Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։

1997-2000 թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։

2001-2007 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2001-2003 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/։ Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին։

2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։

2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։

2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։

2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։

2007-2010 թթ. իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում՝ Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան[1]։

2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։

Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։ Այս մասին այսօր շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելելու և նրանց կապն ընտանիքի հետ մշտապես ապահովելու հարցում և Թիերի Ռիբոյի հետ կիսվել խոր մտահոգությամբ՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։  ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։  Հյուրի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին և առանձնացրել քրեակատարողական համակարգի առողջացման ծրագիրը՝ ուղղված ոչ միայն ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը, այլև կառավարման համակարգի բարելավմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հարցում։
18:25 - 03 սեպտեմբերի, 2021
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այցելել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատ և հանդիպել  Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Խորհրդի անդամներին և Պալատի այլ ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  Քննարկման առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն էր երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը  և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը։ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված թեմաների և դրանց հետ կապված հարցերի վերաբերյալ, և ավելի խորը ուսումնասիրության հիման վրա Պալատի կողմից կարծիք տրամադրելու նպատակով առաջարկել ստեղծել փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը կհավաքագրի խնդրի վերաբերյալ փաստաբանական համայնքի կարծիքներն ու Պալատի միասնական դիրքորոշումը կներկայացնի Արդարադատության նախարարությանը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Արդարադատության նախարարն ու Պալատի նախագահը այս ձևաչափով շփումները հաճախակիացնելու և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել։
10:38 - 02 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները |armenpress.am|

Կարեն Անդրեասյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ օգոստոսի 25-ին քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու նախարարության՝ այլ ուղղություններով առաջնահերթությունները։ Չինաստանի դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։
13:37 - 25 օգոստոսի, 2021
Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան

 |armenpress.am|

Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշում է, որ դատական համակարգը մաքրելու միակ գործող մեխանիզմը կարգապահական միջոցներն են: Կարեն Անդրեասյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Դա օրինական է, դա արդար է, դա ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել: Բայց արդարադատության նախորդ նախարարի՝ պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ, դատական համակարգի աստիճանական զտումը սկսվել է: Ես վաղը հանդիպելու եմ հասարակական կազմակերպությունների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են հենց դատաիրավական բարեփոխումների ոլորտով, հանդիպել եմ ԲԴԽ-ի, իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հետ: Եվ մենք հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը»,- ասաց Անդրեասյանը: Նրա կարծիքով՝ այն, որ դատական համակարգը կարիք ունի նման մաքրման, բոլորն են ասում և նույնիսկ նրանք, ովքեր հիմա դժգոհում են ինչ-ինչ կարգավորումներից:
15:52 - 12 օգոստոսի, 2021