ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակներից մեկի այնհայտարարությանը, թե Ադրբեջանն արել և անում է ամենը խաղաղության հասնելու համար։ «Ջուլհակյանն ընդգծել է՝ ինքը հասկացել է, որ, լինելով միևնույն կազմակերպությունում, իրենք, այդուհանդերձ, տարբեր կերպ են ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնարար արժեքները։ «Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները։ Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության։   Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող և ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ և ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության։ Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության։ Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կարևորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի բանաձևերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ և փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ։ Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները և հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ։ Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձևերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքը այդ տարածքներից, դա խաղաղություն չէ։ Հետևաբար, հարգելի կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը։ Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, և ի վերջո իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին»,- ասել է Ջուլհակյանը։  
11:12 - 27 ապրիլի, 2022
Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

 Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Աղաջանյանը իր ելույթում նշել է, որ ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն  այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար՝ հավելելով, որ ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ՝ խախտելով Մարդու իրավունքների ևհիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան։ «Մասնավորապես՝ հիմք ընդունելով Կառավարության պահանջը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբոտնձգություններին , ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպականկոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները։ Չնայած վերոգրյալին, նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնածիր պարտավորությունները։ Որպես այդպիսին՝ 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանականճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը։ Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձբնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով»,- ասել է Աղաջանյանը: Նա հավելել է, որ նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150,000 մարդ թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։ «Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել 2 օր անց։ Հարգելի գործընկերներ, վերոգրյալը էթնիկական զտման դասական օրինակ է։ Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից։ Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում ՀարավայինԿովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը։  
13:58 - 26 ապրիլի, 2022
Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Այս մասին ապրիլի 25-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը : Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, «Ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։ Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը։ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա'մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա'մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում: Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։ Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։ Պարոն նախագահ, Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը։ Եվ վերջապես, պարոն նախագահ, նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին։ Շնորհակալություն»։
10:54 - 26 ապրիլի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:   Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին:   Քննարկվել են տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը կանխելուն ուղղված  համատեղ գործողությունները:Կարևորվել է Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը:  
14:00 - 31 մարտի, 2022
ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Այսօր ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները, կենսական ենթակառուցվածքները վնասելու քայլերը։ Մեծապես կարևորվել է ներկա իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության թիրախային արձագանքը՝ ուղղված Արցախից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի ապաէսկալացիային։
22:07 - 29 մարտի, 2022
ԵԽԽՎ-ն քվեարկել Է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու օգտին |armenpress.am|

ԵԽԽՎ-ն քվեարկել Է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու օգտին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին միաձայն կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այդ մասին ասվում Է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» Է քվեաարկել 216 մարդ, երեքը ձեռնպահ են մնացել: «Վեհաժողովը, միաձայն քվեարկելով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ Է արել՝ միջնորդել, որպեսզի Ռուսաստանն «անհապաղ դուրս գա Եվրոպայի խորհրդից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Վեհաժողովը գտնում Է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլեւս չի կարող լինել կազմակերպության անդամ պետություն»,-նշվում Է նրանում: Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել Էր, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել Է, ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել Է ԵԽ-ի գլխավոր քարտուղարին: «Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին որոշումն ընդունվել Է: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել Է կազմակերպության գլխավոր քարտուղարին»,-մարտի 15-ին Տոլստոյը գրել Է իր Telegram-ալիքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դուրս Է գալիս սեփական կամքով, դա կշռադատված եւ լավ մտածված որոշում Է»: Ռուսաստանը նաեւ կչեղարկի Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եւս չորս կոննվենցիաներ եւ, հնարավոր Է, մի շարք փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՌԴ-ի շահերին, հայտարարել Է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:43 - 16 մարտի, 2022
Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի Խորհրդրանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և չի մասնակցելու դրա նիստերին, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկինը։ «Որոշում է կայացվել չմասնակցելու ԵԽԽՎ կոմիտեների և մարմինների աշխատանքին, լիագումար նիստերին», - ասել է նա։ Բաշկինի խոսքով՝ այս քայլը կապված է վեհաժողովի հակառուսական ուղղվածության հետ։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան դիտարկում է Եվրախորհրդին իր մասնակցության դադարեցման հարցը։ Ինչպես հաղորդել է գործակալությանը ռուսական պատվիրակության ևս մեկ անդամ Վլադիմիր Կրուգլին, ԵԽԽՎ-ն արդեն իրազեկել է ռուսական կողմին վեհաժողովին նրա անդամակցության կասեցման մասին։ Որոշումը կայացվել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստի արդյունքում։ Իր հերթին, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը նշել է, որ Մոսկվան չի մասնակցում վեհաժողովի և Եվրախորհրդի մյուս մարմինների աշխատանքին։ Մոտ ժամանակներս Ռուսաստանը կարող է խզել համաձայնագիրն ու դուրս գալ կազմակերպությունից, ասել է նա։ Ավելի վաղ Ստրասբուրգը կասեցրել էր Մոսկվայի լիազորությունները ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Նորա Վանյան
18:58 - 14 մարտի, 2022
Տարածաշրջանում խաղաղության հնարավոր է հասնել միայն ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում

Տարածաշրջանում խաղաղության հնարավոր է հասնել միայն ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում: Ելույթում մասնավորապես ասվում է. «Տիկին նախագահ, հարգելի գործընկերներ, բոլորս իսկապես մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով, քանի որ ցանկացած պատերազմ ողբերգություն է՝ բազմաթիվ կորսված կյանքերով և զրկանքներով: Նմանապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գլոբալ համավարակի պայմաններում սանձազերծված ագրեսիվ պատերազմն ունեցել է իր ողբերգական հետևանքները և լրջորեն խաթարել է ԵԱՀԿ-ի վստահելիությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ավելի քան մեկ տարի անց խաղաղության հեռանկարները դեռևս անորոշ են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ինչն արտահայտվում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ, պետական սահմանի երկայնքով շարունակական ռազմական սրացումներով և հրադադարի խախտումներով, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մինչ այժմ շարունակվող ապօրինի կալանքով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով և յուրացումով: Այս ամենը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկել իրական քայլեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այս նպատակին հասնելու համար կողմերն առաջինը պետք է կատարեն իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում: Ցավոք, ակնհայտ հակասություն կա Ադրբեջանի հայտարարած խաղաղ գոյակցության մասին մտադրության և իրական գործողությունների միջև: Ադրբեջանը շարունակաբար կեղծում կամ խեղաթյուրում է եռակողմ համաձայնագրերի դրույթները, երբեմն նույնիսկ հանդուգն կերպով հորինում նորերը, որոնք աղերս չունեն այս փաստաթղթերի բովանդակության կամ ոգու հետ: Նմանօրինակ մտացածին դրույթներից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», որը հնարավոր չէ գտնել երեք եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում, և ինչն ուղիղ սպառնալիքի դրսևորում է և ահաբեկչություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը Ադրբեջանի կողմից Հելսինկիի եզրափակիչ ակտի մի քանի առանցքային սկզբունքների բացահայտ խախտման արդյունք է, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, թե ուժի կիրառման արդյունքները՝ պատերազմական հանցագործություններով և միջազգային մադասիրական իրավունքի խախտումներով, կարող են երբևէ երկարատև և կայուն խաղաղության համար հիմք դառնալ: Տարածաշրջանում այսպիսի խաղաղության հնարավոր է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Շնորհակալություն»:
15:13 - 26 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի անդամները ահազանգում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին՝ դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Եվրոպացի պատգամավորները թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները: «Միջազգային հանրությունը պետք է գործի անցնի հենց հիմա: Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման, աղավաղման և ոչնչացման ցանկացած փորձ»,- թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը: Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց նախաձեռնությանը անդրադարձել է նաև նիդերլանդցի պատգամավոր Պետեր վան Դալենը՝ թվիթերում գրելով, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն: «Ադրբեջանը հայտարարել է, թե ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից: Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսին (Եվրախորհրդարանի անդամ), Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը», - հայտարարել է Պետեր վան Դալենը: Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:  Արձագանքելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պղծման և ոչնչացման դեպքերին, այդ թվում՝ «հայկական հետքերի» վերացման ադրբեջանական նախաձեռնությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել էր, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար:
20:27 - 15 փետրվարի, 2022
Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և մասնավորապես Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը` հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ: «Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը: Ինչպես նաև հիշեցնեմ, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ»,-ասաց նա: Ղազարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին: Պատգամավորը հիշեցրեց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` ասելով, որ դա պատականություն չի եղել: «Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, դա հստակ մարտավարություն է հայկական հետքերը մաքրելու: Եւ ես ուզում եմ հարցնել մեր միջազգային գործընկերներին` ում են նրանք ուղղում այդ միլիարդները և ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,-ասաց պատգամավորը:
15:25 - 08 փետրվարի, 2022
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսին

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսին

Փետրվարի 3-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոկսին․ տեղեկացնում են Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։ «Շնորհավորելով Թինի Քոկսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանն ընդգծեց ԵԽԽՎ կարևոր առաքելությունը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման հարցերում՝ որպես քաղաքական քննարկումների համաեվրոպական հարթակ։ Առանձնանշվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի կարևորությունը, որով վերահաստատվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության զարգացման հարցում։ Այս համատեքստում կարևորվեց, որ նույն բանաձևում Վեհաժողովը վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը։ Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները՝ այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Կարևորվեց ԵԽԽՎ շարունակական դերակատարությունը այս խնդիրների բարձրաձայնման և կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
16:26 - 03 փետրվարի, 2022
ԵԽԽՎ–ն «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները, չի անդրադարձել գործադիրի կողմից դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավվմանը․ «Հայաստան» խմբակցություն

ԵԽԽՎ–ն «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները, չի անդրադարձել գործադիրի կողմից դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավվմանը․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևի վերաբերյալ, որում ասվում է․«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևի վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել.1) 44-օրյա պատերազմի սանձազերծմանը, ադրբեջանա-թուրքական ագրեսիային, ուժի կիրառմանը, պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար սկզբունքների կոպիտ խախտումներին, ինքնորոշման իրավունքի նսեմացման ու մինչ օրս հայ ռազմագերիների առկայության փաստի, պատերազմից հետո Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ագրեսիայի իրականացման, թշնամական հռետորաբանության և ուժի ու ուժի սպառնալիքի շարունակական կիրառման վերաբերյալ` Եվրոպական կառույցները զբաղված էին ու զբաղված են խրախուսող աչքակապությամբ, իսկ արձագանքելիս փորձում են «հավասարության» նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչն անհեթեթություն է: Հատկանշական է, որ ռազմագերիների ապօրինի պահումից ավելի նվազ իրավունքների խախտումներով նույն կառույցը հանդես էր գալիս պետության նկատմամբ կոնկրետ սահմանափակումների (սանկցիաների) առաջարկով, իսկ այս դեպքում` Ադրբեջանին ու Թուրքիային անպատժելիության ուղերձ է հղում:2) ԵԽԽՎ-ն որևէ կերպ չի անդրադարձել նախընտրական և հենց ընտրությունների օրը վարչական ռեսուրսի ու ընտրական արձանագրված այլ խախտումներին, շուրջ վեց ամիս ԱԺ երեք ընդդիմադիր պատգամավորների ապօրինի կալանավորմանը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի հակասահմանադրական սահմանափակմանը, 2021 թվականին 80%-ից ավելի կալանավորումներին, քաղաքական հետապնդումներին և կալանքներին, «կալանքի դատարանների» ստեղծմանը:3) ԵԽԽՎ-ն փաստորեն չի էլ արձագանքել դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի՝ շուրջ ութ ամիս գործադիրի կողմից առգրավվման ու մինչ օրս բոլոր գործերի «ձեռքով» մակագրման հակասահմանադրական պրակտիկային կամ ՏԻՄ ընտրությունների ու հետընտրական փուլում ընտրողների կամքի անտեսման փաստերին:4) ԵԽԽՎ «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները և չի էլ նկատել լրագրողների իրավունքների խախտման դեպքերը Ազգային ժողովում: Թվարկված բոլոր խնդիրների փաստական հանգամանքները դեռևս 2021 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացվել էին ԵԽԽՎ-ին՝ թե’ բանավոր, և թե’ գրավոր կարգով»:
18:49 - 29 հունվարի, 2022
Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը․ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ոտնահարվում է ժողովրդավարությունը․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում զեկույցին դեմ քվեարկելու մասին

Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը․ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ոտնահարվում է ժողովրդավարությունը․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում զեկույցին դեմ քվեարկելու մասին

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է, թե ինչու է ԵԽԽՎ-ում դեմ քվեարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը վերաբերող զեկույցին․ «Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում: Իսկ հիմա զեկույցի մասին: Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը: Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն: Ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր զեկույցի մեջ ներառել իրենց քարոզչական թեզերը: Թե ինչ եմ արել ես դրա դեմ՝ հարցրեք Ռուբեն Ռուբինյանին (ադրբեջնական որևէ առաջարկ չի ընդունվել): Բացի դրանից՝ կայքում զետեղված է իմ ելույթի տեքստը, որում խոսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների նկատմամբ Եվրոպայի անգործության մասին։ Ինչպես էի ես նայելու Աշոտ Երկաթի և մյուս քաղաքական բանտարկյալների, ճնշումների և ատելության խոսքի տարափի տակ պայքարող իմ ընկերների  ու ճշմարտությունը բարձրաձայնող լրագրողների աչքերին, եթե կողմ քվեարկեի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող սուտ զեկույցին: Նման բան կարող էին անել այն երեսպաշտ դավաճանները, որոնք ադրբեջանական քարոզ են տարածում Հայաստանում, ադրբեջանական բանակցային թեզեր են առաջ տանում, կուլ են տալիս հակահայկական հայտարարությունները, բայց կեղծ ժողովրդավարության բրենդի առաջխաղացման և սեփական կաշին/աթոռը փրկելու համար ամենի պատրաստ են: Ես այդպիսին երբեք չեմ դառնալու: Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին: Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի իշանությունն ամրապնդելուն էր միտված, իսկ Արցախի ու Հայաստանի ապագան վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն կոչեցյալների համար աթոռը հայրենիքից թանկ է»:
16:09 - 28 հունվարի, 2022
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:   «Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին: Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները:   Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին:   Ի թիվս այլ կետերի, բանաձևը բարձր է գնահատել 2018թ. քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:   Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։   Բանաձևը ողջունել է բարեփոխումների և նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թ․ հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որոնք ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը:   Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։   Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։   Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին: Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը:   Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: 
22:40 - 27 հունվարի, 2022
Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ զեկույց |armenpress.am|

Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ զեկույց |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի բանաձևի նախագիծ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»  խորագրով: Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր  Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը: Պատգամավորները բանաձևի նախագծին կից նաև զեկույց են ներկայացրել, որում նշվում է, որ մոնիթորինգային խումբը ողջունում է փաստը, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականին երկրում քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո: Նշվում է, որ Հայաստանում հաջողվել է հաղթահարել քաղաքական լուրջ ճգնաժամը, որն առաջացել էր ԼՂ հակամարտության հետևանքով: Զեկույցի համաձայն՝ ճգնաժամը հնարավոր է եղել հաղթահարել 2021 թվականին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք անցել են ժողովրդավարական միջավայրում՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին: Զեկույցում նշվում է, որ Վեհաժողովը ողջունում է Հայաստանում 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո իրականացված բարեփոխումները և նոր ծրագրերի մեկնարկը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության մակարդակը:  Փաստաթղթով ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել ընտրական օրենսդրության բարեփոխումները՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների։ Մասնավորապես՝ հստակ իրավական սահմանում ապահովել նախընտրական ծախսերի վերաբերյալ, վերացնել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ առկա արգելքը, որպեսզի նրանք ևս կարողանան առաջադրվել ընտրությունների ժամանակ, տուգանք սահմանել նախընտրական քարոզարշավի ժամանակ զրպարտության համար, թույլ տալ ընտրողներին իրավական ճանապարհով վիճարկել իրենց տեղամասերում ընտրությունների արդյունքները։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԽԽՎ-ն փաստաթղթով կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵԽԽՎ-ն նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է անում:
14:42 - 27 հունվարի, 2022