Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար  Անդրանիկ Փիլոյանն ընդունել է  Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին  շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն:  Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված  բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:  Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել  Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը  գնահատելի  ներդրում  է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության   տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով  և  պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական  և  մշակութային:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  միասին այցելել  Սպիտակ քաղաք, որի  կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի: «Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն  ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության  խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 
17:30 - 18 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, իսկ նախարարության համակարգման ոլորտները երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորություն են տալիս: «Ներկայում մեզ համար առաջնահերթ է նախարարության համակարգման ոլորտներում բարեփոխումների և ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացումը, որոնց ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում: Համոզված եմ, որ Ճապոնիայի հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը և ճապոնական կողմին շնորհակալություն հայտնել շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար:  Վահրամ Դումանյանն ընդգծել է գիտության և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ճապոնիայի մեծ փորձը և առաջարկել է դիտարկել այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունը: Խոսելով երկու երկրների երիտասարդության միջև կապերի ամրապնդման կարևորությունից՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրան կարող են նպաստել նաև բարձրագույն կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ չնայած պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարություններին՝ Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին:  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և դեսպան Ֆուկուսիմա Մասանորին քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: 
14:51 - 17 մայիսի, 2021
Ոստիկանապետը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը

Ոստիկանապետը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը

Մայիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Ողջունելով դեսպանին՝ ոստիկանության պետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթեց։ Վահե Ղազարյանն ընդգծել է, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։ Ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցները ներկայումս համագործակցում են Ինտերպոլի շրջանակներում։ Ընդգծելով, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, Վահե Ղազարյանն այդ համատեքստում կարևորել է կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում, նաև պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ոլորտներում երկկողմ համագործակցություն ձևավորելու հնարավորությունը։ Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում մասնավորապես կարևորել է ոստիկանության աշխատանքը։ Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում համավարակի դեմ պայքարի աշխատանքից։ Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
12:08 - 15 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջև շփումների և բիզնես շրջանակների կապերի ակտիվացման կարևորությունը: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար, ինչին ի պատասխան՝ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիան պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ մարդկային ռեսուրսի և ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 
15:58 - 12 մայիսի, 2021
G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։ G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։ G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։
09:24 - 06 մայիսի, 2021
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Ճապոնիա՝ կայսեր գահակալության տոնակատարությանը մասնակցելու նպատակով, և խնդրել է իր ողջույնները փոխանցել կայսեր Նարուհիթոյին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, և երկու երկրները կարող են ավելին անել մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար: Նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում: Դեսպան Մասանորին նշել է, որ իր համար պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայություն սկսելը: Նա վստահություն է հայտնել, որ, չնայած պատերազմի և համավարակի դժվարություններին, Հայաստանն ընթանալու է զարգացման ճանապարհով, և Ճապոնիան պատրաստ է աջակցել բարեկամ Հայաստանին: Նա հավաստիացրել է, որ իր կողմից ամեն ջանք կներդնի՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար:
16:47 - 29 ապրիլի, 2021
Ճապոնիայի ԱԳՆ-ն խոստացել է Ռուսաստանի հետ «համառ» բանակցություններ վարել Կուրիլյան կղզիների վերաբերյալ |tert.am|

Ճապոնիայի ԱԳՆ-ն խոստացել է Ռուսաստանի հետ «համառ» բանակցություններ վարել Կուրիլյան կղզիների վերաբերյալ |tert.am|

tert.am: Տոկիոն կշարունակի «համառ» բանակցությունները Մոսկվայի հետ Հարավային Կուրիլների խնդրի վերաբերյալ և մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել՝ ելնելով իր հիմնական դիրքորոշումից: Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ կողմից հրապարակված 2021 թվականի «Դիվանագիտության կապույտ գրքում», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ճապոնիայի ԱԳՆ-ն հյուսիսային տարածքների խնդիրը (ինչպես Ճապոնիայում անվանում են Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Խաբոմաի կղզիները) անվանել են Ռուսաստանի հետ հարաբերություններում ամենաբարդ հարցը: «Կառավարությունը Ճապոնիայի և Ռուսաստանի ղեկավարների ուժեղ ղեկավարության ներքո կշարունակի համառորեն բանակցել Ռուսաստանի հետ հյուսիսային տարածքների սեփականության խնդրի լուծման և խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ»,-ասվում է փաստաթղթում: Միևնույն ժամանակ, Տոկիոն նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է դրանք կառուցել` հաշվի առնելով պոտենցիալ հնարավորությունները, զարգացնել ռուս-ճապոնական հարաբերությունների ամբողջ համալիրն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, այդ թվում` խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրը, տնտեսությունը, հումանիտար փոխանակումները և լուծել հյուսիսային տարածքների խնդիրը:
09:41 - 27 ապրիլի, 2021
Օլիմպիական խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK
 |tert.am|

Օլիմպիական խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK |tert.am|

tert.am: Ճապոնիան Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով մոտ 150 մլրդ իեն (1,37 մլրդ դոլար) կկորցնի: Նման հաշվարկներ է արել NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Nomura հետազոտական ինստիտուտի տնտեսագետների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Նշվում է, որ տվյալները հիմնված են ներքին շուկայի վերլուծության և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից սպառման մակարդակի վրա: Ամենաշատը կտուժեն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը։Լրացուցիչ տնտեսական կորուստներ կարող են առաջանալ, եթե Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշեն մրցումների ժամանակ սահմանափակել ճապոնացի հանդիսատեսի քանակը։Օլիմպիադայի հետաձգման և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների հետ կապված լրացուցիչ ծախսերի պատճառով խաղերի անցկացման բյուջեն աճել է և այժմ կազմում է 1,64 տրլն իեն (15,9 մլրդ դոլար):
14:44 - 21 մարտի, 2021
Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Նախարարություն կատարած այցի համար և բարձր գնահատել Ճապոնիայի Կառավարության ջանքերը՝ Կիոտո քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը, Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաև 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային՝ նշելով, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ Դեսպանի հետ զրույցում նախարար Բադասյանը կրկին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնության համար և անդրադարձել Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավայի հետ հանդիպման արդյունքներին։ Դեսպան Ջուն Յամադան կարևորել է երկու երկրների նախարարների հանդիպումն ու ուղիղ երկխոսություն սկսելու հնարավորությունը և տեղեկացրել, որ, թեև ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, սակայն դժվարությամբ է հեռանալու Հայաստանից և «սիրտը թողնելու է Հայաստանում»։ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ի շահ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության անձնական ներդրման համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
19:28 - 19 մարտի, 2021
Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում 2 ծրագրի

Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում 2 ծրագրի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 18-ին կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագիրը ստորոգրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ «Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը։ Մինչ փաստաթղթերի ստորագրումը էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընթերցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներածական խոսքը, որում, ողջունելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և միջոցառման մյուս մասնակիցներին, փոխնախարարն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը երկարատև գործընկերության և շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ուրախալի է փաստել, որ նույնիսկ համավարակի և համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկկողմ տնտեսական  հարաբերությունները դինամիկ զարգանում են, նաև մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ։ Արման Խոջոյանը տվյալ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է համարել ֆերմերային տնտեսությունների համար՝ հասնելու զարգացման նոր մակարդակի՝  ոլորտում գրանցելով տեսանելի արդյունքներ։ Սիսիան քաղաքում Ագրոսարքավորումների վերապատրաստման կենտրոնի հիմնումն, ըստ Արման Խոջոյանի,  միտված է զարգացնելու գյուղատնտեսական սարքավորումների կրթական բաղադրիչը` խրախուսելով ժամանակակից մեթոդների  և տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում: Արդյունքում համայնքները նույնպես ապահովված կլինեն  բարձր որակավորում ունեցող երիտասարդներով, ովքեր ոչ միայն օժտված կլինեն գիտելիքների անհրաժեշտ պաշարով, այլև կունենան գործնական հմտություններ` հաղթահարելու ժամանակակից գյուղատնտեսության առջև ծառացած համընդհանուր մարտահրավերները: Փոխնախարարի կողմից հավասարաչափ ընդգծվել է նաև Արաքսավան համայնքում կառուցվող ոռոգման համակարգի կարևորությունը, քանի որ ոռոգման նոր համակարգի ներդնումը համայնքում կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճին, կբարելավի տեղի բնակչության կենսաապահովման մակարդակը` ուրվագծելով  վաղվա կանաչ աշխարհ տանող ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը հսկայական դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և այն ուղղակիորեն ազդում է երկրի պարենային անվտանգության վրա: Հետևաբար, այս նախագծերի  իրականացումն անչափ կարևոր է ոչ միայն տեղական, այլև ազգային մակարդակում։ Դեսպան Յամադան նաև շեշտել է, որ թեև այս երկու ծրագրերն ունեն տարբեր թիրախային խմբեր, սակայն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ «Մարդկային անվտանգություն» հասկացության շրջանակում աջակցել կայուն տարածաշրջանային զարգացմանը և մարդկանց կյանքի և կենսապայմանների բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը։ «Սիսիան քաղաքում ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծման» 69,971 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին հատկացված տարածքի վրա հիմնվելու է ագրոտեխնիկական ուսումնական կենտրոն, որի արդյունքում, տարեկան ավելի քան 215 ուսանողներ ուղղակիորեն կօգտվեն ծրագրից: Կենտրոնը կծառայի նաև հարակից համայնքների բնակչությանը` մատուցելով գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություններ: Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ֆերմերներին հողօգտագործման ոլորտում ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել` նվազեցնելով արտադրության ծախսերը և ապահովելով բարձր բերքատվություն։ Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն ասել է, որ հայ-ճապոնական այս գործակցությունը նշանավորվում է ոչ միայն որպես ագրոտեխնոլոգիական առաջընթացի հերթական օրինակ ՀԱԱՀ-ի բարեփոխման ճանապարհին, այլև բարեկամության հերթական դրսևորում։ Ռեկտորը հատուկ շնորհակալություն է հայտնել դեսպան Յամադային ներդրած ջանքերի համար և շնորհավորլ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի ուսանողներին,  Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ։ «Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» 79,401 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արաքսավանում կառուցվելու է նոր պոմպակայան, ոռոգման նոր համակարգ, ինչպես նաև պոմպակայանի անխափան աշխատանքի համար էլեկտրակայան և հավելյալ վեց կմ օդային գիծ: Կառուցված էլեկտրակայանը թույլ կտա մեծացնել պոմպերի թողունակությունը ՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն առաջիկա տարիների ընթացքում գյուղի ոռոգման խնդիրը վերջնականապես լուծելու համար։  «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը կենսական կարևոր է նամարել համավարակի և հետպատերազմյան ժամանակաշրջանում նոր ծրագրերի և նոր հնարավորությունների իրագործումը և հավելել, որ Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի շնորհիվ  համայնքը կունենա սոցիալ-տնտեսական զարգացում և կկրճատվի գործազրկության մակարդակը։
15:57 - 18 մարտի, 2021
Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում

Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում

ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական շենքում 2021 թվականի մարտի 16-ին Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադան և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը ստորագրել են «Ականազերծման գործողությունների համար նախատեսված բժշկական օգնության և առաջին օգնության դասընթացներ» ծրագրի պայմանագիրը։ Այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:    Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուրեն Սահակյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կետրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք։   Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում են ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։   Ծրագրի առանցքային պարագան հատուկ կահավորված Toyota Land Cruiser մակնիշի շտապ օգնության մեքենայի ձեռքբերումն է, որի առկայությունը, ի թիվս վերոնշյալի, դժբախտ պատահարների դեպքում կապահովի ականազերծողների առաջին բուժօգնությունը, ինչը բխում է ականազերծման միջազգային չափորոշիչներից։   Այսպիսով, Հայաստանում հումանիտար ականազերծման կարողությունները կավելանան ժամանակակից սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով, ականային պատահարներից տուժած անձանց կընձեռնվի հնարավորություն տեղում ստանալու նախնական բուժզննում, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, տեղափոխվելու մոտակա բժշկական կենտրոն, իսկ սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ հասու կդառնա առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։   Ծրագիրը կտևի մեկ տարի և շահառու կդառնա մոտ 40 000 անձ, որից մոտ 38 000-ը՝ աշակերտներ։ Պայամանագրի գումարը կազմում է 83 096 ԱՄՆ դոլար, որից Ճապոնիայի կառավարության ներդրումը կազմում է 75 000 ԱՄՆ դոլար, իսկ «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի ներդրումը՝ 7 800 ԱՄՆ դոլար։   Ներկաները բարձր են գնահատել Ճապոնիայի կառավարության օժանդակությունը ՀՀ-ում ականային վտանգի նվազեցման և դեռահասների մոտ անվտանգ վարքագծի կանոններ ձևավորելու հարցում: Ամբողջ ծրագրի ընթացքում աշխատանքների որակի վերահսկողություն կիրականացնի հակաականային գործունեության ազգային մարմինը՝ «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
17:33 - 16 մարտի, 2021
ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին: Մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես եկավ ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ «Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի և միջազգային այլ մարմինների գործիքակազմերի դերն ահաբեկչության կանխարգելման և վերացման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործիքակազմերի արդյունավետ իրականացումն ու ներդրումն ազգային օրենսդրություններում հնարավոր է պետությունների քաղաքական կամքի առկայության պարագայում։ Արտակ Ապիտոնյանն արձանագրեց, որ ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցությունը լուրջ խոչընդոտների է բախվում որոշ երկրների կողմից ահաբեկչության ուղիղ և համակարգված ֆինանսավորման ու լոգիստիկ աջակցության պայմաններում։  Նախարարի տեղակալն անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմանն ու միջազգային հանրության արձագանքին. «Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ի ցույց դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման դեմ պայքարում առկա միջազգային իրավական գործիքների բացերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դրանց կյանքի կոչմանը»։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց ահաբեկչության մեջ ներգրավված, ինչպես նաև զինված հակամարտություններում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ հավաքագրող անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու գործում միջազգային առավել համապարփակ համագործության անհրաժեշտությունը», - նշված է կայքում։
21:23 - 11 մարտի, 2021