ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:
21:04 - 23 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ:
16:42 - 23 մարտի, 2022
ՊՆ-ն հաստատում է. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա |hetq.am|

ՊՆ-ն հաստատում է. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա |hetq.am|

hetq.am: Վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝ Ներքին Հանդում, որտեղ ադրբեջանական կողմը դիրքերն առաջ է բերել։ Դեռ 2021 թվականի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ՝ միջադեպերից խուսափելու համար։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա իրավիճակը՝ «Հետք»-ը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում էր ուղարկել՝ խնդրելով նշել, թե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվե՞լ է Շառլ Միշելի մատնանշած հատուկ կապը, եթե այո, ապա հայկական ու ադրբեջանական կողմերը ուղիղ շփում ունեցե՞լ են այդ կապով։ Պատասխանում, որը ստորագրել է ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանությունների նախարարությունների միջև հաստատվել է վերոնշյալ հատուկ կապը՝ հավելելով, որ «հնարավոր չէ տրամադրել բովանդակային տեղեկատվություն՝ ելնելով կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությունից»։ Այստեղ հետաքրքրականն այն է, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրի պաշտպանության նախարարների միջև, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն իր պատասխանում կիրառում է «նախարարությունների միջև ձևակերպումը»։ Հետևաբար, հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են գտնվում հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշում էին եվրոպացի պաշտոնյաները։ Շարունակությունը՝ hetq.am-ում
11:03 - 23 մարտի, 2022
ՄԻՊ-ն այցելել է զինհոսպիտալ. զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը

ՄԻՊ-ն այցելել է զինհոսպիտալ. զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը

Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հոսպիտալում: Այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել վնասվածքաբանության, ընդհանուր թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ, ովքեր ծառայության տարբեր հանգամանքներում, այդ թվում՝ մարտական գործողությունների ընթացքում կամ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորումներ ու վնասվածքներ են ստացել: Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչները զինծառայողներին պարզաբանել են նրանց իրավունքների իրացման հնարավորությունները, այդ թվում՝ առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու և դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը ստանալու, ինչպես նաև բարձրացված այլ հարցերի հետ կապված: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացվել ոլորտին առնչվող և հրատապ լուծում պահանջող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հոսպիտալի բժշկական տեխնիկայով հագեցվածության, բժշկական անձնակազմի համալրվածության, անձնակազմի հոսունության, ռազմական բժիշկների համար նախատեսված երաշխիքներին առնչվող հարցեր: Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ռազմական բժիշկների և ամբողջ բժշկական անձնակազմի հերոսական աշխատանքն անուրանալի է. այն առանձնահատուկ դրվատանքի է արժանի: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
09:49 - 22 մարտի, 2022
ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ

ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է հրապարակել Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ․  «Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավարին, տեղեկություններ տարածեցին, թե մարտի սկզբին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում են ունեցել դեպի գյուղ։  Պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում ոչ մի առաջխաղացում տեղի չի ունեցել, և որ այդ տարածքը ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել ավելի վաղ։ Չնայած պաշտոնական պարզաբանմանը՝ շահարկումներն այս թեմայի շուրջ շարունակվում են մինչ հիմա, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը վերահստատում է իր պնդումը, որ սույն թվականի մարտին ադրբեջանականն ստորաբաժանումների Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում ունենալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս պնդումը հիմնավորված է նաև տարածքի տարբեր ժամանակահատվածների դիտարկումներով։ Հայ-ադրբեջանական սահմանի խիտ անտառային ու բարդ դիտարկելի այդ տարածքը, որն, ըստ Խորհրդային միության քարտեզների՝  մոտ 600 մետր խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ ստիպված հեռացել են: Եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ՝ նրանք վերադարձել են և նախկինում իրենց իսկ կողմից փորված խրամատների հարակից տարածքում, նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել վրաններ․ այսինքն՝ նոր առաջխաղացման մասին խոսք գնալ չի կարող»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում   
19:52 - 21 մարտի, 2022
Զորամասերից մեկում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

Զորամասերից մեկում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակված կրակոցից:Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 21 մարտի, 2022
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.)  հրաձգային գումարտակի հետնամասում,  իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի  շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:18 - 17 մարտի, 2022
Դիրքերի տեղաշարժի վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը. ՄԻՊ-ը՝ Ներքին Հանդի իրավիճակի մասին

Դիրքերի տեղաշարժի վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը. ՄԻՊ-ը՝ Ներքին Հանդի իրավիճակի մասին

Մեր արագ արձագանքման խումբն այս պահին Սյունիքի ճանապարհին է: Նրանք այցելելու են Ներքին Հանդ գյուղ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ իբր ադրբեջանական կողմը այդ հատվածում խախտել էր ՀՀ սուվերեն սահմանը: «Մեր խնդիրն է տեղում իրավիճակն ուսումնասիրելու: Այդ պատճառով մեր արագ արձագանքման խմբի առջև խնդիր է դրված՝ տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների, նրանց բնականոն կյանքի և անվտանգության հետ կապված խնդիրները»,- ասաց ՄԻՊ-ը: Պաշտպանի խոսքով այս հարցի վերաբերյալ իրենք կապի մեջ են տեղական ինքնակառավարման մարմինների և ՊՆ գործընկերների հետ: Գրիգորյանը շեշտեց՝ ըստ արձանագրված խնդիրների՝ կհանրայնացվեն համապատասխան հետևությունները: «Ես նույնպես այց պլանավորում եմ դեպի Սյունիք, բայց պլանավորման ընթացքում պետք է համապատասխան տեղեկություններ հավաքեմ: Կայցելեմ ապրիլի սկզբին»,- ասաց նա: ՄԻՊ-ը նաև շեշտեց՝ այս կամ այն դիրքերի տեղակայման նախապատմությունը կամ դրա վերաբերյալ եղանակային պայմանների հանգամանքի պարզումը պաշտպանական գերատեսչության գործունեությունն է: «Ինչ վերաբերում է դիրքերի տեղաշարժերին, բնական և տրամաբանական է, որ դրա վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը: Թե ինչու էր պարոն Թաթոյանը ինքն առաջինը արձագանքում այդպիսի հարցերին, դա նրա անձնական մոտեցման հարցն է»,- հավելեց նա:
14:03 - 17 մարտի, 2022
ՊՆ-ն հայտնում է, որ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի դին

ՊՆ-ն հայտնում է, որ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի դին

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»: Նշենք, որ պաշտպանության նախարարությունը առավոտյան հաղորդել էր նաև, որ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:  Գերատեսչությունը մեկ այլ հաղորդագրությամբ հերքել էր ավելի վաղ սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։
13:11 - 17 մարտի, 2022
ՊՆ հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում․ Արման Թաթոյան

ՊՆ հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է: Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետևյալ փաստերը. 1. Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է: 2. Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով: 3. Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին և Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ: 4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ: 5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց. «Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»: Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Ներքին Հանդի և հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի: Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թ. փետրվարի 16-ին և 17-ին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին: Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող: Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ Զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ: Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել: Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը: Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին: Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից: Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ են ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ: Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում: Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ: Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն: Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները: Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին»:
12:09 - 16 մարտի, 2022
Ադրբեջանական կողմի հայտարարությունները նպատակ ունեն խուճապային տրամադրություն և վախի մթնոլորտ ստեղծել. Արման Սարգսյան |1lurer.am|

Ադրբեջանական կողմի հայտարարությունները նպատակ ունեն խուճապային տրամադրություն և վախի մթնոլորտ ստեղծել. Արման Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Վերջին շրջանում իրավիճակը կայուն լարված է՝ հատկապես Արցախում, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Պատասխանելով Ներքին Հանդում հակառակորդի զորքի մեկ կիլոմետր առաջխաղացման և Հայաստանի սուվերեն տարածք մտնելու մասին հարցին՝ Սարգսյանը վստահեցրել է՝ որևէ տեղ առաջխաղացում չի եղել: Սարգսյանը նշել է նաև՝ աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով չի բացառվում, որ հակառակորդը դիմի սադրանքների, միաժամանակ ընդգծել է՝ հայկական կողմը ագրեսիվություն չի դրսևորում, և Բաքվի նման հայտարարությունները ապատեղեկություն են: «Մեզ համար՝ և՛ Արցախ, և՛ Սյունիք, անվտանգային խնդիրներ են, մենք ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապային տրամադրություն, վախի մթնոլորտ ստեղծելու, ընդհանուր առմամբ հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են, և քայլեր են իրականացվում, որ լարված վիճակը պահպանվի: Ես ձեզ առավոտվա դրությամբ ասեմ՝ երբ ես եկել եմ և եղել եմ նիստի, այդ պահի դրությամբ տեղեկացված եմ եղել, որ իրավիճակը կայուն է, սակայն չեմ կարող ասել, որ խնդիր չկա: Կա որոշակի լարվածություն, և մեր յուրային ստորաբաժանումները զգոն են»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը:
16:55 - 15 մարտի, 2022
«Գործընթացը կթվայնացվի»․ ինչո՞ւ է մի քաղաքացին մի քանի անգամ կանչվում զորահավաքի, մյուսը՝ ոչ մի |aravot.am|

«Գործընթացը կթվայնացվի»․ ինչո՞ւ է մի քաղաքացին մի քանի անգամ կանչվում զորահավաքի, մյուսը՝ ոչ մի |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրաձայնեց՝ գիտի կոնկրետ դեպք, երբ 44-օրյա պատերազմից հետո անձը երրորդ անգամ արդեն կանչվում  է զորահավաքների մասնակցելու համար․ «Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմին մասնակցելուց հետո կանչում են, բայց այլ երիտասարդների չեն կանչել անգամ մեկ անգամ։ Հարցը քննարկել եմ նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նա ասաց, որ արդեն հանձնարարական է տվել ֆիլտրեր մտցնելու, որպեսզի չստացվի այնպես, որ մեկ պահեստազորայինը մի քանի անգամ մասնակցում է զորահավաքի, իսկ մյուսները՝ ոչ մի»։ Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ  է լինելու, եթե անձինք ծանուցվում են, բայց չեն ներկայանում զորահավաքների։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլից մինչեւ հունիսի վերջ մոտ 1400 պահեստազորայիններ պետք է մասնակցեն հավաքների․ «Ապրիլի 15-ից հունիսի 15-ը եւս հավաքներ կլինեն, կընդգրկվեն 7-10-օրյա ժամկետում։ Տարբերությունն այն է, որ առաջինի պարագայում մասնակցելու են նաեւ մարտական հերթապահության։ Ձեր ասած խնդիրները կան։ Զորահավաքը կատարյալ չէ։ Քաղաքացիներն արդարացի դժգոհում են, որ մեկին տանում են, մյուսին չեն ծանուցում։ Դրա համար սա որպես հանձնարարական է։ Կա ծրագիր, որի միջոցով գործընթացը կթվայնացվի, սուբյեկտիվ մոտեցումները հնարավորինս կբացառվեն»։ Արման Սարգսյանը նաեւ ասաց՝ պետական մարմիններից ունենք ահազանգեր, որ որոշ աշխատողների՝ աշխատանքի չներկայանալը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար․ «Ընթացքում նման խնդիրները լուծվում են, թեեւ չենք կարող ասել, որ մենք գոհ ենք գործընթացից։ Առհասարակ, համալրման հետ կապված որեւէ խնդիր չի ծագել երբեւէ։ Խուսափողներ լինում են, նրանց հանդեպ օրենքով սահմանված հետեւանքներ կկիրառվեն, որովհետեւ հավաքից խուսափելը ենթադրում է քրեական պատասխանատվություն»։
16:38 - 15 մարտի, 2022
Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն |armenpress.am|

Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն, սակայն նշում է, որ կան որոշակի խնդիրներ: Անդրադառնալով Ներքին Հանդի հատվածից ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների առաջխաղացման մասին տեղեկություններին, Սարգսյանը նշեց, որ այդտեղ առաջխաղացում չկա: «Ես ձեզ ասում եմ, որ որևէ բան հնարավոր չէ Հայաստանում թաքցնել: Եթե նման խնդիր լինի, անպայման Պաշտպանության նախարարության լրատվական կայքով կներկայացվի` առանց բացառության: Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի ասել, որ խնդիր չկա»,- ասաց Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների ճեպազրույցի ժամանակ: Պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի  հնարավոր էսկալացիայի և սադրանքի խնդիրներ չառաջանան:
14:57 - 15 մարտի, 2022