանում լողալու ժամանակը․ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  տարածաշրջանային խաղաղության առումով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայից։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ ՀՀ կառավարության նիստից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Էդրողանն ասաց, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա․ «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ: Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»: Թուրքիայի նախագահը նշեց, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար․ «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել այս պատմական հնարավորությունը»: Նույն օրը «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր հարցազրույցներից մեկում ասաց՝ իրենք շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների․ «ՀՀ-ն պատրաստ է սկսել խաղաղության և զարգացման դարաշրջան և իր կողմից առավելագույնը կանի այդ նպատակին հասնելու համար, բայց սա ամենևին չի կարող լինել ՀՀ-ի շահերի և Արցախի ժողովրդի շահերի հաշվին, և սա պետք է շատ հստակ լինի թե՛ մեր գործընկերների, մեր հարևանների համար, թե՛ մեր հասարակության համար։ Ես վստահ եմ, որ այդ շահերը միանշանակ հնարավոր է համադրել մեր ռեգիոնալ հարևանների հետ»։ Infocom-ը ներկայացնում է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները նախկինում ինչ հայտարարություններ են արել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։   Մինչև 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններ 2017 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում այն ժամանակ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին, նշեց․ ««Ելք» դաշինքի դիրքորոշումն էլ հստակ է, մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման առումով նախապայմաններ չպետք է լինեն։ Թուրքիան, և, մասնավորապես, Էրդողանը այն քաղաքականության կողմնակից է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փորձ է արվում կապել Ղարաբաղի հարցի հետ, ինչն, իհարկե, անընդունելի է։ Եվ նաև Էրդողանը և Թուրքիան փորձ են անում որևէ ձևով մուտք գործել կամ ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ղարաբաղի հարցի կարգավորման իմաստով, ինչն, իհարկե, Հայաստանի համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև Թուրքիան էս ընթացքում անընդհատ ցույց է տվել, որ չի կարող անկողմնակալ միջնորդ լինել, նա հստակ Ադրբեջանի դիրքորոշումներն է պաշտպանում բոլոր առումներով»։  ԱԺ 2017-ի ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ևս նշվում էր, որ միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար:    Նոր կառավարության դիրքորոշումը 2018-ի ապրիլ-մաիսյան իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Մայիսի 5-ին՝ Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, նա Ստեփանակերտում մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Փաշինյանը կրկին նշեց, որ Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների․  «Եվ դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև անտրամաբանական է, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրորդ երկրի հետ հարաբերությունը: Եվ մենք շարունակում ենք մնալ այդ դիրքորոշմանը և պատրաստ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, որովհետև կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավելի շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի, քան թե հայ-թուրքական հարաբերությունների հետ»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշելով․ «Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, ուսումնասիրելով  մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»: 2018-ի հունիսի 7-ին՝ ԱԺ-ում նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին՝ փաստացի կրկնելով Ստեփանակերտում հնչեցրած մտքերը։ Հուլիսի 27-ին հրապարակվեց Փաշինյանի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հարցին՝ նա կրկին նշեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։ Հուլիսի 31-ին ՀՀ արտգործնախարարության այն ժամանակվա մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույց ունեցավ, որի ընթացքում պատասխանեց «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Փաշինյանի արած հայտարարության վերաբերկալ հարցին․ «Որևիցե ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք»: 2018-ի դեկտեմբերին նշանակվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ «Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրում նշել էր․ «Հայաստանի անմիջական մյուս հարևան Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտարարումն է, ինչը հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակների որպես նախապայման չօգտագործելու դեպքում»։ Նոր ԱԺ-ի և կառավարության ձևավորումից հետո՝ 2019-ի ընթացքում, վարչապետը ևս մի քանի անգամ հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին («Die Zeit» շաբաթաթերթին տված հարցազրույցում, «ՍիվիլՆեթին» տված հարցարզույցում,  «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում): 2019-ի մարտի 4-ին՝ «EURACTIV»-ի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե իր ընտրվելուց հետո արդյոք եղե՞լ են դրական ազդակներ առ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շուտով կարող են բարելավվել, Փաշինյանը նշեց․ «Ցավով պետք է արձանագրեմ, բայց ո՛չ, մենք չունենք որևէ ազդանշան, որը կվկայեր Թուրքիայի կողմից նախկին դիրքորոշման փոփոխության մասին: Եթե Թուրքիան իրեն համարում է ժողովրդավարական երկիր, ապա նա չէր կարող անտեսել իր սահմանակից պետությունում ժողովրդավարության հաղթանակը։ ․․․Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները ճանաչվել են բոլոր հեղինակավոր կազմակերպությունների կողմից, և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում ակնհայտ է բոլորի համար: Այս համատեքստում Թուրքիայի շարունակվող հակահայկական կեցվածքն առնվազն մտորելու տեղիք է տալիս»։ Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում, Փաշինյանը հայտարեց, թե Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար․ «Հայաստանի չորս սահմաններից երկուսը, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը փակ է արդեն շուրջ երեք տասնամյակ։ Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով՝ ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որն արդեն մեկ անգամ եղել է Ցեղասպանության զոհ և ականատես է պատմական ճշմարտության ժխտման ու կատաղի դիմադրության»։  Նոյեմբերի 13-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունները ներկայացրել էր Սևանում լողալու գնալու օրինակով՝ նշելով, թե տրամաբանական չէ, երբ փետրվարին որևէ մեկն առաջարկում է գնալ Սևանում լողալու, և տրամաբանական կլիներ, եթե այդ առաջարկը լիներ հունիսին։  «Տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց են տալիս, որ էդտեղ փետրվարն է, և պետք չի իրերը հավաքել, գնալ լողանալու, որովհետև կարող է՝ մրսենք, թոքաբորբ ստանանք, ինչը մի անգամ արդեն տեղի է ունեցել»,- հայտարարել էր վարչապետը։ Երբ 2019-ի հոկտեմբերին Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ սկսեց, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում դատապարտեց Թուրքիայի գործողությունները։ 2019-ի դեկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 2020-ի բյուջետային հատկացումների քննարկման ընթացքում, Փաշինյանը, ԱՄՆ սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստին անդրադառնալով, հայտարարեց, որ տարածաշրջանում Թուրքիայի դերակատարումը աղերսներ ունի դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ․ «Արդեն մոտ երեսուն տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են։ Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումները արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ Եկեք նայենք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում․ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Իրաքի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Հունաստանի նկատմամբ։ Եվ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, և սա, ըստ էության, ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերանայի և վերագնահատի իր դերը տարածաշրջանում»։   Հուլիսյան մարտեր 2020-ի ամռանը՝ Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում տեղի ունեցած բախումների ժամանակ, Փաշինյանը խոսեց նաև Թուրքիայի մասին․ «Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարութամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»:  Տավուշյան մարտերի ավարտից հետո ևս Փաշինյանն անդրադարձավ Թուրքիային․ «Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս  գործելակերպը, մեծ հաշվով, անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»։ Հուլիսի 28-ին՝ РБК-ին տված հարցազրույցի ընթացքում, Փաշինյանը Թուրքիային մեղադրեց Արցախյան հակամարտությունը թեժացնելու համար․ «Թուրքիան ինչպես դարասկզբին, երազում է վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ նրանք վերջին երեսուն տարիների ընթացքում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, ամենօրյա աշխատանք են տանում, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը, այդ նպատակը: Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, առաջին հերթին ռուսաստանցիներին է հասկանալի, թե այդպիսի զարգացումներից հետո ինչպիսին են Թուրքիայի և թուրքական գործոնի հետագա աշխարհաքաղաքական նկրտումները հնարավոր, բայց ես կարծում եմ, արդյունքում՝ անհնար զարգացումների»։   Արցախյան երկրորդ պատերազմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Սեպտեմբերի 28-ին վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ  հեռախոսազրույց ունեցավ, որի ընթացքում նշեց, որ հուլիսյան դեպքերից ի վեր՝ Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում՝ Մերկելին կոչ անելով գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում ևս Փաշինյանն անդրադարձավ Թուրքիային՝ նշելով, որ  ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում: Պատերազմի ընթացքում տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում, ինչպես նաև տարբեր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը  բազմիցս անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը, վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան բերելուն և այլ հարցերի։ Սեպտեմբերի 30-ին՝ «The Washington Post»-ին տված հարցազրույցում, Փաշինյանը նշեց, որ Թուրքիան անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ՝ Հարավային Կովկասում: Հոկտեմբերի 2-ին՝ «The Globe and Mail»-ին տված հարցազրույցի ընթացքում, Փաշինյանը հայտարարեց որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը։ Հոկտեմբերի 7-ին՝ TIME հանդեսին տված հարցազրույցում, վարչապետը, վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, հայտարարեց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»: Հոկտեմբերի 9-ին՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, վարչապետը հայտարարեց․ «Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»: Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը․  «Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ: Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է»: Հոկտեմբերի 17-ին՝ «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրուցի ընթացքում, Փաշինյանը կրկին հնչեցրեց Թուրքիայի վերաբերյալ նախկինում հնչեցրած թեզերը՝ եզրակացնելով, որ եթե Թուրքիայի վարած քաղաքականությունը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: Իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը Թուրքիային մեղադրեց, որ վերջինս պատերազմի գլխավոր հրձիգն է։ «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում էլ, մեղադրելով Իսրայելին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու համար, Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:   Հետպատերազմյան շրջան Պատերազմի ավարտից հետո՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, անդրադառնալով Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում կատարված իրադարձություններին, վարչապետը կրկին անդրադարձավ Թուրքիային․  «Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ»: 2021-ի հունվարի 24-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ 44-օրյա պատերազմի մասին։ «Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները, ըստ էության, համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը»,- ասում էր Փաշինյանն իր հոդվածում՝ խոսելով այն մասին, թե ինչ իրավիճակում է եղել Արցախյան հարցի կարգավորման գործընթացը այն պահին, երբ ինքը եկել է իշխանության։ 2021-ի փետրվարին՝ Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտարարեց, որ Հայաստանի ձեռնարկած դրական քայլերին դրական պատասխան կտան․ «Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»։ Նույն օրը՝ 1in.am-ին տված հարցազրուցում, Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե ով է շահագրգիռ ապաշրջափակման գործընթացում, նշեց․  «Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ»: Փետրվարի 27-ին ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում․ «Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»։ Դեռ Տավուշյան մարտերից առաջ՝ 2020-ի հուլիսին, ընդունվել էր Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ նշվում էր, որ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։ «Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ»,- ասվում էր Ազգային անվտանգության ռազմավարությունում։ Մարտի 27-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Պետրոս Ղազարյանը, հիշեցնելով ռազմավարությունում Թուրքիայի մասին ձևալերպումները, հարցրեց, թե ինչպես ենք մենք հիմա պատկերացնում Թուրքիայի հետ փոխհարաբերությունները։ Արմեն Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր․ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են կատարվել, և ընդհանուր առմամբ, մենք դիտում ենք, որ ապաշրջափակումը ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա, և կարծում ենք, որ դրա հնարավորություններն այս պահին կան»։ Արմեն Գրիգորյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք խոսքը Թուրքիայի հետ ապաշրջափակման գործընթացի մասին է։ Նա նշեց, որ Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն չկա, բայց Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից գոնե հրապարակային հայտարարություններ են եղել։ Հարցին, թե արդյոք փոխվե՞լ է մեր անվտանգային կոնցեպտը, և մենք Թուրքիային համարո՞ւմ ենք թշնամի, Գրիգորյանը պատասխանեց․ «Տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցնումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք էդ ուղղությամբ աշխատում ենք»։  Մինչդեռ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Թուրքիային չի վերաբերում, քանի որ Թուրքիան համաձայնության մաս չէ։ ԱԽ քարտուղարի հարցազրույցից երկու օր անց ԱԳ նախարար Արա Այվազյանն ԱԺ-ում, Արման Աբովյանի հարցին ի պատասխան,  հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցնում են վարչապետը և ԱԳ նախարարը, և հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ որևէ բանակցություն, կոնսուլտացիա չի վարում․ «Որպեսզի իրապես խաղաղություն լինի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական հարաբերությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»։ Ապրիլի 6-ին՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ապրիլի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց․ «Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ մենք հնարավորություն ունենք իրականացնելու կարևոր նախագծեր և կարգավորելու հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»։ Ապրիլի 14-ին ԱԺ-ում, պատասխանելով հարցին՝ թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ, Փաշինյանն ասաց․ «Այո՛, թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, հարցը ուրիշ տեղ է․ լավ, էս թշնամությունն ի՞նչ ենք անելու։ Ինչքան մենք ենք համարում թշնամի, էնքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրենք ավելի շատ են մեզ համարում թշնամի, էնքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի։ Իրենք և մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ ոչնչացնեն, մենք՝ իրե՞նց, սա՞ է խնդիրը․․․ Ես կարծում եմ, որ ո՛չ, մենք էսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, բայց իրենք էլ չպետք է ձևակերպեն նման խնդիր։ Մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ իրենք թշնամի չեն, իրենք էլ չեն կարող միակողմանիորեն որոշել, որ մենք թշնամի չենք, նույնիսկ փոխադարձաբար մենք չենք կարող որոշել, որ մենք թշնամի չենք, որովհետև պատմականորեն մենք թշնամի ենք․ հարցը էն է՝ մենք ինչ ենք անում հետո, ինչպես ենք կառավարում էդ թշնամությունը։ Այսինքն՝ մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջա՞ն է։ Էսօր պետություններ կան, որ իրար հետ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն, երկրներ կան՝ իրար նկատմամբ ընդհուպ տարածքային պահանջներ ունեն, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գնում-գալիս, պաշտոնական մակարդակում այցեր են լինում, դիվանագիտական հարաբերություններ ունեն»։  Ապրիլի 26-ին Արա Այվազյանը, անդրադառնալով Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ էր անում, նշեց՝  իրենք կարևորում են ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը․ «Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն»:  Մի քանի օր անց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա, թուրքական ապրանքների ներմուծման արգելքն էլ երկարաձգվելու է։ Մայիսին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Շուշիում թուրք-ադրբեջանական փաստաթուղթ ստորագրեցին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտեց այցելությունը՝ այն որակելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։  Շուշիում Էրդողանը հայտարարեց, որ Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար» և Երևանին կոչ արեց համագործակցել «Վեցյակի հարթակի» շրջանակներում (Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան Արդրբեջան)։ ՀՀ-ում անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, Թուրքիայի արտգործնախարարը հույս հայտնեց, որ Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները․ «Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»։ Այս հայտարարություններին հաջորդեց Թուրքիայի նախագհի հայտարարությունը, այնուհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թուրքիայից դրական ազդակներ կան։ Ամփոփելով նշենք, որ և՛ իշխանության գալուց առաջ, և՛ իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն՝ առանց նախապայմանների։ Տավուշյան դեպքերի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն, վարչապետի հայտարարություններն այլ տրամաբանություն ունեին․ Թուրքիան եկել է տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու, Թուրքիան էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում, ապակայունացնում է տարածաշրջանը և այլն։ Պատերազմի ավարտից հետո այս մեղադրանքները դադարել են հնչել․ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն խոսում են Թուրքիայից եկող դրական ազդակների և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համատեքստում հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Լուսանկարը՝ ermenihaber.am-ից Աննա Սահակյան
17:26 - 06 սեպտեմբերի, 2021
Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Օգոստոսի 25-ի ուշ երեկոյան ոչ պաշտոնական լուրեր տարածվեցին, համաձայն որի՝ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Րոպեներ անց միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Միջադեպի մասին պաշտոնյաներից առաջինն արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը, ապա առավոտյան պաշտոնական հաղորդագրություն տարածեց ԱԱԾ-ն։ Երեկ համացանցում տարածվեց լուսանկար՝ մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «թուրքերը Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են»։ Լուսանկարը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը։ Այն տարածել են ավելի քան 270 օգտատեր։ Նշված հրապարակումը տարածել են Blognews.am և Azgonline.am կայքերը։ Տարածված լուսանկարը, սակայն, նոր չէ և Գորիս-Կապան ճանապարհին չէ։ Yandex որոնման համակարգով նկարը որոնելիս հնարավոր եղավ գտնել լուսանկարի տեղանքը և ամսաթիվը։ Առաջին նկարը տարածվող լուսանկարն է՝ մեկնաբանությամբ, թե «թուրքերը կանգնած են Գորիս-Կապան ճանապարհին», երկրորդ նկարը որոնման արդյունքում հայտնաբերվածն է։ Բացի սրանից հնարավոր եղավ հայտնաբերել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում առկա այլ նկարներ։ Համաձայն ՌԴ ՊՆ կայքի՝ Ռուս խաղաղապահները վերահսկել են եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման գործընթացը և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Լուսանկարները հրապարակվել են 2020 թվականի նոյեմբերի 26-ին Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հաջորդ օրը։ Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից Այսպիսով՝ տարածվող լուսանկարը 2020 թվականի նոյեմբերի 25-ի է և ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհից է, այլ Քարվաճառի շրջանից։ Նարեկ Մարտիրոսյան
13:59 - 27 օգոստոսի, 2021
ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել

ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել

Նոր ձևավորված 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Վերջինս նախագահի պաշտոնում իր առաջին կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակեց Վահան Նարիբեկյանին։ Լրատվամիջոցները այս լուրը տարածել են Վահան Նարիբեկյանի և Ալեն Սիմոնյանի համատեղ նկարով, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն։ Բացի սրանից՝ հատկանշական է, որ Նարիբեկյանը մինչև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելը եղել է «Արգավանդ կահույք» խանութ սրահի տնօրենը։ Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 14-ին Վահան Նարիբեկյանի կողմից։ Վերջինս մինչև այս տարվա օգոստոսի 12-ը հանդիսացել է նույն ընկերության տնօրենը, որից հետո տնօրեն է նշանակվել նրա եղբայրը՝ Գարիկ Նարիբեկյանը։ Նշենք, որ Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 3-ին։ «Արգավանդ կահույք» խանութ սրահն աչքի է ընկնում պետական գնումներին մասնակցությամբ։ Մասնավորապես Ազգային ժողովի հետ ընկերությունը սկսել է պայմանագրեր կնքել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ի՞նչ գնումներ է կատարել Ազգային ժողովը «Արգավանդ կահույքից» Ազգային Ժողովը սեփական կարիքների համար «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից պետական գնումներ սկսել է կատարել 2018 թվականի հուլիսից։ Առաջին գնումն իրականացվել է այդ ամսվա 31-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի աթոռ՝ 5 հատ 90 հազար դրամ և 25 հատ 7250 դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 630 հազար դրամ։ ԱԺ-ն հիմնական գնումները կատարել է գնանշման հարցումով։ Համաձայն օրենքի՝ գնանշման հարցումով պետական գնում կարելի է կատարել եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը։ Գնումների բազային միավորն օրենքով սահմանված է 1 մլն դրամ։ Գնման այս ձևով պետական գնումների կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք նախապես պատվիրատուից ստացել են մասնակցության հրավեր։ 2018 թվականին նույն ընկերությունից ևս մեկ գնում էլ իրականացվել է դեկտեմբերի 25-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի գրասենյակային աթոռ՝ 100 հատ 7800 դրամ և 100 հատ 24 հազար դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն 180 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2018 թվականին ԱԺ-ն այս ընկերության հետ կնքել է 3 մլն 810 հազար դրամի պայմանագիր։ 2019 թվականին, համաձայն պետական գնումների Armeps համակարգի, ԱԺ-ն «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքել է գնման 3 պայմանագիր։ Սակայն նշված 3 պայմանագրերն էլ ունեն նույն պայմանագրի կոդը և համակարգում տեղադրված է նույն պայմանագիրը։ Այս պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շարժական գրադարաններ, սեղաններ, զգեստապահարաններ և բազկաթոռներ՝ ընդհանուր 8 մլն 748 հազար դրամ արժողությամբ։  2020 թվականին ԱԺ-ն նույն ընկերության հետ կնքել է 3 պայմանագիր։ Առաջին պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շուրջ 527 հազար դրամ ընդհանուր արժեքով բազկաթոռներ և աթոռներ։ Երկրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել փափուկ կահույք․ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլն 519 հազար դրամ։ Այդ տարվա երրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել գրասեղաններ և գրասենյակային աթոռներ՝ ընդհանուր 1 մլն 139 հազար դրամ արժողությամբ։ Այսինքն՝ 2020 թվականին Ազգային Ժողովը «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ կնքել է 12 մլն 185 հազար դրամի տարբեր տեսակի կահույք ձեռք բերելու պայմանագրեր։   Ընդհանուր առմամբ՝ հեղափոխությունից հետո Ազգային ժողովը Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերության հետ կնքել է 5 պայմանագիր՝ շուրջ 24 մլն 743 հազար դրամի, ընդ որում, յուրաքանչյուր տարում կնքված պայմանագրերի արժեքն ավելի բարձր է եղել նախորդ տարվա պայմանագրերի արժեքից։ Պետական այլ մարմինների և «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերը։ Բացի Ազգային ժողովից՝ Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունը ծառայություններ է մատուցել նաև պետական այլ մարմինների։ Մինչև հեղափոխությունը նշված ընկերությունից իրականացվել է պետական 3 գնում՝ 2 գնում 2017-ին և 1 գնում՝ 2018-ին։ Հեղափոխությունից հետո Նարիբեկյանին պատկանող ընկերությունից գնումներն ակնհայտորեն ավելացել են։ 2018 թվականին այս ընկերության հետ պետական տարբեր մարմիններ, բացի Ազգային ժողովից, ընդհանուր առմամբ կնքել են 26 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 46 մլն 197 հազար դրամ։  2019 թվականին պետական մարմինները ընկերության հետ կնքել են 62 պետական գնման պայմանագիր, որում ներառված չեն ԱԺ-ի հետ կնքված պայմանագրերը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 390 հազար դրամ։ 2020 թվականին պետական մարմինները նույն ընկերության հետ կնքել են 37 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 744 հազար դրամ։   «Արգավանդ կահույք» ընկերության հետ պայմանագրեր են կնքել ՏԿԵՆ-ը, ՍԴ-ն, ՊԵԿ-ը, ՊՆ-ն, Ոստիկանությունը, ՇՄ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ԱԻՆ-ը, ԲՏԱՆ-ը, Գյուղատնտեսության նախարարությունը, Վարչապետի աշխատակազմը և այլն։   Ընդհանուր առմամբ՝ «Արգավանդ կահույք» ընկերության հետ հեղափոխությունից հետո կնքվել է 130 գնման պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 284 մլն 74 հազար դրամ։ Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար  նշանակված Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունից պետական մարմինները՝ այդ թվում Ազգային ժողովը, հեղափոխությունից հետո մշտապես պետական գնումներ են կատարել և պետական միջոցներից վճարել են շուրջ 284 մլն 74 հազար դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
20:50 - 25 օգոստոսի, 2021
Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Օրեր առաջ նորընտիր Ազգային ժողովում քննարկվում էր Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատված 170 մլն խորանարդ մետր ջրառի թույլատրելի սահմանը փոփոխվեց՝ դառնալով 245 մլն խորանարդ մետր։  Կառավարությունը հավելյալ ջրառի անհրաժեշտությունը հիմնավորում է սակավ տեղումներից և շոգ եղանակից առաջացած ջրի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ։ Օրենքում փոփոխություն կատարելու սույն նախագիծը թեև թեժ քննարկումներով, սակայն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ձայների 57 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Քանի որ նոր ձևավորված Ազգային ժողովի 3 խմբակցություններում ՀՀ նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչներն են և այս հարցի քննարկման ժամանակ համեմատականներ անցկացվեցին նախկին և ներկա կառավարող ուժերի միջև, թե ով ինչպես է կարողացել վերահսկել Սևանա լճից ջրառի իրականացումը և լճի մակարդակի բարձրության պահպանումը, որոշեցինք ուսումնասիրել 20 տարվա կտրվածքով Սևանա լճի բարձրության մակարդակը, ինչպես նաև լճից ջրառի չափերը։ Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է տվյալ տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններով, այսինքն՝ գետերով ներհոսքներից, տեղումներից և գոլորշիացումներից։ Սևանա լճից ջրառի չափաքանակը 2002-2021 թվականներին 2002 թվականին (նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան) Սևանից իրականացվել է 99,6 մլն խորանարդ մետր ջրառ, 2003 թվականին՝ 118,31 մլն խորանարդ մետր, 2003-ին՝ 118,31 մլն խորանարդ մետր, իսկ 2004-ին՝ 149,91 մլն խորանարդ մետր։ 2005 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր իրականացնել 150 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 149,55 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառի կարիք չի եղել։ 2006 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր 120 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն իրականացվել է նախատեսվածից ավելի՝ 152,37 մլն խորանարդ մետր։ 2007 թվականին Սևանից ջրառի համար կառավարության որոշմամբ նախատեսված էր 120 մլն խորանարդ մետր, սակայն այդ տարի իրականացվեց նախատեսվածից ավելի՝ 154,56 մլն խորանարդ մետր։ 2008 թվականին (նախագահ՝ Սերժ Սարգսյան) կառավարության որոշմամբ նախատեսված էր նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ՝ 315 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 303,69 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառ չի կատարվել, թեև ի սկզբանե կառավարության որոշմամբ սահմանվածը նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ էր։ 2009 թվականի կառավարության որոշման համաձայն՝ նախատեսված էր 142 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 126,29 մլն խորանարդ մետր։ 2010 թվականին կառավարության որոշմամբ նախատեսված 168,9 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 157,74 մլն խորանարդ մետրը։ 2011 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 168,33 մլն խորանարդ մետրը։ 2012 թվականին կառավարության որոշմամբ դարձյալ սահմանվել էր մյուս տարիների համեմատությամբ բավականին բարձր ցուցանիշ, ինչպես 2008 թվականի դեպքում էր։ Նախատեսված 319,2 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 317,65 մլն խորանարդ մետրը։ 2013 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 169,95 մլն խորանարդ մետրը։ 2014 թվականի որոշմամբ նախատեսված էր 270 մլն խորանարդ մետրի ջրառ, որից իրականացվել է 269,62 մլն խորանարդ մետրը։ Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի՝ 2008, 2012, 2013 և 2014 թվականները համարվել են սակավաջուր տարիներ։ 2015 և 2016 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ։ 2017 թվականի որոշմամբ նախատեսված 270 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 266,75 մլն խորանարդ մետրը։ 2018 թվականին (վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան) կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել էր 170 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն հետո Ազգային ժողովին ներկայացվեց և ընդունվեց 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնելու նախագիծ։ Ընդհանուր առմամբ այդ տարի Սևանից իրականացվել է 200,62 մլն խորանարդ մետր ջրառ։ 2019 և 2020 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ, այսինքն՝ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի առաջացել։ Արդեն այս տարի՝ 2021 թվականին, կառավարության որոշմամբ նախատեսված էր իրականացնել 170 մլն խորանարդ մետրի ջրառ, սակայն ինչպես վերևում նշեցինք, օրեր առաջ ընդունվեց փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ ջրառի թույլատրելի սահմանը դարձավ 245 մլն խորանարդ մետր։ Այսպիսով՝ վերջին 20 տարիներին ամենաշատ ջրառ իրականացվել է 2012 թվականին, ընդ որում, այդ տարում գետերով, Արփա-Սևանով ներհոսքերը և տեղումները ավելի քիչ են եղել, քան գոլորշիացումն ու իրականացված ջրառը, այսինքն՝ գրանցվել է բացասական հաշվեմնացորդ, ինչի հետևանքով էլ լճի մակարդակը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահտվածի նկատմամբ ցածր է եղել 3 սանտիմետրով։ Սևանա լճի մակարդակը 2002-2021 թվականներին Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի համաձայն՝ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների մոնիթորինգ իրականացվում է 4 դիտակետերում։ Ըստ զեկույցի տվյալների՝ լճի մակարդակի իջեցումն սկսել է 1933 թվականից, երբ ջրառի տարեկան քանակը գերազանցել է նրա բնական հոսքին։ 1981-2001 թվականները համարվել են լճի մակարդակի պայմանական հավասարակշռության տարիներ։ 2002-ից սկսած լճի մակարդակն սկսել է բարձրանալ։ Լճի մակարդակը տարվա ընթացքում տատանվում է և ամենաբարձրը դիտվում է յուրաքանչյուր տարվա հուլիսին։ Դիտարկենք Սևանա լճի մակարդակի տատանումները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։ Այսպես՝ 2002 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը եղել է 1896 մետր 32 սանտիմետր, 2008-ի հունվարի 1-ին՝ 1898 մետր 79 սանտիմետր, այսինքն՝ այդ տարիներին մակարդակը բարձրացել է 2 մետր 47 սանտիմետրով։  2018 թվականի հունվարի 1-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 39 սանտիմետր, որը 2008 թվականի համեմատությամբ բարձր է 1 մետր 60 սանտիմետրով։ 2019 թվականի հունվարի մեկին լճի մակարդակը 2018 թվականի համեմատությամբ ցածր է եղել 3 սանտիմետրով, սակայն 2020-ին դարձյալ բարձրացել է, և 2021-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 52 սանտիմետր, որը 2018-ի համեմատությամբ բարձր է 10 սանտիմետրով։ Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարիներին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 մետր և 20 սանտիմետրով։ Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք ներկայացված տվյալներից՝ Սևանա լճի մակարդակը վերջին 20 տարիներին շարունակաբար բարձրացել է և այս տարվա հունվարի 1-ին նախորդ տարիների համեմատությամբ եղել է ամենաբարձրը, սակայն նախատեսված հավելյալ ջրառի պարագայում հնարավոր է՝ նվազի։ Նարեկ Մարտիրոսյան
18:10 - 24 օգոստոսի, 2021
Կառավարության հնգամյա ծրագրում չկա Արցախի Հանրապետություն ձևակերպումը

Կառավարության հնգամյա ծրագրում չկա Արցախի Հանրապետություն ձևակերպումը

Կառավարության՝ օգոստոսի 18-ի նիստի ընթացքում քննարկվեց նոր ձևավորված կառավարության հնգամյա ծրագիրը։ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխխոսնակ Արմեն Աշոտյանը օգոստոսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ կառավարության ծրագրի մի քանի դրույթների՝ նշելով, որ այնտեղից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։  Արմեն Աշոտյանը ճիշտ է․ կառավարության ներկայացրած ծրագրում չկան ո՛չ Արցախի Հանրապետություն, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումները։ Կառավարության ծրագրում Արցախին վերաբերող հատվածներում հադիպում են միայն Արցախ, Լեռնային Ղարաբաղ, ԼՂ ձևակերպումները։ Ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում, օրինակ, նշվում է․ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և  անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև  մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և  հումանիտար խնդիրների լուծումը»։ Ծրագրում կա նաև «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժինը, որտեղ տրված է գրեթե նույն ձևակերպումը, ինչ վերը նշված հատվածում․  «Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:  «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում Արցախի հետ հարաբերությունների մասին խոսելիս ևս չի տրվում Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և  բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև  Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»: Ի տարբերություն կառավարության ծրագրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում մեկ անգամ հանդիպում է Արցախի Հանրապետություն ձևակերպումը։ Այս ձևակերպումը, սակայն, հանդիպում է ոչ թե կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը կամ պաշտպանությանը վերաբերող հատվածներում, այլ «Սփյուռք» բաժնում։  Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ ՔՊ նախընտրական ծրագրում նշվում է․ «Մեկնարկել ենք ենք «իԳործ» ծրագիրը: Աշխարհի լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ունեցող 48 մասնագետներ մեկ տարի ժամկետով աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության 19 պետական կառավարման համակարգի մարմիններում: Կառավարության որոշման համաձայն՝ ծրագրի մասնակիցները կարող են նաև ներգրավվել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում»: Նաև ներկայացնենք, թե ՀՀ որ կառավարությունների ծրագրերում են հանդիպում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումները։ Երկրորդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել է 1999 թ․, մեծամասնություն է կազմել «Միասնություն» դաշինքը (Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայաստանի ժողովրդական կուսակցություն)։ Կառավարության կայքում ներակայացված է 2000-2003 թվականների ծրագիրը, որտեղ Արցախի Հանրապետությանը վերաբերող հատված չկա, հետևաբար՝ չկա նաև Արցախի Հանրապետություն ձևակերպումը։ Երրորդ գումարման խորհրդարանը ձևավորվել  է 2003-ին։ 2003-2007 թվականների ծրագրում ևս Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, հետևաբար՝ նաև Արցախի Հանրապետություն ձևակերպումը չկան։ Չորրորդ գումարման ԱԺ-ն ձևավորվել է 2007-ին, մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Կառավարության կայքում ներկայացված են 2007 և 2008-2012 ծրագրերը։ Այս ծրագրերում էլ, ինչպես նախորդներում, չկան Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, և տրված չէ Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը։ Հինգերորդ գումարման խորհրդարանը ձևավորվել է 2012-ին։ ԱԺ-ում կրկին մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Այս անգամ կառավարության ներկայացրած ծրագրում կան Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, ինչպես նաև տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակրպումը․ «Կառավարությունը բազմապատկելու է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Շարունակվելու են աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք է հանդիսանալու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը»: Վեցերորդ գումարման խորհրդարանը ձևվորվել է 2017-ին, կրկին մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Կառավարության 2017-2022 թթ․ ծրագրում ևս տրված է Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ «Մեր երկիրը բախվում է տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում առանցքային է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը»։ 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո ձևավորված նոր կառավարությունը 2018-ին ներկայացրեց նոր ծրագիր, որտեղ չկար Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ ծրագրի տարբեր հատվածներում կային Արցախի անվտանգություն,  Ղարաբաղյան հիմնախնդիր ձևակերպումները։ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում Արցախի Հանրապետություն ձևակերպումը կար․ «Առանցքային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը»։ Արտահերթ ընտրություններից հետո ձևավորված կառավարության 2019-ի ծրագրում, սակայն, այս ձևակերպումը բացակայում է․ «Առանցքային նշանակություն ունեն Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը»։  Այսպիսով, ներկայումս կառավարություն ձևավորած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կառավարության՝  ո՛չ 2018-ի, ո՛չ 2019-ի, ո՛չ էլ վերջին՝ 2021-2026 թթ․ ծրագրերում չի տվել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, այս ձևակերպումը եղել է միայն «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրերում։ Ինչ վերաբերում է նախորդ կառավարությունների ծրագրերին, ապա կառավարության կայքում ներկայացված են 2000-ից մինչև օրս բոլոր ծրագրերը, և միայն 2012-2017, 2017-2020 թթ․ ծրագրերում են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն ձևակերպումները։ Աննա Սահակյան
14:23 - 24 օգոստոսի, 2021
ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են

ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են

Գուրգեն Ավետյան անունով օգտատերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկ 9 լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։ «Ալիևը, հավանաբար, որոշել է առավելագույնս ճնշել Հայաստանին։ Այդ նպատակի համար նա զորքեր է տեղափոխում Քարվաճառի շրջան։ Այս տարվա ընթացքում հայկական կողմից ոչ մի սահմանապահ պաշտպանական կառույց չի ստեղծվել։ Դրա համար էլ Ալիևը որոշել է այնտեղ մտցնել իր հարձակողական զորքերը և ուժով գրավել 27 կմ հողեր, որոնք կիսում են Քարվաճառի շրջանը թուրք-ազերիների կողմից օկուպացված Նախիջևանի Հանրապետությունից և թուրքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանից՝ Թուրքիա-Ադրբեջան ցամաքային սահման ունենալու համար»,- ասված է օգտատիրոջ գրառման մեջ։ Գրառումն ու լուսանկարները հրապարակվել են pastinfo.am-ում՝ «Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին. ահազանգ» վերնագրով։ Հստակ ոչինչ չենք կարող ասել օգտատիրոջ այն պնդման վերաբերյալ, թե Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։ Սակայն մեզ հաջողվել է համացանցում գտնել հրապարակված 9 լուսանկարներից 7-ը․ 7-ն էլ հին լուսանկարներ են։ Այսպիսով, առաջին, երկրորդ և հինգերորդ լուսանկարները համացանցում հայտնվել են դեռևս 2021-ի մայիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում։ Ադրբեջանի ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նախիջևանի կայազորում սկսվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ կից տարածելով այս լուսանկարները։ Հրապարակված լուսանկարներից երրորդը ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել է 2021-ի օգոստոսի 13-ին։ Լուրն այն մասին է, որ Ադրբեջանի տանկային ստորաբաժանումները ինտենսիվ մարտական ​​պատրաստություն են անցկացնում։ Չորրորդ լուսանկարը հրապարակվել է 2021-ի հուլիսի 2-ին։ Ադրբեջանական ՊՆ-ն այդ ժամանակ հաղորդել է, որ Բաքվում շարունակվում են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները։ Վեցերորդ և յոթերորդ լուսանկարները համացանցում գտնել չհաջողվեց։ Ութերորդ լուսանկարը ադրբեջանական լրատվամիջոցներում 2021-ի հուլիսի 16-ին հրապարակված տեսանյութից է։ Տեսանյութում խոսվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին։ Վերջին լուսանկարը համացանցում հայտնվել է դեռևս 2018-ին։ Հրապարակված լուրը կրկին ադրբեջանական բանակի զորավարժություններին է վերաբերում։  Քանի որ օգտատերն այս լուսանկարները հրապարակել է մի գրառման հետ, որտեղ խոսվում է ՀՀ սահմանի մոտ ադրբեջանական հարձակողական զորքեր բերելու մասին, տպավորություն է ստեղծվում, թե լուսանկարները նոր են և ապացուցում են այդ զորքերի՝ ՀՀ սահմանին մոտենալը։ Սակայն, ինչպես համոզվեցինք, հրապարակված 9 լուսանկարներից առնվազն 7-ը հին են։ Ինչ վերաբերում է հակառակորդի՝ ՀՀ սահմանին հարձակողական զորքեր մոտեցնելուն, այդ պնդման մասին հստակ ոչինչ նշել չենք կարող։ Աննա Սահակյան  
18:13 - 18 օգոստոսի, 2021
Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը

Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների քննադատություններին, ասաց․  «Տիկին Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր- խմբ․) որպես այն փառահեղ բանակցային ժառանգության առհավատչյա, որը Սերժ Սարգսյանը թողել է մեզ, մեջբերում է Ալիևի խոսքերն առ այն, թե նրան փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախը։ Ես նախընտրում եմ վկայակոչել Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Ապրիլյան պատերազմից հետո (իր հարցազրույցում նա այս մասին բաց տեքստով խոսել է) ևս մի զիջում է արել՝ հանրաքվեի հարցի սահմանափակ կամ ոչ սահմանափակ լինելու մասով։ Մասնավորապես, նա ասել է, իր խոսքերն են, որ քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չէր տալիս հարցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են լինել անկախ, թե՞ ոչ, ինքը համաձայնել է այս հարցը դուրս թողնել փաթեթից և ստորագրել այլ փաստաթուղթ։ Այպիսի հոյակապ ժառանգություն եք դուք մեզ թողել»։ ԱԺ նիստի ընթացքում Մարիա Կարապետյանի ելույթին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պնդելով, որ Կարապետյանը ոչ ամբողջական է մեջբերել Սերժ Սարգսյանի խոսքերը։ «Կազանի բանակցային գործընթացի պարագայում խոսքը երեք իրարից անբաժանելի փաստաթղթերի մասին է՝ երկու երկրների միջև, Մինսկի խմբի համանախագահների միջև հայտարարություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի մակարդակ և Հայաստանի համար շատ կարևոր կետերի բարձրաձայնումներ»,- ասաց Մամիջանյանը։ Մարիա Կարապետյանն իր ելույթում խոսում էր Սերժ Սարգսյանի՝ այս տարվա փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կարգավորման փաթեթային և փուլային տարբերակներին, Մադրիդյան սկզբունքներին և Կազանյան փաստաթղթին։ Սարգսյանի խոսքով՝ ինքը պատրաստ էր ստորագրել հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ, որը ենթադրում էր 7 կամ 5+2 շրջանների վերադարձ Ադրբեջանին (կախված նրանից՝ կարգավորումը լինելու էր փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակով)՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես էր լուծվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախի կարգավիճակի հարցը՝ Սարգսյանը նշել էր․ «Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ, և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա»։ Սարգսյանը, փաստորեն, հարցազրույցում իրոք ասել է, որ համաձայնել է Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթից հանել կետը, որով հանրաքվեի «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում»․ սա այսօրվա իր ելույթում արձանագրեց նաև Մարիա Կարապետյանը։   Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերեց միայն մի հատված՝ բաց թողնելով այն մասը, որտեղ Սարգսյանը պնդում է, թե Ադրբեջանի հետ ստորագրվող փաստաթղթում բացակայող հատվածը լինելու է համանախագահ երկրների հայտարարությունում, որի հիման վրա էլ ընդունվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Հիշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշում է․ «Այդ պայմանավորվածությունը մենք ունեինք արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք, իբր, պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան»։  Ամփոփելով՝ նշենք, որ Մարիա Կարապետյանը Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրքավեին վերաբերող խոսքերը ներկայացնում է ոչ ամբողջական՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե Սարգսյանը համաձայնել է համաձայնագրից ամբողջովին հանել հանրաքվեի օրակարգի սահմանափակ լինել/չլինելու հարցը, մինչդեռ այդ հարցն, ըստ Սարգսյանի, պետք է ներառվեր համանախագահների հայտարարության մեջ, ոչ թե առհասարակ չլիներ։ Աննա Սահակյան  
15:55 - 11 օգոստոսի, 2021
Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Երեկ Times.am լրատվական կայքը հրապարակել է «Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ Երևանի երկնքով բավական քիչ բարձրության վրա ինքնաթիռ է անցել, որը Ստամբուլից ուղևորվում էր Բաքու։ Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստացել են օդային միջանցք։ Սակայն նյութում առկա պնդումները մանիպուլյատիվ են։ Ուսումնասիրելով Ստամբուլից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվող քաղաքացիական չվերթները՝ Flightradar համակարգից տեղեկացանք, որ նման չվերթներ իրոք տեղի ունեցել են և ոչ մեկ կամ երկու անգամ։ Այսպես, համաձայն Flightradar համակագի վերջին մեկ տարվա տվյալների՝ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով ավիաչվերթներ սկսել է իրականացնել միայն վերջին ամիսներին։  Ստամբուլից Բաքու TK332 չվերթային կոդով թռիչքներ իրականացնող Turkish Airline թուրքական ավիաընկերության թռիչքուղին սովորաբար եղել է Վրաստանի օդային տարածքով՝ շրջանցելով Հայաստանի օդային տարածքը, սակայն 2021 թվականի մայիսի 5-ին Վրաստանի օդային տարածքով Բաքու գնալու փոխարեն, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը Բաքու մեկնել է Հայաստանի օդային տարածքով։ Նման երթուղով չվերթներ եղել են նաև մայիսի 23-ին, հունիսի 8-ին, 10-ին, 28-ին, հուլիսի 4-ին, 6-ին, 9-ին, 20-ին և 29-ին։ Նույն ուղղությամբ թռիչքներ իրականացվել են նաև TK 334 և TK 338 չվերթային կոդերով։ Այս դեպքում նույնպես պարբերաբար դեպի Բաքու թռիչք իրականացնելիս օգտագործվել է Հայաստանի օդային սահմանը։ Մայիսի 1-ին, 20-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին, 3-ին երկու անգամ, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին երկու անգամ, 11-ին, 12-ին 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 21-ին, 22-ին երկու անգամ, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, հուլիսի 1-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին, 14-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին երկու անգամ, 25-ին, 27-ին, 28-ին և 29-ին երկու անգամ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Ստամբուլից Բաքու իրականացվող թռիչքների ժամանակ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով դեպի Բաքու իրականացրել է 58 չվերթ։ Բաքվից Ստամբուլ չվերթներ Հայաստանի օդային տարածքով նույնպես եղել են։ Հայաստանի օդային տարածքով դեպի Ստամբուլ չվերթները եղել են 35-ը։ Առաջին չվերթն իրականացվել է ապրիլի 11-ին, վերջինը՝ հուլիսի 29-ին։ Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածում հնչած այն պնդմանը, որ ինքնաթիռը Երևանի երկնքով անցել է բավական քիչ բարձրությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Հուլիսի 29-ին, Հայաստանի օդային տարածքով անցել են  թուրքական ավիաընկերության 4 ինքնաթիռներ, որոնցից երկուսի թռիչքուղին եղել է Բաքվից Ստամբուլ, մյուս երկուսինը՝ Ստամբուլից Բաքու։ Այս ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով անցնելիս եղել են 10-11 կմ բարձրության վրա։ Մյուս պնդման՝ Ադրբեջանի ու Թուրքիայի օդային միջանցք ունենալու վերաբերյալ կապ հաստատեցինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ օդային տարածքի սահմանափակում չունի և չի ունեցել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված ժամանակավոր սահմանափակման․ «Քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա,- հեղինակ ) ասում է՝ եթե դու ինչ-որ սահմանափակումներ ես հրապարակում, խտրականություն չես կարող անել, այսինքն՝ չես կարող մի ավիաընկերության համար օդային սահմանը փակել, մյուսի համար բացել։ Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով փակում ես, դա պետք է լինի հավասարազոր բոլորի համար։ Մենք չենք կարող թուրքական ավիաընկերության համար փակել, մեկ այլ ընկերության համար բացել։ Մենք առաջնորդվում ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով և մոտեցումը դա է»,- զրույցի ընթացքում ասաց Սարուխանյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի օդային տարածքով անցնելուն, ապա Սարուխանյանը նշեց, որ թույլատրության խնդիր չկա, պարզապես պետք է օդային տարածքով անցնել ցանկացող ավիաընկերությունը ներկայացնի թռիչքային ծրագիրը, որտեղ նշված կլինի, թե որ ժամին են մուտք գործելու Հայաստանի օդային տարածք, որ ուղղությամբ են շարժվելու և որ ժամին են դուրս գալու։ Հետևաբար առանց հայկական կողմի իմացության թուրքական ավիաընկերությունը չէր կարող հատել Հայաստանի օդային սահմանները։ Մեր զրուցակիցն իր խոսքում նշում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերը, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանի օդային սահմանները փակ չեն եղել Թուրքիայի և Ադրբեջանի օդանավերի համար, այլ հարց է, որ նախկինում թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով չվերթներ չէր իրականացնում։ Նարեկ Մարտիրոսյան
18:51 - 30 հուլիսի, 2021
Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Պաշտոնատար անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ սահմանվել է պաշտոնատար անձանց աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ։ Ըստ այդ մեխանիզմի՝ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը օրենքով նախատեսված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալն է։ Տարբեր պաշտոնների համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով օրենքի հավելվածները, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով։ 2020 թվականին այն սահմանվել է 66,140 ՀՀ դրամ։ 2020 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համավարակով, որին զուգորդեց 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ընթացքում տարբեր գերատեսչություններ հրաժարվեցին իրենց հատկացվող պարգևավճարներից կամ այն փոխանցեցին պետական ֆոնդերի։ Պատգամավորները 2019 թվականի համեմատությամբ նվազեցրին իրենց հատկացվող պարգևավճարները։ Ինֆոքոմն ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյոք նրանք 2020 թվականի ընթացքում ստացել են նույնչափ պարգևավճարներ, թե ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալն է։ Համաձայն այս հաշվարկման մեխանիզմի՝ մարզպետների աշխատավարձը 661,400 դրամ է, որի մեջ ներառված են հարկերը։ Աշխատավարձի հաշվիչի համաձայն՝ մարզպետների մաքուր աշխատավարձը, որում ներառված չեն հարկերը, կազմում է շուրջ 474,000 դրամ։  Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականին ստացել է 12 մլն 79 հազար դրամ աշխատավարձ։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Գևորգյանն ամսական ստացել է 1 մլն 6 հազար դրամ աշխատավարձ։ Նրա ստացած ամսական եկամուտը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 532 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2019 թվականին ամսական ստացել է 532 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 112%-ն է։ 2020 թվականին մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 10 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է ամսական 877 հազար դրամ։ 2020 թվականին նրա ստացած ամսական եկամուտը, որը ներառում է նաև պարգևավճարները, նրա հիմնական աշխատավարձից ավելի է 403 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2020 թվականին ամսական ստացել է 403 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 85%-ն է։ Երկու տարիների վիճակագրությունները համեմատելիս պարզ է դառնում, որ 2020 թվականին Արագածոտնի մարզպետը չի հրաժարվել իրեն պարգևատրելուց և 2019-ի համեմատությամբ գրեթե նույն չափ պարգևավճար է ստացել։  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, հետևաբար կդիտարկենք նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականին 7 ամիսների ընթացքում Գարիկ Սարգսյանն ստացել է 3 մլն 530 հազար դրամ աշխատավարձ, որը ամիսների վերածած կազմում է 504 հազար դրամ։  2019 թվականին Սարգսյանն ստացել է 11 մլն 614 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 968 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 494 հազարով։ Այսինքն՝ 2019 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 494 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 104,2%-ն է։ 2020 թվականին Սարգսյանն ստացել է 12 մլն 217 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 1 մլն 18 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 544 հազարով։ Այսինքն՝ 2020 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 544 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 114,7%-ն է։ Ստացվում է, որ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2020-ին 2019-ի համեմատությամբ ավելի շատ պարգևավճար է ստացել։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2019 թվականին Մաթևոսյանը Արմավիրի մարզպետարանից ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական միջին ցուցանիշով կազմում է 896 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատվարձից ավելի է 422 հազար դրամով։ Այսինքն՝ Արմավիրի մարզպետը ամսական ստացել է 422 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89%-ի չափով է։ 2020 թվականին Մաթևոսյանն ստացել է 10 մլն 324 հազար դրամ աշխատավարձ, որը գրեթե հավասար է 2019 թվականին ստացած աշխատավարձի չափին։ Ամսական միջին ցուցանիշով 2020 թվականին Մաթևոսյանի աշխատավարձը, որում ներառված են նաև պարգևավճարները, կազմել է 860 հազար դրամ։ Սա Մաթևոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 408 հազար դրամով, այսինքն՝ հենց այսքան է կազմել մարզպետի ամսական ստացած պարգևավճարը։ Արմավիրի մարզպետի ստացած պարգևավճարը նրա հիմնական աշխատավարձի 86%-ն է։ 2019 և 2020 թվականների եկամուտները համեմատելիս ակնհայտ է, որ երկու տարիներին էլ դրանք միմյանց գրեթե հավասար են եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Սանոսյանի աշխատավարձը կազմել է 10 մլն 801 հազար դրամ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Սանոսյանի ամսական եկամուտը եղել է 900 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 426 հազար դրամով։ Այսինքն՝ Սանոսյանն ամսական կտրվածքով ստացել է 426 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89,8%-ն ։ 2020 թվականին Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 672 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է 889 հազար դրամ։ Սա Սանոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 415 հազար դրամով, որը հենց ստացած պարգևավճարն է։ Սանոսյանի ստացած պարգևավճարները 2020 թվականին կազմել է նրա հիմնական աշխատավարձի 87,5%-ը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար 2019 և 2020 թվականների աշխատավարձերի և պարգևավճարների համեմատությունն անելու համար կդիտարկենք Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրերը։ Ղուկասյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Ղուկասյանի աշխատավարձը և ստացած պարգևավճարները միասին կազմում են 11 մլն 150 հազար։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Ղուկասյանը 2019 թվականին ամսական ստացել է 929 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 455 հազար դրամով։ Այսինքն՝ ամսական կտրվածքով Ղուկասյանը ստացել է 455 հազար դրամ պարգևավճար։ Ղուկասյանը 2019 թվականին ստացել է հիմնական աշխատավարձի 95,9%-ի չափով պարգևավճար։ 2020 թվականին Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 302 հազար դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է 942 հազար դրամ։ Սա նրա աշխատավարձից ավելի է 468 հազար դրամով։ Այսինքն՝ Ղուկասյանը 2020 թվականին ամսական միջին ցուցանիշով ստացել է 468 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 98,7%-ն է։  Համեմատելով մարզպետի 2020 և 2019 թվականների աշխատավարձերը՝ տեսնում ենք, որ 2020 թվականին ստացած պարգևավճարները չեն զիջում 2019-ին ստացածին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մայիսի 27-ին։ Նրանից առաջ Կոտայքի մարզպետը Մեսրոպ Առաքելյանն էր, որին նախորդել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հասկանալու համար, թե 2019 և 2020 թվականներին որքան աշխատավարձ և պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձինք՝ դիտարկենք Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հայտարարագրերը։  Այսպես՝ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 3 մլն 396 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Այս գումարը ամիսների վերածած կազմում է 485 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձի չափով է։  2019 թվականին Պետրոսյանն ստացել է 11 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նրա ստացած պարգևավճարները։ Ամիսների միջին ցուցանիշով Պետրոսյանն ստացել է 960 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 486 հազար դրամով։ Այսինքն՝ 2019 թվականին Պետրոսյանն ամսական միջինում ստացել է 486 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 102,5%-ն է։ 2020 թվականին Պետրոսյանը պաշտոնավարել է մինչև հուլիսի 30-ը։ Այս 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 8 մլն 308 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 187 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 713 հազար դրամով։ Մեսրոպ Առաքելյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 26-ին և մինչև տարեվերջ՝ մեկ ամսվա համար ստացել է 985 հազար դրամ աշխատավարձ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 511 հազարով։ Ընդհանուր՝ երկու մարզպետները 2020 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել են 9 մլն 293 հազար դրամ, որը ամիսների վերածած կազմում է ամսական 1 մլն 161 հազար։ Սա նրանց հիմնական աշխատավարձից ավելի է 687 հազար դրամով։ Այսինքն՝ հենց այսքան ամսական միջին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետները, որը նրանց հիմնական աշխատավարձի 145%-ն է։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո երրորդ մարզպետն է։ Նրանից առաջ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։ Վերջինս մարզպետ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 12-ին։ Պետրոսյանը 2019 թվականի ընթացքում մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Միջին ամսական կտրվածքով նրա աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 246 հազար դրամով։ Այսինքն՝ Պետրոսյանը 2019 թվականին ամսական միջինը ստացել է 246 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 51,9%-ն է։ 2020 թվականին Հարությունյանն ստացել է 9 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 832 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 358 հազար դրամով։ Այսինքն 2020 թվականի ընթացքում Հարությունյանն ամսական միջինը ստացել է 358 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 75,5%-ն է։ Ինչպես տեսնում ենք երկու տարիների համեմատությունից, 2020 թվականին Շիրակի մարզպետի պաշտոնում ավելի շատ են պարգևավճար ստացել, քան 2019 թվականին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանն էր։ 2019 թվականին Պողոսյանը Սյունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 166 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 847 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 373 հազար դրամով, որը նրա աշխատավարձի 78,7%-ն է։ 2020 թվականին Պողոսյանն ստացել է 10 մլն 808 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է 982 հազար դրամ։ Ամսական այս աշխատավարձը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 508 հազար դրամով։ Այսինքն՝ 2020 թվականի ընթացքում Պողոսյանն ամսական միջինը 508 հազար դրամ պարգևավճար է ստացել, որը նրա հիմնական աշխատավարձի 107%-ն է։ Ստացվում է, որ 2020 թվականին պարգևավճարի չափը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար վերջինս ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 900 հազար դրամ։ Մինչև Գրիգորյանի պաշտոնավարումը Վայոց ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանն էր։ Վերջինս 2019 թվականի ընթացքում պաշտոնավարել է 9 ամիս 10 օր։ Այդ ընթացքում Սարգսյանն ստացել է 9 մլն 633 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն 36 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող երկու մարզպետերն ստացել են 11 մլն 433 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 1 մլն 12 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին ցուցանիշով մարզպետները ստացել են 538 հազար դրամ պարգևավճար, որը նրանց հիմնական աշխատավարձի 113,5%-ն է։ 2020 թվականին Գրիգորյանը Վայոց ձերի մարզպետարանից ստացել է 11 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 944 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 470 հազար դրամով, այսինքն՝ Գրիգորյանը 2020 թվականի ընթացքում ամսական ստացել է միջինը 470 հազար դրամ պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 99,1%-ն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ից, մինչ այդ Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էր։ Վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 6-ին։ 2019-ի թվականի պաշտոնավարման ընթացքում վերջինս ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև պարգևավճարները։ Ամսական կտրվածքով Չոբանյանի ստացած աշխատավարձը կազմել է 840 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 366 հազար դրամով։ Այսինքն՝ Չոբանյանը 2019 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 366 հազար դրամի պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 77,2%-ն է։ Չոբանյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, հետևաբար չենք կարող համեմատել և իմանալ, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջինս 2020 թվականի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով բոլոր մարզպետների 2019 և 2020 թվականների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ 2020 թվականի ընթացքում, թեև շատ գերատեսչություններ և պաշտոնյաներ հրաժարվում էին իրենց պարգևավճարներից, մարզպետները ամենևին չեն հրաժարվել և որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ պակասեցրել իրենց ստացած պարգևավճարները։ Բացի այդ՝ մարզպետները իրենց ստացած պարգևավճարները որևէ հիմնադրամների փոխանցելու մասին հայտարարություններ չեն արել։ Նարեկ մարտիրոսյան
14:46 - 22 հուլիսի, 2021