Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

ՀՀ ՄԻՊ-ը Ժնևում մասնակցել է անվտանգության ոլորտին առնչվող քննարկմանը

ՀՀ ՄԻՊ-ը Ժնևում մասնակցել է անվտանգության ոլորտին առնչվող քննարկմանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 25-ին Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. Անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով քննարկմանը, որը կազմակերպվել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից։ Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, Պաշտպանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքները զինված ուժերում և պաշտպանական հաստատությունների դերը խորագրով պանելի շրջանակներում։ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական մանդատն ու գործիքակազմը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար։ Պաշտպանը ներկայացրել է համավարակի ընթացքում 2020թ.-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու մարտահրավերները՝ հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, հայ ռազմագերիների ու պահվող անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի հավաքագրման համար։ Պաշտպանը, շեշտելով Ազգային ժողովի կողմից ընտրված Մարդու իրավունքների պաշտպանի սերտ համագործակցության կարևորությունը Ազգային ժողովի հետ ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ։ Անդրադարձ է կատարվել նաև ռազմական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային տարբեր փորձերին։
10:28 - 26 ապրիլի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը

 |armenpress.am|

ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում  և մեղավորների պատիժ, ապա խոսք չի կարող գնալ արդյունավետ կանխարգելման մասին: «Մենք միանում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ գլուխ խոնարհելով Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը: Անդրադառնալով Սյունիքում այս պահին ծառացած խնդիրներին՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծեց, որ այնտեղ խնդիրները բազմազան են: «Առաջնայինը անվտանգային և ապահովության միջավայր ունենալն է: Մյուս խնդիրը տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի պայմանների,  ինտեգրման, աշխատանքի, կրթության իրավունքի, սեփականության իրավունքի վերականգնման հարցերն են ու, բնականաբար, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, որոնք պաշտպանի մանդատում են»,-հավելեց նա:
11:56 - 24 ապրիլի, 2022
«Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործություններ». ՄԻՊ ուղերձը Ցեղասպանության 107-րդ տարելիցին

«Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործություններ». ՄԻՊ ուղերձը Ցեղասպանության 107-րդ տարելիցին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.  «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց մեծ Եղեռնի ոճրագործության 107-րդ տարելիցը, սակայն մինչ օրս արդարությունը վերականգնված չէ։ Վերականգնված չեն սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված հայերի, կրոնի և էթնիկ պատկանելության հիմքով անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկվածների իրավունքները։ Նրանցից շատերն ամբողջ կյանքում այդ դժոխային տեսարաններն աչքի առջև մահացան հարազատների ու հայրենիքի կարոտով, սպասումով, որ գոնե ապագա սերունդներն ականատես կլինեն արդարության վերականգնմանը։  Անառարկելի իրողությունների նկատմամբ ժխտողական քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է արդեն մեկ դարից ավել, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրավակարգի իրագործման համար։  Առաջին աշխարհամարտից հետո նոր թափ առած մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ու արդարադատության միջազգային համընդհանուր մեխանիզմների կատարելագործմանը միտված ջանքերը շարունակում են ստվերված մնալ թուրքական պետության խիստ դատապարտելի այս քաղաքականությամբ։  Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները։  Ցավալիորեն էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ցեղասպանական քաղաքականության վտանգներն ի չիք չեն դարձել մեր ժողովրդի համար։ Սրա ցավալի ու ամենաթարմ ապացույցները 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի փաստագրված հանցագործություններն են՝ ուղղված էթնիկ հայերի դեմ։ Էթնիկ ու կրոնական հիմքով ատելության քարոզն ու դրանով մոտիվացված հանցավոր գործողություններն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով այժմ էլ իրականացվում են արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախն իր բնիկ ժողովրդից, վերացնել հայկական բազմադարյա մշակույթի կոթողներն ու նմուշները, ջնջել հայկականության հետքը, անհնարին դարձնել իրենց բնօրրանում ապրող հայերի կյանքը։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում, որ հանցագործության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները»։
13:20 - 23 ապրիլի, 2022
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։ Պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային գործընկերներին և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպնության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի Սահմանադրական մանդատի ընձեռած անկախության երաշխիքները և ինստիտուտի նկատմամբ հանրային բարձր վստահությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր նպաստը բերել Շվեդիայի զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող ծրագրին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն իրազեկվածության, դատարանների և լրատվամիջոցների արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացմանը միտված ծրագրի գործնական քայլերը, որի նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել գործընկերներին դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի, միասնական վիճակագրության բացակայության, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ընթացակարգերի վերաբերյալ։ Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազների և դատավորների ներգրավմամբ համատեղ վերապատրաստումների հնարավորությունը՝ որպես որոշ տեսակի գործերով քննության արդյունավետության երաշխիք։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկնարկող ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
10:16 - 22 ապրիլի, 2022
Պատերազմը և Ադրբեջանի ԶՈՒ-ի ապօրինի ներկայությունը ՀՀ բնակավայրերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են ՄԻՊ-ի գործունեության ուղղությունները. Գրիգորյան |1lurer.am|

Պատերազմը և Ադրբեջանի ԶՈՒ-ի ապօրինի ներկայությունը ՀՀ բնակավայրերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են ՄԻՊ-ի գործունեության ուղղությունները. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստին: Մինչ ներկայացնելը Գրիգորյանն ընդգծեց, որ այն արտացոլում է նախորդ պաշտպանի հրապարակած հաղորդման ու զեկույցի բովանդակությունը: «Առաջին անգամ է, որ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ամբողջ ժամկետի ավարտը»,- նշեց Գրիգորյանը: «2020 թվականին ադրբեջանական լայնածավալ հարձակումները և ադրբեջանական ԶՈՒ-ի ապօրինի ներկայությունը Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Նախորդ տարում ինտենսիվ աշխատանք է տարվել ռազմական գործողությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու, անհրաժեշտ իրավական գնահատականներ տալու և դրանք հանրությանն ու միջազգային կառույցներին ներկայացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ հաստատությունն այս աշխատանքը կատարել է համավարակի պայմաններում»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հաշվետու տարում ՄԻՊ-ը պարբերական այցեր է կատարել սահմանամերձ բնակավայրեր, տեղում մանրամասն ուսումնասիրվել են բնակիչների կենսապահովման պայմանները, առանձին իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: «Այցերի արդյունքում մշակվել և իրավասու մարմիններին են փոխանցվել բնակիչների մտահոգությունները: Պաշտպանի կողմից, որպես հիմնարար առաջարկություն, ներկայացվել է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի հարևանությամբ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը»,- ասաց Գրիգորյանը:
13:44 - 19 ապրիլի, 2022
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին ներկայացրել է Արցախից տեղահանվածների խնդիրները

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին ներկայացրել է Արցախից տեղահանվածների խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։ Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել Պաշտպանի գրասենյակի և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության միջև համագործակցության մակարդակը և իր հաստատակամությունը հայտնել խորացնելու փոխգործակցությունը մի քանի թիրախային ուղղություններով։ Աննա-Կարին Օստինն իր հերթին, ներկայացնելով ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության նպատակը Հայաստանում, ընդգծել է, որ Պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը հիմնված է արժեքների ու նման առաքելության վրա, քանի որ երկուստեք միևնույն նպատակադրումն է՝ փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանվածության ապահովման հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է, այդ թվում՝ Պաշտպանի մարզային այցելությունների ու ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։ Անդրադառնալով փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցող և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Ազգային ժողովին ու գործադիր իշխաննությանը կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու Պաշտպանի Սահմանադրական մանդատը, և այդ համատեքստում իր պատրաստակամությունը հատնել կապող օղակ հանդիսանալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և Ազգային Ժողովի միջև՝ արձանագրված խնդիրների օրենսդրական մակարդակում ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու նպատակով։ Աննա-Կարին Օստինն իր հերթին բարձր է գնահատել օրենսդրական մակարդակում ներազդելու և բազմաթիվ խնդիրներ կանխարգելելու Պաշտպանի նպատակադրած գործելաոճը։ Հաջորդիվ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՄԻՊ Սյունիքի մարզային և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության Գորիսի մասնաճյուղի միջև համագործակցությունը՝ գործնական մակարդակում տեղահանված, ապաստան հայցող անձանց խնդիրներին մոտ լինելու և համարժեք օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փասահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը և այս ու նախանշած այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
15:13 - 18 ապրիլի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Գորիսում հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

Քրիստիննե Գրիգորյանը Գորիսում հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Գորիսում հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ։ Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել է կենսական կարիքների հավաքագրում, և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։   Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակի միջոցով նրանց խնդիրները կլինեն իր ուշադրության կենտրոնում:   Այնուհետև, Պաշտպանն այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին:   Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում Պաշտպանին ներկայացվել են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի, սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին:   Պաշտպանը համայնքի ղեկավարի հետ նաև քննարկել է համայնքի կանանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու համատեքստում կարի արտադրամաս հիմնելու համայնքի մշակած ծրագրի կենսագործմանն աջակցելու տարբերակները։   Աշխատանքային այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը այցելել է նաև համայնքի «Դավիթ Բեկ» երիտասարդական զարգացման կենտրոն, որի բացումը նախատեսված է առաջիկայում։   Պաշտպանը կարևորել է երիտասարդության համար զբաղվածության ու անհատական զարգացման համար համայնքում բարենպաստ միջավայր ու հնարավորություններ ստեղծելու ջանքերը և իր աջակցությունը հայտնել նմանօրինակ նախաձեռնությանը։  
14:57 - 14 ապրիլի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

ՀՀ ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

Ապրիլի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել է Սյունիք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կազմակերպած համատեղ այցի շրջանակներում։   Այցին մասնակցում են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։   Այցը մեկնարկել է համատեղ պատվիրակության՝ Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ու կենտրոնի սոցիալական ձեռնարկություն այցով, որտեղ հանդիպել են Կապանի, Մեղրիի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի՝ Արցախից տեղահանված շահառուներին։   ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպման ժամանակ նշել է. «Պիտի ասեմ, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ ամենակարևոր հինգ առաջնահերթություններից մեկը կանանց տնտեսական, քաղաքական հզորացումն է։ Մեր բնակչության կեսից ավելին կանայք են, բայց երբ նայում ենք, թե ինչպես ենք օգտագործում նրանց ներուժը, հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»։   ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ով նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ստեղծման առաջին աջակիցներից է, ներկայացրել է հյուրերին ու ցանցի անդամներին և նշել, որ ցանցի փորձը ճանաչվել է լավագույնը։   Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, դիմելով ներկա կանանց, ասել է, որ հասկանում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվել և բախվում են:   «Մենք այստեղ ենք ձեզ լսելու, հասկանալու համար ձեր դրությունը, թե ինչ կարող ենք անել ձեզ համար, և ինչպես կարող ենք ավելի լավ համագործակցել»,- նշել է դեսպանը։   Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի համար սա առաջին այցն է Հայաստանի մարզեր։ Մշտական համակարգողի պաշտոնակատարը նշեց, որ իրենք հետաքրքրությամբ կլսեն նաև կանանց առաջարկած լուծումները և թե ինչպես կարող են միասին, հիմնվելով այդ առաջարկվող լուծումների վրա, աշխատանքը մղել առաջ։ Տիկին Փիթրս Յահիան շեշտել է, որ կանանց հզորացումը ՄԱԿ-ի գերակա ուղղություններից մեկն է։   Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ Լիտվայի դեսպանությունը Սյունիքում խթանում է վերականգնվող էներգիայի կիրառումը, բայց նաև, որպես հատուկ ուղղություն, աշխատում է կանանց հզորացման համար։   Կապանի, Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները խոսել են իրենց կենտրոնների անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ու ներկայիս գլխավոր մարտահրավերների մասին և կիսվել իրենց առաջարկած հնարավոր լուծումներով։   Այնուհետև, Կապանի Կանանց ռեսուրս կենտրոնը ցուցադրեց իրենց սոցիալական ձեռնարկության արտադրանքը՝ սպորտային կանացի արտահագուստ և հագուստ։   Իսկ վերջում մտերմիկ քննարկում է անցկացվել կենտրոնների ներկայացուցիչների ու շահառու կանանց հետ։   Վաղը այցը կշարունակվի Կապանի ՄԻՊ գրասենյակում ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, այնուհետև պատվիրակությունը կմեկնի Գորիս։  
20:53 - 11 ապրիլի, 2022
ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները

ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է Սահմանադրական մանդատի հովանու ներքո Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանի ինստիտուտի հանդեպ հանրային բարձր վստահության մակարդակը՝ որպես այդ առաքելությունը հաստատակամորեն իրագործելու լավագույն երաշխիք։ Դեսպանն իր հերթին ուրախություն է հայտնել Քրիստիննե Գրիգորյանի հետ համագործակցությունը ՄԻՊ առաքելության շրջանակում շարունակելու համար և նշելով Պաշտպանի գործունեության կարևորությունը՝ ընդգծել է, որ իր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը պետության հինգ հիմնասյուներից մեկն է։ Դեսպան Սխերմերսի առաջարկով Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները։ Մասնավորապես՝  մարդու իրավունքներով պայմանավորված անվտանգային միջավայրի խնդիրները՝ ընդգծելով, որ սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը։ Հաջորդիվ, Քրիստիննե Գրիգորյանը դեսպան Սխերմերսին ներկայացրել է հետպատերազմական խնդիրներով պայամանավորված՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները։ Անդրադարձել է խտրականության բոլոր ձևերի արգելքի և ընտանիքում բռնության կանխարգելման, ինչպես նաև ատելության խոսքի բացառման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներգրավմամբ արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։ Պաշտպանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առաջնահերթությունը՝ դիտարկելով նրանց, որպես հանրային կյանքին իրենց ավանդը բերելու կարող ուժեր։ Ներկայացված առաջնահերթությունների ուղղությամբ դեսպանը ներկայացրել է ատելության խոսքի բացառման ուղղությամբ բազմակուսակցական ժողովրդավարության միջոցների կիրառման նիդեռլանդական փորձը, և համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակում փորձագետների ներգրավմամբ նախանշված խնդիրները վերհանելու և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։
20:05 - 08 ապրիլի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ քննարկել է համագործակցության ուղղություններ

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ քննարկել է համագործակցության ուղղություններ

Ապրիլի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին։ Հանդիպմանը տեսակապով միացել է IRZ-ի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ում հետ քննարկվել են համագործակցային մի շարք հարցեր: Պաշտպան Գրիգորյանը, ողջունելով միջազգային գործընկերներին, նշել է, որ IRZ-ի հետ ՄԻՊ հաստատության արդյունավետ համագործակցության փորձը ամուր հիմք է հանդիսանում համագործակցությունը զարգացնելու համար: Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Քրիստիննե Գրիգորյանի հետ արդյունավետ համագործակցության նախկին փորձը, վստահություն հայտնել խորացնելու համագործակցությունը Պաշտպանի առաքելության շրջանակում: Օրակարգային հարցերի քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են նախկինում կազմակերպված կարողությունների զարգացման միջոցառման արդյունքների ամփոփմանը և ծրագրային համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ Պաշտպան Գրիգորյանը համագործակցային նոր ուղղությունների շրջանակում ներկայացրել է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ՄԻՊ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մշտադիտարկման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծել է շտապ օգնության բժիշկների և քրեական ոստիկանության ու Պաշտպանի հաստատության աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կարևորությունը՝ միտված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կարևորել է նոր ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո անձանց բերման ենթարկելու ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման անհրաժեշտությունը:
09:52 - 06 ապրիլի, 2022
Արցախի խաղաղ բնակիչները զրկված են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից. ՀՀ ՄԻՊ

Արցախի խաղաղ բնակիչները զրկված են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին:   Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ:   Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Վտանգի մեջ հայտնված Մարդու իրավունքների ազգային հաստատություններ - Ուկրաինա» թեմայի ընթացքում Պաշտպանը մասնավորապես նշել է.   «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր փորձից լավ գիտենք, թե ինչ անասելի դժվարություններ ու մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտներն ու դրանց աղետալի հետևանքները պաշտպանական հաստատությունների համար։   Ուստի, կոչ եմ անում իմ գործընկերներին Ուկրաինայից ու Ռուսաստանի Դաշնությունից լավագույնս օգտագործել այս հիանալի ցանցի ու նաև ուղիղ կոնտակտների ներուժը՝ իրենց մանդատն այս դժվարին ժամանակներում լավագույնս իրականացնելու համար»։
16:13 - 31 մարտի, 2022
Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր

Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Շիրակի մարզպետն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հայտարարությանը, որում վերջինս փորձել էր կասկածի տակ դնել գերեվարված անձանց իրավական կարգավիճակը։ Նազելի Բաղդասարյանը, վկայակոչելով միջազգային բանաձևերն ու փաստաթղթերը, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթները, արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ։ «Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ պատրաստակամության համար, որ այցելել եք մարզ և, ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, այսօր հնարավորություն կունենանք և հանդիպելու մարզից գերեվարված մեր եղբայրների հարազատներին և խոսելու նրանց հայրենադարձմանը միտված մեր ջանքերից։ Ցավով եմ արձանագրելու, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթները, և այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում։ Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով՝ պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- նշել է Շիրակի մարզպետը։ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ խնդրի լուծման ուղղությամբ արվում է հնարավորը: «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։ Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ, այնուհետև շրջայց են կատարել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։
16:31 - 30 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը ողջունել է միջազգային գործընկերներին ՄԻՊ աշխատակազմում և ընդգծել, որ հանդիպումը լավ առիթ է Պաշտպանի մանդատի ներքո համատեղ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները: «Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության նախկին փորձը Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում, միաժամանակ, ընդգծելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ աշխատակազմի միջև սերտ համագործակցության փորձը ևս: Օրակարգային հարցերի շրջանակում կողմերը քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանին կից Երիտասարդական խորհրդի ստեղծման նպատակադրմանը, երեխաների իրավունքների պաաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային կարողությունների հզորացման, ինչպես նաև http://children.ombuds.am/ տեղեկատվական հարթակի զարգացման հնարավորությունները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության իրազեկվածության բարձրացմանը միտված գործիքի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների և սոցիալական աշխատողների համատեղ վերապատրաստումներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված կրթական ծրագրերի վաղ տարիքում ներդրման անհրաժեշտությանն առնչվող հարցերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման ազգային մեխանիզմների բարելավման համատեքստում Պատպանը նշել է, որ ազգային տարբեր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները շարունակում են մնալ անկատար, և որպես մարդու իրավունքների պաշտպան՝ հետամուտ է լինելու ոլորտային ռազմավարությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացվող կարծիքներում և առաջարկներում գնահատման ու մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը հնարավորություն կտա նաև ՄԻՊ աշխատակազմին առավել արդյունավետ գործելու որպես մոնիտորինգային մարմին: Նշվում է, որ, Քրիստինե Վայգանդն, անդրադառնալով Պաշտպանի հաստատության և ՅՈՒՆԻՍԵՖ-Ի երկարամյա համագործակցության փորձին, ընդգծել է, որ այն ամենահաջողվածներից է աշխարհում և ՄԻՊ աշխատակազմի կարողությունների հետագա զարգացման գործընթացում առավել իմաստալից ներգրավվածության պատրաստակամություն է հայտնել: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համատեղ տարբեր ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
18:50 - 29 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց դեպքերի հետաքննությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել է կառույցի հանրային բարձր վստահության մասին, ինչն, ըստ Պաշտպանի, կարևոր երաշխիք է առաքելության արդյունավետ իրականացման համար: Քրիստիննե Գրիգորյանն Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների հետ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքների ուղղությունները, որոնք ներառում են ընտանիքներին հանդիպող ինչպես ամենօրյա խնդիրների լուծումն, այնպես էլ՝ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը: Պաշտպանն ընդգծել է, որ թե անհետ կորած անձանց, և թե գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Քեթրին Բոմբերգերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի 25 տարվա աշխատանքային փորձառությունը, որը միտված է օգնելու պետություններին հետպատերազմական ժամանակահատվածում անհետ կորած անձանց դեպքերի ուսումնասիրման, նրանց ընտանիքներին իրավական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ պատշաճ հետաքննական մեխանիզմներ և ինստիտուցիոնալ կառուցակարգեր հիմնելու հարցում: Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհետ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև՝ տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե՛ օրենսդրության և թե՛ մեխանիզմների մշակման գործընթացում: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների շուրջ:
14:18 - 29 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին ՄԻՊ գրասենյակում, բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԻՊ աշխատակազմի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով նոր մարտահրավերներով պայմանավորված առաջնահերթություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և նշել, որ մեծ հնարավորություն է տեսնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման տեսանկյունից: Համագործակցային հարցերի քննարկումից առաջ Պաշտպան Գրիգորյանը Նաթիա Նացվլիշվիլիին ներկայացրել է Արցախում տիրող փաստացի իրադրությունը՝ կապված ադրբեջանական կողմի հրահրած սադրանքներով, որի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Քրիստիննե Գրիգորյանն շեշտել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են։ Պաշտպանը, ներկայացնելով ադրբեջանական կողմի հանցավոր ու էթնիկ ատելությամբ մոտիվացված գործողությունների ժամանակագրությանը, ընդգծել է, որ Արցախում ապրող 100 000-ից ավելի հայ ազգաբնակչությունն ըստ էության զրկված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից, ինչը թերևս դրդում է Ադրբեջանին էլ ավելի սանձարձակ ու հակամարդկային գործողությունների: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Պաշտպանի ներկայացրած մանրամասն  դիտարկումների համար և նշել, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: Համագործակցային օրակարգի շրջանակում Պաշտպան Գրիգորյանն ու Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են ՄԻՊ աշխատակազմի կարողությունների (մարզային ծառայությունների ընդլայնման) զարգացման, հետազոտական կարողությունների հզորացման, գենդերային հավասարության, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված մի շարք հարցեր: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համատեղ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:
18:44 - 25 մարտի, 2022
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։    Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։   Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։   Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։   Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։
23:26 - 24 մարտի, 2022