ԿԱՐԴԱԼԻՔ

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը հայտարարագրեր չի ներկայացրել. ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը հայտարարագրեր չի ներկայացրել. ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հայտարարագրերը, որոնք պահանջվում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու  ժամանակ, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։  Խաչիկ Ղազարյանը 2021 թ․ նոյեմբերի 16-ից զբաղեցրել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Այս պաշտոնում վերջինս դադարել է աշխատել 2022 թ․ հոկտեմբերի 11-ին։ Դրանից մոտ երկու ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 2-ին Խաչիկ Ղազարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ 2023թ. փետրվարի 17-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ։ Այսպիսով, և՛ Խաչիկ Ղազարյանը, և՛ նրա ընտանիքի չափահաս անդամները (այս դեպքում՝ կինը) 2021 թ․ դեկտեմբերին պետք է ներկայացնեին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 2022 թ․ նոյեմբերին՝ դադարեցնելու հայտարարագրերը, իսկ մինչև 2022 թ․ մայիսի 31-ը՝ 2021-ի տարեկան հայտարարագրերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում առկա են Խաչիկ Ղազարյանի՝ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, 2021 թ․ տարեկան, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը։ Փաստացի, Խաչիկ Ղազարյանը ներկայացրել է պահանջվող բոլոր հայտարարագրերը։ Խաչիկ Ղազարյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ այլ՝ հայտարարագրման պարտականություն չունեցող պաշտոնի (Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ) հետ համատեղությամբ։ Նրա խոսքով այս դեպքում օրենքը կարող էր մեկնաբանվել այնպես, որ ինքը հայտարարատու անձ չէ, բայց ամեն դեպքում ներկայացրել է հայտարարագիր՝ «խոսակցություններից խուսափելու համար»։ Հայտարարագրերի ներկայացման հետ կապված այլ իրավիճակ է նրա կնոջ դեպքում։ Արմինե Պետրոսյանը 3 հայտարարագրերից որևէ մեկը չի ներկայացրել։ Պատասխանելով «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը՝ Ղազարյանը նշեց՝ «խնդիրը բացառապես պայմանավորված է եղել որոշակի տեխնիկական անհնարինությամբ»։ Բանավոր զրույցում դատավորը ներկայացրեց՝ եղել է տեխնիկական խոչընդոտ, իր կինը լրացրել է հատարարագիր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համակարգով, բայց համակարգը թույլ չի տվել հայտարարագիրը վերբեռնել։ Փորձել են հայտարարագիր ներկայացնել նոր համակարգով, բայց ապարդյուն. «Մենք բոլոր թղթերը, բոլոր գրություններն ունենք։ Խնդիր կար հին կայքից նոր կայքի անցման հետ, ստանձնման հայտարարագրերը կինս լրացրել է, կարծեմ՝ տարեկանը դեռ չի լրացրել։ ԿԿՀ կայքում պիտի «պատուհան» ստեղծեին, որ հնարավոր լիներ լրացնել, բայց դեռ խնդիր կա»,- բացատրեց Ղազարյանը։  Ղազարյանի խոսքով ԿԿՀ կայքը խափանվել է, անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները չեն եղել, մի քանի օր առաջվա դրությամբ դեռ «պատուհան» չի եղել, ու կինը նորից չի կարողացել լրացնել տարեկան հայտարարագիր 2021-ի համար։ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի խոսքով պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը իր կինը լրացրել է, բայց դրանք համակարգի անկատարության հետևանքով չեն արտացոլվել։  Ղազարյանն ասաց՝ «տրամաբանություն չկա հայտարարագիր չներկայացնելու», և վստահեցրեց՝ կարելի է ստուգել զանգերով և պարզել, որ մոտ 50 զանգ են կատարել ԿԿՀ՝ հայտարարագրերի խնդիրը լուծելու համար։   Մեր ճշտող հարցին՝  հայտարարագրերը ներկայացնելու փորձերը և զանգերը կատարվել են մինչև հայտարարագրերի ներկայացման համար սահմանված ժամկետների ավա՞րտը, թե՞ այդ ժամկետների ավարտից հետո, Ղազարյանը պատասխանեց․ «Կինս փորձել է զանգահարել։ Դուք էլ որ փորձեք զանգեք, կտեսնեք, որ համարները չեն պատասխանում։ Հաստատ հայտարարագրման ժամկետի մեջ ենք փորձել, դրանից հետո էլ ենք փորձել։ Կինս ավելի ուշ է լրացրել, որովհետև իրեն մուտք գործելու գաղտնաբառերը ուշ են եկել կամ չեն էլ եկել»։  «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տեղեկանալու, թե ինչու Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը չի ներկայացրել հայտարարագրերը, և ինչ քայլեր է ձեռնարկել ԿԿՀ-ն՝ այս փաստով պայմանավորված։ Հանձնաժողովից պատասխանել են, որ հայտարարատու անձանց գրավոր ծանուցում ուղարկելու ժամկետ սահմանված չէ, հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, և գրավոր ծանուցում ուղարկվում է այն ժամանակ, երբ նկատում են, որ որևէ հայտարարագիր բացակայում է։ Հանձնաժողովը նշել է նաև, որ Արմինե Պետրոսյանի հայտարարագրի չներկայացման փաստը հայտնաբերվել է «Ինֆոքոմ»-ի հարցումից հետո։  «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցմամբ և շահագործմամբ պայմանավորված՝ 2020 և 2021 թվականների հայտարարագրեր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն համակարգը հայտարարատուների համար այս պահին չի ընձեռում։ Այն կվերականգնվի 2023 թվականի հուլիսից, որից հետո հանձնաժողովը կծանուցի հայտարարագրման պարտավորություն ունեցող բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել՝ տրամադրելով 30-օրյա ժամկետ»,- հավելել են հանձնաժողովից։  Նշենք նաև, որ 2020 և 2021 թվականների հայտարարագրերի ներկայացման տեխնիկական անհնարինությունն ի հայտ է եկել 2023 թվականի հունվարի 1-ից․ նախկինում մեր կատարած հարցումներին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնել էին, որ էլեկտրոնային նոր համակարգի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հայտարարագրման պարտավորության վերաբերյալ հայտարարատու անձանց ծանուցումների գործընթացը, ինչպես նաև նախկինում տրամադրված հայտարարագրերում փոփոխության իրականացումը Հանձնաժողովը կասեցրել է 2023 թվականի հունվարի 1-ից։ Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
13:17 - 26 մայիսի, 2023
Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

2020 թվականին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են սպաներ, որոնց վարքը՝ սկսած անգամ խոսքից, անմարդկային է եղել, որոշներն էլ իսկապես փորձել են իրենց օգնել։ Արսենը այն գումարտակի զինծառայողներից է, որին հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արսենն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերում, ի վերջո կարողացել են կապի դուրս գալ եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկվել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արսեն Այվազյանն այսօր հարցաքննվեց Խուռհատ սարի գործով, որի շրջանակում ամբաստանյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Արսեն Այվազյանի կարծիքով՝ Վահանյանն այն աստիճանի վիրավոր չի եղել, որ չկարողանար իրենց կողքին լինել։ Ըստ Արսեն Այվազյանի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու Ինչպես դատարանում հարցաքննված մի շարք այլ զինծառայողներ, Արսեն Այվազյանը եւս հայտնեց, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որից րոպեներ անց ասել են, թե պատահական է եղել։ Սակայն հաջորդ օրվանից սկսած նոր ժիլետներ, զենքեր են բերել, եւ ըստ Արսենի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու։ Արսեն Այվազյանը գումարտակի առանձին դասակի կազմից է եղել՝ Ռաֆայել Խալաֆյանի հրամանատարությամբ։ Վերջինիս վիրավորվելուց հետո դասակը սերժանտներն են ղեկավարել, նոր հրամանատար այդպես էլ չի նշանակվել։ Արսենը սկզբում Ջրականում է եղել, որտեղից նահանջից հետո տեղափոխվել է Հադրութ։ Իշխան Վահանյանին առաջին անգամ այնտեղ՝ Հադրութի դպրոցում է հանդիպել։ Ըստ նրա՝ քայլքի մեջ որեւէ փոփոխություն չի եղել, այսինքն՝ Վահանյանի՝ այդ փուլում ենթադրյալ վիրավորման մասին վկայող ոչինչ տուժողը չի տեսել։  Դպրոցում են եղել նաեւ մի շարք այլ հրամանատարներ, որոնք, ըստ տուժողի, իրենց փորձում էին ինչ–որ բաներ բացատրել, որոնք, սակայն, իր գնահատմամբ, որեւէ կերպ օգտակար չէին լինելու, օրինակ՝ ասում էին, որ տանկերի դիմաց ավտոմատով կրակեն։ Այդ ժամանակ է, որ տուժողը լսել է, թե ինչպես է գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը արդեն նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանին ասել՝ ով նահանջի, մեջքից կխփես․ «Գարիկ Վարդերեսյանը մինչեւ պատերազմը՝ հեռախոսով խոսելիս, ասել է նաեւ՝ բոլորը մեռնելու են, ինքը ողջ է մնալու, գնալու եք մեռնեք, տենց բան եմ հիշում, դա անմարդկային էր»,– պատմեց տուժողը (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ)։ Հադրութի դպրոցը եւս հրետանու հարվածի տակ է ընկել․ նորակոչիկների գումարտակին ուղարկել են Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Թե ով է տվել այդ հրամանը, Արսենը հստակ չգիտեր․ ասաց՝ կամ Վարդերեսյանը, կամ Վահանյանը։ Սարում հարձակումից հետո տուժողը որեւէ հրահանգ չի լսել Արսեն Այվազյանի խոսքով՝ թեեւ սարում սպաներ եղել են, սակայն բուն մարտի պահին ինքը նրանցից ոչ մեկին չի տեսել, դիրքավորման մասին հրամանները զինվորներն իրար խոսքով են փոխանցել․ «Գիշերը հրետանու հարվածներ են եղել, առավոտյան արդեն անտառից լսեցինք կրակոցներ, ինչքանով հասկացա, երկու կողմից հարձակվեցին մեր վրա, այսինքն՝ ճակատային հատվածից եւ վերեւի սարից շրջափակեցին, ես մեջտեղի հատվածում էի, դիմացս անտառ էր, հենց անտառից էին կրակոցները՝ հրաձգային տեսակի զենքերից»։ Հարձակումից հետո, ըստ Արսենի, ինքը որեւէ հրահանգ չի լսել, անցել են պաշտպանության, բայց խուճապային իրավիճակ է եղել․ «Քանի որ բոլորս 2-3 ամսվա զինծառայողներ էինք, զինվորական փորձ չունեինք, բնականաբար, շատ դժվար էր, հստակ չգիտեինք՝ ինչ անել, որն է ճիշտ, որը՝ սխալ, ու խուճապը իրոք շատ էր, բայց եթե հրաման լիներ, դա կառավարելի կլիներ»։ Փոխհրաձգությունը, ըստ նրա, տեւել է մի քանի րոպե, որից հետո սկսել են վիրավորներին իջեցնել։ Այդ ժամանակ եւս հրամանատարական կետի մոտ ոչ մեկին տուժողը չի տեսել։ Առհասարակ, Իշխան Վահանյանի ենթադրյալ վիրավորման եւ փախուստի մասին նա միայն լսել էր, անձամբ չէր տեսել։ Հաշվի առնելով, որ ըստ բժշկական թղթերի՝ Վահանյանը սարում բեկորային վնասվածք է ստացել, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ սարում հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, եթե, ըստ տուժողի, հրաձգային զինատեսակներից էին կրակում։ Դա Այվազյանը քիչ հավանական համարեց՝ նշելով, որ խիտ անտառ էր, ծառերը կխոչընդոտեին։ Վիրավորներին իջեցնելուց հետո նա այլեւս հետ չի բարձրացել, որովհետեւ զորքն արդեն նահանջելիս է եղել։ Հավաքվել են, սկսել քայլել այն ճանապարհով, որով կամազները վիրավորներին են տարել․ «Մենք ճանապարհով իջնում էինք ներքեւ, հետո հրաման եկավ, որ էդտեղ վտանգավոր է, պետք է բարձրանանք Սարիշենի կողմ․ էնտեղ մերոնք են»։ Թե ով էր այդ հրամանը տվել, Արսենը չգիտեր։ Այդ ընթացքում է, որ զորքը բաժանվել է երկու մասի․ ըստ Արսենի՝ քանի որ անձրեւ էր եկել, բարձրանալը դժվար էր, ոտքերը սահում էին։ Այդպես հետ են ընկել զորքից, հայտնվել շրջափակման մեջ․ «Հովհաննես Մուրադյանը զանգեց Արսեն Ղարիբյանին, ասաց, որ շրջափակման մեջ ենք, նա էլ ասաց՝ եթե չեք հասցրել հասնել Սարիշեն, իջեք ներքեւ»։ Դրանից հետո Մուրադյանը, ըստ տուժողի, եւս մի զանգ է կատարել ԱԱԾ, հետաքրքրվել՝ արդյո՞ք Հադրութի զորամասում հայեր են, ինչին ի պատասխան՝ ստացել է տեղեկություն, որ հայկական համազգեստով են, բայց հայ թե ադրբեջանցի՝ պարզ չէ։ Մի կամավոր քեռի ասել է, թե հայեր են, որոնք շրջափակման մեջ են, ուստի որոշվել է գնալ նրանց օգնության։ Բայց ինչպես հայտնի է, Հադրութում այդ ժամանակ արդեն հակառակորդն է եղել, եւ նահանջող 98 հոգանոց անձնակազմը այնտեղ չի էլ հասել․ ճանապարհին զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը, զոհվել է նաեւ այդ կամավոր քեռին։ Հիշեցնենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն չի իմացել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը մեղադրողից հետաքրքրվեց՝ քեռուց որեւէ լուսանկար կամ ֆոտոռոբոտ կա՞, ինչին մեղադրողը բացասական պատասխան տվեց․ «Փորձել ենք օպերատիվ–հետախուզական ճանապարհով ճշտել, բայց դրական արդյունք չի եղել, գիտենք միայն, որ անունը Արտյոմ է»։ Մնալով մոտ 25 հոգով՝ 2-3 ամսվա զինծառայողները թաքնվել են գյուղի տներում, հեռախոսով կապ հաստատել հիշյալ Գարիկ Վարդերեսյանի հետ։ Վերջինս, ըստ տուժողի, ասել է՝ նորմալ է, գալիս ենք ձեր հետեւից, դուք դուխով ենք, սակայն ոչ ոք այդպես էլ օգնության չի հասել։ Փոխարենը հակառակորդն է նկատել իրենց․ «Որոշ ժամանակ հետո մեզ տեսան, ռուսերենով գոռացին՝ դուրս եկեք, շրջափակման մեջ եք, բայց այդպես էլ տուն չեկան, հաջորդ օրը պաշտոնով մեկն եկավ, իջավ տան մոտ, մեր տղաներից մեկը պատուհանից իրեն սպանեց ու մենք իջանք անտառ․․․ Անտառում ահագին ժամանակ սպասեցինք, երբ արդեն ցրտում էր, որոշվեց, որ առանձնանանք, քանի որ տարբեր կերպ էինք տեսնում դուրս գալու ելքը»։  Այդպես 6 ընկերներով բաժանվել են, անցել գյուղից գյուղ, տնից տուն․  «Դեկտեմբերի 17-ի կողմն էր, արդեն ջուրն ու ուտելիքը վերջանում էր, տղաներից 2–ը գնում են՝ տեսնեն ջուր կա՞, մտնում ենք մի գյուղ, Ջաբրայիլի կողմերն էինք, հասկանում ենք, որ կապ կա, զանգ ենք կատարում, հարցեր տալիս՝ ո՞նց կողմնացույց սարքենք, ո՞նց գնանք Պարսկաստան, պատերազմը ո՞նց է վերջացել․․․ Ամսի 18-ին ասում են՝ բացատրեք ձեր տեղը, Արմանն է բացատրում՝ ոնց ենք եկել, գաղտնաբառ ենք որոշում՝ «Հոկտեմբերի 22»՝ Արմանի ծնունդի օրը․․․ Դեկտեմբերի 20-ին արդեն լսում ենք՝ «Հոկտեմբերի 22»․․․ Կարմիր Խաչն էր, խաղաղապահները, մի քանի ադրբեջանցի ու հայեր»։ Իշխան Վահանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդություն ներկայացվեց Տուժողի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին։ Միջնորդությամբ Վահանյանը նշել էր, որ շուրջ 2 տարի է, ինչ կալանքի տակ է, եւ այս ընթացքում հարցաքննվել են դատակոչված վկաների եւ տուժողների մեծ մասը, ինչով պայմանավորված՝ նա այն կարծիքին է, որ առկա են բավարար հիմքեր իր նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը վերացնելու համար․ «Ապացույցների մեծ մասը արդեն իսկ հետազոտվել է, ես օբյեկտիվորեն չեմ կարող ազդել վկաների կամ տուժողների վրա, չեմ կարող խոչընդոտել գործի քննությանը եւ ոչ մի մտադրություն չունեմ, ես պատրաստ եմ անկեղծ ցուցմունք տալ եւ ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունը, ունեմ 20 տարվա զինվորական կենսագրություն, 2 անչափահաս երեխա, հայրս ունի շատ լուրջ առողջական խնդիրներ»,– նշել էր ամբաստանյալը՝ հավելելով, որ եթե դատարանը նպատակահարմար կգտնի, ինքը պատրաստ է նաեւ հնարավորության սահմաններում գրավ վճարել։ Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող եւ տուժող կողմերը։ Մասնավորապես, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ չբերվեց որեւէ օբյեկտիվ պատճառաբանություն, ըստ որի՝ կալանավորումը պետք է փոխվի ավելի մեղմ խափանման միջոցով։ Ըստ մեղադրողի՝ մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ Իշխան Վահանյանը ազդեցություն կգործադրի դատակոչի ցուցակում ներառված անձանց վրա կամ կխոչընդոտի գործի քննությանը․«Թեեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նշվում է, որ վերահաս պատժի ծանրությունը չի կարող կանխորոշիչ նշանակություն ունենալ, այնուամենայնիվ, ամբաստանյալին մեղսագրվում է երկու առանձնապես ծանր հարցագործություն, որոնց համար նախատեսվող պատիժը առավել քան մեծ է, ուստի այս պայմաններում, հաշվի առնելով նաեւ իմ կողմից մատնանշածը՝  մեծանում է հավանականությունը, որ նա կարող է փորձել ազդեցություն գործադրել վկաների կամ տուժողների վրա»։ Տուժողների ներկայայցուցիչ Գուրգեն Գրիգորյանը, միանալով մեղադրողի առարկությանը, նշեց, որ միջնորդությունն անհիմն է՝ ընդգծելով, որ իրենց կողմից ներկայացվել են նոր հաղորդումներ, նախաձեռնվել նոր վարույթներ, ուստի չի բացառվում, որ Վահանյանին նոր մեղադրանք ներկայացվի։ Գրիգորյանի այս դիտարկումը Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը անմեղության կանխավարկածի խախտում որակեց։ Նա նաեւ ընդգծեց՝ մեղադրողը իրավացիորեն նշեց, որ արարքի ծանրությունը եւ սպասվելիք պատժի խստությունը խոչընդոտող հանգամանք չեն կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու համար։  Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հեռացավ առանձին սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 7-ին։   Միլենա Խաչիկյան
23:34 - 25 մայիսի, 2023
Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ

Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն ոչ միայն խուսափում են մեկնաբանել նախկինում մեր գրավոր հարցմանը տված իրենց պատասխանները, այլեւ գերատեսչություններից մեկը հակասում է ինքն իրեն, մյուսը՝ խեղաթյուրում Ինֆոքոմի հարցի էությունը։ Այսպես, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս տարվա ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողության ժամանակ հայտարարել էր, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք»։ Ինֆոքոմն այս հայտարարությունից հետո հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ քննչական կոմիտեին՝ խնդրելով ի թիվս այլնի տեղեկություն տրամադրել նաեւ այն մասին, թե դասալքության դեպքի առթիվ քանի քրեական վարույթ է նախաձեռնվել եւ թե այդ վարույթներով քանի անձ է ներգրավված որպես մեղադրյալ եւ քանի անձի է առաջադրվել մեղադրանք։ Դատախազությունից պատասխանել էին, թե 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ: Միաժամանակ, Դատախազության պատասխանում նշված էր, որ վերը հիշատակված հոդվածներով հարուցված վարույթների շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ 756 անձ: Դատախազության այս պատասխանը (պատասխանը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ) հարցեր էր առաջացրել։ Մասնավորապես, «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ, հատկապես երբ հաղորդվում է, որ վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։  Պարզաբանման կարիք ունեցող այս եւ այլ հարցերին Դատախազությունից հրաժարվել էին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չէր տրվել (Դատախազությանն ուղղած հարցերը մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։  Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեին, ապա այն մեր հարցմանն ի պատասխան Դատախազության հաղորդած տվյալներից փոքր-ինչ տարբերվող տվյալ էր տրամադրել։ Մասնավորապես, եթե Դատախազությունը հայտնել էր, թե հիշյալ երեք հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ, ապա Քննչական կոմիտեն նշել է, որ նույնքան վարույթ է նախաձեռնվել, «որոնք առնչվում են 10690 անձի»։ Ինչպես երեւում է՝ Քննչական կոմիտեն հարցման պատասխանում նույնպես կիրառել է ոչ իրավական ձեւակերպում՝ «նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնք առնչվում են [․․․] անձանց»․ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը վարույթ նախաձեռնելու շրջանակում չի սահմանում ոչ անձի վերաբերյալ, ոչ անձի առնչությամբ կարգավիճակներ։  Ուստի, ս․թ․ մայիսի 10-ին գրավոր հարցումներ ենք ուղարկել թե Դատախազություն, թե Քննչական կոմիտե հետեւյալ երկու հարցադրումներով․  - վարույթ նախաձեռնելու շրջանակում ո՞ր իրավական ակտով են սահմանվում «անձի վերաբերյալ» կամ «անձի առնչությամբ» կարգավիճակները,  - եթե որեւէ իրավական ակտով սահմանված չեն այդ կարգավիճակները, սակայն ընդունված կիրառություններ են, ապա իրավական ո՞ր ձեւակերպմանն են դրանք համարժեք։ Դատախազությունը այս հարցման պատասխանով, փաստացի, հակասել է ինքն իրեն։ Այսպես, վերը նշված հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունը նախ մեջբերել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է՝ 1) ֆիզիկական անձից, 2) իրավաբանական անձից, 3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից' նրա գործունեության իրականացման կապակցությամբ, 4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից' իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ, Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Այս մեջբերումից հետո Դատախազությունը գրել է հետեւյալը․ «Հետևաբար, քրեական վարույթ նախաձեռվում է դեպքի, գործողության կամ անգործության առթիվ, այլ ոչ թե անձի վերաբերյալ կամ առնչությամբ»։ Նկար 1, Դատախազության առաջին պատասխանը Նկար 2, Դատախազության երկրորդ պատասխանը Այսպիսով, Դատախազությունը հակասում է ինքն իրեն՝ մի դեպքում գրելով, թե քրեական վարույթ է նախաձեռնվել 10687 անձի վերաբերյալ, մյուս դեպքում նշելով, որ քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել անձի վերաբերյալ։ Ըստ ամենայնի հենց այս պատճառով էլ Դատախազությունը հրաժարվել էր պարզաբանել, թե նշյալ անձինք ինչ վերաբերելիություն ունեն հարուցված քրեական վարույթներին։ Ի տարբերություն Դատախազության՝ Քննչական կոմիտեն ոչ թե հակասել է ինքն իրեն, այլ պարզապես խուսափողական եւ մեր հարցի էությունը խեղաթյուրող պատասխան տվել։ Մասնավորապես, «անձի առնչությամբ հարուցված քրեական վարույթ» ձեւակերպման իրավական սահմանման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան նախ նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է «տեղեկություն» եզրույթի հասկացությունը, որի համաձայն՝ «տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են (...)»: Ապա գրել է, որ հիշյալ օրենքի իմաստով տեղեկատվության տնօրինող մարմինների առջև տեղեկության տրամադրման պարտավորությունը ծագում է  բացառապես օրենքով ամրագրված կառուցակարգերի և ընթացակարգերի շրջանակներում ձևավորված տեղեկությունների կապակցությամբ: Այս մեջբերումներից հետո ՔԿ-ն եզրակացրել է, որ մենք հարցմամբ չենք հայցում ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալների մասին տեղեկատվություն, այլ հայցում ենք «որոշ բառակապակցությունների՝ նորմատիվ իրավական ակտում զետեղված լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն եւ դրանց իրավական եւ լեզվաբանական մեկնաբանման տրամադրում»․ «Հետեւաբար, Ձեր պահանջը չի բխում օրենքից եւ չի կարող կատարվել»,- եզրափակել է ՔԿ-ն։ Ակնհայտ է, որ ՔԿ-ն հարցմանը պատասխանելուց խուսափելու համար է նշել, թե մենք ի՛ր իսկ գործածած ձեւակերպման վերաբերյալ լեզվաբանական մեկնաբանություն ենք խնդրել։ Ստորեւ եւս մեկ անգամ ներկայացնում ենք մեր ձեւակերպած հարցը՝ ցույց տալու, որ այն վերաբերում է բացառապես իրավական մեկնաբանությանը եւ բացառապես վարույթ նախաձեռնելու շրջանակում դրա գործածությանը։ Նկար 3, Infocom-ի հարցումը Նկար 4, Քննչական կոմիտեի պատասխանը Ինչպես մեջբերել է ՔԿ-ն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ «տեղեկություն» են համարվում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալները՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։  Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ «տեղեկություն տնօրինող» են համարվում տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք։  Այսինքն՝ եթե Քննչական կոմիտեն իրեն ուղղված հարցման պատասխանում նշել է, որ «նախաձեռնվել են վարույթներ, որոնք առնչվում են անձանց», ապա ողջամտորեն ենթադրելի է, որ այդ պատասխանում կիրառված ձեւակերպման իրավական հիմքերի մասին տեղեկության տնօրինողը եւս պետք է լինի ՔԿ-ն, քանի որ կառույցը, տրամաբանորեն, առաջնորդվում է իր գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ եւ չի կարող գործել դրանից դուրս կամ մեկնաբանություններ գրել դրանից դուրս։ Այսպիսով, Դատախազությունը նոր հարցման պատասխանով հակասել է ինքն իրեն, իսկ Քննչական կոմիտեն խուսափողական պատասխան է տվել։ Երկու գերատեսչություններն էլ այդպես էլ չեն պարզաբանել, թե իրավական առումով ինչպես է մեկնաբանվում «քրեական վարույթ է նախաձեռնվել անձի առնչությամբ/վերաբերյալ» ձեւակերպումը, որոնք իրենք օգտագործել էին իրենց պաշտոնական պատասխաններում։ Հայարփի Բաղդասարյան
19:41 - 18 մայիսի, 2023
Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

2015-ին Նիկոլայ Ավթանդիլյանն ու Հայարփի Ջավրուշյանը հիմնարար հետազոտություններ էին իրականացնում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Գիտնականներն ուսումնասիրում էին արգինին կոչվող ամինաթթվի մասնակցությամբ օրգանիզմում կատարվող կենսաքիմիական տարբեր գործընթացներ։ Գիտական գրականության ուսումնասիրությունը նրանց ցույց տվեց, որ արգինինը կարող է անուղղակիորեն որոշակի դեր խաղալ քաղցկեղի զարգացման գործում։ Այդ ժամանակ գիտնականները որոշեցին անցնել կիրառական հետազոտությունների։ Այս հետազոտությունների ընթացքում նրանք սկսեցին գիտափորձեր իրականացնել քաղցկեղի զարգացումը խոչընդոտող մի մեթոդով, որն աշխարհում գրեթե չի կիրառվում։ Իսկ տարիների աշխատանքի շնորհիվ ստեղծվեց «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան», որտեղ գիտնականներն այժմ շարունակում են իրենց ուսումնասիրությունները։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան, Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի  
19:22 - 06 մայիսի, 2023
ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել

ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները 2020, 2021 թվականների համար չեն ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի հայտարարագրեր։ ԿԿՀ-ն փորձել է ծանուցել Հարությունյանի ընտանիքի անդամներին հայտարարագրեր ներկայացնելու պարտականության մասին, բայց նրանց ուղղված ծանուցագրերը տեղ չեն հասել, թեպետ Հայկուհի Հարությունյանը, նրա քույրը, հայրն ու մայրը համատեղ են բնակվում (առնվազն 2021-ի դրությամբ): ԿԿՀ-ում հայտարարագրեր չներկայացնելու համար նաև վարույթ չի նախաձեռնվել։    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևում է պաշտոնյաների անհամատեղելիության պահանջներին, կանոնակարգում հայտարարագրերի ներկայացման գործընթացը, ստուգում և վերլուծում դրանք։  Հանձնաժողովի նախագահի 2020 թվականի հայտարարագրում կարդում ենք, որ նրա ընտանիքի անդամներ են համարվում Հայկ Հարությունյանը՝ հայրը, Լույսանուշ Հարությունյանը՝ մայրը, Հասմիկ Հարությունյանը՝ քույրը, և իր ազգականներից Էլինե Ավետիսյանը։ Վերջինս աշխատել է ԿԿՀ-ում։ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները, պարտավորված լինելով ներկայացնել հայտարարագրեր, 2020 և 2021 թվականների համար չեն ներկայացրել դրանք։ ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները կարող էին չներկայացնել նմանաբնույթ հատարարագրեր, եթե դադարեին համատեղ բնակվել, սակայն Հայկուհի Հարությունյանի 2021 թվականի հայտարարագրից ևս պարզ է դառնում, որ նրա հայրը, մայրն ու քույրը շարունակել են համատեղ բնակվել (համատեղ բնակությունը դադարեցրել է Էլինե Ավետիսյանը)։  Կոռուպցիայի կանխերգելման հանձնաժողովից «Ինֆոքոմ»-ը հետաքրքրվել էր՝ ինչու հանձնաժողովի նախագահի հետ փոխկապակցված անձինք չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրեր, և ինչ գործողություններ է հանձնաժողովը ձեռնարկել դրա հետ կապված։ Գրավոր հարցմանը պատասխանել է ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանը, ասել՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ համատեղ բնակվող չափահաս անձինք գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր ներկայացնելու համար կրում են անհատական պատասխանատվություն։ «Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը օրենքով սահմանված հայտարարագրման պարտականության մասին ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին, և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ»,- տեղեկացրել են ԿԿՀ-ից։    ԿԿՀ-ն չի կարողանում ծանուցել հանձնաժողովի նախագահի ընտանիքին Հաջորդ հարցմամբ հանձնաժողովից խնդրել էինք մեզ տրամադրել Հարությունյանի ընտանիքին հայտարարագիր ներկայացնելու համար ուղարկված ծանուցումները հավաստող փաստաթղթեր։ ԿԿՀ-ն մեզ տրամադրել է փոստային առաքմամբ Հարությունյաններին ուղարկված ծրարներն ու դրա վրա առկա մակագրությունները։ Դրանցից պարզ է դառնում, որ 2022-ի նոյեմբերի 29-ին դիմել են Հարությունյանների ընտանիքին՝ հայտարարագիր ներկայացնելու համար, բայց մոտ 1 ամիս անց ծանուցագրերը վերադարձվել են ԿԿՀ-ին «չպահանջված» նշագրումով, ինչը նշանակում է, որ ԿԿՀ նախագահի ընտանիքը, համատեղ բնակվելով հանդերձ, ծանուցագրերը չի ստացել։ Ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձ ԿԿՀ-ն չի ձեռնարկել, բացի այդ՝ «Ինֆոքոմ»-ի մի շարք հարցերի, ըստ էության, հանձնաժողովը չի պատասխանել. այսպես՝ հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԿԿՀ նախագահի ընտանիքը ի վերջո պատշաճ ծանուցվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականության վերաբերյալ, ծանուցագրի վերադարձից հետո ի՞նչ գործողություններ են եղել Հարությունյանների հայտարարագրերը ստանալու համար։ Այս հարցերը մնացել են անպատասխան։ Ըստ առկա կարգավորումների՝ 2020 թվականի համապատասխան հայտարարագիրը պետք է ներկայացվեր մինչև 2021 թվականի մայիսի 31-ը, 2021 թվականի հայտարարագիրը՝ մինչև 2022-ի մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն նաև չի պատասխանել, թե որ թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար են ծանուցվել Հարությունյանները։  Փաստացի, 2 տարի շարունակ ԿԿՀ նախագահի ընտանիքը չի ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագիր, և դա որևէ հետևանք չի առաջացրել նրանց համար, ԿԿՀ-ն այս փաստի հիմքով նաև վարույթ չի սկսել։  Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 169.28 հոդվածը նախատեսում է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։    Ի՞նչ է պարզաբանում ԿԿՀ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր պատասխանները «Ինֆոքոմ»-ին պարունակում են որոշակի իրարամերժ դրվագներ։ Ինչպես արդեն նշել ենք, մեր առաջին հարցմանն ի պատասխան՝ 2023 թվականի ապրիլի 17-ին ԿԿՀ-ն տեղեկացրել է, որ ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ։ Սակայն ուղարկված ծանուցումը հավաստող փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2022 նոյեմբերի 29-ին ուղարկված ծանուցագրերը «չպահանջված» նշագրումով վերադարձվել են ԿԿՀ-ին դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 28-ին՝ մեր հարցմանը պատասխանելուց ավելի քան 3 ամիս առաջ։ Բացի այդ՝ հետագայում ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձեր չձեռնարկելը ԿԿՀ-ն փորձում է հիմնավորել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցմամբ։ Հանձնաժողովը թեմայի շուրջ «Ինֆոքոմ»-ի հետ ունեցած գրագրություններում շեշտում է՝ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից հայտարարագրումների պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացը կասեցված է։ Ծանուցումները հնարավոր կլինի վերսկսել հայտարարագրման հին համակարգից դեպի նոր համակարգ տվյալների ամբողջական միգրացիայից հետո. «Առաջարկում ենք Ձեր հարցադրումները վերստին ուղղել Հանձնաժողովին 2023 թվականի մայիսի 31-ից հետո համապատասխան հայտարարագրերը ներկայացրած չլինելու դեպքում»,- պատասխանել են ԿԿՀ-ից։  ԿԿՀ պատասխանը նոր հարցեր է առաջ բերում. օրինակ՝ 2020 թվականին Հարությունյանների կողմից հայտարարագիր չներկայացնելը ինչպե՞ս է խաչվում 2023-ին հայտարարագրերի նոր համակարգի ներդրման հետ։ 2020-ի հայտարարագրերը պետք է ստացվեին, ստուգվեին 2021-ին, հետևաբար ի՞նչ առնչություն կարող է ունենալ նոր համակարգի կառուցումը 2020 թվականի տարեկան հայտարարագրի հետ, չէ՞ որ 2020 թվականի համար ծանուցումների գործընթացը կասեցված չի եղել։  ԿԿՀ-ից հետաքրքրվել էինք՝ ինչու հայտարարագրեր չներկայացնելու համար վարույթ չի նախաձեռնվել, նաև հարց էինք բարձրացրել՝ հայտարարագրման պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացն ինչ իրավական ակտի հիման վրա է կասեցվել։  Այս բոլոր հարցերին ԿԿՀ-ից պատասխանել են՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ինչպես նրանց (Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների), այնպես էլ մյուս բոլոր հայտարարատուների համար փաստացի 2020 և 2021 թվականների հայտարարագրեր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն այս պահին չի ընձեռում։ ԿԿՀ-ն, փաստացի, այդպես էլ չի մանրամասնում՝ ինչու է 2020 թվականի համապատասխան հայտարարագրերը չստանալը կապում 2023-ին նոր համակարգի տեխնիկական աշխատանքների հետ, չէ՞ որ դրանք պիտի ստացվեին 2021 թվականին կամ 2022-ին։    Հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով հարուցված վարույթները Հայաստանում կա մի քանի համանման դեպք, երբ հայտարարագիր չներկայացնելը հայտարարատուների համար հետևանքներ է առաջացրել, ընդհուպ մեղադրական դատական ակտ։ Օրինակ՝ Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալը չէր ներկայացրել հայտարարագիր, ապա նրան ծանուցվել էր հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։ Պաշտոնատար անձը շարունակել էր չներկայացնել, հարուցվել էր քրեական գործ, սկսվել և ավարտվել էր նախաքննությունը, ու գործը մտել էր դատարան։ Պաշտոնյան մեղավոր էր ճանաչվել, դատապարտվել 1 տարվա ազատազրկման, բայց փորձաշրջան էր սահմանվել, ու ազատազրկման պատիժը չէր կիրառվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի գործունեության հաղորդումից տեղեկանում ենք, որ ԿԿՀ-ն անցած տարվա ընթացքում գրավոր ծանուցումից հետո հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով 97 վարույթ է հարուցել։ Բացի այդ՝ դատախազություն են ուղարկվել մեկ վարչական վարույթի նյութեր այն հիմքով, որ հայտարարատուի կողմից դիտավորյալ չի ներկայացվել հայտարարագիր։ Ըստ ԿԿՀ 2021-ի հաղորդման՝ հայտարարատուի կողմից օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո հայտարարագիր չներկայացնելու հիմքով հարուցվել էր 30 վարույթ։  Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
18:15 - 06 մայիսի, 2023
Գործակարգավարական նիստը Ավինյանի վարելով՝ խախտվել է քաղաքապետի որոշումը․ վերջինս հետագայում փոփոխվել է

Գործակարգավարական նիստը Ավինյանի վարելով՝ խախտվել է քաղաքապետի որոշումը․ վերջինս հետագայում փոփոխվել է

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որին պարբերաբար մեղադրում են ժամանակից շուտ նախընտրական քարոզարշավ սկսելու մեջ («Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ 2022 թ․ մարտին է հայտարարել, որ ՏԻՄ առաջիկա ընտրություններում Ավինյանն է քաղաքապետի իր թեկնածուն), մեկ ամսից ավելի է՝ ի թիվս այլնի, երբեմն վարում է Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունները։  2022 թ․ սեպտեմբերին՝ քաղաքապետի տեղակալ ընտրվելիս, նախկին փոխվարչապետ Ավինյանը նշել էր, որ ընդհանուր առմամբ համակարգելու է հինգ ոլորտ՝ թաղապետարանների վերահսկում, շինբարեկարգում, կանաչապատում, մշակույթ եւ Կառավարության հետ իրականացվող աշխատանքներ։ Միայն վերջերս՝ այս տարվա մարտի 27-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, նա հայտնեց, որ Երեւանի փոխքաղաքապետեր Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի եւ Սուրեն Գրիգորյանի հետ աշխատանքի որոշակի բաժանում են արել․ «Ըստ այդմ, գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»,- ասաց նա։ Աշխատանքի որոշակի բաժանումը, ըստ ամենայնի, քաղաքապետի տեղակալները պայմանավորել են արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով․ նրանից հետո Լեւոն Հովհաննիսյանը, որ քաղաքապետի առաջին տեղակալն է, օրենքի ուժով ստանձնեց նաեւ քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Գործակարգավարական խորհրդակցությունները վարելը նույնպես Լեւոն Հովհաննիսյանի, այլ ոչ թե Տիգրան Ավինյանի լիազորությունն էր։ Տիգրան Ավինյանը՝ որպես քաղաքապետի տեղակալ, այդ փուլում գործակարգավարական խորհրդակցությունները վարելու իրավասություն չուներ Այսպես․ Երեւանի քաղաքապետի՝ 2017 թվականի հունիսի 13-ի 1993-Ա (նշված է «Ա»՝ անհատական իրավական ակտ, թեեւ իր բնույթով ներքին՝ լոկալ իրավական ակտ է) որոշումը սահմանում է Երեւանի քաղաքապետի կողմից գործակարգավարական խորհրդակցությունների անցկացման կարգը։ Այդ խորհրդակցությունները հրավիրվում են շաբաթական մեկ անգամ՝ Քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման ընթացքում քաղաքապետի կողմից տրվող հանձնարարականներն ամփոփելու եւ համակարգելու, համապատասխան պաշտոնատար անձանց առաջարկությունները եւ հաշվետվությունները քննարկելու նպատակով։  Որոշման 1-ին մասը սահմանում էր, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Այլ իրավակարգավորումներ չլինելու պայմաններում քաղաքապետի բացակայություն ասելով՝ պետք է հասկանալ նաեւ հրաժարականից հետո նրա լիազորությունների դադարումը, ինչից հետեւում է, որ գործակարգավարական նիստերը պետք է վարեր ոչ թե քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որն այդպիսի իրավասություն այդ փուլում չուներ, այլ քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ընդ որում, քաղաքապետի որոշմամբ սահմանված այս նորմի տրամաբանությունը լիովին համընկնում է օրենսդրի տրամաբանությանը (կամքին), քանի որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, որով կարգավորվում է ճիշտ նույն իրավիճակը Երեւանի ավագանու նիստերի համար, նույնպես սահմանված է, որ ավագանու նիստերը հրավիրում եւ վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը մարտի 28-ին գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե իրավական ինչ հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Հիշյալ նորմի փոփոխված լինելու պարագայում խնդրել էինք հայտնել փոփոխության հստակ ամսաթիվը՝ կից ուղարկելով վերջին խմբագրությամբ տարբերակը։ Ընդ որում, հարկ է նշել, որ հարցումն ուղարկելուց առաջ մենք մանրամասն ուսումնասիրել էինք Քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Քաղաքապետի որոշումներ» բաժինը եւ պարզել, որ հիշյալ որոշումը (դրա մեկ այլ դրույթ) վերջին անգամ փոփոխության էր ենթարկվել 2022 թ․ հունվարի 21-ին (որոշումների ինկորպորացիաները կայքում առկա չեն, ուստի ոչ մի փոփոխություն բաց չթողնելու համար որոշման համարը որոնման դաշտում փնտրելուց բացի փնտրել ենք նաեւ էջ առ էջ)։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ ապրիլի 4-ին կապ ենք հաստատել Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատարի տեղակալ Տարոն Գեւորգյանի հետ, որը, սակայն, ասել է, թե հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հարցումն ուղարկել ենք երկրորդ անգամ։ Օրեր անց՝ ապրիլի 10-ին, Լրատվության վարչությունն ուղարկել է գրություն այն մասին, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում։ Թեեւ տարակուսելի է, թե լրացուցիչ ինչ աշխատանքի անհրաժեշտություն պիտի լիներ, եթե իրավական համապատասխան հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ենթադրվում է, աշխատանքի բաժանում կատարելիս պետք է արդեն իսկ ուսումնասիրված եւ վերլուծված լիներ, այնուհանդերձ որոշել ենք սպասել 30-օրյա ժամկետում տեղեկության տրամադրմանը։ Քաղաքապետարանը փոփոխել է իր որոշումը՝ համապատասխանեցնելով Տիգրան Ավինյանի պաշտոնին Մինչ 30-օրյա ժամկետը կլրանար, մենք նկատեցինք, որ Քաղաքապետարանի կայքում տեղադրվել է քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանի N 715-Ա որոշումը՝ 2017 թ․ հիշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (դարձյալ նշված է «Ա», սակայն որոշումը բնույթով լոկալ իրավական ակտ է)։ Փոփոխությամբ խմբագրվել է որոշման հիշյալ դրույթը՝ շարադրվելով այսպես․ գործակարգավարական խորհրդակցությունը վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը։ Այսպիսով, փաստացի ստեղծվել են իրավական հիմքեր գործակարգավարական խորհրդակցությունները Երեւանի քաղաքապետի բոլոր տեղակալների, այդ թվում՝ Տիգրան Ավինյանի կողմից վարելու համար։  Ուշագրավ է, որ որոշումը կայացվել է 2023 թ․ մարտի 31-ին, այսինքն՝ Տիգրան Ավինյանի կողմից գործակարգավարական խորհրդակցությունն առաջին անգամ վարելուց 4 օր անց՝ մեր հարցումն ուղարկելուց հետո միայն (խոսքն այն հարցման մասին է, որը, ըստ Քաղաքապետարանի, չեն ստացել)։ Ըստ կայքում արտացոլված տվյալների՝ որոշումը հրապարակվել է ապրիլի 3-ին։  Փոփոխված որոշմամբ նշված չէ, թե այն երբ է ուժի մեջ մտնում, որպեսզի կարողանանք հստակ ասել, թե մինչեւ որ պահը Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունները վարելու իրավասություն չուներ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) կարգավորում է այս հարցը՝ յուրաքանչյուր տեսակի իրավական ակտի համար որոշակի ժամկետ սահմանելով։ Այս պարագայում էլ, սակայն, խնդիր է ծագում իրավական ակտի ճիշտ տեսակի սահմանման հետ կապված։ Ինչպես արդեն նշեցինք, որոշումն անհասկանալիորեն նշվել է «Ա» տառով, այսինքն՝ որպես անհատական իրավական ակտ, սակայն դրա բովանդակությունից ակնհայտ է, որ այն անհատական իրավական ակտի հետ որեւէ աղերս չունի։ Անհատական իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետեւանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Լեւոն Հովհաննիսյանի որոշման մեջ անհատապես որեւէ անձի մասին հիշատակում չկա, այն չի վերաբերում կոնկրետ անհատների, որպեսզի ժամկետը հաշվարկվի որոշման մասին նրանց իրազեկելուն հաջորդող օրվանից, ինչպես օրենքով է նախատեսված։ Որոշումը ընդհանրական ձեւով սահմանում է կանոններ Քաղաքապետարանի ներքին աշխատանքը կարգավորելու համար, հետեւաբար այն ներքին իրավական ակտ է։  Ներքին իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից։ Որոշման մեջ նշված «Երեւանի քաղաքապետ»-ը, «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ»-ը եւ «Երեւանի քաղաքապետի տեղակալներ»-ը պաշտոններ են, որոնք զբաղեցնող անձինք հենց աշխատանքային հարաբերությունների մեջ են այն ընդունող մարմնի՝ Քաղաքապետարանի հետ։ Ներքին իրավական ակտը, օրենքի համաձայն, ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից (տվյալ դեպքում հաջորդող օրը ապրիլի 4-ն է), եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ (որոշման մեջ ժամկետ սահմանված չէ), կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Այսինքն՝ եթե համապատասխան անձինք ապրիլի 3-ից առաջ իրազեկվել են, եւ որոշումն ուժի մեջ է մտել դրա հաջորդ օրը, ապա  Ավինյանն իրավասու չի եղել վարելու միայն մարտի 27-ի գործակարգավարական խորհրդակցությունը, իսկ եթե առանձին իրազեկում չի եղել, եւ որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման հաջորդ օրը, ապա քաղաքապետի որոշումը խախտվել է՝ թե՛ մարտի 27-ի, թե՛ ապրիլի 3-ի խորհրդակցությունները Ավինյանի կողմից վարելով։ Հավելենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ իրավական ակտը ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը (այսինքն՝ իրավական ակտը՝ ներառյալ սկզբնական տեքստը, երբեւէ կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները): Քաղաքապետարանի կայքում, սակայն, քաղաքապետի որոշումների ինկորպորացիաները առկա չեն, ինչը նաեւ լրացուցիչ դժվարություն է ստեղծում որոշումների վերջին խմբագրությամբ տարբերակը գտնելու կամ նախորդ խմբագրությամբ տարբերակների հետ համեմատելու համար։ Քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը  Երեկ՝ մայիսի 4-ին, մենք կապ ենք հաստատել Լրատվության վարչության պետի պաշտոնակատարի տեղակալ Տարոն Գեւորգյանի հետ՝ հասկանալու համար՝ պատասխան ի վերջո ուղարկվելու է թե ոչ։ Նշենք, որ գրավոր հարցմանը պատասխանելու՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները ենթադրում են ոչ թե աշխատանքային, այլ օրացուցային օրերը (քանի որ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային, այլ աշխատանքային օրերի, ապա դա պետք է հատուկ նշվի, իսկ այդպիսի նշում առկա չէ), մինչդեռ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որպես կանոն, հաշվարկը միայն աշխատանքային օրերով են անում՝ այդպիսով արհեստականորեն երկարաձգելով այդ ժամկետը։  Տարոն Գեւորգյանը մեզ հայտնել է, որ տեխնիկական խնդիրներ կան եւ խնդրել հնարավորության դեպքում սպասել մինչ այսօր։ Խնդրել ենք այդ դեպքում պատասխանն ուղարկել օրվա առաջին կեսի ընթացքում, սակայն մինչ այս պահը չենք ստացել։ Ստանալու դեպքում այն եւս կհրապարակենք։ ԼՐԱՑՈՒՄ Նյութի հրապարակումից ժամեր անց Քաղաքապետարանը ուղարկեց գրություն, որում, ըստ էության, առկա չէ մեր այն հարցի պատասխանը, թե մարտի 27-ի դրությամբ ինչ իրավական հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Պատասխանում, մասնավորապես, ասված է․ «Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություններ անցկացնելու պարտադիր պահանջ եւ ընթացակարգ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով կամ որեւէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ: Երեւան քաղաքում առկա խնդիրների հնարավոր լուծումների քննարկման եւ դրանց լուծման համար հանձնարարականներ տալու նպատակով Երեւանի քաղաքապետի 13.06.2017 թ․ N 1993-Ա որոշմամբ սահմանվել է, որ յուրաքանչյուր շաբաթ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվելու է աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ սահմանվել է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր հրավիրված են մասնակցելու կազմակերպվող խորհդակցություններին, իսկ Երեւանի քաղաքապետի 31.03.2023 թ․ N 715-Ա որոշմամբ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ նշված խորհրդակցությունները վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կամ Երեւանի քաղաքապետի տեղակալներից մեկը: Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանում գրեթե ամեն օր տեղի են ունենում այլ խորհդակցություններ եւս, որոնք վարում են Երեւանի քաղաքապետի մյուս տեղակալները կամ այլ պաշտոնյաններ»,–նշել են Քաղաքապետարանից՝ հավելելով, որ 13.06.2017 թ․ N1993-Ա եւ 31.03.2023 թ․ N 715-Ա որոշումներին կարելի է ծանոթանալ www.yerevan.am կայքում։   Միլենա Խաչիկյան
14:00 - 05 մայիսի, 2023
ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա բարձրաստիճան սպաների

ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա բարձրաստիճան սպաների

44-օրյա պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով դատակոչի ցուցակը կլրացվի։ Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն այսօր միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ զինված ուժերի նախկին եւ գործող բարձրաստիճան 4 զինվորականների։  Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալը, մեղադրվում է  Քրեական օրենսգրքի (2003թ․) 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա գործով դատաքննությունը։ Վերանյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։ Պաշտպանը միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը Անդրանիկ Վերանյանի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Մեջբերելով մի շարք իրավանորմերի դրույթներ՝ Նորիկյանը պնդեց՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԳՇ պետը, հանդիսանալով առանցքային զինվորական, իրականացնում է ԶՈՒ գնդերի տեղաշարժը, մարտական գործողությունների ներգրավվումը կամ դուրս բերումը, այդ ընթացքում անձնակազմի վերաբերյալ համապատասխան որոշումների կայացումը, ուստի այս դեպքում էական է կոնկրետ զորամասի անձնակազմի տեղաշարժի, անմիջապես ԳՇ պետից ստացած հրահանգների եւ մի շարք այլ հանգամանքների պարզումը․ «Այս ողբերգությունը արձանագրվել է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Հարություն Օհանյանը, որպես ականատես մարդ, ում աչքի առաջ իր որդին զոհվել է, Գլխավոր դատախազություն է դիմել դեկտեմբերի 8-ին, այսինքն՝ 2 ամիս անց, ինձ՝ որպես քաղաքացու, հետաքրքրում է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ինչպե՞ս է գնահատել այդ իրավիճակը, այդ ընթացքում ինչո՞ւ առնվազն ծառայողական քննություն չի իրականացրել, այդ ընթացքում ի՞նչ է զեկուցվել ԳՇ պետին այս դեպքի մասին, զեկուցվե՞լ է թե՞ չի զեկուցվել․․․ Պատկերացրեք՝ Հարություն Օհանյանը չէր դիմում Դատախազությանը, հաղորդում չէր ներկայացնում, ԳՇ-ն կամ պետական իրավասու այլ մարմինները որոշակի քայլեր չպե՞տք է ձեռնարկեին 18 զինվորի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ եթե այս գործում իսկապես մեղավորներ կան, ապա նրանք մեկից ավելին պիտի լինեին։ Ըստ Նորիկյանի՝ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորած է նրանով, որ գործով առկա գաղտնի փաստաթղթեր ուսումնասիրելու մասին արձանագրությանը կից ներկայացվել են ոչ գաղտնի՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրեր․ «Պաշտպանության կողմը գտնում է, որ մասնագիտական համատեքստում նշված վարչության պետի հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ սույն քրեական գործի վրա»։ Ինչ վերաբերում է զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, վերջինս, ըստ պաշտպանի, կարող է հայտնել տեղեկություններ՝ զորամասի անձնակազմը մարտական գործողությունների վայր տեղափոխելու, զորամասի անձնակազմին համապատասխան օդային հարձակումների դեպքում հրահանգավորման ապահովման, ԱԹՍ-ների հարձակման դեպքում ենթակա անձնակազմի գործողությունների, սպայական կազմի գործողությունների, կատարված ողբերգության վերաբերյալ ի պաշտոնե ստացած զեկույցների եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ։ Նորայր Նորիկյանն առանձնահատուկ ընդգծեց ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հարցաքննության անհրաժեշտությունը՝ նշելով, որ քրեական գործում առկա է գործով մեղադրող Հայկ Մարգարյանի ցուցումը՝ Բուդաղյանին հարցաքննելու մասին, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը մինչդատական փուլում կարեւորել է նրա հարցաքննությունը, սակայն, չգիտես ինչու, վերջինս չի ընդգրկվել դատակոչված վկաների ցուցակում․ «Դրանից բացի, գործում առկա է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի գրությունը՝ ուղղված Արտակ Բուդաղյանին, որով բարձրացվել են գործի համար առանցքային նշանակության հարցեր, եւ ինչպես այդ հարցերին, այնպես էլ ցուցմունքով Արտակ Բուդաղյանը տվել է էական նշանակություն ունեցող փաստական տվյալներ, որոնք առանցքային են սույն քրեական գործի համար»։ Մեղադրող եւ տուժող կողմերը չառարկեցին միջնորդության դեմ Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը՝ նախ նշելով, որ հիշյալ անձինք դատակոչի ցուցակում չեն ընդգրկվել, քանի որ նախաքննական մարմինը նրանց ցուցմունքները էական չի համարել, սակայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների եւ հարցաքննված վկաների ցուցմունքների պայմաններում ինքը եւս կողմ է, որ նրանք դատակոչվեն եւ հարցաքննվեն․ Լուսանկարում՝ դատախազ Հայկ Մարգարյանը «Ես չեմ առարկում միջնորդության դեմ, ընդամենը մեկ նկատառում․ Գարիկ Մովսեսյանը ՀՕՊ զորքերի պետ է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2021 թ․ օգոստոսի 17-ի հրամանագրով, ըստ այդմ, այդ մասով առարկում եմ, եւ որպես ի գիտություն՝ պատերազմի ժամանակ ՀՕՊ զորքերի վարչության պետը եղել է Արմեն Վարդանյանը, ըստ այդմ, միջնորդում եմ, որ նույն տրամաբանությամբ հրավիրվի ոչ թե Գարիկ Մովսեսյանը, այլ Արմեն Վարդանյանը»,- ասաց մեղադրողը։  Նորայր Նորիկյանը համաձայնեց դիտարկմանը։ Տուժողների իրավահաջորդները նույնպես միացան միջնորդությանը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի․ զորամասերի նախկին հրամանատարներ (ներկայումս ծառայության մեջ են) Բուդաղյանին եւ Գեւորգյանին դատակոչելու մասով բավարարել, իսկ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի, ՀՕՊ վարչության նախկին եւ ներկա պետեր Գարիկ Մովսեսյանի եւ/կամ Արմեն Վարդանյանի մասով՝ հետաձգել մինչ էական հանգամանքների պարզումը։ Դատավոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց՝ որոշումը պայմանավորված է նախ նրանով, որ պաշտպանության կողմը պետք է հնարավորություն ունենա հավասար պայմաններում դատարան կանչելու եւ հարցաքննելու վկաների։ Դրանից բացի, դատավորը նշեց՝ նախկին հրամանատարներին կարող են անմիջականորեն հայտնի լինել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկություններ, իսկ մյուսներին՝ դատարանի այս պահի գնահատմամբ՝ միայն ընդհանրական բնույթ ունեցող տեղեկություններ։ Դատարանը հետաձգված միջնորդությանը կանդրադառնա հիշյալ երկու վկաներին հարցաքննելուց հետո։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեր վկա Երվանդ Իսկանդարյանը․ վերջինս պատշաճ ծանուցվել, սակայն նիստից րոպեներ առաջ էր միայն տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։ Դատարանը տեղեկացրեց, որ հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին։ Հիշեցնենք՝ Անդրանիկ Վերանյանը, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ նաև` ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:   Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը Միլենա Խաչիկյան
19:34 - 28 ապրիլի, 2023
Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում այս տարվա ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում էր 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողությանը։ Հակոբյանն այդ միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ, որի ժամանակ հայտարարեց, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ [․․․] 11 հազար զինվորական, կամավոր, սպա եւ այլն։ 11 հազարը պատկերացնում ենք, չէ՞, ինչ թիվ ա»։ Հնչեցված այս թիվը որոշակի տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, որովհետեւ մինչ այդ պահը պաշտոնական աղբյուրներով այդպիսի մեծ թիվ չէր հրապարակվել, բացի դրանից՝ Հակոբյանի հայտարարությունից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել։ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել Infocom-ը գրավոր հարցումով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նախ ճշտելու ուսումնասիրվե՞լ է արդյոք Աննա Հակոբյանի հայտարարությունը։ Մասնավորապես, ապրիլի 4-ին ՀՀ դատախազությունից հարցրել ենք՝ Աննա Հակոբյանի՝ վերը հիշատակված հայտարարությունը ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է եւ ի՞նչ հոդվածով։ Իսկ եթե վարույթ չի նախաձեռնվել, հարցրել ենք՝ քննիչի կողմից որոշում կայացվե՞լ է վարույթ չնախաձեռնելու մասին, եթե այո, ապա հսկող դատախազը հաստատե՞լ է այդ որոշման օրինականությունը։ Գլխավոր դատախազությունն այս հարցմանը պատասխանելու համար ապրիլի 10-ին՝ օրենքով սահմանված ժամկետից հետո, գրավոր ծանուցել է 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է պահանջվում, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Դատախազությունը ապրիլի 25-ին հարցմանն ի պատասխան հաղորդել է միայն այն, որ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել, իսկ մնացյալ հարցերը թողել է անպատասխան։ Ուստի ապրիլի 26-ին դարձյալ նույն հարցադրումներով գրություն ենք ուղարկել գերատեսչություն՝ խնդրելով ըստ էության պատասխանել հարցման մեջ նշված բոլոր հարցերին։ Այնինչ Դատախազությունը դարձյալ խուսափել է պատասխանել մյուս հարցերին՝ նշելով միայն, որ պատասխան արդեն տրվել է։ Դասալքության, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածներով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդամենը 756 անձ Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո դրան առնչվող բազմաթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ թվում ծառայության վայրն ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդված), ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարված դասալքության (ՀՀ նախկին ՔՕ 362-րդ հոդվածի 3-րդ կետ), զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին  ՔՕ 364-րդ հոդվածի 3-րդ մաս) հոդվածներով։ Ինֆոքոմը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտեին, օրեր անց նաեւ Գլխավոր դատախազությանը՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով այդ գործերի մասին։ Քննչական կոմիտեն ապրիլի 4-ին ուղարկած մեր հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է խնդրել։ Կոմիտեի պատասխանը դեռեւս չենք ստացել։ Ապրիլի 13-ին հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցնելով՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության դեպքի առթիվ մինչ օրս քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել, դրանցից քանի՞սն է նախաքննության փուլում, քանի՞սն է ուղարկվել դատարան, քանի՞սն է կասեցվել եւ ի՞նչ հիմքով, քանի՞սն է կարճվել եւ ի՞նչ հիմքով։ Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք նաեւ, թե նախաքննության փուլում գտնվող եւ արդեն դատարան ուղարկված քրեական վարույթներով ընդհանուր առմամբ քանի՞ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ որ հոդվածների որ մասերով են առաջադրվել մեղադրանքները՝ ըստ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի։ Դատախազությունը, խախտելով օրենքով սահմանված ժամկետը, միայն ապրիլի 25-ին է պատասխանել այս հարցմանը։ Ստորեւ ներկայացնում ենք դատախազության պատասխանը, ապա թե այդ պատասխանից ինչ նոր հարցեր են ծագել։ Այսպես, պատասխանում նշված է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ: Նախաքննության ընթացքում հիշյալ 1786 քրեական վարույթների միացման արդյունքում ներկայում քննվող քրեական վարույթների թիվը 226 է: Ըստ Դատախազության՝ վերը նշյալ հոդվածներով հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ: Այդ 118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ դասալքության հոդվածով եւ 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով: Դատախազությունը հաղորդել է, որ դատարան ուղարկված այդ 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում: Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով կարճվել է 209 քրեական վարույթ, դասալքության հոդվածով՝ 31 քրեական վարույթ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 40 քրեական վարույթ: Իսկ ընդհանուր կարճված 280 քրեական վարույթներից 278-ը կարճվել են արդարացնող հիմքով, միայն 2-ը՝ ոչ արդարացնող: Դատախազության պատասխանում նշված է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության հոդվածով՝ 132 անձ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 444 անձ, ընդհանուր՝ 756 անձ: Դատախազության պատասխանը նոր հարցեր է առաջացնումՆախ նշենք, որ «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ առնվազն անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ։ Այս հարցը ծագում է այն պատճառով, որ, ըստ Դատախազության, երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։ Ընդ որում, դարձյալ անհասկանալի է, թե նշված թվում Դատախազությունը նկատի է ունենում միայն որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձա՞նց, թե նաեւ նրանց, որոնց արդեն առաջադրվել է մեղադրանք (ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն՝ նախ որոշում է կայացվում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ապա նրա ներկայությամբ նրան առաջադրվում է մեղադրանք, իսկ եթե անձի գտնվելու վայրը հայտնի չէ, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից հետո նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում եւ կամ միջազգային հետախուզում)։  Բացի դրանից՝ Դատախազությունը չի հաղորդել նաեւ, թե արդարացնող հիմքով կարճված 278 վարույթներից յուրաքանչյուրով քանի անձ է ունեցել մեղադրյալի կարգավիճակ, եւ, որ ամենակարեւորն է, արդյոք այդ արդարացված անձանց թիվը ներառված է 10687 թվի մեջ։ Պարզաբանման կարիք ունեցող այս հարցերին Դատախազությունից հրաժարվեցին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չտրվեց։ Այսպես, ապրիլի 26-ին ուղարկած նոր հարցմամբ գերատեսչությունից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ինչ է ենթադրում հարցման պատասխանում նշված «10687 անձի վերաբերյալ» ձեւակերպումը։ Արդյո՞ք նշյալ 10687 անձինք մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք են։ Եթե ոչ, ապա խնդրել էինք նշել այդ 10687 անձանցից փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ առանձին-առանձին, իսկ եթե կան անձինք, որոնք այս երեք, պայմանական ասած, կարգավիճակներից դուրս են, ապա ինչպե՞ս է դրսեւորվում նրանց վերաբերելիությունը քրեական վարույթներին։ Հարցրել էինք նաեւ, թե վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված 756 անձինք արդյոք ներառվա՞ծ են 10687 թվի մեջ, եւ նրանցից քանիսի՞ն է փաստացի մեղադրանք առաջադրված, քանի՞սն է հետախուզման մեջ։ Խնդրել էինք տրամադրել նաեւ այն անձանց թիվը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, եւ որոնց նկատմամբ՝ ոչ արդարացնող։ Այս համատեքստում խնդրել էինք հստակեցնել՝ անձինք, որոնց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, ներառվա՞ծ են որպես մեղադրյալ ներգրավված 756 անձանց թվում, թե որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ի սկզբանե ավելին է եղել, այսինքն՝ այս 756 թիվը ներառում է միայն այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձանց։ Ինչպես նաեւ տեղեկություն էինք խնդրել, թե դատաքննությունն ավարտված վարույթներով անցնած 64 անձանցից քանիսի՞ վերաբերյալ է կայացվել արդարացման, քանիսի՞ վերաբերյալ՝ մեղադրական դատական ակտ։ Դատախազությունը հենց այսօր այս անբովանդակ պատասխանն ուղարկեց․ «Ապրիլի 25-ին արդեն իսկ տրվել է պատասխան։ Հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է»։ Անհասկանալի է՝ եթե, ըստ Դատախազության, հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է, ապա էլ ինչու մեզ հորդորեցին դարձյալ գրավոր հարցում ուղարկել։ Այսպիսով, վերը նշված հարցերի պատասխանները չստանալով՝ դժվար է հստակ արձանագրել, թե, ի վերջո, այս պահի դրությամբ դասալքության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթներով կոնկրետ քանի անձի է փաստացի առաջադրվել մեղադրանք։ Եթե անգամ համարենք, որ վերը հիշատակված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը փաստացի մեղադրյալների թիվն է, պետք է չմոռանալ, որ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ, եւ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ 64 անձանց վերաբերյալ կայացված դատավճիռների բնույթն էլ, ինչպես նշեցինք, Դատախազությունը չի տրամադրել:  Եւ, այդուհանդերձ, տրամադրված պատասխաններից կարող ենք եզրահանգել, որ 11 հազար դասալիքի մասին հայտարարությունը մանիպուլյատիվ է, եւ, ըստ ամենայնի, Դատախազությունը դրան մոտ մի ընդհանրական թիվ է ներկայացրել, որպեսզի պատճառաբանվի նաեւ, թե ինչու քրեական վարույթ չի նախաձեռնվել Աննա Հակոբյանի հայտարարության հիմքով։  Թեմայի շարունակությունը՝ «Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ» վերտառությամբ հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
23:05 - 27 ապրիլի, 2023
Շուտով, առաջիկայում, 2022-ի տարեվերջ, 2023-ի տարեվերջ․ երբ ամբողջապես կներդրվի քարտային տոմսավորման համակարգը

Շուտով, առաջիկայում, 2022-ի տարեվերջ, 2023-ի տարեվերջ․ երբ ամբողջապես կներդրվի քարտային տոմսավորման համակարգը

Դեռ երեք տարի առաջվանից, երբ Երեւան քաղաքը սպասում էր նոր ավտոբուսներին, բազմիցս հայտարարվել է, որ դրանցում տեղադրվելու է քարտային տոմսավորման համակարգ։ Իրավասու պաշտոնյաների հայտարարությունները, սակայն, որեւէ անգամ հստակ ժամանականշում չեն ունեցել․ մշտապես հնչել են «մի քանի ամսից, առաջիկայում, շուտով» եւ այստեսակ այլ արտահայտություններ։ Երեւանի տրանսպորտային համակարգ մուտք գործած նոր ավտուբուսներում մինչ օրս այդ համակարգը ամբողջությամբ ներդրված չէ, միայն վերջին շաբաթների ընթացքում, երբ որոշ երթուղիներում վերջին գնված ավտոբուսները սկսեցին սպասարկել, դրանցում ներդրվեց համակարգի փորձնական մոդելը։ Այսպես, 2020թ․ հուլիսին Երեւանի քաղաքապետարանը հաղորդեց, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափսի ավտոբուս է ձեռք բերվելու։ Մրցույթում մասնակիցներին առաջադրված պայմաններից մեկը վարորդի խցիկում քարտային տոմսավորման հնարավորությունն էր։ Այդ ավտոբուսները եկան Երեւան, եւ 2021թ․ հուլիսին Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ մի քանի ամսից անցում կկատարվի էլեկտրոնային վճարման համակարգի։ 2021թ․ տարեվերջին եկավ ավտոբուսների նոր խմբաքանակ, որը եւս ձեռք էր բերվել մայրաքաղաքի բյուջեով։ Դրանցում եւս նախատեսված է տեղադրել քարտային տոմսավորման համակարգ, սակայն գործում են միայն մետաղադրամ ընդունող սարքերը։  Հաջորդ տարի՝ 2022-ի ապրիլին, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ շուտով գործարկվելու է միասնական վճարային համակարգի փորձնական՝ պիլոտային տարբերակը, որի արդյունքները հաշվի առնելով՝ կանցնեն համակարգի ամբողջական տեղադրմանը։ Բայց հստակ ժամկետներ պաշտոնյան չնշեց։ Ամիսներ անց էլ Երեւանի քաղաքապետարանը «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան էր հավաստիացրել, որ էլեկտրոնային համակարգն, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչեւ տարեվերջ։  Չնայած այս հավաստիացումներին եւ հայտարարություններին, միայն 2022թ․ նոյեմբերի 8-ին էր Երեւանի քաղաքապետի որոշմամբ հայտարարվել հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ, որն ամփոփվել էր նույն թվականի դեկտեմբերի 13-ին։ Մրցույթում հաղթել էր «Թել-Սել» ՓԲԸ-ն: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ մինչ այդ հնչած հայտարարությունները հիմնված չեն եղել այս ուղղությամբ փաստացի կայացված որոշումների վրա։   Infocom-ը ս․թ․ մարտի 30-ին Երեւանի քաղաքապետարանից հարցմամբ, ի թիվս այլնի, հետաքրքրվել է, թե ինչ գործոններով պայմանավորված մինչ օրս չեն ներդրվել համակարգի պիլոտային եւ հիմնական տարբերակները, ինչ փուլում են համակարգի պիլոտային տարբերակի ներդրման աշխատանքները, երբ եւ քանի ավտոբուսում է ներդրվելու պիլոտային տարբերակը, որ երթուղիները սպասարկող ավտոբուսներն են լինելու դրանք եւ այլն։  Քաղաքապետարանից ապրիլի 5-ին տրամադրած պատասխանում նշել են, որ ներկայումս ընթանում են համակարգի ներդրման աշխատանքները՝ ըստ սահմանված գրաֆիկի, եւ վստահեցնում՝ որևէ հետաձգում առկա չէ։ Համակարգի հիմնական ներդրումը, ինչպես նշում են քաղաքապետարանից, տևելու է 12 ամիս՝ համաձայն կնքված պայմանագրի։ Հիմնական ներդրումը 3 փուլի է բաժանված․ պիլոտային ներդրում մեկ երթուղում՝ սահմանափակ ֆունկցիոնալությամբ,  համակարգի ամբողջական ներդրում առկա տրանսպորտային միջոցներում, համակարգի ներդրում հետագայում ձեռք բերվող և համալրվող ավտոբուսներում։ Հարցման պատասխանում ասվում է, որ արդեն իսկ պիլոտային ներդրման համար «Թել-Սել» ՓԲԸ-ն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ (տոմսային համակարգի ձեռքբերում, վալիդատորների ձեռքբերում, ծրագրային կարգաբերում, ինտեգրում «Թել-Սել» վճարային համակարգի հետ և այլն)։ «Առաջիկայում փորձնական վալիդատորները կտեղադրվեն հասարակական տրանսպորտի մեկ երթուղում, որի երթուղու, տոմս ձեռք բերելու, վալիդատորից օգտվելու և այլնի մասին կարվի հայտարարություն»,- հայտնում են քաղաքապետարանից: Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանն այս անգամ արդեն հաղորդում է, որ քարտային համակարգի ներդրման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն դարձյալ հստակ ժամկետներ չեն նշվում․ միայն այն, որ ընդհանուր ներդրումը տեւելու է 12 ամիս, բայց չկա հստակեցում՝ թե երբվանից սկսյալ։ Պայմանագրի կնքման ամսաթվից կարելի է ենթադրել, որ 12 ամիսը հաշվվում է այդ պահից, քանի որ պայմանագիրն էլ ուժի մեջ է մտել ստորագրման պահից։ «Թել-Սել» ընկերությունից Infocom-ի՝ ապրիլի 5-ին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան ապրիլի 12-ին տեղեկացրել են, որ Ընկերության կողմից կատարվել է համակարգի պիլոտային շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռք բերում, ընթանում են կարգաբերման և «Թել-Սել» վճարային համակարգի հետ համակցման աշխատանքները: Ընկերությունը վստահեցրել է, որ համակարգի պիլոտային շահագործումը պլանավորվում է սկսել մայիսին, այն տեւելու է մոտ երկու ամիս: «Պիլոտային ծրագրի հաջող ավարտից հետո Համակարգի ամբողջական ներդրումն Ընկերությունը կիրականացնի 9 ամսվա ընթացքում: Հավելենք, որ հաշվարկը իրականացվում է պայմանագրով սահմանված կարգով»,- պատասխանել են Ընկերությունից՝ նշելով, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հետ կապված պետությունն ընդհանրապես գումար չի ծախսելու, եւ որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է «Թել-Սել» ընկերության ֆինանսական միջոցներով: Հետաքրքրվել էինք նաեւ, թե այս պահի դրությամբ քանի համապատասխան սարք է ձեռք բերել Ընկերությունը, ինչ սարքեր են դրանք (վալիդատոր եւ այլ), եւ թե ինչ արժեք ունեն դրանք։ Պատասխանել են, որ այս տեղեկատվությունը ներառում է առևտրային գաղտնիք, և այն նպատակահարմար չի համարվում հրապարակել: Ինֆոքոմը Երեւանի քաղաքապետարանին խնդրել է նաեւ Ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի օրինակը։ Քաղաքապետարանից նշել են, որ պայմանագրում փոփոխություններ են արվում, ինչից հետո այն կհրապարակվի։ Հետգրություն․ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ս․թ․ ապրիլի 17-ին Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, որ վերջերս գծերում ներմուծվել են նոր ավտոբուսները, եւ դրան զուգահեռ «հենց այս պահին ներդրվում է տոմսային համակարգը»։ Ավինյանը հայտնեց, որ MAN ավտոբուսներում տոմսային համակարգը հիմա փորձնական ներդրված է, վճարում անել էլ հնարավոր է մի քանի եղանակով, այդ թվում՝ քարտով, հեռախոսով, QR կոդով, իսկ ապագայում նաեւ տրանսպորտային քարտերով։ Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ մինչեւ տարվա վերջ միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ ներդրված է լինելու ե՛ւ ավտոբուսներում, ե՛ւ գազելներում, ե՛ւ մետրոյում։ Հայարփի Բաղդասարյան
12:25 - 25 ապրիլի, 2023
«Հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը թե՞ չէ»․ Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվեց

«Հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը թե՞ չէ»․ Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվեց

Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց Աբրահամյանի պաշտպանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը։ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ․ որպես այդպիսին քննչական մարմինը համարել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։ Սեւակ Աբրահամյանը կալանավորված է շուրջ 9 ամիս եւ մեղադրանքը չի ընդունում։ Ըստ հանրային մեղադրողների՝ կալանքից բացի այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը Այսօրվա դատական նիստին քննարկվեց Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հարցը, որի ժամկետը մոտ օրերս՝ ապրիլի 28-ին, լրանալու է։ Ընտրված խափանման միջոցի երկարաձգման հարցը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի, նախնական դատալսումների փուլում քննարկման ենթակա հարցերից է։ Լուսանկարում՝ դատախազներ Վազգեն Վարդանյանը, Հայկ Ռափյանը Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը դիրքորոշում հայտնեց դրա վերաբերյալ՝ նշելով, որ չեն վերացել կալանքի հիմքերն ու հիմնավորումները։ Վարդանյանը չմանրամասնեց դրանք, միայն ասաց՝ որեւէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի այն պետք է մնա անփոփոխ։ Հանրային մեղադրող Հայկ Ռափյանը, որ այսօր ներգրավվեց քրեական գործով, միացավ իր գործընկերոջ դիրքորոշմանը։ Պաշտպանի խոսքով՝ չկա վկա, որի վրա Աբրահամյանը կցանկանա ազդեցություն գործադրել Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը միջնորդեց փոփոխել խափանման միջոց կալանքը՝ ընտրելով տնային կալանք կամ բացակայելու արգելք՝ գրավի հետ համակցությամբ։ Ըստ Թամրազյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանք չի կարող կիրառվել մի քանի պատճառաբանությամբ։ Առաջինը, ըստ նրա, այն է, որ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որ մեղսագրվում է Աբրահամյանին, վերաբերում է կոնկրետ Հայաստանի Հանրապետության վրա հարձակմանը, մինչդեռ 6-րդ պաշտպանական շրջանը Արցախում, այլ ոչ թե ՀՀ–ում է պաշտպանություն իրականացրել․ «Կոնկրետ դեպքում հանցագործության անմիջական օբյեկտը ՀՀ սահմաններն են, ՀՀ եւ Արցախի Հանրապետության սահմանները չեն նույնանում, քանի որ դրանք տարբեր սուբյեկտներ են, եւ միայն այդ հիմքով մենք գործ ունենք հանցակազմի բացակայության հետ»,– ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ երբ այդ մասին հայտնել են քննչական մարմնին, վերջինս վկայակոչել է ՀՀ–ի եւ Արցախի միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ ՀՀ զինծառայողները կարող են Արցախում ծառայել, ինչպես նաեւ՝ Եվրոպական դատարանի այն դիրքորոշումները, ըստ որոնց՝ ՀՀ–ն իրավազորություն ունի ԱՀ–ում կատարված գործերի քննության առումով․ «Բայց պաշտպանական կողմը չի վիճարկում այդ իրավազորությունը, չի վիճարկում այդ համաձայնագիրը, այլ նշում է, որ Քրեական օրենսգիրքը որեւէ կապ չունի այդ համաձայնագրի հետ»։ Մյուս հանգամանքը, ըստ պաշտպանի, այն է, որ քննիչը, որը կազմել է Աբրահամյանի մեղադրական եզրակացությունը, չի ունեցել դրա լիազորությունը։ Բանն այն է, որ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը որպես մաս անջատվել է մեկ այլ՝ մայր քրեական վարույթից, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մաս անջատելու որոշման մեջ պետք է նշվի նաեւ այն պաշտոնատար անձի անունը, որը պետք է ստանձնի այդ վարույթը։ Տվյալ որոշման մեջ, ըստ պաշտպանի, դա չի նշվել։ Լուսանկարում՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Արման Թամրազյանն ընդգծեց՝ կա ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվ (հրահանգ), որը սահմանում է, որ խաղաղ ժամանակ զորքը լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի կարող են բերել միայն ԶՈՒ ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը, որոնք նման որոշում չեն կայացրել, իսկ ստորաբաժանման ղեկավարները, ինչպիսին եղել է Աբրահամյանը, նման իրավունք ունեն միայն հարձակումից հետո․ «Որ ասում են՝ Սեւակ Աբրահամյանին զեկուցել են, որ առաջնագծից տեղեկություններ են ստացվել․․․ Սեւակ Աբրահամայանն ընդունել է, ասել է՝ այո, ինձ զեկուցել են, բայց ես զորքը չեմ բերել լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի, որովհետև դրա իրավասությունը չեմ ունեցել։ Ասել է՝ ես չեմ գնահատել հակառակորդի շարժը պատերազմի սկսման հավանակության մասին վկայող նախանշաններ»,- ասաց Թամրազյանը։ Վերջինս հորդորեց անկողմնակալ դիտորդներին պատճառահետեւանքային կապը հասկանալ․ եթե հակառակորդի ուժերը 10 անգամ գերազանցել են, բարձրաստիճան զինվորականնների ցուցմունքներով հաստատվել է, որ 6-րդ պաշտպանական շրջանը չի ունեցել  հակառակորդին դիմակայելու համար սպառազինության կոնկրետ տեսակներ, մոբիլիզացիա չի արվել, իսկ արվելուց հետո սահմանված 30-40 տոկոսով զորքը չի ավելացել, համալրվածների 90 տոկոսն էլ իրենց հաստիքներին չեն համապատասխանել, Սեւակ Աբրահամյանի կողմից սեպտեմբերի 26-ին ժ․ 17։00-ից մինչ 23։00-ն կազմակերպված խնջո՞ւյքն է պատճառական կապը, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00-ից սկսած 5 օր պատերազմելով՝ Մատաղիսն ու Թալիշն ի վերջո գրավել են․ «Այսինքն՝ եթե խնջույքը չլիներ, չէի՞ն գրավի»,– հռետորական հարց հնչեցրեց պաշտպանը։ Նա պնդեց՝ նախաքննություն ավարտվել է,ապացույցները՝ հավաքվել, այժմ չկա որեւէ վկա, որի վրա Աբրահամյանը ցանկանա ազդեցություն ունենալ կամ որեւէ ապացույց, որը ցանկանա խեղաթյուրել․ «Դատակոչի ցուցակում 51 վկա կա, դատարանի ծանրաբեռնվածությունը, իմ պրակտիկան հաշվի առնելով՝ 51 վկայով գործի դատաքննությունը տեւելու է 4-5 տարի, այսինքն՝ 5 տարի Սեւակ Աբրահամյանը պիտի մնա կալանքի տա՞կ։ Եթե չկոնկրետացնենք այն վկաներին, ում վրա կարող  է ազդեցություն ունենալ, բերենք, իրենց հարցաքննենք, հետո հասկանանք՝ կարող է կալանքը վերանայվել, թե չէ, սա ակնհայտ վեր է ածվում պատժի»,– ասաց նա։ Սեւակ Աբրահամյանը վստահ չէ՝ մարդիկ իրականությունն իմանալո՞ւ են թե՞ ոչ Քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը՝ հավաստիացնելով, որ ազատության մեջ մնալու դեպքում չի պատրաստվում խոչընդոտել գործի քննությանը․ «Ես ասել եմ՝ եթե 6–րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ գործ չհարուցվի, չեմ ծառայելու զինված ուժերում, ես իմ խոստումը կատարել եմ, բարձր պաշտոնից իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, զուտ որովհետեւ գործ չէր հարուցվում»,– ասաց նա՝ ընդգծելով, որ երբ իր որդուց տեղեկացել է հարուցված քրեական գործի մասին, գտնվել է ՌԴ–ում եւ մեկ շաբաթվա ընթացքում ինքնակամ վերադարձել է ՀՀ․ «Ես քննիչի հետ խոսել եմ, ասել եմ՝ փառք Աստծո, ասել է՝ ի՞նչ, ասել եմ՝ փառք Աստծո, որ քրեական գործ է հարուցվել, ուրեմն ես ձեզ պետք եմ լինելու․․․ Մինչեւ վերջ մնացել եմ քննիչի հետ, իր խնդրանքով աշխատել եմ, ման ենք եկել մարդկանց, փոխանցել եմ տվյալներ, հասցեներ, այսինքն՝ աջակցել եմ, համագործակցել եմ ամեն ձեւ՝ շատ լավ իմանալով, որ այդ բոլոր դեպքերով ես հարցաքննվելու եմ ինչ–որ կասկածանքի շուրջ»։ Աբրահամյանն ընդգծեց՝ իր ենթակա անձնակազմից, մասնավորապես 1-ին եւ 4-րդ գումարտակներից չկա գեթ մեկ անձ, որի ցուցմունքի հետ ինքը անհամաձայնություն, ըստ այդմ՝ ազդեցություն գործադրելու անհրաժեշտություն ունենա․ «Բառ առ բառ, տառ առ տառ համաձայն եմ ցուցմունքներին, ես չեմ առարկում իրենց ասածին, որ խոչընդոտեմ, իմ ասածը հակասում է իմ վերադասի՝ ԳՇ պետի տեղակալի ասածին, որը ինձ առաջադրել է մի խնդիր, բայց ցուցմունքում նշել է մեկ այլ խնդիր»։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Աբրահամյանը հայտնեց, որ կալանավայրում որեւէ խնդիր չունի, բայց մտավախություն ունի՝ դատավարության վերջը կտեսնի՞ թե՞ չէ․ «Ես կալանավայրում մնալու պրոբլեմ չունեմ, ինչ խցիկում հիմա մնում եմ, ավելի սիրուն է կահավորած, քան իմ անձնական սենյակը, ուր անցկացնում էի 25 տարի ծառայությունից հետո, ընդհանրապես, ես հիմա ավելի ապահով եմ, քան իմ մայրը, որ Արցախում շրջափակման մեջ է, հարցը էդ չէ, հարցն էն է՝ ես ձգելու՞ եմ մինչեւ ձեր դատավարության վերջը թե՞ չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը թե՞ չէ, դա ես կասկածում եմ, իմ առողջությունը թույլ չի տալիս»,– ասաց նախկին հրամանատարը։ Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց երկարաձգել Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանքը 3 ամսով։ Նիստի ավարտին՝ նախքան դահլիճը լքելը, Աբրահամյանը դիմեց դահլիճում գտնվող իր ծանոթներին․ «էս ա, ախպե՛րս, չեմ կարողանում․․․ Ապացուցելու եմ, ասել եմ՝ բացելու եմ, լրիվ բացելու եմ»։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 14-ին։   Միլենա Խաչիկյան
22:14 - 21 ապրիլի, 2023
Մատաղիսի զորամասի հրամանատարի գործը դատարանում է․ պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործը դատարանում է․ պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր կայացավ Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։ Այս քրեական գործը տարեսկզբին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ կողմերը միջնորդել էին փոխել տարածքային ընդդատությունը, քանի որ վարույթի մասնավոր մասնակիցների եւ վկաների մեծամասնությունը չի բնակվում Սյունիքի մարզի տարածքում։ Դատարանը, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, բավարարել էր միջնորդությունը՝ գործն ուղարկելով Երեւան։  Հիշեցնենք՝ Սեւակ Աբրահամյանը մեղադրվում է  մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, որի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի հարձակումը: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի՝ 2020 թ․ սեպտեմբերի 23-ից մինչ 26-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն արձակել է 4 տարբեր կարգադրություններ՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու, մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերին հակազդելուն պատրաստ լինելու, հակառակորդի կազմում եւ գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես ըստ վերադասության զեկուցելու, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում հետախուզության բոլոր ձեւերը ուժեղացնելու, «Մարտական» աշխատանքային ռեժիմի անցնելու եւ այլնի մասին։ Գնդապետ Աբրահամյանը, սակայն, ըստ մեղադրանքի, չի պահպանել ԳՇ պետի, ՊԲ հրամանատարի արձակված կարգադրությունների, հրամանների, ինչպես նաեւ «Մարտական կանոնադրության» պահանջները։ Դրա փոխարեն սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ իր կողմից հրավիրված այլ հյուրերի` ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում եւս ստացել է առաջնագծում եւ հակառակորդի թիկունքում ուժերի եւ միջոցների տեղաշարժերի, կուտակումների, մարտական գործողությունների վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաեւ՝ վերախմբավորում կատարելու, պաշտպանության անցնելու եւ չպահվող մարտական դիրքերը անձնակազմով համալրելու առաջարկներ։ Ի պաշտոնե պարտավոր լինելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Աբրահամյանը, ըստ մեղադրանքի, բավարարվել է միայն ստեղծված իրավիճակի մասին անմիջական պետին բջջային հեռախոսով զեկուցելու փորձերով։ Արդյունքում, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է գործել ՊԲ տվյալ զորամասի պաշտպանական բնագծի երկայնքով, առաջիկա ժամերին հայկական զորքին մեծ կորուստներ պատճառելով, ճեղքել է պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, գրավել գերիշխող բարձունքները, գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթեւյան հատվածում մարտնչող անձնակազմին, ինչով պայմանավորված էլ ՊԲ հրամանատարի որոշմամբ 2020 թ․ հոկտեմբերի 2-ին տվյալ զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել եւ զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ, իսկ Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։ Սեւակ Աբրահամյանը կալանավորված է 2022 թ․ հուլիսի 29-ից։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատարանը թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը Դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դիմելով զոհված զինծառայողների՝ դահլիճում գտնվող ծնողներին եւ հարազատներին, խնդրեց եւ պահանջեց, որ նիստերի ընթացքում վերջիններս տեղից հայտարարություններ չանեն եւ հարգեն միմյանց աշխատանքը․ «Ես ցանկություն ունեմ, որ բոլորդ ներկա լինեք, եւ հանրության համար ամեն ինչ բաց եւ թափանցիկ լինի, բայց եթե նման դեպք եղավ, ստիպված եմ լինելու սանկցիա կիրառել եւ դահլիճից դուրս հանել»,- ասաց դատավորը՝ նշելով, որ քրեական գործը բավականին ծավալուն է, բարդ, դատակոչի ցուցակում շուրջ 50 վկա կա։ Լուսանկարում՝ զոհված զինծառայողների հարազատները դատարանի բակում Այնուհետեւ ներկա լրագրողները խնդրեցին դատարանի թույլտվությունը նիստի տեսա եւ լուսանկարահանման համար։ Հանրային մեղադրող, Զինվորական կենտրոնական դատախազության դատախազ Վազգեն Վարդանյանը դեմ արտահայտվեց՝ պատճառաբանելով, որ քրեական գործը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։ Մինչդեռ ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց՝ երբ քրեական գործն ուղարկվել է դատարան, վերջինիս վրա չի եղել որեւէ նշում առ այն, որ այն պարունակում է պետական գաղտնիք, եղել է ընդամենը 3 գաղտնի փաստաթուղթ, որոնք չհրապարակայնացնելու վերաբերյալ քննիչն իրենց նախազգուշացրել է։ Պաշտպանը ընդգծեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ քննիչը, դատախազը եւ դատավորը պետք է նախապես ստորագրություն տված լինեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու համար, եւ խնդրեց հայտնել՝ արդյո՞ք նման ստորագրություն տվել են․ «Եթե լրագրողներին չի կարելի, նույն կերպ ծնողներն են դահլիճում, ստացվում է՝ պետք է դռնփակ նիստ անցնացվի, բայց մեր ցանկությունն է, որ ծնողները ներկա գտնվեն մինչեւ վերջ, այդ թվում՝ բոլոր ապացույցների հետազոտմանը, որպեսզի ե՛ւ նրանց, ե՛ւ հանրության մեջ հստակ պատկերացում լինի, թե Աբրահամյանի մեղադրանքը որքանով է համապատասխանում իրականությանը, թե նրա փոխարեն ում պետք է մեղադրանք առաջադրվեր, թե որ պաշտոնատար անձինք են խախտել պահանջները, որոնց արդյունքում էլ առաջացել են այն հետեւանքները, որ մեղսագրվում են Սեւակ Աբրահամյանին»,– ասաց նա՝ առաջարկելով դռնփակ քննություն իրականացնել միայն այդ 3 փաստաթղթերի հետազոտման ժամանակ։ Աբրահամյանը միացավ իր պաշտպանի կարծիքին․ «Համաձայն եմ, շատ լավ կլինի, որ լրագրողները եւ մանավանդ ծնողները իրականությունն իմանան»,- ասաց նա։ Հանրային մեղադրողը հստակեցրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ քրեական գործն ամբողջությամբ գաղտնի չէ, եւ ըստ իրեն՝ հրապարակայնությունը պետք է սահմանափակվի գաղտնիք պարունակող փաստաթղթերի մասով միայն։ Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Լսելով կողմերին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը մինչ հիշյալ փաստաթղթերի հետազոտմանը հասնելը։ Դրանից հետո դատարանը ճշտեց կողմերի ինքնությունը։ Ըստ այդմ, Սեւակ Աբրահամյանը հայտնեց, որ ազգությամբ հայ է, Արցախի քաղաքացի, ստացել է ռազմական բարձրագույն կրթություն, 2021 թ․-ի մայիսից իր դիմումի համաձայն զորացրվել է պահեստազոր, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն։ Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը Պաշտպան Արման Թամրազյանը միջնորդեց դադարեցնել Սեւակ Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը եւ կարճել քրեական վարույթը արարքի ապաքրեականացման հիմքով։ Ինչպես հայտնի է, 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել 2021 թ․-ին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), եւ նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել 2003 թ․ ընդունված արդեն նախկին օրենսգիրքը (այսուհետ՝ նախկին օրենսգիրք)։ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց օրեր անց՝ հուլիսի 28-ին։ Միեւնույն ժամանակ որոշման մեջ նշվել է, որ այն համապատասխանում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին։ Նախկին օրենսգրքի հիշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքի համար, որը առաջացրել է ծանր հետեւանքներ։ 1-ին մասը սահմանում է հետեւյալը․ «ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել», իսկ 2-րդ մասը՝ հետեւյալը․ «Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով եւ առաջացրել է էական վնաս`»։ Ինչ վերաբերում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածին, ապա դրա 5-րդ մասը սահմանում է․ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն»։ Լուսանկարում՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Ընթերցելով հիշյալ հոդվածների բովանդակությունը՝ պաշտպանն ընդգծեց, որ նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսել մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որը կատարվել է ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ․ «Որպեսզի պաշտպանական կողմի համար մեղադրանքն այդ առումով պարզ եւ հասկանալի լիներ, վարույթն իրականացնող մարմինը պետք է մեղադրանքում նշեր՝ Սեւակ Աբրահամյանը մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտել է դիտավորությա՞մբ թե՞ անզգուշությամբ, նրա կողմից այդ կանոնները խախտելու հետեւանքով առաջացե՞լ է վնաս կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք, թե՞ էական վնաս է պատճառվել, որն էլ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ պետք է նշվեր՝ նրա կողմից կատարված արարքը համապատասխանել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ի՞ն թե՞ 2-րդ մասին, որն առաջացրել է ծանր հետեւանք»։ Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, վարույթ նախաձեռնելու որոշման մեջ առկա ձեւակերպումները հուշում են, որ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ 6-րդ ՊՇ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ հրամանատար Սեւակ Աբրահամյանը, իրենց ծառայողական պարտականությունների նկատամամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով խախտել են Կանոնագրքի մի շարք հոդվածների պահանջները, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ․ «Ընդ որում, Սեւակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքում նշվել է, որ նա, հակառակ ծառայության եւ պետության շահերի, չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ։ Մեղադրանքում նկարագրված արարքը նույնպես վկայում է այն մասին, որ Սեւակ Աբրահամյանին մեղսագրվել է արարքի անզգուշությամբ կատարում, հակառակ պարագայում, եթե Սեւակ Աբրահամյանը հակառակ պետության եւ ծառայության շահերի դիտավորությամբ չձեռնարկեր սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ, ինչպես նաեւ առաջացած հետեւանքի նկատմամբ ունենար դիտավորություն, ապա նրա արարքը պետք է որակվեր այլ հոդվածով»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ այդ դեպքում առկա կլիներ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալում։ Ինչ վերաբերում է ծանր հետեւանքին, Սևակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքում որպես ծանր հետևանք գնահատված փաստերը՝ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելը, ըստ պաշտպանի, վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության համաձայն, գնահատվել են որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետեւանք, իսկ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման համաձայն որպես առաջացած ծանր հետեւանք է նշվել նաեւ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելուց հետո Թալիշ եւ Մատաղիս գյուղերը հակառակորդի տիրապետության տակ անցնելու փաստը․ «Ակնհայտ է, որ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելը որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետեւանք դիտարկելու պայմաններում նույն պատճառով հետագայում Թալիշ եւ Մատաղիս գյուղերը հակառակորդի տիրապետության տակ անցնելը չի կարող դիտվել որպես դիտավորությամբ առաջացած ծանր հետևանք»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ որեւէ ապացույց չի վկայում ենթադրյալ արարքի դիտավորությամբ կատարված լինելու մասին։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Մինչդեռ նոր օրենսգրքում, ըստ Թամրազյանի, հոդվածները կառուցվել են այն տրամաբանությամբ, որ եթե նշված չէ արարքն անզգուշությամբ կատարելու մասին, ապա այն համարվում է դիտավորությամբ կատարված։ Տվյալ՝ 540-րդ հոդվածի 5-րդ մասում անզգուշության մասին նշված չէ, ուստի, ըստ նրա, այն քրեական պատասխանատվություն է սահմանում միայն դիտավորությամբ կատարված արարքի համար։ Հետեւաբար նոր օրենսգրքով, ըստ պաշտպանի, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնների անզգույշ խախտումը ապաքրեականացվել է։ Վկայակոչելով նոր օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Թամրազյանը պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելի է նոր, այլ ոչ թե հին օրենսգիրքը․ հիշյալ հոդվածը սահմանում է, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռեւս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով միայն, որ միջնորդությամբ ներկայացված դատողությունները Քրեական օրենսգրքի սուբյեկտիվ մեկնաբանություն են։ Միջնորդության քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Միլենա Խաչիկյան
20:49 - 12 ապրիլի, 2023
Դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ

Դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, իր պաշտոնեական գործունեությունը շարունակում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ։   Գևորգ Քոչարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է։ Մինչ այս վարչության ձևավորումը նա Զինվորական կենտրոնական դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ էր։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Քոչարյանը մինչև հիմա «Ժայռ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, ինչպես նաև շարունակում է տնօրեն մնալ «Ջի Էքս Պի գերազանցության կենտրոն» ՍՊԸ-ում։ «Ժայռ» ՍՊԸ-ն գրանցված է Արցախում՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ Ընկերության գործունեության վերաբերյալ տվյալներ չկան։ Ըստ ռեգիստրի տվյալների՝ այն հիմնվել է 2016 թվականին, կանոնադրական կապիտալը ավելի քան 220 միլիոն դրամ է։ Ընկերության բաժնետերը Վահե Հակոբյանն է՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Սամվել Հակոբյանի որդին։ Սամվել Հակոբյանը եղել է նաև Ասկերանի վարչական շրջանի ղեկավարն ու «Գոլդ սթար» ընկերության տնօրենը։ «Գոլդ սթար»-ը ոսկու հանքավայր էր շահագործում Զանգելանում, սակայն հանքը 2020-ի պատերազմի հետևանքով կորսվեց։  Երկրորդ ընկերությունը, որտեղ դատախազ Քոչարյանը շարունակում է տնօրեն մնալ, «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոն ՍՊԸ-ն է, որը  դեղ արտադրողներին ու ներմուծողներին տրամադրում է արտադրական, բաշխման, լաբորատոր գործունեությունների դասընթացներ։ Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով 2015-ից մինչ այժմ Քոչարյանն այնտեղ տնօրեն է։    Ի՞նչ են ասում օրենքն ու Գևորգ Քոչարյանը Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներով արգելվում է հանրային ծառայողին առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինել կամ կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնել։ Տվյալ դեպքում Քոչարյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, շարունակում է առևտրային կազմակերպություն ղեկավարել։  Գևորգ Քոչարյանն «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում, խոսելով առևտրային ընկերությունում իր պաշտոնավարման մասին, վստահեցրեց՝ թե՛ «Ժայռ»-ում, թե՛ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնում տնօրենի պաշտոնը թողել է մինչև հանրային ծառայության անցնելը։  «Դա շատ հին տվյալներ են, ես շուտվանից դիմել եմ, որ դադարեցնեմ, ես չեմ կարող ասել, թե ինչու տվյալները թարմացված չեն։ Ձեր մատնանշած ընկերություններից մեկից դուրս եմ եկել 10 տարի առաջ, իսկ մյուսից՝ ոչ պակաս, քան 6 տարի առաջ»,- պարզաբանեց դատախազը՝ նշելով, որ բացի իրավաբանական անձանց ռեգիստրից՝ այդ տվյալները կարող են արտացոլված լինել նաև Պետեկամուտների կոմիտեում։  Նա ասաց՝ «Ժայռ»-ը, իր հիշելով, գործունեություն չի ծավալել, իսկ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնը հիմնականում բժշկական ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություն է եղել, ինքն էլ այնտեղ խորհրդատվություն է տրամադրել։ «Ինֆոքոմ»-ը այս մեկնաբանությունը Գևորգ Քոչարյանից ստացել է մարտի 9-ին, սակայն մինչ այժմ, ըստ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, նա շարունակում է հանդիսանալ այս ընկերությունների տնօրենը։ Դատախազ Քոչարյանի կինը՝ Գոհար Ալլահվերդյանը, անհատ ձեռներեց է, որը, Քոչարյանի խոսքով, մատուցում է հաշվապահական ու ֆինանսական  ծառայություններ։ Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նրա ԱՁ-ն առողջապահության նախարարության մատակարարներից է եղել և 4.4 միլիոն դրամ է ստացել նախարարությունից մատուցած ծառայությունների համար։ Քոչարյանն ասաց, որ դա եղել է միանվագ գործարք։ «Եթե չեմ սխալվում թթվածնային բալոնների վերալիցքավորման հետ կապված մեկ գործարք է եղել, ԱՁ-ն այլ գործառույթ է իրականացնում, որը կապ չունի առողջապահության ոլորտի հետ»,- նշեց նա։    Ի՞նչ է հայտարարագրել Գևորգ Քոչարյանը 2021 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով Գևորգ Քոչարյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի կենտրոնում, ինչպես նաև 20.5 միլիոն դրամի փոխառություն «Միկշին» ընկերությանը։ Սա, ըստ էության, հիփոթեքային վարկ է «Երազ» բնակելի թաղամասի կառուցապատող ընկերությունից բնակարան գնելու համար։ Քոչարյանի եկամուտները 2021-ին, ընդհանուր առմամբ, կազմել են 30.2 միլիոն դրամ, որոնք ձևավորվել են նրա՝ որպես դատախազի աշխատավարձից` 9.1 միլիոն դրամի չափով, ստացած փոխառությունից՝ 19․5 միլիոն դրամի չափով, Պետեկամուտների կոմիտեից՝ ավելի քան 1 միլիոն դրամի չափով, որը հավանաբար հիփոթեքային վարկով բնակարանի գնման դեպքում եկամտահարկի վերադարձի գումարն է, և Գավառի պետական համալսարանից՝ 116 հազար դրամի չափով։ Նրա կինը՝ Գոհար Ալլահվերդյանը, հայտարարագրել է հողամաս և բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Բացի այդ՝ վերջինս անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր է կնքել Դավթաշենի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բնակելի համալիրից բնակարան գնելու համար։ Այս հասցեում է կառուցվում Davtashen City համալիրը, կառուցապատողը «Ն և Ս քոնսթրաքշն» ընկերությունն է։ Ըստ 2021-ի հայտարարագրի՝ Ալլահվերդյանը վաճառել է իրեն պատկանող Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենան 3.6 միլիոն դրամով։ Բացի սրանից՝ Քոչարյանի կինն ունի նաև Toyota մակնիշի մեքենա։ Նա 4.4 միլիոն դրամի փոխառություն ունի տրամադրած «ԱԱ-մոթորս» ընկերությանը, ևս 10.000 դոլարի փոխառություն՝ Կարեն Ալլահվերդյանին։  Գոհար Ալլահվերդյանի եկամուտները 2021-ին կազմել են ավելի քան 20 միլիոն դրամ, որոնք ձևավորվել են մի քանի աշխատավայրերից ստացած աշխատավարձից, մեքենայի օտարումից, ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած գումարից, եկամտահարկի վերադարձից ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված միանվագ վճարներից։  Գևորգ Քոչարյանը հանրային մեղադրող է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործերով։  Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
19:03 - 10 ապրիլի, 2023
Հնդկահայ վաճառականներ, սփյուռքի կրթական կենտրոններ և այլուրային քաղաքներ․ ինչ կարելի է պարզել գլոբալ միկրոպատմության միջոցով

Հնդկահայ վաճառականներ, սփյուռքի կրթական կենտրոններ և այլուրային քաղաքներ․ ինչ կարելի է պարզել գլոբալ միկրոպատմության միջոցով

Ինչպե՞ս էին 17-18-րդ դարերում հնդկահայ գաղութների մեծահարուստ վաճառականները գումար ուղարկում Վենետիկի Մխիթարյան միաբանությանը, որտե՞ղ է առաջին անգամ հայկական պրոտոսահմանադրություն ստեղծելու փորձ արվել, կամ ի՞նչ կարող են մեզ պատմել հնդկահայ սփյուռքի մասին Ագրայի ու Սուրաթի հայկական գերեզմանները․․. Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն, անշուշտ, տալիս է պատմագիտությունը։   Վաղ արդի շրջան և հայկական սփյուռք Սեպուհ Դաւիթ Ասլանեանը պատմության պրոֆեսոր է, դասավանդում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA), համալսարանի՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան արդի հայոց պատմության ամբիոնի վարիչն է, ինչպես նաև ղեկավարում է Promise հայկական ինստիտուտի Հայագիտական կենտրոնը։ Պրոֆեսոր Ասլանեանի հետազոտություններն ընդգրկում են համաշխարհային պատմության վաղ արդի շրջանը (early modern global history) և կենտրոնացած են հայկական սփյուռքի գործունեության վրա։ Նա պատմում է, որ իր գիտական գործունեության սկզբում աշխատում էր 17-18-րդ դարերի տնտեսական պատմության հարցերի շուրջ։ 2011-ին լույս տեսավ նրա գիրքը՝ Նոր Ջուղայի հայ վաճառականական ցանցի մասին (From the Indian Ocean to the Mediterranean: The Global Trade Networks of Armenian Merchants from New Julfa)։ Պրոֆեսոր Ասլանեանը նշում է, որ այս գրքում ուսումնասիրված են, մասնավորապես, վաճառականական պայմանագրերը, որոնք Նոր Ջուղայում կոչվում էին ընկերագրեր։  «Դրանով սկսեցի ուսումնասիրությունս, բայց բուն հետաքրքրությունս միշտ եղել է մշակութային պատմությունը կամ մտավորական գաղափարների պատմությունը։ Այդ ուղղությամբ արդեն 10 տարի առաջ սկսեցի աշխատել երկրորդ մեծ ուսումնասիրության կամ գրքի շուրջ»,- պատմում է Սեպուհ Ասլանեանը։  «Վաղ արդիականություն և շարժունակություն․ նավահանգստային քաղաքներ և հայոց սփյուռքի տպագրիչներ»․ այսպես է վերնագրված պրոֆեսոր Ասլանեանի երկրորդ գիրքը (Early Modernity and Mobility: Port Cities and Printers across the Armenian Diaspora)։ Այս գիրքը, որը մեծամասամբ նվիրված է հայկական սփյուռքի՝ 1512-1800 թթ․ մշակութային պատմության հարցերին, արդեն ավարտված է և լույս կտեսնի մոտ 2 ամսից։    Ինչպես էին դրամական փոխանցումներ կատարում Հնդկաստանի հայ վաճառականները Հնդկաստանի հայ վաճառականական ցանցի և հայ սփյուռքի մշակութային կյանքի մասին պատկերացում կազմելու գործում օգնության են հասնում պատմության առանձին, փոքր դրվագները, որոնք լույս են սփռում բազմաթիվ հարցերի վրա։ Այդպիսի դրվագներից մեկը, որ տեղ է գտել Սեպուհ Ասլանեանի աշխատանքներում, այն մասին է, թե ինչպես էին հնդկահայ գաղութի հարուստ վաճառականները գումար ուղարկում Վենետիկ՝ այնտեղ հայկական գրքեր տպագրելու նպատակով։ Պրոֆեսոր Ասլանեանը պատմում է, որ Հնդկաստանն աշխարհի  ամենակարևոր վաճառականական կենտրոններից մեկն էր և մինչև Անգլիայի կողմից գաղութացվելը Չինաստանից հետո ամենահարուստն էր։ Հենց դա էր պատճառը, որ Հնդկաստանը, ինչպես Սեպուհ Ասլանեանն է ձևակերպում, մագնիսի նման ձգում էր աշխարհի տարբեր վայրերից վաճառականական ներկայացուցիչների և նրանց թվում՝ հայերի։  1760-ականներին Հնդկաստանի Կալկաթա և Չինսուրա քաղաքներում ապրում էին երկու հայ վաճառական եղբայրներ՝ Յովսեփ և Զաքարիա Շեհրիմանյանները։ Վերջիններս իրարից կարճ ժամանակվա տարբերությամբ մահացան 1763 և 1764 թվականներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությանը որպես ժառանգութուն մոտավորապես հարյուր հազար արծաթե ռուփի թողնելով։ Սեպուհ Ասլանեանի խոսքով հետագայում այս առատաձեռն նվիրատվության շնորհիվ Մխիթարյանները կարողացան Վենետիկում տասնմեկ գրքեր տպագրել, որոնց թվում  էին 18-րդ դարի երկու կարևորագույն գրքերը՝ Միքայել Չամչյանի եռահատոր «Հայոց Պատմությունը» (1784-1786) և Ղազար Փարպեցու «Հայոց Պատմությունը» (1794)։ «Այս երկու վաճառականների հսկայական գումարները, որ նախապայման էին Չամչյանի գլուխգործոցի և մի շարք ուրիշ գրքերի հրատարակության, ինչպե՞ս էին հասել Կալկաթայից մինչև Վենետիկ․ դա հիմնական հարցն է։ Եթե այդ հարցը մեկը չկարողանա լավ ձևով, «տնտեսական ակնոցով» բացատրել, թե ինչպես կարելի է այսպիսի հսկայական գումար տեղափոխել աշխարհի մի կողմից մյուս կողմ, չի կարողանա հասկանալ մեր 1600-1800-ականների մշակութային պատմությունը»,- ասում է պրոֆեսոր Ասլանեանը, այնուհետև պարզաբանում, թե ինչու էր այդ հարցը հասկանալը կարևոր։  Սեպուհ Ասլանեանի խոսքով այն ժամանակներում Հնդկաստանում դրամական ամենակարևոր միավորը արծաթե ռուփին էր։ Սակայն եթե հայ վաճառականները որոշեին արծաթը նավով կամ քարավանի միջոցով ուղարկել Եվրոպա, մեծ վտանգ կար, որ ծովահեններն ու ավազակները կհարձակվեին ու կգողանային արծաթը։ Իրենց գումարն ապահովագրելու համար վաճառականները ստիպված պետք է դրա 10%-ը վճարեին տեղափոխողներին։ Հենց այսպիսի խնդիրներից խուսափելու համար հայ վաճառականներն իրենց արծաթե ռուփիները տանում էին Հնդիկ Սառաֆ անունով մի դրամափոխի մոտ, ներդնում բանկային հաշիվներում և փոխարենը վերցնում փոխանցամուրհակներ (bills of payment): Նրանք այս մուրհակներն ուղարկում էին նախ Բասրա, որտեղ Հնդիկ Սառաֆի գրասենյակի մասնաճյուղ կար, և այնտեղից մեկ ուրիշ մուրհակ էր փոխանցվում Պոլիս, Պոլիսից էլ՝ Վենետիկ, որտեղ գումարը կանխիկացվում էր։ Հենց այսպես էլ Վենետիկում տպագրվել են տասնյակ գրքեր։   Գլոբալ միկրոպատմություն․ փոքր միավորների ուսումնասիրությունը գլոբալ պատմության համատեքստում Այն, թե ինչպես էին հնդկահայ վաճառականները ապահով տարբերակ գտել Եվրոպա գումար ուղարկելու համար, պատմության շատ փոքր դրվագ է, բայց այդ դրվագի ուսումնասիրությունը կարևոր է տվյալ ժամանակաշրջանի տնտեսական և մշակութային իրողությունները հասկանալու համար։ Սա մի մոտեցում է, որը բնորոշ է միկրոպատմությանը։ Սեպուհ Ասլանեանը նշում է՝ միկրոպատմությունը կամ մանրապատմությունը պատմագրության մասնավոր ալիք էր, որը սկիզբ առավ Իտալիայում 1970-ականների վերջին։ Նրա խոսքով միկրոպատմաբանները, փոխանակ պատմական վերլուծության համար հսկայական միավորներ վերցնելու, կենտրոնանում են ավելի սահմանափակ միավորների վրա։ Նրանց ուսումնասիրություններն, օրինակ, կենտրոնացած են ոչ թե հսկայական տարածքների, այլ անհատների կյանքի կամ փոքր համայնքների շուրջ, որոնք հայտնվել են ամերիկաեվրոպական պատմության լուսանցքներում։ Պրոֆեսոր Ասլանեանը ևս իր հետազոտություններում որդեգրել է այս մոտեցումը․ «Բայց փոխանակ տեղական պատմություններ ուսումնասիրելու, ինչպես ընդհանրապես արել են մանրապատմաբանները, իմ մոտեցումն այն էր, որ շաղկապելով կարելի է միացնել մանրապատմության մոտեցումը՝ ընդհանուր, համաշխարհային պատմության հարցեր լուսաբանելու։ Մի բարեկամի հետ մոտ 12 տարի առաջ հորինեցինք այս եզրաբանությունը, որ կոչվում է գլոբալ միկրոպատմություն (global microhistory), որը կենտրոնացած է փոքրիկ կյանքերի շուրջ, փոքրիկ տարածքների վրա տեղավորված և զարգացած կյանքերի շուրջ, բայց այդ փոքրիկ միավորների միջոցով, մանրազնին ուսումնասիրելով իրենց թողած արխիվային նյութերը, լուսաբանում է ավելի լայն, ավելի ընդարձակ ընթացքներ, գործընթացներ, որոնք ընդհանրապես համաշխարհային պատմաբաններն են ուսումնասիրում, այսինքն՝ սահմաններ կտրող գործընթացներ»։   Հնդկահայ սփյուռք․ հայկական առաջին պրոտոսահմանադրություն, կրթական կարևոր կենտրոններ և տպարաններ Այս տարվա մարտի 17-18-ը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցավ «Արմենո-Ինդիկա. ծանոթության և բարեկամության չորս դարեր» խորագրով միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսը նվիրված էր Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման երկուհարյուրամյակին և կենտրոնացած էր հնդկահայ գաղութների գործունեության վրա։ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը (լուսանկարը՝ ճեմարանի ֆեյսբուքյան էջից) Կոնֆերանսին, որի կազմակերպման աշխատանքներին մասնակցել էր նաև Սեպուհ Ասլանեանը, ներկա էին հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Հայաստանի ազգային պատկերասրահից զեկույցով հանդես եկավ Սաթենիկ Չուքազսյանը, իսկ Մատենադարանից՝ Հասմիկ Կիրակոսյանը։ Կոնֆերանսի մասնակից հայազգի հետազոտողների թվում էր նաև Սեպուհ Ասլանեանի դոկտորական ուսանող Սոնա Թաջիրյանը: Խոսելով այն մասին, թե ինչու էր որպես կոնֆերանսի թեմա ընտրվել հենց Հնդկաստանի հայկական սփյուռքը, պրոֆեսոր Ասլանեանն առանձնացնում է երեք հիմնական պատճառ։ Հնդկահայ գաղութներն ամենահարուստն էին։ «[Հայ] վաճառականների մեծ մասն իր կապիտալը դիզել էր՝ կա՛մ Հնդկաստանում ապրելով, կա՛մ Հնդկաստանի հետ շփումներ և փոխհարաբերություններ ունենալով»,- ասում է Սեպուհ Ասլանեանը։ Նրա խոսքով հենց այս վաճառականներն էլ ֆինանսավորել կամ հիմնադրել են սփյուռքի հայկական տպարանները, իսկ սփյուռքում տպագրված գրքերի հսկայական բաժինը ստեղծվել է հենց հնդկահայ կապիտալով։ Հայկական սփյուռքի կրթական ամենակարևոր կենտրոնները կապվում են հնդկահայ կապիտալի հետ։ «Եթե մեկն ուսումնասիրել է վաղ արդի շրջանի մշակութային վերածնունդը, պիտի եզրակացնի, որ ուսման երեք ամենաբարձր վայրերը հայոց աշխարհի համար եղել են հնդկահայկական կապիտալով ֆինանսավորված վայրեր»,- նշում է պրոֆեսոր Ասլանեանը։ Այդ կենտրոններից առաջինը Մուրադ-Ռաֆայելյան վարժարանն է, երկրորդը` Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, երրորդը՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Սեպուհ Ասլանեանը նշում է, որ առաջին երկու կենտրոններն ունեցել են ծագումով ջուղայեցի հնդկահայ մեկենասներ, իսկ երրորդի հիմնադիրները՝ Լազարյանները, որոնք ծագումով Ջուղայից ռուսահայեր էին, իրենց ունեցվածքը կուտակել են՝ Հնդկաստանի հետ հարաբերություններ ունենալով։ Հնդկաստանը՝ «մի շարք առաջինների» վայր։ Պրոֆեսոր Ասլանեանը նշում է՝ Հնդկաստանը մի վայր է, որտեղ հրատարակվել է հայկական առաջին թերթը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96 թթ․), գրվել արևելահայերեն առաջին վեպը (Մեսպրոպ Թաղիադյան, «Վէպ Վարսենկան Սայկուհւոյ Աղուանից», 1846 թ․), ստեղծվել առաջին պրոտոսահմանադրությունը կամ նախասահմանադրությունը («Որոգայթ փառաց», 1787 թ․)։ Հենց այս պատճառներով էլ կոնֆերանսը համախմբել էր միջազգային մասնագետների՝ հայ-հնդկական կապերը և հարաբերությունները քննարկելու։   Ինչ կարող են պատմել մեռյալները ողջերի մասին «Գերեզմանատները՝ որպես հետերոտոպիաներ. հայկական գերեզմանային մշակույթը Ագրայում և Սուրաթում, կամ ի՞նչ կարող են պատմել մեզ մեռյալները ողջերի մասին»․ այսպես էր վերնագրված Սեպուհ Ասլանեանի զեկույցը, որը նա ներկայացրեց կոնֆերանսի ընթացքում։ Եվ իսկապես, հարց է առաջանում, թե ինչ է հնարավոր պարզել հնդկահայ սփյուռքի կյանքի և առանձնահատկությունների մասին՝ ուսումնասիրելով Ագրայի կամ Սուրաթի գերեզմանատների հայկական գերեզմանոցները։  Ագրայի հայկական գերեզմանները (լուսանկարները՝ Սեպուհ Ասլանեանի) Սեպուհ Ասլանեանն այս գերեզմանոցները կոչում է այլուրային տարածքներ կամ հետերոտոպիաներ (փիլիսոփա Միշել ֆուկոյի տերմինը)։ Պրոֆեսոր Ասլանեանի խոսքով Հնդկաստանի հայերից 400 տարվա ընթացքում մնացել են 3-4 հազար տապանաքարեր, որոնք մեծամասամբ վերծանված և ուսումնասիրված են։ Պատմության պրոֆեսորի խոսքով, սակայն, այդ ուսումնասիրությունները չեն պարունակում վերլուծական գաղափարներ, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել ժամանակին ապրածների կյանքի մասին։ Հենց այդ պատճառով էլ նա նոր մոտեցմամբ է ուսումնասիրել գերեզմանոցներն ու փորձել լույս սփռել մի քանի կարևոր իրողությունների վրա, որոնք բնութարգում են այն ժամանակ գաղութներում ապրած հայ մարդկանց ինքնությունը։  Հայկական գաղութներն այնքան էլ մեծ չէին։ Սեպուհ Ասլանեանը նշում է, որ Ագրայի հայկական գերեզմանոցում 400 տարիների ընթացքում 120 տապանաքար է մնացել, Սուրաթում՝ 80-90 տապանաքար։ Այստեղից նա եզրակացնում է, որ այդ քաղաքներում հայկական համայնքը փոքր է եղել։ Այս բացահայտումն, ըստ պրոֆեսորի, հերքում է նախկինում հնչած  կարծիքները, թե հնդկահայ գաղութներում տասնյակ հազարներով հայեր են ապրել։ Նրա խոսքով 1850-ից առաջ ամենամեծ գաղութը եղել է Մադրասում, որի հայ բնակչությունը կազմել է 280 մարդ։ Հայկական համայնքը միատարր չի եղել։ Սեպուհ Ասլանեանը գերեզմանների գրություններից պարզել է, որ հնդկահայ գաղութներում ապրել են հայեր, որոնք ծագել են տարբեր վայրերից։«Ագրայում, երբ որ մեկը շրջի գերեզմանոցի մեջ, կարող է 20 րոպեում հանդիպել հայի, որ ծնվել կամ ապրել էր Քաբուլում, կան հայեր Հալեպից, Տիգրանակերտից, Սամսոնից, իմ նախահայրերի շրջանից՝ Արաբկիրից, Պոլիսից, Թիֆլիսից, Գորիսից, Արցախից։ Հայ սփյուռքի ողջ տարատեսակությունն այդ գերեզմանոցների մեջ մարմնացում է ստացել (տարօրինակ ձևով ասենք «մարմնացում»)»,- նշում է նա։ Հայկական համայնքները եղել են անդրմշակութացված։ Երրորդ կարևոր բացահայտումն էլ այն է, որ հայկական համայնքները եղել են անդրմշակութացված (transculturated), այսինքն՝ բաղկացած են եղել երկու և ավելի մշակույթներից։ Պրոֆեսոր Ասլանեանը նշում է, որ նրանք պահել են իրենց  հայկական հիմքը, բայց ընդգրկել են զանազան ինքնություններ՝ փոխհարաբերվելով այլ մշակույթների հետ։ Այս մասին են վկայում ինչպես տապանաքարերի արձանագրությունները, որոնք շատ հաճախ եռալեզու, նույնիսկ քառալեզու են, այնպես էլ դրանց ճարտարապետական ոճը։ Պրոֆեսորի խոսքով Ագրայի և Սուրաթի տապանաքարերի մեծ մասն ունի ճարտարապետական մի ոճ, որը կոչվում է Indo-saracenic այսինքն՝ հընդ-իսլամական։ Նա նշում է, որ հայերն իսլամ չէին դավանում, բայց ճարտարապետական այս ոճը նրանց օտար չէր։ Սուրաթի հայկական գերեզմանոցում (լուսանկարը՝ Սեպուհ Ասլանեանի) Կոնֆերանսի ժամանակ պրոֆեսոր Ասլանեանն առանձնացրել էր հենց այս կետերը, որոնց բացահայտումը հնարավոր է դարձել հայկական գերեզմանների ուսումնասիրությամբ։ Ինչպես ձևակերպում է պրոֆեսորը․ «Գերեզմանոցները մեռելների քաղաքներ են, որոնք լույս են սփռում ապրողների պատմության վրա»։    Ինչպես հայագիտությունը հանել իր նեղ հունից Սեպուհ Ասլանեանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը, սակայն նա մեր պատմությունը ներկայացնում է համաշխարհային պատմության համատեքստում։ Պրոֆեսորը նշում է, որ երկար տարիներ ինքը մտորումներ է ունեցել այն հարցի շուրջ, թե ինչպես պիտի ներկայացվեն հայագիտական թեմաներով հետազոտությունները, որ դրանք ունենան ոչ միայն տեղական, այլև գլոբալ նշանակություն։ Նա այդ թեմայով նաև հոդված է գրել, որտեղ փորձել է բացատրել՝ ինչպես կարելի է հայագիտությունը դուրս հանել իր նեղ, այսինքն՝ միայն ազգային և հայկական հունից և դարձնել մի նյութ, որը կհետաքրքրի ոչ միայն հայ պատմաբաններին։ Պրոֆեսոր Ասլանեանի խոսքով առաջին բանը, որ պետք է անեն հայ պատմագետները, հայագետները, ծանոթանալն է ամերիկաեվրոպական հումանիտար և հասարակագիտական ուղղվածության գրականությանը։  «Օրինակ՝ եթե հայ պատմաբանը պետք է գրի Հնդկական օվկիանոսի մասին կամ վաճառականների մասին, ինձ համար անհնարին է, որ այդ անձը՝ որպես գիտնական, կենտրոնական տեղ գրավի հայկական ասպարեզից անդին՝ միջազգային ասպարեզի մեջ, եթե ինքը տեղյակ չէ, օրինակ, գոյություն ունեցող հսկայական, օվկիանոսի չափ մեծ գիտական գրականությունից, որ նվիրված է Հնդկական օվիկանոսի առևտրին, որ նվիրված է առևտրական պատմության ավելի մանր հարցերին, օրինակ՝ bills of payment-ին»,- նշում է նա։  Սեպուհ Ասլանեանն առանձնացնում է ևս մի կարևոր կետ․ հասկանալ, թե ով է քո ընթերցողը։ Նրա խոսքով հայ հեղինակներից շատերը որևէ թեմա ուսումնասիրելիս պատկերացնում են, որ իրենց ընթերցողները միմիայն հայ մարդիկ են, որոնք հետաքրքրված են նույն հարցերով, ինչ իրենք, և որոնց գլոբալ կամ մեթոդաբանական հարցերը չեն հետաքրքրում։ «Երբ որ մեկնակետը պատմաբանի կամ գիտնականի համար այդ է՝ մատակարարել հում նյութ համայնքի համար, այն ժամանակ այդ անձը պետք է գրեթե հրաժարվի համաշխարհային բաների մեջ մտնելուց, որովհետև իրենք գրում են իրենց համար։ Այդպես կարելի է շատ լավ հաջողությունների հասնել, բայց զրո հետաքրքրություն գտնել ոչ հայկական աշխարհից ներս։ Եվ անշուշտ, ոչ հայկական աշխարհը աշխարհի մեծ մասն է, և ընդհանրապես, ամենակարևոր գիտական հոսանքները աշխարհից սկսվում և տարածվում են ուրիշ տեղեր։ Մեզ համար կարևոր հարց է, որ միջազգային գիտության սեղանի շուրջ տեղ գտնենք, որպեսզի հրավիրվենք նստելու և զեկուցելու, խոսակցելու, երկխոսություններ ունենալու։ ․․․․ Եթե կարողանանք մեր ժողովրդի պատմության միջոցով նորություններ սփռել ավելի լայն, համաշխարհային հարցերի վրա, այդ ժամանակ մարդիկ կարևորություն կտան մեր գրություններին»,- ասում է նա։ Պրոֆեսորի խոսքով սա չի նշանակում, որ հայ հետազոտողների ընթերցողների թվում չպիտի լինեն հայեր․ հարցն այն է, որ նրանք չպետք է լինեն միակ ընթերցողները։ «Եթե մեկը Երևանից գրում է և ուզում է հրապարակվել ամերիկյան ու եվրոպական լավագույն հանդեսներում, գրեթե անհնար է, որ ընդունվի նրա հոդվածը, եթե չի համապատասխանում այս լայն հարցերին»,- նշում է Սեպուհ Ասլանեանը։  Պրոֆեսորն, իհարկե, շեշտում է, որ հայ հետազոտողները պետք է կարողանան գիտական լայն հոսանքների մեջ տեղ գտնել՝ «առանց խեղդվելու, առանց մեր յուրահատուկ ինքնությունը կորցնելու»։ Սեպուհ Ասլանեանը նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայոց պատմության թեմայով երկու դասընթաց ունի։ Նա նշում է՝ իր ուսանողների 30-40%-ը ծագումով հայեր են, մնացածը՝ ոչ։ «Բուն նպատակս է մագիստրոսական և դոկտորական ծրագրերից մարդկանց ներքաշել, որոնք, անպայման չէ, որ հայ են, բայց հետաքրքրված են հայկական աղբյուրների հիման վրա, հայերեն կարդալով, լուսաբանել ավելի լայն, ավելի մեծ հարցեր, որոնք գիտության աշխարհի մեջ կարևոր դեր ունեն՝ միաժամանակ հայկական պատմության վրա կարևոր լույս սփռելով։ Եթե պիտի համոզենք, որ հետաքրքրվեն մեր պատմությամբ, պետք է փորձենք իրենց բացատրել՝ ինչու է մեր պատմությունը հետաքրքրական, և այդ բացատրությունը չի կարող ամփոփվել՝ ասելով, որ մեր պատմությունը հետաքրքրական է, որովհետև մեր ինքնությունն  է կերտել։ Ոչ հայի համար միշտ կարևոր չէ․ աշխարհի երեսին կան 2000-ից ավելի ժողովուրդներ, ինչո՞ւ հայերինը պետք է տարբերվի։ Բայց եթե կարելի է բացատրել նրանց, որ հայոց պատմությունը ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ է համաշխարհային պատմություն հասկանալու և գրելու համար, այն ժամանակ հետաքրքրվողները համեմատական առումով ավելի շատ կլինեն»,- ասում է պրոֆեսոր Ասլանեանը։   Գլխավոր լուսանկարում՝ Սեպուհ Ասլանեանը (լուսանկարը՝ UCLA-ի) Աննա Սահակյան  
16:51 - 10 ապրիլի, 2023
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

Իշխող քաղաքական ուժը տարբեր մակարդակներով պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները գործնականում ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավոր ամեն կերպ խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, չեն ենթադրում միայն աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրով են անում։ Այնուհանդերձ, անգամ այդ դեպքում ժամկետները հաճախ չեն պահպանվում։ Infocom-ի լրագրողներն առանձնացրել ենք այս տարվա առաջին եռամսյակում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Քաղաքապետարանն անպատասխան է թողել գրավոր հարցումը 2022 թ․ տարեվերջին Երեւան քաղաքի ամանորյա լուսավորությունը ամենաքննարկվող թեմաներից էր։ Քննադատությունները ծավալվում էին նաեւ այն համատեքստում, որ լուսավորության կազմակերպման համար գնումը Քաղաքապետարանը առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից է իրականացրել։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «ինքնին մշակութային միջոցառման իրականացման համար նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»։ Իրականում, սակայն, օրենքը սահմանում է, որ ոչ թե մշակութային միջոցառման իրականացումն ինքնին հիմք է մեկ անձից գնում կատարելու համար, այլ որ դա պետք է պայմանավորված լինի հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, որը տվյալ դեպքում չկար։ Այս թեմայով մեր գրավոր հարցումը Քաղաքապետարանն անպատասխան է թողել, թեեւ նախապես հավաստիացրել է, որ այն ստացել են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը օրենսդիր իշխանության վրա չի տարածվում Փետրվար ամսին, երբ հայտնի դարձավ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից առերեւույթ խախտումներ թույլ տալու մասին, գրավոր հարցմամբ դիմեցինք Ազգային ժողովի 3 խմբակցություններին՝ հետաքրքրվելով, թե ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ, եւ պատրաստվո՞ւմ են արդյոք իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնել։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատասխանեցին մեր հարցմանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ ոչ։ Վերջինիս քարտուղար Արթուր Հովհաննիսյանը օգնականի միջոցով փոխանցեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։ Իրականում, սակայն, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների, պետական բոլոր հիմնարկների վրա։ Նոյեմբերյանի համայնքապետարանն ու ՊՆ-ն հարցմանը պատասխանել են մեկ ամիս անց՝ առանց այդ մասին ծանուցելու, իսկ ԱԱԾ-ն որոշ չափով խուսափել է բովանդակային պատասխան տալուց Նախորդ տարվանից սկսած՝ մի քանի ամիս շարունակ Infocom-ը փորձում էր տեղեկություններ ստանալ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով համայնքային հողամասը պետությանը նվիրաբերելու, այնտեղ ընթացող շինարարության եւ ռուս զինծառայողների տեղակայման մասին։ Դրա շրջանակում հարցումներ ենք ուղարկել, ի թիվս այլնի, նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարան եւ Պաշտպանության նախարարություն, որոնք, սակայն, հարցմանը պատասխանել են մեկ ամիս անց՝ առանց այդ մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացնելու եւ վերջնական օրը հայտնելու։ Նույն թեմայի վերաբերյալ հարցումներին ԱԱԾ-ն էլ որոշ չափով խուսափել է բովանդակային պատասխան տալուց։ Մասնավորապես, ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք, թե ինչ նպատակով է համայնքային հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել պետությանը, եւ ինչ շինարարություն է այնտեղ ընթանում։ Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել էին այն, ինչն առանց այդ էլ տեսանելի էր․ համայնքի ավագանու որոշման մեջ նպատակը նշված չէ։ Անդրադառնալով շինարարությանը՝ ԱԱԾ-ն նշել էր միայն, որ իր կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում։ Սակայն մենք հարցմամբ չէինք էլ ասել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։ Քննչական կոմիտեն եւ Պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ մերժել են տեղեկություն տրամադրել Այս տարվա հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում վառարանը ավտոբենզինով վառելու հետեւանքով հրդեհ էր բռնկվել, զոհվել էր 15 զինծառայող։ Բազմաթիվ հարցեր մինչ օրս անպատասխան են, այդ թվում՝ ինչո՞ւ չի պահպանվել վառարանը վառելու կարգը։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի հոդված 197-ում ասված է. «Վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական եւ ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան եւ պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը հոդված 196-ում սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը»: Այս առնչությամբ Infocom-ը մարտի 6-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե արդյոք ժամը 20-ից հետո հրդեհված կացարանում վառարանը վառելու համար գնդի հրամանատարի թույլտվությունը եղե՞լ է, թե՞ ոչ։ Միայն մարտի 22-ին օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ Կոմիտեից գրավոր պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալ։  Ավելի վաղ նույն հարցադրումն արել էինք ՊՆ-ին, սակայն այս գերատեսչությունից էլ դարձյալ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ առաջարկել էին դիմել նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտե։ Այսինքն՝ ՊՆ-ն հնգօրյա ժամկետից հետո է միայն գրավոր պատասխան ուղարկել, որն ըստ էության չի պարունակել հարցի պատասխանը, իսկ ՔԿ–ին երկու շաբաթից ավելի է պահանջվել՝ տեղեկության տրամադրումը պարզապես մերժելու համար։ Վարչապետի աշխատակազմը երկու հարցմանն էլ խուսափողական ու անբովանդակ պատասխաններ է տվել Այս տարվա մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսն էր։ Սա արդեն երկրորդ ասուլիսն է, որի մասին պաշտոնապես չի հայտարարվում նախապես, եւ լրագրողներին դրան մասնակցելու հայտ ուղարկելու հնարավորություն չի տրվում։ Իսկ ասուլիսի օրը, պարզվում է, շատ լրատվամիջոցներ կամ ուղղակի չեն հրավիրվել, ինչպես, օրինակ, infocom.am-ը, կամ նույնիսկ մերժում են ստացել, ինչպես, օրինակ, azg.am-ը։ Infocom.am-ը չէր հրավիրվել նաեւ նախորդ՝ այս տարվա հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին։ Չէին հրավիրվել նաեւ այլ լրատվամիջոցներ այն պարագայում, երբ մարտի ասուլիսին վարչապետին հարց ուղղելու հնարավորություն են ունեցել տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկա էին նաեւ նախորդ ասուլիսին։ Մարտի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն են ունեցել մասնակցելու ՀՀ վարչապետի՝ 10.01.2023թ. եւ 14.03.2023թ. ասուլիսին։ Վարչապետի աշխատակազմից պատասխանել էին այսպես․ «ՀՀ վարչապետի ասուլիսին հրավիրված զանգվածային լրատվամիջոցների թվաքանակը պայմանավորված է տարածքում տեղերի սահմանափակությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նախորդ ասուլիսի համեմատ՝ այս անգամ հրավիրվել են ավելի մեծ թվով զանգվածային լրատվամիջոցներ: Հաջորդիվ կդիտարկվի նաև այս ասուլիսին չմասնակցող ԶԼՄ-ներին հրավիրելու հարցը»:  Քանի որ այս պատասխանը չէր պարունակում մեր հարցի մասին բովանդակային տեղեկություն, ուստի եւս մեկ հարցում էինք ուղարկել՝ խնդրելով ըստ էության պատասխանել եւ նաեւ նշել, թե ինչո՞ւ մեր լրատվամիջոցը չի հրավիրվել երկու ասուլիսներին էլ։ Վարչապետի աշխատակազմից ստացել էինք հետեւյալ գրությունը․ «Ձեր՝ մարտի 15-ի հարցման կապակցությամբ տրամադրված տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չունենք»։ Գրավոր հարցմամբ տեղեկություն ստանալու իր իրավունքն Infocom-ը շարունակելու է իրացնել՝ պարբերաբար ներկայացնելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դրա առնչությամբ։    Միլենա Խաչիկյան Հայարփի Բաղդասարյան
12:09 - 10 ապրիլի, 2023
«Սպաներից մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք»․ 70-օրյա շրջափակումից փրկված զինծառայողների հարցաքննությունը

«Սպաներից մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք»․ 70-օրյա շրջափակումից փրկված զինծառայողների հարցաքննությունը

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն այդ ժամանակ ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ Արման Արմաղանյանը «քաոս» բառով է որակում․ «Երբ հարձակումը սկսվեց, տարբեր սպաներ տարբեր բաներ էին գոռում․ մեկը գոռում էր՝ մերոնք են, մի կրակեք, մյուսը՝ մերոնք չեն, կրակեք, մեկը գոռում էր՝ նահանջել, մյուսը՝ անցնել շրջանաձեւ պաշտպանության, որը մենք՝ նորակոչիկներս, չգիտեինք էլ՝ ինչ է, ես՝ սովորական զինվոր, չէի հասկանում՝ ինչ անել»։ Արմանը մեկն է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից, որոնք սարից նահանջի ընթացքում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ անջատվել են անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արմանն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղում՝ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին կարողացել են կապի դուրս գալ եւ փրկվել։ 6 տղաները այժմ տուժող են 5-րդ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում էլ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ հարցաքննվեցին։ Հիշեցնենք՝ գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ տուժողի՝ Գարիկ Վարդերեսյանը Իշխան Վահանյանին ասել է՝ եթե տեսնես մեկը փախչում է, կարող ես մեջքից կրակել Արման Արմաղանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 2-ին, ծառայել է նախ Մարտունի 2-ում, ապա՝ տեղափոխվել Ջաբրայիլ։ Պատերազմի առաջին իսկ օրից ներգրավված է եղել մարտական գործողությունների մեջ։ Հոկտեմբերի սկզբին հարկադրված նահանջ են իրականացրել «9-րդ կմ» կոչվող տարածքից, որից հետո իրենց տարել են Հադրութի դպրոց։ Այդ, այսպես ասած, առաջին նահանջի ժամանակ, ըստ Արմանի, իրենք տեսել են, որ իրենց ուղղությամբ մեծ թվով հակառակորդ է գալիս, ռադիոկապով էլ տեղեկացել են 50-60 տանկի մոտենալու մասին, եւ իր գնահատմամբ՝ այդտեղ մնալը անհնար էր․ «Լեյտենանտ Գագոն (ազգանունը չի հիշում-հեղ․) մոտենում է Հայկազին (Հայկազ Գրիգորյանը 1-ին վաշտի հրամանատարն է,-հեղ․), ասում՝ հրաման տուր, Հայկազն էլ՝ գնում–գալիս, ասում է՝ չգիտեմ-չգիտեմ, Գագոն էլ ասում է՝ ուրեմն ես հրամանատարությունը վերցնում եմ իմ վրա, որովհետեւ դու չգիտես»։ Երբ Հադրութի դպրոցում Հայկազն ու լեյտենանտը խոսելիս են եղել այդ դրվագի մասին, միջամտել է գումարտակի՝ այդ ժամանակ արդեն նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը։ Ըստ Արմանի՝ նա իրենց մեղադրել է փախուստի մեջ եւ Իշխան Վահանյանին, որը պիտի փոխարիներ Վարդերեսյանին այդ պաշտոնում, ասել՝ եթե տեսնես, որ մեկը փախչում է, կարող ես մեջքից կրակել։ Դրանից բացի, սեպտեմբերի 25-ի մարտական տագնապից հետո (որը, ինչպես հետագայում զինծառայողներին ասել են, սխալմամբ է հնչել) Վարդերեսյանը, ըստ Արմանի, հեռախոսով խոսելով եւ զինվորներին նայելով, անպարկեշտ կերպով հարցրել է, թե ինչու են վախեցել․ մեկ է՝ բոլորը զոհվելու են, եւ միայն ինքն է ողջ մնալու (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ)։ Նույն դպրոցում Արմանը խոսակցություն է ունեցել գումարտակի նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանի հետ․ վերջինս ասել է, որ վիրավոր է, բայց կմնա զորքի հետ։ Տեսանելի վիրավորում, սակայն, Արմանը չի նկատել․  «Վահանյանը հավաքում է բոլորիս․ մեր դասակն էր ու 3-րդ, 4-րդ դասակները, ասում է՝ տանում է շատ ապահով տեղ՝ 4-րդ գիծ, ուր հնարավոր չէ՝ մի բան լինի։ Տանում են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք․ անդունդ էր, դիմացը՝ բարձր սար, իսկ մեր հետեւում՝ ցանցատիպ զաբոռ»։ Տուժողի նկարագրությունից պարզ է դառնում, որ հնարավոր նահանջի դեպքում այդ ցանկապատը անցնելը լրացուցիչ ջանք էր պահանջելու։ Կեսգիշերնանց անձնակազմն այնտեղ հարձաման է ենթարկվել, եւ քանի որ նորակոչիկները ոչ մի պատրաստություն չէին անցել, ստիպված են եղել դարձյալ նահանջել։ Այդ նահանջից հետո մի կերպ հասել են Հադրութի դպրոց, որտեղից էլ նրանց «ԿԱՄԱԶ»–ներով տարել են Խուռհատ սարը, ուր արդեն մեկնել էին գումարտակի մնացած դասակները։ Արմանի տպավորությամբ՝ հակառակորդը նախ ֆոսֆորային զենքերով խոտերն է վառել, ուժեղ ծուխ ստեղծել, հետո սկսել կրակ արձակել Արման Արմաղանյանի խոսքով՝ իր համար տարօրինակ էր, որ Խուռհատ սարը հասնելուն պես իրենց ասել են՝ գնացեք, դիրքավորվեք․ կարծես ասեին՝ բարձրացեք վերեւ, մի տեղ գտեք, նստեք․ «Բայց երբ բարձրացանք, նույնիսկ չգիտեինք՝ որ կողմ պիտի նայեինք»։ Հարձակումից մի քանի ժամ առաջ Արմանը իրեն անծանոթ, բարձրաստիճան տարբեր սպաների է տեսել սարի ներքեւում, որոնք նահանջի ժամանակ տարօրինակ կերպով այլեւս չեն եղել։ Մի գիշեր մնալուց հետո հարձակումը սկսվել է․ Արմանի տպավորությամբ՝ հակառակորդը սկզբում ֆոսֆորային զենքերով խոտերն է վառել, ուժեղ ծուխ ստեղծել, հետո տարբեր զինատեսակներից կրակ արձակել․ «Էդ դրվագը կարող եմ քաոս բառով նկարագրել, որովհետեւ էդ սարի վրա բոլորս մալադոյ էինք եւ շատ բան չէինք սովորել, մինչ պատերազմը մեզ ասում էին, որ պատերազմի իրավիճակում ուչեբկան բաշխվում է այլ գումարտակների միջեւ, բայց պատերազմի ժամանակ մենք բոլորս անփորձ բարձրացել ենք դիրքեր, եւ քանի որ ռացիա չկար, բոլոր հրամանները փոխանցվում էին բանավոր, ասում էին՝ էս գոռացեք, էն գոռացեք, ու տարբեր աֆիցերներ տարբեր բաներ էին գոռում․․․ Որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ այդպես հնարավոր չէ մի բանի հասնել, նահանջի հրաման տվեցին»։ Ըստ Արմանի՝ ոմն քեռու հորդորով որոշում է կայացվել գնալ Հադրութ՝ ենթադրյալ հայկական զորքին օգնության Չդադարող կրակի տակ նահանջելով՝ զորքը հավաքվել է սարի ներքեւում գտնվող ճանապարհի մոտ եւ միաշարասյուն սկսել քայլել։ Այդ ժամանակ է, որ Արմանը հանդիպել է Վահանյանին․ «Ինձնից մի քիչ հետ տեսնում եմ Վահանյանին, որ, սովորական քայլելով, գնում է ու տեսնում եմ՝ մի քանի «ԿԱՄԱԶ» է անցնում, նա զինվորներից մեկին ասում է, որ կանգնեցնի «ԿԱՄԱԶ», այն կանգնում է, մենք անցնում ենք, ու ես էլ չեմ տեսնում, թե նա ոնց է նստում»։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Դրանից հետո անձնակազմը մտել է անտառ, որ թշնամուն շատ տեսանելի չլինի, եւ շարունակել քայլել դեպի մի գյուղ, որտեղ իրենց պիտի «ԿԱՄԱԶ»–ներ դիմավորեին (այնտեղ սպասողների հետ կապը կեսից կորել է)․ «Մի շարք դարձած՝ բարձրանում ենք, որոշ ժամանակ անց զինվորների մի մասը հոգնում է, նստում, հանգստանում, ու տենց, այդ գիծը ավելի է երկարում, ու մի պահ կրակոցներ ենք լսում ամենավերեւից, չգիտեինք՝ ինչ է կատարվում, Հովհաննեսը հրաման է տալիս նստել, սպասել»։ Քանի որ ծառերը խիտ էին, եւ անձնակազմն էլ՝ միաշարասյուն, Արմանի խոսքով՝  դիմացից ու հետեւից հազիվ 5-7 հոգու տեսնեին, այսինքն՝ իրենք մեջտեղում էին, եւ զորքի սկիզբն ու վերջը իրենց տեսանելի չէր․ «Հովոն մեր հետեւն էր, հետո եկավ, անցավ, մենք իրեն էլ ոչ տեսնում, ոչ լսում էինք, մի կես ժամ սպասում ենք, ու էդ ժամանակ, ըստ խոսակցությունների, Հովոն զանգում է ԱԱԾ, որտեղից ասում են, որ Հադրութի գնդում հայկական համազգեստով մարդիկ կան, բայց կապ չունեն հետները, չգիտեն՝ հայ են թե ադրբեջանցի․ արդեն դեպքեր եղել էին, որ հայկական ֆորմայով ադրբեջանցիներ երեւային»։ Այդ ժամանակ է, որ Հովհաննես Մուրադյանն ու նրանից ներքեւ գտնվող անձնակազմը անջատվել են զորքից, եւ Մուրադյանն ու ոմն կամավոր քեռի սկսել են քննարկել՝ ինչ անել։ Ըստ Արմանի՝ քեռու հորդորով որոշել են մնացած 98 հոգով գնալ Հադրութ՝ ԱԱԾ–ի հայտնած ենթադրյալ հայկական զորքին օգնության․ «Այդ ընթացքում քեռին զանգում է Վահանյանին, ես կարող եմ կոնկրետ բառերով ասել, թե ինչ է ասում նրան, բայց ինձ թվում է՝ դատարանում չի կարելի նման բառեր օգտագործել․․․ Ամենավերջին բառերով Վահանյանին վիրավորելով՝ ասում է՝ դու մեղավոր ես, որ էսքան զոհ ենք ունեցել, էսքան զինվոր հիմա էստեղ է, ու էդ ամենը քո մեղքն է, քանի որ դու թողել, գնացել ես, Վահանյանն էլ ասում է, որ ինքը հոսպիտալի ճանապարհին է, ու չի կարող օգնել, ընդամենը խորհուրդ է տալիս մի տեղ գնալ»։ Նշենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն, անգամ քեռու անունը, չի իմացել։ Արմանը եւս տեղեկություն չուներ, ասաց՝ միայն գիտեինք, որ զինվորական փորձ ունի, եւ թեեւ նախկինում երբեք նրան չէին ճանաչել, բայց վստահում էին, քանի որ կարողանում էր զորքը հավաքել։ Չնայած որոշ վկաներ ասել էին, որ նա գյումրեցի է, սակայն Արմանի մոտ գյումրեցու բարբառին բնորոշ խոսույթ չի տպավորվել։   Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը - Քրեական գործում առկա տեղեկությունների համաձայն՝ Արթուր Քարամյանը (Ջրականի զորամասի նախկին հրամանատարն է, նրա հարցաքննությունը՝ այստեղ–հեղ․), տեղեկանալով, որ նահանջում եք, Վահանյանին հայտնել է, որ Հադրութի կողմ չպետք է գնալ, ձեզ այդ մասին որեւէ մեկը, այդ թվում՝ Վահանյանը կամ քեռին, ասե՞լ են,– հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։  - Ընդհանրապես։ Ես քեռու խոսքից նման բան չեմ հասկացել, ենթադրում եմ, որ չի ասել, հակառակը, երբ ես զանգեցի Վահանյանին (դա շատ ավելի հետո է եղել,-հեղ․), Վահանյանը ինձ ասաց՝ գնացեք Վանք գյուղի եկեղեցու կողմ (որտեղ էլ հենց շրջափակման մեջ են ընկել-հեղ․)։ - Հովհաննես Մուրադյանը կարո՞ղ էր ընկնել քեռու ազդեցության տակ ու շարժվել այդ ուղղությամբ, այսինքն՝ եթե այն իրավիճակը լիներ, որ անձը լիներ հետախույզ, կկարողանա՞ր համոզել նրան, տանել իր հետեւից,– հետաքրքրվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ - Հովհաննեսը Մուրադյանը շատ լավ մարդ էր, բայց ինձ թվում է՝ որպես սպա այնքան էլ ուժեղ չէր, որ զորք առաջնորդեր, էնպես որ, եթե հարցը տենց դնենք, հնարավոր է, որ տենց բան լիներ,– պատասխանեց տուժողը։ Հադրութի ուղղությամբ շարժվող 98-հոգանոց անձնակազմը ձորի հատվածում դարձյալ կրակի տակ է ընկել․ այլ զինծառայողների հետ մեկտեղ զոհվել են միակ սպա Հովհաննես Մուրադյանն ու հիշյալ քեռին։ Ըստ Արմանի՝ ինքը քեռու զոհվելն անձամբ է տեսել։ Շրջափակման մեջ տղաները տարբեր կերպ են պատկերացրել փրկության ելքը Դրանից հետո զինծառայողներից մի քանիսը ձորով իջել են, իսկ Արմանը մյուս մասի հետ մնացել է, քանի որ բազմաթիվ վիրավորներ չէին կարողանում տեղաշարժվել։ 3 օր մոտ 30 հոգով, որից 10–ը՝ վիրավոր, գիշերել են էդտեղ, ինչի ընթացքում վիրավորներից միայն 3-ն են ողջ մնացել։ Դրանից հետո 21 հոգանոց խմբով շարժվել են, գյուղի տներից մեկում թաքնվել․ «Զանգում ենք Վարդերեսյանին, ասում է՝ վերեւից ջախջախելով գալիս ենք, շուտով ձեզ կհասնենք, սպասեք, որոշ ժամանակ հետո էլի ենք զանգում, ասում է՝ մոտենում ենք, ասեք՝ քանի հոգի եք եւ անուն–ազգանուններ․․․ Որոշ ժամանակ հետո էլ դեպք է լինում, տղերքից մեկի անզգուշության պատճառով իմանում են մեր տեղը, սկզբում ռուսերենով ասում են՝ գիտենք, որ այդտեղ եք, դուրս եկեք, հետո ադրբեջաներեն են խոսում ու կրակում են ներս՝ հավերի, շների ուղղությամբ, մեծ տեխնիկա են բերում, բայց ներս չեն մտնում, 3 օր հետո էլ ադրբեջանցի մի սպա է գալիս վարորդի հետ, դարպասներից ներս են մտնում, սպային հասցնում ենք խփել, վարորդը փախչում է, որոշում ենք վերցնել հնարավոր իրերը, նոր տեղ ման գալ»։  Դրանից հետո տղաները դարձյալ խմբերի են բաժանվել՝ պայմանավորված նրանով, որ տարբեր կերպ էին պատկերացնում շրջափակումից դուրս գալու եղանակները։ Արմանի խմբի պատկերացմամբ՝ պետք էր սպասել՝ պատերազմն ավարտվի, ապա շարժվել Իրանի կողմ․ «Շատ լավ նոտայի վրա հաջողություն ենք անում, պայմանավորվում ենք, որ երբ դուրս գանք, իրար հետ մի տեղ նստենք, հաց ուտենք, իրար հեռախոսահամար ենք վերցնում, որ դուրս գալուց հետո զանգենք ծնողներին, իրար տեղ ասենք»։ Արմանի կարծիքով՝ եթե Վահանյանը չհեռանար, զորքի միջեւ հաղորդակցությունն ավելի լավ կլիներ, զոհերը՝ ավելի քիչ  Հարցաքննությունից հետո տուժողին հարցեր հղեց նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը․ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժող Արման Արմաղանյանը – Վահանյանի հեռանալուց հետո ձեր հետ սպաներ մնացին, արդյո՞ք դուք հոգեբանորեն այնպիսի ճնշվածություն ունեիք, որ չէիք կարող իրավիճակին լուծում տալ, Վահանյանով ինչ-որ բան պայմանավորվա՞ծ էր։ – Եթե պայմանավորված չլիներ, ինքը չէր լինի մեր հրամանատարը,– պատասխանեց տուժողը։ – Տեսականորեն ընդունենք՝ նա զոհվեց, ձեզ հետ կային այլ սպաներ եւ քեռին, որը վստահություն էր ներշնչում, այս պայմաններում ձեր հոգեբանական վիճակը էական փոփոխության ենթարկվե՞լ էր։ – Եթե Վահանյանը չգնար, գուցե ավելի քիչ զոհեր ունենայինք, զորքի մեջ հաղորդակցությունը ավելի լավ կլիներ, եթե զոհված լիներ, կհամակերպվեինք, կասեինք՝ զոհվել է, իսկ էս պահի դրությամբ ինքը պարզապես գնացել է, եւ դրա հետեւանքով է այդ ամբողջը եղել,– ասաց Արման Արմաղանյանը՝ Վահանյանին որպես «շատ վատ մարդ» բնութագրումը տալով։ Դավիթ Սահակյանի խոսքով՝ իրենց դիրքն այնքան ներքեւ էր, որ կրակող հակառակորդին չէին էլ տեսնում Երեկ հարցաքննված մյուս տուժողը Դավիթ Սահակյանն էր՝ Արմանի խմբում եղած եւ փրկված տղաներից մեկը։ Նա ծառայության է մեկնել 2020 թ․ օգոստոսի 19-ին, սկզբում՝ Ասկերան, ապա՝ Ջրական։ Դավիթը նույնպես իր ցուցմունքը սկսեց հոկտեմբերի 10-ին նախորդած մարտական գործողություններից։ Անդրադառնալով արդեն Խուռհատ սարի դեպքերին՝ նա նշեց․ «Էնտեղ դիրքավորվել ենք, նկատել, որ Ջրականի կողմից 2 տանկ ու 3 «ԿԱՄԱԶ» գալիս էին մեր կողմ, «ՖԱԳՈՏ»–ով խփել ենք, մի գիշեր հետո Հադրութի անտառներից ենք սկսել կրակոցներ լսել, մի կողմից ասում էին՝ մերոնք էին, մյուս կողմից ասում էին՝ մերոնք չեն, ես չիմացա՝ ինչ անել․․․ Դրանից հետո տեսա, որ անտառից մերոնցից մարդիկ են գալիս, այսինքն՝ նրանք, որոնք կռիվ են տվել՝ արդեն վիրավոր, արյունոտ․․․ Հասկացա, որ կռիվ է գնում, բայց ոչ մի բան հասկանալի չէր, որովհետեւ տարբեր բաներ էին գոռում․․․ Ինչ գտել ենք, դրա կողքը թաքնվել ենք, մեր դիրքը ներքեւն էր, հակառակորդը վերեւից էր գալիս, ես նորմալ չէի էլ տեսնում, բայց իմ վրա կրակում էին»։ Լուսանկարում՝ տուժող Դավիթ Սահակյանը Մարտական գործողությունների ժամանակ Դավիթը Վահանյանին չի նկատել, միայն սկզբում սարի ներքեւում է տեսել եւ վերջում՝ դատարկ «ԿԱՄԱԶ»–ով հեռանալիս։  Ձորում, որտեղ Հովհաննես Մուրադյանն ու քեռին զոհվել են, Դավիթը ձեռքից վիրավորվել է, շատ արյուն կորցրել, հետագայում տներում մնացած կոմպոտներով սնվել, աստիճանաբար կազդուրվել։  Տղաների տեղեկություններով՝ վերջում մնացած 21 հոգանոց խմբից փրկվել է 8 հոգի․ իրենք՝ 6 ընկերներով, եւ եւս 2 զինծառայող, որ գերեվարվել, հետագայում վերադարձվել են հայրենիք։ Թե գումարտակի ամբողջ կազմից ընդհանուր քանի հոգի է ողջ մնացել, պաշտոնապես հայտնի չէ։ Ճիշտ ուղղությամբ գնացած սպա Հայկազ Գրիգորյանը դատարանում նշել է, որ իրենց հետ եղել են մոտ 65 հոգի։   Միլենա Խաչիկյան
22:40 - 06 ապրիլի, 2023
Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանում ռուսերենով կրթությանն եւ ռուսական դպրոցների թեման։ Ինֆոքոմն ուսումնասիրել է թեման՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսին են մինչ այժմ եղել Ռուսաստանում եւ Հայաստանում համապատասխանաբար հայկական եւ ռուսական համայնքների, ինչպես նաեւ կացության կարգավիճակներով բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթության կազմակերպման կամ մայրենի լեզվի ուսուցման հնարավորությունները, արդյոք հայկական կողմը բարձրաձայնո՞ւմ է Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայկական համայնքի՝ հայերենով կրթության կազմակերպման հնարավորությունների մեծացման հարցը։   Շաբաթներ առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ռուս մեծանուն մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ։ Հայաստանում ռուսական տան ֆեյսբուքյան էջում զետեղված գրառումից տեղեկանում ենք, որ Կոպիրկինն ասել է՝ քննարկվում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցեր, եւ որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ռուսերենով կրությանն աջակցելու հետ կապված հարցերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ աշխատանքային խմբի ձեւավորումը նախատեսված է համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով, եւ ճշտող հարցին՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց կա՞, պատասխանել էր, որ այսօր օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է․ «Դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը․․․ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գտնվում ՀՀ-ում, եւ եթե կարիքը կա նրանց կրթության հավելյալ ապահովման, ապա, բնականաբար, այդ հարցը պատրաստ ենք քննարկել»,- նշել էր նախարարը մարտի 16-ին։ Մոտ տասը օր անց՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Անդրեասյանը թեմայի վերաբերյալ եւս մեկ անգամ նույնական մեկնաբանություններով հանդես եկավ՝ նշելով, որ հիմա մեր օրենսդրության շրջանակում ընթանում են քննարկումներ, արդյունքները կներկայացնեն։  Վերջին տարիներին ռուս պաշտոնյաներից միայն Կոպիրկինը չէ, որ խոսել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին․ դեռ 2021թ․ էր այս հարցը հանրային քննարկման առարկա, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական մեթոդաբանության հիման վրա Տաջիկստանում ստեղծվում է ռուսական 5 դպրոց, եւ որ վերջին ժամանակներում ՀՀ նոր ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում հենց այդպիսի ծրագրի իրականացմամբ։ Լավրովի այդ հայտարարությունից հետո ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չկա։ Հայաստանում ռուսական դպրոցների եւ ռուսերենի կարգավիճակի մասին խոսակցությունները այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք պարբերաբար բերվում են օրակարգ, ինչը ենթադրել է տալիս թեմայի՝ ՌԴ պետական օրակարգի մաս լինելու մասին։ 2017թ․-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդունել էր պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Արա Բաբլոյանին, որն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր։ Այդ շրջանում ՌԴ-ում ընդունվել էր օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, որը, ինչպես արձանագրել էր Բաբլոյանը հանդիպման ժամանակ, մեծ դժվարություններ էր առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր վերանայել այդ մոտեցումը, իսկ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել էին բացառություններ․ Վոլոդինը մեկնաբանել էր, թե օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ նրա, ՌԴ-ում աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Բաբլոյանն այս առաջարկին հակադարձել էր՝ նշելով, որ ՀՀ օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա, նա նկատել էր, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:   Հայ-ռուսական համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ը տեղեկացավ, որ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022թ․ դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու եւ հայ-ռուսական համատեղ համապատասխան աշխատանքների կազմակերպման նպատակով այս տարվա հունվարի 17-ին նախարարի՝ N 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջին քննարկումը ռուսական կողմի հետ տեսակապի միջոցով կայացել է մարտի 15-ին: Առաջին քննարկման օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի վերաբերյալ հարցեր։ Նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք աշխատանքային խմբի օրակարգային հարցերից է նաեւ ՌԴ-ում հայերենով կրթությանն առավել ուշադրություն դարձնելու հարցը, սակայն պատասխանում դրա մասին որեւէ նշում չկա։ Իսկ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ։ Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (իմա՝ ԿԳՄՍՆ) եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:  Ռուսերենով ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվում է սկսած 2-րդ դասարանից: ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երեւան քաղաքում, 30-ը՝ մարզերում:  ՀՀ ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հաղորդել են, որ ՀՀ-ում շուրջ 45 դպրոցում կա ռուսերեն դասարան ունենալու հնարավորություն, սակայն այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ կան 39 դպրոցներում։ 2023թ․ մարտի տվյալներով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է 6745 աշակերտ (ներառված են նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող այն դպրոցների աշակերտները, որտեղ կրթությունը կազմակերպվում է ամբողջությամբ ռուսերենով)։ Երեւանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպվում, դպրոցը պետական չէ։  Կրթությունն ամբողջությամբ ռուսերենով է կազմակերպվում նաեւ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում, չնայած այն պետական դպրոց է՝ մարզային ենթակայության ներքո։ Միայն թե այս պարագայում Ֆիոլետովոյի դպրոցում սովորում են միայն ազգությամբ ռուս աշակերտներ (Ֆիոլետովո համայնքն 99,9% ռուս բնակչությունից է կազմված), ուստի այստեղ այժմ գործում են միայն ռուսական դասարաններ։ Բացի դրանից՝ ՀՀ-ում կա առնվազն երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ ենթակայության ներքո չեն․ երկուսը (Գյումրիում եւ Քանաքեռում) գործում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ եւ սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին, մյուս դպրոցն Արտաշատում է, տեղի ռուսական սահմանապահ զորամասին է կցված։ 2011թ․ մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունից 11911-ը ռուսներ են։ Նշենք նաեւ, որ 2022-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 19418 ՌԴ քաղաքացի (նշյալ անձանց մեջ կարող են լինել ազգությամբ հայեր)։   Հայերենով ուսուցումը՝ Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի Դաշնությունում չկա որեւէ դպրոց, որտեղ կրթությունն ամբողջությամբ կազմակերպվում է հայերենով։  ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Infocom-ը հարցմամբ տեղեկացել է, որ ՌԴ-ում հայկական ուսուցմամբ դպրոցների, կրթական կենտրոնների ընդհանուր թիվը 167 է: Այս թիվը ներառում է ոչ միայն հանրակրթական դպրոցները, որտեղ կան հայկական դասարաններ, այլ նաեւ համայնքային կառույցներին, եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցները, հայերենի ուսուցմամբ խմբակներն ու ֆակուլտատիվ դասընթացները։  Իսկ հայկական դասարաններ կան ՌԴ հանրակրթական միայն 49 դպրոցներում։ ՌԴ-ում հայության թվաքանակի վերաբերյալ առկա են ՌԴ պետական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներ, համաձայն որոնց՝ 2021 թ. անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ արձանագրվել է 946.172 հայ: Միաժամանակ, ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ՌԴ բարձրագույն պետական իշխանության ներկայացուցիչները, համայնքային կառույցները, հետազոտողները նշում են, որ ՌԴ-ում բնակվող հայության թիվը կազմում է ավելի քան 2.5 մլն:   ՀՀ քաղաքացիները՝ Ռուսաստանում, եւ ՌԴ քաղաքացիները՝ Հայաստանում Հայաստանում ռուսերենով կրթությանն առավել շատ ուշադրության արժանացնելու հիմնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանում մեծացել է ռուսների ներհոսքը Հայաստան։ Այդ մասին մեկնաբանություն հրապարակվել էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում դեռ 2022թ․-ին՝ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանի՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չունենալու մասին վերը հիշատակված հայտարությունից հետո։ Նմանատիպ մեկնաբանություն արել է նաեւ ներկայիս նախարարը՝ վերջին ասուլիսի ժամանակ։ Ելնելով այս մեկնաբանություններից՝ փորձել ենք հասկանալ, թե որքանով է անհրաժեշտ ռուսերենով կրթության ծավալների մեծացումը Հայաստանում եւ հայերենով կրթության ծավալների մեծացումը Ռուսաստանում։ Դիտարկել ենք, թե ՀՀ քանի քաղաքացի է ապրում Ռուսաստանի Դաշնությունում (մշտական եւ ժամանակավոր կացության իրավունքով), եւ որքան ՌԴ քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետությունում (մշտական, ժամանակավոր եւ հատուկ կացության իրավունքով)։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկանում ենք, որ 2022 թ. հունվար-դեկտեմբերին ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակով (BHЖ) բնակվել է 40.766 ՀՀ քաղաքացի, իսկ ժամանակավոր կացության իրավունք (PBП) ունեցել է 13.414 ՀՀ քաղաքացի: Միեւնույն ժամանակ, ինչպես հարցմամբ տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից, 2022 թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում վավեր կացության կարգավիճակ ունեցել է ՌԴ 8654 քաղաքացի: Այսպիսով, վերը ներկայացված տվյալներն իրար կողքի դիտարկելիս այսպիսի պատկեր է ստացվում․ նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կացության որեւէ կարգավիճակով բնակվում է 8654 ՌԴ քաղաքացի, 2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչությունից ազգությամբ ռուս է 11 911-ը։ Միաժամանակ, ՀՀ-ում գործում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպող չորս ոչ պետական դպրոց, մեկ պետական դպրոցում էլ (Ֆիոլետովոյում) կրթությունը կազմակերպվում է ռուսերենով, քանի որ բոլոր աշակերտներն ազգությամբ ռուս են։ Բացի դրանից՝ պետական ենթակայության շուրջ 39 դպրոցներում առկա են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։ Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2022թ. դրությամբ կացության կարգավիճակներով բնակվել է ընդհանուր առմամբ 54 180 ՀՀ քաղաքացի, եւ որտեղ 2021թ. անցկացված մարդահամարի տվյալներով արձանագրվել է 946 172 հայ, չկա ամբողջությամբ հայերենով կրթություն կազմակերպող որեւէ դպրոց։ ՌԴ հանրակրթական դպրոցներից միայն 49-ում կան հայկական դասարաններ։  Վերը ներկայացվածը ցույց է տալիս, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգ, ապա համաչափ կլիներ, եթե հայկական կողմը ձեւավորված աշխատանքային խմբի օրակարգ բերեր նաեւ ՌԴ-ում հայերենով ուսուցմամբ դպրոցների հարցը։ Հայարփի Բաղդասարյան
17:04 - 03 ապրիլի, 2023