Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է. Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել

Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է. Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վ․ Ջիլավյանն ու Վ․ Մելիքյանը, խորհրդականս՝ Հ․ Մարտիրոսյանը, ու ««Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։ Քննարկումների արդյունքում վեր հանվեցին և գույքագրվեցին գործընթացին խոչընդոտող խնդիրները։ «Սևան» ազգային պարկում կան խորքային ու լուրջ մարտահրավերներ։ Էապես գիտակցում եմ դրա քաղաքական պատասխանատվության չափը, դրա իրավական ու սոցիալական բոլոր ռիսկերը, բայց մեկ վայրկյան անգամ չեմ ընկրկում․ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Հետհեղափոխական Հայաստանում չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են Սևան ազգային պարկի որոշ աշխատակիցների հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից՝ լինի ազգային պարկի տնօրեն, թե տեղամասի տեսուչ։ Անընդունելի է մեկտեղել ապօրինի ձկնորսությունը կանխողի ու ձկնագողի կարգավիճակը։ Ազգային պարկի տնօրինության հետ քննարկել ենք արմատական ու շրջադարձային կադրային վերափոխման անհրաժեշտությունը։Սևանի պահպանության առաքինի գործը ստանձնողը պարտավոր է լինել նվիրյալ։ Դրա վառ օրինակը ««Սևան» ազգային պարկում» ձևավորվող նոր ստորաբաժանման առջև դրված խնդիրներն են լինելու։ Կազմավորվող հատուկ ջոկատը պարտավորված է լինելու կարգուկանոն հաստատել ««Սևան» ազգային պարկի» ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքներում, անշեղորեն հետևել օրենքի գերակայության վերականգնմանը և, վերջնարդյունքում, դառնալու է Սևանի էկոհամակարգի վերականգնման առանցքային գործիք։ Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հավաքագրվող նոր ստորաբաժանման աշխատակիցների գաղափարական բաղադրիչին։ Հիմքում պետք է դրված լինի պետականության կենսունակության բարձրացման խնդիրը։ Ազգային պարկի առաջ դրված գերակա խնդիրների մեկն է դառնալու ռիսկերի կառավարումը, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացումը։ Օգոստոսի 20-ին կմեկնարկի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը հետագա տարիներին պետք է դառնա Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։ Դրան ընդառաջ տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրի բոլոր բաղադրիչներով պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու, ձկնագողությունը նախականխելու և կանխելու ուղղություններով։ Որևէ մեկը, չնայած իր զբաղեցրած դիրքին ու կարգավիճակին իրավունք չի ունենալու շրջանցել կամ անտեսել օրենքի տառը։ Սևանում արդյունագործական ձկնորսությունը գտնվելու է իմ անմիջական ուշադրության կենտրոնում։ Աներկբա է, որ իրավական պետության գործիքակազմով մենք հասնելու ենք ցանկալի արդյունքի, և այս գործընթացները հաջողությամբ են պսակվելու»։
15:53 - 18 օգոստոսի, 2020
Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները․ ՀՀ վարչապետ |armenpress.am|

Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները․ ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցելության ընթացքում արձանագրեց, որ Սևանի արևելյան ափին ստեղծված են տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները: Այս մասին Փաշինյանը նշեց Շողակաթ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալուց հետո: «Մյուս տարի Սևանի շուրջ անցանելիության խնդրի լուծումն ամբողջացնելու ենք: Սևանի արևելյան ափին տնտեսական հեղափոխության բոլոր նախադրյալները ստեղծված են: Արևելյան ափին գրեթե ոչինչ չկա, այստեղ ներդրումային նոր կուլտուրա պետք է ներդնենք: Էկոտուրիզմի տրամաբանության մեջ անսահմանափակ պոտենցիալ կա»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շրջայցի ընթացքում ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
17:50 - 17 օգոստոսի, 2020
Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ, այս մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ տարի ի՞նչ խնդիր ենք ձևակերպել, որ Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ։ Մենք ասում ենք՝ տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ։ Մի փոքր հատվածում գերբեռնված, մնացած հատվածներում չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չէ։ Այնպես որ, խնդիր ենք դրել, որ Սևանի շուրջ ճանապարհը պետք է լինի լրիվ բարձր վիճակի»,- ասաց վարչապետը։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի արդեն ավարտվել է ասֆալտապատումը, մնացել է 20 կմ տարածք՝ Վարդենիս-Շորժա հատվածում։ Ըստ նրա՝ ասֆալտապատումն իրականացվում  է բարձր չափանիշներով։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ ընդհանուր առմամբ այս տարի 55 կմ հատված է ասֆալտապատվել Սևանի շուրջ։
15:14 - 17 օգոստոսի, 2020
Հայ գիտնականները տալիս են ծաղկող Սեւանի ախտորոշումն ու առողջացման դեղատոմսը |hetq.am|

Հայ գիտնականները տալիս են ծաղկող Սեւանի ախտորոշումն ու առողջացման դեղատոմսը |hetq.am|

hetq.am: Սկսած 2018 թվականից՝ ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանի քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանն ու Կովկասի ամենամեծ լիճը՝ Սեւանը, ծաղկում: Գիտնականները գիտեն, թե որոնք են լճի ծաղկման խորքային պատճառներն, ու ինչպես է հնարավոր դրանք վերացնել: Սակայն կրկին առողջ ու չծաղկող Սեւան տեսնելու համար 1-2 տարին բավարար չէ, եւ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հենց հիմա: Ականատես ենք Սեւանի երրորդ մասսայական ծաղկմանը Միանգամից ասենք, որ այն, ինչ տեսնում ենք 2018-ից ի վեր, այսինքն՝ ջրի ծաղկած, կապտականաչ մակերեսը, միայն այսբերգի գագաթն է: ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրակենսաբան, կ.գ.թ. Գոռ Գեւորգյանն ասում է, որ Սեւանի ծաղկումը նորություն չէ, առաջին անգամ նման բան դիտարկվել է 1960-ականներին, ինչը շարունակվել է մինչեւ 1970-ականների կեսերը:   Սեւանը՝ ծաղկման փուլում. 2020 թ. հուլիս   Ընդ որում՝ այն ժամանակ, ինչպես եւ այս վերջին տարիներին, ծաղկման պատճառը եղել են ցիանոբակտերիաները, որոնք հայտնի են նաեւ որպես կապտականաչ ջրիմուռներ: Հետաքրքիր է, որ գիտությունը մինչ օրս չի կողմնորոշվել, թե, ի վերջո, ինչ են այդ օրգանիզմները՝ բակտերիա՞, թե՞ ջրիմուռ, քանի որ երկուսի հատկություններից էլ ունեն, մասնավորապես՝ ջրիմուռների նման ունակ են ֆոտոսինթեզ կատարել: Սեւանում ծաղկումներ գրանցվել են նաեւ 1990-ականների երկրորդ կեսին, բայց ջրակենսաբանը նշում է, որ այդ տարիներին պատճառն այլ ջրիմուռներ էին եւ ոչ ցիանոբակտերիաները: Հերթական մասսայական ծաղկումն սկսվել է 2018-ից: Ինչու՞ է լիճը ծաղկում Խորհրդային տարիներին էական է եղել ջրի մակարդակի իջեցումը, ինչը բերել է ջրիմուռների ծաղկման համար բարենպաստ պայմանների ստեղծման, օրինակ՝ ջրի տաքացում, լույսի թափանցում մինչեւ հատակը: Հիշենք, որ 1930-ականներից ոռոգման եւ էներգետիկ նպատակներով լճի մակարդակն արագ տեմպերով իջեցվում էր, եւ միայն 1960-ականներին գործնական քայլեր ձեռնարկվեցին (Արփա-Սեւան թունելի նախագծմամբ ու կառուցմամբ)՝ այն փրկելու համար: Պակաս կարեւոր չէ նաեւ ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա. Սեւանի ավազանի բնակավայրերի կենցաղային, տնտեսական կեղտաջրերը, որոնք հարուստ են օրգանական ու անօրգանական տարբեր նյութերով, առանց որեւէ մաքրման լցվում են լիճ:   Գոռ Գեւորգյան   «Ինչպես գիտեք, 2000-ականներից ի վեր տեղի է ունենում ջրի մակարդակի բարձրացում եւ էկոլոգիական վիճակի թվացյալ բարելավում, սակայն զուգահեռ ունեցել ենք ջրհավաք ավազանի բացասական ազդեցություն լճի վրա»,- ասում է Գ. Գեւորգյանը՝ հավելելով, որ մինչեւ 2018 թ. թվում էր, թե Սեւանի էկոլոգիական վիճակն ունի բարելավման միտում, ջրում կենսանյութի քանակը, կարծես, նվազում էր, բայց պատկերը փոխվեց, ու հիմա լճում ակտիվացել են էվտրոֆացման (ճահճացման) գործընթացները: Իրականում պատկերը միանգամից չի փոխվել: «Կարող ենք ասել, որ սա վերջին 10-20 տարիներին լճում կենսանյութի բարձրացման արդյունք է, այլ ոչ թե 2018-ին ինչ-որ նոր գործոն է հայտնվել ու նպաստել ծաղկմանը: Դա եղել է բավականին երկար ժամանակահատվածում»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը։ Փաստորեն, կենսածին նյութերի կուտակումը որոշակի սահմանի հասնելուց հետո հանգեցնում է ցիանոբակտերիաների զանգվածային ծաղկման, որն, ի դեպ, տեւում է շուրջ 3-4 շաբաթ: Բնականաբար, դրան նպաստում է նաեւ տաք եղանակը: Գեւորգյանն ասում է, որ եթե, օրինակ, ձմռանը բարձր ջերմաստիճան լինի, նորից կտեսնենք ծաղկում։ Ընդ որում՝ քչերը գիտեն, բայց բարենպաստ պայմաններում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւս դիտվում է Սեւանի ծաղկում՝ ավելի մեղմ արտահայտված։ Այսպիսով՝ ծաղկումն ընդամենը մի փուլ է, որը ցույց է տալիս Սեւանա լճի էկոլոգիական վատ վիճակը, որն առկա է ամբողջ տարվա ընթացքում:   Սեւանը՝ ծաղկման փուլում. 2020 թ. հուլիս   Գիտնականը շեշտում է նաեւ, որ խորհրդային տարիներին լճի մակարդակն իջեցնելու պատճառով ջրի հատակային սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, Մեծ Սեւանում վերացել է ամբողջությամբ, իսկ Փոքր Սեւանում, որն ավելի խորն է՝ մասնակի։ Հիպոլիմնիոնը կատարում է պաշտպանիչ ֆունկցիա, թույլ չի տալիս, որ հատակում կուտակված կենսանյութերը նորից թափանցեն լիճ ու նպաստեն ջրիմուռի ծաղկմանը։ Այս պարագայում պատահական չէ, որ Մեծ Սեւանն ավելի շատ է ծաղկում, մյուս կողմից՝ Մեծ Սեւան թափվող գետերն ավելի շատ են, հետեւաբար այստեղ ավելի շատ կեղտաջուր ու տարբեր նյութեր են լցվում: Ծաղկմանը օգնում է նաեւ լճի մակարդակի բարձրացման ժամանակ չհեռացված ու ջրածածկ եղած բուսազանգվածի փտումը, ինչից կրկին առաջանում են կենսանյութեր: Բացի դրանից՝ բացասական հետեւանք ունի ձկան ու խեցգետնի պաշարների նվազումը: Վերջիններս սնվում են ֆիտոպլանկտոնով (ցիանոբակտերիաները ֆիտոպլանկտոն են), զոոպլանկտոնով, հատակային անողնաշարավորներով, այսինքն՝ նպաստում են լճում առկա կենսանյութի գեներացմանը, իսկ հետո, երբ իրենք են դառնում որսի հումք, այդ ամենը դուրս է բերվում լճից, եւ կենսանյութը, օրգանական զանգվածը նվազում է: Բայց ձկան ու խեցգետնի գերորսի պատճառով այս գործընթացը շեղվում է հավասարակշռությունից: Ցիանոբակտերիաների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Գոռ Գեւորգյանը ցիանոբակտերիաների ազդեցությունը գնահատում է էկոլոգիական եւ առողջապահական տեսանկյունից: Առաջինի դեպքում դրանք իրենց կառուցվածքի շնորհիվ բարձրանում են ջրի մակերես ու ստեղծում մեծածավալ շերտեր, ինչը սահմանափակում է լույսի ներթափանցումը ջրի ստորին շերտեր՝ բացասական ազդեցություն թողնելով այլ օրգանիզմների վրա: Բացի դրանից՝ երբ ծաղկումից հետո բակտերիաներն անկում են ապրում ու քայքայվում են՝ իջնելով ջրի հատակ, հանգեցնում են թթվածնային անբավարարության առաջացման, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում այլ օրգանիզմների վրա: Մյուս կողմից՝ քայքայման արդյունքում դրանք դառնում են կենսանյութ, այսինքն՝ լճում օրգանական զանգվածը կրկին շատանում է, ինչն էլ դրական գործոն է հետագա ծաղկումների համար: Այդուհանդերձ, ոչ բոլոր բակտերիաներն են քայքայվում, որոշները ջրի հատակին «քուն են մտնում», մնալով կենսունակ վիճակում, եւ բարենպաստ պայմաններում կրկին բարձրանում են լճի վերին շերտեր։   Ցիանոբակտերիաներ   Առողջապահական տեսանկյունից ցիանոբակտերիաները լինում են տոքսիկ (թունավոր) եւ ոչ տոքսիկ: 1960-70-ական թթ. ծաղկած օրգանիզմները, ըստ ջրակենսաբանի, տոքսիկ չեն եղել, սակայն առկա է եղել էկոլոգիական խնդիր՝ պայմանավորված թթվածնի սպառմամբ եւ ջրի լուսաթափանցելիության սահմանափակմամբ։ Այլ պատկեր է գրանցվել 2018-ին: «2018 թ. մեր կատարած թունաբանական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լճում ծաղկող ցիանոբակտերիաները թունածին են, հայտնաբերեցինք նրանց կողմից արտադրված թունավոր նյութեր, մասնավորապես՝ միկրոցիստին, որը կարող է առաջացնել տարբեր առողջական խնդիրներ՝ լյարդի, երիկամների, նեյրոտոքսիկոլոգիական, ցիտոտոքսիկոլոգիական, մաշկային խնդիրներ,- նշում է Գ. Գեւորգյանը,- խնդիրն այն է, թե ինչ խտության դեպքում այն կարող է ազդեցություն թողնել: Տեսնում ենք, որ ծաղկումը բավական անհամաչափ է բաշխվում լճում. մի վայրում կարող է լինել մեծ կուտակում, մյուսում՝ ավելի թույլ, եւ այդ մեծ կուտակումներով վայրերում ռիսկային է դառնում նույնիսկ լողալը»։ Հուլիսի 25-ին առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ իր կողմից Սեւանա լճում կատարվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Այդուհանդերձ, ԱՆ-ն նշել էր, որ որոշ ջրիմուռներ արտադրում են կենդանիների եւ մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել ծաղկած ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետեւանքով։ Այս առումով Գ. Գեւորգյանը նկատում է, որ ոչ սուր թունային ազդեցությունն էլ է ռիսկային, մյուս կողմից՝ շեշտում է, որ Կովկասի ամենամեծ լճում գրեթե անհնար է կատարել ամբողջական թունաբանական ուսումնասիրություն. «Ենթադրենք, մի 5-10 կետում նմուշ վերցնես ու ասես, թե նորմալ է ամեն ինչ, դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հաստատված է, որ կա թույն արտադրող ծաղկում, պետք է զգուշանալ ամեն դեպքում»: Հաշվի առնելով, որ խնդիրը նաեւ առողջապահական է՝ գիտնականն առաջարկում է ԱՆ-ին ավելի կոշտ լինել: Ինչու՞ է ծաղկում հենց անաբենա ցեղի ցիանոբակտերիան Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը 2018-ից գերմանական կողմի ֆինանսավորմամբ ամենամսյա նմուշառումներ է կատարում Սեւանում: Ուսումնասիրություններին մասնակցում են նաեւ գերմանացի գիտնականները: Գոռ Գեւորգյանն ասում է, որ մինչ այդ էլ է ինստիտուտը նման աշխատանքներ իրականացրել, բայց դրանք տարվա ընթացքում այնքան քիչ են եղել, որ հնարավոր չէր լճում ընթացող պրոցեսները ճշգրիտ գնահատել: Ջրակենսաբանը, սակայն, բավարար չի գնահատում նաեւ ներկայում կատարվող նմուշառումները հատկապես ծաղկման փուլում, քանի որ ամսվա մեջ մեկ անգամ նմուշ վերցնելով հնարավոր չէ խորքային ուսումնասիրել ընդամենը 3-4 շաբաթ տեւող ծաղկումը, աշխատանքները պետք է կատարել գոնե 5 օրը մեկ: Հենց սա է պատճառը, որ գիտնականը չի ցանկանում համեմատել 2018, 2019 եւ 2020 թթ. ծաղկումները՝ նշելով, որ դրա համար նախ պետք է համեմատել այդ տարիներին ծաղկման պիկերը: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:19 - 17 օգոստոսի, 2020
Կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները

Կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շրջակա միջավայրի բաղադրիչներից են մեզ շրջապատող բնության մասնիկները, մասնավորապես, մեր անտառները, լճերն ու գետերը։ Սիրելի՛ քաղաքացիներ, Խնդրում եւ հորդորում եմ՝ հանգստյան օրերին, եւ առհասարակ, ձեր կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում եւ այցելելով մեր անզուգական բնաշխարհի գողտրիկ անկյուններ ու բնական հուշարձաններ, դրսեւորեք բարձր քաղաքացիական գիտակցություն եւ սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերեք մեր բնական հարստություններին եւ ո՛չ մի պարագայում աղբ մի՛ նետեք այդ միջավայր, որեւէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։ Մենք պարտավո՛ր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության հույժ պատասխանատու կանոններով ու մեր կենսակերպի՝ խիստ անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։ Հարգելինե՛րս, Իսկ իմ մասով տեղեկացնում եմ, որ արդեն իսկ. ամբողջապես կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, ամբողջապես դադարեցվել են Սեւանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սեւան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, արդեն իսկ մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի ոանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաեւ բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով, բնության պահպանությանն ու պաշտպանությանը միտված այլ գործընթացների մասին՝ հաջորդիվ։ Արդյունավետ եւ՝ բնության նկատմամբ հոգատար ու սիրառատ օր եմ մաղթում բոլորիդ։ Հ.Գ. Ինքս այսօր աշխատանքային շրջայց եմ կատարում «Դիլիջան ազգային պարկում»»։
12:14 - 15 օգոստոսի, 2020
Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման գործընթացը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ տեղում վեր հանված իրավախախտումներին: Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է: Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսավարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է խոսնակը:
11:53 - 13 օգոստոսի, 2020
Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման, ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի ժ/պ՝ Էդգար Փիրումյանը, BioGreen & BlueEnergy Network (BBN) համաշխարհային ընկերության ներկայացուցիչ՝ Թոմաս Հոֆֆմանը, «էներջի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ Ռաֆայել Ախաբեկյանը։ Քննարկման ընթացքում  կարևորվել են Սևանա լիճ թափվող և լճի ջրերի առանձնահատկությունները, ջրերի կառավարման, կեղտաջրերի մաքրման, որակի բարելավման կարիքները, լճում առաջացող կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման պատճառներն ու հետևանքները և մի շարք այլ հարցեր։ BBN համաշխարհային ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հոֆֆմանը ներկայացրել է ջրային ռեսուրսների մաքրման ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես կենսաբանական, քիմիական և այլ վտանգավոր նյութերի աղտոտումից մաքրելու, կապտականաչավուն ջրիմուռների ծաղկումը վերահսկելու մարտահրավերներն ու ռազմավարությունը՝ կարևորելով ԱՄՆ-ում, Կորեայում և եվրոպական մի շարք երկրներում տեխնոլոգիաների կիրառման ընթացքում գրանցված դրական արդյունքները։ Հանդիպման ավարտին ոլորտի պատասխանատուների կողմից եղել են առաջարկներ մանրամասն  ուսումնասիրել և կրկին քննարկել տեխնոլոգիաների տեղայնացման, մաքրման մեխանիզմների համակցության հնարավորությունները, ջրերի մոնիտորինգը, կենդանական ու բուսական աշխարհների առանձնահատկությունները։
11:19 - 12 օգոստոսի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է  Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա

ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում  բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ»  տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված  առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում: Բացի այդ, ստացված տվյալների համաձայն, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալները վկայում են, որ ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և վաճառել ապօրինի արդյունահանված ձուկը: Այն տարբեր խմբաքանակներով պահեստավորվել է իրենց պատկանող կամ վարձակալությամբ տրամադրված սառնարանային տնտեսություններում, պարբերաբար իրացվել է կա՛մ ՀՀ տարածքում, կա՛մ այլ ձկնատեսակի անվան տակ մաքսանենգ ճանապարհով արտահանվել երկրից: Ապօրինի արդյունահանված ձկների իրացման ուղիները պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԱԾ-ի կողմից կանխվել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով «Սևանի սիգ»  տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու և կանխելու ուղղությամբ` հերթական անգամ ընդգծելով բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնության առանձին ռեսուրսների նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունները կանխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ և հորդորում է զերծ մնալ բնակչության բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու, բնական ռեսուրսների հաշվին անօրինական ճանապարհով եկամուտներ ստանալու գործելաոճից՝ կարևորագույն այս հարցում ակնկալելով հանրության լայն շերտերի համախմբումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:16 - 10 օգոստոսի, 2020
Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, եւս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման, ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Եւ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության եւ կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:Սա միայն ափամերձ հողերի մասով։Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման եւ քանդման։Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարեւորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սեւանա լճի էկոհամակարգը»,- գրել է նա:
17:15 - 08 օգոստոսի, 2020
Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի երկու տեղամասերում իրականացվող շինարարության ընթացքին։ Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար յոթ կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավել է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:  Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ շինտեղամասի նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: «Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծակույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Աշխատանքներն ընթանում են սահմանված` չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ»,-ներկայացրեց շինարարության պատասխանատուն։ Նախարարի այցի հաջորդ կանգառը նույն ճանապարհի` Մարտունի քաղաքով անցնող Կամոյի փողոցում էր։ Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, պետական միջոցներից շինարարության իրականացման նպատակով հատկացվել է անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-­ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Կասֆալտապատվի  շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Օգոստոսի յոթի դրությամբ կառուցվում է ջրահեռացման համակարգը, հանվել է ամբողջությամբ հին ասֆալտբետոնյա ծածկույթը եւ ծածկի հիմքը, մոտակա օրերին կսկսվի մայթերի կառուցումը, կտեղադրվի ճանապարհի նոր հիմք եւ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Նախարարը հորդորեց շինարարներին` հնարավորինս արագացնել շինարարության տեմպերը, որպեսզի այստեղով Արցախի ու Իրանի հետ կապող ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր լինի ավարտել սահմանված ժամկետներում:
17:36 - 07 օգոստոսի, 2020
Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, Ամուլսարում իրավիճակը գնալով բարդանում է։ Շատերը նշում են, որ Ամուլսարը, որտեղ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, փորձաքար է Ձեզ համար: Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիաները, դրանք ի՞նչ ցույց տվեցին, և այս խնդիրն ինչպիսի լուծում է ունենալու: Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը: Այսինքն՝ Դուք դեռ ուսումնասիրո՞ւմ եք խնդիրը: Այո, դրա համար ես չեմ ուզում հիմա գնահատականներով հանդես գալ: Ես ասել եմ, որ այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը այս օրերի զարգացումներին միջամտելու ոչ մանդատ ունի, ոչ էլ ասելիք: Պարզ է, որ մեր ոլորտն է և ասելիք ունենալու եմ և ունեմ, բայց երեկվա զարգացումները, տնակներ տանել-բերելը շրջակա միջավայրի հետ ոչ մի կապ չունի: Երկու սուբյեկտների միջև խնդիր է ծագել, բողոքի ակցիաներ են ընթանում: Շրջակա միջավայրի նախարարությունն այդտեղ բովանդակային հարց ունի լուծելու, ոչ թե կոնկրետ երեկվա զարգացումների վերաբերյալ: Ես կրկնեմ, որ դեռ հարցը պետք է ուսումնասիրեմ, և իմ կարծիքը, բնականաբար, պետք է կառուցվի բացառապես փաստերի, փաստարկների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների հետ աշխատելուց հետո: Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու և դիրքորոշում արտահայտելու համար: Ժամկետ չեմ կարող ասել, բայց շատ չենք ուշացնի: Հատկանշական էր նախարարի պաշտոնում Սևանի խնդրի շուրջ Ձեր առաջին քայլը. Ինչո՞ւ սկսեցիք Սևանի ափին հենց ձեր թիմակցի կողմից շահագործվող ապօրինի կառույցի գործունեությունից՝ արգելելով այն: Քանի որ այդ հարցը հանրային մեծ հնչեղություն էր ստացել, և դա համընկավ իմ նշանակման հետ, բնականաբար, ես այդ դեպքով էլ անմիջապես սկսեցի զբաղվել: Իմ թիմակցի անվան հետ կապվում է, բայց առնվազն տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերն ու տվյալները դե յուրե ոչ մի աղերս չունեին իմ թիմակցի հետ, բացառությամբ այն դրվագի, որ վերջինս ասաց, որ ընկերական հարաբերություններ ունի և պարզապես այցելում է այնտեղ: Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է տնօրինում այդ ափը, ով է տնտեսվարող և ով ինչ կապ ունի մեր թիմակցի, մեր պատգամավորի հետ, մենք այդ առումով որևէ անձով չենք պայմանավորում աընդունելի երևույթները: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ափի տնտեսվարողը ափի տնօրինման իրավական կարգավիճակ չունի, և ապօրինի է թե տաղավարների, թե մնացած ժամանցի ենթակառուցվածքների տեղակայումն այդ ափին: Հետևաբար, ես կարգադրեցի «Սևան ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ամենասեղմ ժամկետներում կասեցնել դրա գործունեությունը և ապամոնտաժել տաղավարները: Տարօրինակ չէ՞, որ հեղափոխությունից հետո այսպիսի երևույթներ կան, հատկապես, եթե դրան թեկուզ անուղղակի առնչություն ունի ձեր թիմակիցը: Ինձ համար ոչ միայն տարօրինակ է, այլև շատ անընդունելի է, և իմ նախկին կարգավիճակում գործունեությունս նաև մեծապես միտված է եղել նոր Հայաստանում բացառելու նման երևույթները ոչ միայն նախկինից ժառանգած, այլև մեր իշխանության ընթացքում եղած նման փորձերը: Այդ պատճառով էլ Կոտայքի մարզում ունեցել ենք բավականին թեժ կետեր, թեժ զարգացումներ, տարբեր, այդ թվում օլիգարխիկ, կլանային շահեր հետապնդող շրջանակների թեժ դիմադրությանն ենք հանդիպել: Այժմ արդեն կարծես ավելի լայն մասշտաբի շրջափուլ է մտել դա: Այո, պետք է բոլոր նմանատիպ ապօրինի հողազավթումները կասեցնել, վերադարձնել նախկին տեսքին, ապա միայն ըստ նպատակահարմարության և բացառապես պետական շահից ելնելով, մրցույթների միջոցով, ամենաօբյեկտիվ ընթացակարգերով դրանք տրամադրել տնտեսվարողներին: Բոլոր ափերի հետ կապված նմանատիպ ուսումնասիրություններ արդեն արվո՞ւմ են: Այո, արդեն արվում են, և մոտ 300 այդպիսի ապօրինի գործող տնտեսվարող կա: Այս պահին «Սևան ազգային պարկի» տարածքում 970 պայմանագիր կա, և հաստատ դրանց շարքում կլինեն ապօրինի գործողներ, նմանատիպ դրվագներ ունենալու ենք: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:25 - 05 օգոստոսի, 2020
Սևանի ափին ամեն քայլափոխի հանդիպում են բնապահպանական աղետի. Փաշինյան |armenpress.am|

Սևանի ափին ամեն քայլափոխի հանդիպում են բնապահպանական աղետի. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի ափամերձ հատվածում առկա իրավիճակը «բնապահպանական աղետ» որակեց: Այս մասին Վարչապետն ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելու ընթացքում: «Սևանա լճի խնդիրը մեր ամենալուրջ խնդիրներից մեկն է: Երկար տարիների ընթացքում մենք խնդիրը ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ, հետո, երբ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ բա ո՞ւր է նայում նախարարը, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ դա նույնիսկ ամենավատ նախարարի կամ կառավարության գործունեության պարագայում չէր կարող տեղի ունենալ մեկ շաբաթում, մեկ ամսում, մեկ տարում և, նույնիսկ, 10 տարում: Դա ամենօրյա մեր կենցաղավարման արդյունքն է՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսավարման ձևերից, սկսած նրանից, թե Սևանի ափին ինչ կառույցներ են կառուցում և ինչ տրամաբանությամբ: Սևանի ափին այսօր քայլելով մենք ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ»,- ասաց Փաշինյանը:
11:34 - 31 հուլիսի, 2020