Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական զարգացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ Մոսկվայում իր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման եւ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար:  ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ: Դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
18:48 - 21 հունվարի, 2022
Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կայացրել: «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը հարցրել էր, թե ինչ հրամանագրի, ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել այդ պաշտոնյանին: «Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով` ժողովրդին»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց` անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում,  ամբողջ պրոցեսի պատասխանատվությունն ինքն է կրում: «Այդպես վարվել եմ, որ թաքնված գաղտնի կուսակցականի հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը»,-եզրափակեց Փաշինյանը:
19:06 - 19 հունվարի, 2022
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, հարցմանն ի պատասխան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ «Ադրբեջանա-հայկական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը մղելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և այդ մասին նշվում է նաև հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում։ Սակայն հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։ Հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ նոր տեղեկության առկայության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կիրազեկվի»,- նշված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է նաև, երեկ հաստատեց, որ պաշտոնական Երևանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե ինչ առաջարկներ, պատգամավորը չմանրամասնեց՝ հորդորելով դիմել կառավարություն։ Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14 -ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին՝ առանց մանրամասնելու, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
13:49 - 19 հունվարի, 2022
Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք, առհասարակ, դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ինչ գնով և ինչի հաշվին։ Գտնում ենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, Բայց Հայաստանը նույն Հայաստանը չի պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են մի շատ վտանգավոր ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Սաղաթելյանը։ ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ ՀՅԴ-ն, անկախ նրանից՝ եղել է իշխանություն, թե ընդդիմություն, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։ «Մենք ըմբռնումով ենք մոտեցել Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենա բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։
15:17 - 18 հունվարի, 2022
Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում իր նախապայմանների մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ « Թուրքիան իր ավանդական նախապայմաններին ավելացրել է, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», որին հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական հսկայական ներդրումներ են անում։ Եվ այս պարագայում, կրկնում եմ, նախապայմանների մասին Թուրքիան ամենատարբեր խողովակներով ներկայացրել է։ Եվ այս ժամանակահատվածում հանրությանը հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, և գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աբրահամյանը։  Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տա, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը։
14:01 - 18 հունվարի, 2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ աշխատանքային խումբ է աշխատում: Այն կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս հայտնեց, որ խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չթվարկեց: «Ես շատ բաց եմ քննարկումների համար, բայց ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց նա: Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի: «Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատության իրավունքն ու հնարավորությունը լավագույն բաներից են, որ մեզ հետ եղել են վերջին տարիներին, ու բոլորին հրավիրում եմ քաղաքական ու բովանդակային քննդատության ենթարկել թե' մեր քաղաքականությունը, թե' իմ գործողությունները, թե' իմ համեստ անձը»,-ասաց նա: ԱԺ փոխխոսնակը, սակայն, տեսակետ հայտնեց, որ Ազգային ժողովն աստիճանաբար վերածվում է անիմաստ կուսակցությունների վայրի հոմանիշի, որտեղ խոսում են ոչ թե ըստ էության, այլ աղմկում են: Անդրադառնալով իր հասցեին ընդդիմության մեղադրանքներին` իբրեւ «թուրքական ազդեցության գործակալ»-ի, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իր համար քաղաքական դաշտի կամ պետության վերջին տասնամյակների գլխավոր խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է: «Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք շատ սպասելի բան՝ ինձ փորձել ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ, ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որը 1918 թվականին այցելել է Պոլիս ու ասել՝ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային, մի ուժ, որի ներկայացուցիչ Սիմոն Վրացյանը 1921 թվականին դիմել է քեմալական Թուրքիային ռազմական աջակցության համար, մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև…»,-ասաց նա: Ըստ Ռուբինյանի` հանրությունը հոգնել է ամեն օր լսել «թուրք», «գործակալ», «դավաճան» արտահայտությունները: «Լավ, այսպես ո՞ւր ենք հասնելու, կոչ եմ անում բոլորին՝ եկեք մտնենք բովանդակային դաշտ»,-եզրափակեց նա:
13:50 - 18 հունվարի, 2022
Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Քըլըչի հետ խոսակցություն չի եղել․ Ռուբինյան |azatutyun.am|

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Քըլըչի հետ խոսակցություն չի եղել․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ խոսակցություն չի եղել, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանը միշտ հայտարարել է, որ Ցեղասպանության հետ կապված նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում չկա, շեշտեց՝ Ռուբինյանն՝ ընդգծելով՝ էդպես է եղել միշտ՝ նախկին բոլոր իշխանությունների օրոք, և նման կարգ օրակարգ բերելով, ըստ նրա, օրակարգն ուղղակի կդադադարի, և դա հասկանում է նաև թուրքական կողմը։ «Անիմաստ է այդպես սկսել բանակցություններ, որովհետև դրանք ոչ մի տեղ չեն տանի», - ասաց Հայաստանի հատուկ ներկայացուցիչը՝ նշելով, որ առաջին հանդիպմանը փորձել են քննարկել ոչ թե սուր անկյուններ առաջացնող, այլ պոզիտիվ հարցեր։ Դիտարկման, թե այնուամենայնիվ որոշակի տարբերություններ այս հարցում նախորդած երեք իշխանությունների օրոք եղել են․ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ «դա փաստ է, չենք քննարկում», Քոչարյանը փորձում էր միջազգային օրակարգ հարցը բերել, Սերժ Սարգսյանի օրոք էլ ցյուրիխյան արձանագրություններով պատմաբանների հանձնաժողովին Երևանը համաձայնություն տվեց և հարցին, թե ներկայիս իշխանության մոտեցումը ո՞րն է Հայոց ցեղասպանության հարցում, Ռուբինյանը պատասխանեց․ - «Նախ ցյուրիխյան պրոտոկոլներում Ձեր ձևակերպած ձևով չէր, մի փոքր այլ ձևակերպում էր, և երկրորդը՝ մեր դիրքորոշումը հետևյալն է, ընդ որում մեր դիրքորոշումն առանձնապես չի տարբերվում նախորդ իշխանությունների դիրքորոշումից այս առումով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախապայման չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների, դա բառիս բուն իմաստով նշանակում է՝ առանց նախապայմանների, և մենք ակնկալում ենք, որ նույնանման մոտեցում պետք է լինի Թուրքիայից, որովհետև դա է ճանապարհը առաջ գնալու»։ Ռուբինյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը երբևից որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել azatutyun.am-ում
11:50 - 18 հունվարի, 2022
Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Ինչքան էլ այս իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ այդ նախապայմանները կան և ակնհայտ է, որ Հայաստանը գուցե այդ նախապայմանները բավարարելու խոստում տվել է։ Այս մասին Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամավորների զարույթը տեղին է։ Պատգամավորը նշեց, որ հայ–թուրքական հարաբերություններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։ «Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հավաքում, քանզի պետք է ունենան այնքան ռեսուրս, որպեսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
18:36 - 17 հունվարի, 2022
Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց |armenpress.am|

Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստն ընդմիջվեց, խորհրդարանի նիստերի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել էր «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ, սակայն խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է: Արշակյանի ելույթի ժամանակ տեղից խոսեց «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն լսելի չէր, թե պատգամավորն ինչ է ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին: «Եվ ձեր ամբողջ խմբակցությանն արդեն կոչ եմ անում՝ հանգստացեք»,-ասաց Ռուբինյանը: Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, Ռուբինյանը ոտքի կանգնեց, ապա, քանի որ դահլիճում տարբեր պատգամավորները շարունակում էին խոսել, նա հայտարարեց ընդմիջում: Ընդմիջում հայտարարելուց հետո էլ անգամ պատգամավորները նիստերի դահլիճից չէին հեռանում, նրանք շարունակում էին կանգնած խոսել:
13:51 - 17 հունվարի, 2022
Ռուբինյանը կոշտ արձագանքեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքներին

 |armenpress.am|

Ռուբինյանը կոշտ արձագանքեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքներին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լիովին անհիմն է համարում իր՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեղադրանքները։ «Նկատած կլինեք, որ ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե, նաև բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում որևէ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան, («Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան- խմբ․) և ձեր ամբողջ խմբակցություն, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ այստեղ չկա և չի կարող լինել։ Ինչո՞ւ, որովհետև նախ դա լիապես անհիմն պնդում է, և երկրորդը՝ ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ համբերատար և բարեհամբույր լինելը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Ռուբինյանը։ Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել իրենց խմբակցության պատգամավորներին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ասաց․ «Պարո՛ն Ռուբինյան, չհամարձակվե՛ք սպառնալ մեզ, չհամարձակվե՛ք սպառնալ այն ընդդիմությանը, որը հարցադրումներ է հնչեցնում, այն էլ՝ շատ կիրթ, կառուցողական ու հստակ ձևակերպումներով։  «Ձեր քաղաքական ղեկավարն էր ասում՝ մեզ հիմա ամուր նյարդեր ենք պետք, առջևում բարդ բանակցություիններ են։ Սրա՞նք են Ձեր ամուր նյարդերը, այս նյարդերո՞վ եք գնում թուրք ներկայացուցչի հետ հանդիպումների»,-նշեց Ագնեսա Խամոյանը։    
13:24 - 17 հունվարի, 2022
Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը |azatutyun.am|

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Նա նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների և պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի։ «Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա դեպի խաղաղություն և կայունություն։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը և պետությունների միջև համագործակցության միջավայրի ձևավորումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական շփումների սկիզբը»,- ասել է նա` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների:Փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։
17:44 - 16 հունվարի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է՝ պատրաստ են շարունակել շփումները Հայաստանի հետ առանց նախապայմանների |armenpress.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է՝ պատրաստ են շարունակել շփումները Հայաստանի հետ առանց նախապայմանների |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը ևս որակվել է դրական և կառուցողական: «Իրենց առաջին հանդիպման ընթացքում, որն անցավ դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ:  Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման նպատակով բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերի միջև երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ: «Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի ավելի ուշ՝ դիվանագիտական խողովակներով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություն ավելի վաղ տարածել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
17:38 - 14 հունվարի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
16:19 - 14 հունվարի, 2022
Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում․ Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանցի երկու գերիները անմիջապես վերադարձվել ադրբեջանական կողմին։ Քոչարյանը հայտարարեց՝ օրեր առաջ երկու ադրբեջանցիներին գերեվարելու փաստը զսպող գործիք է Ադրբեջանի՝ նմանատիպ հետագա ցանկությունների համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ «Գերիները բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն։ Փոխանակման պրոցեսի մանրուքներին ես տեղյակ չեմ, բայց եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի կողմից Թուրքիայի հետ բանակցություններում որպես բանախոս Ռուբեն Ռուբինյանին ընտրելու որոշման մասին՝ Քոչարյանը շեշտեց՝ Ռուբինյանը շատ ներկայանալի աշխատակազմ կունենա հայ-թուրքական բանակցություններում։
14:59 - 21 դեկտեմբերի, 2021