ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար |tert.am|

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար |tert.am|

tert.am: ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար և սահմանազատման հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միութան արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:«Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ սահմանազատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:Եվրամիությունն ընդգծել է նաև իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար» և աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը:«Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ռազմական ուժերը և կատարել իրենց ստանձնած պարտականությունները»,- ընդգծվում է ԵՄ հայտարարության մեջ:
17:27 - 17 նոյեմբերի, 2021
ՌԴ ԱԳ փոխնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Քննարկվել է սրումը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Կողմերը անհանգստություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։ Ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու հրամայական»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
13:52 - 17 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո աջակցության փաթեթին ու Արևելյան գործընկերության ուղենիշային նախաձեռնությունների շրջանակներում հետագա արդյունավետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
14:29 - 16 նոյեմբերի, 2021
Բաքվի հայտարարությունները, թե ԼՂ հակամարտություն այլևս գոյություն չունի, ճիշտ չեն․ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված․Արարատ Միրզոյան

Բաքվի հայտարարությունները, թե ԼՂ հակամարտություն այլևս գոյություն չունի, ճիշտ չեն․ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված․Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պարո՛ն Բարձր հանձնակատար,Պարո՛ն Պետքարտուղար,Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ մենք, ի վերջո, կարողացանք հանդիպել Covid-19 համավարակով պայմանավորված երկար ձգձգվող սահմանափակումներից հետո։ Մենք նաև անհամբեր սպասում ենք գալիք գագաթնաժողովին, որտեղ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագան, որում, վստահ եմ՝ բոլորս մեծապես շահագրգռված ենք։ Ուրախ կլինեի ելույթ ունենալ և խոսել Հայաստանի և Եվրամիության երկրների միջև զարգացման օրակարգի մասին՝ հանգամանալից ներկայացնելով 2021թ․ մարտի մեկին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ընդգծելով «Եվրոպոլի» և «Հորիզոն Եվրոպայի» հետ մեր կնքած պայմանագրերի, մեկ ժամ առաջ ստորագրված Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի, «Ստեղծարար Եվրոպայի» և «Եվրոյուստի» հետ փոխգործակցության, ինչպես նաև՝ այլ ուղղություններով համագործակցության կարևորությունը, կիսվել կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողություններով, ինչպես նաև՝ խոսել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընդտրությունների մասին, որոնք համապատասխան միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։ Կցանկանայի վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը Արևելյան Գործընկերության ապագայի և արժեքների վրա հիմնված համագործակցության հանձնառության վերաբերյալ։ Սակայն այս հանդիպումը տեղի է ունենում միանգամայն արտառոց հանգամանքներում, երբ հայ ժողովուրդն ու ժողովրդավարությունը առնվազն 2020 թվականի սեպտեմբերից սկսած գտնվում են ուժի կիրառման մշտական սպառնալիքի ներքո։ Հարգելի՛ գործընկերներ, Հակառակ գլոբալ զինադադարի մասին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ լրջագույնս վտանգելով տարածաշրջանային իրավիճակը։ Ավելին, նրանք փորձեցին ստեղծել Եվրոպայում ձգձգվող հակամարտություններն ուժի զանգվածային կիրառմամբ և Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ լուծելու փորձի վտանգավոր նախադեպ: Խախտելով զինադադարի մասին երեք պայմանավորվածությունները՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը վերջապես համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Եվ, այդուհանդերձ, իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։ Անվտանգությունն ու իրողությունները չեն կարող կառուցվել մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հազարավոր կորսված մարդկային կյանքերի, կորուստների, տեղահանումների և միջազգային խաղաղության գործընթացի խաթարման հիման վրա։ Ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել։ Իսկ պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Համոզված ենք, որ հակամարտությունն իր քաղաքական լուծումը պետք է գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում։ Կոչ եմ անում բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին։ Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության: Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին։ Որքան էլ Հայաստանը ցուցաբերում է իր պատրաստակամությունը՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը, Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղ բնակչության շրջանում հանգեցնելով կորուստների: Որքան էլ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության բացման դիրքերից՝ Ադրբեջանը շարունակում է պահանջել, այսպես կոչված, «միջանցք»։ Ի սկզբանե Ադրբեջանը հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորում էր ականապատ տարածքների քարտեզների ձեռքբերմամբ։ Սակայն երբ Հայաստանն առաջարկեց տրամադրել բոլոր քարտեզները, որը ենթադրում էր, ի պատասխան՝ բոլոր գերեվարվածների ազատ արձակում, Ադրբեջանը հետքայլ կատարեց՝ կասկածի տակ դնելով քարտեզների հավաստիությունը: Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը՝ խոչընդոտելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելության իրականացումը: Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն: Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ»։
20:32 - 15 նոյեմբերի, 2021
Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

Բրյուսելում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։  Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը ևս մեկ կարևոր նշաձող է Եվրամիության և նրա 27 անդամ երկրների հետ մեր հարաբերություններում։ Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօրվա իրադարձությունը իրականություն են դարձրել. Եվրոպական հանձնաժողովում, Խորհրդում և Սլովենիայի նախագահությունում մեր գործընկերներին, Հայաստանում բոլոր համապատասխան պատկան մարմիններին և Բրյուսելում մեր դիվանագիտական առաքելությանը։ Մոտ ապագայում սույն Համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ։ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:  Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները։ Համոզված եմ, որ Համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և, ընդհանուր առմամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման խթանման համար, ինչպես նաև կխթանի մարդկանց միջև շփումները և կապահովի ավելի մեծ շարժունակության հնարավորություններ»:
18:28 - 15 նոյեմբերի, 2021
Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: «Մտահոգված ենք այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- գրել է Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում։ Երեկ՝ նոյեմբերի 14-ի կեսօրին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանական կողմը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչը, սակայն, չի հաջողվել, իսկ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Արդեն երեկոյան ՊՆ-ից հայտնեցին, որ իրավիճակը կայունացել է, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Այնուամենայնիվ, երեկ ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, որ Ադրբեջանը առաջխաղացում ունի ՀՀ հարավարևելյան սահմանին՝ Սյունիքի մարզում։ Այս տեղեկությունները ևս հերքվեցին ՊՆ կողմից։ Արդեն ուշ երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ «նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ»՝ հավելելով, որ «այկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր»։
10:25 - 15 նոյեմբերի, 2021
ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ռազմական ակտիվությունից: Այս մասին հայտնում է cbcnews-ը։ «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և մինչ այժմ մեր հավաքած տեղեկությունը բավականին մտահոգիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոն։ Նա նշել է, որ Եվրամիությունը գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ վերահսկում է իրավիճակը․ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դիտարկել հետագա քայլերը»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս իրադարձությունների ֆոնին հայտարարել էր, որ «2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից»։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, թե սա ԱՄՆ-ի առաջին հրապարակումը և առաջին հայտարարությունը չէ, որ իրենք անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժերով։ Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բազմիցս պատասխանվել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում․ «Անհրաժեշտության դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար, եթե մեր սահմանների մոտ տեղի են ունենում մեր հակառակորդների որոշ հանդուգն գործողություններ»։ Դեռևս նոյեմբերի 3-ին Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և «ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող»։
21:06 - 12 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի դեսպանին․ անդրադարձ է եղել նաև ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի դեսպանին․ անդրադարձ է եղել նաև ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ առկա համագործակցությունը: Այս առումով Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու եւ հետեւողականության հարցերում: Կողմերը քննարկել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցության հեռանկարները եւ այս ուղղությամբ արդեն իսկ գրանցված արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտությանն ու միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանն ուղղված թեմաներին: Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն իր երկրի առաջնահերթություններից են: Լիտվայի դեսպանի խոսքով՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացված բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ Հայաստանն առաջատարների շարքում է: Անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը:
15:30 - 12 նոյեմբերի, 2021
Հայաստանը հունվարի 1-ից չի օգտվի ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից

Հայաստանը հունվարի 1-ից չի օգտվի ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից

Հայաստանը 2022 թ․ հունվարի 1-ից չի օգտվելու ԵՄ երկրներ արտահանումների համար «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+): 2014թ. հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ՝ 978/2012 ԵՄ կանոնակարգի հիման վրա (Regulation (EU) No 978/2012 of the European Parliament and the Council of 25 October 2012) Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը: Նշված ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից: Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով։ 2021թ․Հայաստանն օգտվել է անցումային ժամանակահատվածից, և 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ Հետևաբար, 2022թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։ Ի հավելումն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է համառոտ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող հայկական ծագում ունեցող ապրանքների համար տրամադրվող առևտրային այլ ռեժիմների վերաբերյալ։ Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու հնարավորություն են տրամադրում որոշ զարգացած երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան: Կանադայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկն իր մեջ ներառում է գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ, որոնց հանդեպ զարգացող երկրներին տրամադրվում է մրցակցային առավելություն: Այդ ցանկում են նաև մի շարք զգայուն ապրանքներ, որոնց թվում են՝ տեքստիլի որոշ տեսակներ, կոշկեղեն, քիմիական և մի շարք արդյունաբերական ոլորտների արտադրանք։ Մանրամասները հղումով։ Ճապոնիան տրամադրում է Արտոնությունների ընդհանրացված համակարգ գյուղատնտեսական մի շարք ապրանքների և ձկնամթերքի համար (337 ապրանքներ) և արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների համար (3141 ապրանք)։ Բոլոր արդյունաբերական ապրանքները հիմնականում օգտվում են զրոյական մաքսատուրքի կիրառման արտոնությունից՝ մանրամասները հղումով։ Նորվեգիայի կողմից GSP-ի շրջանակներում գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։ Տեքստիլ արտադրանքի համար միջին մաքսատուրքի դրույքաչափը տատանվում է 5-15%։ Նորվեգիայի GSP ցանկում կան նաև որոշ ապրանքների մասով բացառություններ՝ մանրամասները հղումով։ Շվեյցարիայի կողմից տրամադրվող GSP տարածվում է գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների վրա և մի շարք գյուղատնտեսության ապրանքների։ Որոշ արդյունաբերական արտադրանք Հայաստանից Շվեյցարիա արտահանվում է առանց մաքսատուրքի դրույքաչափի կիրառման, բացառությամբ տեքստիլ արտադրանքի և հագուստի, որոնց համար գործում է արտոնյալ զեղչ՝ սովորական դրույքաչափի 50%-ի չափով, որոշ այլ ապրանքների համար տրվում է որոշակի արտոնյալ զեղչ՝ մանրամասները հղումով: ԱՄՆ-ի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկում ներառվում են մի շարք քիմիական նյութեր, հանքանյութեր, ոսկերչական արտադրանք, գորգերի որոշ տեսակներ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ և ձկնամթերք՝ մանրամասները հղում 1,  հղում 2։ Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմ նաև Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ազատ առևտրի ռեժիմից հանումներ չի կիրառում, միաժամանակ Ազատ առևտրի համաձայնագրի մասնակից պետությունները հայկական ապրանքների նկատմամբ չեն կիրառում որևէ հանում:
17:11 - 11 նոյեմբերի, 2021
ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան 30 տարի տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար. ԵՄ |hetq.am|

ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան 30 տարի տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար. ԵՄ |hetq.am|

hetq.am: Եվրամիության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել Արցախյան 2020 թվականի պատերազմի հրադադարի մեկ ամյակի կապակցությամբ։ «Այս շաբաթ լրանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում ռազմական գործողությունների դադարեցման առաջին տարին։ ԵՄ-ն ցավում է այս ռազմական գործողությունների ընթացքում հասցված մարդկային կորուստների համար և իր զորակցությունն է հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Թեև ռազմական գործողությունները դադարել են, շատ առկախված հարցեր դեռևս լուծման կարիք ունեն՝ ուղի հարթելու դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում։ Մենք, մասնավորապես, կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել մյուս բոլոր գերիներին, լիակատար համագործակցել ականազերծման հարցում և թուլացնել լարվածությունը սահմանային շրջաններում։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկասի խթանմանը և ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինության ու հետպատերազմական վերականգնման գործընթացներում: Մենք կարևոր դերակատարում ենք ստանձնել գերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում։ ԵՄ-ն նաև աջակցել է հակամարտության ազդակիր բնակչությանը՝ տրամադրելով ավելի քան 17 մլն եվրո մարդասիրական օգնություն, ներառյալ ականազերծման և վաղ վերականգնման նպատակով: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել սահմանների դեէսկալացիային և սահմանազատմանը` տրամադրելով տեխնիկական աջակցություն, ըստ կողմերի անհրաժեշտության, և խրախուսում է փոխկապակցվածությունն ու տնտեսական համագործակցության վերաբացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ապագային ընդառաջ՝ համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար։ Այս նպատակին հետամուտ՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվ կապի մեջ մնալ համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիովին աջակցում է նրանց՝ իրականացնելու իրենց մանդատը` աշխատանք տանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ»,- ասված է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:
14:03 - 11 նոյեմբերի, 2021
ԱԳՆ-ն աշխատում է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով |armenpress.am|

ԱԳՆ-ն աշխատում է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թիրախավորված աշխատանքներ է տանում՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով: Այս մասին վստահեցրեց ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Նա նախ վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ նա վստահեցրեց. «Այս հարցով ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ և ԵՄ կառույցների, և ԵՄ անդամ երկրների հետ: Իհարկե, կորոնավիրուսը չի նպաստում այդ մեկնարկի պայմանավորվածությունների վերջնականացմանը: Կարծում եմ, մենք նույնպես որոշակի «տնային աշխատանք» ունենք այս հարցում՝ առավելագույնս շուտ ժամկետներով մեկնարկը ապահովելու համար»:
15:06 - 04 նոյեմբերի, 2021
Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

hetq.am: Հայ գիտնականները կօգտվեն Եվրոպական միության երկրների գիտական ենթակառուցվածքներից, Եվրամիությունը կֆինանսավորի նրանց հետազոտական թեմաները։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջար­կությանը: Ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Անդամության ամենամյա վճարը կկատարվի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է, 3-րդ տարվանից, կախված ակտիվությունից, անդամավճարը կարող է վերանայվել։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:31 - 04 նոյեմբերի, 2021
ԵՄ-ն 1 մլրդ եվրո կհատկացնի գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար |armenpress.am|

ԵՄ-ն 1 մլրդ եվրո կհատկացնի գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը 1 մլրդ եվրո կներդնի կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի համար նորարարական տեխնոլոգիաների մշակման գործում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին, որի ժամանակ նա ներկայացրել է կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների վերաբերյալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Նա նաեւ նշել է, որ մինչեւ 2030-ը Եվրամիությունը մտադիր է զրոյացնել Եվրոպայի առնվազն 100 քաղաքներում ածխածնային արտանետումները: «Ես ուրախ եմ հայտնել, որ ԵՄ-ն այս նախաձեռնության մեջ 1 մլրդ եվրո կներդնի»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ այս նախաձեռնությունն ուղղված կլինի այն տեխնոլոգիաների մշակման մեջ մասնավոր ներդրումների առավել լայն ներգրավմանը, որոնք կնպաստեն գլոբալ տաքացման դեմ պայքարին: «ԵՄ-ն նպատակամղված է կոնկրետ արդյունքների։ Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը կլիմայական չեզոքություն ապահովել Եվրոպայի առնվազն 100 քաղաքներում», - հավելել է ֆոն դեր Լյայենը։ Նա ընդգծել է, որ այս նախագիծն իրականացվելու է «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) նորարարությունների աջակցության եվրոպական ծրագրի շրջանակներում:
21:36 - 02 նոյեմբերի, 2021